Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Հունվար 2012, N 1

«ԱՍՏՎԱԾ ԵՎ ԻՄ ՍԵՐԸ ՔԵԶ ՀԵՏ, ԱՊԵՐԱԽՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ...»

Ստեփան Թոփչյան, գրականագետ, հրապարակախոս (ԱՄՆ)

«Ազգային գաղափարը միշտ էլ նոր է, և հավիտենապես արդիական։ Քանի դեռ այդ չի հասկացել հայ մտավորականությունը՝ առաջնորդելու բարոյական իրավունք և կարելիություն չի ունենա»։

«Բարոյապես սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը - ծնունդ ազգային ինքնաճանաչության, որ իր սնունդը առնում է մեր պաշտամունքից դեպի այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ և հերոսական Հայրենի Պատմության մեջ... այդ նվիրական զգացումը ինձ համար շարունակում է մնալ լուսավոր հայրենասիրության, ցեղային բարոյականի և երջանկության անսպառ աղբյուր։ Դա՛ էր լեռնաշխարհում իմ ժողովրդական գնդերին թև ու թափ տվողը։ Դա՛ է և այսօր իմ վտարանդի կյանքի դառնությանց միակ մեղմիչը»։

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

«Հետք» (31 հուլիս), «Հրապարակ» (1 օգոստոս, 2011), «Համայնք» (իրանահայերի լրատվական ցանց, 2 օգոստոս), «Մասիս» (ՍԴՀԿ պաշտոնաթերթ, Լ.Ա.) պարբերականները, Ռամկավար-Ազատական կուսակցության կայքը (17 օգոստոս) արտատպել են դոկտոր, լևոնական Արամայիս Միրզախանյանի (Շվեդիա) «Հեղափոխությո՞ւն, թե՞ Գանդու ճախարակը» հոդվածը, որում, կրկնելով որոշ խմբերի ու անձանց, նշել է. «Գործող նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ապարատը «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն» (ՀՀԿ) է, որր նույնպես չունի հստակ պլատֆորմ, իսկ գաղափարախոսությունը խարսխված է Գարեգին Նժդեհի «ցեղակրոն» շինծու, այլ խոսքով՝ ռասիստական ու նեոնացիստական տեսության վրա»։

Ինքն իր գլխին հերթական փորձանք չգիտես ինչի դոկտորի այս «Գանդին» (նկատի ունի Մոհանդաս Կարամչանդ Գանդիին), ըստ երևույթին, 21-րդ դարի հայ քաղաքական հրապարակախոսության այնպիսի «բացառիկ» նմուշ է, որի հրապարակման գայթակղությունից չեն կարողացել խուսափել ոչ միայն առանձին պարբերականներ, այլև մի ամբողջ դասական կուսակցություն իր կայքէջով։ Չե՞ն խուսափել՝ իրենց քիմքի խնդիրն է։ Չեն էլ կարդացե՞լ, թե՞ կարդացել ու հիացել են ռասիզմ-նեոնացիզմ կամ ֆաշիզմով։ Արդյո՞ք պատճառը Նժդեհի «Ամերիկահայությունը – ցեղը և իր տականքը» (1935) աշխատության «Ռամկավարը» գլուխն է, որտեղ, իմիջիայլոց, նշվում է. «Ռամկավարը գաղափարի հակառակորդ չէ, այլ թշնամի։ Պայքարում բարոյականը չի ընդունում։ Վատությունն է իր միակ զենքը։ Իր էության դեմ է բացճակատությունը։ Աշխատում է բերդը ներսից գրավել, այսինքն հավատարիմ է այն մեթոդի տառին և ոգուն, որ պատմական մեր ամբողջ անցյալում եղել է հայ դավաճանության միակ զենքը» (Գարեգին Նժդեհ, Երկեր երկու հատորով, հ. 1, Ե. 2002, էջ 178։ Հետագա մեջբերումները՝ միայն էջանշումով)։ Սա գլխի համեմատաբար մեղմ, բայց բնավ էլ ոչ դյուրամարս հատվածներից է, ուստիև չի՞ մոռացվում, չի՞ ներվում։ Պատասխանը կարելի է ստանալ մի այլ հարցով. տասնամյակներ անց ռամկավարներն ինչպե՞ս ընդունեցին «Ազգային գաղափարախոսությունը և ազգային համերաշխությունը կեղծ քաղաքական կատեգորիաներ են» կարգախոսը, որ ՀՀ նախագահ ԼՏՊ-ի ազգակործան գործելակերպի կարճառոտ ինքնաբնորոշումն էր նաև։ Իսկ գոնե այժմ ի զորո՞ւ են անաչառ ինքնադատությամբ ընդունել ազգային մեծ հերոսի և մտածողի խոսքն իրենց մասին՝ ճշտելով իրենց քաղաքականությունը։

Զարմանալ կարելի է, որ Զանգեզուրը սեփականացնելու իր նկրտումներում Ադրբեջանը չի հենվել նժդեհատյաց հայերի այս պնդումի վրա. թուրք-ադրբեջանցիների «պատմական» այդ երկրամասը «նվաճողը» պետք է որ դատապարտվի, ինչպես դատապարտվեցին գերմանական ոճրագործ ֆաշիստները՝ պատճառ դառնալով նաև Եվրոպայի քարտեզի վերաձևման, և «արդարությունը» պիտի վերականգնվի Զանգեզուրի հանձնումով «օրինավոր» տիրոջը։ Թե ինչ վնաս է տվել նշված պարբերականներին, իրենց գիտնալիքն է, բայց եթե «Գանդուն» հրապարակողները Զանգեզուրը հանձնելու նպատակն են հետապնդում, թող բացահայտ ասեն, իմանանք՝ ում հետ գործ ունենք։

Նախ, պարոն դոկտորը պիտի գրեր ոչ թե նեո, այլ ուղղակի նացիստական, քանի որ Նժդեհը չհասցրեց ապրել մինչև նեոնացիզմի տարածումը։ Երկրորդ, մի կողմ թողնելով հարցը, թե ինչ տեսության վրա է խարսխված ՀՀԿ «գաղափարախոսությունը» և ինչ է գրված նրա ծրագրում, պետք է փաստենք, որ այն էական առնչություն չունի Գարեգին Նժդեհի ուսմունքից էլ առաջ հայ իրականությունում սկզբնավորված (հիշենք «հեթանոս շարժումը» հայ գրականության մեջ, մասնավորաբար՝ Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» և այլն) ցեղակրոնության հետ։ Հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Գարեգին Նժդեհի դեմ անարգ հարձակումն այս անգամ սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո։

 

1

ՀՀՇՀԱԿլևոնականներն առիթ բաց չեն թողել պղծելու Գարեգին Նժդեհի հիշատակը՝ հարձակվելով նաև նժդեհականության ու նժդեհականների վրա։ Չկա, թերևս, ավելի դյուրությամբ խեղաթյուրվող երևույթ, քան որևէ գաղափար ու գաղափարախոսություն, Նժդեհինն էլ՝ դրանց թվում։ Ինչպես երևում է, ամեն Մեծ Մարդ հանցանքի չափ ունի մարդկության կամ գոնե դրա մասի այն հավաքականության առաջ, որի զավակն է։ Աններելի է Նժդեհի հանցանքն այդ հայանուններին ու դրանց ձագերին լույս աշխարհ բերելու գործում։ Քանզի թուրք-բոլշևիկյան հարձակումներից պաշտպանելով ու պահպանելով Սյունիքը (որը թեկուզ գլխավոր, այդուհանդերձ, ընդամենը մի մասն էր նրա ազգանվեր գործունեության, ինչի համար տառապեց ու նահատակվեց ստալինյան զնդաններում), Հայաստանի հողի վրա ազգադավ այդ խառնամբոխի բարգավաճման հնարավորություն ստեղծեց։ Արցախի ու Նախիջևանի հետ Սյունիքն էլ թուրք-ադրբեջանցիներին տրվեր, ոչ հողը կլիներ, ոչ դրանք։

2010-ի նոյեմբերի 9-ի հանրահավաքում ՀՀ-ում Թուրքադրբեջանի մշտական ներկայացուցիչ ԼՏՊ-ն, «շեղվելով օրվա թեմայից», արժանին մատուցեց «արդի նժդեհականության հայր» Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով, թե վերջինս «...հակահարված է տալիս Ադրբեջանի պետական քարոզչությանը և «փայլուն կերպով» ապացուցում, որ այդ երկրում ակնհայտ հակահայկական ֆաշիզմ է տիրում, որ ադրբեջանցիներն ազգ չեն, իրենք էլ չգիտեն՝ մա՞ր են, աղվա՞ն, թե՞ թուրք, չգիտեն նաև քրիստոնյա՞ են, մահմեդակա՞ն, թե՞ հեթանոս, մինչդեռ հայերն ութ հազար տարվա պատմություն ունեն, քանի որ, ինչպես վերջերս պարզել է օտար գենետիկներից ու լեզվաբաններից կազմված փորձագիտական խումբը, հայոց լեզվի տարիքը հենց այդքան է, հետևաբար՝ երբ մենք վաղուց ի վեր կայացած ազգ էինք, երբ Տիգրան Մեծի պես աշխարհակալ ունեինք, կամ երբ «Բաքոսուհիներ» էինք բեմադրում, ադրբեջանցիները ծառից ծառ էին թռչում։ Ինչ խոսք, սա կարևորագույն նպաստ է հայ-ադրբեջանական հաշտության կայացման և Դարաբաղյան հակամարտության կարգավորման գործին։ Ուստի, հուսանք, որ ճարտասանական այս գլուխգործոցն ըստ արժանվույն կգնահատվի միջազգային հանրության կողմից... Այնուամենայնիվ, ինչպես էլ վերաբերվենք Սարգսյանի ելույթին, հարկ է արժանին մատուցել նրա հեղինակին, որը, լինելով արդի նժդեհականության հայրը, առաջին անգամ այսպես հստակ ներկայացրեց իր կուսակցության ցեղապաշտական կամ ցեղակրոնական գաղափարախոսությունը։ Միայն թե ի գիտություն անտեղյակների նշենք, որ ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը»։

ՀՀ նախագահի այս հարցադրումները ԼՏՊ-ն համարում է ճարտասանական (հռետորական - տվյալ դեպքում՝ անհիմն, եթե չասենք պարսավական, չարամիտ)։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում դրված ելույթում Տիգրան Մեծն ու «Բաքոսուհիները» բացակայում են, բայց եթե բանավոր ելույթում եղել են, ավելի լավ։ ԼՏՊ-ն ինքը նպատակադրված մեղադրում է Սերժ Սարգսյանին հանրահայտ, բացարձակ ճշմարտությունների վերարծարծման համար։ Կարելի էր որոշ ճշտումներ անել, օրինակ՝ վերջինիս կարծիքով, «Ադրբեջան բառը... առաջին անգամ հայտնվել է ընդամենը մեկ դար առաջ»։ Իրականում ոչ թե բառը (պատմական Ատրպատականի, պարսկերեն Ադրբագանի գողացված անվանումը, որը կապ չունի գլխավորապես Աղվանքից ու Հայաստանից խլված ու սարքած ներկա Ադրբեջանի տարածքի հետ), այլ Ադրբեջան պետությունը և ադրբեջանցի ազգը, այն էլ ոչ թե մեկ դար առաջ, այլ 1918-ին)։ Չգիտեմ, «ադրբեջանցիները ծառից ծառ էին թռչում» արտահայտությունը Ս.Սարգսյանի՞, թե՞ ԼՏՊ-ի մտքի արգասիք է, բայց Թուրանի անապատներում եթե հնարավոր լիներ նույնիսկ ծառ աճեցնել, իսկ անապատի շրջակա տարածություններում հաստատ, ապա ադրբեջանցի ազգ աշխարհի որևէ անկյունում՝ երբեք։ «Ադրբեջանցի» աճեցրին դարեր անց, թուրք-բոլշևիկյան պարարտանյութով։ ԼՏՊ-ն տեղյակ չէ՞, որ ինչպես Թուրքիայում ազգային բոլոր փոքրամասնություններին ստիպում էին թրքանալ («Երանի՜ թուրք եմ ասողին...»), այնպես էլ «ադրբեջանցի» աճեցնելուց հետո տարածքի մի շարք ժողովուրդներ՝ պատմական աղվաններից մինչև թալիշներ ու լեզգիներ, զրկվեցին իրենց էթնիկ անվանումը կրելու իրավունքից։ ԼՏՊ-ն, որի բուն մասնագիտությունն առնչված է պատմագիտությանը, պատմական փաստերի թվարկումը դառն վրդովմունքով ու մաղձոտ հեգնանքով համարում է «հռետորական»՝ դրանով արդեն անտեսելով Ադրբեջանի հանցագործությունները (որոնք «հակահայկական ֆաշիզմ» անվանելը քիչ է) –Սումգայիթում սկսված հայերի ցեղասպանությունից, հայի ու ամեն հայկականի դեմ անբուժելի, արնածարավ ատելության սերմանումից մինչև ներկա Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների բարբարոսական ոչնչացումը, պատմության հոգեգարային կեղծարարությունը, մինչև «ներկայիս Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա» անհեթեթությունը - բազում անհեթեթությունների շարքում՝ նույնպիսի անհեթեթություն, ինչպես այն, թե շախմատն էլ են ադրբեջանցիները «ստեղծել»։

Ինչո՞ւ պետք է ԼՏՊ-ն խնայեր Սերժ Սարգսյանին անցյալի ու ներկայի այդ փաստերը հիշատակելու համար, եթե դրանք, նրա համոզմունքով, չեն նպաստի «հայ-ադրբեջանական հաշտության կայացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին»։ ԼՏՊ-ն, որ Արցախի փոխարեն սիրում է գործածել Ղարաբաղ, շատ-շատերից անհամեմատ լավ պիտի գիտակցեր հաշտության և կարգավորման ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ`երբևէ կճանաչե՞ն Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախության իրավունքը։ Գուցե ինքը գիտի դրա հնարը, բայց մեզ նման սովորական մահկանացուները չեն էլ կասկածում, որ չեն ճանաչի, որ այդ հնարը ենթադրում է նախ ողջ Արցախի Հանրապետության, ապա և Հայաստանի Հանրապետության զոհաբերումը թուրքերին։ Ինչքա՞ն պնդագլուխ պիտի լինել՝ չընկալելու համար Իլհամ Ալիևի մշտաճռինչ զառանցանքը. «Բոլորս լավ գիտենք, որ ներկա Հայկական պետությունը ստեղծված է ադրբեջանական պատմական հողերի վրա։ Երևանի խանությունը, Զանգեզուրի մահալը և այլ տարածաշրջաններ մեր պատմական հողերն են»։ Սա մեկ։ Երկրորդ, ինչքան էլ պատմական փաստերը (իբր) նշանակություն չունեն տարածքային խնդիրների լուծման խնդրում, Ս.Սարգսյանի նշած փաստերը նույնիսկ չօգնեն «կարգավորման գործին», թեկուզ դույզն-ինչ չհամոզեն ԼՏՊ-ի ներկայացումով՝ «բթամիտ» միջազգային հանրությանը (որի անունով նա ամեն անգամ, ուղիղ թե անուղղակի ճգնում է պաշտպանել Ադրբեջանի իշխանությունների այլանդակությունները), չեն էլ վնասի։ Դրա համար չպիտի քննադատվեր Սերժ Սարգսյանը, այլ Արցախի հարցում թույլ տված սխալների (օր.՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»), ինչքան էլ դրանց միակ հեղինակն ինքը չէ, ինչքան էլ դրանց անգերազանց հիմնադիրը պարտվողական քաղաքականության աննկուն «կնքահայր», արդեն «պապի» ԼՏՊ-ն է. ով՝ ով, բայց նա և յուրայինները բարոյական իրավունք չունեն դատապարտելու ուրիշներին։ (Չմոռանանք, որ ազգային-ազատագրական պայքարը, հայրենասիրությունն ու հայրենաբաղձությունը ՀՀՇՀԱԿլևոնականների բառացանկում ծաղրական, բացասական իմաստ են ունեցել, վերջերս միայն մարդկանց աչքերին թոզ փչելու նպատակով ձևացնում են՝ իբր իրենք էլ են «ազգային» ու «հայրենասեր»)։

Ինչո՞ւ է ԼՏՊ-ն Ադրբեջանի իր պաշտպանությունում ապավինում «համաշխարհային հանրությանը»։ Որովհետև էությամբ կոսմոպոլիտ, նեոբոլշևիկ-ինտերնացիոնալիստ է (ինտերնացիոնալիզմ, որի կոչերով բոլշևիկները Նախիջևանն ու Արցախը, և որի «Ինտերնացիոնալի» հնչյունների տակ Կարսն ու Սուրմալուն նվիրեցին թուրքերին)։ Որպես հայագետ (ինչքան որ է) կարող էր իր տեսակետն ունենալ հայոց պատմության, լեզվի, մշակույթի այս կամ այն հարցում։ Բայց այն հեգնանքն ու վրդովմունքը, որով, տվյալ դեպքում, նա խոսում է հայոց լեզվի, Տիգրան Մեծի, Հայաստանում հելլենիստական մշակույթի մասին և պաշտպանում ադրբեջանցի հորջորջվողների՝ ծառերի վրա չհայտնվելու և այլ «իրավունքները», օգնության կանչելով «համաշխարհային հանրության» անհայտ սրբերին, հերթական վկայությունն են ի սկզբանե հայտնի ճշմարտության. ՀՀ առաջին նախագահն իր զինախմբով հայատյաց է և ազգադավ։ Դրանց համար, երբ խոսքը վերաբերում է հային ու Հայաստանին, ազգային գաղափարախոսություն-համերաշխությունը դառնում են «կեղծ քաղաքական կատեգորիաներ», պատմությունը՝ «կեղծ գիտություն», կեղծ «ադրբեջանցին» ու կեղծ «Ադրբեջանն» իր ծայրեիծայր կեղծ պատմությունով՝ լիովին անկեղծ։ Ի վերջո, եթե այդպես չէ, ինչո՞ւ է ԼՏՊ-ն «ադրբեջանցիների» դարդն ամեն անգամ ճգնում «համաշխարհային հանրության» մեջքին բարձել, նույնիսկ եթե այդ «հանրության» նավթագազային կամ այլ շահերը պահանջեն չտեսնելու դնել դրանց բարբարոսությունները։

 

2

Շրջապատված անհամեմատ սահմանափակ մտքի տեր զինակիցներով (որոնց ճառախոսություններին աղմուկ-աղաղակներով արձագանքելով՝ իրեն հուզող խնդիրները լուծելու հույս է փայփայում մոլորված զանգվածր)՝ ԼՏՊ-ն գիտնականի իր բարձունքից «անտեղյակներին», այսպիսով, բացատրեց. «Ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի թարգմանությունը»։

Ռասիզմը բարձրանում է օտարատյացության հիմքի վրա։ Դրա դրսևորումներից են այլազգիների դեմ Ռուսաստանում ծավալվող և երբեմն զանգվածային անկարգություններով ուղեկցվող ծանր հանցագործությունները։ Փոքրիշատե պատկերացնելով, թե ինչ են ռասիզմն ու ֆաշիզմը, ավելին, տեսնելով անկախության հաստատումից հետո Ռուսաստանի Դաշնությունում գործող ֆաշիստական խմբերի ոճիրներին այլ ազգերի ներկայացուցիչների թվում՝ բազմաթիվ անմեղ հայերի ողբալի զոհաբերումը, նման բան Սյունիքի անպարտելի սպարապետին վերագրել կարող էր միայն ԼՏՊ-ի նման մեկը։ Նա և մյուս նժդեհատյացները կարո՞ղ են նշել Գարեգին Նժդեհի «ռասիզմին» զոհեր տված թեկուզ մեկ ժողովրդի։ Կարո՞ղ են ռասիզմ նշմարել նրա գրական ժառանգությունում, երբ բացառելով օտարատյացությունը՝ հաստատում էր թուրք ցեղասպաններին Հայ դատի (ՀՀՇՀԱԿլևոնականների համար ևս մի անընդունելի ու ծաղրելի երևույթ) կանչելու անխուսափելիությունը. Հայրենիքի շենքը չպետք է բարձրացնել օտարատյացության ժայռի վրա, այո, բայց և այնպես հայությունը չպետք է ների թրքության։ Եթե անզեն հայության կեսի կողոպտիչ ու սպանիչ այդ արնապարտ ցեղից մի օր մի բուռ անսուրբ մոխիր մնա, այդ մերժելի մոխիրն իսկ դատի պիտի կանչել։

Ինչպես ժողովրդի աղքատացման հաշվին պարարտացած այլ կուսակցությունները, այնպես և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ-ն կառավարող կուսակցությունը, որը պահպանեց ՀՀՇ-ականների և առաջնորդ ԼՏՊ-ի հիմնած հակամարդկային, ավազակապետական համակարգը, նժդեհական բարձր կոչումը կրելու իրավունք չունի։ Բայց անկախ դրանից, իր նեոբոլշևիկյան էությանը միշտ հավատարիմ ԼՏՊ-ի նպատակը բնավ էլ «արդի նժդեհականությունը» պսակազերծելը չէ լոկ։ Պատմության իր ըմբռնումին հավատարիմ՝ նա, կարճ ու կտրուկ կեղծում է նաև Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը՝ կողմնակի վարկաբեկելով նաև դրանից անբաժան հայ ազգային-ազատագրական գաղափարախոսությունը։ Նրա նշած ռասիզմից ֆաշիզմ ընդամենը մի քայլ է, և կարող էր միանգամից բնորոշել այդպես, Լեռնահայաստանի պաշտպանությունն էլ համարել ռասիզմ-ֆաշիզմի հաղթանակ ընդդեմ թուրք-բոլշևիկյան համաշխարհային-ինտերնացիոնալ-հեղափոխական «վսեմ» գաղափարների։ Բայց չշտապենք։ Մի լրիվ տարի չանցած՝ 2011-ի հոկտեմբերի 6-ի ՀԱԿ-ի հանրահավաքին, նա արդեն հիմնավորապես շարադրեց իր տեսակետը։

Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի (28 դեկտեմբեր, 2010թ.) «Նժդեհականության մասին» անստորագիր գրությունում, ի պաշտպանություն ԼՏՊ-ի, վկայակոչվում են Ա.Ղարիբյանի Ռուս-հայերեն և Ա.Սուքիասյանի Հայոց լեզվի հոմանիշների բառարանները։ Որոշ այլ բառարաններում էլ է ցեղապաշտություն-ցեղակրոնությունը թարգմանվում ռասիզմ։ Բառարանական հաստատումը, որքան էլ տեղին, խնդիրը փակում է զուտ բառային տեսանկյունից։ Նժդեհի ռասիզմ-ֆաշիզմի ավելի «հիմնավոր» կռվանն այս դեպքում Քրիստոֆեր Ուոքերի «Armenia Survival of a Nation» գրքից ծավալուն մեջբերումն է (հականժդեհականներին բնորոշ Արևմուտքի առաջ հերթական գետնաքարշություն. հուսանք, բավարարվեն Նժդեհին «ֆաշիզմի տեսաբան» հռչակող այս աղբյուրով ու, ըստ իրենց սովորույթի, չվազեն Եվրադատարան՝ նրա գլխին հետմահու նոր Նյուրնբերգ սարքելու)։ Մեջբերումից առանձնացնենք Ուոքերի հետևյալ տողերը. «Նժդեհը, որը մինչև 1921թ. հուլիսին բոլշևիկյան տիրապետության հաստատումը Լեռնահայաստանի դիկտատորն էր, 1933 թվականին, որպես դաշնակցական գործիչ, տեղափոխվեց ԱՄՆ և հիմնեց «Ցեղակրոններ», այսինքն՝ «ռասիստներ» երիտասարդական շարժումը։ Դաշնակցական կուսակցությունը հավանություն չտվեց Նժդեհի հայացքներին և որոշ ժամանակ անց նրան հեռացրեց իր շարքերից։ Նրա հիմնադրած երիտասարդական շարժումը վերանվանվեց «Հայ երիտասարդական Դաշնակցություն»... Նժդեհից բացի, երբեք ուրիշ հայ ֆաշիզմի տեսաբան չի եղել»։

Սրանից առաջ, դեկտեմբերի 21-ին, «Հայկական ժամանակը» քաղվածքներ տպագրեց ՀՀԴ-ի դեմ ուղղված, Նժդեհի «Դաշնակցության առաջացման պատմական պայմանները և նրա բնութագիրը» բացատրագրից։ Մի կողմ թողնենք այն հարցր, թե 1947-ին Երևանի բանտում պետանվտանգության դահիճների հսկողության տակ ինչ կարող էր գրել Գարեգին Նժդեհը, ուստի բացատրագիրը որքան կարող էր համահունչ լինել կյանքի նախորդ տարիների նրա դիրքորոշմանը։ Եթե Նժդեհը ռասիստ-ֆաշիստ չէ և պնդելով հանդերձ հակառակը, այդ հրապարակումով թերթը փորձում է բացահայտել Դաշնակցության «ազգավնաս» էությունը, ապա ԼՏՊ-ն և իր հականժդեհականները չարանենգ զրպարտիչ են։ Իսկ եթե, իրոք, ռասիստ-ֆաշիստ է, ապա նրա բացասական կարծիքը դրական նշանակություն կարող է ունենալ Դաշնակցության գնահատման հարցում։ Ո՞րն էր թերթի նպատակը։ Եթե և՛ Նժդեհի, և՛ նրա միջոցով՝ Դաշնակցության հաշվեհարդարն էր, ապա դա այլ կերպ չես անվանի, քան ստոր խաղ։

Ինչքան էլ ընդունելի է Նժդեհի զինվորի թոռ Վարդան Ջալոյանի «Գարեգին Նժդեհն ընդդեմ «Հանրապետական» կուսակցության» հոդվածի ընդհանուր ուղղությունը, վճռականորեն մերժելի է նրա ենթադրությունը. «Պարզ է, որ եթե 30-ականներին Հայաստանը լիներ անկախ պետություն, ապա նժդեհականներն անպայման կգային իշխանության և կստեղծեին կորպորատիվ համակարգ՝ ֆաշիստական պետություն» ("1in.am" Armenian News & Analyses, դեկտ. 10. 2010)։ Ոչինչ պարզ չէ, Նժդեհին ֆաշիզմ վերագրելը՝ անտեղի։ Նոր երգ չէ դա։ 1934-ի հունիսի 1֊3-ի Ցեղակրոն ուխտերի կազմակերպության առաջին պատգամավորական ժողովից 6 տարի անց որոշվեց Նժդեհի հիմնած այդ կազմակերպությունը կոչել Հայ Երիտասարդաց Դաշնակցություն, որի «...գլխավոր պատճառներեն էին այն քսությունները, զորս Դաշնակցության հակառակորդները կտարածեին ամերիկյան շրջանակներու մեջ, նացիական ցեղապաշտության դավանակի՜ց, գործակի՜ց հռչակելով ամերիկահայ ցեղակրոնները։ Եվ դժվար էր օտարներուն բացատրել և դյուրությամբ ըմբռնել տալ ցեղակրոն բառին նշանակությունը» (Նժդեհ, կյանքն ու գործունեությունը, նշխարներ, վկայություններ, Լ.Ա., 1989, էջ 252), այսինքն՝ պատճառը Ք.Ուոքերի նշած՝ Դաշնակցական կուսակցության անհավանությունը չէր։ Թվում է՝ Նժդեհի «Ինքնապաշտպանություն-ահա մեր նոր կրոնը» սկզբունքն իսկ բավարար պիտի լիներ նրան վերագրվող «ռասիզմ-ֆաշիզմը» մարդկանց ուղեղից հանելու համար։ Սակայն անցած տասնամյակներն էլ չվերացրին այդ ժահրը։ Սյունիքի աներևակայելի, գերմարդկային ինքնապաշտպանությունը կազմակերպելուց բացի, ցեղասպանված, աշխարհով սփռված, ուժասպառված, իր պատմական տարածքների մի չնչին մասի վրա մի կերպ ծվարած ժողովրդով ու իր «ֆաշիստական» տեսությունով ի՞նչ կարող էր անել «դիկտատոր» Նժդեհը։ (1921-ի փետրվարի 21-ին Գորիսի Ս.Լուսավորիչ եկեղեցում, խանդավառ ժողովրդի մասնակցությամբ, Գարեգին Նժդեհին օծեցին Ինքնավար Սյունիքի Սպարապետ. Ք.Ուոքերի «դիկտատոր» և «ֆաշիստ» վերագրումներն իրականությանը բնավ չեն համապատասխանում)։ Ի՞նչ կարող էր անել հայությունն իր թե՛ անցյալ, թե՛ ներկա գոյության իրավունքը ինքնապաշտպանությամբ նվաճելուց բացի։ Ֆաշի՞ստ էր նույնպիսի ինքնապաշտպանական կռիվներում, վեց հազար զավակների կյանքի գնով Արցախն ազատագրած մեր ժողովուրդը։ Նժդեհի այդ «ֆաշիզմը» շա՞տ է տարբերվում Հայաստանի հնագույն ժայռապատկերների «ֆաշիստական» կեռխաչ-սվաստիկայից։ Որքան էլ հազարամյակներով հեռու իրարից՝ էությամբ չեն տարբերվում, քանզի ցեղակրոնությունն այլ բան չէր քարոզում, քան բազմաչարչար հայ ժողովրդի ԿՅԱՆՔԻ տարրական իրավունքի պաշտպանություն թուրք-բոլշևիկ մարդասպաններից։ Չեն տարբերվում, քանզի կեռխաչը խորհրդանշել է արև, կայծակ, պտղաբերություն, ԿՅԱՆՔ։

 

3

Հոկտեմբերի 6-ի ելույթում ԼՏՊ-ն Նժդեհի սխրանքը հակադրեց նրա գաղափարախոսությանը. «Նժդեհին ես համարում եմ հայ ժողովրդի մեծագույն հերոսներից և երախտավորներից մեկը։ Ամենամեծ... Ես գնահատում եմ Նժդեհի մեծագործությունը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նրա ուսմունքը... որը ընդամենր եղել է ժամանակավոր մոլորություն... ուսմունքը շեշտելով՝ Հանրապետական կուսակցությունը նսեմացնում է, հողին է հավասարեցնում այդ մարդու մեծագույն արժեքը։ Նա իմաստուն մարդ էր, փիլիսոփա էր... Զանգեզուրի փրկության համար... պարտական է Անդրանիկին և Նժդեհին։ Հաջորդը այդպիսի մեծագործ զորավար Դրոն էր Բաշ Ապարանում։ Նժդեհը ինչ է արել, ինչ է ասել, նրա գործը այնքան մեծ է, որ հազար մոլորություն կարելի է ներել։ Ուսմունքը, որից հետագայում ինքը՝ Նժդեհը հրաժարվեց, բայց այն ռեակցիոն գաղափարախոսություն է»։

Նժդեհը երբեք, նույնիսկ բանտում, չի հրաժարվել։ Ապացույց՝ ՀԽՍՀ ՊԱՆ բանտում շարադրած «Ինչո՞ւ ստեղծվեց ցեղակրոն շարժումը» (1946-1948) բացատրագիրը. «Ցեղակրոն շարժումը ոչ թե կուսակցություն է, այլ Ուխտ։ Նրա կազմակերպություններն այդպես էլ կոչվում են՝ Ուխտեր։ Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը որպես Ուխտ նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին։ Մամիկոնյանների պես ցեղակրոնը դավանում է ազգին անշահախնդիր նվիրվածություն ու հանուն հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն» (Երկեր, հատ. 2, Ե. 2002, էջ 443)։

Թեև Գերմանիայի ֆաշիստական կուսակցությունը ոչ ցեղա... այլ ազգային սոցիալիստական (Nationalsozialist, այստեղից՝ Nazi) էր կոչվում, ԼՏՊ-ն ֆաշիզմի տարրերից համարելով նաև անհատի, դասակարգի և անգամ ազգի ստորադասումը ցեղին՝ գտնում է, որ «Ցեղայինը անշոշափելի է, մարդկանց հոգեխանգարմունքի համար, նրանց պետք էր տալ բացարձակապես մի անորոշ իդեալ, որ ցեղն էր»։ Եթե ի տարբերություն նացիզմի Նժդեհը ցեղն է ընտրում առաջադիր, չի նշանակում, որ անհատ, դասակարգ, անգամ ազգ հասկացությունները ստորադասվում են (հաճախ ազգը, ազգայինը նա գործածում է ցեղին զուգահեռ կամ համարժեք - տես, թեկուզ, ներկա հոդվածի բնաբանները) և այն էլ՝ հոգեխանգարմունք առաջացնելու աստիճան։ Առայժմ նման ոչ մի դեպք չի արձանագրվել գոնե Հայաստանի որևէ հոգեբուժարանում։ Եթե իր վրա այդպիսի հետևանք է թողել, բուժվել-չբուժվելը իր խնդիրն է։ Միայն։

ԼՏՊ-ն հայտնեց, որ հանգամանորեն կարդացել է ինչպես դաշնակցական մի շարք նշանավոր գործիչների, այնպես և Նժդեհի երկերը, նույնիսկ պատրաստ է վերջինիս մասին աշխատություն գրել։ Չգիտեմ մյուսներինը ինչպես, բայց Նժդեհինը լավ չի կարդացել, ու գրելիքն էլ, պարզ է, ինչ անճոռնի բան կստացվի։ Կարդացել է իրեն հատուկ կանխակալ մոտեցումով՝ արդյունքում խեղաթյուրելով Նժդեհ-մտածողի ուսմունքն ու կերպարը։ Մի կողմից՝ շռայլորեն փառաբանելով, մյուս կողմից՝ դատափետելով, սև-սպիտակի երկատելով նրա գործն ու խոսքը՝ ԼՏՊ-ն չզգա՞ց, որ հայտնվել է անհեթեթ վիճակում։ Նույն Նժդեհը ասում էր մի և կատարում բոլորովին ա՞յլ բան։ Դատափետողի իսկ հաստատումով՝ իմաստունն ու փիլիսոփան չէ՞ր հասկանում ինչ էր ասում։ Անհասկացողությունն ու խեղումը ոչ թե հերոսի բարձրաթռիչ մտքի, այլ ԼՏՊ-ի սխոլաստիկ, դոգմատիկ մտածելակերպի, հիվանդագին սևեռուն գաղափարների արդյունք են։ Դա կատարել է ինքնաբերաբա՞ր, թե՞ գիտակցաբար՝ ևս մի անգամ բացահայտելով իր դավադիր էությունր։ Այդպես էլ կա - հաստատելու, որ «Հայաստանի Հանրապետական իշխող կուսակցությունը ոչ միայն գաղափարախոսությամբ, այլև գործով ֆաշիստական կուսակցություն է», քանի որ «Նժդեհի ուսմունքը ընկած է Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության հիմքում»։ ՀՀԿ-ի դատափետումով տարված՝ ԼՏՊ-ն ընկնում է հակասության մեջ՝ գոչելով. «Մի՛ ապականեք Նժդեհի սուրբ անունը։ Հանե՛ք... ձեր ծրագրից նրա ուսմունքը»։ Նժդեհի «ֆաշիստական» ուսմունքը հանեն՝ ԼՏՊ-ին ի՞նչ կմնա ընդդիմանալու։

Շարունակենք. «...մինչև 1927 թվականը նա օգտագործում էր երկու բառ, և ամբողջ հրապարակախոսության խնդիրն էր դա. հայրենասիրություն և հայրենապաշտություն։ Բայց այդ ժամանակ Եվրոպայում մոդայիկ դարձան ռասիստական, ֆաշիստական գաղափարները։ Ազգասիրությունը, հայրենասիրությունը սկսեց արտահայտվել այս գաղափարախոսությամբ։ Դա հատուկ էր ոչ միայն Գերմանիային, ոչ միայն Իտալիային, ֆաշիստներ կային բոլոր երկրներում... Սա վարակիչ գաղափարախոսություն էր։ Բոլոր տուժած ժողովուրդները, տառապանքների ենթարկված, պատմական արդարությունը վերականգնելու համար, բռնաբարված ժողովուրդները վրեժով լցված տարվեցին այդ գաղափարախոսությամբ։ Դրանցից մեկը Նժդեհն էր։ Եվ նա հավատում էր, քանի որ ռասիզմը ուղղված է այլ ռասաների դեմ, նշանակում է՝ Գերմանիան եթե սկսեր պատերազմը, անպայման պիտի պատերազմ սկսեր նաև Թուրքիայի դեմ, որովհետև գաղափարախոսությունը դա էր թելադրում... Նժդեհը մի նպատակ ուներ - ինչ անել Թուրքիայի դեմ պայքարելու համար, և ով պայքարեր, նրանց կողմն էր լինելու։ 27 թվից սկսած է, որ նրա հրապարակախոսության մեջ հայտնվում է երկու բառ՝ ցեղապաշտություն, ցեղակրոնություն՝ ռասիզմ բառը...»։

Այն, որ իբր ֆաշիստներ կային բոլոր երկրներում և բոլոր բռնաբարված ժողովուրդները տարված էին ֆաշիզմով, ԼՏՊ-ի հայտնագործությունն է։ Իսկ գլխավորը պնդումն է, թե Գերմանիան ռասիզմի թելադրանքով անպայման պիտի պատերազմեր Թուրքիայի դեմ։ Իրոք որ «պատմությունը կեղծ գիտություն է» դառնում, երբ դրանով զբաղվում է միջնադարյան քարացած մտածողության տեր գիտնականը։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր։ 1936-ի նոյեմբերի 25-ին ռասայական տարբերությունը չխանգարեց, որ դաշնակցեն «սպիտակ» Գերմանիան և «դեղին» Ճապոնիան։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Թուրքիան «չեզոքության» քողի տակ նորից Գերմանիայի հետ էր՝ պատրաստ նրա աջակցությամբ զավթել Կովկասը, ջնջել Հայաստանը։ Սահմանի մոտ կենտրոնացրել էր 26 դիվիզիա, որոնք Ստալինգրադի անկման պահին ներխուժելու էին Անդրկովկաս։ Նժդեհն այնքա՞ն միամիտ էր, որ ենթադրեր, թե «Գերմանիան... անպայման պիտի պատերազմ սկսեր նաև Թուրքիայի դեմ»։ Հակառակը։ Հստակ պատկերացնելով թուրքական ներխուժման վտանգը, դեմն առնելու համար էլ թե՛ նա, թե՛ Դրոն գործակցեցին ֆաշիստների հետ գերմանական բանակին միացած, հայկական լեգեոնով Հայաստան հասնելու նպատակով։

 

4

Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ԼՏՊ-ն ասաց. «Ո՞վ գիտի Գարեգին Նժդեհի ուսմունքը։ Ձեզանից շատերը չգիտեն և Աստված չտա իմանան»։ Ինչպես ասում են, հովիվն իր հոտը լավ գիտի. Լևոնի վկաները բեխաբար մարդիկ են։ Իսկ իմանալն այնքա՞ն վտանգավոր է, որ բանը հասներ ՀԱԿ-ի աճպարարություններին ենթակա հլու զանգվածին Աստծու անունով վախեցնելուն։

Մասնավորաբար, մի քանի հատված իրոք առնչվում են ռասիզմ-ֆաշիզմին։ Սկսենք 1932-ի մի ելույթի հետևյալ տողերից. «–Պիտի մեռնի անհատը, որ ապրի դասակարգը,–պատգամում է մեծամասնականությունը։

- Մեռի՜ր, դասակարգ, որ ապրի ազգը,– ասում է ֆաշականությունը։

- Թող մեռնեն երկուսն էլ՝ անհատ թե դասակարգ, որ ապրի ցեղը,- ասում է հիտլերականությունը։

Տեսնո՞ւմ եք, որ Հեգելի, Ֆիխտեի, Նիցշեի հավիտենականի փիլիսոփայությամբ թրծված Գերմանիան է, որ ճգնում է ոտքի հանել ցեղը։

Իսկ հա՞յը - ավա՜ղ, հայ մտավորականությունը ցեղահաղորդ չէ և այսօր» (հ. 1, էջ 351)։

1939-ին արդեն հստակ կողմնորոշումով նա գրում է. «Ճշմարիտ առաջնորդ էր Պիլսուդսկին, է՝ Մուսոլինին, Հիտլերը, ծովակալ Հորթին - օրվա մարդկության հոգևոր հսկաները... սրանք գիտցան իրենց ժողովրդին պարտադրել մի մեծ և տիրական մտածում - իրենց հայրենիքի ինքնապաշտպանությունը՝ ժողովրդի վերածնունդի ճամփով։ Վաղուց է, ինչ սրանք իրենց ցեղահանճար մտքի մուրճով կռում են իրենց ժողովրդի նկարագիրը, որով և նրա ճակատագիրը» (հ. 1, էջ 423)։ 1941-ին, երբ Գերմանիան հարձակվել էր Սովետական Միության վրա, Նժդեհը հաստատեց. «Զորահրամանատար և զինվոր... սրանք զինվորներն են մի նոր ճակատագրի, մի մեծ հեղափոխության, որ Նազովրեցուց հետո առաջին անգամ է տեղի ունենում մեր երկրագնդի վրա։

Այս բանակին է տրված մի ամբողջ Դարաշրջանի հետ կապված խնդիրների լուծումը - մի դարաշրջան, որի մայրամուտին պիտի հետևի արշալույսը մի ավելի մարդկային, ավելի արդար աշխարհի» (հ. 1, էջ 458)։

Ֆաշիստական ոճրագործներին հոգևոր հսկաներ համարելը, զավթողական պատերազմը ոչ միայն «հայրենիքի ինքնապաշտպանություն» ներկայացնելը, այլև հանուն ավելի արդար աշխարհի պայքար ազդարարելը մոլորության արդյո՞ւնք էր։ Հազիվ թե։ Դա թելադրված էր նրա մոլեգին հայրենասիրությամբ, անհաշտ ատելությամբ թուրք-բոլշևիզմի դեմ և հատկապես պահի հրամայականով։ Ֆաշիստական գրաքննության ամենատես աչքից չէր կարող վրիպել ֆաշիզմի առաջնորդների և գերմանական բանակի այս մեծարումը, ինչն էլ Նժդեհին հնարավորություն պիտի տար աշխատել հանուն նոր կոտորածների վտանգի առաջ կանգնած հայության փրկության։ Ոչ թե սոսկ ստիպված, պարտավոր էր այդպես հանդես գալ, անկախ ֆաշիզմի հանդեպ իր իրական վերաբերմունքից։ Չզսպելով իրեն, չթաքցնելով իր բուն նպատակը՝ ֆաշիզմի առաքելությունը փառաբանող նույն «Պատերազմ՝ հեղափոխություն» հոդվածը Նժդեհն ավարտում է հետևյալ ձևակերպումով. «Չպատժվե՞ց թուրքն այս պատերազմում - այդ պատերազմն էլ պիտի համարել չարիք։

Չի կարելի նոր, ավելի մարդկային աշխարհի մասին զառանցել մեր երկրագնդի ամենաբախտորոշ մեկ կետի վրա պահելով թուրքին... երեկվա իր թշնամուն այսօր բարեկամություն ցույց տվող, և օրվա իր զինակցին վաղը մահացուորեն թշնամացնող ուժ» (հ. 1, էջ 461)։ Այս ձևակերպումը պարզ և ուղիղ բացահայտում է Նժդեհի իրական դիրքորոշումը։ Նա բնավ էլ համոզված չէր ավելի մարդկային, ավելի արդար աշխարհ կերտելու ֆաշիզմի առաքելությունում։

Մինչ այդ՝ 1935-ին ընդգծել էր. «Դեռ խոսք չկար ֆաշիզմի և հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան ուխտերը Սյունյաց աշխարհում» (էջ 224)։ 1938-ին արդեն վճռականորեն հերքեց վերագրումը. «Մեր մտավորականության հոգևոր դեղնախտով տառապող... մասը վատաբանեց. «Ցեղակրոնությունը հիտլերություն կհոտի»։ Նա այդպես չարամեկնեց, գիտնալով հանդերձ, որ ցեղակրոնությունը ծնունդ է առել մեր հայրենի Լեռնաշխարհի գլխին կախված մեծ վտանգի օրերին, երբ մարդկությունը լսած չէր հիտլերականության մասին։ Հանձին մեր Դավիթբեկյան ցեղապահ ուխտերի 1920-ին գործեց ու հաղթանակեց ցեղակրոնությունը» (հ. 1, էջ 393)։ Խնդրի վրա հատկապես լույս են սփռում բանտում գրած որոշ էջեր. «Երկրորդ համաշխարհային պատերազմի դեռ առաջին օրերին գերմանական մամուլի հայտնի օրգանները սկսեցին իրենց թշնամական ելույթները հայերի դեմ՝ մեղադրելով նրանց ռուսասիրության մեջ։ Նացիստների «պաշտոնական գիտությունը» գտավ, որ հայերն ունեն ոչ թե արիական, այլ առաջավոր-ասիական ծագում։ Նա, այդպիսով նախապատրաստում էր հայերի հալածանքը... Արտասահմանի հայության համար ստեղծվում էր ծայրահեղ վիճակ։ Հայերի պաշտպանության համար «Մշակութային մերձեցման բուլղարա-հայկական կոմիտեն» պատրաստեց մի հանգամանալից մեմորանդում, որտեղ մատնանշվում էր հայության մշակութային ազդեցության դերը անցյալում, նրա դարավոր ողբերգությունը, և ներկայացրեց Սոֆիայում գերմանական դեսպանորդին։ Վերջինս խորհուրդ տվեց ինձ և պրոֆ. Կոմարովին, որպեսզի հուշագրի հանձնման համար Բեռլին պատվիրակություն ուղարկվի... քաղաքական պահից ստիպված, արտասահմանի հայությանը սպասող նոր աղետները կանխելու նպատակով ես մեկնեցի Բեռլին... Մեկ ամիս անց ես մեկ անգամ էլ գնացի Բեռլին, որտեղ այդ ժամանակ տեղի հայերի հրավերով աշխատում էր մարդաբան Քերումյանը (Փարիզից)։ Ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է գիտականորեն ապացուցեր, որ հայերն արիական ծագում ունեն, դրանով նրանց զերծ պահել հրեաների դառը ճակատագրից» (հ. 2, էջ 471-472)։ 1955-ին բանտից գրած նամակի այս տողերը մանրամասնվում են «Դաշնակցությունը Բուլղարիայում» (1947) բացատրագրի 7-րդ մասում (հ. 2, էջ 463-466). «...եթե պարզվի, որ բոլոր հայերը հակագերմանական տրամադրություններ ունեն, ապա գերմանական կառավարությունը հայերի նկատմամբ կկիրառի առավելագույնս խիստ միջոցներ... Հուշագիրը խնդրում էր Հիտլերին միջոցներ ձեռք առնել, որպեսզի անհնարին դարձվեն հայերի տեղահանություններն ու կոտորածները, որոնք տեղ էին գտել անցած պատերազմում» (հ. 2, էջ 464)։ Գարեգին Նժդեհն, այսպիսով, մեկն էր այն երևելի հայ գործիչներից, որոնք, ապացուցելով հայերի արիական ծագումն ու ցրելով նրանց հակագերմանական տրամադրությունների մասին կասկածները, արտասահմանի հայությանը փրկեցին ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների նման ողջակիզվելուց։ Հանուն դրա կարելի էր մեծարել ու փառաբանել ֆաշիզմն էլ, դրա առաջնորդներին էլ։ Եվ այսօր նման «ֆաշիզմի» համար սերունդները պետք է նրան միայն ու միայն երախտապարտ լինեն և ոչ թե «Աստված չտա իմանան...»։

 

5

ԼՏՊ-ն Նժդեհի ցեղակրոնությունում «հայտնաբերել» է ֆաշիզմի իր թվարկած տարրերը՝ հակադեմոկրատիզմ, հակապառլամենտարիզմ, հակալիբերալիզմ, կատաղի հակակոմունիզմ, հակահուդաիզմ, սոցիալ-դարվինիզմ (ուժեղը հաղթում է թույլին), մյուս ռասաների դեմ հավերժ գոյապայքար, անհաշտ պրոպագանդա հակառակորդի դեմ։ Հակապացիֆիզմ՝ խաղաղությունը չեն ընդունում, քանի որ հավերժ պայքարի կողմնակից են, չեն ընդունում ստատուս քվոն, առաջնորդի պաշտամունք՝ վոժդիզմ, ազգի կամ ցեղի հնագույն ավանդների պաշտամունք։ Ի հաստատումն՝ ոգևորված բացականչում է. «էսօր ազգին կոտորում են, ստրկացնում, ճորտացնում, նախագահի նստավայրի մոտ Հայկ Նահապետի և Տիգրան Մեծի արձանները դնում»։ Բայց ստրկացման հետ ի՞նչ կապ ունեն այդ արձանները։ Ինչպես երևում է, ՀՀՇ իշխանության տարիներին մի շարք արձանների ու նաև Հանրապետության հրապարակի հոյաշեն պատվանդանի բարբարոսական ոչնչացման ախտավարակ կիրքը լիովին չի բավարարվել։ Ընդհանրապես, հնագույն ավանդների պաշտամունքը ի՞նչ վնաս է բերում ազգին, ինչո՞վ է խանգարում նրա ինքնության պահպանմանը։ Ոչնչով։ Խանգարում է ԼՏՊ-ին, նրա հակազգային դիրքորոշմանը, այդ իսկ պատճառով, ՀՀ իշխանությունների արատավոր գործելակերպը քննադատելու քողի տակ, նորից ընդվզում է հայոց հազարամյա պատմության դեմ. չէ՞ որ, ինչպես տեսանք, դա չի նպաստում «հայ-ադրբեջանական հաշտության կայացմանը»։

Հարկ չկա միառմի քննել ֆաշիզմի վերը նշված բոլոր հատկությունները՝ ապացուցելու, որ Նժդեհը ռասիստ-ֆաշիստ չէ՝ անգամ որոշ համընկնումների դեպքում, քանզի այս կամ այն հատկությունը տարբեր ժամանակներում ու միջավայրերում կարող են ունենալ նույնիսկ հակադիր հասարակական երևույթներ։

Նժդեհի «հակահուդաիզմը» դրսևորվել է նույն շրջանում և նույն իրավիճակի անհրաժեշտության ճնշման տակ՝ 1943-ին գրված «Մեծ գաղափար» հոդվածում։ Նա ստիպված էր, այս խնդրում ևս, գոնե մի քանի տողով ցուցադրել իր «հավատարմությունը» ֆաշիզմին՝ միաժամանակ գիտակցելով, որ իր գրել-չգրելը ոչինչ չէր փոխելու հրեաների ողբերգական ճակատագրում, բայց նպաստելու էր հայերի փրկությանը. «Սեմիտականություն - ահա այն հռգևոր քաղցկեղը, որ թունավորում է ազգերի հոգին, կեղծում ամեն արժեք, կասկածի տակ դնում էթիկական ամեն ճշմարտություն, տրորում ազգային ամեն հեղինակություն և ծիծաղելի հայտարարում մարդկային ամեն սրբություն, կատարյալ դարձնելով մարդկային էակի վերջնական նավաբեկությունը» (հ. 1, էջ 482)։ Համոզվելու համար, որ Նժդեհը հակասեմիտ չէր, բավական է կարդալ «Բաց նամակը Մայքլ Առլենին» (1930)։ Ահա մի բնորոշ հատված. «Նա հաղթեց, որովհետև նրա մոտ գերագույն հակակշիռը պատկանում է ազգին, որը ներկայացվում և արտահայտվում է իր ընտրանիի միջոցով... Իր աննվազ պաշտամունքը դեպի Սիոնը, որով և որի համար ապրեց Աբրահամի ցեղը։ Իր բոցեղեն հայրենաբաղձությունը, որը ոչ թե միայն հայրենազուրկ հրեային հրեա պահեց, այլև այն դարձրեց մարդկության ամենահարուստ, ամենաիմաստուն և ամենահեղափոխական մասը» (հ. 1, 338)։ Բացի այդ, նույնիսկ 1938-ին, երբ արդեն 4 տարի Հիտլերը պետության ղեկավար էր, ի պաշտպանություն տարոնականության՝ Նժդեհը բերեց սիոնականության օրինակը. «Սիոնը կար, բայց «սիոնականություն» բառը չկար։ Նա հազարամյակների պատմություն ունի, սա տասնամյակների։ Կարո՞ղ եք պնդել, որ անհայրենիք հրեության դարավոր կյանքը վարողը սիոնականությունը չի եղել։ Արդյոք քաղաքական սիոնիզմը հրեության դարերի հոգևոր սիոնականության արդյունքը չէ՞... կարծո՞ւմ եք, որ այդ «բառը» զգալապես չակտիվացրեց օրվա հրեան... Չխաղանք բառերի հետ, էականը բառը չէ, անունը չէ, տեսությունը չէ, այլ հայրենիքի համար քաջաբար կռվելը։

Ով խուսափում է ոգուց և կառչում բառերին, ցույց է տալիս, որ թշնամի է խորքին, իմաստին բովանդակության» (հ. 1, էջ 399)։ Այս վերջին տողը պատասխան է ոչ միայն իր ժամանակի, այլև, զարմանալիորեն, իր ուսմունքը խեղաթյուրող ապագա ընդդիմախոսներին, և այպանելի այդ անձանց թվում հենց նրան, ով ճակատագրի հեգնանքով պետք է դառնար նորանկախ Հայաստանի առաջին նախագահը։ Ի՞նչ փաստարկով է, ասենք, նա Նժդեհին համարում հակադեմոկրատ, եթե ոչ՝ անտեսելով հասկացության բուն իմաստը։ Նժդեհը մերժում է այն «դեմոկրատիան», որի «մեծությունը, բարօրությունն ու ջատագովությունը մարդկության մի մասի թշվառության վրա է կառուցած», մերժում է սխալ հասկացված դեմոկրատիան. «Ստրկությունից նվազ զզվելի և վտանգավոր չէ նման ազատությունը, որում ամեն քաղաքացի իր երկրի հանրազգային կյանքին խառնում է իր ընչաքաղց եսականությունը, իր բարոյական թերիները, տկարությունը... Զեղծարարություն - ահա դեմոկրատիային հատուկ արատը»։ Ի հակադրություն դրա՝ պաշտպանում է էթիկական դեմոկրատիան, որը մարդ արարածի անկատարության պատճառով կմնա երազ, ինչպես երազ մնաց ճշմարիտ քրիստոնեությունը (հ. 1, էջ 457-458, 455-456)։ ԼՏՊ-ի սխալ ընթերցո՞ւմն է այս միանգամայն ճշմարիտ դիրքորոշումը հակադեմոկրատական համարելու պատճառը, թե՞ արմատական հակադրությունը գլխավոր հարցում. «Ոչ թե դեմոկրատիա, այլ իդեոկրատիա-գաղափարավարություն»։

Ո՞ւմ հայտնի չէ՝ կեղծ դեմոկրատիայի անունից ինչ բռնի, մարդակործան գործողություններ ասես, որ ուժեղները չկատարեցին թույլերի դեմ և կատարում են առ այսօր։ Արյունահեղությունների, թույլ ազգերի ճնշման, շահագործման միջոց «դեմոկրատիայի» դեմն առնել գաղափարավարությամբ. ահա խնդիրը։ Ազգային մեծ հերոսի՝ միշտ նոր, հավիտենապես արդիական իդեոկրատիա-ազգային գաղափարի և ՀՀ առաջին նախագահի «կեղծ քաղաքական կատեգորիաների» միջև անդունդն է, որ վերջինիս, իր կողմնակիցներով, մղել ու մղում է պղծության։ Դա նրանց հատուկ սովորույթ է (ժամանակին ՀՀՇ-ական մի թշվառամիտ գրչակ ազգային մեծ գաղափարախոս Րաֆֆու «պատկերացումներից ձերբազատվելու», Սամվելի մայրասպանություն-հայրասպանությունը դատապարտելու փորձ արեց)։ Երբ ԼՏՊ-ն հրապարակում հանդես է գալիս ժողովրդավարության անունից, առաջարկում իրեն օգտագործել որպես գործիք, լևոնամոլները գիտակցո՞ւմ են, որ իրենց առաջնորդը ի սկզբանե ոչ թե Նժդեհի շեշտած էթիկական, այլ դրսից թելադրվող «մարդկության մի մասի թշվառության վրա կառուցած» կեղծ դեմոկրատիայի գործիք է եղել և մնում։

Իմաստից, բովանդակությունից խուսափելու արդյունք է և Նժդեհին սոցիալ-դարվինիզմ վերագրելը, որին նա հակադրվում է արմատապես. «Արևմուտքում ակնբախ իրողություն է հասարակական դարվինականությունը՝ քողարկված իրերակերությունը։ Այստեղ գոյության կռիվը իսպառ չի անասնացրել մարդուն» (հ. 1, էջ 167)։ «Այստեղ» ասելով նկատի ունի հոգևոր ակունքները սեփական ցեղի, ապա Արևելքի՝ Ճապոնիայի օրինակը. «Ազգերի մեջ միայն ճապոնացին է ասել. «եթե խորապես գիտակցենք, որ սերը դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ավելի մոտ է կանգնած մեծ ու գեղեցիկ արևին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները - այն ժամանակ մահը մեզ համար թռչունի փետուրից էլ թեթև կթվա» (նույն տեղում)։ «Կյանքի օրենքը» (1930) հոդվածն է (հ. 1, էջ 322-327), որ Նժդեհի ուսմունքում սոցիալական դարվինիզմի ազդեցության տպավորություն է առթում, «անսկիզբ և անվախճան պայքարի», «որ արդիական բացատրությամբ կոչում ենք գոյության կռիվ» հղումով։ Դարվինի, Մալթուսի (անունը չի տալիս, հիշատակում է մարդկության և գոյության միջոցների անհամաչափ աճի խնդիրը), Կրոպոտկինի սկզբունքների շարդարանքը այստեղ միջնորդավոր դեր է կատարում՝ ցեղակրոնությունը հաստատելու համար։ Ահա Նժդեհի թե՛ նախադիր գաղափարը, թե՛ եզրակացությունը. «դժբախտ են այն բոլոր ժողովուրդները, որոնց գաղափարախոսական և վարիչ առաջնորդությունը չգիտի, թե ի՞նչ է... կյանքի օրենքը»։ Առաջնորդության իմաստության, ազգային գաղափարախոսության բացակայությունը ցեղերի մշտատև մրցման մեջ մատնում են աղետալի սխալների, շեղում նպատակի համար ընտրված ճիշտ ճանապարհից՝ «դեպի կատարելություն և հոգևոր հավասարեցում, դեպի գալիք համաշխարհային եղբայրացում... երբ կդադարի պատերազմը՝ տեղի տալով... համատարած խաղաղության առջև... Մինչև այդ՝ վա՜յ պարտվածին»։ Այն, որ Նժդեհն ընդունում է անհերքելի իրողությունը, «մինչև այդ երանելի օրը պատերազմը պարբերաբար կփոխի իր պատմական տարազները միայն, բայց ոչ էությունը», նշանակո՞ւմ է, որ նա, ինչպես պնդում է ԼՏՊ-ն հակապացիֆիստ լինելով, ստատուս քվոն, խաղաղությունը չի ընդունում, քանի որ հավերժ պայքարի կողմնակից է։ Ասողը գոնե «Պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ»-ի նվիրյալ չլիներ, շարունակ չբողոքեր Արցախի ստատուս քվոյից։ Հակապացիֆիզմ-խաղաղությունը չեն ընդունում, քանի որ հավերժ պայքարի կողմնակից են։ Բայց, նախ ո՞ր հայն է պացիֆիստ, եթե ցնորված չէ։ Ապա և, Նժդեհն է՞լ պիտի ցնդաբաներ, թե՝ «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է», ընդամենը տասը հազարանոց բանակ երազեր, որ ԼՏՊ-պացիֆիստը նրան հակապացիֆիստ, ուստի՝ այդ մասով ևս ֆաշիստ չհամարեր։ Նույնիսկ ինքնապաշտպանական, արդարացի պատերազմը չընդունող պացիֆիզմը ինչպե՞ս է, ասենք, ինքնապաշտպանվելու անկարող Եհովայի վկաներին փրկելու գառների նման մորթվելուց, եթե, իրոք, Աստված չանի, թուրք-ադրբեջանցիներին հաջողվի մտնել որևէ հայկական տարածք։ ՀՀ առաջին նախագահն ի՞նչ ապագա է խոստանում Լևոնի վկաներին իր պացիֆիզմով։ Եթե իր գառների լռությունը չի անտեսել, ապա հասցեն է շփոթել. հարկավոր է «խաղաղասիրական» պատգամներն ուղարկել թուրք-ազերիներին, որոնք ամեն վայրկյան պատրաստ են, ցեղասպանությունն ավարտին հասցնելու մարմաջով լի, նորից թափել մեր ժողովրդի արյունը. «Մինչ հայը իր ցեղի մեջ մարդկայնություն, թուրքը իր հոգում գայլություն է մշակում» (հ. 1, էջ 350)։

 

6

Ներկա միջազգային բարդ կացությունը, անվերջանալի տեղային բախումների ու պատերազմների հետագա տարածման միտումները՝ համաշխարհային հրդեհի վերածվելու պոտենցիալով, Հայաստան-Արցախի սահմաններին լարվածությունը չնչին առիթ տալի՞ս են ազգային մեծ հերոսին և գաղափարախոսին «հավերժ պայքարի», «հավերժ թշնամու կարիք» ունեցող մոլագար ներկայացնելու։ Ավելին, կողք կողքի դնելու երկու բացարձակապես անհամատեղելի, հակադիր դեմքերի. «Հավերժ թշնամու կարիք... Հիտլերի համար այդ թշնամին հուդայակոմունիզմն էր, իսկ Նժդեհի համար՝ թրքաբոլշևիզմը։ Նա չի ասում թուրք»։ Թե ինչը ԼՏՊ-ին կարող էր գլորել բարոյալքման այս վերջին աստիճանին, գոնե իրենց հոգու հանգստության համար թող պարզի լևոնամոլ զանգվածը. միայն համակենտրոնացման ճամբարներում 11 միլիոն մարդ ողջակիզած հրեշին նույնացնել մի կողմից թուրք ցեղասպանների, մյուս կողմից՝ նրանց հետ հանուն ցնորամիտ Համաշխարհային հեղափոխության դաշնակցած, բոլշևիկների դեմ անհավասար պայքարում Սյունիքը պաշտպանած, հայության այդ հատվածն էլ կոտորածից փրկած հերոսի հե՞տ։ Եթե կա մեկը, որը պատմական այդ իրադրությունում ավելի ճշգրիտ բնորոշում ունի, քան թրքաբոլշևիզմը, թող տա։ Ո՞ւմ հայտնի չէ, որ ոչ թե առանձին թուրքին, այլ հենց թրքաբոլշևիզմին զոհ գնացին, մնացյալ կորուստները չհաշված, Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը, Արցախը։ Ինչո՞ւ է ԼՏՊ-ն փորձում փրկել, թուրքի պոչից պոկել բոլշևիզմը։ «Պատմության մեծ կործանարար» բոլշևիզմի դեմ պայքարած ու դրա հարվածներն անձամբ կրած հերոսի վկայությունները միայն բավարար չէի՞ն պատմական իրողության հաստատման, ԼՏՊ-ին համոզելու համար, եթե ինքը նույնիսկ բոլորովին անտեղյակ լիներ – «պրոլետարական դիկտատուրայի» դեռ առաջին տասնամյակում «Ռուսաստանում կային 25 անգամ ավելի բանտեր, քան գոյություն ունեին ցարի օրով։ Հապա կոնցենտրացիոն լագերնե՞րը, ուր նահատակվեց ռուս մտավորականության ամենաիդեալիստական մասը, արհեստական սովե՞րը, չեկայի կողմից բեմադրված «ապստամբությունները», զանգվածային ջարդե՞րը, կղերականության Գողգոթա՞ն, սպայության ոչնչացումը, և այլ մութ չարագործություններն ու կատակոմբները... Դաժանության ու ոճիրների գործում բոլշևիկներն ունեին իրենց հոգևոր պապերը՝ թուրքերը» (էջ 470)։


Ռասիզմը սովորաբար ծառայեցվել է էթնիկական այլ խմբերի դեմ ոճիրների «արդարացմանը»։ Բայց ինչպե՞ս անվանել սեփական ժողովրդի դեմ Հայաստանի անկախացումից հետո ՀՀՇ-ականների կազմակերպածը։ Ռասիստական-ֆաշիստական գործելակերպից էականորեն ինչո՞վ էր տարբեր նրանց կատարածը։ Եթե ֆաշիստական Գերմանիան համակենտրոնացման հատուկ ճամբարներ էր կառուցում իր ռասայական ծրագրերն իրագործելու համար, Հայաստանի ՀՀՇ-ական իշխանությունները դրանց ծախսը քաշելու կարիքն իսկ չունեին։ ՀՀՇ-ական մահաշունչ տարիների պտուղներն անձամբ լիուլի «վայելելու» արդյունք են այն ժամանակ իսկ գրածս հետևյալ տողերը. «Հայաստանը համարվում էր թանգարան բաց երկնքի տակ, և վերածվում է համակենտրոնացման ճամբարի բաց երկնքի տակ... եթե, օրինակ, մեր ղեկավարներն օտարերկրյա պետության գաղտնի գործակալներ լինեին, էլ ի՞նչ պիտի անեին երկրի բնակչության դեմ։ Չբացահայտվելու համար ուզած-չուզած ինչ-որ դրական, գործնական քայլեր պետք է անեին ու թերևս այսպես արագորեն չկործանեին» (հոդվածը լույս է տեսել 1992-ին, Երևանում)։

Քանի որ Գարեգին Նժդեհը ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպան էր, հետևաբար «ռասիստ-ֆաշիստ» էր, իսկ ԼՏՊ-ն և յուրայինները հակառակ են դրան, հետևաբար «ազատական-ժողովրդավար» են։ ՀՀՇ-ական իշխանությունները ԼՏՊ-ի գլխավորությամբ, «ազատաժողովրդավարաբար» բռնադատեցին ԿՅԱՆՔԻ այդ իրավունքը, թալանելով, ոչնչացնելով երկրի նյութական ու հոգևոր ռեսուրսները, կեղեքելով, ահաբեկելով, բարոյալքելով, գաղթեցնելով, սպանելով ու ինքնասպանելով ժողովրդին։ Այսինքն՝ կազմակերպեցին «սովորական» ցեղասպանություն։ Ոչ մի պատասխանատվություն չկրելով՝ նրանք իրենց հաջորդներին փոխանցեցին ազգակործան այդ համակարգը։ ՀՀՇ-ական կառավարման առաջին մի քանի տարիներին միայն երկրից արտագաղթեց շուրջ 900 հազար մարդ, իսկ 2011-ին, որ ամենաբարձր ցուցանիշն է 2001-ից սկսած, ավելի քան 58 հազար։ Այս մի փաստն էլ բավական է համոզվելու, որ արատավոր համակարգը շարունակում է գործել։ Իրենց գոյության իրավունքները փոքրաթիվ ուժերով մի կերպ պաշտպանել փորձող որևէ ժողովուրդ՝ նացիոնալիստ, ռասիստ, ֆաշիստ լինի անգամ, անվտանգ է այլ երկրների ժողովուրդների համար, անհամեմատ անվտանգ, քան շատ հզորների՝ ուրիշներին խոստացած իբրև թե ազատություն, հավասարություն, ժողովրդավարությունը։

Կեղծիքով ղեկավարվող, օտար ուժերի սպասարկու ԼՏՊ-ն, հարկավ, չի ընդունի, որ ամեն հասկացություն, ամեն գաղափար ժամանակից ժամանակ, երկրից երկիր, հեղինակից հեղինակ պարտադրաբար միևնույն բովանդակությունը չի ունենում, ուստիև նույնակերպ չի մեկնաբանվում։ Ինքն էլ կարող էր ցեղակրոնությունը մեկնաբանել յուրովի, բայց ոչ նպատակամղված նենգափոխությամբ։ Որ ցեղագիտակցության, ցեղակրոնության Նժդեհի ըմբռնումը ոչ այլ ինչ է, քան ազգասիրության, մարդասիրության, ցեղասպան թշնամու դեմ ազատության պայքար, հաստատվում է նրա գրեթե ողջ գրական ժառանգությամբ. «...ժողովրդի մեջ արթնացա՞վ ցեղը՝ մարդկային հոգին սրբվում է բոլոր տեսակի արատներից ու տկարություններից, դա դառնում է համակ սեր ու նվիրում դեպի մերձավորը՝ միշտ պատրաստ մեռնելու այդ վերջինի համար... Արթնացա՞վ ցեղը՝ ժողովուրդը կարելիություն է ստանում կուրծք տալու ամենամեծ վտանգներին և հաղթահարում ամենածանր փորձությունները, որովհետև այդ վիճակում նա ներկայացնում է մի հավաքական հոգի՝ ինքն իր մեջ ազատագրված, ամբողջացած ու հաղթական» (հ. 1, էջ 151, 2002)։

Բոլշևիկների խոստումներից խաբված, նրանց կողմը թեքված Ղափանի ժողովրդին Գարեգին Նժդեհը 1920-ի սեպտեմբերի 12-ին դիմեց բացառիկ մի գրությունով. «Ժողովուրդ, այսօր, երբ ադրբեջանյան դրամներով կաշառված բոլշևիկները, քո գերեզմանափորերը, կեղծ ու պատիր խոստումներով քո դուռն են բախել և քո ձեռքով պղծած աղ ու հացիդ են սպասում, դու դավաճանաբար լքում ես, մենակ թողնում քո վիրավոր հրամանատարին։ Այդ հերիք չէ, քո լրտեսներն ու ահաբեկիչները իմ գլուխն են փնտրում, երեք միլիոնով Ադրբեջանին ծախելու... Ժողովո՛ւրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել։ Դու չուղարկեցիր վարպետներդ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը։ Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ...

Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ» (էջ 121-123)։

Պատմությունը չի՞ ների։ Բայց ե՞րբ։ Մինչև ե՞րբ հայությունը չի կարողանալու ճանաչել իր մեջ դարեդար նստած թշնամուն, եթե ոչ ըստ արժանվույն գնահատել մեծ նվիրյալների գործը, ապա գոնե չգնալ նրանց հիշատակն ապականել փորձողների հետևից։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am