Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պետություն և իրավունք

Պետություն և իրավունք
Սեպտեմբեր 2011, N 9

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մկրտիչ Մուրադյան, Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ

Միքայել Նալբանդյանի անունն ու գործն անջնջելի տառերով դրոշմված են հայոց նորագույն պատմության և մշակույթի տարեգրության մեջ: Նրա գեղարվեստական և հրապարակախոսական երկերը թեև միշտ գրվել են կոնկրետ առիթներով, բայց ասես անընդհատ քայլում են ժամանակի հետ, բացվում են նորանոր կողմերով, բովանդակության նոր խոսքով ու նշանակությամբ:

Ահա թե ինչու մեր ժողովրդի ամեն նոր սերունդ Նալբանդյանին համարել է իր ժամանակակիցը, իմաստուն բարեկամն ու խորհրդատուն, քննել է այն խնդիրը, թե մեծ մտածողն ինչով է կապվում արդիականության հետ, որն է նրա չխամրող հմայքի գաղտնիքը1:

Մ.Նալբանդյանը` իբրև մտածող, գրող և քաղաքացի, արտակարգ երևույթ էր մեր իրականության մեջ:

Զինված լինելով ռուսական և եվրոպական հեղափոխական առաջավոր գաղափարներով` Նալբանդյանը դարձավ դեմոկրատական հեղափոխության դրոշակակիրներից մեկը և ընկավ ժողովրդի ազատության համար մղվող պայքարում:

Մ.Նալբանդյանը հանդիսացել է հայկական սոցիալ-դեմոկրատական շարժման նախագնացը և իր եռանդուն գործունեությամբ ճանապարհ հարթել հայ հասարակական մտքի հետագա առաջընթացի համար2:

Մ.Նալբանդյանը ծնվել է 1829թ. հոկտեմբերի 26-ին, Նոր Նախիջևան քաղաքի հետամնաց թաղամասերից մեկում, պայտար Ղազարի ընտանիքում: Նորածինը տան տասներորդ զավակն էր, հոր չորրորդ ամուսնության պտուղը3:

Նալբանդյանի ընտանիքը պատկանում էր տոհմիկ արհեստավորների շարքին: Դարբնությունը կամ պայտարությունը ժառանգական զբաղմունք էր այդ ընտանիքում: Պայտարության արհեստով զբաղվել էին ուստա Ղազարի նախնիները: Պապենական արհեստի անունով է հենց, որ նրա զավակները կազմում են իրենց ազգանունը` «Տեմիրճյան» կամ «Դարբինյան»: Հոր անունով կամ ազգանունով Միքայելը նախապես կոչվում էր Խազարյան կամ Դարբինյան: Հետագայում, Ղրիմում, ապագա հրապարակախոսը վերցրեց Նալբանդյան ազգանունը:

Հայ հասարակական-քաղաքական միտքը բարձրացնելով ռուս հեղափոխական դեմոկրատների պայծառ համաստեղության` Բելինսկու, Գերցենի, Օգարևի, Չեռնիշևսկու, Դոբրոլյուբովի գաղափարների մակարդակին` Նալբանդյանը հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ նշանավորեց մի ամբողջ դարաշրջան4:

Կարճատև, բայց դեպքերով ու կապերով, հերոսական և ողբերգական դրվագներով, հոգեբանական բարդ անցումներով բացառիկ հարուստ կյանք է ապրել Մ.Նալբանդյանը: Նա մահացավ, երբ դեռ չէր բոլորել 37 տարին, բայց ինչքա~ն շատ բան հասցրեց անել, հասարակական և անձնական ի~նչ բազմապիսի թելեր են կապվում նրա անվան և գործի հետ: Նրա գործունեության շառավիղը, սկիզբ առնելով հայրենի Նոր Նախիջևան քաղաքից, հասնում է մինչև Քիշնև և Ղրիմ, Մոսկվա և Պետերբուրգ, Թիֆլիս և Էջմիածին, մինչև Կ.Պոլիս և հեռավոր Հնդկաստան, Լոնդոն և Փարիզ5:

Կյանքի թելադրանքով նա սկսում է խորանալ ժամանակի հասարակական-քաղաքական մեծ շարժումների մեջ: Հայկական ազգային խնդիրները նրան տանում են ռուսական միջավայր, այնտեղից էլ հասցնում համաշխարհային մեծ հեղափոխականների ասպարեզ: Ուր էլ որ գնում էր Մ.Նալբանդյանը, անմիջապես իր շուրջը ձևավորում էր համախոհների թանձր մթնոլորտ և վաստակում երդվյալ թշնամիներ: Նրա ճանապարհը բնորոշվում է պայքարով և դժվար վերելքով:

Մ.Նալբանդյանի փիլիսոփայական, սոցիոլոգիական, էսթետիկական, հոգեբանական, սոցիալ-տնտեսագիտական, քաղաքագիտական, էթնոքաղաքական և իրավական հայացքները վերջնականապես ձևավորվեցին 19-րդ դարի 60-ական թվականների սկզբին և դարձան հայ հասարակական մտքի բարձրագույն նվաճումը:

Բազմակողմանի կրթված, մտածող, ահռելի հիշողության տեր, բեղմնավոր հասարակական գործիչ, հռչակավոր ազգասեր, գիտուն, ճարտասան, քաղաքական մարտնչող և ժողովրդական հրապարակախոս, ազատության երգիչ, մարդ, որը պատերազմ էր հայտարարել ստորությանն ու խավարին. ահա այսպես է բնութագրվել Նալբանդյանն իր ժամանակակիցների կողմից:

Թեև Մ.Նալբանդյանը պետության և իրավունքի վերաբերյալ աշխատություն չի թողել, բայց նրա պատմափիլիսոփայական ստեղծագործություններում առկա են նման հարցեր:

«Պետությունը ժողովուրդը չէ», գրում է Նալբանդյանը` խոսելով պետության մասին, «պետք է հասկանալ այդ պետության չինովնիկներին և նրա ղեկավարությանը»6:

Դիտարկելով Եվրոպայի բուրժուական և Ասիայի ֆեոդալական երկրների պետությունները` Նալբանդյանը հանգում է այն եզրակացության, որ այդ երկրներում շահագործող դասակարգերը, պետական ապարատի օգնությամբ, բազմությանը պահում են ճնշող վիճակում: Նալբանդյանը գտնում է, որ պետական ապարատը պաշտպանում է հարուստների շահերը, ծառայում նրանց, ովքեր ապրում են ժողովրդի հաշվին, որոնցից հարկադրաբար հավաքելով հարկերը` պահպանում են չինովնիկական ապարատը:

Եվրոպական պետություններում պետական վարչակարգի փոփոխությունների համար բուրժուական գաղափարախոսներն օգտագործում են այն հիմնավորումը, թե պետությունը ժողովրդի շահերի պաշտպանն է: Նալբանդյանը դեմ էր այդ հիմնավորմանը, քանի որ լավ հասկանում էր. եթե պետության ներսում բնակչությունը բաժանվում է հարուստների և աղքատների, ապա այդ պետությունը բռնապետական է: «Թե հարկն է, թող թեկուզ քառասուն անգամ փոխեն վարչաձևը,- գրում է նա,- սակայն եթե հասարակության մի մասը տիրում է հողին, մյուսը մնում է աղքատ, ապա այստեղ բռնություն է տիրում»: Նալբանդյանը պարզ գիտակցել է այն հանգամանքը, որ ֆեոդալական և բուրժուական երկրներում վարչակարգի փոփոխությունները չեն փոփոխում պետության բուն շահագործական էությունը, քանի որ իշխանությունը գտնվում է հարուստ հողագործների, առևտրականների և արդյունաբերողների ձեռքում:

Իր մի շարք գործերում և հատկապես «Հեգելը և նորա ժամանակը»7 աշխատությունում Նալբանդյանը մեծ համակրանքով է խոսում Հեգելի դիալեկտիկայի մասին: Նա փորձեց այն վերամշակելով` որպես ճանաչողության գիտական մեթոդ օգտագործել: Իսկ նրա հակառակորդները, և հատկապես Տերոյենցը, Հեգելի դիալեկտիկան համարելով աթեիզմի հիմնավորում, առաջարկում է հրաժարվել դրանից8:

«Հեգելը և նորա ժամանակը» աշխատությունը գրվել է բանտում, 1863թ. օգոստոսին, և առաջին անգամ տպագրվել «Լումա» ամսագրի 1872թ. տասներորդ համարում: Իր տարբեր բնույթի երկերում Նալբանդյանը հաճախ է շոշափել փիլիսոփայական հարցեր և խոսել փիլիսոփայության դերի մասին, սակայն «Հեգելը և նորա ժամանակը» հեղինակի միակ գործն է, որի նյութն ամբողջապես փիլիսոփայությունն է: Վերոհիշյալ երկում Նալբանդյանը հաճախ է հենվում Չեռնիշևսկու վրա, դրսևորում իր գաղափարական կապը և փիլիսոփայական հայացքների ընդհանրությունը ռուս հանճարեղ մտածողի և հեղափոխական դեմոկրատի հետ` բերելով նրանից ընդարձակ մեջբերումներ:

Բանտում նրա տրամադրության տակ եղել է մասնավորապես «Современники» (1858թ.), ամսագրում տպագրված Ն.Գ. Չեռնիշևսկու «Համայնական հողատիրության հակառակ փիլիսոփայության նախապաշարումների քննադատությունը» նշանավոր հոդվածը, որից Նալբանդյանը կատարել է մեջբերումներ` առանց հեղինակի անունը հիշատակելու:

Անդրադառնալով Հեգելի իդեալիստական հայացքներին` նա արտահայտում է այն միտքը, որ ոչ միայն միապետական, այլ նաև սահմանադրական, հանրապետական պետություններում իշխանությունն ունի մի նպատակ` ապահովել ունևորների իշխանությունը չունևորների նկատմամբ:

Գրականության մեջ ձևավորված այն կարծիքը, թե Նալբանդյանը սահմանադրական միապետության կողմնակիցն էր, չի համապատասխանում իրականությանը:

Նալբանդյանը դեմ էր հանդես գալիս իր ժամանակակից պետական վարչաձևին` այդ ամենը հակաժողովրդական համարելով, քանի որ և՛ գերմանական միապետության, և՛ ֆրանսիական բուրժուական հանրապետության օրոք ժողովուրդը զուրկ էր տնտեսական և քաղաքական իրավունքներից: Մյուս կողմից, մարդու իրավունքը և ազգի իրավունքը չպետք է հակադրել միմյանց: Մ.Նալբանդյանի այս միտքը հատկապես արժեքավոր է ազգերի ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության մասին միջազգային իրավական նորմերի փոխհարաբերության կնճռոտ հարցերի լուծման տեսանկյունից: Այսպես, եթե համամարդկայինը զարգանում է ազգայինի միջոցով, ապա մարդու իրավունքն էլ զարգանում է ազգային իրավունքի զարգացման միջոցով: Կոնկրետ մարդը` որպես տվյալ ազգի ներկայացուցիչ, միաժամանակ և՛ ազգի, և՛ մարդու իրավունքների կրողն է, հետևաբար` ազգի իրավունքի և մարդու իրավունքի հակադրումն անիմաստ է, քանզի դրանք մեկը մյուսին պայմանավորող ու զարգացնող կողմերն են: Եվ քանի որ համամարդկայինի զարգացումը տեղի է ունենում ազգերի զարգացման միջոցով (և ոչ թե հակառակը), ուստի ազգի ինքնորոշման իրավունքն առանձին է, գերակա, որովհետև կոնկրետ մարդն ավելին է, քան վերացական մարդը:

Շարունակելով իր պատկերացումները պետական համակարգի զարգացման վերաբերյալ` նա չէր կասկածում, որ կգա օրը և Անգլիայի պետական համակարգը կփլուզվի, նույնը կկատարվի Ֆրանսիայի Հանրապետության հետ:

Արևմտյան Եվրոպայի քաղաքական ձևակերպումներում Նալբանդյանը դրանք չէր դիտարկում որպես քաղաքական վերջին փուլ, հակառակը` նա հասկանում էր, որ շահագործողական պետությունների փլուզումից հետո ժողովրդի շահերը ներկայացնող նոր տիպի պետություններ կստեղծվեն:

Նալբանդյանը գրել է, որ դարերի ընթացքում Եվրոպան փոխել և շարունակում է փոփոխել պետական վարչաձևերը, սակայն մինչև այսօր իր նպատակին չի հասել: Նպատակը պետության ոչնչացումը չէ, այլ նոր ազգային վարչական ապարատի ստեղծումը և նրա միջոցով` տնտեսական հարցերի լուծումը:

«Այս հարցը վաղ թե ուշ լուծվելու է,- նշում է նա,- թեկուզ ահավոր փոթորիկներ լինեն9: Մ.Նալբանդյանի` պետության մասին գաղափարները սերտորեն կապված են ժողովրդի ազատության հետ: «Պետք է իմանալ, որ պետության շահերը ոչ մի առնչություն չունեն ժողովրդի շահերի հետ, այնքան ժամանակ, քանի դեռ համակարգը այդպիսին է, ինչպիսին այսօր է»,- գրել է նա10: Հեղինակի կարծիքով` պետության բոլոր ձևերը պետք է ոչնչացվեն և ստեղծվեն նորերը:

Մ.Նալբանդյանի և անարխիզմի գաղափարախոսության «հայր» Բակունինի մտերիմ հարաբերությունները չպետք է առիթ հանդիսանան կարծելու, թե Նալբանդյանը գտնվում էր նրա անարխիստական գաղափարների ազդեցության տակ: Անձամբ Բակունինը հարազատներին խոստովանել է, որ Նալբանդյանն իր քաղաքական հայացքները չի կիսում: «Նա,- գրել է Բակունինը,- քաղաքական ոչ մի համաձայնություն չունի ինձ հետ»: Նմանօրինակ միտք Բակունինն արտահայտել է Տուրգենևին ուղղված նամակում` ասելով, որ Նալբանդյանը պատկանում է հակառակորդ բանակին11:

Հասկանալով, որ պետությունը ոչ թե հավերժ, այլ պատմական կատեգորիա է, Նալբանդյանը հարց է դնում պետական համակարգը վերացնելու մասին: Նա հասկանում էր, որ նման պետականության վերացման համար բոլոր պայմանները կստեղծվեն ուշ ապագայում, այլ ոչ թե գյուղական հեղափոխության հաղթանակից հետո: «Այո, եթե հավասարությունը ամբողջ երկիր մոլորակի վրա տարածված լինի, եթե վերանան այժմ գոյություն ունեցող բոլոր պետական համակարգերը,- գրում է նա,- ապա վաղը ոչ միայն չեն լինի ազգային հարցերը, այլև դրա անհրաժեշտությունը չի լինի: Բայց հարցն այն է, որ այդ ամենի համար ժամանակ է հարկավոր»12:

Նալբանդյանի իրավաքաղաքական հայացքներում կարևոր տեղ են զբաղեցնում արտաքին քաղաքականության մասին, գաղութային տերություններին մերկացնող մտքերը և տարբեր բնույթի ազգային վերլուծությունները: Նա գտնում էր, որ զավթիչների քաղաքականությունը, ազգերի ստրկացումը և թալանումը շահագործող պետությունների հիմնական արտաքին գործընթացն են կազմում, ինչն անխզելիորեն կապված է այդ պետությունների ներքին քաղաքականության հետ: Նալբանդյանի խոսքերով` «Անգլիան և այլ տերություններ զավթել և իրենց ձեռքում են պահում շատ երկրներ` նրանց թալանելու, թանկարժեք հումքը դուրս հանելու նպատակով: Պետության և ազգերի զավթիչները քողարկվում են կեղծ փաստարկով` այս ամենը չենք կարող արդարացնել: Ինչ փաստ է դա: Այն կայանում է նրանում, որ ուժեղ պետությունները զավթում են օտար երկրները, ստրկացնում են օտար ազգերին միայն մեկ նպատակով` նրանց «քաղաքակրթելու» նպատակով»13:

Հայ հեղափոխական դեմոկրատը գրել է, որ ճնշված ազգերը ձգտում են տապալել օտարերկրյա լուծը: Արդար և օրինական որոշում է, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու: Դիմելով ստրկացնող տերություններին` Նալբանդյանը նշել է, որ «եթե հավասարության կանոնները գոյություն ունեն և պետությունների միջև իրավունքները գործում են, նշանակում է այս ամենը պետք է գոյություն ունենա նաև ստրկացված ազգերի համար: «Դու ցանկանում ես պահպանել հավասարությունը հանուն իրավունքի, բայց ինչո՞ւ «ես» քեզ այդքան օտար եմ և քեզ հետ ոչ մի առնչություն չունեմ, իմ կամքից հակառակ, բռնի ուժով ինձ քո կշեռքի նժարին ես դնում: Ուրիշ պետությունների հետ դու խոսում ես իրավունքի անունից, իսկ իմ հանդեպ ոտնահարում այդ իրավունքները և մշակում դաժան անարդարություն»14:

Հետագայում Նալբանդյանը նշում է, որ ինչքան էլ տարածքներ գրավվեն, միևնույն է, հասարակ ժողովուրդը ոչ մի շահույթ չի հետապնդում: «Ազգերը, որոնք մի ամբողջ երկիր մոլորակ են ցնցում, նույնպես իրենց պետությունների ստրուկներն են»,- նշում էր Նալբանդյանը15:

Նալբանդյանի էթնոքաղաքական հայացքների վրա մեծ է եղել հատկապես Բելինսկու ազդեցությունը: «Ազգը պետք է ունենա ազգություն, և այնտեղ, ուր չքանում է ազգությունը, բարոյապես և նյութապես չքանում է և ինքը` ազգը», անէանում է նրա կենդանի օրգանիզմը կարգավորող այն «զորությունը», որին մասնակից են «և՛ հոգին, և՛ ճարտարապետական արարչողությունը, և՛ մարդկային բնությունը, և՛ մինչև անգամ տեղի աշխարհի բնությունը»16:

«Ազգ» և «ազգություն» (ձև և բովանդակություն) հասկացությունները դիտարկվում են վերացական, առանց էթնիկ սուբստանցի (էության)` հայի և հայության:

Ազգն անհնար է պատկերացնել առանց ազգության, հավաքական անձնավորության: Առանց ազգության մարդկությունը վերացական, մեռած երևույթ է17:

Նալբանդյանն անթույլատրելի է համարում ազգի հավաքականությունը տրոհող դավանաբանական պայքարը: Հայերը, թե՛ լուսավորական, թե՛ կաթոլիկ, թե՛ ուղղափառ, միշտ արյունակից եղբայրներ են, մի ազգի ժառանգներ:

Իր հրապարակախոսական գործունեության սկզբում Նալբանդյանը գտնվում էր 18-րդ դարի արևմտաեվրոպական լուսավորիչների իդեալական հայացքների ազդեցության տակ:

Նա կարևորում է հայրենապահպանության գաղափարը, հատկապես հայրենիքի համար ծանր պահերին: Հայ ժողովրդի դառն անցյալը վկայում է, որ հայրենիքի կործանման գլխավոր պատճառը զանգվածային արտագաղթն է: «Ազգը պետք է հրաժարվի պանդխտությունից»,- հորդորում է Նալբանդյան բանաստեղծը:

Անդրադառնալով իրավունքի ծագմանը` Նալբանդյանն այն կապում է բնականոն իրավունքի հետ և սկզբնաղբյուրն է համարում հենց բնականոն օրենքները` հաստատելով, որ մարդկային կամ քաղաքացիական օրենքները ստեղծվել են բնականոն օրենքների հետ համատեղ:

Բնական իրավունքի հայեցակարգը` որպես գաղափարների, հայացքների կուռ համակարգ, ձևավորվել է նոր ժամանակաշրջանում (17-18-րդ դարերում), սակայն նրա ակունքները գտնվում են մարդկության պատմության հնագույն ժամանակներում: Հնագույն ժամանակաշրջանի մարդկանց պատկերացումների համաձայն` երկրային կարգերը (պետությունը, պետական իշխանությունը, համապարտադիր կանոնները և պատվիրանները, թույլտվություններն ու արգելքները և այլն) ծագել են ինչ-որ վերմարդկային (աստվածային) աղբյուրից ու հեղինակությունից և արդարության որոշակի աստվածային (բնական աստվածային, բնական) կարգի երկրային մարմնավորումն են18:

Բնական իրավունքի հայեցակարգի համակողմանի հետազոտությունն ունի ոչ միայն տեսական-ճանաչողական նշանակություն, այլև հսկայական գործնական-կիրառական հնչեղություն` կապված մարդու անօտարելի իրավունքների և ազատությունների պաշտոնական ճանաչման ու պոզիտիվ իրավունքում (գործող օրենսդրությունում) դրանց իրավաբանական ամրագրման հետ: Բավական է նշել այն հանգամանքը, որ մարդու իրավունքների ազգային և միջազգային հանրաճանաչ փաստաթղթերի հիմքում ընկած է բնական իրավունքի հայեցակարգը19: (Ուրիշ հարց է դրանց կիրառումը):

Բնական իրավունքի գաղափարները որոշակի զարգացում ստացան նաև միջնադարում, որտեղ հիմնական գաղափարախոսությունն աստվածաբանությունն էր:

Միջնադարի իրավաքաղաքական ուսմունքներում բնական-իրավական գաղափարները հիմնականում արծարծվել են միջնադարյան իրավաբաններ Թովմա Աքվինացու (1225-1274թթ.) և Մխիթար Գոշի (1130-1213թթ.) ստեղծագործություններում: Մահից հետո Թովմա Աքվինացուն շնորհվել է «Հրեշտակային դոկտոր» տիտղոսը, իսկ արդեն 1323-ից նա դասվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը: Աքվինացու բազմաթիվ ստեղծագործությունների մեջ զգալի տեղ են գրավում պետությանը, պետական իշխանությանը և բնական իրավունքին վերաբերող հարցերը20: Բայց դրանով հանդերձ այն ամենը, ինչ նա ասել է պետության ու քաղաքականության վերաբերյալ, մինչև այսօր էլ մնում է պատմական ծանրակշիռ վկայություն, և պետականագիտական ամեն կարգի դասընթացներում Աքվինացին հանգուցային տեղերից մեկն է գրավում21:

Մ.Գոշը հայկական վերածննդի ամենափայլուն դեմքերից մեկն էր, 12-րդ դարի գրական հսկան, իսկ նրա «Հայոց դատաստանագիրքը» այդ ժամանակաշրջանի հայ մտավոր մշակույթի գանձարանի ամենաբովանդակալից ստեղծագործությունն է22։ Միջնադարյան հայ մեծանուն օրենսդիր և օրենսգետ Մ.Գոշը ոչ միայն բնական իրավունքի գաղափարների կողմնակիցն էր, այլև բնական իրավունքով հիմնավորում էր մարդկանց հավասարությունն օրենքի և դատարանի առաջ23:

Բնական իրավունքի հայեցակարգը` որպես ինքնատիպ և ուրույն տեսություն, ձևավորվել է նոր ժամանակաշրջանի այնպիսի մտածողների աշխատություններում, ինչպիսիք են Հ.Գրոցիոսը, Բ.Սպինոզան, Ֆ.Բեկոնը, Ջ.Լոկը, Շ.Լ. Մոնտեսքյոն, Ժան-Ժակ Ռուսոն, Թ.Ջեֆերսոնը, Ի.Կանտը, Հեգելը, Շ.Շահամիրյանը, Մ.Նալբանդյանը և այլք:

«Բնական իրավունքը,- գրել է Նալբանդյանը,- հզոր իրավունք է, որը գերազանցում է բոլոր մարդկային օրենքները, արդեն աշխարհին հասկանալ է տվել այն, որ բոլոր մարդիկ աստծո ձեռքով հավասար են: Մարդկային օրենքները ստեղծվել են սոցիալական և ընտանեկան կյանքի սրբությունը պահպանելու համար»24: Եղել են ժամանակներ, երբ հասարակության բնական իրավիճակ է գոյություն ունեցել, որտեղ հավասարություն և ազատ շփվելու հարաբերություններ են տիրել մարդկանց միջև, իսկ քաղաքական անհավատության իրավիճակը մարդկանց դժբախտության աղբյուրն է:

«Մարդկային տառապանքները, դարերի փորձը, որը հազարամյակների ընթացքում կուտակվել է,- նշում է Նալբանդյանը,- մեզ մի պարզ ճշմարտության է հանգեցնում, որ ստրկությունը ծնում է անբարոյականություն, ինչն էլ իր հերթին դաժան հանցանքներ է ծնում: Պատմությունը փաստում է, որ ապստամբությունները, խռովությունները, սպանությունները, թալանը և այլ դաժան երևույթներ ծնվել են բռնակալությունից: Բռնակալության ոգին, ինչը ստրկության պաշտպանն է, չցանկանալով ընդունել մարդկային հավասարությունը, անօրինական կերպով առաջինն է մերկացնում իր թուրը, բոլոր խեղճ ու անօգնական մարդու ունեցվածքի և իրավունքի առջև»25: Նալբանդյանը շարունակում է այն միտքը, որ ազատությունը ինչպես մարդկության, այնպես էլ հավասարապես յուրաքանչյուր անհատի սեփականությունն է:

«Սոս և Վարդիթեր» քննադատական աշխատությունում ևս Նալբանդյանն անդրադառնում է իրավունքի ծագման հարցին: Սովորույթները ծագել և գոյություն են ունեցել մինչև թագավորությունների կազմավորումը և փոխանցվել են, սերնդեսերունդ26:

Իրավունքի պատմությունից հայտնի է, որ իրավունքի ամենասկզբնական և ամենահին աղբյուրը եղել է սովորույթը, իսկ սրա գործող հետևանքը` սովորութային իրավունքը27: Սովորույթը, մեկ անգամ մշակվելով և որոշ բովանդակություն ստանալով, այնուհետև անցնում է սերնդից սերունդ և կյանքում դառնում պարտադիր: Պատմականորեն սովորութային իրավունքը նախորդել է իրավունքի մյուս աղբյուրներին: Սովորութային իրավունքը հին և միջին դարերի իրավական համակարգերի ամենագլխավոր աղբյուրն է եղել28:

Ուսումնասիրելով հայկական իրականությունը, այն էլ` հայ հարուստների և աղքատների հարաբերությունները` Նալբանդյանը տեսնում է նրանց թշնամական վերաբերմունքը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Աղքատները զուրկ են իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից, նրանք համոզված են, որ այդ իրավունքը «պատկանում է միայն հարուստներին», այսինքն` նրանց, ովքեր շատ գումար ունեն29:

Նալբանդյանը գիտակցում էր, որ հասարակությունը երկար ժամանակ առանց օրենքների գոյություն ունենալ չի կարող: Նա այն օրենքներն ու իրավունքը նկատի ուներ, որոնք մեծ խթան կհանդիսանան ազգի զարգացման գործում: Նալբանդյանը պայքարում էր, որպեսզի ստեղծվեն ժողովրդի շահերը ներկայացնող նոր օրենքներ, որոնք կծառայեն նրան: Նա հասկանում էր, որ այն երկրում, որտեղ ապրում էր, հարուստները միանգամից չեն հանձնվի և եղբայրական դաշինք չեն կնքի, հասարակ ժողովրդի իրավունքներն ու ազատությունը հետ չեն վերադարձնի: Պետք է պայքարով ձեռք բերել երազած ազատությունը: Հայ հեղափոխական-դեմոկրատն ասել է. «Այդ նպատակին հասնելու համար կպայքարենք մինչև վերջ, բանտն ու աքսորը մեզ չեն կանգնեցնի, եթե պետք լինի, մեր արյամբ ու զենքով հետ կբերենք մեզ համար այդքան թանկ ազատությունը30:

Բարոյականության հետ կապված հարցերը Նալբանդյանը շոշափում էր պետության և իրավունքի էության միասնության մեջ: Այս խնդրին նա անդրադարձել է «Մխիթար Սեբաստացին և Մխիթարյանները», «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Հեգելը և նորա ժամանակը» աշխատություններում և «Սոս և Վարդիթեր» քննադատության մեջ:

Բարոյականությունը` որպես հասարակության գիտակցության ձևաչափ, կապված է մարդկանց պատմասոցիալական առօրյայի հետ: Շահագործող հասարակությունում չի կարող ձևավորվել և գոյատևել համամարդկային բարոյականությունը, քանի որ ունևորների և աղքատների միջև հակացուցված կարծիքներ են ձևավորվում դասակարգերի ճնշման, մարդկանց անհավասար դիրքորոշման, ազատության և այլ երևույթների մասին: Հասարակությունը ոչ թե միանգամից, այլ ընթացքում է ընկալում տիրող անարդար կարգերը: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ բարոյականության հասկացողությունը միայն մարդուն է հատուկ: «Բնության համար բարոյականության ոչ մի հարց չկա, իսկ մարդու համար իր կամքի արդյունքն է, որ կարող է լինել չար և բարի, կարող է մեծարել և խորտակել մարդուն»31,- նշում է Նալբանդյանը:

Եվրոպայի և Ասիայի պետություններում հակաժողովրդական բարոյականության էությունը հայ հեղափոխական դեմոկրատը տեսնում է ոչ միայն սեփական, այլև նրանց կողմից զավթված և կեղեքված ազգերի հանդեպ: «Ստրկությունը յուրաքանչյուր անբարոյականության հիմքն է»32,- նշում է Նալբանդյանը:

Ըստ Նալբանդյանի` անհատի բարոյականությունը ձևավորվել է հասարակության ընդհանուր բարոյականությունից: Նա երազում էր վերացնել անհատի բարոյականությունը և ստեղծել համամարդկային ընդհանուր բարոյականություն:

«Կյանքի բարոյական հաղթանակը պատկանում է ոչ թե անհատին, այլ ազգին,- գրել է Նալբանդյանը,- և յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ազգ ինքնուրույն է հասնում դրան»33:

Նալբանդյանը, լինելով ազգի ազատագրության քարոզիչ, քաջ գիտակցում էր, որ բարոյականության, հավասարության, ազատության և նման այլ խնդիրների լուծումը կհանգեցնի բազմաթիվ ուղղություններով խռովությունների:

Ինչ վերաբերում է նրա քաղաքագիտական հայացքներին, պետք է նշել, որ նա առաջին հայ քաղաքագետն էր, որ զարգացնելով իր նախորդների ազգային ավանդույթները և յուրացնելով ռուսական և համաշխարհային քաղաքագիտական ու հանրային մտքի նվաճումները, մշակեց հայ քաղաքագիտական մտքի տեսական դրույթներն ու մեթոդական սկզբունքները:

Նալբանդյանը պայքարում էր երկու ճակատով` արտաքին ու ներքին թշնամիների դեմ: Հայ ժողովրդի ազատագրությունը կապելով նրա սոցիալական ազատագրության հետ` նա առաջադրում և լուծում է մարդու ազատագրության, ազգի ու ազգային ազատագրության, ազգային թերարժեքության վերացման, ազգային համախմբման և հայ քաղաքագիտական մտքի պատմության համար կարևոր այլ հիմնահարցեր34:

Ազգային, սոցիալական և անձնական ազատության հասնելու համար ուղենշում է երկու ճանապարհ` պայքարի և կրթության, զենքի և լուսավորության, որով նա դառնում է իր ստրկացած ազգի ազատագրության պայքարի զորավարն ու մեծ լուսավորիչը:

Մ.Նալբանդյանը համարվում է հայ դեմոկրատական, իրավաքաղաքական գաղափարների հիմնադիրը` դառնալով իրավաքաղաքական տեսության լայն տարածողը հայկական իրականության մեջ:35

Մ.Նալբանդյանի ազատասիրական ու հայրենասիրական գաղափարներով դաստիարակվեց հայրենասեր գործիչների մի քանի սերունդ:

 

1Էդ. Ջրբաշյան, Մ.Նալբանդյանը և արդիականությունը, Եր., 1984, էջ 9:

2Վ.Աղուզումցյան, Մ.Նալբանդյանի սոցիալ-տնտեսագիտական հայացքները, Եր., 1955, էջ 4:

3Ա.Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1, Եր., 1955, էջ 17:

4Ա.Ինճիկյան, Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Եր., 1980, էջ 9:

5Էդ. Ջրբաշյան, նշվ. աշխ., էջ 8:

6М. Налбандян. Избранные философские и общественно-политические сочинения, М., 1954. с.442.

7Մ.Նալբանդյան, ԵԼԺ, Հեգելը և նորա ժամանակը, Եր., 1954, էջ 552-576:

8Հ.Գաբրիելյան, Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, Եր.,, 1959, էջ 341:

9М. Налбандян, Избранные философские… с. 435.

10Նույն տեղում, էջ 395:

11Մ.Նալբանդյան, ԵԼԺ, հ. 3, Եր., 1941, էջ 437:

12М. Налбандян, Избранные философские… с. 435:

13Նույն տեղում էջ 442.

14Նույն տեղում, էջ 445:

15Նույն տեղում, էջ 441:

16Մ.Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 3, Եր., 1982թ., էջ 168:

17Վ.Հախվերդյան, Մ.Նալբանդյանի էթնոքաղաքական հայացնքները, ԳՊՄ, Հանրապետական գիտական նստաշրջանի նյութեր, Եր., 2009, էջ 127:

18Нерсесянц В. С. Философия права, Учебник для вузов, М., 1997, с. 399-402:

19Мюллерсон Р.А., Права человека, идеи, нормы, реальность, М., 1991.

20Դ.Բաղդասարյան, Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն, Եր., 2006, էջ 49:

21Լ.Մկրտչյան, Պետության ըմբռնումը դարերի երկայնքով, Եր., 1994, էջ 75:

22Ա.Սուքիասյան, Մխիթար Գոշը և «Հայոց դատաստանագիրքը», Եր., 1965, էջ 16:

23Գ.Սաֆարյան, Մ.Գոշի իրավաքաղաքական հայացքները, Պատմա-բանասիրական հանդես, Եր.,1988, թիվ 35-47:

24М. Налбандян, Избранные философские… с. 356.

25Նույն տեղում, էջ 117:

26Նույն տեղում, էջ 526:

27Графский В. Г., Всеобщая теория права и государства, М. 2000, с. 36-41.

28История государства и права зарубежных стран, М., 1996, с. 18.

29М. Налбандян, Избранные философские… с. 211.

30Նույն տեղում, էջ 371:

31Նույն տեղում, էջ 452:

32Նույն տեղում, էջ 170:

33Նույն տեղում, էջ 152:

34Հ.Մանուչարյան, Դրվագներ հայ քաղաքագիտական մտքի պատմության, Եր., 2002, էջ 182:

35Հ.Հովսեփյան, Հեղափոխական դեմոկրատ Մ.Նալբանդյանի պետական-իրավական հայացքները, Պատմա-բանասիրական հանդես, 1980, թիվ 2, էջ 87-97:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am