Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


ԱՊՀ

ԱՊՀ
Հունիս 2008, N 3

ԷԹՆԻԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՄԵՅՔ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

Նուրթայ Մուստաֆաեւ, Ղազախստանի սոցիալ-տնտեսական ինֆորմացիայի եւ կանխատեսման ինստիտուտի (Ղստիկի) վերլուծաբան

 

ԽՍՀՄ փլուզումը և հետխորհրդային երկրներում պետականության կերտումը 1980-ական թթ. վերջին – 1990-ական թթ. սկզբին նոր իրողություններում ուղեկցվում էին մինչ այդ, խիստ կենտրոնացված խորհրդային համակարգի պայմաններում, չտեսնված էթնիկության քաղաքականացման աճով միութենական հանրապետություններում, իսկ այնուհետև` նաև նորանկախ պետություններում: Նոր էլիտաները, հրապարակախոսները նախընտրում էին այդ գործընթացն անվանել «էթնիկական վերածնունդ», որը, այնուամենայնիվ, ներառում էր ոչ միայն էթնոմշակութային գործընթացները, էթնիկ ինքնության ակտուալացումը, այլև էլիտաների կողմից «առաջադրված» էթնիկության քաղաքականացումը և զանգվածների էթնոնացիոնալիզմի «հորդումը»:

Ղազախական էթնիկ շարժումների և կուսակցությունների դերը` անկախության ձեռքբերմամբ և ամրապնդմամբ ու ռուսական շարժումների դերը պետականության «փոխզիջումային» կոնստրուկտի ամրագրմամբ Ղազախստանի հանրապետության 1995թ. Սահմանադրությունում մոտ տասը տարվա ընթացքում աստիճանաբար նվազում էր: Թվում էր` էթնիկ շարժումները և կուսակցությունները վերջնականապես իջան երկրի քաղաքական բեմահարթակից: Սակայն, 2004թ. աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններով «նիրհ մտած» էթնիկական գործոնը քաղաքականության մեջ կրկին հրատապ դարձավ, և այժմ կարելի է խոսել Ղազախստանում էթնիկության քաղաքականացման ռիմեյքի մասին:

1995թ. այժմ գործող Սահմանադրության ընդունումից հետո գրեթե տասը տարի երկրում պահպանվում էր ԱՊՀ շատ այլ երկրների համեմատ հարաբերականորեն կայուն միջէթնիկական իրավիճակ: Դա հիմք էր տալիս Ղազախստանը դիտել որպես միջէթնիկական հարաբերական կայունության մի ինչ-որ «կղզի»` հետխորհրդային տարածքում ծավալվող միջէթնիկական (որոնք անգամ միջպետականի էին փոխակերպվում) հակամարտությունների ֆոնին: Այնուամենայնիվ, խիստ հատկանշական է, որ «գորբաչովյան» ուշ ԽՍՀՄ-ին հաջորդած մասշտաբային հակամարտությունների շղթայում առաջինը դարձան 1986թ. դեկտեմբերյան իրադարձությունները: Այդ ժամանակ բնույթով սոցիալական հակամարտությունը դեռևս ամենավաղ փուլում ձեռք բերեց էթնոսոցիալական և քաղաքական ձև. սոցիալական հիմնախնդիրները լուծելու պահանջներ, իշխանական ռեսուրսների տեղաբաշխում միութենական կենտրոնի և հանրապետության միջև:

 

ԷԹՆՈՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԻ «ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ» ԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

 

1980-ական թթ. վերջին – 1990-ականների սկզբին, սեփականության նոր ձևերի հաստատմամբ, նախկին սոցիալական կառույցի սրընթաց խարխլմամբ, հասարակության «տրոհմամբ», նոր սոցիալական շերտագրմամբ, կտրուկ մեծացավ Ղազախստանի բոլոր էթնիկական խմբերի ներկայացուցիչների էթնիկ ինքնության «փոխարինող» դերը: «Հետկոմունիստական» գաղափարական «վակուումի», նախկին արժեհամակարգի փլուզման, տնտեսական ճգնաժամի, զանգվածային գործազրկության պայմաններում էթնիկ ինքնությունը շատերի համար դարձավ ինքնատիպ հոգեբանական ապաստարան:

Սկսեցին ծավալվել միջէթնիկական հակասությունները` որպես սոցիալական հակասությունների մասնավոր ձև, պայմանավորված անհավասարությամբ, էթնիկ խմբերի միջև հարստության, հեղինակության և իշխանության բաշխման իրական տարբերություններով: Գրեթե բոլոր հանրապետություններում խիստ ակտիվացան էթնիկական շարժումներն ու կուսակցությունները, որոնք հաճախ հանդես էին գալիս որպես ամենաբազմազան ժողովրդական ճակատների միջուկ ու լոկոմոտիվ:

Հենց այդ ժամանակ, գորբաչովյան «պերեստրոյկայի» վախճանին էր, որ քաղաքական ասպարեզում ի հայտ եկան առաջին էթնիկ շարժումներն ու կուսակցությունները Ղազախստանում: 1989թ. աշնանը և 1990թ. գարնանն առաջ եկան «Ժելտոկսան» (դեկտեմբեր) շարժումը (1986թ. դեկտեմբերյան իրադարձությունների մասնակիցներից` Խասեն Կոժա-Ահմետի գլխավորությամբ, ազգային-հայրենասիրական շարժումներից առավել արմատականը), հետագայում` այդպես էլ չգրանցված «Ալաշ» ազգային անկախության կուսակցությունը` Արոն Աթաբեկի գլխավորությամբ, և համեմատաբար ավելի չափավոր, բայց առավել մեծաթիվ կազմով «Ազատ» շարժումը` Միխայիլ Իսինալիևի ղեկավարությամբ:

Մոտավորապես նույն ժամանակաշրջանում էլ սկսում են ձևավորվել կազակների միավորումները, Ղազախստանի ռուսական համայնքը, «Լադ» հանրապետական սլավոնական շարժումը:

Ի՞նչ դեր ունեցան էթնիկ շարժումները Ղազախստանի այն տարիների բուռն քաղաքական կյանքում: Ե՞րբ սկսվեց և ինչի՞ հետ էր կապված էթնիկ կուսակցությունների ու շարժումների հետագա «մայրամուտը» Ղազախստանում:

Ղազախական ազգային-հայրենասիրական շարժումների հռչակած գլխավոր նպատակն ու արժեքը Ղազախստանի անկախությունն էր: Դատելով ըստ ամենայնի` ղազախական ազգային-հայրենասիրական շարժումները սկզբնական փուլում վայելում էին Ղազախստանի իշխող վերնախավի չբարձրաձայնվող աջակցությունը:

Մինչև 1990թ. «ինքնիշխանությունների շքահանդեսը» Ղազախստանում գերիշխում էր Ռուսաստանը որպես «Կենտրոն» և «Մեծ եղբայր» դիտարկելու մոտեցումը: 1990-1991թթ. զորեղանում և բացահայտ են դառնում հանրապետական իշխանությունների քաղաքականության մեջ շեշտակիացող փորձերը` խույս տալ Մոսկվայի խնամակալությունից ու հսկողությունից: Դեռ ԽՍՀՄ կազմում գտնվելով` Ղազախստանը քայլեր է ձեռնարկում` ուղղված Ղազախստանի ԽՍՀ, իսկ այնուհետև` Ղազախստանի Հանրապետության` որպես միջազգային քաղաքականության ինքնուրույն սուբյեկտի, հաստատմանը. երկկողմանի պայմանագրեր է կնքում միութենական մի շարք հանրապետությունների, ինչպես նաև Թուրքիայի ու ՉԺՀ-ի հետ պարզեցված վիզային կարգի վերաբերյալ: Դեռևս գտնվելով Միության կազմում` Ղազախստանը կնքում է «դարի նախագիծը» «Շևրօյլ» ընկերության հետ` Արևմտյան Ղազախստանի նավթամշակման շուրջ: Ինչպես և միութենական մյուս հանրապետություններում, կենտրոնախույս միտումները հայտարարվում էին ոչ միայն ազգային-հայրենասերների կողմից, այլև վայելում էին իշխող վերնախավի աջակցությունը:

Իշխող վերնախավի կենտրոնախույս միտումների գլխավոր գործոնը բոլոր ռեսուրսներին տիրելու նրա ձգտումն էր, ինչը կընդլայներ նոր տնտեսական ու քաղաքական իրողություններում «մանևրի դաշտը»:

Ղազախստանի վերնախավի կողմից, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ընկալումը Միության փլուզման նախօրեին և պետականության «հիմնակմախքի» կառուցման առաջին տարիներին երկակի էր: Նուրսուլթան Նազարբաևը դեռ այն ժամանակ եռանդուն առաջ էր մղում ինտեգրման ձևաչափի վերափոխման գաղափարներն իրավահավասար գործընկերության հիման վրա: Ինչպես հայտնի է, Ղազախստանը վերջինն էր միութենական հանրապետություններից, որ դուրս եկավ Միության կազմից` անկախություն հռչակելով 1991թ. դեկտեմբերի 16-ին:

Միևնույն ժամանակ, Ղազախստանի քաղաքական վերնախավում կենտրոնախույս միտումների խորացումը, հասարակության մի մասի ներսում ռազմաշունչ տրամադրությունների պարբերական «բռնկումները» ծագում էին հենց Ռուսաստանի վարած քաղաքականությամբ (խոր տնտեսական ճգնաժամի, հիպերինֆլյացիայի պայմաններում, որը դե ֆակտո հրաժարվել էր 1991-1993թթ. ռուբլու գոտին պահելուց) և ոչ պաշտոնական, բայց մեծ ժողովրդականություն վայելող հայտնի անձանց առանձին հայտարարություններով:

Այդ տարիներին Ղազախստանում հատկապես լայն արձագանք գտավ Ալեքսանդր Սոլժենիցինի` Ղազախստանի նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակող «Ինչպես կերտենք Ռուսաստանը» հրապարակումը:

«Ղազախստանի մասին. նրա ներկայիս հսկայական տարածքը կոմունիստները բաժնեհատել են առանց մտածելու, ինչպես պատահի: Եթե ինչ-որ տեղ քոչվոր նախիրը տարին մի անգամ է անցել, ուրեմն Ղազախ-ստան է... Այո, մինչև 1936թ. Ղազախստանը դեռ ինքնավար հանրապետություն էր համարվում ՌԽՖՍՀ-ում, հետո այն միութենական դարձրին: Իսկ այն կազմված է հարավային Սիբիրից, հարավային Մերձուրալից, մեկ էլ անապատային կենտրոնական արձակ տարածություններից, որ այդ ժամանակից ի վեր վերափոխվել և կառուցվել են ռուսների, զեկերի, մեկ էլ աքսորյալ ժողովուրդների կողմից: Եվ այսօր ողջ ուռճացված Ղազախստանում ղազախները կեսից նկատելիորեն քիչ են: Նրանց հոծ, բուն հայրենական մասը այն մեծ հարավային աղեղն է, որն ընդգրկում է ծայր արևելքից մինչև արևմուտք, գրեթե մինչև Կասպիցը, որն իսկապես բնակեցված է գերազանցապես ղազախներով: Եվ եթե այս ընդգրկման մեջ նրանք ուզենան առանձնանալ, ուրեմն Աստված իրենց հետ» (Солженицын А. Как нам обустроить Россию//Комсомольская правда, 1990, 18 сентября):

Ղազախստանյան մամուլը քննադատական հոդվածների ալիքով պատասխանեց հանրահռչակ գրողի հրապարակման այդ թեզիսին: Այս և Ռուսաստանի ինտելեկտուալ շրջանակների պակաս հայտնի դեմքերի նման հրապարակումներն, անշուշտ, նպաստում էին ղազախ ազգային-հայրենասերների արժևորման աճին:

1991թ. դեկտեմբերին Ղազախստանի անկախացումն ինքնըստինքյան քաղաքական օրակարգից հանեց ազգային-հայրենասերների գլխավոր, նպատակային կարգախոսը: Ուստի օրինաչափ էր, որ հաջորդ չորս տարիներին, ընդհուպ մինչև 1995թ. Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը, որը վերջակետ դրեց պետականության ընդհանուր քաղաքացիական, այլ ոչ թե էթնոազգային տեսակի հարցում, ղազախական ազգային-հայրենասիրական շարժումների ազդեցությունը քաղաքական կյանքում և հասարակությունում աստիճանաբար, բայց և անշեղորեն նվազում էր: 1995թ. արդեն ակնհայտ էր, որ նորանկախ Ղազախստանի պետականությունը կայացել է: Պետության ամբողջականության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքները, որ այդքան չափազանցում էին ազգային-հայրենասերները 1990-ական թթ. սկզբին, վերջին հաշվով, կորցնում են հրատապությունը:

 

ԻՆՔՆՈՐՈՆՈՒՄ

 

1990-ական թթ. սկզբին էթնիկ միավորումների միջև Ղազախստանում գլխավոր բաժանարար է դառնում ազգի, քաղաքացիական և էթնիկ ինքնության մասին հարցը: Ազգի «բաղկացուցիչների» մասին հարցը անկախության բոլոր տարիներին, մինչև որոշ ժամանակ, որպես կանոն, չէր շեշտադրվում իշխանությունների կողմից: Այնուամենայնիվ, այն բավական լայնորեն քննարկվում էր մամուլում և հասարակության մեջ: Ուստի, իրավաքաղաքական մակարդակում հարցն, իհարկե, չէր կարող լիովին շրջանցվել: Այսպես, Ղազախստանի Հանրապետության 1993թ. Սահմանադրությունում, ներածականում, տրվում էր Ղազախստանի Հանրապետության սահմանումը որպես «ինքնորոշված ղազախ ազգի պետականության» ձև:

Այսպիսով, 1993թ. Սահմանադրությունն ամրագրում էր ազգի առկայությունը, որը ներառում էր բացառապես մեկ էթնոսի ներկայացուցիչներին: Այն ժամանակ արդեն հարց էր ծագում. ովքե՞ր են այդ դեպքում Ղազախստանի մյուս քաղաքացիները` ավելի քան 100 էթնիկական խմբերի ներկայացուցիչները: Այդ ժամանակ արդեն հստակ երևում էր ազգի մասին հարցին էթնիկական մոտեցման «անհամարժեքությունը» (չկայացածությունը):

Նկատի ունենալով երկրի բնակչության վառ արտահայտված բազմէթնիկ կազմը` հակասություն է առաջանում: Ռուսները, ուզբեկները և Ղազախստանի մյուս էթնիկական խմբերը նույնպե՞ս ազգ են (ռուսական, ուզբեկական և այլն): Եթե այո, ապա տրամաբանորեն անխուսափելի է. Ղազախստանի 643 կումիկները, 375 չուվաները կամ 212 շորերը, որ հաշվառվել են 120 էթնոսների թվում` ըստ 1999թ. մարդահամարի, նույնպե՞ս ազգ են:

 Ղազախստանի Հանրապետության 1995թ. Սահմանադրությունում արդեն ազգի մասին միայն մեկ ազգ ընդունող նախկին բանաձևը չկա: Ազգի նախկին` մոնոէթնիկ սահմանման փոխարեն ամրագրվել է համախմբող «Մենք Ղազախստանի ժողովուրդն ենք» ձևակերպումը, որը միավորում է երկրի բազմաթիվ էթնիկական խմբերը ներկայացնող բոլոր քաղաքացիներին:

Թվում է, թե Սահմանադրությունը բավական հստակ ձևակերպում է. երկրում կա մեկ ազգ. «Մենք Ղազախստանի ժողովուրդն ենք»: Ազգն անվանվում է «ժողովուրդ»` որպես տուրք ավանդույթին` սկիզբ առած 18-րդ դ. վերջին - 19-րդ դ. առաջին կեսին Արևմուտքի ժողովրդավարությունների առաջին սահմանադրություններից, երբ «ազգ» հասկացությունը նոր էր սկսել փոխարինել «ժողովուրդ» բանաձևին:

2004թ. օգոստոսի 31-ին, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հանրապետության ազգային-մշակութային կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նախագահ Ն. Նազարբաևի հայտարարությունն այն մասին, թե Ղազախստանում ձևավորվել է ղազախստանյան ազգ, «նոր թափ» հաղորդեց ազգային-հայրենասիրական ուժերի ակտիվացման համար:

Ղազախստանյան ազգի մասին տեսակետի կտրուկ քննադատությամբ անհապաղ հանդես եկավ հետևողականությամբ և գաղափարայնությամբ աչքի ընկնող ազգային-հայրենասեր, «Ալաշ» կուսակցության առաջնորդ Արոն Աթաբեկը: Ղազախստանի Հանրապետության նախագահի հայտարարությունից անմիջապես հետո նա ասաց. ՙՍակայն նոր գաղափարը («ղազախստանյան ազգ») արմատապես փոխում է իրերի դրությունը: Այժմ «ղազախ ազգ» հասկացությունն ասես վերանում է (վերապահումները հաշիվ չեն), և նրա հետ միասին` նաև անվանակիր ազգի ղազախական հողի բնիկների ու տերերի կարգավիճակը»:

Ղազախստանյան ազգի գաղափարը, նրա կարծիով, «փաստորեն ազգամիջյան երկպառակության բիկֆորդյան քուղը հանգեցնում է միջէթնիկական հակամարտությունների պայթուցիկի: Եվ այն պայթեցնել ցանկացողները քիչ չեն (և´ մեկ, և´ մյուս կողմից)»:

Փաստորեն, նախագահ Ն. Նազարբաևի 2004թ. օգոստոսի «ծրագրային» հայտարարությունից սկսած` Ղազախստանում ղազախական, ռուսական և այլ էթնիկ շարժումների հայտարարությունների մեծ մասը քաղաքական բանավեճ է մի, ըստ էության, առանցքային հարցի` ղազախստանյան ազգի շուրջ:

Ղազախստանում, ինչպես և ցանկացած այլ բազմէթնիկ պետությունում, ազգի մասին հարցը բոլորովին էլ զուտ մշակութային-փիլիսոփայական չէ: Եվ անգամ խորհրդանշա-քաղաքական էլ չէ: Դա հիմնային պայման է, որը որոշում, ամեն օր առնչվում է յուրաքանչյուր մարդու կյանքին: Այլ խոսքերով` մարդու իրավունքների հարց է: Պատասխանելով` «ինչպե՞ս կերտենք Ղազախստանը» հարցին` ազգի նկատմամբ էթնիկական մոտեցման կողմնակիցները հայտարարում են. «Դրա համար պետք է հիմնվի մի կազմակերպություն, որի նպատակն է.

1. պայքարը ղազախ ազգի իրավունքների, կենսական պահանջների ու ռազմավարական շահերի համար` նրա դրսևորման բոլոր ոլորտներում,

2. ղազախ ազգի` որպես ավտոխտոն, բնիկ, գենետիկ-ժառանգական («tekti») և պետականակերտ ազգի, գերակայության պաշտպանությունը:

Այս նպատակները չեն կարող իրականցվել առանց «բնիկ ազգ» («ավտոխտոններ») և «ազգային սփյուռք» («օտարերկրացիների համայնքներ») հասկացությունների իրավաբանական ձևակերպման» (Ա.Աթաբեկ, Ղազախական ազգային գաղափար կամ` ինչպես կերտենք Ղազախստանը // «ZONAKZ» ինտերնետ-թերթ, Ղազախստան, 08.02.2005. http:// www.zonakz.net/ articles/ 8063):

Բոլոր նրանց, ովքեր ղազախ չեն և ներկայացնում են Ղազախստանի ոչ ղազախ էթնիկ խմբերը, իրավաքաղաքական, իրավաբանական ձևակերպումներով «օտարերկրացի», «օտարերկրացիների համայնքներ» հայտարարելը հանդիպում է երկրի ոչ ղազախ էթնիկ խմբերի ներկայացուցիչների դիմադրությանը և էթնոքաղաքական կոնֆլիկտային պոտենցիալ կարևոր գործոն է համարվում:

2006թ. փետրվարին, Ղազախստանում միանշանակորեն քաղաքական, այլ ոչ թե էթնիկ ազգի աջակցությամբ հանդես եկան ռուսական երկու հասարակական միավորումների` «Ջահ» («հՉպՑՏփ») միության (Ալեքսեյ Լոբանով) և Ղազախստանի ռուսական մշակութային կենտրոնի (Վսեվոլոդ Լուկաշև) ներկայացուցիչները, ինչն արտացոլում գտավ «Ռուսական սփյուռքի քաղաքական պլատֆորմում»: Դրանում ազգի մասին հարցի նկատմամբ միանշանակ դիրքորոշումը հետևյալն է. «Բացի այդ, ռուսական սփյուռքը պետք է պայքարի հանուն քաղաքացիական հասարակության այն առումով, որ դե ֆակտո «Ղազախստանի քաղաքացիներ» կոչումը բարձր լինի էթնիկական պատկանելությունից, որ դե ֆակտո քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները կախված չլինեն ազգային պատկանելությունից» (Ա. Լոբանով, Վ. Լուկաշև, Ի՞նչ անել: Ռուսական սփյուռքի ծրագրի նախագիծ մոտակա ժամանակաշրջանի համար: Մաս 7// «ZONAKZ» ինտերնետ-թերթ, Ղազախստան// www. zonakz.net):

Դեմոգրաֆ Ազիմաբայ Գալիի ձևակերպած` մշակութային ձուլման միջոցով «մեծ ղազախ ազգ» ստեղծելու մասին ղազախ էթնոնացիոնալիստների գաղափարն առաջ է բերում ռուսների, ուզբեկների, ույղուրների, չեչենների, քրդերի և ոչ ղազախ մյուս բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչների ընդվզումը, բողոքը և, համապատասխանաբար, կոնֆլիկտային պոտենցիալի խորացումը:

Թեև «մեծ ղազախ ազգի» գաղափարախոս Ա. Գալին խոսում է գերազանցապես մշակութային ուծացման մասին, մեկնաբանների (ինչպես ղազախ էթնոնացիոնալիստների, այնպես էլ նրանց հակառակորդների` քաղաքականապես ակտիվ ռուսների ու այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների կողմնակիցների թվից) մեծ մասը հայեցակարգը մեկնաբանում են ֆիզիկական ուծացման շրջանակներում: Ընդ որում` ֆիզիկական ուծացման գաղափարի կողմնակիցները պարզամտորեն անտեսում են հետխորհրդային շրջանում միջէթնիկական ամուսնությունների նվազման վիճակագրությունը, այն անվերապահ գերակայությունը, որը հիմնական ու միակ հրամայականն է անձնական ընտրությամբ ամուսնանալիս, և որը կախված չէ որևէ քաղաքական հայեցակարգից:

Ոչ մասնագետների մեծամասնությունը հստակ պատկերացում չունի էթնոսի և էթնիկության մասին: Ի՞նչ է էթնոսը: Տարբեր հեղինակների առաջարկած էթնոսի անքակտելի չափանիշների (հատկանիշների) վերլուծությունը ցույց է տալիս, որ չափանիշների հավաքածուից յուրաքանչյուրը (տարածք, լեզու, ծագման ընդհանրություն և այլն) կարող է բացակայել: Ընդ որում` էթնոսի (էթնոսին պատկանելության) միայն երկու չափանիշ է, որ անքակտելի է. 1) էթնիկ ինքնանույնականությունը ծագման իրական կամ երևակայական ընդհանրության հիման վրա (մարդն ինքն է իրեն զգում և որոշում որոշակի էթնիկ խմբերի ներկայացուցիչ լինելը) և 2) խմբի համար ընդհանուր մշակույթը:

Ուրույն մշակույթի մակրոխմբային մակարդակում ունեցած կորուստը նշանակում է նաև էթնոսի կորուստ (անհետացում): Երկրի բոլոր էթնոսների մշակութային ուծացումը «մեծ ղազախ ազգի» կազմում կնշանակի այդ էթնոսների վերացում Ղազախստանի Հանրապետությունում, ինչն էլ առաջացնում է ոչ տիտղոսակիր էթնիկ խմբերի ներկայացուցիչների բողոքը:

2007թ. ապրիլի 21-ին, Աստանայում, Ղազախստանի ռուսական միությունների 2-րդ հանրապետական կոնֆերանսում հայտարարվեց. «Ակտիվ քարոզչություն է տարվում այսպես կոչված «մեծ ղազախ ազգի» ուղղությամբ, որը ենթադրում է Ղազախստանում ապրող մյուս բոլոր ժողովուրդների ուծացում: Եվ այդ «նախագծի» ողջ էությունը հանգում է հետևյալին. մենք այստեղ մեզ համար տուն ենք սարքում, եթե ուզում եք, վարձակալեք մի հատվածը, բայց դրա դիմաց վճարեք նրանով, որ յուրաքանչյուր անգամ դիմելիս սկսեք «տեր» բառով»: Իր զեկույցում այսպես է հայտարարել «Լադ» հանրապետական սլավոնական շարժման նախագահը (Կրամարենկո Մ., Ղազախստանի ռուսական կազմակերպություններն ահազանգում են և դիմում միջազգային կազմակերպություններին, 23.04.2007 //http://www.russkie.org/index.php?module=fullitem&id=10744):

2006-2007թթ. նշանավորվեցին էթնիկական շարժման ակտիվացմամբ: Ընդ որում` ի տարբերություն նախորդ տարիների, ակնհայտ էր ձգտումը մասնակցելու քաղաքականությանը, քաղաքական հարցերի (հողային, արտաքին և ներքին միգրացիայի, երկրում օտարերկրյա ընկերությունների ներկայության) հարցերին և այլն: Հիմնադրվում են «Խալիխ ռուխի» («Ժողովրդի ոգին», առաջնորդն է Մուխտար Շախանովը) չգրանցված քաղաքական կուսակցությունը, «Յըլթ թագդիրի» («Ազգի ճակատագիրը», առաջնորդն է դոս Կոշիմը), «Խալիխ դաբիլի» («Ժողովրդական ահազանգ», առաջնորդն է Սաբիրժան Մախմետովը) միավորումները, Ղազախստանի ՙկազակ մեմլեքեթը» (առաջնորդներն են Կարիշալ Ասան-Աթան, Արոն Աթաբեկը) ժողովրդական ճակատը:

 

 

«ՂԱԶԱԽԱԿԱՆ», «ՌՈՒՍԱԿԱՆ» ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Էթնիկ միավորումների ակտիվացումը ներկայիս Ղազախստանում էթնիկական գործոնի հրատապության միայն մի կողմն է: Մյուս, անկասկած` ավելի նշանակալի կողմը էթնիկության օգտագործումն է «դեմոկրատական ընդդիմության» կողմից:

Մասնավորապես, 2007թ. օգոստոսին, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՀՍԴԿ) նախագահ Ժարմախան Տույակբայն այսպես է նշում ազգի ըմբռնումը Ղազախստանում. «Վերջապես, մեր ծրագրի յոթերորդ բաժնում խոսվում է մշակույթի և հոգևոր վերածննդի հարցերի մասին: Մենք հայտարարում ենք, որ անցկացնելու ենք ստուգված և հանդուրժողական ազգային քաղաքականություն, որը կարագացնի ղազախական քաղաքական ազգի կայացումը և մեր ընդհանուր հայրենիքի բարգավաճման գաղափարի շուրջ կմիավորի երկրի բոլոր էթնոսները: Նման մոտեցումը խոսում է այն մասին, որ ղազախ ժողովուրդը բարոյական և պատմական պատասխանատվություն է կրում Ղազախստանի էթնոսների ինքնօրինակության պահպանման ու զարգացման համար» (տե´ս ՀՍԴԿ նախագահ Ժարմախան Տույակբայի ելույթը կուսակցության 4-րդ համագումարում, Ալմաթի, 7 հուլիսի, 2007թ., http://www.osdp.kz/index. php? itemid=316&catid=16):

Նախագահ Նազարբաևը, ընտրությունների ժամանակ և անմիջապես դրանց ավարտից հետո, ի հակակշիռ ընդդիմության, կրկին հավաստեց հավատարմությունը քաղաքացիական ազգին. «Այս 16 տարիների ընթացքում մենք իրականացրել ենք ազգամիջյան համաձայնության պահպանման և ամրապնդման ու ղազախստանյան ինքնության ձևավորման սեփական մոդելը... Անկախության առաջին իսկ օրերից ղազախստանյան ինքնության հիմքում դրվել է ոչ թե էթնիկության, այլ քաղաքացիականության սկզբունքը...

Մեր ռազմավարական խնդիրն է հասարակության հետագա համախմբումը և միասնական ղազախստանյան մրցունակ ազգի ձևավորումը» (Ղազախստանի Հանրապետության նախագահ Ն.Ա. Նազարբաևի ելույթը Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի 13-րդ նստաշրջանում, 2007թ. օգոստոսի 20-ին//www.akorda.kz):

2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ղազախստանի ՙԻսկական Ակ ժոլ» դեմոկրատական կուսակցության (որը նախընտրական դաշինք էր կազմել ՀՍԴԿ-ի հետ) կազմի մեջ մտավ ազգային-հայրենասիրական «Ազատ» շարժման ղեկավարներից մեկը` Ժասարալ Կուանիշալինը, որը ներառվել էր նախընտրական կուսակցական ցուցակում: 2008թ. գարնանը Ղազախստանի «Իսկական Ակ ժոլ» ԴԿ-ն կուսակցության բրենդը փոխում է «Ազատ»-ի, ինչն առաջ է բերում ազգային-հայրենասերների դժգոհությունը, և Ժ. Կուանիշալինը դուրս է գալիս կուսակցությունից:

2006թ. ի վեր, ի հակադրություն նախագահ Նազարբաևի և իշխող վերնախավի, սոցիալ-ժողովրդավարության և ազատականության դրոշի ներքո հանդես եկող կոնտր-էլիտաները ակնհայտորեն թեքվում են դեպի ղազախական նացիոնալիզմի կողմը, ինչն անխուսափելիորեն տանում է տվյալ խմբի անցմանը հակառուսական դիրքորոշման: Հավանական է, Ուկրաինայի և Վրաստանի ընդդիմության օրինակով հաշվարկը կատարվում է արտաքին գործոնի` Արևմուտքի աջակցության (ներկայիս հակառուսական հայտարարությունների փոխարեն) և հակառուսական հետևողական կուրսի վրա` իշխանության գալուց հետո:

Քաղաքականության էթնիկական չափման տեսանկյունով դիտարկվող քաղաքական պայքարի հանկարծական փոփոխությունները 2007թ. նախագահական ընտրությունների շրջանում առիթ հանդիսացան «Նազարբաևի ռուսական խաղաթղթի» մասին թեզիսի համար: 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո հիմքեր են առաջանում ընդդիմության «ղազախական խաղաքարտի» մասին թեզիսի համար: Ընդ որում` ամեն ինչ կախված է քաղաքական նախապատվություններից, առաջարկվող թեզիսների հեղինակների կոնյուկտուրայից:

Բոլոր էթնոսների ներկայացուցիչների համախմբմանը, միջէթնիկական ինտեգրմանը, Ղազախստանի պետության պահպանմանը օբյեկտիվորեն համահունչ է «Ղազախստանի ազգը մեկն է` ղազախստանցիները» բանաձևը: Ընդ որում` համախմբող քաղաքական ազգը չի ժխտում էթնիկ բազմազանությունը, էթնոսների և նրանց մշակութային զարգացումը: Ընդհակառակը, էթնոսների, նրանց մշակույթների ազատ զարգացումը քաղաքական ազգի համախմբման հիմնարար պայման է: Հակառակ ազգային-հայրենասերների երկյուղների` ղազախական էթնոսի, ղազախական լեզվի` որպես պետականի, առաջանցիկ զարգացումը ղազախստանյան քաղաքական ազգի համախմբման պայմաններում, կպահպանվի:

 

 

Share    



Գնահատում

Ինչպե /ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am