Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Նոյեմբեր 2011, N 11

ԱՇԽԱՐՀԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Եվ այսպես, համաշխարհային քաղաքականությունը մուտք գործեց նոյեմբեր՝ տարվա նախավերջին ամիսը, որը բավական հարուստ էր աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած իրադարձություններով։ Սրան զուգահեռ՝ աշնան վերջին ամիսն ավելի լարված էր, սպառնալի, հատկապես Մերձավոր Արևելքի համար, որը շարունակում էր մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։

Նոյեմբերի քաղաքական օրագիրը բացեց Հունաստանը, որի իշխանությունները եվրոյի գոտու մնացյալ մասնակիցներին ցնցեցին իրենց որոշմամբ։ Բանն այն է, որ Հունաստանի արդեն նախկին վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն առաջարկեց հանրաքվե անցկացնել Աթենքին օգնության փաթեթի հարցով, որը հավանության էր արժանացել ԵՄ գագաթաժողովում։ «Թող մարդիկ իրենց վերջին խոսքն ասեն, թող նրանք որոշեն երկրի ճակատագիրը»,- հայտարարեց Պապանդրեուն՝ հանդես գալով Հունաստանի խորհրդարանում։ Եվրամիության առաջատար երկրների զարմանքից քար կտրած ղեկավարներին այլ բան չէր մնում, քան Հունաստանին վերջնագիր ներկայացնելը։ Այսպես, Նիկոլա Սարկոզին և Անգելա Մերկելը փաստորեն հայտարարեցին, որ եթե եվրոպական օգնության նոր ծրագիրը մերժվի հանրաքվեում, ապա դա հարցականի տակ կդնի եվրագոտուն Հունաստանի անդամակցությունը։ Փորձագիտական շրջանակներում այդ օրերին խոսում էին այն մասին, որ հունական հանրաքվեն անգամ կասկածի տակ կդնի եվրոյի գոտու հետագա գոյությունը։

Սակայն այս ողջ սկանդալային պատմությունն ավարտվեց նրանով, որ հունական իշխանություններն ընկրկեցին և որոշեցին հրաժարվել հանրաքվեի գաղափարից։ Դա աթոռազրկեց վարչապետ Գեորգիոս Պապանդրեուին, որին կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Եվրոպական կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադեմոսը։ Պապադեմոսի ձևավորած կոալիցիոն կառավարությունն այնուհետև ստացավ Հունաստանի խորհրդարանի վստահության քվեն՝ նախապես իր համար ապահովելով պատգամավորների մեծամասնության աջակցությունը։ Պապադեմոսի կառավարությունը ձևավորվեց երկու խոշոր կուսակցությունների՝ ձախ կենտրոնամետ ՊԱՍՈԿ-ի և աջ կենտրոնամետ «Նոր Դեմոկրատիա»-ի, ինչպես նաև ոչ մեծ ազգայնական «Ժողովրդական ուղղափառ կոչ» (ԼԱՈՍ) խմբակցության մասնակցությամբ։ Նոր կառավարության նպատակը ԵՄ-ի հետ վարկային համաձայնության հաստատումն է և սկզբում դրա իրականացման ապահովումն ու հետագայում արդեն 2012թ. փետրվարի 19-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Եվրագոտուն սպառնացող «հունական սպառնալիքն» առայժմ չեզոքացված է, բայց, ինչպես կարծում են շատ փորձագետներ, չի կարելի ոչինչ բացառել, քանի որ Հունաստանի տնտեսությունը շարունակում է սրընթաց անկում ապրել, և անգամ արտաքին ֆինանսական հսկայածավալ օգնությունը չի կարող կանխել փլուզումը. Հունաստանի բյուջեի դեֆիցիտը 2011թ. հունվար-հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, ավելացել է 11%-ով և կազմել 20,1 մլրդ եվրո։

Նոյեմբերին ավարտվեց ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության էպոպեան։ Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի միանալու շուրջ բանակցություններում ռուսական և վրացական պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համաձայնագրի նախագծի մասին՝ ապրանքների առևտրի վարչարարության վերաբերյալ։ Խոսքն Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանին բեռների մոնիթորինգի հարցի շուրջ համաձայնության մասին է։ Այս հանրապետությունների (որոնք Վրաստանը համարում է իր տարածքի մաս) հետ Ռուսաստանի առևտրային կապերն էին գլխավոր գայթաքարն այդ երկու երկրների միջև բանակցություններում։ Ինչպես հայտարարեց ԱՀԿ հարցի շուրջ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մաքսիմ Մեդվեդկովը, համաձայնեցված նախագիծը «դուրս չի գալիս ռուսաստանյան սկզբունքային դիրքորոշման շրջանակից»։ Կողմերը պայմանավորվել են, որ առևտրի մասին տվյալների աուդիտի համար անկախ ընկերություններ կներգրավեն։ Այդ տեղեկատվությունը Ռուսաստանը և Վրաստանը կփոխանցեն ԱՀԿ տվյալների ինտեգրված շտեմարան։

Բանակցությունները մեռյալ կետից շարժվեցին հոկտեմբերի վերջին, երբ Վրաստանի մայրաքաղաք այցելեց ԵՄ արտաքին քաղաքականության գծով հանձնակատարի տեղակալներից մեկը՝ Գունար Վիգլանդը։ Նա հանրապետության իշխանություններին հանձնեց ուղերձ, որում ասվում էր, որ Եվրամիությունը կարող է հասնել այնպիսի կանոնների, որոնք թույլ կտան ձայների մեծամասնությամբ նոր անդամին ընդունել ԱՀԿ, և Ռուսաստանը կազմակերպություն կմտնի առանց Վրաստանի համաձայնության, ինչը Թբիլիսիի համար լուրջ քաղաքական պարտություն կհամարվի։

Նոյեմբերի սկզբին նոր պատերազմի հոտ փչեց Մերձավոր Արևելքից, արևմտյան մամուլն սկսեց տեղեկատվություն տարածել (համաշխարհային հանրության ուղեղների լվացումն արևմտյան ԶԼՄ-ների կողմից մեծ ինտենսիվությամբ էր կատարվում) այն մասին, թե Արևմուտքն արշավի է պատրաստվում Իրանի դեմ։ Սկզբում բրիտանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Մեծ Բրիտանիան ռազմական գործողության պլաններ է գծում այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հրթիռային հարված հասցնեն Իրանի միջուկային օբյեկտներին։ Ցամաքային ներխուժում չի նախատեսվում, սակայն հատուկ նշանակության ստորաբաժանումների օգտագործումն Իրանի տարածքում չի բացառվում։ Տեղեկացվում էր նաև, որ ԱՄՆ և նրա դաշնակիցների հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, թե Իրանն իբր ուրանի հարստացման իր ցենտրիֆուգները տեղափոխում է ստորգետնյա բունկերներ։ Արևմտյան փորձագետների գնահատականներով՝ տարվա ընթացքում իրանական բոլոր ցենտրիֆուգները կհայտնվեն այդ բունկերներում, և դրանից հետո անհնար կլինի ոչնչացնել դրանք հրթիռային հարվածներով։

Տեղեկատվական ակտիվ նախապատրաստությունը հարկադրում է մտածել, որ շուտով ինչ-որ բան է տեղի ունենալու։ Այս ֆոնին հատկապես ակտիվ էր գործում Իսրայելը՝ իր դաշնակիցներին մշտապես լարված պահելով այն պնդումներով, որ Իրանում միջուկային զենքի հայտնվելը հաշվված ամիսների բան է։ Իսրայելցիները, փաստորեն, Վաշինգտոնից թույլտվություն էին խնդրում ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները։

Եվ ահա, այս լարված իրավիճակում լույս աշխարհ է գալիս ԱԷՄԳ հերթական զեկույցը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատրաստվել է իսրայելական հատուկ ծառայությունների ակտիվ մասնակցությամբ և աջակցությամբ։ ԱԷՄԳ գլխավոր տնօրենի զեկույցում, որը, ծանոթանալու համար, ուղարկվել է այդ կազմակերպության Կառավարիչների խորհուրդ, ենթադրություն կար, թե Իրանն ընդհուպ մինչև անցած տարի աշխատել է ատոմային ռումբ ստեղծելու վրա։

Սակայն Թեհրանում հայտարարել են, թե զեկույցը պրոֆեսիոնալ չէ, քաղաքական դրդապատճառներ ունի և ընդամենը կրկնում է ավելի վաղ հնչած պնդումները։ Ինչպես ընդգծեց ԱԷՄԳ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն, զեկույցը հրապարակվել է՝ չնայած Ռուսաստանի, Չինաստանի և Չմիանալու շարժման շատ երկրների դիրքորոշմանը։ Նրանք նշում էին, որ սույն փաստաթղթի հրապարակման ժամանակը չէ։

Բայցևայնպես, առողջ բանականությունն Արևմուտքում հաղթանակեց ռազմատենչ նկրտումներին։ Համենայնդեպս, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Իրանը չի պատրաստվել միջուկային զենք ստեղծել։ Փաստարկելով իր դիրքորոշումը՝ Օբաման վկայակոչել է Ռուսաստանի և Չինաստանի կարծիքը, ինչպես նաև առաջարկել է շարունակել դիվանագիտական խորհրդատվություններն այս հարցի շուրջ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է. հետախուզության տվյալները խոսում են Իրանի տնտեսական իրավիճակի վրա երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների զգալի ազդեցության մասին։ Այսպիսով, Օբաման ներկայում գործող ռեժիմը միանգամայն բավարար համարեց երկխոսությունը շարունակելու համար։ Բայցև չբացառեց իսլամական հանրապետության վրա ներգործելու ոչ դիվանագիտական տարբերակները։

Շատ վերլուծաբաններ ԱՄՆ նախագահի այս հայտարարություններն արդեն սենսացիոն են անվանել. չէ՞ որ վերջին 10 տարիներին Վաշինգտոնը նպատակաուղղված կերպով լարել է իրադրությունն Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ պնդելով, որ Թեհրանը միջուկային զենք է ստեղծում։ Ավելին, Իրանից բխող միջուկային սպառնալիքի գոյությունն արդարացնում էր Արևելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի ստեղծումը։

Իսկ որոշ ժամանակ անց ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն Իրանի վերաբերյալ բանաձևի նախագիծ ընդունեց։ Այն պատրաստել էին վեց միջնորդ երկրները, որոնք էին Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Բանաձևում ընդգծվում է, որ գործակալությունն այլևս չի կարող աչք փակել այն ապացույցների վրա, որոնք վերաբերում են նրան, որ Իրանն աշխատում է միջուկային զենք ստեղծելու վրա։ Փաստաթղթի հեղինակներն իսլամական հանրապետությանը կոչ են անում թույլ տալ ԱԷՄԳ փորձագետներին մուտք ունենալ միջուկային օբյեկտներ և պնդում են, որ Իրանը համագործակցություն սկսի։

Եվ այսպես, Իրանի դեմ պատերազմի սպառնալիքը որոշ ժամանակով դադարեց հրատապ լինելուց, բայց օրակարգից հանված չէ։ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի բանաձևի ընդունումից անմիջապես հետո իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ը Իրանին վերջնագիր է ներկայացրել՝ ԻԻՀ իշխանություններից պահանջելով մինչև գարուն փակել ռազմական միջուկային ծրագիրը։ Հակառակ դեպքում Սպիտակ տանը մտադիր չեն այլևս զսպել Իսրայելին։

Հոդվածագիրները նշում էին, որ մինչև 2012թ. գարուն ԱՄՆ բանակի ստորաբաժանումները դուրս կգան Իրաքից, և Իսրայելին Վաշինգտոնի համաձայնությունն այլևս պետք չի լինի Իրաքի օդային տարածքով ինքնաթիռներով Իրան տանող ճանապարհն անցնելու համար։

Այդ ընթացքում ԱՄՆ-ում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք փորձագետներն անվանեցին «արաբական գարնան արձագանք Արևմուտքում»։ Ամերիկայում շարունակվում էին բողոքի գործողություններն ընդդեմ իշխանությունների ֆինանսատնտեսական քաղաքականության։ Այսպես, ամերիկյան Օքլենդ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցող ցույցերը վերաճեցին ջարդարարությունների և ոստիկանության հետ բախումների։ Իսկ նոյեմբերի 17-ին «Գրավիր Ուոլ-սթրիթը» շարժումը նշեց իր ինքնատիպ հոբելյանը՝ բողոքի գործողությունների երկամսյակը։ Ամենախոշոր ցույցը տեղի ունեցավ Նյու Յորքում։ Սկզբում ցուցարարները երթ կազմակերպեցին դեպի Նյու Յորքի ֆոնդային բորսա, հետո փորձեցին խափանել մետրոպոլիտենի աշխատանքը, և ակտիվիստների խմբերը կարողացան անցնել ոստիկանների փակած Բրուքլինի կամուրջը։ Բողոքի խաղաղ ցույցերն արագ վերաճեցին ոստիկանության հետ բախումների։ Նյու Յորքում «Գրավիր Ուոլ-սթրիթը» շարժման մասնակիցների ցույցի ընթացքում կալանվել է ոչ պակաս, քան 300 մարդ։

Ամերիկյան իշխանությունների գործողությունները դժգոհություն առաջ բերեցին արտասահմանում։ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հանդես եկավ ընդդեմ ԱՄՆ իրավապահ մարմինների կիրառած կոշտ ուժի՝ «Գրավիր Ուոլ-սթրիթը» շարժման ակտիվիստներին ցրելու ժամանակ։ Համաձայնենք, որ ամերիկյան վարչակազմի՝ «դեմոկրատիա» հասկացության գլխավոր ուսուցչի ու այն սահմանողի համար խիստ անհարմար էր խրատներ լսել, առավել ևս՝ Ռուսաստանից։

Ամերիկյան հասարակության տրամադրությունները հասկանալի են, քանի որ, մասնագետների տվյալներով, ամերիկացիներն աղքատանում են։ Նոյեմբերի կեսին տվյալներ հայտնվեցին այն մասին, որ մոտ 20,5 մլն ամերիկացի (այսինքն՝ ԱՄՆ յուրաքանչյուր տասնհինգերորդ բնակիչը) անցած տարի հայտնվել է աղքատության շեմին, ինչն ամենաբարձր ցուցանիշն է նման դիտարկումների պատմության ողջ ընթացքում։ Նախկին ռեկորդները, որոնք սահմանվել են 1993 և 2009թթ., գերազանցվել են 0,7%-ով, ինչը, փորձագետների վկայությամբ, խոսում է ԱՄՆ հասարակության և տնտեսության մեջ առկա լուրջ հիմնախնդիրների մասին։

ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի դասակարգմամբ՝ եկամուտը, որը թույլ կտա չիջնել աղքատության մակարդակի, տարեկան մոտավորապես 22.314 դոլարի մակարդակին է՝ չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար։

Նոյեմբերին այցով Բրյուսել մեկնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարը մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կազմակերպած տնտեսական համաժողովին։ Համաժողովին մասնակցում էին ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն, Եվրախորհրդարանի պատգամավորներ, տնտեսագետներ և փորձագետներ։

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդես եկավ ԵԺԿ քաղաքական ասամբլեայի մասնակիցների առջև։ Իր ելույթում վարչապետն անդրադարձավ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների թեմային։ «Մեր նպատակը Հայաստանի նորագույն պատմության 20 տարիների ամենաթափանցիկ և արդար ընտրություններն անցկացնելն է»,- ասել է Տ.Սարգսյանը։ Այս համատեքստում նա ընդգծեց ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի և հանրային սպասարկումների ոլորտի մասին օրենքի կարևորությունը, ինչը կապահովի պետական պաշտոնյաների գործունեության թափանցիկությունը։

Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականությանը և տնտեսական ու կառուցվածքային այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են մեր երկրում։ «Այսօր աշխարհը շատ ավելի արագ է փոխվում, քան երբևէ։ Հետևաբար՝ Հայաստանը ևս պետք է արագացնի բարեփոխումների ընթացքը և ինստիտուցիոնալ վերափոխումների իրականացումը։ Այժմ պարզ է, որ ԵՄ տեխնիկական և ֆինանսական աջակցությունը կարևոր դեր կխաղա արագ և էական առաջընթացի ապահովման գործում»,- ասաց վարչապետը։

Նոյեմբերին Վրաստան այցելեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Մինչև այցը վրացի քաղաքական գործիչները և իշխանամետ փորձագետները հանդես եկան բարձրագոչ հայտարարություններով, թե Ռասմուսենի այցն իբր ապացույցն է այն բանի, որ Վրաստանը շուտով կդառնա հյուսիսատլանտյան ընտանիքի անդամ։ Իսկ անկախ շրջանակներում ավելի իրատեսորեն էին մտածում և գտնում էին, որ Ռասմուսենը Թբիլիսի կգա և վրացի «բազեներին» կկերակրի ոչինչ չնշանակող հայտարարությունների հերթական չափաբաժնով։ Իրականում այդպես էլ տեղի ունեցավ. Միխեիլ Սաակաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսում ՆԱՏՕ ղեկավարը հայտարարեց, որ Վրաստանի հարցը քննարկվելու է եկող գարնանը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ ղեկավարների գագաթաժողովում, բայց թե ինչպես է դա արվելու, դեռ լուծել է պետք։ Սաակաշվիլուն լրիվ չվշտացնելու համար Ռասմուսենը խոստացավ, որ «Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ անդամ»։ Ըստ նրա՝ 2008թ. ՆԱՏՕ Բուխարեստի գագաթաժողովում հայտարարություն հնչեց, թե Վրաստանը կդառնա դաշինքի անդամ։ «Այդ հայտարարությունը մնում է ուժի մեջ»,- հավաստիացրեց Ռասմուսենը։ Նա նաև ավելացրեց, որ ՆԱՏՕ-ն առաջվա պես կաջակցի Վրաստանին բարեփոխումներ անցկացնելու և «դաշինքի ստանդարտներին» ավելի մոտենալու հարցում։

ՆԱՏՕ-ի հետ չստացվեց, բայց Եվրախորհրդարանն, ահա, ավելի բարեհաճ գտնվեց Վրաստանի հանդեպ՝ նոյեմբերին ընդունելով բանաձև, որում փաստորեն Ռուսաստանին «վրացական տարածքներն օկուպացնող» է ճանաչում։ Սաակաշվիլին «պատմական» անվանեց Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը։ Ռուսաստանում փաստաթղթին շատ ավելի հանգիստ մոտեցան, առանց ավելորդ հույզերի ու պաթոսի։ Ռուս փորձագետները կարծում են, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը կանխատեսելի էր, բայց ոչ անսպասելի։ Նրանց կարծիքով՝ կարևոր է, որ Ռուսաստանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չեն կիրառել, քանի որ եվրոպացիները գիտակցում են նման որոշման վնասներն ու բացասական հետևանքները։

Նոյեմբերի կեսին Ռուսաստանի և Տաջիկստանի միջև միջազգային սկանդալ բռնկվեց։ Տաջիկստանի իշխանությունները ձերբակալեցին և 8,5 տարվա ազատազրկման դատապարտեցին ռուսական Rolkan ավիաընկերության օդաչուներին մաքսանենգության, սահմանն ապօրինի հատելու և թռիչքների կանոնները խախտելու համար։ Կոշտ դատավճիռ կայացնելուց հետո ՌԴ դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարեց, որ մտադիր է երկրից վտարել Տաջիկստանից ներգաղթածներին։ Ռուսաստանում նույնիսկ սկսեցին խոսել Տաջիկստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու հնարավորության մասին։

Բանն այնտեղ հասավ, որ միջամտեց պետդուման՝ հայտարարություն ընդունելով, որում դատապարտեց Rolkan ավիաընկերության երկու օդաչուների (նրանցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, մյուսը՝ Էստոնիայի) հանդեպ Տաջիկստանում կայացված դատավճիռը։ Ռուսաստանյան պատգամավորները տաջիկական դատարանի որոշումն անվանեցին «չհիմնավորված և քաղաքականացված»։ Պատգամավորները նաև հույս հայտնեցին, որ Տաջիկստանի իշխանությունները «կանսան բանականության ձայնին և օպերատիվորեն կարձագանքեն դաժան դատավճռին ռուսական հանրության բացասական վերաբերմունքին»։

Հավանաբար, Տաջիկստանում լսեցին բանականության ձայնը և որոշեցին չթեժացնել կրքերը։ Նոյեմբերի 17-ին ռուսաստանյան մամուլում ի հայտ եկան տեղեկություններ, թե ռուս օդաչու Վլադիմիր Սադովնիչին, հնարավոր է, շուտով ազատ կարձակվի։ Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Հայրուլոևը հայտարարեց, որ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը կարգադրել է ազատ արձակել օդաչուին։

Նոյեմբերը նշանակալի եղավ նաև Իտալիայի համար, որտեղ ավարտվեց «իտալացի մաչո» Սիլվիո Բեռլուսկոնիի քաղաքական դարաշրջանը։ Նոյեմբերի 12-ին նա հրաժարական տվեց այն բանից հետո, երբ կորցրեց ազգային խորհրդարանում իր աջակից ձայների մեծամասնությունը։ Նոր կառավարությունը, որը ձևավորեց հայտնի տնտեսագետ Մարիո Մոնտին, երդում տվեց հանրապետության նախագահին, իսկ հետո ստացավ խորհրդարանի երկու պալատների վստահությունը։ Նոր կառավարությունն իշխանության եկավ քաղաքական ճգնաժամի արդյունքում, որը ծագել էր վերջին ժամանակներս Իտալիան պարուրած լուրջ ֆինանսատնտեսական դժվարությունների ֆոնին։

Ինքը՝ Բեռլուսկոնին, պահպանում է խորհրդարանական խոշոր խմբերից մեկի՝ «Ազատության ժողովրդի» առաջնորդի դերը և քաղաքականությունից հեռանալ չի պատրաստվում։ Ազգին դիմելով՝ նախկին վարչապետը հավաստիացրել է, որ «կկրկնապատկի ջանքերը խորհրդարանում, մինչև որ հասնի պետության նորացմանը»։

Նոյեմբերին իրավիճակն էլ ավելի սրվեց Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման շուրջ, այս առնչությամբ էլ ավելի տագնապալի հայտարարություններ հնչեցին Ռուսաստանից։ Այսպես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Վաշինգտոնը չի բացառում ՀՀՊ տարրերի տեղակայումը Սև, Բարենցի, Հյուսիսային և Բալթիկ ծովերում, սակայն Ռուսաստանի դեմ համակարգերի չուղղվածության երաշխիքներ չի տալիս։ «Իհարկե, չեն բացառում, և դա նույնպես մեզ խոստովանել են, որ կարող են մարտական նավեր տեղակայվել ոչ միայն Միջերկրական, այլև Սև, Բարենցի, Հյուսիսային, Բալթիկ ծովերում։ Բայց դրանով հանդերձ ամեն բան մնում է այն նույն դիրքորոշման շրջանակում, որը մեզ ներկայացրին ի սկզբանե. դուք մի անհանգստացեք, դա ձեր դեմ չէ»,- հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։ Փորձագետների գնահատականներով՝ չնայած ամերիկացիների բոլոր հավաստիացումներին, թե ՀՀՊ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և ստեղծվում է բացառապես անկայուն ռեժիմներից պաշտպանվելու համար (տվյալ պարագայում խոսքն Իրանի մասին է), ամերիկացիների պլանները սկսում են հակառուսական ուրվագծեր ձեռք բերել։ Այս ֆոնին ռուսաստանյան գլխավոր շտաբում չբացառեցին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո տեղային զինված հակամարտությունների հնարավորությունը Ռուսաստանի սահմաններին մեծացել է, և որոշակի պայմաններում դա կարող է վերաճել լայնածավալ պատերազմի՝ միջուկային զենքի կիրառմամբ։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը՝ հանդես գալով ՌԴ Հանրային պալատում։

Նոյեմբերի 19-ին Լիբիայի Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) իշխանությունները հայտարարեցին Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի ձերբակալության մասին։ Նրան բռնել էին Նիգերի սահմանն անցնել փորձելիս։ Մի քանի ժամ հետո Սեյֆ ալ-Իսլամին բերել են լիբիական Զինտան քաղաք։ Լիբիայի ԱԱԽ վարչապետ Աբդել Ռահիմ ալ-Քիբը հայտարարել է այն մասին, որ Սեյֆ ալ-Իսլամի հանդեպ «արդարացի դատավարություն» կանցկացվի։ Նա ընդգծեց, որ Սեյֆին դատելու են «արդար դատավարության շրջանակում, որից մեր մարդիկ զրկված են եղել վերջին 20 տարիներին»։

Սակայն Քադաֆիի որդու հանդեպ «արդարացի դատի» մասին պնդումները Լիբիայի սահմաններից դուրս միանշանակ չընդունվեցին։ Այսպես, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն մտահոգություն հայտնեց Լիբիայում Սեյֆ ալ-Իսլամի հանդեպ դատավարության առիթով։ ՆԱՏՕ ներկայացուցիչներն, իրենց հերթին, հույս հայտնեցին, որ լիբիական իշխանությունները ՄՔԴ աջակցությամբ արդար կդատեն Քադաֆիի որդուն, միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Նման ոգով հանդես եկավ նաև ԵՄ-ը՝ Լիբիայի իշխանություններին հորդորելով ապահովել Սեյֆ ալ-Իսլամի անվտանգությունն ու ընթացակարգային իրավունքները՝ Լիբիայի միջազգային պարտավորություններին և ԱԱԽ-ի՝ օրենքի գերակայությունը պահպանելու հրապարակային պարտավորությանը համապատասխան։ Թե ինչպես են լիբիական իշխանությունները պահպանում միջազգային իրավունքներն ու օրենքի գերակայությունը՝ մենք արդեն տեսել ենք Մուամար Քադաֆիի հանդեպ հաշվեհարդարի օրինակով, որը գազանաբար սպանվեց ապստամբների կողմից, իսկ նրա մարմինն անարգվեց՝ ի ցույց դրվելով Միսրաթ քաղաքի խանութներից մեկի՝ բանջարեղենի համար նախատեսված սառնարանում...

Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Քադաֆիի որդուն կարող են մահապատժի դատապարտել, քանի որ նրան դատելու են ծանր հանցագործություններ կատարելու հոդվածով, որը նախատեսում է նաև պատժի առավելագույն չափ։

Նոյեմբերի կարևոր իրադարձություններից մեկը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների գագաթաժողովն էր, որի ընթացքում գծվեցին Եվրասիական միության ուրվագծերը։ Նոյեմբերի 18-ին Մոսկվայում Դմիտրի Մեդվեդևը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրեցին Հռչակագիր եվրասիական տնտեսական ինտեգրման մասին, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ստեղծելու պայմանագիր և այլ փաստաթղթեր, որոնց նպատակն է միասնական տնտեսական տարածքի ստեղծումը։ «Դրանով իսկ մենք հերթական և շատ հզոր քայլ կատարեցինք Եվրասիական տնտեսական միության ձևավորման ճանապարհին, միավորում, որը, անկասկած, կորոշի մեր երկրների ապագան»,- ընդգծեց Մեդվեդևը փաստաթղթերի փաթեթի ստորագրումից հետո։ Ռուսաստանի նախագահն ասաց, որ 2012թ. հունվարի 1-ից աշխատանքները կսկսի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և գործողության մեջ կմտցվի Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքի միջազգային պայմանագրերի փաթեթը։

Դմիտրի Մեդվեդևը կարծիք հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությունը կարող է ստեղծվել մինչև 2015թ.։ «Եթե նախադրյալները հասունանան, ավելի արագ կշարժվենք։ Առաջ չենք ընկնի, չենք շտապի, բայց եթե կարողանանք, ավելի արագ կշարժվենք»,- հայտարարեց նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, հույս հայտնեց, որ Եվրասիական միությունն ավելի շուտ կձևավորվի, քան այն նախատեսում է իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևը։ «Չէ՞ որ հիմքը (միասնական տնտեսական տարածքը) մենք մեկուկես տարվա մեջ դրեցինք։ Դե, եկեք ավարտենք մինչև 2013թ. վերջը»,- առաջարկեց Բելառուսի ղեկավարը։

Ակնկալվում է, որ 2015-ից Եվրասիական միությանը պետք է միանան Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հետո, ըստ որոշ տվյալների, այնտեղ կարող են մտնել Ուկրաինան, Ուզբեկստանը, Հայաստանը և մի շարք այլ երկրներ։

Նոյեմբերի երկրորդ կեսին Ռուսաստանում ևս մեկ իրադարձություն տեղի ունեցավ, որն առաջին հայացքից որևէ լուրջ բան չէր գուշակում, բայց իրականում բավական սկանդալային էր և ռեզոնանս ունեցավ Ռուսաստանի քաղաքական իսթեբլիշմենթի գլխավոր դեմքի համար։ Նոյեմբերի 20-ին 20 հազար հանդիսականներ, որոնք եկել էին Օլիմպիական մարզահամալիր՝ դիտելու խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոն Ֆեոդոր Եմելյանենկոյի մարտը ամերիկացի Ջեֆ Մոնսոնի հետ, դժգոհությամբ և սուլոցով դիմավորեցին վարչապետ Վլադիմիր Պուտինին ռինգում. նա դուրս էր եկել շնորհավորելու ռուս մարզիկին հաղթանակի կապակցությամբ։ Համենայնդեպս, այդպես ներկայացրին ռուսական շատ լրատվամիջոցներ։ Սակայն Օլիմպիական մարզահամալիրի գլխավոր տնօրեն Միխայիլ Մոսկալյովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է, որ հանդիսականները սուլել են ամերիկյան մարզիկին, քանի որ նա պասիվ մարտ էր մղում։ Այն պահին, երբ ռինգ բարձրացավ Վլադիմիր Պուտինը, մարտավկաները դուրս էին տանում Մոնսենին։ Հենց նրան են սուլել հանդիսականները, պնդում է Օլիմպիականի գլխավոր տնօրենը։ Ընդհակառակը, Պուտինի ելույթը ծափահարությունների է արժանացել։

Բայց անդրադարձն այնքան մեծ էր (բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ որոշակի շրջանակներ Օլիմպիականի միջադեպն անվանել են «ՌԴ-ում համակարգի ավարտվելու նշան»), որ իրավիճակին հարկադրված էր միջամտել Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ նման պնդումներն իրականության հետ ոչ մի կապ չունեն։ «Ինչ վերաբերում է այն բանին, թե փլուզվել կամ չի փլուզվել համակարգը՝ դրանք հիմարություններ են»,- հայտարարել է Պեսկովը՝ ընդգծելով, որ հանդիսականների «ուհուհո~ւները» մարտից հետո հասցեագրված էին պարտություն կրած ամերիկացի բռնցքամարտիկին, այլ ոչ թե կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին։

Իսկ այժմ կրկին վերադառնանք Մերձավոր Արևելք, որտեղ շարունակում էին «ճաշակել» «արաբական հեղափոխությունների» ապուրը, իսկ որոշ արաբական կառավարիչներ, որոնց Արևմուտքը «դիկտատորների սև ցուցակ էր մտցրել», նոր էին պատրաստվում համտեսել այդ դառը կերակուրը։

Եվ այսպես, կրկին սրվել է իրավիճակը Եգիպտոսում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով Մուբարաքի տապալումից հետո երկրում իշխող զինվորական ռեժիմի հրաժարականը և իշխանության հանձնումը քաղաքացիական պաշտոնյաներին։ Անհանգիստ էր Կահիրեն, որտեղ նոր արյունալի իրադարձությունների թատերաբեմ դարձավ տխրահռչակ Թահրիրի հրապարակը, անհանգիստ էին Ալեքսանդրիան, Սուեզը և եգիպտական այլ քաղաքներ։ Զինվորականները կարճատև խորհրդածությունից հետո ընդվզողների դեմ նետեցին ոստիկանական հատուկ նշանակության ջոկատներին և բանակային ստորաբաժանումներ։ Ընդ որում՝ աշնանային հուզումներն ավելի կոշտ էին ճնշվում, քան փետրվարին (իսկ արևմտյան լրագրողուհիներին ձերբակալում և բռնաբարում էին ոստիկանները)։ Արևմտյան ԶԼՄ-ների գնահատականներով՝ այն, ինչ տեղի էր ունենում Թահրիրի հրապարակում նոյեմբերյան այս օրերին, քիմիական պատերազմ էր հիշեցնում, քանի որ զինվորականները ցուցարարների դեմ թունավոր գազ էին կիրառում։ Ավելի քան մեկ շաբաթ տևած բողոքի գործողությունների և իրավակարգի պահապանների հետ ցուցարարների բախումների ընթացքում ավելի քան 40 մարդ է զոհվել, տուժածների թիվը հասնում է հազարների։ Արդյունքում՝ զինվորականները զիջեցին ցուցարարներին. նոյեմբերի 21-ին հրաժարական տվեց Էսամ Շարաֆի ղեկավարած կառավարությունը։ Հաջորդ օրը Եգիպտոսի քաղաքացիական քաղաքական գործիչների և զինվորական իշխանությունների միջև համաձայնագիր ստորագրվեց ազգային փրկության կառավարության ստեղծման մասին, իսկ հետո Եգիպտոսի ԶՈւ գերագույն խորհրդի ղեկավար, մարշալ Թանթաուին առաջարկեց նախկին վարչապետ Քամալ ալ-Գանզուրիին նոր կառավարություն ձևավորել։ Բայց դա էլ չհնագստացրեց եգիպտացիներին, որոնք շարունակում էին ընդվզել։

Այս ֆոնին Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը նոյեմբերի 23-ի երեկոյան ստորագրեց փաստաթղթերի փաթեթ իշխանությունը ժամանակավոր կառավարությանը հանձնելու մասին։ Պարսից ծոցի արաբական երկրների առաջարկած պլանը ենթադրում է իշխանությունը հանձնել նախկին նախագահին, ինչպես նաև ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն և ազատ ընտրություններ անցկացնել։ Իշխանությունից հրաժարվելու դիմաց Սալեհին խոստացել են անձեռնմխելիություն և իմունիտետ դատական հետապնդումից։ Եմենում, ինչպեսև Եգիպտոսում, քաղաքական փոփոխություններն ազդեցություն չգործեցին ժողովրդի տրամադրության վրա, և լարվածությունն այս երկրում չի մարել։

Դրսից սրվող իրավիճակը Սիրիայում նոյեմբերին որևէ փոփոխություն չի կրել դեպի լավը շրջվելու իմաստով։ Քիչ էր, որ նախագահ Ասադը ենթարկվում էր Արևմուտքի ճնշմանը, հիմա էլ նրանից երես են թեքում բոլորովին վերջերս դեռ բարեկամ և դաշնակից հանդիսացող ԱՊԼ անդամ երկրների ղեկավարները։ Սկզբում այդ կազմակերպությունը (որի հիմնադիրներից մեկն, ի դեպ, Սիրիան է եղել) խայտառակ որոշում ընդունեց Սիրիան իր շարքերից վտարելու մասին, իսկ հետո սկսեց վերջնագրեր ներկայացնել Ասադի ռեժիմին՝ պահանջելով դադարեցնել բռնությունը «խաղաղ» ցուցարարների նկատմամբ, ազգային երկխոսություն սկսել և երկիր թողնել օտարերկրյա դիտորդների, որպեսզի վերջինները ծանոթանան երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Մի խոսքով՝ սիրիական իրադարձությունները նման էին շախմատային պարտիայի, որտեղ կողմերը խաղում էին ուժասպառման կոշտ խաղ։ Բաշար Ասադը նախանձելի տոկունություն ցուցաբերեց՝ որոշակի փոխզիջումների գնալով, միաժամանակ իր հակառակորդներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, թույլ չտալով անցնել այն եզրագիծը, որից այն կողմ այլևս վերադարձ չկա։

Եվ ահա այս իրավիճակում Ֆրանսիան սկսեց արագացնել իրադարձությունները՝ փաստորեն սկսելով լիբիական սցենարի իրականացումը Սիրիայում։ Նոյեմբերի 24-ին ֆրանսիական ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն հայտարարեց, որ Փարիզը Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդին բանակցությունների «օրինական գործընկեր» ճանաչեց և նման քայլի հորդորեց այլ երկրների իշխանություններին։ Արժե հիշեցնել, որ հենց Ֆրանսիան է ժամանակին առաջինը ճանաչել Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ մարտնչող Լիբիայի Անցումային ազգային խորհրդի լեգիտիմությունը։

Ավելին, Ֆրանսիան առաջարկեց Սիրիայում ստեղծել «հումանիտար միջանցքներ» տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար։ Ըստ Ժյուպեի՝ եթե միջազգային հանրությանը չհաջողվի համոզել Սիրիային ինքնուրույն ստեղծել նման միջանցքներ, կարելի է երկիր մտցնել զինված դիտորդներ, որոնք կապահովեն հումանիտար առաքելությունների անվտանգությունը։ Ընդ որում՝ նախարարը բացառեց Սիրիայի ներքին գործերին ռազմական միջամտությունը (մի տեսակ չենք հավատում)։

Մենք չենք վերլուծի իրավիճակը՝ փորձելով հասկանալ, թե ինչի է ուզում հասնել Արևմուտքը պայթյունավտանգ այս տարածաշրջանում։ Դրա փոխարեն ներկայացնենք Իսրայելի կառավարության ղեկավարի հայտարարությունը, որն ամերիկացիների դաշնակիցների մեջ միակ քաղաքական գործիչն էր, որ ամենաճշմարտացի գնահատականը տվեց այդ իրադարձություններին։ Նոյեմբերի 24-ին Քնեսեթում ելույթ ունենալով՝ Բենիամին Նեթանյահուն քննադատեց տեղի և արտասահմանյան քաղաքական գործիչներին, որոնք պաշտպանում են հեղափոխությունների շարանն արաբական երկրներում։ Իսրայելի կառավարության ղեկավարը, մասնավորապես, ասաց, որ Արևմուտքի երկրների ղեկավարները (և հատկապես Բարաք Օբաման) ճիշտ չէին, երբ չաջակցեցին եգիպտական առաջնորդ Հոսնի Մուբարաքին։ Ընդ որում՝ վարչապետն ավելացրեց, որ դեռ այն ժամանակ նա կանխատեսել էր. հեղափոխությունները կդառնան իսլամական, հակաարևմտյան, հակալիբերալ, հակաիսրայելական և հակադեմոկրատական։

Նա նշեց նաև, որ հեղափոխություններն արաբական երկրներին ոչ թե առաջ, այլ հետ են տանում՝ կասկած հայտնելով, թե արաբական երկրների բնակիչները կկարողանան նորմալ դեմոկրատական համակարգ կառուցել։

Նոյեմբերի վերջին անսպասելի տեղեկություն ստացվեց Թուրքիայից. նոյեմբերի 23-ին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարություն է արել, որում ընդունել է իր երկրի մեղքը Դերսիմի ջարդի հարցում, որն իշխանությունները կազմակերպել էին 1930-ական թթ. վերջին՝ ի պատասխան քրդերի հակակառավարական ելույթների։ Դրանից հետո նա պետության անունից պաշտոնապես ներողություն խնդրեց տուժողներից և նրանց հարազատներից։ Էրդողանի այս աննախադեպ քայլը միանշանակ ընդունելության չարժանացավ։ Այսպես, ԵՄ ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունեց Թուրքիայի վարչապետի հայտարարությունը։ Բայց եվրոպական փորձագիտական շրջանակները, ինչպես նաև հեղինակավոր լրատվամիջոցները, ընդհակառակը, բացասաբար էին տրամադրված՝ Էրդողանի գործողություններում քաղաքական հաշվարկ տեսնելով, ոչ ավելին։ Մասնավորապես, գերմանական Markische Oderzeitung-ը գրում է, որ Թուրքիայի վարչապետի ներողություններն ականջ էին ծակում։ «Այդ պահին միտքդ են գալիս հարյուր հազարավոր հայերի սպանությունները՝ կատարված 100 տարի առաջ, բայց ինչո՞ւ Էրդողանը դրա համար ներողություն չի խնդրել»,- հարցնում է պարբերականը։

Deutsche Welle-ը, իր հերթին, նշել է, որ Էրդողանն իր հայտարարությամբ նպատակակետ ուներ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որի հիմնադիր հայրն ինքը՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքն է։ «Քաղաքական դիվիդենդների հետևից վազելն այն ժամանակների զոհերի հաշվին հանցագործություն է։ Հենց այդ հայտարարության ժամանակ թուրքական բանակն իրականացնում է այն նույն գործողություններն ինքնավարություն պահանջող քրդերի դեմ, ինչ և Դերսիմում»,- Էրդողանին դիմակազերծում է գերմանական պարբերականը։

Նույն գնահատականներն են տալիս նաև հայ փորձագետները։ Մասնավորապես, ինչպես հայտարարել է թյուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, Թուրքիայի վարչապետի խոսքերը հարկավոր է դիտարկել իշխող Արդարություն և զարգացում և Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների դիմակայության համատեքստում։ «Էրդողանը նախևառաջ ուզում է վարկաբեկել Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, հեղինակազրկել նրա հիմնադիր և Թուրքիայի ազգային խորհրդանիշ Քեմալ Աթաթյուրքին, որն այդ ժամանակ եղել է երկրի ղեկավարը»,- նշել է փորձագետը։

Ամսվա գլխավոր և, միևնույն ժամանակ, արտակարգ իրադարձությունը՝ ողջ աշխարհի համար հեռահար հետևանքներով, անշուշտ, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոյեմբերյան «գերբեռնումն» է, որն արդյունք է Եվրոպայում ՀՀՊ-ի տեղակայման շուրջ տարաձայնությունների, ինչի մասին վերը գրել ենք։

Սկզբում ԱՄՆ-ը դիմեց ամերիկա-ռուսական հարաբերություններում հազվադեպ դեմարշի՝ ցուցադրական մարտահրավեր նետելով Ռուսաստանին ՆԱՏՕ-ի և Մոսկվայի հարաբերությունների ամենանկատելի ասպեկտներից մեկի առիթով։ Պետդեպարտամենտը հայտարարեց, թե ԱՄՆ-ը դադարեցնում է ռուսական կողմին տեղեկատվություն տրամադրել Եվրոպայում իր ուժերի մասին՝ ի պատասխան նրա՝ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈւՊ) դրույթները կատարելուց հրաժարվելուն։     

1990թ. ստորագրված և ինը տարի անց նոր իրողությունների հաշվառմամբ ձևափոխված այդ համաձայնագիրն առիթ էր դիվանագիտական առճակատման համար։ ՆԱՏՕ անդամները հրաժարվեցին վավերացնել նորացված պայմանագիրը՝ պահանջելով դուրս բերել ռուսական զորքերը Վրաստանից և Մերձդնեստրից; Ռուսաստանը 2007թ. դադարեցրեց մասնակցությունը պայմանագրին՝ այդ որոշումը պատճառաբանելով դրա որոշ դրույթների ստուգման անհրաժեշտությամբ և քննադատելով Բուլղարիայում և Ռումինիայում ամերիկյան ռազմակայանների ստեղծման պլանները։ Այժմ Վաշինգտոնը որոշել է ցուցադրաբար սրել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ դա բացատրելով նրանով, որ նման «հակամիջոցները» կարող են ստիպել Ռուսաստանին կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Ռոսիա» պետական հեռուստաալիքի եթերով դիմելով ազգին, հայտարարեց, որ Եվրոպայում ՀՀՊ համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ պաշտպանության նախարարությանը կարգադրել է մարտական կազմ մտցնել հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող համակարգի ռադիոլոկացիոն կայանը Կալինինգրադում։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 23-ին։ Բացի այդ, զինվորականներին կարգադրվել է մշակել միջոցներ, որոնք կապահովեն «ՀՀՊ համակարգի տեղեկատվական և կառավարող միջոցները շարքից հանելը»։ Մեդվեդևը հանձնարարել է առաջնահերթ կարգով ուժեղացնել ռազմավարական միջուկային ուժերի օբյեկտների ծածկումը»։

«Եթե թվարկված միջոցներն անբավարար լինեն, ՌԴ-ն երկրի արևմուտքում և հարավում կտեղակայի սպառազինությունների արդիական հարվածային համակարգեր, որոնք կապահովեն ՀՀՊ եվրոպական բաղադրիչի կրակային խոցումը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Կոշտ հռետորաբանությանը (որն, անշուշտ, գործնական զարգացում կստանա) հետևեց ամերիկացիների հակազդեցությունը։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարկ Թոները շտապեց մեկ անգամ ևս հայտարարել, որ Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգը ոչ մի կերպ չի ուղղվի Ռուսաստանի դեմ։ «Մեր մտադրությունները հետևանք են Իրանի կողմից մեր դաշնակիցների համար աճող սպառնալիքի»,- հին ձայնապնակն է լարել Թոները՝ հուսալով Մոսկվային հավաստիացնել, թե վաշինգտոնյան «բազեների» մտահղացումները «մաքուր» են։

Չե՛մ հավատում»,- ասաց Մոսկվան ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչի միջոցով։ Ինչպես հայտարարեց Դմիտրի Ռոգոզինը, Կրեմլը չի հետևի ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի օրինակին և չի հավատա արևմտյան երկրների բանավոր հավաստիացումներին։ «Ներկայիս քաղաքական իշխանությունը չի կարող գործել այնպես, ինչպես Գորբաչովը։ Նրան գրավոր պայմանավորվածություններ են հարկավոր՝ վավերացված փաստաթղթերի տեսքով»,- ասաց Ռոգոզինը։

Աշխարհում նոր սառը պատերազմի հոտ է փչում... 

Նոյեմբերի վերջին Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնեց Վրաստան։ Սերժ Սարգսյանը հանդիպեց վրաց գործընկերոջ՝ Միխեիլ Սաակաշվիլու, խորհրդարանի խոսնակ Դավիդ Բաքրաձեի, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ Այցի ընթացքում ստորագրվեցին մի շարք ոլորտներում երկկողմանի համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր։ Ինչպես նշեց Սերժ Սարգսյանը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում, Հայաստանը և Վրաստանն իրենց փոխհարաբերությունները կառուցում են բարյացակամության և երկարատև ու փոխշահավետ համագործակցության ոգով։ Միխեիլ Սաակաշվիլին, իր հերթին, կրկին հնչեցրեց «միասնական Կովկասի» մասին իր գաղափարը։ «Կովկասի միավորումը, միասնական տնտեսական տարածքի և ապագայում՝ միասնական քաղաքական համագործակցության ստեղծումը համապատասխանում են Կովկասի բոլոր երկրների, Կովկասի բոլոր ժողովուրդների շահերին։ Եվ դա անպայման տեղի կունենա, որովհետև փոքր երկրների համար այդ միավորմանն այլընտրանք չկա»,- վստահություն է հայտնել Սաակաշվիլին։ Թեև չի կարելի չնշել, որ այդ գաղափարի իրականացմանը, թերևս, հավատում է միայն Վրաստանի նախագահը։

Եվ վերջում համառոտ նշենք մի քանի իրադարձություն, որոնք արժանի են ուշադրության։ Նոյեմբերի վերջին ՆԱՏՕ մարտական ինքնաթիռները, կարելի է ասել, ռմբակոծեցին Պակիստանի հետ Արևմուտքի հարաբերությունները։ Նոյեմբերի 26-ին ՆԱՏՕ-ականները հարվածներ հասցրին Աֆղանստանի հետ սահմանին գտնվող պակիստանյան հենակետին՝ սպանելով ավելի քան 20 պակիստանցի զինվորականի։ Չնայած ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ներողություն խնդրեցին, Պակիստանը ծայրահեղ կոշտ դիրքորոշում է որդեգրել՝ կատարվածն ագրեսիայի միտումնավոր ակտ անվանելով։

Նոյեմբերի 29-ին Մարոկոյի թագավոր Մուհամեդ VI-ը երկրի վարչապետ նշանակեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Արդարություն և զարգացում չափավոր իսլամիստական կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Աբդելիլահ Բենկիրանին։ Իսլամիստները, իրենց հերթին, ծրագրում են ստեղծել իշխող կոալիցիա՝ նացիոնալիստների և սոցիալիստների մասնակցությամբ։ Մի խոսքով՝ թունդ խառնուրդ, որը կկառավարի երկիրը։

Ամիսն ավարտվեց Հարավային Օսիայի նախագահական խայտառակ ընտրություններով, որտեղ չեղյալ հայտարարվեցին քվեարկության արդյունքները (որոնք պաշտոնապես հաստատվել էին հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից)՝ փաստորեն հաղթանակից և կրկնակի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելով ընդդիմության թեկնածուին;

Այսպիսին էր նոյեմբերը համաշխարհային քաղաքականությունում։  

Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am