Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Նոյեմբեր 2011, N 11

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (1875-1957)

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ1

 

1920թ. փետրվարի 29

Կիլիկիայում հայերի ջարդ, 20 000: Ուրեմն հավիտենական ջարդ. լինի Գերմանիայի տիրապետության տակ, թե այսօր Ֆրանսիայի: Հայության ճակատագիրն է - ջարդ, ոչնչացում, ո՜չ մի տեղից փրկություն: Հաղթական դաշնակիցներ, հաղթված թյուրքեր… և նորից ջարդ ու ջարդ:

Ամերիկան ճառում է մարդասիրությունից, Հայաստանի փրկությունից, բայց չուզեցավ մի փոքր զոհաբերություն, մի բանակ ուղարկելու Թուրքիա` պաշտպանելու հայերին:

Անգլիան զինադադար կնքեց, ինքը թյուրքերի հետ չդատարկեց  Հայաստանը,  զինաթափ չարեց թյուրք զորքը, և թողեց ամբողջ 16 ամիս Հայաստանը թյուրքերի ձեռքում, որ ավերեն, քանդեն, ոչնչացնեն մնացածներին. կովկասահայերից, պարսկահայերից կողոպտած հարստությունը թյուրքերը ժամանակ ունենան տեղափոխելու իրենց երկրի խորքերը… Եվ հազար ու մի խաղ խաղաց` Հայաստանը սահմանափակելու միայն Կովկասով…

Իսկ Ֆրանսիա՞ն… Կիլիկիան գրավեց և թույլ է տալիս սարսափելի ջարդերի, ինչո՞ւ չէ, ի՞նչ կորուստ ունի ինքը… խի՞ղճ - վագրի մոտ խիղճ ե՞րբ է տեսած…

Գերմանիային մեղադրում էին, թե թույլ է տալիս, որ հայերին ջարդեն - ինքը ի՞նչ է անում… Թշնամին կոտորում է քեզ ապավինած ժողովրդին, իսկ դու հրճվանքով Պոլիսն ես նրան ընծայաբերում. թերթերդ` վաճառված, կաշառված քո բերանը, քո հասարակության ձայնն ու խիղճը` պահանջում է Թյուրքիան թողնել անձեռնմխելի…

Լի՛րբ Ֆրանսիա, գնաց զինաթափ արեց հայերին, կամավորներին և զինեց քյուրդերին, թյուրքերին - գնաց Մուսթաֆա Քեմալին այցի և սիրաշահեց:

Խե՛ղճ, խե՛ղճ հայ ժողովուրդ, հազար անգամ ջարդված, խեղճ, մերկ, աղքատ, որբ, այրի, հիվանդ… նորից ջարդ… ի՜նչ գազան, գազանի սիրտ պիտի ունենան այդ թյուրքերը, որ… իրենց կողմից հազար ու մեկ անգամ ջարդվածին նորից են ջարդում…

…Ամբողջ մուսուլմանական աշխարհը իսլամի անունից Պոլիսն է պահանջում, իսկ քրիստոնյա մարդկությունը զոհ է բերում քրիստոնյա եղբորը իր շահի համար:

Երբ կարդում ես հայոց պատմությունը, տեսնում ես, որ ինչքա՜ն մարդը գազան է… տեսնում ես, որ բնավ գութ, խիղճ գույություն չունի, և մի մորթվող ազգ բարեկամ չունի անկեղծ:

 

1920թ. մարտի 8, Ժնև

Վերջապես մեր զոհերը Եվրոպան` պատերազմող կամ չեզոք` 0-ի արժեք չտվեց, այնինչ ամբողջ պատերազմի ընթացքում խոսեց  ու ճառեց մարդկության, խղճի, հատուցման վեհ գաղափարներից, նույնիսկ Ամերիկան շահագործեց մեր զոհերի մարտիրոսացումը իր բուրժուական աղտոտ նպատակը սրբագործելու համար. և այսօր նա, միսիոներների համար, նորից զոհում է հազար անգամ մորթված զոհին և գաղտնի հովանավորում գազան-թյուրքին: Այո, խոսեցին հումանիզմից, անարգեցին, թքեցին-մրեցին Գերմանիային, բայց երբ խաղաղությունը եկավ` ամենից շուտ դավաճանեցին հայ դատին. թյուրքերի հետ նպաստավոր պայմաններ կապեցին զինադադարի. չգրավեցին հայ նահանգները` դյուրություն ներկայացնելով թյուրքերին, որ ի գլուխ բերեն հայաջնջման ծրագիրը բոլոր-բովանդակ: Ամբողջ 16 ամիս շոյեցին հաղթական պետությունները թյուրքին, և այնպիսի մարդիկ, ինչպես Կլեմանսո, որ առաջ գրել էր ու պաշտպանել հայերին, բողոքել ու կատաղել, բայց երբ պիտի վճռեր, շահը կուրացրեց իր խիղճը և ծախեց իր հոգին:

Այսպես բոլորը:

Ամբողջ 16 ամիս նա մեր խնդիրքին, աղերսին չլսեց, ո՛չ զենք տվեց, ո՛չ հաց, ո՛չ պաշտպանեց ջարդերից, ո՛չ պատժեց ջարդարարներին, ուղղակի թքել չուզեց վրաներս:

Ուղղակի ամոթ, խիղճ, պատիվ չունեն պետությունները իրենց բուրժուազիայով, ո՛չ տված խոսքն են պահում, ո՛չ խոստումները հիշում…

Հայ պատմությունը մեզ մի բան է սովորեցնում անհերքելի կերպով - որ մարդ արարածը բորենի է, եսամոլ, անգութ, դաժան, որ դարդակ խոսքեր են` քրիստոնեություն, մարդկայնություն, սեր, գութ: Այլ կա մի կեղծիք - կուլտուրա` ծածկելու մարդկային հոգու գազանությունները…

Հայի սիրտը լիքն է հազար-հազար ծովերի դառնությամբ և վրեժը անսահման է իր` տիեզերքից մեծ վշտի չափ:

 

1920թ. մայիսի 14

Այսօր ամենավատ լուրերով օրն է… տաճիկ զորքերը Էրզրումից շարժվում են հայերի վրա, իսկ լիրբ, խաբեբա, սրիկա, անազնիվ Անտանտը մեր վրա թքել չի ուզում…

Հայաստա՛ն, Հայաստա՛ն, բոլոր ազգերի, բոլոր բորենիների զո՛հ և մեր հիմարներից խաբված զո՛հ…

 

1920թ. հունիսի 8, Ժնև

Հայ ժողովրդի անանուն տառապանքը, եթե գրելու լինի մարդը, պիտի միլիոն հատոր լեցնե, որովհետև միլիոն զոհի զարհուրելի պատմությունն է, որ պիտի պատմվի, ամեն մի զոհի տառապանքները մի հատոր կպարունակեն, սակայն, մի քանի խոսքով պատմելու որ լինենք, այսպես կլինի:

Անտանտը արդարության, ազատության, փոքր ազգերի ազատագրման` բազմիցս մեծադղորդ խոստումներով զարդարեց իրան, հայ ժողովուրդը, հավատալով այդ խոստումներին, կռիվ մտավ և ջարդվեց ու կոտորվեց. Անտանտը օգտագործեց այդ ջարդերը իր պատերազմական շահախնդիր նպատակների համար, աշխարհի համակրությունը գրավելու համար, խորամանկ կերպով իր սրտի դավերը իր ստոր դեմքի ժպիտներով ծածկելով: Եկավ զինադադարը. առաջին դավաճանությունը ծայրը ցույց տվեց. Հայաստանը չգրավեցին, դատարկել չտվին, ապա գնացին Կովկաս, զինեցին թաթարներին` նավթի համար` մեր դեմ, թյուրքերին շոյեցին… թույլ տվեցին Կիլիկիայի և Հայաստանի Հանրապետության ջարդերը, և ապա վերջը մեր արյունի գնով Կ.Պոլիսը գրավելով` ստիպում են մեզ մեր ուժերով, պատերազմով գրավելու տրվելիք հայ հողերը, որպեսզի մնացած հայությունն էլ կոտորվի թյուրք-թաթար-քյուրդ ոհմակների միջոցով: Ապա իրենց վատությունը արդարացնելու համար սկսեցին հային մեղադրել… Սրիկա՛ գրողներ, ժուռնալներ, սենատորներ և միսիոներներ` ամենքը կաշառված, վարձված, իսկ մամուլը` այդ յոթերորդ մեծ պետություն կոչված պոռնիկը, սկսեց հայերին դավել և թյուրքին գովել…

Ահա՛ այս ահավոր դավաճանությունը, պատմության մեջ չտեսնված, պատմության մեջ անունը չունեցող մի մեծ ոճրի հանդեպ:

Սո՛ւտ են մարդկայնություն, խիղճ, արդարություն, քրիստոնեություն խոսքերը. Եվրոպան գազան է և ավազակ, արյունարբու և ոճրագործ. խեղդել բոլորին, բոլորին… և ինքնասպան լինել, ջնջել այս լիրբ աշխարհից…

Թեև պոլիտիկայի մեջ հիշողություն չկա, բայց երբեք մոռանալու չենք Սան Ռեմոյի դավաճանությունը,- սրիկա Նիտտի, որ Միլերանի և Ֆոշի հետ երեք օր կռիվ մղեցին Էրզրումի շուրջը` թյուրքերին թողնելու համար:

Գարիբալդիի հայրենիքը մեզ դավաճանեց…

Ձեռք բերեցինք իրատեսություն: Իրերը տեսնել այնպես, ինչպես որ նրանք կան, իրական են, և ո՛չ թե մեր փափագների, երազների համաձայն:

 

1921թ. մայիսի 27, Վենետիկ

…Թուրքը կոտորեց մի ողջ ժողովուրդ, չարաչար կերպով, և Եվրոպան, նույնիսկ Ամերիկան արդարացնում է… Թուրքը սպանեց  մի ողջ ժողովուրդ, որը սիրում էր եվրոպական կուլտուրան, եվրոպացուն ցեղակից էր  և հավատակից եվրոպացուն. թուրքը կողոպտեց այդ ժողովրդին, ոչնչացնելով նրա կուլտուրան, հնությունները… և հիմա այդ Եվրոպան թուրքին գրկում է, համբուրում, ճաշեր տալիս, մամուլը գովում է, փառաբանում…

Ահա՛ եվրոպական քաղաքակրթությունը` շնական, բորենիական, վայրենի, բարբարոս մի քաղաքակրթություն…

Անհնար է որակել…

 

1921թ. օգոստոս

…Եվրոպացին թքեց իր տված հանդիսավոր խոստումների վրա, արված պառլամենտներում, տաճարներում, թագավորների և նախագահների բերնով: Մարտիրոս Հայաստանի անունով վարկաբեկեցին Գերմանիային, գրգռեցին չեզոքներին, ոգևորեցին իրենց զինվորներին, և նվիրագործեցին իրենց ավազակային պատերազմը, օգտվեցին հայ կամավորներով, հետո թքեցին հայի վրա, մնացորդները ջնջված մի ազգի մատնեցին նորից դահիճների ձեռքը:

Ասում են, թե կապիտալիստներն են մեղավոր, նրանք են պաշտպանում թյուրքին` իրենց տված փողերի համար և ապագայում թյուրքին շահագործելու  համար, հային նվիրում են թյուրքին` պարարտացնելու նրան,  սիրաշահելու, կաշառելու համար: Լավ: Ապա սոցիալիստնե՞րը,  նրանք, որ կռվում են խեղճերի, ճնշվածների դատի համար: Նրանք թող բողոքեին և պաշտպանեին: Սակայն նրանք էլ կաշառված են և լկտի. նրանք միշտ պաշտպանում են իրենց երկրի բուրժուազիայի արտաքին  շահերը, գաղութային պոլիտիկը. նրանք ուզում են, որ ուրիշ ազգերը` մանր, ճնշված` կողոպտվեն… Անգլիացի սոցիալիստը չի ուզենա զրկվել Հնդկաստանը շահագործելուց. այդ է պատճառը, լիրբ Հինդերսոնը կամ լիրբ Լոնգեն պահանջում էին, որ իրենց զինվորները հեռանան Հայաստանից և Կիլիկիայից. հոգ չէ, թե հայերը կջարդվեն. բայց, չեն պահանջում, որ նույն զինվորները հեռանան Ալժիրից, Թունիսից, Հնդկաստանից, Միջագետքից…

Մեր հանդեպ ամեն կուսակցություն քար ու գազան դարձան…

Ահավոր վիճակ, դժոխային կացություն:  Խաբված, լլկված, ջարդ ու փշուր եղած, սովալլուկ, համաճարակով ոչնչացող մի ազգ, որ Քրիստոսի խաչի սիրուն խաչվեց` հավատալով իր հավատակիցների խոստումներին, Հուդա եղան, և առանց խղճի  խայթի, որ Հուդան ունեցավ վերջեն…  

 

Հոկտեմբերի 22, Ազոլո

<…> Մենք ձգտում էինք ազատության` կռվելով, զոհվելով` հույսներս դրած քրիստոնյա, լուսավոր, քաղաքակրթված Եվրոպայի վրա. երեխայի պես հավատալով, թե Եվրոպան  Հայաստանը կազատե, թուրքին կպատժե. բայց մենք եվրոպացուն չէինք  ճանաչում. թուրքը հրաշալի է  ճանաչում նրան. հայությունը ջնջեց, վստահ լինելով, թե հաշիվ ուզող չկա իրենից, վստահ լինելով եվրոպացու քարսրտության, շահամոլության, կաշառակերության վրա…  Եվ չխաբվեցավ թուրքը… Նա հայությունը կոտորեց, կողոպտեց և այդ կողոպուտով կաշառեց եվրոպացուն` թերթ, մամուլ, սենատորներ, նախարարներ, միսիոներներ: Ինքը սրիկա է և հույսը սրիկաների վրա է, որով լցված է Եվրոպան <…>: Թյուրքը սպանեց հայությունը և ասում է, թե հայի քիթ չի արունել. և եվրոպացին ասում է` ճիշտ է: Թյուրքը ասում է` հայը վաշխառու է, ջհուդ է. և եվրոպական մամուլը, որ ջհուդների ձեռքին է, ասում է` այո՛, ճիշտ է: Թյուրքը ասում է` հայը կոտորեց մուսուլմաններին. եվրոպացին ասում է` ճիշտ է: Եվ ստանում է թյուրքից ոսկի` հայի արյունոտ ոսկին…   

 

Դեկտեմբերի 25, Վենետիկ

Եվրոպայի սրտովն եղավ` լուծեց Հայկական հարցը իր երազած կերպով. նրան պետք էր միայն թյուրքերով  բռնված երկիր, որ հոտի պես խուզե, հում նյութի երկիրը դարձնե: Այժմ մամուլ, գրող, կաթոլիկ կղեր, հրեա րաբբիներ, խախամներ ու խախամապետներ, հրեա թերթեր… բոլորը գովում են թյուրքին, ամերիկացի միսիոների հետ իրավունք են տալիս թյուրքին, ոգևորում Մ.Քեմալին, և հային քշում դահիճի դանակի տակ: Աստված, քրիստոնեություն, ցիվիլիզացիա, մարդկություն <…>  

 

Դեկտեմբեր

<…> Եվրոպան օձը նորից տաքացնում է մարդկության  կրծքի վրա <…>

Սո՛ւտ են եվրոպացիների գովեստները մեր մասին, նրանց ճառերը, սո՛ւտ. շա՛հն է միակ ղեկավարող ոգին նրանց գործերի և մտածումների: Մեր եղերավեպը նրանց համար հասույթի աղբյուր դարձավ. և մեր անորակելի, աննախընթաց ջարդերը միայն բազմացրին, աճեցրին  մեր դեմ ունեցած ատելությունն ու արհամարհանքը  և թյուրքասիրությունը իրենց ախտավոր հոգիների մեջ զարգացրին, իրենց այդ գարշելի  հեշտանքը: Մեր օրորոցի կաթնակեր մանուկներից սկսած մինչև ծերերն ու պառավները արյունով վճարեցին հայկական ազատագրության գինը, բայց Եվրոպան` ամենքը առանց  բացառության` յուրացրին  մեր այդ  արյունի գինը…

…Եվ մեր մեջ մեռավ  հավատքը դեպի մարդը, կուլտուրան, Աստված, մորալ, իդեալ <…> Եվրոպան մեր արյունը առուտուր դարձրեց…   

 

1922թ. փետրվարի 17, Վենետիկ

Հայկական հարցի վիժումը հասկանալու համար պետք է նկատի առնել մարդկային բնավորությունը. մարդը իր ծագումով գազան է, այսինքն էգոիստ, բարոյազուրկ մի արարած. անասունը իր քաղցը հագեցնելու համար ձեռքն ընկած արարածները  կհոշոտե առանց խղճի խայթի. ուտելուց հետո գոհ կպառկի. բարոյական օրենք գոյություն չունի նրա համար, այլ բնական օրենքը. ուժեղը թույլին պիտի ուտե: Սակայն մարդը ստեղծեց  ուրիշ աշխարհ, բարոյական մի աշխարհ բնականի վրա, ուր գրվեցավ բարոյական օրենքը - մի՛ սպանիր, մի՛ գողանար, սիրիր,  կարեկցիր,  լավություն արա, զոհաբերվիր. այսպիսով կռիվ հայտարարվեցավ  բնության դեմ. սակայն այս նոր մարդկային աշխարհը եղավ թույլ, գոնե հիմա` բնականի հանդեպ, և մարդը մնաց նույն գազանը. սակայն ավելի զինված ու կատարելագործված իր չարիքները խորամանկորեն հաջող իրագործելու (զենք, բերդ, թնդանոթ, թույն, դիպլոմատիա) և իր  գազանական  էությունը քողարկում է բարոյական ոսկե շղարշով, իպոկրիզի, կեղծություն` թե՛ ավելի խաբելու միամիտներին,  թե՛ հաճելի լինի միջավայրին և թե՛ հարկ  տված լինի բարոյականությանը, որովհետև վերջինս ընդունված է  և սրբագործված իբրև կրոն, մորալ և այլն` հիմքեր  հասարակական կարգերի:

…Թուրքիան ամերիկական  մի ընկերության հանձնել է երկաթուղիների  շինությունը. Ադանա – Դիարբեքիր – Բիթլիզ - Սասուն – Սվազ – Կարին - Վան. այդ այն խորհրդով է արել, որ Ամերիկային կապե իր շահերով Թյուրքիայի պահպանման մեջ. երբ որ Ամերիկան իր միսիոներների կոլեջների համար Թյուրքիայի ողջությունն է պաշտպանում  և հայերին  թաղում, իր կապիտալիստների համար ևս առավել: Արդեն Թուրքիան սկսել է Ամերիկայում զորեղ գործունեություն  իրանպաստ… թյուրքասիրության պրոպագանդ, հայատեցություն  ցանելով, և ավելի գործնական միջոցներով` մենաշնորհներով, կաշառքով:

Եվ  թուրքը… լավ կարդացել է և ճանաչել եվրոպացու հոգին, այսինքն  դժվար էլ  չէր. նա իր հոգին տեսավ կրկնված, մշակված`  եվրոպացու մեջ. և իր ճանաչողության ուղիղ կետի  վրա կանգնած - ջարդեց  հայերին, պատմության մեջ աննախընթաց  քանակով  և  վայրագությամբ. Եվրոպան բոռբռաց,  մարդկային  խոսքեր ասաց.  թուրքը քթի տակ  ծիծաղեց, ասելով.-«Սպասեցեք, ձեր վարձատրության օրը կգա, ի՞նչ  եք  իրար անցել. Հայ է մորթված, հո  դուք չե՞ք. ձեզ ի՞նչ, առեք ձեր մասը…»:

Եվ նրանց թշնամին, մեր բարեկամը իրավունք է  տալիս թուրքին, ասում է.- Այո՛, իրավունք ունիս, նրանք մեր կողմն էին, բայց… բայց…

Եվ այդ «բայց»-ը … կաշառքն էր…

Առավ մեր բարեկամը կաշառքը, և նրա  չունեցած խիղճը հանգստացավ,  որովհետև արդեն հանգիստ էր:

 

1Ավ. Իսահակյան, Հիշատակարան, Երևան, 1977:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am