Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Տնտեսություն

Տնտեսություն
Մայիս 2008, N 2

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Գագիկ Գաբրիելյան, տնտեսագետ, «տնտեսություն եվ արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ

2009 թվականից Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքների իրացումը կենթարկվի հարկման ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ): Միաժամանակ, խիստ կսահմանափակվեն գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող պետական աջակցության ծավալները: Այդ ոլորտում նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններով:

ԱՀԿ-ի պարտավորությունների կատարման հետ կապված մոտակա փոփոխությունները խիստ կարևոր ռազմավարական նշանակություն ունեն և կարող են լրջորեն ազդել Հայաստանի գյուղատնտեսության և գյուղական համայնքի կյանքի վրա: Դրանց կատարման նպատակով Հայաստանի կառավարությունն, իհարկե, արդեն որոշ հայեցակարգեր ունի մշակած, որոնցում առկա կարևոր և դրական մտադրությունն այն է, որ հարկման բարձր շեմի կիրառման միջոցով հնարավորինս քիչ թվով գյուղատնտեսական միավորներ ենթարկվեն հարկման, և այդպիսով նվազեցվի փոփոխությունների հնարավոր բացասական ազդեցությունները: Այնուամենայնիվ, հայեցակարգերի ներկա բովանդակային ու կիրառական կառուցվածքն և դրանց հստակության ու մանրամասնության աստիճանը դեռևս բավարար չեն մտադրված ցանկության պատշաճ իրագործման համար: Հայեցակարգերում հարկ եղած ուշադրություն չի հատկացված երկու կարևոր բաղադրիչների կամ հանգամանքների` գաղափարական հենքին և իրականացման գործակառույցների (մեխանիզմների) մանրամասներին:

Սակայն սույն հոդվածի խնդիրը ԱՀԿ-ի պարտավորությունների խստության կամ մեղմության, կամ դրանց իրականացման համար նախատեսված հայեցակարգերի մանրամասն քննությունը չէ: Խնդիրը որոշ վերացական ու գաղափարական հարցերի վերհանումն է, որոնց ճիշտ ընկալումն ու գործնական կիրառությունը նախապայման են տնտեսական և մասնավորապես, գյուղատնտեսական արդյունավետ քաղաքականությունների և բարեփոխումների մշակման և իրականացման համար:

Ընդհանրապես, գաղափարական հենքի թուլությունը կարող է հանգեցնել տնտեսական ու գործարար, ինչպես նաև ցանկացած այլ ռազմավարության ու դրա իրագործմանն ուղղված քայլերի անհետևողականության, ինչն իր հերթին հանգեցնում է նպատակների ներքին բախումի և միջոցների անարդյունավետ օգտագործման: Մյուս կողմից, կիրառական մանրամասների բացակայությունը կամ թուլությունը կարող է որոշ դեպքերում նույնիսկ գլխիվայր շրջել ռազմավարական նպատակներն ու դրանք ի չիք դարձնել: Տվյալ պարագայում կիրառական մանրամասները վերաբերում են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող հարկային փոփոխությունների իրականացման թղթարարական և վարչարարական մանրամասն հերթագայությունների (սխեմաների), ձևերի ու կառույցների սահմանմանը, որը պետք է ելնի Հայաստանի գյուղատնտեսության առանձնահատկություններից: Սա հատկապես կարևոր է, եթե հաշվի ենք առնում, որ կատարվելիք փոփոխություններն անդրադառնալու են ոչ միայն առաջնային ·յուղարտադրանք արտադրողների, այլ նաև շուկայի մյուս մասնակիցների վրա:

Ռազմավարական կառավարման արդի գիտության մեջ ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման և իրականացման հենքում ընկած են կարևորագույն վերացական հարցեր, ինպիսիք են «Ո՞վ ենք մենք», «Ո՞րն է մեր գոյության նպատակը կամ ինչո՞ւ մենք գոյություն ունենք» և «Ի՞նչ ենք մենք ուզում (դառնալ)»: Այս հարցերի պատասխաններով սահմանվում են որևէ բնական (ֆիզիկական) կամ իրավաբանական անձի, ներառյալ` տնտեսվարող կամ ·ործարար անձի ինքնությունը, առաքելությունը և ապագայի տեսլականը: Ռազմավարությունն սկսվում է նման հարցերին հստակ պատասխաններ տալով ու ձևակերպելով: Այդ վերացական (թվացող) հենքը քաղաքականությունների ու ռազմավարությունների ձևավորման և հետևողական իրականացման կարևորագույն նախապայման է և կիրառական ու նյութեղեն մեծ նշանակություն ունի: Արդի աշխարհում գործող քիչ թե շատ լուրջ նկրտումներ կամ կշիռ ունեցող որևէ կազմակերպություն կամ նախաձեռնություն (ներառյալ` առևտրային ընկերությունները), որպես կանոն, հանրությանը ճանաչելի են դառնում իրենց ինքնության ու առաքելության ձևակերպված դրույթներով, որոնցով ուղղորդվում են այդ կազմակերպությունների մարտավարական ծրագրերն ու ընթացիկ գործողությունները:

Գաղափարական հենքի կիրառական նշանակության ցայտուն օրինակ է գյուղատնտեսության ոլորտում ներկայումս տեղի ունեցող միջազգային զարգացումները: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում զարգացած շուկայական տնտեսությամբ երկրներում տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ գյուղատնտեսական քաղաքականության գաղափարական հենքի լրջագույն փոփոխություններ, որոնք ունեցել են կիրառական մեծ ազդեցություն: Սկզբունքորեն վերանայվել ու վերանայվում է գյուղատնտեսության ու գյուղացիության դերն ու նշանակությունը երկրների և հասարակությունների համար, ասել է, թե փոխվում է նրանց ինքնության ու առաքելության ընկալումը: Գյուղատնտեսությունն արդեն չի դիտարկվում որպես զուտ տնտեսական միավոր, որը սնունդ պետք է ապահովի հասարակության համար, իսկ գյուղացիության դերն ու նշանակությունը գնալով ընդլայնվում ու բազմազանեցվում է: Պարենային ապահովության խնդրի լուծմանը զուգահեռ, գնալով ավելի ու ավելի մեծ նշանակություն է տրվում գյուղատնտեսության կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, գյուղացիության այնպիսի առաքելությունների ու դերերի, ինչպիսիք են.

-           ընկերային (սոցիալական) համերաշխության պահպանությունը (քանի որ երկրների մեծ մասում գերակշռում է գյուղական բնակչությունը).

-           բնապահպանությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը (քանի որ գյուղտնտեսվարումն անմիջականորեն ազդում է շրջակա միջավայրի մաքրության, ինչպես նաև արտաքին տեսքի` բնապատկերի վրա, օրինակ, Եվրոպան իր գեղեցիկ ու մաքուր բնապատկերներով պարտական է նաև իր գյուղացիությանը).

-           գյուղական վայրերի զարգացումը (որը գնալով ավելի ու ավելի մեծ կարևորություն է ստանում).

-           սննդամթերքի անվտանգության ապահովումը (սպառողները գնալով ավելի ու ավելի զգայուն են դառնում սննդամթերքի անվտանգության նկատմամբ, իսկ սննդամթերքի անվտանգությունը մեծապես կախված է հենց առաջնային գյուղմթերքների անարատությունից).

-           ազգային անվտանգության հարցերը (մասնավորապես, սահմանամերձ տարածաշրջանների բնակեցում).

-           զբոսաշրջության զարգացումը (գյուղական վայրերն ու գյուղական կյանքը ճիշտ կազմակերպման ու ներկայացման դեպքում կարող են դառնալ զբոսաշրջության շահավետ շուկա).

-           երկրի տարածաշրջանների տնտեսական և ընկերային (սոցիալական) համաչափ զարգացումը.

-           ազգային մշակույթի և ավանդույթների պահպանությունը (քանի որ արդի աշխարհում գնալով ավելի է կարևորվում մշակութային բազմազանության պահպանությունը, իսկ երկրների գյուղացիությունը դիտարկվում է որպես ազգային մշակույթի և ավանդույթների կարևոր կրող ու պահապան).

-           աշխարհայացքի ու կենսակերպի հարցեր (քանի որ գյուղտնտեսվարումը դիտարկվում է որպես բնության հետ մարդու շփման հատուկ կերպ կամ ոլորտ).

-           ժողովրդագրական դերը:

ԱՀԿ-ի շրջանակում գյուղատնտեսության շուրջ ընթացող բազմակողմ բանակցություններում անցումային, զարգացող և զարգացած երկրների միջև թեժ քննարկման առարկաներից մեկը գյուղատնտեսության` վերը նշված «ոչ առևտրային» նշանակությունների վերաբերյալ հարցն է: Մեծ թվով երկրներ, որոնց թվում են անցումային և հետանցումային տնտեսությամբ երկրներ, ինչպես նաև այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան և Շվեյցարիան, վիճարկում են, որ գյուղատնտեսությանը պետք է մոտենալ առանձնահատուկ զգուշությամբ, և որ ԱՀԿ-ի Գյուղատնտեսության մասին համաձայնագրով նախատեսված այսպես կոչված «կանաչ զամբյուղի» միջոցները չեն կարող բավարար լինել ոչ առևտրային հարցերի կարդավորման համար: Այդուհանդերձ, երկրներն ավելի մեծ ճկունություն են պահանջում ոչ առևտրային հարցերի կարգավորման նպատակով քաղաքականության միջոցների, մասնավորապես, պետական աջակցության (սուբսիդավորման) նախագծման ու կիրառման համար, ընդ որում` ելնելով և’ զարգացող, և’ զարգացած երկրների հեռանկարներից: Այդ խնդիրները հատկապես արդիական են անցումային տնտեսությամբ երկրների համար, ինչպիսին Հայաստանն է:

Միջազգային փորձի թռուցիկ ուսումնասիրությունը (Եվրամիության ու Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)  անդամ երկրների) ցույց է տալիս, որ գյուղատնտեսության նկատմամբ հատուկ մոտեցումն ընդհանուր է երկրների գերակշիռ մեծամասնության համար (այս ընդհանուր կանոնից բացառություններն իրոք սակավաթիվ են. Նոր Զելանդիա):

Այս համապատկերում մեծ ու սկզբունքային փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես Եվրամիությունում (ԵՄ), որը հայտնի է գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության (սուբսիդավորման) հսկայական ծավալներով (ԵՄ բյուջեի մոտ կեսը հատկացվում է գյուղատնտեսությանը): Վերևում նշվեց, որ Եվրոպան իր բնապատկերների համար պարտական է նաև իր գյուղացիներին, սակայն Եվրոպան վճարել է իր գյուղացիներին ծանր աշխատանքի համար: Գյուղատնտեսության նշանակության վերաբերյալ ընկալումների փոփոխությունը ԵՄ-ում հանգեցրել է պետական քաղաքականության, մասնավորապես, աջակցության միջոցների ուղղվածության ու ձևերի զգալի փոխակերպման և կատարելագործման: Ուղղակիորեն արտադրությունը խթանող սուբսիդավորումից ԵՄ-ն անցնում է շատ ավելի լայն իմաստ ու նշանակություն ունեցող սուբսիդավորման, որով հասցեագրվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են բնության պաշտպանությունը, սննդամթերքի անվտանգությունը, ավանդույթների (օրինակ, ավանդական սննդամթերքի տեխնոլոգիաների), հողի ու ջրի արդյունավետ օգտագործումը, կենսաբազմազանության պահպանությունը, ընկերային համերաշխությունը, գյուղական վայրերի կամ գյուղացիության զարգացումը և շատ այլ հարցեր:

Կարևոր է նշել, որ Եվրամիությունում գյուղական վայրերի զարգացման քաղաքականությունը գյուղատնտեսականի (կամ սնունդ արտադրելուն) ածանցյալ լինելուց անցել ու դարձել է ինքնուրույն ու բավականին կարևոր միասնական ասպարեզ, որտեղ խաչվում են քաղաքականության բազմաթիվ այլ ուղղություններ` սկսած ընկերայինից (սոցիալականից) ու մշակութայինից, վերջացրած գյուղատնտեսականով ու գործարարության զարգացմամբ: Ընդ որում` ԵՄ-ում գյուղական զարգացման քաղաքականությունը միտում ունի ավելի ու ավելի կարևորվելու և ընդլայնվելու: Կարելի է ասել, որ ԵՄ-ում նկատվող միտումը երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է բերի նույնիսկ այն բանին, որ գյուղատնտեսականը դառնա գյուղական զարգացման ածանցյալ:

Գյուղատնտեսության նկատմամաբ հատուկ վերաբերմունք է գործում նաև հարկման դաշտում, մասնավորապես, ԱԱՀ-ով հարկման դաշտում, որտեղ երկրները բավականին լայն արտոնություններ ու հատուկ համակարգեր են կիառում: Համաձայն մի շարք ժամանակակից տնտեսական ուսումնասիրությունների ` զուտ գործնական տեսակետից, այնպիսի հաստատության համար, ինչպիսիք են գյուղացիական տնտեսությունները, կարող է արդարացված լինել ոչ միայն հատուկ պայմաններ սահմանելը, այլ նույնիսկ առանձին հարկային համակարգ կիրառելը (Ֆրանսիայի, Իտալիայի և այլ օրինակներ): Մասնավորապես, արդարացված կարող է լինել գյուղատնտեսությունում ԱԱՀ-ի պարզեցված համակարգի կիրառումը: Եվրամիության մի շարք երկրներում սովորական է այն, որ ագարակատերերը հաշիվներ չվարեն, ուստի անհրաժեշտություն է ծագում այլընտրանքային համակարգի կիրառման, ինչպես, օրինակ, հողակտորների չափերի վրա հիմնված համակարգը: Հաշիվներ վարելու վրա հիմնված համակարգի անցնելու դեպքում վարչարարական ծախսերը կարող են ավելի մեծ լինել, քան այդ համակար·ի կիրառումից ստացվող լրացուցիչ հարկային եկամուտները, իսկ ագարակատերերի վրա ընկնող լրացուցիչ վարչարարական բարդություններն ու ծախսերը կարող են հանգեցնել ընկերային ու քաղաքական բարդությունների:

Սակայն, վերադառնանք Հայաստան: Բովանդակության առումով հողի մասնավորեցումից հետո Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականությունը (կամ ռազմավարությունը) գոյատևումն էր: Այն հիմնականում կենտրոնացած է եղել ենթակառուցվածքների զարգացման և առանձին ընկերային խնդիրներ լուծելու վրա: Գյուղացիական տնտեսությունները պետության կողմից դիտարկվել են գլխավորապես պարենային անվտանգության հարթությունում, այսինքն, զուտ որպես սննդամթերք արտադրող միավորներ, որոնք նաև իրենք իրենց ընտանիքի անդամների համար աշխատատեղ են ստեղծում: Իսկ գյուղացիական տնտեսություններն իրենք իրենց դիտարկել են որպես մենատնտեսներ, որոնք սպառում են սեփական արտադրության կեսը, որոնք դեմ առ դեմ ու միայնակ են մնացել շուկայական ուժերի հետ և որոնց գլխավոր առաքելությունն, ըստ էության, «յոլա գնալն է»: Նման մոտեցումը, թերևս, կարող էր արդարացվել` հաշվի առնելով Հայաստանի տնտեսական ծանր կացությունն անկախացումից հետո: Սակայն, կարծում եմ, որ նման մոտեցումն արդեն իրեն սպառել է:

Հայաստանն այժմ կարիք ունի լրջորեն վերանայելու իր ընկալումներն ու մոտեցումները գյուղատնտեսության և գյուղացիության ինքնության ու առաքելության վերաբերյալ և ըստ այդմ շտկելու իր ռազմավարությունն ու քաղաքականության միջոցները: Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության մոտեցումների և միջոցների կարիք կա, ինչպես նաև աջակցության տեսակների և դրանց արդյունավետության գնահատման համակարգերի լուրջ կատարելագործման:

Նախ` ընկալման առումով գյուղացիության ինքնությունը մինչև այսօր պարզ չէ և, որպես հետևանք, այն պարզ չէ նաև իրավական ու տնտեսական առումներով: Պարզ չէ, մասնավորապես, թե մենք որպես ով կամ ինչ ենք դիտարկում մեր գյուղացիությանը: Արդյոք զուտ առևտրային կամ գործարար միավորնե՞ր են գյուղացիական տնտեսությունները, թե՞ դրանք առանձին, հատուկ մի հաստատություն են (ինստիտուտ), որն այլ կարևոր դեր ու նշանակություն ունի: «Կենսակե՞րպ է», թե՞ առևտրային գործունեություն գյուղացիական տնտեսություն վարելը:

Այս առումով «գյուղացի», «ֆերմեր», «ագարակատեր», «ագարակ», «գյուղացիական տնտեսություն», «ֆերմերային տնտեսություն», «գյուղատնտեսական արտադրող» կամ նման այլ հասկացությունների հստակեցումը, հնարավորինս ճշգրիտ տարանջատումն ու պատշաճ իրավական կարգավիճակի սահմանումը էական են: Նշվածը ճիշտ է հատկապես Հայաստանում, որտեղ գերակշիռ մեծամասնություն կազմող գյուղատնտեսական արտադրողները գյուղացիական ընտանիքներ են, գործում են որպես բնական (ֆիզիկական) անձինք և գրանցված չեն որպես տնտեսվարողներ: Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում ներկայումս կան մոտ 340.000 գյուղացիական տնտեսություններ (միավորներ), որոնք հիմնականում փոքրածավալ բնատնտեսական միավորներ են` միջինում ոչ ավելի, քան 1.5 հա հողատարածքով: Դրանց բնութագրելու համար միասնական սահմանում դեռ չի ձևավորվել, իրավական կարգավիճակը դեռևս «ամորֆ» վիճակում է և հստակեցման կարիք ունի:

Այս խնդիրն արդիական է նաև նախատեսվող հարկային փոփոխությունների համապատկերում, քանի որ հարկային ոլորտում կարևոր խնդիրներից է հարկման «ենթակայի» հստակ սահմանումը, որովհետև հարկումը վերաբերում է ոչ թե երևակայական գործունեության տեսակի, այլ հաստատությունների (ինստիտուտների), որոնցից ձևավորվում է հարկման «ենթական»: Ավելի պարզ ասած` իրական մարդկանցից և (կամ) իրավաբանական անձանցից է պահանջվում հարկ վճարել: Արտադրողների թվի առումով, գյուղատնտեսությունում գերակշռում են «գյուղացիական տնտեսությունները»: Հետևաբար, գյուղատնտեսությունում պահանջվում է ավելի մեծ ուշադրություն դարձնել առանձին անհատներին և (կամ) անհատների խմբերին (որպես հարկային եկամուտի ստեղծողներ):

Ընդ որում` հարկման «ենթակայի» հստակ սահմանումն անհրաժեշտ է անկախ այն բանից, թե գյուցիական տնտեսություններից կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրողներից քանիսը կենթարկվեն ԱԱՀ-ով հարկման, քանի որ բոլոր դեպքերում հարկելու, հարկից ազատելու, հարկային արտոնություն կիրառելու կամ հարկման առանձնահատուկ ձև կիրառելու, ինչպես նաև պետական վիճակագրություն վարելու, պետական աջակցությունը ճիշտ հասցեով կիրառելու և դրա արդյունքները գնահատելու համար հարկ է իմանալ, թե ում հետ գործ ունենք:

Երկրորդ. գյուղացիության առաքելության ընկալումն այսօր բավականին սահմանափակ է, ինչն, ի միջի այլոց, ազդում է ոչ միայն պետական քաղաքականության, այլ նաև հասարակությունում գյուղացիության նկատմամբ վերաբերմունքի ձևավորման վրա: Մինչև այժմ վարվող գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում գյուղացիները դիտարկվել են և շարունակում են դիտարկվել որպես պարենային ապահովության խնդիր լուծող կամ, ավելի պարզ, որպես մեզ համար սնունդ արտադրող միավոր: Գյուղատնտեսության ու ·յուղացիության` վերը նշված լայն նշանակությունները մղված են հետին հարթություն: Սահմանափակ առաքելությունը աղքատացնում է քաղաքականության ու ռազմավարական գ·ործիքների զինանոցը` դրանք դարձնելով պարզունակ ու մեկուսացված` տնտեսության այլ ճյուղերում տեղի ունեցող զարգացումներից:

Անկասկած, պարենային ապահովությունը կարևորագույն խնդիր է և պետք է հասցեագրվի, սակայն միայն դրանով սահմանափակվելը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար է անդրադառնում հենց գյուղատնտեսական արտադրողականության ու մրցունակության վրա: Այդ դեպքում արտադրությունը սկսում է դառնալ ցածր ավելացված արժեք ունեցող ու մեծ ծավալներ պահանջող, իսկ նման շռայլության համար Հայաստանը չունի այդքան հող ու բնական պաշարներ:

Գյուղացիության ինքնության հստակեցումն, առաքելության ընդլայնումն ու կատարելագործումը մի շարք կարևոր գործնական նշանակություններ կարող են ունենալ քաղաքականության վարման միջոցների զինանոցի կատարելագործման համար: Դա, մասնավորապես, կարող է օգնել շեշտադրման կարևոր փոփոխություն մտցնելու պետական քաղաքականության միջոցների, հատկապես պետական աջակցության միջոցների ուղղության մեջ: Օրինակ, պետական աջակցության միջոցների ուղղվածությունը կարող է շեղվել գյուղատնտեսական արտադրությունից դեպի գյուղացին, բնապահպանությունը, դեպի տեխնոլոգիական զարգացումը, կենսաբազմազանության պահպանությունը...

Նման շեղումը շահեկան կարող է լինել մի շարք առումներով, մասնավորապես.

-           այդպիսով շատ ավելի մեծ հնարավորություններ են բացվում գյուղատնտեսության կայուն զարգացման համար, զարգացում, որը ներդաշնակ կլինի բնության հետ և հնարավորություն կտա բնությանն ավելի առատորեն պարգևատրել աշխատանքի դիմաց.

-           անմիջականորեն առնչվում է ԱՀԿ-ի պարտավորությունների կատարմանը և կարող է լայն հնարավորություններ բացել, որպեսզի կառավարությունը կարողանա պահանջված մակարդակի աջակցություն տրամադրել գյուղատնտեսությանը` դրանք դասակարգելով որպես «կանաչ զամբյուղի» միջոցներ և սուբսիդավորման մասով չխախտել ԱՀԿ-ում ստանձնած Հայաստանի պարտավորությունները.

-           նման միջոցառումների համար արտաքին դրամական միջոցների ներգրավման ավելի լայն հնարավորություններ են բացվում, քանի որ նշված ուղղություններն ավելի ընդունելի, ընկալելի ու «հաճելի» են միջազգային կազմակերպությունների և նվիրատու երկրների համար, որոնք մեծ պատրաստակամությամբ իրենց մասնակցությունը կբերեն նշված ուղղություններով իրականացվող ծրագրերին:

Երրորդ. վերոնշյալ խնդիրների լուծումը կարևոր է Հայաստանում «գյուղական զարգացում» կամ «գյուղական վայրերի զարգացում» երևույթի ներմուծման ու այն քաղաքականության բաղադրիչ դարձնելու առումով: Գյուղական զարգացման քաղաքականությունը, որպես այդպիսին, Հայաստանում դեռևս կայացած չէ: Հայաստանում գյուղական զարգացման քաղաքականությունը, ըստ էության, դեռ ածանցյալ բնույթ ունի: Դրան առանձնահատուկ տեղ չի հատկացվել, և այն ավելի շուտ դիտարկվել ու հասցեագրվել է ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման և աղքատության ընդհանուր նվազեցման համապատկերի վրա, որին զուգահեռ իրականացվում են ընկերային ենթակառույցների զարգացման և քաղաքացիական մասնակցային հասարակության հաստատմանն ուղղված փոքրածավալ ծրագրեր: Հայաստանում գյուղական զարգացմանն առնչվող տարրերը չհամակարգված կերպով նշմարվել ու նշմարվում են քաղաքականության տարբեր ուղղություններում: Պետական և միջազգային ծրագրերում գյուղական վայրերի գործնական զարգացման ուղղությունը, որպես այդպիսին, ուշադրության է սկսել արժանանալ վերջին երեք-չորս տարիների ընթացքում: Այդուհանդերձ, մինչև վերջերս, իրականացված ծրագրերում գյուղական զարգացմանն ուղղված բաղադրիչները, որպես կանոն, փոքրածավալ և սակավաթիվ են եղել և, որպես առանձին տարրեր, հանդես են եկել միմյանց հետ չհամակար·ված տարաբնույթ ծրագրերում:

Չորրորդ. գյուղատնտեսության ու գյուղացիության դերի և նշանակության ընդլայնումը շատ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսության և երկրի տնտեսության մյուս ճյուղերի միջև կարևոր փոխկապակցվածություններ հաստատելու տեսակետից: Օրինակները բազմաթիվ են. գյուղական վայրերի զարգացման առնչությունները տարածաշրջանային զարգացման ծրագրերի, զբոսաշրջության զարգացման, բնապահպանական ծրագրերի, նոր «կանաչ տեխնոլոգիաների» զարգացման հետ և այլն: Այդպիսով, գյուղացիության համար շատ ավելի լայն ասպարեզ է բացվում իրենց մասնակցությունը բերելու պետականորեն կարևոր ծրագրերի իրագործմանը, ինչն իր հերթին մեծացնում է համագործակցելու և նորն արարելու դրական շահագրգռությունը և հասարակության մեջ սեփական կարևորության զգացումը:

Վերջում կարևոր է չմոռանալ շատ էական մի հանգամանք ևս. գաղափարական ու հայեցակարգային նման փոփոխությունները ենթադրում են հաստատութենական (ինստիտուցիոնալ) և մարդկային կարողությունների կատարելագործվածության համարժեք աստիճան: Առանց դրանց փառահեղ գաղափարական հենքը կարող է վերածվել մտքերի պարզունակ բազմության, իսկ մեծ ծրագրերը` գործողությունների խառնաշփոթ կույտի:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am