Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Օգոստոս 2011, N 8

ՕԳՈՍՏՈՍԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2011-ի օգոստոսն աչքի ընկավ նրանով, որ Հայաստանի համար հազվադեպորեն հանգիստ ամիս էր։ Եթե աշխարհում նշանային իրադարձություններ տեղի ունեցան (ասենք, արևմտյան հանրության «տրիումֆալ հաղթանակը» գնդապետ Քադաֆիի հանդեպ և Լիբիայում ժողովրդավարության վերջնական հաստատումը)՝ ուրախացնելով արևմտյան լիդերներին, ապա մենք առանձնակի ձեռքբերումներով և ձախողումներով պարծենալ չենք կարող։

Ամսվա առաջին տասնօրյակը նախագահ Սարգսյանն անցկացրեց արտասահմանում։ Օգոստոսի 1-ին Պրահայից ուրախալի լուր ստացվեց այն մասին, որ հայ ձյուդոիստ Անդրանիկ Չափարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական գավաթի հաղթող։ Իսկ օգոստոսի 2-ին Երևանում տերպետրոսյանական ՀԱԿ-ը հերթական հանրահավաքն անցկացրեց։ Խոսում էին միևնույն բանի մասին, տարբերությունը միայն ունկնդիրների թվի մեջ էր. յուրաքանչյուր հանրահավաքի հետ նրանք ավելի ու ավելի սակավաթիվ են դառնում։ Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը, օգտվելով պետության ղեկավարի բացակայությունից, իրեն գերագույն գլխավոր հրամանատար երևակայեց, մեկնեց Ղարաբաղ և տանկի ղեկին նստեց ուղիղ հակառակորդի հետ շփման գծում։ Տանկի բախտն ավելի բերեց, քան ՀՀ տնտեսությանը, քանի որ վարչապետը չկործանեց այն, ինչպես դա մի անգամ պատահել էր տրակտոր վարելիս, գյուղտնտտեխնիկայի ցուցահանդեսի ժամանակ (վարչապետը տրակտորով բախվել էր պատին)։ Գլխավորն այն է, որ հակառակորդը տեսավ, որ հայկական կառավարության ղեկավարը կարողանում է ոչ միայն տիեզերական նախագծեր հորինել և չիրագործել դրանք, այլև տանկ քշել, ինչը, համաձայնենք, աշխարհի բոլոր վարչապետերը չէ, որ ի զորու են անել։

Տանկ վարելուց բացի, վարչապետը զբաղվել է նաև կուսակցական գործերով և ՀՀԿ-ի շարքերն է ընդունել բոլոր նրանց, ովքեր չեն ալարել։ Այսպես, օգոստոսի 6-ին Մասիսում մեկ օրվա մեջ նա հանրապետական դարձրեց 100 մասիսցու։ Նոր հանրապետականները, հավանաբար, գոհ մնացին կուստոմսերից. համենայնդեպս, նրանք ասացին, որ կհամախմբվեն հանրապետության նախագահի շուրջ և միասին ուժեղ Հայաստան կկառուցեն։

Արձակուրդի ավարտին, Կիպրոսում, նախագահ Սարգսյանը մասնակցեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմի հետ հանդիպման արարողությանը, որն ավարտել էր շուրջերկրյա ճանապարհորդությունը, ճանապարհորդություն, որը, համընդհանուր կարծիքով, ապագա լեգենդներին արժանի իրադարձություն էր։ Ավելի ուշ անձնակազմին՝ Զորի Բալայանի գլխավորությամբ, հանդիսավորությամբ դիմավորեցին Երևանում, ընդունեցին բարձր ատյաններում. մի խոսքով՝ մեծարեցին և արժանին մատուցեցին։

Օգոստոսին տեղի ունեցան նաև սովորական այլ իրադարձություններ. Միացյալ Թագավորությունը փոխեց դեսպանին, ավելի ճիշտ՝ դեսպաններին, քանի որ բրիտանական թագն այսուհետ Հայաստանում ներկայացնելու է ոչ թե մեկ, այլ միանգամից երկու դեսպան. Ջոնաթան Էյվզ և Քեթրին Լիչ ամուսնական զույգը 2012թ. հունվարից փոխ առ փոխ կատարելու է դեսպանի պարտականությունները՝ յուրաքանչյուր չորս ամիսը մեկ փոխարինելով մեկը մյուսին; Իսկ նախագահ Սարգսյանը Հրաչյա Աղաջանյանին նշանակել է Դանիայում ՀՀ դեսպան։

Երկրի կուսակցական կյանքում նույնպես առանձնակի որևէ բան տեղի չի ունեցել, եթե նշելու չլինենք այն, որ ՀՀՇ նախկին առաջնորդ և նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը լքեց ՀՀՇ-ն և մտավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն։ Իսկ Հարություն Առաքելյանը հեղաշրջում կազմակերպեց ռամկավարների կուսակցությունում. պաշտոնանկ արեց ատենապետ Էդուարդ Անտինյանին և գրավեց նրա աթոռը։ Ավելի ուշ Անտինյանը նամակ գրեց արդարադատության նախարարություն և սպառնաց հաշվեհարդար տեսնել, ասաց, որ իր պաշտոնանկությունն անօրինական է և այլն, և այլն։ Բայց պրն Առաքելյանին պաշտպանեց ռամկավարների առաջնորդ Մայք Խարապյանը, և այս գործին վերջակետ դրվեց։

Բայց օգոստոսի գլխավոր ներքաղաքական իրադարձությունը կոալիցիա-ՀԱԿ այսպես կոչված «երկխոսությունն» է։ Հիշեցնենք, որ այդ երկխոսությունը մեկնարկել է հուլիսի 26-ին, այնուհետև լուծվել են մի շարք ընթացակարգային հարցեր, պայմանավորվել են շաբաթը երկու անգամ հանդիպելու մասին։ Հետո սկսվեցին քննարկումները չքննարկվող հարցերի շուրջ. ՀԱԿ-ը պահանջում է նախագահի անհապաղ հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, կոալիցիան ասում է, որ դա անհնար է։ Փակուղուց իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներին դուրս բերեց երիտասարդ խուլիգան և ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որը ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ ջարդեց նրանցից մեկի քիթը։ Ինչպես իրավական բոլոր պետություններում, խուլիգանին բռնեցին, իսկ հետո ձերբակալեցին դատական կարգով։ Դեմոկրատական ՀԱԿ-ի համար սեփական խուլիգանի դեմ ոտնձգությունը մարտահրավեր էր, որը կոնգրեսի ներկայացուցիչներն արժանապատվորեն ընդունեցին. նրանք դադարեցրին երկխոսությունն իշխանության հետ և խոստացան այդ առկախ իրավիճակը պահպանել այնքան ժամանակ, հակառակ ամերիկյան դեսպանի հրահանգներին, քանի դեռ իշխանությունը ազատ չի արձակի խուլիգան Առաքելյանին։ Իսկ իշխանությունը չի պատրաստվում բաց թողնել խուլիգանին՝ դա բացատրելով նրանով, որ միայն դատարանն իրավունք ունի որոշել՝ ով պետք է լինի ազատության մեջ, իսկ դատական իշխանությունը երկրում բացարձակ անկա՛խ է։

Ընդհանրապես, անիմաստ քաղաքական մտահղացումների և միջոցառումների շարքում Հայաստանն աշխարհում իրեն հավասարը չունի։ Եթե վերցնենք այդ նույն կոալիցիա-կոնգրես երկխոսությունը, ապա հազիվ թե համաշխարհային պրակտիկայում գտնենք այդքան անբնական միջոցառում՝ ուղղված ընդամենը արտաքին էֆեկտին, զուրկ որևէ ՕԳԳ-ից։ Մի խոսքով՝ երկխոսությունը նախկինի պես կախված է օդում, տեսնենք, թե ինչպես կդասավորվի դրա ճակատագիրը սեպտեմբերին։

Ամսվա վերջին տեղի ունեցավ աղմկալի իրադարձություն. ստորադասի «նավոդկայով» ձերբակալվել է ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը։ Նրան մեղադրում են առանձնակի չափերի հասնող բենզինի և այլ բարիքների գողության մեջ։ Չարժե ուրախանալ Օհանյանի կալանմամբ, մանավանդ որ դա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք չէ։ Բանն այն է, որ գնդապետ Օհանյանը տարիներ շարունակ առանձնակի չափերի հասնող բենզին և այլ միջոցներ է գողացել, և ոչ ոքի մտքով չի անցել փակել նրան։ Քանի դեռ չեն փչացել նրա անձնական հարաբերությունները ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։ Ասում են՝ Սարգսյանը պարբերաբար նախագահի սեղանին էր դնում Օհանյանին վարկաբեկող նյութեր, իսկ վերջինը, իր հերթին, իր կանալներով պետության ղեկավարին դժգոհել է բոսից, մինչև որ փորձանքի եկավ. նախագահը բռունցքը խփել է սեղանին և հրամայել պարզել՝ ով ով է։ Պարզեցին և բացահայտեցին, որ մեղավոր է Օհանյանը, իսկ Սարգսյանն անմեղ է։ Ուստի այսօր նրանցից մեկին տեսնում ենք ազատության մեջ, իսկ մյուսին՝ ճաղերի հետևում։

Ի դեպ, սա բարձրաստիճան ոստիկանի ձերբակալության և դատական կարգով քննության երկրորդ դեպքն է, միայն թե ցավալի է, որ նրանցից ոչ մեկը կոռուպցիայի դեմ իսկական (այլ ոչ թե դեկլարատիվ) պայքարի հետևանք չէ։

Առջևում շոգ աշունն է, հատկապես չինովնիկների և ոստիկանների համար։ Ալիկ Սարգսյանը բոլորին հավաստիացրել է, որ նրանցից ոչ ոք այսուհետ պաշտպանված չէ (?!)։ Հետևաբար, նստեցնելու են բոլոր նրանց, ովքեր ժամանակին չեն հասկանա, թե ինչ է պահանջվում իրենցից։

Համառոտ՝ համարի բովանդակության մասին։

Համարը հիմնականում նվիրված է ներկա պահին Հայաստանի համար վճռորոշ երկու խնդրի՝ ղարաբաղյան կարգավորմանը և միգրացիային։ «Քաղաքականություն» խորագրում գրականագետ և հրապարակախոս Ստեփան Թոփչյանը (ԱՄՆ) «Ոչ 5, ոչ 6. խաղաղության դիմաց միայն խաղաղություն» հոդվածում գրում է ղարաբաղյան կարգավորման մասին։ Հոդվածը վառ, մի փոքր դաշնակամետ է ստացվել։ Հեղինակը կարծում է, որ ոչ Մադրիդյան սկզբունքները, ոչ ամբողջ բանակցային գործընթացը չեն համապատասխանում Հայաստանի շահերին։ Կարելի է նրա հետ համաձայնել այն հաշվով, որ տարածքները վերադարձնելը վտանգավոր է Հայաստանի համար, սակայն պետք է նաև հաշվի առնել, որ քաղաքականությունը միայն հնարավորի արվեստն է, ոչ ավելի, ոչ պակաս, ինչպես ասում էր Նապոլեոնը։ Մի խոսքով՝ Թոփչյանի ինքնատիպ նյութը միանգամայն հետաքրքիր կլինի ամենալայն քաղաքական հայացքներ ունեցող ընթերցողների համար։

Հրապարակախոս Ալեքսանդր Գարեգինյանը նույն խորագրի ներքո ներկայացրած «Նախագահ Սարգսյանի երկու սխալը» հոդվածում խորհրդածում է պլուտոկրատական պետության բնույթի մասին, հայկական և մերձավորարևելյան ռեժիմների համեմատական վերլուծություն անցկացնում։ Կարծում եմ՝ եզրակացությունները բավական ինքնատիպ են. համենայնդեպս, դեռ ոչ ոք չի փորձել հայ իրականությունը դիտարկել այս տեսանկյունից։ Մի խոսքով՝ նյութն արժանի է ուսումնասիրված լինել։

Տնտեսագետ Կարեն Սաֆարյանը «Տնտեսություն» խորագրում գրում է ՀՀ դրամավարկային քաղաքականության բացերի մասին։ Հոդվածն անվանված է «Առավել ճկուն դրամավարկային քաղաքականություն և տնտեսության վարկավորման գործընթացի խթանում. անհրաժեշտությո՞ւն, թե՞ ավելորդություն» և նվիրված է բիզնեսի համար վարկերի մատչելիության խնդրին ու այն խոչընդոտներին, որոնք ի հայտ են գալիս կենտրոնական բանկի մեղքով՝ տնտեսությունը փողով ապահովելու դժվարին գործընթացում։

ԱՄՆ-ից մեր մշտական հեղինակ Ռուբեն Վարդանյանն այս անգամ ուղարկել է միգրացիայի գլոբալ խնդրին նվիրված նյութ։ Հոդվածը զետեղվել է «Բանավեճեր» խորագրում և կոչվում է «Նվազման երկիր. վերադարձի հույս ունեցող տարագրի խորհրդածություններ»։ Ինչպես միշտ, Վարդանյանը գրում է գունեղ, իսկական ազատ հրապարակախոսության շնչով, այնպես որ՝ հոդվածը պետք է գրավի ընթերցողների ուշադրությունը։

«Մեջբերումներ դասականներից» խորագրում այս անգամ հրապարակում ենք հատվածներ ռուս ռազմական պատմաբան, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Վասիլի Պոտտոյի (1836-1911թթ.) «Ղարաբաղի առաջին կամավորները ռուսական տիրապետության հաստատման ժամանակաշրջանում» գրքից։ Չենք խախտի այս խորագրի նյութերը չմեկնաբանելու ավանդույթը, ասենք միայն, որ Պոտտոյի գիրքը եզակի պատմական փաստաթուղթ է, որը պետք է ի գիտություն ընդունեն հայ պաշտոնական գաղափարախոսներն ու դիվանագետները, ինչպես նաև պատմագիրները։ Հավելեմ, որ Պոտտոյի գրքի հատվածները հայերեն հրապարակվում են առաջին անգամ։

Վերջին ամիսներին REGNUM լրատվական գործակալությունում դաժան բանավեճ է վարվում հայամետ տրամադրված ռուս պատմաբանների ու քաղաքագետների և նրանց ադրբեջանցի գործընկերների միջև։ Հասկանալի է, հաղթանակն այս բանավեճում մեր կողմում է, և դա կրկնակի ուրախալի է, քանի որ ռուսաստանյան պատմաբանները (Տարասով, Կաշիրին) Ռուսաստանում իրենց ձեռքով մեր աշխատանքն են կատարում։ Ափսոս, որ նրանց հրապարակումներին և ընդդիմախոսների կարծիքներին չարձագանքեց հայ պատմաբան-քաղաքագետներից և ոչ մեկը, որոնք չափից ավելի խոսքառատ են Երևանում։ Բայց գլխավորը սա չէ։ Գլխավորն այն է, որ ճշմարտությունն ուժեղ է, և այն չի լռեցնի հզոր ոչ մի պրոպագանդա, որքան բարձր ամբիոնից էլ որ հնչի։ Այս անգամ «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում հրապարակում ենք Վասիլի Կաշիրինի հոդվածը, որը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում։ Այն անվանվում է «Ինչպե՞ս և ինչո՞ւ է սպանվել Ղարաբաղի խանության կառավարիչ Իբրահիմ Խալիլ խան Ջևանշիրը» և բացահայտում է հետաքրքիր, անվիճելի պատմական փաստեր, որոնց հետ ոչ մի կերպ չեն հաշտվում հարևան պետությունում։ Զարմանալի է, որ Հայաստանում REGNUM ամեն օր կարդում է մոտ 50.000 մարդ, բայց առայսօր տեղի ԶԼՄ-ները չեն արձագանքել այս նյութին։

«Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում տեղ է գտել նաև Գրիգոր Աղանյանի «Մոսկվան արցունքներին չի հավատում, բայց Սաակաշվիլու «զոհերին» իր գիրկն է հրավիրում» նյութը, որը լայն արձագանքի է արժանացել nationalidea.am պորտալի էջերից։ Հրապարակում ենք նաև Արտաշես Գեղամյանի «Ռուսաստանի մասնատման ռազմավարությունն արդեն թեժ փուլ է մտել» հոդվածը՝ վերջերս տպագրված REGNUM-ում։ Ըստ էության, դա «Ռուսաստանի մասնատման ռազմավարությունը մտնում է թեժ փո՞ւլ» հոդվածի շարունակությունն է՝ տեղ գտած REGNUM-ում և «Ազգային գաղափարում» մի քանի ամիս առաջ, որում հեղինակը տրամաբանական ավարտին է հասցնում ավելի վաղ հնչեցրած գաղափարները։

Ցանկանում ենք հաճելի ժամանց «Ազգային գաղափարի» նոր համարի հետ միասին։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am