Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Տնտեսություն

Տնտեսություն
Հունվար 2012, N 1

ՃԵՂՔՈՒՄ ԱՆԿՄԱՆՆ ԸՆԴԴԵՄ, ԿԱՄ՝ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Վարդանյան, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, Արիզոնայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր

Մեր երկիրը հսկայական հնարավորությունների երկիր է ոչ միայն

հանցագործների, այլև պետության համար։

Վ.Վ. Պուտին

Վերջերս Հայաստանում քննարկվեց Համաշխարհային բանկի պատվերով մշակված «Հայաստանի՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության» նախագիծը։ Համաձայն մշակված ծրագրի՝ դեղագործության մեջ արտադրության ծավալները պետք է ավելացվեն և 2010թ. $8 մլն-ի փոխարեն 2015թ. կազմեն $30-35 մլն, 2020թ.՝ $95-135 մլն, իսկ արտահանման ծավալները կաճեն և ներկայիս $5 մլն-ի փոխարեն 2015թ. կկազմեն $20-25 մլն, իսկ 2020թ.՝ $75-115 մլն։ Դեղագործական ճյուղի մեջ զբաղվածների թիվը ներկայիս 550-ի փոխարեն 2015-ին կհասնի մոտ 950-ի, 2020-ին՝ 1800-ի։

Դեղագործությունը որպես հայկական տնտեսության բեկումնային ուղղություն (որն ի վիճակի կլինի ապահովել երկրի դեղորայքային անկախությունը և անվտանգությունը, մեծ ինտեգրալային նախագծեր բերել իր հետևից, կյանք տալ շատ ձեռնարկությունների, աշխատանք՝ հազարավոր մասնագետների) ձևավորելու փորձը, իսկապես, հարգանքի արժանի նախաձեռնություն է, և հաստատ՝ «դեպի տաճար տանող» սակավաթիվ ճանապարհներից մեկը։

Բայց մինչ «ճանապարհային քարտեզի» թվերին անցնելը, ինքներս մեզ պատասխանենք որոշ հասարակ հարցերի։ Առաջին հարց. ցանկացած նախագիծ սկսվում է նպատակը սահմանելուց։ Չի կարելի ինչ-որ բան անել ընդհանրապես։ Ինչո՞ւ մենք, նախկին ԽՍՀՄ լայնարձակ տարածքներում դեղամիջոցների մեր ամենափոքր շուկայում չվերացնելով ընդամենը $94 մլն ծավալի ներմուծումը, գլխավորը համարում ենք արտահանմանն ուղղված ռազմավարությունը։ Ինչպե՞ս է դա հարաբերակցվում այն իրականության հետ, որ ԱՊՀ բոլոր երկրներում, բացի Հայաստանից, տեղական արտադրողների հատվածը զարգացման դինամիկա է ցուցաբերում, իսկ մեր արտադրողները ծածկում են իրենց իսկ շուկայի պահանջարկի 8-10%-ից ոչ ավելին։ Հարց երկրորդ. ինչպե՞ս են յուրացվելու նոր շուկաները։ Մի՞թե Հայաստանում «կրկին» մշակվել է մի դեղամիջոց, որով դուրս ենք գալու համաշխարհային շուկա։ Այդ դեպքում թվերը պարզապես ծիծաղելի են։ Հարց երրորդ, քանի որ երկրորդ հարցի բացասական պատասխանն ակնհայտ է. որտե՞ղ ենք գտել այն ազատ տեղը, որն առանց դեղերի նստելու և մինչև 2015-2020թթ. սպասելու է մեզ, մինչև որ մենք՝ հայերս, էժան գնով առնելով չինական կամ հնդկական սուբստանցները՝ դրանք հաբերի կվերածենք կամ կլուծենք ջրում ու կսկսենք վաճառել։ Հույսներս ինչի՞ վրա ենք դնում։ Ինչպե՞ս են դրանք հարաբերակցվում համաշխարհային դեղագործության վիճակի հետ։ Դրված հարցերից ոչ մեկին ծրագրում պատասխան չի տրված։ Մի՞թե կրկին պոպուլիզմ է, կրկին զառանցահունական առասպելաբանություն։

Ապրիորի կարելի է հայտարարել. առանց այս և ավելի «նեղ» հարցերի հստակ պատասխանների այս նախաձեռնության արդյունքը մինուս զրո կլինի։ Քանի որ ամենաօգտակար այս նախաձեռնության «կրեատիֆֆը» իռացիոնալ է։ Անցել է ավելի քան 20 տարի մեր երկրի «վերափոխումներից» հետո, բայց հիմնախնդիրները չեն պակասել։ Եվ մեր բոլոր դժբախտությունները (երեկվանը, այսօրվանը և նրանք, որոնք անխուսափելիորեն լինելու են վաղը) «սիրողականության» հետևանք են, լուրջ հարցերը «նշանակվածների» կողմից լուծել փորձելու հետևանք, ինչն արդեն Հայաստանը հասցրել է այնպիսի երկրի իրավիճակի, որը հիմնավորապես զբաղեցնում է Անդրկովկասի ամենաանհեռանկար և տնտեսապես հետամնաց պետության դիրքը։

Այդ նույն օրերին հրապարակվեց նաև մի երկու այլ գրառում, որոնց բովանդակությունը հարկ եմ համարում ներկայացնել՝ ցույց տալու համար դեղագործության հանդեպ իրական մոտեցման և հայկական «ֆարմա-ֆարմա» խաղի միջև եղած տարբերությունը։ Մեկում ասվում է, որ ոչ մեծ դեղագործական Pharmasset ընկերությունը սպասում է իր PSI-7977 (վիրուսային հեպատիտ С-ի բուժման համար) դեղամիջոցի կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլի ավարտվելուն։ Եվ եթե դեղամիջոցն արժանանա FDA-ի (Մթերքների և դեղամիջոցների վերահսկողության վարչություն) հավանությանը, ապա, նախնական գնահատականներով, 2017թ. դրա վաճառքի ծավալը կհասնի $4,1 մլրդ-ի մակարդակի, իսկ բարձրակետին՝ 2020թ., $6,5 մլրդ-ի (http://cen.acs.org/articles/89/i48/Gilead-Places-Huge-Bet.html

Մյուսում տեղեկացվում է, որ Abbot Laboratories-ը $450-ով Reata ընկերությունից գնում է RTA-402 դեղամիջոցի (երկրորդ տեսակի դիաբետի բուժման համար) հետագա մշակման և վաճառքի իրավունքը, որը նույնպես գտնվում է կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլում (http://cen.acs.org/articles/89/i51/Abbotts-Big-Gamble.html)։ Սա մեծ դեղագործական ընկերությունների դասական ռազմավարությունն է։ Այդ ընկերություններն իրենք հազվադեպ են հետազոտություններ սկսում, բայց ծայրեծայր գնում են փոքր ընկերությունների (որոնք ի վիճակի չեն ինքնուրույն շուկա դուրս գալ) բազմախոստում մշակումները։

Մի քանի հանգուցային թիվ ներկայացնեմ, որոնք բնութագրում են արդի դեղագործությունը։ 2006թ. դեղերի համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալը գնահատվում էր $640 մլրդ, 2009-ին՝ $808 մլրդ, 2010-ին՝ $856 մլրդ, իսկ 2011-ին սպասվում էր $940-950 մլրդ-ի վաճառք, որի 22%-ը նախատեսվում էր ներդնել գիտահետազոտական հատվածում։ Ընկերությունների առաջին եռյակի թվերը հետևյալ տեսքն ունեն. Novartis՝ վաճառքի ծավալը՝ $53,3 մլրդ, զբաղվածների թիվը՝ 138 հազ. մարդ, Pfizer՝ $48,4 մլրդ, 122,2 հազ. մարդ, Bayer՝ $44,2 մլրդ, 106,2 հազ. մարդ։ Առավել շատ վաճառվող ապրանքների առաջին տասնյակը 2011թ. հունիսի դրությամբ. լիպիտոր (Pfizer)՝ $12,5 մլրդ (հիպերխոլեստերինեմիա), պլավիկս (Bristol-Myers-Squibb, Sanofi)՝ $9,1 մլրդ (աթերոսկլերոզ), սերետիդ (Glaxo-SmithKline)՝ $8,7 մլրդ (ասթմա), նեկսիում (AstraZeneca)՝ $8,3 մլրդ (գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսային հիվանդություն), կրեստոր (AstraZeneca)՝ $7,4 մլրդ (հիպերխոլեստերինեմիա), սերոկվել (AstraZeneca)՝ $7,2 մլրդ (շիզոֆրենիա), գումիրա (Abbot Laboratories)՝ $6,6 (ռևմատոիդ արթրիտ), էնբրել (Amgen, Pfizer)՝ $6,5 մլրդ (ռևմատոիդ արթրիտ), ռեմիկադ (Janssen Biotech)՝ $6,4 մլրդ (ռևմատոիդ արթրիտ), զիպրեկսա (Eli Lilly & Co.)՝ $6,2 մլրդ (շիզոֆրենիա)։

2011թ. մեկ դեղամիջոցը շուկա դուրս բերելու արժեքը միջինն ավելացել է 25%-ով՝ անցած տարվա համեմատ և գերազանցել է $1 մլրդ-ն։

Այժմ՝ Հայաստանում դեղագործության մասին ժամանակագրական-պատմական առումով, առանց որի իմացության, ինչպեսև ցանկացած այլ նախաձեռնության պարագայում, անհնար է ճիշտ գնահատել իրականությունը, մշակել լավագույնս գործող նախագիծ։

Կան մարդիկ, որոնք իրենց կյանքի օրոք արդեն իրենց գործում անվերապահ հեղինակություններ են դառնում, հուշարձան իրենց դարաշրջանի, կոլեկտիվների, նախագծերի և իրագործումների համար։ Եվ նմանները հայ գիտության մեջ քիչ չեն. Վ.Հ. Համբարձումյան, Օրբելի եղբայրներ, Ս.Ն. Մերգելյան, Ալիխանյան եղբայրներ և շատ ուրիշներ։

1949թ. արտասովոր մի անձնավորության՝ Արմենակ Լևոնի Մնջոյանի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվում է Դեղագործական քիմիայի լաբորատորիան։ 1955թ. նրա ջանքերով այն «վերաճում» է Խորհրդային Միությունում դեղերի ստեղծման հիմնական կենտրոններից մեկի, դառնալով Հայկական ԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ (ՆՕՔԻ), որն էլ հենց «դեղագործության օրրանն» է Հայաստանում։ Նշեմ, որ դեղագործական պրոֆիլի շատ հաստատություններ եմ տեսել, բայց ավելի «ճիշտ» կազմակերպված համակարգ դեղեր ստեղծելու համար ուրիշ ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Դրանցից շատերն անհամեմատ ավելի հարուստ էին, ավելի «առաջադեմ», բայց ավելի «ճիշտը» չկար։ 1970թ., երբ մահացավ Ա.Լ. Մնջոյանը, ՆՕՔԻ-ն արդեն մոտ 150 աշխատակից ուներ։ ԽՍՀՄ առաջատար դեղաբանների հետ միասին ստեղծվեցին մի շարք դեղամիջոցներ՝ տարեկան վաճառքը 150 հազ. ռուբլու չափով, փաստ, որն ինքնին դուրս էր գալիս ակադեմիական ինստիտուտների մասին ընդունված պատկերացումներից։ 1970թ. ՆՕՔԻ տնօրեն դարձավ Հայաստանում օրգանական քիմիայի հիմնադիրներից մեկը՝ ակադեմիկոս Սարգիս Համբարձումի Վարդանյանը, որն արժանապատվորեն շարունակեց ու զարգացրեց եզակի այս ինստիտուտի ավանդույթները։ Հիմնական շեշտը դնելով գիտության, նոր դեղամիջոցների որոնման վրա՝ նա ամեն կերպ նպաստում էր նոր մասնագետների պատրաստմանը բժշկական քիմիայի և դեղաբանության ոլորտի համար։ Երիտասարդությունն ուղարկվում էր ասպիրանտուրա, որակավորման բարձրացման ԽՍՀՄ առաջատար կենտրոններում, արտասահման։ Ինստիտուտում դասախոսություններ և զեկուցումներ կարդալու էին հրավիրվում խոշոր մասնագետներ, կազմակերպվում էին խորհրդաժողովներ և գիտաժողովներ։

Հայտնի է մի այսպիսի պատմություն։ Երբ ԽՍՀՄ ԳԱ համակարգում կրճատեցին «վալյուտայով» սուբսիդիաները, «այնպիսի մանրուքի» համար, ինչպիսին էին գիտական ինֆորմացիայի արտասահմանյան աղբյուրները, ՆՕՔԻ-ն նորագույն «վալյուտային» գիտական ամսագրեր էր հայթայթում ամենաաներևակայելի ճանապարհներով։ Քանի որ և՛ Հայկ. ԽՍՀ ԳԱ-ն, և՛ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը նույնպես մերժել էին ինստիտուտին «վալյուտա» տալ, Ս.Հ. Վարդանյանն օգնության խնդրանքով դիմեց Վազգեն I կաթողիկոսին։ Խնդրո առարկայի հետ կապված՝ «Chemical Abstracts» ռեֆերատիվ հանդեսի համարներից մեկը նայելուց հետո կաթողիկոսը հարցրեց. «Մի՞թե Հայաստանում այս ամենը հասկացող մասնագետներ կան»։

Եվ սկսած 1974թ., մինչև 1991թ. Էջմիածինն ամեն տարի, առանց հիշեցման, ՆՕՔԻ-ի համար բաժանորդագրվում էր «Chemical Abstracts»-ի՝ Անդրկովկասում միակ կոմպլեկտը՝ բոլոր հայ քիմիկոսների համար հասանելի դարձնելով աշխարհում քիմիայի ոլորտի վերաբերյալ վերջին հրապարակումներն ու պատենտները։ Ինստիտուտում զգալիորեն ընդլայնվեցին հետազոտությունների ուղղությունները, բացվեցին նոր լաբորատորիաներ, ներդրվեցին ֆիզիկաքիմիական անալիզի, նոր միացությունների ստացման նորագույն մեթոդներ։ Դա թույլ տվեց ՆՕՔԻ-ն վերածել ցուցադրական ինստիտուտի, որն արժանիորեն ներկայացվում էր իր ձեռքբերումներով, արտադրական բազայով, հարուստ գիտական գրադարանով։ Ինստիտուտի վաստակած դրամական միջոցներով ամրապնդվում էր նրա սարքավորումների և տեխնիկական բազան, կառուցվում էին բնակելի տներ աշխատակիցների համար։ Ինստիտուտը դարձավ քաղաք-այգի, միակը ԽՍՀՄ-ում, որտեղ բնակարան ստանալու համար հերթ գոյություն չուներ։ 1987թ. ՆՕՔԻ-ն արդեն 650-660 աշխատակից ուներ՝ ներառյալ գիտությունների ավելի քան հարյուր թեկնածուներն ու ավելի քան մեկ տասնյակ դոկտորները, հարյուրավոր պատենտներ (հեղինակային վկայականներ) ուներ, առաջավոր նախագծեր, որոնք կարող էին փոխել որոշակի մոտեցումները դեղագործության մեջ, անասելի շահույթ բերել։ Դեղերի արտադրության և, համապատասխանաբար, վաճառքի ծավալները տասնապատկվեցին և հասցվեցին մինչև 1.5 մլն ռուբլու։ Այս ձեռքբերումներն արժանացան խորհրդային կառավարության ուշադրությանը և արժանացան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, որն ինստիտուտին հանդիսավորապես հանձնվեց անձամբ ԽՍՀՄ ԳԱ նախագահ Ա.Պ. Ալեքսանդրովի կողմից։ Բայց «տառապանքների ուղիներով ընթանալը» Հայաստանի ճակատագիրն է։ Այս անգամ, յոթանասնամյա վերելքից հետո, սկսվեց պերեստրոյկան։ Չկայացած անհաջողակ, ճղճիմ մարդուկ Մ.Գորբաչովի կառավարման օրոք, որն ամեն հնարավոր բան արեց, որ իր ղեկավարած երկիրն այլևս գոյություն չունենա, «վերակառուցողական» գործընթացներ սկսվեցին նաև Հայաստանում։ Ստի հաստ շերտը, ավելի ճիշտ՝ կեղտի օվկիանոսը կլանեց երկիրը։ Ինքնաոչնչացման վարակի ախտանշանները սկսեցին ի հայտ գալ նույնիսկ Հայկ. ԽՍՀ կոնսերվատիվ ԳԱ-ում։ Նորարարություններից մեկն այն ժամանակ մոդայիկ դարձած պրոֆեսիոնալ, աշխատանքի հսկայական փորձ ունեցող տնօրեններին կոկորդ պատռող դիլետանտներով փոխարինելն էր։ Պահի թելադրանքի և կուսակցական մարմինների կողից ԳԱ նախագահության վրա բանեցված լուրջ ճնշման արդյունքում ՆՕՔԻ գահին բազմեց մեկը, որը խիստ համեստ տեղ էր զբաղեցնում Հայաստանի գիտական հիերարխիայում։ «Գլխին լցված երջանկությունից» և «պատմական պահից», արդեն առկա լիարժեք սարքավորումներից օգտվելու, ֆանտաստիկ հնարավորություններ ունեցող գործն (արդեն դեֆիցիտ դարձած դեղերի լիամասշտաբ արտադրություն, ԱՊՀ շուկաների դատարկ հատվածի արագ զբաղեցում) սկսելու փոխարեն ՆՕՔԻ «երիտասարդական» թիմի ռազմավարությունն ինստիտուտը դրեց ամենագռեհիկ ճանապարհի վրա։ Շենքերն սկսեցին հանձնել ոչպրոֆիլային կոոպերատիվներին, որոնք արագ յուրացրին բոլոր ռեսուրսները, ոչնչացրին շրջանառու միջոցները, վաճառեցին հումքի պաշարները, հյուծեցին վեհապանծ հաստատությունը։ Ինքնագործ վերակառուցման արդյունքում ավերվեց արտադրատեխնոլոգիական կորպուսի հիմնական շենքը։ 1994թ., երբ փողոցից իշխանություն ներխուժածներն ու նրանց մերձավոր շրջապատը վայելում էին ամենաթողությունը, մտացածին պատրվակով ՆՕՔԻ-ից «վերընձյուղվեց» և Մոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրության կենտրոն անվան տակ կոմերցիոն հիմքի վրա դրվեց ֆիզիկական քիմիայի լաբորատորիան։ Մի փոքր ավելի ուշ, այդ նույն ամենաթողության ալիքի վրա իսնտիտուտից օտարվեց լաբորատոր շենքերից մեկը՝ հօգուտ նորաստեղծ «Արմենիկում» ՓԲԸ-ի։ ՆՕՔԻ-ին արդեն «հանձնարարվել» էր անհրաժեշտ հետազոտություններ անցկացնել, ապահովել «գիտությունը»։ Ինչպե՞ս տեղի ունեցավ դա։ XXI դարի դեղագործության ճիչի՝ «Արմենիկում» կոչվածի «գաղափարը» Երևան «բերվեց» ԱՊՀ երկրներով անհաջող «տուրնեից» հետո, ղազախական գիտության ներկայացուցիչ, ծնունդով ՌԽՖՍՀ Լեռնային Ալթայի ինքնավար մարզի Տուրոչակի շրջանի Տյուրեկտեչ գյուղացու կողմից, որը կարողացել էր «անհրաժեշտ տեղում և պետք եղած ժամանակին» «առաջարկություն անել, որից դժվար էր հրաժարվել»։ Իսկապես, «առաջարկությունից» մեծ փողերի և «Նոբելի» հնարավորության հոտ էր գալիս։ Գործող անձինք հաշվի չէին առել միայն մի «մանրուք», այն, որ «հրաշք դեղամիջոցը» ընդամենը յոդաջուր էր (պատենտ՝ WO0178751 A1, 2001)։ Հայաստանում, որտեղ երբեք համապատասխան պրոֆիլի ոչ մի գիտախումբ չէր եղել, դատարկ տեղում, «հանկարծ» սենսացիա հայտարարվեց՝ ստեղծվել է ՍՊԻԴ-ի թերապիայի դեղամիջոց, որը գերազանցում է հակառետրովիրուսային դեղամիջոցների առկա զինանոցը։ Բայց ՍՊԻԴ-ը յոդով չի բուժվում, ճիշտ այնպես, ինչպես սիֆիլիսը չի բուժվում թրջոցներով։ Յոդը, այնուամենայնիվ, բժշկության մեջ օգտագործվում է վնասվածքի շուրջ մաշկը վնասազերծելու նպատակով և երբեք չի կիրառվում խմելու համար, քանի որ էնդոկրին համակարգի խախտումներ է առաջ բերում, վնասում է երիկամները և սրտանոթային համակարգը՝ մահացու ելքով։ Արմենիկումի հետ կապված զավեշտախաղը շոշափելի վնաս հասցրեց և՛ ՆՕՔԻ իմիջին, և՛ Հայաստանի դեղագործությանը, և՛ ընդհանրապես Հայաստանին՝ շատ տարիների համար։ Ի դեպ, 2011թ. ամենաաղմկալի գիտական իրադարձություններից մեկը համարվում է ՍՊԻԴ-ի թերապիայի համոզիչ կլինիկական փորձարկումների ավարտը HPTN 052 դեղամիջոցով՝ պրոֆեսոր Քելվին Քոենի (Հարվարդ) ղեկավարությամբ, որոնք ցույց տվեցին, որ իմունային անբավարարվածության վիրուսով հիվանդությունը կարելի է կանխել 45%-ով, իսկ վաղ շրջանում հայտնաբերված հիվանդությունը բուժվել է 96% դեպքերում։

Վերջին քառորդ դարում էլի շատ վատ բաներ են տեղի ունեցել ՆՕՔԻ-ում, որոնց թվում նաև այն, որ նրա պատմությունից, վերջերս լույս տեսած բուկլետներից, «Նևա» ածելիի սայրով ջնջվել են ինստիտուտի առաջամարտիկների անունները։ Այսպիսով, խորհրդային դեղագործության գոհարներից մեկը՝ ՆՕՔԻ-ն, քանիցս ցինիկաբար բռնաբարվեց առանձնակի այլասերված ձևերով, ինչը հանգեցրեց նրա անժամանակ վախճանին։ Բավական է նայել նրա անձնակազմի թվաքանակի դինամիկային ըստ տարիների. 1955-1970թթ. աշխատակիցների թիվն ավելացել է՝ 40-50-ից հասնելով 120-150 մարդու, 1970-1987թթ.՝ 150-ից 650-660 մարդու, իսկ 1984-2011թթ. նրանց թիվը նվազել է մինչև 50-60 մարդու։ Սակայն, շնորհիվ ականջներին լապշա կախելու և բուտաֆորային տեսարաններ նկարելու արվեստի՝ Հայաստանի դեղագործության օրրանի մուլյաժը հաշվետվություններում ներկայացվում է որպես «կատարելություն», թեև վերջին քսանամյակում նրանք բառ առ բառ վերարտադրել են միմյանց, ինչը համառորեն չի նկատել ոչ ակադեմիայի ղեկավարությունը, ոչ նրա ղեկավարության ղեկավարությունը։ Ընդհանուր առմամբ, ՆՕՔԻ-ի, ինչպեսև ԽՍՀՄ պարագայում ամեն ինչ կատարվեց նույն տխուր սցենարով և արաբական ասացվածքին լրիվ համապատասխան. «Արքայատոհմը բաղկացած է հիմնադրից, շարունակողից, ընդօրինակողից և ավերողից»։ Վերջին նորություններից. 2006թ. ԳԱԱ նախագահության որոշմամբ ՆՕՔԻ-ին «միացրին» Օրգանական քիմիայի ինստիտուտը (ՕՔԻ)։ Եթե այս միտումը շարունակվի, ապա նման «խտացումների» արդյունքում ապագայում հավանական է թվում, որ ՆՕՔԻ-ն կվերածվի Քիմիայի ինստիտուտի, հետո էլ՝ Բնագիտության ինստիտուտի։ Նման միջոցառումների նվազագույն «օգուտն» ակնհայտ է։ Ազատվում են հիանալի շենքեր, տարածքներ։ Տառացիորեն օրերս ՆՕՔԻ-ում տեղի ունեցավ վանդալիզմի հերթական ակտը։ Ինստիտուտի մի հսկայական մասից հանվեցին կարևորագույն, խիստ անհրաժեշտ օժանդակ ծառայությունների կորպուսները, և տարածքը «նվիրվեց» ինչ-որ մեկին՝ բնակելի շենք կառուցելու համար։ Էլ ավելի վաղ, ինստիտուտի հենց ճակատամասում կառուցվեց նրա հետ ոչ մի կապ չունեցող մի օբյեկտ։ ՆՕՔԻ գիտական ճակատագրի մասին 2007-ից հետո քիչ բան է հայտնի, հավանաբար՝ այն պատճառով, որ այդ ճակատագիրը պարզապես չկա։ Միակ նորությունը՝ 2007թ. «դեղագործության նախկին օրրանում» նոր տնօրեն է նշանակվել։

Բացի բուն «օրրանից», Հայաստանում դեղամիջոցներ ստեղծելու որոնումներով փորձել է զբաղվել նաև որակյալ գիտնականների մի հսկայական բանակ այլ հաստատություններում, մասնավորապես՝ Օրգանական քիմիայի, Կենսաքիմիայի, Ամինաթթուների, Միկրոկենսաբանության, Մոլեկուլյար կենսաբանության, Ֆիզիոլոգիայի ինստիտուտների որոշ լաբորատորիաներում։ ՀՀ ԳԱԱ-ից դուրս նոր կենսաբանական ակտիվ նյութերի ստեղծման հիմնախնդիրը հռչակվել է գրեթե բոլոր ոչակադեմիական ԳՀԻ-ների, Հայաստանի բուհերի քիմիայի և դեղագործության ամբիոնների պլաններում և նախագծերում։ Արդյունաբերական դեղագործական ձեռնարկություններն են/էին Հայաստանում Քիմֆարմգործարանն Աբովյանում, Երևանի Վիտամինների գործարանը, «Լիզին» միավորումը Չարենցավանում։ Թվարկված բոլոր հաստատությունների օգտակար գործողության գործակիցն այսօր մոտ է զրոյին կամ հավասար է դրան։ Սա էլ հենց Հայաստանի այն ֆանտաստիկ դեղագործական պոտենցիալն էր, իսկ գուցե նաև է՛, որը պլանայնորեն դատապարտված է մոնոտոն անկման։ Քվանտային մեխանիկայի այն պոստուլատներից մեկի նման, ըստ որի՝ էլեկտրոնը չի կարող գտնվել հանգստի վիճակում, գոյություն ունի նաև սոցիումի օրենքը. համակարգը ստատիկ լինել չի կարող։ Այն կամ զարգանում է, կամ քայքայվում։ ԽՍՀՄ-ից մեզ ժառանգություն մնացած դեղագործությունն արդեն ավելի քան 20 տարի անդառնալիորեն քայքայվում է։ Երկիրն ինքն է իր արդյունաբերությունն ու գիտությունը հասցրել բորոտանոցի կարգավիճակի, ուր վտանգավոր է մտնել։

Իհարկե, ուրախացնում է այն փաստը, որ արդյունավետորեն են աշխատում նոր, զրոյից սկսած փոքր դեղագործական ընկերությունները, մասնավորապես՝ «Լիկվորը» և «Արփիմեդը», որոնք արտադրում են հայտնի պատրաստի դեղաձևեր ներկրված հումքից, և դրա համար՝ փառք ու պատիվ դրանք ստեղծող խանդավառներին։ Ուժեղ, նպատակասլաց մարդիկ, որոնք լավ գիտեն նյութն ու շուկան, համարձակություն ունեցան սկսելու և շահեցին։ Իսկ «կորիֆեյները», որոնց հենց այնպես (?) նվիրեցին ժամանակին հզորագույն հաստատությունները, կամ կամաց-կամաց վաճառեցին տեխնոլոգիաներն ու սարքավորումները, կամ էլ մինչև այժմ նայում են իրենց նվիրված ձիու ատամներին և փսլիքները սրբելով պատմում են, թե ինչ քավթառ ձի ու շիլափլավ է իրենց բաժին ընկել։

Ի՞նչ է տեղի ունենում համաշխարհային դեղագործության մեջ։

2012թ. բլոկբաստեր մի շարք դեղամիջոցներ կզրկվեն պատենտային պաշտպանությունից, ինչը նշանակում է, որ դեղագործական շուկայում վնասաբեր գնով ի հայտ կգան դրանց լիարժեք անալոգ-գեներիկները և պատենտների սեփականատեր ընկերությունները կզրկվեն գերշահույթներից, ինչին կհետևի դրանց բյուջեների կրճատումը, կփակվեն մի շարք լաբորատորիաներ և այլն։ Մանավանդ որ հորիզոնում պոտենցիալ շատ բլոկբաստերներ արդեն չեն երևում։ Իհարկե, լավ կանխատեսումներ են արվում Pfizer-ի երկու դեղամիջոցի համար. քաղցկեղ բուժող Сrizotinib-ի և հակակոագուլյանտ Apixaban-ի համար։ Merck-ն առաջարկում է երկրորդ տեսակի դիաբետի բուժման միջոց՝ Juvisync և հեպատիտ C-ի բուժամիջոց՝ Victrelis։ Բայց դեռ 2009թ. Schering-Plough-ը հայտարարել էր 10% կրճատման մասին։ Առաջիկա երեք տարիների ընթացքում այնտեղ փակվելու է 55 հազար աշխատատեղ։ 16 հազար աշխատատեղ կրճատելու մասին հայտարարություն է արել Merck-ը։ Կրճատման են պատրաստվում նաև Johnson & Johnson-ը, Pfizer-ը, Eli Lilly-ն և AstraZeneca-ն։

Վերջին տարիները նշանավորվեցին ռազմավարության փոփոխությամբ դեղամիջոցների ստեղծման գործում։ Դեղագործությունն այսօր և 20-25 տարի առաջ՝ տարբեր աշխարհներ են։ Այսօր դա և՛ միացությունների նանոմոլյար զտման պարտադիր պահանջն է, և՛ հայտնի ֆրագմենտներով լիդեր միացությունը գտնելու մեթոդիկան, և՛ բարձրարտադրողական սքրինինգը, և՛ կոմբինատորային քիմիան, և դեղերի ռացիոնալ դիզայնը։ Այս բոլոր մոտեցումները զգալի դեր են խաղում դեղերի ստեղծման գործում, բայց, այնուամենայնիվ, առայժմ չեն տալիս այն արդյունքները, որոնց անթերիության մեջ փորձում են գիտական հանրությանը համոզել դրա հիմնադիրները։ Ապացույցը շուկայից առավել հաճախակիացած դեղերի հետկանչն է, մարքեթինգի դադարեցումը և կիրառումների սահմանափակումը։ Լուրջ կողմնակի ազդեցությունների պատճառով 2001թ. Bayer-ը շուկայից հանեց Lipobay դեղամիջոցը, 2004թ. Merck-ը հանեց Vioxx-ը, 2005-ին Pfizer-ը հանեց Bextra-ն։ «Աղմկալի» բոլոր СОХ-2 ինհիբիտորներից շուկայում մնաց միայն Celebrex-ը։ Հայտնի են շուկայից դեղամիջոցները հանելու այլ դեպքեր ևս։ Պակաս հետաքրքիր չեն որոշ «նոր» դեղերի կիրառման հրահանգները, օրինակ՝ բրոնխիալ ասթմայի բուժման Berlicort դեղամիջոցը, որտեղ «Կողմնակի ազդեցություններ» բաժնում անկեղծորեն նշված է. կարող են առաջ գալ Կուշինգի ախտանշանը, վերերիկամների անբավարարություն, սեռական հորմոնների անջատման խախտում, օստեոպարոզ, միասթենիա, շաքարային դիաբետ, իմունիտետի անկում, ներգանգային ճնշման բարձրացում, թրոմբոզներ, փսիխիկայի խանգարումներ և այլն։

Բայց, ուզես, թե չուզես՝ հարկավոր է տեղավորվել արդի մատրիցայում և աշխատել այնպես, «ինչպես ընդունված է»։ Չէ՞՝ ուրեմն, խնդրեմ, անտառ գնացեք, որովհետև ոչ ոք ձեզ լուրջ չի ընդունի։ Սակայն դեղերի ստեղծման գործում գլխավոր դերը, ինչպեսև գիտության ցանկացած այլ բնագավառում, շարունակում են խաղալ ինտելեկտը, փորձը և ինտուիցիան, որոնց խիստ խանգարում է միանգամայն հիմար այն միտումը, որ դեղագործական (և ցանկացած այլ) ընկերության ղեկավար են նշանակում իբր թե փող սարքող մասնագետի՝ «մենագերի», այլ ոչ թե պրոբլեմատիկայի գծով մասնագետի, ինչը վաղ թե ուշ հանգեցնում է ընկերության կործանման։ Անհնար է ճիշտ ղեկավարել այն, ինչն ինքդ չգիտես, առավել ևս՝ մարդկանց, որոնք քեզնից շատ ավելի լավ են տիրապետում խնդրո առարկային։

Վերադառնանք Հայաստան, որտեղ դեռ գոյություն ունեն երբեմնի շքեղության մնացուկները՝ բազմաթիվ գիտական հաստատություններ, որոնք, ըստ էության, կարող են նպաստել դեղագործության կայացմանը, բայց որոնք մինչև այժմ իրենց գործունեությունը համարում են «կենսաբանորեն ակտիվ նյութերի ստեղծումը»։ 40-50-ամյա վաղեմության այս արխաիկան այսօր բավական անպարկեշտ է հնչում, բայց շարունակում է հնչեցվել տիտղոսակիր «ընկերների» կողմից, որոնք սինթեզում են «հրաշք-նյութեր», որոնք ինչ-որ տեղ հետազոտման են ուղարկվում միաժամանակ և՛ որպես միացություններ՝ վարունգների բուժման համար, և՛ որպես անոթալայնիչ միջոցներ։

Դիտարկենք Հայաստանում դեղագործության վերածննդի իրական հնարավորությունները։

Առաջինը ներկրված հումքից սեփական կարիքների համար պատրաստի դեղամիջոցների արտադրության կազմակերպման պարզագույն և խիստ շահութաբեր տարբերակն է։ Սա այն է, ինչով, ըստ էության, զբաղվում են «Արփիմեդ» և «Լիկվոր» ընկերությունները և հազարավոր այլ ընկերություններ աշխարհում։ Այս բիզնեսի հնարավորությունները ներկայացնեմ ասպիրինի օրինակով, որի մեկ կիլոգրամը համաշխարհային շուկայում արժե $2,2-3.2։ Սուբստանցիայի այդ մեկ կիլոգրամը վերածվում է 2000 հատ 500 մգ ստանդարտ հաբերի կամ 81 մգ-անոց 12,345 հատ կարդիոասպիրինի հաբի։ Ասպիրինի տարեկան համաշխարհային պահանջարկը մոտավորապես 50.000 տոննա է, Հայաստանում՝ մոտ 20 տոննա։ Շահույթի հաշվարկը թողնում եմ ընթերցողին։ Հայաստանի նման շրջափակված երկրում, առանց երկաթուղու, առանց ծով անմիջական ելքի, հումքի ներկրումը, իսկ հետո՝ արտադրանքի արտահանումը նման ծավալներով, անգամ եթե ընդունենք, թե հայ վաճառականներին կհաջողվի զավթել ասպիրինի ողջ համաշխարհային շուկան, իրական չէ։ Բայց 20 տոննա հումք բերելը միանգամայն իրական է, և Հայաստանում պետք է առավելագույնս իրականացվի ներմուծվող դեղերին փոխարինող դեղերի արտադրությունը։ Դե, իսկ դրանց որոշակի քանակությունը երկրից դուրս բերելն ու վաճառելը՝ Համաշխարհային բանկի պահանջներին համապատասխան, արդեն մասնագետների շնորհքի հարցն է։

Երկրորդ բազմախոստումնալի, խիստ «մոդայիկ» և կրկին շահութաբեր տարբերակը սուպերգեներիկների մշակումն է, ինչը շատ ավելի էժան է (first-in-the-class) նոր դասի կամ լավագույն դասի (best-in-the-class) դեղամիջոցների մշակումից։ Անհասկանալի սուպերգեներիկ հասկացության մեջ մտնում են և՛ բարելավված կենսամատչելի դեղամիջոցները, և՛ ազդեցություն գործող նյութի մոդիֆիկացված դեղամիջոցները, և՛ հայտնի գեներիկների համակցումները, որոնք փոխադարձաբար առավելագույնի են հասցնում բաղադրիչներից յուրաքանչյուրի ազդեցությունը։ Ըստ էության, առկա է հնագույն արևելյան բժշկության հայեցակարգի արդիական մեկնաբանությունը, որի մասին, սակայն, ժամանակակից գիտնականները նախընտրում են չհիշատակել՝ իրենց վերագրելով առաջնայնությունը։ Օրինակ, Pozen ընկերությունը մշակել և առաջարկել է Treximet դեղամիջոցները՝ միգրենը բուժելու համար (Sumatriptan-ի և Naproxen-ի համակցումն է) և Vimovo-ն (Naproxen-ի և Esomeprazole-ի համակցումը)՝ խրոնիկական ցավ ունեցող հիվանդների վիճակը թեթևացնելու համար։ Միայն 2011թ. առաջին վեց ամիսների ընթացքում վերջինների վաճառքը կազմել է $45 և $10 մլն՝ համապատասխանաբար։ Դեռ խորհրդային ժամանակներից նման դեղամիջոցների (ասկոֆեն, ցիտրամոն, պենտալգին և այլն) ստեղծման և կիրառման հսկայական փորձ ունենալով՝ հանցագործություն կլինի գործընթացին չներգրավվելը, նոր, «մոդայիկ» ալիքը չսանձելը և Հայաստանում սուպերգեներիկներ ստեղծել չփորձելը, որոնց առկայության դեպքում արդեն կարելի է լրջորեն մտածել արտահանման մասին։

Վերջապես, երրորդ, ամենախոստումնալից, ամենածախսատար, բայց ամենաշահութաբեր տարբերակը՝ first-in-the-class դեղամիջոցի մշակումը։ Սեփական դեղամիջոցի ստեղծումը։ Բոլորովին էլ բացառված չէ, որ այդ նույն ՆՕՔԻ-ում կամ մեկ այլ տեղում, մի ինչ-որ ինստիտուտում, ինչ-որ ամբիոնում գուցե դեռ խորհրդային ժամանակներից «ընկած մնացել» կամ գուցե օրերս ծնվել է հետաքրքիր մի գաղափար, հետաքրքիր հայեցակարգ, դիտարկում, որոնք կարող են դառնալ first-in-the-class դեղամիջոցի ստեղծման հիմքը, որը «խելքի բերելը» կարող է վաճառքի ընդամենը մեկ տարվա ընթացքում այնպիսի շահույթ բերել, որը կծածկի Հայաստանի Հանրապետության ողջ տարեկան բյուջեն։ Պարզապես հարկավոր է մանրակրկիտ հաշվառել այն, ինչ մնացել է, ուշադիր լսել մարդկանց և կարողանալ «թացը չորից ջոկել», համակարգել վաղուց արդեն մեծ գիտություն ձևացնող՝ համապատասխան պրոֆիլի հաստատությունների պոտենցիալը մեկ-երկու խնդիր լուծելու համար, այն ողորմելի գրոշները, որոնք փոշիացվում են բազմաթիվ անիմաստ փոքր գրանտների վրա, ուղղել մեկ-երկու կոնկրետ նպատակի՝ այն սկզբունքով, որ ոչ մեկին չնեղացնեն, նպատակներ, որոնք արդյունքում կարող են մեծ օգուտ բերել և ապացուցել ինքներս մեզ, իսկ հետո էլ՝ ողջ աշխարհին, որ մենք կարող ենք ոչ միայն սպառել գլոբալացման «պտուղները», այլև լինել «գլոբալացնողների» կողքին։

Վերոշարադրյալն ամբողջությամբ Հայաստանի «նոր քիմիացման»՝ նրա արդյունաբերության վերածննդի ուղիներից մեկի, իմ քանիցս ներկայացրած հայեցակարգի ընդամենը մի մասն է։ Հսկայական հեռանկարներ կարող են բացվել նոր նյութերի, սինթետիկ վառելիքի ստացման բնագավառում։ Ինչեր ասես չի խոստանում, օրինակ, այնպիսի «մանրուք», ինչպիսին է ֆոտոռեֆրակտիվ պոլիմերների մշակումը եռաչափ (3D) գունավոր պատկերմամբ դիսփլեյների համար։ Հեռախոսների, հեռուստացույցների, համակարգիչների, գիտական և բժշկական սարքավորումների դիսփլեյների էկրանների թվի հաշվարկը համաշխարհային մասշտաբով նույնպես թողնում եմ ընթերցողին։ Եվ այս ամենն ուտոպիա չէ, այս ամենն այսօրվա և վաղվա քիմիայի իրական մարտահրավերներն են, պոտենցիալ միլիարդներ։ Հնարավոր է, որ վաղ թե ուշ ինչ-որ մեկն անի այդ։ Երբեմն, երբ մեկ կետում միանում են բոլոր բաղադրիչները՝ Սթիվ Ջոբսը կամ Բիլ Գեյթսն իրենց գաղափարներով, խանդավառ պրոֆեսիոնալները, ֆինանսավորումն ու մենեջմենթը, ստացվում են գեղեցիկ գլոբալ լուծումներ։

Հայ հասարակությունում վաղուց, անկախության ձեռքբերումից անմիջապես հետո, ամրապնդվել է դրսեկ բազմաթիվ խորհրդականների կողմից պարտադրված մոլորությունը, թե համաշխարհային տնտեսական համակարգի շրջանակում Հայաստանը չի կարող գլոբալ տնտեսական աճի լոկոմոտիվի դեր խաղալ։

Այո, այդպես է, եթե ցուցանիշները հաշվարկենք տոննաներով կամ խորանարդ մետրերով։ Մեզ, ցավոք, շրջանցել է գազա- և նավթարդարությունը։ Մենք ոչ թեյ ունենք, ոչ սուրճ։ Լավորակ ծխախոտ մեզ մոտ գրեթե չի աճում։ Ոչինչ չունենք, որի հաշվին պարազիտություն են անում մյուս երկրները։ Դեպի աշխարհ ելք էլ չունենք։

Ոչ, այդպես չէ, եթե շեշտը դնենք գիտության, քիմիայի և դեղագործության վրա՝ մասնավորապես։ Սկզբունքորեն, երկիրը կարող է մեկ-երկու ուղղության լոկոմոտիվ դառնալ։ Եվ եթե շատ ուզենանք և ձգվենք, ապա անպայման կծնվեն մոտեցմանն ու ներդրումներին մասշտաբներով համարժեք նոր որոշումներ։ Իհարկե, 20 տարին բավական չէ կայացման համար, բայց բավական է՝ հասկանալու համար, թե ինչ հիմքի վրա կարելի է արժանի երկիր կառուցել։ Հույս ունեմ, որ դեռ չենք հասել այն կետին, որտեղից «վերադարձ չկա», և երկիրը վերջին 20 տարիներին լքած հայրենակիցներին չեն միանա նորերը, որոնք օտար երկրներին կարող են առաջարկել իրենց ուղեղները, հմտությունները, գիտելիքները, փողերը։ Պաստյորը ժամանակին ասել էր. «Հանեք Ֆրանսիայի պատմությունից 100 մարդու, և Ֆրանսիայի պատմությունը չի լինի»։  

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am