Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Նոյեմբեր 2011, N 11

ՆՈՅԵՄԲԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2011-ի նոյեմբերը մեզ համար հիշարժան կլինի նրանով, որ այս ամիս մենք թողարկում ենք «Ազգային գաղափար» ամսագրի վերջին համարը։ Պատճառները՝ ֆինանսական խնդիրներ, թույլ վաճառք և գովազդատուների բացակայություն (պետք է ասեմ, որ Երևանում վերջին տարվա ընթացքում մանրածախ վաճառքը չի գերազանցել ամսական 50 օրինակը, իսկ դա արդեն հայտանիշ է, որը մղում է կոնկրետ, թեև տհաճ որոշումներ կայացնելու)։

Բնականաբար, խոսքն ամսագրի տպագիր տարբերակի մասին է, իսկ ինչ վերաբերում է էլեկտրոնայինին, ապա այն, իհարկե, կպահպանվի. ամեն ամիս մեր կայքում, ինչպեսև առաջ, կլինի ամսագրի նոր համարը, կպահպանվեն խորագրերը, մի խոսքով՝ ամեն ինչ կլինի նախկինի պես։ Միայն թե մեր ամսագրի սակավաթիվ գնորդների համար ամսագրի անհետանալը տհաճ անակնկալ կլինի...

Այս առնչությամբ պետք է ասել, որ աշխարհում շատ բան շատ արագ է փոխվում. էլեկտրոնային փոստի ի հայտ գալուն պես բոլորն սկսեցին խոսել այն մասին, թե ուր որ է անհետանալու է ավանդական փոստն՝ իբրև այդպիսին։ Եվ այն համարյա թե վերացավ։ Համենայնդեպս, այսօր քչերն են նամակ գրում և ուղարկում փոստով, քանի որ դա արդեն ոչ միայն ռացիոնալ չէ, այլև նպատակահարմար էլ չէ (հայտնի պատճառներով)։ Ինտերնետի և, համապատասխանաբար, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակների ի հայտ գալուց հետո բոլորը խոսեցին այն մասին, որ ուր որ է տպագիր թերթը՝ որպես արտադրատեսակ, անցյալի գիրկը կանցնի։ Առայսօր դա դեռ տեղի չի ունեցել, բայցևայնպես ամեն ինչ դրան է գնում. աշխարհի առաջատար տպագիր ԶԼՄ-ները խիստ կրճատել են իրենց տպաքանակները, և մաս-մեդիայի շուկայում այսօր մենք ականատեսն ենք եթե ոչ հեղափոխական ժամանակների, ապա գոնե վիթխարի փոխակերպումների։ Հուսանք, որ, այնուամենայնիվ, երբևէ ինտերնետային բումը կանցնի, և մարդիկ կհասկանան, որ անհամեմատ ավելի հաճելի է բազկաթոռի մեջ հարմարավետ ընկղմված մամուլ թերթել, քան հարմարվել համակարգչի առջև։ Լավատեսությունն այս հարցում ավելանում է նրանով, որ պատմության մեջ տեխնիկական առաջընթացի յուրաքանչյուր պտույտի հետ մեկտեղ շատ բան (մարդկանց կարծիքով) հայտնվել է վերանալու շեմին, և այնուամենայնիվ, դա տեղի չի ունեցել։ Օրինակ, ձայնասկավառակների ստեղծվելուց հետո բոլորը միաբերան սկսեցին խոսել, թե շուտով համերգային դահլիճները կփակվեն, բայց դա տեղի չունեցավ. համերգասրահները և համերգային կատարումներն առայսօր գոյություն ունեն, իսկ ժամանակը ցույց տվեց, որ տեխնիկայի զարգացումն ի վիճակի չէ վերացնել դրանք։ Տեսամագնիտոֆոնների ի հայտ գալուց հետո շատերին թվում էր, թե կինոթատրոնները կվերանան, բայց, ինչպես տեսնում ենք, վիդեոմագնիտոֆոններն իրենց հետագա տարատեսակներով չկարողացան փոխարինել կինոթատրոնի էկրանին, և առայսօր քաղաքակիրթ ամբողջ աշխարհում քաղաքակիրթ քաղաքացիները կինո դիտում են բացառապես կինոթատրոնում, իսկ տանը պարզապես նայում են։ (Նշեմ, որ կինոթատրոնը՝ որպես այդպիսին, վերացել է աշխարհի միայն երկու մայրաքաղաքում՝ Երևանում և Քաբուլում, որտեղ մեկական կինոթատրոն է մնացել, մնացած բոլոր նորմալ պետությունների նորմալ մայրաքաղաքներում դրանք անվնաս պահպանվել են, չեն վերածվել շուկաների և խրախճավայրերի)։

Մի խոսքով՝ ժամանակին համընթաց կքայլենք։ Հուսանք նաև, որ երբևէ կվերադառնան հին ու բարի ժամանակները, ընթերցող լսարանի վերաբերմունքը տպագիր արտադրանքի հանդեպ կփոխվի, և կրկին մեր ընթերցողի տրամադրության տակ կհայտնվի նաև մեր ամսագրի տպագիր (էլեկտրոնայինի կողքին) տարբերակը։

Այժմ հակիրճ անցնենք նոյեմբեր-2011-ի իրադարձությունների վրայով։ Անշուշտ, նոյեմբերը հագեցած էր իրադարձություններով. ավելին, զարգացման դրամատիզմն այս ամիս (թվում էր, թե) հասավ գագաթնակետին, բայց, հաշվի առնելով այն, որ առջևում մեզ թեժ շրջան է սպասվում (մինչև 2013թ. փետրվար), պետք է կարծել, որ գագաթնակետը դեռ առջևում է։ Ամեն ինչ սկսվեց կադրային ցնցումներից։

Չէր հասցրել հասարակությունը մարսել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հանելու և նրա փոխարեն Վլադիմիր Գասպարյանին (միանգամայն ոչ հրապարակային և կասկածելի ֆիգուր) նշանակելու նորությունը, երբ հենց ամսվա առաջին օրը հայտնի դարձավ, որ մեծ քաղաքականությունից հեռանում է պետության երկրորդ պաշտոնատար անձը՝ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Պատճառաբանությունն ավելի քան պարզունակ է։ Հայտարարվեց, որ Հովիկ Աբրահամյանը պաշտոնից հեռանում է, որպեսզի գլխավորի Հանրապետական կուսակցության ընտրարշավը, և քանի որ նախընտրական շրջանը շատ ժամանակ և ուժեր է պահանջում, երկրի նախագահի մատուցմամբ խորհրդարանի նախագահը որոշեց ժամանակավորապես հեռանալ և ամբողջ ուժով զբաղվել ընտրություններով (դրանց անցկացումից վեց ամիս առաջ)։ Բայց չէր հասցրել հասարակությունն այս անգամ էլ մարսել նորությունը, երբ նոյեմբերի 3-ին հրաժարական տվեց իշխող ռեժիմի ևս մեկ առանցքային գործիչ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, նախագահ Սարգսյանի ամենավստահելի անձը, ամենաազդեցիկ դեմքը Հայաստանում։ Իսկ ամենահետաքրքիրը երկու դեպքում էլ այն էր, որ, եթե Աբրահամյանը հեռացավ իբր հարազատ կուսակցության նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար, ապա Մինասյանը հեռացավ, որպեսզի օգնի Աբրահամյանին այդ դժվարին և գերկարևոր գործում։ Դե ինչ, նրանց երկուսին էլ հաջողություն մաղթենք. ամեն դեպքում՝ Հայաստանը նրանց երկուսի գործունեությունից օգուտ չուներ, այնպես որ՝ թող գոնե իրենք վայելեն իրենց աշխատանքի արդյունքները, իսկ մենք կգոհանանք նրանով, որ երկու հայի (ավելի քան երկու միլիոնից) Հայաստանում ժամանակի մի ինչ-որ հատվածում լավ է եղել...

Ամսվա առաջին օրերին բուռն քննարկվում էր ևս մեկ հրաժարական՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանինը։ Սակայն ժամանակն անցնում էր, իսկ նախագահի հրամանագիրն այդպես էլ չկար. ի վերջո, բոլոր ասեկոսեները պաշտոնապես ցրվեցին ամենաբարձր պաշտոնական մակարդակով, իսկ պրն Գևորգյանն առայսօր զբաղեցնում է երկրի գործադիր իշխանության երկրորդ պաշտոնատար անձի բարձր պաշտոնը։

Եթե փորձենք վերլուծել ողջ նոյեմբերի ընթացքում տեղի ունեցածն ու այն, ինչ կատարվում է այսօր, ապա պետք է ասենք, որ երկրում կոշտացել է պայքարը քաղաքական էլիտայի ներսում, որը, ինչպես հայտնի է, այսօրվա դրությամբ երկփեղկված է մինչ օրս չլուծված, երկրի համար ցավագին՝ երկիշխանության հարցի հետևանքով։ Տեղի վերլուծաբանները վերջին ժամանակներս ավելի հաճախ են նմանություն անցկացնում Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական գործընթացների միջև (Կրեմլ Պուտինի վերադարձի համատեքստում), սակայն հաշվի չեն առնում ամենաէական հանգամանքը, այն է՝ եթե Դմիտրի Մեդվեդևը պարզապես Պուտինի տեղապահն էր Կրեմլում, տեղ, որը նա որոշել էր իրեն վերապահել ընդհուպ մինչև 2024-30թթ., ապա Սերժ Սարգսյանը չէր կարող որևէ մեկի, ներառյալ՝ Ռոբերտ Քոչարյանի, տեղապահը լինել։ Ուսուցչի և սանի հարաբերությունները չէ, որ կապում էին Սարգսյանին Քոչարյանի հետ, այնպես որ՝ վերջինի՝ նախագահի պաշտոնի նկատմամբ հավակնությունները, այսինքն՝ վտարել իր հաջորդին իշխանությունից, իմ կարծիքով, զուրկ են ամեն տեսակ բարոյական հիմնավորումներից։ Կարծում եմ՝ դրա համար էլ բնակչության մեծամասնության համակրանքը 2012-13թթ. «թեժ» ձմռանը կլինի գործող նախագահի կողմը, իսկ բոլոր խոսակցություններն այն մասին, թե իբր Քոչարյանի օրոք Հայաստանը տնտեսական աճ էր ապրում և այլն, և այլն, ծիծաղելի կթվան։ Թեև, ինչպես հայտնի է, Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ ընտրությունների ելքը կանխորոշում է բնակչության համակրանքը. Հայաստանում շատ բան որոշվում է արտասահմանում, իսկ մնացած ամեն բան՝ քաղաքական էլիտայի շրջանակում։ Իսկ թե ինչ տեղի կունենա էլիտայի շարքերում մեկ տարի հետո՝ անհայտ է։ Հայտնի է միայն, որ երկփեղկվածություն կա, որն անպայման պետք է ավարտվի հակամարտող կողմերից մեկի հաղթանակով։

Նոյեմբերին Հայաստան այցելեցին բարձրաստիճան օտարերկրյա շատ հյուրեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մինչև արտասահմանյան պետությունների (Նորվեգիա, Իրան և այլն) արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Նրանց բոլորին սիրալիր ընդունեցին հանրապետության առաջին դեմքերը։ Սակայն այդ իրադարձությունների մեկնաբանությունից ձեռնպահ կմնանք՝ տպագիր տարածքի սակավության և դրանց ոչ նշանակալի հետևանքների պատճառով, ասենք միայն, որ բեկումնային ոչինչ օտարերկրյա հյուրերի այցելություններից այս անգամ էլ չգրանցվեց։

Երկիշխանության մոտեցող հանգուցալուծումը նոյեմբերին սկսեց կոնկրետ ուրվագծեր ստանալ, որում որոշակի արժանիք ունի նոր ոստիկանապետը։ Նշենք, որ նա հաջող է աշխատում, համենայնդեպս՝ բավական ակտիվ։ Այսպես, եթե երկրի բնակչությանն ի սկզբանե չի կարելի հայկական ոստիկանապետից որևէ դրական բան սպասել, ապա Գասպարյանի գործունեությունը գոնե համապատասխանում է բարձրագույն ատյանների պահանջներին։ Նշանակման առաջին օրն իսկ Գասպարյանը թափով կպավ գործին, որն, իհարկե, նրա նախորդի ուժից վեր էր. նոյեմբերին միանգամից երկու թմրամոլ ձերբակալվեց, երկուսն էլ՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից։ Նրանցից մեկը, ինչպես գրեցին, Ծառուկյանի աջ ձեռքն էր Արարատի ցեմենտի գործարանում, երկրորդը՝ Ծառուկյանի մյուս աջ ձեռքը, միայն թե Ջերմուկի տարածքային կուսկազմակերպության ղեկավարի կարգավիճակում։ Ինչպես տեսնում ենք, ԲՀԿ-ի համար դժվար ժամանակներ են սկսվել։ Ճիշտ է՝ այս ամիս «Բարգավաճ Հայաստանը» փայլուն հաղթանակ տարավ (թեև աննշան) Իջևանի քաղաքապետի ընտրություններում, բայցևայնպես հաջողություններն այնպիսի աննշան քաղաքներում, ինչպիսին Իջևանն է, այնքան էլ մեծ հաջողություն չեն ընդհանուր երկրի մասշտաբով, իսկ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավն ավելի լավ ապագայի հույս չի թողնում։

Իհարկե, երկրի ղեկավարությանը պահանջներ չպետք է ներկայացվեն. իրավախախտները պետք է պատժվեն։ Միայն թե ցանկալի կլիներ բացատրել բնակչությանը, թե ինչու երկար ժամանակ ամեն օր տեղի ունեցող խախտումները հանկարծ սկսեցին գրավել իրավապահ մարմինների ուշադրությունը հենց այսօր, ինչը, բնականաբար, փոքր-ինչ տարօրինակ է, թեև այնքան էլ չի արատավորում պետական իշխանությանը։

Ամսվա ամենաաղմկալի խուլիգանությունը. Սյունիքի մարզպետը Երևանի կենտրոնում ծեծի ենթարկեց ձեռնարկատեր կնոջը։ Հավանաբար, ԱՄՆ ազդեցությունը կործանարար է երկրի քաղաքական ղեկավարության վրա, որն ամերիկացիների հետ շփումից փոխ է առել երկակի ստանդարտների կիրքը։ Բանն այն է, որ պրն Լիսկային (Սուրիկ Խաչատրյան), ամենայն հավանականությամբ, կներվի իր արարքը, այնինչ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի բախտը մեկ տարի առաջ չբերեց. նախագահի աշխատակազմի մանր չինովնիկին տված ապտակի համար նա ստիպված էր հրաժարական տալ։

Ինչպես սովորաբար՝ համառոտ համարի բովանդակության մասին։

Հոդվածների շարքը «Քաղաքականություն» խորագրում բացում է Արտաշես Գեղամյանի «Եվրասիական միությունը՝ բազմաբևեռ աշխարհի կայացման երաշխավոր» նյութը։ Հեղինակը վերլուծում է իրերի դրությունը համաշխարհային տնտեսությունում, իսկ հետո հանգում այն մտքին, որ արևմտյան ընկերակցության կողմից ամենուր սերմանվող քաոսը կարող է այնքան էլ ցավագին չլինել հետխորհրդային տարածքի համար, եթե ԱՊՀ առանցքային երկրներին հաջողվի պայմանավորվել նոր, հզոր տնտեսական-քաղաքական միություն ստեղծելու շուրջ, որում տեղ կգտնվի նաև Հայաստանի համար, եթե մեր երկրի քաղաքական ղեկավարությունը կամք և սուվերենություն դրսևորի այդքան կարևոր որոշումներ կայացնելու համար։

Նույն խորագրի համար Հայաստանում հայտնի ռուսաստանյան գրող, սցենարիստ և հրապարակախոս Կիմ Բակշին սիրահոժար մեզ համար հոդված է գրել՝ նվիրված հիմնականում ղարաբաղյան կարգավորմանը։ Նշեմ, որ հոդվածը հետաքրքիր է, բավական ինքնատիպ մտքեր են արտահայտվում, իսկ օտարերկրացու թարմ հայացքը հավերժական խնդրին անտարբեր չի թողնի ընթերցողին։

«Աշխարհաքաղաքականություն» խորագրում քաղաքագետ Ալեքսանդր Կնյազևը Բիշքեկից այս անգամ գրում է Կասպիայի և այն հիմնախնդիրների մասին, որոնք ծագել են մերձկասպյան պետությունների՝ ծովը բաժանելու շուրջ պայմանավորվել չկարողանալու հետևանքով։ Այդ խնդիրն առաջացել է ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Կասպիային միանգամից հինգ երկիր սկսեց հավակնել, ընդ որում՝ հակամարտությունն արծարծվում է ոչ առանց արևմտյան միջամտության։ Մի խոսքով՝ թեման հետաքրքիր է, հատկապես հայ ընթերցողին, որի համար այստեղ գրեթե չեն գրում Կասպիայի խնդիրների և դրանց հնարավոր հետևանքների մասին։

«Բանավեճ» խորագրում հրապարակախոս Ալեքսանդր Գարեգինյանը գրում է Եվրասիական միության մասին։ Հեղինակը թերահավատորեն է վերաբերվում այս կազմակերպության ստեղծման հեռանկարին՝ ելնելով նրանից, որ ինտեգրացիոն ոչ մի նախաձեռնություն հետխորհրդային տարածքում առայսօր շոշափելի հաջողությամբ չի պսակվել։

Նոյեմբերին լրացավ լեգենդար բարիտոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Պավել Լիսիսցյանի ծննդյան 100-ամյակը։ Լիսիցյանը հայ երկու ձայներից (Գոհար Գասպարյանի կողքին) մեկն էր, որ հավակնել է համաշխարհային ճանաչման, վառ հետք թողել խորհրդային-ռուսական օպերային արվեստի պատմության մեջ։ Եվ հոբելյանի առիթով երաժշտագետ Նոնա Ոսկանյանը գրել է ակնարկ, որին ծանոթանալով՝ երաժշտարվեստից հեռու ընթերցողը կպատկերացնի Պավել Լիսիցյանի՝ խորհրդային օպերային բեմի հսկայի մեծությունն ու նշանակությունը։

«Մեջբերումներ դասականներից» խորագրում այս անգամ հրապարակում ենք Ավետիք Իսահակյանի «Հիշատակարանը»՝ գրված անցյալ հարյուրամյակի 20-ական թթ., պարուրված ազգային ողբերգության ցավով և թուրքերի ու նրանց արևմտյան գործակիցների հանդեպ ատելությամբ։ Բավական ուսուցողական կլինի թերթել այս մի քանի էջը...

«Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում վերջին անգամ տպագրում ենք երեք նյութ www.nationalidea.am պորտալից։ Ընտրել ենք այն, ինչը, մեր կարծիքով, ավելի լավ է հաջողվել մեր գործընկերներին։

Այսպիսին էր նոյեմբեր-2011-ը, և այսպիսին ստացվեց «Ազգային գաղափարի» վերջին տպագիր համարը, որը, հուսանք, բավականություն կպատճառի իր ընթերցողներին։ Հաճելի ժամանց նոյեմբերյան համարի հետ միասին։  

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am