Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Հոկտեմբեր 2011, N 10

ԵՐԿՈԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ՝ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՄԻԱՑԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Հովհաննես Պապիկյան, հրապարակախոս, ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար

Անին շեն, աշխարհն ավեր,
Աշխարհը շեն, Անին ավեր։


ԱՆԻԻՑ ԳՅՈՒՄՐԻ

Ուրիշ է, երբ Ախուրյան գետի այս ափից ես նայում Անիի ավերակներին, բոլորովին ուրիշ, երբ Բագրատունիների ոտնահետքերին ես երկյուղածությամբ ոտք դնում: Անի այցելող ամեն հայի համար Հայաստանի երբեմնի փառավոր մայրաքաղաքը սրբավայր է, մասունք: Այստեղ ամեն ընկած քար ու խոյակ հազարամյա պատմության խոսուն վկան է: Հայ ուխտավորը ժամերով է կանգնում հրաշքով կանգուն մնացած մի ծիվ պատի մոտ, մի մատ երեխա գուրգուրելու զգուշավորությամբ շոշափում վիմական արձանագրությունները, ճարտարապետական շքեղ բեկորները, նկարազարդ որմնամասերը, որ ընկած են երբեմնի շքեղաշեն եկեղեցիների պատերից: Անին մեր կորուսյալ հայրենիքի մի ծվեն մասունքն է, և հայ ուխտավորը եկեղեցիների ավեր պատերի տակ, նախշազարդ քարի առաջ ծնրադիր` Իսահակյանի կարոտն է բարձրաձայնում. «Ես պաշտում եմ քո փլատակ վանքի ամեն մի փշրված քանդակը և համբուրում եմ նրանց սրբազան մամուռը»:

Այդ զգացողության տեր ամեն հայ իրեն բախտավոր է զգում` մեկ անգամ գոնե լինելով հազարամյա հայոց պատմության քարեղեն վկայություն Անիում: Մի ողջ դարաշրջան ուսած այս քաղաքն իր այցելուին ազգային ակունքների հանդեպ անհուն սեր ու զգացողություն է հաղորդում, և իր փառահեղ անցյալի հանդեպ սերն ու վերաբերմունքն ինքնին ձևավորվում են` այցելուն հայ լինի, թե այլազգի: Այդ տրամադրությամբ է ֆրանսիացի լեզվաբան Էժեն Պոռեն ժամանակին ասել. «Ով որ սրտի աչքերով է նայվածք նետում Անիի քարակերտ հմայքին, բանաստեղծ է դառնում»:

 

ԵՐԿՈՒ ԵԿԵՂԵՑԻ` ՆՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

Գյումրի այցելելու այդ օրվա իմ ծրագիրը լուսանկարելն էր հին տները և Ամենափրկիչ եկեղեցին` վերջինիս կառուցման պատմությունը զուգահեռելու Անիի Մայր եկեղեցու հետ:

Գյումրիում վերակառուցվող եկեղեցին «բավականին հասակ է առել», կարծես քիչ ժամանակ է մնացել այն օրվան, երբ այստեղ էլ, մոտ հարյուրամյա լռությունից հետո, կլսվի պատարագի անուշ մեղեդին, որ պիտի խորհրդանշի նաև Անիի Մայր եկեղեցու վերածնունդը` իր երկվորյակի զարթոնքի խորհրդանշական զուգահեռումով:

Մտաբերեցի դեռ խորհրդային տարիներին Ամենափրկիչ եկեղեցուն հրապարակ «դուրս բերելու» Վազգեն վեհափառի ծրագիրը, որն, ավաղ, այն ժամանակ չիրականացավ ու, ցավալիորեն, դա «արվեց» երկրաշարժի հետևանքով: Վեհափառի իղձը հետևյալն էր: Շատերը կհիշեն նախաերկրաշարժյան Գյումրվա հրապարակը` Վարը: Հրապարակը գոտևորող եռահարկ բնակելի շենքերը հետնամասում էին թողել Յոթ վերք և Ամենափրկիչ եկեղեցիները: Վեհափառ հայրապետն առաջարկում էր բնակիչների համար բնակարաններ կառուցել քաղաքի` նրանց ուզած վայրում և այդ երկու շենքերը հանել հրապարակից` եկեղեցիները տեսանելի դարձնելու համար:

…Երբ 1989-ի դեկտեմբերին վեհափառն այցելեց Գյումրի, տեսավ քանդված այն նույն շենքերը, որոնց տեղափոխման խնդիր էր առաջադրել ժամանակին, ցավագին ափսոսանքով ասաց. «Մենք այս ճանապարհը չէինք ուզում` սա դաժան իրողություն է»:

Վեհափառը, բնականաբար, քաջածանոթ էր երկու եկեղեցիների կառուցման պատմությանը, և ինքն էլ հաճախ զուգահեռումը կատարում էր, շեշտելով Թադևոս Անդիկյանի և Մանուկ Պետրոսյանի մեծ դերը և նրանց նախանձախնդիր վերաբերմունքը` հայրենի քաղաքում էլ ունենալու «Անիի զմայլելի կոթողի նմանակը»: Այդ տարիներին էր, որ վեհափառն այցելեց Ախուրյանի ձախափնյա բարձունք` սահմանի այս կողմից դիտելու Անին, ի մասնավորի` հանդիպակաց բարձունքին վիրավոր, բայց և վեհորեն հառնած Մայր եկեղեցին: Վեհափառին ուղեկցում էին հոգևորականներ Շիրակի թեմից և աշխարհական ուխտավորներ: Բարձունքից գերյալ Ամենափրկիչը դիտող վեհափառը խնդրեց իրեն մի պահ մենակ թողնել: Բոլորը մի քանի քայլ հետ քաշվեցին: Ի՜նչ խորհրդավոր պահ էր. մայրամուտին հասնող արևի շողերից բարձունքին կանգնած ուխտավորների ստվերները երկարել-անցել էին ձորը` ուղիղ դեպի հազար տեղից վիրավոր Մայր եկեղեցին, ասես ուր որ է մի երևակայական կամուրջ պիտի ձգվի, և ուխտավորներն Ախուրյանի այս ափից պիտի հասնեն այնտեղ` իրենց աղոթքն անելու փառավորյալ Կաթողիկեի կամարների տակ: Ձորով բաժանված բարձունքներում երկու վեհություն էին` աղոթքի կարոտ Մայր եկեղեցին այն կողմում` գմբեթազուրկ, ճաքած պատերով, վիրավո՜ր, վիրավո՜ր, և այդ սրբալույս ժողովարանն իր իրական տիրոջ գիրկը բերելու աղերս-աղոթքով առ Աստված դիմող վեհափառը` այս կողմում: Աղոթքը շարունակվեց այնքան, մինչև որ վերջալույսի շողերը եկեղեցու վիրավոր դիմապատի վրայով դանդաղ սահելով իջան, ու ստվերներն իրենցով ծածկեցին մենակ ու անօգնական մնացած հայ ճարտարապետության հազարամյա փառքի վկային:

1903 թվականին, լինելով Անիում, Լեոն շատ գեղեցիկ է բնութագրել Անիի Մայր եկեղեցին. «Աղետների քաղաքի այս հրաշագեղ թագուհին»: Այն 989թ. սկսել է կառուցել Սմբատ Երկրորդ թագավորը, իսկ 1001թ. ավարտել է Գագիկ Առաջին թագավորը: Ճակատային մասով դեպի Ախուրյան գետը` եկեղեցին հոյակապ դիրք ունի և շատ պարզ երևում է նաև գետի այս ափից, այսպես ասած, «մեր կողմից»: Ճիշտ այդ եկեղեցու նմանակը կառուցվել է Գյումրիում:

Դա Ամենափրկիչ եկեղեցին է: Շինարարությունն իրականացնող վարպետներն են եղել Թադևոս Անդիկյանը (Անդիկենց Թաթոս) և Մանուկ Պետրոսյանը (Արդար Մանուկ): Եկեղեցաշինության պատմության մեջ աշխարհում նախադեպը չունեցող մի իրողություն է սա, աներևակայելի մի պատմություն: Տասնչորս տարի շարունակ, ամեն կիրակի օր, Թադևոս Անդիկյանը Գյումրիից կառքով գնացել է Անի` Մայր եկեղեցում չափագրություններ կատարելու, և, «կենդանի նախագիծ» որպես` Գյումրիում ուղղություն տվել ու ղեկավարել Ամենափրկիչ եկեղեցու շինարարությունը:

Մատնանշենք ուշագրավ մի փաստ. նկատի առնելով քաղաքը սեյսմիկ գոտում լինելու հանգամանքը` եկեղեցին կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճուտ ափին, որը պիտի նվազագույնի հասցներ ստորգետնյա ցնցումների ուժը:

Այդպես, Անիի Կաթողիկե Մայր եկեղեցու օրինակով` Գյումրին ունենում է իր Ամենափրկիչը, որի շինարարությունն ավարտվում է 1876 թվականին: Կառուցողները մի զարմանալի հնարանք էլ էին օգտագործել. եկեղեցին բարձրանում էր «խիտ և ամուր խճաքարա-կոպճային նստվածքների վրա, որոնք հուսալի հիմնատակ են հանդիսացել կառույցի համար» (Գյումրիի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի մասնագետներն էին տվել այս եզրակացությունը): Այդ երաշխիքով է, որ Ամենափրկիչը 1926 թվականի երկրաշարժին մասնակի վնասվածքներով կանգուն էր մնացել:

Թե ինչու չդիմացավ 1988-ի երկրաշարժի հարվածներին` տարբեր վարկածներ կան. կամ երկրաշարժն էր շատ ուժգին, կամ էլ 1980-ականներից սկսված Ամենափրկիչ եկեղեցու նորոգչական` տարիներով ձգձգվող աշխատանքներն էին ինչ-որ տեղ թուլացրել եկեղեցին: Մինչ օրս էլ այդ խրթին հարցը մնաց անլուծելի, թեպետ ժամանակին ճարտարապետների ու շինարարների միջև շատ քննարկումներ, բանավեճեր եղան: 1985-ին հեռուստատեսային հաղորդում էինք նկարահանում` «Կումայրի» արգելոց-թանգարանի համալիր ծրագիրն իրականացնող խմբին ՀՍՍՀ Պետական մրցանակ շնորհելու առիթով, և հաճախ էր Ամենափրկչի թեման արծարծվում: Մրցանակ էին ստացել քաղաքի գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ճարտարապետ Ավետիք Միրիջանյանը, հատուկ գիտաարտադրական վերանորոգման արվեստանոցի տնօրեն Սասուն Գրիգորյանը և Լավրենտի Բարսեղյանը:

Հիմա ես գրում եմ այս տողերը, և հիշողությանս մեջ ու նոթատետրիս գրառումներում այն օրերի հանդիպումներն են այդ մարդկանց հետ, զրույցներն ու նկարահանումները, նախաերկրաշարժյան անհոգ, ծաղկուն քաղաքի մարդկանց աշխույժ բանավեճերը «Մինուճար Ամենափրկչի» մասին: Մինուճար բառը լենինականցիներն օգտագործում էին` անհրաժեշտ գուրգուրանք դրսևորելով Անիի Մայր եկեղեցու նմանակին, որ «մենակ է մնացել` Անին մեզնից խլելուց հետո»:

Սասունն ու Ավետիքը վաղ հեռացան կյանքից: Նրանք չտեսան երկրաշարժի հետևանքով եկեղեցու ավերվելը, եկեղեցի, որ «Կումայրի» արգելոց-թանգարանի զարդն էր, իրենց փայփայած ու գուրգուրած հուշարձանը, որի կանգուն ու շեն մնալու համար այնքա՜ն ջանք ներդրեցին: Սաշուրը կորցրեց անմիջական գործընկերներին, իր մտերիմներին, ես կորցրի նկարահանումների օրերին գտած, մտերմացած, հարազատ դարձած մարդկանց:

1987-ին նորոգչական աշխատանքների ճիշտ կամ սխալ լինելու թեման այն ժամանակ շարունակում էր քննարկվել Լենինականի «Բանվոր» թերթի էջերում: Ի պատիվ քաղաքային «Բանվոր» թերթի, պետք է ասել, որ բացված բանավեճն առիթ դարձավ, որ քաղաքում լայնորեն հրապարակվի Ամենափրկիչ եկեղեցու հետ կապված ամեն մի աշխատանք: Բնակիչները, ովքեր միշտ հիացմունքով են նայել այդ հոյակերտ կառույցին, մտավախություն ունեին, թե կտուրի վրա պատրաստված տախտակամածի երկաթյա սյուների փորվածքներից, անձրևաջրերի կամ ձյան հալոցքից առաջացած ջրերի հետևանքով, կթուլանա կտուրը: Այդ մտավախություն-կարծիքը բոլորը չէ, որ կիսում էին, բայց տագնապը կար: Գոնե Սասուն Գրիգորյանի պատասխանատվությունն ավելի մեծ էր, քանի որ նորոգչական աշխատանքներին մասնակից էր նրա ղեկավարած հատուկ գիտաարտադրական վերանորոգման արվեստանոցը: Այն ժամանակ Սասունը նորոգումը հիմնավորում էր մի շարք պատճառներով. «…1926 թվականի երկրաշարժի և ջրերի հոսքի հետևանքով թմբուկի և վեղարի մեջ տեղի էր ունեցել շերտավորում, ինչպես և ոլորում` կլոր լուսամուտների շրջանում, որոնց պատճառով քարերը տեղաշարժվել և քայքայվել են… թմբուկը երկու առանձին հորիզոնական հարթություններով միմյանցից անջատվել և տեղաշարժվել էր»: Երբ համայնավարների որոշումով եկեղեցին պետք է որպես ֆիլհարմոնիա օգտագործվեր, առանց մասնագետների հետ խորհրդակցելու, քանդել էին ներսի պատշգամբն ու եկեղեցուն կից ճեմարանը: Եվ Սաշուրն էլ, Սասունն էլ դա կոպիտ միջամտություն էին համարում: Բայց եղածը եղել էր, և այն տարիներին` 1985-87-ին, մեն-մի մտահոգություն կար` փրկել հուշարձանը:

Սակայն… հուշարձանը չդիմացավ 1988-ի երկրաշարժին` ուժգին երկրաշարժին: Այդ թեման մասնագետներին թողնենք և դառնանք Անիի Մայր եկեղեցուն:

1988-ի երկրաշարժից, ո՜վ տարօրինակ ու նույնացող ճակատագիր, փլուզվեց նաև Անիի Մայր եկեղեցու հյուսիսարևմտյան անկյունը:

Ես լուսանկարեցի եկեղեցու այդ հատվածը և կրկին հիշեցի Լեոյին, հիշեցի նրա մարգարեական գուշակությունը. «Մեր առջև, առավոտյան քնքույշ լույսերի, անմահական ժպիտների թարմության մեջ բարձրացրել է իր սգավոր, կրծոտված մարմինը մի մեծ, մի չքնաղ ավերակ` երկնքի ու երկրի տոներին հակադրելով մի սոսկալի անհույս մեռելություն: Մայր եկեղեցին է…Նրա երկու անկյուններից մեկը, որ նայում է արևմուտքին, ճեղքված է վերևից` կտուրից մինչև համարյա կեսը: Մի զարհուրելի վերք այդ հին, կիսամաշ մարմնի վրա… ճեղքը վերևից լայն է, այնտեղից քարեր շատ են թափվել: Թվում է, թե այդ վիրավոր անկյունը այլևս չի կարողանում կապ պահպանել երկու պատերի մեջ… Նայողը տխրությամբ համոզվում է, որ Մայր եկեղեցու փլուզումը այստեղից պիտի սկսվի… Մի թեթև պատահականություն կարող է մի ժամում աղետ բերել աղետների քաղաքի այս հրաշագեղ թագուհու գլխին»:

85 տարի անց Լեոյի այդ անհանգստությունը, ավաղ, ճիշտ դուրս եկավ` նրա նկարագրած հատվածը փլուզվեց: Դարձյալ զուգահեռվեցին Անիի և Գյումրիի նույնանման եկեղեցիների ճակատագրերը: Շատ խորն էին Լեոյի և՛ անհանգստությունը, և՛ հուսահատությունը. «Տեր Աստված, որքան անտարբեր, անկարող ենք մենք…»:

Հիմա Գյումրիում տարվում են «Ամենափրկիչ» եկեղեցու վերականգնման աշխատանքներ: Թեպետ դանդաղ ու դժվար, բայց և տարվում են: Անիի Մայր եկեղեցու պարագան այլ է` Մայր եկեղեցին այլ պետության տարածքում է: Հուսանք, թե Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բախտին կարժանանա Մայր եկեղեցին, և այն երկրի կառավարությունը, որի տարածքում է այսօր Անին, նորոգչական աշխատանքներ կսկսի նաև Մայր եկեղեցում: Այս պարագայում աշխարհի պատմամշակութային հուշարձաններից մեկի` Անիի Մայր եկեղեցու փրկության խնդիրն է առաջնային: Թե նորոգված եկեղեցին ինչ կարգավիճակով կմնա` հետագայում խոսելու թեմա է: Բայց այսօր Անիի Մայր եկեղեցին` գմբեթազուրկ, կողաջարդ Կաթողիկեն, կարոտում է իր վերակառուցողին: Գուցե ժամանակին Անդիկենց Թաթոսն ու Արդար Մանուկն Անիի կորստի ու Մայր տաճարի ավերման տխուր իրողության տեսլակա՞նն ունեին, որ ավելի ապահով վայրում Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը սկսեցին` ունենալու ճիշտ նմանակն այն հրաշք եկեղեցու, որի պահպանությունը դժվար կլինի ավեր քաղաքում, մանավանդ որ եկեղեցիներն այդ քաղաքում միայն երկրաշարժից չէ, որ ավերվում էին ու ավերվում են…

Ցավալիորեն տխուր կլինի այս երկու եկեղեցիների ճակատագրի մեկ այլ զուգահեռում էլ անել: Ամենափրկիչը վերակառուցվում է անկախ Հայաստան երկրում` պահպանված իր քարերով, իր խոյակներով ու սյուներով: Վերակառուցվում է հոգատար վերաբերմունքով, պետության հովանու ներքո, նաև մասնավոր ներդրումներով:

Իսկ Անիի Կաթողիկեն (եթե անգամ Աստված հաջողի նրա վերակառուցումը) կարոտ պիտի մնա իր հազարամյա նախշաքարերից շատերին, որոնք թալանված են ու թալանվում են` իրենց ոչ հարմար տեղը գտնելով Անիի հարևանությամբ քրդաբնակ գյուղի տների, անգամ անասնագոմերի որմերի շարվածքում:

Մի պահ դադար տանք և լսենք Լեոյին. «…Բնությունը ոչինչ չէ գողանում, ոչինչ չէ տանում: Իսկ մարդը մոտենում է բորենու նման. նրան գրավում են հղկած, զարդարուն սալ քարերը, որոնք շինության երեսն են կազմում: Եվ նա դանդաղ պոկում է այդ քարերը, մաշկում է գեղեցիկ շինությունը…»:

Հարևան քրդաբնակ գյուղի բնակիչներից Անիում մեզ հանդիպած մարդկանց հետ ինչ թեմայից էլ խոսենք, նրանք անհաղորդ պիտի մնան մեր զգացումներին էլ, մեր վերաբերմունքին էլ` նրանց համար դա սրբատաշ քարերի վայր է` իրենց տների որմերին շատ «հարմար», դա նաև անասուններ արածացնելու վայր է, որովհետև «խոտն այստեղ շատ փարթամ է աճում»: Նրանց ի՞նչ փույթ, թե դա երբեմնի արքայանիստ քաղաքի սրբավայրն է:

Այդ տնատերերի համար դրանք պարզապես քարեր են, որ բերվել ու շարվել են` հայկական տառերն ու նախշերն անգամ վրայից չքերված: Տնաշեններ, գոնե քարերի վրայի նախշերը մաքրեք, որ այդքան աչք չծակի:

Ամեն ինչի մեջ խորհուրդ դնելու, խորհուրդ տեսնելու հայերիս բնույթը մի պահ կարծես թե հաշտվում է այդ իրողության հետ` գուցե կյանքի շարունակությո՞ւն տեսնենք` երեխաներով լեցուն այս տների պատերին ավեր եկեղեցու քարերը նկատելով: Մեղա Աստծու` մի կողմում քո զգացողությունը, մյուսում` այսօր այս վայրում տիրություն անողի անտարբերությունը:

Հետևությունը շատ հեռավոր անցյալում Հաֆեզն արդեն արել է. «Ծաղկեփնջի գինը միայն հավքը գիտի այգեպանի, // Եվ ոչ թե նա, որ կարդաց, բայց չըմբռնեց միտքը բանի…»:

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Անիի հարևան գյուղից եկած 15 տարեկան մի քուրդ տղա ջուր էր բերել մեզ: Նրա անելիքն էր` սպասել ջրի սպառվելուն, որ իր վարձը վերցնի ու գնա: Նա անտարբեր նստել էր Բագրատունիների ոտնահետքերի վրա, և իր համար անհասկանալի էր եկեղեցու ընկած նախշազարդ քարը շոշափող հայ ուխտավորի հուզմունքը: Ուխտավորն այդ տղային հո չէ՞ր բացատրելու, թե նաև այդ քարերը նախշազարդող վարպետների մասին է Չարենցը գրել. «…Ձեր ձիրքով թողիք աշխարհում դուք անանց և անջինջ մի հետք, // Եվ մնացիք հավիտյան քերթության վարպետներ անմահ…»:
Մեր անցյալի պատմամշակութային հուշարձանների գոյությունը պայման է առաջադրում մեզ, որպեսզի ազգային ժառանգությունը գնահատողի, դրա նկատմամբ առանձնակի վերաբերմունք ցուցաբերողի պահվածք ունենանք: Եվ դա լինի ոչ միայն հուշարձանները դիտողի, երբեմն էլ սոսկ ցավալիորեն արձագանքողի պահվածք, այլև իր մեջ թելադրանք ունենա` հոգատարության ի՞նչ դրսևորումներով, ի՞նչ մոտեցումներով կանխենք դրանց հետագա ավերումը, ինչպե՞ս անենք, որ սերունդների հայացքը հուշարձանների վրա մնա: Ասել է` սոսկ դիտող լինելուց դառնանք մտահոգության հասցեները համաշխարհային հանրությանը հասանելի դարձնողներ: Դրա մի ճանապարհը կարծես թե կարող ենք գտնել Սևծովյան տնտեսական համագործակցության (որի անդամն է Հայաստանը) երկրների ուշադրությունը սևեռելով, ասենք, Անիի եկեղեցիների, մանավանդ հիմնովին ավերվելու վտանգի առաջ կանգնած Մայր եկեղեցու վրա:

Կկարողանա՞նք, արդյոք, մեր Ազգային ժողովի հարգարժան պատգամավորների ուշադրությունը մի պահ հեռացնել քաղաքական հարցերից և Սևծովյան համագործակցության խորհրդարանական հարցերի հանձնաժողովի միջոցով բարձրացնել անդամ երկրների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների պահպանության և վերականգնման խնդիրը: Երբ 1997-ին Հայաստանում ստեղծվեց Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) Հայաստանյան Ազգային կոմիտեն, կարծես թե ինչ-որ աշխուժություն պիտի նկատվեր: Սակայն այդ հասարակական կազմակերպության (դրանում ընդգրկված էին նվիրյալ մարդիկ` ճարտարապետներ, հնագետներ, պետական կառույցների և մտավորականության ներկայացուցիչներ) ջանքերն իրական դառնալն առաջին հերթին պայմանավորված էր ՀՀ ԱԺ-ի` վերոնշյալ հանձնաժողովի ակտիվ գործունեությամբ: Մի շարք երկրներում առանձնակի վերաբերմունքի կարոտ հայկական հուշարձաններ շատ կան, սակայն դրանց մասին խոսելն այլ թեմա է: Միայն նշենք, որ Թուրքիայում դրանք հինգ հազարից ավելի են: Անիի հանդեպ վերաբերմունքը պիտի հաստատուն մնա` միջազգային կապերի օգտագործմամբ ամեն կերպ հասնել Անիի հուշարձանների վերանորոգմանը, գոնե առայժմ, առաջին հերթին Մայր եկեղեցին փրկել վերջնական կործանումից: Թուրքական կառավարությունը, որ Անիի մուտքին իջևանատուն է կառուցել, որ ամեն կերպ փորձում է Անին միջազգային զբոսաշրջության վայր դարձնել, կարծում ենք` ինքն էլ շահագրգռված է պահպանել գոնե այն, ինչը կարող է գրավել այցելուներին: Հիմա թե ով, որ զբոսաշրջիկը ինչ զգացումներով կայցելի Անի, դա արդեն խնդրի մյուս կողմն է: Երբեմն, ու գուցե հաճախ, ինքներս մեզ հարց տանք` որքանո՞վ ենք ծանոթ ազգի մնայուն արժեքներին, որքանո՞վ ենք պատրաստ դրանց պահպանմանը եթե ոչ գործուն միջամտություն, ապա գոնե տագնապ ապրողի պահվածք ունենալ` բարձրաձայնելու երբեմնի այդ փառահեղ քաղաքի ավերակների անմռունչ ձայնը:

Եվ մեր այս ասելիքն ընդամենը խնդրանք է, որ չմոռանանք Անին. ի՞նչ իմանաս, այս փոփոխական աշխարհում դեռ ինչե՜ր կարող են լինել:

Հուսանք…

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am