Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Տնտեսություն

Տնտեսություն
Հոկտեմբեր 2011, N 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈւՄ

Ե՞ՐԲ ԿՀԱՄԱՀԱՐԹԵՑՎԵՆ ՄԵՐ ԵԿԱՄՈւՏՆԵՐԸ

Կարեն Սաֆարյան, ՀՀ ԳԱԱ Էկոնոմիկայի ինստիտուտի ասպիրանտ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում բնակչության եկամուտների մեծությունները տարբեր են, և անգամ անզեն աչքի համար տեսանելի է կենսակերպերի այն տարբերությունը, որը կա մեր հասարակությունում: Սա, այսպես կոչված, սոցիալական բևեռվածության արգասիքն է, որը թեպետ տարբեր է տարբեր երկրներում, սակայն առկա է ամենուրեք:  Եվ չնայած վերջինս ունի նաև իր օբյեկտիվ նախապատճառներն ու կապված է ոչ միայն պետության տնտեսական զարգացման մակարդակի հետ (մարդիկ տարբեր են ըստ ընդունակությունների, ոմանց մասնագիտությունն առավել պահանջված է, աշխատաշուկայում բարձր է վերջիններիս նկատմամբ պահանջարկի մակարդակը և այլն), այն, այնուամենայնիվ, մշտապես մնում է որպես պետության հոգածության առարկա, որի կարգավորման ուղիներից է նաև արդյունավետ հարկային և սոցիալական վարչարարության իրականացումը: Ռուս տնտեսագետներ Ա.Պրիխոդկոն և Ե.Լեկինան ուղղակիորեն նշում են այդ մասին` գրելով. «Պետությունն իր կողմից իրականացվող հարկային և սոցիալական քաղաքականությամբ կարող է մեղմացնել եկամուտների մակարդակի բարձր բևեռվածության մակարդակը»:

Այս տեսակետից հատկանշական է, թերևս, այն, որ եկամուտների անհավասարության մակարդակը բավական էական ազդեցություն ունի նաև բնակչության կենսամակարդակի վրա: «Quality of Life Index» ամսագրի 2010թ. անցկացրած հետազոտության արդյունքներով, որտեղ հաշվի են առնվել կենսամակարդակի դասակարգման 9 չափորոշիչներ, այդ թվում` սպառողական նվազագույն զամբյուղի մեծությունը, կուլտուրան և ժամանցը, տնտեսությունը, շրջակա միջավայրը և այլն, Հայաստանը բնակչության կենսամակարդակի գծով զբաղեցրել է 101-րդ տեղը, ինչն այդքան էլ մխիթարիչ չէ, հաշվի առնելով, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հոնդուրասը, Բարբադոսը, Նամիբիան, Բելիսը, Տոնգան, Մոնղոլիան և այլն, զբաղեցնում են ավելի առաջատար դիրքեր: Ցանկի մեջ առաջատարը Ֆրանսիան էր, իսկ առաջատար տասնյակում, ըստ հերթականության, Ավստրիան է, Շվեյցարիան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Լյուքսեմբուրգը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Բելգիան, Կանադան, Իտալիան և Հոլանդիան:

Ուստի այն, որ եկամուտների համահարթեցմանն ուղղված պետական միջոցառումները դեռևս չեն ապահովում էական արդյունքներ, վկայում է դրանց հետագա առավել նպատակամղված իրականացման անհրաժեշտության մասին, ինչը որոշակիորեն թույլ կտա նաև դրական ազդակ հաղորդել բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Սակայն մինչ հայաստանյան իրականության պայմաններում այդ հնարավորությունների քննարկմանն անցնելը, մի փոքր անդրադարձ կատարենք, թե ինչպիսին է մեզ մոտ տիրող իրավիճակը:

Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների` հասարակական եկամուտների մակարդակի անհամաչափության աստիճանը Հայաստանում ըստ 20%-անոց քվանտիլային խմբերի եկամուների1 2004-2009թթ. ընթացքում բավականաչափ խորն է եղել:  Ըստ Լորենցի2 կորի այն ունեցել է հետևյալ տեսքը (տես նկ.1).

Նկատելի է, որ 2004-2009թթ. բնակչության 60%-ին բաժին է ընկել համախառն եկամուտների ընդամենը 38%-ը, մինչդեռ 80%-ից մինչև 100% միջակայքում գտնվող 20%-անոց այլ հատվածին ևս բաժին է ընկել եկամուտների նույն չափաբաժինը: 

Եթե փորձելու լինենք ներկայացնել նույնը ըստ Ջինի գործակցի3 դինամիկայի, ապա նկատելի է դառնում, որ 2005 թվականից առ 2009 թվականը այն 0.359 միավորից աճել է 0.382 միավորի` ընդհանուր առմամբ հանդես բերելով աճի միտում, որը նմանապես վկայում է այս ժամանակահատվածում բնակչության եկամուտների բևեռացման խորացման մասին: Որոշակի դրական դինամիկա է գրանցվել միայն 2009 թվականին, երբ վերջինս 2008 թվականի համեմատությամբ նվազել է 0.07 միավորով (տես նկ.2): 

Համեմատության համար նշենք, որ Ջինի գործակիցը տնտեսապես զարգացած այնպիսի երկրում, ինչպիսին է, օրինակ, Ավստրիան, կազմում է 0.291: Դանիայում այն 0.247 է, Ֆրանսիայում` 0.327, Ֆինլանդիայում` 0.269, Գերմանիայում` 0.283, Նորվեգիայում` 0.258, Շվեդիայում` 0.25, Կանադայում` 0.3264:

Սա մեկ անգամ ևս վկայում է այն տարբերության մասին, որը Հայաստանում դեռևս ենթակա է համահարթեցման` զարգացած երկրների եկամուտների բաշխվածության այդ մակարդակներին հնարավորինս մոտենալու համար:

Մյուս կողմից, անդրադառնալով ներկայումս կառավարության տնօրինման տակ գտնվող հարկային քաղաքականության լծակներին, մասնավորապես` եկամտահարկի և շահութահարկի հաշվարկման առավել ճկուն մեթոդաբանության կիրառման հնարավորություններին, որոնց միջոցով հնարավոր կլինի թեկուզ մասնակիորեն, սակայն դրական ընթացք հաղորդել այդ տարբերության կրճատման գործընթացին, անելիքները կարծես թե դեռևս չեն սպառվել: 

Հայաստանում եկամտահարկով հարկման ներկա դաշտում որպես հարկվող սուբյեկտ հանդես է գալիս ֆիզիկական անձը, որից եկամտահարկը, ինչպես գիտենք, գանձվում է երկաստիճան սանդղակով: 2011թ. որպես նվազագույն աշխատավարձի մեծություն կամ եկամտի չհարկվող շեմ ընդունվել է 32.500 ՀՀ դրամը, որը հանդիսանում է ոչ միայն որպես եկամտահարկի չափի կարգավորման մեխանիզմ, այլ նաև ըստ էության համադրելի է 1 շնչի հաշվով կենսամիջոցների նվազագույն մեծության հետ (նման համադրելիությունը բխում է այդ շեմի կենսական կարևորության հանգամանքից, որը հարկման ենթակա չէ): Հետևապես, ըստ գործող հարկման տրամաբանության,  եթե 4 շնչից բաղկացած ընտանիքում աշխատում է 1 անձ, ում եկամուտը չի գերազանցում 130 հազ. դրամը, ապա այդ ընտանիքի համար համախառն եկամտի մակարդակը սկզբունքորեն, թերևս, պետք է ազատվեր հարկումից, որպեսզի ապահովվեր ընտանիքի անդամների հաշվով սպառողական նվազագույն զամբյուղի կամ կենսամիջոցների նվազագույն համատեղ մեծությունը: Մինչդեռ, ըստ գործող օրենքի, նման դեպքերում, եթե, օրինակ, ընտանիքում աշխատողների թիվը մեկն է կամ երկուսը և այդ 130 հազար դրամի եկամուտն ապահովվում է ընտանիքի մեկ կամ երկու աշխատող անդամների կողմից, այս սկզբունքայնությունը փաստորեն չի գործում:

Եկամուտների անհամաչափ բաշխվածության պատկեր է ձևավորվում նաև իրավաբանական անձանց շահույթի մակարդակները պարզաբանելիս: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների` արտադրանքի շահութաբերության աստիճանը Հայաստանում բավական տարբեր է եղել 2007-2008թթ. ընթացում (առավել թարմ տվյալներ մեզ չի հաջողվել գտնել պաշտոնական վիճակագրական տվյալների բազայում դրանց բացակայության պատճառով) (տես նկ.3).

Նկատելի է, որ այդ տարիներին ամենաբարձր շահութաբերության աստիճանով առանձնացել են տրանսպորտի և կապի, անշարժ գույքի, վարձակալության և սպառողներին մատուցված ծառայությունների հետ կապված գործունեության ոլորտները: Նկատելի է նաև, որ որոշ ոլորտների գծով  շահույթի մեծությունը հանդես է բերել կտրուկ տատանումներ, օրինակ` հանքագործական արդյունաբերության և ֆինանսական գործունեության գծով: Եվ չնայած այն հանգամանքին, որ այս դեպքում կարևոր նշանակություն ունեն նաև վերոնշյալ ոլորտների համախառն շրջանառության մակարդակները, որոնք հաշվի առնելով միայն կարող է հնարավոր դառնալ եկամուտների վերաբաշխման ողջ ընթացքն ըստ տնտեսության ոլորտների վերջնականորեն պարզաբանելը, այսուհանդերձ, անգամ այս ցուցանիշների պարագայում ակնառու է, որ հարկային դաշտում, մասնավորապես` շահութահարկի և եկամտահարկի հարկման մեթոդաբանության գծով դեռևս էական բարեփոխումների խնդիր կա: Լուծումներն այս դեպքում կարող են տարբեր լինել, սակայն եկամտահարկի գծով, թերևս, արդյունավետ կլինի, եթե որպես հարկման սուբյեկտ ֆիզիկական անձի փոխարեն ներմուծվի ըստ ընտանեկան միավորների եկամուտների հարկման քաղաքականությունը, երբ որպես այդպիսին հանդես կգա ընտանեկան միավորը, այլ ոչ թե ֆիզիկական անձը: Նման դեպքում կհարկվեր տվյալ ընտանիքի եկամուտը, իսկ հարկման մեծությունը կախված կլիներ ողջ ընտանիքի  եկամուտների մակարդակից, և վերջինիս  համար կենսամիջոցների ապահովման նվազագույն շեմի ապահովման համանման սկզբունքային հակասության խնդիր, որի մասին նշվեց վերը, այլևս չէր առաջանա: 

Ինչ վերաբերում է շահութահարկի գծով հնարավոր բարեփոխումներին, ապա այս դեպքում խնդիրը մեզ մոտ սրվում է պրոգրեսիվ հարկման քաղաքականության էլեմենտների բացակայության պատճառով, որոնք լայնորեն կիրառվում են մի շարք զարգացած երկրներում: Oրինակ,  ԱՄՆ-ում, կախված հարկային շահույթի մեծությունից, կիրառվում է շահութահարկի եռաստիճան պրոգրեսիվ համակարգ` 15%, 25%, 34% դրույքաչափերով, որտեղ շահույթի որոշակի մակարդակը գերազանցող մնացած մասի նկատմամբ կիրառվում է հարկման առավել մեծ դրույքաչափ և այսպես շարունակ, մինչև հարկման 34% սահմանաչափի վերջնական կիրառումը: Իսպանիայում նախատեսված է շահութահարկի ճկուն զեղչերի համակարգ 35%-24% սահմաններում, Ճապոնիայում, կախված հարկվող սուբյեկտից, գործում է  24% - 42% հարկային դրույքաչափ: Այստեղ փոքր և միջին ձեռնարկությունները հարկվում են 24%, կոոպերատիվ և բժշկական ընկերությունները` 25%, իսկ մնացած հարկատուները` 42% դրույքաչափերով: 

Այս երկրների դեպքում, փաստորեն, նկատելի է այն, որ կառավարության կողմից հստակ հոգածության առարկա են հանդիսանում ինչպես առանձին գործունեության տեսակները, այնպես էլ շահույթի ստացման մակարդակների միջև համեմատաբար մեծ շեղումներ թույլ չտալու քաղաքականությունը, որը բխում է ինչպես գործարարների եկամուտների համահարթեցման, այնպես էլ տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման տրամաբանությունից, ինչը, սակայն, Հայաստանի պարագայում դեռևս հստակ արտահայտված չէ:  Իհարկե, չի կարելի միանշանակորեն պնդել, որ եկամտահարկի և շահութահարկի գծով առաջարկված վերոհիշյալ միջոցառումների իրականացումը կհանգեցնի եկամուտների բևեռվածության մակարդակի կտրուկ մեղմացմանը, սակայն փաստ է մնում այն, որ խնդիրը Հայաստանում շարունակում է պահպանել արդիականությունը, իսկ համանման միջոցառումների իրականացումը, թեկուզև մասնակիորեն, սակայն կարող է նպաստել  դրա լուծմանը: Եվ այս դեպքում կարևորը, թերևս, սկսելն է, քանի որ վերջին հաշվով մեր տնտեսությունը դեռևս զարգացող է, իսկ պրոգրեսիվ շահութահարկի կիրառման քաղաքականությունը, ինչպես նաև ընտանեկան եկամտահարկի հարկման մեթոդաբանության ներդրումը կարևոր սկզբունքային նշանակություն կունենա ոչ միայն կենսամակարդակի, այլև, առհասարակ, գործարար միջավայրում տնտեսվարման պայմանների բարելավման և տնտեսության զարգացման տեսանկյուններից: Մնում  է միայն սպասել լավագույնին:

 

1Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009, Կենսամակարդակ, կետ 62, էջ 91։

2Ամերիկացի տնտեսագետ, մաթեմատիկոս Մաքս Օտտո Լորենցի կողմից, ով դասախոսում էր Վիսկոնի համալսարանում, 1905 թվականին հրատարակվեց բնակչության եկամուտների բաշխվածության համաչափության աստիճանը պատկերող կորը: Ըստ այդմ` գրաֆիկական պատկերի մեջ, 45 աստիճան անկյունով հաշվարկային առանցքների սկզբից աճող գիծը ներկայացնում է եկամուտների բաշխվածության բացարձակ հավասարության մակարդակը, իսկ Լորենցի կորը այդպիսով ցույց է տալիս այն շեղման աստիճանը, որը առկա է եկամուտների բաշխվածության բացարձակ հավասարության մակարդակի նկատմամբ:

3Իտալացի տնտեսագետ Կորրադո Ջինին, ով Կալյարիի և Պաուդեի համալսարանների պրոֆեսոր էր, Լորենցի կորի հիման վրա ներմուծեց իր անունով հետագայում կոչված Ջինի գործակիցը, որն այլևս հնարավորություն տվեց արժեքային արտահայտությամբ գնահատել բնակչության եկամուտների անհավասարության մակարդակը: Ջինիի գործակիցը իրենից ներկայացնում է Լորենցի կորի և եկամուտների բաշխվածության բացարձակ համաչափությունն արտահայտող  գծի միջև ընկած սեկտորի մակերեսի հարաբերակցությունը բացարձակ  համաչափության գծի  և  բացարձակ անհամաչափության ուղղահայաց և հորիզոնական առանցքների  միջև ձևավորվող ուղղանկյուն եռանկյունու մակերեսին: Այդպիսով, որքան Ջինի գործակցի արժեքը ձգտում է զրոյի, այնքան դա վկայում է եկամուտների բաշխվածության առավել բարձր համաչափության մասին:

4http://ru.wikipedia.org

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈւԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական տեղեկագիր «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ. հունվար-հունիսին», Երևան, 2009թ.։
Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009թ., Երևան 2009թ., 589 էջ։

http://yesway.ru/20-stran-s-samym-vysokim-urovnem-zhizni.html

http://ru.wikipedia.org


 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am