Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Նոյեմբեր 2011, N 11

ՊԱՎԵԼ ԼԻՍԻՑՅԱՆ - 100

«ԹԱՎՇՅԱ ԲԱՐԻՏՈՆԻ» ՏԻՐԱԿԱԼԸ

Նոնա Ոսկանյան, երաժշտագետ

Պավել Լիսիցյան…

Հայազգի մեծանուն երգչի ծննդյան հարյուրամյա հոբելյանը հրաշալի առիթ է հետադարձ հայացք նետելու բազմավաստակ արվեստագետի անցած ստեղծագործական ուղուն, թերթելու նրա երաժշտակատարողական կենսագրության հարուստ էջերը, մտովի վերհիշելու և կրկին հիանալու «բելկանտոյի վարպետի» ու «մեղեդու ասպետի» հրաշալի կատարումներով…

1939 թվական… Հայ արվեստի առաջին տասնօրյակ Խորհրդային Միության մայրաքաղաքում… Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի նորաստեղծ թատրոնը մոսկովյան հանդիսատեսին է ներկայանում իր խաղացանկի հայկական բեմադրություններով` «Ալմաստ», «Անուշ», «Լուսաբացին» օպերաներ, «Երջանկություն» բալետ…

Թաթուլի դերերգը Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում կատարում էր Պավել Լիսիցյանը: Դա քսանութամյա երիտասարդ երգչի փայլուն առաջնախաղն էր խորհրդային երկրի առաջատար Մեծ թատրոնի բեմահարթակում: Լիսիցյանի Թաթուլը հայրենասեր ու առաքինի, հայ իշխանի վառ կերպար էր, որն աչքի էր ընկնում մարդկային վեհ հատկանիշներով` ազնվությամբ ու վճռականությամբ: Իսկ երգչի բացառիկ ձայնը գերում էր ունկնդրին թավշյա այն հնչերանգով, որը հետագայում պիտի որակվեր իբրև «լիսիցյանական»:

Մասնագետներն իսկույն նկատեցին երիտասարդ երգչի բնատուր օժտվածությունը` անզուգական բեմական հմայքը, շռայլ երաժշտականությունը, դերասանական վառ խառնվածքը: Այս բեմելի հաջողությունը մեծ ճանաչում պետք է բերեր երիտասարդ երգչին ու նաև կառավարական բարձր պարգևներ` Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան և Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Իսկ մեկ տարի անց երիտասարդ երգչի կյանքում պետք է սկսվեր շրջադարձային նոր փուլ` Պավել Լիսիցյանը հրավիրվելու էր Մոսկվա, որտեղ նրան վիճակված էր դառնալ Մեծ թատրոնի առաջատար մենակատարներից մեկը, ձեռք բերել համաշխարհային ճանաչում և հասնել 20-րդ հարյուրամյակի վոկալ-կատարողական արվեստի բարձրագույն գագաթներին: Լիսիցյանի առաջին ելույթը Մեծ թատրոնում 1941թ. (Ելեցկի, Օնեգին) պետք է նշանավորվեր մասնագետների բարձր գնահատականով ու տպավորիչ արձագանքով:

Մինչ այդ Լիսիցյանն արդեն հասցրել էր կատարել բարիտոնային բոլոր գլխավոր դերերգերը Երևանի օպերային թատրոնում, ուր հրավիրվել էր դեռևս 1937 թվականին: Այստեղ աշխատելու երեքուկես տարիների ընթացքում նա հանդես էր եկել օպերային տասնհինգ դերակատարումներով` Թաթուլ (Ալ. Սպենդիարյան, «Ալմաստ»), Մոսի (Ա.Տիգրանյան, «Անուշ»), Օնեգին (Պ.Չայկովսկի, «Եվգենի Օնեգին»), Ելեցկի (Պ.Չայկովսկի, «Պիկովայա դամա»), Էսկամիլիո (Ժ.Բիզե, «Կարմեն»), Վալենտին (Շ.Գունո, «Ֆաուստ»), Ռոբերտ (Պ.Չայկովսկի, «Իոլանտա»), Տոնիո (Ջ.Պուչինի, «Պայացներ»), Միտկա ու Լեսնիցկի (Ի.Ձերժինսկի, «Խաղաղ Դոն»), Գրիգոր (Հ.Ստեփանյան, «Լուսաբացին»), Թովմաս (Ա.Այվազյան, «Ատամնաբույժն արևելյան») և այլն:

Իսկ ամեն ինչ սկսվեց դեռևս 1911 թվականին Վլադիկավկազում, երբ Գերասիմ Լիսիցյանի ընտանիքում ծնվեց մի մանչուկ, որին տվեցին պապի անունը` Պավել:

Պավել Լիսիցյան ավագը կառապան էր, հայրը` հորատող վարպետ: Մի որոշ ժամանակ անց ապագա երգչի հորը` Գերասիմ Լիսիցյանին հաջողվում է ընկերոջ օգնությամբ հիմնել ծխախոտի պարկուճների արտադրության ֆաբրիկա (անհրաժեշտ սարքավորումները Ֆինլանդիայից ձեռք բերելու համար դրամական միջոցները նրան տրամադրում է Բագրատիոնի Վախթանգովը` թատերական անվանի գործիչ Եվգենի Վախթանգովի հայրը): Սակայն հեղափոխությունից հետո ֆաբրիկան փակվում է, և հայրը վերադառնում է նախկին գործին:

Փոքրիկ Պավելի երաժշտական ընդունակությունները դրսևորվում են արդեն փոքր հասակից, և նա ինքնամոռաց տարվում է երաժշտությամբ. քառամյա մանչուկը գիտեր հայկական, վրացական, ռուսական, ուկրաինական և նեապոլիտանական բազմաթիվ երգեր: 9 տարեկանից երգում էր մանկական երգչախմբում, հաճախում երաժշտական դպրոցի թավջութակի ու դաշնամուրի դասարան, նվագում սիրողական նվագախմբում:

Առհասարակ, Լիսիցյանների ընտանիքում երաժշտությունը, տնային նվագածությունը կենցաղի անբաժան մասն էին: Թե՛ հայրը, թե՛ մայրը, թե՛ ավագ քույրը` Ռուզաննան, թե՛ փոքրիկ Պավելը սիրում էին երգել: Երգում էին հայկական եկեղեցու երգչախմբում: Ընտանիքում հաճախ էին հյուրընկալվում շրջիկ արտիստներ, և ընտանեկան հավաքույթները վերածվում էին հանպատրաստից համերգների:

Իննամյա դպրոցն ավարտելուց հետո ապագա երգիչը թողնում է հայրական տունը: Սկսվում է տասնհինգամյա Պավելի աշխատանքային ինքնուրույն ուղին, սկզբնական շրջանում` քոչվոր կյանքը երկրաբանահետախուզական, ալմաստի հորատման մի շարք տեղամասերում (1927-29թթ.): Բանվորական ամենատարբեր աշխատանքներին զուգահեռ, Լիսիցյանը մշտապես մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեությանը, մեներգում ժողովրդական երգչախմբերում: Ի վերջո, Թիֆլիսի երկրաբանական վարչության 18-ամյա վարպետին գործուղում են Լենինգրադի կոնսերվատորիայի այն ժամանակ գործող բանվորական ֆակուլտետ: Ընդունելության քննությունները դեռ չէին սկսվել, և Լիսիցյանն աշխատանքի է անցնում Բալթյան գործարանում (1930թ.)` որպես էլեկտրաեռակցող: Որոշ ժամանակ անց նա ընդունվում է Լենինգրադի Մեծ դրամատիկ թատրոն` որպես ստատիստ դերասան:

1932թ. տակավին երիտասարդ Լիսիցյանը հաճախում է վոկալի կանոնավոր պարապմունքների Մ.Լևիցկայայի ղեկավարությամբ և պատրաստվում ընդունվելու երաժշտական տեխնիկում: Վերջնականապես ձևավորվում է նրա ձայնի տեսակը` բարիտոն: 1932-1935թթ. նա արդեն տեխնիկումի ուսանող էր և սովորում է Զ.Դոլսկայայի դասարանում: Հենց այդ տարիներին էլ Լիսիցյանը ձայնամշակման դասեր է վերցնում նաև Ա.Օրֆյոնովի, Բատիստինիի մոտ, իսկ հետագայում, իր իսկ վկայությամբ, համագործակցում իր դաշնակահար-կոնցերտմայստերների` կոմպոզիտոր Ա.Դոլուխանյանի, Ա.Մերովիչի, Մ.Սախարովի, Բ.Աբրամովիչի, Ա.Երոխինի, Ն.Վալտերի, դիրիժորներ Ս.Սամոսուդի, Ա.Տեր-Հովհաննիսյանի, Ա.Մելիք-Փաշաևի, ռեժիսոր Բ.Պոկրովսկու և այլոց հետ:

Ուշագրավ է, որ բարձրագույն կրթության դիպլոմը Պավել Լիսիցյանը ստացել է` էքստեռն կերպով ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շատ ավելի ուշ` 1960 թվականին, երբ արդեն ուներ ամենաբարձր տիտղոսը` Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչումը (1956թ.):

Տեխնիկումում սովորելու տարիներին Լիսիցյանն ընդգրկվում է Լենինգրադի Առաջին երիտասարդական օպերային թատրոնի կազմում: Դժբախտաբար, թատրոնի կյանքը կարճատև էր, և նրա լուծարումից հետո Լիսիցյանը կրկին զուգակցում է ուսումը եռակցողի ծանր աշխատանքի հետ:

1933 թվականից սկսվում է Լիսիցյան-երգչի` արդեն որպես Լենպետթատրոնի համերգային-թատերական բյուրոյի մենակատարի, համերգային գործունեությունը: Բազում ելույթներ մշակույթի տներում, բանվորական ակումբներում, դպրոցներում…

Հաջորդ տարիներին` 1935-37թթ., Լիսիցյանն անդամագրվում է Լենինգրադի Փոքր օպերային թատրոնի երիտասարդական խմբին: Հենց այս թատրոնի պատերի ներսում է, որ Լիսիցյանը հիանալի դպրոց է անցնում: Թատրոնի գլխավոր դիրիժոր, օպերային արվեստի փայլուն գիտակ Սամուիլ Սամոսուդն իսկույն իր հովանու տակ է վերցնում երիտասարդ ու բազմախոստում երգչին, պարապում նրա հետ նույնիսկ ամենափոքր դերերգերը: Լիսիցյանի կյանքում այս տարիներին մեծ դեր են խաղում նաև Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ֆրից Շտիդրին, ինչպես նաև հայ անվանի խմբավար Արամ Տեր-Հովհաննիսյանը:

1936 թվականին Լենինգրադի Կապելլայի համերգասրահում Պավել Լիսիցյանը Ա.Մերովիչի նվագակցությամբ ներկայանում է առաջին մենահամերգով` կատարելով Բորոդինի, Բալակիրևի, Ռիմսկի-Կորսակովի, Գլազունովի ռոմանսները: Այդ ժամանակվանից ի վեր, իր երաժշտակատարողական ընթացքի հետագա տարիներին Պ.Լիսիցյանը համատեղում է օպերային մեներգչի գործունեությունը կամերային երգեցողության հետ:

 

* * *

Մեծ հայրենական… Հայրենասեր երգիչը չէր կարող անտարբեր մնալ երկրով մեկ ծավալված համաժողովրդական պայքարին: Պատերազմի առաջին իսկ օրվանից արդեն Մեծ թատրոնի մենակատար Պավել Լիսիցյանն անդամագրվում է թատրոնի համերգային բրիգադին, որը ելույթներ էր ունենալու տարբեր զորամասերում: Ռազմաճակատային համերգները երբեմն անցնում էին արկերի ներքո, տեղատարափ անձրևների տակ, օրական երեք-չորս անգամ: Ռազմաճակատում ու թիկունքում տված 500-ից ավել համերգների ընթացքում Լիսիցյանը կատարում էր նաև հայկական ժողովրդական երգեր: Այդպիսի մի կատարումից հետո մարտիկներից մեկը նրան է մեկնում դաշտային ծաղիկների մի փունջ: Այդ ծաղկեփունջը երգչի հիշողության մեջ մնաց որպես ամենաթանկը… Լիսիցյանի այդ տարիների համերգային գործունեությունը գնահատվեց մարտական տարբեր պարգևներով:

1941-ի վերջին առողջական ծանր վիճակում երգչին տեղափոխում են Երևանի հիվանդանոց, ուր նա երկար ժամանակ գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծին: Ապաքինվելուց հետո մի կարճ ժամանակ Պ.Լիսիցյանը հանդես է գալիս Երևանի օպերային թատրոնի բեմում: 1943-ից նա կրկին Մոսկվայում է:

Երգչի կատարողական գործունեության հետագա տարիներն աչքի են ընկնում ստեղծագործական բուռն կյանքով, նոր դերերգերի կատարմամբ, բազում հյուրախաղերով ու ելույթներով Միության բոլոր երեսուներկու օպերային թատրոններում, ամենուրեք ունկնդրի մշտական հիացական ընդունելությամբ:

Խոսուն է նրա բեմական կենսագրությունը. միայն Մեծ թատրոնում անցկացրած քսանվեց խաղաշրջանների ընթացքում (1940-1966թթ.) Լիսիցյանը երգել է 1800 ներկայացման մեջ` Ելեցկի (Պ.Չայկովսկի, «Պիկովայա դամա»), Օնեգին (Պ.Չայկովսկի, «Եվգենի Օնեգին»), Մազեպա (Պ.Չայկովսկի, «Մազեպա»), Ռոբերտ (Պ.Չայկովսկի, «Իոլանտա»), Ժերմոն (Ջ.Վերդի, «Տրավիատա»), Ամոնասրո (Ջ.Վերդի, «Աիդա»), Էսկամիլիո (Ժ.Բիզե, «Կարմեն»), Թաթուլ (Ալ. Սպենդիարյան, «Ալմաստ»), Արշակ (Տ.Չուխաջյան, «Արշակ Բ»), Նապոլեոն (Ս.Պրոկոֆև, «Պատերազմ և խաղաղություն») և այլն: Լիսիցյանի երգացանկում հավասարապես էին ներկայացված թե՛ լիրիկական, թե՛ դրամատիկ բարիտոնային դերերգերը: Հազվագյուտ էին նաև Լիսիցյան–օպերային երգչի անսամբլային զգացողությունը, վոկալ անսամբլն իր հյութեղ ձայնով ոչ թե ճնշելու, այլ լրացնելու կարողությունը:

Լիսիցյանի խաղացանկում կենտրոնական տեղ էին գրավում հատկապես Պ.Ի. Չայկովսկու հերոսները` ազնիվ ու անձնազոհ Ելեցկին, պատվախնդիր Մազեպան, կրքոտ Ռոբերտը: Առավել հաջողվածներից էր լիսիցյանական Օնեգինը, որի կերպարը երգիչը կերտում էր մի առանձին վարպետությամբ:

Նրա բեմական հաջողության գրավականը բոլոր հնչամասերում հավասարապես հնչող հրաշալի ձայնն էր, վոկալ արվեստին տիրապետելու բարձր կուլտուրան, մատուցման ներքին զսպվածությունը` մեկտեղված կատարման զգացմունքային ու ջերմ երանգների հետ: Մեծ թատրոնի բեմում Լիսիցյանի կերտած շուրջ 40 բեմական հերոսները, հիրավի, առանձնանում էին վոկալ ու դերասանական վարպետության իսկական ներդաշնակությամբ: Այդպիսին էին նրա Ժերմոնը, Ամոնասրոն, Էսկամիլիոն, մյուս հերոսները… Մամուլն ու մասնագետները միաձայն պնդում էին, որ դժվար է գտնել ավելի լավ Ժերմոն: «Լիսիցյանը երգում էր բացառապես թեթև, ազատ: Կատարումը կենսականորեն ճշմարտացի էր, զգացմունքային, և դրանով հանդերձ, մեր առջև էր ուղղամիտ ու զուսպ աշխարհիկ մի մարդ» (Ե.Իվանով, Մեծ թատրոնի դերասան):

Հիշարժան է 1959 թվականին Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրությունը Մեծ թատրոնում» Մարիո դել Մոնակոյի մասնակցությամբ: Աշխարհահռչակ տենորի կողքին նույն բեմում պակաս տպավորիչ չէր նաև Լիսիցյան-Էսկամիլիոն, որի յուրաքանչյուր բեմելը ուղեկցվում էր հանդիսատեսի բուռն օվացիաներով: Դել Մոնակոն հետագայում պիտի գրեր իր խաղընկերոջ մասին. «Նա ցուլերի հետ գործ ունեցող, կոպիտ մսագործ չէ, ինչպիսին սովորաբար լինում են արևմտյան թատրոնների տորեադորները: Նա բարեկիրթ է իսպանական ձևով: Այն ամենը, ինչ կատարվում է բեմում, արտիստն այդ ամենի տիրակալն է: Նա ինձ շատ դուր եկավ` հազվագյուտ գեղեցկության ձայն…»:

 

* * *

Պավել Լիսիցյանը խորհրդային առաջին երգիչն էր, որն սկսեց հյուրախաղերով հանդես գալ արտերկրում: Նրան անվանում էին «ընտրյալ որակի արտիստ, որի ելույթները միշտ մտածված են ու փայլուն»: «Թավշյա բարիտոնի» տիրակալին ծափահարել են աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներում` Ֆինլանդիա, Ավստրիա, Իտալիա, Բելգիա, Դանիա, Հոլանդիա, ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Իսլանդիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Գերմանիա, Չեխոսլովակիա, Լեհաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Պարսկաստան… Նա ելույթներ է ունեցել օպերային ամենահայտնի բեմահարթակներում, ամենաճանաչված երգիչների ու դիրիժորների հետ:

1960 թվականին խորհրդային երգիչներից նա առաջինը հանդես եկավ Նյու Յորքի աշխարհահռչակ Metropolitan Opera-ում Ամոնասրոյի դերերգով` նշանավոր երգչուհիներ Ջուլիետա Սիմիոնատոյի և Անտոնիետա Ստելիի խաղընկերությամբ: Հաջողությունը ցնցող էր` սպասվածից ավելին, իսկ բնութագիրը` «Թագավորական որակ»: Այդ կատարմանը հաջորդեց երգչի մենահամերգը հանրահայտ «Քարնեգի Հոլում»:

Հաղթարշավը շարունակվեց նաև Իտալիայում… Միլանյան նշանավոր La Scala-ի բեմում Մեծ թատրոնի հյուրախաղերի ընթացքում Լիսիցյանը հաջողությամբ ներկայացավ Ելեցկու և Նապոլեոնի դերակատարումներով:

 

* * *

Պ.Լիսիցյանը բազմիցս ընդգրկվել է միջազգային այնպիսի հեղինակավոր մրցույթների ժյուրիի կազմում, ինչպիսիք են Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա), Ռ.Շումանի, Յո.Ս. Բախի անվան (Գերմանիա) մրցույթները: 1977–ին նա արժանացել է Շումանյան մրցանակի (Ցվիկաու):

Հսկայական և ընդգրկուն էր Պավել Լիսիցյանի համերգային երգացանկը` շուրջ 1000 նմուշ: Նա հաջողությամբ կատարում էր և՛ հայկական, և՛ ռուս, և՛ հայրենական ու արևմտաեվրոպական հեղինակների գործեր` հնագույն ռոմանսներից ու ժողովրդական երգերից մինչև օպերային ծավալուն մեներգեր: Նրա լավագույն կատարումները, բազմաքանակ ձայնագրություններն այսօր էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում թե՛ մասնագետների, թե՛ սկսնակ երգիչների և թե՛ երաժշտասերների համար:

 

* * *

Լիսիցյանի վերջին ելույթը Մեծ թատրոնի բեմում 1966-ին էր` Նապոլեոնի դերերգով:

Պավել Լիսիցյանի ձայնը բացառիկ էր: «Ով գեթ մեկ անգամ լսել է այն, անկարող է մոռանալ այդ հազվագյուտ ձայնը», - խոստովանում են երգչի երկրպագուները` ընդգծելով լիսիցյանական բարիտոնի մեղմ թավիշն իր փոքր-ինչ կոկորդայնությամբ, «իտալականի» հնչերանգով ու «անսպառ» շնչառությամբ: Նա, թերևս, միակ բարիտոնն է աշխարհում, որը մեկ շնչով էր կատարում Ժերմոնի հանրահայտ մեներգի առաջին երեք ֆրազը: (Նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ խորհրդային երկրի ղեկավարներից Կլեմենտ Վորոշիլովը վոկալի դասեր է անցել Լիսիցյանի ղեկավարությամբ):

Լիսիցյանի վոկալ արվեստը ստացել է «թավջութակային ձայն», «հալված ոսկի» որակումները: «Երգող արվեստագետի» լիրիկական բարիտոնն առանձնանում էր բնական ձայնարտաբերմամբ, անսովոր գեղեցիկ ու լայնաշունչ երգայնությամբ: Լիսիցյանն ուներ նաև երգչական հիանալի արտաբերում, երգում էր համոզիչ ու անթերի:

Պավել Լիսիցյանը ջերմորեն կապված էր իր արմատներին. երգացանկում միշտ ուներ հայկական ժողովրդական ու հայ կոմպոզիտորների երգեր:

 

* * *

1967-73թթ. Լիսիցյանը դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, սկզբում` որպես դասախոս, ապա` որպես պրոֆեսոր և ամբիոնի վարիչ:

Նա մշտապես ցանկալի հյուր էր Հայաստանում: Չի եղել մի խաղաշրջան, որ նա հանդես չգար Երևանի օպերային թատրոնում: Հաճախակի էին նաև Լիսիցյանի համերգային ելույթները Երևանի համերգասրահներում և Հայաստանի տարբեր քաղաքներում, սկզբում` մենակ, այնուհետև` իր երգիչ զավակների հետ միասին:

Ավագ սերնդի երաժշտասեր ունկնդիրն ու մասնագետները ոգևորությամբ են հիշում Լիսիցյանների` իր տեսակի մեջ եզակի, ընտանեկան հրաշալի քառյակի բազմաթիվ ելույթները, հիանալի հյուրախաղերը տարբեր երկրներում: Մանկավարժ հոր կողքին երգում էին նրա ժառանգ-սաները` Կարինա, Ռուզաննա և Ռուբեն Լիսիցյանները: Մի առանձին հմայքով էր ներկայանում նաև Լիսիցյան-քույրերի զուգերգը: Իսկ թատերական արվեստի երկրպագուները հիշում են այս ընտանիքի ևս մեկ զավակի` երաժշտադրամատիկ ժանրի դերասան, բանաստեղծ-փիլիսոփա Գերասիմ Լիսիցյանի մենահամերգները: 

 

* * *

Լիսիցյան մարդուն անձամբ ճանաչողներն այսօր էլ սիրով ու ջերմությամբ են արտաբերում նրա անունը, ակնածանքով վերհիշում նրա տված մարդկային դասերը: «Անհնար է բառերով հաղորդել սիրո և պաշտամունքի այն զգացումը, որ տածում էր մեր սերունդը Պավել Գերասիմովիչի հանդեպ: Երկինք հասնող նրա ձայնը ծնում էր միայն հիացմունք, թրթիռ ու ներշնչանք… ». սրանք մեր օրերի սիրված երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի խոսքերն են:

Ժամանակակիցների վկայությամբ` Պավել Գերասիմովիչը մեծ մարդասեր էր, նրա բարեկամությանը ձգտում էին բոլորը, վայելում շատերը: Իր պարգևած բարության դիմաց նա երբևէ չէր ակնկալում որևէ հատուկ վերաբերմունք: Լիսիցյանն իր անձնական օրինակով բարություն էր սերմանում ամենուրեք, սովորեցնում սրտացավորեն վերաբերվել դիմացինին:

Լայնարձակ խորհրդային երկրի տարբեր անկյուններում հյուրախաղերով հանդես եկող համբավավոր արվեստագետն ամեն անգամ հայտնաբերում ու իր հետ Մոսկվա էր բերում նորելուկ, խոստումնալից երգիչների, աջակցում նրանց կայացմանը, հոգում նրանց առօրյա հոգսերը: Իր բազում սաներին նա փոխանցում էր ոչ միայն մասնագիտական բարձր գիտելիքներ, այլև շրջապատում նրանց անսահման հայրական հոգատարությամբ ու գորովանքով: Հայտնի է Լիսիցյան մանկավարժի բեղուն ու երկարամյա գործունեությունը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության բարձրագույն երաժշտական հաստատություններում, մասնագիտական խորհրդատվությունը Մոսկվայում, Մեծ թատրոնում: Նա կրթել ու դաստիարակել է երիտասարդ երգիչների, այդ թվում և միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիրների մի ամբողջ համաստեղություն: Նրանք ոչ միայն երախտագիտությամբ են հիշում իրենց ուսուցչին, այլև սրբորեն շարունակում են նրա ավանդները` օգնել մերձավորին, խրախուսել երիտասարդ տաղանդներին: «Լիսիցյան-մարդասեր» երևույթն առավել քան դաստիարակչական էր շրջապատի համար` անմիջապես օգնության ձեռք մեկնել նրան, ով դրա կարիքն ունի: Ուրիշի ցավը կիսելու, բեռը թեթևացնելու, վերջին դրամը տալու ունակությունը` սա էր Լիսիցյան անձնավորության ապրելու հավատամքը…

Մեծանուն երգչի երկրային կյանքն ավարտվեց 2004-ին:

 

* * *

Արտիստի կյանքը նման է ասուպի` փայլատակում է երկնակամարում ու թողնում իր ուրույն հետագիծը: Երկրային կյանքի հազար ու մի իրադարձություններով լի տարեգրության էջերն իրական արվեստի բոցկլտուն փայլատակումներ են և, միևնույն ժամանակ` սկիզբը նրա երկնային գոյության, որ նույնքան պայծառ է ու լուսավոր: Ժամանակն անզոր է այս պարագայում, քանզի մարդկային ոգու և նրա արարումի կենսահաստատ ուժն է ամենազորն ու անանցը…

Այդպիսին էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Պավել Լիսիցյանի անզուգական երգարվեստը, այդպիսին էր Պավել Լիսիցյան Մարդը, Ուսուցիչը, Արվեստագետը…

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am