Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հունվար 2012, N 1

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ ՔՐՈՆԻԿԱ

Եվ այսպես, համաշխարհային քաղաքականության ևս մեկ տարի պատմություն դարձավ։ Մեր հոդվածում մենք կդիտարկենք 2011-2012թթ. հանգուցակետում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները։

Անցած տարվա դեկտեմբերի գլխավոր նորությունն, անկասկած, կարելի է համարել խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում։ Դեկտեմբերի 4-ին ռուսաստանցիները վեցերորդ գումարման պետդումայի պատգամավորներ էին ընտրում։ Քվեարկության արդյունքները, առաջին հերթին, տհաճ անակնկալ մատուցեցին իշխանական կուսակցությանը՝ «Единая Россия»-ն («Միասնական Ռուսաստանը») կորցրեց խորհրդարանի ստորին պալատի «մոնոպոլիան»։ Նախորդ գումարման պետդումայում ЕР-ն ուներ սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ կարող էր օրինագծեր ընդունել՝ առանց հաշվի առնելու մյուս կուսակցությունների կարծիքը։ Իսկ հիմա, ինչպես քվեարկության արդյունքների հրապարակումից հետո հայտարարեց «Միասնական Ռուսաստանի» գլխավոր խորհրդի քարտուղար Սերգեյ Նևերովը, նոր գումարման պետդումայում «լուրջ բանավեճ» կվարվի, եդինոռոսները, օրինագծերը քննարկելիս, ստիպված կլինեն պայմանավորվել մյուս կուսակցությունների հետ։

Մյուս կողմից՝ քվեարկության արդյունքներն իշխանության հակառակորդների, ընդդիմադիր տրամադրված ուժերի և ռուսական հանրության քաղաքականապես ակտիվ հատվածի դժգոհության առիթ հանդիսացան։ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում բողոքի գործողություններ տեղի ունեցան քվեարկության արդյունքների հետ կապված։ Ընտրությունների մասնակիցները բավական արմատական էին տրամադրված՝ պահանջելով նոր, ազնիվ ընտրությունների անցկացում։ Բողոքողներին անհապաղ իր զորակցությունը հայտնեց Վաշինգտոնը՝ հանձին ամբողջ աշխարհում դեմոկրատիայի անխոնջ մարտիկ տիկին Հիլարի Քլինթոնի։ Մի խոսքով՝ իրադրությունը Ռուսաստանում անհանգիստ էր, բողոքի ակցիաները բավական բազմամարդ էին, փորձագիտական շրջանակներում նույնիսկ հնչում էին կանխատեսումներ նոր քաղաքական իրավիճակի ձևավորման մասին, իսկ ոմանք է՛լ ավելի հեռուն գնացին՝ տեղի ունեցողն անվանելով «դեկտեմբերյան զարթոնք» և զուգահեռներ անցկացնելով «արաբական գարնան» հետ։

Ռուսաստանյան իշխանությունները, սակայն, բավական հանգիստ և պրագմատիկ էին տրամադրված. Արևմուտքում հնչող հայտարարություններին Մոսկվան պատասխանեց կոշտ՝ նման հարձակումներն անվանելով «իրավիճակի խախտում դրսից» և «պետության ներքին գործերին միջամտելու փորձ»։ Ինչ վերաբերում է անմիջականորեն հասարակության դժգոհ հատվածի ելույթներին արձագանքելուն, ապա, ինչպես հայտարարեց վարչապետ Վլադիմիր Պուտինը, «այն, որ մարդիկ արտահայտում են իրենց տեսակետը, խոսում երկրում, տնտեսությունում, սոցիալական ոլորտում, քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացների առիթով, դա միանգամայն նորմալ է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն ինչ գործում է օրենքի շրջանակում»։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, Facebook-ի իր էջում գրել է հետևյալը. «Սահմանադրությամբ Ռուսաստանի քաղաքացիները խոսքի և հավաքների ազատություն ունեն։ Մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց դիրքորոշումը, ինչն էլ երեկ արեցին։ Լավ է, որ ամեն ինչ անցավ օրենքի շրջանակում։ Ես համաձայն չեմ հանրահավաքներում հնչած ոչ կարգախոսների, ոչ հայտարարությունների հետ։ Այնուամենայնիվ, ես հանձնարարեցի ստուգել ընտրատեղամասերից ստացված այն բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում էին ընտրությունների մասին օրենսդրության պահպանմանը»։

Ընդհանուր առմամբ, իշխանությունները, մեր գնահատականներով, իրենց շատ ճիշտ պահեցին՝ խիստ շրջահայաց գործելով, խուսափելով կոշտ միջոցներից, ջանալով չսադրել դրսից «գունավոր տեխնոլոգիաներով» կերակրվող ընդդիմությանը։

Ի վերջո, բողոքների ալիքն աստիճանաբար մարեց, Ռուսաստանում «արաբական գարնան» կանխատեսումները չիրականացան, և արդեն դեկտեմբերի վերջին բողոքի տրամադրությունների հիմնական ասպարեզը մնաց միայն ինտերնետ-տարածքը։

Մենք չենք վերլուծի, թե ինչու ռուսաստանյան հանրության քաղաքացիական արթնացումն այդքան արագ մարեց։ Նշենք միայն, որ, հավանաբար, դրանում պակաս կարևոր դեր չեն խաղացել հետևյալ գործոնները. ռուսաստանյան ընդդիմության խայտաբղետություն, խարիզմատիկ և ուժեղ լիդերների, ինչպես նաև գործողությունների մի ինչ-որ ընկալելի ծրագրի, քաղաքական պլատֆորմի կատարյալ բացակայություն, ինչն իշխանության ընդդիմախոսներին թույլ կտար իրենց կողմը գրավել էլ ավելի շատ կողմնակիցների։ Չէ՞ որ Ռուսաստանը Մոսկվայով ու Սանկտ Պետերբուրգով չի սահմանափակվում. հիմնական հետընտրական իրադարձությունները տեղի էին ունենում հենց այդ քաղաքներում, իսկ երկրի մնացած շրջաններում, թվում էր, նույնիսկ չէին էլ հետաքրքրվում քաղաքական գործընթացներով։

Եվս մեկ ոչ պակաս կարևոր փաստ. որքան էլ ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող քաղաքական գործիչները, փորձագետները, վերլուծաբանները և այլք պնդեն, որ բողոքների ալիքը Ռուսաստանում «պուտինիզմի դարաշրջանի մայրամուտի սկիզբն է», անվիճելի է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչն ունի ռուսաստանցիների մեծամասնության աջակցությունը, ինչի վկայությունն են Ռուսաստանում անցկացված վերջին հարցախույզները։ Որքան էլ ուզենան՝ Պուտինին այլընտրանք այսօրվա դրությամբ չկա, իսկ ռուսաստանյան քաղաքականության վետերանները՝ ի դեմս Զյուգանովի, Ժիրինովսկու, Յավլինսկու (ցանկը կարելի է շարունակել), «խփված խաղաթղթեր» են, և չարժե, որ նրանք այսօր ունեցածից ավելին ակնկալեն։

Դեկտեմբերի 8-ին լրացավ Բելովեժյան համաձայնագրերի ստորագրման 20 տարին, որոնք պաշտոնապես փաստեցին Խորհրդային Միության գոյության ավարտը; 1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները Բելովեժյան անտառի (Բելառուս) Վիսկուլի որսորդական կալվածատանը կայացած հանդիպման ժամանակ ստորագրեցին փաստաթուղթ, որի ներածականում ասվում է. «ԽՍՀ Միությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցնում է իր գոյությունը»։ Դեկտեմբերի 21-ին համաձայնագրին միացան Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Կիրգիզիան, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, որոնք Ալմա Աթայում (Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի հետ միասին) ստորագրեցին Հռչակագիր նոր համագործակցության (ԱՊՀ) նպատակների ու սկզբունքների մասին։

Դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Մարսել։ Պետության ղեկավարը հանդիպեց մունիցիպալ իշխանությունների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր ելույթում Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ եվրոպական ուղղությունը գերակա է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Եվրոպական միությունը դարձել է ոչ միայն մեր կարևորագույն արտասահմանյան գործընկերներից մեկը, այլև շատ լուրջ դեր ունի Հայաստանի ներսում՝ աջակցելով բարեփոխումների անցկացմանն ու տնտեսական կայունությանը մեր երկրում,- ասաց նախագահը։

Անցած տարեվերջին Հայաստանի նախագահն աշխատանքային այցով մեկնեց նաև Իտալիա։ Այցի առաջին օրը Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ։ Նախագահն այցելեց Վատիկանի Սբ. Պետրոս Մայր տաճար և Հռոմի Հայ Կաթոլիկ Սբ. Նիկողայոս եկեղեցի։ Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպում ունեցավ այդ երկրի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Իր ելույթում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, իտալացի գործարարներին կոչ արեց ավելի ակտիվորեն համագործակցել մեր երկրի հետ։ «Այժմ մենք իրականացնում ենք մեծ ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրեր: Ընթացքում են նաև Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանն ուղղված աշխատանքները, ինչն ավելի կուժեղացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային էներգետիկ շուկայում: Մեր ռուս և ֆրանսիացի գործընկերներն արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այդ ծրագրերին: Եվ, բնականաբար, իտալացի գործարարներին էլ եմ կոչ անում ակտիվ համագործակցություն հաստատել մեզ հետ այս ոլորտներում»,- ասաց նախագահը:

Դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստան, որտեղ մասնակցեց Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՏԸ, ЕврАзЭс) միջպետական խորհրդի նիստին։ Բացի այդ, Հայաստանի նախագահը Կրեմլի Մեծ դահլիճում  մասնակցեց ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։

ԵՏԸ գագաթաժողովի շրջանակում շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, որը կարող է էական ազդեցություն գործել հետխորհրդային տարածքում իրավիճակի զարգացման վրա, և որը կարող է ամբողջովին փոխել այս հսկայական տարածաշրջանի քաղաքական քարտեզը։ Խոսքը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) հիման վրա Եվրասիական միության ստեղծման շուրջ պայմանավորվածության մասին է։  ՄՄՏ շրջանակում ինտեգրման մասին փաստաթղթերի փաթեթը ստորագրեցին Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

2011թ. ավարտն այնքան էլ հաճելի չէր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի համար, որին ֆրանսիական դատարանը դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման։ Շիրակը մեղադրվում է պետական միջոցների հափշտակման և հանրային վստահությունը չարաշահելու մեջ։ Հետաքննության վարկածով՝ 1992-1995թթ. Շիրակը, զբաղեցնելով Փարիզի քաղաքապետի պաշտոնը, մայրաքաղաքի քաղաքապետարանում ստեղծել էր 28 կեղծ աշխատատեղ և այդ եղանակով ֆինանսավորման լրացուցիչ միջոցներ էր ապահովել իր «Միավորում՝ ի աջակցություն հանրապետության» կուսակցության։ Սա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին մեղադրական դատավճիռն էր՝ կայացված պետության նախկին ղեկավարի դեմ։ Ինքը՝ նախկին նախագահը, կտրականապես դեմ էր դատավճռին, բայց հայտարարեց, որ մտադիր չէ բողոքարկել մեղադրական վճիռը, քանի որ հետագա դատական քաշքշուկները նրա ուժերից վեր են։

Դեկտեմբերի վերջին անսպասելի նորություն ստացվեց, թվում է, անխռով ու կայուն Ղազախստանից։ Դեկտեմբերի 16-ին Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցան բախումներ ոստիկանության և «Օզենմունայգազ» ընկերության ընդվզող նավթագործների միջև։ Հրդեհվեցին քաղաքապետարանի, «Օզենմունայգազի» և հյուրանոցի շենքերը։ Իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների զոհ դարձավ 10 մարդ։ Ինչպես հայտարարեց Ղազախստանի գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբաևը, «խուլիգանություններ կատարող անձանց մի խումբ» հարձակում էր գործել խաղաղ քաղաքացիների վրա, որոնք հավաքվել էին կենտրոնական հրապարակում՝ նշելու Ղազախստանի անկախության 20-ամյակը։ Գործադուլավորների ներկայացուցիչներն, իրենց հերթին, պնդում էին, որ առաջինը բռնություն կիրառել են ոստիկանները։

Դեկտեմբերի 17-ին կյանքի 70-րդ տարում, սրտի նոպայից վախճանվեց ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրը։ Նրա մահվան համար հայտարարված սուգը շարունակվեց 11 օր։ Դեկտեմբերի 30-ին հայտարարվեց, որ Կիմ Չեն Իրին հետմահու շնորհվում է  ԿԺԴՀ հերոսի կոչում «հեղափոխական վաստակի» համար։ Կիմ Չեն Իրի կրտսեր որդին՝ Կիմ Չեն Ինը, հայտարարվեց հոր գործի «մեծ շարունակող» և ժառանգորդ։ Դեկտեմբերի 31-ին Կիմ Չեն Ինը պաշտոնապես հռչակվեց Կորեական ժողովրդական բանակի գերագույն գլխավոր հրամանատար։

Մինչ այդ նրա ավագ եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, կանխատեսել էր, որ ԿԺԴՀ-ում ռեժիմը շուտով կտապալվի։

«Կիմ Չեն Ինը պարզապես դրածո է, և իշխանական էլիտայի բոլոր անդամներն իրական իշխանություն կունենան»,- ասվում էր Կիմ Չեն Իրի ավագ որդու՝ արևմտյան լրատվամիջոցներում հրապարակված նամակներից մեկում։ Նա ավելացրել էր, որ Կիմ Չեն Ինի ռեժիմը երկար չի ձգի։ «Առանց բարեփոխումների Հյուսիսային Կորեան կփլուզվի, և եթե դրանք լինեն էլ, ռեժիմը, միևնույն է, կփլուզվի»,- համոզված է նա։

2011թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ իրադարձություն, որը կարելի է անվանել Հայաստանի հաղթանակը Թուրքիայի հանդեպ արտաքին քաղաքական ասպարեզում, մյուս կողմից էլ՝ նոր էջ թուրք-ֆրանսիական հարաբերություններում։ Այդ օրը  Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց օրինագիծ, որը քրեական պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Հօգուտ օրինագծի քվեարկել էր մոտ 50 պատգամավոր՝ նիստին ներկաների զգալի մեծամասնությունը, դեմ էր քվեարկել մոտ 10 պատգամավոր։ Ֆրանսիացի պատգամավորները կոչով դիմել էին Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստը՝ ընդգծելով, որ հարկավոր է ընդունել անցյալը՝ ապագան կառուցելու համար։

Ինչպես և սպասվում էր, ֆրանսիական պատգամավորների որոշումը կատաղեցրեց Անկարային։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի քվեարկությունից գրեթե անմիջապես հետո Փարիզում Թուրքիայի դեսպանը հետ կանչվեց խորհրդատվության համար։ Հետո հաջորդեցին սպառնալիքներ, թե Թուրքիան անորոշ ժամանակով Ֆրանսիայի հետ քաղաքական մակարդակով կսառեցնի կապերը, ինչպես նաև պատժամիջոցներ կկիրառի ֆրանսիական ընկերությունների դեմ։ Պաշտոնական Անկարայի բացասական արձագանքին ի պատասխան՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խնդրանքով դիմեց Թուրքիային՝ հարգել ուրիշի համոզմունքները, եթե անգամ դրանց հետ համաձայն չեն։ «Ես հարգում եմ մեր թուրք ընկերների համոզմունքները, դա մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն, բայց նրանք էլ պետք է հարգեն մեր հայացքները»,- ասել է նա։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, իր հերթին, նամակ հղեց Նիկոլա Սարկոզիին Ֆրանսիայի ԱԺ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման առիթով։ Նախագահ Սարգսյանը երախտագիտություն էր հայտնում նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան վերստին ապացուցեց նվիրվածությունը համամարդկային արժեքներին։ «Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատա­պարտող օրինագծի ընդունումը լավագույն վկայությունն է Ձեր անձնական հանձնա­ռության, հայ-ֆրանսիական ամուր բարեկամությանը Ձեր հավատարմության, մեր տարածաշրջանում բաժանարար գծերի վերացմանն ու ժողովուրդների հաշ­տեցմանը Ձեր նվիրվածության»,- իր նամակում նշել է Սերժ Սարգսյանը։

Տարեվերջին ևս մեկ անախորժ իրադարձություն տեղի ունեցավ, այս անգամ՝ Թուրքիայի «կրտսեր եղբոր»՝ Ադրբեջանի համար։ Ապշերոնյան թերակղզու հանդեպ անսահման սիրով հայտնի Մեթյու Բրայզան՝ ԱՄՆ դեսպանը Բաքվում, անփառունակ ձևով ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը։ Անցած տարի հայամետ սենատորները սենատի արտասահմանյան գործերի կոմիտեում խոչընդոտեցին Բրայզայի նշանակմանը։ Տարեվերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, շրջանցելով սենատը, Բրայզային դեսպան նշանակեց Բաքվում։ Սակայն, ամերիկյան օրենսդրության համաձայն, նախագահի ուղղակի կարգադրությամբ նշանակված ցանկացած դեսպան մեկ տարվա ընթացքում պետք է հաստատվի սենատի արտասահմանյան կոմիտեի կողմից։ Ինչպես հայտարարել են «Հայ դատի» Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչները, արդեն կարելի է վերջնականապես ասել, որ սենատն այլևս չի դիտարկելու Ադրբեջանում Բրայզայի հետագա գործունեության հարցը։

Այսպիսին էին համաշխարհային քաղաքականության հիմնական իրադարձությունները 2011թ. վերջին։ Իրավունքների մեջ մտավ 2012-ը՝ իր հետ բերելով աշխարհաքաղաքական գործընթացների նոր դինամիկա, նոր միտումներ համաշխարհային ասպարեզում, որոնք կարող են ուժերի միանգամայն նոր դասավորվածության սկիզբը դնել մեր առանց այդ էլ անկայուն մոլորակում։

Նոր տարվա գալուստով անախորժությունները Թուրքիայի համար չավարտվեցին։ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից հայամետ օրնագծի ընդունման արձագանքները լսվեցին հունվարի սկզբին։ Խոսքը Թուրքիայի վարչապետ Էրդողանի անհիմն մեղադրանքների մասին է, որը հայտարարեց, թե ֆրանսիացիները պետք է պատասխանատվություն կրեն «ալժիրյան ցեղասպանության» համար։ Ֆրանսիայում Էրդողանի այս հիստերիկ ու անհեթեթ հայտարարությունն անտեսեցին։ Փոխարենը նրա ելույթները նկատեցին Ալժիրում և ամենևին չուրախացան դրանցից։ Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույահյան կարգի հրավիրեց Թուրքիայի վարչապետ Էրդողանին և պահանջեց անհապաղ դադարեցնել քարոզարշավը «ալժիրյան ցեղասպանության» վերաբերյալ։ Ինչպես նշել է Ալժիրի վարչապետը, «ոչ ոք իրավունք չունի վաճառքի հանել ալժիրյան արյունը»։ «Թուրքիան այն ժամանակ ՆԱՏՕ անդամ էր և որպես այդպիսին Ֆրանսիային նյութական օգնություն էր ցուցաբերում։ Մենք ասում ենք թուրք ընկերներին. վերջ տվեք կապիտալ վաստակել ալժիրյան գաղութացման վրա»,- ասել է նա։ Եվ Թուրքիային ոչինչ չէր մնում, քան պարզապես լռելը։ Պաշտոնական ոչ մի արձագանք Ալժիրի վարչապետի խոսքերին չեղավ։

Ինչպես հեգնանքով նշում էին փորձագետները, «թուրքական իշխանությունները դեռ հնարավորություն ունեն մեղադրել Ֆրանսիային Ռուանդայի ցեղասպանության մեջ», որին հանցակցելու համար ժամանակին ֆրանսիացիներին մեղադրում էին իրենք՝ Ռուանդայի իշխանությունները՝ պնդելով, որ իրենց երկրում տեղակայված ֆրանսիացի խաղաղարարները 1990-ական թթ. ոչինչ չարեցին՝ կանգնեցնելու համար թութսի ազգության ցեղասպանությունը...

Նոր տարին Իրանի համար սկսվեց ամերիկյան պատժամիջոցների հերթական փաթեթով։ 2012թ. հունվարի 1-ից ԱՄՆ պատժիչ միջոցներին «արժանացավ» Իրանի կենտրոնական բանկը։ Պատժամիջոցները նախատեսում են, որ Իրանի կենտրոնական բանկի հետ փոխգործակցող արտասահմանյան կազմակերպություններին կարգելվի համագործակցել ամերիկյան ֆինանսական ինստիտուտների հետ։ Այսպիսով, Թեհրանի համար ավելի կդժվարանա նավթի արտահանումը։ Հենց այս հանգամանքն էլ սկիզբ դրեց լարվածության նոր պտույտին Մերձավոր Արևելքում, և օդում վառոդի հոտ փչեց։ Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ եթե հարված հասցվի իրանական նավթի արտահանմանը, նրանք կփակեն Հորմուզի նեղուցը, որին բաժին է ընկնում ծովով նավթի գլոբալ արտահանման 33 և նավթամթերքների գլոբալ արտահանման 40%-ը։ Ինչին հաջորդեցին ամերիկացիների սպառնալիքները, թե՝ կձեռնարկեն ամենակոշտ միջոցներն ի պատասխան ջրային տարածքի շրջափակման։ Այնուհետև ԱՄՆ-ը գործի անցավ՝ որոշելով արագացնել իրադարձությունները. հունվարի 6-ին ամերիկյան զինվորականները հայտնվեցին Պարսից ծոցի շրջանում։ Հունվարի 19-ին «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը մտավ Արաբական ծով, որտեղ արդեն մարտական հերթապահություն էր իրականացնում մեկ այլ ավիակիր՝ Կառլ Վինսոնը»։ Թվում էր՝ ամերիկացիների «ավիակիր մկանների խաղն» ու տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքը բոլորովին չէին հուզում իրանցիներին, որոնք ԱՄՆ ուժերի հզորացումն իրենց ծովային սահմաններին «սովորական բան» են համարում։

Եվ ահա, այս ֆոնին բրիտանական Sunday Times-ը հունվարի 22-ին տեղեկացրեց, որ Իսրայելը մտադիր չէ թույլտվություն հարցնել Վաշինգտոնից, եթե որոշի հարձակվել Իրանի վրա։ Իրենց այս դիրքորոշումն իսրայելցիները ներկայացրին ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի Միացյալ կոմիտեի ղեկավար Մարտին Դեմպսիին։ Բարձրաստիճան ամերիկյան զինվորականի այցն Իսրայել Իրանի հարցի շուրջ Իսրայելի և ԱՄՆ դիրքորոշումների կոորդինացման գործընթացի մի մասն է և Իրանին հնարավոր հարված հասցնելու առումով Իսրայելի կառավարության մտադրությունը պարզելու փորձ։ Բայց, ինչպես տեսնում ենք, ամերիկացիներին առայժմ չի հաջողվում իսրայելցիներին համոզել չափավորել ռազմատենչությունը և չսրել առանց այդ էլ պայթյունավտանգ իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Ըստ որոշ տվյալների՝ Իսրայելի իշխանությունները վճռել են, որ Իրանի վրա հարձակում գործելու մասին որոշում ընդունելու դեպքում ամերիկացիներին այդ մասին կտեղեկացնեն հարվածից ընդամենը 12 ժամ առաջ՝ զգուշանալով, որ ԱՄՆ-ը չփորձի կանխել գրոհը։

Իրավիճակն այնքան անորոշ էր, որ ոչ ոք չէր կարող կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները հետագայում։ Բայց, այնուամենայնիվ, դրական ազդանշաններ կային, և հույս կար, որ Մերձավոր Արևելքում բանը մեծ պատերազմի չի հասնի։ Համենայնդեպս, այդ հույսն էին ներշնչում այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Իրանի ԱԳՆ-ն ստացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական նամակը՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման մասին։ Ինչպես Թուրքիա կատարած այցի ընթացքում տեղեկացրել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, Սպիտակ տան հետ բանակցություններ են վարվում հանդիպման տեղի և ժամանակի շուրջ։ Հնարավոր է, որ դրանք անցկացվեն Ստամբուլում, ասել է նա։ Հուսանք, որ հակամարտության բոլոր կողմերը կանսան առողջ բանականության ձայնին, և բանը ռազմական գործողություններին չի հասնի։

Անցնենք մեր տարածաշրջանին, որտեղ նույնպես ամեն ինչ չէ, որ հանգիստ էր ու հարթ քաղաքական առումով։  Այսպես, հունվարին առանձնապես «աչքի ընկավ» Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը, որը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն զավթված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են»։ Վրացի քաղաքական գործչի սկանդալային հայտարարությունն աննկատ չմնաց Երևանում։ Վրացի գործընկերոջն անմիջապես պատասխանեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ վրացի պաշտոնյան իրականությունից հեռու անհեթեթ հայտարարություն է արել։ «Ի գիտություն Տոդուայի տեղեկացնեմ, որ Հայաստանի և ոչ մի պաշտոնյա ոչ մի անգամ երրորդ երկրի մասին ոչ կոռեկտ հայտարարությամբ հանդես չի եկել»,- մասնավորապես ասել է Շարմազանովը։ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական սկանդալ էր հասունանում, ընդ որում՝ պաշտոնական Երևանը մտադիր էր խիստ կոշտ արձագանքել վրացական կողմի հերթական ելույթին։ Լուրեր հայտնվեցին, որ եթե վրացական խորհրդարանի փոխնախագահը հրաժարվի ներողություն խնդրել սադրիչ հայտարարության համար, կարող է անցանկալի անձ հայտարարվել Հայաստանում։

Բայց, բարեբախտաբար, բանը դիվանագիտական «ռազբորկային» չհասավ. մի քանի օր անց վրացական «Փիրվելի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Տոդուան հերքեց իրեն վերագրվող հայտարարությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին։ «Մենք համատեղ հայտարարություն արեցինք տեղի ԶԼՄ-ների համար, բայց նման խոսքեր ես չեմ ասել։ Ես շահագրգռված եմ Վրաստանի ամբողջականությամբ, բայց չեմ խառնվում մյուս երկրների խնդիրներին»,- նշել է նա։ Ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից և գուշակություններ չենք անի, թե իրականում ինչ է տեղի ունեցել. ադրբեջանական ԶԼՄ-նե՞րն են կեղծել Տոդուայի հայտարարությունը, թե՞ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահն է հետ կանգնել իր խոսքերից։ Բայց պետք է փաստել. ոչ մի սադրիչ հայտարարություն անպատասխան չպետք է մնա, ընդ որում՝ պատասխանը կոշտ պետք է լինի։

Հունվարի 17-ին թուրքական դատարանը ցմահ բանտարկության դատապարտեց երկու մարդու, որոնք մեղադրվում էին Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին, օրը ցերեկով, «Ակօսի» խմբագրատան մոտ։ Հանցագործությունը կատարող Օգյուն Սամասթը (այդ պահին՝ անչափահաս) կալանքի տակ էր վերցվել մեկ օր անց և անցած տարի դատապարտվել 21 տարի 10 ամսվա բանտարկության։ Սամասթից հետո ձերբակալվել էին Էրհան Թունջելը և Յասին Հայալը, որոնց ցուցումով էր, իբր, գործել մարդասպանը։ Հայալը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե Դինքի սպանությանն առնչվում են անձինք իշխանական կառույցներից, և նրան կարող են վերացնել որպես անցանկալի վկայի։

Դինքի գործով դատավարությունը շարունակվում է 2007թ. հուլիսից, գործով անցնում է 19 մարդ, նրանցից միայն երկուսը՝ Թունջելն ու Հայալն են կալանքի մեջ մնացել մինչև դատաքննության ավարտը։ Մեղադրող կողմը սկզբից ևեթ նրանց համար ցմահ բանտարկություն էր պահանջում։ Այդ դատավճիռն էլ կայացրեց դատարանը դատավարության ավարտին և նշեց, որ «Հրանտ Դինքի սպանությունը մի ինչ-որ կազմակերպության ձեռքի գործը չէ»։

Սակայն թուրքական դատարանի վճիռը քննադատության ալիք բարձրացրեց ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս։ Դատավճռի կայացումից հետո հարյուրավոր մարդիկ դուրս եկան Ստամբուլի փողոցներ։ Բողոքի գործողության մասնակիցները վրդովված էին դատարանի վճռից, թե այդ հանցագործությունը «արմատական խմբավորման դավադրության արդյունք չի եղել»։ Հատկանշական է, որ ինքը՝ աղմկահարույց դատավճիռը կայացնող դատավորը, ավելի ուշ դժգոհություն է հայտնել դատաքննության հետ կապված։ Դժգոհություն են հայտնել նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը և Եվրախորհրդարանի անդամ, Թուրքիայի գծով զեկուցող Ռիա Օօմեն-Ռույթենը։ «Ես ցնցված եմ դատարանի վճռից։ Ես էլ ավելի զարմացած էի, երբ լսեցի, որ դատախազը և դատավորը նույնպես դժգոհ են արդյունքից»,- հայտարարել է Համարբերգը Ստամբուլում, Եվրոպայում մարդու իրավունքներին նվիրված զեկույցի քննարկումների ժամանակ։ Ռիա Օօմեն-Ռույթենն իր հերթին հայտարարել է. «այդ վճիռը հստակ ցույց տվեց, որ դատական հետագա բարեփոխումներն անհրաժեշտ են Թուրքիայում»։

Հրանտ Դինքի սպանության մասին դատարանի կայացրած վճիռն այնքան բուռն արձագանք էր առաջացրել, որ իրավիճակին հարկադրված էր միջամտել Թուրքիայի նախագահը։ «Դատավարությունը շարունակվում է։ Մենք տեսնում ենք, որ հասարակությունն անհանգիստ է Դինքի սպանության գործով դատարանի կայացրած վճռից։ Պետք է սպասել դատավարության ավարտին։ Ամենայն հավանականությամբ, դատավճիռը կբողոքարկվի, ուստի հարկավոր է սպասել դատավարության ավարտին»,- փորձել է հասարակայնությանը հանգստացնել Աբդուլա Գյուլը։

Իսկ վարչապետ Էրդողանը խոստացել է, որ Հրանտ Դինքի սպանությունն ամբողջովին կբացահայտվի։ «Հրանտ Դինքի գործը չի կորչի Անկարայի մութ միջանցքներում։ Ոչ մի սադրանք, ոչ մի դավադրություն չբացահայտված չի մնա»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը։ Նա հույս է հայտնել, որ դատական իշխանությունները «քայլեր կձեռնարկեն՝ կասկածները ցրելու և հասարակայնությանը հանգստացնելու համար», երբ վերաքննիչ դատարանն իր ձեռքը վերցնի այս գործը։

Հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն ընտրությունների արդյունքներով ստացել է Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի տեղերի 47,18%-ը. Ազատություն և արդարություն կուսակցությանը՝ «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևին, բաժին է հասել 235 մանդատ։ Եգիպտոսի խորհրդարանն ընդհանուր առմամբ 498 պատգամավոր ունի։ Երկրորդ տեղն զբաղեցրել է «Նուր» ուլտրապահպանողական կուսակցությունը (121 մանդատ, այսինքն՝ մոտավորապես 25%), երրորդը լիբերալ «Վաֆդ» կուսակցությունն էր՝ 9%։ Առաջին նիստը նշանակված էր հունվարի 23-ին։

Այս ընտրություններն անցկացվել են երեք փուլով. դրանք առաջինն էին 2011թ. փետրվարին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին տապալելուց հետո։ Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատը՝ Շուրայի խորհուրդը, ընտրվելու է փետրվարին։ Դրանից հետո երկու պալատները կնշանակեն 100 հոգանոց հանձնաժողով, նրանք էլ կգրեն Եգիպտոսի նոր սահմանադրությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ եգիպտական խորհրդարանում խաղի կանոնները թելադրելու են իսլամիստները և ուլտրապահպանողականները, դժվար չէ կռահել, թե ինչ ճանապարհ կընտրի Եգիպտոսը։ Այստեղ տեղին է հիշել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը, որը, ի տարբերություն «արաբական գարունով» ոգևորված արևմտյան քաղաքական գործիչների, ամենաօբյեկտիվ գնահատականն է տվել Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Անցած տարվա վերջին ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա քննադատել է արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխությունների շարանին աջակցող տեղի և արտասահմանյան քաղաքական գործիչներին։ Իսրայելի կառավարության ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ Արևմուտքի երկրների առաջնորդները (և հատկապես Բարաք Օբաման) ճիշտ չէին, երբ չաջակցեցին եգիպտական դիկտատոր Հոսնի Մուբարաքին։ Դրա հետ մեկտեղ, վարչապետն ավելացրել է, որ դեռ այն ժամանակ ինքը կանխատեսել է, որ հեղափոխությունները կդառնան իսլամական, հակաարևմտյան, հակալիբերալ, հակաիսրայելական և հակադեմոկրատական։ Նա նաև նշել է, որ հեղափոխություններն արաբական աշխարհը ոչ թե դեպի առաջ, այլ հետ են տանում՝ կասկած հայտնելով, թե արաբական երկրների բնակիչները կկարողանան նորմալ դեմոկրատական համակարգ կառուցել։

Ինչպես տեսնում ենք, եգիպտական ընտրությունների օրինակից ելնելով՝ Նեթանյահուի խոսքերի ճշմարտացիությունը կասկածից դուրս է։ Իսկ խանդավառ Արևմուտքը դեռ կճաշակի արաբական աշխարհի հեղափոխությունների ողջ «քաղցրությունը»։           

Հունվարի 23-ին տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք անմիջական առնչություն ունեն Հայաստանի հետ։ Այդ օրը Սոչիում, ՌԴ նախագահի միջնորդությամբ, կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական՝ տասներորդ հանդիպումը՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Բանակցություններից հետո երեք երկրների առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես, պատրաստակամություն հայտնեցին արագացնել կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը՝ խաղաղության համաձայնագրի մշակմանն անցնելու համար։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հաստատեցին, որ վստահության ամրապնդման միջոցներից մեկը ղարաբաղյան կարգավորման համատեքստում կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումն է։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այս առնչությամբ հայտարարեցին, որ պատրաստ են նպաստելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև հետագա երկխոսության հաստատմանը։

Գագաթաժողովից անմիջապես հետո փորձագիտական բազմաթիվ գնահատականներ տրվեցին Սոչիի հայտարարությանը, ընդ որում՝ կարծիքները խիստ բազմազան էին՝ ծայրահեղ բացասականից մինչև լավատեսական։ Մենք չենք վերլուծի Սոչիի հանդիպման արդյունքները, առավել ևս՝ կանխատեսումներ չենք անի, թե ինչպես կզարգանա իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Նշենք միայն, որ ժամանակը ցույց կտա՝ կգտնի՞ արդյոք Սոչիում հունվարի 23-ին արված համատեղ հայտարարությունն իր գործնական կիրառությունը, թե՞ կվերածվի ձևական ևս մեկ թղթի։ Այդ նույն օրը Ֆրանսիայի սենատը դիտարկում էր ցեղասպանությունների, այդ թվում և Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի որոշումը պայթած ռումբի ազդեցություն գործեց, ընդ որում՝ պայթյունի բեկորները թռան Հայաստանի և Թուրքիայի սահմաններից շատ հեռու՝ հարվածելով ոչ միայն Փարիզի, այլև ընդհանրապես Եվրամիության հետ Անկարայի հարաբերություններին։ Եվ այսպես, երկար բանակռվից հետո (Երևանում արդեն կեսգիշերն անց էր) ֆրանսիացի սենատորներն ընդունեցին օրինագիծը՝ Թուրքիային, ինչպես ընդգծում էին փորձագետները, ծնկի բերելով։ Ինչպես և սպասվում էր, Ֆրանսիայի սենատի որոշմանը հաջորդեցին ցասումնալի, կատաղի և սպառնալի հայտարարություններ Թուրքիայից, իսկ Թուրքիայի դեսպանը հունվարի ընթացքում երկրորդ անգամ հեռացավ Փարիզից։ Կանգ չենք առնի թուրքական կողմի գործողությունների վրա, պարզապես կներկայացնենք այդ քայլերի գնահատականը, որը հնչեցրել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը, որը մենք համարում ենք սպառիչ, և որը թուրք-ֆրանսիական հարաբերություններում տիրող իրավիճակի լիակատար արտացոլումն է։ Միհրանյանը, մասնավորապես, նշել է. «Ֆրանսիան առաջիններից մեկը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և թուրքերի իրականացրած հանցագործությունը։ Եվ հիմա պարզապես պահպանում է հավատարմությունն այդ գծին՝ ելնելով իր մարդասիրական իդեալներից, համարելով, որ ճշմարտությունը և արդարությունը պետք է հաղթանակեն, իսկ հանցագործները՝ պատժվեն կամ, գոնե, դատապարտվեն։ Ուստի, վաղուց արդեն շեղումներ էին նկատվում Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերություններում։ Իսկ հիմա Ֆրանսիան պարզապես շարունակում է վարել այս սկզբունքային գիծը՝ պատիժ մտցնելով ցեղասպանության ժխտման համար։ Այն նորմի նման, որը գոյություն ունի շատ երկրներում հոլոքոստի ժխտման վերաբերյալ»։ Ինչ վերաբերում է Անկարայի պատասխան գործողություններին, ապա, ինչպես նշել է Միհրանյանը, «ոչ մի պատասխան քայլ չի ձեռնարկվի, Թուրքիան արդեն առաջին անգամ չէ, որ Փարիզից հետ է կանչում իր դեսպանին, և Ֆրանսիայում բոլորը վաղուց վարժվել են դրան»։ «Դա ընդամենը թուրքական դիվանագիտության ծիսական դեմարշն է։ Նրանք կսառեն և կուլ կտան։ Մանավանդ որ Ֆրանսիան այն երկրներից է, որոնք խոչընդոտում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը։ Ուստի, Ստամբուլը դեռ պետք է շատ մտածի՝ ինչ-որ սահմանափակումներ մտցնելուց առաջ»,- հայտարարել է նա։

Հետաքրքիր է, որ թուրքերից ավելի վատ վայնասուն բարձրացրին Ապշերոնյան թերակղզում. եթե, օրինակ, Թուրքիայում 100 սպառնալի հայտարարություն էր արվել, ապա ադրբեջանցիները տվեցին-անցան իրենց ավագ եղբայրներին՝ ֆրանսիացիների հասցեին մաղձ ու թույն թափելու բոլոր ռեկորդները խփելով։ Բանը նույնիսկ այնպիսի անհեթեթ քայլերի հասավ, ինչպիսին է քաղաքականությունից հեռու մարդկանց կողմից ֆրանսիական պարգևներից հրաժարվելը, մարդիկ, որոնք ցանկանում էին ցույց տալ իրենց «համերաշխությունը Թուրքիայի եղբայր ժողովրդի հետ»։

Բայց վերադառնանք բուն օրինագծին։ Ինչպես վերը նշեցինք, փաստաթուղթը, որը մեկ տարվա բանտարկություն և 45 հազար եվրոյի չափով տուգանք է նախատեսում ցեղասպանությունների ժխտման համար, արժանացել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների հավանությանը։ Մնում է, որ փաստաթուղթը ստորագրի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Բայց, ցավոք, թուրքերի բախտն այս անգամ էլ չբերեց։ Բանն այն է, որ Ֆրանսիայի նախագահը գործնականում վետոյի իրավունք չունի։ Խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումից հետո նա կարող է վարվել երեք կերպ. կամ ստորագրել օրինագիծը, ինչից հետո այն դառնում է օրենք, կամ չստորագրել օրինագիծը, բայց 15 օր անց, առանց նախագահի ստորագրության, այն ձեռք է բերում օրենքի ուժ (այս մեթոդին Ֆրանսիայի նախագահները դիմում են այն ժամանակ, երբ չեն ուզում խորհրդարանի հետ կիսել պատասխանատվությունը), կամ պետության ղեկավարն օրինագիծն ուղարկում է սահմանադրական խորհուրդ՝ պարզելու դրա համապատասխանությունը երկրի սահմանադրությանը։ Այսպիսով, ցանկացած դեպքում փետրվարի սկզբին Ֆրանսիայում գործելու է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը, եթե միայն Նիկոլա Սարկոզին օրինագիծը չուղարկի սահմանադրական խորհուրդ, ինչը նա, անկասկած, չի անի։

Հունվարի 23-ին անփառունակ ձևով ավարտվեց ԵԽԽՎ արդեն նախկին ղեկավար, թուրք Մևլութ Չավուշօղլուի «առաքելությունը»։ Նրան այս պաշտոնում փոխարինեց ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնը, որն աշխատանքի առաջին իսկ օրը հաստ խաչ քաշեց Չավուշօղլուի հորինած, «Լեռնային Ղարաբաղի ենթակոմիտե» անունը կրող արկածախնդրության վրա։ ԵԽԽՎ նոր ղեկավարը հայտարարեց, որ չի հավատում այդ ենթակոմիտեի գործունեության արդյունավետությանը։ «Ես չեմ սիրում քողարկված ձևով խոսել նման կարգի հարցերի վերաբերյալ և կասեմ բացահայտ։ Ես երբեք չեմ հավատացել, թե այդ կոմիտեն կարող է գործունեություն իրականացնել և հասնել ինչ-որ արդյունքների։ «Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը և գործունեությունը, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, արժանի են հավանության։ Ես միանգամայն վստահ եմ, որ հակամարտությունն իր լուծումը կգտնի Մինսկի խմբի շրջանակում»,- նշել է Ժան Կլոդ Մինյոնը։

Թուրք-ադրբեջանական երկյակին ևս մեկ հարված հասցրեց անմիջականորեն ԵԽԽՎ-ն՝ լիագումար նիստում ընդունելով բանաձև՝ Թուրքիայում անպատժելիության մթնոլորտին ուշադրություն դարձնելու կոչով։ Փաստաթուղթը վերաբերում է Թուրքիայում սպանված լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքի գործին և կոչ է անում ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը։ «Մենք մտահոգված ենք այն բանով, որ թուրքական իշխանությունները շարունակում են ժխտել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները և Քր.օր. 301-րդ հոդվածն օգտագործում են լրագրողներին և գրողներին հետապնդելու համար»,- նշվում է բանաձևում։ Ահա այսպիսի անհաջող իրավիճակ էր ստեղծվում հունվարին Թուրքիայի և նրա կրտսեր եղբոր համար։

Եվս մեկ ակտուալ հունվարյան իրադարձություն կարելի է համարել Համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ) Դավոսում։ Հինգ օրվա ընթացքում իշխանական կառույցների, բիզնես-էլիտայի և հասարակական կազմակերպությունների ավելի քան 2000 ներկայացուցիչներ ողջ աշխարհից մտածում էին այն բանի շուրջ, թե ինչպես իրականացնեն «գոյություն ունեցող համաշխարհային տնտեսական համակարգի վերափոխումն ու ստեղծեն մարդկության զարգացման նոր մոդելներ»։ Հիմնական գաղափարը կապիտալիստական համակարգի այլընտրանքի որոնումն էր։ Կապիտալիստական համակարգը, ՀՏՀ հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբի համոզմամբ, «սպառել է իրեն և բացարձակապես չի տեղավորվում արդի աշխարհի մոդելում»։

Թեև համաժողովի մասնակիցները մտադիր էին գլոբալ հիմնախնդիրներ քննարկել, սակայն եվրագոտու ճգնաժամի թեման մնացած բոլոր հարցերը երկրորդ պլան մղեց։ Այս խնդրի մասին խոսեցին, բանավիճեցին և խոսակցություններով էլ սահմանափակվեցին։ Ուրիշ ոչինչ այդ համաժողովից, անկեղծ ասած, չէր էլ սպասվում։ Ինչպես դիպուկ նկատել է ՌԴ ԿԲ նախկին նախագահ Վիկտոր Գերաշչենկոն, որը Դավոսում մեկ անգամ չէ, որ եղել է, «Դավոսի համաժողովը տնտեսական իմպոտենտների ժողով է, որտեղ երբեք ոչինչ չեն որոշել, այլ պարզապես հավաքվել և կարծիքներ են փոխանակել կամ դահուկ են քշել»։

Այսպիսին էր համաշխարհային քաղաքականության պատկերը 2011-ի վերջին – 2012-ի սկզբին։   Հուսանք, որ 2012-ը բարենպաստ տարի կլինի Հայաստանի համար միջազգային ասպարեզում:               

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am