Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Սեպտեմբեր 2011, N 9

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԱՐԴԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ

(Նյութի մշտական հասցեն՝ http://armworld.am/detail.php?paperid=4191&pageid=129262&lang=)

27.09.2011

Ս.թ. սեպտեմբերը հագեցած էր իրադարձություններով, որոնք կարող են գլոբալ հետևանքներ ունենալ հետագա համաշխարհային զարգացման համար: Դրանց թվին, իրավամբ, հարկ է դասել ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 66-րդ նստաշրջանի աշխատանքը Նյու Յորքում, նստաշրջանի բացման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Պաղեստինյան Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթները: Նշանային իրադարձություն էր նաև Իրանի Բուշեհրի ԱԷԿ-ի գործարկումը` կառուցված ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության կողմից, և դրան հաջորդած` Իրանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ նոր միջուկային ռեակտորներ կառուցելու վերաբերյալ: Իրանի և Ռուսաստանի միջև ատոմային էներգետիկայի բնագավառում հնարավոր գործարքների մասշտաբները գնահատելու համար նշենք, որ Իրանին անհրաժեշտ է, ի հավելումն առկա հզորությունների, ներառյալ 1000 մգվտ հզորությամբ և 1 մլրդ դոլար արժողությամբ Բուշեհրի ԱԷԿ-ը, արտադրել ևս 19 հազար մգվտ էլեկտրաէներգիա: Հարավային Կովկասի տարածաշրջանի շրջանակներից իր մասշտաբներով դուրս եկող իրադարձությունների թվին պետք է դասել զորահանդեսը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին Երևանում, Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի կապակցությամբ: Եվ իհարկե, պայթուցիկի նշանակության լուր` breaking news էին Ռուսաստանի առաջնորդներ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի և Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ելույթները սեպտեմբերի 24-ին, «Միասնական Ռուսաստան» կուսակցության XII համագումարում: Նրանց ելույթները հարկ է դիտարկել օրգանական միասնության մեջ, դրանք փոխլրացնում են միմյանց և աշխարհին ներկայացրին, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանը մոտ ապագայում: Նրանց ելույթները, վստահ եմ, իրենց բացառիկ արգասավոր դերն են խաղալու նոր աշխարհակարգի կերտման գործում: Դրանք վճռորոշ, կայունացնող ազդեցություն են ունենալու այն տագնապալի իրադրության վրա, որում 2011 թվականի սկզբից հայտնվել է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը:

Որպեսզի խորհրդածություններիս ներածական մասը փոքր-ինչ պաթետիկ չթվա, փորձեմ մանրամասն կանգ առնել վերոնշյալ իրադարձությունների վրա:

Եվ այսպես, Արաբական գարնան ողբերգականությամբ լի իրադարձություններից հետո, երբ հարյուրավոր և հազարավոր մարդկային զոհերի գնով ընկան Բեն Ալիի (Թունիս), Մուբարաքի (Եգիպտոս), Քադաֆիի (Լիբիա) ռեժիմները, մենք վկաներն ենք Սիրիայում, Եմենում շարունակվող անկայունության, Թուրքիայում Էրդողան-Գյուլ չափավոր իսլամիստական ռեժիմի աննախադեպ ակտիվացման: Արդեն ակնհայտ է դառնում, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդները հետևողականորեն իրականացնում են իրենց բաղձալի երազանքի` նեոօսմանիզմի վերածննդի իրականացման քաղաքականություն, ջանում են ցանկացած գնով ներկայանալ որպես ողջ իսլամական աշխարհի նորահայտ հեգեմոն: Նրանց վերջնական նպատակը նեոօսմանյան կայսրության հզորության վերածնունդն է: Այդ նպատակին հասնելու ճանապարհին, թվում է, էական ոչ մի խոչընդոտ չկա. Պարսից ծոցի հին միապետությունները, սեփական ռեժիմների սասանված կայունության պատճառով, ոչ մի կերպ չեն ձգում իսլամական աշխարհի առաջնորդ լինելուն: Այսօրվա դրությամբ Բաշար Ասադի սիրիական ռեժիմը նույնպես կանգնած է լուրջ, հիմնականում դրսից պարտադրված` քաղաքացիական պատերազմ սկսելու մարտահրավերի առջև: Եվ Աստված չանի, որ քաղաքացիական պատերազմ սկսվի Սիրիայում. այն ավելի արյունահեղ կլինի, քան Լիբիայում էր: Ընդ որում` հատկանշական է, որ պաշտոնական Անկարան, հմտորեն խուսավարելով իսլամական երկրների հակաարևմտյան և հակաիսրայելական ակնկալիքների բավարարման միջև, միևնույն ժամանակ պահպանում է Վաշինգտոնի և Բրյուսելի հետ քաղաքական երկխոսության բավական բարձր մակարդակը: Թուրքական դիվանագիտության ճարտարությունն ու նենգությունն այնտեղ են հասել, որ Թուրքիան հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցներին միանալու մասին: Ս.թ. սեպտեմբերի 22-ին այս մասին հայտարարել է վարչապետ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման արդյունքներով: Հարկ է նշել նաև, որ ս.թ. սեպտեմբերին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է հուշագիր թուրքական տարածքում Եվրոպական հակահրթիռային պաշտպանության (ԵվրաՀՀՊՆԱՏՕ) ռադար տեղակայելու մասին, որը, կասկածելու հարկ չկա, վավերացվելու է Թուրքիայի կառավարության նիստում (հաշվի առնելով այն, որ խոսքը միջազգային պայմանագրի մասին չէ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի թույլտվությունը պարտադիր չէ): Ներկայիս թուրքական ղեկավարության նեոօսմանյան նկրտումների մասին ես արդեն գրել եմ («Արտաշես Գեղամյան. վերածնե՞լ Օսմանյան կայսրության հզորությունը», www.regnum.ru/news/1292274.html, nationalidea.am/articles.php?id=290): Արևմուտքի հետ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակն ամենևին էլ չի խոչընդոտում սրել լարվածությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ՆԱՏՕ երկրների մերձավոր դաշնակիցներից մեկի` Իսրայելի հետ հարաբերություններում: Այստեղ մեկ այլ բան է զարմացնում. Թուրքիայի ներկայիս ղեկավարների ցինիզմը, որոնք հանուն իրենց կայսերական նպատակներին հասնելու` խաղաղարարի պատմուճան են հագել: Թուրքիայի կողմից հակաիսրայելական հիստերիա հրահրելու պատրվակ է ծառայել 2010թ. մայիսին տեղի ունեցած միջադեպը «Ազատության նավատորմիղի» հետ կապված: Չենք ցանկանում կրկին անդրադառնալ այդ միջադեպին, որը հանգեցրեց 10 մարդու մահվան, որոնցից 9-ը Թուրքիայի քաղաքացի էին: Մտահոգում է թուրքական իշխանությունների կեղծավորությունը. Թուրքիայի առաջնորդը և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, հրաժարվում են ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մեկուկես միլիոն հայերի Ցեղասպանությունը, հանկարծ չափից ավելի սրտացավ դարձան «Ազատության նավատորմիղի» հետ կատարված, անկասկած, ողբերգության հարցում: Հետո` էլ ավելին է: Չգիտես ինչու Թուրքիայի վարչապետը, հանդես գալով ՄԱԿ Գերագույն վեհաժողովի ամբիոնից, ցասումնալից հարձակվելով Իսրայելի վրա, մեղադրելով այդ երկիրը դաժանության, ստի ու անիրավասության մեջ, ոչ մի կերպ չարձագանքեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 66-րդ նստաշրջանի բացման ժամանակ ունեցած ելույթին: Այնինչ, ՄԱԿ-ում արաբական երկրների ներկայացուցիչների միահամուռ կարծիքով` ԱՄՆ նախագահի ելույթը գնահատվել է որպես միակողմանի, որն ամբողջովին անտեսում է պաղեստինցիների պահանջները: Ավելին, դիտորդները համակարծիք են այն հարցում, որ ԱՄՆ նախագահի ելույթն ավելի քան իսրայելամետ էր: Բերենք միայն մի փոքր հատված Բարաք Օբամայի այդ ելույթից. «Մեր պատասխանատվությունն Իսրայելի անվտանգության համար անառարկելի է, բարեկամությունն Իսրայելի հետ խորն է, ինչպես երբեք: Պետք է ասել ճշմարտությունը. Իսրայելը շրջապատված է երկրներով, որոնք մեկը մյուսի հետևից պատերազմ են սկսել նրա դեմ, սպանել նրա քաղաքացիներին: Ցանկացած խաղաղ կարգավորում պետք է հաշվի առնի Իսրայելի անվտանգության շահերը: Իսրայելցի երեխաները մեծանում են ահաբեկչության մեջ` գիտակցելով, որ մի փոքր հեռվում մեծանում են երեխաներ, որոնց սովորեցնում են սպանել իրենց: Այս ամենն իրողություն է, որի մասին անհրաժեշտ է հիշել, և որի հետ անհրաժեշտ է հաշվի նստել»: Անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի վարչապետը ոչ մի կերպ չարձագանքեց ԱՄՆ նախագահի այս ելույթին, բայց փոխարենը նրան ամնևին դուր չէր եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում: Այսպես, Իսրայելի հեռուստատեսության Երկրորդ ալիքի հաղորդմամբ. «Լրջորեն զայրացնում է, երբ լսում ես այս սուտը,- հայտարարել է Էրդողանը:- Իսրայելը պնդում է, որ պաղեստինցիներն սպանում են իսրայելցիներին, և որ նրանցից շատերը զոհվել են, բայց դա ճիշտ չէ... Ես կուզենայի ստանալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ. ստույգ քանի՞ իսրայելցի է զոհվել պաղեստինյան հրթիռներից: Ի՞նը: Քսա՞ն: Հարյո՞ւր: Երկո՞ւ հարյուր: Խնդրում եմ, ներկայացրեք մեզ պաշտոնական տվյալներ, մենք ուզում ենք իմանալ... Մյուս կողմից` մենք գիտենք հարյուրավոր, եթե ոչ` հազարավոր զոհված պաղեստինցիների մասին Գազայում, իսրայելական գրոհների ժամանակ... Իսրայելցի ժողովուրդն ագրեսիվորեն զբաղված է իր պատմությամբ, որը ներկայացնում է որպես Հրեաների ցեղասպանություն: Ամեն անգամ Իսրայելն իրեն զոհ է ներկայացնում: Ընդ որում` Գերմանիան վճարել և առայսօր փոխհատուցում է վճարում հրեաներին: Թուրքիան և մուսուլմանները երբեք այդքան դաժան չեն եղել: Իսկ ահա Իսրայելը շատ դաժան է և ոչ մի ափսոսանք չի դրսևորում»,- եզրափակել է Էրդողանը: Ուշադրություն դարձրեք Էրդողանի` «Թուրքիան և մուսուլմանները երբեք այդքան դաժան չեն եղել» անցմանը, ինչը միանգամայն վայել է իրեն` Սուլեյման Սքանչելիին: Այս առնչությամբ խիստ հետաքրքիր կլիներ լսել Իսրայելի Քնեսեթի պատգամավորների մեկնաբանությունները, որոնք մեկ տասնամյակ չէ, որ արգելակում են իրենց խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Այս իրադարձությունների ֆոնին միանգամայն սպասելի էր, որ Թուրքիայի վարչապետի նյարդերը տեղի կտան, և նա կլքի ՄԱԿ ԳՎ դահլիճը, երբ ամբիոն բարձրանա Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Ինչպես հաղորդում է SalamNews տեղեկատվական գործակալությունը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի վարչապետի դեմարշը պայմանավորված էր նրանով, որ «Էրդողանը չէր ցանկանում լսել Սերժ Սարգսյանի անհիմն հայտարարությունները Ղարաբաղյան անջատական ռեժիմի մասին»: Միևնույն ժամանակ, Հայաստանի նախագահի կշռադատված և չափավոր կոշտ, բայցև կառուցողական ճառը չէր կարող չգտնել իր շարունակությունը: Դրանում, իհարկե, շոշափվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցերը: «2008 թվականին այս նույն ամբիոնից հույս էի հայտնել, որ մեր կողմից նախաձեռնված Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և որպես առաջին քայլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքին անհարիր կերպով փակված սահմանների բացումը հնարավորություն կընձեռեին սկսել երկխոսություն, վերացնել մեր մեջ առկա անվստահության, կասկածանքի և անորոշության մթնոլորտը: Եվ թեև մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը: Միանգամայն տրամաբանական հարց է առաջանում. գուցե թուրքական վարչապետը չէր ցանկանում լսել Հայաստանի նախագահի հենց այս արդարացի կշտամբանքը, որին նա հաստատ իր համար շահավետ ձևով պատասխանել չէր կարողանա: Պաշտոնական Անկարայի հակազդեցությունը Հայաստանի նախագահի ելույթին երկար սպասել չտվեց. Սերժ Սարգսյանի ելույթից հաշվված ժամեր անց մի շարք երկրների տեղեկատվական գործակալությունները և Թուրքիայի ԶԼՄ-ները սեպտեմբերի 24-ին տարածեցին հաղորդում այն մասին, թե սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Հանրապետության Նախարարների խորհուրդը վերականգնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման` ավելի վաղ անվավեր հայտարարված արձանագրությունները և դրանք վերադարձրել խորհրդարան:

Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը Ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ, ապա Հայաստանի նախագահի` ՄԱԿ ԳՎ-ում արտասանած ճառում կոռեկտ և բավական մատչելի ձևով միջազգային հանրությանը հասցվեց պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը: Ընդ որում` դա արվեց իրեն հատուկ հանգիստ, միևնույն ժամանակ` վստահ ձևով: Եվ նախագահի այդ վստահությունը հիմնականում համոզվածության վերածվեց Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսից հետո, որը կայացավ երկու օր առաջ` Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի կապակցությամբ: Հայաստանի նախագահին չէին կարող վստահություն չհաղորդել Հայաստանի զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի` ռազմատեխնիկայի վերջին խոսքով զինված տարբեր ստորաբաժանումները, զորահանդեսին մասնակցող Ռուսաստանի զինված ուժերի Ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչները: Զորահանդեսին ռուս զինվորականների մասնակցության փաստը հարձակվելու իմաստով իսկական գյուտ էր հակառուսական և ռուսատյաց ուժերի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր հարևանների ԶԼՄ-ներում: Նրանք բոլորն էլ մեկը մյուսից առաջ անցնելով սկսեցին հարձակվել Հայաստանի քաղաքական ղեկավարության վրա` մեղադրելով ազգային շահերին դավաճանելու, Հայաստանի Հանրապետության անկախության կորստի, այն Հարավային Կովկասում Ռուսաստանի հենակետ դարձնելու մեջ: Ընդ որում` քաղաքական ուժերից ոչ մեկը, որոնք խոսքով ներկայանում են որպես հայ-ռուսական ռազմավարական գործընկերության կողմնակիցներ, նրանց չգիտես ինչու այդպես էլ հրապարակավ չընդդիմախոսեց: Չէ՞ որ կարելի էր նրանց նրբանկատորեն հիշեցնել, որ, օրինակ, 1994թ. հուլիսի 14-ին Փարիզում, Ելիսեյան դաշտերում, տեղի ունեցավ զորահանդես` Բունդեսվերի տանկային ստորաբաժանումների և հետևակի մասնակցությամբ: Զորահանդեսն ամփոփում էր այն միջոցառումների շարքը, որոնք նվիրված էին Երկրորդ համաշխարհային պատերազմում Եվրոպայում երկրորդ ճակատի բացման 50-ամյակին: Կարծեմ` այն ժամանակ առողջ դատող ֆրանսիացիները զորահանդեսից հետո չսկսեցին մեղադրել Հինգերորդ Հանրապետության 4-րդ նախագահ Ֆրանսուա Միթերանին Ֆրանսիայի շահերին դավաճանելու, այն ԳՖՀ-ի ռազմական կցորդը դարձնելու մեջ: Չէ՞ որ Ելիսեյան դաշտերով քայլերթով անցան ոչ հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների զինվորական ստորաբաժանումները... Ֆրանսիայի առողջ դատող ոչ մի քաղաքացի ու քաղաքական գործիչ չմեղադրեց նաև ԳՖՀ կանցլեր Հելմութ Քոլին կայսերական նկրտումների մեջ: Այս առնչությամբ ինչ-որ չեմ հիշում, որ հակաֆրանսիական հիստերիա բարձրացվեր Ֆրանսիայի և ԳՖՀ-ի հարևան պետությունների զանգվածային լրատվամիջոցներում: Սա` ի դեպ: Անվիճելի է մի բան. հուսալիության, պաշտպանվածության և հպարտության զգացում ապրեցին միլիոնավոր հայեր, որոնք հեռուստացույցների էկրաններին տեսան հայ շարքային զինվորների ոգեշունչ դեմքերը, զինվորներ, որ ծնվել են XX դարի 90-ական թթ. սկզբին անկախ Հայաստանում ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Եվ ազատ, ինքնիշխան պետություններում ծնված հենց այս զինվորներն են, որ թույլ չեն տալու որևէ մեկին խլել իրենցից մեր մեծագույն արժեքը` Ազատությունն ու Անկախությունը:

Զորահանդեսի շռնդալից հաջողությունը չէր կարող անտարբեր թողնել մեր հարևաններին` Ադրբեջանի քաղաքական բոմոնդին: Ընդ որում` նրանց արձագանքը որքան ակնկալելի, նույնքան էլ հուսահատեցնող էր: Ակնկալելի, որովհետև նրանք միաձայն բարբառում էին «հայկական զինված ուժերի լիակատար ձախողման», «լիակատար տապալման», «կայսերական Ռուսաստանից հայկական բանակի վասալական կախման» մասին: Իսկ մենք հուսահատություն ապրեցինք նրանց դատողությունների պարզունակությունից. եթե այն, ինչ գրում են ադրբեջանական ԶԼՄ-ներում, համապատասխանում է իրականությանը, ուրեմն, ինչո՞ւ են այդպես տվայտվում, զայրանում, կատաղում: Չէ՞ որ եթե նրանք օբյեկտիվ են իրենց դատողություններում, ինչո՞ւ չեն ուրախանում «հայկական ռազմատեխնիկայի այդ տխուր վիճակից»: Չէ՞ որ ռուսական տանկերի դուրս գալը քարշակների վրա ադրբեջանցի պոպուլյար քաղաքական գործիչ Մուբարիզ Ահմեդօղլուին դրդեց մտածել այն մասին, որ տանկերը պարզապես գործուն վիճակում չէին: Նա, իհարկե, ի վիճակի չէ հասկանալու, որ հայ զինվորին խորթ է ավերելու բնազդը, այնինչ տանկերի թրթուրները, նույնիսկ եթե նրանց վրա հատուկ «մաշիկներ» հագցնեին, անպայման կվնասեին քարե սիմֆոնիայի գորգը` հյուսված Երևանի Հանրապետության հրապարակում: Դե, ուրեմն, ուրախացեք, ադրբեջանցի՛ հարևաններ: Հանդգնեք հերթական ագրեսիան սկսել Արցախի դեմ, բայց միևնույն ժամանակ նկատի ունեցեք, որ Հայաստանի զինված ուժերի տանկերը կիջեցվեն քարշակներից, իսկ տանկիստներն այդքան էլ նուրբ չեն վերաբերվի, ասենք, Գանձակի (Կիրովաբադի) հրապարակների ծածկույթին...

Ադրբեջանցի քաղաքագետները տիեզերական աղմուկ բարձրացրին զորահանդեսին զորքերին սպասարկող հոգևորականության մասնակցության առիթով, որոնք հոբելյանական շքերթին ընթանում էին նոր դրոշի ներքո, որի օծումը տեղի էր ունեցել ս.թ. սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եթե մեր ընդդիմախոսները ծանոթ լինեին Հայաստանի պատմությանը, ստիպված պիտի լինեին ընդունել, որ Հայաստանի զինված ուժերում վերածնվում է հայ փառապանծ մարտիկների ոգին, որոնք զորավար Վարդան Մամիկոնյանի և կաթողիկոս Հովսեփ Առաջինի (հետագայում Հայ Առաքելական եկեղեցին նրանց սրբացրել է) գլխավորությամբ 451թ. ապստամբեցին ու հերոսաբար մարտնչեցին Սասանյան Պարսկաստանի կողմից զրադաշտականության պարտադրման դեմ: Եվ եթե այն ժամանակ Հայաստանը հանուն քրիստոնեական հավատի իր սրբազան պատերազմում մենակ էր, ապա այսօր որպես զինակից եղբայրներ ունի վեհությունը վերականգնող եղբայրական Ռուսաստանի, ՀԱՊԿ գծով Հայաստանի մյուս դաշնակիցների զինվորներին: Եվ իհարկե, մեր հարևաններին չէր կարող չտագնապեցնել զորահանդեսին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մասնակցությունը: Եվ ամենևին էլ մեր հոգսը չէ, թե աննախադեպ զորահանդեսը Երևանում շոկի մեջ գցեց հարևան Ադրբեջանին: Խանդաղատանք է առաջացնում մեկ այլ բան. ադրբեջանական քաղաքական գործիչների շփոթմունքն այնքան խորն էր, որ նրանք հանկարծ իրենց ծիծաղելի վիճակի մեջ դրեցին` հանդես գալով որպես նորահայտ ինկվիզիտորներ, քրիստոնեական պատվիրանների մաքրության ու անխախտելիության ջատագովներ` զորահանդեսին հոգևորականների մասնակցության մեջ «Մի սպանաներ» պատվիրանի խախտում տեսնելով...

Անհեթեթ այս գնահատականների հետ կապված, որոնք հնչեցրին ադրբեջանա-թուրքական վերլուծաբանները զորահանդեսին զորքերին սպասարկող հոգևորականների մասնակցության վերաբերյալ, ակամա ուզում ես մեջբերում անել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` ՄԱԿ Գերագույն վեհաժողովի 66-րդ նստաշրջանում ունեցած ելույթից (որը շատ բաներում, իմ կարծիքով, վիճելի է): «Սրբազան Ղուրանն աստվածային գիրք է և Իսլամի մարգարեի անանց հրաշքը: Դրանում հարգանքով են նշվում Աստծուն նախորդած պատվիրակները` Նոյ, Աբրահամ, Իսահակ, Հովսեփ և Հիսուս Քրիստոս (թող խաղաղությունը լինի նրանց բոլորի հետ)... Իրանի ողջ ժողովրդի անունից ես հարգանք եմ հայտնում բոլոր սուրբ գրերին և նրանց հետևողներին: Ես խոսում եմ Ղուրանի և Աստվածաշնչի մասին: Ես հարգանքով եմ վերաբերվում այդ երկուսին էլ»,- ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Կարծում եմ` Իրանի նախագահի այս խոսքերը պետք է վճռական ազդեցություն գործեն Ադրբեջանի ղեկավարների վրա, որոնք միտումնավոր կերպով Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնում են որպես կրոնական` հանուն իր ինքնորոշման իրավունքի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը տեղափոխելով միջկրոնական դիմակայության հարթություն, այս հողի վրա հայատյաց տրամադրություններ հրահրելով: Եվ ՄԱԿ ԳՎ-ում խիստ ժամանակին հնչեց Սերժ Ազատի Սարգսյանի նախազգուշացումը. «Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն` հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ` վտանգելով նաև խաղաղ գոյակցության ապագան»:

Միևնույն ժամանակ, պետք է ընդունել, որ սեպտեմբերի բոլոր իրադարձությունների խճանկարում, ըստ իս, բացառիկ տեղ է զբաղեցնում «Միասնական Ռուսաստան» կուսակցության XII համագումարը: Դժվար է գերագնահատել համագումարում ընդունված որոշումները:

«Հաշվի առնելով կուսակցության ցուցակը գլխավորելու, կուսակցական աշխատանքով զբաղվելու առաջարկը և ընտրություններին հաջող հանդես գալու պարագայում կառավարությունում գործնական աշխատանքով զբաղվելու իմ պատրաստակամությունը, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ համագումարը պաշտպաներ կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում»,- հայտարարել է Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը` հանդես գալով «Միասնական Ռուսաստանի» համագումարում: Արդի Ռուսաստանի երկու առաջնորդների այս ընտրության բախտորոշ նշանակությունն աշխարհի համար այսօր դեռ լրիվ չափով շատերը չեն ըմբռնում: Ըստ էության, աշխարհը հայտնվել է կառավարելի քաոսի վիճակից (որն ընդգրկել է Մեծ Մերձավոր Արևելքը) կանխատեսելիության և կայունության վիճակի անցման նախաշեմին: Եվ սա չափազանցություն չէ: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ տառացիորեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի երդմնակալության օրվանից ուժի համապատասխան միջազգային կենտրոնների կողմից ծավալվել էր աննախադեպ տեղեկատվական պատերազմ, որի նպատակն էր Պուտին-Մեդվեդև տանդեմի վարկաբեկումը: Ընդ որում` այն վարվում էր համակարգված, բազմապլան ձևով ու նենգորեն: Այդ պատերազմում ներգրավվեցին շատ հայտնի տեղեկատվական գործակալություններ, առաջատար արևմտյան պարբերականների վերլուծաբաններ: Այս պատերազմում արճիճե զինվորիկների դերում հայտնվեցին Ռուսաստանի հետ դաշնակից պետությունների էլիտաների ներկայացուցիչները: Օրինակ, հայոց պետության ղեկավարի գործընկերային հարաբերություններն իր ռուս գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեևի հետ հայ քաղաքական էլիտայի ամենևին էլ ոչ երկրորդական ներկայացուցիչների կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում լուսաբանվում էր համարյա թե որպես դիմակայություն Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Ընդ որում` այս մոտեցումն էին որդեգրել նաև Հայաստանի` բացահայտորեն հակառուսական, ես կասեի` ռուսատյաց լրատվամիջոցները: Եվ սա` չնայած այն բանին, որ հենց շնորհիվ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի սկզբունքային դիրքորոշման 2008թ. փետրվար-մարտին, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, հաջողվեց կանխել քաղաքացիական պատերազմը մեր հանրապետությունում: Ավելին, Ռուսաստանի քաղաքական ղեկավարության նման դիրքորոշումը լավ հիմք հանդիսացավ Հայաստանի նորընտիր նախագահի համար` որդեգրելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա խորացման քաղաքականություն: Այս առնչությամբ կուզենայի մեջբերում անել Ռուսաստանյան դաշնային REGNUM տեղեկատվական գործակալության 2011թ. մայիսի 22-ին հրապարակած «Արտաշես Գեղամյան. մտորումներ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամուլի ասուլիսի մասին» (regnum.ru/news/fd-abroad/armenia/1407275.html) հոդվածից: ՌԴ նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի «Սկոլկովո» կառավարման դպրոցում 2011թ. մայիսի 18-ի մամուլի ասուլիսի արդյունքների վերաբերյալ հոդվածում ասվում է հետևյալը. «Եվ այսօր, ամփոփելով Ռուսաստանի նախագահի և կառավարության նախագահի տանդեմի գործունեության առաջին արդյունքները` կարելի է նախնական որոշ ընդհանրացումներ անել: Առաջին. արդեն ակնհայտ է, որ համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանն այսուհետ հանդես է գալիս որպես ինքնուրույն, իր ուժերին վստահ առանցքային տերություն, որը ոչ միայն բացահայտ հայտարարում է իր պետական և ազգային շահերի մասին, այլև հաջողությամբ ապահովում ու պաշտպանում է դրանք: Ընդ որում` հարկ է նշել, որ աշխարհաքաղաքական այս նոր իրողության հետ հարկադրված է հաշվի նստել ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ԵՄ-ը և ընդհանրապես համաշխարհային ողջ հանրությունը: Երկրորդ. չնայած ռուսական ժողովրդավարության երիտասարդ տարիքին, այն հասել է գլխավորին. երկրի իշխանությունները, հանձինս ՌԴ նախագահի և կառավարության նախագահի, վայելում են բնակչության, Ռուսաստանի ժողովուրդների ամենալայն խավերի վստահությունը: Երրորդ. Ռուսաստանը, նախագահի և կառավարության նախագահի քաղաքական տանդեմի ղեկավարությամբ, կարողացավ հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սոցիալական բնույթի նվազագույն վնասներով և կրկին դուրս գալ զարգացման հետագիծ: Չորրորդ. կառավարության նախագահ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Վ.Պուտինի հայտարարությունը Համառուսական ժողովրդական ճակատ ստեղծելու մասին, հետագայում նաև Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի կողմից այդ նախաձեռնությանը փաստացի հավանություն տալը նշանավորեցին ռուսական քաղաքական ընտրանու, քաղաքական դասի համակարգային նորացման սկիզբը» («Արտաշես Գեղամյան. մտորումներ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամուլի ասուլիսի մասին», www.regnum.ru/news/1407275.html): Հիշում եմ, թե ինչպես ռուսական, ինչպեսև հայկական որոշ ԶԼՄ-ների պատեց ունտերպրիշիբեևականության սինդրոմը` «հանկարծ մի բան չպատահի», և միայն Ռուսաստանյան դաշնային REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, հարգարժան Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովը քաջություն ունեցավ տպագրելու Ռուսաստանի իշխանական քաղաքական տանդեմի գործունեության մասին իմ ընկալումը: Այդ հիշարժան օրերից չորս ամիս անց արդեն բոլորովին չէինք ուզենա մտածել, թե վերոհիշյալ հոդվածն է պատճառ դարձել, որ համապատասխան միանգամայն հեղինակավոր ռուսական կառույցը (որը պատասխանատու է արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի համար) անհասկանալի կերպով հեռանա «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության հետ համագործակցելուց, որը կոչված է բարձրացնելու Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների փոխհարաբերությունների մակարդակը մինչև Դմիտրի Մեդվեդև և Վլադիմիր Պուտին քաղաքական տանդեմի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական փոխգործակցության մակարդակի: Բայց սա այլ խոսակցության թեմա է: Ռուսաստանի նախագահի և կառավարության նախագահի ելույթները «Միասնական Ռուսաստան» կուսակցության XII համագումարում, անշուշտ, իրարանցում առաջ կբերեն Ռուսաստանի, ինչպես նաև դաշնակից երկրների այն քաղաքական շրջանակներում, ուժի միջազգային կենտրոններում, որոնք իրենց քաղաքականությունը կառուցում էին քաղաքական տանդեմի մեջ սեպ խրելու հաշվարկով: Միևնույն ժամանակ, «Միասնական Ռուսաստանի» համագումարում ընդունված քաղաքական որոշումները չեն կարող հզոր ստեղծարար էներգիայի հորդում չառաջացնել ԱՊՀ երկրների քաղաքական գործիչների մեջ, որոնք իրենց պետությունների ինքնիշխանության պահպանման երաշխիքը տեսնում են Եվրասիական միության ստեղծման մեջ: Հենց Եվրասիական միության հիմնումը` միջազգային իրավունքին լրիվ համապատասխան, ինստիտուցիոնալապես կամրապնդի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի` 2007թ. փետրվարի 11-ին Մյունխենի միջազգային կոնֆերանսում հնչեցրած գաղափարն անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ: «Կարծում եմ, որ արդի աշխարհի համար միաբևեռ մոդելը ոչ միայն անընդունելի, այլև ընդհանրապես անհնար է... Ինքը` մոդելը, չաշխատող է, քանի որ դրա հիմքում չկա և չի կարող լինել արդի քաղաքակրթության բարոյական բազան: Միևնույն ժամանակ, այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում մեր անհանգիստ աշխարհում, համաշխարհային գործերում հենց այդ հայեցակարգի` միաբևեռ աշխարհի հայեցակարգի ներդրման փորձերի հետևանքն է»,- այսպիսին էր Վլադիմիր Պուտինի Մյունխենյան ելույթի գլխավոր հետևություններից մեկը: Ուստի, «Միասնական Ռուսաստան» կուսակցության XII համագումարում կուսակցության առաջնորդի հնչեցրած հայտարարությունը, թե` «հաջորդ` 2012թ. հունվարի 1-ից իրողություն կդառնա միասնական տնտեսական տարածքը (Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան- Ա.Գ.), սա ինտեգրման ավելի խոր աստիճան է: Իսկ հետո առաջ կշարժվենք Եվրասիական միության ստեղծման ճանապարհով», վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը գործնականում իրականացնում է միաբևեռ աշխարհի վերջնական խափանման քաղաքական գիծը: Ավելին, «Միասնական Ռուսաստան» կուսակցության XII համագումարում նշված` Ռուսաստանի Դաշնության զարգացման հստակ ու պարզ ուրվագծերը, նախագահի և կառավարության նախագահի նպատակների միասնությունը ԱՊՀ անդամ պետությունների համար (որոնք չեն մտնում Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան մաքսային միության մեջ) ձևավորվելիք Եվրասիական միությանն անդամակցության գաղափարը դարձնում են խիստ հեռանկարային և հրապուրիչ: Չէ՞ որ այն խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրների առջև, շատ նման են: Այսպես, ոչ միայն Ռուսաստանը, այլև, օրինակի համար, Հայաստանի Հանրապետությունը ևս պետք է արդիականացնեն տնտեսությունը, կրթության համակարգը, տեխնիկապես վերազինեն արդյունաբերությունը: Մեր հանրապետությունում ևս սուր է դրված ներդրումային մթնոլորտի բարելավման, նորարարությունների համար ենթակառուցվածքի ստեղծման, աշխատանքի արդյունավետության և անվտանգության բարձրացման խնդիրը` քաղաքացիների կենսապայմանների բարելավման նպատակներով: Չէ՞ որ Հայաստանի համար հրատապ է աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների բարձրացումը, պայքարն աղքատության դեմ, առողջապահության արդիականացումը: Մեզ մոտ ևս չլուծված են մնում հրատապ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կոռուպցիայի վերացումը, պաշտոնյաների եկամուտների մասին տեղեկությունների հասանելիության ու թափանցիկության համակարգի ներդրումը, դեռևս քիչ չեն խորամանկությունները պետական գնումների համակարգում: Տակավին հրատապ է մնում դատական համակարգի ամրապնդման խնդիրը` անկախության, թափանցիկության և արդարության սկզբունքների հիման վրա:

Ընդհանուր առմամբ, կարելի է անել հետևյալ եզրահանգումը. խնդիրները, որոնք մոտ ապագայում լուծվելու են Ռուսաստանում, զգալի չափով բնութագրական են նաև Հայաստանի համար: Իսկ այն, որ Ռուսաստանը հաջողությամբ է լուծելու դրանք, կարծում եմ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում ընդունված քաղաքական որոշումների համատեքստում, կասկածի ենթակա չէ: Միևնույն ժամանակ, արդեն ակնհայտ է, որ հայտարարված խնդիրները որքան հրատապ, նույնքան էլ բարդ են: Միայնակ հաղթահարել վերոնշյալ խնդիրները և սույն հոդվածում չներկայացված արտաքին քաղաքական մարտահրավերները, որոնցով լի է մեր անհանգիստ աշխարհը, Հայաստանի Հանրապետության համար դժվար կլինի: Ուստի, հարկադրված ենք հերթական անգամ փաստել, որ Եվրասիական միությունն ինքնիշխանության պահպանման միակ միջոցն է (տե՛ս «Արտաշես Գեղամյան. Եվրասիական միությունը` ինքնիշխանության պահպանման միակ միջոց», www.regnum.ru/news/polit/1441890.html):

Այս հոդվածում ես չանդրադարձա աշխարհաքաղաքական փոփոխությունների հարցերին, որոնք անխուսափելի կլինեն «Միասնական Ռուսաստան» կուսակցության XII համագումարում ընդունված ծրագրի իրագործման ժամանակ: Սակայն անվիճելի է, որ 2011թ. սեպտեմբերն արդի աշխարհի համար կդառնա բախտորոշ փոփոխությունների սկիզբը, նոր աշխարհակարգի հաստատման սկիզբը` հիմնված արդարության, ոչ թե խոսքով, այլ գործով բոլոր ժողովուրդների ու երկրների` մեծ թե փոքր, իրավունքների հարգման, Ազատության և Անկախության վրա:

 

ԱՐՄԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ «ՄԵՍԻՋՆԵՐԸ»

(Նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php?id=11252&fl=y&l=A)

22.09.2011

Անկախության օրվա զորահանդեսի ավարտից անմիջապես հետո որոշ ռազմական մասնագետներ կոչ արեցին վերլուծաբաններին ու լրագրողներին` ձեռնպահ մնալ հայկական ու ադրբեջանական բանակների համեմատությունից, քանի որ մեր զորահանդեսի նպատակն ինչ-որ բաներ ապացուցելը չէր, և ոչ էլ այդ շքերթը հակառակորդի քայլերին համարժեք պատասխանելու միջոցառում էր: Սակայն որքան էլ փորձենք անսալ այս հորդորին, զուգահեռներ անցկացնելու պահանջը թելադրվում է ինքնաբերաբար: Սրա հետ մեկտեղ պետք է նաև նկատել, որ եթե տեսածի արտաքին ներգործությունը շատերի համար բավարար էր, ապա սպառազինության ու ռազմական տեխնիկայի որակական հատկանիշները գնահատելու կարողությամբ օժտված մարդկանց նեղ շրջանակում ամեն բան ներկայանում էր միանգամայն այլ չափանիշներով: Եվ հենց այդ կրիտերիաներով առաջնորդվելու և դրանցից բխող տարբերակումների մեջ էլ թաքնված էին այն հիմնական հարցերի պատասխանները, որոնք վաղ թե ուշ պիտի տրվեին:

Մի կողմ թողնելով գեղագիտական տպավորությունները, ինչը հանրությունը լիուլի ստացավ այս` թվով հինգերորդ զորահանդեսից, որին մասնակցում էին 4 000 զինծառայող և 300 միավոր զինտեխնիկա, նախ անհրաժեշտ է փաստել հետևյալը. զորահանդեսը բացառիկ էր նրանով, որ Հայաստանն առաջին անգամ հարձակողական զինատեսակներ ցուցադրեց: Իսկ այդպիսի միջոցների առկայությունն ինքնին հուշում է զինուժի առջև դրված մարտավարական խնդիրների ուղղվածությունը` դրա հետ մեկտեղ ցրելով այն մտայնությունը, թե Հայաստանը որդեգրել է սոսկ պաշտպանողական ռազմավարություն: Զորահանդեսի ժամանակ այնտեղ գտնվողներն անշուշտ նկատեցին, որ երբ հրապարակ մտան այնպիսի զինատեսակներ, որոնք իրենց հեռահարությամբ հասանելի են հակառակորդի բոլոր նշանակետերին, հրավիրված հյուրերի և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների օթյակում կտրուկ ավելացան տեսանկարահանում կատարող բջջային հեռախոսները: Իսկ տեսնելու և ֆիքսելու առիթներն իսկապես քիչ չէին:

Բարձրախոսները մեկը մյուսի ետևից հաղորդում էին դրանց անունները`  «Շումից» և 2ԿԱ-Ա-02 համակարգեր, հայրենական ռազմարդյունաբերական համալիրի արտադրության անօդաչու թռչող սարքեր, 122 ու 152 մմ տրամաչափի շարժական հրետանային կայանքներ, «Կոնկուրս» համալիրներ, ՏԵ-12 թնդանոթներ, համազարկային հրանոթներ, Դ-30, Դ-20 և 2Ա36  թնդանոթներ, ՄՄ-21 համալիրներ, WM -80 համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ, ՕՍԱ-ԱԿԱ համալիրներ, C-125 համալիրներ, «Կրուգ»» զենիթա-հրթիռային կայանքներ, և վերջապես հանրահայտ C-300 զենիթահրթիռային համալիրները: Սա ընդամենը մի մասն է այն ամբողջի, որ հաջորդաբար ցուցադրվեց երեկ: Բայց մենք այդ ընդարձակ ցանկից կառանձնացնենք երկու զինատեսակներ, որոնց կարելի է ընդգրկել մատուցված անակնկալների շարքում:

Նախ և առաջ խոսքը  «9K72» կամ «Սքաթ» տեսակի օպերատիվ-տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրների մասին է: Հենց միայն դրանք արդեն իսկ ընդունակ են լուրջ ազդեցություն թողնել տարածաշրջանային անվտանգության և ուժային հարաբերակցության վրա: Բայց դա դեռ բոլորը չէ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նույնպես իր զինանոցում ունի այդ հրթիռներից: Միայն թե հակառակորդի մարտագլխիկներն ընդունակ են հաղթահարելու առավելագույնը 120 կիլոմետր տարածություն, մինչդեռ հայ մասնագետների շնորհիվ «Սքաթ»-ը արդիականացվել է մեր հանրապետությունում` էականորեն ավելացնելով իր մարտական հնարավորությունները: Բավական է միայն ասել, որ այժմ դրանք կարող են ճշգրտորեն ոչնչացնել մինչև 300 կմ հեռավորության վրա տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտներ, եթե նույնիսկ դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում: Սա բացառիկ դեպք է միջազգային պրակտիկայում: Բացառիկ նաև այն իմաստով, որ այդպիսի բարդ խնդիր կարողացել է իրականություն դարձնել Հայաստանի նման փոքր երկիրը:

Հաջորդ անակնկալները դարձան զորահանդեսին առաջին անգամ ցուցադրված «Տոչկա-ՈՒ» հրթիռները: Վերջիններս նույնպես ունեն բավական բարձր հնարավորություններ` խոցելու թշնամու նշանակետերը: Հրապարակ չբերվեցին, սակայն հայտարարվեց, որ մեր զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկված են նոր ծանր համազարկային այնպիսի համալիրներ, ինչպիսիք են «Սմերչն» ու «Ուրագանը»: Իսկ եթե ասվածը համադրենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանում արդյունավետ հիմքերի վրա է դրված անօդաչու ինքնաթիռների արտադրությունը, ապա սա արդեն լուրջ ազդակ է այն բանի, որ թշնամու հենակետերը նրա տարածքի խորքում խոցելը ձեռք է բերում մեծ հավանականություն:

Զորահանդեսի իրական ներգործության մասին դատելու համար լիովին բավարար է վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի պահվածքն ու հակազդեցությունը: Դա ոչ թե լռություն է կամ զգույշ արձագանք, այլ ակնհայտ շփոթմունք, որից ձերբազատվելու համար միայն հոխորտանքներն այլևս բավարար չեն: Երկար ժամանակ մեր մարտատենչ հարևաննների գլխավոր փաստարկն այն էր, որ Հայաստանի դեմ իրենք վարելու են դիստանցիոն պատերազմ և ունեն այդ նպատակին ծառայեցվող սպառազինությունը: Իսկ այսօր միայն «Տոչկա» և «Սքաթ» համալիրները ընդունակ են ցրելու նրանց խաբուսիկ պատկերացումները և ստեղծել ուժերի հարաբերակցությունը վերանայելու անհրաժեշտություն: Թերևս սա էր երեկվա զորահանդեսի գլխավոր «մեսիջներից» մեկը:

Իբրև վերջին սփոփանք, ադրբեջանական լրատվամիջոցները` խեղաթյուրելով «Ռեգնում» գործակալության նյութերը, սկսեցին կրկնել այն միտքը, որ իրենք գերազանցում են օդուժի հնարավորություններով, ինչին հայկական կողմն արձագանքեց, որ մենք դեռևս նրանց հետ այդ ոլորտում մրցակցելու խնդիր չենք դրել, բայց եթե նման խնդիր լինի, չի բացառվում, որ Հայաստանը ամենամոտ ապագայում ձեռք բերի մեծ թվով կործանիչներ:

Մի դրվագ ևս, որը շրջանցելն անհնար է: Խոսքը շքերթին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտիկների մասնակցության փաստի մասին է: Այս առթիվ բոլորից լավ արձագանքեց  Segodnia.ru կայքէջը` իր վերլուծականում գրելով. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, սակայն վստահաբար կարելի է սպասել Բաքվի ուժգին հիստերիային: Այդպես, Երևանի Հանրապետության հրապարակում հնչած ռուսական եռակի «ուռա»-ն արդեն իսկ մեծ հակազդեցություն է հարուցել փորձագետների, քաղաքագետների և ադրբեջանցի զանազան այլ սրտացավ քաղաքացիների շրջանում: Առայժմ` դեռ Հայաստանի ուղղությամբ: Սակայն բացառված չէ, որ…»:

Կախման կետերով ավարտված այս մտքի ավարտն այնքան էլ դժվար չէ կռահել:

 

ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎ

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՂԵԼ. ՀԱՅ ՇԱՀՈՒՄՅԱՆԸ ՉՀԱՍՑՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՆՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ
ԱԶԻԶԲԵԿՈՎԻՆ

(Նյութի մշտական հասցեն՝ http://www.regnum.ru/news/polit/1443620.html)

09.09.2011

Իմ «Կարո՞ղ էր արդյոք 1918թ. Ադրբեջանը Էրիվանը «նվիրել» հայերին» («Мог ли «дарить» в 1918 году Азербайджан Эривань армянам?») հոդվածին՝ հրապարակված սեպտեմբերի 4-ին REGNUM լրատվական գործակալության կողմից, «պատմական ակնարկով» անսպասելի արձագանքել էր պատմական գիտությունների դոկտոր, Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Էլդար Իսմայիլովը։ Եթե փակագծերից դուրս բերենք հույզերը, որոնք, ցավոք, հաճախ են ուղեկցում ադրբեջանցի պատմաբանների ինքնավստահ ելույթներին, հարգարժան պրոֆեսորը մի շարք հարցեր է առաջադրում, որոնք, ինչպես երևում է, լրացուցիչ պարզաբանումների կարիք են զգում։ Ընդ որում՝ հեղինակը հավատարիմ կմնա նախկին կանոնին՝ խոսել միայն փաստաթղթերի և փաստերի լեզվով։

Եվ այսպես, Էլդար Իսմայիլովի առաջին թեզիսը հնչում է հետևյալ կերպ. «Շահումյանը ցանկանում էր հանդիպել վրացական կառավարության առաջնորդ Ժորդանիայի հետ, բայց վերջինը խուսափում էր հանդիպումից։ Եվ այդ ժամանակ Շահումյանն արշավ նախաձեռնեց դեպի Թիֆլիս»։ Հյուսիսից նրան պետք է աջակցեր Օրջոնիկիձեն՝ Կարմիր բանակի ջոկատների գլուխն անցած, իսկ վրաց-ադրբեջանական սահմանը պետք է շրջափակեր թուրք էմիսար Նուրի փաշան։ Տարասովը եզրակացնում է. «Այս սցենարը ենթադրում էր Անդրկովկասյան հանրապետության փլուզում և, նույնիսկ, բոլշևիկյան հեղաշրջում Թիֆլիսում»։ Եվ այսպես, ներկայացված է բոլշևիկների և թուրքերի դաշնակցության «օրիգինալ» վարկած վրաց ազգային կառավարության դեմ պայքարում։ Ընդ որում՝ Տարասովն ակնհայտորեն մտահան է արել, որ Ժորդանիա-Շահումյան դաշինքը տեղին չէր։ Շահումյանը Լենինից ստացել էր Կովկասի գործերով Արտակարգ կոմիսարի լիազորությունները, և նրա նստավայրը պետք է գտնվեր Թիֆլիսում։ Շահումյանը, բնականաբար, ձգտում էր դեպի Թիֆլիս։ Ուստիև նրա դաշինքը Ժորդանիայի հետ անհնար էր։ Պակաս հնարավոր էր Շահումյանի դաշինքը Նուրի փաշայի հետ»։

Պատասխան. 1917թ. դեկտեմբերին Ստեփան Շահումյանը նշանակվեց Կովկասի գործերով արտակարգ կոմիսար։ 1918թ. ապրիլից նա արդեն Բաքվի Ժողովրդական կոմիսարների խորհրդի (ԺԿԽ) նախագահն էր և արտաքին գործերի կոմիսարը։ 1918թ. ապրիլի 12-ին բոլշևիկների պետերբուրգյան կոմիտեի տպագիր օրգան «Վեչերնիե օգնի»-ում (N19) տպագրվում է տեղեկություն հետևյալ բովանդակությամբ. «Լենինի, Ստալինի, Չիչերինի և Լունաչարսկու ստորագրությամբ հրապարակվում է դեկրետ Հարավային շրջանի Արտակարգ կոմիսարի մասին։ Ժողովրդական կոմիսարների խորհրդի արտակարգ կոմիսար ընկ. Օրջոնիկիձեին հանձնարարվում է կազմակերպել Հարավային շրջանի ժամանակավոր Արտակարգ կոմիսարիատ՝ իր նախագահությամբ, որը Ժողկոմխորհի գործունեությանն էր միավորելու Դոնի, Տերի մարզերի, Սևծովյան նահանգի, ողջ Հյուսիսային Կովկասի կոմիտեները, ներառյալ Բաքուն։ Կոմիսարիատի նպատակը Կենտրոնական խորհրդային իշխանության դիրեկտիվի անշեղ անցկացումն էր ցամաքում և ծովում, բուրժուական հակահեղափոխության դեմ պայքարի կենտրոնացումը, խորհրդային իշխանության ամրապնդումն իր գործունեության տարածքում, Ժողովրդական կոմիսարիատի հետ մարզային խորհուրդների ուղղակի կապի հաստատումը»։

Հարգարժան պրոֆեսոր Էլդար Իսմայիլով, սա նշանակում է, որ 1918թ. ապրիլին Ստեփան Շահումյանն իրավաբանորեն հանվել էր Կովկասի գործերով արտակարգ կոմիսարի պաշտոնից։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ ուշադրություն դարձրեք այն բանին, որ Օրջոնիկիձեի լիազորությունները տարածվում էին մինչև «ներառյալ Բաքուն»։ Այսինքն՝ Շահումյանը բոլշևիկյան հիերարխիայով, որպես Բաքվի խորհրդի ղեկավար, անցնում էր Օրջոնիկիձեի ուղղակի ենթակայության տակ։

Հիմա՝ Շահումյան-Ժորդանիա բլոկի մասին, որը պարոն Իսմայիլովն ընդհանրապես կասկածի տակ է առնում։ Բաց ենք անում Վ.Ի. Լենինի Երկերի լիակատար ժողովածուի 50-րդ հ., էջ 82-ը և կարդում. «Ս.Գ. Շահումյանին։ 1918թ. մայիսի 24, Մոսկվա։ Սիրելի ընկեր Շահումյան։ Օգտվում եմ մեկ անգամ ևս Ձեզ մի երկու խոսք ուղարկելու առիթից (վերջերս Ձեզ նամակ էի ուղարկել՝ մի առիթով. ստացե՞լ եք արդյոք)։ Բաքվի դրությունը դժվարին է միջազգային առումով։ Ուստի, խորհուրդ կտայի փորձել բլոկ կազմել Ժորդանիայի հետ։ Եթե անհնար է, հարկավոր է խուսանավել և ձգձգել որոշումը, քանի դեռ չեք ամրացել ռազմական առումով։ Սթափ հաշվարկ և ձգձգման դիվանագիտություն. հիշեք սա։ Գործի գցեք ռադիոն և Աստրախանով ինձ նամակներ ուղարկեք։ Լավագույն ողջույններով՝ Ձեր Լենին»։

Այս շրջանը բնութագրվում է Մոսկվայում բոլշևիկների և մենշևիկների (որոնց գլխավորում էր Յուլի Մարտովը) միջև պայքարի սրմամբ։ 1918թ. մարտի 26-ին և 27-ին բոլշևիկների գլխավոր տպագիր օրգան «Պրավդա» թերթում ի հայտ եկան ՌԽՖՍՀ ազգությունների գործերով ժողկոմ Իոսիֆ Ստալինի «Հակահեղափոխականներն Անդրկովկասում՝ սոցիալիզմի դիմակի տակ» հոդվածները։ Նկարագրելով 1917թ. հոկտեմբերից սկսած՝ իրադարձություններն Անդրկովկասում, նա մեղադրում էր մենշևիկների առաջնորդներին՝ Չխեիձեին, Գեգեչկորիին, Ժորդանիային, այն բանում, որ նրանք «դեն են նետել սոցիալիստական խաղալիքները և բռնել են հակահեղափոխության ուղին՝ իրենց կուսակցական դրոշով քողարկելով Անդրկովկասյան կոմիսարիատի այլանդակությունները»։ Խոսքն այն մասին էր, որ 1917թ. դեկտեմբերին Անդրկովկասյան կոմիսարիատի հրամանով մենշևիկյան ազդեցության տակ գտնվող ազգային զորամասերը զավթեցին Թիֆլիսի զինանոցը, ջարդուփշուր արեցին բոլշևիկյան մամուլը։ Այնուհետև կոմիսարիատը ձեռնամուխ եղավ Կովկասյան ռազմաճակատից Ռուսաստան վերադարձող զորամասերի զինաթափմանը։ 1918թ. հունվարին Շամխոր կայարանում (Գյանջային մոտ) և Խաչմասում (Բաքվին մոտ) սպանվեցին և վիրավորվեցին հազարավոր ռուս զինվորներ։ Դրան հաջորդեց ցուցարարների գնդակահարությունը Թիֆլիսի Ալեքսանդրյան այգում։ Այնուհետև սկսվեցին ոչ պակաս ողբերգական ազգամիջյան բախումները Բաքվում (1918-ի մարտի խտովությունը)։ Սակայն այս իրադարձություններին մենշևիկյան կենտրոնական մամուլը գրեթե ուշադրություն չէր հատկացնում։ Ինչպես այս առնչությամբ նշել է Լև Տրոցկին, «Կովկասում սոցիալ-դեմոկրատիայի պայքարը «դեմոկրատիայի» համար ձեռք է բերել որոշ իմաստով խորհրդանշական բնույթ»։ Նման խորհրդանիշերի իմաստն այն էր, որ վրացի մենշևիկները, ձևականորեն չլքելով ՌՍԴ(բ)Կ շարքերը, երկրամասում սկսեցին վարել «ազգային կադրային քաղաքականություն»՝ նրանից դուրս վանելով «եկվոր տարրը»։ Որպես ազգությունների գործերով ժողկոմ և կովկասյան խնդիրների գիտակ՝ Ստալինը պատասխանատու էր նաև նախկին Ռուսական կայսրության այս հատվածի իրադարձությունների համար։ Այսպես ծնվեց Թիֆլիսի հեղաշրջման գաղափարը։ Վրացական սոցիալ-դեմոկրատիայի ներսում հաշվարկն արվում էր ՌՍԴ(բ)Կ ԿԿ անդամ, մենշևիկ Ծերեթելու խմբի վրա, որը հանդես էր գալիս թուրքերի և գերմանացիների դեմ պայքար կազմակերպելու համար Խորհրդային Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելու օգտին։ Նա այն ժամանակ հայտարարում էր, թե «հեղափոխությունը Ռուսաստանում մեկն է, բայց հարկավոր է, որպեսզի այն չճզմի անհաշտ ճամբարների բաժանվելու բեռը»։ Բուն Թիֆլիսում 1918թ. ապրիլի սկզբին պետք է բռնկվեր տեղի զինվորական կայազորի ապստամբությունը։ Այդ ընթացքում Թիֆլիսին պետք է մոտենային նաև Բաքվի կոմունայի կարմիրգվարդիականները։ Այս նպատակի համար Մոսկվան Բաքու գործուղեց Մուրավյովի՝ Ուկրաինայից տեղափոխված ջոկատները։ Այս առնչությամբ «Առաջ» թերթում երևան եկավ Մարտովի «Եվս մեկ անգամ «հրետանային պատրաստության» մասին» հրապարակումը։ Նա բացահայտ հայտարարեց, որ մոսկովյան բոլշևիկներն արշավ են կազմակերպում դեպի Կովկաս՝ «այն պարտավորությունների կատարման նպատակով, որոնք ստանձնել է Լենինը Բրեստում. Բաթումը, Կարսը և Արդահանը հանձնել Թուրքիային»։ 1918թ. ապրիլի 26-ին Ռուսաստանի մենշևիկների կուսակցական օրգան «Նոր կյանք» թերթը» տպագրում է ՌՍԴ(բ)Կ ԿԿ Պետրոգրադի բյուրոյի հաղորդագրությունը. «Տերի մարզի և Վլադիկավկազի բոլշևիկները որոշել են վերջ տալ անդրկովկասյան սեյմին, որտեղ գերակշռում են մենշևիկները և սոցիալիստ-հեղափոխականները, պատժիչ էքսպեդիցիա են կազմակերպում հետևյալ ուղղություններով. առաջինը Վլադիկավկազից Արդվին Մամիկոնյան լեռնանցքով դեպի Քութայիսի նահանգ, երկրորդը՝ Ռազմավիրական ճանապարհով դեպի Թիֆլիս, երրորդ ուղղությունը՝ արևելքից Բաքվի խորհրդի հարվածային ջոկատներն էին։ Էքսպեդիցիային միացել էր նաև հայտնի արկածախնդիր Էնվեր փաշայի եղբայրը՝ Նուրին, որը Թիֆլիսի հեղաշրջմանը պետք է աջակցեր Ելիզավետպոլից դեպի Կարմիր կամուրջ հարձակվելով՝ Պարսկաստանից եկած թուրքական ջոկատներով»։

Ստալինը կատաղել էր Մարտովի այս ելույթից և նրան մեղադրեց «կեղտոտ զրպարտության» մեջ։ Մարտովին ծանուցագիր ներկայացվեց՝ ներկայանալ Մոսկվայի Հեղափոխական տրիբունալ։ Մարտովը պահանջեց որպես վկա կանչել հայտնի վրացի սոցիալ-դեմոկրատ Իսիդոր Ռամիշվիլուն, Նոյ Ժորդանիային և նույնիսկ Շահումյանին։ Բանն այն էր, որ 1918թ. հունվարին բոլշևիկների կողմից Հիմնադիր ժողովի ցրումից հետո մենշևիկները գաղափար հղացան բոլշևիկյան Լենին-Տրոցկի-Ստալին «եռյակին» հակադրել մենշևիկյանը՝ Պլեխանով-Մարտով-Ծերեթելի։ Ընդ որում՝ նշենք, որ 1918թ. ապրիլին Մոսկվայի խորհրդի կազմում մենշևիկները պատկառելի ֆրակցիա ունեին՝ 42 մանդատ։ Ուստի, Յուլի Մարտովի գործողությունները բարդ բազմաքայլ քաղաքական կոմբինացիա էին հիշեցնում, որում Վրաստանին վերապահվում էր «դեմոկրատական պլացդարմի» դերը, որից կարելի կլիներ հարձակում սկսել Մոսկվայի դեմ։ Նրան հաջողվեց Թիֆլիս ուղարկել հարցումներ «կուսակցության գծով իր ընկերներին», որպեսզի նրանք «գրավոր վկայություն-ցուցմունքներ» պատրաստեն նաև Ստալինի հեղափոխական անցյալի վերաբերյալ։ Սակայն Չխեիձեն, Գեգեչկորին և Ժորդանիան չպատասխանեցին Մարտովին։ 1918թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում Մարտովի գործով տրիբունալի նիստերը, այնուամենայնիվ, դադարեցվեցին նրա՝ «անենթադատ լինելու պատճառով»։ Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշ անդամներ խիստ առարկեցին սրան։ Ապրիլի 23-ի երեկոյան «Մետրոպոլ» նախկին հյուրանոցում ԿԳԿ նիստի ժամանակ արդարադատության ժողկոմ Պյոտր Ստուչկան պահանջեց վերանայել գործը։ Ըստ ամենայնի, խնդիրն այն էր, որ Ստալինի հասցեին Մարտովի առաջ քաշած մեղադրանքները ոչ միայն հնչեցվել էին հրապարակավ, այլև տարածվել էին ժամանակի բազմաթիվ թերթերում։ Ստալինին չհաջողվեց տարհամոզել դատավորներին։ Բայց Մարտովին հաջողվեց խափանել Թիֆլիսում պատրաստվող հեղաշրջումը։ 1918թ. հունիսի 14-ին նրան հեռացրին Համառուսաստանյան ԿԳԿ-ից՝ մի խումբ այլ մենշևիկների հետ միասին, որոնք մեղադրվում էին «հակահեղափոխությանն օժանդակելու, սպիտակ չեխերին աջակցելու, երկրի արևելքում կազմավորված հակախորհրդային կառավարություններին մասնակցելու, խորհրդային իշխանության դեմ ապստամբություններ կազմակերպելու մեջ»։

Այժմ՝ պրոֆեսոր Էլդար Իսմայիլովի երկրորդ թեզիսի մասին. «Տարասովը նոր փաստարկ է առաջ քաշում և գրում է. «Գյանջայի թուրքերը», ինչպես պարզվեց ավելի ուշ», կողմնորոշված էին ոչ թե դեպի պաշտոնական Ստամբուլ, այլ դեպի Մուսթաֆա Քեմալը։ Մի՞թե 1918-ին քաղաքական գործիչներից որևէ մեկը կողմնորոշված էր դեպի Մուսթաֆա Քեմալը։ Ստանիսլավ, ուշքի եկեք։ Խոսքը չէ՞ որ 1920 թվականի մասին չէ»։

Մենք խելքներս գլուխներս հավաքեցինք, հարգելի պրոֆեսոր, և մեջբերենք մի փաստաթուղթ, որը հայտնաբերել ենք Հյուսիսային Օսիայի պատմական արխիվում (Արխիվ СОНИИ, ф.з-35, оп. 1, ед. хр.8, стр.1-6)։ Դա Օսիայի Ժողովրդական խորհրդի հաշվետվությունն է Կոստանդնուպոլսյան կոնֆերանսի աշխատանքի մասին, որը պատրաստել էին Բամատովը և Խալիլովը։ Թվագրված է 1918թ. նոյեմբերի 1-ով։ Մեջբերենք. «Կոնֆերանսը գումարվել է Թուրքիայի առաջարկով։ Հրավերք են ստացել Կովկասում կազմավորված բոլոր նոր պետությունները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և Հյուսիսային Կովկասը (այսպես է փաստաթղթում- Ս.Տ.)։ Նշված հանրապետությունների պատվիրակությունները հունիսի 20-ից նստած են Ստամբուլում՝ սպասելով կոնֆերանսին, որը, սակայն, մինչ այժմ չի սկսվել։ Հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ կոնֆերանսը։ Կովկասի հարցն ընդհանրապես չէր լուծվել Թուրքիայի և Գերմանիայի միջև։ Կովկասի մուսուլմանները, հատկապես Ադրբեջանը, չեն թաքցնում իրենց զգացմունքները և հենց սկզբից էլ բացահայտ հայտարարում էին թուրքերին ՝ Թուրքիայի հետ միավորվելու իրենց ցանկության մասին։ Բայց Ադրբեջանի կառավարության պատվիրակության նախագահ, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Մամեդ-Էմին Ռասուլ-զադեն հայտարարեց, որ ոչ թե խալիֆայության, այլ թյուրքական ազգային գաղափարի նախանձախնդիրն է։ Նա ֆեդերալիստ է՝ թյուրքիզմի լայն շրջանակներում, պատկերացնում է ոչ թե մեկ կենտրոնացված պետություն, այլ մի քանի անկախ պետություններ, հայտարարում է, թե շուտով Ներքին Անատոլիայում կհայտնվի առաջնորդ Քեմալը։ Նա, Մամեդ-Էմինի կարծիքով, ջանում է ժողովուրդներին միավորել ոչ միայն նացիոնալիզմի սկզբունքների հիման վրա։ Կրոնին պետք է հատկացվի նրան պատշաճող տեղ, և միայն նրա հիման վրա այլևս չի կարելի պետություն կերտել։ Մամեդ-Էմինի մտքերն արձագանք են գտնում թուրքական հանրային կարծիքի որոշ մասում։ Բայց Օսմանյան կայսրությունում սրա ընդդիմախոսն է մնում միայն Էնվեր փաշան, որն այլ հայացքի կողմնակից է՝ իսլամիզմի»։

Ինչ վերաբերում է Էլդար Իսմայիլովի երրորդ թեզիսին, որն անդրադառնում է «Տարասովի գիտակցության մեջ չձևավորված մենշևիկների, բոլշևիկների, մուսավաթականների և թուրքերի բլոկին, ապա մենք արդեն մասամբ պատասխանեցինք այս հարցին։ Նշենք միայն, որ Բաքվի խորհուրդը ցրելու, ադրբեջանական կառավարության՝ Գյանջայից Բաքու տեղափոխումը կազմակերպելու անհրաժեշտության, Ադրբեջանի Հիմնադիր ժողովի ընտրություններ անցկացնելու մասին հիշատակվում է Աստրախանի մարզի պատմական արխիվում մեր հայտնաբերած՝ Գրիգորի Կարգանովի 1918թ. հուլիսի 5-ի՝ Մոսկվա ուղարկված նամակում (փակագծերում նշենք, որ այն Կրեմլ չի հասել և «լռվել-մնացել» է Ստալինի գրասենյակում)։ Կարգանովը գրում է, որ Աստրախանից ստացված ցուցումով Շահումյանը 1918թ. հունիսի վերջին բանակցություններ սկսեց աջ էսէռ Սահակյանի, դաշնակցականներ Առաքելյանի, Նուրիջանյանի, Մելիք-Յոլչյանի, Համազասպի, գնդապետներ Ավետիսովի և Ղազարովի և Ադրբեջանի ազգային խորհրդի ներկայացուցիչ Բեբութ խան Ջևանշիրի հետ։ Ջևանշիրը, օրինակ, խորհուրդ էր տալիս Շահումյանին Բաքվի խորհրդի նախագահ անցկացնել Մեշադի Ազիզբեկովին, ադրբեջանցու, որպեսզի վերանային մեղադրանքները բոլշևիկների հասցեին այն առումով, որ նրանք «ադրբեջանական Բաքվում աջակցում են հայկական խորհրդային իշխանությանը»։ Շահումյանը, ինչպես նշում է Կարգանովը, համաձայնել է։ Թե ինչ ստացվեց դրանից՝ լավ հայտնի է։    

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am