Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Նոյեմբեր 2011, N 11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՈՐԻ ԴԵՄ ԱՆԶՈՐ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ՝ ԹՎՈՒՄ Է ԹԵ ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԲԱՑԱՌՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Կիմ Բակշի, գրող, հրապարակախոս, կինոսցենարիստ

Ամեն անգամ՝ Հայաստան գալով` ես զգում եմ Հայաստանի և Արցախի ժողովուրդների միասնությունը։ Ասես չեն էլ եղել 70 տարիների անջատումը, ԽՍՀՄ տարբեր սուբյեկտների շրջանակում առանձին ապրելը։ Սակայն կան և զգացվում են կորուստների ցավն ու երկյուղն ապագայի համար. որքան կտևի ստատուս-քվոն, որից մեծ տերությունները, հավանաբար, արդեն հոգնել են։ Այս առնչությամբ կուզենայի մի քանի նկատառում հայտնել, քանի որ դա ինձ հայից քիչ չի հուզում. արդեն տասնյակ տարիներ ես կապված եմ Հայաստանի հետ ամենատարբեր կապերով, և մի երկու ամիս այստեղ գտնվել և չօգտվել ընձեռված առիթից՝ արտահայտվել Արցախի մասին, չեմ կարող։

Իսկապես, երկու հիմնարար սկզբունք գոյություն ունեն, որոնց մասին խոսում են բոլորը, որոնք ընկած են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի հիմքում։ Դրանք արդեն քննարկվել են «Ազգային գաղափար» ամսագրում, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանի հոդվածում։ Հարգարժան հեղինակն այս երկու սկզբունքները դիտարկում է իրավունքի տեսակետից, այսինքն՝ զուտ տեսականորեն։ Նա շատ սթափ միտք է արտահայտել, որն, իմ կարծիքով, կարելի էր ընդարձակել։ Այդ միտքն այն մասին է, որ այս սկզբունքների իրավական կիրառումները տարբեր են։ Առաջինը պետք է իրականացնել պետությունների միջև հարաբերությունները դիտարկելիս. ասենք, Հայաստանը պաշտպանում է իր տարածքներն այլ պետությունների ոտնձգություններից։ Իսկ ազգերի ինքնորոշումը իրավիճակ է երկրի ներսում, այսինքն՝ եթե տիտղոսակիր մեծ ազգը համագոյակցում է մեկ կամ մի քանի փոքր ազգային կազմավորումների հետ, որոնք ինչ-որ պատճառներով կարող են նաև հրաժարվել համակեցությունից մեկ պետության շրջանակում։ Եվ արդեն այս դեպքում կարող է գործի դրվել ազգերի ինքնորոշման սրբազան սկզբունքը։

Ահա այս երկու սկզբունքներն են ամենասուր հիմնախնդիրը, ընդ որում՝ այդ խոսքի ոչ միայն տեսական, այլև գործնական ամենաբարձր ընկալմամբ։

Արցախի օրինակը ցույց է տալիս, թե որքան երկակի է մեկնաբանվում այս երկրորդ սկզբունքը։ Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից այդ իրավունքի իրականացումը կհանգեցնի նրա տարածքը կորցնելուն։ Սակայն դա ազգային ինքնորոշման սկզբունքի կոպիտ խախտում է։ Չի կարելի մեկ այլ ժողովրդի ստիպել ապրել քեզ հետ, եթե նա այդ չի ուզում, մանավանդ երբ այդքան արյուն է թափվել, ինչն անհնար է դարձնում խաղաղ գոյակցությունը թեկուզև տեսանելի ապագայում։ Ցանկացած ժողովրդի նվիրական իրավունքն է՝ ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում, այլ ոչ թե ինչպես փորձում են ստիպել նրան։ Հակառակ դեպքում բռնություն է։ Ադրբեջանը կարծում է, թե կարելի է ուժով մի ամբողջ ժողովուրդ պահել և ստիպել նրան ապրել իր կանոններով։ Ընդ որում՝ Արցախի հայերի ճակատագիրը քիչ է հետաքրքրում Ադրբեջանին, քանզի հենց որ Արցախը նրան հանձնվի, տեղի կունենա այն, ինչը մինչ այդ տեղի էր ունենում Բաքվում, Կիրովաբադում, Սումգաիթում, ինչն այսօր տեղի է ունենում Կոսովոյում, այն է` կսկսվեն բնիկների ծեծն ու վտարումը հարազատ հողերից։ Ես ամենևին չեմ կասկածում, որ այս պարագայում այդ տարածքը ևս ադրբեջանական կդառնա։

Բոլորովին վերջերս ես ևս մեկ իրական հավաստիացում ստացա այն բանի, թե ինչ է տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի ղեկավարության ընկալմամբ։ Երկու սկավառակ նայեցի, որոնք մեզ ներկայացրեց հայտնի լրագրող Ցվետանա Պասկալևան։ Հերոսական այս կնոջը հաջողվել է նկարահանել Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի շրջանի և Գետաշենի հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչներին վտարելու գործընթացը։ Նա նկարահանել է իրենց տներից այդ մարդկանց վտարելու ողբերգական պահերը։ Ճանապարհի մեծ մասը մարդիկ անցել են ոտքով, նրանք ուժասպառ են եղել, երեխաները վայր էին ընկնում և լալիս էին, իսկ մի կին հենց ճանապարհին ծննդաբերեց։ Ինձ առանձնապես ցնցեց այն, որ բնակիչները դեռ չէին հասցրել դուրս գալ իրենց տներից, և երկաթյա դարպասներին անմիջապես գրվեցին նրանց նոր տերերի ադրբեջանական անունները։ Դա մարդկային բոլոր արժեքների ոտնահարում է։ Ես ցնցված էի այդ կադրերից և պարզապես հիանում եմ այդ կնոջով։ Նա իսկապես Ղարաբաղի իշխանուհին է։ Մի՞թե դա տարածքային ամբողջականության հաղթանակում է։ Բացարձակապես որևէ նպատակ չհետապնդելով՝ նա մեզ ներկայացրեց հիանալի նյութ տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ։ Այդ սարսափելի ողբերգությունը մեկ անգամ ևս հիշեցնում է մեզ այն մասին, որ իր ճակատագիրը ժողովուրդն ինքը պետք է վճռի, այլ ոչ թե ինչ-որ մեկը նրա փոխարեն։

 

* * *

Հիմա ես ուզում եմ ձեզ պատմել էլի իմ որոշ նկատառումների մասին տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ։ Ինչպե՞ս է այն իրագործվում արդի աշխարհում։ ՄԱԿ կազմավորումից, միջազգային մի շարք հիմնարար հռչակագրերի ընդունումից հետո, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են այն, ինչն այսօր անվանում ենք միջազգային իրավունք, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքն անհամեմատ ավելի կարևոր էր ինքնորոշման իրավունքից, քանի որ, եթե երկրորդը (ինքնորոշումը) դարձավ տուրք, այսպես ասած, այն ժամանակվա քաղաքական մոդային, ապա առաջինը (տարածքային ամբողջականությունը) ամբողջովին նվիրված էր մեծ տերությունների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած տերությունների շահերին, քանի որ պատերազմի արդյունքներով նրանց շատ բան հասավ պարտված երկրների հաշվին։

Նայենք Ռուսաստանին, Լեհաստանին, Գերմանիային, Ճապոնիային։ Պարզվում է, որ հաղթանակած պետություններն իրենց տարածքային հավակնությունները պարտվածների նկատմամբ իրականացրել են ի հաշիվ վերջիններից զգալի տարածքներ զավթելով՝ դրանից հետո ասելով. դե հիմա, համաձայն տարածքային ամբողջականության սրբազան սկզբունքի, արդեն ոչինչ չպետք է փոխվի։ Վերցնենք, օրինակ, այդ նույն Լեհաստանը։ Այն կորցրեց իր տարածքի մի մասը, որն այժմ գտնվում է Ուկրաինայում և Բելառուսում, բայց, մյուս կողմից, մի բան էլ ավելիով փոխհատուցեց այդ կորուստը՝ վերցնելով Արևելյան Գերմանիայի մի մասը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով Արևելյան Գերմանիայի մի մաս էլ անցավ մեզ։ Ես նկատի ունեմ ներկայիս Կալինինգրադի մարզը։ Հիմա, ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռուսաստանը մեծ դժվարություններ ունի, քանի որ դեպի այնտեղ տանող ճանապարհն անցնում է Լիտվայի տարածքով, որը մեր հանդեպ այնքան էլ բարեկամական չէ։ Ռազմավարական առումով, իհարկե, Ռուսաստանին դա շահավետ է, այնտեղ նույնիսկ կարելի է հրթիռներ տեղակայել, բայց տեսեք. լրիվ կտրված նախկին գերմանական հողը՝ Արևելյան Պրուսիան, որտեղ ապրել է նշանավոր փիլիսոփա Իմանուիլ Կանտը, այժմ պատկանում է Ռուսաստանին։

Հիմա նայենք դեպի Ռուսաստանի արևելք։ Ճապոնիայի ջախջախումից հետո մենք, մեծ տերությունների թողտվությամբ, վերցրինք Սախալինի կեսն ու Կուրիլյան կղզիները։ Սախալինի վերաբերյալ դեռ կարելի է ասել, որ երբևէ այն եղել է մեր տարածքը։ Բայց ինչ վերաբերում է Կուրիլյան կղզիներին, ապա դրանք, ինչպես ինձ է թվում, մեզ ակնհայտորեն պետք չեն։ Մենք նույնիսկ Սիբիրը ոնց որ պետքն է յուրացնել չենք կարող, այնտեղ հազարավոր կիլոմետրերով չյուրացված տարածքներ կան, ուր աստիճանաբար գալիս են չինացիները, իսկ այստեղ մենք երկու ձեռքով ամուր կառչում ենք ինչ-որ մանր քարե կղզյակներից։ Դրանք կարող են հետաքրքրություն ներկայացնել միայն ճապոնացիների համար, որոնք բնավորվում են իրենց կղզիներում։ Բնակչության թվով վիթխարի երկիրն այդ կղզյակների վրա իսկական քաղաքակրթություն կստեղծի, ընդ որում՝ վստահ եմ, այդ թվում և այնտեղ այսօր ապրող խիստ փոքրաթիվ ռուս բնակչության համար։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ շատ վիճելի բաներ եմ ասում, քանի որ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման մասին է, իսկ առայսօր ոչ մի տերություն չի հայտարարել, թե 1945-ից հետո ձևավորված աշխարհակարգն իրեն ձեռք չի տալիս։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ տարածքային ամբողջականության սկզբունքն արդեն անբարո է թեկուզև այն պատճառով, որ հաստատվել է ուժեղագույնների կողմից և, ավելին, հաստատվել է այդ «ուժեղագույնների» շահերը պաշտպանելու համար։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է մտածում մեծ տերությունների բնակչությունը որոշ տարածքներ կորցնելու մասին, ապա պետք է ասեմ, որ, օրինակ, Ռուսաստանում մեր ժողովուրդը բավական պասիվ է, և այն, ինչ անում է մեր կառավարությունը, նրան քիչ է հուզում։

 

* * *

Բայց վերադառնանք Արցախին։ Ադրբեջանը չհաղթեց պատերազմում, և չնայած դրան, անընդհատ ինչ-որ բան է պահանջում։ Ուզում եմ ասել, որ Ադրբեջանը նույնիսկ հաղթողի իրավունքին չի տիրապետում, այն է՝ հարկադրել ժողովրդին ապրել իր սուվերենիտետի ներքո։ Փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը չհայտարարված էր, ոչինչ չի փոխում, թեև որոշ չափով դուրս է բերում իրավական դաշտից որոշ պահեր մարտական գործողությունների ավարտից հետո (ասենք՝ ռազմագերիներին պահելու և փոխանակման, քաղաքացիական բնակչության և զինված ուժերի կարգավիճակի, օկուպացված տարածքների և այլ հարցեր)։ Բայց կա ավելի հետաքրքիր նրբություն, որից, որքան գիտեմ, կառչում են հայ իրավաբաններն ու դիվանագետները։ Այն վերաբերում է Ղարաբաղի «ադրբեջանականացմանը» ոչ թե պետական (էլ չենք խոսում հանրաքվեի միջոցով ժողովրդի կամարտահայտության մասին), այլ կուսակցական մարմինների որոշմամբ, մասնավորապես՝ Ստալինի կողմից, դրա համար էլ դա չի կարող որևէ իրավաբանական ուժ ունենալ։ Պակաս հետաքրքիր չէ, ըստ իս, ևս մի բան։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Ադրբեջանի կողմից իր պետական ինքնիշխանության հռչակման պահին (1991թ. աշուն) հանրաքվեի արդյունքներով իր անկախությունն այդ նույն օրինական ճանապարհով հռչակեց նաև Ղարաբաղը։ Իսկ դա նշանակում է, որ իրավական տեսակետից Ղարաբաղը երբեք չի եղել ինքնիշխան Ադրբեջանի բաղկացուցիչ մասը (եթե ընդունենք, որ Ադրբեջանն անկախությունն ստացել է 1991թ. աշնանը, թեև դա այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ միջազգային հանրությունը հետխորհրդային հանրապետությունները ճանաչեց միայն ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից հետո՝ 1991թ. դեկտեմբերին, այսինքն՝ ճանաչման գործընթացն սկսվեց 1992թ. հունվարից ոչ շուտ, բացառությամբ մերձբալթյան հանրապետությունների, որոնք ճանաչվեցին անմիջապես պուտչից հետո. ի դեպ, նրանց առաջինը ճանաչեց Խորհրդային Միությունը)։

 

* * *

Այնուամենայնիվ, առայսօր մենք ունենք չճանաչված Արցախ։ Այստեղ, իհարկե, կարևոր դեր են խաղում մեծ տերությունների շահերը։ Արևմուտքը ճանաչեց Կոսովոն՝ հետևելով իր շահերին, բայց ոչ մի կերպ չի ուզում ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, որոնք ճանաչել է Ռուսաստանը՝ նույնպես հետևելով իր շահերին։ Արդյոք երբևէ Արևմուտքը կճանաչի՞ Արցախը։ Դժվար է ասել։ Բայց միանշանակ կարելի է ասել, որ կճանաչի, հենց որ Արցախի անկախությունը համապատասխանի իր շահերին։ Իսկ նման բան այսօր և տեսանելի ապագայում չափազանց դժվար է պատկերացնել, թեկուզև այն պատճառով, որ Հայաստանը պտտվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծիրում, որն իր հերթին մտադիր չէ ճանաչել Արցախի անկախությունը՝ չցանկանալով սրել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բայց, այնուամենայնիվ, իրավիճակն ապագայում արմատապես կփոխվի...

Դե, իսկ այսօր պետք է խոստովանել, որ ստատուս-քվոյի պահպանումն ամենալավն է, ինչին տվյալ պահին կարող է հասնել Հայաստանը։ Դե-ֆակտո Արցախը պատկանում է Հայաստանին, կա անվտանգության հուսալի գոտի, Հայաստանի հետ միասին Արցախը ներկայացնում է միասնական տնտեսական, իրավական, տեղեկատվական, հումանիտար տարածություն։ Մի խոսքով՝ մինչև մի ինչ-որ ժամի խաղաղ զարգացման բոլոր նախադրյալները կան, այսինքն՝ ողջ հայության համար մինչև այն բաղձալի պահը, երբ մեծ տերությունները կամ թեկուզև դրանցից մեկը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

 

* * *

Անձամբ ես չեմ կարծում, թե առաջիկա 10 տարիներին ինչ-որ բան կփոխվի։ Ալիևը չի կարողանա հրաժարվել իր ագրեսիվ հռետորաբանությունից, քանի որ հակառակ դեպքում նրան մեջտեղից կհանեն ներքին ուժերը, իսկ պատերազմ սկսել նա կվախենա։ Բոլորին է պարզ, որ մարտական գործողությունների վերսկսմամբ հայկական կողմի հարվածներն առաջին հերթին կտրվեն ածխաջրածնային խողովակաշարերի ուղղությամբ, իսկ արևմտյան երկրները դրանով շահագրգռված չեն։ Միևնույն ժամանակ, վստահություն չկա այն հաշվով, թե արդյոք Ադրբեջանին կհաջողվի հայերից հետ խլել Ղարաբաղը՝ անգամ իրենց ողջ նավթագազային արդյունաբերության և փոխադրման համակարգի կործանման գնով։

Ինչ վերաբերում է «սպառազինությունների մրցավազքին», որով վերջին 10 տարիներին այնքան տարվել են Ադրբեջանում, ապա չեմ կարծում, թե դա կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Պետք է հիշել, որ Հայաստանը նույնպես սպառազինվում է. գուցե ոչ այն ծավալով, ինչպես Ադրբեջանը, բայց ոչ պակաս որակով, և որ ամենագլխավորն է՝ շատ ավելի խնայողաբար։ Կարծում եմ՝ 90-ականների սկզբին ադրբեջանցիների գերազանցությունն անհամեմատ ավելի զգալի էր, ինչը, ինչպես հայտնի է, միևնույն է՝ չօգնեց նրանց։ Կարծում եմ՝ նման դեպքերում ավելի կարևոր է մեկ այլ բան, այն է՝ ում կողմն է ճշմարտությունը, և ում ոգին է ավելի ուժեղ։

 

* * *

Վերջում կուզենայի ասել, որ, գալով Հայաստան, ամեն անգամ էլ ավելի ակնհայտորեն եմ զգում, որ Հայաստանն այսօր անհամեմատ ավելի ուժեղ և վտանգավոր խնդիրներ ունի, քան Ադրբեջանը և նրա ռազմական մեքենան։ Խոսքը տնտեսության և արտագաղթի կանխման մասին է։ Գաղտնիք չէ, որ հայկական տնտեսության գործերը, մեղմ ասած, լավ չեն, իսկ ինչ վերաբերում է բնակչության արտահոսքի տեմպերին, ապա այստեղ արդեն բավական լուրջ սպառնալիքի հետ գործ ունենք, սպառնալիք Հայաստանի ապագայի և ողջ հայության համար։ Կարծում եմ` ղեկավարության գրագետ քաղաքականությունը ժամանակի ընթացքում, այնուամենայնիվ, կլուծի այս գլոբալ հիմնախնդիրները, իսկ ես ստիպված չեմ լինի մեջբերել կամ հիշել այն խոսքերը, որոնք ժամանակին գրել եմ իմ «Մեր աշխարհը նման է անվի» գրքում։ Այն ժամանակ ես գրել էի հետևյալը. «Ես շատ եմ շրջել աշխարհում և ամենուրեք հանդիպել եմ հայերի հետ, եղել նրանց ընտանիքներում։ Եվ ես ոչ մի տեղ չեմ տեսել ոչ մի աղքատ հայի։ Միա՛յն ներկայիս Հայաստանում։ Ինչո՞ւ է այդպես։ Մտածենք... Անցումային ոչ մի շրջանով, պետականության կայացմամբ, դեմոկրատիայի անսովորությամբ և նման կարգի այլ բաներով այս երևույթը չես բացատրի։ Եվ նույնիսկ Շրջափակումով։ Հիշենք հարյուր հազարավոր հուսահատված հայերին, որոնց նախրի նման քշում էին Սպահան։ Մի՞թե նրանց համար ավելի լավ էր, քան անկախ Հայաստանի բնակիչների համար է։ Ոչ։ Ուրեմն, բանն ի՞նչ է։

Իսկ պատասխանը զարմանալիորեն պարզ է. մի փակեք հայերի թթվածինը, թողեք` թող շնչեն հայրենի հողում։ Եվ ամեն ինչ կլինի»։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am