Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Մայիս 2008, N 2

Մտորումներ երկրի պետական զինանջանի շուրջ

Ռուզան Սարյան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնորեն

 

Ողջունելով «Ազգային գաղափար» ամսագրի ստեղծումը` փորձենք շարունակել մեզ բոլորիս հուզող հարցի քննարկումը, թե Երրորդ հանրապետության հիմնական խորհրդանիշները` Օրհներգը և Զինանշանը, որքանով են համապատասխանում իրենց պատմական, քաղաքական և գեղագիտական առաքելությանը և հանդիսանու՞մ են արդյոք հայ ժողովրդի ինքնության և ազգային գաղափարի արտահայտիչները: Եթե Արամ Խաչատրյանի հեղինակած օրհներգը վաղուց ի վեր արժանացել է հայ ժողովրդի մեծամասնության հավանությանը և մնում է միայն Հայաստանի Ազգային ժողովը հարգի իր ընտրողների ցանկությունը և օրենքով ճանաչի համաժողովրդական քննարկման արդյունքները, ապա Սարյանի հեղինակած զինանշանը վերականգնելու հարցը շատ ավելի բարդ, բայց ոչ պակաս արդիական և կարևոր խնդիր է:

Նախ անդրադառնանք ՀՀ ներկայիս զինանշանի ստեղծման պատմությանը, որը, ինչպես հայտնի է, եղել է Հայաստանի Առաջին հանրապետության պետական զինանիշը: Որպես ամենաստույգ և անաչառ վավերագրական աղբյուր կարող է հանդիսանալ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը: Ահա թե ինչ է գրում նա զինանշանի ստեղծման պատմության մասին.

«Հուլիսին (1920թ.) կառավարությունը հաստատեց ակադ. Ալ. Թամանյանի կազմած և նկարիչ Կոջոյանի գծած Հայաստանի պետական զինանշանի (գերբի) նախագիծը:

Զինանշանի կենտրոնում կար վահանաձև տարածություն` բաժանված չորս մասի. յուրաքանչյուր մասում տեղավորված էր Հին Հայաստանի չորս անկախ շրջանների զինանշանները` Արտաշեսյան, Արշակունյաց, Բա·րատունյաց, Ռուբինյանց: Մեջտեղը դրված էին Մեծ ու Փոքր Մասիսները, իսկ նրանցից վերև` հայերեն տառերը: Վահանի աջ ու ձախ կողմերը բռնել էին մի արծիվ և մի առյուծ, իսկ ներքևը` սուր, գրիչ, հասկեր և շղթա»: Ի դեպ, նույն գրքում Ս. Վրացյանը շատ հստակ գրում է այն մասին, որ ներկայացված զինանշանը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից. «Այս զինանշանը լուրջ առարկություններ առաջ բերեց թե’ կառավարության մեջ և թե’ դուրսում: Ոմանք դժգոհ էին, ընդհանրապես, զինանշանի գաղափարից ու ոգուց. վերարտադրում էր հին, անցած դարերի ավատապետական գաղափարները, չէր համապատասխանում նոր Հայաստանի պարզ, ռամկավար, առաջադեմ ոգուն: Ուրիշները գտնում էին շատ ծանր, ահեղ, աշխարհակալական, միապետական ձգտումների արտահայտիչ: Կային մարդիկ էլ, որոնք նույնիսկ պատմական ճշտության հակասող փաստեր էին գտնում զինանշանի մեջ, օրինակ, որ հայոց մեջ ընդունված չի եղել երկգլխյան արծիվը, որ Տիգրան Մեծի թագի վրայի թռչունները եղել են աղավնիներ և ոչ արծիվներ և այլն: Եվ, վերջապես, զինանշանը չէր գոհացնում մարդկանց գեղագիտական ճաշակը. իր մեջ պարունակում էր շատ կենդանիներ. «կատարյալ գազանանոց»,- սրախոսում էին ոմանք: Բայց և այնպես, կառավարությունը հաստատեց ներկայացված նախագիծը, որովհետև պատմական կամ գեղագիտական ուսումնասիրություններ անելու ժամանակ չկար: Հաստատեց ժամանակավոր կերպով, մինչև Սահմանադիր ժողովը, ինչպես և պետական դրոշը, բնականաբար»:

 Ինչպես ցույց տվեց պատմությունը, այդ զինանշանը վերանայելու ժամանակ այլևս չընձեռվեց:

 1920թ., երբ Հայաստանը միացվեց Բոլշևիկյան Ռուսաստանին, բնականաբար, հարց բարձրացվեց փոխել պետական խորհրդանիշ հանդիսացող Օրհներգը, Զինանշանը և Դրոշը: 1922թ. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը համապատասխան մրցույթ հայտարարեց, որին մասնակցեց նաև Մարտիրոս Սարյանը: Հայրենասեր նկարիչը ներկայացրել էր զինանշանի իր տարբերակը, որը մենք պայմանականորեն կարող ենք անվանել առաջին տարբերակ: Եվ եթե Ավետիք Իսահակյանի ընտանեկան արխիվում պահպանված չլիներ այդ զինանշանի վերատպությունը, մենք երբևէ չէինք իմանա նրա գոյության մասին և կհամարեինք, թե Հայաստանի կառավարության կողմից ընդունված և հաստատված զինանշանը եղել է Սարյանի միակ տարբերակը: Այնինչ, դա գրաքննությունն անցած և Սարյանին պարտադրված փոփոխություններով երկրորդ տարբերակն էր: Եվ եթե այսօր հարց բարձրացվի վերադառնալու Սարյանի հեղինակած զինանշանին, ապա անկասկած նախապատվությունը պետք է տալ շատ քչերին հայտնի առաջին տարբերակին:

Ստորև համեմատության համար բերում ենք երկու տարբերակները: Առաջին տարբերակում Մասիսների ետևից ծագող արևն իր հզոր ճառագայթներով ողողում է ամբողջ երկնակամարը: Արևածագը Մասիսների վրա հիշեցնում է մի բացված հովհար, վարդագույնից մինչև նարնջագույն երանգներով: Իսկ Մասիսների գագաթներից վեր ճախրում է ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների զինանշանի համար պարտադիր տարրը` մուրճն ու մանգաղը:

Երկրորդ տարբերակում Սարյանի պաշտելի արևը փոխարինված է կարմիր աստղով, որի ֆոնի վրա պատկերված է մուրճն ու մանգաղը: Այսպիսով, կարմիր աստղն է դառնում Մասիսների վրա իջնող լույսի աղբյուրը:

Սարյանի զինանշանի առաջին տարբերակում ներկա է հավերժության ավանդական խորհրդանիշը հանդիսացող Կենաց ծառը (դրախտում` աստվածներին ու արդարներին անմահություն պարգևող երևակայական բույս). որն իր դալար ճյուղերով երկու կողմից ասես ամփոփում է Մասիսները և Արարատյան դաշտավայրը, ցածում խաղողի վազն է և ցորենի հասկերը: Ծառապաշտությունը հայերիս հասել է հեթանոսական ժամանակներից և որոշ ձևափոխություններով ընդունվել քրիստոնեության կողմից: Ամանորի և Ծաղկազարդի տոներին հայերն իրենց տները, եկեղեցիները զարդարում են ծառերի դալար ճյուղերով: Հասկանալի է, որ Հայաստանի Խորհրդային Հանրապետության զինանշանի վրա այս խորհրդանիշը ևս չէր կարող տեղ գտնել, և Սարյանը ստիպված եղավ դրանք փոխարինել ցորենի բարձր հասկերով:

Համեմատելով սարյանական գերբի երկու տարբերակները` ակնհայտ երևում է, որ առաջինն ունի ընդգծված ազգային բնույթ, իսկ հետագայում, գրաքննության թելադրանքով, զինանշանի վրա ավելացավ խորհրդային սիմվոլիկան` աստղը, մուրճն ու մանգաղը և դրանցից եկող ճառագայթները: Գուցե այս հանգամանքը թույլ չտվեց պահպանել սարյանական զինանշանը` որպես ազատ, անկախ Հայաստանի Երրորդ հանրապետության պետական խորհրդանիշ: Իսկ առաջին տարբերակում մուրճն ու մանգաղն ի սկզբանե դիտվում էր որպես մի օտարածին, արհեստական տարր, որը վերացնելով` կարելի կլիներ վերականգնել Սարյանի ճշմարիտ մտահղացումը: Ըստ Սարյանի` Արևից է բխում Լույսը Հայաստան աշխարհին, այլ ոչ թե կարմիր աստղից կամ մուրճ ու մանգաղից: Եվ ողջ գերբի վեհությունը, անսասանությունը դա Արարատ լեռն է:

Այստեղ առաջատար հարցը Հայաստանի ներկայիս պետական զինանշանի և Սարյանի ստեղծած զինանշանի համապատասխանության խնդիրն է մեր ազգային իդեալներին և գաղափարներին:

       Սարյանի զինանշանի առանցքը Մասիսն է, որը թե’ հայաստանաբնակ, թե’ աշխարհասփյուռ հայության խարիսխն է, հայ ժողովրդի ինքնությունը պահպանող և մեր ազգային գաղափարները մարմնավորող հզոր խորհրդանիշը: Երբ ստեղծվում էր Հայաստանի Առաջին հանրապետության զինանշանը, Մասիսը դեռ Հայաստանի տարածքում էր: Այն ժամանակ գուցե կարելի էր կարոտախտով մտաբերել երբեմնի հզոր պատմական Հայաստանի թագավորությունների զինանշանները: Ասենք, Անգլիայի պես հզոր պետության օրինակով օգտագործել առյուծի կամ Ռուսաստանի օրինակով` երկգլխանի առծվի խարհրդանիշները: Սակայն այդ զինանշանը դեռևս անցած դարի 20 թվականին քննադատվեց հենց Առաջին հանրապետության հիմնադիրների կողմից և իբրև պետության զինանշան մեծ վերապահումներով հաստատվեց ժամանակավորապես, ինչը փաստում է Ս. Վրացյանը:

       Քանի դեռ Մասիսը հայերինն էր, նրան այդքան բանաստեղծական տողեր չէին ձոնել: Նա մեզ համար նվիրական խորհրդանիշ և ազգային գաղափար դարձավ, երբ այն խլեցին մեզնից: Այս մասին լավագույնս գրել է Ավետիք Իսահակյանը.«Մենք ունենք հիմա Մասիսի ստվերը, այդ ստվերի տակ ենք ապրում և երազում ենք հասնել Մասիսին, դիտել, ունենալ նրան: Հիմա նա մեր հեռավոր իդեալն է, ապագա սերունդների նշանակետը… Մասիսը միաձուլված է, շաղախված հայոց ճակատագրի հետ, պատմության հետ, հայոց հոգեբանության հետ, հոգու, սրտի հետ: Մասիսը իբրև վեհ գաղափար, բարձր ու վսեմ հածում է հայ աշխարհի և հայ հոգիների վրա»:

        Մասիսը «փառքի անհաս ճամփա» է անվանում Եղիշե Չարենցը: Եվ ոչինչ չի կարելի համեմատել Մասիսի հետ` որպես ազգային գաղափարի խտացում:    

        Սարյանի զինանշանի ընդդիմախոսները կարող են ասել, որ այն չի արտահայտում երկրի ուժն ու զորեղությունը, որ նա ավելի աշխարհագրական բնույթ ունի և ընդգծված խաղաղասիրական է: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ հենց Մասիսներով զինանշանի ընդունումից հետո (1922թ.) ընդվզման ալիք բարձրացվեց Թուրքիայում, և նրանք ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարին բողոքի նոտա ներկայացրին:

       Ուրեմն պարտադիր չէ առյուծ կամ արծիվ պատկերել ուժ ցույց տալու համար: Կա ավելի զորեղ գործոն, և դա Մասիսն է, Հայաստանի հավերժության խորհրդանիշը և հայ ժողովրդի ապագա հաղթանակների գրավականը:

        Երկրորդ անկախ հանրապետության ստեղծման օրերին, հավանաբար, շտապելով հրաժարվել խորհրդային վարչակարգի պետական խորհրդանիշներից, նոր իշխանությունները որդեգրեցին Առաջին հանրապետության զինանշանը` հրաժարվելով Մարտիրոս Սարյանի հեղինակած գերբից:

        Մեր խոր համոզմամբ` եկել է ժամանակը, երբ պետք է վերականգնել Սարյանի ստեղծած Հայոց պետության զինանշանը` մեկ անգամ ևս աշխարհին ցույց տալով, որ Հայաստան ու Արարատ լեռ հասկացությունները մեկ անքակտելի միասնություն են: Եվ քանի կա Արարատ լեռը, կլինի և հայ ժողովուրդը: Եկել է նաև ժամանակը հասկանալու, որ, դիտարկելով Սարյանի կամ Խաչատրյանի գլուխգործոցները «տոտալիտար անցյալի» պրիզմայով, միջնադարյան նախապաշարմունք է: Վերջապես, Ժամանակն է ազգովի գտակցել, որ անգամ ամենագլոբալ քաղաքական հարցերի լուծումը (իսկ պետական զինանշանը զուտ քաղաքական հարց է) պետք է բխի հասարակությունից կամ, ծայրահեղ դեպքում, միանշանակ ընկալվի նրա կողմից: Հակառակ դեպքում, պառլամենտական ցանկացած որոշում կլինի ֆիկցիա և չի արմատավորվի իրականության մեջ:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am