Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հոկտեմբեր 2011, N 10

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր-2011-ը ունիկալ էր ինչպես իրադարձային, այնպես էլ բովանդակային առումներով։ Այսօր կարելի է վստահաբար ասել, որ երկրում ի հայտ են եկել երկիշխանության ավարտի առաջին իրական նշանները։ Հավանաբար, շուտով ուժերի ներկայիս դասավորությունը պահելու երկարատև, անիմաստ փորձերը կդադարեն` ի հետևանք այն բանի, որ հիմնական դերակատարները կհասկանան այն անհերքելի ճշմարտությունը, որ երկիշխանությունը երկար տևել չի կարող, և մեր դեպքում այն կձգվի այնքան ժամանակ, մինչև որ սկսվեն նախընտրական պատրաստությունները։ Եվ դրանք արդեն սկսվել են։

Հոկտեմբերին քիչ էր մնում ստորագրվեր հերթական «հուշագիրն» իշխող կուսակցությունների միջև, որոնք իրենք իրենց և մեզ բոլորիս հավաստիացնում էին Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանրապետականների հավերժական սիրո ու բարեկամության մասին։ Ասում են՝ Ծառուկյանի առջև պայման է դրվել՝ 10.000 տոկոսանոց երաշխիք տալ, որ 2013թ. ընտրությունների ժամանակ 10.000 տոկոսանոց աջակցություն է ցուցաբերելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը։ ԲՀԿ առաջնորդն, իբր, երկար հապաղում էր, սպասեց նախագահ Սարգսյանի Մոսկվա այցելության ավարտին (հավանաբար, սպասում էր մետրոպոլիայից ինչ-որ մեսիջներ ստանալ), իսկ հետո կրկին հրապարակավ հայտարարեց, որ հավատարիմ է մնում կոալիցիայի տառին և ոգուն։ Բայց, ինչպեսև նախկինում, խուսափեց միանշանակ պատասխանել «Դուք ո՞ւմ հետ եք, պրն Ծառուկյան» հարցին։

Ամսվա վերջին անսպասելի հրաժարական տվեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Հայտարարեց, թե, իբր, հեռանում է անձնական պատճառներով և պատրաստվում է զբաղվել բիզնեսով, իսկ տեղյակ մարդիկ ասում են, որ Կարապետյանն առաջարկություն է ստացել զբաղեցնելու ռուսական «Գազպրոմի» ղեկավարի մի քանի տասնյակ տեղակալների աթոռներից մեկը։ Բայց Կարեն Կարապետյանի ապագան մեզ քիչ է հետաքրքրում, ինչպես նաև նրա բուռն անցյալը։ Անհամեմատ ավելի հետաքրքիր է Երևանի քաղաքապետի հեռանալու իսկական պատճառը։

Ինչպես մյուս Կարեն Կարապետյանի՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի դեպքում, այս անգամ նույնպես բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին։ Դրանցից մեկը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հետ կոնֆլիկտի վարկածն էր։ Մյուսը՝ իբր քաղաքապետը դժգոհ էր իր «հանճարեղ» գործունեությունից անշնորհակալ երևանցիների դժգոհությունից։ Սա, իհարկե, այդպես չէ, բայց շատ ճշմարտանման է հնչում՝ հաշվի առնելով Կարապետյանի վառ արտահայտված սնոբիզմը, որն իրեն եթե աշխարհինը չէ, ապա գոնե Ալեքսեյ Միլլերի ընդունարանի կենտրոնն է համարում (ասում են՝ քաղաքապետը նախագահին բողոքել է այն անեծքներից, որ նրա հասցեին ուղղում են իր կողմից օթևանազրկված երևանցիները։ Սրան կարելի է հավատալ, քանի որ, ինչպես բոլոր սնոբները, Կարապետյանն իրեն իրավունք է վերապահում անել այն, ինչ մտքով անցնում է՝ սեփական տեսակետը միակ ճշմարտությունը համարելով, իսկ հետո անկեղծորեն տարակուսել, եթե որևէ մեկը հավանություն չտա նրա գործողություններին կամ խոսքերին)։

Բայց Կարապետյանի հեռանալու իսկական պատճառը, ինչպես ինձ է թվում, այլ է։ Կարծում եմ՝ Երևանի քաղաքապետը, ինչպեսև նրա անվանակիցը նախագահի աշխատակազմից, հեռացավ (ժամանակավորապես) քաղաքականությունից՝ չցանկանալով բարդ ընտրություն կատարել երկու դեմքերի՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, որոնց պայքարն առաջիկա մեկուկես տարում կարող է եթե չկործանել էլ հայոց պետությունը, ապա, առնվազն, սասանել նրա հիմքերը։ Գործնական և բարոյական տեսակետներից Կարապետյանին կարելի է հասկանալ. նրան հավասար չափով մտերիմ են երկու նախագահն էլ, երկուսի հետ էլ լավ է աշխատել։ Ուրեմն, ինչո՞ւ դառնալ նրանցից մեկի թշնամին։ Իմաստուն որոշում է, թեև ոչ սողոմոնյան, բայց փոխարենը կօգնի Կարապետյանին մեկ-մեկուկես տարի նստել Մոսկվայում, իսկ հետո պարզ կլինի. ուժերի և իրադարձությունների ցանկացած դասավորության, մենամարտի ցանկացած ելքի պարագայում Կարապետյանը կարող է վերադառնալ, որին ուրախ կլինի տեսնել հաղթողներից յուրաքանչյուրը։

Իսկ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին առաջադրվել է Տարոն Մարգարյանը՝ քաղաքագլխի առաջին տեղակալը։ Առաջադրվել է նրա համար, որ ծնվել է Անդրանիկ Մարգարյանի ընտանիքում, որը հայ ժողովրդի համար ավանդական ճակատագրի բերումով յոթ տարի ղեկավարել է ՀՀ կառավարությունը։ Այլ արժանիքներ ոչ ոք Տարոն Մարգարյանին վերագրել չի կարող, եթե ուզենա առարկայորեն ինչ-որ բան ասել։

Ամսվա վերջին օրը լուր պտտվեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազատման և այդ պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի՝ պաշտպանության փոխնախարարի նշանակման մասին։ Իսկ մեկ օր անց, երբ համարն արդեն պատրաստ էր տպարան ուղարկվելու, ստացվեցին պաշտոնական տեղեկությունները նշանակումների մասին։ Ի՞նչ կարելի է ասել սրա վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը, հավանաբար, հասկացավ, որ հավատարիմ մարդկանց հետ մարտի գնալը չափազանց քիչ է հաջողության համար, իսկ Ալիկ Սարգսյանը թեև համարվում էր Սարգսյանի մարդը, թույլ էր ոչ միայն Հայաստանի քաղաքական հարթությունում մարտական գործողություններ վարելու, այլև երկրի ոստիկանությունը ղեկավարելու համար։ Համենայնդեպս, նրա գալով այս գերատեսչությունում անհամաձայնություն և ինտրիգներ սկսվեցին՝ նման նրանց, որոնք արդեն որերորդ տարին հյուծում են պաշտպանության նախարարությունը և դրա հետ մեկտեղ՝ նաև պետության պաշտպանունակությունը։

Իսկ Վովա Գասպարյանի՝ զինվորական օլիգարխիայի տիպիկ ներկայացուցչի վրա կդրվի բարդ առաքելություն՝ ջարդուփշուր անել նախագահ Սարգսյանի բոլոր ընդդիմախոսներին երկրորդ նախագահի ճամբարից։ Կարծում եմ՝ ամենից շատ բաժին կհասնի Գագիկ Ծառուկյանին։ Սակայն, ինչպես մեզ թվում է, ԲՀԿ առաջնորդը կդիմանա, քանի որ, նրա կարծիքով, 2013թ. փետրվարին այդ մղձավանջը կանցնի, և Ռոբերտ Քոչարյանի վերադարձով ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, իսկ շատերը, այդ թվում և Վովա Գասպարյանը, ստիպված կլինեն լրջորեն մտածել էմիգրացիայի մասին։

Համառոտ այսպիսին է երկրի ներքաղաքական գործընթացի ստվերային զարգացման պատկերը։ 

Անցնենք ոչ ստվերային բաղադրիչին։

Ամսվա սկզբին պետական այցով Հայաստանում էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Օդանավակայանից, ՀՀ նախագահի ուղեկցությամբ, նա ուղևորվեց Էջմիածին, իսկ հետո՝ Ծիծեռնակաբերդ։ Այնուհետև ամեն ինչ տեղի ունեցավ ըստ արարողակարգի. բանակցություններ, սիրալիրությունների փոխանակություն, կարևոր փաստաթղթերի ստորագրում, թանկարժեք նվերներ (նախագահ Սարկոզին Հայաստանին նվիրեց Ռոդենի քանդակը, որը տեղադրվեց Ֆրանսիայի հրապարակում)։ Հաջորդ օրը Ֆրանսիայի ղեկավարը մեկնեց Բաքու, որտեղ բանակցություններ վարեց Իլհամ Ալիևի հետ, հետո մի երկու ժամով կանգ առավ Թբիլիսիում։ Հետաքրքրական մանրամասն. Սարկոզիի՝ Հայաստան այցի կարգավիճակը բարձրագույնն էր՝ պետական, այնինչ հարևան երկրներ նրա այցելություններն աշխատանքային էին։ Եվս մի բան. նախագահ Սարգսյանն իր ֆրանսիացի գործընկերոջը պարգևատրեց Փառքի, իսկ վերջինը Սերժ Սարգսյանին՝ Պատվո լեգեոնի շքանշանով (ինչպեսև Միխայիլ Սաակաշվիլուն), այնինչ Իլհամ Ալիևին դրանից բաժին չհասավ. Սարկոզին Ֆրանսիայի բարձրագույն պարգևը հանձնեց նրա տիկնոջը՝ արևելյան գեղեցկուհի Մեղրիբանին, հավանաբար համարելով, որ վատ` «ավտորիտար» համբավ ունեցող Ալիևին պարգևատրելը կհակասի պոլիտկոռեկտությանը։

Հոկտեմբերին Հայաստանը նաև այլ՝ հյուրեր ունեցավ, փոքր ինչ ցածր կարգի, որոնց հետ հանդիպեց նախագահ Սարգսյանը։ Նրանց մեջ ամենից շատ տուժեց Նոբելյան մրցանակակիր, պետդումայի պատգամավոր, մի խոսքով՝ կարգին մարդ Ժորես Ալֆյորովը։ Չբերեց այն պատճառով, որ օր ծերության նրան ընտրել են Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, գիտակոմերցիոն տիպի կասկածելի դուքան, որի անդամներն են այնպիսի անհատներ, ինչպիսիք են Արմեն Դարբինյանը, Արամ Սիմոնյանը, Գագիկ Ղազինյանը և այլք, իսկ նման հաստատության անդամ լինելն այնքան էլ հարգալիր չէ Ալֆյորովի կարգի գիտնականի և գործչի համար։ Ինչպես ասում են՝ մարդուն «քաշեցին»...

Հայաստան եկավ նաև Ինտերպոլի ղեկավար Ռոնալդ Քենեթը, որին ընդունեց նախագահ Սարգսյանը։ Քննարկվեցին համագործակցության, փոխգործակցության վերաբերյալ հարցեր։ Մեկ օր հետո Երևան եկավ ԱՊՀ ՆԳՆ ղեկավարները։ Նա նույնպես զերծ չմնաց նախագահ Սարգսյանի ուշադրությունից։ Նախագահը հյուրընկալեց նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գեթեմյուլերին և տեղակալ Ուիլյամ Բեռնսին։ Հավանաբար, բավական լուրջ հարցեր են քննարկվել, եթե մեկը մյուսի հետևից բարեհաճեցին Հայաստան գալ միանգամից ամերիկյան երկու բարձրաստիճան դիվանագետներ։ Ավելի կամ պակաս չափով նշանակալի այլ այցելուներ էլ եղան, և իհարկե, զերծ չմնացինք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցելությունից։

Ամսվա ընթացքում պաշտոնների նշանակվածների մեջ քիչ չեն դատավորները, դիվանագետները, նշանակվել է նաև նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Այդ աթոռին բազմեց Վիգեն Սարգսյանը, որը նախկինում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր:

Հոկտեմբերն այնքան հագեցած էր ամեն տեսակ անիմաստ ու իմաստավորված այցելություններով, ուղևորություններով, հայտարարություններով, միջոցառումներով և զանազան իրադարձություններով, որ նույնիսկ դրանց բոլորի թվարկումն է անհնար թվում։ Դրա համար էլ սահմանափակվենք ասվածով և անցնենք համարի համառոտ տեսությանը։

Հոդվածների շարքը «Քաղաքականություն» խորագրում բացում է Արիզոնայից մեր մշտական հեղինակ Ռուբեն Վարդանյանի «Հայկական կավճաշրջան» հոդվածը։ Այն նվիրված է Վլադիմիր Պուտինի Եվրասիական միություն ստեղծելու առաջարկին։ Ի դեպ, Պուտինի հոդվածը, որն ամսվա սկզբին հրապարակվել է «Իզվեստիայում», մեծ արձագանք է առաջացրել ողջ աշխարհում (բացի Հայաստանից, որտեղ ոչ ոք նույնիսկ չփորձեց ըմբռնել կամ գոնե վերլուծել ռուս լիդերի հայեցակարգը, սահմանափակվեցին միայն ժլատ հերթապահ մեկնաբանություններով, դրա համար էլ որոշեցինք գոնե ինչ-որ կերպ լրացնել այդ բացը և այն վերատպել «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում)։ Եվ ես ուրախ եմ, որ պրն Վարդանյանն օվկիանոսի այն կողմում որոշել է արձագանքել Եվրասիական միության գաղափարին՝ կարծելով, որ դա այն է, ինչ անհրաժեշտ է Հայաստանին։

«Աշխարհաքաղաքականություն» խորագրում Ալեքսանդր Գարեգինյանը «Գնդապետ Քադաֆիի ողբերգությունը աշխարհաքաղաքական աղետների համատեքստում» հոդվածում գրում է արդարության, բանականության և ամբողջ ժողովուրդների հանդեպ արևմտյան հանրության (հանձին ՆԱՏՕ-ի և նրա լոկոմոտիվների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի) տոտալ անարգանքի մասին։ Լիբիական ողբերգությունը, հեղինակի կարծիքով, այդպիսին եղավ այն պատճառով, որ պատմության մեջ, հավանաբար, առաջին անգամ արտաքին ուժերը քթները խոթում են սուվերեն պետության ներքին գործերի մեջ՝ իբր արդարությունը վերականգնելու համար և հանդես են գալիս փոքրամասնության կողմում ընդդեմ... այդ պետության հանրության մեծամասնության։ Մի խոսքով՝ նյութը սովորականներից չէ, այնպես որ՝ հետաքրքիր կլինի կարդալ այն։

«Տնտեսություն» և «Մշակույթ» խորագրերում ներկայացված են ոչ մեծ նյութեր Կարեն Սաֆարյանի և Նելլի Նազարյանի հեղինակությամբ։ Կարենն իր «Հայաստանի հարկային քաղաքականության առանձնահատկությունները եկամուտների համահարթեցման համատեքստում» հոդվածում գրում է Հայաստանում եկամուտների անհավասարաչափ բաշխման, իսկ Նելլին՝ մշակութային գլոբալացման մասին։ Նրա հոդվածն անվանված է՝ «Մշակութային գլոբալիզացիայի էությունն ու հետևանքները»։

«Պատմություն» խորագրում Հովհաննես Պապիկյանը գրում է միևնույն ճակատագրին արժանացած երկու եկեղեցիների հուզիչ պատմության մասին։ Դեռ նախանցյալ դարում Ալեքսանդրապոլում որոշում են կառուցել Անիի Մայր տաճարի կրկնօրինակը, որը շուտով լրիվ կհավասարվի հողին։ Եկեղեցին կառուցում են տիտանական ջանքերի գնով, բայց այն կանգուն է մնում մեկ դարից ոչ ավելի՝ փլուզվելով Սպիտակի 1988թ. երկրաշարժի հարվածներից։ Մի խոսքով՝ հոդվածը հետաքրքիր է ինչպես փաստական, այնպես էլ բովանդակային առումով։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ։

«Հուշեր» խորագրում տնտեսագետ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանն այս անգամ գրում է Գուրգեն Փահլևանյանի մասին։ Խորհրդային դարաշրջանի այս ականավոր գործիչը երկար ժամանակ պատասխանատու բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայկական ԽՍՀ-ում. աշխատել է արտադրությունում, նախարար է եղել, ղեկավարել Երևանը (և՛ որպես քաղկոմի առաջին քարտուղար, և՛ որպես քաղգործկոմի նախագահ)։ Մի խոսքով՝ հետաքրքիր մարդ է եղել, որից, ի տարբերություն ներկա դարաշրջանի գործիչների, միայն օգուտ կար։ Այնպես որ՝ ընթերցողին հետաքրքիր կլինի ծանոթանալ Գուրգեն Փահլևանյանի կյանքի և գործունեության հետ։    

Համաշխարհային հրապարակախոսության ամսվա հերոսը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն է։ «Իզվեստիայում» հրապարակված նրա հոդվածն առավելագույն ռեզոնանս առաջացրեց, հատկապես օվկիանոսի այն կողմում՝ դառնալով ամեն տեսակ վերլուծաբանական կենտրոնների լուրջ քննարկումների առարկան։ Եվ «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում մենք չկարողացանք ուշադրություն չդարձնել Պուտինի «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածին։

Հատկանշական է, որ Պուտինից հետո Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն նույն ամբիոնից շարադրեց Եվրասիական միության իր տեսլականը։ Հոդվածն անվանված է «Մեր ինտեգրման ճակատագրի մասին» և, կարծում եմ, հետաքրքիր կլինի ընթերցողին, հատկապես Բելառուսի նախագահի խարիզմի երկրպագուներին։ Խորագրում ևս մեկ նյութ կա՝ հրապարակված REGNUM-ում, մեր մշտական հեղինակ Արտաշես Գեղամյանի կողմից։ Այն նվիրված է Եվրասիական միությանը, բայց հայ-ադրբեջանական հաշտեցման և գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման պրիզմայի միջով։ Հոդվածի վերնագիրն է՝ «Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը` եվրասիական շինարարության անկյունաքար»։

Նոյեմբերին մեզ սպասվում են վառ իրադարձություններ՝ լի երկրի ներքաղաքական կյանքի դրամատիզմով։ Կուզենայինք չսխալվել այն հարցում, որ իսկապես գալիս է երկիշխանության վերջը, երևույթ, որը կործանարար է հասարակության և պետության համար, և որն արգելակում է բոլոր փոփոխություններն ահա արդեն ավելի քան երեք տարի։ Հուսանք, որ երկիշխանությամբ ծնված լճացումը շուտով տեղը կզիջի գոնե ինչ-որ աշխուժացման և դրական փոփոխությունների։

Ցանկանում եմ հաճելի ժամանց «Ազգային գաղափարի» նոր համարի հետ միասին։    

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am