Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Տնտեսություն

Տնտեսություն
Օգոստոս 2011, N 8

ԱՌԱՎԵԼ ՃԿՈՒՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԽԹԱՆՈՒՄ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Կարեն Սաֆարյան, ՀՀ ԳԱԱ էկոնոմիկայի ինստիտուտի ասպիրանտ

Հայտնի է, որ դրամավարկային քաղաքականությունը տնտեսության կարգավորման և տնտեսական զարգացման կարևոր մեխանիզմներից է, որի համարժեք կիրառումը կարևոր դերակատարում ունի տնտեսության վարկավորման և զարգացման գործընթացում: Նորություն չէ նաև, որ Հայաստանի պարագայում վարկային տոկոսադրույքների անհամեմատ բարձր մակարդակը դեռևս շարունակում է լուրջ խոչընդոտներ ստեղծել վարկավորման գործընթացում, երբ վարկերը, առավելապես հասանելի լինելով արդեն իսկ ֆինանսապես ավելի կենսունակ և ապահովված տնտեսվարողներին, մնում են նվազ հասանելի առավել նպատակային հասցեատերերի համար, ովքեր սեփական բիզնեսը ծավալելու և զարգացնելու տեսանկյունից ֆինանսական ռեսուրսների պակաս ունեն: Թվում է, թե առողջ տրամաբանությունը պետք է միտված լիներ հակառակ իրավիճակի ձևավորմանը. վերջին հաշվով վարկը միջոց է որոշակի նպատակների իրագործման համար համալրելու դրանց իրագործմանը պակասող ֆինանսական միջոցների ճեղքվածքը, մինչդեռ խնդրին վերաբերող տեղական իրականությունն այլ է:

Կենտրոնական բանկը, որը դրամավարկային քաղաքականության իրականացնողն ու պատասխանատուն է, և որի հիմնական խնդիրն, ինչպես նշված է ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքում, Հայաստանում գների կայունության ապահովումն է, իր կողմից իրականացվող քաղաքականության հիմնական շեշտադրումներն ուղղել է այս խնդրի կարգավորմանը, որի դեպքում վերջինիս համար միջոց է ծառայում նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի կարգավորման միջոցով բանկային տոկոսադրույքի փոփոխման գործընթացը: Ընդունելով գնաճի զսպման կարևորությունը, մյուս կողմից, սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ իրականացվող նման քաղաքականության արդյունքները դեռևս տեսանելի չեն (Հայաստանում 2010-11թթ. ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, գնաճը կազմել է 11%, որից պարենային ապրանքների գծով` 17%): 

Այս ամենի մեջ կա մի հատկանշական հանգամանք, որն արժանի է առանձնակի ուշադրության: Բանն այն է, որ տնտեսության մեջ դրամի զանգվածի ընդարձակման կամ սեղմման նպատակով գործադրվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավանդական կիրառումը սոսկ շղթայական հաջորդականության մեջ է հանգեցնում դրամական զանգվածի սեղմմանը կամ ընդարձակմանը: Վերջինիս փոփոխության արդյունքում որոշակիորեն փոփոխվում են վարկավորման տոկոսադրույքի, ապա և վարկային մատչելիության մակարդակները, որոնք էլ իրենց հերթին ազդում են տնտեսության մեջ համախառն պահանջարկի մակարդակի վրա` զսպելով կամ սանձազերծելով տնտեսության մեջ գնաճային դրսևորումները: Այլ կերպ ասած, եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակը ցածր է, ապա դա հանգեցնում է վարկային տոկոսադրույքի իջեցմանը, դրամական զանգվածի ընդարձակմանը և համախառն պահանջարկի աճին, ինչն էլ, իր հերթին, նպաստում է գնաճային ռիսկերի ձևավորմանը: Տրամաբանորեն հակառակն է տեղի ունենում, երբ տնտեսության մեջ բարձրացվում է տոկոսադրույքի մակարդակը և սահմանափակվում է տնտեսվարողների կողմից վարկային փոխառություններ ներգրավելու հնարավորությունը: Եվ այս պարագայում, այնպիսի էական հանգամանք, ինչպիսին արտադրողների համար ապրանքային արտադրության ծավալների ընդարձակման նպատակով ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացումն է, որն իր հերթին, նպաստելով ապրանքային արտադրության ծավալների ընդարձակմանը, նմանապես կարող է էականորեն ազդել գների մակարդակի կայունացման վրա, գրեթե անտեսվում է:

Իրականացվող նման քաղաքականության անլիարժեքությունն ընկալելու համար առավել նպատակահարմար է անդրադառնալ Հայաստանում վարկերի տոկոսադրույքների մակարդակին, տնտեսական առանձին ոլորտների շահութաբերության աստիճաններին և առհասարակ` վարկավորման գործընթացին:

Երբ անդրադառնում ենք նախաճգնաժամային 2008 թվականի վարկավորման ծավալներին ըստ տնտեսության առանձին ոլորտների, պարզ է դառնում, որ անգամ տոկոսադրույքի բարձր մակարդակի պայմաններում, վարկավորման գործընթացը տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի գծով հանդես է բերել զարգացման միտումներ, ինչը խզվել է միայն 2009 թվականին՝ կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքների հետ (տես նկ.1):

2009 թվականի ընթացքում, ի հաշիվ ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրված կայունացնող վարկի, վարկավորման աճ է գրանցվել միայն արդյունաբերության գծով, որտեղ վարկավորման հիմնական ուղղություններն են դարձել մետաղագործության, շինանյութերի արտադրության, քիմիական և սննդի արդյունաբերության, էներգետիկայի և շինարարության ճյուղերը:

Տվյալների նման պատկերը փաստում է, որ վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկը Հայաստանում չափազանց մեծ է: Եվ դա՝ այն դեպքում, երբ տնտեսության մի շարք ոլորտների շահութաբերության աստիճանները, բացառությամբ հանքագործական արդյունաբերության, տրանսպորտի և կապի ոլորտների, առավել ցածր են, քան նույն ոլորտների վարկավորման գծով առկա տոկոսադրույքի մակարդակները, որոնց փոխկապվածությունը կամ, առավել ստույգ, տոկոսային մակարդակների դրական տարբերության աստիճանը ևս էական նշանակություն ունի դրանց հաշվին արդյունավետ ներդրումների իրականացման, հետևապես նաև վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի ձևավորման տեսանկյուններից (տես նկ.2):

Հարկ է նշել մեկ այլ կարևոր իրողություն ևս: Նշված խնդրի կամ կենտրոնական բանկի որդեգրած՝ գնաճի զսպմանն ուղղված բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի չբեկվող քաղաքականության հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանի կառավարությունը սկսել է բյուջետային և արտաքին տրանսֆերային միջոցների հաշվին տնտեսության առավել հեռանկարային ոլորտների վարկավորման գործընթացը խթանելու նպատակով իրականացնել այդ ոլորտներում գործող տնտեսվարողների վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման քաղաքականություն: Մասնավորապես` ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղատնտեսական ֆինանսավորման կառույց» ծրագրերի իրականացման գրասենյակի «Գյուղատնտեսական վարկերի տոկսադրույքների սուբսիդավորում» փորձնական ծրագրի շրջանակներում Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում իրականացվել է առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական համայնքներին գյուղատնտեսական նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, որի շրջանակներում 2008թ. ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից «Գյուղատնտեսական ֆինանսավորման կառույց» ծրագրերի իրականացման գրասենյակին է հատկացվել շուրջ 100 մլն դրամ: Գյուղատնտեսության զարգացման մեկ այլ` «Գյուղական ֆինանսական ծառայություններ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից, Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքված թիվ 4095AM վարկի միջոցներից (վարկի և օժանդակ դրամաշնորհների հանրագումարը կազմել է 28.2 մլն ԱՄՆ դոլար), շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ են առանձնացվել հանրապետությունում գործող 4 բանկերի («Ակբա կրեդիտ ագրիկոլ» ՓԲԸ, «Արդշինինվեստ» ՓԲԸ, «Անելիք բանկ» ՍՊԸ, «Ինեկո բանկ» ՓԲԸ) գյուղմթերքների արտադրության, վերամշակման, պահեստավորման, փաթեթավորման, շուկայահանման և գյուղատնտեսական այլ ենթաոլորտների զարգացմանն ուղղված վարկեր տրամադրելու համար, հետևյալ պայմաններով.

* կարճաժամկետ վարկեր մինչև 18 ամիս ժամկետով,

* երկարաժամկետ վարկեր, առավելագույնը մինչև 84 ամիս ժամկետներով (վարկի տևողությունը կախված է եղել ենթավարկառուի գործունեության ոլորտից և ծրագրի առանձնահատկություններից),

* վարկերի հաշվին տրամադրված գումարները կազմել են նվազագույնը մինչև 5000 ԱՄՆ դոլար և առավելագույնը 150.000 ԱՄՆ դոլար,

* երկարաժամկետ վարկերի գծով նախատեսվել է վարկի մարման արտոնյալ ժամկետ մինչև 18 ամիս տևողությամբ, որի ընթացքում վարկառուներն ազատված են եղել մայր գումարի վճարման պարտավորությունից:

Այս քաղաքականության արդյունքում 2006-2009թթ. նշված բանկերի միջոցով տրամադրված վարկերի մեծությունը կազմել է 5.5 միլիոն ԱՄՆ դոլար, որի հաշվին հատկացվել են շուրջ 80 երկարաժամկետ վարկեր՝ միջինը 10-14 տոկոսադրույքով և ենթավարկի 70.000 ԱՄՆ դոլար միջին գումարի չափով` ուղղված այգեգործության, ձկնաբուծության, մշակաբույսերի արտադրության ու վերամշակման, կաթի վերամշակման, թռչնաբուծության ոլորտների զարգացմանը:

Այսպիով, ակնհայտ է, որ անգամ մի կողմ թողնելով համանման սուբսիդավորման բավականաչափ սահմանափակ բնույթը և ծավալները՝ տնտեսության կարգավորման հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համատեղ իրականացման մեջ ապահովված չէ համատեղ քաղաքականության իրականացման նպատակային համարժեքությունը: Մի կողմից՝ կենտրոնական բանկը կիրառում է իրեն բնորոշ վարկավորման գործընթացի զսպման քաղաքականություն, մյուս կողմից՝ կառավարությունն այդ քաղաքականության ստեղծած արգելքները տնտեսական վարկառուների համար մեղմելու նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ է ծախսում առանց այդ էլ բավականաչափ սահմանափակ պետական բյուջետային միջոցներից: Եվ այս պարագայում ամենազավեշտալին, թերևս, այն է, որ անգամ նման իրավիճակում, չնայած կենտրոնական բանկի կողմից բարձր վարկային տոկոսադրույքների մակարդակի պահպանման միջոցով գնաճի իջեցման նախորդ տարիների` մեծ մասամբ ձախողված արդյունքներին, դեռևս խոսք չկա այն մասին, որ արդեն բավականաչափ երկար իրականացվող դրամավարկային նմանատիպ քաղաքականությունը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձր մակարդակի պահպանմանը միտված միջոցառումները վերանայման անհրաժեշտություն ունեն, oրինակ` առևտրային բանկերի առավել ճկուն վերաֆինանսավորման քաղաքականության իրականացման ճանապարհով, երբ ոչ թե կառավարությունը, այլ կենտրոնական բանկը կիրականացնի տնտեսական զարգացման ներուժ ունեցող ճյուղերին տրամադրվող վարկային գումարներն առևտրային բանկերին առավել ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքներով սուբսիդավորելու քաղաքականությունը: Կամ, այլ կերպ ասած` կախված տնտեսության տվյալ ոլորտի շահութաբերության մակարդակի և զարգացման ներուժից, կորդեգրի այդ ոլորտների վարկավորման մատչելիության բարձրացմանն ուղղված, տարբերակված քաղաքականություն, որովհետև ընդհանուր ուղղվածություն ունեցող ներկա քաղաքականության իրականացումը, որի մեջ հաշվի չեն առնված Հայաստանի տնտեսության ինստիտուցիոնալ, տնտեսական առանձնահատկությունները նույնն են, ինչ հիվանդ մեկի որևէ հիվանդ օրգանը բուժելու և այդ օրգանի առողջացման համար անհրաժեշտ դեղամիջոցի փոխարեն նշանակել ընդհանուր ազդեցության կազդուրիչ դեղամիջոց` ուղղված առավելապես վերջինիս ջերմի իջեցմանը:

Ինչևէ, իրավիճակը դեռևս անփոփոխ է, և խնդիրը շարունակում է պահպանել արդիականությունը: Վարկային տոկոսադրույքները դեռևս բարձր են, բարձր են նաև գնաճի տեմպերը, գնաճի համեմատ առավել ցածր են տնային տնտեսությունների եկամուտների աճի տեմպերը, իսկ տնտեսական զարգացման սայլը դեռևս շարունակում է առաջ շարժվել հնարավորից ավելի դանդաղ տեմպերով:


Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am