Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Սեպտեմբեր 2011, N 9

ԱՇԽԱՐՀԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Եվ այսպես, համաշխարհային քաղաքականության մեջ աշուն է։ Աշնան առաջին ամիսը սառնություն բերեց իր հետ, որը որոշ չափով սառեցրեց ամռան քաղաքական թեժ կրքերը։ Համենայնդեպս, շատ հիմնախնդիրներ սեպտեմբերին լուծվեցին քաղաքական մեթոդներով, այլ ոչ թե ռմբահարումներով ու բռնությամբ, ինչպես նախորդ ամիսներին։

Սեպտեմբերն սկսվեց այն տեղեկությամբ, որ Թուրքիայի իշխանությունները որոշել են մասնակցել Եվրոպայի տարածքում ՆԱՏՕ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը։ Ինչպես հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, խոսքը Թուրքիայում ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) տեղակայման մասին է։

Մի քանի ժամ անց Մոսկվան արձագանքեց թուրքական կողմի հայտարարությանը։ «Թուրքիայում ԱՄՆ ռազմավարական ենթակառուցվածքի տարր հանդիսացող ՀՀՊ ՌԼԿ-ի հայտնվելու հեռանկարն էլ ավելի հրատապ է դարձնում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ամուր, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների ստացումն առ այն, որ Եվրոպայում իրենց ծավալած հակահրթիռային միջոցներն ուղղված չեն Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի դեմ»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարարությունը։ Ինչպես ընդգծեցին Ռուսաստանի ԱԳՆ-ում, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն համառորեն չեն ցանկանում Ռուսաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր հավանական հրթիռային սպառնալիքներից Եվրոպայի պաշտպանության գործում և հավուր պատշաճի հաշվի առնել ռուսական շահերը և մտահոգությունները։ Չնայած իր այսքան կոշտ դիրքորոշմանը՝ Մոսկվան չգնաց առճակատման Թուրքիայի հետ։ Իսկ սեպտեմբերի 14-ին Անկարան և Վաշինգտոնը հուշագիր ստորագրեցին Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ ՀՀՊ ռադար տեղակայելու մասին։ Ռադիոլոկացիոն կայանը կկառուցվի երկրի հարավ-արևելքում՝ Մալաթիայում, ոչ հեռու Սիրիայի հետ սահմանից։ Մինչև 2011թ. վերջը Թուրքիայում կտեղակայվի AN/TPY-2 THAAD դասի շարժական ՌԼԿ համակարգ։ Ռադարը կմտնի ՆԱՏՕ ՀՀՊ եվրոպական համակարգի կազմի մեջ՝ որպես Իրանի տարածքից հրթիռների արձակման մասին վաղ տեղեկացման համակարգ։

Ինքը՝ Թուրքիան, ի տարբերություն Ռուսաստանի, վտանգավոր խաղի մեջ է ներքաշվել, ինչը սպառնալիքի առջև է կանգնեցնում տարածաշրջանի փխրուն կայունությունը։ Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան սառեցնում է Իսրայելի հետ բոլոր ռազմական ու տնտեսական շփումները՝ լրացուցիչ պատժամիջոցներով սպառնալով հրեական պետությանը։ Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառ է դարձել իսրայելական ղեկավարության դիրքորոշումը, որը հրաժարվում է պաշտոնապես ներողություն խնդրել անցյալ տարի «Մավի Մարմարա» նավի զավթման ժամանակ թուրք քաղաքացիների զոհվելու համար։ Քիչ էր, որ Թուրքիայի իշխանությունները նախաձեռնեցին այս սադրանքը՝ «Ազատության նավատորմիղ» բարձրագոչ անվամբ, հիմա էլ ներողություն են պահանջում։ Թուրք վարչապետի սպառնալիքներին և վիրավորանքներին Թել Ավիվում բավական հանգիստ արձագանքեցին։ Իսրայելի ռազմաքաղաքական գերատեսչությունը նիստ անցկացրեց, որի արդյունքներով որոշում ընդունվեց չարձագանքել Էրդողանի հակաիսրայելական հայտարարություններին։ Ավելին, կառավարության աղբյուրն իսրայելական ԶԼՄ-ներին տեղեկացրեց, որ իսրայելական իշխանությունները մտադիր չեն բարդացնել իրավիճակն այնպես, ինչպես «դա անում է «Էրդողանը»։ «Թող շարունակի կատաղել»,- ասել նա։ Միևնույն ժամանակ, իսրայելական կողմը, իրեն հատուկ սառնասրտությամբ, նախազգուշացրեց, որ եթե Թուրքիայի վարչապետի խոսքերն սկսեն ամրապնդվել գործերով, ապա Իսրայելն իրավիճակը կվերագնահատի։

Ամսվա սկզբին ԱՊՀ երկրների առաջնորդները հավաքվել էին Դուշանբեում՝ մասնակցելու հոբելյանական գագաթաժողովին՝ նվիրված Համագործակցության կազմավորման 20-ամյակին։ Բարձրամակարդակ հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Գագաթաժողովի արդյունքներով ընդունվեց փաստաթղթերի փաթեթ ԱՊՀ շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ներառյալ՝ հակաօդային պաշտպանության համակարգի և միգրացիոն քաղաքականության կատարելագործումը, ինչպես նաև համաձայնագիր Համագործակցության երկրների՝ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ժողովուրդների հիշատակը հավերժացնելու մասին։

Այս ֆոնին Ռուսաստանը նախաձեռնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բարեփոխություն։ Սեպտեմբերի 5-ին ռուսաստանյան մամուլում ի հայտ եկավ տեղեկատվություն այն մասին, որ ռուս պաշտոնյաները սկսել են պատրաստել ՀԱՊԿ-ի մասին համաձայնագրի փոփոխությունները։ Բարեփոխումը վերաբերելու է այն բանին, թե ինչպես է կազմակերպությունը պայմանավորվելու այս կամ այն հարցի շուրջ։ Այժմ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Ռուսաստանն առաջարկում է հարցերի մի մասի վերաբերյալ պայմանավորվել որակյալ մեծամասնության հիման վրա։

Այդ նույն ժամանակ տարածվեց ևս մի նորություն՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, որը հնչեցրեց Բելառուսի նախագահը։ Խոսքն Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) կիրառման մասին էր կազմակերպության մասնակից երկրներում իրադրության ապակայունացման պարագայում։ Ըստ Լուկաշենկոյի՝ «խոսքը ՕԱՀՈւ կիրառման մասին է ոչ միայն կազմակերպությունից դուրս պետությունների, այլ նաև ՀԱՊԿ ներսի պետությունների միջամտության դեպքում։ Որովհետև պատերազմով, ճակատով ոչ ոք մեզ վրա չի գա, իսկ ահա սահմանադրական հեղաշրջում կատարելու համար շատերի ձեռքերն են քոր գալիս»,- հայտարարեց Բելառուսի նախագահը։ Նախաձեռնությունը ծնվել էր ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ, որը տեղի էր ունեցել օգոստոսի 12-ին Աստանայում, և հեղինակն է Մոսկվան, թեև այն հնչեցրեց Լուկաշենկոն։

Մոսկվային, սակայն, դուր չեկավ Բելառուսի առաջնորդի նման ուղղագիծ հայտարարությունը։ Ինչպես հայտարարեց ռուսական կողմը, Ռուսաստանն առայժմ չի որոշել՝ կպաշտպանի՞ Ալեքսանդր Լուկաշենկոյին, եթե կրկնվեն անցյալ տարվա հուզումները Մինսկում։ Կրեմլում պարզաբանեցին, որ Բելառուսի առաջնորդը թեև համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն ՀԱՊԿ օգնության գաղափարն «օգտագործեց իր նպատակներից ելնելով և գռեհկացրեց այն»։

Սեպտեմբերի 7-ին լավ լուր ստացվեց Սլովակիայից, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի և Սլովակիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակում։ Հայ ֆուտբոլիստները տառացիորեն ջախջախեցին մրցակիցներին 4։0 հաշվով։ Խաղի ընթացքում աչքի ընկան Յուրի Մովսիսյանը, Հենրիկ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Սարկիսովը։

Եվս մեկ նորություն, այս անգամ՝ քաղաքական բնույթի, երկու օր անց ստացվեց Ուրուգվայից։ Այս երկրի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ։ Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարն այս թեմային անդրադարձել է հայ-ուրուգվայական հարաբերություններին նվիրված խորհրդարանական կոնֆերանսի ժամանակ։ Լուիս Ալմագրոն նշել է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մասն է, և նրանք ներկայումս ուսումնասիրում են ԼՂՀ ճանաչման հարցը պետական մակարդակով։ «Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ և ժամանակի ընթացքում վերամիավորվի Հայաստանի հետ։ Սա է հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը»,- ընդգծել է Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Սեպտեմբերի կեսին Բելառուս այցելեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդունվեց ամենաբարձր մակարդակով։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բելառուսի նախագահի հետ, որը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բելառուսը և Հայաստանը հասել են բարձր մակարդակի առևտրատնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման մեջ։ Նա նշեց, որ Բելառուսին և Հայաստանին կապում է սերտ տնտեսական համագործակցությունը, որը վերջին տարիներին հաջողվել է հասցնել բավական բարձր մակարդակի։ Քաղաքական համագործակցության առնչությամբ Բելառուսի նախագահն ընդգծեց, որ այն շատ բարձր մակարդակի վրա է, քանի որ երկու երկրներն էլ գտնվում են նույն ռազմաքաղաքական բլոկում։ Բացի այդ, Լուկաշենկոն նշեց, որ երկու երկրներն էլ կապված են բարեկամական հարաբերություններով ոչ միայն պետությունների, այլև կառավարությունների ղեկավարների, բիզնեսի ներկայացուցիչների մակարդակով։

Սեպտեմբերին Հայաստանի ԱԳ նախարարը եղավ նաև Իրանում։ Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Նա հայ-իրանական հարաբերությունները բնութագրեց որպես պատմական ու վաղեմի և նշեց, որ իր երկիրը հետաքրքրված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ։ Իրանի նախագահը և Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև զարգացող համագործակցությունից՝ նշելով ակտիվ փոխայցելությունները, բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը, ընդգծելով երկկողմ պատրաստակամությունը՝ հետագայում ևս շարունակել փոխշահավետ հարաբերությունների զարգացումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։

Սեպտեմբերի 12-ին, երկարատև ձգձգումներից հետո, վերջապես պաշտոնապես գործարկվեց Իրանի Բուշեհրի ԱԷԿ-ը։ Կայանի էներգաբլոկը ներկայումս աշխատում է իր հզորության 35-40%-ի չափով։ Առաջին էներգաբլոկի գործարկման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն, «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն։ Ինչպես հայտարարեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, էներգաբլոկը լրիվ հզորությամբ կաշխատի 2-3 ամիս հետո։

Այս ֆոնին Եվրամիությունը բանակցություններ սկսեց Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ Եվրոպային Կասպից ծովով գազ մատակարարելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրել է էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը, խոսքը խողովակաշարի անցկացման մասին է, որը, ինչպես ենթադրվում է, կդառնա այսպես կոչված «Հարավային միջանցքի» մասը, որի օգնությամբ ԵՄ-ը հույս ունի նվազեցնել կախվածությունը ռուսական գազից։

Այս տեղեկությունը միանշանակ չընդունվեց Մոսկվայի կողմից։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ափսոսանք հայտնեց ԵՄ Նախարարների խորհրդի որոշման կապակցությամբ, որով Եվրահանձնաժողովին լիազորվում էր Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ մտնել Անդրկասպյան գազատարի անցկացման շուրջ։ «Բարձր սեյսմիկություն ունեցող փակ ջրավազանում խողովակաշար անցկացնելու հարցը, անկասկած, վերաբերում է այն հարցերին, որոնք պետք է լուծվեն «կասպյան հնգյակի» պետությունների կողմից»,- հայտարարեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Բացի այդ, ինչպես հայտարարեց ռուսական կողմը, դրսից կասպյան գործերին միջամտելն ի վիճակի է «լրջորեն բարդացնել իրավիճակը տարածաշրջանում» և բացասաբար անդրադառնալ Կասպից ծովի նոր կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վրա։ Ռուսաստանի արտգործնախարարությունը զարմանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ այդ կառույցը՝ աննախադեպ իր ռիսկերով ու մասշտաբով, միևնույն ժամանակ՝ նաև ԵՄ-ի համար նման ձեռնարկի առաջին փորձը լինելով՝ որոշվել է կառուցել Կասպից ծովում, «որի ափերին Եվրամիության և ոչ մի երկիր ելք չունի»։

Սակայն ԵՄ համառությունը ոչ մի կերպ չազդեց դեպի Եվրոպա գազի արտահանման ընդլայնման համար իր խողովակաշարն անցկացնելու Ռուսաստանի պլանների վրա։ Սեպտեմբերի 16-ին Սոչիի Միջազգային ներդրումային համաժողովում ստորագրվեց համաձայնագիր «Հարավային հոսք» խողովակաշարի շինարարության վերաբերյալ։ Պաշտոնապես գազատարի բաժնետերեր դարձան ռուսական գազային հսկա «Գազպրոմը», իտալական Eni ընկերությունը, ֆրանսիական EDF-ը և գերմանական BASF-ը։ Ոչ դյուրին բանակցություններն այս ուղղությամբ շարունակվում էին մի քանի տարի։ Նախատեսում են գազատարն անցկացնել Սև ծովի հատակով։ Այն կդառնա դեպի Հարավային Եվրոպա գազի անխափան մատակարարման երաշխիքը։

Այսպիսով, կարելի է փաստել, որ սեպտեմբերին Ռուսաստանը և Եվրամիությունը մտան «գազատարային պատերազմի» թեժ փուլ։ Ընդ որում՝ ռազմական գործողությունների թատերաբեմն են Սև ծովը, Կովկասն ու Կասպիան։ Պայքարն ընթանում է հանուն կենտրոնաասիական և կասպյան գազի։ Պայքարի զենք են ծառայում գազատարների երկու մրցակցող նախագծեր՝ ռուսական «Հարավային հոսքը» և եվրոպական Nabucco-ն։ Ամենազարմանալին այն է, ինչպես նշում են փորձագետները, որ երկու կողմերն էլ մեկ ուղղությամբ են խաղում. և՛ մեկ, և՛ մյուս նախագիծը նպատակ ունեն բարելավել Եվրոպայի գազամատակարարումը։ Պարզապես ԵՄ-ը ուզում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից այս հարցում. Nabucco-ն պետք է շրջանցի ռուսական տարածքները։

Բայց որ ավելի տագնապալի է, շատ փորձագետներ զգուշացնում են, որ Եվրոպայի՝ անդրկասպյան գազատարի շինարարությունն ավարտելու վճռականությունը կարող է սպառազինությունների նոր մրցավազք հրահրել տարածաշրջանում, որին անմիջականորեն կներքաշվեն Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։

Ամսվա կեսին սկսեց շիկանալ իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Ընդ որում՝ հնարավոր պայթյունի պատճառը տարածաշրջանում դարձան այսպես կոչված «արաբական հեղափոխությունների» արդյունքները, որոնք «դեմոկրատիա» և «ազատություն» չբերեցին դիկտատորներին տապալած Թունիսին, Եգիպտոսին և Լիբիային (հերթի մեջ է Եմենը, իսկ Սիրիան և էլի մի շարք մերձավորարևելյան ու արաբական երկրներ դարձել են հակաիսրայելյան տրամադրությունների բռնկման կատալիզատոր)։ Այսպես, սեպտեմբերի 15-ին Իսրայելն սկսեց տարհանել Հորդանանի իր դեսպանության անձնակազմը՝ երկյուղելով, որ Ամանում կարող են կրկնվել Կահիրեի դեպքերը։ Դրանից մի քանի օր առաջ կատաղի ցուցարարների ամբոխը ջարդուփշուր արեց Իսրայելի դեսպանատունը Կահիրեում, և եգիպտական հատուկ ջոկատայիններին հազիվ հաջողվեց տարհանել իր անձնակազմին։

Սեպտեմբերի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց նոր բանաձև Լիբիայի վերաբերյալ։ Փաստաթուղթը նախատեսում է մեղմացնել ռազմական և տնտեսական պատժամիջոցները, ինչպես նաև կազմավորել խաղաղարար առաքելություն՝ ժամանակավոր կառավարությանն օգնելու համար։ Ընդունված բանաձևը թույլ է տալիս Լիբիայի Անցումային ազգային խորհրդին զենք և այլ տեխնիկա մատակարարել անվտանգության պահպանման, այդ թվում խաղաղարարներին, լրագրողներին և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին պաշտպանելու համար։ Մուամար Քադաֆիի, նրա հարազատների ու զինակիցների դեմ պատժամիջոցները մնում են ուժի մեջ, ուժի մեջ է մնում նաև Լիբիայի տարածքի վրայով թռիչքների արգելքը։

Այս ընթացքում հերթական ապստամբության հոտ սկսեց փչել Ալժիրից։ Սեպտեմբերի 17-ին այդ երկրի ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ արտաքին ուժերը ջանում են խափանել անվտանգությունը և խախտել կայունությունն Ալժիրում՝ օգտագործելով Facebook սոցիալական ցանցը։ «Ալժիրի անվտանգության ուժերը հետաքննություն անցկացրին ինտերնետում ցույցերի կոչեր տարածողների բացահայտման ուղղությամբ և պարզեցին, որ այդ գործունեությամբ զբաղվում են ոչ Ալժիրում»,- նշել է ալժիրցի չինովնիկը։ Նա նաև «արտաքին ուժերին» մեղադրել է Իսրայելի հետ կապ ունենալու մեջ։

Ամսվա երկրորդ կեսին կրկին աչքի ընկավ Թուրքիան, որի ղեկավարության համար արդեն սովորություն է դարձել եվրոպացիներին քննադատելը։ Այս անգամ թուրքերի թիրախը Գերմանիան էր։ ԳԴՀ այցի նախօրեին Թուրքիայի նախագահը դժգոհություն է հայտնել գերմանացիների վիզային քաղաքականության հետ կապված։ Suedeutsche Zeitung-ին տված հարցազրույցում Աբդուլա Գյուլն անընդունելի է համարել, որ ԳԴՀ մեկնելու համար թուրքական քաղաքացիներից վիզա է պահանջվում, այն դեպքում, երբ գերմանացիները կարող են ազատ Թուրքիա մտնել։ Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ Թուրքիան, նախկինի պես, ձգտում է դեպի ԵՄ։ Ընդ որում՝ ըստ նրա, երկիրը բեռ չի դառնա եվրոպական պետությունների համար. ընդհակառակը, ուժեղ թուրքական տնտեսությունը կօգնի ԵՄ-ին՝ հաղթահարել ճգնաժամը։ Եվրոպայում, ինչպես նշել է Գյուլը, ներկա պահին կա ընդամենը երկու ակտիվ զարգացող երկիր՝ Գերմանիան և Թուրքիան։

Ինչպես տեսնում ենք, Էրդողան-Գյուլ-Դավութօղլու եռյակի ամբարտավանությունն ու սնապարծությունը սահմաններ չունեն։

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի համար հերթական լավ մարզական լուրն ստացվեց բելգիական Լոմել քաղաքից, որտեղ անցկացվում էր Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը։ Մրցաշարային առաջին օրը մինչև 55 և 60 կգ քաշային կարգերում Եվրոպայի չեմպիոններ դարձան եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները։

Սեպտեմբերին, ինչպես և նախորդ ամիս, ԱՄՆ-ում փորձում էին գոնե ինչ-որ կերպ լուծել ֆինանսական հիմնախնդիրները։ Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման որոշել է ընդունել միլիարդատեր Ուորեն Բաֆեթի առաջարկը և բարձրացնել հարկերն ունևոր ամերիկացիների համար։ Օբամայի այս որոշմանն անհապաղ արձագանքեցին նրա ընդդիմախոս հանրապետականները։ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Փոլ Ռայանը նախագահ Բարաք Օբամային մեղադրեց դասակարգային պատերազմ հրահրելու մեջ։ Ռայանն ընդգծեց, որ հարկերի մշտական բարձրացումը նրանց համար, ովքեր աշխատատեղեր են ստեղծում, չի կարող հանգեցնել տնտեսության աճի։ Ըստ կոնգրեսականի՝ այս դեպքում հատկապես կտուժի փոքր բիզնեսը։ Բաֆեթի առաջարկն այն է, որ ավելի քան մեկ միլիոն եկամուտ ունեցող ամերիկացիները վճարեն առնվազն այնքան հարկեր (տոկոսային հարաբերակցությամբ), որքան և միջին դասը։

Սեպտեմբերը ֆինանսական կայունություն չբերեց նաև Եվրոպային, որտեղ ոչ մի կերպ չէին կարողանում լուծել պարտքերի մեջ թաղված Հունաստանի հիմնախնդիրը։ Բանն այնտեղ հասավ, որ հունական կառավարությունը որոշեց եվրոյի պահպանման կամ ազգային արժույթին վերադառնալու հարցը դնել հանրաքվեի։ Հունաստանը, որի պետական պարտքը մոտենում է 350 միլիարդ եվրոյի, գտնվում է դեֆոլտի եզրին։ Եվրամիությունը և ԱՄՀ-ն Հունաստանին 110 միլիարդ եվրո են տրամադրել, սակայն դա բավական չէր երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։ Ներկայումս Հունաստանը բանակցություններ է վարում Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և ԱՄՀ-ի հետ ութ միլիոն եվրո վարկային նոր տրանշի մասին։

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Բրյուսել մեկնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա հանդիպեց ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Կողմերը քննարկեցին Հայաստանում բարեփոխումների ընթացքին և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Վարչապետը Շտեֆան Ֆյուլեին ներկայացրեց 33 ուղղությունների գծով նոր բարեփոխումների օրակարգը, որոնց նպատակն է մեր երկրի կողմից գործողությունների արագացումը հարևանության եվրոպական քաղաքականության ծրագրի շրջանակում։

Կառավարության ղեկավարը եղավ նաև եվրոպական մամուլի ակումբում (European press club), որտեղ հանդիպեց հայկական և եվրոպական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի և ԵՄ հարաբերություններին, վերջին 20 տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, կառավարության առաջիկա ծրագրերին և նպատակներին։ Վարչապետի խոսքով՝ մենք առայժմ բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք։ Բայց չնայած դրան՝ կառավարության ղեկավարը լավատեսություն և վստահություն հայտնեց, որ մեր երկիրն ի վիճակի է լուծել այդ հիմնախնդիրները։ «Մեր հռչակած արժեքներն առայժմ լիովին չեն կիրառվում, մեր գաղափարները, նպատակները և իրականությունն առայժմ չեն համընկնում։ Բայց մենք վստահ ենք, որ, հաղթահարելով անցած 20 տարիների անասելի դժվարությունները և բարդությունները՝ մենք ի վիճակի ենք լուծել այսօրվա խնդիրները։ Հարկավոր է ընդամենը հավատալ և սիրել իր հայրենիքը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

Մի քանի օր անց Հայաստանի վարչապետն ուղևորվեց Ռումինիա, որտեղ հանդես եկավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված նիստի բացմանը։ Եվրոպական քաղաքական գործիչների առջև ունեցած իր ելույթում Տիգրան Սարգսյանը նշեց, որ Հայաստանի անկախացումից հետո անցած ժամանակաշրջանը նշանավորվել է դեպի ժողովրդավարական իդեալներ շարժմամբ։ «Այսօր մենք չենք կարող պատկերացնել մեր գոյությունն առանց քաղաքական բազմազանության, բանավեճերի, տնտեսական ազատության, քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների։ Իհարկե, այս ճանապարհին մենք բախվել ենք դժվարությունների։ Եվ թեև մենք հպարտանում ենք մեր ձեռքբերումներով, մեր առջև դեռ լուրջ մարտահրավերներ են կանգնած։ Բայց չնայած դրան, մենք երբեք հարցականի տակ չենք դրել հավատարմությունը հիմնարար եվրոպական արժեքներին, երբեք չենք կասկածել ճանապարհի ընտրության հարցում»,- ասել է վարչապետը։
Ամսվա երկրորդ կեսին ամերիկյան ԶԼՄ-ները բացահայտեցին Սպիտակ տան դիրքորոշումը սիրիական հարցում։ Այսպես, The New York Times թերթը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը համոզված է, որ Բաշար Ասադի վարչակազմն անխուսափելիորեն կտապալվի։ Այս առնչությամբ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համատեղ սկսել է մշակել տարածաշրջանային ռազմավարություն Բաշար Ասադի տապալումից հետո կիրառելու համար։ Պլանի գլխավոր նպատակը պետք է դառնա այն, որ թույլ չտրվի միջդավանական քաղաքացիական պատերազմ սուննիների, ալավիների, քրդերի, քրիստոնյաների և դրուզների միջև։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը և Թուրքիան չեն ցանկանում ուղղակիորեն միջամտել սիրիական իրադարձություններին, քանի որ դա ավելի շուտ կվնասեր սիրիական ընդդիմությանը, քան օգուտ կբերեր։ Սպիտակ տանն առանձնապես մտահոգում է այն հանգամանքը, որ հնարավոր քաղաքացիական պատերազմը Սիրիայում ստեղծված պայմաններում կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը հարևան երկրներում՝ Լիբանանում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում և նույնիսկ Թուրքիայում։

Սեպտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ է վերադարձրել հայ-թուրքական արձանագրությունները։ Թուրքական ԶԼՄ-ներն այդ քայլը բնորոշեցին որպես «պաշտոնական Անկարայի ժեստ Երևանին»։ Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համապատասխան՝ այն օրինագծերը, որոնք չեն հաստատվել կոնկրետ օրենսդրական փուլում, անվավեր են ճանաչվում, ինչի արդյունքում հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին նոր գումարման խորհրդարանի օրակարգից։ Բայց օրենսդրությունում կա նաև կետ, որի համաձայն՝ կառավարությունը կամ պատգամավորները կարող են փաստաթղթերն օրակարգ վերադարձնել։

Թուրքական ընդդիմությունն ընդդիմացավ սրան։ «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալը REGNUM գործակալությանն ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգ վերադարձնելը վկայում է ընդամենը թուրքական կառավարության քաղաքականության անհետևողականության մասին։ «Հավանաբար, Նյու Յորքում այնպես են ճնշել վարչապետին, որ նա ստիպված է եղել դիմել այդ քայլին։ Հայաստանի նախագահը Թուրքիային տարածքային պահանջներ է ներկայացնում, վիրավորում է մեր նախնիներին ՄԱԿ ամբիոնից, իսկ մեր կառավարությունը, Հայաստանին կոշտ բողոք ներկայացնելու փոխարեն, այդ չարաբաստիկ արձանագրությունները վերադարձնում է խորհրդարան։ Միանշանակ, մեր կուսակցությունը դեմ է քվեարկելու այդ արձանագրություններին։ Քանի դեռ Հայաստանը չի ազատագրել Ադրբեջանի օկուպացված տարածքները և չի դադարեցրել տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային, ոչ մի կարգավորման մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարել է նա։ Թուրք ազգայնականի զառանցանքը մեկնաբանելը կամ վերլուծելն իմաստ չունի։

Սեպտեմբերին ցրվեց 2012թ. մարտին կայանալիք Ռուսաստանի նախագահի ընտրության հետ կապված ինտրիգը։ Սեպտեմբերի 24-ին «Միասնական Ռուսաստան» կուսակցության XII համագումարում պարզ դարձավ, թե ով է գլխավորելու իշխող կուսակցությունը պետդումայի կայանալիք ընտրություններում, և Մեդվեդև-Պուտին տանդեմից ով է նախագահի հիմնական թեկնածուն։ Կուսակցության համագումարում Պուտինն առաջարկեց Մեդվեդևին գլխավորել «Միասնական Ռուսաստանի» ցուցակը պետական դումայի՝ 2011թ. դեկտեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում։ Նախագահն ընդունեց առաջարկը և, իր հերթին, վարչապետին առաջարկեց քվեարկվել 2012թ. նախագահական ընտրություններում։ Պուտինն ընդունեց առաջարկը և հույս հայտնեց, որ նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո Ռուսաստանի կառավարությունը կգլխավորի ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ահա այսպիսի պարզ քաղաքական փոխատեղում, որը, սակայն, գլխավոր նորությունը դարձավ ոչ միայն Ռուսաստանում, այլև համաշխարհային ԶԼՄ-ներում, արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ քաղաքական վերնախավում։ Վաշինգտոնում հայտարարեցին, որ Պուտինի գալով փոփոխություններ չեն սպասում Ռուսաստանի քաղաքականությունում և կաշխատեն ցանկացած նախագահի հետ։ «Մենք կշարունակենք աշխատել «վերալիցքավորման» զարգացման ուղղությամբ, ով էլ որ դառնա Ռուսաստանի հաջորդ նախագահը, որովհետև մենք վստահ ենք, որ դա համապատասխանում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և աշխարհի փոխադարձ շահերին»,- հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Վայթորը։ Օբամայի վարչակազմի գաղտնի մնալ ցանկացող աղբյուրը The New York Times թերթին տեղեկացրել է, որ Սպիտակ տունը «միանգամայն գիտակցված ձևով խուսափել է հովանավորություն ցուցաբերել որևէ մեկին»։ «Բոլորը գիտեն, որ Պուտինն է ղեկավարում Ռուսաստանը։ Եթե հիշենք այս ակնհայտ փաստը, հասկանալի է, որ Պուտինն աջակցում էր «վերալիցքավորմանը» ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»,- հայտարարել է թերթի զրուցակիցը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ռուսական տանդեմի որոշումն անվանել է «Ռուսաստանի ազգային գործ»՝ նշելով, որ «համագործակցությունը ռուսական ցանկացած նախագահի հետ կլինի հաջող, քանի որ Գերմանիային և Ռուսաստանին միմյանց է կապում ռազմավարական գործընկերությունը»։

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի նախագահն սկսեց իր համաշխարհային շրջագայությունը։ Սկզբում Սերժ Սարգսյանն ուղևորվեց Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանին։ Նախքան համաշխարհային հանրության առջև ելույթ ունենալը՝ պետության ղեկավարը եղավ Էլիս կղզում, որտեղ այցելեց Ներգաղթի թանգարան, դիտեց 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցանմուշները։ Այստեղ էլ ԱՄՆ Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինը Հայաստանի նախագահին շնորհել է «Էլիս կղզի» պատվո մեդալը։ Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրացի առաջնորդն էր, որն արժանացավ այդ բարձր պարգևին՝ պատվո մեդալի հանձնման ամբողջ 25-ամյա պատմության ընթացքում։ Մինչ այդ ԿԱԷԿ-ի «Էլիս կղզի» պատվո մեդալով ավելի քան հազար պարգևատրվածների մեջ են ԱՄՆ վեց նախագահներ, ինչպես նաև շատ պետական քարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստի գործիչներ և ձեռներեցներ։ Էլիս կղզու պատվավոր մեդալը շնորհվում է ականավոր մարդկանց, որոնք հասարակությանը ծառայելու, իրենց նախնիների պատմությունը պահպանելու և փառաբանելու, մշակութային խմբերի միջև կապեր հաստատելու օրինակ են ծառայում, ինչպես նաև հանուն բարիքի օգտագործում են իրենց անձնական և մասնագիտական ձեռքբերումները։

ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինը նշեց, որ Սերժ Սարգսյանը մարդ է, ով հանուն իր երկրի պայքարել է, ում՝ ազատ և ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկյան կառավարության ու աշխարհի կառավարությունների աջակցությունը: «Ամենակարևորը՝ նա խաղաղության ու հանդուրժողականության երկխոսություն ծավալեց հարևանների հետ՝ իր ժողովրդին առավելագույնս մոտեցնելով խաղաղության»,- ասել է ԿԱԷԿ նախագահը։

Հաջորդ օրը Հայաստանի նախագահը ելույթ ունեցավ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանում։ Պետության ղեկավարի ելույթի գլխավոր հղումը հակամարտությունների խաղաղ կարգավորումն էր։ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Հարավային Սուդանի Հանրապետությանը անկախության ձեռքբերման առիթով։ «Ցանկանում եմ շնորհավորել Միավորված Ազգերի Կազմակերպության նորընտիր՝ 193-րդ անդամին՝ Հարավային Սուդանի Հանրապետությանը: Նրա ճանապարհը մինչև այս դահլիճում տեղ ունենալը երկար էր ու դժվարին, սակայն Հարավային Սուդանի ժողովուրդն ազատ կամարտահայտությամբ իրականացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը` անցնելով այն ճանապարհով, որով անցել են այս դահլիճում ներկա` ՄԱԿ բազմաթիվ անդամ պետություններ»,- հայտարարեց նախագահը՝ հավելելով, որ նույն ընտրությունը երկու տասնամյակ առաջ արել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և արյան գնով նվաճելով իր ազատ ապրելու իրավունքը։ Նախագահն անհանգստություն հայտնեց բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումից՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի մասնակիցներին ներկայացնելով իրական վիճակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ «Փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայությունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում: Չնայած բոլոր սպասելիքներին, միջազգային հանրության բարձր մակարդակի հորդորներին, վերջին՝ կազանյան հանդիպմանը Ադրբեջանը կատարեց հերթական հետքայլը՝ մերժելով նախորդ փուլերում ձեռք բերված համաձայնությունները և փորձելով փաստացիորեն ձախողել բանակցային գործընթացը:

Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ` վտանգելով նաև խաղաղ գոյակցության ապագան:

Մերժելով ու ոչնչացնելով ամեն հայկականը` Բաքուն համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով և ամենուր, այդ թվում և այստեղ՝ ՄԱԿ-ի շրջանակներում տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայերի մասին»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, հաճախակի են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել:

Սերժ Սարգսյանը շոշափեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը՝ նշելով, որ չնայած միջազգային հանրության լայն աջակցությանը, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից։

Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը ներկայացրեց հակամարտությունների կարգավորման և քաղաքական խնդիրների լուծման դեղատոմսը. «Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի երկրների առաջնորդները փորձեն վեր կանգնել նեղ քաղաքական օրակարգի թելադրանքից` գնալով լուծումների, որոնք ուղղված են սերունդների խաղաղ ու բարեկեցիկ ապագային: Ուզում եմ հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր տարածաշրջանը համատեղ ջանքերի շնորհիվ կսկսի ընկալվել ոչ թե որպես սահմանագիծ, այլ քաղաքակրթությունները միավորող ամուր և կայուն կամուրջ»,- հայտարարեց նախագահը։

ԱՄՆ այցելության շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպեց ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանի նախագահ Նասիր Աբդ-ալ-Ազիզ ան-Նասերի և ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ։

Սեպտեմբերի 23-ի երեկոյան, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ և ի պատիվ նախագահ Սարգսյանի այցի՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և Ամերիկահայ կազմակերպությունները կազմակերպել էին հանդիսավոր ընդունելություն։ Պետության ղեկավարն ընդունելության մասնակիցների առջև իր ելույթում հայտարարեց, որ հպարտություն է զգում, որովհետև այսպիսի հայրենակիցներ ունի։ «Հպարտ եմ, որ ունեմ այսպիսի հայրենակիցներ, հպարտ եմ, որովհետև խիստ կասկածում եմ՝ աշխարհում քանի՞ նախագահ կարող է այսպիսի ընդունելություն գտնել Նյու Յորքում. երևի՝ երկու, երեք երկրների ընդամենը: Ես ձեզնով հպարտ եմ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նախագահը, օգտվելով առիթից, նաև երախտագիտություն հայտնեց Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին նորանկախ Հայաստանի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի, անկախության տարիներին ցուցաբերած բազմակողմ օգնության, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներդրած ջանքերի, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում ցուցաբերած օժանդակության և ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ առկա մշտական ուշադրության ու հոգատարության համար: 

Ավարտելով աշխատանքային այցը ԱՄՆ՝ Սերժ Սարգսյանն ուղևորվեց Ֆրանսիա։ Փարիզ կատարած պաշտոնական այցելության շրջանակում Հայաստանի նախագահն աշխատանքային ընթրիք ունեցավ Ազգային ժողովի պատգամավորների հետ, հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի և վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ։ Իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցելությանը, և այցի ձևաչափն էլ, ինքնըստինքյան, ուղղված է նրան, որ ցուցադրի երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը։ Ֆրանսիայի նախագահն ընդգծեց, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է և միշտ նրա կողքին կլինի։ Նա գոհունակությամբ նշեց, որ Ֆրանսիան երկրորդ երկիրն է Հայաստանում կատարած ներդրումների ծավալով, սակայն դրանով չի սահմանափակվի և կշարունակի հանդես գալ նոր նախագծերով։

Իսկ աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձան նաև երկու երկրների համագործակցությանն էներգետիկայի, ենթակառուցվածքների, կրթության և մշակույթի զարգացման ոլորտներում։ Շոշափվեցին տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման ներկա փուլը։

Եվ այսպես, կարելի է վստահությամբ փաստել, որ Ֆրանսիայում Հայաստանի նախագահին չափազանց ջերմ ընդունելություն ցուցաբերվեց, և ֆրանսիական կողմը ջանաց ցուցադրել իր բարեկամական վերաբերմունքը և հետաքրքրվածությունը։ Թե ինչպիսին կլինեն գործնականում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցելությունների արդյունքները՝ կերևա մոտ ժամանակներս։ Այնուամենայնիվ, շատ վերլուծաբաններ արդեն շտապել են կանխատեսումներ անել, թե Փարիզը, որը համաշխարհային քաղաքականության մեջ շատերի համար աննախադեպ ակտիվության նշաններ է ցուցաբերում, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հատուկ տեղ հատկացնել նաև Հայաստանին՝ ուշադրության առնելով այն, որ Ֆրանսիան կոշտացնում է դիրքորոշումն Իրանի հարցում։ Նշվում է նաև, որ ղարաբաղյան գործընթացում Մոսկվայի խաղաղարար առաքելության ձախողումից հետո (թույլ տվեք հեղինակիս չհամաձայնել նման ձևակերպման հետ) ոչինչ չի խանգարի Սարկոզիին ստանձնել «առաջին ջութակի» դերը, մանավանդ որ նման փորձ նա արդեն ունի (ռուս-վրացական պատերազմի ժամանակ)։

Այդ նույն օրերին Ֆրանսիայում ևս մի իրադարձություն տեղի ունեցավ, որը որոշակիորեն կապված է Հայաստանի հետ. սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ձախ կուսակցությունները մեծամասնություն ապահովեցին Ֆրանսիայի սենատում։ Նշվում է, որ ձախ կուսակցություններն առաջին անգամ են մեծամասնություն կազմում սենատում 1958թ. Հինգերորդ Հանրապետության հիմնադրումից ի վեր։ Դիտորդների կարծիքով՝ քվեարկության արդյունքները զգալիորեն կամրապնդեն սոցիալիստների դիրքերը նախագահական ընտրություններից առաջ, որոնք կայանալու են 2012թ. մայիսին։ Իսկ հիմա՝ այն, ինչ վերաբերում է մեր երկրին։ Անմիջապես ձախ ուժերի հաղթանակից հետո Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկը և երկրի նախագահի՝ սոցիալիստների հավանական թեկնածուն՝ Ֆրանսուա Օլանդը, Ալֆորվիլի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջերս կազմավորված սենատական մեծամասնությունից պահանջելու է սենատի օրակարգ վերադարձնել 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը։ Օլանդը նշել է, որ սենատում սոցիալիստական մեծամասնության ղեկավար Ժան Պիեռ Բելը պարտավոր է այդ փաստաթուղթը մտցնել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի օրակարգում։

Հայոց ցեղասպանության թեման առանցքային էր նաև ԱՄՆ սենատում, որը սեպտեմբերի վերջին պաշտոնապես հաստատեց Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում։ Արտաքին գործերի կոմիտեում թեկնածության հաստատմանը նախորդած քննարկումների ընթացքում Հեֆերնը հրաժարվել է ցեղասպանություն անվանել 1915թ. Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի բնաջնջումը։ Մասնավորապես, պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին՝ Հեֆերնն ասաց, որ նման սահմանումներ տալը քաղաքական որոշման հարց է։ Մենենդեսը պատասխան խոսքում հայտարարեց, որ «դժվար է այդ երկիր ուղարկել մի դիվանագետի՝ նախապես իմանալով, որ նա ի վիճակի չի լինելու օգտագործել ցեղասպանություն բառը»։

Վերադառնանք Հայաստանի նախագահի միջազգային շրջագայությանը, որը Փարիզից ուղևորվեց Վարշավա՝ մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթաժողովին։ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ գագաթաժողովի մասնակիցների առջև։ Իր ելույթում Հայաստանի նախագահը, ինչպեսև ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ամբիոնից, կրկին խոսեց Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտության մասին։ «Այսօր, ցավոք, մեր տարածաշրջանը խարխափում է ատելության հետևողական սերմանման և պատերազմի հռետորության սարդոստայնում: Այս իրավիճակը որևէ լավ բան չի հուշում և կարիք ունի անհապաղ վերափոխման»,- ասաց Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նաև նշեց, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցը ԵՄ-ը կարող է մեծ հաջողությամբ լուծել Արևելյան գործընկերության միջոցով, որի հիմնական տարրն է տարածաշրջանային համագործակցությունը։ «Եթե կարողանանք խելամտորեն օգտվել այս հնարավորությունից, ապա կշահենք բոլորս՝ թե՛ գործընկեր և թե՛ ԵՄ անդամ երկրները»,- ավելացրեց նա: Նախագահն ընդգծեց, որ ցանկության և բավականաչափ քաղաքական կամքի առկայության դեպքում ոչ մի հիմնախնդիր, այդ թվում և հակամարտությունները, չեն կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության համար։

Վարշավայում Սերժ Սարգսյանը հանդիպեց նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ։ Զրուցակիցները քննարկեցին հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին Հայաստանի և ԵՄ համագործակցությանը։ Էշթոնը նշեց, որ ԵՄ-ը համակողմանի աջակցություն կցուցաբերի այն բարեփոխումներին, որոնք հաջողությամբ իրականացվում են Հայաստանում։

Ամսվա վերջին լարված իրավիճակ ստեղծվեց Թուրքիայի հարավ-արևելքում, որտեղ հաճախակիացան քուրդ գրոհայինների հարձակումները զինվորականների և ոստիկանների վրա։ Բանը նույնիսկ այնտեղ հասավ, որ թուրքական իշխանությունները Հաքյարի նահանգի մի շարք բարձրլեռնային գյուղերի բնակիչների հարկադիր տարհանում հայտարարեցին։ Անկարայում պարզաբանեցին, որ չեն ուզում վտանգի ենթարկել խաղաղ բնակիչներին գրոհայինների դեմ լեռներում նախաձեռնվող լայնածավալ ռազմական գործողության ժամանակ։

Համաշխարհային քաղաքականության օրակարգում շարունակում էր հիմնական տեղ զբաղեցնել իրավիճակը Սիրիայում։ Համաշխարհային հանրությունը՝ հանձին ՄԱԿ Անվտանգության խորհրդի, փորձում էր գտնել սիրիական ճգնաժամի ելքը։ ԱՄՆ-ը առաջարկում է Սիրիա ուղարկել միջազգային դիտորդներ։ Ինչպես սեպտեմբերի 30-ին հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, միջազգային դիտորդների ներկայությունը Սիրիայում անհրաժեշտ է, մասնավորապես նրա համար, որ արաբական այդ երկրում «մամուլ չկա, չկա բաց հաշվետվություն տեղի ունեցողի մասին, իսկ մեզ վկաներ են պետք, որպեսզի հնարավոր լինի պատասխանատվության ենթարկել Ասադին»։ Կարելի է մտածել, որ արևմտյան մամուլը, մասնավորապես՝ ստահոդ CNN-ն ու BBC-ն են ճիշտ ներկայացնում արաբական այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Նուլանդը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուզում է, որ ՄԱԿ ԱԽ-ը «Սիրիայի առնչությամբ կոշտ բանաձև» ընդունի։

Ռուսաստանի պատասխանն այն էր, որ դեմ է Սիրիայի վերաբերյալ եվրոպական պետությունների առաջարկած նոր նախագծին (որի հետևից երևում են ԱՄՆ ականջները), քանի որ այն, ինչպեսև նախկինում, պատժամիջոցներ է նախատեսում։ Այս ֆոնին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ խառնվել Սիրիայում տիրող իրավիճակին։ «ՆԱՏՕ-ն մտադրություն չունի միջամտել Սիրիայի կամ այլ երկրների իրադարձություններին»,- ասաց նա՝ ելույթ ունենալով Քաղաքականության եվրոպական կենտրոնում։

Ըստ Ռասմուսենի, Լիբիայում ՆԱՏՕ-ն կատարում է իր վրա դրված պատասխանատվությունը «Միավորված պաշտպան» գործողության համար։

«Դրա համար ՄԱԿ-ը հստակ մանդատ է տվել, վճռական աջակցություն է եղել տարածաշրջանից։ Այս պայմաններից ոչ մեկը կատարված չէ Սիրիայի կամ ցանկացած այլ երկրի առնչությամբ»,- ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։

Ռասմուսենը պարզապես մոռացել է, որ իր գլխավորած դաշինքը խախտել է կամ, կոպիտ ասած՝ թքած ունի ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա՝ զենքով, ռազմական խորհրդատվությամբ և նույնիսկ ֆրանսիական ու բրիտանական հատուկ ջոկատայինների անմիջական մասնակցությամբ օգնելով լիբիացի ապստամբներին՝ ինքնիշխան երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել։

Այսպիսին էր սեպտեմբերն աշխարհում։ Տեսնենք ինչ զարգացում կստանան սեպտեմբերյան իրադարձությունները հոկտեմբերին։ 

Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am