Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հուշեր

Հուշեր
Հոկտեմբեր 2011, N 10

ԳՈՒՐԳԵՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սուրեն Սարգսյան, հրապարակախոս, տնտեսագետ

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական և կուսակցական գործիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարար

Ծնվել է 1908թ. փետրվարի 23-ին Կարսում (Արևմտյան Հայաստան)

1921թ. - տեղափոխվել է Թբիլիսի

1925թ. - ավարտել է Թբիլիսիի N82 աշխատանքային դպրոցը

1926-1931թթ. - սովորել է Երևանի պետհամալսարանի տեխֆակի հիդրոտեխնիկական բաժնում

1931-1940թթ. - աշխատել է հանրապետության ջրային տնտեսության համակարգում

1941-1946թթ. - ծառայել է խորհրդային բանակում

1947-1949թթ. - Հայկական ԽՍՀ կոմունալ տնտեսության մինիստր

1950թ. - Հայաստանի Կոմկուսի Մոլոտովի շրջկոմի 1-ին քարտուղար

1950-1953թթ. - Երքաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, այնուհետև՝ Երևանի օկրուգային կոմիտեի նախագահ

1954-1957թթ. - կուսակցության Երևանի քաղկոմի առաջին քարտուղար

1957-1959թթ. - Երքաղխորհրդի գործկոմի նախագահ

1959-1961թթ. - գիտության և տեխնիկայի կոմիտեի նախագահի տեղակալ

1961-1981թթ. - Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր կենտրոնական վիճակագրական վարչության պետ

1950-1981թթ. - Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ

1971-1981թթ. - Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի վերահսկիչ հանձնաժողովի նախագահ

Վախճանվել է 1986թ., 79 տարեկանում։

Գուրգեն Փահլևանյանի մանկությունն անցել է Կարսում, որտեղ նրա ընտանիքը 4 հա մակերեսով բանջարանոց էր վարձակալել, իսկ շուկայում՝ ոչ մեծ տաղավար՝ խապան։ 1915թ. Գուրգենն ընդունվում է դպրոց, բայց շուտով թուրքերը հաջողությունների են հասնում Կովկասյան ճակատում և սպառնում Կարսի ամրոցին։ Դպրոցն էվակուացնում են Թիֆլիս՝ ռեալական ուսումնարանի շենք։ Փոքրիկ Գուրգենին տեղավորում են հայոց լեզվի ուսուցիչ Արտեմ Գրիգորի Թասլախչյանի ընտանիքում։

Այս շրջանի ամենախոշոր իրադարձությունը հանդիպումն էր Նիկոլայ II ցարի հետ։ 1915թ. աշնանը Նիկոլայ II-ը գալիս է Կովկասյան ճակատ և կանգ առնում Թիֆլիսում։ Առավոտյան նա հանդիպում է ռեալական ուսումնարանի սաների հետ, որտեղ հիմնականում սովորում էին ռուս սպաների և ժամանակի ազնվականության երեխաները։

Գուրգեն Փահլևանյանի հորաքույրը՝ Բալասանը, ապրում էր Թիֆլիսի Միխայլովի (հետագայում՝ Պլեխանովի) փողոցում, Վորոնցով-Դաշկովի արձանից ոչ հեռու։ Մի անգամ, երբ Գուրգենը հյուր էր եկել նրանց մոտ, լուր տարածվեց, թե հարևան համարում Անդրանիկ փաշան է ապրում։ Երեխաները միջանցք վազեցին և այնտեղ տեսան ազգային հերոսին։ Նա ցածրահասակ էր, գեներալի համազգեստով, բեղերով։ Նրան ոչ ոք չէր ուղեկցում։ Բոլորը նետվեցին դեպի նա, և նա շոյեց երեխաների գլուխները։ Գուրգենը հիշում էր այն լեգենդները, որոնք պտտվում էին այդ մարդու մասին։ Ասում էին, թե նրա կրծքին ի ծնե խաչ կար, որը նրան պաշտպանում է թշնամու գնդակներից։ Գուրգենը մյուս երեխաների հետ հավատում էր դրան։

Ավելի ուշ գործերը Կովկասյան ճակատում բարելավվեցին, ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Վանը, և 1916թ. դպրոցը վերադարձավ Կարս։
Գուրգենի հորը՝ Արտաշեսին, հորեղբորը՝ Ղազարին և այլ տղամարդկանց պատերազմ տարան։

1917թ. հեղափոխությունը փոխեց ուժերի հարաբերակցությունը ռազմաճակատներում։ Ռուսական զորքերը, հետևելով բոլշևիկների կոչերին, պահանջում էին դադարեցնել պատերազմը, զինվորները տուն էին ուզում։ Թուրքերը մոտեցել էին Կարսին։ Գուրգենի ընտանիքի կանայք կրկին Թիֆլիս մեկնեցին, իսկ տղամարդիկ մնացին քաղաքը պաշտպանելու։ Թուրքերը գրեթե առանց մարտերի վերցրին Ալեքսանդրապոլը (Գյումրի), Ղարաքիլիսան (Վանաձոր) և մոտեցան թաթարներով (այժմ՝ ադրբեջանցիներով) բնակեցված Բորչալուի շրջանին։ Խուճապ սկսվեց։ Գուրգենի ընտանիքն էվակուացվեց Վլադիկավկազ, հետո՝ Եսենտուկի։ Քաղաքը մի քանի անգամ բոլշևիկներից սպիտակգվարդիականներին էր անցել, մոլեգնում էին սովը, բծավոր տիֆը։ Սովից փրկվելու համար Գուրգենի մոր բոլոր ոսկյա զարդերը փոխանակեցին ալյուրի և յուղի հետ։

Շուտով տեղեկություն ստացվեց, որ Հայաստանում նոր կառավարություն է ձևավորվել, որն ընդունում է փախստական հայերին։ Ընտանիքը որոշում է վերադառնալ Հայաստան։ Երկամսյա ահավոր տառապանքներից հետո՝ 1919թ. աշնանը, ընտանիքը կրկին Կարսում էր։ Որոշ ժամանակ անց դաշնակցականների գործերը վատանում են։ Թուրքերը վերցնում են Սարիղամիշը, շարժվում դեպի Կարս։ Խուճապային տրամադրություն էր տիրում, ոչ ոք հաղթանակին չէր հավատում։ Կարսեցիները փորձում էին փախչել, սակայն դաշնակցականները նույնիսկ այդ պայմաններում պաշտոնական էվակուացիա թույլ չէին տալիս։

1919թ. նոյեմբերի կեսին թուրքերը կայծակնային արագությամբ, առանց որևէ դիմադրության, շրջապատեցին Կարսը և գրավեցին այն։ Զինվորական կայազորը՝ գեներալ Արարատովի հրամանատարությամբ, գերի հանձնվեց և ուղարկվեց Էրզրում։

Սկսվեց մեծ ողբերգությունը։ Խելակորույս ժողովուրդը լցվեց Ալեքսանդրապոլ տանող ճանապարհի ձորը։ Թուրքերը շրջապատեցին քաղաքը, առանց մարտի գրավեցին ամրոցը և այնտեղից գնդացիրների կրակի տակ առան անպաշտպան մարդկանց՝ երեխաների, ծերերի, կանանց։ Աջուձախ կոտորեցին, սպանվածների դիակները փակեցին ճանապարհն ու երթևեկը դրանով։ Այդ ամենը տևեց 3-4 ժամ։ Ողջ մնացածները շարժվեցին դեպի ոչ հեռու գտնվող ամերիկյան ապաստարաններ՝ պաշտպանություն աղերսելով։ Ժողովուրդը հայտնվեց թուրքերի կրակի ու գետի արանքում։ 11-ամյա Գուրգենը դարձավ վկան այն բանի, որ երիտասարդ մայրերն իրենց նորածիններին նետում էին գետը, նրանցից ոմանք նույնպես գետն էին նետվում։ Հայտնվեցին թուրքական անկանոն զորքերի (բաշիբուզուկներ) առաջին ջոկատները։ Նրանք գնդակահարում ու սրի էին քաշում տղամարդկանց, իսկ կանանց, ծերերին ու երեխաներին քշում էին մի անկյուն և ոսկի ու արծաթ պահանջում, և եթե նրանք փոքր-ինչ հապաղում էին, ապա անմիջապես սպանվում էին։ Կորցնելով ծնողներին՝ Գուրգենը հայտնվում է այս ամբոխի մեջ։ Նրա մայրը նրան հագցրել էր հորեղբոր լաքե սապոգները։ Դրանք շատ մեծ էին, և տղան հազիվ էր շարժվում դրանցով։ Շուտով հայտնվում է թալանչիների երկրորդ ձիավոր ջոկատը։ Այս անգամ քրդեր էին։ Կրկին նրանցից յուրաքանչյուրը «պլոկում» էր մարդկանց խմբերին։ Նրանցից մեկը նկատեց Գուրգենի սապոգները, բայց ժամանակ կորցնել չուզեց և հրացանի խզակոթով հարվածեց տղայի գլխին, տղան ուշաթափ վայր ընկավ։ Դեպքը տեղի էր ունենում ամերիկյան ապաստարանի գլխավոր մասնաշենքի մոտ։ Այնտեղից նկատել էին քրդերի գազանությունը և պատգարակով երկու սանիտար ուղարկել։ Գուրգենին վերցրին, քուրդը տեսավ դա, հարձակվեց նրանց վրա՝ սապոգները պահանջելով։ Սանիտարները հանեցին սապոգները և տվեցին քրդին, իսկ ուշաթափ տղային տարան ապաստարան։ Երեխան ուշքի եկավ միայն տասն օր հետո։

Ես Գուրգենի մանկությանը երկար եմ անդրադառնում, քանի որ նրա մանկության մեջ արտացոլվում են արևմտահայերի ողջ ճակատագիրն ու այն ահարկու տարիների պատմությունը։ Ավարտելով ակնարկիս այս հատվածը՝ ավելացնեմ, որ Գուրգենի մայրը մի քանի ամիս հետո նրան գտնում է ամերիկյան որբախնամ հիմնարկում, և նրանք ողջ ընտանիքով տեղափոխվում են Թիֆլիս։ 1925թ. հունիսին Գուրգենն ավարտում է Թիֆլիսի 82-րդ աշխատանքային դպրոցը և արդեն հաջորդ տարի ընդունվում Երևանի պետական համալսարան։ 1926թ. օգոստոսի 30-ին ամբողջ ընտանիքը նրան ճանապարհում էր Երևան՝ սովորելու։ Երևանի պետական համալսարանը քաղաքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր։ Վեց ֆակուլտետներից մեկը տեխնիկականն էր, որի հիդրոտեխնիկական բաժին էլ ընդունվեց Գուրգենը։

1926թ. նոյեմբերին նշում էին համալսարանի վեցամյակը։ Նիստը տեղի էր ունենում մշակույթի տան դահլիճում (այժմ՝ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ)։ Ելույթ ունեցավ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աշոտ Հովհաննիսյանը (ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանի եղբայրը)։ Բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ էր, առատ մազերով, խոսում էր ջերմ ու ոգեշունչ։ Կենտկոմի քարտուղարի ճառը ցնցեց Գուրգենին։ Նրա մեջ ծնվեց նույնպիսի համաժողովրդական առաջնորդ, նույնպիսի իսկական մարդ դառնալու երազանքը, ինչպիսին էր Հովհաննիսյանը։ Փողը չէր բավականացնում, և Գուրգենն սկսեց աշխատել Գնունի փողոցում կառուցվող N1 տպագրատան շինարարությունում։ Չհանգած կրի փոշին վատ ազդեցություն ունեցավ նրա վրա, նա հիվանդացավ խրոնիկական հարբուխով, ինչը բացասաբար ազդեց նրա հիշողության վրա, իսկ ուսանողն առանց հիշողության՝ սարսափելի բան է։ Ստիպված էր այլ աշխատանք փնտրել։ 1929թ. Գուրգենը մի խումբ ուսանողների հետ պրակտիկայի մեկնեց կառուցվող Դնեպրոհէկ։ Սա նրա առաջին արտադրական մկրտությունն էր խոշոր հիդրոտեխնիկական կառույցում։ Այդ տարիներին Գուրգենը «մշակութային հեղափոխություն» էր ապրում։ Ոչ մի ներկայացում, համերգ, կինոնկար բաց չէր թողնում։ Ծանոթացավ և շփվում էր բազմաթիվ գրողների ու դերասանների հետ. Եղիշե Չարենց, Գուրգեն Գաբրիելյան, Դավիթ Մալյան, Գուրգեն Մահարի, Ակսել Բակունց, Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, Օլգա Գուլազյան, Գուրգեն Ջանիբեկյան։ Աստվածացնում էր Արուս Ոսկանյանին, Շիրվանզադեին։

1929թ. հունիսին Գուրգենն ամուսնանում է թբիլիսյան իր դպրոցից Արաքս Սարգսյանի հետ։ Առաջ անցնելով՝ ասեմ, որ նրանց ամուսնությունը շատ հաջող ստացվեց, նրանք միասին ապրեցին գրեթե վաթսուն տարի և ունեցան երեք որդի՝ Ռոմիկ, Կարեն և Բաբկեն, իսկ ավելի ուշ՝ հինգ թոռ։ Այդ ժամանակ էլ ընտանեկան բյուջեն համալրելու նպատակով Փահլևանյանն ավագ բանվոր է ընդունվում Ստալինի անվ. ջրանցքի շինարարության տեղագրագիտական բրիգադում։ Սկզբում գետային աշխատող էր, հետո՝ հարթաչափող, իսկ ավելի ուշ՝ տեխնիկ։ Աշխատավարձը՝ օրական երեք ռուբլի։

Այղր լճի պոմպակայանի շինարարությունում որպես տեխնիկ աշխատելու ժամանակ Գուրգենը ծանոթանում է Մարիետա Շահինյանի հետ։ Աշխույժ, հետաքրքրասեր կին էր։ Գրքի համար նյութ էր հավաքում։ Հետագայում Գուրգենն իմացավ, որ Շահինյանն աշխատում էր աղմուկ հանած «Հիդրոցենտրալ» գրքի վրա, որը պատմում էր խորհրդային ջրաշինարարության մասին։ Գրքի մի քանի ակնարկ նվիրված էր Այղր լճի պոմպակայանին։

1931թ. փետրվարին համալսարանն ավարտելուց հետո Գուրգենն աշխատանքի է անցնում Մեղրիում։ Առաջին աշխատանքային մկրտությունը Փահլևանյանն ստանում է Մեղրու շրջջրտնտի վարիչի պաշտոնում։ Հետագա տարիներին Փահլևանյանն աշխատում է հանրապետության ջրային տնտեսության բազմաթիվ օբյեկտներում։ Շահագործման հանձնվեցին Նուբարաշենի, Թալինի, Կիրովականի ջրանցքները, Սևանից ջրառի հետ կապված՝ ամրացնում էին Զանգու գետի (Հրազդանի) ափերը։ 1940թ. հունիսին Փահլևանյանն անցնում է կուսակցության շարքերը։ Կուստոմսը նրան է հանձնում Մեղրու կուսշրջկոմի քարտուղար Հայկ Մելքոնյանը։ 1940թ. վերջին կազմավորվում է հանրապետության ջրային տնտեսության ժողկոմատը։ Ժողկոմ է նշանակվում Գ.Ա. Աղախանյանը, իսկ Փահլևանյանը նշանակվում է նրա տեղակալ։ Հենց այդ ժամանակ էլ նրան պարգևատրում են «Պատվո նշան» շքանշանով։ Այն ժամանակներում մասնագետներին հազվադեպ էին շքանշանով պարգևատրում։ Գուրգեն Արտաշեսովիչը շքանշանն ստացավ Մոսկվայում, Միխայիլ Իվանովիչ Կալինինից։

40-ական թթ. սկզբին հանրապետությունում վիթխարի ոռոգողական շինարարություն է ծավալվում։ Կառուցվում էին Սպանդարյանի ջրանցքը Սիսիանում, Զանգվինը՝ Երևանում, Սպիտակինը՝ Համամլուում (այժմ՝ Սպիտակ)։ Կյանքը բավական բարելավվել էր։ Հանվել էին սննդամթերքի վաճառքի վրա դրված բոլոր սահմանափակումները։ Սակայն շուտով պայթեց պատերազմը։

Պատերազմն սկսվելուց մի քանի ամիս հետո Փահլևանյանին զորակոչում են բանակ՝ սակրավորների գումարտակ։ Գումարտակը տեղակայված էր Քանաքեռում և մտնում էր 408-րդ դիվիզիայի կազմի մեջ։ 1942թ. Փահլևանյանը տեղափոխվում է 45-րդ բանակի ինժեներային զորքեր և մասնակցում պաշտպանական շինությունների շինարարությանը հանրապետության սահմանի երկայնքով և հանրապետության խորքում։ 1942թ. աշնանը Փահլևանյանն ուղարկվում է Տուապսե՝ ինժեներային գումարտակ։ Կառուցում էին հրամանատարական կետեր, ականապատում թունելներն ու կամուրջները։ Որոշ ժամանակ անց սկսվում է մեր զորքերի գլխավոր հարձակումը սևծովյան ափին։ Եկել էին քաղբյուրոյի անդամներ Կագանովիչը և Բերիան։ Նրանք բաց մեքենաներով, գեներալական փափախներով շրջում էին ռազմաճակատով մեկ։ Հարձակումն սկսեց ծովային հետևակը։ Ինժեներային զորքերի մի քանի այլ սպաների հետ միասին Փահլևանյանը հետևում էր հարձակմանը պահուստային հրամանատարական կետից։ Երեկոյան տեղեկացրին, որ նախատեսված բոլոր դիրքերը գրավված են։ Մարտիկները խնդության մեջ էին։ Գերմանացիները դադարեցրին ռմբակոծել Տուապսեն։

Գումարտակը տեղափոխեցին Երևան։ Քանի որ վտանգ կար, թե Թուրքիան կարող է հարձակվել, պաշտպանական շինություններ էին կառուցում այդ երկրի հետ սահմանի ողջ երկայնքով։ Ստալինգրադյան իրադարձությունները սառեցրին թուրքերին։ 1943թ. կեսերին Փահլևանյանին նշանակեցին Ռազմադաշտային շինարարության Անդրկովկասյան ճակատային 57-րդ առանձին վարչության գլխավոր ինժեներ։ Դա գեներալի պաշտոն էր, չնայած այն բանին, որ Փահլևանյանն ընդամենը կապիտան էր։ Թբիլիսիում նրա մոտ եկավ տիկինը՝ Արաքս Հակոբովնան, երեխաների հետ միասին։

1945թ. մարտին Թբիլիսիում ծնվում է Գուրգեն Արտաշեսովիչի երրորդ որդին՝ Բաբկենը, իսկ երկու ամիս անց՝ մայիսի 9-ին, տոնում են հաղթանակը։ Գրեթե մեկ տարի հետո, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գ.Ա. Հարությունովի միջնորդությամբ Փահլևանյանին զորացրեցին և Թբիլիսիից Երևան տեղափոխեցին։

Սկզբում նա նշանակվեց շատ մեծ նախագծային կազմակերպության՝ «Ջուրնախագծի» ղեկավար, իսկ արդեն հաջորդ տարի՝ կոմունալ տնտեսության նախարար։ Հիմնական աշխատանքը տարվում էր ջրամատակարարման ուղղությամբ, հատկապես Լենինականում, Կիրովականում, Ալավերդիում, Կապանում, Արտաշատում և այլուր։ Նախարարությունն արագ ոտքի կանգնեց, և նրա շինարարական տրեստը նույնիսկ կառուցեց ՀԿԿ Կենտկոմի (այժմ՝ խորհրդարանի) շենքը, Մատենադարանը, «Արմենիա» հյուրանոցը, բնակելի տներ։

1950թ. հունվարին Փահլևանյանի համար անսպասելիորեն նրան ընտրում են Երևան քաղաքի Մոլոտովի (ավելի ուշ՝ Օրջոնիկիձեի) կուսշրջկոմի առաջին քարտուղար։ Նույն թվականին Գուրգեն Արտաշեսովիչին ընտրում են Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի պատգամավոր։ Չի անցնում մեկ տարի, և Փահլևանյանին նշանակում են Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։ Այն ժամանակ նախագահն էր Եղիշե Գեորգիի Վարդանյանը՝ բարեսիրտ, աշխատունակ, բյուրեղյա մաքրության տեր մի մարդ։

Մի անգամ Գրիգորի Հարությունովը Փահլևանյանին և Բերսաբե Գրիգորյանին (Կենտկոմի քարտուղար) հրավիրում է իր մոտ՝ ճաշի։ Նրա կինը՝ Նինա Գրիգորևնան, նրանց շատ ջերմ է ընդունում։ Ճաշից հետո Փահլևանյանը Հարությունովի հետ ոտքով իջնում է Զանգվի ձախ ափով։ Առաջին քարտուղարն առաջարկում է ճանապարհ սարքել, բարեկարգել կիրճը աշխատավորների հանգստի համար։ Որոշ ժամանակ անց Հարությունովը Սուխում քաղաքի օրինակով հանձնարարում է անտառ տնկել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Այդ մեծ աշխատանքը դրվում է անձամբ Փահլևանյանի վրա. այգին հիմնելը, ծառատեսակների ընտրությունը, գործիքներով և պայթուցիկ նյութերով ապահովելը, տեղամասերը բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների, նախարարությունների ու գերատեսչությունների միջև բաժանելը։ Ժողովրդական այդ կառույցն իրականացվեց երկու ամսում։ Դրանից հետո անհրաժեշտ էր ջուրը վերև բարձրացնել, ջրել ոչ միայն ծառերը, այլև ոռոգել ողջ զանգվածը, հետո տարածքը պատրաստել մարդկանց հանգստի համար։ Ծիծեռնակաբերդի տարածքի յուրացումը Փահլևանյանի շնորհքն է, ինչի համար նա անձամբ արժանանում է Հարությունովի երախտագիտությանը։ Տառացիորեն մի քանի ամիս անց հանրապետությունում կազմակերպում են երեք վարչական շրջան՝ Երևանյան, Լենինականյան և Կիրովականյան։ Երևանի օկրուգային կուսկոմիտեի քարտուղար է նշանակվում Անտոն Քոչինյանը, ժողովրդական դեպուտատների օկրուգային սովետի գործկոմի նախագահ՝ Փահլևանյանը։ Ավելորդ չէ ասել, որ Երևանյան օկրուգը վիթխարի տարածք է, Հայաստանի գրեթե կեսը։

1952թ. վերջին Անտոն Երվանդի Քոչինյանին նշանակում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, իսկ օկրուգային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնին առաջադրվում է Արամայիս Մնացականյանը։

1953թ. մարտին մահանում է Ի.Վ. Ստալինը։

Հարությունովի գլխավորած սակավաթիվ պատվիրակության (ընդամենը 7 մարդ) կազմում Փահլևանյանը մեկնում է նրա թաղմանը։ Ստալինի մահից և Բերիայի ձերբակալությունից հետո շատ բան փոխվեց։

Օկրուգները վերացրին։ Փահլևանյանը չսպասեց, որ պատկառելի պաշտոն տան իրեն և աշխատանքի անցավ գյուղնախարարության ենթակայությանը պատկանող նախագծային ինստիտուտի տնօրենի պաշտոնում։ Նախարարությունը ղեկավարում էր բացառիկ ազնիվ ու կարգին մի կոմունիստ՝ Սամսոն Գազազյանը։ Փահլևանյանի նման ինքնագործունեությունն առաջ բերեց Գրիգորի Հարությունովի դժգոհությունը, և դա արտահայտվեց նրանով, որ նրան Կենտկոմ կանչեց։ Գուրգեն Արտաշեսովիչը վստահ էր, որ այդքան անբարեհաճ խոսակցությունից հետո իր մասին կմոռանան։ Ինստիտուտում նրա համար հեշտ էր աշխատելը, նա գոհ էր իր ճակատագրից։

Սակայն օգոստոսին Փահլևանյանին կանչում են Կենտկոմ։ Հարությունովի ընդունարանում սպասում էր Զավեն Չարչյանը (այն ժամանակ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ)։ Նա նույնպես չգիտեր, թե ինչու են իրեն կանչել։ Երկուսին էլ աշխատասենյակ հրավիրեցին։ Գրիգորի Արտեմևիչն առաջարկեց նստել։ Նա տեղից միանգամից ասաց. «Ձեզնից մեկը պետք է դառնա առևտրի նախարար»։ Չարչյանի համար դա պաշտոնի իջեցում էր։ Նա ինչ-որ բան էր քրթմնջում, ինչ-որ բան ասում, ապացուցում։ Փահլևանյանը կտրականապես հրաժարվեց։ Նա իսկապես գոհ էր ինստիտուտի ստեղծագործ աշխատանքից։ Նրա հրաժարումն էլ ավելի վրդովեցրեց Հարությունովին։ Նա անմիջապես կարգադրեց իր աշխատակիցներին Մոսկվայի տոմս գնել, իսկ հաջորդ օրը Չարչյանը և Փահլևանյանը գնացին ԽՍՀՄ ներքին և արտաքին առևտրի մինիստրություն՝ Անաստաս Միկոյանի մոտ։ Երկարատև զրույցից հետո Անաստաս Իվանովիչը կարգադրեց լինել որոշ մինիստրություններում և գերատեսչություններում՝ ֆոնդերի հարցով։ Այդպես շարունակվեց երեք օր. առավոտյան զեկուցում էին Միկոյանին կատարված աշխատանքի մասին, հետո կատարում էին նոր ստացված առաջադրանքը։

Չորրորդ օրը Միկոյանը հայտարարեց, որ կանգ է առնում Չարչյանի թեկնածության վրա։ Երկուսն էլ միասին դուրս եկան նրա աշխատասենյակից։ Չարչյանը՝ ընկճված, Փահլևանյանը՝ Միկոյանի ընդունելությունից թևավորված։ Փահլևանյանն անմիջապես թռավ Երևան, իսկ Չարչյանը մնաց Մոսկվայում՝ ապրանքավորելու կարմիր ձուկը։ Այն ժամանակ ԻԼ-22-ով էին թռչում՝ Ռոստովում և Սուխումում կայանելով։

Սուխումում վայրէջքից հետո երկար ժամանակ ինքնաթիռից դուրս չէին թողնում։ Պարզվեց, որ մյուս ինքնաթիռը, որը 30 րոպե առաջ էր թռել, օդում պայթել էր։ Դրա մեջ էր հիանալի դերասանուհի Նատո Վաչնաձեն։ Ողջ երկիրը սիրում էր նրան։

Ստալինի մահն անհետևանք չմնաց նաև հանրապետությունների համար։ Վեց ամիս հետո տեղի ունեցավ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի սեպտեմբերյան պլենումը, որտեղ խիստ քննադատության ենթարկվեց Կենտկոմի քարտուղարության և անձամբ Գ.Հարությունովի գործունեությունը։

Նրա դեմ հանդես եկան Շ.Առուշանյանը, Ս.Թովմասյանը, Ա.Մնացականյանը, Զ.Չարչյանը, Գ.Շաքարյանը և այլք։ Ի պաշտպանություն նրա հանդես եկան Կ.Ռուխիկյանը, Ե.Վարդանյանը, Գ.Ալեքյանը, Ս.Միքայելյանը և այլք։ Ինչ մեղադրանքներ ասես, որ միմյանց չներկայացրին, նույնիսկ վիրավորեցին մեկը մյուսին։

Մի փոքր ավելի ուշ, նոյեմբերին, Գ.Ա. Հարությունովը, Գ.Մ. Մարտիրոսյանը, Բ.Ա. Գրիգորյանն ազատվում են զբաղեցրած պաշտոններից։ Այդ պաշտոններում նշանակվում են Սուրեն Թովմասյանը, Հրաչիկ Մարգարյանը և Յակով Զարոբյանը։ Գրիգորի Արտեմևիչին նշանակում են... ոչխարաբուծական սովխոզի տնօրեն Զանգիբասարում։ Իրենց պաշտոններից ազատվում են նաև բոլոր նրանք, ովքեր պլենումում հանդես էին եկել ի պաշտպանություն Հարությունովի։ Հարությունովի 17-ամյա դարաշրջանն ավարտվում է։ Այս մեծ կերտողը, պարզապես լավ մարդը հեռանում է ասպարեզից։ Նրան բաժին էին ընկել ամենածանր տարիները, և անշուշտ, նա Երկրորդ Հանրապետության ամենալավ ղեկավարներից մեկն էր։ Նույնիսկ այժմ, գրեթե վաթսուն տարի անց, ոչ ոք չբարեհաճեց դնել նրա արձանը, պողոտա անվանել նրա անունով։ Ինչ պողոտայի մասին է խոսքը, երբ անգամ մի նրբանցք նվիրված չէ նրա հիշատակին (միտքս է գալիս «մանկուրտ» բառը, բայց չեմ ուզում օգտագործել, քանի որ շատերին կարող է վերաբերվել)։

Շատ շուտով, 1954թ., Փահլևանյանին ընտրում են կուսակցության Երևանի քաղկոմի առաջին քարտուղար։ Անձնուրաց աշխատում էր շաբաթվա յոթ օրն էլ, հանգստանում էր օրական 5-6 ժամից ոչ ավելի։ Աստիճանաբար աշխատանքը հունի մեջ է մտնում։ Ապարատում իրենց գործն իմացող մարդիկ էին. կազմակերպչական բաժինը ղեկավարում էր Սուրեն Ոսկանյանը, արդյունաբերականը՝ Անգելինա Վեսելովան, առևտրինը՝ Գուրգեն Մարտիրոսյանը, դպրոցների և ուսումնական հաստատությունների բաժինը՝ Մարո Մելիքյանը։

1955թ. նոյեմբերին, «Սպարտակի» (այն ժամանակ այդպես էր կոչվում «Արարատը») և Սվերդլովսկի ֆուտբոլիստների միջև եզրափակիչ խաղի ժամանակ, որին ներկա էին Կենտկոմի քարտուղարներ Գ.Մարգարյանը, Յա.Զարոբյանը, Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ա.Շեկոյանը, Գ.Փահլևանյանը և ուրիշներ, մրցավարը դաշտում կոպիտ սխալ է թույլ տալիս, ինչն առաջ է բերում ֆուտբոլասերների վրդովմունքը։ Նրանցից ոմանք խուլիգանաբար մրցավարի վրա քարեր, շշեր են նետում, գոչում «Կորչի մրցավարը» և նույնիսկ՝ «Սպանել մրցավարին»։ Այս իրադրությունում բոլոր ղեկավարները թողնում են մարզադաշտը և հեռանում։ Մնում են միայն Փահլևանյանն ու ներքին գործերի նախարար Պ.Պիսկունովը (նախկին սահմանապահ)։ Փահլևանյանը հանգստացնում է ժողովրդին՝ խոստանալով բողոքարկել խաղը։ Վրդովմունքը մարում է, ինչից հետո նա գնում է աշխատանքի։ Սակայն ավելի ուշ որոշ սադրիչներ սկսում են կոտրել ապակիները, մարզադաշտի փայտե նստարանները։ Պիսկունովը մոտորացված ոստիկանություն է կանչում։ Մարզադաշտ է գալիս մի վերակարգ՝ 6-8 մոտոցիկլավար միլիցիոներից բաղկացած, որն սկսում է ցրել մարդկանց, սակայն այդ ընթացքում դժգոհողների ամբոխը կրկին ստվարանում է, նրանք հարձակվում են ոստիկանության վրա, խլում մոտոցիկլները և հրդեհում դրանք։ Պիսկունովը սահմանապահ ստորաբաժանումներ է կանչում։ Կրակոցներ են լսվում, սպանվում է 23-ամյա մի բանվոր, և բոլորը ցրվում են։ Խաղի արդյունքները բողոքարկվում են և չեղյալ համարվում, մրցավարը որակազրկվում է, բայց մարդու մահը մթագնում է կատարվածը։

Երկու ամիս հետո Մոսկվայից հանձնաժողով է գալիս։ Քանի որ ողջ ղեկավարությունը փախել էր, որոշում են քավության նոխազ դարձնել Փահլևանյանին։ Հանձնաժողովը վերադառնում է Մոսկվա։ Դրա արդյունքներով նիստ է գումարվում, որը վարում էր Մ.Ա. Սուսլովը։ Որոշում են աշխատանքից հեռացնել Հայաստանի սպորտկոմիտեի նախագահ Գ.Սիմոնյանին, իսկ Փահլևանյանին խիստ նկատողություն հայտարարել։

Ոչ մի լավ բան սա չէր գուշակում։ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումի ժամանակ հանձնարարվում է Փահլևանյանին տեղափոխել այլ աշխատանքի։ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի՝ դրան հաջորդած համագումարում Փահլևանյանին կրկին ընտրում են Կենտկոմի բյուրոյի անդամ և նույնիսկ ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակ, սակայն Երքաղկոմի առաջին քարտուղարի պաշտոնից նրան հանելն արդեն ժամանակի հարց էր։

20-րդ համագումարը տեղի է ունենում 1956թ. փետրվարի 14-25-ին։ Աշխատանքի հինգերորդ օրը մնում են միայն պատվիրակները (առանց հյուրերի), և անձի պաշտամունքի մասին զեկուցումով հանդես է գալիս Ն.Ս. Խրուշչովը։ Դահլիճը քարացել էր. իրադարձությունների նման շրջադարձ ոչ ոք չէր սպասում։ Նսեմացնելով Ստալինի վաստակը՝ նա դիմում է Ժուկովին, Բաղրամյանին, Միկոյանին, Մոլոտովին՝ սրտակցություն սպասելով։ Բոլորը, Մոլոտովից բացի, թափահարում էին գլուխները։

Պատվիրակությունները վերադառնում են իրենց հանրապետություններ։ Երբ անցնում էին Վրաստանի տարածքով, հայկական պատվիրակության գնացքը քարկոծվում է։ Պարզվում է, որ դա արվում է ի հատուցում Ա.Միկոյանի ելույթի։

1957թ. Փահլևանյանին՝ որպես քաղկոմի առաջին քարտուղարի, քաղխորհրդի պատգամավոր են ընտրում (նա շարունակում էր մնալ Գերագույն խորհրդի պատգամավոր)։ Քաղխորհրդի նիստից երեք օր առաջ Ս.Թովմասյանը Փահլևանյանին առաջարկում է Երևանի քաղխորհրդի գրոծկոմի նախագահի պաշտոնը։ Փահլևանյանը կտրականապես մերժում է։ Այդ ժամանակ շտապ Կենտկոմի բյուրոյի նիստ է հրավիրվում, որի անդամն էր նաև Գուրգեն Արտաշեսովիչը։ Նա կրկին հրաժարվում է։ Հանկարծ Մինիստրների խորհրդի նախագահ Ա.Քոչինյանն առաջարկություն է անում. «Գոնե վեց ամսով, հետո կտեսնենք»։ Այսպես Երևանի քաղխորհրդի նիստում Գուրգեն Արտաշեսովիչն ընտրվում է նախագահ, իսկ երկու-երեք ամիս հետո քաղկոմում նրա փոխարեն նշանակվում է Հովհաննես Մինաևիչ Բաղդասարյանը։

Այսպիսով, իր կամքին հակառակ, Փահլևանյանը դառնում է Երքաղխորհրդի գործկոմի նախագահ։ Նրա առաջին տեղակալ է նշանակվում Սուրեն Վարդանյանը, տեղակալ՝ Հովհաննես Հովհաննիսյանը։

Այն ժամանակներում ժողովուրդը վատ էր արտահայտվում քաղխորհրդի գործկոմի մասին։ Հատկապես շատ խոսակցություններ կային բնակարաններ տալու համար վերցվող կաշառքների մասին։ Պետք էր սկզբունքորեն այլ կերպ վերանայել աշխատանքը։

Նախ՝ կարգավորեցին այցելուների ընդունելությունը. նրանց կանոնավորապես ընդունում էին շաբաթը երկու անգամ։ Փահլևանյանն այցելուներին ընդունում էր նոր օգնական Քրմոյանի (պաշտոնաթող կադրային սպա) ներկայությամբ։ Որոշումները գրանցվում և վերահսկվում էին։ Երկրորդ ՝ կաշառակերության մասին։ Ձերբակալվեց բնակարանների հատկացման բաժնի պետը (500 ռուբլի կաշառքի համար դատարանը նրան դատապարտեց չորս տարի ազատազրկման); Դա սթափեցնող ազդեցություն ունեցավ մյուսների վրա։ Երրորդ՝ պայքար կազմակերպեցին բյուրոկրատիզմի, քաշքշուկների դեմ։ Նամակներն ու բողոքները վերահսկողության տակ վերցվեցին։ Պատժվում էին նրանք, ովքեր ձգձգում էին հարցի լուծումը կամ էլ ըստ էության չէին պատասխանում։

Գուրգեն Արտաշեսովիչի անձնական պատասխանատվությամբ կառուցվեց Սասունցի Դավթի արձանը (այն ժամանակ պայքար էր մղվում ավելորդությունների դեմ, կուսակցության Կենտկոմը և Մինիստրների խորհուրդը դեմ էին)։ Քանդակագործ ընտրեցին Երվանդ Քոչարին։ Այդ ժամանակ արդեն որպես Փահլևանյանի տեղակալ էր աշխատում Գրիգոր Հասրաթյանը։ Գուրգեն Արտաշեսովիչն անմիջապես նկատեց այդ մարդու բարձր ճաշակը, և որ գլխավորն է՝ մեծ աշխատունակությունն ու սերը քաղաքի հանդեպ։ Ի դեպ, Գրիգորի Իվանովիչի որդին՝ Ռուբենը, ինձ պատմել է, որ հայրն իրեն երեխա ժամանակ տարել էր արձանի բացմանը։ Միջոցառման ավարտին, հենց գետնին սեղան փռեցին։ Բոլորը երջանիկ էին։ Փահլևանյանի ղեկավարած «խնջույքին»... խաշած ձվեր էին, պանիր ու կանաչի։ Առաջ այսպես էին ապրում քաղաքի ղեկավարները։ Սակայն բոլորին չէ, որ դուր էին գալիս Փահլևանյանի բացառիկ ազնվությունն ու օրինավորությունը։ Նրանք կարծում էին, թե սովորական բնակիչների հետ դրանք հարկավոր են, բայց իրենց պետք է բացառություն արվի։

Մի անգամ, անձնական հանդիպման ժամանակ, Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը (ազգանունը չենք ուզում տալ) խնդրեց, որ Գուրգեն Արտաշեսովիչը բնակարան հատկացնի մի ինչ-որ երաժշտի, որը վերջերս էր Երևան եկել (նրա դստեր երաժշտության ուսուցիչն էր)։ Գուրգեն Արտաշեսովիչը մերժում է՝ պահանջելով իրեն ֆոնդը ներկայացնել և գրավոր ցուցում տալ։ Սա խիստ վիրավորում է խնդրողին։ Հետագայում այդ մարդու պաշտոնը բարձրացնում են՝ նշանակելով Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարներից մեկը։ Այդ ժամանակ նա սկսում է ավելի ակտիվ գործել՝ նրա դեմ հետապնդումներին ներգրավելով Կենտկոմը և կուսակցության քաղկոմը։ Փահլևանյանը հիշում էր, որ դա օրեցօր, ամսեամիս խորանում էր։ Ի վերջո, նա չի դիմանում և գործից հեռանալու դիմում է տալիս։ Նրան ժամանակավորապես նշանակում են գիտության և տեխնիկայի կոմիտեի նախագահի տեղակալ։ Դա գրեթե երկու տարի է տևում։ Եվ ահա 1961թ. Փահլևանյանը նոր նշանակում է ստանում՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր կենտրոնական վիճակագրական վարչության պետ։

Գուրգեն Արտաշեսովիչին հաջողվում է այնպիսի մակարդակի բարձրացնել հաշվետվությունների և վիճակագրական հետազոտությունների վերլուծությունը, որ Կենտկոմի քարտուղարները և սովմինի նախագահները շատ հարցերում խորհրդակցում էին նրա հետ։ Փահլևանյանը հիշում էր, որ իրեն հատկապես դուր էին գալիս Բադալ Մուրադյանի՝ սովմինի նախագահի և այն ժամանակվա կարգին մարդկանցից մեկի լայնախոհությունը, աշխատունակությունն ու հայրենասիրությունը։ Քիչ էր, որ ԿՎՎ-ում ուղիղ քսան տարի աշխատելով նա Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ էր, 1971-ից էլ նրան ընտրում են կենտրոնական ստուգիչ հանձնաժողովի նախագահ։ Այսպիսով, նա հանրապետությունում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների հորձանուտում էր, քանի որ իր կարգավիճակին համապատասխան՝ մասնակցում էր Կենտկոմի բյուրոյի բոլոր նիստերին։

1981թ., 73 տարեկանում, նա թոշակի է անցնում։

Նրա միտքն առաջվա պես պայծառ էր, սակայն սիրտն ու թոքերը դավաճանում էին (մոլի ծխող էր)։

Իսկ 1986թ., թոքերի հերթական բորբոքումից հետո, նրա օրգանիզմն այլևս չի դիմանում, և արժանավոր այդ մարդը կնքում է մահկանացուն։

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ՝ այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Գուրգեն Փահլևանյանը, Բադալ Մուրադյանը, Գրիգոր Հասրաթյանը, Յակով Զարոբյանը, Գրիգոր Հարությունովը, Սուրեն Թովմասյանը և Երկրորդ Հանրապետությունը կերտած շատ ուրիշներ, պետք է լայնորեն հայտնի լինեն հայ հանրությանը և, մասնավորապես, երիտասարդությանը։ Ցավոք, պաշտոնական քարոզչությունն անտարբեր է նրանց հիշատակի հանդեպ, և այն, որ «Ազգային գաղափար» ամսագիրն անցյալ դարաշրջանի այդ ականավոր մարդկանց հիշատակին նվիրված հրապարակումների հատուկ խորագիր է բացել, պետք է ամեն կերպ ողջունել։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am