Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաք և գավառ

Քաղաք և գավառ
Մայիս 2008, N 2

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ. ԿՈՐՍՎԱԾ ՔԱՂԱՔ ԿԱՄ ԼԵԳԵՆԴ ՄԱՔՍԱՏԱՆ ՄԱՍԻՆ

Արիս Ղազինյան, «ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐ»-ի գլխավոր խմբագիր

 

Այլաբանությունն այնքան էլ բարդ չէ. թյուրքական Գյումրի մաքսատունն ապստամբել է Քաղաքակրթության դեմ: Վաշխառուի աշխարհզգացողությունը, ուրբանիզացված մորեխի ախորժակով, իր ճանապարհին լափում է քաղաքային իրական կառույցների վերջին «ռուդիմենտները»: Միտքդ է գալիս Իոնեսկոյի «Ռնգեղջյուրը»...

Քաղաքակրթությունն այս երբեմնի հրաշագեղ քաղաքում ներկայացված է եղել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա) Կումայրի բնակատեղի;

բ) ռուսական կարևոր ամրություն` Ալեքսանդրապոլ;

գ) արդյունաբերական և տրանսպորտային խոշոր կենտրոն Լենինական:

Անցած վեհության առանձին պատառիկներ, իհարկե, պահպանվել են: Բայց դա միայն երեսակողմն է...

Երկրաշարժերն այս շրջանում հազվադեպ չեն: Միայն անցյալ հարյուրամյակում քաղաքը ցնցել է մի քանի անգամ: Ուժեղ է ցնցել: Սակայն երկրաշարժերին միշտ էլ հակադրվել է քաղաքի բնակչության ստեղծարար ոգին: Նույն ժամանակագրական հաջորդականությամբ էլ ավերակներից հառնել են Կումայրին, Ալեքսանդրապոլը, Լենինականը:

Ավաղ, այսօր մորեխի ամենակուլ ախորժակին հակադրելու ոչինչ չկա: Դա հիրավի տարերային աղետ է. ռեզոնանս` քաղաքապետերի 12 բալանոց սանդղակով:

2000թ. սեպտեմբերին հերթական մի ռեզոնանս առաջացրեց Գյումրիի քաղաքային դպրոցներից մեկի մոտակայքում պատահականորեն հայտնաբերված դամբարանի մասին լուրը: Հարկ է նշել, որ նման «պատահական գտածոները» քաղաքի տարածքում ամենևին էլ հազվադեպ չեն:

Դեռ 1929թ., շինարարական աշխատանքներ իրականացնելիս, հայտնաբերվել էր կավե և մետաղե իրերի մի ամբողջ համալիր, որոնց թվում առանձնանում էր ուրարտական գոտին թևավոր գրիֆոնի պատկերով: Մի փոքր ավելի ուշ, մսի կոմբինատի տարածքում հայտնաբերվել էր բավական խոշոր բնակավայր, որը հետազոտվել է երկու անգամ:

 

Ավելին, պարզվեց, որ նշյալ բնակավայրը մսի կոմբինատի տարածքում միակը չէ: Այդ մասին էին վկայում ուշ բրոնզե դարի դամբանատեղերը, ինչպես նաև մ.թ.ա. 8-րդ դարի ուրարտական սեպագիրը, ուր և հիշատակվում էր Էրիախի երկիրն իր բնակավայրերով: Վերջիններիցս մեկն էլ նշանավոր Կումայրին էր, որ գտնվում էր այսօրվա քաղաքի հյուսիսարևելյան մասում: Պեղումների միջոցով այստեղ հայտնաբերվել են նաև կիկլոպյան շերտի մնացուկներ...

Բայց 2000թ. ռեզոնանսը պայմանավորված էր մի փոքր այլ տեղաշարժերով: Դրանք հասարակական գիտակցության մեջ տեղի ունեցած տեղաշարժերն էին. ինչպես բխում էր տեղեկատվական սյուժեներից, տեղի վարչակազմը պատշաճ ձևով չանդրադարձավ առեղծվածային գտածոյին: Հեռուստատեսային ամփոփագրերից մեկում ցուցադրվեց էլ ավելի սարսափելին. երեխաները խաղում էին «խորհրդավոր Մեռյալ քաղաքի» ոսկորներով:

Ժամանակին աքսորյալ դեկաբրիստները զվարճանում էին Ալեքսանդրապոլի ամրոցում ճան խաղալով: Հազվադեպ տիրող անդորրի ժամերին Կաբարդինյան գնդի զորանոցներում տեղավորված կայազորը մի փոքր խռովվում էր այն բանից հետո, երբ առաջին նետման արդյունքում ստացվում էր այդքան տհաճ գումար` 2, 3 կամ 7: Այդ խաղի բոլոր օրենքներով սույն արդյունքը նշանավորում էր այսպես կոչված «առաջին ռաունդի» ավարտը, ինչը հաճախ ձայնակցվում էր թշնամու հերթական ռմբակոծությամբ: Աքսորյալ սպաները սնավախ էին: Ի տարբերություն շարքային երեխաների...

Երեխաները ճան չէին խաղում:

Նրանք խաղում էին ոսկորներով և ոսկորների վրա (հնարավոր է, այդ նույն սպաների). ծնողների, տեղի իշխանությունների և հայոց անկախ պետականության փոշոտ ավանդույթի (էլիտար շինարարություն ոսկրերի վրա), պասիվ «թույլտվությամբ»: Եվ եթե յուրաքանչյուր նոր փորվածք հնագույն դամբանատեղի էլ չէ, ապա համենայնդեպս մշակութային շերտ է: Հենց այսպես է հիմնավորվում Երևանը, հենց այսպես է հիմնավորվում նաև հանրապետության երկրորդ քաղաքը...

Հայաստանի Երկրաբանական թանգարանի ցուցանմուշներից մեկն աչքի է ընկնում իր խոշորությամբ: Դա այսպես կոչված Տրոգոնտերյան փիղն է, որը մոտ 700.000 տարեկան է: Նրա մնացորդները նույնպես պատահաբար են գտնվել. հիրավի, շինարարական աշխատանքների ընթացքում դամբանատեղիներ, ընդ որում` ոչ միայն մարդկանց, հայտնաբերելը ալեքսանդրապոլյան ավանդույթ է: Մասնավորապես, պլեյստոցենյան փղի մնացորդներ քաղաք-ամրոցի տարածքում առաջին անգամ պեղվել են դեռ 19-րդ դարի վերջում, Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղու կառուցման ժամանակ: Տակավին չգործող այդ նույն երկաթուղու…

1932թ. «Կազաչի պոստի» կիսատուֆային նստվածքներում հայտնաբերված Շիրակի գոգահովտի լանդշաֆտի վիթխարի բնակիչը որոշակի պատկերացում է տալիս պլեյստոցենի կնճիթավորների մասին: Ավաղ, նույն տարածքի արդի վիճակի մասին պատկերացումն այսօր պակաս որոշակի է:

 

***

 

Ծայրահեղ դեպում, միայն աբստրակտ երևակայությունն է թույլ տալիս ինչ-որ անհավանական ձևով «ըմբռնել» Գյումրիի գարեջրի գործարանի ճակատի մեծեծավալ հարթաքանդակի մոտիվացիան: Դեռևս 19-րդ դարավերջին հիմնադրված արտադրությունը նոր սեփականատեր է ձեռք բերել` հանձին հայ խորհրդարանական, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Սամվել Բալասանյանի. պատգամավոր, որը չի խորշել երեսաքարին փորագրել սեփական դիմապատկերը: Սեփական` սիրելի անձին է նա նվիրել սույն ստեղծագործությունը, ինչով, իր խորին համոզմամբ, հաստատել է փառապանծ քաղաքի սերունդների հաջորդականությունը:

Մինրդեռ, մոնումենտալ «արվեստի» հենց այս նմուշն էլ, ուրիշներից ավելի քան լավ, ցույց է տալիս «ալեքսանդրապոլցի» և «գյումրեցի» հասկացությունների քաղաքակրթական տարբերությունը: Ալեքսանդրապոլի և ոչ մի պատվարժան քաղաքացի ակնարկ անգամ թույլ չէր տա պատմության հանդեպ նման կամայական ու ծաղրական վերաբերմունքի:

Ինչո՞ւ ծաղրական:

Այն պարզ պատճառով, որ հարթաքանդակը, որպես ճարտարապետական ձև, եթե անգամ և թույլ է տալիս անթրոպոմորֆ պատկերում, ապա միայն միապետերինը, սրբերինը, իսկ խիստ հազվադեպ` հենց իրենը` Ամենակալինը: Համենայնդեպս, այսպիսին է ճարտարապետության հայոց ավանդույթը: Մասնավորապես, ազատ ստեղծագործության եզակի նմուշ է Հայր Աստծո ուռուցիկ պատկերը Նորավանքի Սբ. Ստեփանոս Նախավկայի եկեղեցու ճակատամասի վերին հարկաշարում:

Հայկական ավանդույթի մասին. եթե միջնադարյան եվրոպական արվեստն ընդունում էր Աստծո բացառապես ասոցիատիվ պատկերումը (Աջ ձեռք, ճաճանչ), ապա հայկական եկեղեցու ճակատամասի սյուժեի հեղինակը նրան պատկերել է մորուսով տղամարդու կերպարանքով: Աստվածային Հոգու արտահայտությունն է մորուքից ծնվող աղավնին, որը կտուցով հպվում է Ամենակալի ձախ ափում պատկերված Ադամի բերանին (ներկայացված է միայն գլուխը): Աջ ձեռքի տակ պատկերված է Աստծո Որդու խաչելությունը, երկու կողմում Աստվածամոր և Հովհաննես Ավետարանչի պատկերներն են: Մի՞թե հայ խորհրդարանականն իրեն վերջինիս տեղն է դնում:

Ընդ որում` սյուժեն ինքնին նույնիսկ հուզիչ է. ներկայացվում է տեսարան, թե ինչպես է արտադրության հիմնադիր` ալեքսանդրապոլցի Համազասպ Ծաղիկյանցը «գարեջրի էստա‎ֆետը» փոխանցում գյումրեցի Սամվել  Բալասանյանին:

Սակայն կրկին վերացարկվենք, քանի որ սույն կոնկրետ օրինակը հայ քաղաքական և օլիգարխական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների ճնշող (այդ թվում և տգիտության) մեծամասնության աշխարհզգացողության «ռելիեֆային ինդիկատորն» է: Խնդիրն, ավաղ, պատգամավորը չէ. Քեոփսի և Տրայանոսի ախտանիշն այսօր գերիշխում է թշվառ բոհեմի բազում ներկայացուցիչների գիտակցության մեջ, թեև, ի տարբերություն առաջինների, նրանք դեռևս Եգիպտոսի կամ Հռոմի տերերը չեն. մասնավորապես, «հարթաքանդակային» Սամվել Բալասանյանը` Գյումրիի գարեջրի գործարանատրն է:

Ծանոթությունը նման «հուշարձանների» հետ ստիպում է առնվազն կասկածել, թե այդ «անձինք» (իսկ նրանք իսկապես քիչ չեն)` ազգային պատմությամբ հղկված հայ աշխատավորի և մատծողի արքետիպի ժառանգորդներն են:

Կամ, որն ավելի սարսափելի է. այսօր դժվար է հավատալ, որ քրիստոնեական աշխարհում առաջիններից մեկը հենց Հայաստանի տարածքում և հենց հայերը սկսեցին բարձրաձայն խորհել Երկրի գնդաձևության մասին (Անանիա Շիրակացի) և երկխոսության մեջ մտան Ամենաբարձրյալի հետ (Գրիգոր Նարեկացի): Դժվար է հավատալ, որ մեծն Մազաչոյից շատ առաջ հայ մանրանկարիչները պատկերում էին մերկ մարմիններ և հորինված աշխարհի երևակայական տեսարաններ:

Ավստրիացի ականավոր արվեստագետ Յոզեֆ Ստրժիգովսկին մի առիթով գրել է. «Հունական հանճարը` մարմնավորված Սուրբ Սոֆիայի տաճարում, և իտալական հանճարը` Սուրբ Պետրոսի տաճարում, միայն ավելի ամբողջությամբ վերստեղծեցին այն, ինչը հայերը սկզբնավորել էին»:  Մի՞թե սա հնարավոր է:

Անցյալ դարի կեսերին Լիդիա Դուրնովոն Կիլիկյան դպրոցի նկարիչ Թորոս Ռոսլինի մասին գրում էր. «Հենց նա` Դանթեի այդ ժամանակակիցը, Իտալիայում Ջոտոյի և Բյուզանդիայում Պանսելինի նախորդը, արեց նախավերածննդի առաջին քայլերը: Նրա պրոգրեսիվությունն ընթանում էր այն ուղղությամբ, որը հետագայում ամուր հիմքի վրա կանգնեց և լայնորեն տարածվեց Իտալիայում` որպես վաղ Վերածնունդ»:

Հայկական մշակույթի մասին այսքան շոյիչ արձագանքների մեկնաբանությունը վաղուց արդեն անհարմար է, քանի որ հիմա որպես դրանց մեկնաբաններ հանդես են գալիս «նոր ժամանակների հարթաքանդակները»:

***

Երկար հարյուրամյակներ շարունակ հայ ժողովրդի բնութագրականգծերից մեկն է եղել ազգային մշակույթի հուշարձանների նկատմամբ չափազանց հոգատար վերաբերմունքը: Պատմությանը հայտնի են օրինակներ, երբ հայ գյուղացին սեփական կյանքի գնով փրկել է խաչեր, ծանրագույն դռներ և բազալտե սալիկներ` ճարտարապետական արվեստի բեկորներ և պատառիկներ: Ազգային ժառանգության նկատմամբ այսպիսի վերաբերմունքի ընդերքում էին նախանշվում ապագա թանգարանների ցուցանմուշների ուրվագծերը:

Հանրապետության սահմաններից դուրս գտնվող հուշարձանների վիճակի մասին հայկական տագնապը նույնպես ավանդական է: Դեռ խորհրդային ժամանակներում ուշադրությունը կենտրոնացվում էր Թուրքիայում և Խորհրդային Ադրբեջանում գտնվող մեր ազգային մշակույթի բազմաթիվ նմուշների անմխիթար վիճակի վրա: Որոշ ժամանակից սկսած` հայկական մշակույթի շերտերի ծրագրված ոչնչացման հարցը դիտարկվում է արդեն պետական մակարդակով, ընդ որում` նույնքան հաճախ, որքան և հիմնավորված. ով ծանոթ է այս խնդրին, ահազանգ չհնչեցնել չի կարող:

Ցավոք, նկատի ունենալով ընթացիկ իրողությունները` այնուամենայնիվ, համարձակցում ենք պնդել, որ այսօր մենք ահզանգում ենք միայն մեկ ուղղությամբ: Քանի որ «սեփական անցյալը» ոչնչացնելու գործընթացը անկախ Հայաստանում պակաս եռանդով չի ընթանում: Խոսել Ջուղայում հայկական գերեզմանատան ոչնչացման մասին և միևնույն ժամանակ` քանդել սեփական` «Կումայրի» արգելոցը. ի՞նչ է սա, եթե ոչ Երրորդ հանրապետության հակապետական և հակազգային «պետական» գործիչների ցինիզմ:

Այնինչ, բիբլիական երկրի` որպես հատուկ տարածքի, ընկալումն ունեին աքսորյալ դեկաբրիստները 19-րդ դարի սկզբին, ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ: Բոլորովին անսպասելիորեն նրանք իրենց համար բացահայտեցին մի երկիր, որն իր կուտակած պատմական ժառանգությամբ արժանի էր ինքնիշխան և առավել արժանապատիվ գոյության: Շատ սպաների գիտակցության մեջ հասկացություններ փոխակերպվեցին. ի սկզբանե գաղութային պատերազմը փոխակերպվեց մի ինչ-որ գործողության, որն արդարության էր հավակնում:

Դեկաբրիստ Լաչինովի նամակներից. «Դուք, վայրի ժողովուրդներ, դեռ երբեք չփառաբանված ձեր քաղաքացիականությամբ, կրթությամբ, դուք կարող եք վստահ լինել, որ կգա նաև ձեր հերթը փայլելու աշխարհի թատերաբեմում: Բայց դու, երբեմի նշանավոր Հայաստան, դու, որ թողել ես ցայժմ մեզ հիացնող հզորության, քո հարստությունների ու արվեստների այդքան հուշարձաններ, ի՞նչ է սպասում քեզ: Կհայտնվե՞ս արդյոք փառքի ասպարեզում, թե՞ քո տխուր որդիներին վիճակված է հավետ տրտում գոյություն: Կարևոր իրադարձություններ պետք է բացվեն մեր հարյուրամյակում, նրան, թվում է, հարկ է լուծել այս հարցը. կվերածնվե՞ն արդյոք իրենց դարն ապրած թագավորությունները»:

Ռուս սպաների նմանօրինակ նամակները գրվում էին 1500-1550 մ բացարձակ բարձրության վրա գտնվող ամրություններում: Վաղուց ի վեր այստեղ գոյություն է ունեցել Կումայրի բնակավայրը, որի անվանումը որոշ հետազոտողներ կապում են քիմերների` մ.թ.ա. 8-րդ դ. Հայկական լեռնաշխարհ ներխուժած ցեղերի էթնոնիմի հետ: Այդպես է, թե ոչ` դժվար է ասել, սակայն ակնհայտ է ուրիշ բան. տեղանքի բարձրադիրությամբ էին պայմանավորված թե նրա կարևորագույն ռազմաստրատեգիական նշանակությունը և թե` այս բարձունքին տիրելու համար մղվող հաճախ պատերազմները:

Այս հանգամանքն էլ «տեղայնացրել» էր Կումայրին իր համար արդեն ավանդական սահմանամերձ տարածքում. հանգամանք, որն, ի դեպ, տեղանքը զավթած թուրքերին հիմք է տվել բնակավայրի անվանումը «մեկնաբանել» թյուրքական քաղաքական ու ստուգաբանական տեսակետով. թյուրքական Գումրին հենց մաքսատուն էլ նշանակում է:

Իր այս «սահմանամերձ» որակով էլ տեղանքը 1829թ. դիմավորում է Էրզրում ուղևորվող մեծն Ալեքսանդր Պուշկինին. «Վերջապես ես հասա Գյումրի մոտավորապես կեսգիշերին: Կազակն ինձ ուղիղ պահակետ տարավ: Մենք կանգ առանք վրանի մոտ, ուր և շտապեցի մտնել: Այստեղ ես գտա 12 կազակների` քնած մեկը մյուսի կողքին: Ինձ տեղ տվեցին. ես մեկնվեցի յափնջիին` հոգնածությունից անզգայանալով: Այդ օրն անցել էի 75 վերստ: Կազակներն արթնացրին ինձ արշալույսին: Իմ առաջին միտքն այս էր. հո տենդի մեջ չե՞մ: Բայց զգացի, որ, փառք Աստծո, առույգ եմ, առողջ. ոչ միայն հիվանդության, այլև հոգնածության հետք էլ չէր մնացել: Ես դուրս եկա վրանից թարմ վաղորդյան օդի: Արևածագ էր: Պարզ երկնքում սպիտակին էր տալիս ձյունաթույր երկգագաթ սարը: «Այս ի՞նչ սար է»,- հարցրի ձգվելով և լսեցի ի պատասխան. «Արարատն է»: Որքա~ն ուժեղ է ձայների ազդեցությունը: Ագահորեն նայում էի ես բիբլիական սարին, տեսնում տապանը, որ հանգրվանել էր նրա գագաթին` նորացման ու կյանքի հույսով, և ագռավին ու աղավնուն հեռացող, խարազանման և հաշտության խորհրդանիշները...

Իմ ձին պատրաստ էր: Ես մեկնեցի ուղեկցորդի հետ: Հիասքանչ առավոտ էր: Արևը փայլում էր: Մենք ընթանում էինք լայն մարգագետնով, թավ կանաչ խոտի միջով` պատված ցողով ու երեկվա անձրևի կաթիլներով: Մեր առջև փայլփլում էր գետակը, որը մենք պետք է անցնեինք: «Ահա և Արփաչայը»,- ասաց ինձ կազակը: Արփաչա~յ: Մե’ր սահմանը: Դա արժեր Արարատին: Ես սլացա դեպի գետակը անբացատրելի զգացմամբ: Ես դեռ երբեք օտար հող չէի տեսել...»:

Մեծ բանաստեղծը միայն մի բանում էր սխալվում. «Կազաչի պոստի» բարձունքներից երկգագաթ Արարատը չի երևում: Տապանը նա տեսել է Արագածում: Բայց դա արդեն կարևոր չէ...

Ավելի կարևոր է այն, որ քաղաքի ներկայիս անվանումն արտացոլում է թյուրքական մաքսատանը համահունչ` ըմբռնման փոխակերպումը: Կանցնի ընդամենը ութ տարի և հատուկ թնդանոթաձգության ներքո բնակավայրը կստանա արդեն նոր անվանում` Ալեկսանդրապոլ: Ալեքսանդր Սերգեևիչի մահվան տարում...

Տոպոնիմիկայում գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին ուրբոնիմն է. իրոք, քաղաքային բնակատեղիների անվանումների տրամաբանությունը շատ հաճախ բնութագրվում է քաղաքական շարժառիթներով, ինչի մասին, ի դեպ, իրազեկված էին ոչ միայն թուրքերը: Դա այս կամ այն պետության արտաքին (և ոչ միայն) քաղաքականության առանձնահատուկ օղակ է, որը կորված է հաստատագրել  իրերի և ուժերի նոր դասավորվածություն:

Այս համատեքստում է ներառվում 19-րդ դ. առաջին կեսին նախկին թուրքական մաքսատունը Ալեքսանդրապոլի ամրոց վերանվանելու փաստը: Իրադարձության նշանակության մասին (Ռուսական կայսրության շահերի առումով) վկայում են երկու ոչ ամենասովորական հանգամանքներ.

ա. 1837թ. անձամբ նոր ամրոց կայցելի Համայն Ռուսիո կայսեր Նիկոլայ Առաջինը;

բ. նոր ամրոցը կանվանվի Նիկոլայ Առաջինի տիկնոջ` կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնայի անունով:

Հին Ալեքսանդրապոլը 19-րդ դ. պատերազմների համայնապատկերի արտացոլումն է. այնքա~ն շատ են այստեղ վկայությունները դրանց մասին. զորանոցներ, «Կազաչի պոստ», «Սլոբոդկա»...

 

***

Ալեքսանդրապոլում 100-ից ավելի արհեստներ էին հայտնի: Մետաղամշակման մեջ զարգացած էին ոսկերչական, դարբնոցային, պղնձագործական, թիթեղագործական և ձուլագործական արհեստները: 19-րդ հարյուրամյակի առաջին կեսին էլ ի հայտ եկան նոր քաղաքային բնակավայրերի «օրենսդրական ուրվագծերը». այդպիսին էր համարվում այն բնակատեղին, որի աշխատունակ բնակիչների մեծ մասը զբաղված էր արհեստագործությամբ:

Բոլոր արհեստների մեջ առաջին տեղը զբաղեցնում էին շինարարականները. որմնադիրները, պատշարները, ատաղձագործները: Ալեքսանդրապոլում շինարարական մասնագիտությունների առաջնային նշանակությունը պայմանավորված էր նրանով, որ տեղանքը հարուստ էր շինանյութի պաշարներով և մեծ թափ էր ստացել քաղաքաշինությունը, բացի այդ, այստեղ կային հմուտ վարպետներ` ազգային ճարտարապետական ավանդույթների կրողներ: Ընդ որում` եթե եկեղեցիները կառուցվում էին հայտնի ոճով, ապա հասարակական շենքերն ու բնակելի տներն արդեն նոր` եվրոպականի ու ռուսականի համադրումն ունեին: Ներկայում այդ հզոր քաղաքակրթական շերտը ոչնչացվում է «Բարոկո» և «Զիգզագ» ոճի «թանձրամարմին ակվարիումներով»...

Ալեքսանդրապոլն իրոք քաղաք էր. նախկին մաքսատանը վաշխառուներ գրեթե չէին մնացել...

19-20-րդ դդ. սահմանագծին, Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս և Ալեքսանդրապոլ-Էրիվան-Ջուլֆա երկաթգծերի անցկացմամբ, քաղաքը դարձավ նաև կարևոր երկաթուղային հանգույց: Այդ ժամանակ նրա բնակչությունն արդեն 32.000 էր: Ո՞ւր են այսօր այդ քաղաքացիների հետնորդները:

Նրանցից մեկին ես պատահաբար հանդիպեցի նախկին «Ֆրանսիա» հյուրանոցի դիմաց. հոյակերտ շենքի միայն ճակատն է մնացել, որ հարյուրապատիկ հավերժացված է զբոսաշրջիկների տեսախցիկներով: Նա հոգեպես ընկճված էր. երբեմնի շքեղ կառույցների փլվածքներում փնտրում և, աա, չէր գտնում մշակութային շերտեր և ինչն առավաել կարևոր է` մշակութային գիտակցությունը փրկելու եղանակներ: «Այսօր մենք ահազանգում ենք միայն մեկ ուղղությամբ»,- տխուր կասի նա:

Եվ իսկապես, Հայաստանում արդեն քիչ չեն նոր զանգակատները: Աղաղակող ձևախեղման ենթարկված հասարակությունում համարյա թե յուրաքանչյուր «մեր ժամանակների հերոս» ձգտում է «սեփական եկեղեցի» կամ, դեկաբրիստ Եվդոկիմ Լաչինովի խոսքերով` «հզորության, քո հարստությունների ու արվեստների հուշարձաններ» կառուցել: Ընդ որում` նոր կառույցների հիմնադրման գործընթացը ուղիղ համեմատական է պատմամշակութային հուշարձանների անհետացմանը:

Հայրենական միջին վիճակագրական աստիճանավորի ընկալմամբ` «ազգային արժեք» հասկացությունն առաջին հերթին զուգորդվում է 4-5 աստղանի հյուրանոցների և նեոնային լույսով ներկայացող խաղատների հետ: Կեղծ-հոյակերտ ոճով կառուցված Նորին ոչնչություն առանձնատունն ընկալվում է որպես ազգային ճարտարապետության ակնառու հուշարձան, որն, անշուշտ, արժանի է հատուկ ուշադրության և հատուկ պահպանման: Պահպանություն, որն օր ու գիշեր իրականացվում է բութգլուխ «վիշիբալաների» և մի զույգ փոփոխովի շվեյցարների բանակի զգոն և ամենատես հսկողությամբ: Այսօր պետությունը հենց Առանձնատունն է պահպանում:

***

Ժամանակին միութենական ղեկավարությունը հատուկ որոշում ընդունեց Լենինականում ճարտարապետական թանգարան` «Կումայրի» արգելոցը հիմնելու մասին: Չար լեզուները (որոնք այն ժամանակ էլ քիչ չէին) շշնջում էին, թե այդ որոշումը պայմամնավորված էր ոչ թե Հայաստանի և ազգային ճարտարապետության հուշարձանների նկատմամբ Կրեմլի հատուկ վերաբերմունքով, այլ քաղաքի տարածքում հզորագույն «ռուսական շերտի» (այդ թվում` չերքեզական ու կաբարդինյան կայազորների զորանոցներում տեղակայված «պուշկինյան») առկայությամբ:

Այս կարևորագույն իրադարձության նկատմամբ այդքան տհաս վերաբերմունքն արտացոլում էր «հանրապետության վաղվա տերերի» աշխարհընկալումը. թշվառ անձինք, որոնցից յուրաքանչյուրը, սեփական էության պակասավորությունը նկատի ունենալով, հավակնում էր «հայրենասերի» կարգավիճակին: Հենց նրանք էլ սպանեցին այդ թանգարանն արդեն անկախ Հայաստանում:

Այլաբանությունն իրոք այնքան էլ բարդ չէ. Կոսիգինը` «ամբողջատիրական կայսրության» նախարարների խորհրդի նախագահը, ժամանակ է հատկացնում հայերի պատմամշակութային ժառանգությանը և միջոցներ է ձեռնարկում սերունդների համար այն պահպանելու նպատակով, իսկ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության «ազգային» կառավարիչները ծրագրված ոչնչացնում են այն...

Այնինչ, թանգարան-արգելոցի մեկնարկային նպատակները, իրոք, հիասքանչ էին: Որոշմամբ նախատեսվում էր պահպանել Ալեքսանդրապոլի հին մշակութային դեմքը և արգելվում էր նշված տարածքում նոր շինարարական աշխատանքների իրականացումը: Նման որոշում էր կայացվել նաև Կիժիի հայտնի համալիրի վերաբերյալ: Այսօր Կարելիայի ճարտարապտական հրաշքը իրավամբ զբոսաշրջային Մեքքա է համարվում: Թանգարանի պաշտոնական կայքում տասնյակ հրապուրիչ խորագրեր կան. «Թանգարանային հավաքածուներ», «Հնագիտություն», «Ճարտարապետություն», «Կիժիի խութերի բնությունը», «Ֆոտոպատկերասրահ», «Վիրտուալ ճամփորդություն»...

Իսկ «Կումայրի» արգելոցով իրական ճամփորդությունը նշանակում է` փաստել ուրբանացված մորեխի ախորժակով թյուրք վաշխառուի աշխարհընկալման հաղթանակը: Ո՞վ է պատասխանատու սրա համար: Արդյո՞ք ոչ այդ թշվառ անձինք, որոնցից յուրաքանչյուրն իր սեփական էության պակասավորությունից ելնելով` հավակնում էր «հայրենասերի» կարգավիճակին, հանրապետական և տեղական իշխանությունում կարևորագույն լծակներ ստանալու համար:

Ոմանք այլ տեսակետ ունեն` երկրաշա’րժը: Արդեն որքան ժամանակ է` Հայաստանում ստեղծվել է արատավոր մի ավանդույթ, որը թափանցել է հասարակական սանդուղքի գրեթե բոլոր աստիճանների գիտակցության մեջ. սեփական մեղքերը «փաստարկել» ինչով ասես, բայց միայն ո’չ իրենց գործելակեպով. խոցելի աշխարհաքաղաքական դիրքով, շրջափակմամբ, պատերազմով, երկրաշարժով...

Բայց Սպիտակի երկրաշարժն ավերեց ոչ թե Կումայրի-Ալեքսանդրապոլը, այլ սոցիալիստական Լենինականը, ընդ որում` հենց «Կարեն-շինարարի»` լճացման դարաշրջանի խորհրդային ֆունկցիոների, ժամանակվա Լենինականը:

Քաղաքում, ի դեպ, զոհվել է ավելի քան 11.000 մարդ, ընդ որում` նրանց 90%-ը մնացել էր ոչ թե ստալինյան կամ նույնիսկ խրուշչովյան, այլ հենց 1974-ից հետո հայտնված շենքերի փլատակների տակ: Ի խրատ Տեր-Պետրոսյանի կողմն անցած դեմիրճյանական ընտրազանգվածի. պարոնա’յք, մի մոռացեք ձեր վայ-կուռքերի անցյալը, քանի որ Պատմությունն անպայման կհիշեցնի ձեզ այդ մասին, իսկ դա միշտ էլ շատ ավելի ցավագին է, քան մեր հիշեցումն ու խրատը:

Սեյսմիկ ցնցումներն այս շրջանում իրոք հաճախակի են: Միայն անցյալ հարյուրամյակում քաղաքը ցնցել է մի քանի անգամ: Ուժգին է ցնցել:

Բայց ամեն անգամ այդ ցնցումներին հակադրվել է քաղաքի բնակչության ստեղծարար ոգին: Հայտնի ժամանակագրական հաջորդականությամբ փլատակներից հառնել են Կումայրին, Ալեքսանդրապոլը, Լենինականը...

Հառնել են, որպեսզի հետո, անկախ Հայաստանի պայմաններում, դրանցից հետք անգամ չմնա: Հետքերն ի դեպ մնացել են, սակայն դրանք ոչինչ չունեն հակադրելու ուրբանացված մորեխի ամենակուլ ախորժակին: Դա հիրավի տարերային աղետ է. 12 բալ իշխանությունների սանդղակով:

Որքան էլ տարօրինակ է, բայց հանրապետության առաջին նախագահը, հավանաբար իր խիստ զբաղվածության պատճառով, միայն 1996թ. բարեհաճեց այցելել Աղետի գոտի: Այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անհրաժեշտ համարեց լինել ավերված քաղաքում բացառապես նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակներում, իհարկե, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Դա միայն ցինիզմ է հավելում առանց այն էլ այդքան ուշացած այդ ձեռնարկմանը:

«Աղետի գոտին» միայն քաղաքական հասկացություն չէ: Եվ անգամ միայն տնտեսական էլ չէ: Այն հավասար չափով նաև հոգեբանական հասկացություն է:

Չար ճակատագրի քմահաճույքով աղետը տեղի ունեցավ հենց 1988-ին: Դրանով է, հավանաբար, բացատրվում երկրաշարժի հետևանքների ոչ այնքան համարժեք ընկալումը: Այս առումով, բնականաբար, նկատի չունենք մարդկային զոհերը: Բայց միևնույն ժամանակ, ավերված արտադրական ենթակառուցվածքների համատեքստում, կարծում ենք, որ 1988-ն «ամենահարմար» ժամանակահատվածը չէր տնտեսական վնասի իրական ծավալները որոշելու համար: Հազիվ թե արժե վիճարկել այն միտքը, թե դեկտեմբերի 7-ին ավերվեց այն, ինչը կրկին պատմության կամոք պետք է կործանվեր ԽՍՀՄ փլուզման հետ միասին: 

Ակնհայտ է, որ Խորհրդային պետության փլուզմանը համընթաց` փլուզվեց նաև միասնական տնտեսական, իրավական և դրամա-խնայողական համակարգը: Արտադրությունը չէր գործում ողջ Հայաստանով մեկ, և դժվար թե արժե ենթադրել, թե տնտեսական կաթվածահարության պայմաններում լենինականյան գործարաններն ու ֆաբրիկաները, եթե նույնիսկ պահապանվեին էլ, կկարողանային արտադրանք տալ: Նաև սրանում է «Աղետի գոտի» հասկացության ընկալման հոգեբանական վեկտորը:

Բնական-տարերային (մի կողմից) և քաղաքական-տնտեսական (մյուս) աղետների ժամանակագրական դասավորությունն այսօր համապատասխան զգացողություններ է առաջացնում քաղաքացիների մեջ և նրանց կողմնորոշում է առանձնահատուկ ձևով ընկալել իրականությունը: Հենց դրա համար էլ քաղաքն իր հանդեպ հայեցակարգային մոտեցում է պահանջում:

Խնդիրն այն է, որ այսօր 1988թ. երկրաշարժը, ԽՍՀՄ փլուզումն ու տերպետրոսյանա-բագրատյանական ազատական փորձարկումն ապրած Գյումրիում նկատվում է այն, ինչ դժվար է գտնել Հայաստանի այլ տարածաշրջաններում: Խոսքը քաղաքակրթական աղետի մասին է, որն ածանցվում է տնտեսական, սոցիալ-քաղաքական, և որ ամենագլխավորն է` հոգևոր-բարոյական աղետներից: Հատկանշական է (այս մասին գրեթե չի խոսվում), որ Գումրուկն Ալեքսանդրապոլի վերանվանման պահից էլ հենց սկսեց այս բնակատեղիի` իսկական քաղաքի փոխակերպվելու գործընթացը: Ցարական հրամանով այն զարգանում էր Ռոստովի, Սանկտ Պետերբուրգի և կայսրության այլ քաղաքների համար սահմանված ստանդարտների համաձայն: Արևելյան Հայաստանում ձևավորվեց հայի նոր, բավական հետաքրքիր, կարելի է ասել` «եվրոպակենտրոն» տեսակ` ալեքսանդրապոլցի, որն իր մեջ ներառեց ռուսական, կովկասյան և, բնականաբար, հայակական մշակույթների լավագույն գծերը: Հանրապետության խորհրդայնացումից հետո Լենինական վերանվանված քաղաքը չզրկվեց արժեքներից և իր բնակչությամբ շարունակում էր տարբերվել այլ տարածաշրջաններից:

Սակայն քաղաքի հերթական վերանվանումը, այս անգամ` թուրքական Գյումրի (հավանաբար, պատահական չէ, որ հենց Տեր-Պետրոսյանի օրոք), օբյեկտիվորեն հասունացած բազմաճյուղ ճգնաժամի հետ համատեղ, դարձավ ազդակն այն բանի, որը մենք անվանեցինք քաղաքակրթական ճգնաժամ: Կատարվեց ամենասարսափելին. վերականգնվեց թուրքական երբեմնի մաքսակետի  բնակչի տեսակը` թշվառ, նսեմացված, ողորմելի, ինչը վայել չէ Քաղաքաբնակին ու Քաղաքացուն, իր ճակատագրի, քաղաքի ու երկրի տիրոջը:

Կրթված քաղաքաբնակները, որոնք (ինչպես և Երևանում) խիստ սակավաթիվ են մնացել, այսօր ընդունում են, որ հսկայական է անցյալ հարյուրամյակի 70-80-ականների լենինականցու և մերօրյա գյումրեցու տարբերությունը: Հավանաբար, առաջանում է Գյումրիի հերթական վերանվանման անհրաժեշտությունը, սակայն սխալվել (ինչպես դա տեղի ունեցավ 18 տարի առաջ) այլևս չի կարելի. եթե բոլոր չորս տարբերակներից (Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական) Տեր-Պետրոսյանը, սովորույթի համաձայն, ընտրեց վատա·ույնը և ամենաանընդունելին (Ալեքսանդրապոլը և Լենինականը սկզբից ևեթ բացառվեցին որպես «օտար» ռուսական խորհրդային անցյալի խորհրդանիշներ. կարելի է մտածել, թե թուրքական Գյումրին, ինչպես և թուրքական ամեն ինչը, հատկապես մոտ է հայերին), ապա այսօր մենք պետք է անսանք գոնե առողջ բանականությանը և քաղաքաբնակների ցանկությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս բնակավայրը քաղաք է դարձել «Ալեքսանդրապոլ» անվամբ, և Արևելյան Հայաստանում հայի նոր` եվրոպակենտրոն տեսակն էլ ձևավորվել է հենց այստեղ, տրամաբանական կլիներ կարծել, որ այս անվանումն է այլընտրանք չունեցողը: Մանավանդ, որ երևակայությունդ էլ չի բավականացնի` ենթադրելու համար, թե նույն Վարդան Ղուկասյանը կարող է դառնալ ալեքսանդրապոլցիների քաղաքագլուխը, այն դեպքում, երբ գյումրեցիների համար նա իրոք գրեթե այլընտրանք չունի:

Սա միայն բազմաչարչար քաղաքի բնակիչների հարցը չէ: Օրերս իմ Գյումրի կատարած այցելության ժամանակ Գյումրիի զարգացման հիմնադրամի տնօրեն Արտուշ Մկրտչյանը գոհունակությամբ ասում էր, որ մտավորականության անունից Սերժ Սարգսյանին է փոխանցվել կոլեկտիվ նամակ` քաղաքի վերանվանման հարցը քննարկելու խնդրանքով: Մկրտչյանը հիացած էր նոր նախագահի վերաբերմունքից, որն արտահայտվել էր հետևյալում. «Եթե ուզում եք, վերանվանեք, ես դեմ չեմ»:

Հազիվ թե մենք էլ հիացմունք ապրենք այդքան կարևոր հարցերի նկատմամբ պետության ղեկավարի նման վերաբերմունքից, որովհետև ակնհայտ է, որ սա լիբերալիզմի տեղը չէ’: Պետական սիմվոլիկայի հարցերը պահանջում է կոշտ քաղաքական կամքի դրսևորում, իսկ «ժողովրդի կամքին» ցանկացած հղում այս պարագայում պարզապես տեղին չէ: Պետության երկրորդ քաղաքի անվան հարցը բոլորովին էլ այդ քաղաքի բնակիչների հարցը չէ, այլ` ամբողջ երկրի և, բնականաբար, նրա քաղաքական ղեկավարության:

Խոսքը երկրի ղեկավարությանն է: Անհրաժեշտ է քաղաքական կամք ցուցաբերել և հենց այս տարի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ միաժամանակ, անցկացնել հանրաքվե քաղաքի վերանվանման հարցով, այսինքն, իրականում ամրապնդել այն, ինչին համառորեն ձգտում է քաղաքացիական միտքը վերջին 18 տարիների ընթացքում...

Քաղաքն իսկապես իր նկատմամբ ավելի լայնածավալ ու կշռադատված մոտեցում է պահանջում: Դա ենթադրում է ոչ միայն հատուկ տնտեսական, այլև մշակութային գոտու կարգավիճակ: Կենսականորեն կարևոր է վերակառուցել և պահպանել Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինականի դիմագիծը, քանի որ այն, ինչ այսօր «Մաքսատուն» է անվանվում, ի թիվս այլոց, ձևավորում է նաև վաշխառուի աշխարհընկալում:

 

***

Այս առնչությամբ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի կետի վրա, որը մենք պայմանականորեն կանվանենք «վերարտադրության հայկական տեսակ»: Նրա առանձնահատկությունը ստեղծարար տարրի տոկունության խիստ բարձր աստիճանն է, որը հակադրվում է ազգի ժողովրդագրական ցուցանիշների մակարդակին: Հռչակավոր քաղաքակրթություններ ստեղծած շատ ժողովուրդներ - շումերներ, բաբելացիներ, խեթեր... վերացել են աշխարհի թատերաբեմից հենց մշակութային ձուլման հետևանքով: Ստեղծարար էթնոսի նախատրամադրվածությունը սեփական ինքնության աստիճանական կորստին – սա’ է նրա` այլ միջավայրում հետագա ձուլման վճռական հենքը:

Հայ ժողովուրդը, շնորհիվ կոնկրետ գործոնների առկայության (որոնց բնույթն, ի դեպ, դեռ պետք է ուսումնասիրել), ցուցաբերել է «հազարամյակների մարտահրավերներին» դիմակայելու և ազգային դիմագիծը պահպանելու ունակություն: Այն օբյեկտիվորեն ավելի ճկուն գտնվեց անհետացած էթնոսներից, և դրա գրավականը ստեղծագործական վերարտադրության ֆենոմենն է:

Մյուս առանձնահատկությունը սկզբից ևեթ ազգային կյանքի կազմակերպման պետական ձևին կողմնորոշումն է: Տարբեր հանգամանքների բերումով ազգը տասնյակ անգամ կորցրել է քաղաքական ինքնիշխանությունը, սակայն ամեն անգամ անհրաժեշտ ռեսուրսներ և կարողություն է գտել վերականգնելու կյանքի հատկապես անկախ կազմակերպման ձևը: Հենց այս կերպ է հարյուրամյակներ շարունակ մշակվել հայ պետական մտածողությունը, որը միաձուլվել և նույնացվել է ազգայինին` դրանով իսկ որոշելով հայոց ուրույն գոյատևման Բանաձևը` ազգային իմունիտետը:

Բանաձևի արժեքն այն է, որ ախտորոշում է ընթացիկ օրվա հասարակության իրավիճակը. դեղատոմս է գրում և որոշում է հակացուցումները` թույլատրելիի շրջանակները. մասնավորապես, էթնոմշակութային հաջորդականության գլխավոր հենքն ավանդաբար հիմնվում է հասարակական գիտակցության մեջ հենց ազգային արժեքների (ձևավորված հազարամյակների ընթացքում) գերակայության վրա: Սակայն ինչպե՞ս է այս Բանաձևի համատեքստում տեղավորվում Բալասանյանի հարթաքանդակը: Եվ ոչ միայն նա...

Բանաձևի ամրագրումը կիրառական մեծ նշանակություն ունի. կենսականորեն կարևոր է որոշել ազգի իմունիտետի այսքան բարձր աստիճանն ապահովող ավանդական ազգային գերակայություններին հայոց կյանքի արդի հենքի և քարոզվող արժեքների համապատասխանության աստիճանը: Ամեն ինչից զատ, Բանաձևը պատմականորեն անխոցելի է և կենսունակ գրեթե բոլոր քաղաքական հասարակարգերում: Փորձը հուշում է, որ պետական կառավարման ցանկացած ձև, այդ թվում և կայսերականը, միշտ կարող է հարմարեցվել ազգային աշխարհընկալմանը և հակառակը. Բանաձևի (այլ խոսքերով` ազգային զարգացման պատմական տրամաբանության) անտեսումը իմաստազրկում է քաղաքական անկախությունը և կանխատեսում է նրա կորուստը. ազգային գերակայությունների զարգացման տրամաբանությունից շեղված ժողովուրդը հակված է անհամարժեք ձևով ընկալելու «պետականություն» հասկացությունը: Հին աշխարհի և Միջնադարի բազում քաղաքակրթություններ մոռացության են մատնվել սեփական զարգացման տրամաբանական ուղուց հասարակական հեռացման պատճառով:

Արդյոք նման իրավիճակում չի՞ գտնվում այսօր հայոց նոր պետականությունը:

Այս առումով, ներկայիս վերաբերմունքն առանձին վերցրած Կումայրի-Ալեքսանդրապոլ- Լենինականի ժառանգությանը ազգային պատմության հանդեպ պաշտոնական մոտեցման յուրօրինակ ինդիկատոր է: Հակադրությունները հենց այս քաղաքում հասնում են անասելի ծավալների. իսկապես, դժվար թե հանրապետությունում գտնվի մեկ այլ նակավայր, ուր անգամ քաղաքաշինական ամենաթողության ֆոնին դեռ այսքան տեսանելի լինեն հայկական մշակույթի հազվադեպ և հոյակերտ նմուշներ:

 

 

 

1.  Հույն պատմաբան Քսենոփոնը մ.թ.ա. 5-րդ դ. ամենավերջին իր «Անաբասիսում» հիշատակում է Գյումնիասը` «մեծ, հարուստ և բազմամարդ» քաղաքը: Հետազոտողներն այն կարծիքին են, որ դա քաղաքի հնագույն անվանման` Կումայրիի տառադարձումն է: Հետագա դարերում բարգավաճման ժամանակաշրջանին փոխարինելու է գալիս անկումը. 7-րդ դ. արաբական նվաճումների ժամանակ Ղևոնդ պատմիչն այն հիշատակում է որպես Կումայրի գյուղ:

2.  1834թ. Նիկոլայ Առաջին կայսեր հրամանով սկսվեց Գումրի ամրոցի մշակման նախագիծը: Ամրոցն արդեն 1837թ. վերանվանվեց Ալեքսանդրապոլ: 1840թ. այն պաշտոնապես քաղաք հռչակվեց, որը 1850թ. դարձավ Էրիվանի նահան·ի Ալեքսանդրապոլի գավառի կենտրոնը:

1840թ. հրամայվեց Ալեքսանդրապոլում ունենալ երկրորդ դասի ամրոցային հրետանային շտատ և մեկ կայազորային հրետանային վաշտ, ինչի համար Բենդերից քաղաք տեղափոխվեց կայազորային հրետ. N 2 վաշտը, Դունայի հրետ. օկրուգի 9-րդ կայազորային հրետ. բրիգադը, որին տրվեց 10 համարը և այն մտցվեց 13-րդ կայազորային հրետ. բրիգադի և վրացական հրետ. օկրուգի մեջ:

1858թ. Ալեքսանդրապոլի կայազորային հրետ. վաշտին տրվեց Կովկաս. կայազոր. հրետ. N 20 վաշտի անվանում, իսկ ամրոցի շտատը դարձավ 1-ին դասի:

1859թ. հունիսի 23-ին ամրոցի շտատը անվանվեց ամրոցի շտաբ, իսկ վաշտը` Կովկաս. ամրոց. հրետ. N 20 վաշտ:

1861թ. Խասավ-Յուրտից Ալեքսանդրապոլ տեղափոխվեց Կովկասյան ամրոց. հրետ. N 9 վաշտը:

1865թ. ամրոց. շտաբը անվանվեց ամրոց. հրետանու վարչություն:

1866թ. N 9 վաշտը անվանվեց 1-ին ամրոց. Ա. հրետ. Ա. վաշտ, իսկ N 20-ը` նույն հրետանու 2-րդ ամրոց. վաշտ:

1877թ. կազմավորվեց 3-րդ գումարտակը:

1877-78թթ. 1-ին և 2-րդ գումարտակներն ընդգրկվեցին Կովկասյան պաշարման պարկի կազմում, մասնակցեցին ռազմական գործողություններին և արժանացան ·լխարկներին կրելու գերազանցության նշաններ` մակագրությամբ.

1-ին վ. - «Կարսի պաշարման համար»;

2-րդ վ. - «Արդահանի գրավման և Կարս ամր. պաշարման համար 1877թ.»;

3-րդ և 4-րդ վաշտեր – նույնպես «Կարսի պաշարման համար»;

5-րդ և 6-րդ վաշտեր – 1877-78թթ. «Թուրքական պատերազմում աչքի ընկնելու համար»;

7-րդ վ. - «Կարսի պաշարման համար»;

8-րդ վ. – 1877-78թթ. «Թուրքական պատերազմում աչքի ընկնելու համար»:

3.  Ֆ.Ա. Բրոքհաուզի (Լայպցի·) և Ի.Ա. Եֆրոնի (Ս. Պետերբուր·)` 1890-1907թթ. հրատարկված հանրագիտարանից (86 հատոր).

«Ալեքսանդրապոլ

(կամ Ալեքսանդրապոլ, երբեմնի Գուլերի) - ռուսական քաղաք և ամրոց Անդրկովկասում, Էրիվանի նահանգում, Արփաչա գետի ափին, որը մի փոքր ավելի հարավ միանում է Արասին և Էրիվանից, որը գտնվում է Կարսից 45 վերստ հեռավորության վրա, դուրս եկող մեծ ճանապարհին է: Ա-ն ընդարձակ զինվորական տարածք է 10.000 մարդու համար, ունի 5 եկեղեցի, 6 քարվանսարա, մետաքսագործություն և 22.670 բնակիչ (1885): 1807թ. հունիսի 18-ին ռուս գեներալ Գուդովիչը Արփաչայում ջախջախեց թուրքերին` Յուսուֆ փաշայի գլխավորությամբ: 1823թ. հունիսին Պասկևիչը Ա-ից արշավանք սկսեց թուրքերի դեմ: 1853թ. հոկտեմբերի 30-ին Ա-ի մոտ ջախջախվեցին ռուս գեներալ Բարյատինսկու կողմից: 1877թ. ռուսական գլխավոր ուժերը Ա-ից շարժվեցին դեպի Կարս և Էրզրում: Էրիվանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառը գրավում է 3759,8 քառ. կմ (3303,7 քառ. վերստ) տարածք, ունի միայն մեկ քաղաք (գավառական), իսկ գավառի բնակչության թիվը 111.909 մարդ է (1 քառ. վերստին` 39,8):

Ալեքսանդրապոլ (ի լրացումն հոդվածի)

- Էրիվանի նահանգի գավառային քաղաք Թիֆլիսից երկաթգծով 207 վերստ և Էրիվանից` 145 վերստ հեռու, բարձր սարահարթին: Կլիման խիստ է և չոր: Բնակիչների թիվը` 32 հազ.: Նախկինում այստեղ եղած թուրքական ամրությունը կոչվել է Գումրի կամ Գյումրի: 1804թ. Գումրին գրավվեց իշխան Ցիցիանովի կողմից: Ադրիանապոլսի հաշտության կնքումից հետո այստեղ բնակվեցին Թուրքիայից տեղափոխված շատ հայեր: 1837թ. Գումրի տեղավայրը վերանվանվում է Ա քաղաք: Ա-ից 45 վերստ հարավ հայկական Անի քաղաքի ավերակներն են:

Ալեքսանդրապոլի գավառը գտնվում է Էրիվանի նահանգի հյուսիսարևմտյան մասում. սահմանակից է Կարսի մարզին և Թիֆլիսի նահանգին: 3759,8 քառ. կմ է (3303,7 քառ. վերստ): Բնակիչների թիվը` 168.435 (82.443 տղամարդ և 74.992 կին): Գավառի արևմտյան և հարավարևմտյան մասը բարձր (մոտ 4,5-6.000 ֆուտ ծովի մակերևույթից), անջուր և անտառազուրկ, բլրածածկ սարահարթ է` հայտնի Շուրագել անվամբ; հյուսիսարևելյան մասը կտրտված է սարերով ու հովիտներով, մի փոքր ավելի մեղմ կլիմայով ու անտառներով: Ա-ի գավառի հարավարևելյան մասում հսկայական տարածություն է զբաղեցնում Ալագյոզն իր կոնտրֆորսերով (որմահեց) և լեռնաճյուղավորումներով, որոնք ծովի մակերևույթից բարձր են 13.450 ֆուտով: Բնակչությունը, որ կազմված է հայերից (91 %), ադրբեջանական թաթարներից (3,6 %), քրդերից (3,3%), ռուսներից (մոտ 1 %) և հույներից, զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Հիմնականում ցանում են ցորեն ու գարի: Արդյունաբերությունը զարգացած է գրեթե բացառապես տնայնագործության ձևով, որն էլ կետրոնացած է գերազանցապես բրդի (գորգեր և այլն) մշակման վրա` կիսքոչվոր քուրդ և մասամբ հայ բնակչության կողմից»:

4.  Սովետական Մեծ հանրագիտարան, © 2001 Ռուսական Մեծ հանրագիտարան.

ՙՊատմական տեղանք. Լենինական (Գյումրի) - (մինչև 1924-ը` Ալեքսանդրապոլ), քաղաք Հայաստանի հանրապետությունում: Գտնվում է Լենինականյան սարահարթի վրա, ավելի քան 1500 մ բարձրության վրա, հյուսիսից և արևելքից շրջապատված է լեռներով: Երկաթուղային և խճուղային հանգույց: 171.000 բնակիչ (1972թ.; 1926-ին` 42.000, 1939-ին` 68.000, 1959-ին` 108.000 բնակիչ):

Լ-ն Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: Տարծքում բնակավայր գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում: Ուրարտական տարեգրություններում, մ.թ.ա. 8-րդ դարում բազմիցս հիշատակվում են արշավանքները դեպի Լ-ի շրջան (Էրիախի երկիր, հայկական Շիրակ): Միջին դարերում Լ-ն խոշոր բնակատեղի էր, անվանվում էր Կումայրի (Գյումրի), որի տեղում 1837թ. հիմնադրվել է ռուսական ամրոց: 19-րդ դ. վերջին-20-րդ դ. սկզբին` Հայաստանի նշանակալի պրոլետարական կենտրոն; Լ-ի բանվորներն ակտիվորեն մասնակցել են 1905-07թթ., Հեղափոխությանը: Խորհրդային իշխանություն է հաստատվել 1920թ. մայիսի 10-ին: Շուտով իշխանությունը զավթվեց դաշնակցականների կողմից, որոնք հենվում էին անգլո-ամերիկյան իմպերիալիստների օգնության վրա: Զինված ապստամբության և 11-րդ Կարմիր բանակի աջակցության արդյունքում 1920թ. նոյեմբերի 29-ին քաղաքում վերականգնվեց Խորհրդային իշխանությունը: Մինչպատերազմյան հնգամյակների ժամանակաընթացքում քաղաքը դարձավ խոշոր արդյունաբերական կենտրոն (կառուցվեցին Անդրկովկասում ամենախոշոր տեքստիլ կոմբինատը և այլ ձեռնարկություններ):

Ժամանակակից Լ-ն հանրապետության տեքստիլ-տրիկոտաժի արդյունաբերության գլխավոր կենտրոնն է (տեքստիլ կոմբինատից բացի կան մանածագործական, գուլպայի, տրիկոտաժի ֆաբրիկաներ): Մեծ զարգացում է ստացել մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, հաստոցաշինություն և սարքաշինություն); միկրոէլեկտրաշարժիչների, հղկող հաստոցների, դարբնոցային մամլիչ սարքավորումների, «Ստրոմմաշինա», կենցաղային սառնարանների գործարանները: Զարգացած է սննդաարդյունաբերությունը (մսի կոմբինատը, հրուշակեղենի ֆաբրիկան, կաթի, գարեջրագործական գործարանները): Գործում են կոշիկի, կարի կահույքի ֆաբրիկաները, ե.-գ. տրանսպորտի, շինանյութերի ձեռնարկությունները: Լ-ում գործում են մանկավարժական ինստիտուտը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղը; տեխնիկումներ` հաստոցագործիքաշինական, թեթև արդյունաբերական, շինարարական, երթուղային տրանսպորտի, սովխոզտեխնիկում, բժշկական, մանկավարժական և երաժշտական ուսումնարաններ: Թատրոններ` դրամատիկական և տիկնիկային: Գավառագիտական թանգարան: Ճարտարապետական հուշարձաններ` 6-րդ դ. եկեղեցի (ավերակներ), Աստվածածին գմբեթավոր բազիլիկ (17-րդ դ.) - երկուսն էլ` տուֆից: 19-րդ դ. կեսին քաղաքը կանոնավոր հատակագծում ստացավ: Խորհրդային ժամանակներում 1925թ. (ճարտարապետ Ալ. Թամանյան) և 1936-39թթ. (ճարտարապետ Մ. Մազմանյան և այլք) հատակագծերով կենտրոնական մասում ստեղծվեց հրապարակների համակարգ` կապված լայն պողոտաներով: 1960թ. հատակագծով (ճարտարապետ Գ. Իսաբեկյան և այլք) ձևավորվում է հատակա·ծման ճառագայթաօղակաձև համակարգը` նոր հրապարակներով, փողոցներով, պուրակներով, այգիներով, շարունակվում է կենտրոնի վերակառուցումը (Արագածի փողոց): Վ.Ի. Լենինի հուշարձանը (բրոնզ, գրանիտ, 1954թ. քանդակագործ` Ս.Դ. Մերկուրով, ճարտարապետ` Մ. Գրիգորյան)»:

5.  Ազգի ժողովրդագրական ցուցանիշներն այլ շրջափակողի ռեժիմում էին զարգանում. բավական է նշել, որ միայն վերջին 10 դարերի ընթացքում (ժամանակաշրջան, երբ հասցրեց ծագել արդի պետականակերտ ժողովուրդների մեծ մասը) հայ բնակչության բնական աճը հավասար է եղել զրոյին մոտ մեծության: Հազարամյակի կտրվածքով միևնույն հարաբերակցությունը ծնելիության և մահացության թվաքանակների միջև ձևավորում է «հայկական հաշվեկշիռ» հասկացությունը. ազգի թվաքանակը յուրաքանչյուր կես դարը մեկ արհեստականորեն (պատերազմներ, եղեռն, ջարդեր...) վերադառնում է ելման դրություն (այսպես կոչված «վերարտադրության Սիզիփոսյան տեսակ»; ներկայումս աշխարհում ապրող հայերի թիվը համադրվում է 11-րդ հարյուրամյակի ժողովրդագրական ցուցանիշների հետ: Հայոց տոկունության Բանաձևը ստեղծագործական (մշակութային-տեխնոլոգիական), այլ ոչ թե ժողովրդագրական վերարտադրության, առաջանցիկ տեմպերի մեջ է:

6.  Այն պայմաններում, երբ օբյեկտիվորեն անհնար էր պատմական Հայրենիքում անկախ պետության վերականգնումը, հայությունն այն վերածնում էր լեռնաշխարհին հարակից և ավանդաբար բնակահարմար տարածքներում (11-14-րդ դդ. Կիլիկյան հայկական պետության գոյությունը խիստ հետաքրքիր դեպք է միջազգային քաղաքական պրակտիկայում): Ավելին, քաղաքականապես կախյալ գոյության երկարատև ընթացքում ազգը, ի դեմս քրիստոնեական եկեղեցու, պետական գործառույթներ էր իրականացնում. հիմնում էր դպրոցներ և համալսարաններ, բուժարաններ և թանգարաններ, հովանավորում էր ազգային ինքնադրսևորման բոլոր ձևերը` գրականություն, կերպարվեստ, երաժշտական արվեստ, ճարտարապետություն, ազատագրական պայքար, աշխարհազոր էր հավաքում:

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am