Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Սեպտեմբեր 2011, N 9

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր-2011-ն աչքի ընկավ իրադարձությունների աննախադեպ դինամիկայով։ Մեկնարկեց քաղաքական սեզոնը, որը սառնոտ աշնանն ու ձմռանը «ամառային շոգ» է խոստանում։ Ամիսը նշանավորվեց նաև կլոր հոբելյաններով՝ Հայաստանի և Ղարաբաղի անկախության 20-ամյակներով։ Բայց գլխավորը, այնուամենայնիվ, թաքնված է գալիք ընտրություններում և դրանց շուրջ ծավալվող ինտրիգներում, որոնք դիտել ենք ամսվա ընթացքում։ Փորձենք հակիրճ անդրադառնալ դրանց և էլի շատ հարցերի։

Սեպտեմբերի վերջին տասնօրյակը նախագահ Սարգսյանն անցկացրեց արտասահմանյան ուղևորության մեջ. սկզբում այցելեց Միացյալ Նահանգներ, հետո՝ Ֆրանսիա և Լեհաստան։ Իսկ ամիսը պետության ղեկավարն սկսել էր Ղարաբաղ այցելությամբ, որտեղ սեպտեմբերի 2-ին ճոխ նշում էին Ադրբեջանից անկախության հռչակման 20-ամյակը։ Սերժ Սարգսյանը մասնակցեց հիմնական հանդիսություններին, այդ թվում և Հայաստանի ու Արցախի ականավոր շատ գործիչների ԼՂՀ նախագահի նստավայրում բարձր պետական շքանշաններով պարգևատրելու արարողությանը։ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ Սարգսյանն ուրախացավ նրանց մասնագիտական տոնի առիթով, որտեղ նույնպես պարգևատրումներ եղան։ Այդ նույն օրը նախագահը հավանություն տվեց ճանապարհային ոստիկանության նոր ղեկավարի նշանակմանը։ ՃՈ պետ դարձավ Արսեն Գալստյանը, ԳԱԻ-ից և, հավանաբար, դրամաշորթությունից հեռու մի մարդ, որը մինչ այդ աշխատում էր երկրի ներքին զորքերի համակարգում։ Այս նշանակումը թույլ է տալիս ենթադրել, որ, Աստված տա, երկրի քաղաքական ղեկավարությունն իսկապես գիտակցել է այն վտանգը, որը ռեժիմի համար բխում է ԳԱԻ-ից (նկատի ունենք բնակչության զզվանքն իշխանությունից, որն առաջ է գալիս այնպիսի ծառայությունների գոյությունից, ինչպիսին է պետավտոտեսչությունը) և իսկապես ուզում է կարգուկանոն մտցնել այս ոլորտում։ Իսկ մեկ օր հետո նախագահը հրաժեշտ տվեց Հարավային Կովկասի Սուրբ աթոռի առաքելական նվիրակ, գերապատվելի Կլաուդիո Գուջերոտիին։ Նախագահը երախտագիտություն հայտնեց Երկրի վրա Աստծո փոխանորդի ներկայացուցչին՝ երկարատև և սերտ ու արգասավոր համագործակցության համար և բարձր գնահատեց գերապատվելի Կլաուդիո Գուջերոտիի անձնական ավանդը Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների ամրապնդման գործում։

Սեպտեմբերի 3-ին երկրի երկու կարևոր բուհեր՝ կոնսերվատորիան և պոլիտեխնիկականը, նոր ռեկտորներ ունեցան։ Եթե կոնսերվատորիայի դեպքում պրոֆեսիոնալ հանրությունը բարեհաճ է տրամադրված Շահեն Շահինյանի ընտրության հարցում, ապա պոլիտեխնիկականի հաշվով նույնն ասել չի կարելի. երկրի խոշորագույն բուհի ռեկտոր է դարձել կրթության և գիտության նախկին երկարամյա փոխնախարար Արա Ավետիսյանը, որն առանձնակի հակում ունի կաշառակերության և նման երևույթների հանդեպ։ Երկրի ղեկավարությունը փաստորեն նախարարությունն ազատեց պրն Ավետիսյանից, բայց չենք կարծում, թե դա պետք էր անել պոլիտեխնիկական համալսարանի գնով։ Բայց, ինչպես ասում են, այնտեղ՝ վերևում, ավելի լավ գիտեն...

Սեպտեմբերի 7-ին բացվեց Համահայկական բանկը, և այստեղ նույնպես ներկա էր նախագահ Սարգսյանը։ Ասում են՝ բանկի գործունեությունն ուղղվելու է միջազգային ֆինանսական կազմակերպություններից և այլ մասնավոր ներդրումային աղբյուրներից երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելուն՝ Հայաստանում գրանցված և գործող մրցունակ արդյունաբերական ձեռնարկությունների երկարատև զարգացման ֆինանսավորումն ապահովելու նպատակով։ Նույն օրը պետության ղեկավարն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Նրան շնորհավորելով այս պաշտոնին նշանակվելու առիթով՝ նախագահը հույս հայտնեց, որ Ֆիլիպ Լեֆորի հարուստ դիվանագիտական փորձը և մեր տարածաշրջանի մասին իրազեկվածությունն օգտակար կլինեն Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների ամրապնդման համար։

Սեպտեմբերի 7-ին «Ազատություն» ռադիոն՝ հղում կատարելով WikiLeaks-ին, տեղեկացրեց, որ Երևանում հավատարմագրված ամերիկյան դիվանագետները դեռ 2009թ. վերջին չէին բացառում Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի տապալումը։ Ամերիկյան դիվանագետների գնահատականով՝ ըստ WikiLeaks-ի, ՀԱԿ-ը 2009-ի վերջին և 2010-ի սկզբին բախվել է մի շարք լուրջ խնդիրների, որոնցից մեկն էլ ներքին դեմոկրատիայի դեֆիցիտն է։

«Ներքին դեմոկրատիայի պակասը ՀԱԿ ամբողջականությանը սպառնացող գործոններից մեկն է։ Տեր-Պետրոսյանը բոլոր որոշումները միանձնյա է ընդունում, որոնք հետո ձևականորեն հավանության են արժանանում քաղխորհրդի նիստերում»,- այսպես են կարծում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ ՀԱԿ ազդեցիկ անդամներից մեկը դեսպանության աշխատակիցներին դժգոհել է, թե կարևոր ելույթներից առաջ Տեր-Պետրոսյանը ոչ մեկին ցույց չի տալիս իր ելույթի տեքստը։ Խոսելով բլոկի ֆինանսական խնդիրների մասին՝ ամերիկյան դիվանագետները նշել են, որ այն բիզնեսմենները, որոնք առաջ ֆինանսավորում էին կոնգրեսին՝ հույս ունենալով, որ այն իշխանության կգա, 2009թ. վերջին-2010թ. սկզբին դադարեցրին ֆինանսավորել։ «Տեղեկություն կա, թե նրանց թվում է նաև նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը»,- նշված է ճեպագրում։

Սեպտեմբերի 9-ին նախագահ Սարգսյանը մասնակցեց «Armenia EXPO» առևտրաարդյունաբերական տարածաշրջանային 11-րդ ցուցահանդես-համաժողովի բացմանը։ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-11-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Բայց այդ օրն ավելի նշանավորվեց նրանով, որ հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը։ Կարապետյանի հեռանալու իրական պատճառների մասին շատ վարկածներ հնչեցին, որոնք տարբերվում էին պաշտոնական տեսակետից (իբր մտադիր է զբաղվել այլ գործունեությամբ, ինչն, իհարկե, նոնսենս է)։ Դրանցից մեկը շարունակական կոնֆլիկտն է նախագահի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ, որը զբաղեցնում է աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Կոնֆլիկտի պատճառն այն է, թե իբր հենց Մինասյանն է ղեկավարում աշխատակազմը, ինչը չէր կարող (երկար ժամանակ) հարմար լինել նորմալ մարդուն։ Սակայն, կարծում եմ, ավելի արժանահավատ է մեկ այլ վարկած, այն է. Կարապետյանը նախագահին խնդրել է միջնորդել Ռուսաստանի ղեկավարությանը եղբոր՝ Սամվել Կարապետյանի համար, որը վերջին ժամանակներս, Լուժկովին հանելուց հետո, աննախանձելի վիճակում է հայտնվել՝ ենթարկվելով հարկային մարմինների ճնշմանը։ Կարապետյանն իր խնդրանքը բացատրել է նրանով, թե իբր եղբոր փողերն օգուտ են բերում նաև Հայաստանին (բարեգործական ակցիաների, ներդրումային նախագծերի, քաղաքական կամպանիաների ֆինանսավորման ձևով), դրա համար էլ երկրի նախագահը պետք է բարեխոսի Սամվելի համար։ Ինչին, բնականաբար, հետևել է պետության ղեկավարի մերժումը, ինչի հետևանքն էլ եղել է այն, որ սկզբունքային Կարեն Կարապետյանը նեղացել է։ Սակայն անձամբ ինձ ավելի ճշմարտանման է թվում հետևյալը. Կարապետյանն աշխատակազմից հեռացել է միայն այն պատճառով, որ չհայտնվի բարոյական մարդու համար դժվարին ընտրության առջև՝ Հայաստանի մրցակցող երկու առաջնորդներից գալիք ընտրապայքարում ո՞ւմ աջակցել՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին։ Այս է ամենը։

Սեպտեմբերի 9-ը հիշվեց նաև նրանով, որ տեղի ունեցավ սեզոնի առաջին տերպետրոսյանական ՀԱԿ հանրահավաքը։ Հիշեցնենք, որ այսպես կոչված «երկխոսությունը» դադարեցվել էր դեռ անցած ամիս, այն բանից հետո, երբ իշխանությունները հրաժարվել էին ազատ արձակել ոստիկանի քիթը ջարդած խուլիգանին։ Հանրահավաքի հիմնական պահանջն էր անհապաղ ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստին, որպեսզի վերսկսեն անիմաստ երկխոսությունը, թե չէ նախագահի հրաժարականը, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կպահանջեն։ Նույն օրը, ուշ երեկոյան, տխուր լուր ստացվեց. վախճանվել էր ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը։ Ռեժիմի համար կարևոր այս պաշտոնում նրան փոխարինեց Տիգրան Մուկուչյանը, որը զբաղեցնում էր վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը։

Սեպտեմբերի 13-ին մեկնարկեց երկրի խորհրդարանի՝ այս գումարման նախավերջին նստաշրջանը։ Այդ նույն օրը նախագահ Սարգսյանը տոնական ընդունելություն կազմակերպեց Ազգային պատկերասրահում՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին քաղաքական կուսակցությունների, զանգվածային լրատվամիջոցների, Հանրային խորհրդի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սեպտեմբերի 15-ին պետության ղեկավարը նման ընդունելություն տվեց Սարդարապատում, որին հրավիրված էին արդարադատության համակարգի, ուժային կառույցների ներկայացուցիչներ և դիվանագետներ։ Այդ նույն օրը նախագահն ընդունեց գերմանական բունդեստագի պատվիրակությանը, «Գերմանիա-Հայաստան» պատգամավորական խմբի անդամներին։ Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար կարևոր են Գերմանիայի հետ հարաբերությունների ամրապնդումը և խորացումը և բարձր գնահատեց տարբեր մակարդակներով կատարվող փոխայցելությունները, Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ամրապնդման երկկողմ ջանքերը։ Սերժ Սարգսյանը երախտագիտություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը՝ համագործակցության և տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։

Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ երկու օր առաջ ԼՂՀ Պաշտպանության բանակը տհաճ անակնկալ է մատուցել հարևան պետությանը՝ խփելով նրա անօդաչու ինքնաթիռը, որը հայտնվել էր Ղարաբաղի օդային տարածքում ոչ բարի նպատակներով։ Հասկանալի է՝ Ադրբեջանում այս իրադարձությունն ընդունեցին որպես խայտառակ ապտակ և չբարձրաձայնեցին դրա մասին, թեև արդի աշխարհում, ինտերնետի դարաշրջանում անհնար է որևէ բան թաքցնել սեփական ժողովրդից։ Իսկ Հայաստանում թշնամական պետության անօդաչու թռչող սարքը խփելը դրական տրամադրություն առաջացրեց, բազմաթիվ վերլուծական դատողություններ արվեցին Հայաստանի և Ղարաբաղի զինված ոժերի մարտունակության վերաբերյալ։

Սեպտեմբերի 17-ին, ի պատիվ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի, նախագահ Սարգսյանը ևս մեկ ընդունելություն տվեց Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ, մտավորականության, մարզական ոլորտի ներկայացուցիչներ։ Այստեղ էլ միջոցառումն առանց պարգևատրումների չանցավ. պետության ղեկավարի հրամանագրով բարձրաստիճան հոգևորականների մի խումբ, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվեցին ՀՀ շքանշաններով ու մեդալներով։ Նույն օրը երկրի պետական պարգևների արժանացան սփյուռքի ներկայացուցիչները՝ գիտական, կրթական, բժշկական և տնտեսական ոլորտներից, ինչպես նաև զինված ուժերի և ուժային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագիտական ասպարեզում հաջողություն գրանցած դիվանագետներ։ Սեպտեմբերի 19-ին նախագահ Սարգսյանը մասնակցեց սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի բացման արարողությանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում և տևեց մինչև սեպտեմբերի 21-ը։ Հանդես գալով հավաքվածների առջև՝ պետության ղեկավարը, մասնավորապես, ասաց. «Վստահ եմ, որ համաժողովը մեծապես կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքին` ի շահ հայության խաղաղ ու բարեկեցիկ ապագայի: Այս դահլիճը հավաքական ուժ է ներկայացնում: Այն 10 միլիոն հայերի զորության խորհուրդն ունի և հպարտություն է առաջացնում: Այդ ուժը համահայկական բազում խնդիրներ է լուծել տասնամյակների ընթացքում և կշարունակի լուծել»:

Սեպտեմբերի 19-ին նախագահ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին։ Խորհուրդն, իբր, ստեղծվել է գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով: Սակայն, կարծում եմ, այս խորհուրդը հերթական անիմաստ նախաձեռնությունն է, քանի որ դրա ղեկավարումը դրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա, իսկ թե ինչպես է նա կատարում իրեն վստահված պարտականությունները՝ հայտնի է բոլորին։

Սեպտեմբերի 20-ին նախագահ Սարգսյանը ևս մեկ ընդունելություն կազմակերպեց՝ նվիրված անկախության հոբելյանին։ Այս անգամ բերեց ՀՀ Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորների բախտը։ Ընդ որում՝ նրանցից ոմանց բախտը կրկնակի բերեց. նախ՝ խմեցին հենց նախագահի հետ (կատակ բան չէ), երկրորդ՝ արժանացան պետական մրցանակների, ընդ որում (այդ թվում նաև) սեռական պատկանելության հատկանիշով։

Սեպտեմբերի 20-ին նախագահ Սարգսյանն ընդունեց Եվրախորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեկին և նրա գլխավորած պատվիրակությանը, ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին։ Պետության ղեկավարը նշեց, որ ուրախ է ողջունելու Միխայիլ Շվիդկոյին Երևանում, հատկապես Հայաստանի անկախության 20-ամյակի հանդիսությունների օրերին։ Իսկ Միխայիլ Շվիդկոյը հայ ժողովրդին շնորհավորեց անկախության տոնի առթիվ, բարեկեցություն և բարգավաճում մաղթեց՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում, հայ ընկերների կողքին։ Նույն օրը նախագահը ներկա էր Մատենադարանի նոր մասնաշենքի բացման արարողությանը, նա նաև բազմաթիվ շնորհավորանքներ ստացավ օտարերկրյա իր գործընկերներից, որոնց թվում հարկ է առանձնացնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, Բրիտանիայի թագուհուն, Շվեդիայի թագավորին և այլոց։

Ամսվա գլխավոր օրը սեպտեմբերի 21-ն էր։ Այն սկսվեց տպավորիչ զորահանդեսով (որը լուռ անհանգստություն առաջացրեց Ադրբեջանում) և շարունակվեց տոնակատարություններով և ժողովրդական հանդիսություններով։

Սեպտեմբերի 23-ին ՀԱԿ-ը հերթական նախատեսված հանրահավաքն անցկացրեց, որն աչքի էր ընկնում ռեկորդային սակավաթվությամբ։ Սակայն Տեր-Պետրոսյանը հույսը չի կորցնում, որ սեպտեմբերի 30-ին հրապարակում կես միլիոն մարդ կհավաքի։ ՀԱԿ յուրաքանչյուր ակտիվիստի «դատապարտել» էին առնվազն հինգ մարդ իր հետ բերելու։ Իսկ մինչ այդ, այդ նույն օրը, հաջողացրել էին աչքի ընկնել հայրենական իրավապահները, որոնք վնասազերծել և կալանել էին զինված ավազակախմբի, որը մեկ ամսից ավելի ահաբեկում էր Երևանի ընդհատակյա միլիոնատերերին։ Վերջին աղմկալի կողոպուտը, որը վերագրվում է կալանված այս ավազակախմբին, ավազակային ներխուժումն էր ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն։

Սեպտեմբերի 28-ին ֆինանսների նախարարությունը կառավարության քննարկմանը ներկայացրեց գալիք տարվա բյուջեի նախագիծը։ Համաձայն այդ փաստաթղթի՝ առաջարկվում է պետական բյուջեի եկամուտների մասը հաստատել 910 մլրդ դրամի, իսկ ծախսերը՝ 1,04 տրլն դրամի սահմաններում։ Իսկ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ըստ երևույթին, հոգնելով կառավարության տիեզերական նախագծերից, հայտարարեց, որ անհնար է այդքան փող հավաքել։ «Հայաստանի պատմության մեջ հարկային մուտքերի այդպիսի աճ չի նախատեսվել, մանավանդ ճգնաժամային փուլում։ Մենք լուրջ կասկածներ ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն»,- ասել է նա։ Տեսնենք ում կողմը կլինի ճշմարտությունը, բայց կարծում եմ, որ ՊԵԿ ղեկավարն ավելի սթափ է նայում իրերին ու երևույթներին, ի տարբերություն իր ղեկավարի, այնպես որ՝ եկող տարի հարկերի հավաքման հետ կապված իրավիճակը դրամատիկ կլինի։

Սեպտեմբեր-2011-ը հատկանշական դարձավ նաև նրանով, որ գլխավոր իրադարձությունները, որոնց զարգացումը կկանխորոշի տեսանելի ապագան, տեղի ունեցան ամսվա վերջին օրը։ Խոսքը ՀԱԿ հանրահավաքի և երկրորդ նախագահի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտարարության մասին է։

ՀԱԿ հանրահավաքն ավարտվեց նրանով, որ չավարտվեց. Տեր-Պետրոսյանը հայտարարեց անժամկետ հանրահավաքի մասին, ընդհուպ մինչև նախագահ Սարգսյանի հրաժարականը։ Ազատության հրապարակում վրաններ են խփվել, մարդիկ (թեև նրանք թվով քիչ են) չեն հեռանում հրապարակի տարածքից։ Ինչո՞վ կավարտվի սա։ Իհարկե, ոչ հրաժարականով ու արտահերթ ընտրություններով։ Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանը դիմել է իր տրամադրության տակ եղած բազմաթիվ գործողություններից միակ ճիշտ տարբերակին. նա սրելու է լարվածությունը և ի վերջո հասնելու է նոր բախումների՝ անկանխատեսելի հետևանքներով, ինչով էլ երկրի ղեկավարությանը կանգնեցնելու է խիստ աննախանձելի դրության առջև։ Առանց այդ էլ փուխր կայունությունը երկրում կարող է հօդս ցնդել, իսկ թե ինչ դրամատիկություն կստանան ապագա իրադարձությունները՝ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Տեր-Պետրոսյանն այլ ընտրություն չունի, բացի նոր բախումներ հրահրելուց։ Եվ այս պայմաններում իշխանություններին անհրաժեշտ է չափազանց զգույշ գործել՝ նվազագույնի հասցնելու համար երկրի առաջին նախագահի կենսագործունեությունից սպասվող պոտենցիալ վնասը։

Դե, իսկ երկրորդ նախագահը սեպտեմբերի 30-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում փաստորեն խոստովանել է, որ պայքարելու է իշխանության համար։ «Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եվ դա տեղի է ունենում Հայաստանի Անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկցվեն դրսից: Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեև շատ մոտ և Հայաստանի համար շատ կարևոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետևյալ երեք գործոնները. երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավման բացակայությունը, և, որպես հետևանք` փակուղային տրամադրությունների և արտագաղթի աճը, հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը, իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակը: Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Պուտինի՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնին առաջադրվելու մասին հայտնի դառնալուց հետո Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ սկսեցին հանդես գալ Քոչարյանի վերադառնալու հետ կապված մեկնաբանություններով։ Մի խոսքով՝ այս թեման՝ հրահրված Քոչարյանի լռությամբ, իսկական ինտրիգ դարձավ։ Եվ ահա հանգուցալուծումը։ Իհարկե, հարցազրույցում երկրորդ նախագահն ասում է, թե իբր առայժմ չի որոշել և ծիծաղելի պայմաններ է առաջ քաշում, սակայն պարզից էլ պարզ է, թե իրականում ինչ են նշանակում Քոչարյանի խոսքերը։ Իսկ Հայաստանի համար դա չի կարող որևէ լավ բան նշանակել։ Բնականաբար, խոսքը քաղաքացիական պատերազմի և նման այլ աղետների մասին չէ, բայց Քոչարյանն իսկապես կարող է հանուն իր անառողջ նկրտումների տառացիորեն սասանել պետական կարգը։ Այսօր արդեն, ընտրություններից բավական առաջ, բյուրոկրատիան կաթվածահար է, ինչի մասին գրել ենք մեր նախորդ համարում, «Նախագահ Սարգսյանի երկու սխալը» հոդվածում (http://nationalidea.am/articles.php?id=294), իսկ էլիտայի շարքերում նկատվում են շփոթմունք և խուճապային տրամադրություններ։ Հայրենական էլիտարները չգիտեն ինչ անեն, և նրանց խելքն էլ, հավանաբար, չի բավականացնում՝ կողմնորոշվելու համար, թե ով կհաղթի գալիք գոտեմարտում, որպեսզի անմիջապես անցնեն նրա կողմը։ Մի խոսքով՝ տեսնենք, թե ինչի է ընդունակ ՀՀ երկրորդ նախագահը սեփական պետության խորտակման «վսեմ» գործում։ Առաջինի վաստակն ու ձեռքբերումները հայտնի են բոլորին, այնպես որ՝ հերթը երկրորդինն է...

Ինչպես տեսնում ենք, հոկտեմբերը խոստանում է ավելի հետաքրքիր ու հագեցած լինել։ Հաստատ չենք ձանձրանալու։

Մի քանի խոսք համարի բովանդակության մասին։

Հոդվածաշարը բացում է գրականագետ, հրապարակախոս Ստեփան Թոփչյանի (ԱՄՆ) «ՀՀ խորհրդարան. մենախոսություն-տրագիֆարս հինգ մասով» հոդվածը («Քաղաքականություն» խորագրում)։ Սա հիրավի փայլուն նյութ է՝ լի դառը սարկազմով ու երկրի համար սրտացավությամբ, այնպես որ՝ ոչ ոքի անտարբեր չի թողնի։ Հեղինակը գրում է խորհրդարանում տիրող խայտառակ իրավիճակի և ընթացիկ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծամասնության հակաժողովրդական, հակազգային և հակապետական դիմագծի մասին։

«Քաղաքականություն» խորագրի ներքո ամերիկահայ Ջոն Հալեբլյանը Կալիֆորնիայից՝ BAFA (Bay Area Friends of Armenia - Հայաստանի՝ Ծոցի բարեկամների ընկերություն) հիմադրամի հիմնադիր և մեկենաս, «Հայաստանն այն ժամանակ և հիմա» հոդվածում գրում է Հայաստանի զարգացման իր տպավորությունների մասին։ 1992 թվականից Ջոնն այստեղ է եղել 18 անգամ, նրա աչքերի առջև են փոխվել երկիրը և մարդիկ։ Հեղինակը գրում է անկախության շրջանի ձեռքբերումների, ինչպես նաև ձախողումների մասին, սակայն, ըստ նրա, ձախողումներն ավելի շատ են և վտանգավոր նրանով, որ սպառնալիք են ներկայացնում պետականությանը։ Մի խոսքով՝ նյութը հետաքրքիր է դատողությունների անկեղծությամբ ու պարզությամբ, նրանով, ինչն այնքան չի հերիքում հայրենական հրապարակախոսությանը։

«Պետություն և իրավունք» խորագրում իրավագետ Մկրտիչ Մուրադյանը «Միքայել Նալբանդյանի իրավաքաղաքական հայացքների մասին» հոդվածում ներկայացնում է մեր օրերում Նալբանդյան-հայի՝ մտածողի, մարտիկի փոքր-ինչ մոռացված կերպարը։ Իսկ Աշխունջ Պողոսյանը «Մշակույթ և արվեստ» խորագրում անում է բավական ինքնատիպ առաջարկություն՝ ուղղված ինչպես հայկական գյուղերում աշխատատեղերի ստեղծմանը և, հետևաբար, բնակչության արտահոսքի կրճատմանը, այնպես էլ հնագույն արհեստների վերականգնմանը, որոնցից յուրաքանչյուրն արվեստի տեսակ է։ Հոդվածի վերնագիրն է «Հայաստանի Հանրապետության մարզերում ավանդական մշակույթի զարգացման և ժողովրդագրական պատկերի բարելավման հիմնախնդիրների մասին» և պետք է որ հետաքրքրի ընթերցողներին։ Լավ կլիներ, եթե հեղինակի առաջարկների մասին մտածեին նաև համապատասխան գերատեսչություններում։

«Հուշեր» խորագրում մենք շարունակում ենք հրապարակել հոդվածներ՝ նվիրված խորհրդային շրջանի ականավոր պետական գործիչներին։ Այս անգամ ընտրությունը կանգ է առել Գրիգոր Հասրաթյանի՝ խորհրդային և հետխորհրդային ողջ պատմության մեջ, թերևս, մայրաքաղաքի լավագույն քաղաքապետի վրա։ Հասրաթյանի մասին հոդվածը գրել է մեր մշտական հեղինակ Արտաշես Գեղամյանը, որն ի մոտո ճանաչել է Հասրաթյանին։ Ինչ վերաբերում է Գեղամյանին, կուզենայի, մի փոքր հեռանալով թեմայից, ասել, որ երբեմն ավելի լավ է ստացվում, երբ քաղաքական գործիչները չեն հայտնվում խորհրդարանում, քանի որ սկսում են մտածել և գրել (ոչ բոլորն, իհարկե. օրինակ, երկու Հակոբ Հակոբյանն էլ այսօր նույնպես խորհրդարանի պատերից դուրս են, բայց խելքի հետ կապված ոչինչ նրանցից սպասել հնարավոր չէ, ոչ բանավոր, ոչ էլ, առավել ևս, գրավոր տեսքով)։

Այժմ՝ Հասրաթյանի մասին։ Թերևս, Երևանի ամենաինքնատիպ շինություններն ու հաստատությունները՝ հազվագյուտ ԽՍՀՄ սահմաններում, նրա գործունեության արդյունքն են հանդիսանում։ Օրինակ, Խորհրդային Միությունում առաջին ժամանակակից արվեստի թանգարանը, աշխարհում առաջին մանկական ստեղծագործության թանգարանը, որոնց ստեղծումը վերագրվում է հանգուցյալ Հենրիկ Իգիթյանին, իրականություն են դարձել միայն շնորհիվ Գրիգոր Հասրաթյանի մտավոր և կազմակերպչական հատկանիշների։ Համաձայնենք, որ այդքան կենտրոնացված երկրում, ինչպիսին էր Խորհրդային կայսրությունը, ինքնատիպ և աննախադեպ բաներ անելը գրեթե անհնար էր, և դա հաջողվում էր միայն այն մենեջերներին, որոնք բացառիկ ունակություններ ունեին։ Ցավոք, Հասրաթյանը շուտ հեռացավ քաղխորհրդից. Կարեն Դեմիրճյանի գալով հանրապետությունում բարքերը փոխվեցին։ Կենտկոմի նոր առաջին քարտուղարին արդեն հարկավոր չէին ստեղծարարները. նա կոմերսանտների կարիք ուներ և արագ ու օպերատիվորեն ազատվեց Հասրաթյանից՝ նրան փոխարինելով ողջ Խորհրդային Միությունով մեկ աչքի ընկած կոռումպացված կոմերսանտ Մուրադ Մուրադյանով։

Սակայն Հասրաթյանի գործերը, ինչպեսև նրա հիշատակը, մնացել են։ Փառք Աստծո, առայժմ ուզում են կործանել նրա միայն մեկ արարումը՝ «Մոսկվա» ամառային կինոթատրոնը, և հուսանք, որ հերթը մյուսներին չի հասնի։ Հուսանք նաև, որ առողջ բանականությունը կգերակշռի, և մեզ կհաջողվի փրկել ամառային կինոթատրոնը։ Թեև պետությունում, որի վարչապետը խորապես հավատացյալ մեկն է, ամեն բան պետք է սպասել...

Թերևս, Հասրաթյանի մասին բավական բան ասացի, շատ այլ, ավելի հետաքրքիր բաներ կարելի է կարդալ Գեղամյանի հոդվածում։

«Մամուլ, հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում այս անգամ հրապարակում ենք երեք հոդված. երկուսը REGNUM գործակալությունից, մեկը՝ nationalidea.am-ից։ Կարծում ենք՝ դրանք արժանի են ուշադրության, հատկապես խիստ հայամետ տրամադրված ռուս պատմաբան, քաղաքագետ և հրապարակախոս Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որը ռուսական պարբերականներում հայության համար հաճելի բազմաթիվ վերլուծական, պատմական ու հրապարակախոսական նյութեր է հրապարակել։

Ցանկանում ենք հաճելի ժամանց «Ազգային գաղափարի» նոր համարի հետ։ Հուսանք, որ հոկտեմբեր-2011-ը հուսալքությունների առիթ չի տա մեզ, և Աստված ժամանակ և ուժ կգտնի՝ պաշտպանելու մեզ ՀՀ առաջին երկու նախագահներից։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am