Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Հոկտեմբեր 2011, N 10

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՎՃԱՇՐՋԱՆ

Ռուբեն Վարդանյան, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, Արիզոնայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր

Եվրասիական միության ստեղծման գաղափարն առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 1994թ. մարտին։ Ենթադրվում էր ստեղծել միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական, մաքսային, հումանիտար, մշակութային տարածություն, ուր կմտնեին նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետություններ։ Բայց այն ժամանակ ֆոլգայի գլխարկը նոր-նոր էր ամենացանկալին դառնում, այն ճանապարհ էր բացում դեպի անչափելի փողերը, անհաշվետու գործողությունները և աշխարհի առջև կարմիր գորգուղիների վրա պարծենալու հնարավորությունը։ Այն ժամանակ ժողովուրդներն էլ դեռ չէին սթափվել ինքնիշխանությունից։ Այն ժամանակ դեռ թվում էր, թե չկա ավելի հեշտ բան, քան անել այն, ինչ առաջարկում են թե՛ արևմտյան, թե՛ մերոնքական տղերքը՝ երեկոյան խաղի նոր կանոններ հայտարարել, իսկ առավոտյան սկսել վայելել կյանքը, որն ինքնաբերաբար կկարգավորի շուկան։ Այն ժամանակ ոչ ոք չէր ուզում հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ համաշխարհային շուկա մտնելու համար առնվազն հարկավոր է նրան առաջարկելու ինչ-որ բան ունենալ։ Այն ժամանակ ոչ ոք չուզեց կիսել Նազարբաևի կարծիքը, և պատրաստ էլ չէր դրան։ Իսկ այսօր այն, որ ներկայիս հանրապետությունները դատապարտված են և պատմական իմաստով արդեն չեն կարողանա երկար գոյատևել, կասկածի ենթակա չէ։ Բոլորը ջանում են խուսափել 20 տարվա անկախ ճանապարն ազնվորեն ու օբյեկտիվորեն գնահատելուց։ Եթե 20 տարի առաջ սկսված ճանապարհը ճիշտ լիներ, իրավացի, ապա 12 հանրապետություններից գոնե մեկը հիմա կբարգավաճեր։ Բայց եթե 20 տարի անց առանց բացառության բոլոր երկրները շատ ավելի վատ վիճակում են, քան այն պահին, երբ նրանց բաց թողեցին, ապա եզրահանգումը մեկն է. ճիշտ ռազմավարություն չի ընտրվել։ Դրանք բոլորի համար, ԽՍՀՄ 300 մլն բնակչության համար իզուր, ապարդյուն կորած 20 տարիներ են։

2005թ. մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԽՍՀՄ փլուզումը «դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետն է»։ Հետխորհրդային պետությունների առաջնորդներից և ազգային էլիտաների ներկայացուցիչներից (որոնք տոնում էին իրենց անձնական հաղթանակը մեր ընդհանուր Հայրենիքի փլատակների վրա, և որոնք այն վերածել էին հաղթանակած ամենաթողության, գողության ու լիակատար քայքայվածության երկրամասի) ոչ ոք չպաշտպանեց այդ կարծիքը, չխոստովանեց, որ բացվելով համաշխարհային շուկայի առջև՝ բոլոր 15 հանրապետություններն էլ ինքնասպանություն գործեցին։ Ոչ ոք չուզեց խոստովանել, որ անշրջելիության կետն արդեն բոլորն անցել են, որ ամենուր անհետացել են արդյունաբերությունը, գիտությունը, կրթությունն ու մշակույթը, և շարունակաբար վերարտադրվում է միայն իշխանության այդ նույն համակարգը։ Փոխվում են մարդիկ, կուսակցությունների անվանումները, բայց կյանքը չի փոխվում, քանի որ կյանքի պարտադրված հայեցակարգը բոլոր հանրապետություններում միևնույնն է և միևնույն ձևով լավը չէ։ Քրիստոսին խաչելուց հետո Պիղատոսը հասկացավ, որ չի արել այն, ինչ պետք էր։ Իսկ մենք 20 տարի հետո համառորեն չենք ուզում ընդունել, որ բոլորս միասին չենք արել այն, ինչ պետք էր։

2011թ. հոկտեմբերին վարչապետ Պուտինը ծրագրային հայտարարություն արեց՝ նախկին հանրապետություններին առաջարկելով Եվրասիական միության՝ վերազգային միավորման նախագծի էսքիզը, որը կկարողանա դառնալ արդի աշխարհի բևեռներից մեկը։ Սա խելամիտ առաջարկ է, համարձակ մարտահրավեր համաշխարհային ողջ հանրությանը, որն ակնթարթորեն զգաստացրեց Արևմուտքին, իսկ 12 հանրապետությունները նախկինի պես ոչ միայն չեն վիճարկում այն, այլև լռության են մատնում, ձևացնում, թե դա իրենց չի վերաբերում։ Առաջարկված նախագիծը, որի նպատակն է միասնական, հզոր աշխարհաքաղաքական կենտրոն դառնալը, դեռ սևագրություն է, մոտավոր էսքիզ։ Այն սխեմա է, որը հարկ է լրացնել մեխանիզմներով և բովանդակությամբ։ Ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կմիավորեն անհետացած ԽՍՀՄ մասնատված մասերը՝ առանց բանակների գործադրման։ Չմոռանանք, որ Չերչիլը ԵՄ գաղափարն առաջադրել էր 1947թ., իսկ համաձայնագիրը ստորագրվեց տասնամյակ անց։ Այսինքն՝ շահերի համաձայնեցման գործընթացը երկար է տևել։

Ինտեգրացիան միտում է, որը գոյություն ունի արդի աշխարհում, և այստեղ Պուտինի նախագիծը միանգամայն ներգրվում է համաշխարհային միտումներում։ Այն, որ միայնակ այս աշխարհում ոչ ոքի չի հաջողվել գոյատևել, միանգամայն ակնհայտ պատմական փաստ է։ Դե, իսկ նրանք, ովքեր սա չեն հասկանում, թող շարունակեն ապրել որպես վտարյալներ։

 

* * *

Եվրասիական միության գաղափարը մեռելածին երեխա չէ՝ ձևացնելու համար, թե այն պարզապես չկա։ Այն պետությունը, այն հանրությունը, որը մեզ առաջարկում են ստեղծել միասին, կարող է բացարձակապես պաշտպանված և կայուն դարձնել ԽՍՀՄ բոլոր հանրապետություններին հնարավոր ֆինանսական, քաղաքական և ռազմական հիմնախնդիրներից, հնարավորություն տալ լուծել բոլոր չլուծված տարածքային և էթնիկ խնդիրները։

Նախագծի իմաստը՝ միասին միասնական աշխարհաքաղաքական օրգանիզմ ստեղծելը, ամենևին էլ դյուրին չէ և մանրակրկիտ հանգամանալիություն է պահանջում։ Առաջին հերթին, անհրաժեշտ է հստակ մշակել այն պայմաններն ու սկզբունքները, որոնց դեպքում ինտեգրումը շահավետ կլինի բոլոր մասնակիցներին՝ պահպանելով հանդերձ իրենց ինքնիշխանությունը։ Այսօրինակ նախագիծը շահավետ է բոլորին, կարող է իրականացվել միայն միասնաբար, և կրկին կարող է մեր երկրներն աշխարհում առաջավոր դիրքեր դուրս բերել։

Առաջարկվող նախագծի գլխավոր թուլությունը սեփական տնտեսական գաղափարախոսության բացակայությունն է, անհեռանկար, մեռած լիբերալ-կապիտալիստական տնտեսական մոդելի հույսը, կրկին ուրիշի կանոններով խաղալու պատրաստակամությունը։ Դրանում անտեսվում է այն ակնհայտ փաստը, որ Ադամ Սմիթի շուկան մեռել է դեռ 19-րդ դարում։ Այդ ժամանակվանից հասարակությունում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, «շուկայական տնտեսությունը» վերածվել է «համաշխարհային տնտեսության», շուկան կարգավորվող է դարձել։ Ազատ շուկայի, ապրանքների, ծառայությունների և կապիտալների ազատ տեղաշարժի տեսականորեն անբասիր սկզբունքները, որոնք հաշվի չէին առնում փոքրիկ մի բան՝ մարդու բնույթը, բախվեցին «գլոբալացմանը»։ Հիմա շուկային ստույգ հայտնի են բիգ-մակերի և կոկա-կոլայի քանակությունն ու Երկրագնդի ամենածայրամասային կետ դրանց մատակարարումների ամիս-ամսաթիվը։ Բայց հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ անի գլոբալիզացիայի հետ։ Ի հայտ գալով և իր տեղը հաստատելով աշխարհում՝ գլոբալացման գաղափարը սկսեց սպանել ոչ միայն չկայացած թույլ երկրների, այլև արտադրության հսկաների արդյունաբերությունը՝ ոչնչացնելով արդյունաբերությունն ամենազարգացած երկրներում։ Ոչ մի մոդեռնիզացիայով և նման այլ բաներով լիբերալ-կապիտալիստական տնտեսական մոդելի ծուղակից աշխարհին առայժմ չի հաջողվում դուրս պրծնել։ Տնտեսական տեսությունների՝ մեր օրերում ապրող շատ հեղինակներ՝ Նոբելյան մրցանակակիրներ, նույնպես եկել են իրենց հոգեզավակի՝ արդի տնտեսական համակարգի բացասական դերի մասին եզրակացության։

 

* * *

Արդեն քառորդ դար է անցել այն ժամանակվանից, երբ կաբինետային տնտեսագետների ցնդաբանությունները կարդացած կրտսեր գիտաշխատողները ենթադրում էին, թե միակ բանը, ինչը մեզ անհրաժեշտ է, ազատ շուկան է, և որ 500 օրվա ընթացքում կարելի է փոխել երկիրը (Գրիգորի Յավլինսկու տխրահռչակ պլանը), իսկ կոմբայնավար նախագահը դա լուրջ էր ընդունել։ Համատեղ ջանքերով երկիրը զրկեցին նորմալ ապագայից առնվազն երկու-երեք սերնդի համար։ Նրանք մոռացել էին, որ երկիրը միայն շուկա չէ, այլ նաև և՛ քաղաքականություն, և՛ գաղափարախոսություն, և՛ ուժային ծառայություններ, և՛ արդյունաբերություն, և՛ գյուղատնտեսություն, և՛ շինարարություն, և՛ տրանսպորտ, և՛ կապ, և՛ գիտություն, և՛ առողջապահություն, և՛ կրթություն, և՛ մշակույթ, և՛ սպորտ, և՛ բանկային համակարգ, և՛ առևտուր, և՛ երկրաբանահետախուզություն ու էլի շատ բաներ։ Այդ ժամանակներից է՛լ պերեստրոյկա արեցինք, է՛լ բարեփոխումներ, բայց դրանից ավելի ու ավելի վատ է ստացվում։ Հիմնական սխալներից մեկն այն էր, որ ոչ ավագ, ոչ կրտսեր գիտաշխատողները չհասկացան, որ մենք այն ժամանակ չէինք կարող, իսկ այսօր, իզուր տեղը 20 տարի կորցնելով, առավել ևս չենք կարող առանց որևէ բանի, բացի հումքային ռեսուրսներից, համաշխարհային շուկա մտնել։

Ուստի, Եվրասիական միության ստեղծման ճանապարհին առաջին քայլը պետք է լինի «ճիշտ» տնտեսական գաղափարախոսության որոնումը, որը կխթանի մարդկային գործունեությունը՝ ստեղծելու արժեքներ, որոնց կարիքն ունի համաշխարհային շուկան, և ամենևին չի խթանի իմիտացիոն գործունեությունը, որն սկսվել էր դեռ Խրուշչովի օրոք և գագաթնակետին հասել վերջին 20 տարիներին։

Բացի այդ, ապագա Եվրասիական միության համար, նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների համար, ներառյալ Ռուսաստանը, ողջ աշխարհի համար անհրաժեշտ է փոխել տնտեսական պարադիգմը։ Դրա հիմքում պետք է դրվի հետևյալ կանոնը. մարդը պետք է աշխատի, և աշխատանքը պետք է վարձատրվի ըստ արժանվույն, իսկ մեծ կարողությունները պետք է գոյանան ազնիվ ճանապարհով։ Մարդկանց գիտակցության մեջ պետք է սահմանազատված լինեն «բիզնես» և «գողություն» հասկացությունները։

Բայց միայն պաշտպանվածությունը և տնտեսությունը չեն, որ պետք է մղեն ԽՍՀՄ ժողովուրդներին ստեղծել Եվրասիական միություն։ Եվրասիական միությունը պետք է դառնա մի երկիր, որտեղ գործելու են մարդու արժանապատվության կանխավարկածը, արդարության գաղափարախոսությունը, որոնք ոչ պակաս, քան պաշտպանվածությունն ու տնտեսությունը, դեպի իրար կձգեն հեռացած հանրապետություններին, այնտեղից փախած մարդկանց։

 

* * *

Ապագա Եվրասիական միությունը զորեղ թշնամիներ և հակառակորդներ կունենա։ Դրանք են և՛ լիբերալ-արևմտականները, և՛ ամեն տեսակ նացիոնալիստները։ Կարող է լուրջ դիմակայություն լինել կառավարող էլիտայի կողմից, որն ամեն տեսակ վերահսկողությունից դուրս է գտնվում։ Բայց սա միայն 300 մլն մարդու համար հիմնախնդիրների լուծում չէ, որի մեկ տոկոսն էլ մենք ենք։ Դա լուծում է բոլորի համար, դա ելք է ամբողջ աշխարհի համար, Երկիր մոլորակի ողջ բնակչության համար, քանի որ զարգանալու համար մրցակից է հարկավոր։ Միայն նրա ներկայությունն է ակտիվության դրդում։ Եվ դա՝ ոչ միայն կենցաղային մակարդակում կամ սպորտում։ Հիմնականում շնորհիվ ԽՍՀՄ և Ամերիկայի դիմակայության անցած դարակեսին մենք ունեցանք գիտատեխնիկական այն առաջընթացը, ինչը տեսնում ենք, գիտենք և որի բարիքներից օգտվում ենք։ Երկբևեռ աշխարհի վերածվելը միաբևեռի՝ հավասարակշռված ազդեցության բազմաթիվ կենտրոններով, այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ դա հակասում է բնության օբյեկտիվ օրենքներին։

Մեզ համար միակ, հիրավի վտանգավոր թշնամին մեր հավակնոտությունն է ու դրանից բխող թուլությունը։ Բայց ժողովուրդը, որն ուզում է պետություն ունենալ, պետք է այն կառուցելու ունակություն ցուցաբերի։ Մենք պետք է խոստովանենք, որ միայն Ռուսաստանի հետ ուժեղ միության կազմում Հայաստանը կրկին կկարողանա ծաղկուն երկիր դառնալ։ Իսկ մեր տնաբույս արևմտականները և վայ-նացիոնալիստները պետք է հասկանան և ընդունեն, որ այն ժամանակվանից, երբ միանշանակ պարզ դարձավ, որ ողջ Կովկասը եղել է, կա ու կլինի Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի գոտին, Արևմուտքը սկսեց մեզ ընկալել արդեն առանց խանդավառության, պարզապես որպես իրողություն, որը պետք է հանդուրժել, և որի հետ պետք է ինչ-որ կերպ գործ ունենալ։

ԽՍՀՄ-ը զբաղեցնում էր 22,4 մլն քառ. կմ՝ ցամաքի մեկ վեցերորդ մասը՝ լի նավթով ու գազով, հայտնի բոլոր օգտակար հանածոներով։ Նրա երկարությունը կազմում էր ավելի քան 10.000 կմ արևելքից արևմուտք և գրեթե 7200 կմ՝ հյուսիսից հարավ։ Բնակչությունը մոտ 300 մլն մարդ էր։ Այս ներուժը կարող է և պետք է արդյունավետորեն ու հաջողությամբ ներգրվի և՛ համաշխարհային շուկայում, և՛ համաշխարհային քաղաքականությունում, և՛ թույլ տալ իրեն ցանկացած երևակայելի ու աներևակայելի նախագիծ։ Մեզ պետք է ոգեշնչի մեր երեկվա անցյալը՝ Երկրորդ հանրապետության յոթանասնամյա պատմությունը, որում ապրել է հիասքանչ երկիր կառուցած մարդկանց երեք սերունդ։ Անցյալը, պատմությունը մեզ պետք է սովորեցնեն, թե ինչպես ապրենք։ Այնպես որ, դեն նետենք հավակնությունները և հասկանանք, որ Եվրասիական միությունն օբյեկտիվ իրողություն է, իսկ մենք նրա ապագա մասն ենք՝ թող որ առայժմ միայն մտովի ու երևակայության մեջ։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am