Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Հոկտեմբեր 2011, N 10

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ

ՆՈՐ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՎՐԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՐ. ԱՊԱԳԱ, ՈՐԸ ԾՆՎՈՒՄ Է ԱՅՍՕՐ

(Նյութի մշտական հասցեն՝ http://izvestia.ru/news/502761)

04.10.2011

2012թ. հունվարի 1-ին մեկնարկում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի նախագիծը: Ինտեգրացիոն գործընթացների մասին դատողություններ է անում Վլադիմիր Պուտինը` հատուկ «Իզվեստիայի» համար գրած հոդվածում:

2012թ. հունվարի 1-ին մեկնարկում է կարևորագույն ինտեգրացիոն մի նախագիծ` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական տնտեսական տարածքը: Նախագիծն, առանց չափազանցության, պատմական է ոչ միայն մեր երեք երկրների, այլև հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների համար:

Դեպի այն տանող ճանապարհը հեշտ չէր և երբեմն խորդուբորդ է եղել: Այն սկսվել է քսան տարի առաջ, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը: Ըստ էության, գտնվեց այն մոդելը, որը կարողացավ պահպանել մեր ժողովուրդներին միավորող քաղաքակրթական, հոգևոր բյուրավոր թելերը: Պահպանել արտադրական, տնտեսական և այլ կապերը, առանց որոնց անհնար է պատկերացնել մեր կյանքը:

Կարելի է տարբեր կերպ գնահատել ԱՊՀ արդյունավետությունը, անվերջ խորհել նրա ներքին խնդիրների, չիրականացած սպասելիքների մասին: Բայց դժվար է չհամաձայնել, որ Համագործակցությունն այն անփոխարինելի մեխանիզմն է մնում, որը թույլ է տալիս մոտեցնել դիրքորոշումները և մշակել միասնական տեսակետ առանցքային հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք կանգնած են մեր տարածաշրջանի առջև, և տեսանելի, կոնկրետ օգուտ է բերում իր բոլոր մասնակիցներին:

Ավելին, հենց ԱՊՀ փորձը մեզ թույլ տվեց գործի դնել բազմամակարդակ և տարբեր արագություններ ունեցող ինտեգրացիա հետխորհրդային տարածքում, ստեղծել այնպիսի պահանջված ձևաչափեր, ինչպիսիք են Ռուսաստանի և Բելառուսի դաշնակցային պետությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական ընկերակցությունը, Մաքսային միությունը և, վերջապես, Միասնական տնտեսական տարածքը:

Բնութագրական է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի շրջանում, որը պետություններին ստիպեց տնտեսական աճի նոր ռեսուրսներ փնտրել, ինտեգրացիոն գործընթացները լրացուցիչ խթան ստացան: Մենք օբյեկտիվորեն մոտեցանք նրան, որպեսզի լրջորեն արդիականացնենք մեր գործընկերության սկզբունքներն ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ տարածաշրջանային այլ միավորումներում: Եվ մեր ուշադրությունը կենտրոնացրինք նախևառաջ առևտրային ու արտադրական կապերի զարգացման վրա:

Ըստ էության, խոսքն այն մասին է, որ ինտեգրացիան վերածվի հասկանալի, քաղաքացիների ու բիզնեսի համար հրապուրիչ, կայուն և երկարատև նախագծի, որը կախված չլինի ընթացիկ քաղաքական և ցանկացած այլ իրավիճակի վայրիվերումներից:

Նշեմ, որ հենց նման խնդիր էր դրվում 2000թ. Եվրասիական տնտեսական ընկերակցությունն (ԵվրԱզԷՍ) ստեղծելիս: Եվ վերջնարդյունքում` հենց սերտ, փոխշահավետ համագործակցության տրամաբանությունը, ռազմավարական ազգային շահերի ընդհանրության ըմբռնումը բերեցին Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին` կազմավորել Մաքսային միությունը:

2011թ. հուլիսի 1-ին մեր երեք երկրների ներքին սահմաններից հանվեց ապրանքների տեղաշարժի վերահսկողությունը, ինչն ավարտեց լիարժեք միասնական մաքսային տարածքի ձևավորումը` ամենահավակնոտ գործարար նախաձեռնություններ իրականացնելու հստակ հեռանկարներով: Հիմա Մաքսային միությունից մենք քայլ ենք կատարում դեպի Միասնական տնտեսական տարածք: Ստեղծում ենք վիթխարի շուկա` ավելի քան 165 մլն սպառողով, միասնականացված օրենսդրությամբ, կապիտալի, սպասարկումների և աշխատուժի ազատ տեղաշարժով:

Սկզբունքորեն կարևոր է, որ ՄՏՏ-ն հենվի համաձայնեցված գործողությունների վրա առանցքային ինստիտուցիոնալ ոլորտներում` մակրոտնտեսությունում, մրցակցության կանոնների ապահովման մեջ, տեխռեգլամենտների և գյուղատնտեսական նպաստների, տրանսպորտի, բնական մոնոպոլիաների սակագների ոլորտներում: Իսկ հետո` նաև վիզային և միգրացիոն քաղաքականությունում, ինչը թույլ կտա հանել սահմանապահ հսկողությունը ներքին սահմաններին: Այսինքն` ստեղծագործաբար կիրառել Շենգենյան համաձայնագրերի փորձը, որոնք բարիք դարձան ոչ միայն իրենց` եվրոպացիների, այլև բոլոր նրանց համար, ովքեր ԵՄ երկրներ են գնում աշխատելու, սովորելու կամ հանգստանալու:

Ավելացնեմ, որ հիմա կարիք չկա տեխնիկապես սարքավորել ռուս-ղազախստանյան 7 հազ. կմ-անոց սահմանը: Ավելին, ստեղծվում են որակապես նոր պայմաններ սահմանամերձ համագործակցության խթանման համար:

Քաղաքացիների համար միգրացիոն, սահմանային և այլ արգելքները, այսպես կոչված «աշխատանքային քվոտաները» հանելը կնշանակի հնարավորություն` առանց որևէ սահմանափակման ընտրել, թե որտեղ ապրեն, կրթություն ստանան, աշխատեն: Ի դեպ, ԽՍՀՄ-ում` գրանցման նրա ինստիտուտով, նման ազատություն չկար:

Բացի այդ, մենք զգալիորեն ավելացնում ենք անձնական սպառման ապրանքների ծավալը, որոնք կարելի է ներկրել առանց մաքսի` դրանով իսկ մարդկանց ազատելով մաքսակետերի նվաստացուցիչ ստուգումներից:

Լայն հնարավորություններ են բացվում նաև բիզնեսի համար: Խոսում եմ նոր դինամիկ շուկաների մասին, որտեղ կգործեն միասնական ստանդարտներ և ապրանքներին ու սպասարկումներին ներկայացվող պահանջներ, ընդ որում` դրանք հիմնականում կհամապատասխանեն եվրոպականներին: Սա կարևոր է, քանի որ այժմ մենք բոլորս անցնում ենք արդիական տեխռեգլամենտների, և համաձայնեցված քաղաքականությունը թույլ կտա մեզ խուսափել տեխնոլոգիական խզումներից, արտադրանքի տրիվիալ անհամատեղելիությունից: Ավելին, ՄՏՏ անդամ մեր ցանկացած պետության ընկերություններից յուրաքանչյուրը փաստորեն կօգտվի հայրենական արտադրողի բոլոր առավելություններից, ներառյալ պետպատվերների և պայմանագրերի իրավունքը:

Բնական է` նման բաց շուկայում ամրանալու համար բիզնեսը պետք է աշխատի իր արդյունավետության վրա, նվազեցնի ծախսերը, ռեսուրսներ ներդնի արդիականացման համար: Սպառողները դրանից միայն կշահեն:

Միևնույն ժամանակ, մենք կարող ենք խոսել նաև «իրավազորությունների իսկական մրցակցություն» սկսելու, հանուն ձեռներեցի պայքարի մասին: Չէ՞ որ ռուսաստանցի, ղազախստանցի, բելառուսցի ամեն մի բիզնեսմեն իրավունք է ստանում ընտրել, թե երեք երկրներից որում գրանցի իր ընկերությունը, որտեղ վարի գործերը, որտեղ զբաղվի բեռների մաքսային ձևակերպմամբ: Սա լուրջ խթան է ազգային բյուրոկրատիայի համար` զբաղվելու շուկայական ինստիտուտների, վարչարարական ընթացակարգերի կատարելագործմամբ, գործարար և ներդրումային մթնոլորտի բարելավմամբ: Մի խոսքով` վերացնել այն «նեղ տեղերը», որոնց մինչ այդ ձեռքներս չէր հասնում, կատարելագործել օրենսդրությունը` համաշխարհային և եվրոպական լավագույն պրակտիկային համապատասխան:

Ժամանակին եվրոպացիներից 40 տարի պահանջվեց` Ածխի և պողպատի եվրոպական միավորումից լիարժեք Եվրամիություն դառնալու ճանապարհին: Մաքսային միության և ՄՏՏ-ի կայացումն անհամեմատ ավելի դինամիկ է ընթանում, քանի որ հաշվի է առնում ԵՄ և տարածաշրջանային այլ միավորումների փորձը: Մենք տեսնում ենք նրանց և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը: Եվ սա է մեր ակնհայտ առավելությունը, որը թույլ է տալիս խուսափել սխալներից, թույլ չտալ ամեն տեսակ բյուրոկրատական ծածկերի վերարտադրությունը:

Մենք նաև մշտական շփման մեջ ենք գտնվում երեք երկրների առաջատար բիզնես-ասոցիացիաների հետ: Քննարկում ենք վիճելի հարցերը, հաշվի ենք առնում կառուցողական քննադատությունը: Մասնավորապես, խիստ օգտակար էր Մաքսային միության Գործարար համաժողովի քննարկումը, որը տեղի ունեցավ Մոսկվայում այս տարվա հուլիսին: Կրկնեմ. մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրների հասարակությունները, գործարարներն ինտեգրացիոն նախագիծն ընդունեն ոչ թե որպես վերևների բյուրոկրատական խաղեր, այլ որպես միանգամայն կենդանի օրգանիզմ, լավ հնարավորություն` նախաձեռնություններն իրականացնելու և հաջողության հասնելու համար:

Այսպես, բիզնեսի շահերից ելնելով` արդեն որոշում է ընդունվել սկսելու Մաքսային միության և ՄՏՏ իրավական բազայի կոդիֆիկացումը, որպեսզի տնտեսական կյանքի մասնակիցները ստիպված չլինեն գլուխ հանել բազմաթիվ պարբերությունների, հոդվածների ու հղվող նորմերի «անտառից»: Աշխատանքի համար նրանց բավական կլինի ընդամենը երկու հիմնարար փաստաթուղթ` Մաքսային վարքականոնը և Մաքսային միության և ՄՏՏ հարցերով Կոդիֆիկացված պայմանագիրը:

2012թ. հունվարի 1-ից լրիվ ձևաչափով կաշխատի նաև ԵվրԱզԷս-ի դատարանը: Խտրականության, մրցակցության կանոնների և բիզնեսի վարման հավասար պայմանների խախտման բոլոր փաստերով դատարան կարող են դիմել ոչ միայն պետությունները, այլև տնտեսական կյանքի մասնակիցները:

Մաքսային միության և ՄՏՏ-ի սկզբունքային առանձնահատկությունը վերպետական կառույցների առկայությունն է: Դրանց թվին լրիվ չափով պատկանում է նաև այնպիսի հիմնարար պահանջ, ինչպիսին է բյուրոկրատական ընթացակարգերը նվազագույնի հասցնելը և քաղաքացիների իրական շահերին ուղղվածությունը:

Մեր կարծիքով` պետք է մեծանա Մաքսային միության հանձնաժողովի դերը, որն արդեն հիմա զգալի լիազորություններ ունի: Այսօրվա դրությամբ դրանք մոտ քառասունն են, իսկ հետագայում, արդեն ՄՏՏ շրջանակում, ավելի քան հարյուրը կլինեն: Այդ թվում` դրանք մրցակցային քաղաքականության, տեխռեգլամենտների, նպաստների վերաբերյալ մի շարք որոշումներ ընդունելու լիազորություններն են: Այսքան դժվարին խնդիրներ լուծել կարելի է միայն լիարժեք, մշտապես գործող, կոմպակտ, պրոֆեսիոնալ և արդյունավետ կառույց ստեղծելով: Ուստի, Ռուսաստանն առաջարկել է ստեղծել Մաքսային արժեքի ճշտումների (ՄԱՃ) կոլեգիա` պետությունների «եռյակի» ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք աշխատելու են արդեն որպես անկախ, միջազգային պաշտոնյաներ:

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շինարարությունը դնում է հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմքերը: Միաժամանակ կընթանա նաև Մաքսային միության և ՄՏՏ մասնակիցների շրջանակի աստիճանական ընդլայնում` ի հաշիվ աշխատանքին Ղրղզստանի և Տաջիկստանի լիարժեք ներգրավման:

Մենք չենք սահմանափակվի այսքանով և մեր առջև հավակնոտ խնդիր ենք դնում. դուրս գալ ինտեգրացիայի հաջորդ` ավելի բարձր մակարդակ` Եվրասիական միություն:

Ինչպե՞ս ենք տեսնում այդ նախագծի հեռանկարներն ու ուրվագծերը: Առաջին` խոսքն այն մասին չէ, որ այս կամ այն ձևով վերականգնենք ԽՍՀՄ-ը: Միամիտ կլինի վերականգնել կամ պատճենել այն, ինչն արդեն անցյալում է մնացել, բայց սերտ ինտեգրումը նոր արժեքային, քաղաքական, տնտեսական հիմքի վրա` ժամանակի հրամայականն է:

Մենք առաջարկում ենք հզոր վերազգային միավորման մոդել, որն ի վիճակի լինի դառնալու արդի աշխարհի բևեռներից մեկը և, դրանով հանդերձ, խաղալու արդյունավետ «հանգույցի» դեր Եվրոպայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև: Այդ թվում դա նշանակում է, որ Մաքսային միության և ՄՏՏ հիմքի վրա անհրաժեշտ է անցում կատարել տնտեսական և արժութային քաղաքականության ավելի սերտ կոորդինացման, ստեղծել լիարժեք տնտեսական միություն:

Բնական ռեսուրսների, կապիտալների, ուժեղ մարդկային պոտենցիալի գումարումը թույլ կտա Եվրասիական միությանը մրցունակ լինել արդյունաբերական և տեխնոլոգիական մրցավազքում, ներդրողների համար մրցությունում, նոր աշխատատեղերի և առաջավոր արտադրությունների ստեղծման համար: Եվ առանցքային այլ խաղացողների ու տարածաշրջանային կառույցների կողքին, ինչպիսիք են ԵՄ-ը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը, ապահովել գլոբալ զարգացման կայունությունը:

Երկրորդ` Եվրասիական միությունը հետագա ինտեգրացիոն գործընթացների ինքնատիպ կենտրոն կհանդիսանա: Այսինքն` կձևավորվի գոյություն ունեցող կառույցների` Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի աստիճանական միաձուլման ճանապարհով:

Երրորդ` սխալ կլիներ հակադրել Եվրասիական միությունը և Անկախ Պետությունների Համագործակցությունը: Այս կառույցներից յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի հետխորհրդային տարածքում: Ռուսաստանը գործընկերների հետ միասին մտադիր է ակտիվորեն աշխատել Համագործակցության ինստիտուտների կատարելագործման, նրա գործնական օրակարգը հարստացնելու վրա:

Մասնավորապես, խոսքն ԱՊՀ-ում կոնկրետ, հասկանալի, գրավիչ նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի սկսման մասին է: Օրինակ, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների, սոցիալական զարգացման ոլորտներում: Հումանիտար համագործակցության ավելի մեծ հեռանկարներ կան գիտության, մշակույթի, կրթության մեջ, աշխատանքի շուկայի կարգավորման ոլորտում փոխգործակցության, աշխատանքային միգրացիայի համար քաղաքակիրթ միջավայրի ստեղծման ոլորտում: Մեզ մեծ ժառանգություն է բաժին հասել Խորհրդային Միությունից` և՛ ենթակառուցվածք, և՛ կարգավորված արտադրական մասնագիտացում, և՛ ընդհանուր լեզվական, գիտամշակութային տարածք: Այս ռեսուրսի համատեղ օգտագործումը զարգացման համար բխում է մեր ընդհանուր շահերից:

Բացի այդ, համոզված եմ, որ Համագործակցության տնտեսական հիմքը պետք է դառնա առավելագույն չափով ազատականացված առևտրային ռեժիմը: Ռուսաստանի նախաձեռնությամբ, ԱՊՀ-ում նրա նախագահության շրջանակում, 2010թ., պատրաստվեց նոր Պայմանագրի նախագիծն ազատ առևտրի գոտու մասին, որն, ի դեպ, հիմնվում է Համաշխարհային առևտրային կազմակերպության սկզբունքների վրա և նպատակաուղղված է տարբեր տեսակի արգելքների լայնամասշտաբ հեռացմանը: Լուրջ առաջընթացի ակնկալիք ունենք Պայմանագրի համաձայն` դիրքերի համաձայնեցման առումով, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթացքում, որը տեղի կունենա շատ շուտով` 2011թ. հոկտեմբերին:

Չորրորդ` Եվրասիական միությունը բաց նախագիծ է: Մենք ողջունում ենք այլ գործընկերների և, առաջին հերթին` Համագործակցության երկրների միանալը դրան: Ընդ որում` չենք պատրաստվում որևէ մեկին շտապեցնել կամ դրդել: Դա պետք է լինի պետության սուվերեն որոշումը` թելադրված սեփական երկարաժամկետ ազգային շահերով:

Այստեղ կուզենայի շոշափել, իմ կարծիքով, միանգամայն կարևոր մի թեմա: Մեր որոշ հարևաններ հետխորհրդային տարածքում առաջ քաշված ինտեգրացիոն նախագծերին մասնակցել չցանկանալը բացատրում են նրանով, թե դա իբր հակասում է իրենց եվրոպական ընտրությանը:

Կարծում եմ, որ դա սխալ տարաբաժանում է: Մենք չենք պատրաստվում սահմանազատվել որևէ մեկից և հակադրվել որևէ մեկին: Եվրասիական միությունը կառուցվելու է ունիվերսալ ինտեգրացիոն սկզբունքների վրա` որպես Մեծ Եվրոպայի անբաժանելի մաս, միավորված ազատության, ժողովրդավարության և շուկայական օրենքների միասնական արժեքներով:

Դեռ 2003թ. Ռուսաստանը և ԵՄ-ը պայմանավորվել են ընդհանուր տնտեսական տարածք ձևավորելու, առանց վերազգային կառույցների ստեղծման տնտեսական գործունեության կանոնների կոորդինացման մասին: Որպես այդ գաղափարի զարգացում` մենք եվրոպացիներին առաջարկել ենք միասին մտածել տնտեսությունների ներդաշնակ ընկերակցության ստեղծման մասին` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, ազատ առևտրի գոտու և նույնիսկ ինտեգրման ավելի առաջավոր ձևերի մասին: Արդյունաբերության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, կրթության և գիտության ոլորտներում համաձայնեցված քաղաքականություն ձևավորելու մասին: Եվ վերջապես, վիզային արգելքները հանելու մասին: Այս առաջարկներն առկախ չեն մնացել. դրանք հանգամանորեն քննարկվում են եվրոպական գործընկերների կողմից:

Հիմա ԵՄ-ի հետ երկխոսության մասնակից կդառնա Մաքսային, իսկ հետագայում` նաև Եվրասիական միությունը: Այսպիսով, Եվրասիական միության մեջ մտնելը, բացի ուղղակի տնտեսական շահերից, թույլ կտա նրա յուրաքանչյուր մասնակցի ավելի արագ ու ավելի ուժեղ դիրքերից ինտեգրվել Եվրոպային:

Բացի այդ, Եվրասիական միության և ԵՄ-ի գործընկերության տնտեսապես տրամաբանական և հավասարակշռված համակարգն ի վիճակի է ստեղծել իրական պայմաններ ողջ աշխարհամասի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դասավորվածությունը և կունենա անկասկածելի դրական գլոբալ էֆեկտ:

Այսօր ակնհայտ է, որ 2008թ. պայթած համաշխարհային ճգնաժամը կառուցվածքային բնույթ էր կրում: Մենք հիմա էլ տեսնում ենք դրա սուր ռեցիդիվները: Հիմնախնդիրների արմատը կուտակված գլոբալ անհավասարակշռությունների մեջ է: Ընդ որում` խիստ դժվար է ընթանում գլոբալ զարգացման հետճգնաժամային մոդելների մշակման գործընթացը: Օրինակ, գրեթե կանգ է առել Դոհայի ռաունդը, օբյեկտիվ դժվարություններ կան նաև ԱՀԿ ներսում, լուրջ ճգնաժամի մեջ է ինքը` ազատ առևտրի և շուկաների բացության սկզբունքը:

Մեր կարծիքով` ելքը կարող է դառնալ ընդհանուր մոտեցումների մշակումը, ինչպես ասում են` «ներքևից»: Սկզբում` ստեղծված տարածաշրջանային կառույցների ներսում` ԵՄ, NAFTA, ԱԽՕՏՀ, Հարավարևելաասիական երկրների ասոցիացիա (ԱՍԵԱՆ) և այլն, հետո` նրանց միջև երկխոսության ճանապարհով: Հենց նման ինտեգրացիոն «աղյուսիկներից» էլ կարող է գոյանալ համաշխարհային տնտեսության ավելի կայուն բնույթը:

Օրինակ, մեր աշխարհամասի երկու խոշոր միավորումները` Եվրամիությունը և ձևավորվող Եվրասիական միությունը, իրենց փոխգործակցությունը հիմնելով ազատ առևտրի և կարգավորման համակարգերի համատեղելիության վրա, օբյեկտիվորեն, այդ թվում և երրորդ երկրների և տարածաշրջանային կառույցների հետ հարաբերությունների միջոցով, ի վիճակի են այդ սկզբունքները տարածել ողջ տարածքի վրա` Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս: Տարածք, որը ներդաշնակ կլինի իր տնտեսական բնույթով, բայց բազմակենտրոն` կոնկրետ մեխանիզմների և կառավարչական որոշումների տեսակետից: Այնուհետև տրամաբանական կլինի սկսել կառուցողական երկխոսություն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Հյուսիսային Ամերիկայի, այլ տարածաշրջանների պետությունների հետ փոխգործակցության սկզբունքների մասին:

Այս առնչությամբ նշեմ, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությունն արդեն սկսել է բանակցություններն Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին: ԱԽՕՏՀ համաժողովի օրակարգում, որը մեկ տարի հետո տեղի կունենա Վլադիվոստոկում, կարևոր տեղ կզբաղեցնեն առևտրի ազատականացման, տնտեսական համագործակցության ճանապարհին եղած պատնեշների հանման թեմաները: Ընդ որում` Ռուսաստանն առաջ կմղի Մաքսային միության և ՄՏՏ բոլոր մասնակիցների ընդհանուր, համաձայնեցված դիրքորոշումը:

Այսպիսով, մեր ինտեգրացիոն նախագիծը որակապես նոր մակարդակ է դուրս գալիս, լայն հեռանկարներ բացում տնտեսական զարգացման համար, ստեղծում լրացուցիչ մրցակցային առավելություններ: Ջանքերի այսօրինակ միավորումը թույլ կտա մեզ ոչ միայն պարզապես ներգրվել գլոբալ տնտեսությունում և առևտրի համակարգում, այլև իրապես մասնակցել այն լուծումների մշակման գործընթացին, որոնք թելադրում են խաղի կանոնները և որոշում ապագայի ուրվագծերը:

Համոզված եմ, Եվրասիական միության ստեղծումը, արդյունավետ ինտեգրումը այն ճանապարհն են, որը թույլ կտա նրա մասնակիցներին արժանի տեղ զբաղեցնել 21-րդ դարի բարդ աշխարհում: Միայն միասին մեր երկրները կկարողանան մտնել գլոբալ աճի և քաղաքակրթական առաջընթացի առաջատարների մեջ, հասնել հաջողության և բարգավաճման:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ  ԼՈՒԿԱՇԵՆԿՈ

ՄԵՐ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(Նյութի մշտական հասցեն՝ http://izvestia.ru/news/504081)

17.10.2011

Հետխորհրդային տարածքում ինտեգրման մասին «Իզվեստիայում» Վլադիմիր Պուտինի հրապարակած հոդվածին ի պատասխան Եվրասիական միության մասին իր կարծիքն է հայտնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Այսօր մենք գտնվում ենք որակապես նոր ինտեգրացիոն կազմավորման ստեղծման շեմին: 2012թ. հունվարի 1-ից կստեղծվի Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքը, արդեն և՛ դե-յուրե, և՛ դե-ֆակտո:

Ուստի, իսկը ժամանակն է խոսել գլխավորի մասին: Մեր ժողովուրդների վաղվա օրվա կյանքի մասին: Մեր պետությունների ճակատագրի և նրանց փոխգործակցության հեռանկարների մասին: Այն մասին, թե ինչպես կկառուցվի աշխարհը մեր շուրջ, և արևի տակ մեր տեղի մասին: Հենց այս մասին է Վ.Վ. Պուտինի հոդվածն «Իզվեստիայում»:

Ոչ որպես հաճոյախոսություն գործընկերոջս` Ռուսաստանի նախկին նախագահին և ներկայիս վարչապետին, ասեմ, որ այդ հրապարակումն իսկական իրադարձություն է: Ռուսաստանն առաջին անգամ երկար տարիների ընթացքում հստակ և միանշանակ հայտարարեց այն պետությունների հետ հարաբերությունների գերակայության մասին, որոնց հետ, փոխելով դասականի միտքը, դուրս է եկել ընդհանուր սովետական շինելից:

Ոչ թե կարգախոսային ու մակերեսային, այլ մեր երկրների ու ժողովուրդների կենսագործունեության ողջ խորության մեջ թափանցող գերակայություն:

Ավելին, ըստ իս, առաջին անգամ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ այս մասին խոսում է նախագահի թեկնածուն: Փաստորեն, ինչպես ես եմ հասկանում, իր նախընտրական արտաքին քաղաքական ծրագրում:

Հասկանալի է, որ Ռուսաստանը` որպես խոշոր տերություն, չի կարող և չի անտեսի այլ դաշինքների հետ աշխատանքը: Դա բնական է: Բայց գերակայությունները սկզբունքորեն այլ են: Դա թանկ արժե: Հոդվածի բառերի հետևում ռազմավարությունն է: Ճիշտ ռազմավարությունը: Եվ միայն ոչ հեռու մարդիկ կարող են մեղադրել հրապարակումն ու նրա հեղինակին նախընտրական կոնյունկտուրայնության մեջ:

Մի՞թե կոնյունկտուրայնություն է, որ Ռուսաստանում ամենաբարձր պաշտոնին ընտրվել ձգտող առաջնորդը գիտակցում է, որ չի ստացվի երկիրն ամրապնդել` միայն ներսից այն կարգավորելով: Ներքին ազգային համախմբումն անհրաժեշտ է: Բայց դա բավարար չէ: Ռուսաստանի, ինչպես նաև ցանկացած այլ պետության իսկական հաջողության համար հարկավոր է ամուր, այսինքն` փոխշահավետ և իրավահավասար հիմքով հարաբերություններ կերտել նաև հարևանների հետ: Միայն նման սկզբունքներո՛վ: Առանց դրա չեն լինի կայունություն և անվտանգություն ոչ Ռուսաստանում, ոչ նրա հարևանների մոտ: Հակառակը մենք անցել ենք, և գիտենք, թե ինչով է դա ավարտվում:

Եվ կոնյունկտուրայնության մասին կարող են խոսել միայն նրանք, ովքեր փաստերը չգիտեն: Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի գաղափարն էլ պատկանում է հենց Վ.Վ. Պուտինին: Նա այն հնչեցրեց դեռ 2003թ. սկզբին, երբ մենք հավաքվել էինք պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը նրա մերձմոսկովյան նստավայրում: Հասկանալի է, 2012թ. ընտրություններն այն ժամանակ հորիզոնում չէին էլ երևում:

Ոչ մի կերպ չեմ կիսում թերահավատների հայացքները, թե հոդվածում արված հայտարարությունները «դեկլարատիվ» են: Չէ՞ որ հոդվածում ներկայացված ինտեգրման ռազմավարությունը հասցեագրված է ոչ միայն ընտրազանգվածին ու մեզ` Ռուսաստանի հարևաններին, այլև ուժի համաշխարհային բոլոր կենտրոններին: Այստեղ բլեֆն իրենից թանկ է, որովհետև այդ հզոր ազդանշանն ստանալով` բոլորը կանեն իրենց ռազմավարական հետևությունները: Քաղաքականությունը և քաղաքական գործիչներին հարգում են միայն դրանց լրջության և հետևողականության դեպքում: Ուստի, չպետք է կասկածներ լինեն Վ.Վ. Պուտինի գծած մտադրությունների անկեղծության մեջ: Ի դեպ, զարմանալի չէ, որ արտաքին կենտրոնների մի մասի արձագանքը Վ.Վ. Պուտինի նախաձեռնությանը զուրկ է խանդավառությունից: Եվ դա հասկանալի է. միջազգային ո՞ր դերակատարին կուրախացնի նոր, հզոր միասնական շուկայի, անշուշտ` ագրեսիվ մրցակցի ձևավորումը` լրջագույն արտադրական, ռեսուրսների, մտավոր պոտենցիալով: Բելառուսում արձագանքը «Իզվեստիայի» հրապարակմանը նույնպես միանշանակ չէ: «Հինգերորդ շարասյան» սովորական ռուսատյաց տվայտանքների մասին նույնիսկ խոսել չարժե: Այստեղ ամեն ինչ պարզ է. նրանց հոգսերը երկրի մասին չեն:

Բայց կա հասարակության մի հատված, որն անկեղծորեն մտահոգված է, քանի որ խաղատախտակին պետության ճակատագիրն է: Եվ այս կարծիքի հետ դժվար է չհամաձայնել: Մարդկանց պետք է գործով ցույց տալ, թե կոնկրետ ինչ կտա նրանց այդ նոր միությունը: Ապացուցել, որ ինտեգրացիոն նպատակները քաղաքական խաղեր չեն, այլ մարդու բարեկեցության հետագա բարելավման իրական նախադրյալներ: Իսկ դա արդեն մեր` քաղաքական գործիչներիս խնդիրն է:

Ինտեգրման ճակատագրի մասին խորհրդածություններն առավել ևս պատահական չեն ներկայիս ոչ հեշտ ժամանակում, որի մեջ գտնվում են և՛ Եվրոպան, և՛ Ասիան, և՛ ընդհանրապես ողջ աշխարհը:

Ուղիղ քսան տարի առաջ ավարտվեց երկու գերտերությունների դիմակայության դարաշրջանը:

Երբեք չեմ թաքցրել իմ կարծիքն այն մասին, որ Խորհրդային Միության փլուզումը համարում եմ 20-րդ հարյուրամյակի խորագույն, ողբերգական սխալը: Այն կարելի էր և պետք էր կատարելագործել, փոխել, բայց ոչ քանդել: Երբ բոլոր քաղաքակիրթ երկրները տասնամյակներ շարունակ դժվարին ճանապարհներով գնում էին դեպի միավորիչ գործընթացներ, մենք մի հարվածով ոչնչացրինք մեր մեծագույն սեփականությունը` միասնությունը, ընդհանրությունը, կոոպերացիան: Ինչ-որ մեկի հավակնություններն ու շահերը բավարարելու համար: Բայց նույնիսկ դրանից հետո երկբևեռ աշխարհի փոխարինումն ազդեցության կենտրոնների բազմաթվությամբ հավասարակշռված միաբևեռով` այդպես էլ տեղի չունեցավ:

Մի կացութաձևից մյուսին անցնող աշխարհում իրականում քաոս է տիրում: Իսկ քաոսը միշտ հօգուտ ուժեղագույնի է:

Ինչպե՞ս նման պայմաններում պետք է ապրեն երիտասարդ պետությունները, այդ թվում և մերը, մեր եղբայրներն ու հարևանները: Ինչպե՞ս միասին հասնենք հարգանքի և մեր օրինական շահերի իրականացման: Ո՞րն է մեր տեղը Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ ուղղությունների առանցքում:

Ակամա մտածում ես. կա՞ն արդյոք այսքան բարդ հարցերի հեշտ պատասխաններ: Հեշտ պատասխաններ, երևի թե, չկան: Բայց հաստատ ճիշտ պատասխանները կան: Եվ դրանք էլ հենց պետք է գտնել: Որովհետև սխալի գինը չափազանց մեծ է` պետության և ժողովրդի, և ոչ մեկ, ճակատագիրը:

Մերօրյա աշխարհամասային և նույնիսկ անդրաշխարհամասային ֆինանսական ճգնաժամը, որն ավելի է խորացնում համաշխարհային անորոշությունն ու քաոսը, հստակ հուշում է. ճգնաժամի գլխավոր «հակակշիռը» տարողունակ ընդհանուր շուկայի և շահերի հավասարակշռվածության ձևավորումն է: Լուրջ միավորիչ դաշինքների ստեղծումը դեպի կայուն աշխարհ տանող ճշմարիտ քայլն է: Նշանակում է` առանց ինտեգրման չի կարելի:

Բելառուսի համար առավել մերձավոր հարևանների հետ խոր, արդյունավետ ինտեգրումը եղել է, կա ու կլինի զարգացման բնական ճանապարհը:

90-ականների սկզբին մեր երկրում անցկացված երկու հանրաքվեները, բնակչության բացարձակ մեծամասնությամբ, ինտեգրման հստակ մանդատ տվեցին իշխանությանը: ԽՍՀՄ փլատակների վրա ի հայտ եկավ առաջին ինտեգրացիոն կառույցը` ԱՊՀ-ն, որի կենտրոնը Մինսկում էր: Միավորիչ սկզբունքների վրա ստեղծվեցին ՀԱՊԿ-ը և ԵվրԱզԷս-ը:

Եվ այն, որ մեզանում գոյություն ունեն մի քանի միջպետական կազմավորումներ, դա նույնպես նորմալ է: Մենք փնտրում ենք, տնտղում այն մեխանիզմները, որոնք կհամապատասխանեին բոլոր մասնակիցների շահերին: Եվ գլխավորը` որ իրապես աշխատեին մեր մարդկանց համար:

Եվ դրա համար արդեն կա պատկառելի բազա: 90-ականներին ստեղծելով Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը` մենք հանդես եկանք որպես երկու անկախ պետությունների` կյանքի ամենալայն ոլորտների շրջանակում առավել սերտ ինտեգրման նախագնացներ:

Դրա ստեղծմամբ ձևավորվեց և փորձարկվեց տարբեր արագություն ունեցող և տարամակարդակ ինտեգրման սկզբունքը:

Արդեն մեկուկես տասնամյակ է` միութենական պետությունը խոր ինտեգրման կատալիզատորն ու իր տեսակի մեջ մասշտաբային լաբորատորիան է: Այն մեր առանձնահատուկ հպարտության առարկան է: Չէ՞ որ մենք կարողացանք ընդլայնել ինտեգրման շրջանակները տնտեսությունից մինչև սոցիալական և անգամ մասամբ քաղաքական հարցերը:

Մեզ հաջողվեց լրջորեն առաջ ընթանալ քաղաքացիների հավասար իրավունքների ապահովման, ազգային օրենսդրությունների միասնականացման, արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերում: Իրական դարձավ մասշտաբային միջպետական ծրագրերի իրականացումը, այդ թվում նաև գիտատեխնիկական համագործակցության ոլորտում:

Սոցիալական երաշխիքների միասնական համակարգը, կրթության, առողջապահական ծառայություններից օգտվելու հավասար իրավունքը, աշխատանքի անխոչընդոտ տեղավորումը, տեղաշարժվելու և բնակության վայրի ընտրության ազատությունը, որոնք հնարավոր դարձան շնորհիվ Միութենական պետության, «եռյակի» ձևաչափով հետագա աշխատանքի կողմնորոշիչներն են: Որոշ ուղղություններում մենք արդեն Եվրամիությունից առաջ ենք:

Ինտեգրացիոն նախապատրաստությունները Միութենական պետության շրջանակներում թույլ տվեցին խելամտորեն և վստահաբար կիրառել դրանք ավելի լայն, բազմակողմանի ձևաչափով: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բելառուսա-ռուսական 1995թ. համաձայնագիրը Մաքսային միության մասին Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միության պայմանագրա-իրավական բազայի հիմնակմախքն է:

Միութենական շինարարության գործընթացում ստեղծված համաշխարհային մակարդակի մաքսային և սահմանապահ ենթակառուցվածքը թույլ է տալիս արդյունավետորեն լուծել Մաքսային միության և ՄՏՏ-ի առջև այժմ ծառացած խնդիրները:

Կարևոր է, որ հետագայում ևս Միութենական պետությունը, Մաքսային միությունը, ՄՏՏ-ն հարստացնեն և փոխլրացնեն միմյանց: Մեր խնդիրն է ոչ թե կորցնել, այլ առավելագույնս օգտագործել առկա ողջ ինտեգրացիոն պոտենցիալը:

Հիմա մենք սկսում ենք իրականացնել որոշումները, որոնք ընդունված է բախտորոշ համարել: Հենց այս մասին են իմ խորհրդածությունները: Դրա մասին է Վ.Վ. Պուտինի հոդվածը: Որովհետև դա մտահոգում է մեր մարդկանց:

Առաջավոր ինտեգրման մեր ստեղծած կառույցը պետք է ամուր լինի: Այլապես իմաստ չունի դրա վրա այդքան ուժ ծախսել:

Նոր մեխանիզմի հուսալիությունը և երկարակեցությունը վերջին հաշվով որոշվում են նրանով, թե ապահովում է արդյոք այն նրա մասնակիցների շահերի լիարժեք պաշտպանությունը: Անհրաժեշտ է հստակ գիտակցել. նրանց իրավունքների ցանկացած ոտնահարում, ինչն այսօր կարող է մանր թվալ, վաղը ճեղքվածք կառաջացնի, ինչը կխորտակի սկզբում վստահությունը, իսկ հետո` նաև ընդհանուր անասելի ջանքերով ստեղծված նոր կառույցը:

Սա է գլխավորը: Բարդագույն իրավաբանական, մաքսային, ֆինանսական և այլ հարցերի մնացած ամբողջությունը կարելի է լուծել: Եվ մենք համատեղ կորոշենք այդ ամենը և կարճ ժամանակում: Այստեղ պրիմիտիվիզմ չպետք է լինի: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ հավաքենք ու երեքի բաժանենք մեր ժողովուրդներին պատկանող հարստությունները: Բելառուսներին դա պետք չէ: Բայց միայն գործընկերների հավասարությունը, այդ թվում տնտեսվարման պայմանների հավասարությունը` միասնական էներգետիկ և տրանսպորտային համակարգից օգտվելու հավասար իրավունքով, թույլ կտա ստեղծել մեր միության համար հուսալի հիմք: Միայն այդ ժամանակ մարդիկ, բիզնեսը կհավատան մեզ և մեր ինտեգրմանը և կաջակցեն դրան իրենց գործերով ու մտահղացումներով:

Համախոհների ու գործընկերների միությունն անհավասար հիմքի վրա չես կառուցի: Սա աքսիոմա՛ է: Հավատում եմ, որ հենց նման գաղափարախոսություն է դրվում մեր նոր միության հիմքում:

Ռուսաստանի ղեկավարության հետ վերջին բանակցությունների ժամանակ մենք պայմանավորվել ենք մեր երկրների ձեռնարկությունների և ձեռներեցների` հավասար պայմաններով աշխատանքի անհրաժեշտության մասին: Նման մեկնակետով են ընթանում հանդիպումները ՄՏՏ շրջանակներում: Առջևում, իհարկե, բանակցությունների դեռ փշոտ ճանապարհ կա, բայց «եռյակի» գործընկերների հետ միասին մենք այն կհաղթահարենք ժամանակին և հաջողությամբ:

Ճիշտն ասած` ՄՏՏ ստեղծումը մեզ համար ոչ հեշտ փոխզիջում է դարձել: Իսկ եթե ավելի անկեղծ` Միասնական տնտեսական տարածքի համար Բելառուսը թանկ է վճարել: Բայց կան բոլոր հիմքերը` վստահ լինելու, որ այդ «ռիսկը» կփոխհատուցվի:

Մեր ակնկալիքները Մաքսային միությանը մասնակցությունից սկսում են արդարանալ: Մեծացել են նրա մասնակիցների միջև առևտրի ծավալները: Վերացված են սակագնային և ոչսակագնային պատնեշները փոխադարձ առևտրում: Հանվել են վերահսկողության բոլոր ձևերը ներքին սահմաններին: Ապահովվում է բելառուսական, ղազախական և ռուսական ապրանքների պաշտպանությունը երրորդ երկրների անբարեխիղճ մրցակցությունից:

Միասնական դիրքերից են վարվում բանակցությունները համաշխարհային խոշոր առևտրային գործընկերների հետ:

Սրանք առաջին արդյունքներն են: Բայց մենք սպասում ենք մեր քաղաքացիների համար ավելի նշանակալի արդյունքի Մաքսային միության և ԵՏՏ-ի գործունեությունից:

Ասացեք, ինչո՞ւ, օրինակ, ընդհանուր ինտեգրացիոն տարածքում սեփական շուկաներից վանել գործընկերների արտադրանքը ոչշուկայական մեթոդներով: Մարդիկ դրանից միայն տուժում են: Թող բիզնեսն ազատ մրցակցի, պայքարի շուկայի համար: Ինչո՞ւ արհեստականորեն կրկնօրինակող արտադրություններ դնել այնտեղ, որտեղ պահանջարկը կարող է բավարարված լինել անհամեմատ ավելի քիչ ծախսերով ու գործող ձեռնարկությունների որակի ավելի բարձր մակարդակով: Մի՞թե մենք չենք տուժում միմյանց հետ մրցակցելուց արտաքին շուկաներում: Նման «ինքնակերության» փոխարեն պետք է խելքով ստեղծել բոլոր պայմանները մեր տարածքում հզոր մրցունակ վերազգային կորպորացիաների ստեղծման և երրորդ երկրների շուկա դուրս գալու համար:

Հարկ է դնել մեր տնտեսությունների հետագա արդիականացման և նորարարությունների ներդրման հիմքերը: Եվ մենք արդեն սկսել ենք մոտենալ դրան կոնկրետ մասշտաբային և գիտատար նախագծերով` ԱԷԿ-ի համատեղ կառուցում Բելառուսում, արբանյակների համատեղ ստեղծում և դրանց դուրսբերում տիեզերք, դրանց կառավարման համակարգերի ստեղծում:

Բայց շարժումը դանդաղ է ընթանում: Եթե մեր երկրների ղեկավարությունը նման ինտեգրման հանդեպ ընդհանուր ամուր դիրքորոշում ունի, իսկ այն կա՛, թող որ բոլոր մակարդակների չինովնիկությունն էլ` վերից վար, ավելի արագ շարժվի:

Եվ այստեղ, իհարկե, առավելագույնը կախված է ինտեգրման ամենախոշոր գործընկերոջից` Ռուսաստանից: Հարկավոր է հասնել այն բանին, որ սկզբունքորեն դեմքով շրջվենք դեպի ինտեգրումը ինտեգրացիոն բոլոր կառույցների շրջանակում` Միութենական պետության, Մաքսային միության, ՄՏՏ-ի, ԵվրԱզԷս-ի, ԱՊՀ-ի. ոչ թե թղթի վրա, այլ իրականում: Նման մոտեցումը պետք է փոխգործակցության ամենօրյա գործելակերպ դարձնել: Մեր երկրների մարդիկ դրան արդեն հիմա են սպասում, առանց հապաղելու:

Եկեք առաջ նայենք:

Եթե մենք իրականացնենք ՄՏՏ-ի նախանշած նպատակները, ապա կկարողանանք անցում կատարել Եվրասիական միության ստեղծմանը: Բելառուսը դրա կազմավորման գործում ամենաակտիվ մասնակցությունը կունենա:

Հեշտ չէ նման միություն կառուցելը: Չէ՞ որ հասնելով տնտեսական ինտեգրման որքան հնարավոր է առավելագույն մակարդակին` մենք ընդհուպ կմոտենանք ամուր սոցիալ-քաղաքական վերնակառույցի ստեղծման անհրաժեշտությանը` ընդհանուր արժեքներով, իրավական համակարգով, կենսական ստանդարտներով ու կողմնորոշիչներով: Այստեղ առանց ինչ-որ վերազգային մարմինների (այդ թվում, հնարավոր է, քաղաքական) աստիճանական կոնսենսուսային ձևավորման չի լինի: Ենթադրում ենք, որ նման պարագայում գործնական հարթություն կտեղափոխվի նաև նոր միասնական արժույթի ներդրման հարցը: Ժամանակը ցույց կտա:

Հզոր և խոր ինտեգրման հեռանկարը, որն այսօր բացվում է, իրականում գայթակղում է: Բայց այն ամենի անկյունաքարը, ինչը մենք պատրաստվում ենք կառուցել, մեր պետությունների ինքնիշխանությունն է, ինչը չի վերացնի նույնիսկ ամենասերտ ինտեգրումը:

Պետությունները ղեկավարելու վստահության հետ մեկտեղ մեր ժողովուրդները մեզ են հանձնել նաև իրենց ճակատագրերն ինքնուրուն տնօրինելու իրենց իրավունքը պահպանելու պարտավորությունը: Սրանից ելնելով մենք պետք է կառուցենք մեր պլանները:

Միասնական տնտեսական տարածքի հաջողությունը կարևոր է ոչ միայն մեր ժողովուրդների և տնտեսությունների համար: Այս նախագիծը կարող է ձգողական բևեռ դառնալ նաև այլ երկրների համար, այդ թվում մեր ամենամոտ հարևան Ուկրաինայի: Չէ՞ որ այն մեզ հետ աշխատել է ՄՏՏ-ի առաջին նախատիպի վրա:

Եվս մեկ շատ կարևոր արտաքին քաղաքական ասպեկտ:

Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ինտեգրումը որևէ մեկի դեմ չէ: Եվրասիական միության ստեղծման մեջ չպետք է Եվրոպայի ինչ-որ բաժանման փորձ որոնել: Ավելին ասեմ. մեզ չի կարելի պարփակվել այդ ինտեգրման մեջ: Եվրասիական միությունը ես տեսնում եմ որպես համաեվրոպական ինտեգրման անքակտելի մաս: Մեր միությունը կոչված է դառնալու առանցքային տարածաշրջանային դերակատար, որը կօգնի հարաբերություններ հաստատել առաջատար համաշխարհային տնտեսական կառույցների հետ: Հենց այստեղից է բխում «եռյակի» առաջարկը` Եվրամիության հետ նման փոխգործակցության մասին, որը վերջնարդյունքում կհանգեցներ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծմանը` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ: Ի դեպ, այդ ճանապարհին միակ մաքսային սահմանն անցնում է Բրեստով: Մենք առաջարկում ենք «ինտեգրացիաների ինտեգրացիա»:

Բելառուսի նախաձեռնությամբ անցած տարվա դեկտեմբերին ԵվրԱզԷս-ի պետությունների ղեկավարներն իրենց հռչակագրում հաստատեցին հենց այս ուղղությամբ աշխատելու իրենց մտադրությունը: Սա կամակորություն չէ, այլ իրողություններով թելադրված հետևողական դիրքորոշում:

Հետխորհրդային տարածքում նման ինտեգրումն ավելի արագ կհանգեցնի ավելի սերտ ու իրավահավասար հարաբերությունների Եվրամիության հետ և Մեծ Եվրոպայի կառուցմանը, քան անջատական երթևեկը եվրոպական կաբինետներում:

Դրա համար, իհարկե, հարկավոր է ՄՏՏ և ապագա Եվրասիական միության զարգացման համապատասխան մակարդակ: Այն պետք է հասուն կառույց, լուրջ տնտեսական դերակատար դառնա եվրասիական շուկայում, Եվրամիության հզոր գործընկեր:

Բնականաբար, այս գործում շատ բան կախված է նաև եվրոպացիներից, թե որքանով են նրանք պատրաստ համագործակցել հավասար պայմաններով:

Բելառուսը, գտնվելով երկու ինտեգրացիոն միությունների խաչման կետում, հատկապես հետաքրքրված է նրանց փոխադարձ մերձեցմամբ: Եվրասիական միության ստեղծման վիթխարի, բայց միանգամայն իրատեսական նախագիծը խիստ շահավետ է ամբողջ աշխարհամասի համար: Նույն կանոններով աշխատելու հնարավորությունը Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս ձգվող շուկայում կամրապնդի մեր ձեռնարկությունների արտահանական պոտենցիալը և մեր տնտեսությունների գրավչությունն օտարերկրյա բիզնեսի համար: Ընդ որում` մեր ինտեգրացիոն կառույցը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան վեկտորով: Կարևորագույն խնդիր պետք է դառնա նաև սերտ ինտեգրումն Արևելքի պետությունների և տնտեսական միավորումների, նախևառաջ` մեր ռազմավարական գործընկեր Չինաստանի հետ:

Երեք երկրներից յուրաքանչյուրն արդեն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ աշխատանքի հարուստ փորձ ունի: Միավորելով մեր ջանքերը` մենք անհամեմատ ավելի հաջող առաջ կտանենք մեր շահերը: Բելառուսն ընդհուպ կմոտենա ԱԽՏ շուկաներին, ինչն, ամենայն հավանականությամբ, կդառնա մոլորակի տնտեսության շարժիչն այս հարյուրամյակում:

Այժմ առաջատար ԶԼՄ-ներում ինտեգրացիան վճռականորեն խորացնելու մեր հաստատ որոշումը հրապարակելը պատահական չէ: Սա կյանքից բխող ինքնատիպ մանիֆեստ է: Իհարկե, հայտարարված մտադրությունները պետք է հետևողականորեն և համառորեն իրագործել: Բայց չէ՞ որ Աստվածաշնչում ասված է. «Ի սկզբանէ էր բանը»:

Հիմա անհրաժեշտ է անհապաղ գործի անցնել: Չէ՞ որ լուրջ քաղաքական գործչի խոսքին հետևում է գործը: Եվ ես, որպես Բելառուսի նախագահ, սերտորեն կփոխգործակցեմ Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավարության հետ` գործնականում իրականացնելու համար խոր ինտեգրման այս ճիշտ ռազմավարությունը:

Ինտեգրացիան ինքնանպատակ չէ: Դա բարձրագույն նպատակին` մեր մարդկանց բարեկեցության և կենսամակարդակի բարձրացմանը հասնելու գործիք է:

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ

(Նյութի մշտական հասցեն՝ http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1457228.html)

19.10.2011

Քաղաքական աշունը Հարավային Կովկասի երկրների համար խիստ հագեցած էր արտաքին քաղաքական իրադարձություններով, որոնք իրենց դրոշմը թողեցին ներքաղաքական գործընթացների վրա: Ընթացիկ աշնան նշանակալի քաղաքական միջոցառումների շարքում հարկ է հատկապես առանձնացնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև նրա կարճաժամկետ այցելություններն ու հանդիպումները Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Ինչո՞վ է հիշարժան Ֆրանսիայի նախագահի այցը մեր տարածաշրջան: Մինչ այս հարցին պատասխանելը, բերենք մի քանի մեջբերում Նիկոլա Սարկոզիի հայտարարություններից և հարցազրույցներից: Այսպես, 2011թ. նոյեմբերի 6-ին «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերին, ասաց. «Ֆրանսիայի և Գերմանիայի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախոր վիշտն անգամ կարելի է մեղմացնել, որ նույնիսկ ամենախոր ատելությունը կարելի է հաղթահարել, որ նույնիսկ իրենց պատմության ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտվելու ուժ գտնել: Առաջին աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիան և Գերմանիան պատերազմել են անասելի դաժանությամբ: Սարսափներով ու դաժանություններով լի Երկրորդ աշխարհամարտի փլատակների վրա մեր երկրները ուժ գտան հաշտվելու և հավասարը չունեցող բարեկամություն կառուցելու: Այդ բարեկամությունը այսօր դարձել է եվրոպական շինարարության անկյունաքարը»: Հատկանշական է, որ այս խոսքերը Ֆրանսիայի նախագահն արտաբերեց Արևելյան գործընկերության Վարշավյան գագաթաժողովից (սեպտեմբերի 29-30) մեկ շաբաթ անց: Երկրորդ գագաթաժողովից հետո, որտեղ ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի (Բելառուսը ներկա չէր գագաթաժողովին) ղեկավարները և ներկայացուցիչները համատեղ Հռչակագիր ընդունեցին, որում, մասնավորապես, ասվում էր, որ Վարշավյան գագաթաժողովի մասնակիցներն «ընդունում են եվրոպական ձգտումները, որոշ գործընկերների եվրոպական ընտրությունը և ամուր ու կայուն դեմոկրատիա կերտելու նրանց պատրաստակամությունը»: Հատկանշական է, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, որը ս.թ. սեպտեմբերի սկզբին ողջունել էր Վրաստանին և Մոլդովային` այնպիսի ռեֆորմներ իրականացնելու համար, որոնք նրանց անհրաժեշտ են Եվրամիություն մտնելու նպատակով, գագաթաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ սույն փուլում անհնար է արդարացնել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հույսերը, որոնք Վարշավյան գագաթաժողովից «սպասում էին ԵՄ-ին անդամակցության հստակ հեռանկար»: Միևնույն ժամանակ, Վարշավյան գագաթաժողովի համատեղ Հռչակագրում ասվում էր, որ «ձեռք է բերվել լավ առաջընթաց ասոցիացված համաձայնագրի շուրջ Մոլդովայի Հանրապետության հետ բանակցություններում և զգալի առաջընթաց է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի հետ»: Այսպիսով, Արևելյան գործընկերության Վարշավյան գագաթաժողովի Հռչակագիրը, Երևանում Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները վկայում են Եվրամիության` Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի մեծ դեր խաղալու մտադրության լրջության մասին, ավելին` ընդգծում են Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը: Այսինքն` Վարշավայում կրկին հաստատվեց, որ Արևելյան գործընկերությունը նպատակաուղղված է իրականացնելու «հին» Եվրոպայի` ԱՄՆ-ից հետխորհրդային տարածքի «յուրացման» առաջնությունը խլելու պլանների իրագործմանը` Ռուսաստանից ԱՊՀ արևելաեվրոպական և հարավկովկասյան երկրները պոկելու միջոցով: Ինչպես և նախկինում, Արևելյան գործընկերության մասնակից երկրների համար որպես «խթան» ծառայեցին անհրավերք ռեժիմ մտցնելու, ազատ առևտրի գոտի ստեղծելու առաջարկությունները: Օգտագործելով այս լծակները` Բրյուսելն իր կողմից բացարձակապես ոչ մի պարտավորություն` ԵՄ-ին այդ երկրների ինտեգրման առումով, չի ստանձնում, ինչը չի խանգարում ԵՄ-ին ներկայանալ օրենսդրի և ուղեկցորդի, առաջատարի դերում Արևելյան գործընկերություն ծրագրի մասնակից երկրների հետ երկխոսությունում, ընդ որում` նրանք դատապարտված են լսելու ԵՄ գործընկեր երկրների խրատները, ավելին` պարտավորվել են կատարել դրանք: Թերևս, միակ բացառությունը, թվում էր, հաստատված այս ընդհանուր կանոնից Վարշավյան գագաթաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթն էր, որը մեղմ, բայց դրանից ո՛չ ամենևին անդեմ ու ոչ լղոզված ձևով ԵՄ ուշադրությունը հրավիրեց գործընկերների հանդեպ իրենց սեփական պարտավորությունների վրա: Այսպես, 2011թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահը Արևելյան գործընկերության Վարշավյան գագաթաժողովի իր ելույթում նշեց. «Կարծում եմ, որ, որպես Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետևաբար հավասարակշռության պահպանմանը: Մենք, անշուշտ, կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը ներգրավված լինի համաեվրոպական նշանակության նախագծերում, ինչն իր հերթին կամրապնդի Հարավային Կովկասի և ԵՄ-ի միջև առկա հարաբերությունները: Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որևէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալը օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ, ԵՄ-ը քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը: Չի կարելի թույլ տալ, որ Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր»:

ԵՄ-ի և, մասնավորապես Ֆրանսիայի ու մեր տարածաշրջանի երկրների միջև ստեղծված հարաբերությունների պատկերի ամբողջականության համար, կարծում եմ, անհրաժեշություն կա բերել ևս երկու մեջբերում Երևանում, «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Նիկոլա Սարկոզիի արած հայտարարություններից: Այսպես, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությանը` նա ասաց. «Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած և այդքան վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը և գտնել հաշտեցման ուղին: Այս նույն հորդորը կփոխանցեմ նախագահ Ալիևին Բաքվում, ուր պետք է մեկնեմ Երևան իմ այցից հետո»: Լեռնային Ղարաբաղի նշանակության մասին Ֆրանսիայի նախագահի այս խոսքերն անսահման մոտ են ողջ աշխարհի հայության սրտին, բայց ինչպե՞ս մենք ՀՀ-ում ընկալենք բարեկամական Ֆրանսիայի այդքան հարգարժան առաջնորդի այս արտահայտությունները: Որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի բացառիկ դերի հաստատման հա՞յտ: Իսկ գուցե դրանք ընդունել որպես վկայություն այն բանի, որ Եվրամիությունն արդեն կողմնորոշվել է, թե ինչպես լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Գուցե այս փուլում Եվրամիությունը խնդիր է դնում կոտրել հանրային կարծիքը ՀՀ-ում` հետապնդելով հետևյալ նպատակը. համոզել հայերին, որ չպետք է հանձին Ռուսաստանի տեսնել խաղաղության և անվտանգության երաշխավորին Հարավային Կովկասում, այլ հանձին Ֆրանսիայի և ԵՄ-ի: Կարելի է նաև բազմաթիվ այլ հարցեր էլ առաջադրել, սակայն ակնհայտ է, որ առաջիկայում պետք է սպասել ԵՄ դերի հետագա ակտիվացման Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներում: Միանգամայն օրինաչափ էր, որ ԵՄ այդօրինակ ակտիվացումը չէր կարող չնկատվել տարածաշրջանային այնպիսի խոշոր դերակատարի կողմից, ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի հակազդեցությունը երկար սպասել չտվեց: Այսպես, ս.թ. հոկտեմբերի 13-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Ռամին Մեհմանփարասթը Կազանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «Սահմանային վեճերը սովորաբար ծագում են հարևան երկրների միջև... ոչտարածաշրջանային երկրները ջանում են վեճերն օգտագործել այն բանի համար, որ միջամտեն տարածաշրջանային հարցերին»: Ավելին, ս.թ. հոկտեմբերի 14-ին, ինչպես տեղեկացնում է Tehran Times-ը, Թաթարստանի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամեդշինի հետ հանդիպման ժամանակ Մեհմանփարասթն ընդգծեց, որ Իրանը և Ռուսաստանը կարող են էական դեր խաղալ տարածաշրջանում հավասարակշռության պահպանման գործում:

Եվ վերջապես, հարկավոր է պարզաբանել նաև Նիկոլա Սարկոզիի ոչ պակաս հետաքրքիր հայտարարությունը` նույնպես հնչած նրա Հայաստան կատարած պետական այցի ժամանակ: Այսպես, հանդես գալով Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ հավաքված լրագրողների առջև` Նիկոլա Սարկոզին իր օբյեկտիվությամբ և պատմականությամբ շատ համարձակ հայտարարություն արեց. «Հայերի ցեղասպանությունը պատմական փաստ է, որը ճանաչում է Ֆրանսիան: Ցեղասպանության հավաքական մերժումն արժանի է ավելի մեծ դատապարտման, քան անհատականն է: Եթե Թուրրքիան վերանայի իր պատմությունը բոլոր մութ ու լուսավոր կողմերով, ապա Հայոց ցեղասպանության ճանաչումը բավարար կլինի: Բայց եթե Թուրքիան չանի դա, ապա, անշուշտ, մենք հարկադրված կլինենք ավելի հեռուն գնալ»: Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունն իր նշանակությամբ դուրս է գալիս մեր տարածաշրջանի շրջանակներից: Այո, ակնհայտ է, որ ի թիվս այլ բաների` այն հետապնդում է նաև ներքաղաքական նպատակներ, չէ՞ որ Ֆրանսիայի նախագահի հիմնական թեկնածուներն արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունը` աջակցել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունմանը, այլ նաև պարտավորվել են օժանդակել հայամետ այլ նախաձեռնություններին ևս: Այստեղ պակաս կարևոր չեն Նիկոլա Սարկոզիի հայտարարության արտաքին քաղաքական ասպեկտները: Մի կողմից` դա կարելի է ընկալել որպես Ֆրանսիայի, ասել է թե` ԵՄ-ի անթաքույց ճնշում պաշտոնական Անկարայի վրա, որը վերջին ժամանակներս շատ բան է վերցնում իր վրա: Վերցնենք թեկուզ օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրկնակի հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան կսառեցնի հարաբերությունները Եվրամիության 27 անդամ երկրների հետ, եթե 2012թ. հուլիսին ԵՄ նախագահող պետությունը դառնա Կիպրոսը, ինչի մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը: Միևնույն ժամանակ, հանուն արդարության նշենք, որ համաձայն թուրքական զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության` Երևան կատարած այցելությունից անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահի խորհրդական Դավիդ Լևիտը Ելիսեյան պալատում Ֆրանսիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան Թահսին Բուրջուօղլուին հավաստիացրել է, որ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը ճիշտ չի մեկնաբանվել Թուրքիայում, և Ֆրանսիան չի ընդդիմանա Թուրքիային այդ հարցում: Ավելին, նա հավաստիացրել է թուրք դեսպանին, որ Ֆրանսիան Թուրքիան համարում է մեծ և ուժեղ տերություն և մեծ նշանակություն է տալիս նրա հետ բարեկամական հարաբերություններին:

Արտաքին քաղաքական խիստ հետաքրքիր այս իրադարձությունների ֆոնին պակաս հետաքրքրական չեն այն գործընթացները, որոնք ծավալվում են ներքաղաքական ասպարեզում, մասնավորապես Հայաստանում և Ադրբեջանում: Այսպես, օրերս Բաքվի «Պոլիգոն» պարբերականը, հղում կատարելով թուրքական պաշտոնական շրջանակների աղբյուրներին, տեղեկատվություն է տարածել ադրբեջանական ընդդիմությանն աջակցելու պլանների մասին: Հատկանշական է, որ մինչ այդ ադրբեջանական ընդդիմությանն աջակցելու մտադրության մասին հայտարարել էին թուրքական ընդդիմադիր կուսակցությունները` ձախ կենտրոնամետ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը և Ազգայնական շարժում ուլտրաաջ կուսակցությունը: Շատ փորձագետներ թուրքական քաղաքական շրջանակների (ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր) վերաբերմունքի փոփոխությունն Ադրբեջանի իշխանությունների և պաշտոնական Բաքվի հանդեպ` պայմանավորված ընդդիմադիրներին աջակցելու քաղաքականությամբ, հակված են բացատրել տարածաշրջանի վերջին իրադարձություններով: Դրանց թվին պետք է դասել Թուրքիայի և Իսրայելի լարված հարաբերությունները և այդ ֆոնին, ընդհակառակը, Ադրբեջանի և Իսրայելի ամրապնդվող գործընկերային կապերը: «Ինչո՞ւ Սիրիայի հարցում Էրդողանը փոխեց դիրքորոշումը: Սկզբում նա Բաշար Ասադի կողմնակիցն էր, իսկ ավելի ուշ հանդես եկավ նրա դեմ: Նույնն է և Ադրբեջանի հարցում... Վաշինգտոնի և Անկարայի շահերը շատ հարցերում համընկնում են, ուստի... ի հայտ է գալիս նման լուրջ ակտիվություն ադրբեջանական ընդդիմության հանդեպ»,- այսպիսի եզրահանգում է արվել «Պոլիգոնի» հոդվածում, իսկ հետո հավաստվում էր, որ Թուրքիայի իշխանությունների օգնությունը, որը կցուցաբերվի ադրբեջանական ընդդիմությանը, կարող է շատ բան փոխել և՛ Ադրբեջանում, և՛ ընդհանրապես տարածաշրջանում: Կարելի էր ուշադրություն չդարձնել այս տեղեկությանը, եթե գոյություն չունենար մի շատ էական գործոն: Այսպես, 2009թ. հոկտեմբերին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն, ի հեճուկս թուրքական իշխանությունների, անհապաղ Ռուսաստանի հետ մերձեցման քայլեր ձեռնարկեց: Համենայնդեպս, Ադրբեջանի իշխանությունները, առնվազն, ձևացրել են, թե նման գործընթաց են սկսում: Պաշտոնական Անկարան լրջորեն անհանգստացավ և ընկրկեց` հաճոյանալու համար կրտսեր եղբորը: Արդյունքում` Ցյուրիխյան արձանագրությունների իրականացումը թուրքական կողմը փակուղի մտցրեց: Ճիշտ է` արձանագրությունների վավերացման հարցը ներառվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում, բայց այդպես էլ չդրվեց խորհրդարանականների քննարկմանը, թեև Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծամասնություն ուներ: Իր հետագա գործողություններով Թուրքիան ցայտուն կերպով ցույց տվեց, նախ, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որը թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախաձեռնողն էր, ինչպես նաև Եվրամիությանը, որը նույնպես պակաս հետաքրքրված չէր ցյուրիխյան գործընթացի դրական ելքով, որ Թուրքիայի ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ թուրքական իշխանությունների արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունն է: Կարծեմ այդ շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները նույնպես սկսեցին զարգանալ առաջընթաց տեմպով: Ավելին, խոսակցություններ սկսվեցին երկու երկրների միջև իբր հաստատվող ռազմավարական հարաբերությունների մասին, ինչպես նաև բանակցություններ էին վարվում արտաքին առևտրային գործառնություններում դոլարով փոխադարձ հաշվարկներ կատարելուց հրաժարվելու մասին: Լրջորեն քննարկվում էին արտաքին առևտրի ոլորտում փոխադարձ հաշվարկները Թուրքիայի և Ռուսաստանի ազգային արժույթներով վարելու հարցերը: Հիշում եմ նաև, որ պաշտոնական Անկարան շատ ավելի բարյացակամ վերաբերվեց «Հարավային հոսք» գազատարը Սև ծովի հատակով, ներառյալ` Թուրքիայի տնտեսական գոտին, անցկացնելու Ռուսաստանի պլաններին: Ուրեմն, այն ժամանակվանից հետո ի՞նչ փոխվեց պաշտոնական Անկարայի պլաններում, և ինչո՞ւ է հիմա արգելակում այդ հարցի առաջմղումը: Հետաքրքիր է, որ դրա հետ մեկտեղ, թուրքական իշխանություններն, ավելի շուտ, միտումնավոր տեղեկատվություն են արտանետում իրենց կողմից ադրբեջանական ընդդիմությանն աջակցելու վերաբերյալ: Կարծում եմ, որ դա արվում է հեռահար նպատակով. Ադրբեջանը վերջնականապես վերադարձնել թուրքական արտաքին քաղաքականության ուղեծիր` որպես այլընտրանք առաջ քաշելով Ադրբեջանի ներքին կյանքի ապակայունացման հեռանկարը: Եվ դա տեղի է ունենում Wikileaks-ի տեղեկատվական արտանետումների ֆոնին, որոնք ամենևին էլ հօգուտ Իլհամ Ալիևի չեն, ավելին` բացահայտում են ադրբեջանական նախագահի բոլորովին էլ ոչ դրական կարծիքն արդի Թուրքիայի հավակնոտ առաջնորդի` վարչապետ Էրդողանի մասին, որն իրեն ավելի ու ավելի շատ է դնում աշխարհիս հզորներից մեկի տեղը, իսկ իր երկիրը ներկայացնում է որպես գերտերություն: Այս ֆոնին հատուկ նշանակություն է ձեռք բերում Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հայտարարությունը նոր ինտեգրացիոն նախագծի մասին, որը պետք է միավորի հետխորհրդային տարածքի պետությունները` տնտեսական շահերի հիման վրա: Խոսքը Վ.Վ. Պուտինի «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածի մասին է` տպագրված ս.թ. հոկտեմբերի 4-ին «Իզվեստիայում»: Այստեղ հարկ է նաև ուշադրություն դարձնել ոչ պակաս կարևոր մի հանգամանքի վրա. Ցյուրիխյան արձանագրությունները վերջերս կրկին ներառվել են Թուրքիայի նոր գումարման Ազգային մեծ ժողովի օրակարգում: Համադրելով վերջին ամսվա վերոնշյալ իրադարձությունները` հստակ գիծ է նկատվում: Այսպես, մի կողմից` Եվրամիությունը Արևելյան գործընկերության միջոցով, և Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցի ընթացքում քաղաքականապես սիրաշահում է Հայաստանի ղեկավարությանը, պատրաստակամություն հայտնում մասնակցելու խոշոր էներգետիկ նախագծերում, մյուս կողմից` այդ նույն ժամանակ ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի բարձր ամբիոնից քննադատում է Ադրբեջանին մարդու իրավունքների խախտման, դեմոկրատական ռեֆորմները խափանելու, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հետապնդելու համար: Հարկ է սպասել, որ հենց այս հարցերն են լինելու այն հիմնական թեմաները, որոնք քննարկվելու են ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի` ս.թ. հոկտեմբերի 18-20-ը Վրաստան, Ադրբեջան և Հայաստան ակնկալվող այցի ընթացքում: Հատկանշական է, որ արդեն հայտարարվել է այն մասին, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն կայցելի Բաքու:

Real Politic-ի խորամանկություններին անտեղյակ սովորական մահկանացուին Հայաստանի հետ ԵՄ-ի և ԵԽԽՎ-ի հարաբերությունների ջերմացումը, ինչի վկան դարձանք հոկտեմբերի 14-ին ավարտված ԵԽԽՎ նստաշրջանի ավարտին, երբ ընդունվեց Հայաստանի վերաբերյալ խիստ հավասարակշռված գնահատական, կարող է պատրանքի մեջ գցել, թե վերջապես եվրոպական տարածքում ստեղծվում են նախադրյալներ պատմական արդարության հաղթանակի համար: Ընդ որում` նկատի կառնվի Հայոց ցեղասպանության ժխտման հարցի քրեականացման մասին օրենքի ընդունումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմանն ուղղված որոշակի քայլերի ընդունումը: Եվ այս պատրանքը կամրապնդվի հստակ պլանավորված գործողություններով, որոնք կոչված են այնպիսի երևութականություն ստեղծելու, թե իբր Ադրբեջանն արժանացել է Արևմուտքի և նույնիսկ Թուրքիայի անբարեհաճությանը: Ավաղ, իրականությունը բոլորովին այլ է: Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ լինելով, գայթաքար է հանդիսանում Արևմուտքի և մեր տարածաշրջանում նրա անփոփոխ դաշնակցի` Թուրքիայի աշխարհաքաղաքական պլանների իրագործման ճանապարհին: Այո, ես չսխալվեցի, Թուրքիայի, որը, ՆԱՏՕ անդամ և գործով ԱՄՆ-ին իր հուսալիությունն ապացուցած դաշնակիցը լինելով, խաղալու է իր իբր ինքնուրույն խաղը Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում: Դրա հետ մեկտեղ, խնդիր է դրվում դառնալ մուսուլմանական աշխարհի առաջնորդը: Եվ դա հատկապես ակտուալ է այժմ, երբ Եգիպտոսի և Թունիսի` ԱՄՆ-ին բարեկամական Հոսնի Մուբարաքի և Բեն Ալիի ռեժիմները տապալվեցին, երբ տակավին չեն դադարում ռազմական գործողությունները Լիբիայում, ծայրահեղ տագնապալի իրավիճակ է պահպանվում Սիրիայում: Ավելին, հստակ միտում կա սրելու իրավիճակն Իրանի շուրջ, հատկապես 2011թ. հոկտեմբերի 15-ի` աշխարհի առաջատար տեղեկատվական գործակալությունների տարածած տեղեկության ֆոնին: Ըստ այդ տեղեկության` ԱՄՆ կառավարությունն Իրանի իշխանությունների հետ ուղղակի շփման ընթացքում նախազգուշացրել է պաշտոնական Թեհրանին, որ մտադիր է նրան պատասխանատվության կանչել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադիլ ալ Ջուբեյրայի դեմ ենթադրվող դավադրության հետ կապված: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, լրագրողներին այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը: Արևմուտքը, առավել ևս` Թուրքիան, Ադրբեջանի հետ լուրջ և անլուծելի հիմնախնդիրներ չի ունեցել և հիմա էլ չունի: Ադրբեջանի իշխանությունները հիանալի գիտակցում են, որ դատապարտված են լինել Արևմուտքի, հատկապես Թուրքիայի քաղաքականության նավարկուղում: Եվ ամենևին էլ պատահական չեն մեր օրերում արհեստականորեն հրահրվող անջատական տրամադրությունները Նախիջևանի մարզում, որը մեկ օր անգամ չէր կարող իրեն պատկերացնել որպես անկախ սուբյեկտ, ինչպես կա իրականում, եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը: Էլ չենք խոսում խոշոր էներգետիկ նախագծերի մասին, որոնք նախատեսված է իրականացնել Արևմուտքի կողմից: Ճիշտ է` NABUCCO-ի պարագայում փոքր-ինչ ձգձգում կա: Այսպես, AFP գործակալության հաղորդմամբ` OMV ընկերության գործադիր տնօրեն Գերհարդ Ռոյսին հղում կատարելով, բնական գազի մատակարարումները NABUCCO գազատարով, որը պետք է Եվրոպան կապի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հանքավայրերի հետ` շրջանցելով Ռուսաստանը, հետաձգվում են մեկ տարով: Նախագիծը հերթական անգամ հետաձգել են NABUCCO-ն գազով ապահովող մատակարարների հետ պայմանավորվածությունների բացակայության պատճառով: Ավելի վաղ պլանավորվում էր, որ գազի առաջին մատակարարումը NABUCCO-ով կսկսվի 2017թ., իսկ գազատարի շինարարությունը պետք է սկսվեր 2013-ին: Հենց դրա համար էլ Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշերի բանակցությունների գլխավոր թեման Բաքվում և Աշգաբադում նախագահներ Իլհամ Ալիևի և Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի հետ համագործակցության հարցերն էին էներգետիկայի ոլորտում: Եվ, ինչպես օրերս բանակցությունների արդյունքներով տեղեկացրել է Թուրքմենստանի նախագահ Գ.Բերդիմուհամեդովը, Թուրքմենստանը և ԵՄ-ը ձեռնամուխ են եղել թուրքմենական գազը Եվրոպա մատակարարելու փաստաթղթային հենքի նախապատրաստմանը:

Ես հատուկ այսքան մանրամասն կանգ առա արտաքին քաղաքական այն իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունենում Հարավկովկասյան տարածաշրջանում: Կարծում եմ, որ վերն ասվածից հետևյալ եզրահանգումն է առաջ գալիս. Հարավկովկասյան տարածաշրջանում լուծվում է Եվրասիական միության լինել-չլինելու հարցը: Այո, ես չսխալվեցի` ասելով Եվրասիական միություն: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանին ԱՊՀ կազմում պահում է միայն ղարաբաղյան հիմնախնդրի չլուծվածությունը: Եթե այդ հակամարտությունը կարգավորվի այն պայմաններով, ինչին ձգտում են ապշերոնյան քաղաքական գործիչները, Բաքուն անհապաղ ԱՊՀ-ից դուրս գալու բազմաթիվ պատճառներ կգտնի: Դրան, բնականաբար, կհետևի Ադրբեջանի հետագա ինտեգրումը եվրոպական-թուրքական էներգետիկ նախագծերին, մասնավորապես` գազի Հարավային միջանցք նախագծին: Այս պայմաններում, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չմտածված քայլեր ձեռնարկի` տեղի տալով քաղաքական սիրենաների քաղցրալուր երգեցողությանը և հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերություններից, ապա կորուստները հայոց պետականության համար երկար սպասել չեն տա և անվերականգնելի կլինեն: Հարկ է գոհունակությամբ նշել, որ արտաքին քաղաքական բախումների այս դժվարին ջրապտույտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չափազանց կշռադատված արտաքին քաղաքականություն է վարում ինչպես Արևմուտքի, այնպես էլ խոշոր տարածաշրջանային դերակատարների հետ, դրա հետ մեկտեղ անշեղորեն հավատարիմ մնալով Ռուսաստանի առջև մեր ռազմավարական պարտավորություններին: Ընդ որում` հարկ է առանձնապես ընդգծել, որ նա միանգամայն ինքնուրույն քաղաքականություն է վարում, ինչը հատուկ է հիրավի սուվերեն պետությանը, ոչ մի թույլ տեղ չթողնելով, որից կարող են օգտվել խոշոր արտատարածաշրջանային և տարածաշրջանային դերակատարները` միաժամանակ հրապարակային պարսավանք արտահայտելով: Դրա հետ մեկտեղ, ինչպեսև պետք էր սպասել, ՀՀ նախագահն ավելի ու ավելի հաճախ է դառնում քաղաքական ուժերի հարձակման թիրախ երկրի ներսում: Այսպես, Հայ ազգային կոնգրեսը (այսուհետ` ՀԱԿ), որը Հայաստանում անթաքույց արտահայտում է Արևմուտքի շահերը, թեև վերջինիս թույլտվությամբ հաճախ հանրային դժգոհություն է արտահայտում Հայաստանում նրա վարած քաղաքականությունից, վերջին ժամանակներս կտրուկ ակտիվացրել է գործունեությունը: Եթե մինչ այդ ՀԱԿ-ն առաջ էր քաշում ՀՀ-ում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջ, ապա հիմա նրանց միակ պահանջը ՀՀ նախագահի անհապաղ հրաժարականն է: Վերջին ժամանակներս զգալիորեն ակտիվացել է նաև այն կուսակցություններից մեկը, որը մտնում է Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (այսուհետ` ԲՀԿ): Հուրախություն մեզ` այն ներկայանում է որպես քաղաքական ուժ, որը մարտնչում է Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների խորացման համար: Սակայն, հանուն արդարության նշենք, որ երբ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցավ 102-րդ ռուսական ռազմակայանի Գյումրիում մնալու ժամկետը 49 տարով երկարացնելու վերաբերյալ N5 արձանագրության վավերացման օրինագծի քննարկումը, ի պաշտպանություն այս օրինագծի այդպես էլ ոչ ոք այդ կուսակցությունից հանդես չեկավ: Հայաստանի նախագահի դիրքորոշումը ՀՀ ազգային անվտանգության ապահովման տեսակետից այս գերկարևոր հարցում Ազգային ժողովի ամբիոնից պաշտպանեց միայն «Ազգային միաբանություն» կուսակցության պատգամավոր Արա Սիմոնյանը: Մյուս խմբակցությունների պատգամավորները համեստաբար լռեցին նաև ՀՀ-ում օտարալեզու, այդ թվում` ռուսալեզու դպրոցների բացման շուրջ բուռն բանավեճի ժամանակ: Եվ օրինագծի շուրջ լայնորեն ծավալված այդ բանակռիվներում դրա պաշտպանությամբ հրապարակավ հանդես եկավ միայն «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարը: Եվ ահա, այսքան բարդ իրավիճակում, որում հայտնվել են Հայաստանը և տարածաշրջանը, երկրորդ անգամ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Երևանում գումարվում է Հայաստանի հասարակական կազմակերպությունների ժողով, որոնք, դատելով դրանց կազմակերպիչների հայտարարություններից, հայ-ռուսական բարեկամության ջատագովներն են: Ճիշտ է` այդ կազմակերպությունների նման հակումների մասին մինչ այդ ինչ-որ չէինք լսել, առավել ևս` սրտալի այդ ջատագովությունն էլ չէինք զգացել: Այնինչ, վերջին մի քանի տարիներին, և հիմա էլ, այս առումով ինքնարտահայտվելու առիթները քիչ չէին: Այս ամենի մասին կարելի էր և լռել, քանի որ անմեղ միջոցառում էր կազմակերպվել: Ինչպես ասում են, միջոցառում էր, էլի՛, ոչ սրտից էր բխում, ոչ մտքից: Սակայն միջոցառմանը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, մեր երկրում շատ հարգված Վյաչեսլավ Եվգենևիչ Կովալենկոյի մասնակցությունը և ողջույնը մասնակիցներին և ԲՀԿ (որի նախաձեռնությամբ էր կազմակերպվել սույն միջոցառումը) ղեկավարության հետագա գործողությունները ստիպեցին լրջորեն խորհել: Չէ՞ որ ս.թ. փետրվարի 17-ին կոալիցիա ստեղծած խորհրդարանական կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց երկիրը», ստորագրեցին փաստաթուղթ, որը նախատեսում էր կոալիցիոն ուժերի միասնական մասնակցություն 2012թ. խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև միասնական թեկնածուին աջակցություն 2013թ. նախագահական ընտրություններին` հանձին գործող նախագահի: Եվ ահա, ԲՀԿ առաջնորդը, վերոհիշյալ միջոցառման «օրհնությունից» տառացիորեն երկու-երեք օր հետո, հանդես եկավ հայտարարությամբ, թե ՀՀ խորհրդարանի գալիք ընտրություններին ԲՀԿ-ն ինքնուրույն է հանդես գալու և խորհրդարանական ընտրություններում իր հիմնական մրցակիցն է համարում Հայաստանի նախագահի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը: ԲՀԿ ղեկավարի այս հայտարարությանը հաջորդեց իսկական տեղեկատվական պատերազմ Հայաստանի նախագահի դեմ, ընդ որում` հետաքրքիրն այն է, որ ոչ այնքան ՀԱԿ-ի կողմից վերահսկվող մամուլի և էլեկտրոնային ԶԼՄ-ների, որքան այն ԶԼՄ-ների կողմից, որոնք Հայաստանում ընկալվում են որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցներ: Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ 2001-2007թթ. ձեր խոնարհ ծառան և իր ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան իշխանական տանդեմի հասցեին կոշտ քննադատությամբ: Եվ անցած չորս տարիներից հետո համարձակվում եմ հավաստիացնել, որ քննադատելու համար լրիվ բարոյական իրավունք ունեինք, բայց դա այլ խոսակցության թեմա է: Բայց այն ժամանակ քննադատությունը հենվում էր կոնկրետ փաստերի վրա, այլ ոչ թե զրոյի էր հավասարեցվում այն դրականը, ինչ արել էին ՀՀ իշխանություններն այն տարիներին: Իսկ դիտարկվող պարագայում մենք վկաներն ենք բոլորին և ամեն ինչ (այն, ինչ վերջին երեքուկես տարիներին արվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից) անհիմն կերպով վատաբանելուն: Օրինակ, վերցնենք թեկուզ քաղաքացիական պատերազմի կանխումը Հայաստանում, որի ծավալման համար 2008թ. փետրվար-մարտին բոլոր նախադրյալները կային: Ավելին, առավել լուրջ մտահոգություն է առաջացնում այն, երբ հախուռն քննադատվում է ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանատու աշխատողների երիտասարդ սերունդը: Պարզվում է, որ նրանք Սերժ Սարգսյանի` ԶԼՄ-ների թիկունքում թաքնվող նորահայտ ընդդիմախոսների ճաշակով չեն, որոնց, հավանաբար, դուր չի գալիս այն, որ ՀՀ նախագահի աշխատակազմում քիչ չեն երիտասարդները, որոնք փայլուն բարձրագույն կրթություն են ստացել, որպես կանոն, Եվրոպայի առաջատար բուհերում, այդ թվում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Նրանց տրամաբանությամբ` աշխատակազմի երիտասարդ աշխատակիցները կշտամբվում են նաև այն բանի համար, որ կոռումպացված չեն, որևէ կլանում մուտք ու ելք չունեն: Եվ հավանաբար, նրանց ընդհանրապես չեն կարողանում ներել, որ նրանք իրենց կենսագրության մեջ բծեր չունեն... Այս հարցում տագնապեցնում է մեկ այլ բան, որ ՀՀ նախագահի անվանարկման քաղաքականությունն անցկացնում են այն քաղաքական գործիչները, որոնք իրենց ռուսամետ են համարում` դրա հետ մեկտեղ հատուկ ակտիվություն են դրսևորում Ռուսաստանի Դաշնություն ՀՀ նախագահի պետական այցի նախօրեին: Եթե նման գործողությունները դրանց կազմակերպիչների կողմից հետապնդում են Հայաստանի քաղաքական ընտրանուն վերջնականապես մոլորեցնելու նպատակ` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իսկական հարաբերությունները պարզելու հարցում, որպեսզի հետո տեսնեն, թե ովքեր են պոտենցիալ քաղաքական փախստակները, ժողովրդական խոսքով ասած` քաղաքական առնետները, ապա անկեղծ ասենք, որ նման փորձարկում անելու համար ժամանակի ընտրության հարցում նրանք ակնհայտորեն համը հանել են: Չէ՞ որ քաղաքական այս ամբողջ իրարանցումը, այս խեղկատակությունը վերջնարդյունքում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ցավոք, նոսրացող կողմնակիցների աչքում անվանարկում է, առաջին հերթին, մեր երկրները` Հայաստանը և Ռուսաստանը: Այլևս ընդհանրապես հարկ չկա խոսել այն տագնապի մասին, որն այս քաղաքական անմաքուր խաղերի ֆոնին կապրեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համոզված կողմնակիցները: Իսկ եթե այս փորձարկումը նպատակ ունի ՀՀ նախագահի գլխավերևում բարձրացնել ինքնատիպ քաղաքական մահակ կամ օգտագործել ներքաղաքական լարվածության թեժացումը` որպես շանտաժի միջոց, որի վերջնական նպատակը ՀՀ գործող նախագահի մերձավոր ընկերոջ` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար դեպի իշխանության բարձունքներ տանող ճանապարհը մաքրելն է, ապա այս սցենարը ևս քննադատության չի դիմանում: Ցանկացած նման գործողություն, և սրանում կասկածելու հարկ չկա, թուլացնում է ՀՀ նախագահի դիրքերը միջազգային ասպարեզում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ, ես կասեի` պայթյունավտանգ իրավիճակում կարող է Ադրբեջանին դրդել մարտական գործողությունների սանձազերծման ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության ողջ գծի երկայնքով: Իսկ իրադարձությունների նման զարգացումը, իր հերթին, անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջան խաղաղարար ուժեր մտցնելուն (ընդ որում` ոչ ռուսական)` այստեղից բխող բոլոր ողբերգական հետևանքներով: Իսկ այն, որ Ադրբեջանը` Թուրքիայի հովանավորությամբ, կարող է պատերազմ սկսել, կասկածի տեղիք չի տալիս: Բավական է հիշել Իլհամ Ալիևի ելույթի խոսքերը Զինված ուժերի 93-րդ տարեդարձի և Ադրբեջանի անկախության վերականգնման 20-ամյակի տոնակատարությունների ժամանակ. «Պատերազմը Ղարաբաղում դեռ ավարտված չէ: Մեր պետական բյուջեն ավելացել է 16 անգամ (վերջին 10 տարում- Ա.Գ.): Մեր ծախսերը ռազմական կարիքների համար ավելացել են 20 անգամ և կազմում են 3 մլրդ 270 մլն դոլար, և սա դեռ սահմանը չէ: Ադրբեջանի այսօրվա ռազմական ծախսերը 50%-ով գերազանցում են Հայաստանի ամբողջ պետական բյուջեն (այստեղ, իհարկե, Իլհամ Հեյդարովիչը շատ է ուռճացնում և իրեն բարոն Մյունհաուզեն է երևակայում- Ա.Գ.): Ռազմական ծախսերն իրենց ծավալով կզբաղեցնեն առաջին տեղն Ադրբեջանի բյուջեում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատի ադրբեջանական հողերը և այդ երկրի հետ չի ստորագրվի հաշտության համաձայնագիր: Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի 20%-ի օկուպացումը (նկատի ունի բուն Արցախ-Լեռնային Ղարաբաղի հայկական հողերի մի մասը և նրա շուրջ անվտանգության գոտին- Ա.Գ.) ժամանակավոր երևույթ է, և այն հավերժ շարունակվել չի կարող»: Հանուն արդարության նշենք, որ Ադրբեջանի նախագահի այս խոսքերն արտաբերվել են մինչև երևանյան զորահանդեսը, որը տեղի ունեցավ ս.թ. սեպտեմբերի 21-ին, այն միջոցառումների շրջանակում, որոնք նվիրված էին ՀՀ անկախության քսանամյակին: Սակայն, հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունն այսօր էլ դեռ պահպանվում է: Ավելին, միայն վերջին տասը տարիներին ադրբեջանական կողմն ավելի քան 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմն ադրբեջանական զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների դիմակայության գծում: Ադրբեջանական բազեները ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ անգամ այն բանից հետո, ինչ տեսան Երևանի զորահանդեսում: Չէ՞ որ Ապշերոնի վայ-մարտիկներին պետք է, չէ՞, ինչ-որ բանի մասին հիշեցնի այն, որ Երևանի զորահանդեսում ներկայացված օպերատիվ-տակտիկական հրթիռային 9К72 «Էլբրուս» համալիրները 8К-14 (Р-17) հրթիռով թռիչքի առավելագույն հեռահարություն են ապահովում` մինչև 300 կմ, ընդ որում` դրանց երաշխավորված հեռահարությունը 275 կմ է: Մի խոսքով` Աստված չանի, որ հայկական կողմը ստիպված լինի օգտագործել դրանք (չէ՞ որ և՛ Բաքուն, և՛ Գանձակ-Կիրովաբադը, ադրբեջաներեն` Գյանջա, կառուցել են հայերը), ավերածություններն աղետալի կլինեն: Իսկ գուցե ադրբեջանցի զինվորականների հույսն այն է, որ նրանց բանակի սպառազինության մեջ օպերատիվ-տակտիկական հրթիռային 9К79-1 “Точка-У” համալիրներ կա՞ն: Բայց չէ՞ որ մենք էլ դրանցից ունենք: Իսկ գուցե նրանք հույսները դնում են այն բանի վրա, որ 20-րդ դարի 80-ականներից «Էլբրուսը» հանվել է արտադրությունից: Մի՞թե դա վտանգավոր գայթակղություն կառաջացնի լոկալ ռազմական գործողություն սանձազերծել ղարաբաղյան ճակատում: Բայց դա նրանց կողմից խելացնորություն կլինի: Չէ՞ որ պետք է բոլորին հասկանալի լինի, որ ռազմավարական առումով այնքան կարևոր տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը, ցանկացած լոկալ պատերազմ անխուսափելիորեն պայթուցիչ կդառնա լայնամասշտաբ պատերազմի համար: Չափից ավելի շատ են կենտրոնացված ուժի միջազգային կենտրոնների կենսականորեն կարևոր ռազմավարական շահերն աշխարհագրական առումով այս փոքրիկ Հարավկովկասյան տարածաշրջանում: Եվ այստեղ ռազմական արկածախնդրությունների (ինչին, դատելով ռազմատենչ հռետորաբանությունից, հակված է Ադրբեջանի ղեկավարությունը) հնարավոր հետևանքների մանրամասն նկարագրությունը, իմ կարծիքով, պարտադիր է: Ուստի, չափազանց հրատապ է թվում Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի` ս.թ հոկտեմբերի 24-26-ին նախատեսված առաջին պետական այցը Ռուսաստանի Դաշնություն: Մեր երկրների առաջնորդները խոսելու բան ունեն, չէ՞ որ խաղատախտակին ոչ միայն Հարավային Կովկասի երկրների, այլև սահմանակից պետությունների ճակատագիրն է, ներառյալ Ռուսաստանը: Եվ այս համատեքստում ցանկացած ներքաղաքական իրարանցում Հայաստանում, որը կտանի դեպի հանրապետության ներքին կյանքի ապակայունացում` Ռուսաստանի որոշակի ԶԼՄ-ների կողմից արվող էժանագին հիշատակումների ուղեկցությամբ, մեր տագնապալի օրերում ոչ այլ ինչ են, եթե ոչ դավաճանություն Հայաստանի ազգային շահերին: Եվ այստեղ խոսքն ամենևին էլ ՀՀ նախագահի, առավել ևս` կոալիցիոն կառավարության աշխատանքի իդեալականացման մասին չէ: Ուշադիր ընթերցողը, հավանաբար, հարց կտա. իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Եվրասիական միությունը, որի մասին հիշատակվեց վերը: Այո, Եվրասիական միությունը, եթե այն կայանա այն ձևով, ինչպես այն տեսնում են ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը և Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն, կարող է դառնալ այն միակ հարթակը, որտեղ հնարավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Եվ այս դեպքում, երբ Արևմուտքի երկրները և ՆԱՏՕ-ն վերջնականապես կհասկանան, որ իր ընտրությունը հօգուտ Եվրասիական միության ու ՀԱՊԿ-ի Հայաստանն արել է վերջնականապես ու անշրջելիորեն, այդժամ ինտեգրացիոն գործընթացները հետ շրջելու միակ ելքը կլինի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծելու մղելը: Եվ այս պայմաններում ակամա միտքս է գալիս լատինական արտահայտությունը` Sivis pasem, para bellum - «խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի», որը վերագրվում է հռոմեացի պատմագիր Կոռնելիուս Նեպոտին (մ.թ.ա. 94-24թթ.): Թևավոր խոսք դարձած այս արտահայտությունը նա օգտագործել է մ.թ.ա. IV դարի Թեբեի զորահրամանատար Էպամինոնդի կյանքը նկարագրելիս: Անկեղծ ասենք, որ մեր դեպքում Հայաստանն ի վիճակի չէ սպառազինությունների վրա միլիարդ դոլարներ ծախսել, ինչն, օրինակ, բնորոշ է Ադրբեջանին: Սակայն դա Հայաստանի քաղաքական ղեկավարությանը չի ազատում պատասխանատվությունից` գլխավոր ռազմավարական գործընկերոջ` դաշնակցային Ռուսաստանի հետ բանակցություններում տեղեկացնելու Հայաստանի` ժամանակի փորձությունը բռնած իսկական բարեկամներ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևին` ՌԴ նախագահ, և Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին` ՌԴ կառավարության նախագահ, Ադրբեջանի հետ Հայաստանի` պատերազմի մեջ ներքաշվելու վտանգի ու սպառնալիքի մասին: Կարծում եմ, որ օպերատիվ-տակտիկական հրթիռային «Իսկանդեր» համալիրը (համալիրի ինդեքսը` 9К720, NATO-SS-26 Stone դասակարգմամբ), եթե լիներ ՀՀ զինված ուժերի զինանոցում, իսպառ կջնջեր ադրբեջանական ղեկավարության ու նրանց հովանավորների` Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սանձազերծելու ցանկությունը: Այս պայմաններում, կարելի է վստահաբար ասել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ հնարավոր արդարացի ճանապարհը կդառնա Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միաժամանակյա հայցը` դառնալու ձևավորվող Եվրասիական միության անդամ: Դրա այլընտրանքը պատերազմն է: Հենց դրա համար էլ հիմա արդեն կարելի է պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը Եվրասիական շինարարության անկյունաքարերից մեկն է:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am