Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պետություն և իրավունք

Պետություն և իրավունք
Հունվար 2012, N 1

ՊԵՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՒԹԵՐԸ

Գևորգ Դանիելյան, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՆԱԽԱԲԱՆ

Ակնհայտ է, որ ներկայումս պետական կառավարման որակը, ձևավորված ավանդույթները, արդյունքները և զարգացման հեռանկարը հաճախ չեն արժանանում հանրության և գիտական աշխարհի հավանությանն ու աջակցությանը: Մյուս կողմիցՙ այդ հարցադրումները դառնում են զուտ քաղաքական շահարկումների թիրախ, ինչը խիստ նվազեցնում է քաղաքական ուղղվածություն ունեցող տեսակետներից անաչառ ու համարժեք պատկերացում կազմելու հնարավորությունը: Վերջին հաշվով, հարկ է ընկալել, որ երկրում ինչպես տեղի ունեցող ձախողումները, այնպես էլ դրական տեղաշարժերը պարզապես չի կարելի ամբողջությամբ վերագրել իշխանություններին: Ուստի, այս հոդվածով փորձելու ենք մեր եզրահանգումները ներկայացնելիս հնարավորինս մնալ անաչառության ու գիտականության շրջանակներում:

Մի հրապարակախոսական հոդվածի սահմաններում պարզապես հնարավոր չէ ամփոփ տեսքով ներկայացնել մեր երկրի պետական կառավարման հիմնախնդիրները, սակայն դրանց ընդհանուր գծերով անդրադառնալը համարում եմ խիստ այժմեական և գիտագործնական արժեք ունեցող: Վերջին հաշվով, մեծ ծավալ անհրաժեշտ չէ, որպեսզի հայեցակարգային պատասխան տրվի այն հարցերին, թե որոնք են պետական կառավարման հիմնական խոչընդոտները և դրանց հաղթահարման առավել ընդունելի ուղղությունները:

 

ԱԿՈՒՆՔՆԵՐԻՑ ՇԵՂՎԵԼՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հաճախ միանգամայն իրավացիորեն նկատում ենք, որ ոչ միայն պետության կառավարման, այլև հասարակական կյանքի բազմաթիվ այլ ոլորտներում (մշակույթ, գրականություն և այլն) շեղվել, անգամ կտրվել ենք մեր ակունքներից: Սակայն համոզված եմ, որ, ցավոք, առանձին դեպքերում նույնիսկ նեղ մասնագետները բավարար պատկերացում չունեն այն մասին, թե հատկապես պետական կյանքի կարգավորման տեսանկյունից ինչպիսին են եղել ազգային ակունքները, մասնավորապես` ինչ էական բնութագրիչներով են դրանք առանձնացել:

Ինչ խոսք, այդ բնութագրիչների շրջանակն ակնհայտորեն մեծ է, սակայն առավել էականը, թերևս, եղել է այն, որ պետական կառավարման համակարգը խարսխված է եղել քրիստոնեական ուսմունքի վրա. աստվածաշնչյան գաղափարները կանխորոշել են պետական կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում` դատական համակարգը: Այսպես, հայ իրավունքի քրիստոնեական ուղղվածության ցայտուն սկզբնաղբյուրներից է Մխիթար Գոշի Դատաստանագիրքը: Համաշխարհային արժեք ունեցող այս ստեղծագործությունն արտասահմանյան որոշ բուհերում անգամ հատուկ դասընթացի նյութ է, ինչն ինքնին խոսում է դրա նկատմամբ ունեցած բարձր վերաբերմունքի մասին:

Ինչևէ, Դատաստանագրքի մեծ արժեքը հասարակական հարաբերությունների դեմ տարաբնույթ ոտնձգությունների վերաբերյալ գործերը քննելու և պատիժներ նշանակելու առնչությամբ այնպիսի իրավական կարգավորումներ առաջադրելու մեջ է, որոնք բխում և խիստ համահունչ են աստվածաշնչյան հիմնադրույթներին: Սակայն ի՞նչ կիրառում ունեն այդ և այդպիսի աղբյուրները մեր օրերում:

«Հայաuտանի Հանրապետությունը ճանաչում է Հայաuտանյայց Առաքելական uուրբ եկեղեցու` որպեu ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում». Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանադրական դրույթ և իր ամրագրումն է ստացել Սահմանադրության 8.1 հոդվածով: Իսկ այժմ փորձենք պատասխանել այն հարցին, թե գործնականում իրավական առանցքային կարևորության այս դրույթն ինչպես է ընկալվում մեր իրավական մշակույթում և ինչ դրսևորումներ է ունենում: Պատասխանը, ցավոք, մտահոգող է. գործնականում այս ելակետային հիմնադրույթն ընկալվում է եկեղեցին պետությունից անջատ գործելու համատեքստում, ըստ այդմ էլ` դրսևորումների մասին խոսելիս, բնականաբար, պետք է միանշանակ փաստենք, որ այն որևէ գործնական արժեք չունի: Հարց է ծագում. այդ ի՞նչ հրաշք գործիքներով ենք մենք պատրաստվում պահպանել «ազգային ինքնությունը», երբ ոչ միայն իրազեկ չենք Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու առաքելությանը, այլև չենք էլ փորձում այն դարձնել ուսումնասիրության նյութ` պետական կյանքի հիմնախնդիրների լուծումները գտնելու նկատառումով: Նկատենք, որ հիշյալ Դատաստանագիրքը ևս Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու արգասիքն է, քանզի Մխիթար Գոշը եղել է եկեղեցական կենտրոնական դեմք և ստեղծագործությունը պատրաստել է հենց եկեղեցու համակողմանի աջակցությամբ:

Ասվածն առավել առարկայական դարձնելու նկատառումով այժմ անդրադառնանք Դատաստանագրքի որոշ դրույթների: Գոշը, անդրադառնալով դատարանի անաչառությանը, նկատում է, որ Հին Հռումում դատավորների թիվը հասնում էր 72-ի, սակայն քրիստոնեության ընդունմամբ դրանց թիվը սահմանափակվեց 12-ով, ինչը խորհրդանշում է 12 առաքյալներին, իսկ Հունաստանը նախապատվությունը տվեց 3-ին, ինչն արդեն սուրբ երրորդության խորհրդանիշն է: Ըստ այդմ էլ, Գոշը խորհուրդ էր տալիս ատենակալների թիվը դարձնել 12 կամ 3: Ավելորդ չենք համարում նկատել, որ այս թվերը բազմաթիվ երկրներում իրավական ամրագրում ունեն նաև մեր օրերում: Ինչպե՞ս վարվեցինք մենք. նախ, գտանք, որ 12 ատենակալների ինստիտուտը չի կարող արդյունավետ աշխատել, քանի որ փոքր պետությունում դա չի կարող ապահովել անհրաժեշտ անաչառություն, այնուհետև թեթև ձեռքով վերացրինք նաև երեք դատավորի կազմով գործերը քննելու ինստիտուտը` համարելով դա խորհրդային իրավական համակարգի մնացորդ, այնուհետև, միջազգային փորձագետների միջնորդությամբ, որոշ վարչական գործերի քննությունը վերապահվեց 5 դատավորի կազմով դատարաններին և այլն: Տվյալ դեպքում խոսքը սոսկ թվին չի վերաբերում, պարզապես այս փաստը վկայում է այն մասին, որ երբեմն ինքնատիպ երևալու անհագ ձգտումը հանգեցնում է վերը նշված բնույթի կամայական ու անճաշակ մոտեցումների:

Այն, որ եռանդամ դատարանը որևէ առնչություն չուներ խորհրդային իրավական համակարգի հետ, արդեն փորձեցինք հիմնավորել վերևում, ավելին` խորհրդային իրավական համակարգում բազմաթիվ ինստիտուտներ իներցիայով ներառվել են արտասահմանյան երկրների փորձից, առանց խորանալու դրա իրական էության ու նշանակության մեջ: Սակայն առավել մտահոգողն այն է, որ խորհրդային իրավական համակարգի ցանկացած տարր գրեթե թշնամաբար է ընդունվում մերօրյա «բարեփոխիչների» կողմից: Նկատենք, որ նույնն էր մոտեցումը նաև խորհրդային ժամանակաշրջանում, երբ ոչ միայն բուրժուական ցանկացած երևույթ ու ինստիտուտ, այլև համապատասխան կրթություն ու մշակույթ ունեցող անձինք էին համարվում «սպիտակներ» և դառնում «կարմիր տեռորի» թիրախ: Կարծում եմ, նվազագույնը` չարժե, քննադատելով խորհրդային կարգերը, գործել հենց խորհրդային կարգերին բնորոշ վատագույն գործելաոճով:

Մեկ այլ օրինակ. դարձյալ քրիստոնեական ուսմունքի տրամաբանությամբ Գոշը Դատաստանագրքում ամրագրել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար կրկնակի խիստ պատիժ: Ներկայիս քրեական օրենսդրությանն այդպիսի դիրքորոշումը չափազանց խորթ է, մինչդեռ առավել շահեկան կլիներ, եթե ամուսինների միջև հարաբերությունների կարգավորման հիմքում դրվեին հենց աստվածաշնչյան չափանիշները. մասնավորապես, մի՞թե պարզ չէ, որ իրեն հնազանդ հռչակած կինն արդեն բարոյական հարթության վրա զրկված է բռնություն գործադրելու կրքով տոգորված ամուսնուն արժանի դիմադրություն ու հակահարված ցույց տալու հնարավորությունից: Իսկ եթե գործնականում կրոնական ծիսակատարության ընթացքում նորապսակների արտահայտությունները սոսկ մեղմ կատակի ոլորտից են և հիմնականում բարի ժպիտ են առաջացնում, դա արդեն ուրիշ խնդիր է:

Օրինակները չափազանց շատ են, սակայն բավարարվենք այս մասնավոր դեպքերով, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու մեր ակունքներից շեղվելու որոշ հիմնահարցեր:

Հավելենք նաև, որ այս աղճատված մոտեցումները բնորոշ են դարձել նաև հասարակական կյանքի մյուս ոլորտներին: Մասնավորապես, իմ դիտարկումներով` մենք այն եզակի երկիրն ենք, որտեղ հումորի նյութ է դարձել մարդկանց հոգեկան հիվանդությունը, ավելին` նույնիսկ հոգեբուժարանի «զվարճալի առօրյայից» սերիալներ ենք պատրաստել ու անարգել ցուցադրում ենք բարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիքներով: Համոզված եմ, որ մեր ազգի հոգևոր կյանքում Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու «բացառիկ առաքելության» մասին սահմանադրական հիմնադրույթի նկատմամբ տարրական հարգանքը պարզապես կբացառեր մարդու արատները հումորի թեմա դարձնելու հրապուրանքը:

Ինքս կողմնակից չեմ պետական կյանքի բոլոր հիմնահարցերը բացառապես քրիստոնեության, ընդհանրապես կրոնական ուսմունքի հիմնադրույթներով պայմանավորելուն, սակայն խոսքը տվյալ դեպքում դրանց առավել կենսունակ, հիրավի արդարացի, հիմնավորված ու առանցքային սկզբունքների շրջանակներում գործելու անհրաժեշտության մասին է: Բազմաթիվ հարցերի պատասխանը մենք փորձում ենք գտնել հայրենական իրավական ու դատական համակարգին գրեթե անծանոթ միջազգային փորձագետների աջակցությամբ, իսկ երբեմն էլ հորդորում ենք արդեն պատրաստի տարբերակներին տալ դրական եզրակացություն, մինչդեռ դրանց խորքային պատասխանը կարելի է գտնել հենց Դատաստանագրքի պատշաճ վերլուծության արդյունքում:

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Զուտ իրավական չափանիշների տեսանկյունից պետական համակարգն այնքան էլ հեռացած չէ քաղաքակրթության ու ժողովրդավարության էությունից, սակայն յուրաքանչյուր երկրում տիրող համակարգի մասին համարժեք դատողություններ հնարավոր է անել միայն փաստացի իրողությունների հաշվառմամբ: Մյուս կողմից` նաև ձևական կողմը պաշտպանող գործնական քայլերում կարելի է արձանագրել անընդունելի երևույթներ:

Նախ, իմ խորին համոզմամբ, ինչպես իրավական հարթությունում, այնպես էլ գործնական հարաբերություններում հստակ ու համակարգված ներկայացված չեն այն արժեքները, որոնցով պետք է ղեկավարվեն պաշտոնյաները և հանրությունը, ինչն էլ պարարտ հող է ստեղծում քծնանքի ու արկածախնդրության մասնագետների գործունեության համար: Իսկ էթիկայի հաստատված կանոնները կտրված են իրական կյանքից և սոսկ արտասահմանյան համապատասխան աղբյուրների անորակ կրկնությունն են:

Մենք հաճախ անտեսում ենք, որ նվիրվածության խոստումներ տվող անձինք 5 րոպե առաջ ճիշտ այդպիսի խոստումներ են տվել նաև նախկիններին, որոնց արդեն հակառակորդներ են համարում: Այսպիսի դատողություններ անելու հիմքում դրված է նաև իմ կենսագրական փորձը. օգտվելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում արդարադատության խորհրդի շրջանակներում չարաշահումներ թույլ տալու լայն հնարավորությունից` ՀՀՇ-ական իշխանությունները, կադրային քաղաքականությանը միջամտելու հնարավորություն ստանալով, առանց որևէ բացատրության, ինձ հեռացրին միջշրջանային դատախազի պաշտոնից և առաջարկեցին գլխավոր դատախազին` ինձ նշանակել մեկ այլ ցածր պաշտոնի: Հետաքրքիրն այն է, որ իմ պիտանիության մասին դատողություններ անելու իրավունք էր վերապահվել բացառապես ՀՀՇ «իրավաբանական կլուբի» միջակություններին: Ընդ որում, անտեսվեց այն, որ այդ տարիներին իմ կողմից ղեկավարվող դատախազության ստորաբաժանումն առանձնանում էր լավագույն ցուցանիշներով, այդ թվում` սպանությունների բացահայտման ու քննության նկատմամբ հսկողության գծով:

Ակնհայտ էր, որ իմ նկատմամբ այդ «հերոսական» քայլի միակ պատճառն այն էր, որ ինձ պարզապես հնարավոր չէր պատվերներ տալ: Հետագայում իմ աղբյուրներով պարզեցի, որ ինձ պաշտոնանկ անելու հիմքում պաշտոնապես դրվել է ՊԱԿ այն տեղեկանքը, թե իբր ես «թաքուն հարում եմ դաշնակցությանը»: Կարծում եմ, պետք չէ բացատրել, թե այդ «բացահայտումն» ինչ արժեք կարող էր ունենալ այն ժամանակներում, և ինչպես էին գործընկերները միմյանց հիշյալ պիտակավորմամբ խորամանկորեն «փչացնում» ու ճանապարհ հարթում իրենց համար: Ի դեպ, պատահական չէ, որ իմ արդեն երկրորդ պաշտոնանկությունն աննկարագրելի ուրախություն պատճառեց բացառապես ՀՀՇ-ական գործիչներին, որոնք իրականում ավելի քիչ հիմքեր ունեին ուրախանալու իմ պաշտոնազրկմամբ և մտահոգվելու իմ հետագա պաշտոնավարությամբ: Մի դիտարկում միայն. ՀՀՇ պատվերները բարեխղճորեն կատարողները հետագայում կամ փախուստի մեջ հայտնվեցին, կամ կալանավայրում:

Իմ կարծիքով, սոցիալ-հոգեբանական կտրվածքով խիստ մտահոգողը ներկայումս քաղաքականության շարունակականության ապահովման խնդիրն է, քանզի, որպես կանոն, նորանշանակ պաշտոնյան հոգու պարտքն է համարում ոչ թե մշակված և սահմանված կարգով հաստատված ծրագրերի ու գաղափարների շարունակականությունն ապահովելը, այլ դրանք փնովելն ու ամեն գնով նոր նախաձեռնություններով հանդես գալը: Ուղղակի վերջիններս մոռանում են, որ իրենց նախաձեռնությունները ևս արժանանալու են նույն ճակատագրին:

Ցավոք, սերունդների միջև շարունակականության բացակայությունը կարծես բնորոշ է եղել մեր ազգային մենթալիտետին: Ինձ հակառակն ապացուցելու համար պետք չէ բերել, ասենք, Չինական պատի օրինակը, որը հազարամյակների ընթացքում է կառուցվել, կբավարարվեմ նաև մի այնպիսի գործով, որի վրա աշխատանքներ է իրականացրել գոնե երեք-չորս սերունդ:

Խիստ տարածված են այն քաղաքական գործիչները, որոնք իրենց իմիջը ստեղծում են ոչ թե սեփական գործերով, այլ նախորդների գործերը յուրովի մեկնաբանություններով նսեմացնելով: Այս գործելաոճով հրապուրվելը, կարծում եմ, նվազագույնը պետք է գնահատվի որպես պաշտոնյայի վարքագծի կանոնների խախտում:

Խիստ մտահոգող է նաև պետական համակարգի գործունեության վերաբերյալ գաղափարական պայքարի երևույթը: Ակնհայտ է, որ պետական համակարգին հաջողվում է արդյունավետորեն լուծել բազմաթիվ խնդիրներ, սակայն այդ աշխատանքի գնահատումը դարձել է բացառապես քաղաքական հակառակորդների մենաշնորհը, ինչը, բնականաբար, չի առանձնանում անաչառությամբ և չի էլ հետապնդում ճշմարտությունը բացահայտելու նպատակ: Առավել զվարճալի են նախկին պաշտոնյաների ելույթները, որոնք փորձում են վարկաբեկել ներկա պաշտոնյաներին` անտեսելով իրենց ձախողումները: Մյուս կողմից` պետական ապարատը, կենտրոնանալով բացառապես քաղաքական հակառակորդների որակումների վրա, փորձում է անխտիր պաշտպանել իր բոլոր նախաձեռնություններն ու քայլերը: Ստացվում է, որ ամեն ինչ հրաշալի է, սակայն քաղաքական հակառակորդները հետևողականորեն չեն ցանկանում դա նկատել: Մինչդեռ ակնհայտ է, որ ցանկացած պետական համակարգ երաշխավորված չէ սխալներից և փոքր ու մեծ ձախողումներից, իսկ կույր հարձակմանը կույր պաշտպանություն հակադրելը հանգեցնում է այնպիսի անցանկալի իրավիճակի, երբ պետական համակարգը կորցնում է իր գործունեությունն անաչառ վերլուծելու և գնահատելու ունակությունը:

 

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ

Սկսենք պատմական ակնարկից: Անկախության ձեռքբերման առաջին տարիներին իշխանությունն ակնհայտորեն դրսևորեց պետական կյանքի առանձին ոլորտներում համակարգված գործելու և պետության դերակատարումը համարժեք գնահատելու անկարողություն: Բնորոշ է, որ գերակշռող դարձավ հրապարակայնորեն հնչող այն պոստուլատը, ըստ որի` պետությունը չպետք է միջամտի տնտեսության կառավարմանը, քանզի դա բնորոշ է խորհրդային բռնապետությանը: Բարեբախտաբար, որոշ ժամանակ անց համարժեք ընկալվեց այն իրողությունը, որ պետությունը պետք է միջամտի տնտեսության կառավարմանը, սակայն այդ միջամտությունը պետք է լինի խիստ սահմանափակ ու հիմնավորված: Պետության միջամտությունն անհրաժեշտ է հենց տնտեսության ազատականացման և մրցակցության սահմանադրական սկզբունքի պահպանության նկատառումով:

Ավագ սերունդը լավ է հիշում բանկային զանգվածային խարդախությունների երևույթը: Մինչ այդ, դատախազության ընդլայնված կոլեգիայում ՀՀ այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանը զարմանք հայտնեց այն առնչությամբ, որ դատախազները քրեական գործեր են հարուցում վարկերը հափշտակելու հիմքերով և ուղղակի ցուցում տվեց ձեռնպահ մնալ այդպիսի անօրինական գործելաոճից, քանզի տվյալ դեպքում իբր առկա էին բացառապես քաղաքացիաիրավական վեճեր: Մի կողմ թողնենք, որ վարչապետն ընդհանրապես իրավասու չէր ցուցումներ տալ դատախազներին (այդ տարիներին դա միանգամայն իրավաչափ էր համարվում), պարզապես հիշենք, որ գործնականում խոսքն այն մասին էր, որ սնկի պես աճած բանկերը, օգտվելով կատարյալ անվերահսկելի իրավիճակից, հրապուրիչ խոստումներով ներգրավում էին բնակիչների վերջին միջոցները և վարկերի տեսքով դուրս գրում իրենց իսկ հանցակիցներին, որոնք էլ իբր թե վարկերն օգտագործում էին ոչ իրենց նպատակին համապատասխան: Կարծում եմ, բանկային համակարգի ներկայիս խութերը թելադրված են դեռևս այդ ժամանակներին կյանքի կոչված արատավոր ավանդույթներով:

Այսպիսով, պետական համակարգը ներկայումս խարսխված է անկախության առաջին շրջանում ձևավորված բացասական ու անընդունելի ավանդույթների վրա, որոնք հաղթահարելու լրջագույն փորձեր անելու համար հարկ է ոչ թե դիմել դրվագային բարեփոխումների, այլ արմատապես փոխել ինչպես կառավարման համակարգը, այնպես էլ ուղղվածությունը: Միաժամանակ, խիստ վտանգավոր են այն հնարքները, որոնք սոսկ արտաքնապես են հիշեցնում առաջավոր փորձի ներդրման ձգտումը, սակայն գործնականում կարող են հանգեցնել հենց այդ առաջավոր փորձի էության աղճատմանը:

Ինչևէ, փորձենք պետական կառավարման բարեփոխումների մի քանի նմուշային լուծումներ առաջադրել, որոնք կարող են բնորոշել հետագա բարեփոխումների ողջ ուղղվածությունը: Այսպես, օրինակ, անդրադառնանք սոցիալապես խոցելի ոլորտների (հաշմանդամներ, էկոլոգիա և այլն) ֆինանսավորման խութերին: Ակնհայտ է, որ պետական բյուջեի սուղ վիճակը թույլ չի տալիս բավարար չափով հատկացումներ կատարել, սակայն մենք չենք էլ ակնկալում, որ այդ ոլորտի ֆինանսական խնդիրների լուծումը կատարվի պետական բյուջեի միջոցներից: Լավագույն լուծումը, մեր կարծիքով, այս դեպքում կարող է լինել պետության կողմից մի քանի վիճակախաղերի կազմակերպումը, որի արդյունքում, օրինակ, «Կարմիր խաչ» անվանումով վիճակախաղի շահույթի գումարները կուղղվեն բացառապես հաշմանդամների կարիքների (սայլակներ, պրոթեզներ և այլ սարքավորումներ ու բուժումներ) բավարարմանը: Նկատենք, որ այդ քայլով ոչ միայն լուծվում են հաշմանդամների ֆինանսական, այլև բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ, օրինակ` աշխատատեղերի հարցը. վիճակախաղի տոմսերի վաճառքը կարող է իրականացվել հենց հաշմանդամների կողմից, ինչը նախընտրելի է մուրացկանությունից:

Մասնավոր վիճակախաղերի լիցենզիաներն անգամ կարիք չկա ուժը կորցրած ճանաչելու, դրանց անհրաժեշտությունն ինքնըստինքյան կդադարի, մանավանդ որ դրանց գոյության հարցում նկատվում են նաև բարոյական ու կոռուպցիոն խնդիրներ:

Ընդհանրապես տնտեսության պետական կառավարման ոլորտում պետության միջամտության արդյունավետ եղանակ կարող է համարվել ակնհայտ շահութաբեր ձեռնարկատիրության տեսակները (սպիրտային խմիչքների, ծխախոտի արտադրություն, տարադրամի փոխանակում և այլն) պետական բաժնետիրական ընկերություններին վերապահելը: Դա պետության ֆինանսական կարողությունները կդարձնի առավել հուսալի, ինչը հնարավորություն կտա դոտացիաներ հատկացնել այն ոլորտներին, որոնք խիստ անհրաժեշտ են, սակայն առանձնանում են նվազ շահութաբերությամբ (օրինակ` գյուղատնտեսությունը):

Ընդ որում, հարկ է Սահմանադրության ոգուն համապատասխանեցնել նաև ձեռնարկատիրության որոշ շահութաբեր ճյուղերի իրավական կարգավորումը: Մասնավորապես, հանքերը պետք է տրվեն բացառապես շահագործման իրավունքով, ինչը չպետք է անմիջապես հանգեցնի հանքանյութի նկատմամբ սեփականության իրավունքի ծագմանը: Հանքանյութը մնում է պետության սեփականությունը, իսկ հանք շահագործողը վարձատրվում է միայն իր կատարած աշխատանքի համար: Այս դեպքում հանք շահագործողը շահագրգռված չի լինի թաքցնելու կորզված հանքանյութը, ինչը ներկայումս լայն տարածում ունի: Ցավոք, գործնականում այն իրավիճակն է, երբ հանք շահագործողը դառնում է հանքի բացառիկ սեփականատերը և ինքն էլ վաճառում է ստացված հանքանյութը:

Բոլորիս համար էլ պարզ է, որ ներկայումս պետական կառավարման խութերից, թերևս, ամենախոշորը շահերի բախումն է. համակարգը թույլ է տալիս, որպեսզի որոշակի պաշտոնյաներ ոչ միայն թաքցնեն իրենց իրական եկամուտները, այլև ներազդեն ձեռնարկատիրության տարաբնույթ կողմերի վրա` տենդերներ, լիցենզիաների հատկացում, գերիշխող դիրք և այլն: Ինչ խոսք, դրան որոշակի հակակշիռ կարող է լինել նորաստեղծ Էթիկայի հանձնաժողովը, սակայն, կարծում ենք, այդ առնչությամբ դեռևս քիչ չեն ինչպես իրավական, այնպես էլ կազմակերպական խոչընդոտները, որոնց արդեն անդրադարձել ենք մամուլում:

Մասնավոր օրինակներն ու եզրակացությունները կարելի է անվերջ շարունակել, նույնիսկ կազմել հստակ ու իրատեսական ծրագիր, սակայն առանցքային եզրահանգումը հետևյալն է. հարկ է ինչպես իրավական, այնպես էլ գործնական հարթություններում դրսևորել միասնական ու հետևողական կամք և դիմել հիրավի արմատական, խիստ հիմնավորված բարեփոխումների:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am