Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Հոկտեմբեր 2011, N 10

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Նելլի Նազարյան, Հ2 հեռուստաընկերության լրագրողուհի

Մշակութային գլոբալիզացիա տերմինն ի հայտ է եկել 1980-ական թթ.` ազգերի մերձեցման և ժողովուրդների մշակութային կապակցվածության սերտացման խնդիրների թելադրանքով: Մշակութային գլոբալիզացիան այսօր հասարակական զարգացման գործընթացը բնորոշող հոսանք է, և սա փաստում են գրեթե այն բոլոր հետազոտողները, ովքեր ընդգծում են, որ մարդկային զարգացման պատմությունը բոլոր դարաշրջաններում հատկանշվել է նախևառաջ գլոբալացման գործընթացների ընդլայնմամբ և խորացմամբ:

Գլոբալիզացիա ֆենոմենն, ինչպես հայտնի է, ուղղակի ազդեցություն ունի ինչպես համաշխարհային մշակույթի, այնպես էլ առանձին ազգերի և ժողովուրդների մշակութային զարգացման գործընթացի վրա, ինչն էլ բացատրում է խնդրի արդիականությունն ու այն մեծ հետաքրքրվածությունը, որ ունեն հետազոտողներն այս երևույթի նկատմամբ: Հիմնականում շեշտադրված է հետաքրքրվածությունը գլոբալիզացիայի ազդեցության որակական բնորոշման վրա: Մշակութային գլոբալիզացիայի հետևանքներն ուսումնասիրողներից շատերը գնահատում են այս գործընթացը որպես բացառիկ երևույթ, որը կրում է վառ արտահայտված դրական և բացասական ազդեցություններ:

Ակնհայտ է, որ գլոբալիզացիան կառուցում է պատկերացում փոխկապակցված աշխարհ երևույթի նկատմամբ, որտեղ տարբեր ազգերի և մշակույթների գոյությունը հնարավոր է դառնում միայն այն դեպքում, եթե վերջիններս որպես իմպերատիվ ընդունում են մշակութային պլյուրալիզմը:

Մշակութային գլոբալիզացիան, անխոս, մեծացնում է «ինֆորմացիոն հոսքը», հնարավորություն է տալիս տարազան մշակույթներին սեփական էթնիկ և ազգային եզերքներից դուրս նոր եզրեր նվաճել, թույլ է տալիս զարգացնել ինքնակատարելագործման դինամիկա:

Գլոբալիզացիան ուղղակիորեն արտացոլվում է մշակույթի ոլորտում առկա բոլոր երևույթներում և գործընթացներում կամ այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են արվեստը, գիտությունը և կրթությունը:

Մասնագետների և վերլուծաբանների պնդմամբ` գլոբալիզացիան նպաստում է մշակույթի սոցիոդինամիկայի արագացմանը1:

Դրա ներգործությամբ նկատվում է արդյունաբերական կտրուկ աճ, նկատելիորեն կրճատվում է մշակութային արժեքների ստեղծման և կիրառման շրջապտույտի ժամկետը, ինչն էլ բերում է անհատի ինֆորմացվածությանը, մտահորիզոնի զարգացմանը, ասել է թե` ինտելեկտի մակարդակի աճին:

Շնորհիվ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների` գլոբալ միջավայրի մարդը հնարավորություն է ստանում ծանոթանալու համաշխարհային մշակութային հարստություններին և ժառանգությանը, որոնք մինչ այդ անհասանելի են եղել արդյունաբերական և հետարդյունաբերական միջավայրի մարդուն, քանի որ տրված չէին տարբեր երկրներ գործուղվելու կամ շրջագայելու շանսեր:

Վիրտուալ թանգարաններ, գրադարաններ, պատկերասրահներ, համերգասրահներ. այս ամենն այսօր հասանելի է «համաշխարհային ինֆորմացիոն սարդոստայնում», ինչն անմիջական հնարավորություն է ստեղծում ծանոթանալու բոլոր ժամանակների հանճարների ստեղծագործություներին: Անմիջապես միլիոնավոր մարդկանց համար հասանելի դարձան Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի, Բրիտանական թանգարանի, Ռուսաստանի ազգային գրադարանները, և ոչ միայն, մինչդեռ այս կառույցների գրական ֆոնդերը հարյուրամյակներ շարունակ հասանելի էին միայն նեղ շրջանակներին:

Մշակութային գլոբալիզացիան, այսպես ասած, օրինական ուժ տվեց որոշակի մշակութային ստանդարտների, որոնց թելադրանքով, օրինակ, գլոբալ միջավայրի մարդը պետք է մի քանի օտար լեզուների տիրապետի, կարողանա օգտվել համակարգչից և համակարգչային ծրագրերից, կարողանա հաղորդակցային գործընթաց ծավալել այլ մշակույթի աշխարհի ներկայացուցիչների հետ, հասկանալ ժամանակակից արվեստների, գրականության, փիլիսոփայության և գիտության զարգացման միտումները: Մշակութային գլոբալիզացիայի շրջանակներում ուժգնացավ մշակութափոխանակության ինտենսիվությունը: Ըստ էության, թափանցիկ դարձան սահմանները, և ժամանակակից տաղանդները հնարավորություն ստացան իրենց ստեղծագործական դեգերումների մեջ ներթափանցել տարբեր ազգերի և երկրների մշակույթներ: Նույն ինտենսիվությամբ երաժիշտները, գեղանկարիչները, դիրիժորներն ու ռեժիսորները և, առհասարակ, արվեստագետներն այսօր մշակութային գլոբալիզացիայի միջավայրում կարող են իրացնել իրենց ստեղծագործությունն ու տաղանդը` պատռելով լոկալ հայտնիության սահմաններն ու նվաճելով համաշխարհային եզերքներ:

Մշակութային գլոբալիզացիայի պայմաններում արվեստի ստեղծագործությունները դադարում են լինել այս կամ այն ազգի սեփականությունը. դրանք դառնում են ողջ մարդկության ունեցվածքը: Չափազանցված չի լինի այն պնդումը, որ գլոբալիզացիան նպաստում է մշակութային ունիվերսալացմանը, նույնը, ինչ տեղի էր ունենում անտիկ աշխարհում, երբ Զենոնը, Արքիմեդը, Պյութագորասը և Սոֆոկլեսն ընկալվում էին ոչ որպես հելլեններ` առավել ևս Աթենքի կամ Սպարտայի քաղաքացիներ, այլ ողջ քաղաքակրթված աշխարհի համար ընդունելի արժեքների կրողներ2:

Շնորհիվ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների` այսօր ցանկացած էթնոսում կուտակված մշակութային գաղափարը, խորհրդանիշերը, իմացությունը կամ կարողությունը լայն կիրառում են գտնում այլ մշակութային աշխարհներում` դրանով իսկ մեկ ազգի մեջ կազմավորելով հստակ պատկերացում մեկ այլ ազգի մշակութային ձեռքբերումների և ժառանգության վերաբերյալ:

Այժմ դիտարկենք մշակութային գլոբալիզացիա ֆենոմենը հակառակ բևեռից: Գլոբալիզացիան նկատելիորեն սրացրել է ազգային-մշակութային ինքնորոշման խնիրը, և սա իսկապես մերօրյա լրջագույն խնդիրն է, որն իր վրա է կենտրոնացրել ոչ միայն մշակութաբաններին, այլ նաև քաղաքագետներին, քաղաքական գործիչներին, հասարակական կամ կրոնական գործունեությամբ զբաղվողներին և, առհասարակ, պրոգրեսիվ մտածողությամբ գիտական աշխարհի մարդկանց: Ինչպես նկատում են աշխարհի շատ հետազոտողներ, «այսօր անգամ տնտեսագիտական խնդիրներն են երկրորդ պլան մղվել, եթե համեմատելու լինենք այն դժվարության հետ, որն ունենում են հիմնական սոցիալական խմբերը «ով ենք մենք» հարցին անհրաժեշտ պատասխան գտնելու գործում»3: Բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները և նաև փորձը գործնականում ցույց են տալիս, որ այն ինդիվիդումը, որը չունի իր ինքնորոշումն այն քաղաքակրթության ներսում, ուր գործունեություն է ծավալում, այն ազգի մշակույթում, որի ներկայացուցիչն է ինքը, այն աշխարհագրական տարածքի ներսում, որն իր հայրենիքն է հանդիսանում և, վերջապես, այն ժամանակահատվածում, որը կազմում է տվյալ պատմական դարաշրջանի մասը, ապա այդ ինդիվիդումը դուրս է մնում տվյալ սոցիումի պատմական զարգացման գործընթացում ծավալված կապերի և հարաբերությունների համակարգից: Նա վերածվում է ավտոնում սուբյեկտի, որի տարորոշիչ հատկանիշն է դառնում «մեկուսացվածությունը» (տերմինն օգտագործել է Գ.Ֆեդոտովը)4: 

Ժամանակի ընթացքում սեփական ազգային-մշակութային ինքնորոշումը կորցրած անհատների թվի աճը հանգեցնում է հասարակական համակարգի ապակայունացման, կտրուկ աճում է հասարակական լարվածության ցուցանիշը, հարցականի տակ է առնվում այս կամ այն երկրի` սեփական սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու կարողությունը: Մշակութային գլոբալիզացիան թուլացնում է նաև ազգերի լեզուների կարգավիճակը` փոխարենն ապահովելով միջմշակութային փոխհարաբերություններում ամրագրված անգլերեն լեզվի աճը, մինչդեռ անգլերենն իրականում այսօր մոլորակի 380 միլիոն բնակիչների մայրենի լեզուն է միայն: Այսօր անգլերենով է տպագրվում աշխարհում հրատարակվող գրքերի և պարբերականների մեծ մասը: Անգլերեն է համացանցում տեղադրված նյութերի ավելի քան 80%-ը: Նույնը կարելի է ասել նաև ցանցում տեղադրված աուդիո-վիզուալ պրոդուկցիայի վերաբերյալ: Այսօր անգլերենի իմացությունը պարտադիր պայման է լուրջ պաշտոն զբաղեցնելու և կամ լուրջ կազմակերպությունում աշխատելու համար: Անգլերենն է դարձել դիվանագետների, ավիադիսպետչերների, մաքսային ծառայության աշխատակիցների և այլոց համար: Փորձը ցույց է տալիս, որ այլ լեզուներն (այդ թվում նաև այնպիսիք, որոնք ՄԱԿ պաշտոնական լեզուներ են համարվում) աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը, սեղմվում են դրանց կիրառման ծավալները: Այս գործընթացը տարեցտարի նոր թափ է առնում, և եթե այս միտումները շարունակվեն, ապա հեռու չէ այն օրը, երբ զարգացած երկրների քաղաքացիները կխոսեն ոչ թե իրենց մայրենի լեզվով, այլ անգլերենով: Մինչդեռ, ինչպես ժամանակին նշել էր Հերդերը, «յուրաքանչյուր լեզու մի անոթ է, որտեղ լցվում, պահպանվում և ապա փոխանցվում են տվյալ ազգի գաղափարներն ու պատկերացումները»5:

Իսկ լեզվական յուրահատկության, կիրառման ինտենսիվության կործանումը հավասարազոր է մշակութային դեգրադացիային և կամ, առհասարակ, այդ մշակույթի ոչնչացման մոտալուտ վտանգին: Այս մասին են ահազանգել շատ գիտնականներ. օրինակ` Էդվարդ Սեպիրը գտնում էր, որ լեզվի ծագմանն անմիջապես հաջորդում է նյութական մշակույթի սկզբնավորումը, և ինքը` մշակույթը, որպես այդպիսին, չի կարող գոյություն ունենալ, քանի դեռ չի ձևավորվել լեզուն` նյութի և իմաստի արտահայտչամիջոցը6:

Կասկածից վեր է, որ մշակութային գլոբալիզացիան խորացնում է տարբեր ազգերի և երկրների միջև եղած մշակութային անհավասարությունը: Որպես կանոն, շահեկան դիրքում են հայտնվում գերտերությունները: Ասենք, օրինակ, մշակութային էքսպանսիայի հիմնական գործիքների` կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և համացանցի միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգները դոմինանտ դիրքում է հայտնվում, քանի որ այս երկրում ինֆորմացիայի և գաղափարի իրացման չափերն անհամեմատ մեծ են: Արբանյակային հեռուստատեսությունները, USIA-ը (The United States Information Agency), CNN-ը ունեն այնպիսի մեծամասշտաբ սփռողականություն, որ մարդիկ ինֆորմացիան լսելիս ակամա այն ընդունում են նախևառաջ ամերիկյան քաղաքագետների տեսակետից: Համաշխարհային էլիտան ձգտում է բարձրակարգ կրթություն ստանալ ամերիկյան քոլեջներում, որտեղ տարեկան հարյուր հազարավոր օտարերկրյա ուսանողներ են ուսանում, իսկ ուսումն ավարտելով` ակամա դառնում են ամերիկյան գաղափարախոսության, մտքի և մշակույթի կրողներ: Արևմուտքի խոշոր մտավորական Զբիգնև Բժեզինսկին իր աղմկահարույց «Մեծ շախմատի տախտակ» գրքում գրում է, որ ամերիկյան զանգվածային մշակույթը մագնիսական ձգողական ուժ ունի, հատկապես աշխարհի ողջ երիտասարդության համար7:

Արագ տեմպով աճում է նրանց թիվը, որոնք իրենց «աշխարհի քաղաքացիներ» են կարծում, իսկ հայրենի երկրի մշակույթը գնահատում են իբրև հետամնաց ու լճացած անօգուտություն: Առանձնապես ապացուցման ենթակա չէ այն փաստը, որ նման գաղափարախոսության մասսայականացումը (ինչն էլ, ըստ էության, գլոբալիզացիայի գերնպատակն է) խիստ վտանգավոր է դառնում, քանի որ պատմությանը հայտնի չէ որևէ դեպք, երբ որևէ ազգ, ընդունելով իր հոգևոր պարտությունը, կարողանա պահպանել ստեղծարար պոտենցիալը, շարունակել պատմական ինքնուրույն գոյությունը` առավել ևս` իր ակտիվ ներգործությունն ունենա ժամանակակից իրականության տարբեր ազգերի մշակույթների վրա: Հարկ է նշել, որ մշակութային գլոբալիզացիայի միջավայրում այսօր գործնականում գրեթե բոլոր երկրներն են կանգնած ազգային ինքնորոշման ճգնաժամի առջև: Սակայն մշակութային գլոբալիզացիայի ամենագլխավոր նեգատիվ հետևանքն այն ահեղ հարվածն է, որ այս ֆենոմենը հասցրել է բոլոր ազգերի մշակույթների հիմնական կառուցվածքներին: Մինչդեռ, «ազգի մշակույթը, գրում է Հերդերը, այդ ազգի գոյության լույսն է, նրա էության ժամանակավոր և նուրբ բացահայտումը»8:

Այս մասին ժամանակին գրել է նաև Կանտը` ապացուցելով, որ մշակույթի ստեղծումը բարձրագույն նպատակ է, որ մարդը դնում է ինքն իր առջև, իսկ մշակույթի գերնպատակը բանական մարդու ստեղծումն է: Այսպիսով, կործանելով ազգերի մշակույթները` մենք մարդկությանը զրկում ենք իր գերնպատակից:

Վերը նշված այս նեգատիվ ազդեցությամբ էլ բացատրվում է այն հերքողական վերաբերմունքը, որ ծավալվել է մշակութային գլոբալիզացիայի մերօրյա տարբերակի շուրջ:

Ու եթե ամփոփենք դիտարկումը, ապա միանշանակ ակնհայտ է, որ մշակութային գլոբալիզացիայի հենց այսօրվա տարբերակն իրենում արդարև ներառում է ինչպես նոր հեռանկարներ, այնպես էլ նոր ռիսկեր, որոնք կարող են ուղղակիորեն նշանակալի հետևանքներ թողնել մեր կյանքի, մեր պատմության, մեր ազգային ինքնորոշման և ազգային գաղափարախոսության վրա: Ու քանի որ մշակութային գլոբալիզացիայի պրոցեսում մարդիկ ոչ թե պասիվ դիտորդներ են, այլ ակտիվ մասնակիցներ, ապա պետք է միանշանակ օգտվել այս գործընթացը հղկելու պարզ իրավունքից: Ասել է թե` մշակութային գլոբալիզացիան չպետք է բերի մարդկությանը մշակութային ունիֆիկացիայի, այլ յուրաքանչյուր ազգային մշակույթ պետք է իրավահավասար դիրքում լինի մյուս բոլոր ազգերի մշակույթների կողքին:

Հենց սրանով է բացատրվում նաև որոնումների այն ինտենսիվությունը, որով այսօր գիտնականները, քաղաքական և հասարակական գործիչները, մշակութաբանները և քաղաքագետները փորձում են գտնել մշակութային գլոբալիզացիայի նոր` այլընտրանքային տարբերակը:


1Моль А., «Социодинамика культуры», Москва, 1973.

2Шендрик А.И., Социология культуры: Учебное пособие для студентов, М., 2005.

3Նույն տեղում:

4Федотова Н.Н., Кризис идентичности в условиях глобализации // Человек, 2003, N6.

5Гердер Й.Г., Идеи к философии истории человечества, М., 1977.

6Э. Сепир, Избранные труды по языкознанию и культурологии, П., 2002.

7Z. Brzezinski, The grand chessboard: American primacy and its geostrategic imperatives, NY, Basic books, October 1997.

8Гердер Й.Г., Идеи к философии истории человечества, М., 1977.

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Вебер М., Избранные произведения, М., 1990.

Гердер Й.Г., Идеи к философии истории человечества, М., 1977.

Михайлова Л.И., Социология культуры: Учебное пособие, М., 1999.

Шендрик А.И., Социология культуры: Учебное пособие для студентов, М., 2005.

Социологическая энциклопедия // Под ред. В.Н Иванова и др., М., 2004.

McLuhan, M. Understanding Media / M. McLuhan.- L., 1964. Р. 93.

Beck, Ulrich What Is Globalization?. Cambridge: Polity Press, 1999.


Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am