Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Հոկտեմբեր 2011, N 10

ԱՇԽԱՐՀԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Սեպտեմբերյան համեմատական անդորրից հետո եղանակը հոկտեմբերին համաշխարհային քաղաքականության մեջ կտրուկ վատթարացավ։ Աշնան երկրորդ ամիսը բուռն՝ սենսացիոն և, միևնույն ժամանակ, ողբերգական իրադարձություններ բերեց։ Թե որն էր դրանց սենսացիոնությունը և ողբերգականությունը՝ կներկայացնենք ստորև։

Հոկտեմբերն սկսվեց Թուրքիայի «գազային» դեմարշից, որը հայտարարեց, որ չեղյալ է համարում գազային պայմանագիրը Ռուսաստանի հետ։ Ինչպես հայտարարեց այդ երկրի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը, դա պայմանավորված էր նրանով, որ ռուսական կողմը հրաժարվել է իջեցնել գազի սակագինը։

Հոկտեմբերին գերմանացիները նույնպես «բաժին ունեցան» Թուրքիայից։ Այս անգամ այդ երկրի վարչապետն այնքան էր լպիրշացել, որ նրանց մեղադրել էր ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Նա պնդել է, թե իբր գերմանական բարեգործական հիմնադրամները ֆինանսավորում են Քրդական աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), կազմակերպություն, որն ահաբեկչական է ճանաչվել ոչ միայն ԵՄ-ում, այլ նաև Թուրքիայում։

Ըստ Էրդողանի՝ որոշ կազմակերպություններ իբր զբաղված են թուրքական քաղաքների ենթակառուցվածքի բարելավմամբ, բայց իրականում միջոցներն ուղղում են ահաբեկիչների կարիքներին։ «Թուրքական պետական կառույցները, որոնք կասկածելի գործարքներ են հայտնաբերել, գերմանացի գործընկերներին տեղեկացրել են կատարվածի մասին, սակայն ոչ մի պատասխանի չեն արժանացել»,- ասաց Էրդողանը։ Նրա այս հավաստիացումն ակնհայտ սուտ և զրպարտություն էր, քանի որ պաշտոնական անձինք Բեռլինում պատրաստակամություն են հայտնել մանրազնին ստուգել գերմանական կազմակերպությունների կողմից ահաբեկչության հովանավորության մասին ցանկացած տվյալ։

Ամսվա սկզբին տագնապալի զանգ հնչեց Պենտագոնից, որում մտահոգություն էր հայտնվում «արաբական գարնան» արդյունքներից, որոնք արդեն բացասական ազդեցություն էին ունենում Մերձավոր Արևելքում ԱՄՆ մերձավոր դաշնակցի վրա։ Խոսքն Իսրայելի մասին է, որը, ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի խոսքով, հայտնվել է մեկուսացման մեջ։ Պենտագոնի ղեկավարը հատկապես ընդգծել է, որ դրան աջակցել է այսպես կոչված «արաբական գարունը»։ Այս կապակցությամբ Պանետան իսրայելական իշխանություններին հորդորել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել տարածաշրջանում նախկին գործընկերների, մասնավորապես՝ Թուրքիայի և Եգիպտոսի հետ։ Սակայն Պանետան հաշվի չի առել Թուրքիայի դիրքորոշումը, որն ամեն ինչ է արել՝ Իսրայելի հետ հարաբերություններն ավելի սրելու համար։ Time ամսագրին տված հարցազրույցում Էրդողանը քննադատել է Իսրայելին։ Պաղեստինի անկախության ճանաչման հետ կապված իրավիճակը մեկնաբանելով՝ նա հայտարարել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում 89 բանաձև է եղել Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին։ Սակայն, ըստ նրա, դրանցից ոչ մեկն ի կատար չի ածվել, այնինչ այլ երկրների նկատմամբ «պատժամիջոցները շատ արագ են կիրառվում»։ «Եթե Իսրայելի հանդեպ գոնե մի անգամ պատժամիջոցներ կիրառեին, ես վստահ եմ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը վաղուց լուծված կլիներ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Հոկտեմբերի սկիզբը հաջող էր ֆրանսիացի սոցիալիստների համար, որոնց ներկայացուցիչն առաջին անգամ Հինգերորդ հանրապետության պատմության մեջ գլխավորեց սենատը։ Ժան-Պիեռ Բելը հաղթանակ է տարել քվեարկության առաջին փուլում՝ հետևում թողնելով իշխող «Հանուն ժողովրդական շարժման միության» (UMP) ներկայացուցչին՝ աջ կենտրոնամետ Ժերար Լարշեին։ Փորձագետների գնահատականներով՝ Ժան-Պիեռ Բելի հաղթանակը հատուկ նշանակություն է ձեռք բերում 2012թ. նախագահական ընտրությունների նախաշեմին։ Հենց սոցիալիստների կուսակցությունն է UMP-ի հիմնական մրցակիցը։

Հոկտեմբերին տեղի ունեցավ 110-րդ նոբելյան շաբաթը։ Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում հեղինակավոր այս մրցանակի դափնեկիր դարձան Բրյուս Բոյթլերը (ԱՄՆ), Ժյուլ Հոֆմանը (Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա) և Ռալֆ Սթայնմանը (Կանադա)։ Նրանց անունները հրապարակելուց ուղիղ երեք ժամ հետո Նոբելյան կոմիտեն իմացավ, որ գիտնականներից մեկը՝ կանադացի պրոֆեսոր Ռալֆ Սթայնմանը, վախճանվել է մինչև նոբելյան շաբաթն սկսվելը։

2011թ. ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակակիր դարձան ամերիկյան գիտնականներ Սոլ Փերլմութերը, Ադամ Րիսը և Ավստրալիայի ու ԱՄՆ քաղաքացի Բրայան Շմիդտը։ Քիմիայի բնագավառում դափնեկիր դարձավ իսրայելցի գիտնական Դենիել Շեհթմանը։ Հայտնի շվեդ բանաստեղծ Թոմաս Թրանստրյոմերն այս բարձր պարգևին արժանացավ գրականության ոլորտում։ 2011թ. խաղաղության Նոբելյան մրցանակը միմյանց հետ կիսեցին երեք կանայք՝ Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը, լիբերիական իրավապաշտպան Լեյմա Գբովին և եմենցի ակտիվիստ Թավաքուլ Քարմանը։ Նոբելյան նորվեգական կոմիտեի ընտրությունը ջերմորեն ողջունեցին ֆեմինիստական շարժման ներկայացուցիչներն ամբողջ աշխարհում։

Նոբելյան շաբաթն ավարտվեց Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված՝ տնտեսության գծով Շվեդական բանկի մրցանակակիրների հայտարարման արարողությամբ։ Նրանք էին ամերիկացիներ Թոմաս Սարջենթը և Քրիսթոֆեր Սիմսը։

Հոկտեմբերի 6-ին տխուր լուր ստացվեց ԱՄՆ-ից, որտեղ ծանր և երկարատև հիվանդությունից հետո, 56 տարեկանում վախճանվեց Apple ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Ջոբսը։ Ջոբսի մահվան լուրն ակնթարթորեն տարածվեց աշխարհով մեկ։ Ականավոր նորարարի և գործարարի մահվան առիթով ցավակցություններ հայտնեցին ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները։ Սթիվ Ջոբսին իրավամբ կարելի է անվանել մարդ, որը բեկում մտցրեց թվային տեխնոլոգիաների ոլորտում։

Հոկտեմբերին պետական այցով Հայաստան այցելեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Իհարկե, դա առաջին հերթին ներքաղաքական իրադարձություն էր, բայց մյուս կողմից՝ Երևանում Ֆրանսիայի ղեկավարի արած հայտարարությունները և նրա այցի արդյունքները դուրս են գալիս մեր երկրի սահմաններից։ Սկսենք նրանից, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր այցելության ժամանակ, ինչը շատ խորհրդանշական է, Սարկոզին կոշտ քննադատեց թուրքական իշխանությունների մերժողական քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ երկիր է և պետք է կարողանա ուղիղ նայել ինչպես իր պատմության լուսավոր, այնպես էլ այն էջերին, որոնք ստվերոտ են։ «Ճիշտ այնպես, ինչպես դա արել են մյուս մեծ երկրները, ինչպես, օրինակ, Գերմանիան։ Պետություններն ավելի ուժեղ են դառնում, երբ ճանաչում և ընդունում են իրենց պատմությունը»,- ասաց Ֆրանսիայի նախագահը։ Ավելին, Սարկոզին ասաց, որ Թուրքիան պետք է անպայման ճանաչի Ցեղասպանության փաստը, հակառակ դեպքում Փարիզը քրեական պատասխանատվություն կմտցնի դրա ժխտման համար։

Նրա հայտարարությունները, ինչպես և սպասվում էր, վրդովմունքի փոթորիկ առաջացրին Թուրքիայում, որտեղ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչները (իհարկե, ոչ առանց Էրդողանի մասնակցության) շտապեցին իրենց մաղձը թափել Ֆրանսիայի նախագահի գլխին։ Կանգ չենք առնի նրանց հայտարարությունների վրա, քանի որ դրանցում ոչ մի նոր բան չկա։ Նշենք միայն, որ Սարկոզին, իրեն հատուկ պրագմատիկությամբ, ավելի ուշ մեկնաբանեց Թուրքիայի ներկայացուցիչների հարձակումները։ Իր խորհրդականների հետ քննարկելով Ցեղասպանության մասին հայտարարությունը և թուրքական կողմի արձագանքը՝ Ֆրանսիայի նախագահն ասաց, որ ոչ մի բանի համար չի ափսոսում։ Խորհրդականները նախազգուշացրին Սարկոզիին Անկարայի ավելի լուրջ արձագանքի հնարավորության մասին, ինչին ֆրանսիական առաջնորդը պատասխանեց. «Այսպես թե այնպես, թուրքերն ատում են ինձ, այնպես որ՝ ոչ մի խնդիր չկա»։ Մյուս կողմից՝ Սարկոզիի այցը Հայաստան և այստեղ արված հայտարարություններն այնքան էլ դրվատական գնահատականների չարժանացան Հայաստանի փորձագիտական շրջանակների որոշ ներկայացուցիչների կողմից։ Նրանք տպավորություն էին ստացել, թե «նախագահի տարածաշրջանային այցելությունը մտածվել էր մեկ նպատակով՝ գալ Երևան, շփվել հայերի հետ, նրանց միջոցով գրավել Ֆրանսիայի հայ համայնքի ձայները նախագահական ընտրությունների նախօրեին»։

Այս դատողությունները տրամաբանությունից զրկված չեն՝ հաշվի առնելով Սարկոզիի ոչ այնքան լավ վարկանիշը և այն փաստը, որ ֆրանսահայերը փոքր դեր չեն խաղում Ֆրանսիայի նախագահի ընտրություններում։

Ինչ վերաբերում է ֆրանսիական պետության գործող ղեկավարի վարկանիշին. ամսվա կեսին սոցիալիստական կուսակցությունը ներկուսակցական ընտրություններ անցկացրեց, այսպես կոչված «փրայմերիզ», որոնց արդյունքներով սոցիալիստների կողմից հաղթող և երկրի նախագահի թեկնածու դարձավ Ֆրանսուա Օլանդը։ Անմիջապես դրանից հետո CSA հեղինակավոր ինստիտուտը հրապարակեց հանրային կարծիքի հարցումը, որի համաձայն՝ սոցիալիստ Օլանդը վայելած ժողովրդականությամբ լրջորեն գերազանցում է գործող նախագահ Սարկոզիին։ Առաջին փուլում սոցկուսակցության թեկնածուի համար քվեարկելու պատրաստակամություն է հայտնել պոտենցիալ ընտրողների 35%-ը։ Ելիսեյան պալատի ներկայիս տերը կհավաքեր ընդամենը 25%։ Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա Օլանդի և Սարկոզիի մենամարտի ելքը կրկին հօգուտ ընդդիմության թեկնածուի կլիներ. ուժերի դասավորությունը կկազմեր ձայների 62%-ը 38-ի համեմատ։ Հաշվի առնելով, որ մինչև ընտրություններն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել (ֆրանսիացիները նախագահ են ընտրելու 2012թ. գարնանը), Սարկոզիի գործերն այնքան էլ լավ, եթե չասենք՝ բոլորովին լավ չեն ընթանում։

Իսկ այդ ընթացքում նախընտրական կրքեր էին եռում Վրաստանում։ Հոկտեմբերին գործող նախագահ Սաակաշվիլին հերթական մրցակիցն ունեցավ՝ հանձին միլիարդատեր Բիձին Իվանիշվիլու, որն իր կարողությունը դիզել է Ռուսաստանում։ Թվում է, թե սովորական բան է, ոչ մի արտասովոր բան. դե, մարդը որոշել է մասնակցել քաղաքականությանը և ընտրություններին։ Բայց՝ չէ։ Այս իրադարձությունը ցնցել է Վրաստանը, վերածվել խեղկատակության, ինչը վկայում է այն մասին, որ այս երկրում քաղաքական մշակույթ չկա, երկիր, որը Սաակաշվիլին, առիթ-անառիթ, անվանում է «դեմոկրատիայի փարոս Կովկասում» և «կովկասյան Սինգապուր»։ Չենք խորանա այս իրադարձությունների մանրամասների մեջ, քանի որ դրանք ներկայացնելու համար մեր ամսագրի շատ էջերի կարիքը կզգացվեր։ Նշենք միայն, որ Վրաստանի իշխանությունները շատ արագ չեզոքացրին «սպառնալիքը»՝ Իվանիշվիլուն զրկելով քաղաքացիությունից։ Վրաստանի արդարադատության նախարարությունում ասացին, որ գործարարը Ֆրանսիայի քաղաքացի է, իսկ վրացական օրենքներով չի կարելի մի քանի պետության անձնագիր ունենալ։ Հիմա Իվանիշվիլին չի կարողանա մասնակցել 2012թ. խորհրդարանական ընտրություններին։ Սեպտեմբերի կեսերին Միացյալ Նահանգներում սկսված բողոքի ակցիաները չդադարեցին նաև հոկտեմբերին։ Բողոքների կազմակերպիչը «Զավթիր Ուոլ-սթրիթը» զանգվածային շարժումն էր։ Հազարավոր ցուցարարներ անցնում էին Նյու Յորքի փողոցներով, բողոքի գործողություններ կազմակերպվեցին նաև Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում։ «Զավթիր Ուոլ-սթրիթը» ակցիան պաշտպանում էին մի քանի կոնգրեսական, իսկ միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսը հայտարարեց, որ «հասկանում է այն հարկատուների դժգոհությունը», որոնց փողերը գնում են ճգնաժամից տուժած բանկերին օգնելուն։ Բողոքների առիթ հանդիսացան խնդիրները ԱՄՆ ֆինանսական ոլորտում, ինչի մեղքն ակցիաների մասնակիցները դնում են խոշոր բանկերի և կորպորացիաների վրա։

Հոկտեմբերի կեսին հազարավոր ցուցարարներ տարբեր մայրցամաքների քաղաքների փողոցներ դուրս եկան՝ աջակցելու «Զավթիր Ուոլ-սթրիթը» շարժմանը։ Ի պաշտպանություն ԱՄՆ «ֆինանսական ահաբեկչության» դեմ ակցիայի ցույցեր տեղի ունեցան Եվրոպայում, Ասիայում և նույնիսկ հեռավոր ու կայուն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Բողոքի ակցիաները տարբեր քաղաքներում հիմնականում խաղաղ բնույթ էին կրում, բացի Հռոմից, որտեղ սկզբում խաղաղ ցույցը հետո վերածվեց զանգվածային անկարգությունների ու ջարդարարության։ Ցուցարարների ագրեսիվ տրամադրված խմբերի (որոնք հրդեհում էին ավտոմեքենաները, կոտրում խանութների ցուցափեղկերը, բանկերի պատուհանների ապակիները) հետ ոստիկանների բախումների հետևանքով տուժեց 135 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների 105 աշխատակից։ Անկարգությունների պատճառով Հռոմին հասցված վնասը, փորձագետների գնահատականներով, կարող է հասնել երկու միլիոն եվրոյի։

Շատերն այս իրադարձություններն ընկալեցին որպես «արաբական գարնան» ազդեցություն, հասարակության արթնացում երկրագնդի բոլոր անկյուններում։ Մինչդեռ, այսպես կոչված «արաբական գարնան» արդյունքներն այն երկրներում, որտեղ այն արդեն անցել է, բոլորովին այլ էին, քան սպասում էին այդ նույն Արևմուտքում։ Հոկտեմբերին Եգիպտոսով մեկ անցավ տեղի քրիստոնյա ղպտիների զանգվածային բողոքի ալիքը։ Բողոքի առիթ էր հանդիսացել երկրի հարավի գյուղերից մեկում մուսուլմանների կազմակերպած ջարդարարությունը։ Նրանք այրել էին տեղի եկեղեցին, միաժամանակ թալանել տեղի ղպտի համայնքի տներն ու խանութները։ Իրավապահ մարմինները չփորձեցին պարզել միջադեպը։ Վրդովված ղպտիները ցույցի դուրս եկան Կահիրեում, որին մասնակցում էր մոտ 10 հազար մարդ։ Բողոքի ակցիան վերաճեց բախման ոստիկանների և զինվորականների հետ։ 36 մարդ, այդ թվում՝ մի քանի զինվոր, զոհվեց, և ավելի քան 300-ը վիրավորվեց։ Իշխանությունները ստիպված եղան մայրաքաղաքում պարետային ժամ մտցնել։ Հոկտեմբերյան իրադարձությունները Կահիրեում, դիտորդների կարծիքով, հին և պարբերաբար ի հայտ եկող երևույթի՝ իսլամական աշխարհում բնիկ ոչ մուսուլման բնակչության հետապնդումների թարմ օրինակ է և նշանն այն բանի, որ հեղափոխությունից հետո Եգիպտոսը շարժվելու է իսլամացման ուղղությամբ։

Այդ ընթացքում սիրիացի ընդդիմադիրներին ոչ մի կերպ չէր հաջողվում «դեմոկրատացնել» Սիրիան և տապալել իշխող ռեժիմը։ Բաշար Ասադը վստահորեն շարունակում էր ճնշել իր հակառակորդների ելույթները՝ գիտակցելով, թե երկիրն ինչ քաոսի մեջ կընկնի՝ Արևմուտքի կողմից հրահանգավորվող ընդդիմության պլանների իրագործման պարագայում։ Իսկ Արևմուտքում անդադրում սպառնում էին Ասադին, կոչ անում հրաժարական տալ։ Այսպես, ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում հանդիպումից հետո հայտարարեցին, որ Ասադի հեռանալը հնարավորություն կընձեռի քաղաքական բարեփոխումներ սկսել Սիրիայում։ Նախարարների հայտարարության մեջ ողջունվում է միասնական քաղաքական պլատֆորմ մշակելու սիրիական ընդդիմության ձգտումը և ընդգծվում առաջին ընդդիմադիր միավորման՝ սիրիական ազգային խորհրդի ստեղծման կարևորությունը։ Իրենց արևմտյան հրահանգիչներին ձայնակցեցին նաև Լիբիայի նոր իշխանությունները, որոնք հոկտեմբերին սիրիական ազգային խորհուրդը Սիրիայում իշխանության միակ լեգիտիմ մարմինը ճանաչեցին։ Սիրիական ընդդիմադիրներին ճանաչելուն զուգահեռ՝ լիբիական իշխանությունները հայտարարեցին Տրիպոլիում սիրիական դեսպանությունը փակելու մասին։ Ի դեպ, արժե հիշեցնել, որ սիրիական ազգային խորհուրդը ստեղծվել է ոչ առանց տարածաշրջանում գլխավոր սադրիչի և քաղաքական դիվերսանտի՝ Թուրքիայի մասնակցության։ Համենայնդեպս, Ասադի հակառակորդների այդ «օրգանը» կազմավորվեց Ստամբուլում 2011թ. օգոստոսին։ Խորհրդի գործադիր կոմիտեն կազմված է յոթ մարդուց, իսկ նրա քարտուղարությունը 29 անդամ ունի, որոնց մեջ կան «Մուսուլման եղբայրներ» շարժման մասնակիցներ, քրդական և քրիստոնեական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև լիբերալ և անկախ ընդդիմադիրներ։

Հոկտեմբերի 11-ին Կիևի դատարանը կայացրեց Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճիռը, որին մեղադրում էին լիազորությունների չարաշահման մեջ։ Նախկին «նարնջագույն լեդիին» դատապարտեցին յոթ տարվա ազատազրկման։ Դատավորը նախկին վարչապետին մեղավոր ճանաչեց լիազորությունների չարաշահման մեջ 2009թ. Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր կնքելիս։ Դատարանը բավարարեց նաև «Նավթոգազ» ընկերության քաղաքացիական հայցը՝ վճռելով, որ Տիմոշենկոյից պետք է առգրավվի նշված՝ 1 մլրդ 516 մլն գրիվենը (մոտ 187 մլն դոլար)։ Բացի այդ, Տիմոշենկոյին երեք տարով արգելվեց ղեկավար պաշտոններ զբաղեցնել պետական իշխանության մարմիններում։ Ինքը՝ Տիմոշենկոն, հայտարարեց, որ դատավճռի հետ համաձայն չէ։ Դատարանի որոշման հետ համաձայն չէին նաև ԵՄ-ում և ԱՄՆ-ում՝ ասելով, որ Տիմոշենկոյին դատապարտել են քաղաքական մոտիվներով։ Եվրոպացիներն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին սպառնացել են հարաբերությունների սառեցմամբ և նույնիսկ չեղյալ են հայտարարել ամսվա վերջին նախատեսվող հանդիպումը Բրյուսելում։ Ի պատասխան՝ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է, թե Եվրամիության քաղաքական գործիչների պահանջները Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու վերաբերյալ տեղին չեն։ Նա հորդորել է Արևմուտքին հարգել Ուկրաինային, նշանակում է՝ նաև չխառնվել իրավապահ մարմինների և դատարանների աշխատանքին։

Տիմոշենկոյին աջակցություն հայտնեցին ոչ միայն Արևմուտքում, այլև Ռուսաստանում։ Վլադիմիր Պուտինը տարակուսանք էր հայտնել դատավճռի հետ կապված և ասել էր, որ Տիմոշենկոն գազի վերաբերյալ պայմանագրեր չի ստորագրել Ռուսաստանի հետ։ Նա նշեց, որ փաստաթղթերը ստորագրվել են տնտեսվարող սուբյեկտների, այսինքն՝ «Գազպրոմի» և «Նավթոգազի» մակարդակով։ Բացի այդ, Պուտինն ընդգծեց, որ «վտանգավոր է և ոչ արդյունավետ կասկածի տակ դնել գազային պայմանավորվածությունների համալիրը»։

Սակայն մի շարք պետությունների ղեկավարների դիրքորոշումը Տիմոշենկոյի հարցում ազդեցություն չունեցավ Յանուկովիչի վրա, որը չէր պատրաստվում կասկածի տակ դնել այն, որ նախկին վարչապետն իր գործողություններով հսկայական նյութական վնաս է հասցրել Ուկրաինային։

Տիմոշենկոյի դատավճռի հրապարակումից մի քանի օր հետո երկրորդ քրեական գործը հարուցվեց։ Այս անգամ նրան մեղադրում էին այն բանում, որ «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» մասնավոր կորպորացիայի պարտքերը դրել է Ուկրաինայի պետական բյուջեի վրա։ Իր երկրի շահերը պաշտպանելու Յանուկովիչի անդրդվելիությունն իրավամբ արժանի է հարգանքի. ամեն ղեկավար չէ, որ կարող է դիմանալ Արևմուտքի ճնշմանը։

Ամսվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում ձերբակալվել են երկու իրանցի, որոնք մեղադրվում են սաուդյան դեսպանի մահափորձի և Իսրայելում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման նախապատրաստման մեջ։ Ձերբակալվածներից մեկն ընդունեց իր մեղքը և տեղեկացրեց, որ հարձակման պլանի մշակման ու ֆինանսավորման հետ առնչություն ունի նաև Իրանի կառավարությունը։ Ինչպես հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Իրանը միջազգային նորմերի «աղաղակող» խախտում է կատարել, ինչն ստիպում է ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել մյուս երկրներին համոզելու, որ պահպանեն և խստացնեն Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Մինչդեռ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Խազաին կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և ՄԱԿ Անվտանգության խորհրդին գրած նամակում ԱՄՆ-ին մեղադրում է «պատերազմ հրահրելու» մեջ։ ԻԻՀ նախագահի խորհրդական Ալի Աքբար Ջաֆանֆեքրը, իր հերթին, հայտարարել է, որ «դա նախապես սարքված սցենար է՝ շեղելու համար ամերիկյան հանրության ուշադրությունը ԱՄՆ ներքին հիմնախնդիրներից»։

Հոկտեմբերին կարևոր մարզական իրադարձություն տեղի ունեցավ. ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում անցկացված մրցախաղերի արդյունքներով՝ որոշվեցին մրցաշարի եզրափակիչ մասի 10 մասնակիցները։ Դրանք են. Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Հունաստանը, Անգլիան, Դանիան և Իսպանիան, որոնք առաջին տեղն են զբաղեցրել իրենց խմբերում, ինչպես նաև Շվեդիայի հավաքականը, որն ամենաշատ միավորներն է հավաքել երկրորդ տեղը գրաված թիմերի մեջ։ Եվրո-2012-ի եզրափակիչում կխաղան նաև Ուկրաինայի և Լեհաստանի հավաքականները, որոնք չեն մասնակցել ընտրական խաղերին, քանի որ մրցաշարի տերերն են հանդիսանում։ Եզրափակչի ևս չորս մասնակից կորոշվեն Թուրքիայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Խորվաթիայի, Չեռնոգորիայի, Պորտուգալիայի և Չեխիայի հավաքականների վճռական հանդիպումներից հետո։ Ցավոք, Հայաստանի հավաքականին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ մրցախաղերի փուլ Դուբլինում Իռլանդիայի հավաքականի հետ վճռական հանդիպման ժամանակ իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի ոչ օբյեկտիվ մրցավարության պատճառով։ Մեր թիմը, որը փայլուն արդյունքներ էր ցուցադրում և արժանանում ֆուտբոլի աշխարհի ամենահեղինակավոր փորձագետների ամենաբարձր գնահատականներին, իռլանդացիների հետ խաղում տանուլ տվեց 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականը գրեթե ողջ մրցախաղն անցկացրեց ոչ լրիվ կազմով այն բանից հետո, երբ Գոնսալեսը սխալմամբ կարմիր քարտ ցույց տվեց և դաշտից հեռացրեց դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Նա իբր տեսել էր, թե Բերեզովսկին ձեռքով է խաղացել տուգանայինից դուրս, թեև կրկնությունների ժամանակ երևում էր, որ գնդակը չի դիպել նրա ձեռքին, այլ ընդհակառակը, իռլանդացի Սայմոն Քոկսն է ձեռքով իրեն հարմարեցրել այն հարվածից առաջ։ Հետո Քոկսն ինքն էլ է խոստովանել, որ ձեռքով ինքն է խաղացել ոչ թե հայերի դարպասապահը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ներկայացրել՝ ՈւԵՖԱ-ին խնդրելով չեղյալ համարել մեր դարպասապահի կարմիր քարտը։ Թեև, մենք կարծում ենք, որ հայկական կողմը լրիվ իրավունք ուներ պահանջելու, որ մրցախաղը նորից անցկացվեր, բայց ՈւԵՖԱ-ն, փաստորեն պաշտպանելով իսպանացի մրցավարի սխալը, մերժեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ցավոք, Ռոման Բերեզովսկին մեկ խաղ բաց կթողնի ԱԱ-2014-ի ընտրական մրցաշարի շրջանակներում։

Հոկտեմբերին էլ ավելի սրվեց իրավիճակը ԵՄ պարտքային ճգնաժամի հետ կապված։ Եվրոպայի այսպես կոչված միասնությունը խոր ճաքեր է տալիս. եվրոպական առաջատար երկրների ղեկավարները չկարողացան պայմանավորվել խորտակվող Հունաստանին ֆինանսական աջակցություն հատկացնելու շուրջ։ Այս ֆոնին ամերիկյան ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը վերջին ժամանակներս ակտիվորեն հանդես է գալիս ճգնաժամից Եվրոպան «փրկելու» առաջարկներով, ինչպես նաև Եվրամիության 95 նախկին պաշտոնյաներ բաց նամակով դիմեցին եվրագոտու իշխանություններին՝ հայտարարելով, որ պարտքային ճգնաժամը պետք է հաղթահարվի առաջիկայում, քանի որ այն սպառնում է «փլուզել գլոբալ ֆինանսական համակարգը»։ The Financial Times թերթում հրապարակված նամակի հեղինակները նշում են, որ «ներկայում ձեռնարկվող միջոցները խիստ աննշան են և խիստ անժամանակ, դրանք ավելացնում են գլոբալ ֆինանսական փլուզման ռիսկերը»։

Եվրոպայում այդ ընթացքում հասունանում էր մեկ այլ խնդիր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների առնչությամբ։ Խոսքն ամերիկյան ՀՀՊ համակարգի մասին է Եվրոպայում, որը, Վաշինգտոնի պնդմամբ, պետք է պաշտպանի եվրոպացիներին իրանական հրթիռներից։ Սկզբում Մոսկվայում հայտարարեցին, թե ռազմատեխնիկական բնույթի միջոցներ են պատրաստվում ի պատասխան ՀՀՊ տեղադրման։ Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը «Կոմերսանտ» թերթին ասել է, որ ռուսական իշխանություններն արդեն ունեն «ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչ պետք է անել»։ «Մեր պատասխանն էժան կնստի, բայց չափազանց արդյունավետ կլինի»,- ընդգծել էր նա։ «Կոմերսանտի» զրուցակիցը Կրեմլի որոշումը բացատրել էր նրանով, որ ամերիկացիները պատրաստվում են ՀՀՊ տեղակայել Եվրոպայում՝ հաշվի չառնելով Ռուսաստանի կարծիքը։ Մասնավորապես, ԱՄՆ-ը պատրաստ չէ իրավաբանական երաշխիքներ տալ, որ ՀՀՊ օբյեկտները չեն զսպելու ռուսական միջուկային ուժերին։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նման երաշխիքների մասին համաձայնագիր Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը կստորագրեն 2012թ. մայիսին, Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովում։ ՌԴ ԱԳՆ-ում «Կոմերսանտի» զրուցակցի տվյալներով՝ Պենտագոնը և ԿՀՎ-ն են համոզել Օբամային՝ չստորագրել փաստաթուղթը։

Այս հայտարարությունից մի քանի օր հետո Ռուսաստանը գործնական քայլերի անցավ Եվրոպայում առայժմ գոյություն չունեցող ՀՀՊ սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ։ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տեղակայմանը Ռուսաստանի պատասխաններից մեկը կդառնան «Իսկանդեր-М» օպերատիվ-տակտիկական հրթիռների նորագույն համալիրները, որոնք կարող են կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային սպառազինություններ, և որոնց հեռահարությունը 500 կմ է։ Դա միանգամայն բավական է, որ Լենինգրադի մարզի տարածքից ոչնչացվեն օբյեկտներ Մերձբալթիկայում և Արևելյան Լեհաստանում, Բելառուսի տարածքից՝ Կենտրոնական Լեհաստանում, իսկ Կալինինգրադի մարզի տարածքից՝ Գերմանիայում։

Սա, ըստ երևույթին, զգաստացնող ազդեցություն է գործել ամերիկացիների վրա, որոնք հոկտեմբերի 18-ին հայտարարեցին, թե պատրաստ են գրավոր երաշխիքներ տալ, որ իրենց եվրոպական ՀՀՊ համակարգը չի ուղղվելու Ռուսաստանի դեմ։ Նման հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Էլեն Թոշերը։ Դրա հետ մեկտեղ, ըստ նրա՝ իրավաբանորեն պարտադրող ոչ մի փաստաթուղթ, որն ամերիկացիներից պահանջում են ռուսաստանյան իշխանությունները, Կրեմլին չի տրամադրվի։

Իր հերթին, ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության հարցերով գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Փաթրիկ Օ'Ռեյլին հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ՌԴ-ին կառաջարկեն օգտագործել իր պոտենցիալը՝ ամերիկյան հրթիռային սպառնալիքների գնահատման համար։ Ըստ նրա՝ Մոսկվան սեփական ռադարների օգնությամբ կարող է հետևել ամերիկյան որսիչ հրթիռների փորձարկումներին, որոնք տեղակայվելու են եվրոպական երկրների տարածքում։

Այնինչ, ամերիկացիների գործողությունները ռուսական կողմին բոլորովին ձեռնտու չեն։ Այն ոչ միայն այդ համակարգի ուղղվածության, այլև բոլոր պարամետրերի իրավաբանական երաշխիքներ է պահանջում։

Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, «մենք ենթադրում էինք, թե այս պայմանագիրը ներառելու է ուղղվածության չափանիշները՝ որսիչ հրթիռների քանակը, դրանց տեղակայման վայրերը, այդ հրթիռների արագությունը, հեռահարությունը»։ Այս ամենը պետք է երաշխավորի, որ ՀՀՊ համակարգը Եվրոպայում չի թուլացնի ռուսաստանյան ռազմավարական միջուկային պոտենցիալը։ Ընդ որում՝ երաշխիքներ պետք է տա ոչ միայն ԱՄՆ-ը, այլ նաև ՆԱՏՕ-ն, ընդգծել է քաղաքական գործիչը։ Մոսկվան, ըստ նրա, ոչ մի զիջում չպետք է անի ամերիկացիներին և պետք է մնա իր դիրքում։

Հոկտեմբերին եվրոպացիների համար խիստ հետաքրքիր և ուսանելի նորություն ստացվեց Շվեյցարիայից։ Մուսուլման ներգաղթյալների մի խումբ ուզում է Շվեյցարիային ստիպել հրաժարվել ներկայիս դրոշից (սպիտակ խաչ կարմիր ֆոնին)։ Իբր, այն ոտնահարում է ոչ քրիստոնեական կրոնների ներկայացուցիչների զգացումները։ Փոխարենը նրանք առաջարկում են կանաչա-դեղնա-կարմրավուն դրոշ, որը գոյություն ուներ 18-19-րդ դդ. սահմանագծին Հելվետիկ հանրապետությունում։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են, մանավանդ որ եվրոպական հանդուրժողականության դառը պտուղների մասին շատ է խոսվում և գրվում։

Իսկ ահա Ռուսաստանում այս իմաստով միանգամայն այլ ավանդույթներ գոյություն ունեն։ Հոկտեմբերին Մոսկվայի իշխանությունները փակ հարցախույզ են անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ մոսկվացիների մեկ երրորդը բացասական վերաբերմունք ունի արտասահմանից և Ռուսաստանի այլ շրջաններից եկածների հանդեպ։ Ի դեպ, 2011թ. սկզբին մոսկվացիների 11%-ն ասել էր, թե առաջին հերթին քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պետք է լուծի «մերձավոր Ասիայից եկածների խնդիրը»։ Ինչպես «Մոսկովսկիե նովոստի» թերթին տեղեկացրել է «Սովա» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի (զբաղվում է քսենոֆոբիայի հարցերով) տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին, Մոսկվայում ստացված տվյալները մոտ են համառուսաստանյան տվյալներին։ Ըստ նրա՝ Ռուսաստանում միջինը միգրանտների հանդեպ վատ է տրամադրված բնակչության 33%-ը։

Հոկտեմբերի վերջին ավարտվեց իսրայելցի կապրալ Գիլադ Շալիթի հետ կապված պատումը, որը 2006թ. հունիսից գերության մեջ էր գտնվում ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների մոտ։ Համաձայնությունը, որը ձեռք բերեցին իսրայելցիներն ու իսլամիստները, նախադեպը չուներ. Շալիթի «դիմաց» ազատ արձակվեցին 1027 պաղեստինցիներ։ Այս պարագայում ականատեսը դարձանք Իսրայել պետության գլխավոր սկզբունքներից մեկի՝ թշնամու տարածքում չթողնել ոչ վիրավոր, ոչ մեռած ընկերներին։

Հոկտեմբերի 18-ին կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ ԱՊՀ պատմության մեջ։ ԱՊՀ գրեթե բոլոր երկրների կառավարությունների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում պայմանագիր ստորագրեցին ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը ձեռնպահ մնացին այն ընդունելուց, սակայն այդ պետությունների կառավարությունները ծրագրում են այս տարվա ընթացքում միանալ այդ գոտուն։ «Պայմանագրի ընդունումը թույլ կտա վերացնել շատ պատնեշներ և որակական նոր քայլ կատարել մեր տնտեսությունների զարգացման ոււղությամբ։ Ազատ առևտրի գոտու ստեղծումը նշանակում է, որ ապրանքների բազմաթիվ խմբերի համար մենք կհանենք արտահանման և ներմուծման մաքսավճարները։ Դա նշանակում է, որ ապրանքները մեր շուկաներ կմտնեն ավելի ցածր գներով»,- փաստաթղթի ստորագրման առիթով ընդգծել է ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Մոլդովան, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Իսկ այժմ անդրադառնանք հոկտեմբերի ամենադրամատիկական իրադարձությանը՝ Լիբիայի պաշտոնազրկված առաջնորդ Մուամար Քադաֆիի վախճանին։ Գնդապետն սպանվել էր հոկտեմբերի 20-ի երեկոյան, Սիրթ քաղաքի գրոհի ժամանակ, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրի նոր իշխանություններին ցուցաբերվող ընդդիմության օջախն էր։ Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) վարչապետ Մահմուդ Ջիբրիլն այս առիթով հատուկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայտարարեց. «Մուամար Քադաֆին սպանված է։ Այդ պահին մենք երկար ենք սպասել»։ Արևմտյան ղեկավարներն, իրենց հերթին, շտապեցին հանդես գալ «դեմոկրատիայի վերջնական հաղթանակի», «Լիբիայի ժողովրդի նոր կյանքի» մասին հոխորտալի և ամպագոռգոռ հայտարարություններով։ Բայց եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ոչ մի հաղթանակ էլ չկա։ Դրա փոխարեն իրականացվել է դաժան սպանություն, անդատ ու անդատաստան հաշվեհարդար հակառակորդի նկատմամբ։ Չէ՞ որ տեղեկություն կա այն մասին, որ Քադաֆին, թեկուզև վիրավոր, բայց ողջ էր բռնվել, և նրան ավելի ուշ են սպանել։ Որևէ հիմք չկա հավատալու լիբիական նոր իշխանությունների հավաստիացումներին, թե գնդապետը վախճանվել է հոսպիտալի ճանապարհին, ստացած վերքերից։ Նրանց չհավատացին նաև հեղինակավոր միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը և անգամ ՄԱԿ մարդու իրավունքների գծով գլխավոր հանձնակատարը, որոնք պահանջեցին Քադաֆիի մահվան հանգամանքների անկախ հետաքննություն անցկացնել։ Այդ օրերին գնդապետի մահվան բազմաթիվ վարկածներ էին հնչում։

Բայց գլխավորը ոչ թե Լիբիայի նախկին առաջնորդի մահվան մանրամասներն են, այլ այն, թե ինչպես իրենց պահեցին «ազատարարները»՝ ԱԱԽ ներկայացուցիչները, որոնց սարսափեցնում էր անգամ Քադաֆիի դին։ Սկզբում խռովարարները հայտարարեցին, թե գնդապետին կթաղեն գաղտնի վայրում, որպեսզի այն ուխտատեղի չդառնա, իսկ հետո այնքան ցածրացան, որ դին ցուցադրման դրեցին Միսուրաթի մսի տաղավարում։ Լիբիայի «ազատարարներին» հավանաբար թվացել էր, թե նրանց հաջողվել է նվաստացնել Լիբիայի ջամահիրիայի առաջնորդին, իրականում դա ավելի շատ նման էր ինքնանվաստացման, սեփական սարսափը բարբարոսական արյունալի շոուով քողարկելու փորձի։ Ճիշտ նույն կերպ վարվեցին նաև Քադաֆիի որդու՝ Մութասիմի դիակի հետ, որն սպանվել էր հոր հետ միասին Սիրթի մերձակայքում։ Մենք հակված ենք կարծելու, որ Մուամար Քադաֆին հեռացավ չպարտված, մինչև վերջ պայքարելով զենքը ձեռքին։ Ի դեպ, նա նաև խոսքի մարդ էր, չէ՞ որ Լիբիայում ապստամբությունն սկսվելուց հետո նա հայտարարել էր, թե չի լքի երկիրը և կպայքարի մինչև արյան վերջին կաթիլը։ Եվս մեկ կարևոր հանգամանք. Մուամար Քադաֆին խուսափեց ապստամբների կողմից Տրիպոլիում, կամ որ ավելի վատ է՝ միջազգային հանրության կողմից Հաագայի դատարանի խայտառակ դատաստանից։ Ինչ վերաբերում է Լիբիայի պատմության «նոր էջին», ապա այստեղ ամեն ինչ այնքան էլ գունագեղ չէ, ինչպես թվում է արևմտյան որոշ առաջնորդների։ Փորձագիտական հանրությունը միակարծիք է, որ Լիբիայում դեմոկրատիան չի հաղթանակի և երկիրը չի բարգավաճի, այլ քաոս կտիրի և կսկսվի նրա բնական ռեսուրսների անխնա չարաշահում, «նավթակարկանդակի» սովորական բաժանում արևմտյան «ազատարարների» ձեռքով։

Ամսվա վերջին կրկին սրվեց իրավիճակը Թուրքիայում՝ կապված քրդական գրոհայինների խոշոր ելույթի հետ։ Հոկտեմբերի 19-ին Քրդստանի Աշխատավորական կուսակցության ապստամբները հարձակում գործեցին թուրքական սահմանամերձ Հաքյարի գյուղի վրա։ Ինչպես տեղեկացրին տեղական ԶԼՄ-ները, խռովարարների հետ մարտում զոհվել են 26 թուրք զինվոր, ևս մոտ երեք տասնյակ վիրավորվել է։ Գրոհայինների հարձակումներին ի պատասխան՝ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին Իրաքի հյուսիսի քրդերի դեմ ծավալուն ռազմական գործողություն սկսելու մասին։ Գործի դրվեցին հատուկջոկատայինները, հրետանին և նույնիսկ մարտական ինքնաթիռները։ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը քրդերին սպառնաց, որ «վրեժը դաժան է լինելու»։ Սակայն այդ հայտարարությունը որևէ ազդեցություն չգործեց գրոհայինների վրա։ Ավելին, նրանք խոստացան հատուցման ջախջախիչ հարված հասցնել Թուրքիային։ «Թուրքական բանակը կենթարկվի ավելի ուժեղ հարվածի, եթե փորձի գործողություն իրականացնել Թուրքիայի սահմաններից դուրս»,- հայտարարեց Քրդստանի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Ահմեդ Դենիսը։            

Ամսվա վերջը նշանավորվեց ևս մեկ ողբերգական իրադարձությամբ։ Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի հարավ-արևելքում՝ Վան նահանգում տեղի ունեցավ 7,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ։ Հոկտեմբերի 30-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է ավելի քան 590 մարդու, աղետի գոտում տուժել է ավելի քան 4 հազար մարդ։ Հարկ է նշել, որ, չնայած ողբերգությանը, Թուրքիայի իշխանություններն այս իրավիճակում էլ սկսեցին քաղաքական խաղեր տալ։ Բանն այն է, որ երկրաշարժից անմիջապես հետո իրենց օգնությունն առաջարկեցին Հայաստանը և Իսրայելը, սակայն Անկարան հրաժարվեց առաջարկից՝ ցուցադրաբար ընդունելով միայն Ադրբեջանի, Պակիստանի և Իրանի օգնությունը։ Սակայն մի քանի օր հետո թուրքական իշխանություններն ստիպված էին խոստովանել, որ ի վիճակի չեն հաղթահարել տարերային աղետի հետևանքները և օգնություն են խնդրել սկզբում Իսրայելից, իսկ հետո՝ նաև Հայաստանից։ Իհարկե, Երևանին Թուրքիայի իշխանությունները դիմել էին թուրքական Կարմիր մահիկի և տարերային աղետների արձագանքման Եվրատլանտյան կոորդինացիոն կենտրոնի միջոցով։ Հոկտեմբերի 28-ին «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիա մեկնեց Իլ-76 ինքնաթիռը՝ 40 տոննա հումանիտար բեռ տանելով։

Ամսվա վերջը հաջող էր Բաքվի իշխանությունների համար. Ադրբեջանն առաջին անգամ ընտրվեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ (Եվրոպայից՝ Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքներով։ Մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ էին ընտրվել նաև Տոգոյի Հանրապետությունը, Պակիստանը, Գվատեմալան և Մարոկոն։ Նոր պետությունների անդամակցությունը ՄԱԿ առանցքային մարմնին, գործող կանոնադրությանը համապատասխան, կտևի երկու տարի՝ 2012թ. հունվարի 1-ից, երբ իրենց տեղը կազատեն Բոսնիա-Հերցեգովինան, Բրազիլիան, Գաբոնը, Լիբանանը և Նիգերիան։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է ՄԱԿ 15 անդամից։ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են։ Ընդ որում՝ վետոյի իրավունք Անվտանգության խորհրդի ցանկացած որոշման վրա ունեն միայն այդ մարմնի մշտական անդամները։

Հոկտեմբերի վերջին Հայաստանի նախագահը պետական այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն։ Այցի առաջին օրը Սերժ Սարգսյանն այցելեց Հայ Առաքելական եկեղեցու՝ վերջերս Մոսկվայում կառուցված եկեղեցական համալիր, մասնակցեց Մայր տաճարի գմբեթի խաչերի օծման արարողությանը։ Հաջորդ օրը Հայաստանի ղեկավարը եղավ Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, որտեղ հանդիպեց ուսանողների, ՄՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Այստեղ Սերժ Սարգսյանն արժանացավ համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։ Հաջորդ օրը Հայաստանի նախագահը հանդիպեց ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը մեկ անգամ ևս հայտարարեցին հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, «նախագահների մակարդակով, կառավարությունների մակարդակով, նախարարական մակարդակով ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որտեղ կարելի է քննարկել ցանկացած հարց, իսկ դա ամենագլխավորն է բարեկամների հարաբերություններում»։

Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը քննարկեցին երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ տնտեսության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, համատեղ գործունեության տարբեր ասպեկտներ տարածաշրջանային ֆորումների, մասնավորապես՝ ՀԱՊԿ շրջանակում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հանդիպման արդյունքներով ստորագրվեցին փաստաթղթեր առողջապահության, երիտասարդական քաղաքականության, տնտեսության ոլորտներում փոխգործակցության մասին, միջպետական համաձայնագիր հումանիտար ոլորտում համագործակցության մասին, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլանը 2012-2013թթ.։

Ի պատիվ Հայաստանի նախագահի՝ Ռուսաստանի ղեկավարը պետական ճաշ տվեց, որի ընթացքում Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին հանձնեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգևը՝ Փառքի շքանշանը։ Ռուսաստանի նախագահը պարգևատրվեց Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, ՀՀ-ի ՌԴ-ի միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման և ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության ապահովման գործում ունեցած անձնական պատկառելի ավանդի համար։ Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպեց նաև Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովի հետ, այցելեց Մոսկվայի քաղաքապետարան, որտեղ հանդիպեց Սերգեյ Սոբյանինին, իսկ մեր պետության ղեկավարի պետական այցն ավարտվեց ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմամբ։

Ամսվա վերջին հայտնի դարձավ Լիբիայում ՆԱՏՕ գործողության ավարտի մասին։ Այս մասին տեղեկացրեց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ նշելով, որ վերջնական որոշումը կայացվել է Բրյուսելում դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Ռասմուսենի հայտարարությունն արվեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի քվեարկությունից մեկ օր հետո, երբ որոշում էր կայացվել Լիբիայում միջազգային ռազմական գործողություն իրականացնելու մանդատի ավարտի մասին։ Վերափոխելով Հուլիոս Կեսարի «եկա, տեսա, հաղթեցի» արտահայտությունը Լիբիայում ՆԱՏՕ-ականների գործողության պարագայի համար, որը նրանք անվանել էին «քաղաքացիական բնակչության պաշտպանություն», կարելի է ասել՝ «եկան, կործանեցին, գնացին»։

Ջանալով կանխել իր երկրի կործանումը՝ Սիրիայի նախագահը հոկտեմբերի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ միջամտությունը կարող է «երկրաշարժ» հրահրել Մերձավոր Արևելքում։ «Սիրիան տարածաշրջանի կենտրոնն է, այստեղով է անցնում երկրաշարժի գիծը, եթե դրա հետ խաղ անես, կարող է երկրաշարժ առաջանալ։ Ցանկացած խնդիր Սիրիայում հրդեհ կառաջացնի տարածաշրջանում։ Եվ եթե գոյություն ունեն Սիրիայի բաժանման պլաններ, ապա կփլուզվի նաև ողջ տարածաշրջանը»,- հայտարարել է Ասադը։

Եվ ահա այս ֆոնին, հոկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը ծրագրում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցի շրջանում Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո։ The New York Times-ի տվյալներով՝ սպասվում է, որ ԱՄՆ լրացուցիչ զորքերը կտեղակայվեն Քուվեյթում։ Այստեղից, ինչպես նշում են պարբերականի զրուցակիցները, ամերիկացիները կկարողանան վերահսկել իրավիճակն Իրաքում և օպերատիվորեն արձագանքել Իրանի հետ հակամարտության դեպքում։ Բացի այդ, նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը քննարկում է Պարսից ծոցի միջազգային ջրեր նոր ռազմանավեր ուղարկելու հարցը։

Եվ այսպես, կարելի է փաստել, որ հոկտեմբերի վերջին օրերին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կարող են նոր գործընթացի սկիզբ հանդիսանալ Մերձավոր Արևելքում։ Կանխատեսումներ չենք անի, թե ինչ տեղի կունենա այդ պայթյունավտանգ տարածաշրջանում, քանի որ ոչ ոք մանրամասն ոչինչ չգիտի Վաշինգտոնում և արևմտյան այլ կենտրոններում աշխարհաքաղաքականության ճարտարապետների մշակած ծրագրերի մասին։ Բայց շատ փորձագետներ հակված են կարծել, թե տարածաշրջանը համեմատական կանխատեսելիության շրջանից անցում է կատարել դրսից թելադրվող անհաշվարկելի տուրբուլենտության փուլ։ Խոսքն ԱՄՆ նոր աշխարհաքաղաքական նախագծի մասին է՝ «Մեծ Մերձավոր և Միջին Արևելք» (ՄՄՄԱ) անվամբ, հյուսիսաֆրիկյան և կենտրոնաասիական տարածքի ձևաչափի փոփոխման ուղղությամբ՝ երկարատև կառավարելի քաոսի գոտի ստեղծելու նպատակով։ Եթե հավատանք այդ պնդումներին, ապա կարելի է ասել, որ համաշխարհային քաղաքականությանը «թեժ» շրջան է սպասվում։

Այսպիսին էր հոկտեմբեր-2011-ն աշխարհում։     

Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am