Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Մարտ 2012, N 2

ՓԵՏՐՎԱՐԻ ԵՎ ՄԱՐՏԻ ՔՐՈՆԻԿԱ

Ստորև մենք կդիտարկենք համաշխարհային քաղաքականության հիմնական իրադարձությունները 2012թ. փետրվարի և մարտի ընթացքում։ Նշենք, որ այս երկու ամիսներին աշխարհում տեղի ունեցած գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները, ավելի ճիշտ՝ նրանք, ովքեր համաշխարհային ասպարեզում եղանակ են ստեղծում, գերադասել են առկա հիմնախնդիրները լուծել քաղաքական երկխոսության, դիվանագիտական գործիքների միջոցով, չնայած միևնույն ժամանակ հնչել է նաև կոշտ, երբեմն՝ ռազմաշունչ հռետորաբանություն։

Եվ այսպես, փետրվարի քաղաքական սեզոնը բացեց ողջ աշխարհում «դեմոկրատիայի» հաստատման մարտիկ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Այս տիկինն աչքի ընկավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում բավական աղմկահարույց պահվածքով՝ Ռուսաստանին մեղադրելով Սիրիայում բռնությունների հանցակցության մեջ։ Ըստ նրա՝ բոլոր նրանք, ովքեր դիմակայում են Սիրիայի վերաբերյալ ԱԽ բանաձևին, աջակցում են Բաշար Ասադի վարչակարգին։ Ինչպես հայտնի է, Վաշինգտոնի թելադրանքով կազմված բանաձևերի հակառակորդներից մեկը Ռուսաստանն է։

Նշենք, որ իրավիճակը Սիրիայի շուրջ անփոփոխ էր մնում ինչպես փետրվարի, այնպես էլ մարտի ընթացքում. Արևմուտքը ոչ մի րոպե չէր թուլացնում ճնշումն Ասադի դեմ, ուժի արևմտյան կենտրոններին ենթակա ԶԼՄ-ներն անողոք տեղեկատվական պատերազմ էին վարում, տարածաշրջանի սադրիչը՝ Թուրքիան, պահանջում էր սիրիական ղեկավարության արյունը։ Բայց, չնայած պաշարողական դրությանը, Բաշար Ասադը կարողացավ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե կազմակերպել և ստանալ քաղաքացիների մեծամասնության աջակցությունն այս հարցում։ Հանրաքվեի արդյունքները, ինչպես և ակնկալվում էր, սվիններով ընդունվեցին Թուրքիայում խմբված սիրիական ընդդիմության կողմից, իսկ նրանց արևմտյան հովանավորները հանրաքվեն «դեմոկրատիայի հանդեպ ծաղր» անվանեցին։ Սակայն Մոսկվան, ի հեճուկս Ասադի բոլոր չարակամների, հայտարարեց, որ Սիրիայում նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ անցկացված հանրաքվեն վերջ կդնի իշխող կուսակցության մոնոպոլիային և դեպի ժողովրդականացում տանող քայլ կհանդիսանա։

Բացի այդ, Բաշար Ասադը նման բարդ իրավիճակում շարունակում էր վերականգնել վերահսկողությունն ապստամբած քաղաքների ու բնակավայրերի հանդեպ՝ մեթոդաբար ճնշելով դրանց հենակետերի «ընդդիմադիրներին»։ Փետրվարի 27-ին Եվրամիությունը սիրիական օրինական իշխանությունը տապալելու հերթական քայլը ձեռնարկեց՝ հայտարարելով, թե Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը ճանաչում է «սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ»։ ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների համապատասխան հայտարարության մեջ ասվում էր, որ «ԵՄ-ը ճանաչում է սիրիական «Ազգային խորհուրդը որպես սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ, որոնք ձգտում են խաղաղ դեմոկրատական փոփոխությունների»։ Ի դեպ, այս հայտարարությունը հնչեց հենց այն օրը, երբ Սիրիայի բնակչության 89,4%-ն աջակցել էր նոր սահմանադրության նախագծին։ Սիրիացիների կարծիքի վրա թքած ուներ նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որը փետրվարի 28-ին հայտարարեց, թե «Սիրիայի նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն չի կարելի վստահության արժանի համարել»։ Իր հերթին, Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն միջազգային հանրությանը կոչ արեց Սիրիայի ղեկավարությանը դատի տալու պայմաններ պատրաստել՝ հանցագործությունների համար, որոնք «իրականացվել են սեփական խաղաղ բնակչության դեմ»։ «Կգա ժամանակ, երբ սիրիական քաղաքացիական և զինվորական իշխանությունները, և նրանց մեջ առաջինը՝ նախագահ Ասադը, իրենց արարքների համար պատասխան կտան արդարադատության առջև»,- հայտարարեց նա։ Ինչպես տեսնում ենք, Արևմուտքը պատրաստվում է Սիրիայում նույնությամբ կրկնել լիբիական սցենարը, որը, «հաջող» իրագործվելու դեպքում, կավարտվի նրանով, որ Բաշար Ասադի արյունլվիկ մարմինը քարշ կտան Դամասկոսի փողոցներով՝ այդ սարսափազդու կադրերը ցուցադրելով արևմտյան հեռուստաալիքներով, տիկին Քլինթոնի հիացական ճիչերի ուղեկցությամբ։ Հուսանք, որ Ռուսաստանի և Չինաստանի կշիռը համաշխարհային ասպարեզում կկանխի «դեմոկրատական այս սցենարի» կենսագործումը։

Իսկ հիմա անցնենք Իրան, որը նույնպես գտնվում էր Արևմուտքի ճնշման տակ։ Ողջ փետրվարի ու մարտի ընթացքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը շիկացած էր մնում այն աստիճանի, որ տարածաշրջանից վառոդի հոտ էր փչում։ Փետրվարի սկզբին համաշխարհային հանրային կարծիքի ակտիվ մշակում սկսեց Իսրայելը, որի հետախուզությունը կանոնավորապես տեղեկացնում էր այն մասին, թե իրանցիները մոտ են «միջուկային ռումբ ստեղծելուն»։ Պարզ ասած՝ խուճապ սերմանելով իրենց դաշնակիցների մեջ՝ իսրայելցիները քարթ-բլանշ էին խնդրում Իրանը ռմբակոծելու համար։ Առաջատար համաշխարհային լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էին տարածում Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավոր ժամկետների մասին, փորձագետները իրավիճակի զարգացման տարատեսակ կանխատեսումներ էին անում պատերազմի և դրա հետևանքների մասին։ Միևնույն ժամանակ, ամերիկացիներն ակտիվ մանևրներ էին անցկացնում Պարսից ծոցի շրջանում։ Հետ չէին մնում նաև իրանցիները, որոնք մասշտաբային զորավարժությունների միջոցով ցույց էին տալիս իրենց պատրաստությունը՝ պատասխանելու թշնամու հարվածին։

Դրան զուգահեռ, Արևմուտքը փորձում էր խափանել Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական կայունությունը, և դրա ամենագործուն միջոցը դարձան Իրանի նավթի արտահանման դեմ կիրառվող պատժամիջոցները։ Թեև, ինչպես պնդում էին Թեհրանում, իրանական տնտեսությունը դրանից չի տուժի։ Ավելին, Իրանն ինքն է գնացել հակամիջոցների՝ խզելով էներգետիկական հարաբերությունները Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, և սպառնացել է ընդլայնել նավթային էմբարգոն Եվրոպայի դեմ։

Փետրվարի կեսին Սիրիայի և Իրանի շուրջ իրավիճակի լարվածությունը փոքր-ինչ լիցքաթափեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը հայտարարեց այն մասին, թե դաշինքը չի պլանավորում խառնվել սիրիական հակամարտությանը կամ ներխուժել Իրանի Իսլամական Հանրապետություն։

Շեղվենք քաղաքականությունից։ Փետրվարի 11-ին վախճանվեց հանրահայտ ամերիկյան երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը։ Երգչուհուն անգիտակից վիճակում գտել էին  Լոս Անջելեսի «Բևերլի Հիլզ» հյուրանոցի իր համարում։ Անցկացվել է երգչուհու մահվան հանգամանքների քննություն և պարզվել, որ լեգենդար Ուիթնի Հյուսթոնը խեղդվել է հյուրանոցի իր համարի լոգարանում՝ սրտի նոպայի պատճառով։ Իր դերն էր խաղացել նաև կոկաինը։ Բռնի մահվան հնարավորության մասին բոլոր վարկածներն անհիմն ճանաչվեցին։ Անցկացված փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ Հյուսթոնը խրոնիկական թմրամոլ էր, չնայած երգչուհին ինքը հայտարարում էր, թե վերջ է տվել թմրանյութեր օգտագործելուն։

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան և ուկրաինական հատուկ ծառայությունները բացահայտել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված մահափորձի պլանը։ Ուկրաինական ուժայիններն Օդեսայում բռնեցին այն ավազակներին, որոնք մտադրվել էին հանցագործություն կատարել մարտի 4-ի նախագահական ընտրություններից հետո։ Հարցաքննության ժամանակ կալանվածներից մեկը պատմել է, որ նրանց հանձնարարել են «դիվերսիաներ կազմակերպել Մոսկվայի տնտեսական օբյեկտներում, իսկ հետո՝ մահափորձ Պուտինի դեմ»։ Հատուկ ծառայությունները պարզել էին, որ ահաբեկիչները Օդեսա էին թռել Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Թուրքիայով։ Քննության տվյալներով՝ ավազակները ծրագրել էին ականներ դնել Պուտինի շքախմբի անցնելիք ճանապարհին։ Ահաբեկչական գործողության համար հանցագործները պատրաստ էին օգտագործել ռազմական նմուշի ականներ։ Հայտնի դարձավ նաև այն մասին, որ Պուտինի մահափորձը կազմակերպող ահաբեկիչները հրահանգ էին ստացել Հյուսիսային Կովկասի ընդհատակյա ավազակախմբի պարագլուխ Դոկու Ումարովի մարդկանցից։

Ինքը՝ Պուտինը, մեկնաբանելով կանխված մահափորձի մասին տեղեկատվությունը, հայտարարեց, որ իր դրության մեջ գտնվող մարդիկ պետք է հաշտվեն նման կյանքի հետ։ «Եթե մշտապես վախենաս, անհնար կլինի ապրել։ Թող ահաբեկիչները մեզանից վախենան»,- հավելելէ Ռուսաստանի վարչապետը։

Փետրվարի 28-ը դարձավ «երջանիկ» օրերից մեկը Թուրքիայի ու նրա ապշերոնյան եղբոր և անհաջող օր՝ Հայաստանի համար։ Բանն այն է, որ այդ օրը Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ հայտարարեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Փաստաթուղթը, ինչպես որոշեց խորհուրդը, հակասում է ֆրանսիական սահմանադրության 33-րդ հոդվածին։ Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին Ազգային ասամբլեան, իսկ ս.թ. հունվարին՝ նաև Ֆրանսիայի սենատն ընդունել էին նշված օրինագիծը։ Սակայն հունվարի 31-ին ԱԺ 65 պատգամավոր և սենատի 77 անդամ դիմել էին Սահմանադրական խորհուրդ՝ խնդրելով հակասահմանադրական համարել և չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրինագիծը։ Բայց Սահմանադրական խորհրդի որոշումից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ մտադիր է օրենսդիրներին ներկայացնել նման նոր օրինագիծ։ Մենք հակված ենք ֆրանսիական առաջնորդի այս քայլը դիտարկել «կռվից հետո բռունցքները չեն թափահարում» ասույթի պրիզմայի միջով։ Չէ՞ որ Սարկոզին կարող էր ստորագրել այդ օրենքն անմիջապես սենատի հաստատումից հետո, այլ ոչ թե սպասել, մինչև որ դրա սահմանադրականությունը վիճարկվի... Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ նրա համար առջևում նախագահական ընտրություններն են, որտեղ հանգուցային դերերից մեկը կատարում են Ֆրանսիայի հայկական ծագմամբ քաղաքացիները, մյուս կողմից՝ նա չի ուզում անդառնալիորեն սրել հարաբերություններն Անկարայի հետ, դե, դրա համար էլ Ֆրանսիայի նախագահը ստիպված է խուսանավել ազդեցիկ հայ համայնքի և միջազգային ասպարեզում ոչ պակաս ազդեցիկ Անկարայի միջև, որն ի վիճակի է ամենաանկանխատեսելի սադրիչ քայլերի։ Այնպես որ՝ ինչ-որ իմաստով Սարկոզիին կարելի է հասկանալ։

Այդ օրն իսկապես անհաջող էր Հայաստանի համար։ Եվս մեկ վատ նորություն, այս անգամ՝ մարզական բնույթի, ստացվեց Կիպրոսից, որտեղ մեր ազգային հավաքականը 0։2 հաշվով պարտություն կրեց սերբերի հետ ընկերական խաղում։ Խաղը տեղի ունեցավ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։ Նշենք, որ հայկական հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը խաղադաշտ էր դուրս բերել երկրորդ կազմի խաղացողներին։ Առաջին գոլը 14-րդ րոպեին խփեց «Շտուտգարդի» կիսապաշտպան Զդրավկո Կուզմանովիչը։ 30-րդ րոպեին «Չելսիի» պաշտպան Բրոնիսլավ Իվանովիչը կրկնապատկեց հաշիվը։ Բայց, ինչպես ասում են, պետք չէ հուսահատվել։

Այսպիսին էր քաղաքական իրադարձությունների փետրվարյան ուրվանկարը, որի վերջին վրձնահարվածն արեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Փետրվարի 29-ին հետխորհրդային տարածքում  «դեմոկրատիայի նմուշ» համարվող առաջնորդը հայտարարեց ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Այսուհետ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան ազատորեն մտնել Վրաստանի տարածք և առանց այցահրավերի այնտեղ գտնվել 90 օր։ Հարկ է նշել, որ որոշումն ընդունվել է միակողմանի կարգով. Ռուսաստան մտնող Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը պահպանվում է։ Բացի այդ, Ռուսաստանում վիզաները հանելու որոշումն անվանեցին «բացառապես քարոզչական ակցիա»։ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Կոսաչովի խոսքով՝ այդ նախաձեռնությունը «կոչված է Վրաստանի սահմաններից դուրս տպավորություն ստեղծելու, թե Սաակաշվիլու քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ քաղաքականություն է նրա իշխանությունների, այլ ոչ թե քաղաքացիների հանդեպ»։

Անցնենք մարտյան իրադարձություններին։ Ամսվա առաջին օրը խիստ տագնապալի էր ապշերոնյան խանի՝ Մեհրիբան Ալիևի ամուսին Իլհամի համար։ Տագնապալի՝ այն իմաստով, որ շատ փորձագետներ այդ օրը տեղի ունեցած իրադարձություններն անվանեցին «արաբական գարնան» առաջին ղողանջն Ադրբեջանում։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։ Մարտի 1-ի առավոտյան ադրբեջանական Գուբա շրջկենտրոնում (որը գտնվում է Բաքվից 170 կմ հյուսիս) հուզումներ սկսվեցին, որոնք վերաճեցին զանգվածային անկարգությունների, ոստիկանության հետ բախումների, հրդեհումների և ջարդարարությունների։ Այս իրադարձությունների առիթ էին դարձել շրջանի ղեկավար Ռաուֆ Խաբիբովի արտահայտությունները, որոնցում վերջինը մեղադրում էր տեղի բնակիչներին ծախվածության մեջ։ Դրանից հետո շրջանի վարչության շենքի մոտ հանրահավաք է սկսվում, որին մասնակցում է 10 հազար մարդ։ Շրջվարչության ղեկավարը հանդես է գալիս հավաքվածների առջև և ներողություն խնդրում։ Սակայն հավաքվածները դրանով չեն բավարարվում՝ շարունակելով պահանջել, որ պաշտոնյան հանվի պաշտոնից։ Ոստիկանությունը սկսում է ցրել հավաքվածներին, արցունքաբեր գազ է օգտագործվում։ Իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար քաղաք են մտցվում ներքին զորքերի զինծառայողները և զրահատեխնիկա։ Մի խոսքով՝ բողոքը ճնշվում է (ինչպես սովորաբար տեղի է ունենում այս երկրում) առանձնակի դաժանությամբ, սկսվում են ձերբակալություններ, ձերբակալվում են նաև լրագրողներ։ Մեկնաբանելով Գուբայում տեղի ունեցած իրադարձությունները՝ Բի-բի-սիի ռուսական ծառայությունն այդ օրերին նշում էր, որ այդ ամենն, իհարկե, նոր և լուրջ մարտահրավեր է Սդրբեջանի իշխանությունների համար, որոնք մինչև վերջերս վստահ էին, որ լրիվ վերահսկում են երկրի քաղաքական իրավիճակը։ «Այնինչ, առջևում «Եվրատեսիլ» մրցույթն է, որը մայիսին տեղի է ունենալու Բաքվում և կառավարության կողմից դիտարկվում է որպես հիանալի հնարավորություն՝ բարելավելու երկրի միջազգային իմիջը։ Անշուշտ, մոլագար ամբոխը, շրջանային գործադիր իշխանության ղեկավարի այրվող տունն ու ներքին զորքերի ուժեղացված վերակարգերը՝ ջրնետ մեքենաներով ու արցունքաբեր գազով, այն պատկերը չեն, որը, պաշտոնական Բաքվի կարծիքով, պետք է տեսնի աշխարհը հայտնի երաժշտական մրցույթի շեմին։ Ուստի, մնացած ժամանակում պետք է փնտրել միջոցներ և փոխզիջումներ՝ թույլ չտալու համար Գուբայի իրադարձությունների կրկնությունն Ադրբեջանի մյուս մասերում»,- նշվում էր Բի-բի-սիի հաղորդման մեջ։

Վերադառնալով «Եվրատեսիլի» թեմային՝ նշենք, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը մարտի 7-ին պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակման միությանը (EBU), որ հրաժարվում է մասնակցել երգի մրցույթին։ «Ցավով հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Բաքու՝ մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների՝ մրցույթի բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման հավաստիացումներին, օրերս Ադրբեջանի նախագահը «բացառություն» է արել երկրներից մեկի համար՝ հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ 1 թշնամին աշխարհով մեկ սփռված հայերն են։ Փաստորեն, Ադրբեջանի նախագահը բոլոր հայերին, այդ թվում և նրանց, ովքեր պետք է մտնեին հայկական պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներ հայտարարեց։ Հետևաբար, ոչ մի տրամաբանություն չկա այն բանում, որ մասնակից ուղարկվի մի երկիր, որտեղ նրան կնայեն իբրև թշնամու։ Մեզ համար դա սկզբունքային հարց է»,- պարզաբանեց հայկական կողմը։ Ինչպես տեսնում ենք, անգամ երաժշտության աշխարհում չի հաջողվում խուսափել քաղաքականության ազդեցությունից։

Իսկ այժմ անցնենք մարտի գլխավոր համաշխարհային իրադարձությանը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններին։ Գլխավոր, քանի որ դրան պատրաստվում, դրան սպասում էին ոչ միայն ռուսաստանցի քաղաքացիները, ռուսաստանյան ընդդիմությունը։ Առանձնակի ուշադրությամբ Ռուսաստանին հետևում էին նաև նրա սահմաններից դուրս։ Անշուշտ, այս ընտրությունների արդյունքներն ամենաանմիջական ու էական ազդեցությունն են ունենալու աշխարհում ընթացող իրադարձությունների զարգացման վրա։ Դե, իսկ հիմա՝ բուն ընտրությունների մասին։ Այստեղ հարկ է նշել, որ քվեարկության արդյունքի մասին ոչ ոք չէր կասկածում, քանի որ այն ժամանակվանից ի վեր, ինչ Պուտինը գտնվում է իշխանության ղեկին, նրան իրական մրցակցություն չի կարողացել ցուցաբերել և ոչ մի քաղաքական գործիչ։ Եվ այսպես, մարտի 4-ին ռուսաստանցիներն ընտրատեղամասեր եկան և իրենց ձայնը տվեցին Վլադիմիր Ժիրինովսկու, Գենադի Զյուգանովի, Սերգեյ Միրոնովի, Վլադիմիր Պուտինի և Միխայիլ Պրոխորովի օգտին։ Որոշ ժամանակ անց, երբ ի հայտ եկան ԿԸՀ առաջին տվյալները, պարզ դարձավ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը հաղթում է բավական մեծ տարբերությամբ, իսկ ընտրությունների արդյունքները հաստատում են նրա թեկնածության անայլընտրանքային լինելը։ Իսկ ընտրությունների վերջնական արդյունքներն ունեցան հետևյալ տեսքը. Վլադիմիր Պուտին՝ 63,6%, Գենադի Զյուգանով՝ 17,18%, Միխայիլ Պրոխորով՝ 7,98%, Վլադիմիր Ժիրինովսկի՝ 6,22%, Սերգեյ Միրոնով՝ 3,85%։

Հարկ է նշել, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունները, կարելի է ասել, անցան հեշտ ու հանգիստ, առաջին անգամ աշխարհում քվեարկությանը կարելի էր հետևել իրական ժամանակի ռեժիմում՝ ընտրատեղամասերում տեղադրված վեբ-տեսախցիկների միջոցով, այնպես որ՝ Պուտինի հաղթանակը վիճարկելը խիստ դժվար էր։ Թեև ընդդիմությունը՝ հանձինս իր անդեմ ու ինչ-որ անորոշ առաջնորդների, փորձեց ինչ-որ բան անել... անարդյունք։ Իսկ ահա ռուսաստանյան լիբերալների կողմնակից արևմտյան առաջնորդներն անմիջապես գիտակցեցին այն, ինչն ակնհայտ էր, «աչքի մեջ ծեղ չփնտրեցին» և շնորհավորեցին Պուտինին հաղթանակի կապակցությամբ։ Իհարկե, մի փոքր «ձևեր թափեց» ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը ռուսական պետության նորընտիր ղեկավարին շնորհավորեց մարտի 9-ին միայն։

Իսկ այժմ անդրադառնանք մարտյան ևս մեկ իրադարձության, որը մեկ անգամ ևս ապացուցեց եվրոպական բազմամշակութայնության քաղաքականության ձախողումը և վկայությունը դարձավ այն բանի, թե որքան վտանգավոր է հենց Եվրոպայի համար եվրոպացիների կողմից քարոզվող և տարփողվող չարաբաստիկ հանդուրժողականությունը։ Խոսքը Թուլուզի դրամայի մասին է, որին նախորդել էին ֆրանսիացի զինծառայողների սպանությունները։ Ինչ-որ մեկը մեթոդաբար կրակում էր զինվորականների վրա, իսկ հետո հարձակում կատարվեց Թուլուզի հրեական քոլեջի վրա, որի հետևանքով սպանվեցին երեք աշակերտ և ուսուցիչը։ Մի քանի օր անց ոստիկանությունը գտավ կասկածյալի հետքը, իսկ մարտի 21-ի վաղ առավոտյան հատուկջոկատայիններն սկսեցին նրան բռնելու հատուկ գործողությունը։ Մարդասպանը բարիկադավորվել էր բնակարանում և զինված դիմադրություն էր ցուցաբերում։ Պաշարումը տևեց ավելի քան 32 ժամ, քանի որ իշխանությունները ցանկանում էին ողջ բռնել «թուլուզցի հրաձիգին»՝ նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար։ Պարզվեց, որ զինվորականներին և երեխաներին սպանողը 24-ամյա Մուհամեդ Մերան է (ծագումով ալժիրցի)։ Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում ահաբեկիչը հայտարարեց, որ «Ալ-Քաիդայի» գրոհային է, և իր կատարած սպանությունները վրեժխնդրություն էին իսրայելական գնդակոծությունների հետևանքով զոհված պաղեստինցի երեխաների մահվան դիմաց։ Բացի այդ, նա վրեժ էր լուծում նաև ֆրանսիական զորքերն Աֆղանստան ուղարկելու համար։ Իշխանություններին չհաջողվեց ահաբեկչին ողջ վերցնել. մարտի 23-ին, օրվա երկրորդ կեսին, նա սպանվեց։

Այս իրադարձությունները վերհանեցին Եվրոպայի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց չլուծվածությունը ծնում է այնպիսի ծայրահեղականների, ինչպիսին են Անդերս Բրեյվիկը և Մուհամեդ Մերան։ Դեռ որքա՞ն են եվրոպական հանդուրժողականության ջատագովները, հանուն մարդու իրավունքների և ազատությունների կուրծք ծեծելով, աչք փակելու իրականության վրա։ Դեռ որքա՞ն «հրաձիգներ» են հայտնվելու, որ եվրոպացիները վերջապես հասկանան, որ այդպես շարունակել չի՛ կարելի։ Ի դեպ, թուլուզյան իրադարձություններից անմիջապես հետո ԵՄ ոստիկանական ծառայության (Europol) ղեկավար Ռոբ Ուեյնռայթը հայտարարել է, որ Եվրոպան այսօր բախվել է նոր, ապակենտրոնացված սպառնալիքի արմատական իսլամիզմի կողմից։ Ըստ նրա՝ խոսքը միայնակ գործող ծայրահեղականների մասին է։ «Մեր առջև նոր տեսակի ջիհադական սպառնալիք է, և այն ուժգնանում է։ Այն ավելի ապակենտրոնացված է, և դժվար է հետևել այդ սպառնալիքին»,- ասել է նա։

Հենց այդ օրերին եվրոպական հանդուրժողական Նորվեգիայում բավական լուրջ սկանդալ բռնկվեց էթնիկ նորվեգացիների և այդ փոքր սկանդինավյան երկրում բնակություն հաստատած մուսուլմանների միջև առկա հարաբերությունների հողի վրա։ Նորվեգական Բյորք քաղաքում առանձին դասարաններ էին բացել երեխաների համար՝ նրանց էթնիկ պատկանելությունից ելնելով։ Աշակերտները և նրանց ծնողները պաշտպանեցին դպրոցի տնօրենի գաղափարը։ Ըստ դպրոցի տնօրենի՝ դա արվել էր այն բանի համար, որ դադարեցվի սպիտակամորթ էթնիկ նորվեգացիների արտահոսքը դպրոցից, որոնք իրենց հարմարավետ չէին զգում այլ ռասաների ու դավանանքների ներկայացուցիչների միջավայրում։ Մուսուլման երեխաները դասամիջոցին նամազ են անում, աղջիկները հիջաբ են կրում, հրաժարվում են սովորելուց։ Բայց շատ շուտով իրավապաշտպանների (որոնք դանդաղ Եվրոպան դեպի անդունդ են գլորում) ճնշման տակ առանձնացված դասարանները փակվեցին, իսկ տնօրենը մեղադրվեց ռասիզմի մեջ։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ էթնիկ նորվեգացիների թվաքանակը դպրոցներում նվազել է՝ կեսից հասնելով մեկ քառորդի, Օսլոյի և այլ քաղաքների ամբողջական շրջաններ վերահսկվում են իմիգրանտ մուսուլմանների կողմից, իսկ ոստիկանությունը և մունիցիպալ իշխանությունները հաճախ նրանց վրա ոչ մի ազդեցություն չունեն։

Բայց իրավիճակի անհեթեթությունն այն է, որ աշխարհի բարեկեցիկ երկրներից մեկում քաղաքակիրթ կյանք գտած՝ տարբեր երկրներից եկած մուսուլմաններն իրենց հանգրվանած նորվեգացիներին երախտագետ լինելու փոխարեն արդեն սկսել են իրավունքներ ճոճել։ Մուսուլման դպրոցականների ծնողները պահանջում են արգելել նորվեգացի երեխաներին ապխտած մսով բուտերբրոդներ բերել ճաշի համար, քանզի դա (խոզի միսը) վիրավորում է նրանց կրոնական զգացմունքները։ Մենք ամենևին չենք զարմանա, եթե Նորվեգիայի խորհրդարանն օրենք ընդունի խոզի մսով բուտերբրոդների արգելման մասին։

Մարտի վերջին Սեուլում անցկացվեց միջուկային անվտանգության հարցերին նվիրված միջազգային գագաթաժողով, որին մասնակցեց նաև ՀՀ նախագահը։ Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների առջև հանդես եկավ ամենաբարձր մակարդակով։ Իր ելույթում Հայաստանի նախագահը, մասնավորապես, պատմեց միջուկային անվտանգության ապահովման ոլորտում մեր երկրի վարած քաղաքականության մասին, ինչպես նաև շոշափեց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ոչ պակաս կարևոր խնդիրն ու հարևան որոշ պետություններում դրա առնչությամբ բարձրացված հիստերիայի հարցը։ «Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործումը և նրա անվտանգության մակարդակի բարձրացումը, նրա ֆիզիկական պաշտպանության, ինչպես նաև բարձր ակտիվության աշխատած վառելիքի պահպանումն ու հսկումը մեր կառավարության առաջնային խնդիրներից է: Այս գործում մենք խստագույնս պահպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ այդ սերնդի միջուկային կայանների համար առաջարկվող միջազգային նորմերի պահանջները: Հայկական ատոմակայանի շահագործման լիակատար համապատասխանությունը այդ նորմերին հաստատել է նաև ԱԷՄԳ-ի կողմից անցյալ տարի անցկացված ՕՍԱՐՏ առաքելությունը»,- նշել է նախագահ Սարգսյանը՝ խոսելով ատոմային էներգաբլոկի շահագործման մասին։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Սեուլի գագաթաժողովում Ադրբեջանի նախագահի ներկայացրած ապատեղեկատվությանը։ «Իսկ Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունն ինձ չի զարմացնում, որովհետև Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելն Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Հանրապետության ղեկավարի խոսքով՝ Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերը կանխակալ են մոտենում միջուկային էներգետիկայի ապագայի հարցերին։ Որոշ մասնավոր դեպքերում, ինչպիսին է Հայաստանի պարագան, ըստ Ս.Սարգսյանի, այլընտրանքը մեծ չէ՝ ապահովելու համար մեր ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարձրացումը։ «Հայաստանի չորս անմիջական հարևաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաև էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Սեուլի գագաթաժողովում ևս մեկ իրադարձություն տեղի ունեցավ, որը մենք ուշադրությունից դուրս թողնել չենք կարող՝ դրա ռեզոնանսային հետևանքների և սկանդալային զարգացման պատճառով։ Խոսքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ռուսաստանցի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևին ուղղված խոսքերի մասին է։ Գաղտնի խոսակցության ժամանակ Սպիտակ տան ղեկավարը շոշափել է Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղակայման խնդիրը՝ նշելով, որ ընտրություններից հետո ինքն ավելի մեծ հնարավորություններ կունենա, իսկ Մեդվեդևը անգլիացու նման պատասխանել է. «Լավ, ես կփոխանցեմ Վլադիմիրին»։ Օբամայի այս խոսքերը լսել են լրագրողները, դրանք հասել են հասարակությանը։ Սակայն ԱՄՆ նախագահի կառուցողական մոտեցումը ԵվրաՀՀՊ հարցում ամերիկյան որոշ հանրապետական քաղաքական գործիչների կողմից ընկալվել է որպես Օբամայի վրա հարձակվելու առիթ։ Առաջին քայլն արեց Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Միթ Ռոմնին, որը CNN-ի եթերից հայտարարեց, թե «Մոսկվան Վաշինգտոնի թիվ մեկ աշխարհաքաղաքական թշնամին է»։ Ըստ նրա՝ Մոսկվայի հետ ինչ-որ պայմանավորվածություններ կնքելու Օբամայի մտադրությունները, որոնց մասին «չի ուզում ասել ամերիկյան ժողովրդին ընտրություններից առաջ», տագնապեցնում են։ Ռոմնիի հայտարարություններին անմիջապես արձագանքեց Ռուսաստանի նախագահը՝ խորհուրդ տալով ԱՄՆ նախագահի թեկնածուներին միացնել բանականության փաստարկները՝ նման հայտարարություններ անելիս։

Այնուհետև սենատի հանրապետական խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով նամակ հղեց Բարաք Օբամային՝ որքան հնարավոր է կոշտ պահանջելով հրաժարվել Մոսկվային ընդառաջող հետագա քայլերից՝ ՀՀՊ հիմնախնդրի առնչությամբ։ Այնուհետև կրկին ասպարեզ մտավ Ռոմնին (որի գործողություններն, ի դեպ, ամերիկյան մամուլը բնութագրեց որպես քինոտ պոլիտիկանություն)՝ Ռուսաստանի մասին ընդարձակ հոդվածով հանդես գալով «Foreign Policy» ամսագրում։ Մոսկվային մեղադրելով «Ամերիկայի համար կենսականորեն կարևոր հարցերի լայն շրջանակի վերաբերյալ ունեցած օբստրուկցիոնիզմի մեջ»՝ հանրապետական հավակնորդը Ռուսաստանն անվանում է «Ամերիկայի կողը խրված փուշ»։

Ինչպես կարծում են փորձագետները, որքան մոտենում են նախագահական ընտրությունները, հանրապետականներն ավելի ակտիվ են խաղարկելու ազգային անվտանգության խաղաթուղթը, մասնավորապես՝ «Ռուսաստանի հետ խաղեր տալու» վտանգավորության թեման։ Հաշվի առնելով այն, որ անկում ապրող տնտեսության պայմաններում այդպես էլ չհաջողվեց ապացուցել Բարաք Օբամայի տնտեսական քաղաքականության հիմնազրկությունը, Սպիտակ տան ղեկավարի դեմ գլխավոր զենք է դառնում «Ամերիկան վտանգի մեջ է» թեզիսը։

Իսկ այժմ վերադառնանք Հայաստանի նախագահի արտասահմանյան այցելություններին։ Սեուլի գագաթաժողովից հետո Սերժ Սարգսյանն ուղևորվեց Սինգապուր, որտեղ հանդիպումներ ունեցավ նախագահ Թոնի Թան Կեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ, մասնակցեց ի պատիվ իր՝ Հայաստանի նախագահի Սինգապուրի գործարար շրջանակների հրավիրած ճաշկերույթին, որին ներկա էին խոշոր ձեռնարկատերեր և Սինգապուրի խոշոր կորպորացիաների ղեկավարներ։ Այցելության շրջանակներում պետության ղեկավարը հանդիպեց նաև Սինգապուրի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Մեր տեսության ավարտին անդրադառնանք Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը, որը, կարելի է ասել, առանցքային նշանակություն ունի այն իրադարձությունների համատեքստում, որոնք ծավալվում են Իրանի շուրջ։ Ինչպես հայտնի է, ապրիլի առաջին կեսին նախատեսվում է Իրանի ներկայացուցիչների հանդիպումը միջազգային միջնորդների «վեցյակի» հետ (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները և Գերմանիան), և այդ հանդիպման արդյունքները վճռական դեր են խաղալու այն հարցում, թե ինչպես կզարգանա իրավիճակն Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ։ Եվ ահա, բանակցությունների նախաշեմին բրիտանական արտգործնախարարության ղեկավար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները պատրաստ են մեղմել Իրանի դեմ պատժամիջոցներն այն դեպքում, եթե այդ երկիրը զիջումների գնա իր միջուկային ծրագրի հարցում։ «Մենք գնում ենք այդ բանակցություններին ազնիվ մտադրություններով և բեկման հասնելու անկեղծ ցանկությամբ։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Իրանը բանակցությունների մեջ մտնի նոր տրամադրվածությամբ։ Մենք չենք ձգտում փոխել վարչակարգն Իրանում։ Մենք Իրանի կառավարությունից սպասում ենք ապացույցների, որ երկրի միջուկային ծրագիրն ուղղված է էներգետիկայի զարգացման խաղաղ նպատակների, այլ ոչ թե միջուկային զենքի ստեղծմանը, մենք ակնկալում ենք նաև, որ այն կհրաժարվի այդ զենքն ստանալու պլաններից»,- հայտարարել է բրիտանացի նախարարը։ Հուսանք, որ բեկումը, որի մասին խոսում էր Հեյգը, իսկապես տեղի կունենա, իրադարձությունների հետագա զարգացումը կապված կլինի բացառապես երկխոսության միջոցով հիմնախնդրի լուծման հետ՝ հրաժարվելով ռազմաշունր հռետորաբանությունից և պլաններից, ինչը չափազանց կարևոր նշանակություն ունի ընդհանրապես մեր տարածաշրջանի և մասնավորապես՝ Հայաստանի համար։

Այսպիսին էր համաշխարհային քաղաքականության պատկերը 2012թ. փետրվար-մարտին։    

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am