Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Օգոստոս 2011, N 8

ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

(Մելիք Վանի և Հակոբ յուզբաշի Աթաբեկովներ) Թիֆլիս, 1902

Ժամանակին հայկական մեծ թագավորության բեկորներից մեկը հանդիսացող, պարսիկներին պատկանող Ղարաբաղն էր միայն որպես երբեմնի հզորության հուշարձաններ պահպանել հայկական մելիքների այն ժառանգական տիրույթները, որոնք ընդգրկում էին Արաքսից մինչև Կուրակ-չայ ընկած ողջ տարածքը, Գյանջայից` ներկայիս Ելիզավետպոլից 20 վերստ հեռավորության վրա: Արցախում կամ Ներքին Ղարաբաղում այդ ժառանգական տիրույթներն էին Դիզակը, Խաչենը, Ջրաբերդը և Գյուլիստանը (յիգիրմի-Դորտ), որոնք էլ ըստ էության կազմում էին ղարաբաղյան տիրույթները, ինչպես դրա մասին հաղորդում են հին ռուսական փաստաթղթերը: Ղարաբաղի լեռնային հատվածը` Սյունիքը կամ Զանգեզուրը, ներառում էր միայն մեկ նշանակալի մելիքություն` Քաշաթաղինը, շրջապատված ուրիշ, առավել մանր հայկական մելիքություններով, իսկ Արաքսին հարող հատվածը բնակեցված էր առավելապես թաթարական քոչվորներով: Հայկական թագավորության ավերման և ընդհանուր վերացման մեջ այս տիրույթների տեր մելիքները միայն կարողացան պահպանել իրենց հին ժառանգական իրավունքները և նույնիսկ մինչև 19-րդ դարասկիզբը երկրում պահել քաղաքական այն կարգը, որն այստեղ ձևավորվել էր պարսկական Սեֆյան թագավորների ժամանակներից։ Որպես Պարսկաստանի վասալներ՝ նրանք իրենց ժառանգական իրավունքները հաստատել էին տալիս պարսից շահերի մոտ և տուրք վճարում, բայց փոխարենը պահպանում էին լիակատար ինքնուրույնությունն իրենց հողերի կառավարման գործում, ունեին իրենց դատարանն ու դատաստան էին իրականացնում, իրենց ամրոցներն ու նույնիսկ սեփական պահապան ջոկատներն ունեին, որոնք պաշտպանում էին նրանց հողը լեզգիններից ու թուրքերից։

Բայց որքան էլ ուժեղ լինեին այդ մելիքությունները, ժամանակի ընթացքում նրանք սկսեցին թուլանալ, հատկապես նրանից հետո, երբ երկրամասում գերիշխող դիրք էին ձեռք բերում մերթ պարսիկները, մերթ թուրքերը, որոնք միմյանց միջև մրցում էին Անդրկովկասին տիրանալու համար: Եվ միևնույն կերպ բոլոր այս ժողովուրդներն իրենց հետևից թողնում էին ավերված դաշտեր ու այրված գյուղեր: Տարեցտարի, ամբողջ հարյուրամյակներ շարունակվեց այս տառապալից պայքարը, և փոքրիկ քրիստոնյա ժողովուրդը հերոսաբար դիմացավ մահմեդական աշխարհի շրջափակման մեջ: Այս քրիստոնյա ժողովրդի համար միակ լուսավոր շողը, որն անցավ սև ամպերի միջով, հանդիսացավ 18-րդ դ. կեսերին Պարսկաստանում թագավորած հաղթական Նադիր շահի կառավարման շրջանը, որը, գնահատելով ղարաբաղյան մելիքների ծառայությունն ու քաջությունը, ձգտում էր իր ողջ իշխանական հզորությամբ սատարել նրանց, բայց Նադիր շահի մահը, որն, ինչպես հայտնի է, զոհվեց 1747թ., վերջնական հարված հասցրեց մելիքների ինքնուրույնությանը:

Նադիր շահից հետո Պարսկաստանում գահին տիրանալու համար սկիզբ առան մի շարք երկպառակտչական պատերազմներ, իսկ նույն Անդրկովկասում, որտեղ բազմաթիվ ինքնակոչեր դեպի մեծարանքներ տանող ճանապարհ էին հարթում, դարձան Պարսկաստանից պոկված երկրամասերի տիրակալներ: Այդպես եղավ Շաքիում և Շիրվանում, և ճիշտ այդպիսի ճակատագիր վրա հասավ Ղարաբաղին 1748թ, երբ Ջևանշիրների ցեղի ավագներից մեկը՝ ոմն Փանահ, ոտքի հանեց իր քոչվոր թաթարներին և հռչակեց իրեն Ղարաբաղի խան: Երկրամասի տեղաբնիկների` հայերի միաբանության պարագայում, անշուշտ, դա երբեք չէր կարող տեղի ունենալ, սակայն երկրին վրա հասած նոր աղետների պատճառը դարձան հենց ներքին տարաձայնությունները:

Պատմությունն ասում է, որ արցախյան երկու մելիքներ` Ադամը և Հովսեփը, Ջրաբերդի և Գյուլիստանի տերերը, իրենց հանդեպ թշնամանք առաջացրին Վարանդայի հզոր մելիք Շահնազարի մեջ, որը, իր հակառակորդներին հաղթելու համար, սերտ կապեր հաստատեց Փանահ խանի հետ և նրան իրավունք տվեց իր տիրույթներում կառուցել Շուշիի ահեղ ամրոցը: Բարձր, մինչ ամպերը, գրում է տարեգիրը, բարձրանում էր Շուշիի այդ նոր գրանիտե ամրոցը՝ կառուցված գահավեժ ժայռերի մեջ, որոնց մեջ միայն մեկ նեղ անցուղի կար: Ով տիրում էր այդ ամրոցին, նա էլ գերակայում էր երկրամասում, և արցախյան մելիքները, ստիպված տեղի տալով ստեղծված իրադրության առջև, ճանաչեցին Փանահին որպես Ղարաբաղի տիրակալ և խան:

Սկզբնական շրջանում մելիքները դեռևս պահպանում էին ներքին կառավարման ազատությունը, բայց ակնհայտ էր, որ Փանահի ժառանգորդ Իբրահիմ խանի օրոք այդ ինքնուրույնությունը նվազելու էր, որովհետև Իբրահիմը պատկանում էր այն ասիական բռնապետերի շարքին, որոնք իրենց շրջապատում չեն հանդուրժում որևէ մեկի ինքնուրույնությունը, առավել ևս քրիստոնյա մելիքների, որոնց չհավատալու համար նա բավական հիմքեր ուներ: Սրանց միջև վերջնական խզումը տեղի ունեցավ 1783թ., երբ ռուսական կայսրուհին իր հովանու տակ վերցրեց Վրաստանը: Այդ ժամանակ բոլոր ղարաբաղյան մելիքները, որոնք միմյանց հետ գաղտնի պայմանագիր էին կնքել, Ռուսաստանին հպատակության երդում տվեցին:

Իբրահիմը լռում էր, քանի դեռ իրեն սպառնում էր ռուսական սվինների մոտիկությունը, բայց հազիվ էին Թիֆլիս եկած զորքերը վերադարձել նախկին բնագիծ, երբ նա շտապեց մելիքների վրա դնել իր ծանր ձեռքը. նրանցից մի քանիսը սպանվեցին վարձու մարդասպանների կողմից, մյուսները ձերբակալվեցին, երրորդները փախուստի դիմեցին Վրաստան կամ հարևան խանություններ, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվում էր խանի գանձարանի օգտին: Վերջիններիս թվում էր նաև Ջրաբերդի մելիք Մեջլումը՝ մելիք Ադամի որդին, որն իրեն ենթակա հայերի մի մասի հետ տեղափոխվեց Գյանջայի Ջևաթ խանի տիրույթներ: Այսպես, մեկը մյուսի հետևից ընկան Հայաստանի հին ժառանգական ավատների մնացորդները: Հեռացած կամ սպանված մելիքների փոխարեն Իբրահիմը նշանակեց նորերին, բայց արդեն պատվավոր ավագներից կամ բեկերից` ի տարբերություն նախկին ժառանգական տերերի: Ջրաբերդում Մեջլումի փոխարեն մելիք նշանակվեց այդ գավառակի պատվավոր բնակիչներից մեկը՝ Ռուստամ Ալահվերդովը:

Այդ ժամանակ Ջրաբերդի մելիքությունում, Քասապետ գյուղում, ապրում էր յուզբաշի Հարություն Աթաբեկովի ընտանիքը, որի ավագ որդին, որը հետագայում պատմության մեջ մտավ Վանի յուզբաշի կամ մելիք Վանի անվամբ, որոշ ժամանակ մերձավոր և վստահելի անձի կարգավիճակով գտնվում էր Ռուստամի կողքին:

Փնտրել, թե ովքեր էին Աթաբեկովների նախնիները, անիմաստ աշխատանք է, որովհետև այնպիսի երկրում, ինչպիսին Ղարաբաղն է, որտեղ երբեք գոյություն չեն ունեցել ոչ եկեղեցական ծխամատյանների գրանցումներ, ոչ տոհմական գրքեր, որտեղ ամեն ինչ հիմնվում էր ծեր մարդկանց հաղորդած զրույցների և ինչ-որ տեղ նաև տարեգրություններում եղած տեղեկությունների վրա, հետևել որևէ տոհմի պատմությանը` համարյա անհնար է: Բայց Աթաբեկովների ընտանիքի վերաբերյալ կարելի է ասել, որ դատելով 1807թ. Եփրեմ կաթողիկոսի ստորագրությամբ Էջմիածնի վանքի կողմից տրված փաստաթղթից, այն Հայաստանի հնագույն ազգատոհմերից մեկին է պատկանում, որի մասին, իմիջիայլոց, խոսում է նաև յուզբաշի կոչումը, որն այս ազգատոհմին անցնում էր ժառանգաբար: Ավելի ուշ նկարագրություններում յուզբաշի կոչումը մեզանում սովորաբար հավասարեցվում է գյուղական ավագի կամ համայնքապետի կոչմանը։

Բայց հին Ղարաբաղում այս կոչումը նշանակում էր հարյուրապետ և Պարսկաստանի սեֆյան թագավորների, նույնիսկ Նադիր շահի օրոք և նրանից հետո յուզբաշի կոչում կրում էին բարձր դասի բազում անձինք: Այսպես, օրինակ. զանգեզուրյան Օրբելյանների ժառանգներից մեկը Շաբան յուզբաշին էր, այնուհետև Ղարաբաղի հայտնի հերոս, թուրքերից իր հայրենի լեռներն ութ տարի պաշտպանած Ավան յուզբաշին էր, որը հետագայում կոչվեց Մելիք Ավան խան և որին ռուսական կայսրուհի Աննա Իոանովնայի կողմից 1734թ. շնորհվեց ռուսական գեներալի կոչում, որպես թուրքերի դեմ պատերազմում զինվորական քաջագործություններով աչքի ընկած անձ:

Երբ Նադիր շահը թուրքական տիրապետությունից ազատագրեց Հայաստանն ու Վրաստանը, Շիրվանի մարզի նահանգապետ նշանակվեց ոմն Ահմեդ յուզբաշի` խանական տիտղոսով: 1796թ. կայսր Պավելի հովանավորությունը հայցելու համար Պետերբուրգ մեկնած Վարանդայի տեր մելիք Ջեմշիդի շքախմբում գտնվում էր բավական ազդեցիկ մի անձնավորություն, Մաթեոսի ժառանգ ոմն Պետրոս բեկ, որը հայտնի էր Պետրոս յուզբաշի անվամբ: Վերջապես, արդեն մեր ժամանակներում, վերջին պարսկական պատերազմի ժամանակ, երբ Աբաս Միրզան պաշարել էր Շուշին, Թարխանով եղբայրները՝ Սաֆար յուզբաշին և Ռուստամ յուզբաշին, 500 հայերի հետ զբաղեցնելով Դաշ-ալթի լեռնանցքը Շուշինկ գետի վրա, թշնամիներից պաշտպանում էին անցումը դեպի ջրաղացները, որտեղ ալյուր էր աղացվում պաշարված կայազորի համար1:

Այսպիսով, անցյալ ժամանակներում Ղարաբաղում յուզբաշի կոչման գոյության հարցը մեզ բերում է այն համոզման, որ այս կոչումը շնորհվում էր հասարակական ճանաչելի դիրք ունեցող անձանց և հանդիսանում էր նրանց ազնվական ծագման մասին այսպես կոչված ցուցանակ: Աթաբեկովներ ազգատոհմում առաջինը «յուզբաշի» կոչումը կրողը 17-րդ դ. կեսերին ապրած ոմն Աթաբեկ 2-րդն էր, որն իր հետևից թողեց երկու որդիների` Վանի և Գուլիա: Վանիի ժառանգները հետագայում բնակության տեղափոխվեցին Ռուսաստան, որտեղ ապրում են ցայժմ, իսկ Գուլիայի ժառանգները մնացին Ղարաբաղում, և նրա թոռն էր Հարություն յուզբաշին, որի մասին ասվել է վերը: Նա Ցիցիանովի ժամանակակիցն էր ու մելիք Վանիի և Հակոբ յուզբաշու հայրը...

...1806թ. սկիզբը Կովկասի տարեգրություններում նշանավորվեց ողբալի իրադարձություններով, որոնք անշրջելի ազդեցություն ունեցան Անդրկովկասում մեր գործերի ամբողջ ընթացքի վրա։ Դա իշխան Ցիցիանովի ուխտադրուժ սպանությունն էր Բաքվի ամրոցի պատերի տակ։ Այս մասին առաջին լուրերն առնելուն պես խռովարար բոլոր տարրերը, որոնք թաքնվում էին երկրամասում, միանգամից գլուխ բարձրացրին, որոնց այլևս չէր զսպում Ցիցիանովի հմուտ ձեռքն ու ամուր կամքը։ Իմերեթիայի թագավոր Սողոմոնն առաջինը պահանջեց, որ ռուսական զորքերը թողնեն Քութայիսը, Երևանի խանը պատրաստվում էր խլել Շորագյալի մարզը, պարսկական զորքերը ձգվում էին դեպի Ղարաբաղի սահմանները, Ղարաբաղի տիրակալ Իբրահիմ խանը դավաճանություն էր մտմտում և գաղտնի բանակցություններ էր վարում Աբաս Միրզայի հետ՝ նրան խոստանալով հանձնել Շուշին և այնտեղ գտնվող Լիսանևիչի ջոկատը։

Բարեբախտաբար, դավադրությունը ժամանակին բացահայտվեց, և Իբրահիմ խանը, որն արդեն պատրաստվում էր միանալ պարսկական հեծելազորին, սպանվեց Լիսանևիչի կողմից։ Բայց պարսկական բանակն արդեն մտել էր Ղարաբաղ, և մեր կողմից պահանջվում էր մեծ լարում՝ պարսից հրոսակախմբերին կանգնեցնելու համար։ Ելիզավետպոլում գտնվող ոչ մեծ ջոկատը, գեներալ Նեբոլսինի ընդհանուր հրամանատարությամբ, կենտրոնացված ռազմերթով շարժվեց դեպի Շուշի՝ ընդդեմ Աբաս Միրզայի 20 հազարանոց բանակի։ Ջոկատի կազմում էր նաև եգերների զորամասը՝ գնդապետ Կարյագինի հրամանատարությամբ. այստեղ էր նաև կամավորական Վանի յուզբաշին։ Կովկասում ռուսական դրոշի, ռուսական զենքի փառքի ջատագովն ու կողմնակիցն այստեղ էր՝ կրկին ապացուցելու իր անաչառ նվիրվածությունը ռուսական կառավարությանը։ Նրան, ինչպես և նախկինում, ուղեկցում էր եղբայրը՝ Հակոբ Աթաբեկովը...

...Իսկ Շուշիի պաշարումը (1826թ. - խմբ.) շարունակվում էր։ Վեց թույլ վաշտ, առանց պարենի, առանց վառոդի ու արկերի պաշարի, վեց շաբաթ հերոսական տոկունությամբ պահեցին ամրոցը։ Նրա պատերի ներսում փրկություն գտած հայերը միահամուռ օգնում էին զորքերին և նրանց հետ միասին կրում շրջափակված ծառայության ողջ ծանրությունը... Ի հետևանք, երբ պաշարումը հանվեց, Ռեուտը զեկուցեց Երմոլովին. «Ինչ վերաբերում է ամրոցը պաշտպանող հայերին, իմ պարտքն եմ համարում բացատրել, որ նրանց ծառայությունն արժանի է ուշադրության, քանի որ նրանք բոլորն էլ գործում էին բացառիկ քաջությամբ, դիմակայում բազմակի հարձակումներին, հետ մղում թշնամուն՝ նրան էական կորուստներ պատճառելով, արհամարհում էին պարենի պակասությունը և երբեք չեն մտածել ամրոցը հանձնելու մասին, թեկուզև լիակատար սով սկսվեր»։

Ի պատասխան սրա՝ Երմոլովը կարգադրեց. «Մեզ դավաճանած բոլոր մուսուլմանական բեկերից խլել նրանց կառավարման տակ գտնվող հայկական գյուղերը և բնակիչներին հայտարարել, որ նրանք մշտապես անցնում են պետական կառավարման տակ՝ ի նշան երախտագիտության և Կայսրությանը անսասան հավատարմության»։

Իվան Դավիդովիչ Լազարևը՝ հետագայում հայտնի կովկասյան հերոսը, գեներալ-համհարզ, 2-րդ դասի Գեորգիևյան Մեծ խաչի ասպետը, այդ ժամանակ դեռ յոթնամյա երեխա, գտնվում էր պաշարված ամրոցում... Լազարևների ընտանիքը Շուշիում իր սեփական տունն ուներ և, որպես հայկական ընտանիք, բնականաբար, շրջապատված էր գերազանցապես գյուղերից փախած և նրանց քարե տան ընդարձակ բակում ապաստանած հայերով։ Բնական է նաև, որ Լազարևների երեխաներն էլ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էին բակում, հայրենակիցների շրջանում, մանկական հետաքրքրասիրությամբ լսում նրանց ժողովրդական բառուբանը։ Բայց այդ խոսքուզրույցից, պատմում էր Իվան Դավիդովիչը, ես արդեն այնքան էլ մանկական տպավորություն չէի ստանում։ Խոսակցություններն, իհարկե, մեծ մասամբ վերաբերում էին օրվա հետաքրքրություններին, և հենց այստեղ, այս հասարակ մարդկանցից ես սովորեցի հավատարմություն պարտքին և ինքնազոհությանը, որի մասին հայերն արտահայտվում էին յուրաքանչյուր քայլափոխի։ Ես լսում էի, որ ամրոցում վառոդ չկա, և որ Բարութչի Պողոսն անհատույց այն ամեն օր պատրաստում էր զորքերի համար՝ 20-30 ֆունտի չափով։ Ես հիշում եմ հայ Հարութին Ալթունովին՝ Գեորգիևյան խաչի և ոսկե մեդալի ասպետին, որն այն ժամանակ կամավոր ցանկություն հայտնեց մտնել պարսկական բանակի մեջ՝ տեղեկություններ հավաքելու պաշարված ամրոցի դրության մասին։ Մի քանի օր անց նա վերադարձավ և Երմոլովից գրություն բերեց գնդապետ Ռեուտին։ Ես հիշում եմ, թե ինչպես ամրոց փախած գյուղացիները ողջ նախիրն իբրև պարեն հանձնեցին կայազորին, թե ինչպես մեր հարուստներ Հախումովը, Բեգրանբեկ մելիք Շահնազարովը, Զոհրաբ աղա Թարումովը և այլք ընդհանուր օգտագործման հանձնեցին իրենց ունեցած հացի ողջ պաշարը, որը, սակայն, ցորենի տեսքով էր, հիշում եմ նաև, թե ինչպես մեր հայերը գիշերներն իրենց ուսերին Շուշիքենդ գյուղի ալրաղաց էին տանում ցորենի ծանր պարկերը, որտեղ յուզբաշի եղբայրներ Սաֆար և Ռոստոմ Թարխանովներն արագ աղում էին ցորենը և հետ ուղարկում։ Առանց այս օգնության երբեք չէր հաղթահարվի վեցշաբաթյա պաշարումը։ Աբաս Միրզան բազմիցս փորձեց վերցնել իր համար ատելի ալրաղացը, բայց նրա բոլոր ջանքերը բախվում էին Թարխանով եղբայրների կողմից առաջնորդվող հայերի հերոսական տոկունությանը։ Նույնիսկ նրանց կանայք էին հերոսներ, և նրանցից մեկին՝ Խաթաի անունով, այն ժամանակ ճանաչում էր ամբողջ Ղարաբաղը։

Մենք միտումնավոր խորացանք այս մանրամասների մեջ՝ ցույց տալու համար այն ժամանակվա հայ բնակչության ոգին, իսկ այդ ոգով նա պարտական էր բացառապես այդ նույն մելիք Վանիի օրինակին, որի սխրանքներով և ռուսներին հավատարմությամբ էր դաստիարակվում երիտասարդ սերունդը...

Վանի և Հակոբ Աթաբեկովների հիշատակը երախտագիտությամբ է պահվում նաև ռուս մարդկանց մեջ, որոնք գիտեն գնահատել ռուսական գործին հեռավոր կովկասյան հողում մատուցված ծառայությունը բնիկ ժողովրդի մեջ, որը պահպանել է այն նույն հավատարմությունն ու նվիրվածությունը, ինչով աչքի էին ընկնում նրա նախնիները Պարսկաստանի դեմ մեր պայքարի դժվարին ժամանակաշրջանում։

Վասիլի ՊՈՏՏՈ

Թարգմ.` Գրիգոր ԱՂԱՆՅԱՆԻ

 

1Այս բոլոր տեղեկությունները վերցված են գնդապետ Յ.Դ. Լազարևին պատկանող «Հայ ժողովրդի դարավոր վաստակը» վերնագրով ձեռագրերից:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: office[email protected], www.nationalidea.am