Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Սեպտեմբեր 2011, N 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշխունջ Պողոսյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության ներկայիս ժողովրդագրական պատկերը ծայրահեղ աննպաստ իրավիճակ է ներկայացնում. բնակչության մոտ կեսը կենտրոնացված է միայն մայրաքաղաքում, իսկ սահմանամերձ ու ծայրամասային տարածքների բնակավայրերը կիսադատարկ են: Այս թեմայով խոսակցություններն ու ծրագրերը քիչ չեն, սակայն չկա տեսանելի որևէ արդյունք:

Մինչդեռ հանրահայտ ճշմարտություն է, որ մարդկային ռեսուրսների պահպանման ու մեծացման, դրա հավասարաչափ բաշխման առկայությամբ է ապահովվում պետության անվտանգությունը, ուստի կառավարող մարմինների ուշադրության կենտրոնում և մանավանդ նպատակային ու հետևողական պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ծայրամասային ու սահմանամերձ տարածքների ժողովրդագրական պատկերի բարելավմանն ուղղված ծրագրերն ու դրանց իրականացման ժամանակացույցերը:

Ծայրամասային տարածաշրջանների տնտեսական ու մշակութային զարգացումը, հաղորդակցության ուղիների ցանցի կառուցումը, հանգստի ու ժամանցի արդիական վայրերի կազմակերպումն ու, առաջին հերթին` բնակչության համար բազմահազար ու մշտական աշխատատեղերի ապահովումն ինքնին նշանակում են երկրում իրականացնել տնտեսական ու մշակութային հեղաշրջում, տնտեսական ու կենցաղամշակութային հավասար պայմանների ստեղծում կենտրոնի ու ծայրամասի բնակչության համար:

Նման պայմանների ապահովման դեպքում, անտարակույս, հնարավոր կլինի շեշտակիորեն բեռնաթափել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ու Արարատյան դաշտավայրը և արդյունքում ունենալ ժողովրդագրական նպաստավոր իրավիճակ և դրանով իսկ շեշտակիորեն բարձրացնել պետության անվտանգության մակարդակը:

Ռազմավարական առանցքային կարևորություն ունեցող այս խնդրի լուծման հարցում, ի շարս այլ միջոցառումների, էական դեր կարող են ունենալ մշակութային ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը: Մասնավորապես, նկատի ունենք ժողովրդական կիրառական-գեղազարդման արվեստին վերաբերող ծրագրերը, որոնց իրականացումը հազարավոր ընտանիքների համար կդառնար մշտական աշխատանքի աղբյուր: Այս հարցում ուղղակի կա ծայրամասային շրջաններում նախնական հետազոտություններ կատարելու անհրաժեշտություն, որով կարելի է բացահայտել տվյալ տարածքում այս կամ այն զբաղմունքին անհրաժեշտ մարդկային և հումքային ռեսուրսների հնարավորությունները: Առանձնապես շատ բանի կարիք չկա էլ. Հայաստանի մի շարք թանգարանների, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից վերջին տասնամյակներում հավաքված դաշտային ազգագրական նյութերը կարող են օգտակար լինել այդ հարցադրումների վերաբերյալ պատկերացում կազմելու հարցում:

Հայտնի է, որ հայոց պատմության ընթացքում պատմական Հայաստանի պատմաազգագրական տարածաշրջաններում ձևավորվել և յուրահատուկ տեխնիկատեխնոլոգիական ու գեղազարդման ազգային առանձնահատկություններով արմատավորվել և զարգացել են գործունեության մի շարք ոլորտներ, որոնք թեև 20-րդ դարի կեսերից կորցրել էին երբեմնի ծավալներն ու տնտեսական նշանակությունը, սակայն պատշաճ ուշադրության ու տնտեսական շահավետության ապահովման դեպքում հնարավոր է դրանց վերակենդանացումն ու զարգացումը նաև արդի պայմաններում:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է ժողովրդական կիրառական-գեղազարդման արվեստի մի շարք տեսակների` գորգագործությանը, խեցեգործությանը, ոսկերչությանը, ասեղնագործությանը, փայտի գեղարվեստական փորագրմանն ու պղնձագործությանը: Սրանց կարելի է ավելացնել նաև դարբնությունը, որը մեր ժամանակներում ստացել է զուտ կիրառական գեղազարդման նշանակություն: Այս արհեստներից յուրաքանչյուրն այս կամ այն չափով բնորոշ է եղել պատմական Հայաստանի բոլոր պատմաազգագրական շրջաններին, որոշները, օրինակ` ոսկերչությունն ու պղնձագործությունը, զարգացած են եղել քաղաքներում, սակայն, անկախ այդ ամենից, այսօր էլ դրանց ավանդույթները կան, և ցանկության դեպքում հնարավոր է դրանք վերակենդանացնել համապատասխան տարածաշրջաններում:

Ընդ որում, նման ծրագրերի արդիականությունն ընդգծվում է հատկապես երկրի տնտեսության ու մշակույթի զարգացման հարցում միջազգային տուրիզմի կարևորման ֆոնին: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական և մշակութային զարգացման հարցում կարևորված է Հայաստանը միջազգային տուրիզմի տարածաշրջան դարձնելու գաղափարը: Մինչդեռ հենց այդ հիմնախնդիրների իրականացման հարցում էլ խոչընդոտ է ժողովրդագրական անբարենպաստ նկարագրի առկայությունը:

Ժողովրդական կիրառական-գեղազարդման արվեստի վերոհիշյալ տեսակների` գորգագործության, խեցեգործության, ոսկերչության, ասեղնագործության, փայտի գեղարվեստական փորագրման ու պղնձագործության զարգացման ծրագրերի իրականացման դեպքում հնարավոր ենք համարում.

1. Հայաստանի գյուղական շրջաններում և մի շարք քաղաքներում ստեղծել կայուն վարձատրվող լրացուցիչ տասնյակ հազարավոր աշխատատեղեր ու դրանով նպաստել Հայաստանի ժողովրդագրական պատկերի բարելավման գործին, կանխել ծայրամասային տարածաշրջաններից կատարվող բնակչության արտահոսքը:

2. Մոռացությունից փրկել և զարգացման հերթական ուղուն հասցնել հայոց ավանդական մշակույթի նշված ոլորտները:

3. Հայաստանի ներքին շուկան ապահովել կենցաղային նշանակության և գեղարվեստական պատշաճ մակարդակ ունեցող կավե ու պղնձե սպասքի ավանդական տեսակներով, գեղազարդման ու կենցաղային նշանակության գործվածքեղենով:

4. Ապահովել հուշանվերային բազմապիսի առարկաների արտադրություն, որոնք կայուն պահանջարկ ունեն Հայաստան այցելող տուրիստների շրջանում:

5. Նպաստել Հայաստանի Հանրապետությունում միջազգային տուրիզմի զարգացմանը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերի մշակութային զարգացման և ժողովրդագրական պատկերի բարելավմանն ուղղված ծրագրում ենթադրում ենք երկու հիմնական համալիր գործընթացներ։

 

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

«Գորգագործական մշակույթ»

Ավանդական զբաղմունք է, մեր ժամանակներում էլ դեռևս ապահովված է անհրաժեշտ քանակի աշխատանքային ռեսուրսներով, հատկապես` Լոռի-Գուգարքում, Սևանի ավազանում, Տավուշում, Զանգեզուրում, Արցախում:

Ավանդական արհեստների կամ զբաղմունքների թվում այս ոլորտի նշանակությունն առանձնահատուկ է: Ի տարբերություն մյուս զբաղմունքների, գորգագործությամբ կարող են անմիջականորեն զբաղվել հազարավոր գորգագործներ։ Բացի այդ, այն իր տեխնիկատեխնոլոգիական պահանջների բավարարման համար նպաստելու է օժանդակ մի շարք տնտեսաձևերի` ներկանյութերի, տեսակավոր բրդի ստացման ու դրա մշակման և այլնի զարգացման համար: Այդքանով հանդերձ, այն բնորոշվում է մի շարք կարևոր հատկանիշներով.

* իրականացվում է համեմատաբար պարզ տեխնիկական միջոցներով և տեղական աշխատուժով,

* արտադրանքը համաշխարհային շուկայում ունի մշտամնա պահաջարկ,

* չեն պահանջվում բարդ և թանկարժեք տեխնիկական միջոցներ, սարքավորումներ ու արտադրական հատուկ տարածքներ, և աշխատանքային գործընթացը կարելի է մեծ մասամբ իրականացնել տնայնագործության սկզբունքով,

* ապահովված է բարձրորակ տեղական բրդի պաշարներով, մասնավորապես գորգագործության համար հարմար «Բալբաս» ու «Ղարաբաղ» ցեղի ոչխարի բրդով,

* վերը հիշատակված գորգագործական կենտրոններում դեռևս կան գորգագործության ավանդական տեխնիկային ու տեխնոլոգիաներին տեղյակ գորգագործներ,

* ենթադրում է գորգագործության համար պիտանի տեղական բրդի սպառման կայուն շուկայի, ինչպես նաև ոչխարաբուծության նպատակային զարգացման համար հնարավորությունների ստեղծում:

Ինչպես ասվեց, այս ոլորտի վերածնունդն ու զարգացումն ազդակ կլինեն բուսական ու բնական այլ միջոցներից ներկանյութեր և ներկեր ստանալու գործընթացների կազմակերպման համար: Իսկ այդ ամենը լրացուցիչ աշխատատեղեր են:

Գորգագործության զարգացման հարցում, բացի սովորական արտադրանքից` քիմիական դիմացկուն ներկերով ներկված, բամբակե հենքով արտադրանքից, նկատելի տեղ պետք է ունենան ավանդական տեխնոլոգիաներով գործված` բրդե հենքով ու բնական ներկանյութերով ներկված թելերով գործված գորգերը: Բոլոր դեպքերում այս ոլորտը պետք է լինի պետության հոգածության ներքո, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, այն կարող է շահութաբեր լինել միայն գործընթացների զարգացման հետագա շրջաններում` համապատասխան շուկայի ու պահանջարկի ապահովման ընթացքում: Այս պարագայում առաջին հերթին պետք է ուշադրության կենտրոնում լինի պետական շահը, իսկ դա հանրապետության ծայրամասերի բնակեցումն ու երկրի անվտանգության ապահովումն է:

 

«Խեցեգործական մշակույթ»

Սա համեմատաբար նեղ ոլորտ է, հնարավոր է իրականացնել հումքային պաշարներ ունեցող խեցեգործական ավանդույթներով հայտնի բնակավայրերում, որոնց թվում են Շահումյան գյուղը` Այրարատի մարզում, Ննգին` Արցախում, Մալիշկան ու Վերնաշենը` Վայքում, Գեղարոտն ու Գյուլագարակը` Լոռիում, Տանձատափը, Անգեղակոթը, Խնձորեսկը, Վերի շենը, Շաղատը, Արծվանիկը` Սյունիքում և այլն:

 

«Փայտի գեղարվեստական մշակում»

Ենթադրում ենք Հայաստանի անտառաշատ վայրերում` Լոռիում, Տավուշում, Արցախում, վերականգնել կենցաղում և տուրիզմի համակարգում բավական պահանջարկ վայելող փայտե սպասքեղենի և զարդերի պատրաստումը:

 

«Գեղարվեստական մետաղագործություն»

ա) Արծաթագործություն:- Ենթադրում ենք այս ոլորտի վերածնունդ Շուշի, Գյումրի, Գորիս և Գավառ քաղաքներում, որոնցից առաջին երկուսը 19-րդ դ. վերջերին ու 20-րդ դարի առաջին տասնամյակներին ունեին ոսկերչության կենտրոնների համարում:

բ) Պղնձագործություն:- Այս ոլորտի կենտրոնն Արևելյան Հայաստանում Գյումրին էր, ուր մեր ժամանակներում էլ պահպանվել են այս արհեստի ավանդույթները:

գ) Գեղարվեստական դարբնություն:- Համատարած արհեստ էր պատմական Հայաստանում: Ենթադրում ենք դարբնության արհեստանոցների հիմնում Աշտարակ, Բերդ, Իջևան, Գորիս, Գավառ, Շուշի քաղաքներում:

Ընդհանուր առմամբ, այս բոլոր ուղղություններն էլ որակյալ մասնագետներով ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել կամ, ավելի ճիշտ, վերականգնել նախկինում գոյություն ունեցած ուսումնական հաստատությունները:

 

Կատարողները

Բնականաբար, առաջարկված ծրագրերի համակարգումը պետք է իրականացնի ՀՀ մշակույթի նախարարությունը, որտեղ այս նպատակով անհրաժեշտ կլինի ստեղծել հատուկ մասնագիտացված մարմին: Անմիջական իրականացման հարցում կարևոր դերակատարում պետք է տրվի հայոց ավանդական տնտեսական մշակույթի ուսումնասիրմամբ զբաղվող հաստատություններին, մասնավորապես` Հայաստանի պատմության պետական, Հայաստանի ազգագրության պետական ու Հայաստանի ժողովրդական արվեստի, ինչպես նաև Փայտարվեստի թանգարաններին, որոնցում կան բազմամյա փորձ ունեցող համապատասխան մասնագետներ:

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մարզերի մշակութային զարգացման և ժողովրդագրական պատկերի բարելավմանն ուղղված երկրորդ կարևոր քայլը մշակութային կենտրոնների հարցն է:

Ծայրամասային շրջանների ժողովրդագրական նկարագրի բարելավման և կայունացման համար հաղորդակցության ուղիների ցանցի կառուցման, հանգստի և ժամանցի արդիական վայրերի կազմակերպման ու բնակչության համար մշտական աշխատատեղերի ապահովման հիմնահարցերից բացի, կարևոր ենք համարում հանրույթի գիտակցության մեջ ազգային մշակույթի ու, առհասարակ, հայրենիքի հանդեպ սեր ու հարգանք սերմանելուն ուղղված անընդհատ տարվելիք գաղափարախոսության իրականացումը: Հայտնի իրողություն է, որ արդեն տասնյակ տարիներ կատարվում է միանգամայն հակառակ գործընթաց, որին ուղղված են զանգվածային լրատվության բոլոր միջոցները: Ամեն ինչ արվում է, որպեսզի լարվեն Հայաստանի տարբեր պատմաազգագրական մարզերի բնակիչների հարաբերությունները, Մայր հայրենիքից անջրպետվի սփյուռքահայությունը, ընդհանրապես կազմալուծվի «հայ հանրույթ» հասկացությունը:

Այդ արշավի կասեցման հարցում, ի շարս այլ միջոցառումների, առաջնային նշանակություն պետք է տրվի թանգարաններին, որտեղ թանգարանային առարկան, այսինքն` հայոց պատմամշշակութային ժառանգությունը հանրույթին ներկայացնելու ճանապարհով պետք է վերացվեն ազգապահպանության ոլորտում արդեն արմատավորված հակազգային երևույթները: Այս առումով, կարծում ենք, պետք է մասնագիտական քննարկումների հարց դառնան հանրապետության խոշոր թանգարանների ցուցադրություններն ու այցելուին դրանց մատուցման սկզբունքները: Եվ որ կարևոր է, անհրաժեշտ ենք համարում վերականգնել և ընդլայնել խորհրդային տարիներին գոյություն ունեցած երկրագիտական ու տուն-թանգարանների ցանցը, թանգարան-գիտահետազոտական կենտրոններ հիմնել Գորիսում, Շուշիում, Իջևանում, որոնց բոլորի հիմնական ուղղվածությունը պետք է դառնան.

* հայոց պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և այդ պատմամշակութային շտեմարանի պարունակությունը հանրույթին փոխանցելու գործընթացների իրականացումը,

* համաշխարհային մշակութային համահարթեցման պայմաններում ազգապահպանությանն ուղղված քարոզչության ծավալումը,

* «հայրենիք» հասկացության ու ազգային գաղափարախոսության քարոզչության թանգարանագիտական մեթոդների մշակումն ու կիրարկումը:

Իհարկե, ասվածից չի հետևում, թե թանգարանային ցանցն ինքնին հեղաշրջում պետք է մտցնի հայ հանրույթի գիտակցության մեջ. հասկանալի է, որ դրա հետ միասին պետք է առաջին հերթին լինեն պետական կամքի առկայություն, պետական ու մյուս բոլոր լրատվամիջոցների համակարգված աշխատանք:

Թող տպավորություն չառաջանա, թե մենք բոլորովին չենք ընդունում ժամանակակից զարգացումների հետ կապված այն բոլոր փոփոխությունները, որոնք այսպես թե այնպես ազդում և ազդելու են անհատի գիտակցության ու պատկերացումների վրա:

Մինչդեռ, վերոհիշյալ միջոցառումները պետք է նպատակամղված լինեն ազգային ավանդույթների վերակենդանացմանն ու ազգայինի հանդեպ հարգանքի և նվիրվածության ներարկմանը: Ըստ էության, դրանով հնարավոր կլինի նաև հանրույթին հնարավորինս զերծ պահել համաշխարհային մշակութային համահարթեցման քաղաքականության պատճառով առաջացած հայոց ազգային դիմագծին ու առանձնահատկություններին սպառնացող վտանգներից և թույլ չտալ, որ այդ զարգացումների արդյունքում ասպարեզից անհետանա հայ հասկացությունը:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am