Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Օգոստոս 2011, N 8

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԿՈՒ ՍԽԱԼԸ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ

Ալեքսանդր Գարեգինյան, հրապարակախոս

Սեպտեմբերին մեկնարկում է քաղաքական նոր շրջանը, որը յոթ տարով կկանխորոշի Հայաստանի ապագան։ Հետևում են մնացել նախագահ Սարգսյանի կառավարման 3,5 տարիները, որոնք նշանավորվել են բազմաթիվ բացասական երևույթների հատկանիշներով, ինչպիսիք են, ասենք, երկիշխանությունը, անիշխանությունը, գործադիր իշխանության անզորությունը տնտեսական զարգացման գործում, բայց ամենագլխավորն իշխանության և ընդհանրապես պետության հանդեպ բնակչության վստահության վերջնական կորուստն է և, որպես հետևանք, միգրացիայի նոր, աննախադեպ հոսքը։ Ինն ամիս հետո տեղի են ունենալու խորհրդարանական, մեկուկես տարի հետո՝ պետության ղեկավարի ընտրությունները։ Հենց առաջիկա ընտրարշավներն են դառնալու քաղաքական գործընթացի և նրա մասնակիցների գործունեության իմաստն ու բովանդակությունը։ Փորձենք պարզել մի քանի նրբություն և կազմել մոտ ապագայի ուրվագծերը։

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Անվիճելի է, որ Հայաստանն ասիական պետություն է, չնայած անդամակցում է եվրոպական կառույցներին։ «Ասիականությունը» հանրապետականության պայմաններում նշանակում է այն, որ մի անգամ կազմավորվելով՝ ռեժիմը պայքարելու է հանուն սեփական վերարտադրման, քանի որ տապալման դեպքում նրան սպասվում է կամ վտարում երկրից, կամ քրեական պատասխանատվություն։ Եթե դիտելու լինենք արևելյան պետությունները, ասենք, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ապա կտեսնենք, որ իսկապես կայուն, բարգավաճ կարելի է անվանել միապետությունները, որտեղ չկա ընտրությունների խնդիր. միապետի իշխանությունն անսահմանափակ է (կամ մասամբ սահմանափակ), ինչը նախապայմանն է այն բանի, որ նա պաշտպանի համընդհանուրի շահը, ի տարբերություն հանրապետությունների, որտեղ իշխող էլիտան պետությունը և նրա ֆինանսատնտեսական ռեսուրսները կառավարում է բացառապես սեփական հարստացման և ընտրությունների միջոցով վերարտադրման նպատակներով։ Մեծ Մերձավոր Արևելքի վերջին իրադարձությունները, որոնց հետևանքով տապալվեցին ռեժիմները Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում (շուտով՝ նաև Սիրիայում), այդ երկրների ժողովուրդների հակազդեցությունն էին կոռուպցիայի, գանձագողության, անարդարության և աղքատության տիրապետմանը, և տասնյակ տարիներ այդ երկրներում իշխող ղեկավարները, որոնց մեջ հիրավի ականավոր անհատներ կային (ասենք՝ Հոսնի Մուբարաքը, տարածաշրջանի կարևոր դեմքը 30 տարվա ընթացքում), հայտնվեցին աննախանձելի վիճակում։

Հայաստանը մերձավորարևելյան պետությունների հետ համեմատելը մեզ հետաքրքիր եզրահանգման է բերում։ Անշուշտ, և՛ մեզ մոտ, և՛ այնտեղ գործ ունենք օլիգարխիական ռեժիմների հետ, որոնք իրենց ժողովուրդներին համարում են եկամտի աղբյուր։ (Այս առնչությամբ ավելորդ չէ հիշեցնել, որ Եգիպտոսում պայթյունի դետոնատորներից մեկն էլ անասնակերի և պարենի գները դարձան. համաշխարհային հեռուստաալիքներով հազարավոր անգամներ հեռարձակվում էին կադրեր մի եգիպտացու հարցազրույցից, որը հուսահատության արցունքն աչքերին ասում էր. «Սրանք Ռուսաստանից անասնակեր են ներմուծում, իսկ մեզ վաճառում են բարձրորակ հացահատիկի գնով»)։ Ե՛վ մեզ մոտ, և՛ այնտեղ մենք տեսնում ենք կոռումպացված, բիզնեսին սերտաճած բյուրոկրատիա։ Սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ընդունել մի էական հանգամանք։ Դա հայկական ռեժիմի թուլությունն է մերձավորարևելյան ռեժիմների համեմատ, և այդ թուլությունը երկու ժամկետից ավելի (իրար հետևից) պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու սահմանադրական արգելքի մեջ է։ Եթե Նասեր-Սադաթ-Մուբարաքի ռեժիմն իշխանության ղեկին էր 50 տարի (պետության ղեկավարները միմյանց հաջորդում էին նախորդի մահվանից հետո), իսկ ինքը՝ Մուբարաքը, ժամկետների սահմանափակություն չուներ և պատրաստվում էր իշխանությունը փոխանցել որդուն, ապա Հայաստանում երկրորդ նախագահը 10 տարի կառավարելուց հետո, հարկադրված լինելով հեռանալ, ինքն ընտրեց իր հաջորդին և նրան փոխանցեց իշխանությունը։ Այսպիսով, եթե Ռոբերտ Քոչարյանը կաշկանդված չլիներ սահմանադրական նորմով և կարողանար առաջադրվել անվերջ քանակությամբ, ապա այսօր մենք կունենայինք ավելի ուժեղ, մոնոլիտ երկիր, քանի որ երկիշխանության խնդիր չէր լինի։ Թողնելով իշխանությունը՝ Քոչարյանը պահպանեց իր լծակները կառավարությունում, ուժային կառույցներում, բյուրոկրատիայում և բիզնեսում, ինչն անպայմանորեն հանգեցրեց միանգամայն բնական և անխուսափելի կոնֆլիկտի իր հաջորդի հետ, որի ձեռքին, ի տարբերություն նախորդի, այնուամենայնիվ, գտնվում է իրական իշխանությունը։ Եվ այսպես, հարկ է փաստել, որ ցանկացած պլուտոկրատական ռեժիմ, որը սահմանադրությամբ կաշկանդված չէ երկու անգամից ավելի ժամկետով պետության ղեկավար ընտրելու, ներքին քաղաքականության մեջ ավելի արդյունավետ է և ավելի ազատ իր գործողություններում, ինչը, պետք է խոստովանել, համընդհանուրի շահերը պաշտպանելու (երբեմն) էական նախապայման է։ Օլիգարխիական պետություններում, որտեղ երկիշխանությունն անխուսափելի է, նման նախապայման չկա։

Բայց երկիշխանությունը վատթարագույնը չէ, ինչը կարող է մեզ սպասել։ Հիշեցնենք, որ վեցուկես տարի հետո նախագահի պաշտոնը կթողնի նաև Սերժ Սարգսյանը՝ նախապես իր համար հուսալի հաջորդ ընտրելով, և, իհարկե, նախապես դիրքեր ապահովելով գործադիր իշխանությունում, բիզնեսում և այլուր։ Հետևաբար, 2018թ. Հայաստանը կմտնի եռիշխանության դարաշրջան՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Բայց դա, իհարկե, պակաս հավանական է և տեղի կունենա միայն այն դեպքում, եթե մինչև 2018թ. երկրում և աշխարհում այնպիսի աղետներ չկատարվեն, որոնք կփոխեն իրադարձությունների ընթացքը և իրադրությունը։ Իսկ որ նման աղետներն անխուսափելի են, հազիվ թե որևէ մեկը կասկածներ ունենա։

Ընդհանրապես երկիշխանության և բազմիշխանության կողքին, որոնք Հայաստանում սուբստանցիալ են, մենք ընտրություններից և դրանք սահմանող սահմանադրական նորմերից բխող այլ խնդիրներ էլ ունենք։ Դրանց թվում հարկ է նշել սուվերենության դեֆիցիտը, որը մեր երկրում տարեցտարի ավելի ու ավելի է զգացվում։ Ինչպե՞ս է տեղի ունենում այդ գործընթացը։ Շատ պարզ։ Հայաստանին և ԱՊՀ շատ երկրների գայթակղել-տարել են եվրոպական կառույցներ, նրանց որոշակի ստանդարտներ են պարտադրել, այնուհետև, ամեն ընտրությունից հետո, որոնք անխուսափելիորեն կեղծվում են (կամ անցնում են համատարած խախտումներով. ասենք՝ ընտրողների քվեարկությունը փողով հազիվ թե կարելի լինի օրինական գործընթաց անվանել), սկսվում է երկրի քաղաքական դասի հրապարակային «ճիպոտման» կամպանիան։ Հասկանալի է, որ ընտրությունները Հայաստանում համատարած կերպով կեղծվում են (բացառությամբ 2008թ. նախագահական ընտրությունների, երբ, չնայած բազմաթիվ խախտումներին, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ Սերժ Սարգսյանը միանշանակ ավելի շատ ձայներ հավաքեց, քան մրցակիցը), սկսած 1995 թվականից. Տեր-Պետրոսյանի ավազակախումբը սկզբում ծաղրուծանակի ենթարկեց 1995թ. խորհրդարանական ընտրությունները, հետո խեղաթյուրեց 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքները, ինչից հետո Տեր-Պետրոսյանը միջազգային ասպարեզում կորցրեց իր կշիռը։ Այսպես, եթե մինչև 1996թ. նա կարող էր իրեն դեմարշներ թույլ տալ արտասահմանում (ինչպես Լիսաբոնում), ապա երկրորդ ժամկետի համար բռնի ընտրությունից հետո առաջին նախագահը զրկվեց նախաձեռնողականությունից արտաքին գործերում և վերածվեց արևմտյան հրահանգների հլու կամակատարի, ինչն էլ հանգեցրեց նրա հրաժարականին։ Հետո շատ ավելին եղավ։ Վազգեն Սարգսյանը 1998թ. հերթական անգամ ծաղրի ենթարկեց Հայաստանի ժողովրդին՝ նախագահական աթոռից զրկելով Կարեն Դեմիրճյանին և այնտեղ բազմեցնելով Ռոբերտ Քոչարյանին (որը, ինչպես հայտնի է, առաջին փուլում պարտվեց մրցակցին, ինչպես և հինգ տարի հետո՝ նրա որդուն)։ Ուշադրություն դարձնենք մի հատկանշական նրբերանգի վրա։ Դա այն է, որ արևմտյան հանրությանն ընդհանրապես ավելի հաճելի է գործ ունենալ ընտրությունները կեղծող (ոչ լեգիտիմ), այլ ոչ թե արդար ընտրված ռեժիմի հետ, և նման տեսակետը հազիվ թե փաստարկման կարիք ունի, քանի որ լեգիտիմ ռեժիմին ավելի դժվար է պայմաններ թելադրել, և նրա վրա ճնշում գործադրելու լծակներ էլ չեն լինի։ Ի՞նչ տեղի ունեցավ 1998-ից հետո։ Ղարաբաղյան կարգավորման հարցում գործընթացը մեզ համար շահավետ ուղղությամբ ոչ մի առաջընթաց չի ունեցել, խոսքն արդեն վեցուկես տարածքների հանձնմանն է վերաբերում (1997-ի դեկտեմբերին Տեր-Պետրոսյանի ընդունած հինգի փոխարեն), Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից, իսկ Հայաստանի համար շահավետ ստատուս-քվոյի պահպանումն օրեցօր ավելի խնդրահարույց է դառնում, էլ չենք խոսում այն մասին, որ երկրին պարտադրել են հնարավոր է և անհնար ամեն բան, ընդհուպ մինչև կրթության ոլորտը, բանկային տոկոսադրույքները (դրանք անպայման պետք է բարձր լինեն, այլ կերպ չի՛ կարելի) և այլն, և այլն։ Հայաստանի ղեկավարությունը միանգամայն գիտակցված հրաժարվեց Լունաչարսկու՝ աշխարհում լավագույն կրթական համակարգից՝ այն փոխարինելով դպրոցական կրթության ամերիկյան եռաստիճան մոդելով, քանի որ ի վիճակի չէր դիմակայել արտաքին ճնշմանը՝ ի հետևանք սուվերենության դեֆիցիտի։

Ինչպես տեսնում ենք, հիմարաբար արևմտյան հրահանգներին հետևելը և արևմտյան սահմանադրական նորմերի պատճենումը Հայաստանի նման պետությունների համար լուրջ խնդիր դարձան՝ ներսից խարխլելով հասարակությունն ու պետությունը։ Սակայն դա օբյեկտիվ իրողություն է, և հարկավոր է հաշտվել դրա հետ։ Անցնենք հայկական քաղաքական իրականությանը բնորոշ սուբյեկտիվ պահերին՝ Սերժ Սարգսյանի նախագահության չորրորդ տարվա ավարտին։

2008թ. ապրիլից Հայաստանն ապրում է երկիշխանության պայմաններում։ Տրամաբանությունը հուշում էր, որ նախագահ Սարգսյանը Քոչարյանի շրջապատին և նրա ստվերային ներկայությունն իշխանությունում հանդուրժելու է ոչ ավելի, քան մեկ տարի, ստեղծելու է իր թիմը, խաղի նոր կանոններ է սահմանելու և հասարակության մեջ հուսալի հենարան է գտնելու։ Այս ամենը տեղի չունեցավ, և 2008թ. ապրիլից երկիրն ապրում է իռացիոնալիզմի օրենքներով։

Անցած ժամանակաշրջանում արտաքին քաղաքականության մեջ նախագահ Սարգսյանն ընդունեց հայ-թուրքական մերձեցման ամերիկյան պլանը, սակայն, փառք Աստծո, թուրքական կողմը չհամոզվեց, ինչն էլ թաղեց այս գործընթացը։ Իհարկե, հարևան պետությունների միջև պետք է լինեն նորմալ հարաբերություններ, սակայն այս բնական վիճակը Հայաստանի համար կարող էր վերածվել ողբերգության՝ իրադարձությունների անկանխատեսելի զարգացման հետ կապված, դրա համար էլ հարկ է բարիք համարել հայ-թուրքական արձանագրությունների արգելակումը։

Գլխավոր ներքաղաքական փոփոխությունը պետք է համարել Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմության հնազանդեցումը։ Փաստորեն, առաջին նախագահի ընտրազանգվածն արդեն վտանգ չի ներկայացնում նախագահ Սարգսյանի ռեժիմի համար. Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կոալիցիայի հետ գտնվում է այսպես կոչված «երկխոսության» վիճակում, որը նույնպես նախաձեռնել են ամերիկացիները, այնպես որ, աղետներ այս ճամբարի կողմից չեն սպասվում։ Սակայն նախագահ Սարգսյանի դրությունը չուժեղացավ արմատական ընդդիմությունից բխող սպառնալիքների չեզոքացումից. նրա դրությունը բավական երերուն է. իր համար որպես նեցուկ ընտրված քաղաքական-կոմերցիոն կազմակերպությունները, նախ, չեն կարող իրականացնել հենարանի գործառույթներ, երկրորդ՝ երկիշխանության պայմաններում դրանք պարզապես հուսալի չեն։

Այսպիսով, երկրում  էլիտայի շարքերում միասնության խնդիր գոյություն ունի։ Ճիշտ է՝ խնդիրը գոյություն ուներ 2008թ. ապրիլից, բայց վերջին ժամանակներս, կապված ընտրարշավների մոտենալու հետ, այն նկատելիորեն սրվել է։ Կարելի է մոտավոր չափումներ և հաշվարկներ անել այն բանի շուրջ, թե ինչպես կպահի իրեն էլիտայի այս կամ այն ներկայացուցիչը երկիշխանության հանգուցալուծման ժամանակ։ Բայց դա էական չէ։ Փորձենք պարզել այն պատճառները, որոնց շնորհիվ նախագահ Սարգսյանն այսօր թույլ իշխանություն ունի, իսկ երկիրն անդունդ է գլորվում օլիգարխիայի և բյուրոկրատիայի կամայականության և ագահության, ինչպես նաև գործադիր իշխանության անպիտանության հետևանքով։

 

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ

Հայաստանի խնդիրն իշխանության խնդիրն է, նախագահ Սարգսյանի խնդիրը` դրա իրականացումը։ Մենք ավելի մանրամասն կխոսենք ընդհանրապես իշխանության բնույթի և Հայաստանում դրա իրականացման մասին, բայց մինչ այդ արժեր դիտարկել այնպիսի երևույթ, ինչպիսին է իշխանության աղբյուրը։

Ճիշտ կլիներ եզրակացնել, որ որպես իշխանության աղբյուր երկրում հանդես են գալիս օլիգարխիան և նրան սերտաճած պետական իշխանության վերնախավը, քանի որ Հայաստանը պլուտոկրատական պետություն է։ Դա միանգամայն բնական է, քանի որ եթե երկրում իշխանության աղբյուրը ժողովուրդը լիներ, ապա Հայաստանում օլիգարխիա, կոռումպացված բյուրոկրատիա` այստեղից բխող բոլոր ածանցյալներով, լինել չէր կարող։ Նախագահ Սարգսյանն իսկապես օլիգարխիան է դիտարկում որպես իր իշխանության աղբյուր, դրա համար էլ նրա իշխանության գալով այդ շերտը լրացուցիչ արտոնություններ ստացավ։ Այսպես, որոշ օլիգարխներ, օգտվելով մենաշնորհային արտոնություններից, մինչև երկինք բարձրացրին իրենց արտադրած և ներկրած ապրանքների գները, և եթե մինչ այդ խոսում էին գերշահույթի մասին, որը հայրենական օլիգարխիայի կենսագործունեության իմաստն էր, ապա այսօր պետք է խոսել սուպերգերշահույթի մասին, քանի որ այլ կերպ ներքին շուկայում ստեղծված դրությունը բնութագրել չի կարելի1։

Եթե ընդունենք, որ իսկապես նախագահ Սարգսյանի իշխանության և ընդհանրապես իշխանության աղբյուրն օլիգարխիան է, ապա հարկ է նրա քաղաքականությունը պետության ղեկավարի պաշտոնում անսխալ համարել, բացի թուլության և ծածուկ ընդդիմախոսների հանդեպ ավելորդ հանդուրժողության մի քանի դրսևորումից։ Հենց սրա հետ պետք է կապել օլիգարխիայի սանձարձակությունն ու կամայականությունը. իսկապես, եթե նախագահ Սարգսյանն իր իշխանության աղբյուր համարում է, ասենք, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ապա, բնական է, որ նրա առաջին հոգսը պետք է լինի պրն Ալեքսանյանի կոմերցիոն շահերի սպասարկումը, անկախ այն բանից, թե որքանով են պետության և տնտեսության համար կործանարար վերջինի մենաշնորհային արտոնությունները։ Իսկ այն մասին, թե ինչի կարող են հանգեցնել օլիգարխիայի ախորժակն ու սանձարձակությունը` բնակչության համատարած աղքատությունից և տնտեսության կործանումից մինչև Հայաստանի լիակատար ամայացումը և, հետևաբար, հայկական պետության «փակումը», ոչ ոք չի ուզում մտածել, քանի որ քթների տակ են երկու ընտրարշավ, որոնցից յուրաքանչյուրը վճռորոշ է նախագահ Սարգսյանի համար, որը կարծում է, թե, ինչպես վերն ասվեց, հենց պրն Ալեքսանյանն ու նրա համախոհներն են իր իշխանության աղբյուրները։

Սակայն բանն այն է, որ անհերքելի մի ճշմարտություն գոյություն ունի. ցանկացած պլուտոկրատական ռեժիմ հավերժ չէ և վաղ թե ուշ ասպարեզից դուրս է գալու, ինչպես դա տեղի ունեցավ արաբական աշխարհում, քանի որ, օլիգարխիայից և բյուրոկրատիայից բացի, օլիգարխիական պետությունում նաև բնակչություն է ապրում, որն ունի նյարդային համակարգ, արժանապատվության, ինքնահարգանքի, համբերության որոշակի չափաբաժին, արդարության բնական ծարավ, որը չի հագենում, և դրանց պակասն ինչ-որ կերպ իրեն զգալ է տալու։ Եթե Եգիպտոսում հանրապետական օլիգարխիական կարգը գրեթե կես դար գոյատևեց և կործանվեց ականավոր պետական գործչի օրոք, ապա դժվար է ասել, թե որքան երկար կդիմանա Հայաստանի օլիգարխիական ռեժիմը, ավելի ճիշտ կլինի ասել, որ դա ընդամենը ժամանակի հարց է։

Բայց բանն այն է, որ Հայաստանում պլուտոկրատական ռեժիմի հաստատման երկրորդ տասնամյակի ավարտին տեղի ունեցան էական փոփոխություններ հանրային գիտակցության մեջ, որն այլևս չի ընդունում առկա իրականությունը, իսկ իրականությունը չընդունելու առաջին և առայժմ միակ գործուն հակազդեցությունն արտագաղթն է։ 2008թ. Հայաստանի ժողովուրդն ակտիվ մասնակցություն ունեցավ նախագահական ընտրություններին, որոնց վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացության, որ իրականում ոչ թե օլիգարխիան Սարգսյանին նախագահ ընտրեց, այլ բավական մեծաթիվ և համոզմունքներով մոնոլիտ մարդկանց շերտը, որը չէր ընդունում առաջին նախագահի` բնակչության մեծամասնության համար ատելի քաղաքական ռեժիմի և քաղաքական իրականության ճարտարապետի վերադարձը։ Ավելացնենք նաև, որ անկախության քսանամյակի ավարտին խիստ սխալ է չափազանցել օլիգարխիայի հասարակական-քաղաքական նշանակությունը. այսպես, եթե օլիգարխիական էլիտայի որևէ ներկայացուցիչ ի վիճակի է ընտրություններին ապահովել, ասենք, 10.000 ձայն (փողով, այլ լծակներով և ռեսուրսներով), և այդ ձայները գրվում են նրա ակտիվում, որպեսզի հետագայում նրան բոնուսներ և լրացուցիչ արտոնություններ բերեն, ապա բոլորովին հաշվի չի առնվում ավելի կարևոր պահ, այն է` քանի՞ ձայնից է զրկվում ռեժիմը` սույն օլիգարխի կենսակերպի և գործունեության շնորհիվ։ Այսինքն, եթե պատգամավոր Ալեքսանյանն ի վիճակի է 10.000 ձայն ձեռք բերել ռեժիմի համար, ապա ռեժիմը հաշվի չի առնում կամ չի ուզում գիտակցել, որ զրկվում է 100.000 ձայնից միայն նրա համար, որ Հայաստանում գոյություն ունի «Լֆիկ Սամո» անվանյալ ֆենոմենը, որի հանդեպ բնակչությունը (հատկապես նրա մտածող մասը) խորին զզվանք է զգում, քանի որ դրա համար օբյեկտիվ բոլոր պատճառները կան։ Այսպիսով, հայրենական էլիտայի հանդեպ բնակչության համատարած արհամարհանքն անտեսվում է երկրի քաղաքական ղեկավարության կողմից, չնայած այն բանին, որ դա մի անգամ իրավիճակն արդեն հասցրել է կոլապսի եզրին. չէ՞ որ ատելությունը, որով լի էր Տեր-Պետրոսյանի առաջնորդած և իր ճանապարհին ամեն ինչ սրբել-տանելու պատրաստ բազմահազարանոց ամբոխը, իրականում ատելություն էր ոչ թե անձամբ Քոչարյանի և Սարգսյանի, այլ ընդհանրապես իշխող էլիտայի դեմ, որից ազատվելու համար ժողովուրդը դիմել էր իռացիոնալ գործողությունների։  

Փաստորեն, իռացիոնալ պատկեր է ստացվում, Սերժ Սարգսյանին նախագահ է ընտրում հասարակության մեծամասնությունը, իսկ նա ընտրվելուց հետո սկսում է սպասարկել օլիգարխիայի շահերը, քանի որ նրան թվում է, թե նրա իշխանության աղբյուրը հենց օլիգարխիան է, այլ ոչ թե հասարակության մեծամասնությունը։ Այսպիսով, նախագահ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի ռազմավարական սխալն իրենց իշխանության իրական, իսկական աղբյուրը չճանաչելն էր։

Այստեղից էլ գլոբալ խնդրահարույց հետևանքները ռեժիմի և ընդհանրապես երկրի համար։ Նոր տնտեսության ստեղծմամբ այդպես էլ ոչ ոք չզբաղվեց (այլ հարց է, որ չկար մեկը, որ զբաղվեր, քանի որ Տիգրան Սարգսյանի կառավարության ինտելեկտուալ պոտենցիալը հազիվ «Մոսկվա-Նյու Վասյուկիի» կարգի նախագծերին է բավականացնում), կոռուպցիան բարգավաճում է, մշակույթի և կրթության ոլորտները դեպի վերջնական կործանում են գլորվում, իսկ երկրի բնակչությունը փրկության (բառի գլոբալ իմաստով` փրկություն օլիգարխիայի կամայականությունից, համատարած անարդարությունից, անհուսությունից և նորմալ ապագայի բացակայությունից) միակ ճանապարհին է կանգնում` արտագաղթ։ 

 

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ

Ներկայիս հայկական անմխիթար իրականությունը նախագահ Սարգսյանի ընտրությունն է ու նրա նախագիծը։ Ամեն ինչ հարթ և բնական տեղի ունեցավ, այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ ամեն մեկը ծառայում է իր աղբյուրին և աշխատում է ի նպաստ նրա շահի, միայն թե մեզ մոտ մի փոքր սխալմունք ստացվեց  իսկական աղբյուրի ճանաչման հարցում, ինչի արդյունքում երկրի քաղաքական ղեկավարությունը ծառայություններ է մատուցում կեղծ աղբյուրին։ Եվ ահա այս պայմաններում նախագահ Սարգսյանը պատրաստվում է երկրորդ ժամկետին։

Բնականաբար, Հայաստանում բարձրագույն իշխանության շատերն են հավակնում, իսկ նրանցից ոմանք  նախագահական աթոռին բազմելու իրական շանսեր ունեն։ Ապագա կամպանիայի առանձնահատկությունը, ամենայն հավանականությամբ, այն կլինի, որ այս անգամ ռեժիմը չի բախվի արմատական ընդդիմության հետ, ընդդիմությունը կարող է և արմատական լինել, բայց ձեռնպահ կմնա պայքարի փողոցային, հրապարակն օկուպացնելու միջոցով իշխանությունը զավթելու և այլ մեթոդներից։ 2013-ին պայքարը կծավալվի բուն էլիտայի ներսում, և վերջ կդրվի երկիշխանությանը։ Տեսնենք, թե այս իրավիճակում ինչպես է գործում նախագահ Սարգսյանը։

Եվ այսպես, պետության ղեկավարին հաջողվեց չեզոքացնել Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածին։ Միանշանակ է մի բան. այսուհետ ՀԱԿ-ն ի զորու չէ առաջին ջութակի դեր կատարել ներքաղաքական գործընթացում և իրական սպառնալիք ստեղծել իշխող ռեժիմի գոյության համար, ինչպես դա եղավ 2008-ին։ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդմիշտ կորցրեց նախագահական պալատ վերադառնալու հնարավորությունը, և այդ փաստի գիտակցումը, ըստ իս, նրան հետ կպահի արմատական քայլերից։

Սակայն Տեր-Պետրոսյանը կարող է այլ լիդերի առաջադրել` երիտասարդ, խարիզմատիկ, 90-ականների «սովով» ու «ցրտով», կամայականությամբ ու ամենաթողությամբ չարատավորված, ինչն անհնար է դարձնում նրա թեկնածության աջակցությունը բնակչության մեծամասնության կողմից։ Եվ եթե հանկարծ նա որոշի իսկապես պայքարել իշխանության համար և իր առաջադրած թեկնածուի միջոցով երկրի ղեկը վերցնել հինգ տարով, ապա պետք է ընտրի, ասենք, Նիկոլ Փաշինյանի` թերուս, ծախու, բարոյազուրկ և անսկզբունքային գավառացու, բայց բավական խարիզմատիկ և լայն զանգվածների համար ընդունելի երիտասարդի թեկնածությունը, որի կենսագրության մութ բծերը (կաշառակերություն, շանտաժ, դրամաշորթություն «Հայկական ժամանակ» թերթը հրատարակելիս) հայտնի չեն և չեն հետաքրքրում ընտրողին։ Եթե Տեր-Պետրոսյանը գաղտնի դաշինքի մեջ մտնի Սարգսյանի հետ և որոշում ընդունի աջակցել նրան, ապա կառաջադրի նախապես պարտության դատապարտված Լևոն Զուրաբյանի պես մեկին` ՀԱԿ ներկայիս համակարգողին, սկանդալային Շողեր Մաթևոսյանի ամուսնուն։ Մի խոսքով` ժամանակը ցույց կտա, թե ինչպես կվարվի առաջին նախագահը։

Բայց վերադառնանք էլիտային և միջէլիտային պայքարին, որտեղ էլ տեղի կունենա նախագահի պաշտոնի համար գլխավոր գոտեմարտը։ Անշուշտ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ իշխանություն։ Որո՞նք են նրա պլանները` ԲՀԿ-ի միջոցով մտնել խորհրդարան և գլխավորել կառավարությունը, իսկ հետո արդեն վերցնել նախագահությունը Սարգսյանից կամ նրան դարձնել անգլիական թագուհի` ներկա պահին մեզ համար ոչ հայտնի են, ոչ էլ հետաքրքիր։ Մեզ հետաքրքիր են նախագահ Սարգսյանի պայքարի մեթոդները երկիշխանության դեմ, այսինքն` այն, ինչը մենք համարում ենք նրա մարտավարական սխալը։

Եթե երկու խոսքով ասելու լինենք, Սարգսյանի ներքին քաղաքականությունն ուղղված է էլիտայի ներկայացուցիչներին իր կողմը գրավելուն։ Նախագահը հասկանում է, որ գրեթե թիմ չունի. հայ բյուրոկրատիան և օլիգարխիան ներկա տեսքով աճեցվել են Քոչարյանի կառավարման շրջանում։ «Սեփական թիմ» ասելով պետք է հասկանալ «հարազատության» այն հատուկ աստիճանը, որը նկատվում է, ասենք, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև. միանշանակ է, որ Ծառուկյանը երբեք չի դառնա Սարգսյանի մարդը և միշտ Քոչարյանի կողքին կլինի։ Կարո՞ղ ենք արդյոք գոնե մեկ անալոգ գտնել Սարգսյանի շրջապատում, բացի հաշվված մարդկանցից, որոնք, սակայն ինքնուրույն և ազդեցիկ քաղաքական միավորներ չեն ներկայացնում (Միքայել Մինասյանի` նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի տիպի, որն ամուսնացած է պետության ղեկավարի աղջկա հետ), ինչպես նաև Արթուր Բաղդասարյանի կարգի քաղաքական դիակներից, որին արդեն ոչ ոք ոչ մի տեղ չի վերցնի։ Բնականաբար` ոչ։ Դրա համար էլ «էլիտարներին» իր ճամբար գրավելն այսօր նախագահ Սարգսյանի թիվ մեկ խնդիրն է։ Իսկ էլիտայի լոյալությունը ձեռք բերելու գործընթացն ուղեկցվում է կադրային քաղաքականությամբ և ստվերային բոնուսներ, հավելյալ արտոնություններ և առավելություններ տրամադրելով (կոմերցիայում, հարկային դաշտում)։

Այսպիսով, նախագահ Սարգսյանի և նրա շրջապատի ներքին քաղաքականությունն ավելին չէ, քան կամպանիա` ուղղված էլիտայի լոյալության ձեռքբերմանը։ Աշխատակազմի բոլոր ռեսուրսները` ֆինանսատնտեսական, լրատվական, պետական, քաղաքական, ուղղված են այս խնդրի լուծմանը։

Այս առնչությամբ խոսենք նաև նախագահի կադրային քաղաքականության մասին։ Պետք է ասել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք նրա ղեկավարներն այդքան անընդունակ մարդկանց չեն նշանակել։ Բացի որոշ անձանցից (էներգետիկայի նախարար Մովսիսյան, գյուղնախարար Կարապետյան), ոչ ոք կառավարությունում աշխատել (այսինքն` որոշակի խնդիրներ առաջադրել և լուծել դրանք) չի կարող։ Կառավարությունում միայն երկարաժամկետ ռազմավարություններ, հայեցակարգեր, նախագծեր են կարողանում ընդունել, որոնցից յուրաքանչյուրը «Մոսկվա-Նյու Վասյուկի» է։ Զարմացնում է նաև նախագահի` բացահայտորեն թույլ մարդկանց նշանակելու գործելակերպը։ Օրինակ, Ալիկ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի համար նրանց զբաղեցրած պաշտոնները չափից ավելի ծանր բեռ են։ Բավական է ասել, որ այսօր պաշտպանության նախարարությունում ոչ միանձնյա ղեկավարություն կա, ոչ էլ, ընդհանրապես, խելքին մոտ կարգ։ Օրինակ, նախարարությունում գործում է կադրերի երկու (?!) վարչություն. առաջինը գլխավոր շտաբի կադրերի վարչությունն է, երկրորդը` բուն նախարարության։ Եթե հարցնենք, թե ում են պետք կադրերի երկու վարչությունները միևնույն գերատեսչությունում, ապա մեզ կպատասխանեն, որ դրանք հարկավոր են այն բանի համար, որ գլխավոր շտաբի պետը մի գնդապետի նշանակի կորպուսի հրամանատար, իսկ պաշտպանության նախարարը չեղյալ հայտարարի այդ նշանակումը կամ հակառակը2։ Բայց թե սա որքանով է անհրաժեշտ երկրի պաշտպանունակությանը և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին` անհասկանալի է։ Հասկանալի է մի բան. այն, որ երկրի պաշտպանության նախարարությունում քաոս է տիրում, իսկ ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա գործերն այս դուքանում նույնպես լավագույն ձևով չեն ընթանում, և դա նույնպես գերատեսչության առաջին դեմքի թուլությունից է բխում։

Ասել, թե նախագահ Սարգսյանը վախենում է ուժեղ մարդկանցից, դրա համար է առաջին պլան մղում միջակություններին, հազիվ թե ճիշտ կլինի. մտածել, թե երկրում գործադիր իշխանությունում աշխատել կարողացող նորմալ, ուժեղ մարդիկ չեն մնացել, նույնպես չենք ուզում։ Իսկ թե որն է այս ամենի պատճառը, հայտնի չէ։ Այնուամենայնիվ, հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչու ԵՊՀ ռեկտոր նշանակել Արամ Սիմոնյանին, պոլիտեխնիկականի ռեկտոր` Արա Ավետիսյանին, մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյանին և այլն, և այլն, երբ նույնիսկ առաջին դեմքերի համար է ակնհայտ, որ նման անհատները պոզիտիվ ոչ մի բանի ընդունակ չեն, և միակ բանը, որին ի զորու են, իրենց վստահված ոլորտներն ու հաստատությունները կործանելն է։

Այժմ անցնենք նախագահ Սարգսյանի գլխավոր մարտավարական սխալի բուն էությանը։ Մեր կարծիքով` այդ սխալն այն է, որ Սարգսյանը վերացրեց խաղի այն կանոնները, որոնք մի ամբողջ տասնամյակ կանոնակարգում էին միջիշխանական, միջհասարակական հարաբերությունները։

Խաղի կանոններ ասելով պետք է հասկանալ չգրված այն վարքականոնը, որը սահմանում է բյուրոկրատիայի և օլիգարխիայի գործառնության սկզբունքները։ Օրինակ, կաշառք վերցնե՞լ, թե՞ ոչ, ի՞նչ չափով և ումի՞ց, զբաղվե՞լ ընդհատակյա բիզնեսով, թե՞ ոչ և ի՞նչ ծավալներով, գողանա՞լ, թե՞ ոչ և ի՞նչ ծավալներով։ Այսօր բյուրոկրատիայում քաոս և լարվածություն են տիրում։ Մեջբերեմ բարձրաստիճան դատախազի խոսքերը, որի հետ վերջերս զրույց ունեցա. «...մենք բոլորս այսօր վստահ չենք վաղվա օրվան... ասում են` կաշառք չվերցնել, պատասխանում ենք` գրողը տանի, չենք վերցնի, մենք առանց այդ էլ ապահովված ենք, ինչ-որ կերպ յոլա կգնանք... Խորհրդային Հայաստանի ողջ պատմության ընթացքում այդքան բարձրաստիճան սպա ու գեներալ չի ձերբակալվել, որքան Սերժի գալուց բետո... ոչ մի սրբություն չի մնացել, Մարգարն ու Ալիկը (ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը և ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը) եղբայրներ էին, ո՞ւր հասան..., ի՞նչ է, Մարգարը երե՞կ է սկսել բենզին ու այլ միջոցներ գողանալ ոստիկանության բյուջեից... ոստիկանության ողջ համակարգը կոլապսի շեմին է, ոչ ոք չի ուզում աշխատել առանց երաշխիքների, իսկ երաշխիքներ ոչ ոք չի տալիս... կոռուպցիայի դեմ պայքարի հիմար կամպանիա են հորինել, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ անի դրա հետ... միայն մի առողջ կառույց է մնացել` դատախազությունը, բայց այն ևս շուտով կքանդեն պաշտպանության նախարարության և ոստիկանության նման... Ռոբերտի ժամանակ ուրիշ կերպ էր, խաղի կանոններ կային, որոնց մենք հետևում էինք, իսկ դրանք խախտողներին պատժում էին և դուրս գցում համակարգից, թեև նման դեպքերը հազվադեպ էին... տա Աստված, որ այս մղձավանջը շուտ ավարտվի...»։ Կարծում եմ` դատախազի խոսքերն ինքնին խոսուն են և մեկնաբանությունների կարիք չունեն, իսկ մենք դիտարկենք կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը, որը դարձել է խաղի կանոնների վերացման պատճառներից մեկը։

Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցն այն արմատից կտրելն է։ Խոսքը կենտրոնացված կոռուպցիայի մասին է, քանի որ հենց դա է չարիքը։ Օրինակ, Նորվեգիայում ևս կարելի է հիփոթետիկորեն պատկերացնել մի իրավիճակ, երբ շարքային գաիշնիկը կարող է վարորդից փող վերցնել։ Դա, անշուշտ, եզակի դեպք կլինի, քանի որ անհնար է պատկերացնել նորվեգացի ճանապարհային ոստիկանին` թփերի հետևում թաքնված և պոտենցիալ զոհին սպասելիս` նրանից փող վերցնելու և երեկոյան ղեկավարության հետ կիսելու համար։ Մի խոսքով` կենտրոնացված կոռուպցիան հնարավոր է վերացնել, եթե առաջին դեմքը դրա կամքն ունի։ Վրաստանի փորձը դրա վառ հաստատումն է։ Օրինակ, ԳԱԻ-ի պարագայում հարկավոր է սպաների վրայից հանել օրական պլանները (կաշառքի գծով), արգելել նրանց «արածել» և դարանակալել, ստիպել, որ օրենքով աշխատեն։ Հաջորդ օրն իսկ իրավիճակը կկարգավորվի. իհարկե, բացառություններ կլինեն, կգտնվեն աֆերիստներ, որոնք կհանդգնեն արհամարհել հրահանգները, բայց դա էլ կանցնի, հենց որ մի քանի օրում մի քանի ժուլիկի նստեցնեն։ Եթե Վրաստանում` աշխարհի ամենաայլասերված երկրում, հաջողվեց հաշվված ամիսների ընթացքում ամենուր հաղթահարել կոռուպցիան, մի՞թե Հայաստանում դա անհնար կլինի։

Բայց ի՞նչ ենք տեսնում իրականում։ Առաջին դեմքերի մակարդակով ոչ ոք չի ուզում վերացնել կոռուպցիան. վերևում ասում են` պայքարեք կոռուպցիայի դեմ, բայց արմատական քայլեր ձեռնարկել չեն պատրաստվում, ավելին, նույնիսկ «տուրքերը» չեն հանում։ Արդյունքում` քաոս է և անհստակություն. չինովնիկը չգիտի ինչ անի։ Ճանապարհային ոստիկանության այդ նույն սպաները խառնաշփոթի մեջ են. մի կողմից` նրանք պետք է ամեն օր պլան հանձնեն (մայրաքաղաքում` 80.000 դրամ), մյուս կողմից` ամեն օր կարող են հայտնվել քավության նոխազի դերում։

Նույն իրավիճակն է տիրում հարկային դաշտում։ Հարկայիններն ու մաքսավորներն առավոտից իրիկուն լցնում են պետական բյուջեն, դրան զուգահեռ` հարկադրված են մտածել իրենց ապահովելու և, իհարկե, «վերև» ուղարկվող «տուրքերի» մասին, և այս ամենը` բանտարկության վախը սրտում։ Արդարադատության նախարարության և այլ գերատեսչությունների մարզային, տարածաշրջանային կառույցներում նույն իրավիճակն է` լարվածություն, անվստահություն, խառնաշփոթ3։ Այսպիսով, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է նշանակի կամ դրա տոտալ վերացում` վրացականի նման, կամ այդ պայքարն ընդհանրապես չպետք է լինի, որովհետև դրանից օգուտ չկա, բայց դա ռեժիմի համար լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ բոլորի համար հասկանալի և ընդունելի խաղի կանոնների բացակայությունն այսօր հանգեցրել է մի իրավիճակի, երբ բյուրոկրատիայի երազանքն է հին կարգերին, ասել է թե` պարզությանն ու վստահությանը վերադառնալը, ինչը նշանակում է նախագահ Սարգսյանի ռեժիմի հեռացում։

Հակակոռուպցիոն կամպանիայի ձախողման մեջ, որից նախագահին ոչնչի հետ չհամեմատվող վնաս բաժին հասավ, մաս ունեին նաև պետության ղեկավարի որոշ անձնական հատկանիշները, ինչպիսին են, ասենք, ավելորդ զիջողականությունն ու փափկությունը։ Այսպես, դեռ 2008թ. նա մտադրվել էր վերացնել ԳԱԻ-ն, համենայնդեպս` զգալիորեն կրճատեց դրա ապարատը։ Բայց նրա մոտ արցունք թափեցին և համոզեցին պահել այդ ծառայությունը` պատճառաբանելով, թե այդքան մարդկանց փողոց նետելը ճիշտ չէ, բացի դրանից, այդ մարդիկ հարկավոր են նաև ընտրական գործերում, և այլն, և այլն։  Արդյունքը եղավ այն, որ ԳԱԻ-ն առայսօր գործում է որպես լավ կարգավորված կոռումպացված համակարգ և զգալիորեն ուժեղացավ 2008-ից սկսած։ Կոռուպցիայի հանդեպ նախագահի` սոցիալական գործոնի վրա հիմնված զիջողականությանը կարելի է հանդիպել ամեն տեղ։ Վերջերս երկրի ազդեցիկ մարդկանցից մեկի հետ խոսում էինք ԵՊՀ-ում տիրող կոռուպցիայի և Արամ Սիմոնյանի նշանակման մասին։ Զրուցակիցս ասաց մոտավորապես հետևյալը. «Ես համոզված եմ, որ Սերժը կաշառակեր չէ, բայց չեմ հասկանում, թե ինչու է հանդուրժում ԵՊՀ-ում տիրող բարդակը և նշանակում է Սիմոնյանին։ Եթե նրան այնտեղից  չեն «վճարում», ինչո՞ւ չի վերացնում կոռուպցիան համալսարանում և նորմալ մարդկանց չի նշանակում»։ Այս դեպքում նույնպես գործ ունենք սոցիալական գործոնի հետ. կոռուպցիայի դեմ պայքարելով` նախագահ Սարգսյանն, այնուամենայնիվ, գիտակցված կերպով «կերակրատաշտի» սողանցք է թողնում (սույն պարագայում) պրոֆեսորադասախոսական կազմի համար, որպեսզի չվնասի նրանց բարեկեցությանն ու դժգոհության տեղիք չտա, հատկապես հիմա` երկու ընտրարշավների շեմին։

Այսպիսով, կոռուպցիայի դեմ պայքար և կոռուպցիոներների պատիժ` մի կողմից, մյուս կողմից` նրա անշահախնդիր ծածուկ խրախուսում և աջակցություն` հայտնի պատճառներով. համառոտ այսպիսին է նախագահ Սարգսյանի հակակոռուպցիոն քաղաքականության էությունը։ Հասկանալի է, որ այն վտանգավոր է և, առաջին հերթին, պետության ղեկավարի համար (տես ստորև)։ Ինչևէ, կոռուպցիան որպես սոցիալական ոլորտի օժանդակիչ. այսպիսի բան դեռ երբեք և ոչ մի տեղ չի եղել:

«Կոռուպցիայի դեմ պայքարի» հետ մեկտեղ կան նաև այլ պատճառներ, որոնք բյուրոկրատիային գցել են խառնաշփոթի մեջ։ Մասնավորապես` դրա շարքերի զտումն անցանկալի տարրերից քաղաքական դրդապատճառներով։ Այսպես, տասնյակ և հարյուրավոր ծառայողներ հեռացվեցին ոստիկանությունից, հարկային մարմիններից և առանցքային այլ գերատեսչություններից նախագահ Սարգսյանի այս կամ այն թաքուն ընդդիմախոսի հետ անձնական մոտիկության հետևանքով։ Մասնավորապես, արժանահավատ տվյալներով` հարկային մարմիններից ազատվեցին գրեթե բոլոր աշխատակիցները, որոնք համարվում էին Հովիկ Աբրահամյանի մարդիկ։ Փոխարենն ի՞նչ ստացավ նախագահ Սարգսյանը։

Փոխարենը ստացավ այն, որ 2013թ. նախագահական ընտրություններում բյուրոկրատիան նախագահը չի վերահսկի։ Ցանկացած հրահանգ, անկախ դրա օրինականության աստիճանից, կանտեսվի, եթե ընտրություններին Սարգսյանի մրցակից դառնա մեկը, որի կարգերի վերադարձն այդքան բուռն տենչում են բյուրոկրատիան և էլիտայի մեծամասնությունը, քանի որ այդպիսին է իշխանության բնույթը, որի մասին հեղինակավոր աղբյուրում կարող ենք կարդալ. «Պետական իշխանությունը կարող է իր նպատակներին հասնել տարբեր միջոցներով` գաղափարախոսական ազդեցությամբ, տնտեսական խթանմամբ և անուղղակի այլ միջոցներով, բայց միայն պետական իշխանությունն է տիրապետում հասարակության բոլոր անդամների հանդեպ հարկադրանքի մոնոպոլիային` հատուկ ապարատի միջոցով»4։ Իսկ ինչ վերաբերում է հարկադրանքին և դրա իրականացման հնարավորությանը, ապա ավելացնենք, որ իշխանության դրսևորման հիմնական ձևերն են տիրապետումը, ղեկավարումը, կառավարումը, կազմակերպումը, վերահսկումը, իսկ «...տիրապետումը ենթադրում է որոշ մարդկանց (սոցիալական խմբերի) բացարձակ կամ համեմատական ենթարկումը ուրիշներին։ Ղեկավարումը նշանակում է սեփական կամքի իրականացման կարողություն ղեկավարվող օբյեկտների վրա ուղղակի և անուղղակի ազդեցության ճանապարհով։ Այն կարող է հիմնված լինել բացառապես ղեկավարների հեղինակության (ընդգծումը` խմբ.), ղեկավարվողների կողմից ղեկավարի համապատասխան լիազորությունների ճանաչման վրա` իշխանական-հարկադիր գործառույթների նվազագույն իրագործման պարագայում»5։ Մեջբերումից կարելի է եզրակացնել, որ խաղի կանոնները վերացնող և փոխարենը ոչինչ չստեղծող իշխանությունն իրեն զրկում է ղեկավարման համար գլխավորից` հեղինակությունից, առանց որի անհնար է «ղեկավարվողների կողմից ղեկավարի համապատասխան լիազորությունների ճանաչումը` իշխանական-հարկադիր գործառույթների նվազագույն իրագործման պարագայում»։

Էլիտայի անդամներին իր կողմը գրավելու քաղաքականությունում մենք տեսնում ենք նույն իռացիոնալիզմը։ Նախագահ Սարգսյանի «ստրատեգները» տառացիորեն հետապնդում են «հեղինակություններին», որոնք հնարավոր է, որ անցնեն Քոչարյանի կողմը։ Երբեմն նույնիսկ անթաքույց, անհմուտ ու անօգուտ պայքար է ընթանում նրանց համար։ Այսպես, վերջերս նախագահ Սարգսյանը Ծաղկաձորում մեղմ խրատեց երիտասարդ գիտնականին և գեներալ Մանվել Գրիգորյանին... ընդօրինակման արժանի հերոս  համարեց (Հայաստանի երեք նախագահներից առաջինը!)։ Նախագահը մասնավորապես ասաց. «Շատ ներողություն, սխալ արտահայտություն մի արեք, Դուք Մանվելին ճանաչում եք: Ձեր պրոբլեմը գալիս է նրանից, որ դուք ղեկավարվում եք ինչ-որ դեղին մտքերով, դեղին մամուլով: Մանվելն այն հայ մարդն է, որի անձնազոհության շնորհիվ մենք շատ բաների ենք կարողացել հասնել, և այն հեքիաթները, որ պատմում են, սխալ է: Մենք այսօր ունենք Մանվելի տղա, որը Էջմիածնի քաղաքապետն է: Մենք պարբերաբար ուսումնասիրություններ ենք իրականացնում, և արդեն տևական ժամանակ է` Էջմիածնի քաղաքապետը ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքապետերից մեկն է: Ես չեմ ասում Մանվելը որևէ թերություն չունի, բայց փորձե՞լ եք համեմատել այդ թերություններն ու առավելությունները…»: Ի՞նչն է մեզ համար հետաքրքիր նախագահի այս խոսքում։ Իհարկե` ոչ այն, որ ամեն օր նախագահ Սարգսյանը հիմնականում զբաղված է նրանով, որ իրենից վանում է երկրի նորմալ քաղաքացիներին, ովքեր նրան իշխանության բերեցին 2008-ին, և ոչ էլ այն, որ ամեն օր նա իրեն է մոտեցնում այնպիսի մարդկանց, որոնք խանգարում էին նրան իշխանության գալ երեքուկես տարի առաջ։ Այստեղ մեզ հետաքրքրում է նախագահի` ներքին քաղաքականության համար պատասխանատու «ստրատեգների» կարճատեսությունը, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչ բան է գեներալ Գրիգորյանը և մարդկանց ինչ տեսակ է ներկայացնում, ինչպես նաև այն, որ նախագահ Սարգսյանն ասես կռահում է իրադարձությունները և ջանում Մանվելին պահել իր կողքին, միայն թե ընդդիմախոսները նրան չտանեն։ Բայց դրանից բան դուրս չի գա։ Ինչո՞ւ։ Հուշեմ. մարդկանց այդ տեսակից անհնար է օգուտ սպասել, իսկ կասկածողներին խորհուրդ եմ տալիս վերլուծել եռամյա վաղեմության իրադարձությունները6։ Եվ պետության ղեկավարի կողմից գեներալ Մանվել Գրիգորյանին «հերոս» ճանաչելը, որին ներելի են նրա թերությունները (ավելի ճիշտ` բռնության և խուլիգանության արարքները), հարվածում է նախագահի հեղինակությանը, որը 2008-ի իր համար ծանր փետրվարյան օրերին օգնություն խնդրեց ոչ թե Մանվելից, այլ երկրի նորմալ քաղաքացիներից, ինչպես նաև խոստացավ, որ երկրում «մաուզերիստներ» չի թողնի, իսկ հետո, հենց նրան հուշեցին, որ նրա հենարանը ոչ թե նորմալ քաղաքացիներն են, այլ մանվելակերպ տարրերը, անմիջապես անցավ նրանց շահերի սպասարկմանը` մոռանալով իր իսկական նեցուկի մասին։

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Մենք անդրադարձանք մեր ներքին մի քանի հիմնախնդիրների, որոնք (ավելի ճիշտ` դրանց հետևանքները) մեծ չափով նախագահ Սարգսյանի խնդիրներն են, թեկուզև այն բանի հիման վրա, որ նա, հնարավոր է, կհեռանա 2013-ին, իսկ մեզ հետ ոչինչ չի պատահի. մենք մեն-մենակ կմնանք մարտահրավերների առջև` չիմանալով ինչպես դիմակայել դրանց։ Նախկինի պես պահպանվում և օրեցօր ավելի է խորանում ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը, իսկ տարածքների հանձնումը, համընդհանուր կարծիքի համաձայն` Հայաստանի համար վտանգավոր և կործանարար այդ մտադրությունը, արդեն այլընտրանք չունի։ Արտագաղթի վերջը չի երևում։ Չի երևում տնտեսական առողջացման սկիզբը։ Չի երևում արդարության ուրվականը։ Չի երևում քաղաքական ղեկավարության կողմից երկրի իրավիճակի դրամատիկության գիտակցումը։ Իսկ այն, ինչ երևում է (հայկական մտքով, հայկական ճոպանուղով, «Տաշիր» մրցանակաբաշխության արարողություններով, հայկական հաղթանակներով, մասնավորապես` գեներալ Մանվելի` ԱՐ հեռուստաընկերության գծով հաղթանակներով, հայ սփյուռքով ու սփյուռքի նախարարով, հայկական գենով և այլնով սքանչանալու անդադար տոտալ կամպանիաները), ավելի լավ կլիներ ընդհանրապես չերևային, քանի որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ խրախճանք ժանտախտի ժամանակ...

 

1Այսօր Հայաստանում ցեմենտի երկու արտադրող կա. դրա մեկ տոննայի արժեքը նրանք համերաշխորեն և համաձայնեցված ձևով հասցրել են 60.000 դրամի։ Պետք է ասել, որ աշխարհում նման գին գոյություն չունի։ Դեռ 2006թ. ցեմենտի տոննան Հայաստանում արժեր 19.000 դրամ, մեկ տարի առաջ` մոտավորապես 45.000 դրամ. նշենք, որ էական որևէ բան այս շրջանում երկրի տնտեսության մեջ չի փոխվել, բացի գազի գնից, որը չնչին չափով է ազդում ցեմենտի ինքնարժեքի վրա։ Վերցնենք մթերքի շուկան։ Թե ինչպես են իրենց պահում շաքարի, սուրճի, ձվի, ցորենի, ալյուրի արտադրողներն ու ներկրողները, հայտնի է երկրի յուրաքանչյուր բնակչի։ Երբ աշխարհում դիտվում են նշված ապրանքների գների նվազման միտումներ, մեզ մոտ հակառակն է տեղի ունենում (օրինակ. շաքարի և ալյուրի գների կտրուկ բարձրացում օգոստոսի վերջին և դրանց նկատելի էժանացում համաշխարհային շուկաներում). երբ աշխարհում իրեն զգալ է տալիս գների էական բարձրացումը, մեզ մոտ տեղի է ունենում տնտեսական ցեղասպանություն հիշեցնող մի ինչ-որ բան, երբ նույնիսկ կառավարության համար է անհարմար դառնում մի կողմ քաշվել, և ստիպված վեհերոտ քայլեր է ձեռնարկում (գործի է գցում հակամենաշնորհային հանձնաժողովը, որից ոչ ոք դեռ խելքը գլխին չի տուժել և այլն)։ Բայց հայրենական օլիգարխիան առավել լուրջ վնաս հասցնում է գյուղին. գյուղատնտեսությունը համակցված կերերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների, դիզվառելիքի, գյուղտնտտեխնիկայի գների գոյացման ներկա սկզբունքների պայմաններում պարզապես դատապարտված է ոչնչացման, և նախարարներին փոխելը յուրաքանչյուր չհաջողված տարվա արդյունքներով` ոչնչի չի հանգեցնի։ Սույն պարագայում պետք է խոսել արդեն սոցիալական աղետի մասին, որը պատուհասել է հայկական գյուղը, որի հանդեպ երկրի քաղաքական ղեկավարությունն անտարբեր է կամ էլ չի տեսնում և չի գիտակցում վերահաս ողբերգության ծավալները։    

2Մենք խոսում ենք իրական փաստի մասին. բարձրաստիճան սպան նշանակվել է կորպուսի հրամանատար, հավաքել իրերը, գործընկերների և ընկերների հետ քեֆ կազմակերպել, իսկ առավոտյան իմացել է, որ նրա նշանակման մասին հրամանը պաշտպանության նախարարը չեղյալ է հայտարարել։

3Իրավիճակն այնքան դրամատիկ է, որ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի` դպրոցականին նետված նախադասությունը («ոստիկան մի դարձիր, նրանց նստեցնում են») այսօր խիստ բնական է հնչում, այնինչ մի քանի տարի առաջ երևակայել անգամ չէիր կարող պետության պաշտոնատար երկրորդ դեմքին` նման միտք բարձրաձայնելիս։

4Философский энциклопедический словарь, Москва, «Советская энциклопедия», 1983г., стр. 85.

5Նույն տեղում։

6Վերջերս, քաղաքականությամբ հետաքրքրվող մի բժշկի հետ զրուցելիս, ես միտք հայտնեցի, թե գեներալ Գրիգորյանն իսկական բակտերիա է, ինչին ի պատասխան լսեցի բժշկի` գիտականորեն հիմնավորված առարկությունը։ Նա ասաց, որ բակտերիան մի բան է, որից երբեմն-երբեմն օգուտ է լինում, իսկ առանց բակտերիաների մարդկային օրգանիզմն ի վիճակի չի լինի գործել։ Հետո ավելացրեց, որ գեներալ Գրիգորյանը վիրուս է, որից ոչ մեկի համար լավ լինել չի կարող և օրինակ բերեց 2008թ. իրադարձությունները` նշելով այն փաստը, որ Մանվելից օգուտ չունեցավ ոչ Տեր-Պետրոսյանը (որին խոստացել էր գրոհով վերցնել նախագահի նստավայրը, բայց հետո խաբել էր), ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը։ Ահա այսպիսի հետաքրքիր մտահանգում, միայն թե ափսոս, որ դրան չեն հանգում Բաղրամյան 26 հասցեում։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am