Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Օգոստոս 2011, N 8

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ՕԳՈՍՏՈՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԹԵԺ ՓՈՒԼ Է ՄՏԵԼ

(նյութի մշտական հասցեն՝ http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1439654.html)

29.08.2011

Հարգելի ընթերցող, ընթացիկ տարվա հունվարի 15-ին Ռուսաստանի դաշնային REGNUM լրատվական գործակալությունը հոդված էր տպագրել «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի մասնատման ռազմավարությունը թեժ փո՞ւլ է մտնում» վերնագրով: Վերնագրում հարցական նշան դնելով` ես, այնուամենայնիվ, տարակուսում էի այս հաշվով: Ավա՜ղ, այդ ժամանակվանից հետո անցած` պատմական չափանիշներով ոչ երկարատև ժամանակը (յոթուկես ամիս) ցույց տվեց, որ ներկա պահին հարցական նշանը վերնագրից կարելի է հանել: Նման եզրահանգում անելու համար, ցավոք, քիչ հիմնավորումներ չկան: Եթե այս հաշվով որոշ տարակույսներ կային էլ, ապա դրանք վերջնականապես ցրվեցին այն բանից հետո, երբ Եվրամիության երկրների արդարադատության նախարարները 2011թ. օգոստոսի 23-ին Վարշավայում ընդունեցին Հռչակագիր տոտալիտար ռեժիմների զոհերի հիշատակի օրվա առիթով: Այն առանձնակի վտանգն ու հեռուն գնացող հետևանքները, որոնցով հղի է այս փաստաթղթի իրականացումը, փայլուն, փաստարկված, համոզիչ և մատչելի կերպով պարզաբանել է քաղաքագետ Մոդեստ Կոլերովն իր ս.թ. օգոստոսի 26-ի «Հիտլերի դաշնակիցների ժառանգորդները, ԱՄՆ-ը, նացիոնալիստները և «ապաստալինացնողները» ԵՄ-ում «Նյուրնբերգ» են պատրաստում ընդդեմ Ռուսաստանի» հոդվածում, որը տպագրել է REGNUM գործակալությունը: Ինձ գրիչ վերցնել դրդեց այն փաստի գիտակցումը, որ Վարշավյան հռչակագիրը պարարտ հող է ստեղծում այնպիսի կազմակերպությունների ապամոնտաժման համար, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷս), Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությունը և, իհարկե, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ` ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միությունը: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ԱՊՀ անդամ պետությունների ժողովուրդների հոգևոր մերձության շաղախիչ հիմքն այն սերնդին պատկանելու հարազատության և մերձավորության զգացումն է, որն ահռելի զոհերի և զրկանքների գնով կարողացավ Եվրոպան փրկել ֆաշիզմի դարչնագույն ժանտախտից: Իսկ նրանց հաջորդ սերունդները դաստիարակվում էին միասնական երկրի հաղթանակողների, Հին աշխարհամասի փրկարար երկրի որդիների ու թոռների ոգով: Ներկա պահին 2011թ. օգոստոսի 23-ի Վարշավյան հռչակագրի իրագործումը կհանգեցնի այն բանին, որ ավելի քան վեց հարյուր հազար հայերի` Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների (որոնց կեսը չվերադարձավ ռազմաճակատից) զավակների ու թոռների հոգիները շփոթմունքի մեջ կընկնեն: Գաղտնիք չէ, որ արդեն ավելի քան 20 տարի նրանց ուղեղները լվանում են իբր «դեմոկրատիայի» և «լիբերալիզմի» գաղափարներով, իսկ իրականում փոխում են նրանց հոգեբանությունը, ֆաշիզմին հաղթած ժողովրդի հոգեբանությունը, որը նրանք ժառանգել են իրենց հայրերից և պապերից: Ավելին, ջանում են երիտասարդ սերնդին պարտադրել զղջման սինդրոմը, արդարացող սերնդի հոգեբանությունն այն բանի համար, որ, ինչպես գրված է Վարշավյան հռչակագրում, «Եվրոպան տառապում էր տոտալիտար ռեժիմների (իմա` ԽՍՀՄ- Ա.Գ.) իշխանության տակ, անկախ նրանից` կոմունիզմ էր դա, թե նացիոնալ-սոցիալիզմ...»: Հայաստանի Հանրապետության պարագայում հաշվարկը պարզ է: Հայ ժողովուրդը, Վարշավյան հռչակագրի նախաձեռնողների տրամաբանությամբ, որն ապրել է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափները և որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ կազմում, կրկին ահռելի զոհերի գնով հասել է հաղթանակի, պարզվում է` պետք է զղջա այն բանի համար, որ «Եվրոպան տառապում էր տոտալիտար ռեժիմների իշխանության տակ», իսկ մեր ծնողները և մենք ոչ միայն չէինք ընդվզում այդ ռեժիմի դեմ, այլև մեր ուժերի ներածին չափով և ազնիվ աշխատանքով բազմապատկում էինք երկրի` մեր մեծ Հայրենիքի հզորությունն ու հարստությունը: Սա նոստալգիա չէ խորհրդային ժամանակների, առավել ևս` 20-րդ դարի 80-ականների վերջի զառամախտավոր ու ապաշնորհ առաջնորդների հանդեպ: Սա ընդամենն այն փաստի գիտակցումն է, որ արդեն արդի պայմաններում վարվում է խիստ մտածված համակարգային աշխատանք` Ռուսաստանին պարտադրելու «Նյուրնբերգ ընդդեմ Ռուսաստանի», ինչպես արդարացիորեն նշել է Մոդեստ Կոլերովն իր վերոնշյալ հոդվածում: Ընդ որում` ԱՊՀ մյուս երկրներին վերապահվում է ճորտերի` տոտալիտարիզմի հանցագործությունները մերկացնողների դեր: Այնուհետև պետք է սպասել, որ այս հիմքի վրա կծավալվի լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմ տոտալիտար ԽՍՀՄ-ի իրավահաջորդի` Ռուսաստանի դեմ: Այդ պատերազմի առաջին ծիծեռնակները` հակառուսական հիստերիայի տեսքով, արդեն ի հայտ են եկել Ռուսաստանի դաշնակից երկրների ԶԼՄ-ներում: Այս նպատակների համար միջոցներ չեն խնայում` շռայլորեն ֆինանսավորելով ամեն տեսակի ոչկառավարական կազմակերպությունների, որոնք նպատակաուղղված հակառուսական քարոզչություն են վարում` հաճախակի և միտումնավոր Ռուսաստանի փոխարեն ռուսներ բառն օգտագործելով: Այս հմուտ ռուսատյաց քարոզչությունը հստակորեն զուգակցվում է ազգամիջյան երկպառակության հրահրման այն անսանձ զրպարտչության և ապատեղեկատվության հետ, որը վարվում է բուն Ռուսաստանում: Կրկնում եմ, նպատակը մեկն է` թշնամանքի հրահրում պետականակերտ ազգ հանդիսացող ռուսների և Ռուսաստանի քաղաքացի ավելի քան հարյուր այլ ժողովուրդների ու ազգությունների ներկայացուցիչների միջև:

Այս ներածականից հետո փորձենք պարզել` արդյո՞ք կապ գոյություն ունի այն ամենի միջև, ինչը տեղի է ունենում Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում, և ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի և ընդհանրապես Ռուսաստանի վրա: Կապ գոյություն ունի՞ արդյոք ս.թ. օգոստոսի 23-ին ընդունված Վարշավյան հռչակագրի և այն իրադարձությունների միջև, որոնք տեղի են ունենում Լիբիայում և Սիրիայում: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հռչակագիրը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված հետխորհրդային պետությունների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համար:

Հասկանալու համար Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների էությունը` մեջբերումներ անենք Պոլ Կրեյգ Ռոբերտսի` Press TV հեռուստաընկերությանը տված հեռուստահարցազրույցից (http://www.presstv.ir/detail/176776.html.): Հիշեցնենք, որ նա Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի ֆինանսների փոխնախարարն էր, որին ԱՄՆ նախագահն անվանում էր «ռեյգանոմիկայի իսկական հայր», հետագայում եղել է “The Wall Street Journal”-ի խմբագիրը: Եվ այսպես, վերոնշյալ հարցազրույցում Փոլ Կրեյգ Ռոբերտսը հայտարարում է. «Մենք ուզում ենք տապալել Քադաֆիին Լիբիայում և Ասադին Սիրիայում, որովհետև ուզում ենք վռնդել Չինաստանը և Ռուսաստանը Միջերկրածովից»: Հետո` է՛լ ավելին է: «Ո՞րն է մեր շահը Սիրիայի բողոքներից»,- հարց է տալիս Փոլ Կրեյգ Ռոբերտսը և այսպես է պատասխանում,- «բողոքների հետևում ամերիկացիներն են կանգնած: Մենք շահագրգռված ենք դրանում, որովհետև ռուսները ռազմածովային հանգրվան ունեն, որն ապահովում է նրանց ներկայությունը Միջերկրական ծովում: Այնպես որ, դուք տեսնում եք, Վաշինգտոնը միջամտել է Լիբիայում, և էլ ավելի մեծ ջանքեր է գործադրում Սիրիայում միջամտելու համար, որովհետև մենք ուզում ենք ազատվել ռուսներից և չինացիներից»: Կարծում ենք` մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Դատելով տեղեկատվության ամենատարբեր աղբյուրների հաղորդումներից` Մուամար Քադաֆիի ռեժիմը դատապարտված է: Կհաջողվի՞ արդյոք Ազգային անցումային խորհրդին (ԱԱԽ) պահպանել միասնական Լիբիան և չթողնել, որ այն բաժանվի երեք պետությունների` պատմականորեն գոյություն ունեցող մարզերի սահմաններին համապատասխան` Տրիպոլիտանիայի հյուսիս-արևմուտքում, Կիրենաիկայի հյուսիս-արևելքում և Ֆեցանի (Ֆեզան) հարավում, ցույց կտա ժամանակը: Խաղաղություն կհաստավի՞ արդյոք Լիբիայի հողում, որն իր տարածքով (1 մլն 759540 քառ. կմ, որի 90%-ն անապատ է) Աֆրիկայի չորրորդ երկիրն է և տասնյոթերորդն աշխարհում: Սա առանձին վերլուծության թեմա է: Անվիճելի է մի բան, որ Լիբիայի վերջին իրադարձություններից հետո ուժի համաշխարհային կենտրոնների հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի Սիրիայի վրա: Սիրիայում լարվածության հետագա թեժացման պարագայում անխուսափելի է այդ երկրի ներքին կոնֆլիկտին հարևան երկրի` Թուրքիայի ներգրավումը, թեկուզև վերահաս «հումանիտար աղետի» կանխման պատրվակով` կապված փախստականների կողմից սիրիա-թուրքական սահմանը հատելու հետ: Որոշակի դեր կհատկացվի նաև քուրդ բնակչությանը, և ոչ միայն Սիրիայի, այլ նաև Իրանի և Թուրքիայի: Բնականաբար, այդ դերը, ենթադրվում է, լինելու է ապակայունացնող: Եվ այս ամենը տեղի կունենա Հայաստանին սահմանակից պետություններում` Թուրքիայում, Իրանում, ինչպես նաև Սիրիայում, որտեղ ահա արդեն մոտ հարյուր տարի ավելի քան երկու հարյուր հազարանոց հայկական համայնք է ապրում: Հարկ չկա կասկածելու, որ կառավարելի քաոսի քաղաքականությունը, որը հաջողությամբ իրականացվում է «Արաբական գարուն» ֆիրմային անվան տակ, կարող է տարածվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Ինչ վերաբերում է ադրբեջանցի ժողովրդի համար նման քաղաքականության ողբերգական հետևանքներին, ապա թող դրա մասին մտահոգվեն ադրբեջանցի քաղաքական գործիչները, որոնք իրենց ապակառուցողականությամբ տորպեդահարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ավելին, այսքան անհանգիստ ժամանակաշրջանում այնպիսի պետական քաղաքականություն են վարում, որի էությունը հակահայկական տրամադրությունների հրահրումն է, ադրբեջանցի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծմանը նախապատրաստելը: Այս պայմաններում զարմանք չի հարուցում այն սրբապղծությունը, որ ազգային հերոսի կարգավիճակի է բարձրացվում տխրահռչակ մարդասպան, ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը, որը կացնահարեց քնած հայ սպային Հունգարիայում, ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող սեմինարի ժամանակ: Ադրբեջանում ընդօրինակման արժանի հերոս է հայտարարվել մի հանցագործ, որն առայսօր ցմահ բանտարկություն է կրում Հունգարիայում: Եվ այս ամենը, կրկնում եմ, ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքներով: Ընդ որում` այդ սպառնալիքները հնչում են ոչ թե քաղաքականությամբ զբաղվող այնպիսի տականքներից, ինչպիսին է, ասենք, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը, այլ այդ երկրի նախագահի և պաշտպանության նախարարի շուրթերից: Հստակության համար նշենք, որ վերջերս Էլնուր Ասլանովն անկեղծության պոռթկման պահին հայտարարել էր. «Հաղթանակը «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում, մեր մարզիկների հաջողությունը միջազգային մրցաշարերում, այնպիսիների սխրանքը, ինչպիսիք են Մուբարիզ Իբրահիմովը և Ռամիլ Սաֆարովը, ադրբեջանական հանրությանը երկրորդ շնչառություն են տվել»:

Այս ամենը միայն ադրբեջանցի ժողովրդի խնդիրը չէ, սակայն, բնականաբար, ինձ խիստ հուզում և տագնապեցնում են հենց Հայաստանում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները: Այսպես, 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո, որոնք հանգեցրին մեր տասը քաղաքացիների մահվանը, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, հաջողվեց իր կշռադատված ներքին քաղաքականությամբ կանխել հանրապետությունում նոր արյունահեղության տանող իրավիճակը: Եվ սա` այն պայմաններում, երբ 2008-2010թթ. և ընդհուպ մինչև ս.թ. մայիսը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (այսուհետ` ԼՏՊ- Ա.Գ.) մերձավոր շրջապատը, արտաքին ուժերի պատկառելի ֆինանսական աջակցությամբ, հետևողականորեն սրում էր արմատական տրամադրությունները երկրում: Ընդ որում` ԼՏՊ-ի ողջ գաղափարախոսական մեքենան, տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների լայն ցանցի, ինտերնետի հնարավորությունների օգտագործման միջոցով, Հայաստանի քաղաքացիներին խիստ հմտորեն մատուցում էր իր գլխավոր գաղափարախոսական դրույթն այն մասին, որ «ՀՀ ատելի ավազակապետության» հենարանը Ռուսաստանն է: Այս պայմաններում ԼՏՊ-ի և նրա համախոհների համար նվեր էին Հայաստանում ծավալված բուռն քննարկումները կառավարության` ՀՀ «Լեզվի մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրենսդրական նախաձեռնության շուրջ: Այս օրինագծերի ընդունմամբ հնարավորություն էր տրվում Հայաստանում բացել 8-10 ռուսալեզու և օտարալեզու դպրոց: ԼՏՊ-ի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների հրապարակումները լեփլեցուն էին հակառուսական վերնագրերով, և իրադրությունն արհեստականորեն շիկացվում էր, թեև վերոնշյալ օրենքների ընդունմամբ ենթադրվում էր բացել ռուսալեզու դասավանդմամբ ոչ ավելի, քան երկու դպրոց: Խիստ տագնապալի է, որ բացի «Ազգային միաբանություն» կուսակցությունից` Հայաստանի քաղաքական և ոչ մի կուսակցություն, ոչ մի հասարակական կազմակերպություն այդպես էլ չհայտնեց իր դիրքորոշումն այսքան սկզբունքային հարցի վերաբերյալ: Իր սկզբունքային դիրքորոշումը սույն հարցի վերաբերյալ «Ազգային միաբանություն» կուսակցությունն արտահայտեց «Արտաշես Գեղամյան. Հայկական դպրոցը կյանքի է պատրաստում, որը գոյություն չունի» հոդվածում` տպագրված 2010թ. մայիսի 26-ին, REGNUM լրատվական գործակալությունում: ԼՏՊ քարոզչամեքենայի կողմից ռուսատյաց տրամադրությունների հետագա շիկացումը գագաթնակետին հասավ 2010թ. օգոստոսի 9-10-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի` Հայաստան կատարած պետական այցից հետո: Հիշեցնենք, որ այդ այցի շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց թիվ 5 Արձանագրությունը, որի համապատասխան` Գյումրիում ռուսական ռազմակայանի հանգրվանելու ժամկետը ենթադրվում էր երկարաձգել 49 տարով: Եվ այս դեպքում չէր կարող չմտահոգել այն հանգամանքը, որ Ազգային ժողովի (այսուհետ` ԱԺ) կողմից այս փաստաթուղթը վավերացնելիս, 2011թ. ապրիլի 12-ին, սույն հարցի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցան ՀՀ ԱԺ ընդամենը երեք պատգամավորներ: Ընդ որում` հռետորներից մեկն անկուսակցական, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էր, որը կառուցողական դիրքերից արտահայտեց հայկական կողմի որոշ երկյուղները: Մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցավ նաև խորհրդարանի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, որը սուր քննադատության ենթարկեց թիվ 5 Արձանագրությունը և «դեմ» քվեարկեց: Եվ միայն Ազգային ժողովի պատգամավոր Արա Սիմոնյանն («Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության վարչության անդամ) իր ելույթում քաղաքական գնահատական տվեց այդ փաստաթղթին և հիմնավորեց թիվ 5 Արձանագրության բախտորոշ նշանակությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար: Ընդ որում` խիստ էական է, որ ԱԺ ամբիոնից օրենսդիրներին հիշեցվեց այն մասին, որ գործող պայմանագրի 3-րդ հոդվածի ներկա խմբագրությունը հստակ մատնանշում է. «Ռուսական կայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելու գործառույթն իրականացնելուց, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: Որոշակի խորհրդածությունների տեղիք է տալիս խորհրդարանական այն կուսակցությունների պատգամավորների ցածր հաճախելիությունը, որոնք ներկայանում են իբրև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության կողմնակիցներ: Ավելին, մտահոգում է նրանց փաստացի ինքնամեկուսացումն այդ հարցի շուրջ մտքերի փոխանակությանը մասնակցելուց: Եվ սա` այն պայմաններում, երբ 2010թ. օգոստոսի 9-ին թիվ 5 Արձանագրության ստորագրումից հետո, ընդհուպ մինչև նոյեմբերի 11-ը, երբ ՀՀ ԱԺ-ը հաստատեց այդ օրինագիծը, տպագրվել է ավելի քան հարյուր հիսուն հոդված, հեռուստաալիքներով տրվել են ոչ քիչ հարցազրույցներ, որոնք կրել են հակառուսական, ակնհայտորեն միտումնավոր բնույթ, երբ թիվ 5 Արձանագրության ընդունումը հավասարեցվում էր անկախությունը կորցնելուն: Փաստորեն, հօգուտ Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու ժամկետի երկարաձգման տպագրվել է մի երկու հոդված ինչպես հանրապետական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներում: Եվ միայն REGNUM լրատվական գործակալությունը 2010թ. սեպտեմբերի 1-ին հրապարակեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի «Արձանագրություն թիվ 5. Հայաստանի անվտանգությունն ընդդեմ ազգային շահերի դավաճանության» հոդվածը, որում պսակազերծվում էին հակառուսական հիստերիայի հեղինակների իրական մոտիվները, որոնք այս փաստաթղթում ՀՀ անկախության կորուստն էին տեսնում: Այս առնչությամբ կուզենայի նաև նշել, որ, ոչ առանց ՀՀ քաղաքական ղեկավարության աջակցության, «Ազգային միաբանություն» կուսակցությանը հնարավորություն ընձեռվեց պաշտպանել ՀՀ նախագահի դիրքորոշումը սույն հարցի վերաբերյալ ուղիղ եթերով, Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի ժողովրդականություն վայելող հեղինակային ծրագրերից մեկում (www.amiab.am-տեսաարխիվ): Վերոնշյալ փաստերի այսքան մանրակրկիտ նկարագրումը մի նպատակ է հետապնդում, այն է` ցույց տալ, որ հակառուսական ուժերի նպատակաուղղված, համակարգված խափանարար աշխատանքին հակադրվում են քաղաքական գործիչների խիստ սահմանափակ շրջանակի դրվագային ելույթները: Բնական է, որ նրանց շարքում կարելի է նշել «Սահմանադրական իրավունք միությունը», Դեմոկրատական կուսակցությունը: Այնինչ, այսօր արդեն լայնորեն ներդրվում է ինտերնետ հեռարձակում, որն առատորեն ֆինանսավորվում է ամենևին էլ ոչ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համախոհների, այլ ուժի համապատասխան կենտրոնների կողմից, որոնք խիստ սպեցիֆիկ են մեկնաբանում Մեծ Մերձավոր Արևելքի ժողովրդավարայնացումը: Ավելին, այդ աշխատանքում ներգրավված են գաղափարախոսական պատերազմի պրոֆեսիոնալները, այլ ոչ թե ծախսերի գծով խոշորամասշտաբ ամեն տեսակ միջոցառումների «մասսավիկ»-կազմակերպիչները, որոնք, դրանք կազմակերպողների կարծիքով, կոչված են միավորելու հայ-ռուսական համակողմանի համագործակցության զարգացման կողմնակիցների ջանքերը: Հակառակ կողմում միասնական ճակատով հանդես են գալիս չափազանց լուրջ ուժեր, և դա չնկատելը պերճախոս վկայությունն է քաղաքական ճոռոմաբանության և այն գործընթացները չհասկանալու, որոնք տեղի են ունենում Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Հարավային Կովկասում: Պրոֆեսիոնալների հզոր գաղափարախոսական հարձակմանը տեղեկատվական պատերազմների ոլորտում, որոնք օգտագործում են արդի տեղեկատվական տեխնոլոգիաները, ինտերնետի լայն հնարավորությունները, կրկնում եմ, հակադրվում է գաղափարախոսական ոչ մի լիցք չկրող ամեն տեսակ պոլիտմասսովկան: Գաղափարախոսական առումով այսքան հեղհեղուկ իրավիճակի վտանգն այն է, որ ԼՏՊ շրջապատի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին և նրանց շահերը սպասարկող, Արևմուտքից շռայլորեն ֆինանսավորվող հզոր գաղափարախոսական մեքենային հակադրվում է հայ-ռուսական հարաբերությունների կոմերցիալացումը: Այդ կոմերցիալացման էությունն այն է, որ ներդրվում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ միայն մի նպատակով. քաղաքացիների ապագաղափարայնացված զանգվածին` ամեն տեսակ զանգվածային միջոցառումների մասնակիցներին ներկայացնել որպես հայ-ռուսական մերձեցման ջատագովների: Եթե նման բան է արվում, նշանակում է` դա ինչ-որ մեկին պետք է: Եվ դա, հավանաբար, պետք է նրանց, ովքեր ուզում են իրենց ներկայացնել որպես հայ-ռուսական ռազմավարական գործընկերության անսասանության պաշտպանության դիրքերում կանգնած համարյա թե միակ ուժ: Այնուհետև ամեն ինչ ընթանում է հարթված սխեմայով, երբ ռուսական իշխանության որոշակի կառույցների լոբբիստների միջոցով սա մատուցվում է որպես Հայաստանում այնպիսի հզոր կազմակերպության առկայություն, որը պայքարում է հանուն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության: Խիստ հատկանշական է, որ այդ ուժերի գործունեությունը բոլորովին չի քննադատվում ԼՏՊ քարոզչամեքենայի, նրա մերձավոր շրջապատի կողմից: Հավանաբար, արտասահմանյան վերլուծաբանները, որոնց թելադրանքով է գործում ԼՏՊ շրջապատը, հիանալի հասկանում են, որ վերջնարդյունքում, ժամանակի ընթացքում դա կհանգեցնի ռուս-հայկական ռազմավարական գործընկերության իսկական էության ամլացմանը, հայ և ռուս ժողովուրդների, Ռուսաստանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության լիակատար վարկաբեկմանը: Եթե չհասկացվի այն անբեկանելի ճշմարտությունը, որ այդ բարեկամությունը հենվում էր հոգևոր հարազատության վրա, զանազան կուլտմասսայական միջոցառումների հանգող բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն: Այո, այսօր էլ հայ ժողովրդի մեծամասնության համակրանքը ռուս ժողովրդի հանդեպ մեծ է և որոշ ժամանակ կդիմակայի հայ-ռուսական հարաբերությունների կոմերցիալացման կործանարար և վնասակար հետևանքներին: Լուրջ մտահոգություն և խոր ափսոսանք է առաջացնում այն, որ հայ-ռուսական հարաբերությունների նման իրավիճակը, մեղմ ասած, աննկատ է մնում ռուսական բարձր կառույցների` աշխատանքի այս հատվածի համար պատասխանատուների կողմից: Ընդ որում` հարկ է նշել, որ խոսքն ամենևին էլ Հայաստանում աշխատող ռուսական կառույցների մասին չէ: Փոխարենը` նման իրավիճակը լիովին ձեռնտու է Արևմուտքին:

Այս ֆոնին հատկապես կուզենայինք կանգ առնել որոշակի գործողությունների վրա, որոնք նկատվում են ԼՏՊ-ի շուրջ խմբավորված ուժերի, Հայ ազգային կոնգրեսի (այսուհետ` ՀԱԿ) կողմից: ՀԱԿ-ը հիմնադրման օրվանից ներկայանում է որպես արմատական ընդդիմություն, սակայն, դրսից եկած հրահանգների փոփոխման պատճառով, ս.թ. օգոստոսից էական փոփոխությունների է ենթարկվել: Այսպես, աշխատանքային խմբերի հանդիպումներ են կայանում Հայաստանի իշխող կոալիցիայի ներկայացուցիչների և արտախորհրդարանական ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների շրջանակում: Այնինչ, արդեն գաղտնիք չէ, որ ՀԱԿ վարքագծի փոփոխությունը կրկին բեմականացված է դրսից և հետապնդում է միանգամայն որոշակի նպատակներ: ՀԱԿ տրամադրությունների փոփոխության սկիզբը դրվեց 2009թ. հոկտեմբերին, երբ Ցյուրիխում Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը` հանձինս իրենց արտգործնախարարների, երկու արձանագրություն ստորագրեցին. «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Հայաստանի Հանրապետության նախագահի` արիությամբ աննախադեպ արտաքին քաղաքական այս քայլը, որն ամբողջովին վայելում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի հավանությունը (և երկար տարիններ լոբբինգի էր ենթարկվում նրա կողմից), արժանացավ նաև ռուսական և ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունների, ինչպես նաև ԵՄ ղեկավարության հավանությանը: Այս արձանագրությունների նախաստորագրումից հետո հայկական կողմին սպասվում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից դրանց վավերացման պատրաստման ոչ միանշանակ և քաղաքական հետևանքներով անկանխատեսելի աշխատանք: Հենց ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո ԼՏՊ-ի շուրջ համախմբված արմատական ընդդիմությունը հայտարարեց (որոշ պայմանական և ձևական վերապահումներով), որ աջակցում է հայկական ղեկավարության` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերին: Մի քանի ամիս անց Հայաստանի քաղաքական շրջանակներում սկսեցին համառ լուրեր պտտվել այն մասին, որ Հայոց համազգային շարժման (այսուհետ` ՀՀՇ) ղեկավարությունն առանձին բանակցություններ է վարում Հայաստանի իշխանությունների հետ: Բանակցությունների վերջնական նպատակը, դատելով մամուլ սպրդած տեղեկատվությունից, հանգեցվում էր այն բանին, որ ՀՀՇ-ն տեղ ունենա իշխանական կառույցներում` ՀՀ իշխանությունների հետ փոխզիջումների, այլ ոչ թե առանց այդ էլ խիստ բարդ ներքաղաքական իրավիճակի արմատականացման ճանապարհով: Այդ գործընթացները, ինչպես ցույց տվեց իրավիճակի հետագա զարգացման ընթացքը, նախաձեռնվել և ուղղորդվում էին անմիջապես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից: Եթե ՀՀՇ ղեկավարության ջանքերը հաջողությամբ պսակվեին, ԼՏՊ-ի և ՀԱԿ հիմնադիր մյուս կուսակցությունների նշանակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում էապես կսասանվեր: Իրադարձությունների զարգացման նման ընթացք, բնականաբար, ԼՏՊ-ն թույլ տալ չէր կարող: Ուստի, 2010թ. հունիսի կեսին հրավիրվեց ՀՀՇ համագումար: ԼՏՊ-ն, որը համագումարի պատվիրակների մեջ էր, իր ելույթում ներկաներից շատերի համար անսպասելիորեն հայտարարեց. «Վերջին ժամանակներս Հայաստանի իշխանությունները փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում և պառակտել ՀՀՇ-ն և ՀԱԿ-ը: Սակայն, շնորհիվ ՀՀՇ վարչության և խորհրդի անդամների մեծ մասի զգոնության այդ վնասարարությունը ժամանակին բացահայտվեց, և կոնգրեսի պառակտման վտանգը լիովին չեզոքացվեց»: ԼՏՊ-ն, իհարկե, հիանալի տեղեկացված էր, որ ՀՀՇ ղեկավարության և Հայաստանի իշխանությունների միջև շփումների հաստատման նախաձեռնողը ԱՄՆ դեսպանությունն է և անձամբ ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: ԼՏՊ-ն չէր կարող հանդուրժել և ներել, որ այդ գործընթացում նրան երկրորդ պլան էին մղել: Համագումարի արդյունքներով փոխվեցին ՀՀՇ վարչության նախագահը և նրա առաջին տեղակալը, այդ նույն ժամանակ նրա շարքերը լքեցին այդ կուսակցության մի քանի տասնյակ հայտնի ներկայացուցիչներ, կուսակցություն, որը 1990թ. մայիսից ընդհուպ մինչև 1997թ. Հայաստանի իշխանության լիակատար տնօրինողն էր: Քանի որ Արևմուտքի թիվ 1 խնդիրն այդ ժամանակ դեռ մնում էր ՀՀ Ազգային ժողովի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար նախադրյալների ստեղծումը, Հայաստանում հավատարմագրված ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ջանքերն ուղղված էին Հայաստանի իշխող կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև երկխոսության հաստատմանը, ինչն էլ վերջնարդյունքում պսակվեց հաջողությամբ: Այստեղ հանուն արդարության հարկ է նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու նախօրեին Մարի Յովանովիչը ս.թ. հունիսի առաջին օրերին այցելեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որի հիմնադիրներն էին ՀՀՇ նախկին ղեկավար այն նույն «անջատվողները»: Այս փաստը հատկանշական է նրանով, որ ամերիկյան դեսպանի հետ հանդիպման պահին հիշյալ կուսակցությունը նույնիսկ գրանցված չէր ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, այսինքն` այն պաշտոնական կարգավիճակ չուներ: Ամերիկյան դեսպանի ժեստը նպատակ ուներ Հայաստանի քաղաքական դասին ցույց տալ, որ յուրայիններին ամերիկացիները չեն «գցում» և չեն դավաճանում, մանավանդ երբ նրանց համագործակցությունը հիմնված է գաղափարական հիմքի վրա և կոմերցիալացման ենթակա չէ:

Մեր օրերում, երբ անկայունության աղեղը Հյուսիսային Աֆրիկայից ձգվեց դեպի Սիրիա, երբ Թուրքիայի նոր գումարման Ազգային մեծ ժողովը ս.թ. օգոստոսի 22-ին խորհրդարանի օրակարգից հանեց ցյուրիխյան արձանագրությունների վավերացման հարցը, մեր տարածաշրջանում որակապես նոր իրավիճակ է ստեղծվում: Հօգուտ այս պնդման է խոսում նաև այն բացառիկ փութկոտությունը, որով թուրքական կողմը շտապեցնում է Ադրբեջանին` ստորագրել գազի մատակարարման և տարանցման մասին համաձայնագիրը: Այսպես, վերջերս Reuters գործակալությանը տված իր հարցազրույցում Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն ասել է. «Ես մեր բարեկամներին (նկատի ունի իր ադրբեջանցի գործընկերներին- Ա.Գ.) խորհուրդ եմ տվել արագացնել: Մենք ուզում ենք էլ ավելի շուտ ստորագրել պայմանագիրը (վերջին ժամկետը` սեպտեմբերին): Մենք` Թուրքիայի Հանրապետությունը, հնարավոր ամեն ինչ արել ենք: Այս նախագիծն արագ ստորագրելու համար (Թուրքիային տարեկան 6 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու և Թուրքիայի միջով դեպի Եվրոպա տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ տարանցելու մասին Շահ Դենիզ հանքավայրի մշակման երկրորդ փուլից հետո)»: Առանձնակի ուշադրության է արժանի նաև Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը` արված ս.թ. օգոստոսի առաջին տասնօրյակում, իրանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Բրիգադի գեներալն Ադրբեջանի իշխանություններին մեղադրեց մուսուլմաններին ճնշելու և սիոնիստների հետ համագործակցելու մեջ, ինչպես նաև հայտարարեց այն մասին, որ Ադրբեջանը «Առանն» է և ժողովուրդն էլ` «առաններ», որոնց երակներում հոսում է իրանական արյուն»: Հանուն արդարության նշենք, որ այս հարցում, պարսկական դիվանագիտության հինգհազարամյա լավագույն ավանդույթներով, ԻԻՀ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին վերոնշյալ հայտարարությունները չի արել:

Այս իրադարձությունների խճանկարում միանգամայն այլ լույսով է ներկայանում Լոս Անջելեսի հայկական AMGA հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանի ճղճիմ նախաձեռնությունը, որն ամառային այս շոգ օրերին, մեծ փութկոտությամբ նախաձեռնել է ստորագրահավաք հաջորդ հաղորդման համար ԱՄՆ Պետդեպարտամենտում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մուտքն այս երկիր արգելելու նպատակով: ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ ս.թ. սեպտեմբերին Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նախատեսվում է ՀՀ նախագահի այցն ԱՄՆ: Հատկանշական է, որ նման ոչ մի բան ԱՄՆ օրինապաշտ այս քաղաքացին և հայկական ծագմամբ նրա համագործակցողները չձեռնարկեցին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, երբ ՀՀ նախագահն աշխատանքային այցով եկավ ԱՄՆ և այդ նույն Լոս Անջելեսի Beverly-Hills Hilton հյուրանոցում բավական պատկառելի հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ: Հանուն արդարության նշենք, որ այն ժամանակ էլ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների որոշ մասը, մեղմ ասած, առանձնապես հիացած չէր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարով և նստացույց էր կազմակերպել հյուրանոցի մոտ: Սակայն արմատական այնպիսի մոտեցում, ինչպիսին է ստորագրահավաքը` ՀՀ նախագահի մուտքը ԱՄՆ արգելելու նպատակով, այն ժամանակ ընդհանրապես չկար: Այստեղ ամենևին էլ պատահական չէր նաև ԱՄՆ Արևմտյան ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի դեմարշը: Օրերս նրանք հայտարարություն են տարածել, թե հրաժարվում են մասնակցել Լոս Անջելեսի հանդիսավոր ճաշկերույթին` ի պատիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որը նախատեսվում է անցկացնել ս.թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով: Հայտարարության մեջ նրանք իրենց հրաժարումը պատճառաբանում են նրանով, որ «Անկախության նշումը չի կարող առիթ ծառայել վարկաբեկված պաշտոնատար անձանց, տվյալ պարագայում` նախագահի փառաբանման համար, որի քաղաքականության հետևանքով Հայաստանն անկախության 20 տարիներից հետո օրեցօր էլ ավելի է մխրճվում ճահիճը, իսկ ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները շարունակում են ոտնահարվել հանուն հանցավոր ռեժիմի վերարտադրման ապահովման»: Եվ նման ձևակերպումը հնչեցնում են այն կուսակցության ներկայացուցիչները, որը 1998թ. փետրվարից ընդհուպ մինչև ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը ոչ միայն ներկայացված էր կառավարական կոալիցիայում, այլև ամեն կերպ աջակցում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի կառավարության ամենաառանցքային դեմքը, անշուշտ, ՀՀ ներկա նախագահ Սերժ Սարգսյանն էր: Ո՞րն է ԱՄՆ հայկական համայնքի առանձին, բարեբախտաբար` ոչ ամենահեղինակավոր ներկայացուցիչների դիրքորոշման արմատականացման պատճառը: Չէ՞ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հիմնական գրգռիչն էր հայ համայնքի որոշակի հատվածի համար, կանգնեցված է, իսկ Հայաստանի ներքաղաքական իրադրությունը կոշտ առճակատումից անցել է դանդաղընթաց բանակցային գործընթացի իշխանության և երբեմնի արմատական արտախորհրդարանական ընդդիմության (հանձին ՀԱԿ-ի) ներկայացուցիչների միջև: Ի՞նչ է թաքնված կալիֆորնիացի հայերի առանձին ներկայացուցիչների այս հորինված գործողությունների հետևում, ինչո՞ւ էր պետք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի նախօրեին փորձել ամեն գնով վարկաբեկել հայկական պետությունը` հանձին նրա նախագահի: Արդյո՞ք ոչ այն բանի համար, որ ՀՀ նախագահի իրականացրած քաղաքականությունն այս խիստ բարդ ժամանակաշրջանում միանգամայն արդարացված դուրս եկավ: Ասել է թե` 2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո իշխանությունների և արմատական ընդդիմության դիմակայությամբ պայմանավորված վտանգավոր զարգացումը հիմնականում կասեցված է: Երկրորդ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի խափանման ողջ պատասխանատվությունն ընկնում է թուրքական կողմի վրա: Երրորդ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը փակուղում է հայտնվել ադրբեջանական իշխանությունների ապակառուցողական քաղաքականության պատճառով, և այս փաստն արդեն անվիճելի է: Բավական է հիշել վերջին ամիսների իրադարձությունները: Այսպես, 2011թ. հունիսի 24-ին, ՌԴ նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի աջակցությամբ, տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես հայտնի է, այն հաջողությամբ չավարտվեց: Այնուհետև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ս.թ. հուլիսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանձնեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այնուհետև, ս.թ. օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի, մասնավորապես` ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Այս հանդիպման արդյունքների մասին կարելի է դատել` ելնելով այն փաստից, որ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ գագաթաժողովին` համագործակցության քսանամյակի առնչությամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-3-ին Դուշանբեում: Այս իրադարձությունների համատեքստում ակամա գալիս ես այն հետևության, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կշռադատված արտաքին քաղաքականությունը խիստ խառնել է ադրբեջանա-թուրքական ստրատեգների պլանները ղարաբաղյան ուղղությամբ: Նրանց ճիգերն ուղղված էին այն բանին, որ ՀՀ նախագահին ընդունել տան այնպիսի որոշումներ, որոնք կհանգեցնեին ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության ողջ պարագծով, այսինքն` Իրանի հյուսիսային սահմաններին խաղաղարար ուժերի տեղակայմանը: «Մեկ ազգ, երկու պետության» առաջնորդների նման դիրքորոշումը միանգամայն համահունչ է ուժի հայտնի համաշխարհային կենտրոնների ռազմավարությանը, որոնք մշտապես ակտուալացրել են «սանիտարական կորդոնի» ստեղծումը իրանական սահմանի ողջ պարագծով: Իսկ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի համատեքստում, որոնց էպիկենտրոնում այժմ կհայտնվի Սիրիան, խաղաղարար ուժերի առկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, անմիջականորեն Ռուսաստանի սահմաններին մոտ, հղի է վտանգավոր հետևանքներով: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայում ներքաղաքական իրավիճակի կարգավորման հարցերում հանդես է գալիս կոշտ դիրքերից, որոնք բացառում են արտաքին ուժերի միջամտությունն այդ ինքնիշխան պետության ներքին գործերին: Եթե դրանով հանդերձ, ոչ առանց արտաքին ուժերի մասնակցության, իրավիճակի միաժամանակյա ապակայունացում լինի Հայաստանում և Ադրբեջանում, ապա դա կհանգեցնի կառավարելի քաոսի իրավիճակի ստեղծման և կպայթեցնի իրավիճակը Հարավային Կովկասում: Իսկ այնտեղ հերթի մեջ են արդեն ԱՊՀ անդամ կենտրոնաասիական պետությունները: Եվ, հետևելով հյուսիսաֆրիկյան վերջին իրադարձությունների տրամաբանությանը, ուժի համաշխարհային կենտրոնների նման քաղաքականությունը կիրականացվի` միաժամանակ փորձելով ապակայունացնել իրադրությունը բուն Ռուսաստանում: Ռուսաստանը, ՀԱՊԿ թուլացած անդամ պետությունների հետ միասին էլ ավելի քիչ հնարավորություններ կունենա դիմակայելու արևմտյան ստրատեգների գործողություններին, որոնք «նոր աշխարհակարգ» են սահմանում` հիմնված կառավարելի քաոսի վրա: Այս խնդրին հասնելուն է, ավելի շուտ, ուղղված 2011թ. օգոստոսի 23-ի Վարշավյան հռչակագիրը: Մի կողմից` Հռչակագրում ներառված դրույթները, դրանց իրագործման պարագայում, անխուսափելիորեն կխարխլեն ռուսական հանրության միասնության հիմքերը: Մյուս կողմից` Արևելյան գործընկերության ծրագրի միջոցով Վարշավյան հռչակագրի հեղինակները ՀԱՊԿ (Հայաստան, Բելառուս) և ԱՊՀ (Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա) գծով Ռուսաստանի գործընկերներին կներգրավեն այն նյութերի հավաքման աշխատանքին, որոնք մերկացնում են տոտալիտար ԽՍՀՄ-ի հանցավոր գործունեությունը: Միևնույն ժամանակ, համապատասխան քարոզչամեքենան այս ֆոնին տեղեկատվական պատերազմի հերթական պտույտը կծավալի, որը կհետապնդի հակառուսական, ռուսատյաց տրամադրություններ հրահրելու նպատակ: Դա, իր հերթին, հաղորդակից անոթների սկզբունքով, անհապաղ բուն Ռուսաստան կանցնի: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ այսօր ՌԴ-ում ապրում և ոչ միայն իրենց, այլև ԱՊՀ-ում իրենց հարազատների գոյությունն են ապահովում բազմամիլիոն հայկական, ադրբեջանական, վրացական, մոլդովական, տաջիկական համայնքները:

Կարելի է նաև այլ ծանրակշիռ փաստարկներ բերել, որոնք կհաստատեն Ռուսաստանի և ՀԱՊԿ նրա դաշնակիցների պետականության հիմքերի խարխլմանն ուղղված էշելոնացված աշխատանքի փաստը: Սակայն, կարծում ենք, որ վերոշարադրյալը թույլ է տալիս անել հետևյալ եզրահանգումը. Ռուսաստանի մասնատման ռազմավարությունն արդեն մտել է թեժ փուլ:

 

ԳՐԻԳՈՐ ԱՂԱՆՅԱՆ

ՄՈՍԿՎԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ, ԲԱՅՑ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ «ԶՈՀԵՐԻՆ» ԻՐ ԳԻՐԿՆ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ

(նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php?id=10679&fl=y&l=A)

18.08.2011

Վրաստանի «հայազգի» նախագահը հասավ նպատակին և մշակույթի նախարարի ձեռամբ Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուային ազատեց աշխատանքից: Վրաց նախարարի հայտարարությունից պարզվում է, որ Ստուրուայի ազատման հրամանի համար հիմք են հանդիսացել հռչակավոր բեմադրիչի «այլատյացություն» պարունակող հայտարարությունները: Կարծես այսպիսի հանգուցալուծման գնում էին երկու կողմն էլ: Ստուրուան նախանձելի համառությամբ կրկնում էր իրեն ու իր նման թթու ազգայնականներին ներսից քրքրող idea fix-ը Վրաստանի պատմության մեջ հայերի դեստրուկտիվ դերի ու «հայ» Սաակաշվիլու հակավրացական քաղաքականության մասին: Իսկ Սաակաշվիլին էլ «Բազմազգ Վրաստան» կազմակերպության միջոցով անընդհատ թունավորում էր Ստուրուայի կյանքը: Մի խոսքով, Վրաստանում ի հայտ եկավ Միխեիլ Նիկոլոզովիչի հերթական «զոհը», այն էլ` համաշխարհային, տվյալ դեպքում` ռուսական հռչակ ունեցող բեմադրիչի տեսքով: Իսկ ժամանակակից Ռուսաստանի համար Սաակաշվիլու ցանկացած ընդդիմախոս և թշնամի դառնում է շատ ցանկալի ու պատվարժան անձ: Կարևոր չէ, թե ինչ հայտարարություններ է արել սույն մարդը, որ ժողովուրդների հասցեին է լյապեր դուրս տվել, ինչ զզվելի արտահայտություններ է արել հարևան ժողովրդի մասին, գլխավորն այն է, որ նա չի սիրում և հարգում Ռուսաստանի թշնամի Միխեիլին:

Ստուրուային պաշտոնից հեռացնելուց մեկ օր չանցած մոսկովյան իշխանություններն ու թատրոնները մեկմեկու հերթ չտալով սկսեցին հրավերների տարափ տեղալ Ռոբերտ Ռոբերտովիչի գլխին: Սկսած հռչակավոր լյուբիմովյան Տագանկայից` վերջացրած Ալ. Կալյագինի Et Cetera կիսաանտրեպրիզային թատրոնով: Մոսկվան սկսել է արցունքներին հավատալ, և մոսկովյան չինովնիկների «փխրուն սիրտը» չի դիմացել, ու ռուսական «Բարեկամություն» շքանշանի ասպետին իրենց գիրկն են կանչում: Ինչպիսի՜ հոգատարություն բազմավաստակ արվեստագետի նկատմամբ: Տագանկայի ողջ կոլեկտիվն արդեն երկու ամիս է` դիմում է մոսկովյան մշակութային չինովնիկներին իրենց ամենանշանավոր դերասանին` Վալերի Զոլոտուխինին գեղղեկավար նշանակելու համար և պատասխան չի ստանում, բայց մեկ օրվա մեջ հանճարեղ Յու. Լյուբիմովին փոխարինող է գտնվում հեռավոր Թբիլիսիում: Լավ է գոնե Ստուրուան այնքան արժանապատվություն ունեցավ, որ հրապարակավ հայտարարեց, թե հին Տագանկան այլևս չկա, իսկ ինքը ուժ չունի նորը ստեղծելու համար: Ինչևէ, մեր գործը չէ կարծես, թե ում և որ թատրոնում սովորական բեմադրիչի կամ գեղղեկավարի պաշտոնում կտեսնեն ռուսները: Ընդհանրապես, Թբիլիսիից եկածները մեծ օգուտ են բերել ռուսական բեմարվեստին, վկան` լենինգրադյան հռչակավոր БДТ-ում Գեորգի Տովստոնոգովի երկարամյա գործունեությունը և հանճարեղ ներկայացումները: Տովստոնոգովի և Ստուրուայի միջև մի կարևոր տարբերություն կա: Առաջինը զբաղված էր բարձր արվեստով և չէր խառնվում ճղճիմ քաղաքական հարցերին, իսկ երկրորդը երևի իրեն սպառել է ու ինքնարտահայտման նոր եղանակ է հորինել`ցեխ շպրտել հայերի հասցեին:

Ստուրուայի հայտնի հակահայկական հայտարարություններից հետո բազմաթիվ արձագանքներ եղան վրաց և հայկական մամուլում, որոնց թվում նաև իմ բավական կոռեկտ պատասխանն էր հնչել: Բայց պարզվում է, որ վրացական ազգայնականներին շատ է վիրավորել իմ հոդվածը, որը որպես օրինակ քննարկել է Գուլբաատ Ռցխիլաձեն Սաքինֆոյի կայքէջում:

Պարոն Ռցխիլաձեն գրում է. «Գ.Աղանյանի նշյալ հոդվածում` «Ինչու է Ռոբերտ Ստուրուան շատ սիրում Շուշանիկին և հեչ չի սիրում Միխեիլ Նիկոլոզովիչին», ի մի են բերված հայ հասարակությունում առկա բազմաթիվ ստերեոտիպեր, այն արտացոլում է շատ բան նրանից, թե ինչպես է հայ մտավորականությունն ընկալում վրացիներին ու Վրաստանը, բայց, դրանով հանդերձ, հոդվածն ապրիորի տոգորված չէ հակավրացական ոգով, և ի տարբերություն որոշ վրաց հեղինակների ռեակցիայի, որոնք արձագանքել են ՎՈՒԵ-ի և ՀԱԵ-ի միջև բանակցությունների ընթացքին, հայ հեղինակը համարժեք և նույնիսկ ակադեմիական է մնում: Այսինքն` այդ հոդվածն արժանի է առանձին ուշադրության»: Ռևերանսը կարծես թե ընդունեցի, բայց հայ մտավորականներին հատուկ ստերեոտիպերից խոսելուց առաջ բատոնո Գուլբաատին շատ կխնդրեի սեփական մեղքերն ուրիշի վրա չբարդել: Ես իսկապես երբեք ինձ թույլ չեմ տվել հակավրացական որևէ արտահայտություն, բայց և թույլ չեմ տա սվանին վիրավորել իմ ժողովրդին: Սույն պարոնը փորձում է ինձ սովորեցնել, որ քարթվել չպետք է ասել, այլ պետք է գրել քարթալեցիներ և նմանատիպ մանր-մունր բաներ, որոնք շատ նման են Ջորջիա, թե Գրուզիա տերմինների շուրջ բարձրացված դատարկ աղմուկին: Իմ վրաց ընդդիմախոսին նաև շատ է զայրացրել Ճավճավաձեի և Ծերեթելու հասցեին իբր անհարգի արտահայտությունները, բայց սույն պարոնը կարող է բացել իր մայրենի լեզվով նախանցյալ դարի վերջի մամուլը և կարդալ այս «լուսավորիչների» կեղտոտ պասկվիլները հայության հասցեին: Բատոնո Գուլբաատը շատ է վիրավորվել, որ այս մարդկանց ազգանունները գրել եմ փոքրատառով, է՜հ, դուք էլ վրացերենում իմ անունն եք փոքրատառով գրում, հո ես չե՞մ նեղանում:

Թողնենք արձագանքները, որովհետև այս բանավեճն անիմաստ է: Քարացած պատկերացումների գերի ու թութակի պես դասը սերտած մարդկանց հետ բանավիճելը նման է խուլ ու կույր մարդու հետ զրույցի:

Նորից դառնանք Ստուրուայի մոսկովյան բարեկամներին: Սրանք էլ լավ սերտել են երկակի կամ, ավելի ճիշտ` երկերեսանի խաղի կանոնները: Թարմ օրինակ, խնդրեմ: Հարգարժան «Ռիանովոստին» հայտնում է, որ Ստուրուային ազատել են աշխատանքից «այլատյացության» մեղադրանքով, բայց կոնկրետ որն է նրա այլատյացությունը, չի մասնավորեցնում (http://ria.ru/culture/20110818/419489389.html): Ռոբերտ Ստուրուան, բացի հայերի հասցեին բարձր արվեստագետին ոչ հարիր հայտարարություն անելուց և վիրավորելուց, ուրիշ ոչ մի ժողովրդի մասին նմանատիպ արտահայտություն չի արել: Մոսկովյան «դեմոկրատները» նորից իրենց դերի մեջ են և կիսաճշմարտությունը դարձնելով դրոշ` իրենց հաշիվներն են մաքրում Սաակաշվիլու «ատելի ռեժիմի հետ: Եթե այդքան հանդուրժող էին, թող մի լավ գործ էլ առաջարկեին Վախթանգ Կիկաբիձեին, որն «օգոստոսյան հնգօրյա» միկրոպատերազմից հետո խստորեն քննադատեց ռուսական իշխանություններին:

Մի Ստուրուա ավելի, մի Ստուրուա` պակաս, Ռուսաստանում ոչինչ չի փոխվի, չեն փոխվի նաև վրաց մտավորականներից շատերը, որոնք հայի անուն տալիս արդեն փշաքաղվում են:

 

ՎԱՍԻԼԻ ԿԱՇԻՐԻՆ

ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ՍՊԱՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԻԲՐԱՀԻՄ ԽԱԼԻԼ ԽԱՆ ՋԵՎԱՆՇԻՐԸ

(նյութի մշտական հասցեն՝ http://regnum.ru/news/polit/1430742.html)

01.08.2011

REGNUM տեղեկատվական գործակալության էջերում շարունակվում է կատաղի բանավեճը Ղարաբաղի ինչպես նորագույն, այնպես էլ հին պատմության իրադարձությունների շուրջ: Թեմային նվիրված հրապարակումների մեծ մասը հագեցած է հետաքրքիր փաստական նյութով, բայց այդ նյութի` երկու կողմի ներկայացուցիչների մեկնաբանությունները հաճախ շատ քիչ ընդհանուր բան ունեն իսկական և անկանխակալ պատմական գիտելիքի որոնման հետ: Պատրանքներ տածել պետք չէ. մենք տեսնում ենք վեճ հողի համար, և այդ պայքարի փաստարկներից մեկն էլ հենց անցյալի, այդ թվում և վաղ անցյալի իրադարձությունների վկայակոչումն է: Ռուս պատմաբանին հարիր չէ ավելորդ անգամ միջամտել անդրկովկասյան երկու ժողովուրդների վենդետային` իր պրոֆեսիոնալ դաշտում չնմանվելու համար ազնիվ Մերկուցիոյին, որը մնացել էր միմյանց դեմ պայքարող Մոնտեքիների և Կապուլետիների արանքում և դառը տառապանքով ստիպված էր հետո բացականչել. «Ժանտախտը տանի ձեր երկու ընտանիքներն էլ»:

Սակայն երբեմն այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, երբ ռուս պատմաբանը չի կարող անտարբեր դիտորդ մնալ օտարի բանակռվին: Մեր պարագայում դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ բանավեճի կողմերից մեկը, ցանկանալով նոր փաստարկներ գտնել հօգուտ Ղարաբաղի հանդեպ իր «անվերապահ» և «բացառիկ» իրավունքների, փորձում է դա անել ի հաշիվ պատմական ռուսական պետականությունը, քաջարի ռուսական բանակն ու նրա զորահրամանատարներին մրոտելու:

2011թ. հուլիսի 30-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակել էր պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Ջամիլ Հասանլիի «Ղարաբաղի խանության միավորումը Ռուսական կայսրությանը. պատմական իրողություններ և առասպելներ» հոդվածը: Դրանում բերված փաստերը քաղված են հրապարակված աղբյուրներից և գիտական նորություն չեն ներկայացնում: Նյութի ներկայացման և հատկապես տոնայնության առումով հոդվածը դասական «հակագաղութային» և հակահայկական հեծկլտանք է` «զուտ մուսուլմանական», «զուտ թյուրքական» Ղարաբաղի խանության (որը կուլ տվեց չարանենգ կայսերական Ռուսաստանը 19-րդ դ. սկզբին) անժամանակ վախճանի թեմայով: Նախկին Ռուսական կայսրության տարածքի ծայրամասերում քիչ չենք նկատում նման լալկան-մեղադրողների ազգային երիտասարդ պատմագիրների շարքում, և բանավեճը նրանց հետ մեզ արժանի զբաղմունք չի թվում: Հայ գործընկերները, անշուշտ, կգտնեն ըստ էության ինչ պատասխանեն Հասանլիի դատողություններին Ղարաբաղի թյուրքական ու մուսուլմանական միատարրության մասին:

Մենք կարող էինք և ժամանակ չծախսել պատմական գիտությունների դոկտորի հետ վիճելու վրա, որը հղում է կատարում գրող Վ.Ս. Պիկուլի «գիտական» հեղինակությանը: Սակայն պրոֆեսոր Հասանլիի հոդվածում մեր ուշադրությունն ակամա գրավեց մի անցում. «1806թ., երբ Իրանը նախաձեռնեց հարձակում Շուշիի վրա, ամրոցի կայազորի պետ, մայոր Լիսանևիչը, զգուշանալով Ղարաբաղի խանի անսպասելի գործողություններից, ոչնչացրեց Իբրահիմ Խալիլ խանի ողջ ընտանիքը, բացառությամբ որդիներից մեկի` Մեհթի Կուլի աղայի»: Այս` ասես հպանցիկ ասված նախադասությունից անտեղյակ ընթերցողը կարող է եզրակացնել, թե ռուս զորահրամանատարը պարզապես ինչ-որ վերացական զգուշավորությունից, առանց դատ ու դատաստանի սպանել է Ղարաբաղի խանության օրինական կառավարչին, որը ճանաչում էր Ռուսաստանի իշխանությունն իր հանդեպ: Ընդ որում` ոչ միայն Իբրահիմ խանին, այլև նրա ամբողջ ընտանիքը: Այսինքն` կարելի է եզրակացնել, որ խոսքը տվյալ պարագայում կամ ռուսական կայազորի հրամանատարի կատարած ծանր հանցագործության մասին է, կամ էլ, եթե ավելի հեռուն գնանք, ռուսական կայսերական իշխանության դաժան ուխտադրժության, որը մեկ տարի առաջ Ղարաբաղի խանին վերցրել էր իր հովանավորության ներքո, իսկ հետո, առանց որևէ առիթի, սպանել նրան:

Ադրբեջանական պատմական հրապարակախոսությունում ընդհանրապես կարելի է ճղճղոցի մի ամբողջ շերտ գտնել Ղարաբաղի խանի ընտանիքի դեմ ռուսների թվացյալ չարամիտ «ռազմական հանցագործության» թեմայի շուրջ: Օրինակ, Էլդար Ամիրովն իր «Ղարաբաղի ողբերգությունների նախերգանքը. կառավարիչ Իբրահիմ խանի և նրա ընտանիքի սպանությունը» հոդվածում [1news.az. 19.04.2011] Լիսանևիչին անվանում է «ադրբեջանական ժողովրդի դահիճ»: Այս և նման հիստերիկ ելույթները չարժե անուշադրության մատնել, քանի որ դրանք անմիջականորեն շոշափում են ռուսական բանակի զինվորների և հրամանատարների պատիվն ու բարի անունը: Իրականում Իբրահիմ խանի մահվան պատմությունը, թեև լրիվ ուսումնասիրված չէ, բայց, այնուամենայնիվ, հայտնի է հետազոտողներին: Եվ հասանելի նյութերը մեզ թույլ են տալիս, նույնիսկ առանց լրացուցիչ արխիվային որոնումների, ընթերցողին առաջարկել այդ իրադարձությունների մեր վարկածը: Մեզ համար հիմնական աղբյուր կծառայեն «Կովկասյան հնագրական հանձնաժողովի հավաքած ակտերի» 3-րդ հատորը (Թիֆլիս, 1869, այսուհետ` ԿՀՀԱ) և ոչ այնքան հայտնի «Նորին գերազանցության 13-րդ լեյբ-գրենադերյան Էրիվանյան գնդի 250 տարվա պատմության» (1642-1892, Սանկտ Պետերբուրգ, 1893) 3-րդ մասը: Վերջինի հեղինակը` Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ Պավել Օսիպովիչ Բոբրովսկին, իր աշխատությունում լայնորեն օգտագործել է Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի արխիվի փաստաթղթերը: 1806թ. հենց 17-րդ եգերյան գնդի ռազմիկներն են, որոնցից ավելի ուշ ձևավորվում է Էրիվանի գրենադերական գունդը, առանցքային դեր խաղում այն իրադարձություններում, որոնք հանգեցնում են Ղարաբաղի խանության կառավարչի մահվանը: Բոբրովսկու աշխատությունն արժեքավոր մի շարք փաստեր է պարունակում, որոնք հեղինակը վերցրել է արխիվային փաստաթղթերից: Օրինակ, մինչ օրս հստակություն չկար Իբրահիմ խանի մահվան օրվա հարցում: Ադրբեջանական և ռուսական Վիքիպեդիան նշում է 1806թ. հուլիսի 18-ը` չնշելով աղբյուրը: Սակայն Բոբրովսկու գրքում ամենայն հստակությամբ խոսվում է, որ Ղարաբաղի կառավարիչը սպանվել է 1806թ. մայիսի 27-ին (Бобровский П.О. История 13-го Лейб-Гренадерского Эриванского Его Величества полка за 250 лет. (1642-1892). Ч. 3. СПб., 1893. С. 245, այսուհետ` Բոբրովսկի):

Եվ այսպես, ինչպիսի՞ն էին Ղարաբաղի խանության երկրորդ կառավարչի` Ջևանշիրի Իբրահիմ Խալիլ խանի մահվան հանգամանքները: 

 

* * *

1806 թվականն էր` 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի երրորդ տարին: Անդրկովկասում թվով սակավ ռուսական զորքերը պաշտպանական գործողություններ էին վարում իրենց զգալիորեն գերազանցող պարսկական ուժերի դեմ: 1806թ. ռազմարշավում մարտական գործողությունները Ղարաբաղում սկսվեցին մայիսի վերջին, երբ պարսկական զորքերն անցան Արաքսն ու շարժվեցին դեպի խանության մայրաքաղաք` Շուշիի ամրոց: Ղարաբաղի խանության կառավարիչ Իբրահիմ Խալիլ խանը (1732-1806) 1805թ. մայիսի 14-ի Քյուրեքչայի պայմանագրով ընդունել էր Ռուսական կայսրության իշխանությունն իր հանդեպ: Սակայն նա շարունակում էր սերտ կապեր պահպանել Իրանի հետ. նրա որդիներից մեկը` Աբուլ-Ֆեթհը, Ղարաբաղի հող մտավ որպես երկու հազարանոց պարսկական ջոկատի հրամանատար, որը Աբաս-միրզա շահզադեի (գահաժառանգի) ավանգարդն էր:

Քյուրեքչայի պայմանագրի համաձայն` ռազմավարական առումով կարևոր Շուշիի ամրոցում տեղակայվեց 500 հոգանոց ռուսական կայազորը: Դա 17-րդ եգերյան գնդի գումարտակն էր` մայոր Լիսանևիչի հրամանատարությամբ: Դմիտրի Տիխոնովիչ Լիսանևիչը (1780-1825)` Վորոնեժի աղքատացած ազնվական ընտանիքի զավակը, 1804թ. Գյանջայի գրոհի հերոս էր: Այն ժամանակ, որպես գրոհող գումարտակի հրամանատար, նա առաջինը բարձրացավ ամրոցի պատին, ինչի համար էլ պարգևատրվեց Սբ. Գեորգիի 4-րդ դասի շքանշանով:

1806թ. մայիսին, մահվանից մի քանի օր առաջ, Ղարաբաղի խան Իբրահիմ Խալիլը` ռուսական ծառայության գեներալ-լեյտենանտը, իր ամբողջ ընտանիքով ու շքախմբով, «օդափոխության պատրվակով» (այսինքն` իբր շոգ եղանակի պատճառով) դուրս եկավ Շուշիի ամրոցից դեպի 4 վերստ հեռու գտնվող վայր, որը ռուսական աղբյուրներում անվանվում է Միրզա-Ալի-Բեկով Սենգիր (Բոբրովսկի, էջ 245):

Շուշիի անվանի մարդկանց մի խմբի վարկածով` Իբրահիմ խանը, իշխանություններին մայոր Լիսանևիչից բողոքելուց հետո (դժգոհ էր ռուս հրամանատարի կարգադրություններից), հեռանում է Շուշիից. «Լիսանևիչը և Ջորաևը, չկարողանալով գլուխ հանել ժողովրդի հետ, վատ էին վարվում նրա հետ` ճնշելով հպատակներին, և չէին գործում տրակտատին համապատասխան և առանց մեր գիտության միջամտում էին այստեղի մեր մի քանի գործերին, որոնք նրանց չէին վերաբերում: Իսկ հանգուցյալ Իբրահիմ խանը, վշտանալով նրանց այս արարքներից, կարգադրեց վրան խփել ամրոցից այն կողմ և այնտեղ էր մնում իր կանանցից մեկի ու երեք որդիների հետ, իսկ մնացած կանայք և երեխաներն ամրոցում էին, բայց 2 թե 3 օրը մեկ գնում էր ամրոց և վերադառնում իր վրանը» (Շուշիի ավագանու և բնակիչների զեկույցը, 1806թ.//ԿՀՀԱ, հ. 3, N624):

Շուշիի այդ նույն բողոքողների ներկայիս ադրբեջանցի կույր հետևորդները նույնպես ընդգծում են, որ Իբրահիմ խանը գնացել է իր ամառային նստավայր, չամրացված մի վայր, որտեղ պարզապես ապրում էր վրանում` երեխաների և կնոջ հետ: Սակայն պատմաբան գեներալ Պ.Օ. Բոբրովսկին այդ վայրն անվանում է «ամրոց», իսկ Կովկասյան հնագրական հանձնաժողովի փաստաթղթերում խոսվում է «ամուր դիրքի», «բերդի» մասին: Ռուսական կողմի վարկածով` արդեն Շուշիից դուրս գալու պահին Իբրահիմ խանը դավաճանաբար էր տրամադրված, և Լիսանևիչի եգերների զբաղեցրած մայրաքաղաքը լքեց հենց այն բանի համար, որ առանց խոչընդոտի կապ պահպանի պարսկական իշխանությունների, մասնավորապես որդու` Աբուլ-Ֆեթհի հետ: Ղարաբաղի խանության նստակյաց բնակիչներին նա հրամայեց մնալ իրենց տեղերում, չվախենալ պարսկական ներխուժումից, իսկ քոչվոր թաթարներին կարգադրություն ուղարկեց զինվել և հավաքվել պայմանավորված տեղում` Շուշիին մոտ լեռներում, ուր և գալու էր Աբուլ-Ֆեթհն իր 2000 պարսկական զինվորներով:

Ի դեպ, հատկանշական է, որ արդեն Իբրահիմ խանի մահվանից հետո Շուշիի նրա կողմնակից բնակիչները ռուսական իշխանություններին ուղղված բողոքում ստիպված էին ընդունել այն փաստը, որ իրենց հանգուցյալ կառավարիչն իսկապես կապեր ուներ պարսկական զորքի հետ: Դրան պարզ բացատրություն էր տրվում. խանը ցանկանում էր խուսափել իր տիրույթների ամայացումից և նոր տարվա բերքահավաքի ոչնչացումից: Դրա համար էլ, իբր, իր մարդկանց ուղարկել էր Աբաս-միրզայի մոտ (Շուշիի ավագանու և բնակիչների զեկույցը, 1806թ.//ԿՀՀԱ, հ. 3, N624):

Տեղեկություններն այս ամենի մասին Լիսանևիչը ստանում էր տարբեր աղբյուրներից` սահմանից այն կողմ ուղարկված հետախույզներից, հայ մելիք Ջիմշիդից, Ղարաբաղի շատ բնակիչներից, և, գլխավորը` հենց խանի մերձավոր հարազատներից: Սկզբում Լիսանևիչը փորձում էր գործել դիվանագիտական մեթոդներով: Նրա իսկ խոսքերով` նա Իբրահիմ խանի մոտ է ուղարկում նրա որդի Մեհթի Կուլի աղային և թոռանը` Ջաֆար Կուլի բեկին, որպեսզի նրանք համոզեն վերջինիս դադարեցնել կապերը թշնամու հետ և վերադառնալ ռուսական կողմ: Լիսանևիչը զեկուցում էր. «Քանի որ այս պարագայում դավաճանությունն ակնհայտ է, ապա ես համոզելու համար ուղարկել եմ նրա որդի Մեհթի աղային և թոռանը` Ջաֆար Կուլի բեկին, որպեսզի նա, կտրելով բոլոր կապերը պարսիկների հետ, վերադառնա իր ողջ ընտանիքով ամրոց, որոնք, այնտեղ մնալով օրվա մեծ մասը, սկզբում վերադարձած Ջաֆար Կուլի բեկն ասում է ինձ, որ նա թեև մի քանի անգամ համոզել է խանին հրաժարվել պարսիկներից, բայց ռուսներին հայհոյելուց բացի ուրիշ ոչինչ չի լսել և, ավելին, խանը նրան համոզիչ կերպով խնդրել է, որ նա ջանա ինձ տանել նրա տուն և բռնելով` նրան տալ նաև եղբորը` Շուքուր-Ուլահին, որը գտնվում էր Ելիզավետպոլի ամանաթում, ինչից ես հրաժարվեցի. սրանից հետո հայտարարեց, որ այս գիշեր կամ խանը կհեռանա պարսիկների հետ, կամ պարսիկները կմիանան նրան, որից հետո եկած Մեհթի աղան նույնպես ասաց, որ ինչքան էլ փորձել է համոզել խանին, բայց խանը ոչ մի բանի չի համաձայնել և ակնհայտորեն բռնել է պարսիկների կողմը» (Փոխգնդապետ Դ.Տ. Լիսանևիչը գեներալ-մայոր Պ.Դ. Նեսվետաևին: Զեկույց: 4 սեպտեմբերի 1806թ., ԿՀՀԱ, հ. 3, N610):

Իբրահիմ խանի որդու և թոռան այս տեղեկությունների օգտին է վկայում այն դատողությունը, որ Լիսանևիչը հազիվ թե ղեկավարությանը զեկուցեր Մեհթի Կուլիի և Ջաֆար Կուլիի` հոր ու պապի մոտ կատարված այս դիվանագիտական առաքելության մասին, եթե վստահ չլիներ, որ նրանցից գոնե մեկը (կամ այլ վկաներ) կհաստատի ներկայացված փաստերը: Լիսանևիչի այս սպասումն արդարացվեց: Իրականում Մեհթի Կուլի աղան, հոր տեղն զբաղեցնելով Ղարաբաղի խանի գահին, սկսեց մեղադրել Լիսանևիչին այն բանում, որ վերջինս հանցավոր կերպով չարաշահել է իրավասությունները և սպանել Իբրահիմ խանին: Սակայն այդ նույն ժամանակ Մեհթի Կուլի աղայի և նրա զարմիկի` Ջաֆար Կուլի բեկի միջև դաժան պայքար է սկսվում, որի պատճառներից մեկն այն էր, որ, ինչպես ասվեց Կովկասի ռուս հրամանատարների նամակագրությունում, Ջաֆար Կուլին չէր ուզում հորեղբորը թույլ տալ «փակել Իբրահիմ խանի դավաճանությունը» (Փոխգնդապետ Պ.Ս. Կոտլյարևսկին գեներալ-լեյտենանտ, բարոն Ի.Կ. Ռոզենին: Զեկույց: 6 հոկտեմբերի 1806թ., N271//ԿՀՀԱ, հ. 3, N615):

Եվ այսպես, ևս մեկ անգամ կրկնենք անվիճելի փաստերը. 1806թ. մայիսին Ղարաբաղի խանությունը ենթարկվել է թշնամական զորքերի հարձակմանը, պարսկական հեծելազորը կարող էր հայտնվել Շուշիի մերձակայքում ցանկացած պահի, իսկ խանության կառավարիչ Իբրահիմ խանը` Ռուսաստանի «հավատարիմ» վասալն ու ռուսական ծառայության գեներալ-լեյտենանտը, չգիտես շոգից, թե Լիսանևիչի կարգադրություններից ունեցած դժգոհությունից, այն օրերին հեռացել է իր մայրաքաղաքից` Շուշիի ամրոցից և տեղավորվել քաղաքից ոչ հեռու գտնվող բաց տեղանքում, վրանի տակ:

«Ի՞նչ է սա` հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն»,- կհարցներ ռուսական պատմության մեկ այլ դարաշրջանի մեկ այլ գործիչ: Իսկ մեզ համար պատասխանն ակնհայտ է թվում. Իբրահիմ խանը վստահաբար դավաճանություն է արել, իսկ ահա նրա ադրբեջանցի ջատագովները` հիմարություն: Եվ եթե նույնիսկ Ղարաբաղի խանի «փախուստը» նպատակ ուներ սպասողական չեզոքություն պահպանել, ռուսական իշխանությունների կողմից այն ժամանակվա պայմաններում դա բացահայտ անլոյալ գործողություն է դիտվում, և նրանք վճռական կանխարգելիչ միջոցների լիակատար իրավունք ունեին: Իբրահիմ խանը մերժում էր Լիսանևիչի բոլոր փաստարկները. նրա չար կամքն անկասկած դարձավ Շուշիի ռուսական կայազորի հրամանատարի համար: Եվ այդ ժամանակ նա սկսեց գործել դաժանաբար: Իր հետ վերցնելով 17-րդ գնդի 100 եգերի` Լիսանևիչը մայիսի 27-ի գիշերը դուրս եկավ Շուշվա ամրոցից և մոտեցավ Իբրահիմ խանի գտնված վայրին:

Վարկածներն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո, խիստ տարբեր են: Ըստ դրանցից մեկի` ռուս զինվորները սառնասրտորեն անմեղ մարդկանց դաժան սպանդ են կազմակերպել, որոնք նույնիսկ չեն փորձել դիմադրել: Շուշիի ազդեցիկ բնակիչների մի խումբ իր կոլեկտիվ բողոքի մեջ գրում էր. «Մայոր Լիսանևիչը և միլահվարը (այդպես է փաստաթղթում. «միլահվար»-ը վրացական ազնվականական տիտղոս է: Հնարավոր է` խոսքը մայոր Ջորաևի մասին է, որն աստիճանով երկրորդ ռուս սպան էր Շուշիի կայազորում- Վ.Կ.), անսպասելիորեն զորք վերցնելով, կեսգիշերին գնում է խանի դեմ, սկզբում սպանում են նրան, հետո` կնոջը, Ալի խանի քրոջը, մի դստերն ու նրա որդուն և այնտեղ թաքնված 30 պաշտոնյաներին ու հարազատներին, բոլորին սպանում են. նրանց ամբողջ ունեցվածքը` փողով ու իրերով, հանդերձանքն ու վրանները թալանում-տանում են` մեզ ու մեր հարևաններին հուսահատեցնելով» (Շուշիի ավագանու և բնակիչների զեկույցը, 1806թ.//ԿՀՀԱ, հ. 3, N624):

Լիսանևիչի դեմ բողոքում է նաև սպանված խանի որդին` Մեհթի Կուլի աղան, որը ստացել էր հոր գահը: Լիսանևիչը սկզբում նրան ռուսական գործի կողմնակից էր համարում, սակայն համոզվում է, որ Ղարաբաղի նոր կառավարիչը դարձել է իր անձնական երդվյալ թշնամին: Լիսանևիչը դա բացատրում էր նրանով, որ Մեհթի խանը հավատարիմ էր «մահմեդական» իրավունքներին (Փոխգնդապետ Դ.Տ. Լիսանևիչը գեներալ-մայոր Պ.Դ. Նեսվետաևին: Զեկույց: 4 սեպտեմբերի 1806թ., ԿՀՀԱ, հ. 3, N610):

Ռուսական զինվորական իշխանությունները խիստ ուշադիր էին ռուս սպաների հասցեին տեղի բնակիչներից հնչող բոլոր նման բողոքների հանդեպ: Տագնապալի և խառնակ ռազմական ժամանակաշրջանում նման պատմությունը ցուցադրական քննություն էր պահանջում: Դեռ բոլոր տեղեկությունները չհավաքած և չլսելով իր` մեղադրվողի վարկածը` Վրաստանում և Դաղստանում զորքերի գլխավոր հրամանատար, կոմս Ի.Վ. Գուդովիչը զինվորական ցամաքային ուժերի նախարար Ս.Կ. Վյազմիտինովին գրում է. «Վրաստանում զորքերի հրամանատար, գեն.-մ. Նեսվետաևից ստացած զեկույցներով պարզվում է, որ 17-րդ եգերյան գնդի փոխգնդապետ Լիսանևիչը և նրա հետ եղած մայոր Ջորաևը, առանց հրահրիչ պատճառների, եգերների ջոկատով հարձակում են գործել Շուշիի Իբրահիմ խանի վրա, որը, իր մոտ զորք չունենալով, բացի արական և իգական սեռի 35 ծառայողներից և 1 կնոջից ու 3 մանկահասակ երեխաներից, գտնվում էր Շուշի ամրոցի այս կողմում, այգիների մոտ, առանց որևէ ամրացում ունեցող սարի վրա, և ինքն էլ դուրս է գալիս վրանից ջոկատին ընդառաջ` ոչ մի կրակոց չարձակելով. բայց եգերներն սկսեցին կրակել ու խողխողել սրերով, որտեղ էլ Իբրահիմ խանը սպանվում է և նրա ունեցած ամեն ինչն անցնում է հարձակումը կազմակերպածներին» (Գեներալ, կոմս Ի.Վ. Գուդովիչը Ս.Կ. Վյազմիտինովին: 21 օգոստոսի 1806թ., N19//ԿՀՀԱ, հ. 3, N605):

Այնուհետև Գուդովիչը տեղեկացնում էր, որ այդ տեղեկությունները հիմնվում էին իրեն հասած լուրերի, Մեհթի Կուլի աղայի և Շուշիի մի խումբ բնակիչների (վերը մեջբերված) բողոքի վրա: Հատկանշական է, որ, ինչպես գրում էր Գուդովիչը, այս բոլոր տվյալներն իր համար ամենևին էլ Լիսանևիչի մեղավորության ապացույց չէին: Սակայն նա, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարել «ձևական քննության անցկացում կազմակերպել` դրա միջոցով Իբրահիմ խանի հարազատներին և հպատակ մյուս ժողովրդին ցույց տալու համար, որ Նորին կայսերական գերազանցության օրենքների և արդարադատության ուժը ոչ մի տեղ չի տալիս հանցագործություններին և մշտապես արդարացի պաշտպանություն է տրամադրում» (նույն տեղում):

Իբրահիմ խանի մահվան հաջորդ օրն իսկ Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսվում ռուսների և մոտեցած պարսկական զորքերի միջև: Լիսանևիչը գլխովին տարվում է իրեն վստահված ուժերի մարտական գործունեության ղեկավարությամբ, և նա պարզապես ժամանակ չուներ հրամանատարության առջև իրեն պաշտպանելու և արդարանալու համար (Գեներալ-մայոր Պ.Դ. Նեսվետաևը գեներալ-լեյտենանտ Գ.Ի. Գլազենապին: 18 հուլիսի 1806թ., N1739//ԿՀՀԱ, հ. 3, N602):

Միայն Ղարաբաղի խանի մահվանից երեք ամիս հետո է Լիսանևիչը կարողանում գրավոր պատասխանել իր դեմ հարուցված մեղադրանքներին: Գեներալ-մայոր Նեսվետաևին 1806թ. սեպտեմբերի 4-ին ուղղված զեկույցում նա այսպես է նկարագրում այդ արյունալի մայիսյան գիշերվա իրադարձությունները. «Եվ այսպես, արդեն ոչ մի հույս չունենալով զղջալ տալ խանին` [ես] որոշեցի գիշերը հարձակվել նրա վրա և, եթե կարելի լինի, ողջ բռնել և դրա համար 100 մարդ եգեր նշանակելով` սպաների պատշաճ թվով, ինքս գնացի նրանց հետ գործողությունն իրականացնելու. ամրոցում հրամայեցի ուժեղացնել դարպասների ու ճեղքերի պահակետերը, իսկ մյուսներին` հավաքվել հրանոթների մոտ. գրոհի գնացող սպաներին և մարդկանց հրամայեցի, որ չկրակեն թշնամուց առաջ և մոտենալուն պես լեզուն իմացողները գոռան, որ նրանք, չկրակելով, հանձնվեն խանի հետ: Ես հարձակման գնացի բոլորովին այլ ճանապարհով, այլ ոչ թե նրանով, որն ուղիղ տանում է ամրոցից դեպի նրանք և որտեղ նրանք պահակներ ունեին, և սկզբում նրանք մեզ չբացահայտեցին, երբ մոտեցանք մի կրակոցի չափ, և այստեղ նրանք, գոռոցներով, մեզ վրա ուժեղ կրակ բացեցին: Ես որքան բղավեցի նրանց, և ուրիշներն էլ, համոզելով, որ չկրակեն և հանձնվեն, բայց նրանք համառորեն շարունակում էին կրակել և վիրավորեցին մի եգերի, որը մի քանի օր հետո մեռավ: Այս հանդգնության համար ես հրամայեցի եգերներին կրակել և հարձակվել նրանց վրա. եգերները քաջաբար կատարեցին այդ, և մի ակնթարթում դավաճանները հետ շպրտվեցին իրենց ամուր դիրքից, իսկ խանը մի քանի մարդկանցով, փամփուշտով սպանված, մնաց տեղում, մյուսներին հետապնդեցին եգերները թփերում և կիրճերում. նրա որդին, աղջիկը և կինը, որոնք մահացել էին ստացած վերքերից, այլ կերպ վիրավորվել չէին կարող, քան փախուստի ժամանակ խառնվելով ամբոխին, թփերում. գիշերվա մթության մեջ նրանք չէին ճանաչվել. դավաճանների իրերը, որ մնացել էին վրաններում, որպես ռազմավար վերցվեց և որն այնքան էլ շատ չէր, ես տվեցի զինվորներին, բայց նրանց լավ իրերը գործողության սկզբից էլ տարել էին նրանց ծառայողները, որոնցից Մեհթի աղան հետո շատ բան գտավ» (Փոխգնդապետ Դ.Տ. Լիսանևիչը գեներալ-մայոր Պ.Դ. Նեսվետաևին: Զեկույց: 4 սեպտեմբերի 1806թ., ԿՀՀԱ, հ. 3, N610):

Բոբրովսկու տվյալներով` սպանված կառավարչի որդին` Խանլար աղան, կարողացել է ձիով փախչել զինյալ մի խումբ հեծյալների հետ (Բոբրովսկի, էջ 245):

Ինչպես այնուհետև տեղեկացնում է այդ նույն զեկույցում Լիսանևիչը, խանի ճամբարում նա անմիջապես տեղեկություն է ստանում Մուղանի բեկից, որ երկու հազարանոց պարսկական ջոկատը` Աբուլ-Ֆեթհի գլխավորությամբ, որին սպասում էր Իբրահիմ խանը, արդեն շատ մոտ էր գտնվում: Լիսանևիչը շտապում է վերադառնալ ամրոց, և այնտեղ է հասնում լուսաբացին: Գրեթե նույն ժամանակ Շուշիից երկու վերստ հեռու երևում է պարսկական զորքը: Լիսանևիչը նրանց դեմ է դուրս գալիս 150 եգերներով և ղարաբաղյան հեծյալ միլիցիայով: Փախստականներից իմանալով Իբրահիմ խանի և նրա մերձավորների հետ պատահածի մասին` պարսկական առաջապահ զորքը նահանջում է` մարտը չընդունելով:

Իր զեկույցում Լիսանևիչը հատկապես ընդգծում էր, որ գործել է` ելնելով Իբրահիմ խանի դավաճանության անկասկածելի փաստից, և որ` եթե նա այլ կերպ վարվեր, ռազմական հետևանքները կարող էին աղետալի լինել Ղարաբաղում ռուսական ներկայության համար: Նա գրում էր. «Սրանից բացի, պարտքս եմ համարում հիշեցնել, որ եթե Իբրահիմ խանն [այդ] գիշեր որպես դավաճան արժանի հատուցում չստանար, ապա հաջորդ օրն իսկ Շուշվա ամրոցը կշրջափակվեր պարսիկների և ղարաբաղյան դավաճանների կողմից. արդեն Արաքսն անցած Աբաս-միրզան կարող էր այնտեղից 2 ռազմերթով այստեղ հասնել. Շուշիի կայազորում ընդհանրապես մթերապաշար չկար, նաև ծառայողների մոտ: Իբրահիմ խանի որդի Մեհթի աղայի և իր թաթարների հավատարմության վրա ընդհանրապես հույս դնել չէր կարելի, որոնց թիվն անհամեմատ ավելի մեծ էր ամրոցում, քան հայերինը (Փոխգնդապետ Դ.Տ. Լիսանևիչը գեներալ-մայոր Պ.Դ. Նեսվետաևին: Զեկույց: 4 սեպտեմբերի 1806թ., ԿՀՀԱ, հ. 3, N610):

Լիսանևիչի և նրան մեղադրողների վարկածները գրեթե փոխբացառում են միմյանց: Սակայն, դրանք համեմատելով և միևնույն ժամանակ այլ փաստական տվյալներ օգտագործելով` կարելի է, այնուամենայնիվ, անել հետևյալ եզրակացությունները:

Իբրահիմ խանի դավաճանական գործունեությունը չէր հարուցում ռուսական կայազորի հրամանատարի կասկածները: Ուստի, նա սկզբից ևեթ ավելի շուտ դիմեց ուժային ակցիայի, այլ ոչ թե դիվանագիտական հորդորների: Դրա համար նա, մասնավորապես, ընտրեց շրջանցող արահետը, որով նրա ջոկատի շարժը չէր կարող նկատել խանի դետքը: Բայց Լիսանևիչն ամենից քիչ Իբրահիմ խանի մահն էր ցանկանում: Նրա տեսակետից` լավագույն տարբերակը կլիներ խանին ստիպողաբար Շուշի վերադարձնելը, որտեղ նրան կարելի կլիներ օգտագործել որպես պատանդ` դրանով իսկ Անդրկովկասում հսկայական քաղաքական դժվարություններ չստեղծելով Ռուսաստանի և կարիերայի հետ կապված ռիսկեր` անձամբ իր համար: Ե՛վ մեկը, և՛ մյուսն անխուսափելի էին խանի մահվան պարագայում, ինչն էլ տեղի ունեցավ իրականում: Իբրահիմ խանի անմեղ մահվան կողմնակիցները պնդում են, որ եթե նա իսկապես Ռուսաստանի դավաճան լիներ, Շուշիի ամրոցի մոտ չէր մնա, որտեղ նաև ռուսական կայազորն էր գտնվում: Սակայն սրան էլ առարկելու բան կա: Իբրահիմ խանը խանության օրինական կառավարիչն էր, ռուսահպատակ և գեներալ, և ողջ նախկին փորձը նրան հիմքեր չէր տալիս զգուշանալ Լիսանևիչի վճռական ուժային գործողություններից: Բոլոր նախորդ օրերին ռուս սպան ապարդյուն ջանում էր համոզել Իբրահիմ խանին: Պարսկական զորքերն արդեն մոտենում էին (ինչպես հիշում ենք, դրանք Շուշիի մոտ էին արդեն հաջորդ առավոտյան, այսինքն` խանի մահվանից մի քանի ժամ անց): «Այս գիշեր կամ խանը կհեռանա պարսիկների հետ, կամ պարսիկները կմիանան նրան»,- այսպես էին փոխանցում խանի պլաններն արդեն մեջբերված զեկույցում նրա որդին ու թոռը: Ղարաբաղի կառավարիչը համարյա «սպասեց» պարսիկներին, և նա կարող էր հուսալ, որ նրանց մոտենալուն մնացած մի քանի ժամն էլ իր համար բարեհաջող կանցնեին: Լիսանևիչի և նրա հարյուր եգերների գրոհն անսպասելի էր խանի համար: Գրեթե հաստատ ռուս զինվորները հանդիպել են զինված դիմադրության: Մենք չգիտենք` այն ցուցաբերվել է Իբրահիմ խանի հրամանո՞վ, թե՞ նրանց կամքից անկախ է բռնկվել: Ինչպես նաև հավաստի տվյալներ չունենք խանի շքախմբի թվաքանակի ու սպառազինության մասին: Ամենայն հավանականությամբ, խոսք չկար նաև ռուս եգերների կողմից «բերդի» կամ «ամրոցի» գրոհի մասին, բայց չենք էլ հավատում երեք տասնյակ անպաշտպան ծառաների ու աղախինների մասին խոսքերին, որոնք քաղաքամերձ այգում խփված վրանների մեջ էին: Կարծում ենք` ճշմարտությունն ինչ-որ տեղ մեջտեղում է, բայց այն մանրամասն վերականգնել կարող է միայն երևակայությունը, քանի որ աղբյուրների մեր ունեցած նյութը որոշակիորեն բավարար չէ: Ինչպես արդեն փորձեցինք ցույց տալ, Լիսանևիչը շահագրգռված չէր խանի մահվամբ, սակայն իրավիճակը դուրս էր եկել ռուս զորահրամանատարի վերահսկողությունից: Եթե, ինչը շատ հավանական է, նրա եգերների վրա կրակ էր բացվել, նա կարող էր և պարտավոր էր հրամայել, որ ծայրահեղ միջոցներ ձեռնարկվեն` խուսափելու համար վատթարագույնից` Իբրահիմ խանի փախուստից և որդու գլխավորած պարսից առաջապահ ջոկատին միանալուց: Հետևում է արյունալի գոտեմարտը գիշերվա մթության մեջ, և ոչինչ այս պայմաններում չէր կարող ապահովել Ղարաբաղի կառավարչի ընտանիքի անդամների անվտանգությունը:
Իբրահիմ խանի սպանության գործի քննությունը շարունակվում է մինչև 1807թ. հուլիս, և արդյունքում պարզվում է Լիսանևիչի անմեղությունը: Ինքը` գլխավոր հրամանատարը, բոլոր հպատակների պատկերացմամբ, «համոզվելով ճշմարտության մեջ», խնդրեց կայսերը Լիսանևիչի վրայից ամեն տեսակ պատասխանատվությունը հանելու համար (Բոբրովսկի, էջ 246): Շուշիի կայազորի նախկին պետը փայլուն շարունակեց ծառայությունը Կովկասում: 1824թ. Ալեքսանդր I-ի անձնական ընտրությամբ Դ.Տ. Լիսանևիչը նշանակվեց Կովկասյան գծի զորքերի հրամանատար` ստանալով գեներալ-լեյտենանտի աստիճան: 1825թ. հուլիսի 25-ին, Չեչնիայի ապստամբած Գերզել աուլի հնազանդեցման ժամանակ, Լիսանևիչը, ընդունելով լեռնցի ավագների պատվիրակությանը, ծանր վիրավորվում է մոլեռանդ լեռնցու կողմից և շատ չանցած մահանում: Վերը նշված հոդվածի հեղինակ Է.Ամիրովը գրում է, որ Լիսանևիչին` «համազգեստավոր այդ դահճին», պատժեց ադրբեջանցի վրիժառուի ձեռքը: Բայց մենք չենք մեկնաբանի այս զառանցանքը, քանի որ բանականության ձայնն անզոր է այսքան վայրի հիմարության ու տգիտության առջև:

 

* * *

Այս կարճ հոդվածում մենք, փաստաթղթերն ու փաստերը ձեռքներիս, փորձեցինք ապացուցել մի պարզ թեզիս. մայոր Լիսանևիչը 1806թ. մայիսին բոլոր հիմքերն ուներ ռազմական ուժ կիրառելու Իբրահիմ Խալիլ Ջևանշիր խանին հպատակեցնելու համար, որի դավաճանական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ մեզ համար կասկածից դուրս է: 1806-ի ահեղ իրադարձությունները լավ հայտնի օրինակ են այն բանի, թե ինչ է եղել ռուս զորահրամանատարների հետ, որոնք հավատացել են «ադրբեջանական» խաների անկեղծությանը: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, Բաքվի պատերի տակ, քաղաքի բանալիների հանձնման արարողության ժամանակ, Բաքվի Հուսեին Կուլի խանի կամակատարի ձեռքով ուխտադրժորեն սպանվում է ռուս գլխավոր հրամանատար, հետևազորի գեներալ, իշխան Պ.Դ. Ցիցիանովը. նրա գլուխը Բաքվի կառավարիչն ուղարկում է պարսից շահին: Իսկ նույն թվականի ամռան սկզբին Շաքիի խան Սելիմը խաբեությամբ իր ճամբար է բերում ռուսական կայազորի հրամանատար, մայոր Պարֆյոնովին, ոչնչացնում նրա պահախմբի մի մասին, իսկ մնացածներին գերի է վերցնում և բանտ նետում:

Ղարաբաղում մայոր Լիսանևիչը չի հավատում Իբրահիմ խանին և որոշում է ուժ կիրառել նրա դեմ: 1806թ. մայիսի 27-ի գիշերը խանի վրանի մոտ մարտ է սկսվում, որի ընթացքում, մթության և քաոսի մեջ, սպանվում են ինքը` Իբրահիմ խանը, և նրա ընտանիքի մի շարք անդամներ ու ծառայողներ: Նման «հատուկ գործողությունների» ժամանակ գրեթե միշտ անմեղ մարդիկ են զոհվում, այդ թվում` կանայք և երեխաներ: Նման զոհեր եղել են և՛ 1989 թվականին, երբ ռուս հատուկ ջոկատայինները գրոհեցին Տաջ-Բեկ (Ամինի) պալատն Աֆղանստանում, և՛ այն ժամանակ, երբ ամերիկյան «ծովարջերը» ոչնչացրին Ուսամա բեն Լադենին Պակիստանում, 2011թ. մայիսին:

Ափսոս անմեղ մարդկանց, բայց պատերազմն իր տրամաբանությունն ունի, իր օրենքներն ու իրավունքները: 1806թ. մայիսին Լիսանևիչը և նրա եգերները գործում էին լուրջ ռազմական վտանգի ծայրահեղ պայմաններում, որը բարդանում էր նրանով, որ ուժերով գերակշիռ պարսկական կողմում էին գտնվում նաև Ղարաբաղում կառավարող խանական ընտանիքի մի շարք անդամներ: Ռուս զորահրամանատարի և նրա եգերների հատու և վճռական քայլերը թույլ տվեցին հակադարձել սպառնալիքն ու Ղարաբաղը պահել Ռուսաստանի կայսրության օրինական իշխանության ներքո: Փառք ու պատի՛վ նրանց դրա համար:

 

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am