Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Սեպտեմբեր 2011, N 9

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՀԻՄԱ

Ջոն Հալեբլյան, Ph. D., BAFA-ի փոխնախագահ, Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ

Սկսած 1992 թվականից՝ ես տիկնոջս՝ Արփիի հետ 18 անգամ եկել եմ Հայաստան, որտեղ մինչև անկախացումը (1991թ. սեպտեմբերի 21) երբեք չէի եղել։

Մեր այցերի նպատակն էր համակարգել և վերահսկել այն երեք հիմնական նախագծերի ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք մշակվում էին BAFA (Bay Area Friends of Armenia) բարեգործական կազմակերպության կողմից։

BAFA-ն կարելի է թարգմանել և վերծանել որպես «Հայաստանի բարեկամները Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանից»։ BAFA-ն հիմնականում Սան Ֆրանցիսկոյում, Օքլենդում, Սան Խոսեում և Հյուսիսային Կարոլինայի՝ դրանց հարակից ոչ մեծ քաղաքներում ապրող սփյուռքահայերի միություն է։ Այն մշակում և իրականացնում է ոչ մեծ նախագծեր առողջապահության և կրթության ոլորտներում՝ դրամաշնորհներ տրամադրելով դպրոցներին և Հայաստանի հեռավոր գյուղական վայրերի բուժկետերին, ապահովում է բնակչության առավել կարիքավոր շերտերի համար նախատեսված մի քանի անվճար ճաշարանների մատակարարումը և անխափան գործունեությունը։

BAFA-ի նախագծերն ընդգրկում են Հայաստանի՝ վրացական սահմանի երկայնքով մինչև Գորիս և ադրբեջանական սահմանի երկայնքով մինչև Արարատ լեռ ընկած շրջանները։

Հայաստանի հետ կապված BAFA-ի նախագծերի առիթով երկիր այցելելով` մենք, որպես կանոն, բնակություն էինք հաստատում Երևանում, սակայն «աշխատանքային» ժամանակի հիմնական մասն անցկացնում էինք հեռավոր շրջաններ կատարած հետաքրքիր ուղևորություններով, գիշերում էինք փոքրիկ գյուղերում, ինչպես, օրինակ, ընդամենը 300 բնակիչ ունեցող Բարեկամավանն է Ադրբեջանի սահմանին։

Այսօր, անկախության առաջին տարիների համեմատ, Հայաստանը շատ է փոխվել։ BAFA-ի գծով մեր համախոհների խնդրանքով էլ գրվել են այս հուշերը, մտորումները Հայաստանում անցած 20 տարիների իրադարձությունների մասին։

 

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Հանրապետության կայացման առաջին տարիներին Հայաստանում շատ բան էր պահպանվել խորհրդային ժամանակներից։ Օրինակ, մուտքի հրավեր ստանալու համար հարկավոր էր հայկական հյուպատոսարան ուղարկել անձնագիրը, հայտարարության հատուկ ձևը, լուսանկարները և դրամարկղային չեքն ու ամիսներով համբերատար սպասել՝ հույս փայփայելով, որ ձեր անձնագիրը երբևէ հետ կդառնա։ Իսկ հիմա այն ամենը, ինչ հարկավոր է անել Հայաստան գալու համար, ժամանելիս հայտարարության թերթիկը լրացնելն է հենց օդանավակայանում և 3000 դրամ վճարելը սպասարկող վեց պատուհանիկներից մեկում, և դուք մի քանի րոպեում վիզա կստանաք ուղիղ օդանավակայանում։ 90-ականների սկզբին Երևան կարելի էր գալ միայն Մոսկվայով։ Մի փոքր ավելի ուշ կազմակերպվեց շաբաթական մեկ չվերթ Արևմտյան Եվրոպայից՝ Փարիզ-Երևան։ Ընդ որում, եթե ինքնաթիռում ձեր տեղը քիչ թե շատ ապահովված էր, ապա ձեր ուղեբեռի տեղ հասնելը ձեզ հետ միասին ոչ մի կերպ երաշխավորված չէր։ Իսկ այսօր ընտրությունը մեծ է. բացի Մոսկվա-Երևան չվերթից, մի քանիսն էլ կան Եվրոպայից։ Երևան կարելի է թռչել Փարիզից, Լոնդոնից, Ամստերդամից, Վարշավայից, Վիեննայից, Պրահայից, Մերձավոր Արևելքի շատ երկրներից։

Հիշում եմ, 90-ականների սկզբին վայրէջքը գրեթե չլուսավորվող «Զվարթնոց» օդանավակայանում ուղեկցվում էր ինչ-որ ահարկու զգացողություններով։ Հետո, տեղ հասնելուն պես, օդանավակայանի կիսամութ շենքում հարկավոր էր փնտրել-գտնել ՕՎԻՐ-ի աշխատակցին, գրանցվել նրա մոտ։ Այն ժամանակ այդ աշխատակիցը մշտական տեղ չուներ, և նրան փնտրելու համար բավական ժամանակ էր ծախսվում։ Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչ էր արվում կամ ինչ կարելի էր անել այն նոթատետրերի հետ, որոնցում գրանցվում էին մեր անունները։ Այսօր իմիգրացիոն կարգը հնարավորինս պարզեցվել է։ Կան տասնյակից ավելի խցիկներ, որտեղ իմիգրացիոն ծառայության աշխատակիցներն արագ և պրոֆեսիոնալ կերպով սպասարկում են ժամանածներին։

Ի դեպ, «Զվարթնոց» օդանավակայանը լավագույն օբյեկտներից է՝ Հայաստանի «էվոլյուցիան» ուսումնասիրելու, «այն ժամանակվա» և «այսօրվա» Հայաստանը համեմատելու համար։

 

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

90-ականների սկզբին խիստ սահմանափակ էին Հայաստան ժամանածներին տեղավորելու տարբերակները, սակայն եկողներն իրենք էլ շատ սակավաթիվ էին։ 1992-1993թթ. եկողների մեծ մասն այն մարդիկ էին, ովքեր կապված էին որոշակի հումանիտար նախագծերի իրականացման հետ։

Էլեկտրականություն չկար։ Ձմռանը ջերմաստիճանը հյուրանոցի համարներում գրեթե նույնն էր, ինչ և փողոցում։ Իհարկե, հյուրանոցի գներն էլ «այն ժամանակ» համապատասխանում էին սպասարկման մակարդակին։ 1992թ. ձմռանը ես «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի «Արմենիա» թևում ապրում էի օրը ընդամենը հինգ դոլար վճարելով։ «Հիմա» Երևանում տասնյակ նոր և վերակառուցված հյուրանոցներ կան, որոնք համապատասխանում են ցանկացած պահանջի, և հյուրանոցի ընտրության հարցը հանգեցվում է ձեր պահանջմունքներին ու ֆինանսական հնարավորություններին։ Եվ այդ նույն «Արմենիա-Մարիոթի» նույն թևի համարն այսօր ավելի քան 200 դոլար արժե։

90-ականների սկզբին Հայաստանում խնդիր էր նորմալ սնունդ ստանալը, գործող ռեստորան գտնելը։ Կերակուր կարելի էր գտնել միայն գործող երկու-երեք հյուրանոցների ռեստորաններում, այն էլ՝ որոշակի ժամերի։ Իսկ հիմա Երևանում կարելի է մեզ ծանոթ ցանկացած կերակրատեսակ պատվիրել օրվա գրեթե ցանկացած ժամի։ Երևանն առանձնապես հաճելի է գարնան-ամռան-աշնան երեկոներին, երբ քաղաքը վերածվում է ցանկացած ճաշակի ռեստորանների և սրճարանների անվերջանալի ցանցի։

Այսօր զբոսաշրջիկները կարող են օգտվել ցանկացած տեսակի բնակարանից՝ ցանկացած կարգի հյուրանոցներից մինչև տարբեր բնակարանների ու տների վարձակալումը՝ իրենց ֆինանսական հնարավորություններին և ճաշակին համապատասխան։ Սփյուռքահայերն այլևս իրավունք չունեն դժգոհելու բնակարանի որակից, անհարմարավետությունից կամ ռեստորաններ չլինելուց, ինչպես դա տեղի էր ունենում նախկինում։

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1992թ. Հանրապետության հրապարակով անցնելիս ես սիրում էի երկար կանգնել և հետևել նրա հազիվ առկայծող կյանքին։ Ժամանակ առ ժամանակ հրապարակով անցնում էին հազվադեպ մեքենաներ։ Երկրում ոչ բենզին կար, ոչ էլ բենզինի փող։ Բայց ժամանակները փոխվել են։ «Հիմա» Երևանում մեքենաների թիվն ասֆալտին և վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների անտեսումը գրեթե անհնար են դարձրել անվտանգ, առանց կյանքը վտանգելու փողոցն անցնելը։ Սա այն սակավաթիվ առիթներից է, որի պատճառով ես սկսում եմ «փնթփնթալ», երբ Երևան եմ գալիս։

 

BAFA-Ի ՆԱԽԱԳԻԾԸ. ՁՐԻ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ

1992թ. մենք՝ Հյուսիսային Կարոլինայում ապրող մի խումբ ընկերներ, որոշեցինք, որ պետք է մտածենք, թե ինչպես կարելի է օգնել կուտակված բազմաթիվ իրադարձությունների (Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան պատերազմ և սահմանների շրջափակում) հետ կապված՝ ծանր դրության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Այդ նպատակով էլ հենց կազմակերպվեց BAFA-ն։ Մեր առաջին նախագիծը հեռավոր գյուղական վայրերում չունևորների համար ձրի ճաշարանների ցանց բացելն էր (Soup Kitchen Projects)։ Հետագայում այդ ճաշարաններին գումարվեցին ևս երեքը՝ մեկը հենց Երևանում, երկուսը՝ քաղաքամերձ բնակավայրերում։ Մենք ենթադրում էինք, որ այդ ճաշարանները մի երկու տարի պետք կգան, մինչև որ Հայաստանի կառավարությունն ստանձնի չունևորների հոգսը։

Սակայն մենք և, մասնավորապես` ես, խորապես սխալվում էինք։ Ճիշտ է՝ անցած տարիներին աղքատության պաշտոնական մակարդակը Հայաստանում 56-ից իջել է 25%-ի, բայց դեռևս շատ տարեցների և երեխաների հարկավոր է բարեգործական, այդ թվում և BAFA-ի օգնությունը։ Բազում տարիների ընթացքում մենք մեկ անգամ չէ, որ այցելել ենք հանրակացարաններ, տեսել կենսապայմանները, այցելել ենք կացարաններ, որոնցում ապաստան են գտել մեր հովանավորյալները։ Եվ ամեն անգամ աչքներիս արցունքներ են հայտնվել, և ամեն անգամ հաստատվել է մեր դոնորների նվիրատվություններով այդ դժբախտներին տրամադրվող օգնությունը շարունակելու անհրաժեշտությունը։

Հայաստանի այն 25% աղքատների դրությունը, որոնց օրականը 2,50 դոլարից էլ պակաս է, լիովին նկարագրվում է Երևանի դարպասներից մեկին գրաֆիտիով արված տեքստում՝ «Խորտակված անուրջների ծառուղի» («Boulevard of Broken Dreams»)։ Մեր ճաշարանների այցելուներից յուրաքանչյուրը ժամանակին, մինչև խորհրդային համակարգի փլուզումը, իր մեծ երազանքն ուներ։ Նրանցից յուրաքանչյուրն աշխատանք և երաշխավորված թոշակ ուներ։ Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ նրանք մի ակնթարթում կորցրին ամեն ինչ և այդպես էլ չկարողացան վերականգնվել։ Ինչպես երևում է, նրանք արդեն նաև հույսն են կորցնում։ BAFA-ի ձրի ճաշարանների «այն ժամանակվա» և «հիմիկվա» այցելուների կյանքում ոչինչ չի փոխվել։ Եվ ես երազում եմ այն օրը, երբ Հայաստանում ձրի ճաշարանների կարիք չի՛ լինի։

 

BAFA-Ի ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ  

Ներկայացնելով BAFA-ն և աշխատելով ավելի քան 60 դպրոցների հետ երկրաշարժի գոտում և ադրբեջանական սահմանին՝ 90-ականներին ես հանդիպել եմ անձնվեր շատ ուսուցիչների, որոնք գրեթե անհատույց էին աշխատում՝ ամիսը մոտ 30 դոլարով։ Նրանք աշխատում էին դպրոցական այնպիսի շենքերում, որոնք փլչում էին նորոգման համար անհրաժեշտ միջոցներ չլինելու պատճառով։ 2000-ականներին կառավարությունն սկսեց նորոգել և վերակառուցել որոշ դպրոցներ, համակարգչայնացնել դրանք։ Ցանկանալով օգտակար լինել նաև այս հարցում՝ BAFA-ն, ջանքերը միատեղելով Սոցիալական ներդրումների հայկական հիմնադրամի հետ, Հայաստանում լիովին վերականգնեց և վերակառուցեց երեք դպրոց։

Վերջին 20 տարիներին նկատվում է տագնապահարույց մի ախտանշան. շատ գյուղեր աստիճանաբար ամայանում և վերանում են։ Այն ժամանակ, երբ Երևանը բարգավաճում է՝ վերածվելով միջազգային կարգի քաղաքի, գյուղերը, հատկապես սահմանամերձ շրջաններում, ամայանում են։

Հիշողությանս մեջ մեխված մնացին շատ տխուր խոսքեր, որ լսեցի Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի (Տավուշի մարզի հյուսիս-արևելքում) կին գյուղապետից։ Երբ հարցրի, թե կոնկրետ ինչով կարող էր BAFA-ն օգտակար լինել իրենց դպրոցին, կինը պատասխանեց. «Աշակերտներ ուղարկեք։ Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք»։ Եվ սա այն դպրոցն է, որտեղ 1970թ. 47 առաջին դասարանցի կար։ Այսօր ամբողջ դպրոցում ընդամենը 33 աշակերտ կա։ 2008թ. ապրիլի 14-ին «Hetq» էլեկտրոնային թերթում «հետաքրքիր» տեղեկություն հրապարակվեց. «Երեք տարի առաջ Բարեկամավան գյուղի 63 աշակերտ սովորում էր Ռուսաստանի Բելգորոդի մարզի գյուղական դպրոցներից մեկում, 130 աշակերտ՝ Ստավրոպոլի երկրամասում»։

 

ՀԱՅԱՍՏԱՆ

Քսան տարի առաջ, հանրապետության կայացման դժվարին ժամանակներում, Հայաստանը մեկ միասնություն էր, փոխկապակցված բարդ կոնգլոմերատ։ Այսօր, համենայնդեպս՝ ըստ իս, Հայաստանը բաժանված է երկու անհավասար մասերի։ Մի մասը տոնական Երևանն է, ժամանակակից քաղաք, որտեղ հարուստներն էլ ավելի են հարստանում՝ իրենցից և իրենց հարազատներից բացի ոչ մեկի և ոչ մի բանի մասին չհոգալով։ Հայաստանի երկրորդ մասն ամայացած, հետ ընթացող գյուղերն են։

Անկախության ձեռքբերման պահին Հայաստանի ժողովուրդն «այն ժամանակ» լի էր հույսով ու երազանքներով։ Խորհրդային կայսրության փլուզման արդյունքում ձեռք բերվեց ազատությունը, որի մասին ընդամենը մի քանի տարի առաջ ժողովուրդը երազել անգամ չէր համարձակվում։ Բազում դարեր հետո առաջին անգամ երկրի ապագան իսկապես ժողովրդի ձեռքում հայտնվեց։ Բայց Հայաստանը «հիմա» ի ցույց է դնում, որ երկիրն ընդամենը խոսքով է հայտարարել ժողովրդավարության անցնելու մասին, այն մասին, որ այսուհետ ղեկավարվելու է բացառապես օրենքի գերակայությամբ և իրավական նորմերով։ Իրականում այլ կերպ է ստացվել։ Այն բաժանվել է երկու բևեռի՝ մի բռաչափ չափազանց հարուստների և չափից ավելի աղքատների զանգվածի։ Ցավոք, չունևորներին օգնելու հարցը, հատկապես հեռավոր գյուղերում, որտեղ իշխանությունները հազվադեպ են այցելում, ոչ մի տեղ և ոչ մեկի կողմից չի քննարկվում, քար լռություն է։ Այդ մարդիկ հայտնվել են «աչքիցս հեռու, սրտիցս դուրս» վիճակում։

Իմ երազանքն է Հայաստանը տեսնել աղքատության ճիրաններից ազատված ու հարուստ, որին երբեք այլևս ոչ մի բարեգործական օգնություն հարկավոր չի լինի։ Կիրականանա՞ արդյոք իմ այս երազանքը։ Կարծում եմ՝ ոչ, համենայնդեպս, ես դա չեմ տեսնի...

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am