Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Նոյեմբեր 2011, N 11

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՕՎՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

ԵՐԱԽՏԱՄՈՌ ԶԱՎԱԿԸ ԵԹԵ ՈՒՐԱՆԱ ՅՈԹԱՆԱՍՈՒՆԱՄՅԱ «ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ», ԿՈՒՐԱՆԱ ՆԱԵՎ ՔՍԱՆԱՄՅԱ «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

(Նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php-id=12708&l=A)

29.11.2011

Այսօր նոյեմբերի 29-ն է` Հայաստանի խորհրդայնացման օրը: Իսկ ո՞վ կհիշեր այդ մասին, եթե չլինեին այն մի խումբ կոմունիստները, որոնք դեռ դավանում են կոմունիստական գաղափարախոսությանը և այսօր իրենց համեստ ուժերով կազմակերպեցին կարմիր դրոշներով շքերթ, ինչն էլ առիթ հանդիսացավ, որ գոնե հայրենի լրատվամիջոցներն անդրադառնան օրվա խորհրդին: Երրորդ հանրապետության և նույնիսկ Առաջին հանրապետության մասին խոսելիս գոռում-գոչյունով հայտարարում ենք, որ անկախության տարեդարձն ենք տոնում: Իհարկե, անկախությունը շատ լավ բան է, ինչպես ասում են` անկախությունը բացարձակ արժեք է, բայց ինչո՞ւ ուրանալ այն յոթանասուն տարիները, որ հիմք դրեցին հենց այդ անկախությանը: Այսօր, իհարկե, հպարտանում ենք մեր անկախությունով, իսկ ո՞վ շահեց Հայաստանի անկախացումից` լֆիկսամոներն ու մականունավոր մյուս օլիգարխները: Փոխարենը խորհրդային գիտնականներն ու ինժեներները, երաժիշտներն ու մանկավարժները, բժիշկներն ու խորհրդային մտավորականության այլ կարկառուն ներկայացուցիչներ հայտնվեցին տաքսու ղեկին կամ «դախլի» հետևում: 

Իսկ խորհրդային այդ յոթանասուն տարիներն այն տարիներն էին, երբ գիտնականը կարողացավ գիտությամբ զբաղվել, մանկավարժը` մանկավարժությամբ, երաժիշտն էլ երաժշտությամբ: Իհարկե, անկախությունը նոր անուններ տվեց` համալրելով մեծանուն դեմքերի շարքը Լֆիկ Սամոներով, Ալրաղացի Լյովիկներով, Լիսկաներով, Չոռնի Գագոներով ու  Լեդի Հակոբներով,  այնինչ Խորհրդային Հայաստանի հետ են կապվում Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գոհար Գասպարյանի, Վիկտոր Համբարձումյանի, Վահրամ Փափազյանի, Ավետ Ավետիսյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի անունները, իսկ այդ շարքը կարելի է անվերջ թվարկել: 

Այսօր անշնորհակալ զավակի նման, երբ անկախ Հայաստանի ձեռքը, ինչպես ասում են, արդեն հասել է խաղողին, Երրորդ հանրապետության որդիները մոռացել են, թե ով է յոթանասուն տարի ծնողի նման  իրեն սնել, տաքուկ ու հարմարավետ անկյուն ստեղծել, որ Հայաստան զավակը կրթվի, զարգանա և միայն առաջ շարժվի: Այսինքն` միայն «առաջ, Հայաստան» ասելով չէ առաջընթացը, կամ բարգավաճ Հայաստան ասելով չէ բարգավաճումը: Տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը. «Խոզի գլուխը դրին խալիչային, նորից գլորվեց-ընկավ ցեխը»:

Այդ խորհրդային ժամանակների երախտամոռ զավակն այսօր մոռանում է, որ դրանք այն լավագույն տարիներն էին, երբ գիտությունն ու արդյունաբերությունը ծաղկունք ապրեցին: Ու եթե այն ժամանակ ասում էին` արդյունաբերական երկիր է Հայաստանը, ապա այսօր նույնիսկ ագրարային չի կարելի ասել:  Չունենալով բնական ոչ մի պաշար ու խոսելով ուղեղներով երկիրը զարգացնելու մասին` ակնհայտ է, որ այդ նույն ուղեղների գյուտերի բազմաթիվ օրինակները միայն խորհրդային ժամանակների հետ են կապվում:  Էլ չենք խոսում, թե ովքեր են այսօր արժանանում մեդալների ու շքանշանների` արժեզրկելով այդ կոչումները, իսկ ժողովրդական արտիստի կոչումը մեր օրերում ռաբիսի արքաների մենաշնորհն է դարձել:

Խորհրդային կրթության մասին խոսելն էլ պարզապես ավելորդ եմ համարում, քանի որ դրա պտուղները դեռ քաղում ենք: Մեր կողքին դեռ կան ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր խորհրդային կրթություն ու դաստիարակություն են ստացել, և որոնցից դեռ սովորելու շատ բան ունենք: Նաև չմոռանանք, որ նույն այդ անկախությունը ձեռք բերեցինք Խորհրդային Հայաստանում ծնված ու ապրած ժողովրդի ոգու և դաստիարակության շնորհիվ: Ուրեմն, երախտամոռ մի եղեք, հիշեք այս օրը, նշեք նույն ոգով ու ոգևորությամբ և կարմիրով գրեք օրացույցում:

Եվս մեկ նկատառում. լրատվամիջոցներն այսօր մատների արանքով նայեցին օրացույցի մեջ ժամանակի ընթացքում մոռացության մատնվող նոյեմբերի 29-ին, փոխարենն ավելի շատ խոսվեց Ստալինի աղջկա, նրա մահվան փաստի ու հանգամանքների մասին. ասել է թե` խորհրդային ժամանակների հետ կապվող մեր հիշողություններում առաջնայինը մնացել են Ստալինի անձն ու նրա շուրջ կատարվող իրադարձությունները, իսկ ո՞ր սանդղակի վրա են մեր ապրած յոթանասուն տարիները:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

ԼԵԳԵՆԴԱՐ ՍՅԱՄՈՆ ԵՎ ՆՐԱ «ԻՆՎԵՍՏՈՐՆԵՐԻ» ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ` ՈՐՊԵՍ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՈՐՈՆՈՂՆԵՐԻՆ

(Նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php-id=12550&fl=y&l=A)

22.11.2011

Ղարաբաղյան պատերազմի վետերանները մի ընդհանուր գիծ ունեն. նրանք բոլորն էլ ոչ ռազմիկ են, ոչ էլ հրամանատար, նրանք «քաղաքական գործիչներ» են այն իմաստով, որ իրենց քաղաքականությունից դուրս չեն պատկերացնում: Թվում է, թե զինվորականը պետք է բավարարվի իր ծառայությամբ և հեռու մնա քաղաքականությունից, այսինքն` խաղաղ ժամանակ պետք է ծառայի, պատերազմական ժամանակ` կռվի: Բայց այսպես է միայն նորմալ երկրներում, հայ զինվորականները հո ֆրանսիացի կամ ամերիկացի չեն, որ բավարարվեն շքանշաններով ու երախտագիտություններով, աշխատավարձով ու պարգևավճարներով, նրանց ավելին, այն է` քաղաքականությո՛ւն է պետք, որտեղ էլ իրենց հավակնությունները բավարարելու տարածք կա:

Մեծ հաշվով` հայ հրամանատարության փչանալու մեղքը պետք է դնել Լևոն Տեր-Պետրոսյանի վրա. այդ նա սկիզբ դրեց խմբապետության վերածննդին, որն առայսօր կործանում է երկիրը և կործանելու է մինչև վերջ, այսինքն` մինչև հայ պետականության վերացումը, ինչպեսև 1920 թվականին: Սկզբում Տեր-Պետրոսյանը թույլատրեց ստեղծել «Երկրապահ» միությունը` իբր հասարակական կազմակերպություն, բայց իրականում ռազմականացված ավազակային կազմավորում, որը մտադիր էր որոշակի իրադրություններում օգտագործել ներքաղաքական իրականությունում (1995-96թթ. ընտրությունների խայտառակ իրադարձությունները, որոնցում առանցքային դեր խաղաց «Երկրապահ» միությունը, բոլորին են հայտնի), իսկ այնուհետև` 1994-ին, մարտական գործողությունների ավարտից հետո, երբ հաղթանակողները վերադառնում էին Ղարաբաղից, Ազգային անվտանգության խորհրդի նիստում, սպարապետ Վազգենի մատուցմամբ, որոշվեց «հրամանատարներին» սեփականություն և շահութաբեր տեղեր տալ իշխանական հիերարխիայում, և որ գլխավորն է` տալ իրավական իմունիտետ, այսինքն` գոյության իրավունք իրավական դաշտից դուրս: Այսպես ծնվեց զինվորական օլիգարխիան, երևույթ, որը չափազանց կործանարար է հասարակության և պետության համար: Տեր-Պետրոսյանը, ուսյալ մարդ լինելով, իհարկե, գիտակցում էր զինվորական օլիգարխիայի ողջ կործանարարությունը պետության համար, բայց թքած ուներ պետության վրա: Նա, սակայն, չէր էլ կասկածում, որ դրա առաջին զոհը հենց ինքն է դառնալու, ինչն էլ մենք հաճույքով արձանագրեցինք 1998թ. փետրվարին:

Ավելորդ է ասել, որ քաղաքակիրթ և իրենց հարգող պետություններում զինվորականներին հայտնվող միակ երախտագիտությունը շքանշաններն են և առաջխաղացումը ծառայության մեջ: Որևէ այլ բարիքի մասին խոսք լինել չի կարող: Բայց 90-ականների և ներկայիս Հայաստանը քաղաքակիրթ պետություն չէ, դրա համար էլ զինվորականներին, շքանշաններից ու կոչումների բարձրացումից զատ, այլ բարիքներ էլ տրամադրվեցին` ուրիշ մտադրություններով, և զինվորական օլիգարխիան այդ ժամանակվանից ի վեր սասանում է պետության հիմքերը` քաղաքական գործընթացի լուրջ (թեկուզև ստվերային) մասնակից հանդիսանալով:

Զինվորական օլիգարխիայի հատկանշական գիծը, որը բնորոշում է նրա էությունը, թերևս, նրա բարոյալքումն է, ինչն արտացոլվում է զինված ուժերի մարտական ոգու վրա և քայքայում նրա բարոյական հիմքերը: Զինվորական օլիգարխիայի ներկայացուցիչները զինված ուժերի էլիտան են, անկախ այն բանից` գտնվո՞ւմ են զինվորական ծառայության մեջ, թե՞ ոչ, և հուսալ, որ զինվորական օլիգարխն ի վիճակի կլինի կռվել մարտական գործողությունների վերսկսման դեպքում` չափից ավելի միամտություն կլինի: Իրենց առանց շքախմբերի ու թիկնազորի չպատկերացնող զինվորական օլիգարխները, որոնք չեն կարող քաղաքացիական բնակչության հանդեպ բռնարարքներ չգործադրել և չզբաղվել ստվերային ձեռներեցությամբ, այս կյանքում ի վիճակի են միայն մի բանի` կազմաքանդել բանակը և սպայությունը, հասարակությունը և պետությունը:

Զինվորական օլիգարխիան, ինչպես վերը նշեցինք, ներքին քաղաքականության լուրջ ակտոր է, իսկ ընտրաշրջաններում` հանգուցային դերակատար: Դրա համար էլ զինվորական օլիգարխիան իրեն քաղաքականությունից դուրս չի պատկերացնում, իրավական դաշտի մեջ` նույնպես, իսկ եթե նրան ինչ-որ բան չի հերիքում, համապատասխան միջոցների է դիմում: Հետևաբար` զինվորական օլիգարխիան պիտանի է ամեն ինչի, միայն թե` ո՛չ զինվորական ծառայությանը և Հայրենիքի պաշտպանությանը:

Մենք խոսում ենք հանրահայտ ճշմարտությունների մասին, որոնց, բնականաբար, տեղյակ է երկրի քաղաքական ղեկավարությունը: Սակայն, ինչպես տեսնում ենք, վերջինս չի պատրաստվում վերացնել զինվորական օլիգարխիան: Չի պատրաստվում, որովհետև միշտ նպատակ ունի ներքաղաքական գործընթացում օգտագործել այն ի նպաստ իր շահերի:

Հասկանալի է` ճիշտ չէր լինի կարծել, թե զինվորական օլիգարխիան խաղաղ, ներդաշնակ միջավայր է, որտեղ չկան խնդիրներ և հակասություններ: Այստեղ նույնպես ներքին «ռազբորկաներ» են լինում, երբեմն էլ` «ռազբորկաներ» քաղաքական ղեկավարության հետ, որոնց արդյունքում որոշ անհատներ խաղից դուրս վիճակում են հայտնվում: Օրինակը լեգենդար Սյամոն է, այսպես կոչված Սամվել Բաբայանը, որի ձեռքերը, ազատության մեջ դուրս գալուց հետո, քոր են գալիս անգործությունից, և որը չգիտի ինչով զբաղվի, ինչով իրեն բավականություն պատճառի: Հիշեցնենք, որ կորցրած դիրքը, փողերը, բիզնեսում ունեցած տեղը վերադարձնելու բոլոր փորձերը` իշխանություն մտնելու միջոցով, Սյամոյի համար ավարտվել են ձախողմամբ, և նա ստիպված անցել է ոչ ավանդական գործողությունների:

Դրանց էությունը ախմախներ գտնելն ու նրանց համոզելն է, թե իբր շուտով նա օգնելու է Քոչարյանին իշխանության գալ, և այդժամ կգա բոլոր «ստորացվածների» ու «հանիրավի շնորհազրկվածների» ոսկե դարը: Բայց Քոչարյանի վերադարձի համար փող էր պետք, որը Սյամոն վերցնում էր ախմախներից, ընդ որում` մեծ քանակությամբ: Առանձնապես տուժածների մեջ սպարապետ Վազգեն Սարգսյանի նախկին զինակից Ալբերտ Բազեյանն է, որը, չնայած Քոչարյանի հետ վաղեմի թշնամանքին ու նրա հանդեպ ատելությանը, այնուամենայնիվ, որոշեց ռիսկի դիմել ոչ միայն «համեստ խնայողությունները», այլև բնակարանը տալով (պրն Բազեյանը հանուն բարձր գաղափարների սիրահոժար գրավ դրեց բնակարանը բանկում, որն այսօր նույն սիրալիրությամբ խլում է այն նրանից): Սյամոյի մյուս «ներդրողներից» է պրն Ճոյտը` նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը Քոչարյանի շնորհիվ զրկվեց գրեթե ամեն ինչից (հիշեցնենք, որ նախագահի թիկնազորի աշխատակիցների հետ կռվից հետո երկրի քաղաքական իշխանությունը Հակոբյանից խլեց գրեթե ողջ բիզնեսը` միայն մի քանի բենզա- և գազալցակայաններ և էլի մի քանի մանր-մունր բան թողնելով): Նշենք, որ պրն Հակոբյանի համար այն ծանր տարիներին միայն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը փորձեց պաշտպանել բարեհաճությունից զրկված օլիգարխ պատգամավորին: Եվ հավանաբար, Սարգսյանի հենց այդ պաշտպանության համար էլ պրն Հակոբյանը որոշեց հանդես գալ պետության գործող ղեկավարի դեմ` պրն Սյամոյի հետ դաշինք կազմած: C’est la vie, կասեին ֆրանսիացիները, իսկ երկրի նախագահի համար օգտակար կլիներ ազատ ժամանակ խորհրդածել կյանքի փոփոխականության շուրջ:

Ինչպես հայտնի է, առայսօր երկրի նախագահ է աշխատում Սերժ Սարգսյանը, այսինքն` պրն Սյամոյին չի հաջողվել իշխանության վերադարձնել երկրորդ նախագահին, հետևաբար` քաղաքականության ու դրանից բխող քաղցրություններին ծարավ քաղաքացիների ներդրումները չաշխատեցին: Իսկ ինքը` պրն Սյամոն, երկար ժամանակ երկրում չէր, հավանաբար` վախենալով դժբախտ «ավանդատուների» հաշվեհարդարից: Սյամոյի բացակայության ողջ ընթացքում ներդրողները փորձել են շտկել դրությունը. ասում են` պրն Բազեյանը նույնիսկ նախագահի մոտ է եղել և աղի արցունք թափել` ողբալով դառը ճակատագիրը, բայց` անհաջող: Պրն Հակոբյանն այդ ընթացքում փորձել է շտկել բաց թողածը «Օրինաց երկիր» մտնելով, հետո էլ այնտեղից դուրս գալով: Ինչ վերաբերում է Սյամոյի մյուս հաճախորդներին, ապա նրանց մասին խոսելու ոչ ժամանակ կա, ոչ էլ ցանկություն, ասենք միայն, որ նրանք բավական շատ են...

Եվ ահա, օրերս լեգենդար Սյամոյի որդին թերթերից մեկին հայտնել է, որ հայրը շուտով վերադառնալու է, ինչպես նաև հպարտ տեղեկացրել, որ իրենք «պրոբլեմ չունեն»: Իհարկե, Սյամոն պրոբլեմ ունենալ չի կարող, պրոբլեմներ ունեն միայն այն պետությունը` ի հետևանք նրա հերոսական կենսագործունեության, որտեղ ծնվել ու մեծացել է նա, և բազմաչարչար այդ պետության քաղաքացիները...

Ինչ վերաբերում է Սյամոյի «ներդրողների» ողբերգական ճակատագրին, ապա պետք է հուսալ, որ այն նախազգուշացում կհանդիսանա հանուն մեծ փողերի ու մեծ հավակնությունների մեծ քաղաքականություն մտնելու բոլոր սիրահարների համար, ինչպես նաև կօգնի հասկանալ, որ «ոչ միայն քաղաքականութեամբ է մարդ կեցո», քանի որ կյանքում հետաքրքիր շատ բաներ կան նույնիսկ նրանց համար, որոնք, ինչպեսև Սյամոն ու նրա հաճախորդները, ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեն: 

 

ԳՐԻԳՈՐ ԱՂԱՆՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ՞, ԹԵ՞ ԳԵՆԵՐԱԼՍԿԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ

(Նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php-id=12169&fl=y&l=A)

04.11.2011

Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին,

Քան թե հավատա գեներալի երդումին:

Նմանություն Իսահակյանին

 

Ինձ` որպես ՀՀ շարքային քաղաքացու, շատ է հուզում, թե ինչ շահեց կամ կորցրեց մեր երկրի ոստիկանությունը գնդապետ Ալիկ Սարգսյանի նշանակմամբ և գեներալ-լեյտենանտ Ալիկ Սերգեյիչի պաշտոնանկությամբ: Շահելու կամ կորցնելու մասին դեռ վաղ է ասելը, բայց ստանալու հարցում ամեն ինչ պարզ է: Հայաստանը ստացավ հերթական գեներալին, այն էլ` երկու մեծ աստղանի, որը համալրեց հայ «պանծալի» գեներալների կոհորտան:

Ոստիկանական և, ընդհանրապես, ՀՀ ուժային կառույցները գեներալախեղդ անելու քսանամյա գործընթացը հասել է մի հանգրվանի, որից հետո նախանշվում է երկու ճանապարհ. կամ մարշալական նորաբաց շքերթ, կամ երկրի գենարալաթափում: Չգիտեմ` կլինե՞ն արդյոք Հայաստանում մարշալներ, բայց որ ամեն տոնի կամ կիսատոնի առիթով երկրաչափական պրոգրեսիայով կհարստանա գեներալ-մայորների, գեներալ-լեյտենանտների ու գեներալ-գնդապետների անվերջ ցուցակը` փաստ է:

Նորանկախ Հայաստանում բոլոր գեներալներին անուն առ անուն գիտեինք, և ձեռքի մատները բավական էին նրանց հաշվելու համար: Գեներալն ի՜նչ է, գնդապետների ու փոխգնդապետների քիչ կարելի էր հանդիպել, եղածներն էլ թոշակի անցած և տարիքն առած մարդիկ էին: Բայց հոգ չէր, մեր բանակը հաղթեց, Արցախն ազատագրվեց, և արդեն 17 տարի է, որ մեր հարևանները հոխորտում են և սպառնում մեզ հերթական պատերազմով, բայց բնազդաբար հիշում են անցյալը և «անգեներալ» հայոց բանակի հասցրած կործանիչ հարվածները:

Արցախյան պատերազմից հետո սկսվեց գեներալական աննախադեպ շքերթ, որն ակամայից հետահայաց համեմատությունների գայթակղություն է առաջացնում: Խորհրդային տարիներին քաղաքացիական պատերազմում աչքի ընկած մի շարք կիսագրագետ «քաջարի» հեծելազորայիններ կանգնեցին բանակաշինության գլուխ և ստացան մարշալական աստղեր, բայց Հայրենական պատերազմի առաջին ամիսները ցույց տվեցին, որ սրանց գիտելիքներն ու ռազմական հմտությունները, մեղմ ասած, զրոյական արժեք ունեին, և գերմանական տանկային կորպուսների դեմ նագանով վազող մարշալը ավելի շատ նման էր մահապարտ-խելագարի, քան թե լուրջ զորապետի: Բախտի բերմամբ, թե պատահմամբ (այս դեպքում` ստորաքարշությամբ և մատնագրերով Ստալինին հաճոյացմամբ) մարշալական աստղեր ստացածների ապաշնորհությունը ԽՍՀՄ ժողովուրդները հատուցեցին  բազում միլիոնավոր զինվորների և խաղաղ բնակչության կորստի գնով:

Հարսանեկան, ռեստորանային (ՀՀ-ում այդպիսին էլ կար ի դեմս Վաղարշակ Հարությունյանի), կռազա-կամազաշոֆերային  գեներալների բանակին որպես հավելում մեր երկրում կան նաև ավազահանքերի (խնդրում եմ չխառնել բրազիլական գրականության դասականի հերոսների հետ), աղբանոցների, ներկրողների և այլ տիպի գեներալներ: Մի խոսքով` Հայաստանի գեներալականացումը սկիզբ ուներ, բայց վերջը կարծես չի երևում: Էս տեմպերով որ գնաց, գուցե հայոց բանակի գումարտակները հերիք չանեն և դրանց թիվն ավելի պակաս լինի, քան մեր գեներալներինը:

Ընդհանրապես, գեներալախեղդ արված երկրների դառը պատմական փորձը ցույց է տալիս, որ լամպասների առատությունը ոչ մի լավ բան չի խոստանում տվյալ երկրի ժողովրդին և նույնիսկ տնտեսությանը: Պսպղուն մետաղներով կուրծքերն ու ուսադիրները զարդարած լամպասավոր պարոնների հոծ բանակը կերակրելը թանկ է նստում տվյալ երկրի բնակչության վրա: Եթե սրան էլ գումարենք նաև այն  ակնհայտ օրինաչափությունը, որ գեներալներով առատ երկրներում սույն պարոններն իրենց անհագուրդ ախորժակը հագեցնելու համար պետական կերակրատաշտակը չափազանց նեղ համարելով` ռազմաքաղաքական օլիգարխիայից սահուն անցում են կատարում դեպի տնտեսական օլիգարխիա, ապա պատկերացրեք, թե ինչ է սպասվում տվյալ երկրի հարկատուներին ու, ինչու չէ, նաև երկրի ապագա զարգացմանը: Օրինակների համար հեռու գնալ պետք չէ, և միայն մի թեթև ծանոթությունը եգիպտական վերջին իրադարձություններին հնարավորություն է տալիս հասկանալու գեներալականացված օլիգարխիկ համակարգի անատոմիան, նրա «պերճանքն ու թշվառությունը»: Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ արգենտինա-անգլիական հակամարտության ժամանակ մամուլում հետաքրքիր փաստ հրապարակվեց: Պարզվում էր, որ Արգենտինայում երկու անգամ ավելի շատ գեներալներ կային, քան ՆԱՏՕ բոլոր երկրները` միասին վերցրած: Անգլիական մի քանի ռազմանավերի և ծովային հետևակայինների ոչ մեծ ջանքերի շնորհիվ գեներալախեղդ արգենտինական բանակը խայտառակ պարտություն կրեց և գերի ընկավ «երկաթե լեդիի» հրամանատարությամբ գործող զորքերին: Պատմական փորձն ակնհայտորեն վկայում է, որ գեներալներով առատ կամ գեներալախեղդ երկրներում մեծ է խունտայական կառավարման համակարգի վտանգը, և արդյունքում` ժողովրդավարություն կոչվածի բոլոր դրսևորումների բնաջնջումը: Հետաքրքիրն այն է, որ շատ երկրների քաղաքացիական ղեկավարությանը հավատարմության երդում տված գեներալները շատ արագ երդմնազանց էին լինում և կազմակերպում էին լամպասավորների դավադրություն:

Թող հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ես նման ճակատագիր եմ կանխագուշակում մեր երկրին ու նրա քաղաքական ղեկավարությանը և ինչպես ժողովուրդն է ասում` բայղուշություն եմ անում: Քավ լիցի: Բայց երկրի չափազանց գեներալացման վտանգի մասին չխոսելն էլ բարոյական չեմ համարում: Ուժային կառույցների գեներալները` դեռ գնան ու գան, ինչ-որ տեղ և ինչ-որ ձևերով սրանց նույնիսկ կարելի է սանձել կամ զսպել (հիշենք 2008թ. կռազա-կամազային որոշ գեներալների պահվածքն ու դրանց տրված համազոր պատասխանը), բայց ավազահանքերի, աղբանոցների և ոլորտային տարազան գեներալների հարցն առավել վտանգավոր է ոչ միայն երկրի տնտեսական, այլև քաղաքական ապագայի համար: Կասկածելի անցյալով և ոչ պակաս կասկածելի տնտեսական հզորության տիրապետող «թագավոր ախպերների» ու «գեներալ տղերքի» քաղաքական նկրտումները և ժողովրդահաճո կեղծ հայրենասիրությունն ու բարեպաշտությունը քաղաքական դաշտում դրված ականից կամաց-կամաց կարող են վերածվել կործանարար և ավերիչ ուժի: «Թագավոր ախպերների» առատության զոհ Հայաստանը դարձել է հեռու անցյալում, բայց պատմական հիշողությունը դաժան բան է, որը չի ներում իր հետ հաշվի չնստողներին: Արաբական լուծը երեկ-մյուս օրը թոթափած Հայաստանը 10-11-րդ դարերում ծվեն-ծվեն եղավ տեղական արքայիկների ջանքերով, և շուրջ հազար տարի իր բուն տարածքներում մեր ժողովուրդը զրկվեց սեփական պետություն ունենալու հաճույքից: Ներկա պայմաններում, որքան արագ և արդյունավետ կարողանա մեր երկրի քաղաքական ղեկավարությունն ազատվել «թագավոր կամ գեներալ ախպերներից» կամ գոնե զսպել դրանց քաղաքական անհագուրդ և հիմնազուրկ ախորժակը, այնքան մեծ կլինի հայոց պետականության ողնաշարն ամուր պահելու հավանականությունը: Թե ինչ ճանապարհով կամ միջոցներով կարելի կլինի համեմատաբար անցնցում իրագործել այս գործընթացը` միայն տեխնիկայի հարց է, որի գլխավոր բաղադրիչը քաղաքական կամքի առկայությունն է: Իսկ որ այդ քաղաքական կամքը կա և շատերին շոկի մեջ գցելու աստիճանի քայլերով է ապացուցվում` վկան վերջին օրերի պաշտոնաթողությունները իշխանության բարձրագույն էշելոններում:  Իմ համեստ կարծիքով, երկրում ուղղակի, թե անուղղակի տեղի է ունենում «գեներալաթափում», որը պետք է տրամաբանական շարունակություն ունենա և հասցվի ճիշտ հանգրվանի:

Ես արյունռուշտ կամ վրեժով լցված մեկը չեմ, որ պահանջեմ տարբեր ոլորտների գեներալների «համատարած կոտորած», բայց որ սրանց սանձելն ու նրանց մի մասից ազատվելն արդեն պահի ու ապագայի հրամայականն են` շատ պարզորոշ է ու հասկանալի:

Մեր երկրում պետք է մորատորիում հայտարարվի տարաբնույթ գեներալական կոչումների, աստիճանների, պաշտոնների և նույնիսկ ձգտումների հանդեպ, քանզի գեներալախեղդ եղած մեր հասարակությունն այլևս ի վիճակի չէ ազատ շունչ քաշելու (հնում բժշկական պրակտիկայի մեջ տարածված էր շնչահեղձ լինող հիվանդից արյուն բաց թողնելը):

 

Հետգրություն 1

Վլադիմիր Գասպարյանին ոստիկանապետ նշանակելու դեռևս, գոնե ինձ համար, միակ ուրախալի փաստն այն է, որ մարդն այս պաշտոնին եկավ արդեն ունենալով լամպասներ և գեներալական ուսադիրներ, թե չէ գնդապետ Ալիկ Սարգսյանի գալուց հետո նրա գեներալ-մայոր և նույնիսկ գեներալ-լեյտենանտ տեղակալները «ծուռ էին նայում» իրենցից կոչումով ցածր պետին: Համ էլ փառք Աստծո, մեկ գեներալով ևս «չհարստացավ» մեր գեներալախեղդ ոստիկանական համակարգը:

 

Հետգրություն 2

Ավազահանքերի, աղբանոցների, ներկրումների, կամազա-կռազաշոֆերային գեներալներին և տարատրամաչափ «թագավոր ախպերներին» ու «արքայիկներին» մի փոքրիկ ու անկեղծ բարեկամական խորհուրդ. զսպեցե՛ք ձեր ախորժակները, քանզի մեծ ուտողը մեծ էլ արտաթորում է (ափսոս ժողովրդական այս բանաձևի վերջին բառը պատշաճ չէ ուղիղ ձևով գրելը. հասկացողը, կարծում եմ, լավ էլ ընկալեց այս իմաստությունը և հասկացավ, թե «առակս զինչ ցուցանէր):

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am