Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Նոյեմբեր 2011, N 11

ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է

ԿԱՍՊԻԱՅՈՒՄ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ «ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Ալեքսանդր Կնյազև, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսական աշխարհագրական ընկերության իսկական անդամ

Մինչև 1993-1994թթ. ԱՄՆ-ի և Ղազախստանի միջև նավթի մատակարարումների վերաբերյալ խոշոր պայմանագրերի ստորագրումը Կենտրոնական Ասիան ավելի շուտ որպես տնտեսական առումով կարևոր տարածաշրջան չէր ընկալվում։ 1997թ. ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթը ձևակերպեց Կենտրոնական Ասիայում ԱՄՆ կենսականորեն կարևոր ռազմավարական շահերի մասին հիմնական պատկերացումները1։ Ամերիկյան նավթային ընկերությունների՝ ածխաջրածնային հանքավայրերով կոմերցիոն հետաքրքրվածությունն էլ հենց առաջ բերեց ԱՄՆ վարչակազմի առանձնահատուկ, բնույթով աշխարհատնտեսական շահագրգռությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ «Նրա ելույթում հստակ ցույց է տրված, թե ինչու է նավթի և գազի տարածաշրջանային ռեսուրսների հասանելիությունն այդքան հանապազօր համարվում ԱՄՆ-ի համար»2։

ԱՄՆ ռազմավարական մոտեցումների իրագործումը Կենտրոնական և Հարավային Ասիայում կոչված է ապահովելու տարածաշրջանում ամերիկյան ռազմաքաղաքական ներկայության երկարատև բնույթը, որտեղ, բացի նավթագազային կորպորացիաների շահերից, կենտրոնացած էր վիթխարի հակամարտածին պոտենցիալ, որի խելամիտ կառավարումը կարող էր ապահովել ԱՄՆ կարգավիճակը՝ որպես «միակ գերտերության»։ Ռուսաստանի և Չինաստանի չեզոքացում, Իրանի վերածում ամերիկյան քաղաքականության անմիջական օբյեկտի, տարածաշրջանային դաշնակիցների՝ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի որոշակի շահերի հետ հաշվի նստել, այդ շրջանակում Հնդկաստանի ներգրավում. այսպիսին են ենթադրվող տարածաշրջանային կառուցվածքի հիմնական բաղադրիչները։

Կասպյան տարածաշրջանը մեծ մասամբ դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության ածխաջրածինների պահուստային ավազան։ ԱՄՆ-ը շահագրգռված է ոչ այնքան պաշարների արդյունահանմամբ, որքան դրանց և ապագայում դրանց կոնսերվացման նկատմամբ վերահսկողության սահմանմամբ։ Կասպյան նավթը կարող է ավելի նշանակալի դառնալ այն դեպքում, եթե մոլորակի մեկ այլ տարածաշրջանում քաղաքական պատճառներով նավթի արդյունահանումը նվազի։ ԱՄՆ ազգային էներգետիկական ռազմավարության (CNES) շրջանակում Պարսից ծոցին այլընտրանքային էներգետիկական համակարգի ստեղծումն առանցքային գործոն է համաշխարհային «էներգետիկական հավասարակշռության» հանդեպ ամերիկյան վերահսկողության սահմանման գործում։ Երկարատև պլանավորման շրջանակում ենթադրվում է անմիջական վերահսկողություն սահմանել կենտրոնաասիական տարածաշրջանի ածխաջրածնային պաշարների նկատմամբ և թույլ չտալ, որ Մերձկասպիայի ռեսուրսներն ընկնեն այն երկրների տրամադրության տակ, որոնց ԱՄՆ-ը համարում է իր ռազմավարական ընդդիմախոսներ կամ մրցակիցներ։

Ամերիկյան արտաքին քաղաքական պլանավորմանը բնորոշ բազմավեկտորությանը համապատասխան՝ ԱՄՆ-ը, դատելով ըստ ամենայնի, մշակում է տարածաշրջանի հանդեպ վերահսկողության սահմանման երկու հիմնական զուգահեռ սցենար։ Առաջինն այն է, որ տարածաշրջանում կազմակերպվի և աջակցվի կառավարելի հակամարտությունների շղթա, երկրորդն այն է, որ ստեղծվի ԱՄՆ-ից (երբեմն՝ նրա ռազմավարական գործընկերներից՝ Թուրքիայից, Պակիստանից) կախյալ պետությունների գոտի, որոնց տարածքի միջով կարող են անցնել լայն խողովակաշարեր և հաղորդակցային այլ միջանցքներ։

1991-1992թթ. էներգառեսուրսային շահագրգռությունը դարձավ ամերիկյան հատուկ ծառայությունների (պակիստանյան ISI-ի, Սաուդյան Արաբիայի ընդհանուր հետախուզության3 և բրիտանական MI-6-ի հետ համագործակցությամբ) կողմից «Թալիբան» նախագծի մշակման գործոններից մեկը։ Աֆղանստանում իրեն ենթակա ուժի ստեղծման աշխատանքը, ուժ, որն ի վիճակի կլիներ ապահովել Անդրաֆղանական գազատարի (ԱԱԳ կամ ԹԱՊՀ՝ Թուրքմենստան, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան) շինարարության ապահովումը՝ Քլինթոնի (այն ժամանակ՝ ԱՄՆ նախագահ) վարչակազմին մոտ Unocal4 ընկերության շահերից ելնելով, 1990-ական թթ. առաջին կեսին ամերիկյան եվրասիական ռազմավարության իրագործման կարևոր ուղղություններից մեկն էր։ Սակայն մոտավորապես 1998-1999թթ. ակնհայտ է դառնում հատուկ ծառայությունների դաշինքի անկարողությունը՝ կառավարել այդ ստեղծված ուժը, ինչպես նաև հենց թալիբների անկարողությունը՝ միավորել և կառավարելի դարձնել երկիրը5։ «Թալիբան» նախագիծը կորցրեց հրատապությունը, սկսվեց նոր նախագծի մշակումը, որը պայմանականորեն ստացավ «պայքար միջազգային ահաբեկչության դեմ» անվանումը։ «Թալիբանի» դիրքորոշումն այդ պահից բևեռայնորեն փոխվում է. ամերիկյան արտաքին քաղաքական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություններում առանցքային ֆիգուր է դառնում առավելագույն չափով դեմոնացված Օսամա բեն Լադենը։ Աֆղանստանում ԱՄՆ մարտավարության փոփոխության առաջին նշանն են դառնում մոջահեդների ճամբարների ռմբահարումները 1998թ. օգոստոսին։

1990-ական թթ. ԱՄՆ գործողությունների հիմնական շարժառիթը աշխարհատնտեսական էր. Կասպիայի էներգառեսուրսների յուրացումը ոչ միայն դրականորեն կանդրադառնար ԱՄՆ էներգետիկ անվտանգության վրա, այլև մի քանի կոմերցիոն հնարավորություններ կստեղծեր վաշինգտոնյան դեմոկրատական վարչակազմին մոտ ամերիկյան ընկերությունների համար։ Ի շահ ընկերությունների թալիբների օգտագործման հետ կապված անհաջողությունն առաջին պլան մղեց աշխարհառազմավարական շահերը, 1999թ. մայիսին կոնգրեսի կողմից «Մետաքսի ճանապարհի» ռազմավարության մասին օրենքի ընդունումը լրացուցիչ շետադրեց Կենտրոնական Ասիայում ԱՄՆ աշխարհառազմավարական և աշխարհատնտեսական շահերի համալիր ձեռքբերման կարևորությունը6։ «...ԱՄՆ քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում նախկինի պես կենտրոնացված է առաջին հերթին էներգառեսուրսների խնդիրների վրա։ Նման միակողմանի մոտեցումը... կարող է մեծ վնաս հասցնել։ Այդ տագնապալի միտումները զարգանում են Կենտրոնական Ասիայում ռուսական ազդեցության աճի ֆոնին»,- փաստվում էր արդեն 2007թ.7։

Ամերիկյան տարածաշրջանային ակտիվության շարժառիթների տեղափոխումը ուղղակի ռազմական վերահսկողության տարածման ոլորտ ցույց է տալիս գործարար շահերի և ԱՄՆ ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերի միջև փոխկապակցությունների որոշ առանձնահատկություն, ինչպես ավանդաբար ամերիկյան պաշտոնական փաստաթղթերում անվանվում են ռազմաստրատեգիական բնույթի հարցերը8։ Գագաթնակետը (որում ռազմական պարադիգմերը գերազանցեցին ընթացիկ տնտեսական շահերը) դարձավ 2001-2002թթ. սահմանագիծը, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի, այնուհետև նաև ողջ հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ագրեսիան Աֆղանստանում։ Այնուամենայնիվ, 1999թ. նոյեմբերին նախագահ Բիլ Քլինթոնը համաձայնագիր ստորագրեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի շինարարության մասին, որի գլխավոր իմաստն այն երթուղին է, որը գցվում է՝ Ռուսաստանը շրջանցելով։ Կասպյան էներգետիկ շահը շարունակում է մնալ ԱՄՆ արտաքին քաղաքական ստրատագեմների ծիրում։ Արդեն 2005թ. մարտին ԱՄՆ էներգետիկայի նախարար Սամուել Բոդմանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ղազախստանը միանա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին։ Այդ խողովակաշարով ղազախստանյան նավթի տեղափոխման մասին համաձայնագիրը ստորագրվեց հունիսի 16-ին Ալմա Աթայում, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Այդ բանակցություններում խոսվում էր 3 մլն տոննա ղազախստանյան նավթի մասին, որն Աքթաու նավահանգստից լցանավերով պետք է հասցվեր Բաքու։ Հետագայում ԲԹՋ-ով ղազախստանյան նավթի արտահանման ծավալները նախատեսվում էր հասցնել 10-25 մլն տոննայի, ինչի հետևանքով ամերիկյան և ադրբեջանական կողմերն ակտուալացրին Կասպից ծովի հատակով նավթամուղի շինարարության, այսպես կոչված Անդրկասպյան նավթամուղի նախագծի անհրաժեշտությունը, որը հետագայում պետք է լրացվեր գազային բաղադրիչով։

Այդ ընթացքում արդեն Թուրքմենստանի ղեկավարության համար ակնհայտ դարձավ ԱԱԳ (ԹԱՊՀ) նախագծի սառեցման փաստը, որը 1990-ական թթ. վերջին Աշխաբադի ռեժիմի համարյա թե ամենագլոբալ հույսն էր՝ դուրս գալու գազի համաշխարհային շուկա՝ շրջանցելով Ռուսաստանը։ Մեկ ուրիշ նախագիծ՝ Անդրկասպյան գազատարը, ի հայտ եկավ 1996թ.՝ որպես ռուս-թուրքական «Երկնագույն հոսքի» այլընտրանք։ Այդ ժամանակ էլ ստեղծվեց «Անդրկասպյան կոնսորցիումը»՝ General Electric, Bechtel National և Shell ընկերությունների մասնակցությամբ։ Սակայն 2000թ. նախագծի ոււղությամբ տարվող աշխատանքը դադարեցվեց նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովի կողմից, որը կտրականապես հրաժարվեց առաջարկվող ներդրումային սխեմաներից։ General Electric-ը և Bechtel National-ը դուրս եկան նախագծից, PSG-ն հայտարարեց, որ փակում է օֆիսը Աշխաբադում, «Անդրկասպյան կոնսորցիումի» ձևական ղեկավարությունը փոխանցվեց Shell-ին։

Նախագիծը վերականգնվեց 2006թ., արդեն Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ, ընդ որում՝ ինչպես ներդրումային ոլորտում, այնպես էլ քաղաքական լոբբավորման առումով ԱՄՆ նախաձեռնությունը փոխանցվեց Եվրամիությանը։ Ներկայումս դիտարկվում է գազատարի Թենգիզ (Ղազախստան)-Թուրքմենբաշի (Թուրքմենստան)-Բաքու (Ադրբեջան) երթուղին, դրան հաջորդող՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կցմամբ, որը համարվում է առայժմ հիփոթետիկ Nabucco գազատարի տարր։ 2008թ. դեկտեմբերին ավստրիական OMV-ն (Österreichische Mineralölverwaltung AG) և գերմանական RWE-ը (Rheinisch-Westfälisches Elektrizitätswerk) հիմնեցին «Caspian Sea Company»-ն՝ Անդրկասպյան խողովակաշարի շինարարության տարբերակները գնահատելու և այդ խողովակաշարի ֆինանսավորման, կառուցման ու գործարկման համար գործընկերներ որոնելու նպատակով։

Nabucco նախագիծը պատրաստվում է գործարկվել 2002 թվականից։ Դրա մասնակիցներն են OMV Gas GmbH-ը (Ավստրիա), BOTAŞ-ը (Թուրքիա), Բուլղարգազը (Բուլղարիա), S.N.T.G.N. Transgaz S.A.-ն (Ռումինիա), MOL Natural Gas Transmission Company Ltd.-ն (Հունգարիա) և RWE AG-ն (Գերմանիա)։ Նախատեսվում էր շինարարությունն սկսել 2011թ. և ավարտել 2014-ին, հետո նախագծի գործարկման ժամկետը երկարաձգվեց մինչև 2017թ.։ Գլխավոր պատճառներից մեկը ֆինանսավորում չլինելն է։ Բացի այդ, և՛ եվրոպական փորձագիտական շրջանակներում, և՛ քաղաքական իսթեբլիշմենթում միասնական կարծիք չկա ահռելի և իր էությամբ արհեստական, զուտ քաղաքական շահերից թելադրվող այս նախագծի իրագործման նպատակահարմարության մասին։ «Հյուսիսային հոսք» գազատարի գործարկմամբ և հեղուկ գազի համաշխարհային շուկայի զարգացման արդյունքում Կասպից ծովից դեպի Եվրամիություն ձգվող գազատարի պահանջը պարզապես վերանում է։ Հեղուկ գազի նոր մատակարարումներ են կատարվում Կատարից, Ալժիրից և նույնիսկ ԱՄՆ-ից, և հաշվի առնելով եվրագոտում տեսանելի 10-15 տարում տնտեսական աճի հեռանկարների բացակայության փաստը՝ Եվրոպան պարզապես Nabucco-ի կարիքը չի ունենա։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և Եվրամիությունը շարունակում են շահագրգռված մնալ ինչպես Անդրկասպյան, այնպես էլ Nabucco գազատարների իրագործմամբ, որոնք պետք է դառնան «Հարավային միջանցք» գլոբալ տրանսպորտային-հաղորդակցական և խողովակաշարային համակարգի մասը, որը կասկածելի կոմերցիոն հիմքեր, բայց չափազանց կարևոր ռազմավարական-քաղաքական նշանակություն ունի Արևմուտքի համար։

 

* * *

Դե-յուրե Կասպիայի առանցքային հիմնախնդիրը ծովի բաժանման սկզբունքն է։ Արդի միջազգային-իրավական դոկտրինում սույն պահին Կասպիայի միջազգային-իրավական կարգավիճակի վերաբերյալ երեք հիմնական մոտեցում գոյություն ունի.

1. որպես ծովային տարածք,

2. որպես սահմանային լիճ,

3. որպես համատիրություն։

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Կասպից ծովի կարգավիճակը՝ որպես «փակ ջրամբար», ճանաչվել է միջազգային հանրության կողմից և հաստատվել միջազգային իրավունքի դոկտրինում։ Եվ միանգամայն ճիշտ են ադրբեջանցի արդի կասպիագետները (օրինակ՝ Ռ.Մամեդովը9), որոնք պնդում են, որ 1921թ. պայմանագիրը կարելի է անտեսել, քանի որ այն «շրջանցել է գլխավոր հարցը՝ Կասպիայի կարգավիճակը, մասնավորապես՝ սահմանագծման և ինքնիշխանությունների հիմնախնդիրը»։ Հենց նրանով, որ 1921թ. պայմանագիրը «շրջանցել» է սահմանագծման և ինքնիշխանությունների հիմնախնդիրները, այն սահմանել է Կասպից ծովի կարգավիճակը. ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կայուն փոխզիջում է ձևավորվել, երկու կողմերի համար առավել ընդունելի իրավական ռեժիմ, իսկ դա ամբողջովին համապատասխանում էր պայմանագրերի իրավաբանական ուժի հարցերով ՄԱԿ միջազգային իրավունքի հանձնաժողովի դիրքորոշմանը։ Ռուս-իրանական պայմանագրերում չկա «համատիրություն» բառը, բայց Կասպիայում սահմանների բացակայությունն իրավական տեսակետից կարելի է մեկնաբանել որպես համատիրության սկզբունք, այսինքն՝ որպես ծովի և նրա ռեսուրսների համատեղ օգտագործման սկզբունք։ Խորհրդա-իրանական կասպյան համատիրությունը, արգելապատնեշի դեր կատարելով մրցակցող տարածաշրջանային պետությունների, Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի աշխարհաքաղաքական տարածքների միջև, նպաստում էր խաղաղության պահպանմանը տարածաշրջանում։ Խորհրդա-իրանական 1940թ. պայմանագիրը, զարգացնելով 1921թ. պայմանագրով և հետագա բոլոր համաձայնագրերով հռչակված սկզբունքները, ընդգծում էր, որ միայն երկու ափամերձ պետություններին պատկանող նավերն իրավունք ունեն նավարկել Կասպից ծովում, իսկ այդ նավերի վրա և նավահանգիստներում աշխատող օտարերկրյա անձնակազմը պետք է սահմանափակի գործունեությունը պայմանագրերով որոշված սահմաններում։

ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Ռուսաստանը և Իրանը պնդեցին, որ համատիրություն լինի, որի համաձայն՝ ծովը կմնար ընդհանուրի տնօրինության տակ, իսկ նրա բնական պաշարները կյուրացվեին համատեղ, համենայնդեպս՝ մինչև դրա նոր միջազգային-իրավական կարգավիճակի սահմանումը։ Բայց նորանկախ պետությունների համար Կասպիայի բնական պաշարների արդյունահանումը և դրանցով միջազգային շուկաներ դուրս գալը դարձան պետականության և ինքնիշխանության կայացման կարևորագույն պայմաններից մեկը։ Ուստի, Ադրբեջանն ու Ղազախստանը սկզբից ևեթ շահագրգռված էին ծովը հատվածների բաժանելու մեջ։ Եվ դրա համար ակտիվ քայլեր էին ձեռնարկում։ Այսպես, 1994թ. ստորագրվեց այսպես կոչված «դարի պայմանագիրը» ԱՀ-ի և արևմտյան նավթային ընկերությունների միջև «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» հանքավայրերի յուրացման մասին, որոնք գտնվում են Կասպիայի շելֆում, իսկ 1995թ. Ադրբեջանն իր ընդունած սահմանադրությունում իրեն ամրացրեց ծովի հարակից սեկտորը։ Ռուսաստանը ստիպված եղավ փոխել դիրքորոշումը Կասպիայի բաժանման մասին։ Արդյունքում՝ 1998-2003թթ. Ռուսաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը Կասպիայի հյուսիսը բաժանեցին միջին մոդիֆիկացված գծով՝ օգտագործելով «հատակը կիսում ենք, մակերեսը մնում է ընդհանուր» փոխզիջումային սկզբունքը, որը թույլ էր տալիս ափամերձ երկրներին յուրացնել շելֆի բնական պաշարները և զարգացնել ձկնորսությունն ու առևտրային նավարկությունը։

Թուրքմենստանը և Իրանը համաձայն չեն այս սկզբունքին, ինչն արգելակում է ծովի վերջնական բաժանման գործընթացը։ Թուրքմենստանը տարածքային վեճեր ունի Ադրբեջանի հետ սահմանամերձ հանքավայրերի հետ կապված, դրա համար էլ առայժմ պատրաստ չէ պաշտպանել հատվածայնացման սկզբունքը։ Իրանը պնդում է, որ ծովը հավասար բաժանվի՝ յուրաքանչյուր ափամերձ երկրի՝ ջրավազանի 20%-ը։ Եվ եթե փոխզիջումը Բաքվի և Աշխաբադի միջև, ըստ էության, հնարավոր է և դրա համար որոշակի նախադրյալներ կան, ապա Իրանի դիրքորոշումը ծովի բաժանման վերաբերյալ արդեն երկար տարիներ մնում է անփոփոխ, դրա համար էլ սպասել, որ պաշտոնական Թեհրանն առաջիկայում կհամաձայնի հատվածային բաժանման, իմաստ չունի։ Կասպիայում կայունության պահպանման հիմնարար սկզբունքներից մեկն այն է, որ ցանկացած լուծում պետք է ընդունվի հինգ ձայնի, ափամերձ հինգ երկրների կոնսենսուսով։

Եվրոպական ուղղությամբ միջինասիական գազի փոխադրման տնտեսապես առավել նպատակահարմար երթուղին անցնում է Իրանի տարածքով։ Ուստի, անգամ անկախ Ռուսաստանի կարծիքից, Իրանը երբեք չի համաձայնի Անդրկասպյան խողովակաշարի անցկացմանը։ Իսկ եթե երբևէ Իրանում ռեժիմը դառնա արևմտամետ, Իրանի մերձկասպյան իջվածքով անցնող երթուղին շատ ավելի նախընտրելի կլինի, քան Անդրկասպյանը՝ և ինքնարժեքի, և՛ էկոլոգիայի, և՛ տեխնիկական լուծումների առումով։ Սակայն նման նախագիծը տեսանելի ապագայում զուտ հիփոթետիկ է։

Անդրկասպյան գազատարի նախագծի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը մոտավորապես 2011թ. կեսերից վկայում է, նախ, դրա քաղաքականացված լինելու մասին, և երկրորդ՝ որ այդ նախագիծը ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների (ինչպիսին է նախևառաջ Մեծ Բրիտանիան) կողմից դիտարկվում է որպես ռազմական հակամարտության կատալիզատոր Կասպյան տարածաշրջանում։ Կասպիան կամրջակ է հակամարտող երկու տարածաշրջանների՝ Կովկասյանի և Կենտրոնաասիականի միջև, դա հայտնի «անկայունության աղեղի» մի մասն է, որը, ի թիվս այլ բաների, միացնում է հետխորհրդային անկայուն հարավը Մերձավոր և Միջին Արևելքի հակամարտային գոտիների հետ։ Կասպիայում հիփոթետիկ հակամարտության առանձնահատկությունն այն է, որ այստեղ ներքաշված են ինչպես Կովկասի և Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունները, այնպես էլ Ռուսաստանը, Իրանը, անուղղակիորեն՝ Չինաստանը, որը շահագրգռված է Թուրքմենստանից և Ղազախստանից էներգառեսուրսների կայուն մատակարարումների ավելացման մեջ։

Հենց այս հարթությունում է անհրաժեշտ դիտարկել նաև ԱՄՆ աջակցությամբ հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում Կասպիայի առկա (և շարունակվող) ռազմականացումը։

Կասպիայում օտարերկրյա (ոչ կասպիական) ներկայության հարցը ներկա ժամանակի համար որոշվեց պետությունների ղեկավարների՝ 2010թ. նոյեմբերին Բաքվում կայացած Կասպյան գագաթաժողովում։ Այստեղ բոլոր հինգ պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրի համապատասխան՝ «անվտանգության ապահովումը Կասպիայում մերձկասպյան պետությունների առանձնաշնորհն է»։

Իրանի դիրքորոշումը Կասպիայի վերաբերյալ մեծ մասամբ ավելի աշխարհաքաղաքական է և ոչ թե տնտեսական։ Իրանի նավթի և գազի հիմնական հանքավայրերը կենտրոնացված են երկրի հարավային և արևմտյան շրջաններում, իրանական կողմը չի մշակում կասպյան շելֆը և մինչև հիմա ակտիվորեն հրաժարվում է Կասպիայում հետախուզական աշխատանքներ սկսելու ցանկացած առաջարկությունից։ Իրանի դիրքորոշման վրա կարող է ազդել միայն այս երկրի շուրջ ստեղծված միջազգային իրադրությունը։ Իրանի հետ համերաշխ Ռուսաստանը Կասպիայի կարգավիճակի խնդրի լուծման գործում ղեկավարվում է անվտանգության հարցերով՝ պնդելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում ամրագրել դրույթներ տարածաշրջանում երրորդ երկրների հայտնվելը թույլ չտալու մասին։ Հետխորհրդային տարածքի մի շարք երկրների հաշվին ՆԱՏՕ հնարավոր ընդլայնման և իր ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ հավակնությունների սցենարների շարունակվող քննարկման համատեքստում նման մոտեցումը զուրկ չէր հիմքից։ Ելույթ ունենալով Բաքվի գագաթաժողովում՝ Ռուսաստանի նախագահը ոչ երկիմաստ հասկանալ տվեց, որ եթե տարածաշրջանի երկրներն ինչ-որ պահի թուլացնեն փոխգործակցությունը, կասկած չկա, որ կասպյան հարցերով կցանկանան զբաղվել այլ պետություններ, որոնք ոչ մի կապ Կասպիայի հետ չունեն, բայց որոնց «հետաքրքիր է հայտնվել այստեղ՝ սեփական տնտեսական, ինչպես նաև քաղաքական խնդիրները լուծելու համար»։ Այս ակնարկն առաջին հերթին ակտուալ է Ադրբեջանի առնչությամբ, որը մերձկասպյան բոլոր պետություններից առավել սերտորեն է համագործակցում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ՝ ռազմական, այդ թվում և ռազմածովային ոլորտում։

Ռուսաստանի համար Կասպից ծովի միջազգային-իրավական կարգավիճակի որոշման հարցը տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ հետաքրքրություն է ներկայացնում էներգետիկ անվտանգության տեսակետից, ներառյալ, բնականաբար, նաև մրցակցության հարցերը համաշխարհային նավթագազային շուկայում։ Հատկապես Ադրբեջանի և Թուրքմենստանի կողմից անդրկասպյան խողովակաշարի ստեղծման տարբեր նախագծերի քննարկման համատեքստում։

Ղազախստանը Կասպիայում հակամարտային բոլոր նախագծերում համեմատաբար հավասարակշռված, զուսպ դիրքորոշում ունի։ Դատելով Նուրսուլթան Նազարբաևի՝ նոյեմբերի 21-ին Մոսկվայում, «ՌԻԱ-Նովոստի» և «Ինտերֆաքս» լրատվական գործակալություններին տված հարցազրույցների ժամանակ արած հայտարարություններից՝ Ղազախստանի արտաքին քաղաքականության մեջ նոր փուլ է սկսվել, որի կարևոր գիծն այսպես կոչված «բազմավեկտորության» շրջանակների նեղացումն է և տարածաշրջանացման միտումը, սեփական շահերի առաջմղումը նախևառաջ տարածաշրջանային մակարդակում, ներառյալ նաև ինտեգրացիոն գործընթացները։ Կարճ ժամանակում Ղազախստանը դարձավ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան ձևաչափով ինտեգրման գլխավոր (և առաջին) նախաձեռնողներից մեկը. սկզբում՝ Մաքսային միություն, հետո նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծում, որը պետք է վերաճեր Եվրասիական միության։ 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, չնայած ԵՄ ուժեղ ճնշմանը, Ղազախստանը հրաժարվեց մասնակցել Անդրկասպյան գազատարին։ Ե՛վ Նազարբաևն ինքը, և՛ Ղազախստանի պաշտոնական ներկայացուցիչները բացահայտորեն առճակատման մեջ չեն մտնում Արևմուտքի հետ, բայց դիվանագիտորեն հեռանում են Արևմուտքի առաջադրած խնդիրներից այն դեպքերում, երբ դա կարող է առճակատում առաջացնել Ղազախստանի և նրա տարածաշրջանային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի կամ Իրանի միջև։ «Նրա հեռանկարները շատ աղոտ են։ Սա առայժմ ընդամենը խոսակցությունների մակարդակում է։ Նախագծի վերաբերյալ լուծումներ չկան, էլ ինչ խոսենք նրա մասին»,- ասաց Նազարբաևը՝ ի պատասխան նախագծի մասին հարցի10։ Համաշխարհային զարգացման ընդհանուր միտումը՝ հեռացում գլոբալացումից դեպի տարածաշրջանացում, նշանակում է, որ տարածաշրջանի երկրները պետք է ինքնուրույն կառավարեն իրենց գործընթացները՝ բացառելով արտաքին, արտատարածաշրջանային միջամտությունը։ Այս ըմբռնումը չկա Բաքվում և Աշխաբադում։ Կասպյան գործընթացի թույլ օղակներն են Ադրբեջանը և Թուրքմենստանը։ Նրանց դիրքորոշումն Անդրկասպյան խողովակաշարի անցկացման վերաբերյալ, բացի նրանից, որ հակասում է նրանց իսկ ստորագրած բազմակողմանի համաձայնագրերին, պրագմատիկորեն այսրոպեական է և հակամարտածին։ Ադրբեջանական և թուրքմենական քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարությունները վկայում են, որ այս երկու կողմերը որոշակիորեն պատրաստ են կոնֆլիկտի Կասպիայում՝ ԱՄՆ-ի և Եվրոպական տնտեսական ընկերակցության աջակցության պայմանով։ Ընդ որում՝ կասպյան հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը հասկանում են, որ տարածաշրջանում ամերիկյան ներդրումների նպատակներից մեկն Իրանի դեմ հարձակման հարթակ ստեղծելն է։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի խոսքով՝ պաշտոնական Բաքուն հիանալի հասկանում է, թե ինչպիսին կլինեն այդ հարվածի հետևանքները։ «Եթե մենք ինչ-որ լուրջ քայլեր թույլ տանք այդ երկրի հանդեպ, ապա Ադրբեջանը կբախվի որոշակի հիմնախնդիրների և դժվարությունների։ Սակայն Կասպիայում լավ հնարավորություն կա ԱՄՆ-ի և Ադրբեջանի համագործակցության համար»,- հայտարարել է Ու.Ջաֆարովը։ Ըստ նրա՝ Իրանը և Ռուսաստանը շահագրգռված են Կասպիայի տարածաշրջանում երրորդ երկրների բացակայությամբ, բայց «եթե ամերիկացիներն ակտիվորեն օգնեն Ադրբեջանին, ապա այդ ժամանակ Ռուսաստանն այլ ելք չի ունենա, քան իրերի նման վիճակի հետ հաշտվելը»11։ Բայց եթե Թուրքմենստանն Ադրբեջանի հետ սկսի կառուցել անդրկասպյան խողովակաշարը, չի կարելի բացառել նաև իրանական, գուցեև ռուսական զինված ուժերի ակնթարթային ակտիվացումը, դիվերսիոն գործողությունը, այսինքն՝ (առայժմ) դիվանագիտական հակամարտությունից անցումը ռազմական հարթություն։

Կասպիայում ռուսական ռազմական պոտենցիալը, որը գերազանցում է մյուս բոլոր կասպյան պետությունների ընդհանրական հնարավորությունները, զրկում է նրանց տարածաշրջանում որևէ նախաձեռնողական քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից։ Ռուսաստանի և Իրանի հիմնական աշխարհաքաղաքական շահերի համընկնումը Ղազախստանի իրատեսական քաղաքականության հետ միասին պոտենցիալ հակամարտության հետաքրքիր փոխդասավորություն է ստեղծում։ 

 

* * *

Արդի աշխարհը թևակոխել է միջազգային ապաինտեգրման փուլ և այդպես էլ չստացված միաբևեռ աշխարհից արագ տեմպերով շարժվում է դեպի անբևեռ աշխարհ, որտեղ իշխանությունը բաշխված է ըստ ավելի կամ պակաս չափով միմյանց հավասար բազմաթիվ կենտրոնների։ Բայց այն, որ անբևեռ աշխարհն անկայուն է, միանգամայն ակնհայտ է, և վաղ թե ուշ նրան փոխարինելու կգա նոր երկբևեռ կամ բազմակենտրոն աշխարհակարգ։

Տրանզիտը միշտ կոնֆլիկտային է եղել, իսկ միջազգային կազմակերպությունների՝ 1990-ականների սկզբից ձգվող անգործունակությունը հակամարտությունների կարգավորման հարցում նշում է արդի դարաշրջանի գլխավոր խնդիրներից մեկը՝ անհրաժեշտ է արմատապես փոխել խաղի միջազգային կանոնները և մեխանիզմների որոնումը, որոնք կարող են ապահովել ինչպես ուժերի գլոբալ հավասարակշռությունն «անբևեռ աշխարհի» արդի պայմաններում, այնպես էլ գլոբալ, և որ կարևոր է՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծումը։

Տերությունների ազդեցության ոլորտները և արբանյակ երկրները միշտ եղել և մնում են միջազգային կյանքի փաստեր։ Միջազգային հարաբերությունների համաշխարհային համակարգի սրընթացորեն փոխակերպվող նոր իրողությունները պարզապես կրճատում են մանևրելու դաշտը հետխորհրդային լիմիտրոֆների քաղաքական էլիտաների համար իրենց արտաքին քաղաքական պլանավորման մեջ։ Դա հստակ երևաց 2008թ. օգոստոսին Կովկասում Ռուսաստանի գործողություններով, և դա առաջինն է այն պարադիգմերից, որը ստիպում է կասկածի ենթարկել լայն մանևրի այն քաղաքականության շարունակման հնարավորությունը, որն էլ հասկացվում է «բազմավեկտորություն» ասելով։ Գլոբալ խաղացողների հակամարտության իրավիճակը. ահա այն դաշտը, որտեղ տեղի կունենա միջազգային հարաբերությունների տարածաշրջանային ենթահամակարգի հետագա զարգացումը։

Անհրաժեշտ պարադիգմերից երկրորդն այն է, որ հիրավի ազգային շահերին համապատասխանող արտաքին քաղաքական ռազմավարության որոշման համար տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրին անհրաժեշտ է արտաքին խաղացողներից յուրաքանչյուրի տարածաշրջանային կարևորագույն շահերի օբյեկտիվ, ընդարձակ գնահատական՝ միջազգային իրավունքի վախճանման և միջազգային ինստիտուտների դեգրադացման պայմաններում, ինստիտուտներ, որոնք կարող են կամ ներքաշվել առանձին պետությունների (ՄԱԿ) քաղաքական պլանների իրականացման մեջ, կամ միջամտության գործիք դառնալ ինքնիշխան պետությունների գործերում (ԵԱՀԿ)։ Անհրաժեշտ է խոստովանել, որ Հարավսլավիայի արհեստական բաժանման, իսկ նորագույն ժամանակ՝ արդեն Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման նախադեպերը, Լիբիայում, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները նշանակում են. միջազգային իրավունքը, որն ի սկզբանե պարունակում է երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների հակասություն, արդեն ի վիճակի չէ կատարել միջազգային հարաբերությունների իրավական կարգավորողի դերը։ Եվ չկա ոչ մի երաշխիք, որ սահմանների վերաձևման և տարատեսակ անջատական նախագծերի ճանաչման նախադեպերը չեն կրկնվի աշխարհի ցանկացած տարածաշրջանում, ներառյալ Կենտրոնական Ասիան և Կովկասը։

Եվ վերջապես, երրորդ և ամենագլխավորն այն պարադիգմերից, որոնք տեսանելի ապագայում որոշելու են, առանց բացառության, բոլոր միջազգային գործընթացների զարգացումը։ «Հյուսիս-Հարավ» հայտնի դիխոտոմիային ավելանում է նորը՝ կապված ուժի առաջատար համաշխարհային կենտրոնների՝ ընդհանրապես ռեսուրսների և մասնավորապես՝ էներգառեսուրսների նկատմամբ վերահսկողության գլոբալ մրցակցության աճի հետ։ Արդի գլոբալ ֆինանսական ճգնաժամը միաժամանակ նշանակում է դասական լիբերալ դեմոկրատիայի ճգնաժամի սրում։ Գլոբալացումը հանգեցրեց մոդեռնի դարաշրջանի բոլոր ունիվերսալիստական նախագծերի՝ լիբերալ-դեմոկրատականի, սոցիալիստականի և այլն, վերջնական արժեզրկման։ Մոտ ապագայի իրականությունն այն աշխարհն է, որը կազմված է տոտալիտար և ավտորիտար ռեժիմներից12, որոնք մրցակցաբար հակադրվում են միմյանց կապիտալիզմի համակարգային ճգնաժամերի դեմ կոշտ պայքարում։ Իսկ ամեն տեսակ գլոբալ ճգնաժամ, որպես կանոն, ավարտվում է գլոբալ պատերազմով՝ աշխարհի վերակերտման ու վերաբաժանման համար։ Այսպես, նշված ճգնաժամային եռյակն ամփոփում է անխուսափելի պայքարն էներգակիրների և ռազմավարական այլ ռեսուրսների համար։

Ռեսուրսային և, ընդհանրապես, զարգացման պոտենցիալն աշխարհում չի աճում, այլ անկում է ապրում, ergo սրվում է մրցակցությունն ուժի առաջատար կենտրոնների միջև։ Այդ մրցակցությունը տարբեր գործիքների միջոցով՝ գլոբալացում, տարածաշրջանացում, դաշինքների ստեղծում, ուժերի և շահերի նոր հարաբերակցություն է առաջ բերում մեծ տերությունների միջև։ Արևմուտքում արդեն հնչում են (առայժմ, իհարկե, կիսապաշտոնական) կոչեր այն մասին, որ ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքը պատասխանատու դարձվի արտասահմանյան ռեսուրսների նկատմամբ անդամ երկրների իրավունքի և անգամ այդ երկրների ընկերությունների՝ այդ ռեսուրսների հանդեպ վերահսկողության և ներդրումների իրավունքի ապահովման համար։ Պետություն-կորպորացիաներն անխուսափելիորեն հակամարտությունների մեջ կմտնեն, ներառյալ նաև ռազմական, ինչպես մեկը մյուսի, այնպես էլ այն երկրների հետ, որոնք կփորձեն պահպանել իրենց ռեսուրսային անկախությունը։ Էներգակիրների սրընթաց աճող դեֆիցիտի պայմաններում ներկրումից կախված պետությունների առջև անխուսափելիորեն կկանգնի մատակարարումների ավելի հուսալի (քան պարզ շուկայական պայմանագրերն են) երաշխիքներ ստանալու խնդիրը, որը կարելի կլինի լուծել միայն մի եղանակով՝ ուժային մեթոդներով վիճարկելով արտահանող երկրների ազգային ինքնիշխանությունը։ Պատահական չէ, որ 20-րդ դ. վերջին սկզբունքորեն փոխվեց տեղի ունեցող պատերազմների և հակամարտությունների բնույթը։ Տարածքային և միջպետական պատերազմներին փոխարինելու եկան արտաքին գործոնի բավական մեծ միջամտությամբ հակամարտությունները։ Դրանք են՝ քաղաքացիական հակամարտությունները՝ արտաքին ազդեցությամբ, խաղաղարար գործողությունները և ազգամիջյան սահմանային հակամարտությունները՝ միջազգային զորակազմերի մասնակցությամբ, «հումանիտար ինտերվենցիաները» և այլն։ Հենց դրանք են դառնում այս կամ այն ռեսուրսն ունեցող ազգային պետությունների՝ ինքնիշխանությունից զրկվելու առավել արդյունավետ գործիքը։

Կենտրոնական Ասիան, ներառյալ Կասպյան ավազանը, այն տարածաշրջաններից է, որն ածխաջրածնային պաշարներ ունի, և թեև դրանց պոտենցիալը բավական հաճախ չափազանցվում է, այնուամենայնիվ, այն բավական է, որպեսզի տարածաշրջանը ոչ հեռու ապագայի գլոբալ հակամարտությունների կցորդից վերածվի գլոբալ հակամարտության հարթակներից մեկի։ Միջազգային բևեռացման դինամիկ խորացումն աշխարհաքաղաքական իրողություն է, որը կախված չէ public politique-ի դեկլարացիաներից։

Այս և մի շարք այլ աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական իրողությունների ընդունումն օրակարգ է մտցնում զարգացող և մինչև վերջ չկայացած երկրների (որոնց մեջ են մտնում, անշուշտ, Կենտրոնաասիական և Կովկասյան տարածաշրջանների երկրները) ազգային արտաքին քաղաքական հայեցակարգերում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։

 

1Տե՛ս Talbott Strobe. A Farewell to Flashman: American Policy in the Caucasus and Central Asia. Address at the Johns Hopkins School of Advanced International Studies. - Washington, DC, 21 July 1997.

2Blank Stephen. The United States and Central Asia// Central Asian Security, the New International Context. - Washington, D.C.: Brookings Institution Press, 2000. - P.130.

3General Intelligence Directory, «Ալ-Իսթահբարաթ ալ-Ամմա»։

4Ավելի ճիշտ՝ Unocal կարտելի գերակշռությամբ ստեղծված «Unocal, Delta Sign MOU with Gazprom and Turkmenrusgaz for natural gas pipeline project».

5Տե՛ս Князев А.А. О некоторых геополитических сценариях США в Афганистане и центральноазиатском регионе// Афганистан и безопасность Центральной Азии. Вып. 3/ Под ред. А.А. Князева. - Бишкек, Душанбе, 2006. - С. 71-75.

6Vassort-Rousset, Brigitte. The U.S. Silk Road Strategy: American Geostrategy For Central Asia// ARES. 2003. - No.50, January.

7Марта Олкотт. Размышления о политике США в Центральной Азии// Pro et Contra. - М., 2000. - Лето, 5, N 3.

8Տե՛ս Nichol Jim. Central Asia’s New States: Political Developments and Implications for U.S. Interests. Issue Brief for U.S. Congress// Foreign Affairs, Defense, and Trade Division. Congressional Research Service. - 2003, April. - P.14.

9Мамедов Р. Международно-правовой статус Каспийского моря: вчера, сегодня, завтра (вопросы теории и практики) // Центральная Азия и Кавказ. - Лулео, 2000. - N 9.

10РИА «Новости», 2011, 21 ноября. - http://ria.ru/interview/20111119/492544502.html

11Բաքու, 24 նոյեմբերի, SalamNews. - http://ru.salamnews.org/ru/news/read/94088/pssha-pitayutsya-zakrepitsya-na-kaspii-posredstvom

12«...Ավտորիտար կապիտալիստական երկրները, հանձին Չինաստանի և Ռուսաստանի, կարող են կենսունակ այլընտրանք ներկայացնել,... ինչը նշանակում է, որ լիբերալ դեմոկրատիայի վերջնական հաղթանակը և հետագա գերիշխումն անխուսափելի չեն... հաջողակ ոչ դեմոկրատական Երկրորդ աշխարհն այժմ շատերի կողմից կարող է դիտարկվել որպես ավելի հրապուրիչ լիբերալ դեմոկրատիայի այլընտրանքից»։ - Տե՛ս Азар Гат. Возвращение великих авторитарных держав. Конец конца истории// Россия в глобальной политике. - М., 2007. - N 4, Июль - Август. (По URL: http://www.globalaffairs.ru/numbers/27/8076.html)

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am