Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Օգոստոս 2011, N 8

ՆՎԱԶՄԱՆ ԵՐԿԻՐ

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԳՐԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուբեն Վարդանյան, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, Արիզոնայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր

- Հարգելիս, կարո՞ղ եմ հեռանալ այստեղից...

- Իսրայե՞լ։ Վերցրեք թերթիկն ու լրացրեք...

- Իսկ Ամերիկա՞...

- Վերցրեք երկրորդ թերթիկն ու լրացրեք...

- Իսկ Գերմանիա՞...

- Վերցրեք թերթիկն ու լրացրեք...

- Իսկ Ավստրալիա՞...

- Ահա գլոբուսը. երբ որոշեք՝ ուր եք ուզում գնալ, վերցրեք թերթիկն ու լրացրեք։

Աբրամը վերցնում է գլոբուսն ու երկար պտտում։

- Ասացեք, խնդրեմ, հարգելիս, ուրիշ գլոբուս չունե՞ք...

Անեկդոտ

 

«A Matador’s Mistress» (կամ մի շարք երկրների պրոկատում՝ «Manolete») գունեղ և հուզական կինոնկարը հայտնի ցլամարտիկ, Մանոլետե մականվամբ հանդես եկող Մանուել Ռոդրիգեզ Սանչեսի կյանքի և ճակատագրական կրքի մասին, Էդրիան Բրոուդիի և Պենելոպա Կրուզի փայլուն դերասանական խաղով, ինձ տեղափոխեց 1993թ. մայիս, երբ Իսպանիայի հնագույն Universidade de Santiago de Compostela համալսարանից Երևան վերադառնալիս՝ Մադրիդում ցլամարտի հրավիրվեցի։

Ցլամարտը դաժան տեսարան է։ Դա պարզապես ներկայացում չէ, դա մարդու և ցլի մենամարտ չէ, դա ողբերգություն է, որը կրքերի շիկացմամբ չի զիջում կյանքի ալգորիթմին։ Այն իրադարձությունների իր զարգացումն ունի, հիմնական գործողությունն ու անխուսափելի ողբերգական հանգուցալուծումը։

Ներկայացումն սկսվում է նրանով, որ ասպարեզ է դուրս բերվում վիճակահանությամբ ընտրված ուժեղ, երիտասարդ ու գեղեցիկ, հատուկ պահված ու հատուկ ցեղատեսակի ցուլը, որին դիմավորում են բանդերիլյերոները՝ ապագա ցլամարտիկները։ Նրանց խնդիրն է կատաղեցնել ցլին, «ձեռ առնել» նրան, հասկանալ նրա բնավորությունը, ուժը, հակումներն ու բարքը, ակնարկել, որ ասպարեզը, ուր հայտնվել է ճակատագրի բերումով, տեր ունի։

Հետո ձիով ասպարեզ է դուրս գալիս պիկադորը. նրա ձին վտանգից ապահովված է։ Երկար տեգի օգնությամբ պիկադորը սկսում է վիրավորական հարվածներ հասցնել հզոր ու գեղեցկատես ցլին, հանել նրան համբերությունից։ Հզոր կենդանին դեռ գլխի չի ընկնում, թե իրենից ինչ են ուզում, ինչու են արհամարհում, ինչու են ցավ պատճառում, բայց սկսում է հասկանալ, որ մրցասպարեզում վտանգավոր է։ Ուժեղ ու խիզախ ցուլը փորձում է «պատասխանել»՝ հարձակվել պիկադորի ձիու վրա, պոզահարել իրեն վիրավորողին։

Հաջորդ ակտում կրկին դուրս են գալիս բանդերիլյերոները։ Ցուլն արդեն կատաղած է, գիտե, որ ինչ-որ նոր մարդիկ, ոչ նրանք, ովքեր իրեն խնամքով պահել-մեծացրել են, հենց այնպես ցավ են պատճառում իրեն, ու պատրաստ է և՛ կատաղի պաշտպանվել, և՛ հարձակվել։ Բայց գլխավորն այն է, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե այդ ինչ է արել, որտեղից են այդքան թշնամիները, ինչ են իրենից ուզում Աստված գիտի, թե որտեղից հայտնված այդ մարդիկ։ Այս տերցիայում մարզված բանդերիլյերոներն իրար հետևից ցլի մարմինը ծակոտում են երեք զույգ գունավոր բանդերիլյաներով, որոնք, տարուբերվելով, յուրաքանչյուր շարժման հետ անասելի ցավ են պատճառում նրան։ Կորիդայի վերջին տերցիան (մահվան տերցիա) ցլին սպանելն է։ Ասպարեզ է ելնում մատադորը՝ զինված սրով և կարմիր լաթով՝ մուլետայով։ Նա չի մարտնչում ցլի հետ, ավելի շուտ՝ ծաղրի է ենթարկում նրան։ Մատադորը բազմաթիվ մշակված մարտավարական, ռազմավարական և հոգեբանական հնարքներ է բանեցնում, որոնք արժանանում են տրիբունաների բուռն գնահատականին ու ծափերին։ Հիշում եմ, թե ինչպես մարտերից մեկի ժամանակ 450 կիլոգրամանոց շքեղ ցլի նյարդերը չդիմացան, և նա խայտառակորեն չոքեց մարմնին կիպ կպած կապույտ հագուստով, վարդագույն գուլպաներով, ոչ բարձր կրունկներով կոշիկներ հագած նիհարիկ մատադորի առջև։ Աստիճանաբար վրա է հասնում ներկայացման գագաթնակետը, այն պահը, երբ հարկավոր է կենդանուն հասցնել միակ, ճշգրիտ, մահացու հարվածը։ Սուրը պետք է հարվածի ուղիղ սրտին, հզոր կենդանու թիակների նեղլիկ արանքով։ Դեպքերի մեծամասնությունում, մի երկու վայրկյան քարանալով՝ կենդանին մեռած վայր է ընկնում։ Եթե հարվածը վրիպում է, ցլին սպանում է թիմը։

 

* * *

Հենց այս դաժան ներկայացման ժամանակ էլ մեջս մի քանի զուգահեռներ ու համադրություններ ծագեցին գենետիկորեն պիտանի, հատուկ նպատակով վարժեցված, որոշակի գործունեության համար պատրաստված մարդկային անհատի կյանքի և ցլի միջև։ Ցանկացած հասարակությունում կա բնակչության առողջ, խելացի, ուսյալ մի շերտ, որը կրողն է գիտական, ինժեներային, հումանիտար և այլ գիտելիքների, ի վիճակի է աշխատել երկրի ապագայի, նրա բարգավաճման համար։ Բայց ԽՍՀՄ նախկին բոլոր 15 հանրապետություններում նրանից խլեցին իրենց ուժերն ու կարողություններն ի սպաս դնելու հնարավորությունը։ Արհամարհված վիճակից դուրս գալու միակ ելքը նրանց համար «օտար» ասպարեզ ելնելու փորձն էր, որտեղ նրանց սպասում է գրեթե անխուսափելի վերջաբանը։ Ցլամարտը կյանքի այլաբանությունն է, որտեղ ողբերգության մեջ միահյուսվում են հաղթանակն ու պարտությունը, փառքն ու մահը։ Տորերոն իր շքախմբի հետ մարմնավորում է իշխանության արբեցնող հմայքը, գրեթե ամեն մի ցլի, ամեն մի անհատականության՝ իրեն ենթարկեցնելու նրա ապրիորի հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, ինչպես կյանքում, այնպես էլ ցլամարտում տորերոյին մշտապես շրջապատում են թիմն ու հանրությունը, որին իր հնարավորությունները ցուցադրելու համար էլ նա հաճախ աշխատում է։ Իշխանությամբ արբելը հենց նրանով է քաղցր, որ դրան հետևում են հազարավոր հանդիսականներ։

 

* * *

Եվ այսպես, 1993 թվական։ Նախկին փլուզված ԽՍՀՄ։ Շուրջն ամեն ինչ ոչ թե կյանք է հիշեցնում, այլ մակետ։ Կոպիտ, չաշխատող, կյանք հիշեցնող ինչ-որ բան՝ ներսից դատարկ, դրսից՝ կառչած ինչից ասես։ Արևմտյան մեթոդներն ընդօրինակելու փորձերը հակառակ արդյունքներ են տալիս։ Պատմականորեն ոչ վաղ անցյալի անձի պաշտամունքը փոխարինվել է կասկածելի անձանց պաշտամունքով, տափակամտությամբ տառապող տգետների կամայականությամբ, որոնք սկսեցին հիմարաբար ավերել այն ամենը, ինչ կար։ Ազատ և սահմանափակումներ չունեցող շուկաների հավատի վրա հիմնված գաղափարախոսությունը Միությունը հասցրեց սնանկացման եզրին։ Կյանքում, մրցակցությունում, կարիերայում, մասնագիտության մեջ, քաղաքականությունում, առանց կանոնների խաղում ամենևին էլ ուժեղները չեն հաղթում։ Ճիշտ այնպես, ինչպես թուրքական ասացվածքում է. «Վերջին ուղտը դառնում է առաջինը, երբ քարավանը հետ է դառնում»։ Ոչ բավականաչափ ուսյալ, անփորձ, բարոյական առանցք չունեցող, զոմբիացված տկարամիտներն անսահմանափակ իշխանություն և անչափելի փողեր տնօրինելու իրավունք ստացան։ Եվ նրանք կարողացան ջանասիրաբար վարկաբեկել այն ամենը, ինչին հասցրին դիպչել։ Վայրենու չրխկանի վերածեցին «ազատ ընտրություններ», «իշխանության բաշխում», «անկախ դատարան», «քաղաքացիական հասարակություն» և այլ հասկացություններ, իշխանությունը վերածեցին անբնական պետական կառույցի՝ ԽՍՀՄ ժառանգության մակաբույծի, որը խժռում է նաև ապագա սերունդների ժառանգությունը։ Նրանք, ովքեր «ոչինչ» էին և ըստ էության ոչինչ էլ մնացին, «պարոններ» դարձան՝ «տնտեսության գծով ակադեմիկոսներ», միջազգային հարաբերությունների մասնագետներ, մտքերի տիրակալներ՝ կարևոր պաշտոնեական դեմքներին՝ քամահրական հովանավորչական քմծիծաղ, գերազանցության բարդույթով, հակառակ բարդույթով՝ թերարժեքությամբ։ Լենին պապին նրանց մասին կասեր. քաղաքական մարմնավաճառներ և գաղափարախոսական իմպոտենտներ։ Նրանցից շատերը բարեհաջող մինչև ծերություն հասան՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Հիմա, 20 տարի անց, հետաքրքիր կլիներ հարցնել նրանց. հավատո՞ւմ էին արդյոք գիտականակերպ քողարկում ստացած այն դոգմաների հավաքածուին, այն զառանցանքին, որը մատուցեցին ԽՍՀՄ 300 միլիոնանոց բնակչությանը։ Ինչո՞ւ արժանավոր տերությունը վերածեցին խեղճուկրակ, չարակամ, ագահ, այլասերված և դեգեներատիվ կազմավորումների հավաքածուի։ Ինչո՞ւ ստեղծեցին ոչ ճիշտ հասարակությունների ամբողջություն, որոնցում սակավաթիվ ընտրյալների հարստությունը դարձավ ողջ հասարակության գլխավոր իմաստն ու նպատակը։ Եվ հանուն այդ սակավաթիվների հարստության մնացած բոլորը տխմարացվեցին ու այլասերվեցին։ Երեք և երկու ստացողները, և նրանցից հատկապես մեկը` տանկ նստած, հասկանում ե՞ս... նույն Լենին պապիկին ընդօրինակելով, ամբիոն բարձրանալով, ներկայացնում էին նոր աշխարհի շինարարներին` սկսելով երկրի կործանման գործունեությունը։ Նրանք հավանաբար փախել էին պատմության այն դասից, որի ժամանակ պետք է սովորեին, որ ԱՄՆ-ը ԱՄՆ, իսկ Աբրահամ Լինքոլնն էլ՝ ամերիկյան ժողովրդի գիտակցության մեջ կենտրոնական պատմական դեմք   դարձան հենց այն պատճառով, որ վերջինը կանխեց Միացյալ Նահանգների փլուզումը Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ցավոք, այսօր ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ը, այլև ամբողջ մոլորակն է խժռում ինքն իրեն՝ չիմանալով, թե ինչպես շարունակել ապրել։ Աշխարհը հետ է վարժվել ճիշտ, բնական ապրելուց։

 

* * *

Բոլոր 15 նախկին հանրապետություններում պահպանված հաստատությունները և բյուրոկրատական գերատեսչությունները, հլու-հնազանդ ընտրելով քայքայման բացարձակ փակուղային մոդելը, կենտրոնացան ռազմավարական երկու արտադրանքի՝ վնասի և աբսուրդի արտադրության վրա։ Երկրագնդի ցամաքի մեկ վեցերորդ մասում բովանդակության վակուում առաջացավ։ Համակարգի անկարգության չափը հասավ առավելագույնին և սկսեց կոտրել ոմանց, մյուսներին վերածել անասունի կամ գազանի, կոփել մի մասին, վտարել մյուսներին։ «Մարդ» հասկացությունը դադարեց հպարտ հնչել։ Գլխավոր և առավել հարգարժան մասնագիտություն դարձավ պարզամիտ մարդուն՝ «լոխին» խաբել կարողանալը։ Ողջ քաղաքակիրթ աշխարհում եթե մարդուն կոռուպցիոներ, «քցող», ժուլիկ են համարում, նրա հեղինակությանն ահռռելի վնաս է հասցվում։ Իսկ նախկին ԽՍՀՄ տարածքում այդ հատկանիշները դարձան հաջողակության հոմանիշներ։ Հանրային գիտակցության մեջ արագ ներմուծվեց համոզմունքն այն բանի, որ հետխորհրդային տարածքում դա մի ինչ-որ ամոթալի ու անպարկեշտ բան չէ, այլ նրա գործունեության անհրաժեշտ ու պարտադիր պայմանը։ Սեփական հացը կոշտուկներով, իմացությամբ, գիտելիքներով, կյանքով վաստակելն առանց այդ էլ երբեք առանձնակի հեռանկարներ չուներ, իսկ հիմա ընդհանրապես անհնար դարձավ ոչ միայն այն պատճառով, որ արդյունաբերությունը վերացավ, այլև որովհետև դա դարձավ «լոխերի» բաժինը։ Հասարակությունը մերժեց տասը պատվիրանները, նրանում սկսեցին ձևավորվել արժեքներ, որոնք չեն կարող ընդունվել մարդկանց կողմից։

Կայուն և պատմական դեր ունեցող ժողովուրդների մոտ եկան «միջազգային կազմակերպություններ», «ազատարարներ» և առաջարկեցին ընտրել «մենագերի», «Ֆեդերալ էքսպրեսի» ցրիչի, մատուցողի, պիցա առաքողի մասնագիտությունները։

Նորահայտ պետական այրերը չկարողացան կատարել իրենց գլխավոր գործառույթը՝ երկիրը պաշտպանել քայքայումից, իսկ նրա քաղաքացիներին՝ աղքատությունից և անիրավությունից։ Գուցե նրանք դրան պատրա՞ստ չէին։ Գիտելիքները, փորձը, իմացությո՞ւնը չէին բավականացնում։ Իսկ գուցե պարզապես կարգադրություննե՞ր էին կատարում, երբ հրամայված էր կործանել պետությունն ու այն «ընծայել» «յուրայիններին», այսինքն՝ դեմոկրատիա կառուցել մասնավոր կապիտալով։ Մենք բոլորս վկան դարձանք այն բանի, թե ինչպես է մահանում Միությունը, բայց առանձնապես ծանր էր մահանում Հայաստանը։ Անլույս խավարի ու ցրտի մեջ, ամենուրեք հեծկլտոց, հեծեծանք ու հառաչանք, իսկ երբեմն էլ՝ փլուզման ու ավերման դղրղյուն էր լսվում։ Մենք հայտնվեցինք բոլոր կողմերից շրջափակված ծուղակում։ Մեր աչքերի առջև տեղի ունեցան տնտեսության քայքայումը, երկրի հարստությունների թալանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, մշակույթի վերացումը, ժամանակը մեր երկրում հետ էր ընթանում։

Երկրի նոր ղեկավարությունը, անցնելով ղարաբաղյան իրադարձությունների հրի ու ջրի միջով, չդիմացավ փորձությանը և, չգիտես ինչու, ինքն սկսեց ծանակել երկիրն ու ժողովրդին։ Ոչ պրֆեսիոնալների սահմանած նոր կարգերն աղքատություն, գործազրկություն, անօթևաններ, մի խոսքով՝ սոցիալական աղետ առաջ բերեցին։ Իսկ սոցիալական աղետները չէին կարող ատելություն չծնել կյանքի պայմանների հանդեպ։ Բնության օրենքներն անսասան են, և ակնթարթորեն աշխատեց սոցիալական թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքը, որը, ինչպես հայտնի է, աշխատում է բացառապես մի ուղղությամբ։ Ավտոմատ կերպով սկսեց գործել նաև գոյատևման բնազդը, և ժողովուրդը սկսեց կապել ճամպրուկները։ Անելանելիության սահմանագծին հասած մարդիկ սկսեցին փախչել։ Սկսեց գործել ինքնապաշտպանության բնազդի ածանցյալը՝ համատարած արտագաղթը։

Մագնիսի նման ձգող Մոսկվա տանող ինքնաթիռները լեփ-լեցուն տրամվայներ էին հիշեցնում։ Ոմանք էլ ավելի հեռուն էին գնում՝ դեպի Մեծ աշխարհ։ Բոլոր սահմաններն անցած արտագաղթը ցույց տվեց, որ ոչ ոք և ոչինչ չի կարող աշխատել տալ մի ինչ-որ համակարգ, եթե այն սկզբից ևեթ կենսունակ չէ, եթե կառուցված է արհեստական դրույթների, ստի ու հիմարության պաշտամունքի, այլ ոչ թե օբյեկտիվ օրենքների վրա։ Գաղափարը, թե պետությունը պետք է հեռանա բոլոր ոլորտներից՝ ինքնահոսի թողնելով երկրի զարգացման վեկտորի, ներքին քաղաքականության և տնտեսության կարևորագույն հարցերի ուղղությունը, իրեն չարդարացրեց։ Դա մոլորություն չէր, այլ կեղծիք։ Այսօր արդեն՝ աբստրակցիա։ 90-ականների դատողությունների մեջ մնացած «նոր պարոնները», դատողություններ, որոնք խայտառակ ձևով տապալվեցին հենց Արևմուտքում, չափից ավելի ինքնավստահությամբ ու ամբարտավանորեն շարունակում են հավաստիացնել ժողովրդին, որ ուր որ է դեմոկրատիայի ձեռքը բռնած կգա շուկան, որին՝ իր նկատմամբ անմնացորդ հավատից բացի, ուրիշ ոչինչ պետք չէ, որն ինքն ամեն ինչ կանի։ (Ի դեպ, սա այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ գնվում և վաճառվում է։ Այդ թվում. պաշտոններ, կոչումներ, հեղինակություն, հարգանք, սեր, բարեկամություն, աստիճանավորներ)։ Իսկ երկրներն ուղիղ քսան տառապալի տարի անիմաստ որոնում ու փորձում են գտնել պատասխաններն այնտեղ, որտեղ դրանք չկան, մեղավորներ են փնտրում բոլորի մեջ, բացի իրենցից։

 

* * *

Հավերժ տառապյալ, հավերժ ինչ-որ մեկի կողմից նվաճյալ Հայաստանը 1920-1988թթ. կարճատև ֆանտաստիկ թռիչքից հետո կրկին մտավ ցրիվ գալու փուլ։ Հայաստանը վերստին վերածվեց մի երկրի, որտեղից փախչում են, այս անգամ՝ դժբախտության հեռանկարից, ինքնակայանալու հնարավորության հետևից։

Հավանաբար, հայերի առաջին զանգվածային տարագրությունը միջնադարում տեղի է ունեցել Անիի անկումից հետո։ Երկրորդ հզոր տարագրությունը տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հետո։ Հրաշքով փրկված արևմտահայերը տեղափոխվեցին Ռուսաստան, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներ։ Խորհրդային Հայաստանի հայրենադարձության քաղաքականությունը նրանց մի մասին՝ մոտ 150.000 հոգու, բերեց պատմական հայրենիք։ Սակայն սկսած 70-ական թթ., երբ ի հայտ եկան Խրուշչովի գործունեության արդյունքների առաջին սիմպտոմները, հայրենադարձներից ոմանք՝ ավելի  իմաստնացած կյանքի փորձով, վատ հոտ առնելով, սկսեցին լքել Հայաստանը։

Արդեն երկու և կես հազարամյակ հայկական կյանքի ճոճանակը տատանվում է մի ծայրահեղությունից մյուսի միջև, և մեր պատմության անիվը գլորվում է՝ շարունակելով անխղճորեն ճզմել սեփական ժողովրդին։ Վիճակագրությունը պնդում է, որ «լուսավոր» ներկայի տարիներին հուսահատությունից և անելանելիությունից Հայաստանից հեռացավ բնակչության մեկ երրորդը՝ կրիտիկական զանգվածը, ևս այդքան էլ երազում է հեռանալ։ Քչերը կան, որ կուզենային, բայց չեն հեռանում Հայաստանից։ Որովհետև դա ամենևին էլ հեշտ չէ՝ հասուն տարիքում համարձակվել հեռանալ դեպի անորոշություն, այն էլ՝ ամենուր տիրող ճգնաժամի ժամանակաշրջանում։ Որովհետև օտարության մեջ չկա տուն, չկան հարազատներ, մերձավորներ։ Որովհետև առողջությունը թույլ չի տալիս։ Որովհետև այնտեղ պետք է աշխատես քափուքրտինք մտած։ Որովհետև լեզվական պատնեշ կա։ Որովհետև ընտանիքում ինչ-որ մեկը դեմ է։ Որովհետև ծերացած ծնողներ ունի։ 1988թ. Հայաստանում բնակվում էր աշխարհի հայության 30-35%-ը, այսօր այդ թիվը մոտ 20% է։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով Հայաստանում ոչ ոք չի մնա։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնին, հնարավոր է` հայոց պատմության ընդմիշտ փակվող սև անցքն է։ Մենք պարզապես հերթական պատմական ձախողումը չէ, որ ունեցել ենք, պարզապես չենք կորցրել այն ամենը, ինչ մեզ նվիրել էին Երկրորդ Հանրապետության 70 տարիներին։ Մենք պարզապես  փոխել ենք ցուցանակներն ու դեկորացիաները, բայց ինքներս չենք փոխվել։ Մենք՝ հայերս, գերագնահատելով մեր նշանակությունն ու հնարավորությունները, հայտնվել ենք քաղաքակրթության հետնաբակում, վերջին տեղերում ֆորմալ բոլոր ցուցանիշների գծով, և որ գլխավորն է՝ վերածվել ենք հաղթանակած ստի երկրի։ Ստով թունավորված է ամեն ինչ, և որ ամենասարսափելին է՝ դրանով թունավորված է ամեն ոք։ Սաստիկ ստում ենք, թե մեծ ենք, թե հայտնի չէ, թե ուր ենք թռչում՝ տարեցտարի ավելի ու ավելի ցածր գլորվելով։

Իդեալական պետական համակարգեր չեն լինում։ Պետական համակարգերը կարելի է գնահատել միայն նրանով, թե որքանով են դրանք համարժեք պատմական պայմաններին։ Համակարգ կարող է հորինել միջին կրթություն ունեցող ցանկացած մարդ։ Բայց այս կամ այն մոդելը, հորինված խաղի կանոնները պետք է համապատասխանեն սույն վայրի և սույն ժամանակի իրականությանը։ Եթե օտար մոդելը կոնկրետ պայմանների, հազարամյակների ընթացքում ձևավորված ազգային մենթալիտետ ունեցող էթնիկ համակարգի մեջ դնես, այն չի աշխատի։ Ինչ-որ մեկին արևմտյան համակարգը կատարյալ է թվում։ Այո, ինչ-որ չափով այն ճիշտ է, բայց ԱՄՆ-ի և Կանադայի, գուցե նաև էլի մի քանի «երիտասարդ» երկրների համար։ Մեխանիկորեն Հայաստան կամ ցանկացած այլ երկիր տեղափոխելու դեպքում այն դադարում է աշխատել և հանգեցնում է ավերման ու կործանման։ Վաղուց ձևավորված ազգի իմունային համակարգը վանում է օտարածին իմպլանտանտներին։ Հայկական պայմաններին ամենից հարմարը խորհրդային համակարգն էր, որը մի փոքր ճշգրտման, պրոլետարիատի դիկտատուրայի մասին զառանցանքից ազատվելու կարիք ուներ։ Ժամանակին, Երկրորդ Հանրապետության ընդամենը առաջին երկու ոչ լրիվ տասնամյակում Հայաստանը վերածվեց արդյունաբերական երկրի, ողջ հայության հոգևոր ստեղծագործության կենտրոնի։ Դա նրա պատմության բարձունքն էր, որն սկսեց դեգրադացվել Խրուշչովի և նրա շրջապատի իշխանության գալու  և «հեգեմոններից» բաղկացած խորհրդային էլիտար խաժամուժի (պրոֆեսիոնալ առումով անպիտան ու բարոյապես անմաքուր մարդիկ, որոնք իրենց բարձր դիրքը սոցիալական հիերարխիայում ընկալում էին որպես գողանալու հնարավորություն) ձևավորվելու պահից։ Իսկ մինչխրուշչովյան էլիտան բաց համակարգ էր, որտեղ ներկայացված էին սոցիալական բոլոր նշանակալի խմբերը։ Հստակ չափանիշներ կային, թե ով և ինչպես կարող էր մտնել այդ էլիտա կամ ինչու պետք է դուրս գար այնտեղից։

ԽՍՀՄ արագ արդյունաբերական զարգացումը ստեղծեց մեծաթիվ բանվոր դասակարգին, որը, դառնալով հասարակության «հեգեմոնը», աստիճանաբար սկսեց որոնել իր ինքնությունն ու ներկայացնել ղեկավար դերի իր հավակնությունները սոցիալական կառույցում։ Բայց ոչ մի տեղ և երբեք պրոլետարները, հաղթանակած լինեն, թե ճնշված, չեն ուզում միշտ պրոլետար մնալ։ Շատ շուտով ուրբանիզացիան և ստացած կրթությունը նախկին գյուղացի պրոլետարներին ձուլում են քաղքենիների քաղաքային դասում, որը, աստիճանաբար կշտանալով ու հանդերձավորվելով, դառնում է հասարակության գլխավոր դասը, ձեռք է բերում արժանապատվություն և սկսում իրագործել իրեն որպես քաղաքական գործիչ։ Բայց քաղքենին, ի տարբերություն մտավորականի, դեռ բավականաչափ կրթված չէ։ Հայ քաղքենին գերագնահատեց իր նշանակությունը, նա նեղ ազգայնական էր և այլևս չէր ուզում հանդուրժել ինտերնացիոնալ վերնակառույցները։ Եվ, քանի որ դեռ վերջնականապես չէր հասունացել ու իր համար դեռ չէր մշակել պետական շահերի ու նախագծերի մասշտաբներով մտածելու սովորությունը, շտապեց Հուդայի շքանշանի ասպետի՝ Միխայիլ Գորբաչովի հետևից, և լավ չհաշվարկելով հնարավոր հետևանքները, քանդեց իր տունը։ Հենց այսպես տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։

Այսօր հայ հասարակությունը զառիթափ հարթության վրա է, որով արագ գլորվում է դեպի սահմանագիծը։ Դեգերումների քսան տարիներն ավելի շուտ կորած քսան տարիներ են։ Դեգրադացիայի քսան տարիներ։ Հայաստանն այլևս լուրջ արդյունաբերություն և գիտություն չունի։ 2010թ. վերջի-2011թ. սկզբի իրադարձությունները գիտության և կրթության ոլորտում՝ հայրենական գիտությանն ու կրթությանը ձոնված ռեքվիեմ են, իսկ 2012-ի համար ուսանողների բացակայությունը երկրում ուսյալ մարդկանց կրճատման հայեցակարգի արտացոլումն է։ Տարեցտարի հայ երեխաներն ավելի ու ավելի անուս են դառնում։ Հայերին հետ են վարժեցնում ստեղծելուց, ինքնուրույն մտածելուց, կտրում են արդարության, բարու և սիրո իդեալներից։ Նրանց ուղեղները լվանում են ստի սուբստանցով։ Երկրում գերակայություններ չկան, այն գրեթե ոչինչ չի արտադրում, ոչինչ չի զարգացնում։ Մտքի խորագույն անկման ֆոնին ամբողջ բնակչությունը տարված է միայն առևտրով։ Բոլորն ամեն ինչի վրա թքած ունեն, թքած չունեն միայն իրենց շահի վրա։ Այս հալածանքից անհուսությամբ լեցուն հայերը զանգվածաբար կործանում են իրենց անձը՝ աշխարհը լցնելով իրենց անվերջ լացուկոծով։

Աշխարհին պատուհասած համաշխարհային տնտեսական շիզոֆրենիայի արդյունքում տասնյակ միլիոնավոր մարդիկ ստիպված աշխարհով մեկ տեղից տեղ են տեղափոխվում՝ ավելի լավ կյանք որոնելով։ Հայերը նրանց մեջ են։ Հայաստանը դարձել է նվազման երկիր։ Բայց Հայաստանի հետ ոչ թե տարագրություն է պատահել, այլ՝ Ելք։

 

* * *

«Հեռանալը մի քիչ մեռնել է նշանակում»։ Տարագրությունը՝ ամեն տեսակ զիբիլով լի ճամպրուկով, կենսակերպի, սովորությունների, հոգևոր արժեքների հարյուրտոկոսանոց փոփոխություն է, ներաշխարհի կործանում։ Ժամանակը տարագրի համար ասես կանգ է առնում։ Օտար երկրում նա հայտնվում է ջնջված անցյալով, անորոշ ներկայով և խիստ աղոտ ապագայով։ Երևակայության մեջ, մշակութային և լեզվական փորձով նա շարունակում է ապրել իր երկրում, որը նրա հիշողության մեջ կանգ է առնում ժամանակի թանձր շերտի այն պահին, երբ նա լքել է այն։ Տարագիրների մեծ մասը երբեք չի դադարում տառապել Հայրենիքի կորստի «ֆանտոմ ցավերից»։

Առաջին սերնդի տարագիրը, որքան էլ երկերեսանություն անեն «աբորիգենները», «երկրի տերը» չէ և նույնիսկ նրա իրավահավասար անդամը չէ, այլ ընդամենը արմատախիլ ու կռնատ մեկը՝ մշակութային ու լեզվական խնդիրներով, որտեղ բացարձակապես ամեն ինչ պետք է սկսել նորից, զրոյից, մաքուր էջից։ Ընդ որում՝ կարևոր չէ, թե ով է նա եղել «նախկին» կյանքում։ Այստեղ նա պարզապես ոչ ոք է։ Գրպանը դնելով հավակնություններն ու մոռանալով իր նախկին հեղինակավոր կոչումները՝ տարագիրը ձեռք է մեկնում ցանկացած աշխատանքի։ Այստեղ ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ դիպլոմներ, կոչումներ ու տիտղոսներ ունի նա, անգամ վարորդական իրավունքը չի ընդունվում։ Միակ բանը, ինչը կարևոր է, այն է, թե ինչ կարող է անել կոնկրետ աշխատանքում։ Այստեղ նա իմանում է իր իսկական, իրական արժեքը։

Մարդը կազմավորվում, ձևավորվում է «երիտասարդ» տարիքում՝ մինչև 25-30 տարեկանը։ Այդ տարիքից հետո Հայրենիքը լքածները դժվարությամբ են հարմարվում, իրենց ներաշխարհում ընդունում օտար մշակույթը։ Ուստի, «տարիքով» տարագիրների համար առանձնապես դժվար է, նրանք կոտրվում են, նրանց ճակատագիրը խեղվում է։ Այստեղ ոչինչ անել չես կարող։ Սա ֆիզիոլոգիական փաստ է։ Ուստի, նոր հայրենիքում «հպատակեցվում» են շատ քչերը։ Տարագիրների ավագ սերունդը շարունակում է ապրել իր նախկին երկրի խնդիրներով՝ քննարկելով «այնտեղի» նորությունները, մշտապես ինքնաթաղման վիճակում գտնվելով, միայնության և, իհարկե, վերահաս ծերության մեջ։ Դեռ բոլորովին վերջերս տարագիրներն աշխարհում կատարվող իրադարձություններին հետևում էին հեռուստացույցով, որն անգլերենի ինքնատիպ դպրոց էր, և, ի վերջո, սկսում էին ինչ-որ կերպ խոսել։ Հիմա նրանք դա էլ չեն անում. սեփական հայկական կամ ռուսական ալիքներ կան։

«Ծեր» տարագիրները ցայսօր խոսում են նախնիների կորուսյալ հայրենիքի՝ Սասունի, Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի մասին մանկուց, տատիկներից ու պապիկներից լսածները, մյուսները խոսում են յոթանասունականների Երևանի մասին, ոմանք էլ՝ իննսունականների Հայաստանի, այնպես, ինչպես հիշում են ու ընկալում։ Հավանաբար, «անցած կյանքն» է նրանց մեկնակետը։

Նոր կյանքի համար բավական ուժեղ կամք պետք է ունենալ՝ թույլ չտալու համար, որ նոստալգիան սպանի քեզ, այն հաղթահարելու համար, նոր կոորդինատներում ինքդ քեզ գտնելու համար։ Հայտնվելով դատարկության մեջ, առանց հենակետի, մարդը ստիպված է լինում վերստին ստեղծել իրեն, կերտվել որպես նոր անձնավորություն, անվերջ ապացուցել շրջապատին և առաջին հերթին` իրեն, սեփական կայացածությունը՝ դրանով իսկ ազատվելով հին կարծրատիպերից։ Անհուսության խիստ ցավեցնող, երբեմն՝ անտանելի զգացողությունից, որի մասին կարելի է առանձին վեպեր գրել միևնույն ֆաբուլայով՝ հանդարտվել, հարմարվել և կանգ առնել կամ շարունակել տառապալի «մագլցումը» և փորձել հասնել համեմատական «վերևներ»։ Ամեն ինչ կախված է նրանից, թե սիրտդ կդիմանա՞ արդյոք, շունչդ չի՞ կտրվի։ Ուստի, տարագրության մեջ բոլորը, հատկապես տղամարդիկ, սկզբում բավական խղճալի տեսարան են ներկայացնում։ Չէ՞ որ յուրաքանչյուր մարդու հավակնություններն ու ձգտումները մնում են նախկինը՝ անկախ գտնվելու վայրից, ֆինանսական դրությունից։ Եթե նախկինից ավելի լավ չես էլ ուզում ապրել, ապա գոնե՝ նախկինի պես։

Հայ տարագրությունը միշտ էլ գերազանցապես եղել է տարագրություն՝ վերադարձի գաղտնի մտադրությամբ։ Եվ նույնիսկ համատարած հեռացումը չի խոսում այն մասին, թե հայերի այդ ձգտումը նվազում է։ Տարագրին ձգում է հենց այն, ինչից նա հրաժարվել է։ Եվ դա մշակույթը չէ, լեզուն չէ, ինչպես հաճախ թվում է։ Դրանք վերցնում են իրենց հետ՝ պահելով ու փոխանցելով սերնդեսերունդ։ Տարագրության «մայթեզրին» է մնում բանականությունից դուրս մի ինչ-որ սուբստանց։

Երիտասարդների համար ավելի հեշտ է։ Նրանք «անցած կյանք» չունեն, լեզուն հեշտ են սովորում, և կարողանալով չտրվել նոստալգիային՝ համեմատաբար հեշտ են մտնում նոր աշխարհ՝ անդարձ կորելով Հայրենիքի համար։

 

* * *

Դեռ 1993թ., ցլամարտին հետևելիս, ըմբռնեցի, որ Հայաստանի կյանքում տեղի է ունեցել ոչ ժամանակային կանգառ, դա պարզապես հետընթաց չէ ժամանակի մեջ, և վիճակը շուտ չի լավանա, հազիվ թե հավասարակշռությունը վերականգնվի։ Հասկացա, որ ստեղծված հասարակության մեջ գիտական գործունեությունը սոցիալական նվաստացման եզրին հասած մասնագիտություն է դառնում։ Հասկացա, որ «նորմալ» կյանքի համար գիտությամբ զբաղվելով վաստակելը, նկատվող միտումների պայմաններում, ամենևին հեռանկարային չէ և, առավել ևս, հեռանկարային չի լինի տեսանելի ապագայում։ Ենթադրել, թե Երկրորդ Հանրապետության կործանումը հրահրած (եթե ոչ՝ հատուկ սարքած) «պարոնայք», որոնք շահադիտական նպատակներ ունեին անկախ Հայաստանը «կառուցելիս», կզբաղվեն ստեղծարար աշխատանքով՝ ի բարօրություն հասարակության և պետության կամ կընդունեն, որ սպառվել են, առնվազն միամտություն կլիներ։

Չնայած Հայաստանում տեղի ունեցող «անբնական գործընթացներին»՝ ուղիղ ինը տարի ես դեռ հրաշքի հույս ունեի։

Բայց 2002թ., երբ հոգնեցի գլուխս պատին դեմ տալով, երբ զզվելիորեն անտանելի դարձավ, երբ անհաղթահարելի ցանկություն առաջացավ՝ ընդմիշտ հրաժեշտ տալ այն ամենին, ինչին բախվել էի վերջին 14 տարիներին, առանց ափսոսանքի ամեն ինչ թողեցի։ Հեռացա մի ցանկությամբ՝ մի գեղեցիկ օր արթնանալ մի երկրում, որտեղ կարելի է զբաղվել նրանով, ինչ կարող ես, ինչ սովորել ես գիտակցական ողջ կյանքդ, որտեղ կարելի է ապրել «միայն աշխատավարձով»։ Թեև հիանալի հասկանում էի, որ արդի աշխարհում գիտությունը, անգամ առավել զարգացած երկրներում, ավելի շուտ, սոցիալական կարգ է, իսկ նրան աջակցելը՝ մշակութային, այ ոչ թե առևտրային երևույթ, ազգային կենսակերպի մի մաս։ Հասկանում էի, որ ոչ մի երկրում գիտությամբ առանձնապես կուշտ չես լինի, որ արտասահմանը, որտեղ լինում ես այցելություններով, ամենևին էլ այն արտասահմանը չէ, որտեղ ապրում ու մշտապես աշխատում ես։ Ի հավելումն այս ամենի, շուրջդ սկսվում է հստակորեն ուրվագծվել կենդանաբանությունից հայտնի մի երևույթ, թե ինչպես են աղվեսներն իրենց բնից դուրս քշում փորսուղներին։ Աղվեսները կեղտոտում են։ Կեղտոտում են այնքան առատ ու անդադար, որ զզվող փորսուղներն իրենք են հեռանում իրենց բներից։

Կեղտոտող աղվես-շառլատաններից շատերն այլևս չկան, ոմանք տիտղոսավոր անձինք, ազնվաշուք ալեհեր են դարձել և այսօր հասարակությանն են ներկայանում որպես հայկական գիտության զուբրեր, մամոնտներ, ապառաժներ։ Իսկապես, նրանցից ոմանք մի ժամանակ սրվակներ էին լվանում, մյուսները զոդիչն էին մատուցում, ոմանք էլ մատիտներն էին սրում, գարեջրի վազում, «շեֆերի»՝ մայրաքաղաքային գիտնականների համար կանիստրով թորած օղի բերում իրենց գյուղից։

Առասպելն արևմտյան դրախտի մասին, որտեղ բոլորը երջանիկ են, հօդս է ցնդում, հենց որ սեփական աչքերով ես տեսնում, սեփական խելքով հասկանում, թե ինչպես է այն կառուցված, որտեղից են դրա հարստությունն ու իշխանությունը, և ինչպես են դրանք բաշխվում։ Եվ բանն ամենևին էլ այն չէ, որ մի կարգը լավն է, մյուսը՝ վատը։ Բանն այն է, որ սարսափելի է, երբ աչքերդ բացվում են։ Աշխարհն այնպիսին ես տեսնում, ինչպիսին այն կա երկու կիսագնդում էլ՝ կոշտ և անկոտրում։

Նյուտոնը մեխանիկայի առաջին օրենքը ձևակերպել է հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր մարմին հանգստի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակում է գտնվում, քանի դեռ և որքանով որ կարիք չունի ուժի միջոցով փոխել այդ վիճակը»։ Տարագրի համար արտասահմանում ավելի լավ է, քան Հայրենիքում։ Եվ եթե հայկական «մարմինը» հանգստի վիճակում նստած է Ռուսաստանում կամ Ամերիկայում, նշանակում է՝ մղումները, որոնք նրան մղում են դեպի Հայաստան, ավելի թույլ են, քան նրանք, որոնք նրան պահում են արտասահմանում։ Մնում է նոստալգիան։

«Լավագույն միջոցը նոստալգիայի դեմ Հայրենիք այցելությունն է», որտեղ ծնվում են բազմաթիվ խառը զգացումներ։ Որտեղ տեսնում ես ծանոթների, որոնք վեր են բարձրացել սոցիալական սանդուղքով, բայց չեն դիմացել իշխանության գայթակղությանը։ Որտեղ սկսում ես զգուշանալ ընկերներիդ առողջության համար, որոնք թեև սկզբում ժանրը «գուշակել» էին, բայց այլևս չեն դիմանում նվաստացման փորձությանը։ Որտեղ հանդիպում ես երբեմնի «հենակետային» հեղինակությանը, որը մեկնում է դողդողացող ձեռքը և անամոթաբար նսեմանալով՝ հյուրասիրություն մուրում. «էս հանդիպման առիթով արժե խմել»։ Որտեղ հանդիպում ես հին օրերի ընկերներիդ, որոնք չեն բարձրացել և չեն էլ իջել, որովհետև չեն կարողացել, քանի որ խորապես մխրճվել են իրականությունից իրենց կտրվածության մեջ։ Որտեղ նողկալի զգացողություն է առաջանում՝ նայելով, թե ինչպես է երիտասարդության մի մասը վերածվում հարմարվողականի, շատ ավելի ուժեղ, քան այն, որն զգում էի շատ տարիներ առաջ՝ նայելով կոմսոմոլի գծով կարիերա անող հասակակիցներիս։

Հայաստանը՝ երկիր, որը գտնվում է Արևելքի և Արևմուտքի աշխարհագրական և պատմական հատման կետում, որի բոլոր դժբախտությունները, հնարավոր է, տեղի են ունենում աշխարհագրության և մենթալության միջև անհաշտ հակասության պատճառով, որը «պահանջախնդրության բարձր մակարդակ» է առաջացնում, այսօր կանգնած է անսպասելի խնդրի առջև։ Արդի այն աշխարհում, ուր գնում են հայերը, ազգային ավանդույթներն ու ունակություններն այլևս կիրառելի չեն։ Ժամանակը փոխվել է։ Գլոբալացման շնորհիվ աշխարհը խիստ փոխկապված է դարձել։ Գլոբալացումը փոխել է մարդկային ողջ գործունեության էությունը։ Արևմտյան քաղաքակրթության զարգացման միտումները, արդի տեղեկատվական տեխնոլոգիաները շատ արագ վերացնում են ժողովուրդների միջև սահմանները։ Եվս մեկ սերնդափոխություն, և արդեն խոսք լինել չի կարող այն մասին, որ հայկական ինչ-որ բան պահպանվի Հայաստանի սահմաններից դուրս։ Հայտնվելով խիստ պրագմատիկ միջավայրում՝ հայը, գոյատևելու, վերելքի, առաջընթացի համար ստիպված կլինի ձուլվել, հրաժարվել իր ինքնությանը բնորոշ բազմաթիվ էական բաղադրիչներից։

Վերածնվող նացիզմի, ռասիզմի, օտարատյացության և զանգվածային ու անհատական այլ պաթոլոգիաների ֆոնին՝ աշխարհի քարտեզից չվերանալը, որպես հնագույն ազգ պահպանվելը և որպես նոր երկիր կայանալը, որն իրեն տեսնում է հենց իր ակունքների, իր անցյալի հետ հարաբերակցության մեջ, հնարավոր կլինի միայն Հայաստանում։ Ուստի, ապագային հասնել պետք է միայն մեզ։ Մյուսներն առանց մեզ էլ հանգիստ կապրեն։

20-ական թվականներին բոլշևիկները, հասկանալով, որ առկա ռեսուրսով երկիրը չես կառուցի, սկսեցին Հայաստան հրավիրել հայկական ծագում ունեցող մասնագետների, գիտության և մշակույթի գործիչների։ Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի հրավերով 1921թ. Հայաստան բնակության տեղափոխվեց Մարտիրոս Սարյանը։ 1922թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը հրավիրեց Ալեքսանդր Սպենդիարովին՝ գլխավորելու հանրապետության երաժշտական կյանքը։ 1923թ. նման հրավերով Երևան տեղափոխվեց Ալեքսանդր Թամանյանը, որը ստեղծեց արդի Երևանի առաջին գլխավոր հատակագիծը, գլխավորեց և համակարգեց հանրապետությունում սկսված շինարարությունը, մշակեց հայկական մի շարք քաղաքների ու գյուղերի գլխավոր հատակագծերը։ 1920թ. առաջին ուստարում Հայաստան հրավիրվեցին անվանի գիտնականներ, որոնք արտասահմանյան բուհեր էին ավարտել և մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեին. Հակոբ Մանանդյան, Մանուկ Աբեղյան, Ստեփանոս Մալխասյանց,  և շատ ուրիշներ։ 1926թ., 15-ամյա տարագրությունից հետո, Հայաստան վերադարձավ Ավետիք Իսահակյանը։ Վերջապես, այդ նույն՝ 1926թ., Երևան հրավիրեցին մորական գծով պապիս՝ քառասնամյա կայացած մի տղամարդու, Հավլաբարում ծնված, Ներսիսյան վարժարանն ավարտած, Ժնևի համալսարանի (Université de Genève) շրջանավարտ, 1914-ից՝ նույն համալսարանի Ph.D. գիտական աստիճան ունեցող Գեորգի Ալեքսեյի Գեգելյանին։ Հրավիրեցին՝ մասնակցելու Հայաստանի սննդարդյունաբերության կազմակերպմանը, հայկական արդյունաբերության այնպիսի օբյեկտների տեխնոլոգիական գծերի թողարկմանը, ինչպիսիք էին յուղի-ճարպի կոմբինատը, մակարոնի-կարամելի ֆաբրիկան, պանրի՝ Հայաստանում մինչ այդ գոյություն չունեցող արդյունաբերական արտադրության կազմակերպումը։ Պապիս հետ, բնականաբար, տեղափոխվեց նաև մեծ մայրս՝ Հայաստանի առաջին ակնաբույժներից մեկը, որն անմիջապես ընդգրկվեց տրախոմայի (աչքի հիվանդություն, որը հատուկ է սանիտարական ցածր մշակույթ ունեցող երկրներին) վերացման աշխատանքին և իսպառ վերացրեց այդ հիվանդությունն «իրեն վստահված տարածքում»՝ Կոնդում, և մինչև խղճուկ թոշակ ստանալն աշխատեց Կոնդի պոլիկլինիկայում։ Այս բոլոր մարդիկ էլ ստեղծեցին երկիրը նրանից, ինչ կար. աղքատ, կիսագրագետ, մասնատված, «գծից դուրս եկած» ազգից։ Նրանցից յուրաքանչյուրը դարձավ այն ամենի հիմնադիրներից մեկը, ինչով այսօր հպարտանում և, միաժամանակ, ավերում ենք մինչ օրս։ Երկրում մեծ հոգածությամբ, խնամքով, ամենափոքր պտուտակով ու յուրաքանչյուր մարդով հավաքվեց պատմության մեջ պետության խիստ հազվադեպ տեսակ, որն իսկապես հանրային բարիքի կողմնակիցն էր։

Այսօր ինքնակա գոյություն ունեցող իշխանությունը պետք է երկրին վերադարձնի բովանդակությունը, առաջադրի մի գաղափար, որը կմիավորի ազգին, երկրի զարգացման ռազմավարություն, որը վերստին այն կվերադարձնի պատմության գիրկը, կվերացնի մեծ դժբախտության հետևանքները։

Հենց նա պետք է աշխարհով մեկ որոնի պրոֆեսիոնալներին, նոր գիտելիքների և արդի արժեհամակարգի կրողներին, որոնք իրենց անձնային, գործնական և բարոյական հատկանիշներով ի վիճակի են դառնալ համազգային իդեալների և շահերի արտահայտիչները, որոնք ի զորու են ստանձնել պատասխանատվությունը։

Հավանաբար, այսօր էլ, ինչպես քսանականներին, կգտնվեն խանդավառ ռոմանտիկներ, որոնք շատ բան կզոհեն և կտեղափոխվեն Հայրենիք, որտեղ նրանց, առնվազն, կկանչեն ԳՈՐԾԻ համար, ԳԱՂԱՓԱՐՆ իրագործելու համար։ Գլխավորը նրանց ինչպես հարկն է կանչելն է։ Եվ եթե դա տեղի ունենա առաջիկայում, ապա, հնարավոր է, կարելի կլինի երկիրը կրկին կառուցել։ Թեև մենք հետ ենք մնացել Ամերիկայից և Եվրոպայից մոտ հարյուր տարով,  այնուամենայնիվ, կկարողանայինք 15-20 տարում հավասարվել նրանց՝ ճիշտ երկիր կառուցելով, ճիշտ ընտրելով և կազմակերպելով գիտատար արդյունաբերության երկու-երեք ուղղություն, որոնց շուրջ արդեն, «շուկայի անտեսանելի ձեռքի շնորհիվ», անհապաղ կձևավորվի համապատասխան ենթակառուցվածքը, ինչն ավելի քան բավական է նման ոչ մեծ երկրի համար։ Ուստի, հարկավոր է դեմքով շրջվել դեպի արտադրություն, գիտություն և կրթություն, մշակույթ, գյուղատնտեսություն, ճիշտ ընտրել գերակայություններն ու դրանց վրա կենտրոնացնել երկրի բոլոր ջանքերը։ Գուցե ստացվի։

Տարագրությունը կանխելու այլ ճանապարհ ես չեմ տեսնում, էլ չեմ խոսում հայրենադարձության մասին։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am