Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Նոյեմբեր 2011, N 11

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Ալեքսանդր Գարեգինյան, հրապարակախոս

20 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզից անհետացավ Խորհրդային Միությունը՝ աշխարհի երկու գերտերություններից մեկը։ Փլուզվեց ամուր երկբևեռ աշխարհը, երկրագնդի վրա քաոս սկսվեց՝ ակամա հաստատելով Հենրի Քիսինջերի խոսքերը. «Որքան ավելի են միմյանց մոտ գտնվում երկու գերտերությունների հրթիռները, այնքան ավելի ամուր է խաղաղությունն աշխարհում»։

Պարզ դարձավ, որ միաբևեռությունն ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղությունն աշխարհում. եթե իսկապես ընդունենք, որ սառը պատերազմի ավարտով աշխարհում հաստատվեց արևմտյան ընկերակցության տիրապետությունը՝  ԱՄՆ գլխավորությամբ, ապա պետք է ընդունել նաև, որ այդ տիրապետությունը նրանց ուժից վեր էր, որովհետև այն իրականությունը, որ տիրում է աշխարհում, հակառակն ապացուցել չի կարող։ Բայց աշխարհակարգի վերաբերյալ նախապատվություններ չենք արտահայտի, միայն ավելացնենք Հեգելի փիլիսոփայությունից, որ ոչինչ իրական չէ առանց իր հակադրության (այսինքն՝ լույսը գոյություն չունի առանց խավարի, խավարը՝ առանց լույսի, բարին` առանց չարի, չարն` առանց բարու և այլն). հետևաբար՝ ԽՍՀՄ և արևելյան բլոկի (Վարշավյան պայմանագրի կազմակերպություն) փլուզմամբ աշխարհը զրկվեց իրական գոյությունից, քանի որ անհետացավ պատմության բանականությանը համապատասխան աշխարհի բնական զարգացումն ապահովող հակադրություններից մեկը։

Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետխորհրդային տարածքում։ Ինչպե՞ս բնութագրել ԽՍՀՄ փլուզումը։ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունը համարում է խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ, և դրա հետ դժվար է չհամաձայնել։ Բայց որո՞նք էին այդ աղետի պատճառները։ Միանշանակ է, որ աշխարհում պատահականություններ չեն լինում, իսկ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում անպայման և անհրաժեշտաբար։ Այսպիսով, ԽՍՀՄ փլուզման մեղքը որոշ անհատների և նրանց հավակնությունների վրա բարդելը, ըստ իս, անլուրջ է։ Իհարկե, Գորբաչովից ազատվելու համար Ելցինը պատրաստ էր ոչ միայն ԽՍՀՄ-ը, այլ նաև ՌԽՖՍՀ-ն ցրել, սակայն նշենք, որ Ելցինի ձգտումները երբեք իրականություն չէին դառնա, եթե գլոբալ պատճառներ չլինեին, որոնք հանգեցրին մեծ կայսրության կործանմանը։ (Դժվար է պատկերացնել ամերիկյան նախագահին չսիրող ԱՄՆ մի քանի նահանգապետերի, որոնք ինչ-որ տեղ՝ Արիզոնայում, ստորագրում են Բելովեժյանը հիշեցնող համաձայնագիր Միացյալ Նահանգները կազմաքանդելու վերաբերյալ)։

Այդ կործանման մասին բազմաթիվ վարկածներ կան։ Անձամբ ես կարծում եմ, որ ԽՍՀՄ-ը՝ որպես Ռուսական կայսրության իրավահաջորդ, կատարեց իր պատմական առաքելությունը, այն է՝ նոր ազգերի և պետությունների ձևավորումը, իսկ երբ նախկին կայսերական ազգությունները հասան զարգացման այնպիսի մակարդակի, որը նրանց թույլ տվեց համաշխարհային ասպարեզ մտնել որպես ինքնուրույն պետություններ, ապա Խորհրդային Միությունը, փաստորեն, այլևս անելիք չուներ։ Այսպես, ղազախներն ու մոլդավացիները, բելոռուսներն ու ադրբեջանցիները, ղրղզներն ու թուրքմենները, այս բոլոր ազգությունները ձևավորվեցին որպես ազգեր խորհրդային դաշնության շրջանակում, և այսօր, ազգային պետություններ լինելով, դրանք կանգնեցին ազգային-պետական վերջնական կայացման ուղու վրա։

Այլևս փաստարկներ չեմ ներկայացնի ի պաշտպանություն վերն ասված գաղափարի, միայն ավելացնեմ, որ այս հարցի վերջնական պատասխանը պատմությունը կտա. ինչպես իրական չէր 5-6-րդ դարերում միանշանակ պատասխան տալ Հռոմեական կայսրության կործանման գլոբալ պատճառներին, այնպես էլ այսօր դժվար է իմաստավորել ԽՍՀՄ փլուզման պատմական նշանակությունը, քանի որ առայժմ հետևանքներ չկան, իսկ 20 տարին պատմական հետևանքներն իմաստավորելու համար՝ չափազանց քիչ է, թեկուզև այն պատճառով, որ դրանք քանակապես  բավարար չեն իմաստավորման համար։

 

* * *

ԽՍՀՄ փլուզումից և Անկախ Պետությունների Համագործակցության կազմավորումից հետո պետք է նոր միտում ի հայտ գար. կամ հետագա ապաինտեգրում, կամ նոր ինտեգրացիա։ Թեև ԽՍՀՄ և միասնական տնտեսական տարածքի փլուզումը ոչ մի հանրապետության որևէ լավ բանի չհանգեցրեց, այնուամենայնիվ, 1990-ականների ողջ ընթացքում իրական մերձեցման ոչ մի ազդակ չենք գրանցել։ Մյուս կողմից, հակառակ ուղղությամբ՝ հետագա ապաինտեգրման ճանապարհին, նույնպես արդյունքներ չկային. որոշ հանրապետությունների փորձերը՝ ձուլվել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, առայսօր ապարդյուն են։ Այսքան անբնական անորոշության պատճառը թաքնված է ԱՊՀ քաղաքական էլիտաների քաղաքական կամքի բացակայության մեջ։ Այսպես, եթե ապաինտեգրման գործընթացներին և որոշ հանրապետությունների՝ Արևմուտքի կամ իսլամական աշխարհի ուղեծիր մուտքին ուժգնորեն խոչընդոտում է Ռուսաստանը, ապա վերինտեգրման գործընթացների համար հիմնական պատնեշ են հանդիսանում ազգային էլիտաները։ Օրինակ, չուբայս-նեմցովյան ռուսական էլիտայի (որը Ռուսաստանում գերիշխող էր ընդհուպ մինչև Վլադիմիր Պուտինի գալը), Ուկրաինայի և Վրաստանի, Մոլդավիայի և մյուս պետությունների ազգայնական իսթեբլիշմենթի համար վերինտեգրման գաղափարն ինքը, որի նպատակակետն էր նոր միութենական կազմավորումը, գիշերվա սարսափի պես մի բան էր։ Այսպիսով, կարծում եմ, որ այսքան անբնական, առկախ իրավիճակն ԱՊՀ-ում ամբողջությամբ կարելի է վերագրել հետխորհրդային պետությունների էլիտաներին, որոնք տարբեր պատճառներով գտնվում են համաշխարհային քաղաքականության ուժի տարբեր կենտրոնների ազդեցության տակ և ի վիճակի չեն քաղաքականության մեջ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրենց իսկ ժողովուրդների կարիքների համար։

Իհարկե, հետխորհրդային էլիտաների վարքագծի հարցում չի կարելի անտեսել նաև քաղաքակրթական գործոնը։ Խորհրդային Միությունը բազմաքաղաքակրթության կայսրություն էր. առայսօր նրա նախկին հանրապետությունները տարուբերվում են արևմտյան քրիստոնեության և իսլամի, Արևմուտքի և Արևելքի միջև։ Միայն երեք հանրապետություն՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, ԽՍՀՄ փլուզմամբ բնականորեն ներգրվեցին հարազատ քաղաքակրթության մեջ։ Մյուսների ինքնորոշումը մինչև օրս դժվարին գործընթացի մեջ է։

Այսպիսով, ԱՊՀ-ն հարկ է համարել չկայացած կազմակերպություն, քանի որ մինչև օրս այն չի կատարել իր հավանական առաքելություններից և ոչ մեկը. եթե Համագործակցությունը կազմավորվել էր համեմատաբար քաղաքակիրթ բաժանման  ձևակերպման համար, ապա դա առայսօր չենք տեսնում, տեսնում ենք միայն որոշ անդամների անհաջող փորձերը՝ փախչելու Արևմուտք կամ էլի մի ինչ-որ տեղ. եթե ԱՊՀ առաքելությունը վերինտեգրումն էր հետխորհրդային տարածքում, այս անգամ՝ կամավոր և գիտակցված, ապա դրա նշանները նույնպես, ըստ էության, չենք տեսնում, բացի երեք պետությունների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) նախաձեռնությունից՝ վերջապես ձեռնամուխ լինել իրական գործերի։ Եվ զարմանալի չէ, որ ԱՊՀ-ում մենք տեսնում ենք տարածաշրջանային միավորումների համաշխարհային պրակտիկայում աննախադեպ երևույթներ. օրինակ, որևէ հարաբերության բացակայություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ռազմական գործողություններ Ռուսաստանի և Վրաստանի միջև (վերջինն այն ժամանակ դեռ ԱՊՀ անդամ էր), միանգամայն բարդ ռուս-մոլդավական, տաջիկա-ուզբեկական, ղրղզա-ուզբեկական հարաբերություններ։

Եվ զարմանալի չէ, որ բոլոր ինտեգրացիոն նախագծերն ԱՊՀ-ում դեռ սաղմնային վիճակում ձախողվել են, իսկ ստորագրված փաստաթղթերում մարմնավորում ստացածներն իրականության մեջ ոչինչ չարժեն։ Ավելի մանրամասն դիտարկենք այս հարցը։

 

* * *

Հայտնի է, որ ԱՊՀ ամենապրագմատիկ առաջնորդը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է։ 20 տարվա ընթացքում Նազարբաևը մեկ անգամ չէ, որ առաջադրել է գաղափարներ, որոնք օդուջրի պես հարկավոր էին հետխորհրդային տարածքի կործանվող տնտեսություններին։ Մասնավորապես, նրա նախաձեռնությամբ 1993թ. ստորագրվեց Տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը։ Այն ենթադրում էր վերջնարդյունքում ձևավորել ապրանքների, ծառայությունների և կապիտալների ընդհանուր շուկա։ Սակայն ԱՊՀ բոլոր ղեկավարների ստորագրած համաձայնագիրն ազատ առևտրի գոտու մասին այդպես էլ թղթի վրա մնաց. այն վավերացրին վեց պետություն, որոնց թվում չկային... Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը։ Կես տարի անց, 1994թ. մարտին, Նազարբաևը Մոսկվայում նոր նախագիծ առաջարկեց՝ կազմավորել պետությունների Եվրասիական միություն։ Նա դա պատճառաբանում էր նրանով, որ ԱՊՀ-ն չի արդարացնում իր վրա դրված հույսերը, իսկ նախկին ԽՍՀՄ ժողովուրդներին անհրաժեշտ էր դուրս գալ այն ընդարմացումից, որում հայտնվել էին 1991 թվականից հետո։ Իսկ 1998թ. Նազարբաևը Համագործակցության  պետությունների ղեկավարներին նոր նախագիծ առաջարկեց՝ ստորագրել լիարժեք պայմանագիր միասնական տնտեսական տարածքի մասին։ Արդյունքը՝ ոչ մի ուշադրություն ԱՊՀ ղեկավարների կողմից։

Ինտեգրացիոն գործընթացներն իբր զարգանում էին նաև նախկին ԽՍՀՄ եվրոպական մասում։ Արդյունքը Ռուսաստանի և Բելառուսի միասնական պետության ստեղծումն էր, որի մասին խոսում են բոլորը, բայց որի մասին ոչ ոք խելքը գլխին բան չգիտի։ Նշենք, որ այս նախագծի իրագործմանն ուժգին հակազդեցություն ցուցաբերեց ելցինյան «լիբերալ» շրջապատը, ինչպես նաև նրա համախոհ խորհրդարանական կուսակցությունները («Յաբլոկո»-ի տիպի)։

90-ականների կեսերին նախագահ Ելցինը, զգալով իր մինուսները` ի հետևանք միջազգային ասպարեզում Ռուսաստանի թուլացման և ԱՄՆ էքսպանսիայի, 1996թ. Ընտրությունների շեմին հայտարարեց, որ «չի եղել և չի կարող լինել միաբևեռ աշխարհ...» և այցով մեկնեց Չինաստան, որտեղ սկիզբ դրեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։ Այս կազմակերպությունը, իր շարքերում երկու մեծ տերություն, վիթխարի տնտեսական պոտենցիալ ունենալով, կարող էր 15 տարվա մեջ դառնալ աշխարհի ազդեցիկ ուժի կենտրոններից մեկը։ Սակայն մինչև այժմ ՇՀԿ-ի հետ քիչ են հաշվի նստում նույնիսկ տարածաշրջանային գործերում, իսկ պատճառն առանձին խոսակցության թեմա է։

Այնուամենայնիվ, ԱՊՀ-ում 20 տարվա մեջ հաջողվել էր ստեղծել մի քանի ավելի կամ պակաս գործուն կառույցներ։ Դրանց թվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական ընկերակցությունը, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային միությունը, որոնք մեծ հաշվով Եվրասիական միության ստեղծման վերաբերյալ լուրջ խոսակցությունների հիմք դարձան։

Սակայն այս կազմակերպությունների էության մանրակրկիտ դիտարկումը հանգեցնում է այն հետևության, որ դրանք ավելի շուտ դեկլարատիվ բնույթ են կրում։ Աշխարհաքաղաքական պոպուլիզմի վառ օրինակը ՀԱՊԿ-ն է։ Այն ստեղծվել է որպես ՆԱՏՕ-ի անալոգ՝ նման կանոնադրությամբ, որտեղ անդամներին վերագրվում է մարտական գործողությունների մեջ մտնելու պարտավորություն դաշնակցի կողմից՝ երրորդ կողմի ագրեսիայի դեպքում։ Նշենք, որ ՀԱՊԿ-ին, Ռուսաստանից, Հայաստանից և Բելառուսից բացի, անդամակցում են նաև Կենտրոնական Ասիայի իսլամական երկրները, որոնք միշտ և ամենուր միջազգային ասպարեզում արտահայտվել են հօգուտ Ադրբեջանի ղարաբաղյան կարգավորման հարցում (հավանաբար, իրենն է անում քաղաքակրթական, թյուրքական ազգակցությունը)։ Եվ նրանցից սպասել, որ կռմբակոծեն Բաքուն ադրբեջանական ագրեսիայի դեպքում, ըստ իս, քաղաքական էքսպրեսիոնիզմի գագաթնակետը կլիներ։

Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ ՀԱՊԿ-ին, մեղմ ասած, լուրջ չեն վերաբերվում ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, այնպես էլ Արևմուտքը, որը գերադասում է լուռ անտեսել աշխարհում նման ռազմաքաղաքական միավորման գոյությունը, ինչպեսև ՇՀԿ-ի դեպքում։ Համենայնդեպս, անձամբ ինձ հայտնի չէ պերմանենտ ռազմական սպառնալիքների գոնե մեկ դեպք Միացյալ Նահանգների դաշնակցի (ասենք՝ Բելգիայի) հասցեին երրորդ պետության (ոչ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ) կողմից։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...

 

* * *

2007թ. Մյունխենում, ելույթ ունենալով անվտանգության գծով միջազգային համաժողովում, Վլադիմիր Պուտինը, ՌԴ նախագահը լինելով, համաշխարհային հանրությանը հայտարարեց, որ Ռուսաստանն այսուհետ չի հանդուրժի միաբևեռ աշխարհի իրողությունները։ Դա ինքնատիպ ծրագրային ելույթ էր, և Արևմուտքը գիտակցեց դրա լրջությունն արդեն մեկ տարի անց, 2008թ. օգոստոսին, երբ ռուսական զորքերը կասեցրին Վրաստանի տարածքային ամբողջականության բռնի վերականգնման վերաբերյալ Պենտագոնում մշակված ռազմական պլանը։ Պուտինն, անկեղծ ասած, այնպիսի լիդեր է, որը կարողանում է համընթաց քայլել հանրային կարծիքի հետ. սկսած երկրորդ չեչենական կամպանիայից՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հանրային կարծիքն էլ ավելի հստակ էր արտահայտվում հօգուտ վերինտեգրման։ Եվ եթե Պուտինը՝ որպես մեծ տերության առաջնորդ, վերինտեգրման առանցքը տեսնում էր հիմնականում աշխարհաքաղաքականության և գլոբալ անվտանգության ոլորտում, ապա Ղազախստանի նախագահ Նազարբաևն այն դիտարկում է միայն տնտեսական պրագմատիզմի պրիզմայի միջով, թեև չի բացառում, որ ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել նաև քաղաքական ինտեգրման, ինչպես Եվրամիության դեպքում, որը մի ժամանակ Եվրոպական տնտեսական ընկերակցություն էր, «ընդհանուր շուկա»։ Ահա թե ինչ է գրում իր «Եվրասիական միություն. գաղափարից դեպի պատմության ապագա»1 հոդվածում Նազարբաևը հետխորհրդային տարածքում «բանականության արքայություն» ստեղծելու իր երկարատև փորձերի մասին. «Իմ մոտեցումը եվրասիականությանը, ընկալվելով 20-րդ և 21-րդ դարերի սահմանագծի կոնկրետ պատմական պայմաններով, հենվում էր հետևյալ սկզբունքների վրա։

Նախ՝ չժխտելով մշակութային և քաղաքակրթական գործոնների նշանակությունը՝ ես առաջարկում էի ինտեգրումը կառուցել նախևառաջ տնտեսական պրագմատիզմի հիման վրա։ Տնտեսական շահերը, այլ ոչ թե վերացական աշխարհաքաղաքական գաղափարներն ու կարգախոսներն են ինտեգրացիոն գործընթացների գլխավոր շարժիչը։ Ուստի, Եվրասիական միության ապագայի նախահիմքը միասնական տնտեսական տարածքն է՝ որպես մեր ժողովուրդների հաջող զարգացման մասշտաբային տարածք։

Երկրորդ՝ ես միշտ եղել և մնում եմ ինտեգրման կամավորականության կողմնակիցը։ Յուրաքանչյուր պետություն և հասարակություն պետք է ինքնուրույն գա այն ըմբռնման, որ գլոբալացվող աշխարհում իմաստ չունի անվերջ բավականանալ սեփական ինքնանկախությամբ և պարփակվել սեփական սահմաններում։ Կամավոր ինտեգրում՝ ելնելով ժողովրդի և երկրի շահերից. ահա բարգավաճում տանող ամենակարճ ճանապարհը։

Երրորդ՝ Եվրասիական միությունը ես ի սկզբանե տեսնում էի որպես պետությունների միավորում հավասարության, մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու, ինքնիշխանության և պետական սահմանների անխախտելիության հարգման հիման վրա։

Չորրորդ՝ ես առաջարկում էի ստեղծել Եվրասիական միության վերազգային մարմիններ, որոնք կգործեին կոնսենսուսի հիման վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մասնակից երկրի շահերը, կունենային հստակ և իրական լիազորություններ։ Բայց դա ոչ մի կերպ չի ենթադրում քաղաքական ինքնիշխանության հանձնում։ Սա աքսիոմա է։ Հենց այսպիսին էր Եվրոպական միության ստեղծման հաջող փորձը, որի հիմքը ինտեգրման գծով գործընկերների հավասարությունն էր։

Այս բոլոր ասպեկտները մանրամասն շարադրվել են իմ առաջարկությունների փաթեթում՝ ուղղված ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարներին։ Այն օրերին ես իմ եվրասիական նախաձեռնությանը բազմաթիվ դրական արձագանքներ ստացա գրեթե բոլոր հետխորհրդային երկրների հասարակություններից։ Բայց այն առարկայորեն քննարկելու պատրաստ չգտնվեցին քաղաքական գործիչները։ Գուցե դա օրինաչափ էր։ Երկար սպասված անկախության ձեռքբերման էյֆորիայի ալիքը թույլ չէր տալիս ԱՊՀ երկրների առաջնորդների այդ սերնդին տեսնել եվրասիական ինտեգրման գաղափարի երկարաժամկետ պոտենցիալը»։

Այսպիսով, Պուտինի և Նազարբաևի մոտեցումներում մենք տեսնում ենք որոշակի (թեև ոչ դեկլարատիվ) տարբերություն. եթե Նազարբաևն ասում է, որ Եվրասիական միության իր հայեցակարգի հիմքում «միշտ եղել և մնում է պրագմատիկ մոտեցումը, որը ժխտում է տնտեսության հանդեպ քաղաքականության բռնության ցանկացած ձև, ինչպիսի բարի մտադրություններով կամ նպատակահարմարությամբ էլ դրանք քողարկվեն...»2, ապա Պուտինը նույն կերպ է դատում, միայն թե փոքր-ինչ այլ ձևով. «Մենք առաջարկում ենք հզոր վերազգային միավորման մոդել, որն ի վիճակի կլինի դառնալ արդի աշխարհի բևեռներից մեկը և, դրանով հանդերձ, արդյունավետ «հանգույցի» դեր խաղալ Եվրոպայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան դինամիկ տարածաշրջանի միջև։ Դա նաև նշանակում է, որ Մաքսային միության և ՄՏՏ հիմքի վրա անհրաժեշտ է անցում կատարել տնտեսական և արժութային քաղաքականության ավելի սերտ համակարգման, ստեղծել լիարժեք տնտեսական միություն»3։               

Բնականաբար, Պուտինը հասկանում է, որ առանց քաղաքական հիմքի Եվրասիական միությունը չի կայանա և նրան կսպառնա ԱՊՀ ճակատագիրը, ինչի մեջ անձամբ նա շահագրգռված չէ, քանի որ այսօր կարիք չկա քողածածկույթ ստեղծել փլուզված ԽՍՀՄ-ի փոխարեն։ Իսկ «հզոր վերազգային միավորումը» չի գործի առանց կառավարման վերազգային մարմինների, ինչը ենթադրում է հրաժարում մասնակից երկրների ինքնիշխանության մի մասից։ Ստացվում է, որ ղեկավարվելով բացառապես տնտեսական պրագմատիզմով՝ առանց քաղաքական միության բան դուրս չի գա, քանի որ տնտեսական պրագմատիզմին համապատասխան զարգացումն անխուսափելիորեն կհանգեցնի, ասենք, միասնական տնտեսական տարածքի՝ միասնական մաքսային օրենսդրությամբ, միասնական արժույթով, միասնական դրամավարկային քաղաքականությամբ և այլն, և այլն։ Ինչպես տեսնում ենք, տնտեսական պրագմատիզմից մինչև քաղաքական միություն կես քայլ է, իսկ այլ տարածաշրջանային միավորումների պատմությունը դրա վառ հաստատումն է (օրինակ՝ Եվրամիությունը)։

 

* * *

Որքա՞ն հեռու կգնան Եվրասիական միության պոտենցիալ անդամները քաղաքական ինտեգրման գործընթացում։ Կարծում եմ` խելամիտ կլիներ այն մակարդակը, որն անհրաժեշտ է տնտեսակամ միության լիարժեք գործառնության համար, քանի որ այդ նիշից ցածր մակարդակը սպառնալիքի տակ կդնի բուն Եվրասիական միության գաղափարը։ Պետք է հուսալ, որ Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը քաղաքական կամք և քաղաքական պրագմատիզմ կդրսևորեն` իրականացնելու համար այդքան մասշտաբային նախագիծը։

Այնուամենայնիվ, հետխորհրդային ինտեգրման, ավելի ճիշտ`  դրա փորձերի պատմությունն այնքան էլ հուսալու տեղ չի թողնում, թե Եվրասիական միությունը կկայանա. չեն բավականացնում ոչ պոտենցիալ մասնակից պետությունների սուվերենությունը, ոչ որոշակիությունն էլիտաների ներսում, ոչ էլ քաղաքական կամքը։ Փոխարենը մեծ է Արևմուտքի` նախկին ԽՍՀՄ տարածքում քաղաքական իրականության գլխավոր ճարտարապետի դժգոհությունը...

 

* * *

Բայց ավելի լավատես լինենք և ենթադրենք, թե, այնուամենայնիվ, Եվրասիական միության գաղափարը քայլ առ քայլ կսկսի իրագործվել։ Ստորջրյա ի՞նչ խութեր են սպասում նրան այդ դժվարին ճանապարհին։

Կարծում եմ` Եվրասիական միության նախաձեռնողները պետք է խուսափեն այն սխալներից, որոնք թույլ են տվել Եվրամիության հիմնադիրները, այն է` կտրականապես չի կարելի ընդլայնել Եվրասիական միությունն ի հաշիվ ում ասես։ Օրինակ, այնպիսի պետությունների, ինչպիսին են Ղրղզստանը և Տաջիկստանը, տեսանելի ապագայում հակացուցված է (նկատի ունենալով մակրոտնտեսական կացությունը) անդամակցությունը կազմակերպությանը. դրանք Եվրասիական միության համար ծանր բեռ կդառնան` նման նրան, ինչ եվրոպական հին ընտանիքի համար դարձան Եվրամիության նոր անդամները։ Տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանը գուշակել է ԵՄ փլուզումը եվրոն մտցնելուց հետո` դա պատճառաբանելով նրանով, որ սկզբունքորեն անհնար է միասնական դրամավարկային քաղաքականություն իրականացնել գործազրկության, ինֆլյացիայի, ՀՆԱ-ի տարբեր մակարդակներ ունեցող պետությունների միությունում։ Թեև այսօր չենք տեսնում ԵՄ ընդլայնման հիմնարար սկզբունքների վերանայման մտադրություններ, այնուամենայնիվ, ճգնաժամը ԵՄ-ում և հատկապես եվրագոտում այսօր շատերին ստիպում է վերիմաստավորել 20-ամյա այն ճանապարհը, որը դրել է եվրոպական ընտանիքի արագացված ընդլայնման մեկնարկը։

Կարծում եմ` Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը պետք է երեքը միասին կազմավորեն Եվրասիական միությունը. նրանց տնտեսական զարգացման մակարդակը մոտավորապես նույնն է, նրանք չօգտագործված արտադրահզորությունների բավականաչափ, ինչպես նաև տնտեսական այլ պոտենցիալ ունեն, որն անպայման գործի կդրվի իրական միասնական տնտեսական տարածքի ստեղծման պարագայում։ Ինչ վերաբերում է մյուս պոտենցիալ անդամներին, ապա, կարծում եմ, այս հարցում պետք է սպասել։ Եվրասիական միության առավել հավանական մասնակիցներ (տնտեսական տեսակետից) մոտ ապագայում կարող են լինել Հայաստանը և Ադրբեջանը։ Սակայն երկու թշնամական երկրների մասնակցությունը միութենական կազմավորմանը, իհարկե, հիփոթետիկորեն անհնար է։ Միևնույն ժամանակ, պարզություն չկա անդամակցության վերաբերյալ նրանց մտադրություններում, թեև հայկական կողմն այս հաշվով հանդես է գալիս խրախուսական արտահայտություններով։ Կարծում եմ` Ադրբեջանն առանձնապես այնտեղ մտնել չի ձգտի, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա պետք է շտապի և դեկլարատիվ հայտարարություններից անցնի կոնկրետ գործերի, մանավանդ որ ընդունող կողմի համաձայնության առումով խնդիրներ չեն լինի։

Բայց մինչ այդ Հայաստանը պետք է կողմնորոշվի ինքն իր հարցում, գլուխ հանի ներքին քաղաքական իրականության անհեթեթություններից։ Այսօր Հայաստանն ապրում է հանուն ընտրությունների, տպավորություն է ստեղծվում` ասես Աստված այս պետությունն ստեղծել է միայն այն բանի համար, որ էլիտան զբաղվի ընտրություններով` այս կարևոր գործին ներգրավելով ամբողջ բնակչությանը։ Այնպես որ, առաջիկա մեկուկես տարում չարժե հայկական ղեկավարությունից կոնկրետ, իրական քայլեր սպասել Եվրասիական միության ինտեգրման գործընթացում։ Կսահմանափակվեն միայն հռչակագրերով։

Մեկ այլ խոչընդոտ էլ կա` արևմտյան ընկերակցությունը։ Հայտնի է, որ այսօր Արևմուտքը վիթխարի ազդեցություն ունի Հայաստանի ներքին քաղաքականության որոշման վրա, էլ չենք խոսում արտաքին քաղաքականության մասին։ Կկարողանա՞ արդյոք երկրի քաղաքական ղեկավարությունը դիմակայել արևմտյան ճնշմանը և հետևել սեփական շահերին։ Կկարողանա՞ արդյոք «մաքուր» դուրս գալ երկու ընտրարշավներից և չդառնալ քաշքշուկների օբյեկտ միջազգային ատյաններում։ Կկարողանա՞ արդյոք կանխել հասարակության երկփեղկումը հետընտրական շրջանում` չեզոքացնելով «ընդդիմության երկու տեսակները» և թույլ չտալով 2008թ. իրադարձությունների կրկնությունը։ Կկարողանա՞ արդյոք ինչ-որ կերպ կարգավորել գործերը տնտեսությունում և սոցիալական ոլորտում` սանձելով օլիգարխիայի աչքածակությունն ու բյուրոկրատիայի կաշառվածությունը։ Կկարողանա՞ արդյոք չտրվել ադրբեջանական սադրանքներին շփման գծում և խուսափել նոր պատերազմից։ Վերջապես, կկարողանա՞ արդյոք ինչ-որ չափով ձեռք բերել հանրային հենարան, առանց որի չափազանց դժվար է նոր նախագծեր նախաձեռնել միջազգային ասպարեզում։

Առանց այս և ոչ պակաս նշանակալի այլ հարցերի լուծման Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունն անիրական կդառնա. կլինեն միայն ջերմ դեկլարատիվ հայտարարություններ ինտեգրման և Ռուսաստանի հետ հարաբերությունների հանդեպ սիրո վերաբերյալ։ Իսկ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը` աշխարհամասի համար այսքան բարդ ժամանակաշրջանում` մեզ անհրաժեշտ է. միայն դեկլարատիվ հայտարարություններով այնտեղ հայտնվել մենք չենք կարող։

 

1http://www.izvestia.ru/news/504908

2Նույն տեղում:

3http://izvestia.ru/news/502761

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am