Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հուշեր

Հուշեր
Հունվար 2012, N 1

ԵՂԻՇԵ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մարդ լեգենդը

Սուրեն Սարգսյան, հրապարակախոս, տնտեսագետ

Տեղեկանք

Հայկական ԽՍՀ պետական և կուսակցական գործիչ։

Ծնվել է 1911թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ճարտար գյուղում։

1932-1938թթ. - սովորել է Թբիլիսի քաղաքի Անդրկովկասյան ինդուստրիալ ինստիտուտում, ստացել լեռնային ինժեների որակավորում։

1938-1939թթ.  - ինստիտուտը նրան ուղարկել է Դոնբաս։

1939-1946թթ.  - աշխատել է Մոնղոլիայում. սկզբում՝ որպես տրեստի գլխավոր ինժեներ, այնուհետև՝ արդյունաբերության և շինարարության նախարարությունում՝ որպես խորհրդական։ 

1947-1950թ.  - Երևանի ալյումինի «Կանազ» գործարանի շինարարության շինմոնտաժային վարչության պետի տեղակալ, պետ։

1950-1954թթ. - Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի արդյունաբերության և շինարարության բաժնի վարիչի տեղակալ, Երևանի օկրուգկոմի քարտուղար, Երևան քաղաքի Ստալինյան կուսշրջկոմի առաջին քարտուղար։

1954-1960թթ. - Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի միավորված բաժնի վարիչ։

1960-1963թթ. - Հայաստանի Ժողտնտեսության խորհրդի նախագահ։

1963-1966թթ. - կուսակցական-պետական վերահսկողության կոմիտեի նախագահ, միաժամանակ՝ Կենտկոմի քարտուղար և Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։

1966-1976թթ.  - Հայաստանի ժողովրդական վերահսկողության պետական կոմիտեի նախագահ։

1976-1986թթ. - Հայկական ԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի (Госснаб) նախագահ։

1954-1986թթ.  - Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, ունի 33 պետական շքանշան, այդ թվում և Լենինի (1966թ.), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2004թ.) և Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության շքանշաններ։

Վախճանվել է 2008թ. դեկտեմբերի 2-ին, 98 տարեկան հասակում։

Եղիշե Ասծատրյանի մանկությունն անցել է Լեռնային Ղարաբաղի Ճարտար գյուղում։ Ճարտարը Արցախի հնագույն բնակավայրերից է, որտեղ հնուց զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Բնության գեղեցկությունն աննկարագրելի է։ Ճարտարի վրա վեր են խոյանում Սպիտակ և Սև լեռները։ Բարձունքում է գտնվում XII դարի կառույց Եղիշեի վանքը։ Միավորված Ճարտարը, որը բաղկացած է չորս գյուղերից, ավելի քան 1050 տուն ունի, որտեղ ապրում է մոտ 5000 մարդ։ Այստեղ է գտնվում նաև հռչակավոր Ամարասի վանքը, որտեղ IV դարի սկզբին սկսվեց քրիստոնեության տարածումն Արցախում, իսկ Vդ. բացվեց առաջին հայկական դպրոցը, որտեղ մեր գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը գրագիտություն էր սովորեցնում երեխաներին։

Եղիշեի հայրը՝ քարտաշ Թևոսը, բարի հետք է թողել ճարտարցիների հիշողություններում։ Ընտանիքը բազմանդամ էր, բայց, ինչպես սովորաբար լինում էր հնում, բոլորը չէ, որ ողջ մնացին, այլ ընդամենը երեք տղա և չորս աղջիկ։ Եղիշեն ուսումն սկսեց հայրենի գյուղում, հետո այն շարունակեց Մարտունու շրջկենտրոնի յոթնամյա դպրոցում, որից հետո ավարտեց Բաքվի մանկավարժական տեխնիկումը։

1932թ. Եղիշեն ընդունվում է Թբիլիսիի Անդրկովկասյան ինդուստրիալ ինստիտուտ, որն ավարտելով 1938թ.՝ երիտասարդ ինժեներն ուղարկվում է Դոնբասի հանքավայրերից մեկը։ Սկզբում Ասծատրյանն աշխատում էր որպես տեղամասի պետի օգնական, կարժ ժամանակամիջոցում առաջ է քաշվում ավագ ինժեների, իսկ հետո նաև 19 թիվ հանքի գլխավոր ինժեների պաշտոնին։ Հենց այդ տարիներին էլ ձևավորվում են նրա բնավորության այնպիսի գծերը, ինչպիսիք են աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ բարձր պատասխանատվությունը, արտադրությունը ռացիոնալ կազմակերպելու ունակությունը և կոլեկտիվ ղեկավարելու հմտությունը։ Արտադրական ձեռքբերումների համար Եղիշե Թևոսովիչն արժանանում է կառավարական պարգևի, որն ստանալու համար, որպես հանքագործների պատվիրակության ղեկավար, մեկնում է Մոսկվա, Կրեմլ։ Համամիութենական ավագը՝ ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ.Ի. Կալինինը, նրան է հանձնում շքանշանը և հանձնարարում պատասխան խոսքով ելույթ ունենալ պարգևատրվածների անունից։ Երիտասարդ մասնագետը հաջողությամբ է կատարում նրա հանձնարարությունը։ Դժվար է հավատալ, որ այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել ընդամենը մեկ տարվա ընթացքում։

1939թ. մայիս-սեպտեմբերին Խալխին-Գոլի շրջանում մարտական գործողություններ են ծավալվում։ Դրանք սանձազերծել էր ճապոնական կողմը՝ նպատակ հետապնդելով զավթել տարածքներ Մոնղոլիայից (ՄԺՀ)։ Մարտական գործողությունների հետ կապված՝ Ասծատրյանը, խորհրդային կառավարության որոշմամբ, մասնագետների խմբի կազմում (124 մարդ) մեկնում է այնտեղ՝ Կարմիր բանակի տրամադրության տակ, կազմակերպելու համար ածխահանքերի, ինչպես նաև ռազմական օբյեկտների շինարարությունը։ Կոնկրետ խնդիր էր առաջադրվել՝ բանակը և կարևոր ռազմական օբյեկտներն ապահովել վառելիքով։ Ղեկավարությունն իրականացնում էր 17-րդ բանակի հրամանատար Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովը։

Ճապոնիայի ջախջախումից հետո խորհրդային զորքերի մեծ մասը վերադարձավ տուն, իսկ այդ երկրում աշխատող մասնագետները, խորհրդային և մոնղոլական կառավարությունների որոշմամբ, մնացին Ուլան Բատորում։ Ասծատրյանը սկզբում նշանակվեց լեռնահանքային տրեստի գլխավոր ինժեներ, այնուհետև՝ ՄԺՀ արդյունաբերության և շինարարության նախարարության խորհրդական։ Այդ ժամանակ Մոնղոլիայում սկսեցին ստեղծվել և զարգանալ ծանր արդյունաբերության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են լեռնահանքայինը, էներգետիկականը, մետաղամշակմանը և այլն։ ՄԺՀ այս նվաճումների մեջ կա նաև Եղիշե Թևոսովիչի ավանդը։

Այդ նույն շրջանում Ուլան Բատորում տեղի է ունենում գլխավոր իրադարձությունը Եղիշեի անձնական կյանքում։ Նա սիրահարվում է Մոնղոլիայում խորհրդային դեսպանության երիտասարդ աշխատակցուհի Ալեքսանդրա Վասիլևնա Նևզորովային։ Շուտով կայանում է նրանց հարսանիքը։ Վկայի պատվավոր առաքելությունն ստանձնում է պետության ղեկավարը՝ մարշալ Չոյբալսանը։ Այստեղ էլ՝ Ուլան Բատորում, ծնվում է Ասծատրյանների առաջնեկը՝ Լարիսան։ Դա երջանիկ ամուսնություն էր, ամուսինները կես դար սիրով միասին ապրեցին։

1946թ. Եղիշե Թևոսովիչը տիկնոջ և երկամյա դստեր հետ տեղափոխվում է Մոսկվա։ Բնակություն են հաստատում Ալեքսանդրա Վասիլևնայի հորեղբոր մոտ։ Եղիշե Թևոսովիչի փաստաթղթերը պահվում էին Կենտկոմի արտասահմանյան բաժնում, և դրանց զննումից հետո Ասծատրյանը նշանակվում է ԽՍՀՄ ածխարդյունաբերության նախարարության ստորաբաժանումում։ Հետագայում նախատեսվում էր աշխատանք Գերմանիայում, սակայն այդ ժամանակ Բաքվում վթարի է ենթարկվում Եղիշեի ավագ եղբայրը՝ Արտաշեսը։ Մի կողմ թողնելով բոլոր գործերը՝ Եղիշեն մեկնում է նրա մոտ։ Որոշ ժամանակ անց նա Բաքվից մեկնում է Երևան։ Այստեղ հանդիպում է ինստիտուտի մտերիմ ընկերոջը՝ գունավոր մետալուրգիայի տրեստի կառավարիչ Մնացական Սարուխանյանին, որը նրան խորհուրդ է տալիս վերադառնալ Երևան, բայց Մոսկվայի գործուղմամբ։ Վերադառնալով մայրաքաղաք՝ Ասծատրյանը հեռախոսով կապվում է Անաստաս Միկոյանի հետ, որին հեռակա կարգով ճանաչում էր դեռ Մոնղոլիայում աշխատած տարիներին գործնական նամակագրության միջոցով։ Անաստաս Իվանովիչը հավանություն է տալիս նրա ցանկությանը. «Հայաստանն այժմ որակյալ կադրերի պահանջ ունի»,- այսպիսին էր նրա պատասխանը։ Միկոյանը զանգահարում է գունավոր մետալուրգիայի նախարար Պ.Ֆ. Լոմակոյին և խնդրում Ասծատրյանին աշխատանքի տեղավորել Երևանում իր օբյեկտներից մեկում։ Այսպես Եղիշե Թևոսովիչն ստանում է առաջին նշանակումը Հայաստանում. Քանաքեռի կառուցվող ալյումինի գործարանի փոխտնօրեն։ Ասծատրյանի մոսկվացի ընկերները հավանություն չեն տալիս նրա նախաձեռնությանը՝ ասելով, թե Մոսկվայում և Գերմանիայում նա ավելի մեծ հեռանկարներ կունենար, բայց որոշումն անբեկանելի էր՝ աշխատել հայրենիքում։

Գնացքով կտրելով Ստալինգրադ-Մախաչկալա-Բաքու-Թբիլիսի ճանապարհը՝ Ասծատրյանը ողջ ընտանիքով հասնում է Երևան և տեղավորվում «Երևան» հյուրանոցում։ Այդ նույն օրը Մ.Սարուխանյանի և նրա տեղակալ Բ.Սուսանյանի հետ շրջում են Աբովյան փողոցով։ Երկու քայլ էլ չէին արել, երբ հանդիպում են Կարաբալային, որն Ալեքսանդրա Վասիլևնային է նվիրում մի հիասքանչ ծաղկեփունջ։ Ասծատրյանը փորձում է փող տալ նրան, բայց ծաղիկներ նվիրողը հրաժարվում է։

Հաջորդ օրը Միկոյանի ցուցումով Եղիշե Թևոսովիչը ներկայանում է Հայաստանի Սովմինի առաջին տեղակալ Արամ Փիրուզյանին։ Ծանոթանում են, զրուցում։ Զրույցի ավարտին վերջինը զանգահարում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի արդյունաբերության գծով քարտուղար Ի.Սոչինսկուն, ում մոտ էլ գնում է Եղիշե Թևոսովիչը։ Սոչինսկին ջերմ է ընդունում Ասծատրյանին, հարցուփորձ անում Մոնղոլիայի մասին։ Երրորդ օրվա առավոտյան Եղիշե Թևոսովիչը հայտնվում է ալյումինի գործարանի շինհրապարակում։ Պարզվում է՝ այդ պահին կառուցվող օբյեկտի տնօրենն արձակուրդում էր, և գործերը տնօրինում էր գլխավոր ինժեներ Ռազմիկ Մելիքյանը, որի և Ասծատրյանի միջև ջերմ, բարեկամական հարաբերություններ են ստեղծվում՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից։ Այսպես Եղիշե Թևոսովիչը սկսում է աշխատել շինարարությունում։ Շուտով ստեղծվում է այդ կարևոր օբյեկտի շինմոնտաժային վարչությունը, որի ղեկավար էլ նշանակվում է Ասծատրյանը, իսկ նրա նախկին պետ Յակով Ակոպովը՝ ալյումինի գործարանի տնօրեն, որպես այդ շինարարության պատվիրատու։

Սկզբում գործարանը կառուցում էին գերի վերցված գերմանացիները, հետո նրանց փոխարինեցին մոտ 5000 պայմանականորեն ազատ արձակված բանտարկյալներ։ Դա հսկայական աշխատանք էր, քանի որ աշխատողների համար պետք է սոցիալական պայմաններ ստեղծեին, համապատասխան հմտություններ սովորեցնեին և կազմակերպեին աշխատանքը, էլ չենք խոսում ոչ հասարակ կենսագրություն ունեցող մարդկանց հետ շփում հաստատելու անհրաժեշտության մասին։ Միաժամանակ կառուցվում էին բնակարաններ, հանրակացարաններ, մշակութային նշանակության օբյեկտներ, ճանապարհներ։ Շատ անգամներ շինհրապարակ է այցելում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգորի Հարությունովը։ Շինմոնտաժային աշխատանքների 1949թ. պլանը հաջողվում է կատարել 144 տոկոսով։ Շինարարության բոլոր տարիներին աշխատանքը թողել է ընդամենը 57 մարդ, իսկ մի քանի հազար նախկին բանտարկյալներից հաջողվում է ստեղծել որակյալ կոլեկտիվ։ Մոսկվայում, կոլեգիայի ժամանակ  գունավոր մետալուրգիայի նախարար Պ.Լոմակոն ցուցում է տալիս փոխ առնել հայ շինարարների փորձը։ 1950թ. հուլիսի 6-ին «Կանազի» առաջին հերթափոխը հանդիսավորապես շարք է մտնում։ Այս վիթխարի աշխատանքի գնահատականն է դառնում այն, որ Եղիշե Թևոսովիչը նշանակվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի ծանր արդյունաբերության և շինարարության բաժնի վարիչի տեղակալ։ Այդ նույն ժամանակաշրջանում Ասծատրյանների ընտանիքում համալրում է տեղի ունենում. նրանց դուստրը՝ Լարիսան, եղբայրիկ է ունենում. ծնվում է նրանց Օլեգ որդին։

1950թ. ճանապարհ չլինելու պատճառով զոհվում են Արագածի աստղադիտարանի երկու աշխատակից, որոնք ոտքով, եղանակային վատ պայմաններում, ճանապարհ էին ընկել դեպի Արագած։ Բյուրական-Արագած ճանապարհի կառուցումն օրախնդիր էր։ Գրիգորի Հարությունովը Եղիշե Թևոսովիչին հանձնարարում է անձնական հսկողության տակ վերցնել դրա շինարարությունը։ Ռաֆայել Վիրաբյանի ղեկավարած կոլեկտիվը հաջողությամբ է կատարում առաջադրված խնդիրը։

Որոշ ժամանակ անց հանրապետությունում երեք վարչական օկրուգ է ստեղծվում՝ Երևանյան, Լենինականյան և Կիրովականյան։ Եղիշե Թևոսովիչն ընտրվում է Հայաստանի Կոմկուսի Երևանյան օկրուգկոմի քարտուղար արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի գծով, այնուհետև՝ Երևան քաղաքի խոշոր արդյունաբերական Ստալինյան (ավելի ուշ՝ Լենինյան) կուսշրջկոմի առաջին քարտուղար։ 1954թ. Ասծատրյանը նշանակվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի միավորված բաժնի վարիչ։ Նա մեծ դեր է խաղում Գյումուշի, Արզնու, Երևանի հիդրոէլեկտրակայանների, Հայէլեկտրամեքենա, կաբելի և անվադողերի գործարանների, Վայք-Ջերմուկ, Արմաշ-Եղեգնաձոր ճանապարհների, ինչպես նաև այլ օբյեկտների կառուցման գործում։ Արմաշ-Եղեգնաձոր ճանապարհի մասին կուզենայի խոսել առանձին։ Մինչ այդ Եղեգնաձոր, իսկ հետո՝ նաև Սիսիան և Զանգեզուր տանող ճանապարհն անցնում էր Նախիջևանով։ Այնտեղ վարորդներին մշտապես կանգնեցնում էին, չհիմնավորված կերպով մանրախնդիր պահանջներ ներկայացնում։ Խիստ բարդ ռելիեֆ ունեցող ճանապարհը հանձնվում է ճիշտ ժամանակին։ 1956թ. Ասծատրյանը պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

1960թ. սկզբին Եղիշե Թևոսովիչը նշանակվում է հանրապետության ժողտնտխորհի նախագահ։ Հենց այս պաշտոնին էլ առավել մասշտաբային ձևով է դրսևորվում նրա կազմակերպչական տաղանդը։ Պետք է ասել, որ Հայաստանի ժողտնտխորհը բացառիկ դեր է խաղացել տնտեսության հետագա վերելքի, գիտատեխնիկական նվաճումների ներդրման, սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում։ Այդ ժամանակ միավորվեցին ութ հանրապետական և միութենական-հանրապետական նախարարություններ։ Ժողտնտխորհի տնօրինմանը հանձնվեցին միութենական ենթակայության բոլոր կարևորագույն արդյունաբերական և շինարարական օբյեկտները, այսինքն՝ հանրապետական և միութենական ենթակայության ավելի քան 250 ձեռնարկություն, գիտատեխնիկական, նախագծային, տնտեսական ինստիտուտներ և կոնստրուկտորական կազմակերպություններ։ Ժողտնտխորհին լայն իրավունքներ և պարտավորություններ տրվեցին։ Ժողտնտխորհի նախագահի պաշտոնում Ասծատրյանին հաջողվեց ոչ միայն փայլուն կատարել իր անմիջական պարտավորությունները, այլև հմտորեն համակարգել հանրապետության ժողտնտեսության բոլոր ճյուղերի աշխատանքը։ Նա մշտապես հանդիպում էր ինժեներատեխնիկական անձնակազմի և բանվորների հետ, փորձում հասկանալ նրանց բարձրացրած հարցերի էությունը և օպերատիվորեն լուծել դրանք։ Անգնահատելի է նրա ավանդը Արփա-Սևան թունելի, Երևանի, Հրազդանի ու Կիրովականի ՋԷԿ-երի, մետրոպոլիտենի, մարզահամերգային համալիրի, ինչպես նաև ողջ հանրապետությունով մեկ այլ օբյեկտների կառուցման և շահագործման մեջ։

Լեռնային ինժեներ լինելով՝ Ե.Ասծատրյանը հատուկ ուշադրություն էր նվիրում լեռնահանքային արդյունաբերության զարգացմանը՝ իրավացիորեն ենթադրելով, որ այս ճյուղն առանցքային է հանրապետության արդյունաբերության համար և առավել հեռանկարային՝ հարուստ հումքային պաշարների առումով։

Մեր դժվար օրերում ավելի շոշափելի է երևում տնտեսական այս քաղաքականության ճշմարտացիությունը, քանի որ հենց լեռնահանքային արդյունաբերական ձեռնարկություններն են այսօր վճռական դեր խաղում հանրապետության տնտեսության մեջ։

Ե.Ասծատրյանի ամենաակտիվ մասնակցությամբ են կառուցվել Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատները, Կապանի, Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկաները, Սոդքի ոսկու արդյունահանման հանքավայրը, ինչի արդյունքում կարճ ժամկետում 3-4 անգամ ավելացավ պղնձի, ոսկու և արծաթի արտադրությունը։ Առաջին անգամ հանրապետությունում սկսեցին արտադրվել մեծ քանակությամբ մոլիբդենի խտանյութ, ալյումին և այլն։

Հանրապետության տնտեսության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Ե.Ասծատրյանը պարգևատրվեց Լենինի շքանշանով։

Եղիշե Թևոսովիչն անուշադրության չէր մատնում նաև հայրենի Ճարտարը։ Եղիշե Թևոսովիչի գյուղի մշակույթի պալատը կառուցվել է Գևորգ Թամանյանի՝ Ալեքսանդր Թամանյանի որդու նախագծով։ Այն հիշեցնում է Երևանի օպերայի և բալետի թատրոնը, բնականաբար՝ փոքր չափերով։ Պալատը երեսպատված է Արթիկի տուֆով։ Մշակույթի պալատի դիմաց կառուցվեց վարչական կենտրոնը՝ հոյակերտ մի շենք վարդագույն տուֆից։ Օբյեկտների նախագծումը, շինանյութերով, ինժեներատեխնիկական կադրերով ապահովումը Եղիշե Թևոսովիչը, Հայաստանի ժողտնտխորհի նախագահ աշխատելիս, վերցրեց իր վրա։ Ասծատրյանի հայրենասիրությանը կարող էին նացիոնալիզմի պիտակ փակցնել՝ այն ժամանակվա պայմաններում այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Հանրապետության շատ ղեկավար աշխատողներ խուսափում էին ապօրինաբար Ադրբեջանին միացված Արցախի հիմնախնդիրներով զբաղվելուց։ Բայց նա, հաշվի չառնելով դժվարությունները, գործում էր խղճի թելադրանքով։ Եվ որքան էլ զարմանալի է, նրա բախտը բերեց։ Ինչպես բերել էր նաև Ճարտարի հայրենասեր ղեկավարի՝ Սուրեն Հարությունի Ադամյանի բախտը, որը, առաջավոր ու հարուստ կոլտնտեսության նախագահ լինելով, միջոցներ էր տրամադրում շինարարության համար։ Բացի վերոնշյալ երկու շենքերից՝ Ճարտարում կառուցվեցին միջնակարգ դպրոց, հյուրանոց, 50 տեղանոց հիվանդանոց, հուշարձան ի պատիվ Մեծ հայրենականում զոհված 500 համագյուղացիների։ Արցախի մի շարք գյուղերում ջուր անցկացրին, էլեկտրամատակարարում ապահովեցին, իսկ դիմորդներն իրավունք ստացան ընդունվելու Հայաստանի բուհեր։

Հաշվի առնելով մեծ հեղինակությունն ու գործին նվիրվածությունը՝ 1963թ. հանրապետության ղեկավարությունը Եղիշե Թևոսովիչին վստահեց միաժամանակ երեք պատասխանատու ղեկավար պաշտոն. նա ընտրվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, նշանակվում Մինիստրների խորհրդի նախագահի և Կուսակցական-պետական վերահսկողության կոմիտեի նախագահի պաշտոններում։ Հասկանալի է՝ դա չէր կարող կատարվել առանց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի հավանության, որը բարձր էր գնահատում և հարգում էր Եղիշե Թևոսովիչին։ Այս պաշտոններում Ասծատրյանը մեծ աշխատանք է կատարում կուսակցության և կառավարության դիրեկտիվների անվերապահ կատարման վերահսկողության կազմակերպման, արտադրության հետագա աճի, սոցիալ-տնտեսական զարգացման և հանրապետության պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ։ Հետագայում նշյալ կոմիտեն դառնում է Ժողովրդական վերահսկողության կոմիտե, և Եղիշե Թևոսովիչը նշանակվում է դրա ղեկավար։ Լինելով Հայաստանի «գլխավոր վերահսկիչը»՝ Ասծատրյանը չի տարվում սենսացիոն մերկացումներով և ցուցամոլությամբ։ Նա կազմակերպում էր ընդունված որոշումների կատարման հստակ վերահսկողությունը, հասնում այն բանին, որ բարձրացվի հանձնարարված գործի հանդեպ կադրերի պատրաստվածությունը։ Ընդ որում՝ խստությունն ու խստապահանջությունը համադրում էր արդարության և մարդասիրության հետ, միևնույն ժամանակ լավ հասկանում էր, որ չարին ներելը նույնքան հանցավոր է, որքան չարիք գործելը, և խստորեն պատժում էր նրանց, ովքեր անազնվություն էին գործում և չարաշահում պաշտոնեական դիրքը։

Եղիշե Թևոսովիչի ուժեղ կողմերից մեկը մարդկանց ճանաչելն էր։ Բնականաբար, նա չէր հասնի նման հաջողությունների իր զբաղեցրած բոլոր պաշտոններում, եթե իր շուրջը գրագետ մասնագետների չհամախմբեր։ Վուլեն Հմայակի Մեհրաբյանը, որը երկար տարիներ եղել է Ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահի տեղակալը, հիշում է, որ այդ հաստատությունն Ասծատրյանի օրոք դարձել էր «կադրերի ինքնատիպ դարբնոց»։ Ոչ երկար ժամանակի ընթացքում միայն չորս մարդ է տեղափոխվել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմ՝ որպես բաժնի վարիչներ, էլ չենք խոսում մյուս պաշտոնների մասին։ Ասծատրյանի դպրոցը հաջողությամբ անցած մարդը հաղթահարում էր ցանկացած աշխատանք։ Իմ կողմից ավելացնեմ միայն, որ Մեհրաբյանի՝ Ասծատրյանի տեղակալի պաշտոնում երկար ժամանակ մնալը մեկ անգամ ևս հաստատում է այն, որ վերջինս գրագետ, հուսալի մարդկանց վրա հենվելու հոտառություն ուներ։

1967թ. Եղիշե Թևոսովիչը տեխնիկական գիտությունների թեկնածուի ատենախոսություն է պաշտպանում, այնուհետև ընդլայնում աշխատանքի ծավալն ու 1968թ. առանձին հրատարակում «Հայաստանի գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների արտադրության զարգացումը և կատարելագործումը» գրքով։

1976թ. Ասծատրյանը տեղափոխվում է այլ՝ տնտեսական աշխատանքի։ Նա նշանակվում է հանրապետության նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի՝ Գոսսնաբի նախագահ։ Նշանակումը բանաձևվել էր այսպես. անհրաժեշտ է պատշաճ կարգ հաստատել Հայաստանի նյութատեխնիկական մատակարարման ոլորտում։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, սակայն, որ նշանակումը կատարվել էր վերջերս Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում նշանակված Կարեն Դեմիրճյանի կողմից։ Ինչպես ասում էր Եղիշե Թևոսովիչը, իրենց համատեղ աշխատանքը և բարեկամությունն ավելի քան երեսուն տարվա պատմություն ունեին, բայց այդ ամենը վերաբերում էր մինչև 1988 թվականին, քանի դեռ չէր սկսվել համազգային շարժումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Եղիշե Թևոսովիչի համար Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից կյանքի նպատակ էր։ Դեռ 60-ականների սկզբին, խոսելով Անաստաս Միկոյանի հետ, Եղիշե Թևոսովիչը վերջինին նախազգուշացնում էր, որ Ադրբեջանի ղեկավարությունն ուզում է վերջնականապես քշել հայերին Ղարաբաղից, և նրա փրկության համար անհրաժեշտ է միանալ Հայաստանին։

Քանի որ խոսեցինք Կարեն Սերոբովիչի մասին, կուզենայի ասել, որ Եղիշե Թևոսովիչը, բացի նրանից, աշխատել և մոտիկից գիտեր Խորհրդային Հայաստանի ևս չորս ղեկավարի՝ Գրիգոր Հարությունովին (ղեկավարել է 1937-1953թթ.), Սուրեն Թովմասյանին (1953-1960թթ.), Յակով Զարոբյանին (1960-1966թթ.), Անտոն Քոչինյանին (1966-1974թթ.)։ Ցավոք, հոդվածի ծավալը թույլ չի տալիս մանրամասն անդրադառնալ նրանցից յուրաքանչյուրին, բայց Եղիշե Թևոսովիչի հուշերի հիմնական լեյթմոտիվն այն էր, որ նրանք բոլորն էլ արարող մարդիկ էին, նրանցից յուրաքանչյուրի օրոք Հայաստանն էլ ավելի էր բարգավաճում, ավելանում էր բնակչության թվաքանակը, բարելավվում էին սոցիալական պայմանները, հենց նրանք էին, որ իրենց ժողովրդի հետ միասին ստեղծեցին այն հզոր պոտենցիալը, որով հպարտանում էինք։ Հասկանալի է՝ ստալինյան բռնաճնշումների և պատերազմի ամենադաժան շրջանը բաժին էր ընկել Գ.Հարությունովին։

1986թ. Եղիշե Թևոսովիչն անցնում է վաստակած հանգստի։ Ելնելով նրա անձնագրային տվյալներից՝ իհարկե, չես ասի, թե նա վաղ է գնացել թոշակի, բայց պետք է ասեմ, որ իր երկարակեցությամբ, բացառիկ աշխատասիրությամբ և հիշողությամբ նա ապացուցեց, որ դեռ էլի կարող էր օգտակար լինել։ Հետագայում իմ ղեկավարներից՝ Բադալ Հմայակի Մուրադյանից, Հենրիկ Վարդանի Թարջումանյանից և մյուսներից մեկ անգամ չէ, որ լսել եմ այն արտահայտությունը, թե նրա թոշակի անցնելը բացասաբար է անդրադարձել հանրապետության գործերի վրա։

Պետք է ասել, որ ես անձամբ ծանոթ եմ եղել Եղիշե Թևոսովիչի հետ նրա կյանքի վերջին երկու տարիներին, և նրա հետ ամեն մի հանդիպում (իսկ դրանք ընդամենը երեքն էին) վիթխարի տպավորություն է գործել ինձ վրա։ Հանրապետության ողջ ժողտնտեսությունը նա հինգ մատի պես գիտեր։

2011թ. հոկտեմբերի վերջին «Հրազդան» հյուրանոցում նշվում էր Եղիշե Թևոսովիչի ծննդյան հարյուրամյակը։ Միևնույն ժամանակ տեղի ունեցավ նաև նրա հուշերի գրքի երկրորդ հատորի շնորհանդեսը, որոնց հրատարակումը զարդարեց երեկոն, և որը հնարավոր էր դարձել առաջին հերթին շնորհիվ Ազգային ժողովի պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանի ջանքերի և աջակցության շնորհիվ։ Ես հրավիրված էին Եղիշե Թևոսովիչի փեսայի՝ Բենիամին Աղաջանովի կողմից, որի հետ երկար տարիներ աշխատել եմ Հայաստանի պետպլանում։ Ելույթ ունեցողները՝ Համլետ Հարությունյանը, Զորի Բալայանը, Գալուստ Սահակյանը, Արտաշես Գեղամյանը, Սարգիս Խաչատրյանը, Բենիկ Հարությունյանը, Յուրի Մանուկյանը, համակարծիք էին, որ Ասծատրյանը լեգենդար անձնավորություն է, նրա վաստակն անհնար է գերագնահատել, և Հայաստանի դպրոցներում պատմության դասավանդումը պետք է կատարվի նրա գրքերի նյութերի օգտագործմամբ։ Այդ դեպքում սուտը քիչ կլինի, ճշմարտությունը՝ շատ։ Ի դեպ, Եղիշե Թևոսովիչի անունն ընդգրկված է Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Ով ով է» համաշխարհային կենսագրական տեղեկատուում։

Ուշադիր կարդալով երկհատորյակը՝ ես հասկացա, որ այն դառնալու է սեղանի գիրք ինձ համար։ Այն կարդալով՝ ես ստացա ինձ հուզող շատ հարցերի պատասխանները։ Գրքում տեղ գտած շատ փաստեր նորություն չէին ինձ համար, բայց վերջին ժամանակներս դրանք մեկնաբանվում են կեղծիքի այնպիսի չափաբաժնով, որ երիտասարդ սերունդը լրիվ կորցնում է կողմնորոշումը։ Ընդ որում՝  ամենասարսափելին այն է, որ այդ գործընթացին մասնակցում են նաև վայ-գիտնականներ, որոնք հոդվածներ են գրում տարբեր կուսակցությունների պատվերով։ Օգտվելով Ասծատրյանի հեղինակությունից և հաշվի առնելով այն, որ նրա բացառիկ ազնվությունն ու օրինավորությունը վեր են ամեն տեսակ կասկածներից, մեկ անգամ ևս հիշեցնում եմ գրքի տեքստից. 1918թ. հունիսի 4-ին Բաթումում, մի կողմից՝ Օսմանյան կայսրության, մյուս կողմից՝ Հայաստանի դաշնակցական կառավարության ներկայացուցիչների կողմից ստորագրված խաղաղության և բարեկամության պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 10,0 հազ. քառ. կմ, իսկ մեկ այլ՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրված պայմանագրով՝ դրանից էլ քիչ (9,5 հազ. քառ. կմ)։ «Միայն շնորհիվ հանրապետության հեղափոխական ուժերի և Կարմիր բանակի հաղթական մուտքի, Խորհրդային Ռուսաստանի կառավարության ակտիվ օժանդակության սահմանվեցին հանրապետության ներկայիս սահմանները՝ 29,8 հազ. քառ. կմ տարածքով»։ Ահա և ձեզ վատ բոլշևիկները՝ դավաճան Լենինի գլխավորությամբ։ Ինչպես գրում է Եղիշե Թևոսովիչը, 1920թ. հանրապետության բնակչությունը կազմում էր ընդամենը 720 հազար մարդ, նրանցից 200 հազարը գաղթական էին, 50 հազարը՝ անօթևան որբեր։ Ամենուրեք տիրում էին անգործությունը, քաղցն ու համաճարակը։ Ոչ մի արդյունաբերություն, հասկանալի է, չկար։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ, ասենք, հաջորդ 20 տարում, այսինքն՝ մի ժամանակաշրջանում, որը հավասար է մեր Երրորդ Հանրապետության տարիքին։

Հանրապետության բնակչությունը 1921-1940թթ. 720 հազարից հասավ մեկ միլիոն 320 հազարի, արդյունաբերական արտադրանքի արտադրությունը 1913թ. համեմատ (ուշադրություն դարձրեք, ոչ թե 1920-ի, այլ բարեհաջող 1913-ի համեմատ) ավելացավ 8,7 անգամ, էլեկտրաէներգիայինը՝ 80 անգամ, բնակչության գրագիտությունը 15,7%-ից հասավ 83,9%-ի։ Մինչհեղափոխական տնտեսությունը վերականգնվեց ընդամենը ութ տարում, արդեն 1928թ.։ 1930-1940թթ. կառուցվեցին Արարատի ցեմենտի գործարանը, Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանը, Կիրովականի քիմիական գործարանը և շատ այլ ձեռնարկություններ։ Դրանցից յուրաքանչյուրում հազարավոր մարդիկ էին աշխատում, իսկ արտադրանքը պահանջարկ ուներ աշխարհի շատ երկրներում, էլ չենք խոսում Խորհրդային Միության մասին։

Մի քանի ավտոճանապարհ հանրապետությունում, «Զվարթնոց» օդանավակայան և էլի մի երկու հարյուր էլիտար շենք՝ կառուցված հիմնականում մայրաքաղաքի կենտրոնում, կամ անեծքով քշված հին երևանցիների տների, կամ էլ մանկական խաղահրապարակների ու կանաչապատ տարածքների տեղում. ահա վերջին 20 տարիների ողջ ձեռքբերումը։

Եղիշե Ասծատրյանը Հայաստանի սովմինի նախկին նախագահ Բադալ Մուրադյանի հետ միասին մահվան մահճում անգամ ավելին կաներ։ Ժամանակին շեշտը դրվում էր զանգվածների և Երևանի քաղաք-արբանյակների՝ Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի շինարարության վրա, որպեսզի Երևանը լիցքաթափվեր և մարդկային ու արդյունաբերական պոտենցիալի կուտակում չլիներ մեկ տեղում։ Դա խիստ վտանգավոր է, հատկապես մարտական գործողությունների պարագայում, էլ չենք խոսում քաղաքի օդի տարրական մաքրության մասին։ Բնականաբար, այս խնդիրը ծագել էր դեռ 1930-40-ական թթ., բայց հիմա, կապված գյուղերի ամայացման, չդադարող արտագաղթի և մայրաքաղաքի կենտրոնի խիտ կառուցապատման հետ, այն էլ ավելի է խորացել։ Հայաստանն իր մայրաքաղաք Երևանով տիպիկ շերեփուկ է։ Այս հարցերը Եղիշե Թևոսովիչն Անաստաս Միկոյանի հետ քննարկում էր դեռ կես դար առաջ։ Մասամբ այս հարցերի լուծմանը կնպաստեր նաև մետրոպոլիտենի շինարարությունը, որի համար քիչ ջանքեր չի գործադրել Եղիշե Թևսովիչը։ Ցավոք, վերջին կայարանը շահագործման հանձնվեց 1989թ., և այն ժամանակվանից ի վեր շինարարությունը բարեհաջող կերպով լռեց։ Աշխարհի մետրո ունեցող որևէ այլ քաղաքում նման բան չի եղել։ Մետրոպոլիտենի զարգացման հեռանկարային պլանի համաձայն՝ հիմա մենք պետք է ունենայինք հիսուն կայարան՝ ներկայիս տասի փոխարեն՝ ներառյալ նույնիսկ Չարբախի դեպո-կայարանը։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա հիմա հանդիսավոր պերճաշուքությամբ բացվում են ձեռնարկություններ, որոնցում լավագույն դեպքում աշխատում է 300-400 մարդ։ Եղիշե Թևոսովիչը բերում է այն օրինակը, որ անգլիական մասնագետների տվյալներով (A. Nove and J. A. Newth, 1976թ.)՝ Խորհրդային Հայաստանում բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում էր մոտ 500 ԱՄՆ դոլար, ինչը շատ ավելին էր, քան Թուրքիայում ($149), Իսպանիայում ($276), Հունաստանում ($292)։ Այժմ Հայաստանի շատ քաղաքացիներ փորձում են արտագաղթել այդ երկրներ՝ այնտեղ անելու համար ոչ պատվաբեր այնպիսի աշխատանք, որը հրաժարվում են կատարել տեղի բնակիչները։ Ներկայումս հանրապետության բյուջեի առյուծի բաժինը լրացվում է ի հաշիվ մեր ընդերքի հարստությունների օգտագործման։ Հսկայական տեմպերով ընդլայնվում են հանքերի մշակումն ու դրանց անխնա օգտագործումը։ «Ի՞նչ ենք թողնելու մեր թոռներին։ Հարկավոր է կանգնեցնել այդ գործընթացը»,- այսպես իր մտահոգությունն արտահայտեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը «Новое время» թերթի 31.05.2011թ. համարում։

Երբ քննարկվում է մեր երկրի իրավիճակը, միշտ նույն թեման է արծարծվում. այո, այդ իրավիճակը խիստ ծանր է, բայց փոխարենը մենք անկախություն ենք նվաճել։ Եթե բազմամյա պայքարի արդյունքում անկախություն ստանում են ստրկացված երկրները, հասկանալի է, որ դա լավ է, բայց մեր պարագան միանգամայն այլ է։ Հայաստանն անկախություն ստացավ ԽՍՀՄ փլուզման արդյունքում, և ոչ մի լավ բան մեր հանրապետությանն այն չբերեց՝ չհաշված մի բուռ մարդկանց հարստացումը, որոնք իրենց կարողությունը ձեռք բերեցին այդ խառնաշփոթում։ Հասկանալի է, որ անկախություն բառն էլ Հայաստանի համար պայմանական հասկացություն է։ Արտադրանքի ներմուծումը 4-5 անգամ գերազանցում է արտահանումը, երկիրն ինդուստրիալ-ագրարայինից վերածվել է բանանայինի, որտեղ դրանց դերը կատարում են օգտակար հանածոները, իսկ նման պետությունները չեն կարող ինքնուրույն քաղաքականություն վարել։ Բոլորովին այլ է Լեռնային Ղարաբաղի անկախությունը. դա միակ բանն է, որ կարող է մխիթարել մեզ՝ նկատի ունենալով այն, որ եթե Խորհրդային Միությունը չփլուզվեր, հնարավոր է, որ այդ գործընթացն այդպես էլ չսկսվեր (տա Աստված, որ այն հասնի ավարտին, չէ՞ որ նույնիսկ Հայաստանը դեռ չի ճանաչել այն)։ Հանուն արդարության կուզենայի նշել, որ այդ փլուզումը փորձանքներ բերեց ոչ միայն մեզ, այլև մյուս հանրապետություններին, բայց, իհարկե, ավելի փոքր չափով։ Այսպիսով, մենք համոզվեցինք, որ շուկայական համակարգն այսօրվա տեսքով հետխորհրդային ողջ տարածքում չի աշխատում։ Ես, իհարկե, հիանալի հասկանում եմ, որ և՛ առանձին վերցրած Խորհրդային Հայաստանում, և՛ ԽՍՀՄ-ում ընդհանրապես կեղծիքն ու ցուցամոլությունը շատ-շատ էին, բայց ամեն ինչ իմացվում է համեմատության մեջ. հիմա դրությունն անհամեմատ ավելի վատ է։
Եթե անկախության հոմանիշն ամենաթողությունն է, որի վառ օրինակն, օրինակ, օպերայի կամ Հանրապետության հրապարակի հարևանությամբ բարձրաբերձ շենքերի կառուցումն է, որոնք սքողում են մեծն Թամանյանի արարած շենքերը, ապա դա արդեն այլ պատմություն է։ Բավական երկար ժամանակ ես եղել եմ Կանադայում։ Կուշտ, հարուստ երկիր է։ Բայց այնտեղ էլ, նահանգներից մեկում՝ ֆրանսախոս Քվեբեկում, պարբերաբար ի հայտ են գալիս անջատողական տրամադրություններ՝ անջատվելու կոչերով։ Քանիցս հանրաքվեներ են անցկացվել այս առնչությամբ, բարեբախտաբար՝ բացասական արդյունքով։ Հասկանալի է, որ այս ամենն արվում է մի խումբ մարդկանց կողմից, որոնք ցանկանում են իրենց ձեռքը վերցնել երկրի ղեկը և չենթարկվել ոչ ոքի։ Արդյունքը՝ պարբերաբար հանրաքվեներից առաջ խոշոր կապիտալ և ֆինանսական հոսքեր են դուրս բերվում Քվեբեկի սահմաններից, օրինակ՝ դեպի Օնտարիո նահանգ և նրա մայրաքաղաք Տորոնտո։ Արդյունքը՝ Տորոնտոն, ի տարբերություն Մոնրեալի, բարգավաճել է, իսկ Օնտարիոյի կենսամակարդակի ցուցանիշները բավական առաջ են անցել քվեբեկյանից։

Իմ լավ բարեկամ, գրող և կինոսցենարիստ Կիմ Բակշիի հետ մեկ անգամ չէ, որ քննարկել եմ եկեղեցական մշտական երկպառակությունների պատճառները, որոնք հանգեցրին այն բանին, որ քրիստոնեությունը սկսած V դարից պառակտվեց ամեն տեսակ տիեզերական ժողովներում։ Ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ պատճառը ոչ թե Քրիստոսի երկվության կամ միայն աստվածային էության շուրջ վեճերն են կամ այլ տարակարծություններ, այլ պարզապես այն, որ չկա կենտրոնին ենթարկվելու ցանկություն։ Անհնար է գնահատել այն վնասը, որ կրել է քրիստոնեությունը սրա հետևանքով. մենք պարզապես այլ աշխարհում կապրեինք։

Եղիշե Թևոսովիչն ավելի քան 18 տարի ապրեց անկախ Հայաստանում, բայց նրա ֆենոմենալ ունակությունները պահանջված չեղան, թեև, հասկանալի է, 2004թ. նրան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելը վկայում է այն մասին, որ երկրի ղեկավարությունը հարգում էր նրան որպես անձնավորություն։ Մեր արդյունաբերության հրամանատարներից մեկը լինելով՝ նա ցավով նշում էր, որ երիտասարդ սերունդը գրեթե ոչինչ չգիտի, թե ինչ է արվել մեր երկրում 1920-1990թթ., չգիտի մեր ժողովրդի նվաճումների, նոր աշխարհի կառուցման ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքի մասին։ Օգտվելով դրանից, գրում է նա, շատերն անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերում ավագ սերնդի հանդեպ՝ մեղադրելով նրան այն թերությունների ու վրիպումների համար, որոնք եղել են, բայց ոչ այն մասշտաբներով, որոնց մասին այսօր հիշատակվում է։ «Մենք անձնական շահը պետականից, ազգայինից վեր չէինք դասում։ Դա իմ սերնդի հավատամքն էր։ Մենք հպարտությամբ ենք ասում, որ, այո, մեր սերունդը կառուցեց այդ աշխարհը»։ Սրանք մեծատառով Մարդու խոսքերն են։

Մեծ հույս ունեմ, որ երբևէ, ապագայում, բարոյական մթնոլորտը մեր երկրում կնպաստի, որ նոր Եղիշեներ և Բադալներ ծնվեն, որոնք թույլ կտան Հայաստանին արժանապատիվ տեղ զբաղեցնել համաշխարհային ընկերակցությունում։

Հեղինակը շնորհակալություն է հայտնում Սերգեյ Մելքումյանին, Սարգիս Խաչատրյանին, Ալեքսանդր Թովմասյանին, Նիկիտա Զարոբյանին և Բորիս Քյուֆարյանին, որոնց հոդվածներն օգտակար են եղել սույն հոդվածը գրելիս։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am