Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Օգոստոս 2011, N 8

ՈՉ 5, ՈՉ 6, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Ստեփան Թոփչյան, գրականագետ, հրապարակախոս (ԱՄՆ)

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄՏԱՀՈՐԻԶՈՆԸ

ՀԱԿ-լևոնական սոցիոլոգ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը վերջերս հայտնագործեց, որ «Ղարաբաղը շատ էական դեր է խաղում մեր բոլոր քայլերի մեջ։ Սակայն անգամ Ղարաբաղի համար մենք չենք կարող զոհաբերել ժողովրդավարությունը։ Ես գտնում եմ, որ եկել է պատասխանատու իշխանության և պատասխանատու ընդդիմության ժամանակը։ Զարգացումները մեզ մոտեցրել են Հայաստանի ժողովրդավարության ընտրության շեմին, այլ ճանապարհ չկա, դա է Հայաստանի ճակատագիրը։ Ամենամեծ արժեքը այսօր հայ մարդու երջանկությունն է»1։ Այս նեոբոլշևիկյան սոփեստաբանությունը սովորական, ոչ փիլիսոփա, առավել ևս ոչ դոկտոր մարդու պարզ լեզվի թարգմանվում է այսպես. եթե պատասխանատու իշխանություն և ընդդիմություն եք, պարտավոր եք զոհաբերել Ղարաբաղը, չզոհաբերեք, չեք ստանա ժողովրդավարություն, չստանաք ժողովրդավարություն, չեք ստանա հայ մարդու երջանկություն։ Ուստի, քանի որ Ղարաբաղը հակացուցված է ժողովրդավարություն-երջանկությանը, ապա այդ «չարաբաստիկ» նվերն ընդունելուց հետո, Ադրբեջանը կկորցնի ժողովրդավարություն ստանալու հնարավորությունը և թուրք-ադրբեջանցիները «կդժբախտանան» (ասում ենք «ստանալու», քանզի այդ ապրանքը ներմուծվում է դրսից այլևայլ միջոցներով ու ձևերով` աղանդներից մինչև հայ-թուրքական հավերժ բարեկամություն սահմանի բացումով, հարկավ` Ղարաբաղը և Սյունիքն «օրինական» տիրոջը հանձնելուց, ի վերջո, Հայաստանը վերացնելուց, ժողովրդին կոտորելուց և գաղթեցնելուց հետո...)։ Եվ այսպիսով, երջանկացած հայ մարդը ղարաբաղյան հակամարտությունից դուրս կգա «հաղթանակած», իսկ Ադրբեջանը` «պարտված»։ Իհարկե, միայն Հայաստանի մասով նույնպիսի կարծիքի է և մի ուրիշ փիլիսոփայության դոկտոր,պրոֆեսոր` իր կարողությունների համեմատ բավական համեստ Թուրքիայի արտգործնախարարի աթոռը գրավող Ահմեդ Դավութօղլուն։ Նրա տեսակետները Ղարաբաղի հանձնման, սահմանի բացման, հայ ժողովրդի երջանկության մասին հայտնի են։ Հիշենք միայն նրա փիլիսոփայող մտքի ևս մի բացառիկ հայտնագործությունը։ 2010-ի սեպտեմբերի 28-ին Հարվարդի համալսարանում նա հայտարարեց. «Այս երկու ազգերը գոյակցել սկսել են 4-րդ դարից ի վեր։ Այս երկու ազգերի միջև ցեղային խտրականություն... որևէ թրքական քաղաքում հայկական գետոներ չեք կարող տեսնել»2։ Հայկական գետոներ այնտեղ, իրոք, դժվար է տեսնել, քանզի թուրք-ադրբեջանցիների իրագործած հայերի անխտրական ցեղասպանությունները բացառեցին դրա հնարավորությունը։ Իսկ թե 4-րդ դարում որտեղ էին թուրքերը և ինչպես կարող էին հայտնվել հայերի կողքին, որոշեք ինքներդ։ Թուրք-ադրբեջանցիների ցնցող հայտնագործություններն այնքան են հաճախացել, որ թվարկելն անգամ անհնար է։ Պատմության տիեզերականորեն բացառիկ ըմբռնումը Գինեսի ռեկորդների կարժանացներ նրանց աշխարհի հոգեբուժարանների ուժեղագույն մտագարների հետ մրցությունում։ Սա` ինքնին։ Բայց որ դոկտոր, պրոֆեսոր փիլիսոփաները, անկախ ազգային պատկանելությունից, բաժանվում են երկու տեսակի` թրքամոլ և սովորական, գոնե ինձ համար նորություն է։ Տվյալ դեպքում` առաջին տեսակի տիկին փիլիսոփան ընդհանրապես հետաքրքիր երևույթ է եղել և մնում. հիշենք ընդամենը մի դիպված նրա անհանգիստ կենսագրությունից. ԽԱՀՄ Գերագույն խորհրդի ամբիոնից Ռաիսա Գորբաչովային նվիրած քծնաներբողյանը։ Իսկ հիմա բուն առաջամարտիկ-հայտնագործողին չնեղացնելու համար ստիպված ենք ճշտել. տիկին փիլիսոփան, այնուամենայնիվ, Ղարաբաղը հանձնել-երջանիկ լինելու գաղափարի հեղինակը չէ։ Մի ուրիշ դոկտոր է սկզբից ցայսօր շարունակաբար այդ նույն բայաթին կլկլացնում. Սերգոնե՛ր ջան, Ղարաբաղի հարցը չլուծվի (ավելի ուղիղ` չհանձնենք), լավ չենք ապրի։ Նա, մեղմ ասած, իր հիվանդ գաղափարները թութակի պես կրկնող դոկտոր և ոչ դոկտորներով, ազգի դեմ ատելավառ իր հետևորդներով, իր տխմարացած, զոմբիացած ամբոխով, դժբախտաբար, բնավ էլ բացառություն չէ հայոց պատմության մեջ։ Բավական է նայել Հայաստանի պատմական ու այսօրվա քարտեզներին` համոզվելու, որ ազգակործան դավաճանների պակասություն հայ ազգը չի ունեցել։ Դարեդար կրճատված մեր երկիրը, նորից ահռելի զոհաբերություններով ու պայքարով, երբ փոքր-ինչ սկսեց վերականգնել կորցրածը, արցախյան ազատագրական պայքարի սկզբից իսկ Հայաստանում թուրք-ադրբեջանցիների մշտական ներկայացուցիչ «սերգոնե՜ր ջան» բայաթիի այս մոլագար հեղինակն իր զինակիցներով, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով անցավ հայրենիքի կազմաքանդման (իր սիրած բառն է) գործին։ Բազում անգամներ փաստվեց սրանց դավաճանական գործունեությունը. գրեթե անհետևանք։ Խելակորույս ամբոխն իրենց հետևը գցած` նրանք աննահանջ պայքարում են իշխանություն նվաճելու և Ղարաբաղը հանձնել-ժողովրդավար «երջանկություն» ստանալու մոլուցքով։ Դժբախտությունն այն չէ, որ հիվանդ, առավել ևս` թրքամոլ «դոկտորական» ուղեղներում ինչ ոճրագործ սոփեստաբանություն ասես չի ծնվի։

Դժբախտությունն այն է, որ հետևորդ-մոլագարների պակաս չկա վերոնշյալ «հայ մարդ» համարվողների մեջ։

Սերժ Սարգսյանի հայ-թուրքական հարաբերությունների` «ֆուտբոլային» կոչեցյալ հյուծախտավոր քաղաքականությունը «Մոսկովսկիե նովոստի» (23 հունիս) պարբերականին տված հարցազրույցում ԼՏՊ-ն միանգամայն դրական գնահատեց. «Ամեն ինչն էլ նա ճիշտ է արել, այս թեման պետք է միշտ օրակարգում ունենալ, քանի որ առանց հայ-թուրքական հարաբերությունների, առանց հայ-թուրքական սահմանի բացման, զարգացման հեռանկարներ չկան Հայաստանի համար»։ Միաժամանակ նշեց, որ ցեղասպանության հարցը «մեր ժամանակ չկար», ուստի ՄԱԿ ամբիոնից հարցը բարձրացնելը համարեց Ռոբերտ Քոչարյանի անզգույշ քայլը. Թուրքիան գնաց հակաառաջարկի` ստեղծել խնդիրն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով։ «Եվ Քոչարյանն ընկավ ծուղակը։ Քոչարյանը գնաց, Սերժ Սարգսյանը մնում է այդ ծուղակում։ Մեր դիրքորոշումը Սերժ Սարգսյանի հետ... որ անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ, լիովին համընկնում են, բացի այդ խնդրից։ Նրանք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման կետ մուծեցին արձանագրություն։ Մենք վճռականորեն դեմ ենք այդ կետին... կասկածի տակ է դրվում ցեղասպանության փաստը»։ Հիանալի։

Չմանրամասնենք, թե ինչու չէր կարելի ՄԱԿ ամբիոնից բարձրացնել ցեղասպանության հարցը և բնավ չընկնել «ծուղակը», պարզապես չընդունելով հանձնաժողովի ստեղծման գաղափարը։ Կարելի էր։ Իսկ թեկուզ ձևականորեն, ԼՏՊ-ն դեմ չէ՞ արձանագրությունների` տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ու փոխադարձ ճանաչման (այն էլ իբր «սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով») կետերին։ Ուրեմն ընդունո՞ւմ է Մոսկվայի և Կարսի 1921-ի անօրինական պայմանագրերը, հայ-թուրքական ներկա սահմանը և Ադրբեջանի «ամբողջականությունը»` Արցախով հանդերձ։

Հանուն ինչի՞։ Թերևս, պատճառը հետևյալն է. մինչև 1992 թվականը, իբր, ամեն ինչ նորմալ է ընթացել Թուրքիայի հետ։ Անգամ պատրաստ էր պայմանագրի նախագիծը, մնում էր մեկ-երկու հարց պարզել. «...Քելբաջարի շրջանում սկսվեցին կռիվները, և թուրքերը պարզապես կասեցրին այդ պրոցեսը` ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության... և փակեցին սահմանը։ Ալգորիթմն այժմ հետևյալն է։ Գուցե մեզ դուր չի գալիս, սակայն փաստ է. թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, մինչև չլուծվի ղարաբաղյան հարցը։ Լուծեք ղարաբաղյան հարցը. հաջորդ օրը Թուրքիայի հետ սահմանները կբացվեն։ Այլ հարցեր գոյություն չունեն»։ Այս` որքան պրիմիտիվ, անհամեմատ ավելի վտանգավոր «ալգորիթմը» Հայաստանի կործանման լևոնական ծրագրի առաջին վճռական քայլերից է։ Ի՞նչ լուծման մասին է խոսքը։ Ա՞յն, որ առաջարկել է 1992-ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում. «Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն։ Ահա սա է մեր դիրքորոշումը»։ Նման բան փորձեր պնդել մի ուրիշը` կբզկտեին, բայց նրան ոչ միայն ամեն ինչ կարելի է, այլև նրա ամենահրեշավոր «գաղափարներն» անգամ շարունակում են մատուցվել որպես միակ ճշմարիտը։ Անկախ դրանից, այն ժամանակ ի պաշտոնե Զինված ուժերի գլխավոր հրամանատար ԼՏՊ-ն, սրանով փաստում է, որ ինչպես հարկն է տեղյակ չի եղել Քելբաջարում սկսված կռիվներից. տեղյակ լիներ, կկասեցներ հանուն թուրքերի հետ պայմանագրի կնքման և սահմանի բացման։ Նա, ըստ էության, տեղյակ չի եղել և Շուշին ազատագրելու պլանից։ Կտրականապես մերժելով ԼՏՊ-ի «ալգորիթմը»` լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը շեշտեց. «...քաղաքական գործիչները բանակի հաղթանակների համար միայն պրոբլեմներ են ստեղծում... Մենք Շուշին գրեթե գաղտնի ազատագրեցինք առաջին նախագահից։ Շուշին ազատագրվել է մայիսի 9-ին, իսկ հունիսին Ղարաբաղում ՀՀՇ և ՀՀԴ կուսակցությունների ներկայացուցիչները քիչ էր մնում կրակեին իրար վրա։ Ստիպված ես միջամտեցի և բառացիորեն նրանց բաժանեցի մեկը մյուսից։ Թեև երկրի այդ ժամանակվա ղեկավարությունը ինձ չներեց ոչ իրենց միջկուսակցական գժտությանը իմ «խաղաղապահ» առաքելության և ոչ էլ Շուշիի ազատագրման համար, և ես շուտով հետ կանչվեցի Երևան, ինձ առաջարկվեց գրասենյակային աշխատանք, հեռու ռազմի դաշտից։ Շուտով նաև թոշակի անցա»3։

 

ԴՈԿՏՈՐՆԵՐԻ (ԿԱՍԿԱԾԵԼԻ) ՄՏԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

«Մոսկովսկիե նովոստի»-ի աշխատակցի «Կա Հայաստանին Միությունից մնացած երկու հսկայական խնդիր։ ԽՍՀՄ-ը սահմանային պայմանագրեր ստորագրեց Թուրքիայի հետ։ Եվ ԽՍՀՄ-ը տարածքը բաժանեց այնպես, որ Նախիջևան և Լեռնային Ղարաբաղ ստացվեց։ Ի՞նչ վիճակում են այդ ժառանգության գործերը և ի՞նչ կարելի է անել» ճշմարտացի, հայանպաստ պատասխան հուշող հարցին ԼՏՊ-ն հակադարձում է իրեն հատուկ դիրքերից. «նախ անգլիացիներն են գծել Անդրկովկասյան պետությունների սահմանները, Հայաստանի տարածքն այն ժամանակ 55 հազար քառ. կմ էր։ Ղարաբաղն այն ժամանակ Հայաստանի կազմում չէր։ Նախիջևանը ընդգրկված էր ձևականորեն, բայց Հայաստանն այն փաստորեն չէր վերահսկում։ Գումարած` Հայաստանում ընդգրկված էին Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Ահա ամբողջը» (ասես թե կիսահեգնաբար ասված այդ «ամբողջը» Արարատ լեռով, առանձնապես մի բան չէ)։ «Սովետական Միությունը վերագծեց այդ սահմանները, ու նույնպես, իմ կարծիքով սխալ...» (ճիշտ կողքից, իմիջիայլոց խոսողի և ոչ թե ՀՀ առաջի՜ն նախագահի շպրտած ֆրազ` «իմ կարծիքով սխալ»)։ «1920-ի օգոստոսն էր. օգոստոսի 10-ին ընդունվեց Սևրի դաշնագիրը Արևմտահայաստանի մասին։ Մի շաբաթ հետո թուրքական պատվիրակությունը ժամանեց Մոսկվա, և անմիջապես այնտեղ թռավ նաև հայկական պատվիրակությունը, որպեսզի գոնե հասկանա` ինչ է այնտեղ կատարվում» (նախ, Սևրի դաշնագիրը միայն Արևմտահայաստանին չէր վերաբերում, հռչակում էր Միացյալ, Անկախ, Ազատ Հայաստանը, ապա, ԼՏՊ-ն բարեհաճի ծանոթանալ պատմական փաստանյութին, հուսանք` կհամոզվի, որ հայկական պատվիրակությունը «գոնե հասկանալու» խնդիր չուներ, անխուսափելիորեն քաջատեղյակ էր, ավելին, ողջ ժողովրդի հետ իրադրության հորձապտույտն ընկած` ուղղակիորեն կրում էր դրա ծանր ու դաժան հետևանքները)։ «Բայց թուրքերը,- շարունակում է նա,- հավանորեն, ավելի հմուտ դիվանագետներ էին և կարողացան սեպարատ բանակցություններից հետո ինչ-որ ներքին համաձայնություններ կնքել... հայկական պատվիրակությանը պարզապես տշեցին... թուրքերը սեպտեմբերի 10-ին պատերազմ սկսեցին, զավթեցին բոլոր այդ տարածքները, մտան նույնիսկ Գյումրի։ Դաշնակցական կառավարությունն ընկավ, իշխանության եկան բոլշևիկները։ Բոլշևիկներն այնպես արեցին, որ դաշնակցական կառավարությունը դեկտեմբերի 2-ին Թուրքիայի հետ ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը այն սահմանների ճանաչման մասին, որոնք այսօր գոյություն ունեն։ Առաջին պայմանագիրն այդ սահմանների մասին ստորագրեցին դաշնակները, բոլշևիկները շատ խելացի վարվեցին։ Դրանից հետո, 1921-ի մարտին, Թուրքիայի հետ Մոսկովյան պայմանագիրն էր, որը հաստատեց այդ սահմանները։ Ապա հոկտեմբերին` Կարսի պայմանագիրը Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հետ։ Երեք պայմանագիր է եղել։ Այդպես են ճանաչվել սահմանները։ Իսկ Ղարաբաղում կամայականություն է եղել... հարցը որոշել է հինգ հոգանոց բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոն։ Դրանում ընդգրկված էին Կիրովը և Ստալինը։ Բյուրոն առաջին անգամ քվեարկեց Հայաստանի օգտին։ Այդտեղ միջամտեց Ստալինը և մի գիշերվա ընթացքում շուռ տվեց այդ քվեարկությունը»։ Լենին-ստալինյան «սիրախաղը թուրքերի հետ» ԼՏՊ-ն պատճառաբանում է Ռուսաստանից Արևմուտքի հրաժարումով և ուրիշ դաշնակիցներ որոնելու անհրաժեշտությամբ. «Բացվեց մուսուլմանական աշխարհի հեռանկարը, իդեալիստական սիրախաղ սկսվեց Արևելքի հետ։ Քեմալը դարձավ Ռուսաստանի դաշնակիցը Անտանտայի հետ պայքարում, իսկ Հայաստանը` այդ քաղաքականության զոհը»։

Ոչ թե «իդեալիստական», այլ արյունարբու գիշատիչների «սիրախաղ». այսօր ո՞ր նորմալ անձը կկասկածի, որ բոլշևիկների թրքամոլությունն ուղղված էր նախ իրենց երկրի շահերի դեմ, որ Կարսի, Սուրմալուի, Ղարաբաղի, Նախիջևանի հանձնումը թուրք-ադրբեջանցիներին ոչ միայն Հայաստանի ծանր կորուստն էր, այլև Ռուսաստանի։ Իրապես, այո, Ղարաբաղը հայատյաց Ստալինի ակտիվ միջամտությամբ հանձնվեց Ադրբեջանին, բայց նա Կովբյուրոյի կազմում չէր։ Իսկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվել է փաստորեն լիազորությունը վար դրած հայկական կառավարության պատվիրակության (դեկտեմբերի 2-ին Հայաստանում հաստատվել էր Հեղկոմի իշխանությունը) և միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն չունեցող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև։ Դաշնագրի պայմանով, ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում այն պետք է վավերացվեր։ Ինքնին անհնարին բան, ուստի պայմանագիրը ծնվել էր մեռած։ Երեկոյան ժամը 6-ին հայկական պատվիրակության ղեկավար Խատիսյանի հարցին Դրոն պատասխանել է. «Հեղափոխական կառավարության անունից հայտնում եմ ձեզ, որ դուք ազատ եք ստորագրել կամ ոչ... գործեցեք համաձայն ձեր հասկացողության։ Ես խոսում եմ ընկեր Սիլինի և իմ անունից» (Սիլինը Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչն էր)։ Մինչ այդ ՀՀ դեռևս գործող կառավարությունը խնդիրը քննարկել և որոշումն ընդունել էր, Դրոն գիտեր, որ ստորագրելը տվյալ իրադրությունում միակ ելքն էր. «դուք ազատ եք...» և այլն, և անուղղակիորեն հաստատում էր դրա անհրաժեշտությունը։ Միաժամանակ հստակ էր, որ հայկական պատվիրակության ստորագրել-չստորագրելն արդեն որևէ նշանակություն չուներ, բացի ամենակարևորից` թուրքական հարձակումը մի կերպ դադարեցնելուց։

 

ԴՈԿՏՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Ցարդ խորհրդային պատմագիտությունում Ալեքսանդրապոլի դաշնագիրը ներկայացվել է միակողմանի, աղավաղված։ Սիմոն Վրացյանը «Հայաստանի Հանրապետություն» հիմնարար աշխատությունում գրում է. «...եթե մերժեին դաշնագրի ստորագրությունը, թուրքերը Հայաստանի մնացած մասն էլ չէի՞ն կործանի։ Բոլշևիկները կկարողանայի՞ն ազդել թուրքերի վրա, ընդունակ կլինեի՞ն փրկելու երկիրը սպառնացող մահացու վտանգից... մերժեին Քյազիմ Կարաբեքիրի պահանջը, թուրք բանակը, ամենայն հավանականությամբ, առաջ պիտի շարժվեր և մինչև ռուս զորքերի հասնելը էջմիածինն ու Երևանն էլ պիտի գրավեր հարակից շրջաններով։ Հետագայում ռուսները կարող էին հեռացնել թուրքերին, բայց սրանք արդեն ավերն ու կոտորածը գործած կլինեին... Եթե բոլշևիկները, իրոք, այնքան ազդեցիկ էին թուրքերի առջև, նրանց համար դժվար չէր լինի մերժել «դաշնակների» ստորագրությունը և Հայաստանի համար ավելի նպաստավոր դաշնագիր կնքել... Կասկած չկա, որ հայ բոլշևիկներն էլ, Մոսկվայի ճնշումով, ստիպված պիտի լինեին ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, ինչպես մի տարի վերջը ստորագրեցին Կարսի ավելի խայտառակ դաշնագիրը... Ալեքսանդրապոլի դաշնագիրը պատմական, բայց անխուսափելի, դժբախտ անհրաժեշտություն էր»։ Ընդգծենք «Կարսի ավելի խայտառակ...» արտահայտությունը։ Բոլշևիկների «շատ խելացիությունը» սահմանափակվեց ընդամենը Ալեքսանդրապոլի դաշնագիրը կնքելուն չխանգարելով, ապա և վերածվեց ոճրագործության ընդդեմ հայ ժողովրդի։

ԼՏՊ-ն չգիտի՞, բոլշևիկները հանուն համաշխարհային («Արևելքի», ավելի ճիշտ` թուրքական) հեղափոխության ինչպես «կազմաքանդեցին» հայկական բանակը։ Չի՞ կարդացել 1920-ի սեպտեմբերի 20-ին Բաքվից Հայաստանի բոլշևիկների կուսկոմիտեի անդամների «Հույժ գաղտնի» (այժմ հանրահայտ) հրահանգը «հատկապես Կարսի գարնիզոնը մեկնող բոլշևիկներին... արագացնել Հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը», «Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով... կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին... հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրք զինվորների վրա, այլ, լքելով դիրքերը, վերադառնան թիկունք», ընդհուպ մինչև «Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց»։ Իսկ Բաքվի «Կոմունիստ» թերթի հոկտեմբերի 8-ի հայտարարությունում Հայաստանի կոմկուսի կենտկոմը, Ադրբեջանի արհեստակցական միությունների հետ, դարձյալ համաթրքական «ինտերնացիոնալիզմին» էր զոհաբերում Հայաստանը, քանի որ այն «դաշնակցակա՞ն» էր, թե՞ որոշել էր մաս առ մաս թուրքին հանձնել երկիրը հանուն «Արևելքի» հեղափոխության հաղթանակի. «Այն ժամանակ, երբ ամբողջ Արևելքը բռնված է ապստամբության բոցով, երբ Արևելքի ժողովուրդների համագումարը երդվեցնում է արևելյան ժողովուրդներին ոտքի կանգնելու Կոմունիստական Ինտերնացիոնալի դրոշակի տակ, միջազգային իմպերիալիզմի դեմ, վերջին վճռական կռիվը մղելու համար, այդ ժամանակ Հայաստանի սպիտակ ավազակային կառավարությունը, հրով ու սրով չափելով ամբողջ հեղափոխական Հայաստանը, քայքայելով բոլոր բանվորական արհեստակցական կազմակերպությունները, անգլո-ամերիկյան ինպերիալիստների հետ մի նոր Գողգոթա է պատրաստում Արևելքի հեղափոխական զանգվածներին... լայն զանգվածների աչքում սնանկացած, բայց ազգայնական պատերազմների փորձով հմուտ «Դաշնակցական» կուսակցությունը ժամանակավոր հաղթություն տանելով ապստամբ բանվորա-գյուղացիական զանգվածների վրա, բռնություններ գործ դնելով մահմեդական խաղաղ զանգվածների դեմ, այժմ հաշիվ է տեսնում Հայաստանի ապստամբված բանվորների և գյուղացիների և նրանց ղեկավարների` կոմունիստների դեմ։

Մա՛հ Հայաստանի բանվորների ու գյուղացիների վրա բռնություն կատարողներին։

Կեցցե՛ հեղափոխական Արևելքը։

Կեցցե՛ ինտերնացիոնալը»։

Ահա այս «շատ խելացի» բոլշևիկների նոր սերունդն իր անվիճելիորեն «խելացի» ԼՏՊ առաջնորդով, ժառանգական թույնով լցված դաշնակցության դեմ, առանց Ղարաբաղի հարցի լուծման (հանձնման)` «զարգացման հեռանկարներ չկան Հայաստանի համար», նույն ազգադավ ծրագիրն է առաջ քշում։ Ստիպված ենք կրկնել. Ղարաբաղի հարցի «լուծում» գոյություն չունի, քանզի Բաքուն պահանջում է ամբողջը, իսկ Հայաստանի և բնավ էլ ոչ «շատ խելացի» հայերիս համար հարցն առնվազն Արցախի Հանրապետության ներկա սահմաններում ու պայմաններում լուծված-վերջացած է։ Թուրքիան սահմանը չի բացի մինչև Ղարաբաղի վերջին թիզն իսկ չստանա ու հետագայում Զանգեզուրն էլ կուլ տալով չմիանա «փոքր» եղբորը։ Ուրեմն «լավ չե՞նք ապրելու, սերգոնե՜ր ջան»։ ԼՏՊ-ն` լևոնականներով, մի՞թե չի հասկանում պարզից պարզ այս իրավիճակը։ Չի ուզում հասկանալ, քանզի դա դուրս է նրանց կազմաքանդական ծրագրերից։

 

ԴՈԿՏՈՐՆԵՐԻ (ՊԱՏՄՈՒԹՅԱՆ) ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գուցե պատմաբան ԼՏՊ-ն ճշտի, թե Սևրի դաշնագրի ստորագրումից «մի շաբաթ հետո» Մոսկվա ինչ «գաղտնի» հայկական պատվիրակություն է «թռել»։ Հայտնի է, որ գնացքով մեկնած, Վլադիկավկազում, Ռոստովում օրեր սպասելով Մոսկվա հասած, Թուրքիայի ԱՄԺ, Բեքիր Սամիի գլխավորությամբ պատվիրակության ժամանելուց առաջ, ՀՀ պատվիրակությունը` Լևոն Շանթի գլխավորությամբ, այնտեղ էր։ Տարիներ անց Սիմոն Վրացյանին ուղղած նամակում նա գրում է. «Մոսկվա հասանք այն ժամանակվա հաղորդակցության միջոցներու հնարավոր արագությամբ։ Կարախանի հետ համաձայնության եկանք բոլոր կետերու վրա. դաշինքը չստորագրվեցավ, որովհետև Բաքվի հայ, վրացի և թաթար կոմունիստները բոլոր միջոցներով սկսան ճնշում բանեցնել Մոսկվայի վրա, պահանջելով, որ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը թուրքական հողեր են, անվիճելի թուրքական, և Հայաստանի հետ միացնելու խոսք անգամ լինել չի կրնար։ Մոսկվան 1-2 ամիս ժամանակ գործ դրավ Բաքվի ընկերներու հետ համաձայնության մը գալու և տեսնելով, որ անկարելի է, որոշեց բանակցությունները տեղափոխել Կովկաս, և ուղարկեց Լեգրանը Բաքու և անկե Երևան»։ Պարզ չէ՞, որ ի վերջո Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունն իր լենին-ստալինյան հանցախմբով ոչ թե իրենց թշնամի «դաշնակներին» պիտի ընդառաջեր, այլ հայ և մյուս բոլշևիկներին։ Ուստի, բնավ տեղին չէ խոսել թուրքերի հմուտ դիվանագիտության (որից առանց այդ էլ զուրկ չեն) և «դաշնակների» դիվանագիտական «անկարողության» մասին։ Հայաստանր բզկտած «շատ խելացի» բոլշևիկների թրքաինտերնացիոնալ իղձն իրականացավ, բարեբախտաբար, ոչ լիովին, նրանց խանգարեց Գարեգին Նժդեհը։

Հայաստանի առաջին Հանրապետության տարածքը ոչ թե ԼՏՊ-ի հիշած 55, այլ 58 հազար քառ. կմ էր (1919)։ Ադրբեջանը թվերը կեղծում է իր օգտին, օրինակ` աշխարհով մեկ սուգ ու շիվան բարձրացնելով, թե հայերը «զավթել» են իր տարածքների 20 տոկոսը։ Իսկ հայ քաղաքական նորագույն մտքի «ռահվիրա» ԼՏՊ-ն ՀՀ տարածքը կեղծում է ի վնաս Հայաստանի։ Ինչո՞ւ։ ժողովուրդր հհշականներին ճշտորեն նեոբոլշևիկներ անվանեց։ Երդվյալ հհշականներն ու նրանց այժմյան «այլափոխված» տեսակները` թիվ մեկ նեոբոլշևիկ ԼՏՊ-ի առաջնորդությամբ, հաճույքով աղավաղելով պատմական փաստերը, ինչպե՞ս կարող են չհիանալ իրենց նախահայր հայ բոլշևիկներով և չնշավակել Դաշնակցությանը, Զանգեզուրը թուրք-բոլշևիկյան ճիրաններից փրկած, «ռասիստ» Գարեգին Նժդեհին, կեղծիք չհամարել ազգային գաղափարախոսությունն ու պատմագիտությունը, որով (այսինքն` կեղծիքով), ինչպես տեսնում ենք, հաջողությամբ զբաղվում է ինքը` ԼՏՊ-ն։ Պատահաբա՞ր է նա նշում, որ «Նախիջևանը ընդգրկված էր ձևականորեն, բայց Հայաստանն այն փաստորեն չէր վերահսկում» (վկայելով, թե այն ժամանակ էլ, փաստորեն, Ադրբեջանի մաս էր, և վերջ), կամ Ղարաբաղը ՀՀ կազմում չէր` ավելորդ համարելով ավելացնել, որ Ադրբեջանի կազմում էլ չէր, ծանր կորուստներ տալով պահպանում էր անկախությունը։ Եվ «անփոխարինելի» քաղաքագետին ու դիվանագետին վայել, իր երկրի «օգտին» ճամարտակող ՀՀ առաջի՜ն նախագահը Առաջին Հանրապետության կառավարությանը մեղադրում է չեղած մեղքերի համար։ Թե ինչ դիվանագիտություն հնարավոր էր վարել ռուսական բոլշևիկների հետ հայ բոլշևիկների ազգադավ, ոճրագործ քաղաքականության պայմաններում, սատանան իսկ չգիտե։ Այն բոլշևիկների, որոնք իշխանության գալով` դրժեցին իրենց խոստումները. հայկական բանակի հրամկազմը չի ենթարկվում պատասխանատվության այն տարիների համար, որ եղել է բանակի շարքերում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը։ Դաշնակցության և ուրիշ սոցիալիստական կուսակցությունների (ս.հ., ս.դ) անդամները ոչ մի հալածանքի չպիտի ենթարկվեն։
1920-ի դեկտեմբերի վերջին արդեն Բաքու աքսորեցին 70 ընտիր զինվորական, 1921-ի հունվարի 10-ին Ռուսաստան աքսորեցին հայկական բանակի մնացած սպաներին` 1200 հոգի, որոնց մեջ էին գեներալ Նազարբեկյանը և այլ բարձրաստիճան զորահրամանատարներ, «Ձմռան անասելի ցրտին ու ձյունին, շրջապատված ռուսական հրացանավոր և գնդացրավոր պահակներով, հետիոտն, ժողովրդի ընդհանուր սուգի մեջ... քշվեցին անհայտ ուղղությամբ»4։ Ավելորդ է մանրամասնել, թե այդ օրերին և հետագա տարիներին Խորհրդային Հայաստանում ինչ հալածանքի «չենթարկվեցին» դաշնակցական գործիչներն ու համակիրները։ Կարելի էր ենթադրել, որ Հայաստանի վերստին անկախացումից հետո գոնե չհալածվեին։ Բայց ոչ։ Շարունակ ժողովրդավարությունից ճառող ԼՏՊ-ն, ՊԱԿ նախկին սպային վայել «վարպետությամբ» կասեցրեց Դաշնակցության գործունեությունը, վտարեց «մարուխյանական մաֆիային», բազմաթիվ շինծու մեղադրանքներով «Դրո» գործ սարքեց` վերջինիս անպատկառորեն վերագրելով անգամ իր «բարձր» հովանավորությամբ, Վանո Սիրադեղյանի կազմակերպած Մարիուս Յուզբաշյանի և Համբարձում Գալստյանի սպանությունները, մի գործ էլ սարքեց «Վահան Հովհաննիսյան+30»-ի դեմ...

 

ԴՈԿՏՈՐՆԵՐԻ ՃՂՃԻՄ, ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Տարիների հոլովույթը Ղարաբաղի հարցում ԼՏՊ-ի ազգադավ դիրքորոշման վրա ոչ մի ազդեցություն չի թողնում։ Փչացած ձայնագրության նման անընդհատ կրկնում է միևնույնը. կորսված են Հայաստանի զարգացման հնարավորությունները, ընդմիշտ մեկնել են մարդիկ։ 13 տարի առաջ չարվածը փորձում են անել հիմա` «...հսկայական կորուստների գնով»։ 1998-ին մենք մոտիկ էինք լուծմանը (փուլային). «Դա գրեթե նույն ծրագիրն էր, որն այժմ դրված է սեղանին Մադրիդյան սկզբունքների տեսքով. գրավված, կամ` մեր տերմինաբանությամբ` ազատագրված տարածքների մասի վերադարձ, որոնցում այն ժամանակ ընդգրկված չէին Լաչինն ու Քելբաջարը, Ղարաբաղի նոր սահմանների ողջ շրջագծով միջազգային խաղաղապահ ուժերի տեղադրում, ճանապարհների ապաշրջափակում... Ղարաբաղի միջանկյալ ստատուսի ստեղծում... բոլոր կառույցների, այդ թվում` բանակի, ոստիկանության և այլն, պահպանում»։

«Ադրբեջանը չէր խառնվելու Ղարաբաղի ներքին գործերին, հետաձգվելու էր Ղարաբաղի վերջնական ստատուսի քննարկումը» (այսինքն` նշված բոլոր «նվաճումները» դատարկ խոստում էին, քանզի հետաձգումն այլ ելք չէր ունենալու Ադրբեջանին հանձնվելուց բացի)։ Այստեղ էլ չմոռանալով նշել, որ տարածքները «գրավված» են, ազատագրված ընդամենը «մեր տերմինաբանությա՞մբ» («դիվանագիտական» ի՜նչ ճարպիկ հնար), ԼՏՊ-ն մոռանում է շեշտել, ադրբեջանցի փախստականների (ըստ ադրբեջանական կողմի պնդումների` մեկ միլիոն) վերադարձի հանգամանքր։ Եվ սա համարում է «նույն իրավիճակը, ինչ ունենք այժմ, միայն տարածքային կրճատված տարբերակով», բայց երաշխավորված միջազգային պայմանագրով և միջազգային խաղաղապահ ուժերով։ Փորձը մի բան է հաստատել. միջազգային պայմանագրերն ու միջազգային խաղաղապահ ուժերը չգիտենք ում համար ինչ նշանակություն ունեն, բայց գոնե թուրք-ադրբեջանցիների համար ոչ մի նշանակություն չունեն։ Ապա և, այդ ուժերն Ադրբեջանի նա՞վթն են «պաշտպանելու», թե՞ Ղարաբաղի ժողովրդի ապրելու իրավունքը, ինչպես ժամանակին անգլիացիները «պաշտպանեցին»։ Չշարունակենք։ Թողնենք ԼՏՊ-ն երգի իր բայաթին. «Անմիջապես կբացվեր թուրքական սահմանը։ Հայաստանը նորմալ զարգանալու հնարավորություն կստանար։ Հիմա մեր բնակչությունը 2,5 միլիոն մարդ է։ Այն ժամանակ` 3,5-4 միլիոն։ Ահա թե մենք ինչ ենք կորցրել»։ (Այստեղ էլ «մոռանում» է, որ երկրի հիմնական զանգվածի արտագաղթն իր իշխանության շրջանի փայլուն նվաճումներից է. տարին մինչև 200 հազար մարդ, 1997-ից հետո` տարին 50-60 հազար, ըստ ժողովրդագիր Ռ.Եգանյանի` 2002-2007-ի հինգ տարում արտագաղթել է 205 հազար մարդ, 2008-ին` 23, 2009-ին` 25, 2010-ին՝ մինչև 30 հազար։ Վերջին տարիների աճի միտումն ակնհայտ է։ Այս հաշվարկը որքան էլ մոտավոր է, այսուամենայնիվ, ճիշտ է ներկայացնում արտագաղթի շարժը)։ «Այն ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը մոտավորապես նույն մակարդակին էին, մակրոտնտեսական պլանով Հայաստանի ցուցանիշները նույնիսկ ավելի բարձր էին...» (մի՞թե)։ «Հիմա Ադրբեջանի ՀՆԱ-ն 5 անգամ բարձր է, քան Հայաստանինը։ Բյուջեն հինգ անգամ ավելի է։ Ռազմական ծախսերը 10 անգամ ավելի են... Ցանկացած լուծում այսօր ավելի վատ կլինի, քան այն ժամանակ»։

Ինչո՞ւ «ցանկացած լուծում» ավելի վատ կլինի։ Որովհետև այդպես է ցանկացել ու ցանկանում ինքը` ԼՏՊ-ն։ Ղարաբաղյան պատերազմի հաղթական ընթացքում, 1994-ի մարտի 12-ին, Հայաստանի խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Գուլիևի հետ հանդիպելուց հետո իրենց վճիռը ներկայացրեց «Գրավյալ տարածքները խաղաղության և ապաշրջափակման դիմաց» ձևակերպումով։ Թե ինչ էր դա նշանակում` պարզվեց փոքր անց։ Գուլիևը պնդել էր, որ ԼՂ կարգավիճակի մասին ոչ մի խոսք չի կարող լինել. «Ադրբեջանն ամեն դեպքում այս պատերազմը կավարտի իր օգտին։ Եթե Հայաստանը այժմ չհամաձայնի մեր պայմաններին, մենք զինադադար չենք կնքի»։ Այս սպառնալիքից հետո պահանջեց 2 ամսվա ընթացքում վերադարձնել Շուշին, 20 օրվա րնթացքում ազատել երեք շրջաններ և մասամբ Ֆիզուլիի ու Լաչինի շրջանները` դնելով ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ, ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։ Այսպես հոխորտում էր պարտվող, նոր տարածքներ կորցնելու վտանգի առաջ կանգնած կողմը։ Հաղթող կողմին վայել «մեծահոգությամբ» Արարքցյանն արձագանքեց. «Հայաստանը ներկայումս տարածքային ոչ մի հավակնություն չունի Ադրբեջանի նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղը որպես հանրապետություն մենք չենք ընդունում և ապագայում էլ չենք ընդունի։ Եթե Լեռնային Ղարաբաղի ռազմական կազմավորումների հրամանատարությունը չհամաձայնի այս համաձայնագրի պայմաններին, ապա Հայաստանն իր կողմից կստիպի ընդունել այդ պայմանները»5։ Շատերն ինչպես չեն մոռացել հհշական որոշ ղեկավարների քաջալերիչ հայտարարություններն արտագաղթի մասին (կգնան, փող կուղարկեն, կօգնեն մնացածներին), այնպես և` որ Հայաստանի տարածքն առանց Ղարաբաղի լիովին բավարար է հայ ժողովրդին ապահով, արժանավայել ապրելու համար։ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում 1994-ի մայիսի 4-ին սկսված ԱՊՀ միջխորհրդարանային ժողովում հրադադարն ընդունելիս Արարքցյանը Ղարաբաղի անկախության հաստատումը պահանջելու, շեշտելու փոխարեն, որ Ադրբեջանը չհամաձայի, կկորցնի նոր տարածքներ, գնաց խայտառակ պարտության։ Բացառիկ փաստ պատմության մեջ, երբ պարտվող կողմը սպառնում ու պահանջում, իսկ հաղթող կողմը` ընկրկում է։ Առայսօր չհաղթահարված դիրքորոշում, որից ոգևորված` էրդողանի կողքին կանգնած Ալիևը ս. թ. հուլիսի 28-ին ազատություն տվեց իր հիվանդ երևակայությանը` Հայաստանը համեմատելով մրջյունի, Թուրքիան` փղի հետ։ Իրեն էլ գոնե էրդողանի փղիկ եղբայր կարծեց` իսպառ մոռանալով ղարաբաղյան պատերազմում «մրջյունից» ստացած դասերը։

Բիշքեկում, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հաղթական ընթացքում ինքնակեր դիվանագիտության հիմքը դրած պառլամենտի նախագահն, առանց ամոթի նշույլի, թուրք-բոլշևիկյան հարվածներից ծանրագույն վիճակում հայտնված Առաջին Հանրապետության ղեկավարներին է մեղադրում դիվանագիտական ձախողումների համար։

 

ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԴՈԿՏՈՐՆԵՐԸ

ԼՏՊ-ի գերադասած փուլային տարբերակով 1997-ին Ադրբեջանին զիջելու էին հինգ շրջան, Լաչինի (Քաշաթաղի) շրջանն ամբողջությամբ մնում էր իբրև Հայաստանն ու Արցախը կապող միջանցք, Քելբաջարը (Քարվաճառը) համարվում էր վիճելի տարածք։ Մադրիդյան սկզբունքներով զիջելու են վեց շրջան և Լաչինի որոշ մասեր, ԼՂ-ն ստանալու է «status quo plus» միջանկյալ կարգավիճակ (մինչև հանրաքվեի անցկացումը միջազգայնորեն օրինականացվում է այն, ինչ կա ընտրություններով իշխանություններ ձևավորելուց մինչև արտաքին հարաբերություններ և այլն, նաև ԵԱՀԿ-ում դիտորդի արտոնություն Արցախի խնդիրը քննարկելիս), որին Ադրբեջանի ղեկավարը համաձայնել է 2009-ին Պրահայում։ 1997-ի փուլային տարբերակով բաց էր մնում Արցախի կարգավիճակի որոշիչ հարցը։ Եթե համարենք, որ այլընտրանք չկա, փուլայինն` իր, Մադրիդյանն` իր առավելությունն ու թերությունն ունի։ Տարածքների հանձնման, փախստականների վերադարձի, միջազգային խաղաղապահ ուժերի տեղադրման, հաղորդակցության, ճանապարհների բացման փուլային և Մադրիդյան սկզբունքները տարբերվում են նշված ընդամենր երկու կետում, բայց հետևանքներն ի վերջո կորստաբեր են լինելու երկու տարբերակով էլ. նախ` Արցախի, ապա նաև Հայաստանի հետագա հավանական կործանում։ Դրանում համոզված չլիներ Ադրբեջանի ղեկավարությունը, երբեք չէր համաձայնի «միջանկյալ կարգավիճակին»։ «Տարածքներ խաղաղության փոխարեն» պարտվողական սկզբունքի ընդունման պահից խնդրի էությունը չի փոխվում։ Ստիպված եմ կրկնել տարիների ընթացքում նշածս. շրջանների հանձնումից հետո նախկին ԼՂ-ն, բացառությամբ Լաչինի միջանցքի (փուլայինի դեպքում` գուցե և Քարվաճառի), ամբողջությամբ կհայտնվի ադրբեջանական շրջապատման մեջ։ Բոլոր կողմերից հարձակվող, հայկական ուժերին մեծապես գերազանցող, ինչպես ասում են` մինչև ատամները զինված ադրբեջանական բանակից պաշտպանվելը չափազանց ծանր, անգամ անհնարին կարող է լինել։ Պատերազմական իրադրությունում երկկողմանի (նաև Նախիջևանից) հարվածներ կհասցվեն արդեն վերադարձված շրջանների ամուր «վահանից» զրկված Սյունիքին, որի պաշտպանությունը նույնպես կպահանջի մեծամեծ զոհաբերություններ։ Իհարկե, արցախյան պատերազմի փորձն ապացուցեց, որ քանակը ոչ միշտ է հաղթանակի գրավական։ Բայց ապացուցեց նաև, որ մեծաքանակ թշնամուց պաշտպանվելու միակ միջոցը նվազագույն զոհեր տալն է` թշնամուն առավելագույն անհրաժեշտ կորուստներ պատճառելով։ Մեր հայրենիքի պաշտպաններն ի զորու են նորից պատվով կատարել այդ խնդիրը, որի վճռական նախապայմանը ներկա պայմաններում ազատագրված տարածքների առավել հարմար ու բարենպաստ սահմանագծին ամուր կանգնելով` ռազմական գործողություններ իրականացնելն է։ Առավել ևս, երբ ինը միլիոնանոց Ադրբեջանի բանակը լրացուցիչ ուժեր կստանա ոչ միայն Թուրքիայից, այլև իսլամական աշխարհի տարբեր երկրներից։ Վերջերս, օրինակ, Ադրբեջանում Եգիպտոսի դեսպանն անգամ հարկ համարեց հայտնել, որ Եգիպտոսն Ադրբեջանի բարեկամ, եղբայր երկիր է, և «եթե Ադրբեջանին երկընտրանք չմնա ու պատերազմ սկսի, մենք Ադրբեջանին պիտի աջակցենք»։ Աստանայում Իսլամական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը հունիսի 28-30-ի համաժողովում ընդունեց 22 կետով անհեթեթ բանաձև` «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության բռնարարքի մասին», որում «բռնագրավված ադրբեջանական հողամասերի վրա ադրբեջանցի քաղաքացիների դեմ գործադրվող արարքները մարդկության դեմ ոճիր» են նկատվում, դատապարտվում է «հնագիտական, մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների քանդումը»։ ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է ուղղվում ճանաչել Ադրբեջանի դեմ «բռնարարքը», դադարեցնել այդ տարածքներում հայերի բնակեցումը, ապահովել հեռացած ադրբեջանցիների վերադարձը և, ասես կրկնելով ԼՏՊ-ին, հատուցել Ադրբեջանին հասած վնասները։

Իսկ ի՞նչ են անում քրիստոնեական երկրները։ Քրիստոնյա Արևմուտքը, Սերբիան ռմբակոծելով` քարուքանդեց սերբական քրիստոնեական սրբությունների հազարամյա օրրան Կոսովոն` իսլամական երկրամաս դարձնելու, որպես մահակ օգտագործելու համար։ Ո՞ւմ դեմ։ Այժմ նույն քրիստոնյա աշխարհը ձեռք ձեռքի ԼՂ հարց է փորձում «լուծել»` արդյունքում այն ամբողջությամբ իսլամ Ադրբեջանին նվիրելո՞ւ, դարձյալ որպես մահա՞կ օգտագործելու համար։ Ո՞ւմ դեմ. Ռուսաստանի, Պարսկաստանի, Չինաստանի։ Արևմտյան քրիստոնեական այդ երկրների քաղաքական կարճամտությունը կհասցնի՞ ուշքի գալ, երբ, ժամանակի օրինաչափությամբ, իրենց սարքած մահակներն ամբողջ թափով իջնեն հենց իրենց ճակատին։

Որևէ տարբերակով Ադրբեջանին Արցախի Հանրապետության որևէ տարածքի հանձնումը մահացու վտանգավոր է։ Վերադարձնել այն, ինչը երբեք չի պատկանել Ադրբեջանին. սա՞ է անկախացած Հայաստանի իշխանությունների 20-ամյա արտաքին քաղաքականության նվաճումը։ Միջազգային ուժերը, որոնք այս կամ այն շահից ելնելով` ստիպում են անհամաչափ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ. իրենց գործն է։ Իսկ հայկական կողմը, նրանց գոհացնելու համար, դեռ ինչքա՞ն պետք է շարունակի ազգակործան փաթեթային թե փուլային, Մադրիդյան նախկին թե նորացված սկզբունքներ «լուծել»` հայ ժողովրդի հերոսական պայքարով, նրա հազարավոր զավակների արյան գնով ազատագրված պատմական հայրենիքի անքակտելի մասը կորցնելու համար։ Դրանով իսկ կամա թե ակամա չե՞ն խրախուսվում Իլհամ Ալիևի լկտի հայտարարությունները, որոնցից մեկն էլ արել է վերջերս Բաքու այցելած ԵԽ վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ. «Ադրբեջանցիների դեմ ցեղային զտումների քաղաքականության հետևանքով մենք այսօր մեկ միլիոն փախստական և տեղահանված ունենք։ Լեռնային Ղարաբաղը վերածվել է բացարձակապես միատարր կառույցի, որտեղ ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Իսկ նախքան հակամարտությունն այնտեղ բնակչության քսան տոկոսն էին։ ԼՂ հարակից յոթ շրջաններից, որոնք երբեք Ղարաբաղի մաս չեն կազմել և ուր երբեք հայեր չեն ապրել, վտարված է շուրջ 700 հազար ադրբեջանցի... պատմական լեռնային Ղարաբաղը երբեք Հայաստանի մաս չի եղել։ Նաև` այն գտնվում է Ադրբեջանի կենտրոնում»։ Նույնիսկ «երբեք մաս չկազմելով»` Ղարաբաղն ի՞նչ հրաշքով է հայտնվում Ադրբեջանի կենտրոնում։ Սոսկ Հայաստանի վերացումով։ Քանզի, ըստ «մի ժողովրդի» երկրորդ պետության նախագահ Ալիևի` Հայաստանը հայտնվել է «պատմական» Ադրբեջանի հողերի վրա։

Անհրաժեշտ է հրաժարվել ամեն տեսակ խաբկանքներից, ի թիվս որոնց` այն անմտությունից, թե «մի ազգ, երկու պետությունը» երբևէ կարող են հակամարտել, հեռանալ իրարից։ «Ձեզ չի՞ թվում, որ փոփոխվող Թուրքիան կարող է հեռանկարում սկսել հեռանալ Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանը մնում է շատ ավելի քեմալական երկիր, քան ինքը` Թուրքիան» հարցին, ուրիշներին, թե իրեն խաբելով` ԼՏՊ-ն տալիս է պատասխան, որը ոչ real է, ոչ politik, այլ սովորական կուրության արտահայտություն. «Այնտեղ թերևս ոչ թե գաղափարախոսությունն է, այլ realpolitik-ի հանգամանքը։ Ադրբեջանը կարող է գտնել, որ այդ հարցում Թուրքիայից օգուտ չկա։ Եվ նրանք արդեն այդպիսի տրամադրություններ ունեն։ Այդ ժամանակ նրանք կթեքվեն Ռուսաստանի կողմը։ Այդպիսի տարրեր ևս կան։ Վերջերս ռուս-ադրբեջանական փոխվստահությունն ամրապնդվում է»։

Նման սնանկ փաստարկներն ակամա կասկած են առթում. հնարավո՞ր է, որ 21-րդ դարի առաջին քառորդում նախորդ դարի թուրք-բոլշևիկյան դաշինքի նորաբնույթ կրկնության ականատեսը լինենք։ Որքան էլ անհավանական կասկած, բայց բանականությունն, իհարկե, մարդկանց տրված է, մանավանդ, որպես հիմարանալու անսահման հնարավորություն։ Բայց ինչպես տեսնում ենք, տրված է նաև որպես հիշողության կորստյան հնարավորություն։ Եթե իրոք կարծողներ կան, թե Ադրբեջանը Թուրքիայից հրաժարվելով` կթեքվի Ռուսաստանի կողմը, և դրան հավատում է նաև ՀՀ առաջին նախագահն իր զինակիցներով, ապա ռուս-թուրքական նոր դաշինք ընդդեմ Հայաստանի` անհնարին չէ։ ճիշտ ինչպես ռուս-ադրբեջանական (թուրքական) դաշինքից դրական սպասումները, այնպես և Ղարաբաղի խնդրի «լուծման» տարբերակների հետ հույսեր կապելը հիշողության կորստի նշան են։ Կորստաբեր կորուստ։ Եթե շրջաններ հանձնելով խաղաղություն ստանալուն հավատացողները լավ չեն հիշում Սումգայիթից սկսված հայերի ցեղասպանությունը, ապա մյուսներն անպայման մոռացած կլինեն։ Հիշեցնենք դրանցից մեկը, որպեսզի պատկերացնեն շրջաններ հանձնելուց հետո ինչ կկատարվի ոչ միայն ուրիշների, այլև իրենց իսկ հետ։ 1918-ի սեպտեմբերի 15-ին թուրք-մուսավաթական ուժերը ներխուժեցին Բաքու։ Հայոց Ազգային խորհրդի կողմից թուրքերի հետ բանակցությունների մասնակցած ականատես Քրիստափոր Եվանգուլյանը գրում է. «Ամբողջ քաղաքում գնում էր կոտորած, թալանում էին բոլոր ոչ մուսուլմաններին։ Ջարդում էին դռներն ու պատուհանները, մտնում բնակարանները, դուրս հանում տղամարդկանց, կանանց, երեխաներին և սպանում փողոցում։ Բոլոր տներից գալիս էր խոշտանգվող բնակչության նվվոցը։ Տեղական թաթարների և ասկյարների փողոցում սփռված, գազանացած ամբոխը սպանում էր ամեն հանդիպած հայի։ Գանձատան մոտ, Սարուխանյան փողոցի կողմից, փակուղին լեցուն էր 9-10 տարեկան մանուկների դիակներով, մինչև 80 դիակ։ Շատերի մոտ կտրված էր կոկորդը, խեղճերին մորթել էին, ինչպես գառնուկների։ Տելեգրաֆնայա փողոցի կողմից լսվում էր կանանց և երեխաների լացն ու կոծը, լսվում էին հրազենային կրակոցներ։ Ամենուր մանկական դիակներ»6։

Որպեսզի Հայաստանի վերացման թուրքական զառանցանքն իրականություն չդառնա, պետք է կտրականապես հրաժարվել փուլ-փաթեթ-մադրիդյան թե՛ ներկա, թե՛ նմանաբնույթ հետագա սկզբունքներից։ Միակ ճիշտ լուծումն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջարկած «Խաղաղությունն է խաղաղության դիմաց»։

 

1http://www.neonews.am/news/id/4684.html

2«Ասպարեզ», սեպտեմբեր 30 2010:

3http://zham.am/index.php?lid=am&pageName=harcazruyc&id=645770325

4Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն:

5Երկիր», 17 մարտի 1994:

6Հրանտ Ավետիսյան, «Հայկական հարցը 1918 թվականին», Ե., 1997, էջ 318:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am