Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Հունվար 2012, N 1

ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Տիգրան Մարտիրոսյան, թատերագետ

Որքան էլ ցավալի է, մեզանում ազգային ինքնության հասարակական գիտակցումը, պարբերաբար խեղվելով, այսօր անդառնալիության շեմին է կանգնել: Արդյունքում` թատրոնը մշակութային սեփականատիրոջից դարձել է վարձակալական հիմունքով արվեստի հետնաբակում հանգրվանած փախստական: Ահա թե ինչու թատերարվեստի պահպանման խնդիրը ներքաղաքական նեյնիմներից հետո է միայն արժանանում մեր ուշադրությանը: Թվում է, թե այս հարցում առավել մտահոգ պետք է լիներ մշակույթի նախարարությունը, սակայն նշյալ գերատեսչության ծավալած գործունեությունից երբեմն-երբեմն հակամշակութային հոտ է փչում: Հետևապես, սկսում ես լրջորեն կասկածել. այս կառույցի իրական գործառույթը մեր երկրում մշակույթի զարգացման խթանո՞ւմն է, թե՞ դրա հիմքերի ընդհատակյա խարխլումը: Արդարև, երբ մոտիկից ես առնչվում արվեստի ոլորտներից մեկում ստեղծված իրավիճակին, ակամա այնպիսի տպավորություն է առաջանում, ասես ոչ թե թատերական դաշտ, այլ մշակութային «անտերանոց» ես ընկել: Խոսենք փաստերով. արդեն քանի տարի պատկան մարմնի ներկայացուցիչները վստահեցնում են, թե մոտ ապագայում «Թատրոնի մասին օրենքը» կյանքի է կոչվելու, բայց առայժմ այդ խոստումները խոսքից հեռու չեն գնում: Ստացվում է` թատերական գործիչների իրավական հարաբերությունները կախված են օդից, և նրանք իրենց գործառույթներին, իրավունքներին ու պարտավորություններին օրենսդրորեն տեր կանգնելու հնարավորությունից ուղղակիորեն զրկված են: Այլ կերպ ասած` անտերության դասական նմուշ: Եվ առանձնապես խելք բանեցնել պետք չէ հասկանալու համար, թե այսպիսի խառնիճաղանջ իրավիճակն ում շահերն է սպասարկում, քանի որ փողերի լվացման համար միշտ էլ իդեալական հարթակ է եղել քաոսայնությունը: Ավելի պարզ` երբ շունը տիրոջը չի ճանաչում, պետական և սեփական փողերի միախառնումը ընթացակարգային իներցիայով օրինաչափ բնույթ է ստանում: Հետևաբար, հակված ենք ընդունելու ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հայտնած տեսակետի իրավացիությունը, ըստ որի` վերադասը վախենում է ընդունել «Թատրոնի մասին օրենքը», քանզի այն պետության վրա որոշ պարտավորություններ է դնելու: Այլապես, դժվար է հավատալ միտումնավոր ձգձգումը պատճառաբանող պատասխանատուների առաջադրած արդարացումներին, անգամ, եթե համայն աշխարհի նոր սահմանադրությունը գրեին: Հապա թող հարցն իրենց դրամապանակի բարօրությանը վերաբերեր. ամենաուշը մեկ շաբաթվա ընթացքում երկրի նախագահի սեղանին կհայտնվեր օրինագիծը: Ի՞նչ անել, նախարարին խղճի՞ կոչել…

 

ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՅՐԱՄՈՒՏՆ ՈՒ «ՕՊԵՐԱՆ»

Անտերության մի փոքր այլ` ստեղծագործական դրսևորում է գեղարվեստական ղեկավար չունեցող թատրոնների իրողությունը, որն արդեն, մշակութային ավանդույթի վերաճելու վտանգն է կրում: Մի քանի տարի առաջ Վահե Շահվերդյանի մայրաքաղաքային գահը մարզային աթոռակով փոխարինվեց: Պաշտոնանկությունն, անշուշտ, հասունացել էր, քանզի նրա գեղարվեստական համակարգում արդեն դեպի ակնհայտություն էին ձգվում գեղագիտական կամայականությունները, սուբյեկտիվ անձնասիրությունն ու դրանից բխող չարդարացված արտոնությունները: Մանրամասնենք: Երիտասարդ դերասաններ հիշյալ թատրոնում ներգրավվում էին հիմնականում Վահե Շահվերդյանի դերասանական արվեստանոցից: Միջին սերնդի շնորհալի դերասաններից մի քանիսը հարկադիր պարապուրդի էին մատնվում, իսկ սիրասուն ապաշնորհները` թվացյալ պրիմ արտիստի հովերով տարվում: Եղելությունն այնպիսի զարգացում էր ապրել, որ նույնիսկ չար լեզուների բամբասանքը դերաբաշխումները եղկելի հանգամանքներով էր պայմանավորում: Նշանակում է, եթե մի ժամանակ դեր ստանալու համար արտիստուհիներն էին անբարո ծառայություններ մատուցում, ապա 21-րդ դարում տղամարդիկ էլ են ստիպված ինչ-ինչ զոհողությունների գնալ: Գիտեինք` արվեստը զոհեր է պահանջում, բայց որ այսպիսի խայտառակ բնույթի, դա արդեն բանականության սահմաններից դուրս է: Սրան էլ գումարվում էր գեղարվեստական ղեկավարի որդու թեմատիկ սեռահոգեկան նախասիրությունները մայր բեմ հանելու «հանցանքը», և թատրոնի բարոյալքված մթնոլորտն ամբողջական տեսք է ստանում: Սուրեն Շահվերդյանն անհերքելիորեն շնորհալի ռեժիսոր է, բայց գլոբալիզացիոն պատվերին բնորոշ պաթոլոգիկ ստեղծագործությունը, գեղագիտական ինչպիսի հրաշագործության էլ ենթարկես, միևնույն է` գեղարվեստականությունը շինծու կլինի: Առավելևս, ակադեմիական թատրոնի տիրույթում: Այսպիսով, Վահե Շահվերդյանի լիազորությունների դադարեցումն անասելիորեն սպասելի էր, և իրավասուները համոզիչ կերպով վստահեցնում էին, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի նշանակման հարցն էլ չի հապաղի: Ասել է թե` սուրբ տեղը դատարկ չի մնա: Բայց ի հեճուկս ռուսական առածի, տիկին Պողոսյանը երեք տարի չէր կարողանում կամ էլ չէր ցանկանում գտնել անհրաժեշտ «թատերական սրբին»: Ճիշտ է` ՀԹԳՄ-ի կողմից առաջադրված Արմեն Էլբակյանն աստվածային գերբնական հատկություններով օժտված չէ, սակայն վերջինիս բեմադրական արժանիքները թույլ էին տալիս, որ նրան այդ պատասխանատու պաշտոնը վստահեին: ՉԷ որ չէ՛. նախարարն անդրդվելի էր: Երբեմնի կենսաբանը թատրոնը գեղարվեստական խորհրդի հույսին էր թողնում` չկամենալով վերացնել միակողմանի ծնողազուրկի կարգավիճակը: Չինովնիկը համառորեն չէր հաշտվում այն պարզ ճշմարտության հետ, որ գեղարվեստական խորհուրդն առանց գեղարվեստական ղեկավարի, մեծ ցանկության դեպքում էլ, ի զորու չէ բովանդակալից, հետաքրքրաշարժ ու ամբողջական ստեղծագործություններ արարել: Գեղարվեստական խորհուրդն ու գեղարվեստական ղեկավարը թատերական գործընթացի անփոխարինելի բաղադրամասերն են, որոնցից ոչ մեկը մյուսի այլընտրանքը չի կարող լինել: Ու ոմանք անհանգստություններ հայտնեցին, որ մայր թատրոնի վերջին գեղղեկի գահընկեցությունն ազատ բեմի ստեղծմամբ նաև պայմանավորելը բիզնես նկրտումները թաքցնելուն ծառայող բառեր էին լոկ: Նրանք ենթադրում էին` խնամքով թաքցրած իրական նպատակը ակադեմիական թատրոնին արհեստականորեն անգործունակություն հաղորդելն էր, ասել կուզի` այս հսկա կառույցն իրեն չի արդարացնում: Երևի թե ռազմական գաղտնիք չենք հայտնի, եթե ասենք` այս աշխարհում իրեն չարդարացնող ամեն բան դեն է նետվում, իսկ ավելի հաճախ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է: Կասկածներն այնքան էլ անհիմն չէին. տեղական պաշտոնյաներին վաճառելու տարածք ցույց տուր և մի կողմ քաշվիր. հետքն անգամ չեն թողնի, որովհետև, ի վերջո, առևտրականությունը մեր պատմական ուղեկիցներից մեկն է: Մեղադրանքները ծանր էին ու անմարսելի, և ոչինչ չէր մնում, բացի ինչ-որ մեկի ինքնանպատակ նշանակումից. միայն թե թատերական համայնքի ողբաձայնը չլսվեր: Այդպես էլ եղավ. այս տարվա առաջին «ուրբաթ 13»-ին հեռուստատեսությունը տեղեկացրեց, որ ունքը շտկվելու փոխարեն աչքն է տեղահան արվել: Համաձայն «գույժի»` այսուհետ ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է սերիալային ակտիվիստ Տիգրան Գասպարյանը: Հետո չեն մոռանում որպես աստվածահաճո հանգամանք ավետել այն, որ նա սունդուկյանցի է: Թատերարվեստի նրբություններին անծանոթ մշակութասերներին էլ կթվա, թե միայն ու միայն հնաբնակությունից է կախված գլխավոր ռեժիսորի բեմադրական բարձրակարգությունը: Ամենևի՛ն. ստեղծագործողի գեղարվեստաէսթետիկական ներդաշնակության պայմանների պայմանը հարուստ ներաշխարհն է, ինչով առանձնապես չի փայլում Տիգրան Գասպարյանը: Նրա բեմադրական լուծումները մի ծայրահեղությունից մյուսն են վազում. կամ չափազանց պարզունակ են լինում, կամ էլ` իրենց գերպայմանականությամբ ներքին և արտաքին ռեժիսուրաների անհամադրելիություն ծնում: Համառեժիսորական այս ախտանիշը մեր դիտակետում հայտնված բեմադրիչի միակ թերությունը չէ. նրանում կաղում է նաև նախառեժիսուրան, այն էլ` երկու ոտքից: Այո՛, դերասանների ընտրության հմտությունը, որից մեկնարկում է բեմադրիչի մասնագիտական հոտառությունը, Տիգրան Գասպարյանի պարագայում սիրողական կամայականության որակներ ունի: Առավելապես բարդ դերակատարումը այնպիսի թույլ արտիստի է վստահում, որ նույնիսկ սկսում ես մտածել` ընտրությունը ոչ թե ռեժիսորը, այլ պատահականության սկզբունքով համակարգիչն է կատարել: Դատողությունը գուցե կտրուկ համարվի, բայց ի՞նչ կարծիք կարող է ձևավորվել, երբ Սողոմոն Թեհլերյանի հոգեբանորեն թանձր կերպարը Տիգրան Ներսիսյանին է հանձնարարվում, աշխատասեր արհեստավորի, որին բացարձակապես վերահասու չեն հերոսականի հոգեկան առանձնահատկությունները: Զուտ արտաքին տվյալներով հանդիսատեսի նրբանկատությունը կկաշառվի մի քանի րոպեով միայն, մանավանդ, երբ դերակատարի ձայներանգը հակասում է կերպարի տեսակին: Կերպարայնացման ակնբախ խոտանները բեմադրիչին լուրջ հետևությունների բերելու փոխարեն կարծես ավելի ոգևորեցին: Նա որոշեց Տիգրան Ներսիսյանով հաջորդիվ տանջամահ անել, ոչ ավելի, ոչ պակաս` Ֆեոդոր Դոստոևսկու Ռոդիոն Ռասկոլնիկովին: Ախր, ռուս դասականն անգամ մեծ ցանկության դեպքում էլ չէր կարող պարոն Գասպարյանին վատություն արած լինել: Ամոթ չլինի հարցնելը. այս դերասացն ի՞նչ աղերս ունի ներքին տարաշերտությամբ օժտված խորքային կերպարի հետ: Կարևորը, որ նորանշանակ գեղղեկի համար նա խաղացանկ քաշող դերասան է, ինչը Տիգրան Գասպարյանի վրա մասնագիտական անմեղսունակության ստվեր է գցում: Լավ է` Վիլյամ Շեքսպիրը հանճարեղ լինելուց բացի, նաև բախտավոր է, թե չէ բազմաչարչար Համլետի օրերը հաշված կլինեին: Ու Տիգրան Ներսիսյանը, ցավոք, բացառություն չէ. նախառեժիսուրային հոռի ճաշակն ունի նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: Չգիտենք` ով, բայց ինչ-որ մեկը Տիգրան Գասպարյանին նենգորեն ստելով համոզել է, որ Արմեն Մարությանի կինը` Ալլա Վարդանյանը, շնորհալի դերասանուհի է: Չենք ուզում վիրավորել, բայց ինչպե՞ս կարելի Բերթոլդ Բրեխտի խիստ ինքնահատուկ դրամատուրգիայի կերպարի մարմնավորումը հանձնել միջակ արտահայտչականություն ունեցողին: Արդյունքը երկար չսպասեցրեց, և եղավ այն, ինչ որ պետք է լիներ. Նաթելլա «կերտելիս» ակնառու էր բռնախաղի արգասիք հիստերիան: Առհասարակ, այս ներկայացման ընթացքում շատերն էին իրենց ուժերը մի քանի անգամ գերազանցող քաշի ծանրաձողին մոտեցող ծանրորդների կարգավիճակում: Ասենք ավելին, սա ոչ թե սոսկ անձնական կարծիք է, այլ ընդհանուր թատերագիտական գնահատական:         

«Լուսինե Կոստանյանի Գրուշեն «հոգեբանական ռեալիզմի» թատրոնի խաղային դրույթներին ամբողջապես համապատասխանող դերակատարում էր, մինչդեռ առանձնանում-ընդգծվում էր Արմեն Մարությանի Ազդակը, որը միակ բրեխտյան կատարումն էր` մոտ ու հարազատ Ռոբերտ Ստուրուայի նշանավոր բեմադրության Ազդակին (Ռամազ Չխիկվաձե)»:

Տիգրան Գասպարյանն ինքն էլ չէր հերքում արված դիտողությունները` ներկայացման քննարկման ժամանակ ասելով, թե շատ դժվար է Բրեխտ խաղալը: Է՛, եղբայր, եթե մեծ հաշվով չունես ստեղծագործության առանձնահատկություններին համապատասխանող դերասաններ, ի՞նչն է ստիպում կառչել «Կովկասյան կավճե շրջան» պիեսից: Մեր աղքատիկ պետբյուջեից հատկացված միջոցներով միայն Արմեն Մարությանի համա՞ր էր բեմադրում: Այդպիսի փորձարարություններ կարող են իրենց տան հյուրասենյակներում իրագործել, այլ ոչ թե ողջ ներկայացման ընթացքում հանդիսատեսին տևականորեն ձանձրացնել: Դեմ չենք. Արմեն Մարությանը շնորհալի դերասան է, սակայն դա առիթ չէ, որ մայր թատրոնի խաղացանկը նրանով սկսվի ու ավարտվի: Բացենք փակագծերը. ցանկալի և անհրաժեշտ է, որ նա մեկ-մեկ էլ փոքրածավալ դերերում իր հնարավորությունները ցուցադրի: Դա էլ իր վարպետությունն է պահանջում, ու թատրոնում չկա երկրորդական դեր:

Կթվա, թե Տիգրան Գասպարյանին «հոշոտելով ոչնչացնելու» և դրականը ոչ մի դեպքում չնկատելու դիրքերից ենք պոռթկում: Շտապենք հիասթափեցնել: Նա ունի ստեղծագործողի ու ղեկավարի համար մի շատ կարևոր, դրական հատկություն. չար մարդ չէ, նույնիսկ երբեմն բարության առկայծումներ են նշմարվում: Հուսանք` վերջինս կկարողանա իր մեջ մշակութային կամք գտնել ու ձերբազատվել խանգարիչ գործոններից, որպեսզի մեզ համոզի, որ իրեն նշանակելով մեծ ընտրության մեջ տխրահռչակ կենդանու ճակատը չի համբուրվել:

Հ.Գ. Ի դեպ, թատերական որբերի շարքին առանց երկմտելու կարելի է դասել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ծիծաղելի է, բայց անառարկելի, որ հազարամյակների մշակույթ ժառանգած Հայաստանն աստիճանաբար սկսում է արվեստի մանկատուն դառնալ: Այս թատրոնի վերջին գեղարվեստական ղեկավարը Գեղամ Գրիգորյանն է եղել, որը հեռուստաեթերից բարձրաձայնում էր ստեղծագործական անառողջ մթնոլորտի մասին: Լուծումն այն եղավ, որ խնդրից ազատվելու համար ընտրվեց ամենակարճ` ստալինյան ճանապարհը. «մշակութային գլխացավը» բուժեցին գլխատմամբ` թատրոնը հանձնելով գեղարվեստական խորհրդի տիրապետությանը: Չենք հերքում` թատրոնում այժմ բալետային ու օպերային ներկայացումներ բեմադրվում են, բայց կրկին վիճարկելի է գեղղեկի անհրաժեշտության խնդիրը: Նույնիսկ այն եզրահանգումն ունենք, որ այս թատրոնի յուրահատկությունն ուրույն մոտեցում է պահանջում. գեղարվեստական խորհրդից բացի, երկու` օպերային ու բալետային բաժինների գեղարվեստական ղեկավարներ են հարկավոր: Գեղարվեստական նշաձողի տեսանկյունից բեմարվեստի այս ճյուղերից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ նրբություններն ունի, որոնց տիրապետելու արհեստավարժությունը նեղ մասնագիտական սահմանազատման բարձրորակությունից է կախված: Հակառակ դեպքում` աստիճանաբար գլուխ կբարձրացնի նորին գլխառադություն սիրողականությունը, որն ազգային արժեքների առաջին և ոխերիմ թշնամին է:

 

ԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ՏԻՐԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ՂԱԶԱՆՉՅԱՆՆԵՐԻ

Ստեղծագործական անտերության ենթատեսակը կարելի է համարել գեղարվեստական համակարգի այնօրինակ անմխիթարությունը, երբ գեղագիտությունը չեղածի հաշիվ է: Ընդհանրապես, խաղարկային արվեստների յուրատիպություններից մեկն էլ, թերևս, այն է, որ ցանկացած գեղագիտության ինքնադրսևորման կենսունակությունը չի անցնում 20, բացառիկ հանճարների դեպքում` 30 տարին: Բայց արի ու տես` այս գիտակցման հետ դանակ դանակի է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «ցմահ» գեղղեկ Երվանդ Ղազանչյանը: Այնինչ, նրա գեղագիտության վաղեմության ժամկետը վաղուց, շա՛տ վաղուց է անցել: Ասվածը հիմնավորենք փոխաբերական զուգահեռումով. երբ սննդի պիտանելիության ժամկետն անցնում է, մարդկանց առողջության անվտանգությունից ելնելով` այն լավագույն դեպքում մեր չորքոտանի բարեկամների կեր են դարձնում: Թատերարվեստում էլ գեղագիտական հնամաշությունը տեսողական ու լսողական զգայարանների միջոցով հանդիսատեսի հոգեկան աշխարհն է աննկատ վնասում: Մանավանդ, երբ կոմեդիայի թատրոնի դերասաններից ոմանց խաղաոճը 1970-80-ական թթ. ժամանակաշրջանի արտահայտչականությամբ է պարփակաված, և ներկայացումներն ի վիճակի չեն թոթափել թանգարանային շունչը: Արվեստը` որպես կենդանի օրգանիզմ, պարտադիր կերպով անձնատուր է լինում ժամանակի ընթացքին, և քսանամյակների կտրվածքով ամեն շրջան դերարվեստում իր արտահայտչալեզուն է թելադրում: Ինչպես հանճարեղ պոետն էր ասում.

«Թե ուզում ես երգդ լսեն`

Ժամանակիդ շո՛ւնչը դարձիր»:

Ներքին ժամանակավրեպությունից հղացող արտահայտչական ժանգոտվածությունը փտախտի պես մի բան է ու, միգուցե, Եղիշե Չարենցի տողերի արվեստաբանական հորդորը, մշակույթի ընկալման հենց այս գաղափարադրույթից է սերում: Վստահ ենք, որ որպես բերված բոլոր դիտարկումների հակափաստարկ կներկայացնեն հետևյալ հարցադրումը. լա՛վ, ենթադրենք` Երվանդ Ղազանչյանին մի կերպ` զոռով-շառով թոշակի ուղարկեցինք (խիստ կասկածում ենք), բայց ո՞ւմ հանձնենք գեղարվեստական ղեկավարի գործառույթները: Պարզվում է, որ նրանց հարցադրման պատասխանը թաղված չէ յոթ սարերի հետևում: Մեր մեղավոր կարծիքով` այս թատրոնի գլխավոր ԱԹՈՌՆ էլ է կարոտ ժանրային երկատման. մյուզիքլի և ինտերմեդիաներով համեմված կատակերգության: Թատրոնի բախտից` համապատասխան բեմադրիչներն էլ կան: Արմեն Մելիքսեթյանն իրապես տիրապետում է մյուզիքլային ռեժիսուրային, և վստահ ենք, որ նա, ընձեռված հնարավորության դեպքում, ունակ է այս թատրոնում արգասաբեր գործունեություն ծավալել: Հաջորդն էլ բնատուր հումորով առանձնացող Նարեկ Դուրյանն է, որը պետք է խզի անտրեպրիզային մտածելակերպի ցածրորակ ծիծաղաշարժության հետ ունեցած կապերը: Թե չէ, Երվանդ Ղազանչյանի բեմադրած կոմեդիաներում եղած հումորը միայն յուրայինններն են հասկանում, այն էլ` շաբաթ-կիրակի օրերին:

Գեղարվեստական լճացման ճիրաններում է նաև Երվանդ Ղազանչյանի անտաղանդ որդու` Հակոբ Ղազանչյանի ղեկավարած Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնը: Փաստորեն, գերատեսչական կուրությունը, կրկին իր սև գործին մնալով, չի նկատում, որ Ղազանչյանների համար երեք թատերական կառույցը, մեղմ ասած, մի քիչ շատ է: Վեճ չունենք. կազմակերպչական ջիղը նրանից դեռ չի խռովել, և իր բոլոր մեքենայություններով հանդերձ` ՀԹԳՄ-ն կենդանի դիակ չէ: Սակայն ռեժիսուրայում, կազմակերպելու հատկությունից զատ, անհամեմատ ավելի էական նշանակություն ունի վառ երևակայությունը, ինչը Հակոբ Ղազանչյանի ստեղծագործական մտքին հազվադեպ է այցելում: Անկեղծ ասած, մի պահ մեզ թվաց, որ նա ստեղծագործական անզորության ինքնախոստովանություն է արել: «Հայելի» մամուլի ակումբում մի քանի տարի առաջ հայտարարեց, որ պատրաստակամ է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զիջել Վահան Բադալյանին: Թե ինչու երիտասարդ շնորհալի ռեժիսորն այդ առաջարկը չընդունեց` չենք կարող փաստել, սակայն կարող ենք պնդել, որ Հակոբ Ղազանչյանի ղեկավարած թատրոնի նախկին բեմադրիչ Դավիթ Հարությունյանն էլ արժանավոր թեկնածու էր: Համենայնդեպս, նրա բեմավորած «Վերջին ուսուցիչը» ներկայացումն ամբողջապես պատանի հանդիսատեսի տարիքային պահանջների մտոք կառուցված ստեղծագործություն էր: Բայց ո՛չ, ինչպե՞ս կարելի է… Իրողությունը տրամաբանության նժարով ծանրութեթև անելուց հետո կասկածի ծիլեր են ի հայտ գալիս` ապագա գեղարվեստական ղեկավարի հավանական թեկնածուն Հակոբ Ղազանչյանի գրեթե մերձավոր բարեկամ Կարո Բալյանն է: Նա որպես դերասան տանելի է, և բեմում տեսալսողական համակարգիդ կեղեքմամբ չի զբաղվում: Բայց ինչ վերաբերում է այս երիտասարդի ռեժիսորական գործունեությանը, ապա, իրոք, արդարացի է ներկուլիսային հարթակում ստեղծված «Каро Балян, во՛н из исскуства» ընդվզուն զվարճախոսությունը: Շրջիկ թատրոնում նրա հեղինակած ստեղծագործությունները վերջինիս ռեժիսորական մտքի չքավորության խոսուն ապացույցներն են: Նման խղճուկ երևակայությունն անգամ թատերական էստրադայի ժանր ՈւՀԱ-ին չի բավարարի: Ստիպված ենք վերստին հիշեցնել` ստեղծագործական միտքն այն քմահաճ հատկությունն է, որին դեռևս ոչինչ չի փոխարինում, նույնիսկ` հեղինակավոր ուսումնական հաստատության վկայականը: Բերենք ամենավառ օրինակը. Հակոբ Ղազանչյանը Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի շրջանավարտ է, և ի՞նչ… սեփական հանճա՞րը գերազանցեց: Հիմա էլ Կարո Բալյանն է ռուսաստանյան մշակութային կրթօջախի դիպլոմ-պիտակի հետևից ընկել, կարծես` դրանից իր բեմադրական ապաշնորհությունը չքանալու է: Արհեստի մեջ վարպետանալն անհրաժեշտ է, սակայն միայն դրանով միջակությունից այն կողմ չես անցնի: Իր վաղնջենականությամբ արդի արվեստագիտական պարզ դրույթ է, որ կամ լինում են շնորհալի, կամ էլ` ոչ: Պետք է գիտակցել` արվեստը միայն ու միայն ընտրյալներին է հանդուրժում: Չլինի՞ թե Ստանիսլավսկին սոսկ տպավորություն թողնելու համար էր նշում` ամենատաղանդավոր արտիստը բնատուր օժտվածությունն է: Թարսի պես` Ղազանչյաններն էլ սույն սահմանումնը տանել չեն կարողանում: Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկում եղած գլխավոր հերոսուհիների կերպարները չեն կարող միս-արյուն ստանալ, եթե դրանք չի կերտում Հակոբ Ղազանչյանի դուստրը: Թեև պարզից էլ պարզ է, որ Մարիամ Ղազանչյանի արտահայտչական ընդգրկումը կամերային տրամաչափի է: Երիտասարդ դերասանուհու արտահայտչաձևերի հաղորդած հոգեզգացողությունները մեծ բեմում տարրալուծվում են: Մի՞թե այդպես դժվար է հասկանալ, որ պետք է բնության տրվածքի հետ ոչ թե կռվել, այլ ըստ դրա առանձնահատկությունների գործել: Այնպես որ, հարկ է գիտակցել` ստեղծագործական տապալման գլխավոր հովանավորը սերնդային ինքնավերարտադրությունն է: Թատրոնը չի՛ կարելի անձնական նպատակներին ծառայող մուլք դարձնել, քանզի մենք մերոնցով ձևաչափն արվեստում անընդունելի է:

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ

Այդուհանդերձ, այսքանով չի եզրափակվում հայրենի թատերարվեստի զարգացմանը խոչընդոտող պետական մակարդակի ամենաթողությունը: Անտերության տարածքային տարատեսակն էլ թատրոնի շենք չունենալու հանգամանքն է: Օրինակ` Երևանի մնջախաղի պետական թատրոնը պետական կարգավիճակ ունի 1983 թվականից, բայց մոտ երեսուն տարի սեփական շենք չունենալու պատճառով թատրոնից թատրոն է դեգերում: Այն թատրոնը, որի արտահայտչամիջոցային զինանոցը բացարձակապես համամարդկային լեզվի` պլաստիկայի վրա է հենված: Միջազգայնորեն լեզվի հասկանալիության խնդիր չունի, և, անկասկած, համաշխարհային թատերական գործընթացներում մնջախաղը արտերկրի ներկայացուցիչների համար թատերական այցեքարտի պես մի բան է: Այսքանով հանդերձ` Հայաստանում պոետիկ լռության թատրոնի պերճախոս անտեսվածությունը պարզապես չենք կարող չդիտարկել որպես պետական հայեցակարգային անհեթեթություն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակութային քաղաքականության աբսուրդ. անշենք պետական կառույց, որն առարկայորեն միայն թղթի վրա գոյություն ունի: Դա նույնն է, թե երկրի վարչապետին զրկեն ծառայողական վարորդից ու ավտոմեքենայից` ստիպելով գերբեռնված երթուղային տաքսիով գալ կառավարության նիստերին: Կամ էլ արտերկրից ժամանած գործընկերներին իր նստավայր ու օդանավակայան 108 համարի երթուղայինով ուղեկցել: Ինչևիցե, մնջախաղի թատրոնի հարկադիր քոչվորության վերջին կանգառը դեռևս Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնն է, և լուրեր կան` 2012թ. կառավարությունը վերջապես մեր մնջախաղացներին շենք կողորմա: Այդուամենայնիվ, բնավ հակված չենք հավատ ընծայել վերը նշված տեղեկատվությանը, մինչև որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի ձեռքում չտեսնենք թատերական սեփական օջախի բանալիները: Դե, իսկ թե թատերական ինստիտուտում տեղակայված Պետական համազգային թատրոնի հերթը երբ կհասնի` երևի, Աստծուն էլ հայտնի չէ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հիմնած թատրոնը նույնպես տարածքային ճգնաժամի առջև է կանգնած, ինչը նրանց համար զգայելի ու շոշափելի դարձավ հատկապես նոր ռեկտորի` Արմեն Մազմանյանի նշանակումից հետո: Իհարկե, վերը բերված թատրոնում այժմ նորարարական ռեժիսուրայի պակասն ակնառու է, սակայն դա չի նշանակում անվերականգնելի լճացում: Չմոռանանք` այդ թատրոնում հավաքված են դերասանական այնպիսի խոստումնալից ուժեր, որպիսիք են Արման Նավասարդյանը, Տաթև Ղազարյանը, Գագիկ Մադոյանը և, վերջապես, միշտ ինքնատիպ Նարինե Գրիգորյանը, որը սկզբունքորեն սերիալներում չի նկարահանվում: Դերասանուհի, ում խաղը, պատկերացնո՞ւմ եք, գոհացրել է անգամ թատրոնից անհուսալիորեն հիասթափված Հենրիկ Հովհաննիսյանին: Արդի հայ թատրոնի կորուստն, անկասկած, նշանակալի կլինի, եթե նշված շնորհալի արտիստները զրկվեն ստեղծագործելու հնարավորությունից: Առայսօր Համազգային թատրոնի համար սեփական շենքն ընդամենը հրաշքի ժանրի երազանք է, և Սոս Սարգսյանը լուրջ մտավախություն ունի, որ իրենից հետո սույն հարցը մոռացության անդունդը կնետվի: Գուցե համազգայինցիներին է՞լ է գրեթե երեսնամյա գողգոթա սպասվում. չէ՞ որ մեր պետությունը, հարկ եղած դեպքում, թքած ունի պետական կարգավիճակի վրա:

 

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎԵՐՋԱԲԱՆ

Անշուշտ, այս ամենը չպետք է մեզ մղի միաբևեռ մտածողության: Ուստի, երկրի ղեկավարության մշակութային անիրավությունները հատկանշելու հետ մեկտեղ, կարծում ենք, որ դրանցում իրենց մեղքի բաժնետոմսերն ունեն նաև մեր թատերական գործիչների մեծամասնության կրավորականությունը, ոմանց էլ` պնակալեզությունը: Եթե նրանք փոքր-ինչ ավելի վճռական գտնվեին, ապա դրությունն այսօրինակ աղետալիության չէր հասնի, պատկերավոր ասած` ոտքը տրորողի աչքը հանեին: Մարդկության պատմության բովում իմաստնացած կյանքի օրինաչափության աքսիոմներից մեկն է դա: Զորօրինակ` Եզովպոսի «Տրորված օձը» առակում, երբ օձը Զևսին գանգատվում է, թե իրեն անընդհատ տրորում են, բարձրյալը սողունին պատասխանում է, որ այդ վիճակում չհայտնվելու համար պետք է առաջին ոտնահարողին խայթեր: Իսկ մեր թատերաշխարհի ներկայացուցիչները, հրատապ խնդիրները բարձրաձայնելիս, բավարարվում են զուտ ընդհանրական-վերացական առարկություններով: Ասես չեն գիտակցում` նմանօրինակ անատամ բողոքներով լավագույն դեպքում սառնաշաքարի կարժանանան: Ինքնին հարց է ծագում. ի՞նչն է նրանց ստիպում պահանջատիրոջ փոխարեն խնդրողի դիրքերից հանդես գալ: Թերևս, այստեղ գործում է իշխանության կիսաբռնապետական ռեժիմի գործոնը: Հանկարծ ու թող մասնագիտական բախտը փորձության ենթարկելու արկածախնդրություն ցուցաբերեն` որոշակի, հասցեական սուր դատափետման ենթարկելով համապատասխան չինովնիկին: Ասենք` նախարարի հրաժարականը պահանջող ստորագրահավաք ու ցույց նախաձեռնեն: Իսկույնևեթ պետական ապարատի անտեսանելի ձեռքը մայրուղու հրավիրատոմսեր կգցի նրանց գրպանները: Հետո էլ տվյալ անձանց կարիերայի տապանաքարերին «զրկանքների փնջեր» կդրվեն: Բնականաբար, մերօրյա արվեստագետների ազգասիրությունը պրակտիկ մտածողության մերձակայքից անդին չի անցնում: Հերոսական կեցվածքով բանավիճում են, որ ազգային դիմանկարն ավելի շուտ իրենց ընտանիքի բարեկեցությունից է կախված, քան թե մշակութային մթնոլորտի բարենպաստությունից: Այսինքն` ակամա անսկզբունքայնության ջահակիրներ են դառնում: Ավելի՛ն, պատահում են այնպիսիք, ովքեր հաջողում են կատարելագործել կամակատար կիսաստրուկի ստատուսը` թատրոնի մարդուց վերածվելով քաղաքական գոյակցության: Ուշագրավ է, որ այդ պոլիտիկ արարածները լկտիություն են ունենում միաբանական ժպիտով մտավորական խաղալ: Որպես կենսափիլիսոփայական արդարացում էլ հրամցնում են քաղաքական քամելեոնության ու դերասանի մասնագիտական JOKER-ության միջև դրված մերկապարանոց հավասարության նշանը: Այն դեպքում, երբ վերոհիշյալ բնագավառները, չնայած իրենց պարագայական նմանություններին, խիստ հակադիր ոլորտներ են: Քաղաքականությունն ու արվեստը չեն կարող մեկ մարդու մեջ ապրել, ինչպես երկու արջը մեկ որջում: Քաղաքականության ուղղություններից մեկը դիվանագիտությունն է, որում գրեթե ամեն ինչ ենթակա է սակարկման: Արժեքների յուրահատուկ առևտուր է: Մտավորականի արժեհամակարգում դավանանքը չի սակարկվում, որովհետև նրանում բացակա է ներբովանդակային բազմադեմությունը: Նա ազատ մտածողության մարտիկն է, իսկ քաղգործիչը` իր կուսակցական շահի սպասավորը: Ինչ խոսք, կարող է թվալ, որ անսկզբունք աշխարհում սկզբունքայնություն քարոզելու անհեռանկարային փորձ է սա: Մինչդեռ, մշակութային աղախիններից թատրոնի քաղաքացու փոխակերպվելու միակ և անփոխարինելի ճանապարհը սկզբունքայնությունն է:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am