Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Մարտ 2012, N 2

ՍՏԻ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ ԽՃՃՎԱԾ

ԽՈՋԱԼՈՒԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ

Ասքանազ Աբրահամյան

Փետրվարի 26-ին լրացավ հայ ազատամարտիկների կողմից Խոջալուն (այժմ` Իվանյան) վնասազերծելու և ազատագրելու 20-ամյակը։ Արդեն երկու տասնամյակ ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանն ապացուցել, թե հայերն այստեղ ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել։ Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգաիթում ու Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների կողմից հայազգի բնակչության նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջև։ Թերթենք պատմության էջերը:

Խորհրդային Ադրբեջանում Հեյդար Ալիևի իշխանության տարիներին` 1969-82-ին, իրավիճակը Խոջալուում մեծապես փոխվեց ադրբեջանցիների օգտին: Բաքվի իշխանությունների ճնշման տակ ու նաև ադրբեջանցի հարևանների սանձարձակություններից (գողություններ, ծեծկռտուքներ, սպանություններ, հայ բնակչության նկատմամբ արհամարհանք ու բռնաճնշումներ) հոգնած` հայ բնակչության մեծ մասն աստիճանաբար լքեց գյուղը: Պաշտոնական տվյալներով` 1920-ին Խոջալուում ապրում էր 72 հայ և 2 ադրբեջանցի ընտանիք, 1987-ին ադրբեջանցիների թիվը հասավ 2025-ի, 1989-ին` 2135-ի, իսկ արդեն 1991-ին` 6300-ի: Այստեղ բերվեցին Հայաստանից գաղթած, Ադրբեջանի հեռավոր շրջաններից տեղափոխված ազերի ընտանիքներ, իսկ 1989-ից հետո Խոջալու տեղափոխվեցին Ուզբեկստանից բռնի տեղահանված մոտ 300 թուրք մեսխեթցիներ (54 ընտանիք): Սակայն հարկ է նշել, որ ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների թվով Շուշիից հետո երկրորդը դարձած 6000-անոց Խոջալուի բնակչության մեծ մասն իրականում ազերի ՕՄՕՆ-ականներն ու Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) զինյալներն էին: 1992թ. սկզբներին Խոջալուի և Աղդամի գրոհայիններն ունեին ավելի քան 35 հազ. միավոր գնդացիր ու ավտոմատ:

Այդ օրերին ԱԺՃ-ականները հարձակվեցին Աղդամի մոտ գտնվող նախկին խորհրդային բանակի ռազմամթերքի օկրուգային պահեստի վրա և զավթեցին 728 վագոն հրետանային, 245 վագոն ռեակտիվ արկեր, 131 վագոն հրաձգային ռազմամթերք: Խոջալուում կային 2 «Գրադ», 4 «Ալազան» կայանք, 1 հատ 100 մմ-ոց հրանոթ և 3 միավոր զրահատեխնիկա:

1992-ի փետրվարի կեսերին ԱՊՀ երկրների` Մինսկում կայանալիք գագաթաժողովին մեկնելուց առաջ, հայերի առաջիկա գրոհի մասին տեղեկացված նախագահ Մութալիբովը հրամայեց Աղդամի շրջան տեղափոխել ռազմական տենիկայի ամբողջ ռեզերվը: Այսպիսով` Աղդամում եղած 44 միավոր զրահատեխնիկային, որոնք հանդերձավորված էին 12 մմ-ոց գնդացիրներով, ավելացավ 11 տանկ ու 12 ՀՄՄ-2 (հետևակի մարտական մեքենա):

Աղդամում զինված խմբավորումները վերահսկում էին ԱԺՃ-ականները, որոնք պատասխանատու էին խոջալվեցիներին օգնելու և շրջափակումը ճեղքելու համար: Ռուս գրող-հրապարակախոս Կ.Ստոլյարովը գրում է, որ աղդամյան խմբավորումը ոչ միայն կարող էր ցանկացած պահի օգնության հասնել Խոջալուին, այլև նույնիսկ սպառնալ Ստեփանակերտին:

Ըստ անկախ ռազմական փորձագետների` տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանի տրամադրության տակ հայտնված ռազմամթերքը նպատակային կիրառելու դեպքում լիովին կբավարարեր մեկ տարվա լարված մարտական գործողությունների համար:

1990-ականների սկզբին Ադրբեջանում առանձնանում էին երկու քաղաքական ուժեր. ռուսամետ նախկին կոմունիստները` նախագահ Այազ Մութալիբովի գլխավորությամբ, և Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցությունը (հիմնադիրներ` Աբուլֆազ Էլչիբեյ, Իսա Ղամբար և ուրիշներ), որն ուներ ընդգծված հակառուսական, թուրքամետ դիրքորոշում: Ղարաբաղյան պատերազմը հենց սկզբից Ադրբեջանում դարձավ քաղաքական շահարկումների առարկա: ԱԺՃ-ականները առիթը բաց չէին թողնում ազերի զինյալների հերթական պարտությունից հետո քննադատել երկրի գերագույն գլխավոր հրամանատարին` Մութալիբովին, որն ի պաշտոնե պատասխանատու էր իր ժողովրդի անվտանգության համար: Ընդդիմադիրները սրանով շահում էին ավելի ու ավելի մեծ ժողովրդական զանգվածների համակրանքն ու, փաստորեն, աստիճանաբար մոտենում իշխանական գահին: Պատերազմի ժամանակ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ փաստում են, որ ԱԺՃ-ականները չեն խորշել դիմել քայլերի, որոնք կարելի է բնութագրել «նպատակն արդարացնում է միջոցները» հայտնի ասույթով: 1991-ի նոյեմբերի 20-ին Մարտունու և Աղդամի շրջանների սահմանագծում` Բերդաշեն գյուղի մոտ, ընկավ ադրբեջանական Մի-8 ուղղաթիռը: Վթարից զոհվեցին արտակարգ դրության շրջանի պարետ, գեներալ Ժինկինը, դիտորդական առաքելությամբ տարածաշրջանում գտնվող Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների ներկայացուցիչները, ադրբեջանցի քաղաքական գործիչներ: Ադրբեջանում շտապեցին մեղադրել հայերին, բայց որևէ լուրջ ապացույց չգտնվեց: Ավելին` աղետին ադրբեջանցիների մասնակցության անուղղակի վկայություններ է ներկայացնում ամերիկացի լրագրող Թ.Գոլտցը: Վթարված ուղղաթիռում էին գտնվում Մութալիբովի ամենահավատարիմ գաղափարակիցները, որոնց կորուստը մեծ հարված էր նախագահին: Կորցնելով թիմակիցներին` վերջինս գիտակցեց, որ կորցնում է իշխանությունը Բաքվում: Ռուս գրող-հրապարակախոս Կիրիլ Ստոլյարովը (ադրբեջանական կողմնորոշում ունի, սակայն, ի տարբերություն ԱԺՃ-ամետ և թուրքամետ Գոլտցի, որը երկար ժամանակ աշխատել է Թուրքիայում, կինն էլ թրքուհի է, Ստոլյարովը համակրում է ռուսամետ Մութալիբովին) գրել է, որ Մութալիբովն ափսոսում էր, որ «Ղարաբաղի երկնքում տեղի ունեցած ավիավթարը չի փորձել կապել ընդդիմադիրների ուժեղացած ակտիվության հետ: Այստեղ էր պետք փնտրել առեղծվածի բանալին, ինչը նա, ցավոք, չարեց և շուտով վճարեց դրա համար»: Իսկ ընդդիմությանը ձեռնտու էին այս ավիավթարի նման դեպքերը, որոնք շահարկվում էին մի կողմից Մութալիբովի դիրքերը ցնցելու, ներքին հանրության առջև նրան վարկաբեկելու, մյուս կողմից` արտաքին աշխարհի աչքում հայերին վարկաբեկելու համար: ԱԺՃ-ականները մի գնդակով երկու նապաստակ էին խփում:

Լավ հասկանալով ադրբեջանցիներով բնակեցված Շուշիի, Աղդամի, Խոջալուի ռազմավարական նշանակությունը` ադրբեջանցիները, Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց շատ առաջ, դրանցում կենտրոնացրել էին մեծաքանակ ռազմական տեխնիկա ու ռազմամթերք, օմոնական ջոկատներ և անընդհատ գնդակոծում էին Ստեփանակերտն ու շրջակա հայկական գյուղերը:

Ղարաբաղի բնակչությանը բնաջնջումից փրկելու միակ միջոցը այդ վտանգավոր կրակակետերի վնասազերծումն էր, որին էլ 1992-ի փետրվարի վերջերին ձեռնամուխ եղան Արցախի աշխարհազորայինները: Առաջինը Խոջալուն էր:

Արդեն երկու տասնամյակ ադրբեջանական քարոզչությունը փորձում է համաշխարհային հանրությանը համոզել, որ հայերը Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել։ Ամեն տարի փետրվարի 28-ին Ադրբեջանն ու Թուրքիան նշում են «ադրբեջանցիների ցեղասպանության օրը»: Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում, հետագայում` Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների կողմից հայազգի բնակչության նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջև։

Խոջալուի կրակակետերի վերացումը ղարաբաղցի ջոկատայինները ձեռնարկեցին 1992-ի փետրվարի 26-ին։ Ինչպես նշում են անկախ դիտորդներն ու լրագրողները, մինչև գրոհն սկսելը հայերը, գործելով Ժնևի կոնվենցիաներին համապատասխան, բարձրախոսներով հորդորել են բնակիչներին հեռանալ քաղաքից` անիմաստ զոհեր չտալու համար։ Խոջալուի դեպքերի վերաբերյալ ճշմարտությունը հրապարակելու համար ցայսօր անազատության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող, «Ռեալնի Ազերբայջան» և «Գյունդալիք Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը 2005թ. տպագրած «Ղարաբաղյան օրագիր» նյութում գրում էր. «Հարձակումից մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսներով նախազգուշացնում էին բնակչությանը ծրագրվող գործողության մասին, առաջարկում քաղաքացիական բնակչությանը` լքել ավանը և շրջապատումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով հատկացված մարդասիրական միջանցքով: Խոջալվեցիների խոսքով` նրանք օգտվել են այդ միջանցքից, և, իրոք, միջանցքի այն կողմում գտնվող հայ զինվորներն իրենց վրա կրակ չեն բացել: …Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին` ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին պնդումներն անհիմն են: Միջանցք, իրոք, եղել է, այլապես լիովին շրջապատված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալվեցիները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը և դուրս գալ շրջապատումից: Սակայն, Կարկառ գետից այն կողմ տեղանքը հաղթահարելով՝ փախստականների շարանը բաժանվեց, և, չգիտես ինչու, խոջալվեցիների մի մասն ուղղվեց կամ ինչ-որ անձանց կողմից ուղղորդվեց Նախիջևանիկի կողմը: Թվում էր` Ադրբեջանի ժողովրդական ճակատի գումարտակները ոչ թե խոջալվեցիների ազատագրմանն էին ձգտում, այլ Մութալիբովին տապալելու ճանապարհին ավելի շատ արյուն հեղելուն: …Տարօրինակն ու զայրացուցիչն այն է, որ հայերի տեղատարափ կրակի տակ Աղդամի մատույցները դժվարությամբ հասնող մեր ուղղաթիռները` թողած մի կերպ Աղդամ հասած ու փրկված Խոջալուի բնակիչներին, հապշտապ այնտեղից տեղափոխում էին անասուններին: Ո՞վ էր նրանց այդպիսի սահմռկեցուցիչ հանձնարարություն տվել: Հայե՞րը…»:

Մեկնաբանություններն ավելորդ են: Հոդվածի հեղինակին ձերբակալել և 2,5 տարվա ազատազրկման են դատապարտել 2007թ. ապրիլին՝ «Խոջալուի բնակիչներին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով։ Ձերբակալությունից հետո արդեն նոր մեղադրանքներ են առաջադրվել, և 2007թ. հոկտեմբերի վերջին Ֆաթուլաևին դատապարտել են արդեն 8,5 տարվա ազատազրկման: Բանն այն է, որ Խոջալուն դարձնելով շահարկման առարկա` ադրբեջանցիները, ավելի ստույգ՝ Ժողճակատը` Էլչիբեյի գլխավորությամբ, հետագայում՝ հայր և որդի Ալիևները, մի ձեռքով երկու ձմերուկ էին բռնում. նախ՝ երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար ժողովրդի թշնամի հայտարարեցին և իշխանությունից հեռացրին գործող նախագահ Այազ Մութալիբովին, հետո` Բաքվում ու Սումգաիթում, Կիրովաբադում ու Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությանը հակակշիռ ստեղծելու նպատակով շինծու մեղադրանքներ վերագրեցին հայերին, թե նրանք էլ Խոջալուում են սպանդ արել։

Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել Խոջալուում։ Արտասահմանյան, հայկական, ադրբեջանական անկախ աղբյուրների, Ադրբեջանի 1-ին նախագահ Այազ Մութալիբովի ասածների վերլուծությունները ցույց են տալիս, որ Աղդամում տեղակայված ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները դիտմամբ ապակողմնորոշել են Խոջալուի բնակիչներին ու զինվորական խմբերին` նրանց այդ ժամանակ դեռևս իրենց ձեռքի տակ գտնվող Աղդամի փոխարեն ուղարկելով, իբր, արդեն ադրբեջանցիների ազատագրած հայկական Նախիջևանիկ գյուղ։ Ընդհարվելով գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ և տալով մի քանի տասնյակ զոհեր՝ խուճապահար ադրբեջանցիները փախչում են դեպի Աղդամ։ Հենց Աղդամի մոտ էլ տեղի են ունենում ադրբեջանցիների զանգվածային սպանությունները հատուկ հանձնարարություն ստացած յուրայինների կողմից։ Այս տարածքը գտնվում է Աղդամից 3,5 և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա և մինչև 1993թ. հուլիսի վերջերն ադրբեջանական զինված ուժերի մշտական հսկողության տակ էր։ Ավելորդ է ասել, որ հայկական ջոկատների ներկայությունն այդ տարածքում անհնար էր։ Անկախ աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանցի զինվորները մթության մեջ նահանջող ադրբեջանցի զինվորներին ու Խոջալուի բնակիչներին կամ շփոթել են հարձակվող հայերի հետ ու նրանց առել տեղատարափ կրակի տակ, կամ էլ, ինչն ավելի հավանական է, հատուկ միտումով ու հանձնարարությամբ ոչնչացրել են յուրայիններին, որպեսզի հետո ժողճակատայինները դիակներն ազատորեն «հարմարեցնեն» իրենց նպատակներին, մանավանդ որ մեռնողները ոչ թե ադրբեջանցի էին, այլ թուրք մեսխեթցիներ, որոնց նկատմամբ ադրբեջանցիներն այնքան էլ բարեհաճ չէին։

Տեղին է հիշել Խոջալուի դեպքերի ականատես, չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի վկայությունը. «Դիակներն առաջին օրն այլանդակված չէին, և բոլոր մահացածները հագուստներով էին։ Այդ դիակներն այլանդակվել են հետո»։ Նա նաև պատմել է Խոջալուի մատույցներում տեղի ունեցած այլ գազանությունների մասին։ Մազալովայի խոսքով, սկզբում կրակել են մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան փախչել, հետո կացիններով սպանել են ու հանել գանգամաշկը։ Մազալովան հայտնել է, որ ադրբեջանական կողմից Խոջալուի դեպքերը ճշմարտորեն լուսաբանել է միայն հեռուստալրագրող Չինգիզ Մուսթաֆաևը, որը 1992թ. հունիսի 15-ին Նախիջևանիկի մոտ զոհվել է այն բանից հետո, երբ DPA գործակալությանը տված հարցազրույցում կասկածել է, որ «Խոջալուի ողբերգության» մասին 92-ի փետրվարի 28-29-ին նկարահանած իր և հետագայում իրեն վերագրվող ու իշխանամետ լրատվամիջոցների կողմից աշխարհով մեկ սփռվող կադրերի տարբերությունն ահռելի է. փոխվել են դիակների տեղերն ու դիրքերը, շատ դիակներ այլանդակվել են, մի քանիսը` գլխատվել…

Ճշմարտությունը հրապարակելու համար զոհ է դարձել նաև «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը` անհայտ չարագործի ձեռքով 2005թ. մարտի 2-ին սպանվելով իր տան շեմին: Խորհրդավոր հանգամանքներում զոհվել են նաև շուրջ 10 հոգի, որոնք, ծառայության բերումով Խոջալուի դեպքերի ականատեսն են եղել և կարող էին իշխանությունների հնարած առասպելներին հակառակ բացահայտումներ անել:

Ահա թե ինչ է գրում Ադրբեջանում հայտնի վերլուծաբան Էլմար Հուսեյնովը «Մոնիտորում» տպագրված հոդվածներից մեկում. «Այսօր Ադրբեջանում նշում են մահվանից հետո որդու կողմից «համաժողովրդական առաջնորդ» հռչակված Հեյդար Ալիևի մահվան 6-րդ տարելիցը: Ասում են՝ մեռյալների հետևից կամ լավը, կամ ոչինչ։ Քանի որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հեյդար Ալիևի մասին լավ բան ասել հնարավոր չէ, ավելի լավ է պահենք ավանդույթն ու լռենք, չնայած լռելն այս դեպքում այնքան էլ հեշտ չէ։ Բայց կլռենք։ Կլռենք նրա «երկակի» ծնունդի, դասալքության, փաստաթղթեր կեղծելու մասին, որի շնորհիվ հաջողացրեց ճողոպրել Հիտլերի դեմ կռվող խորհրդային բանակ զորակոչվելուց, չենք հիշի նրա ազգության մասին, չենք պատմի նրա հարյուրավոր ընդդիմախոսների մասին, որոնք խորհրդավոր պայմաններում արագորեն անհետանում են ասպարեզից կամ ոչնչացվում, չենք պատմի նրա կողմից կազմակերպված Խոջալուի բնակիչների կոտորածի, ռազմական հեղաշրջման մասին (ընդգծումն իմն է- Ա.Ա.)։ Մի խոսքով՝ մենք կլռենք... Կլռենք, քանի որ նա մահացած է, իսկ մեռյալների մասին, ինչպես ասացինք, կամ լավը, կամ ոչինչ»։

Կարելի է ասել, ճշմարտությունը բարձրաձայնած միայն մեկ լրագրողի` Էյնուլա Ֆաթուլաևի «բախտն է բերել», որը, ճիշտ է, չի սպանվել, բայց արդեն քանի տարի ճաղերի հետևում է։ Լրագրողի մեղքն այն է, որ ասել է, թե հայերն, իրոք, մարդասիրական միջանցք թողել են, իսկ Ադրբեջանի կողմից այսօր ցուցադրվող կադրերը Մուսթաֆաևի նկարահանածները չեն, սարքովի են կամ նկարվել են համապատասխան «մշակումից» հետո, որը հայերի ձեռքի գործը լինել չէր կարող, քանի որ դիակները գտնվում էին Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում: 1992թ. ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ասել է. «Ինչպես ասում են այն խոջալվեցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժ է գործել նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ ճշտորոշ կերպով և գործիմացությամբ էին վարվում նման իրավիճակներում, կարող էին թույլ տալ ֆաշիստական գործողություններ, որպեսզի փաստ լինի ադրբեջանցիների ձեռքում... Եթե ես հայտարարեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ։ Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնված է եղել։ Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին։ Առավել ևս, Աղդամին մոտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ ուժեր կային (ադրբեջանական– Ա.Ա.), որպեսզի դուրս գան և օգնեն մարդկանց»:

Արտասահմանցի լրագրողների մի խումբ այդ ժամանակ գտնվում էր Աղդամում: ԱՊՀ ԶՈւ հրամանատար Շապոշնիկովի ու հայկական կողմի համաձայնությամբ ԱՌՕ տրամադրած երկու մարտական ուղղաթիռով լրագրողները փետրվարի 29-ին հասել են Խոջալու: Բայց խոջալվեցիների սպանդի մասին նախապես տեղեկացված լրագրողները Խոջալուում ոչինչ չեն գտել: Վերադարձին Նախիջևանիկի մերձակայքում, սակայն, նրանք նկատել են խոջալվեցի փախստականների ու զինյալների մի քանի տասնյակ դիակներ, որոնք զոհվել էին Նախիջևանիկի գիշերային մարտում: Կ.Ստոլյարովը գրում է, որ հետագայում, երբ Մութալիբովը պաշտոնաթող էր եղել, ադրբեջանցի հայտնի հեռուստալրագրող Չինգիզ Մուսթաֆաևը նրան պատմել է Խոջալու կատարած թռիչքի մասին` նշելով, որ իրեն չի հաջողվել դիակներ նկարահանել, քանի որ «այնտեղ սպանվածներ ընդհանրապես չկային…»: Բայց ահա, նույն օրը` փետրվարի 29-ին, լրագրողներն իսկապես տեսել ու նկարահանել են խոջալվեցիների բազմաթիվ դիակներ, սակայն` արդեն ադրբեջանական դիրքերի մերձակայքում: Ահա թե ինչ է պատմում ռուս հեռուստալրագրող Յուրի Ռոմանովը, որը եղել է Մուսթաֆաևի հետ. «Ես նայում եմ կլոր պատուհանից (ուղղաթիռի) դուրս... Այդ ողջ հսկայական տարածքը ծածկված է կանանց, պապիկների, տատիկների, բոլոր տարիքների` նորածնից մինչև դեռահաս տղաների ու աղջիկների դիակներով… Մարմինների զանգվածից աչքս տարանջատում է երկու ֆիգուր` տատիկ ու աղջնակ: Տատը` ճերմակահեր, չծածկված գլխով, ընկած է բերանքսիվայր` կապյուշոնով երկնագույն բաճկոն հագած փոքրիկ աղջկա կողքին: Նրանց ոտքերը, չգիտես ինչու, կապված են փշալարով, կապված են նաև տատի ձեռքերը: Երկուսն էլ գնդակահարված են գլխից...»: Վկայում է ուղղաթիռային էսկադրիլիայի փոխհրամանատար, մայոր Լեոնիդ Կրավեցը. «Փետրվարի 26-ին ես Ստեփանակերտից դուրս էի բերել վիրավորներին ու վերադառնում էի Ասկերանի դարպասներով: Ներքևում ինչ-որ վառ կետեր ընկան աչքիս: Ավելի իջա, ու այդ պահին բորտմեխանիկս բղավեց. «Նայեք, այնտեղ կանայք ու երեխաներ են»: Ես ինքս էլ արդեն տեսնում էի լանջին ընկած մոտ 200 սպանվածի, որոնց կողքին զինված մարդիկ էին թափառում: Հետո թռանք, որ դիակները վերցնենք: Մեզ հետ էր տեղի միլիցիայի մի կապիտան: Նա այնտեղ տեսավ ջախջախված գանգով իր քառամյա որդուն ու խելագարվեց: Մեկ այլ երեխայի, որին մենք հասցրինք վերցնել, մինչև մեզ վրա կսկսեին կրակել, գլուխն էր կտրված: Կանանց, երեխաների ու ծերերի այլանդակված դիակներ ես տեսնում էի ամենուրեք… Ինչպես ասում են, դրանք խոջալվեցի փախստականներն էին: Ադրբեջանական առաջնային դիրքերից մոտ 800 մետրի վրա նրանց դարանակալել էին: Հրաշքով միայն մի փոքրիկ աղջիկ էր փրկվել…»: Դիակները գտնվել են ադրբեջանական դիրքերից շուրջ 800 մետրի վրա, Շելլի գյուղի մոտ, Նախիջևանիկից, առավել ևս` Խոջալուից բավական հեռու: Սա խոսում է այն մասին, որ սպանված խոջալվեցիների գերակշիռ մասը դարձել է յուրայինների` աղդամցի դիրքապահների զոհը: Մարտի 2-ին լրագրողները երկրորդ անգամ վայրէջք կատարեցին նշված տեղանքում: Նրանց առջև բացվեց աննախադեպ սարսափելի տեսարան:

Լոնդոնյան «Թայմսի» թղթակից Անատոլ Լիվենը գրում է. «Երկու խումբ, թերևս, երկու ընտանիք միասին էին սպանվել. կանայք բռնել են երեխաներին: Նրանցից մի քանիսի, այդ թվում` փոքրիկ աղջկա գլխին սարսափելի վերքեր կային. փաստորեն միայն դեմքն էր մնացել»: «Ռոյթերսի» լուսանկարիչ Ֆրեդերիկա Լանգենը հաղորդել է, որ տեսել է ադրբեջանցիների դիակներով լի երկու բեռնատար. «Առաջին բեռնատարում ես հաշվեցի 35, և, կարծես, երկրորդում էլ այդքան էին: Մի քանիսի գլուխները կտրված էին, շատերն այրված էին: Դրանք բոլորը տղամարդիկ էին, բայց քչերն էին պաշտպանական համազգեստով»: «Իզվեստիայի» թղթակից Վ.Բելիխ. «Գիշերային սարսափում էլ նման բան չես տեսնի. փորված աչքեր, կտրված ականջներ, գանգամաշկված դեմքեր, կտրված գլուխներ: Կապուկներ մի քանի դիակներից, որոնք զրահափոխադրիչների հետևից պարաններով երկար ժամանակ քաշել են գետնի վրայով: Ծաղրուծանակին սահման չկա» :

Ադրբեջանցիների հորինած «Խոջալուի ցեղասպանության» առասպելի կարևոր դրվագներից մեկն էլ տուժածների մասին տվյալներն են: Ազերիներն այնքան անհաջող էին պատրաստել այդ մեծ սուտը, որ ոչ միայն իրենց հայրենակիցներից ոմանք չէին հավատում դրան, այլև մինչև հիմա չպարզված է մնում զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների ու գերիների ստույգ թիվը:

Փետրվարի 26-ի առավոտյան ԳԽ նախագահ Է.Ղաֆարովան հայտարարել էր ընդամենը 2 զոհի և գրոհի հետմղման մասին: Որոշակի լռությունից հետո ՆԳ նախարար Քերիմովը «Ինտերֆաքսին» հաղորդեց հետևյալ թվերը` 100 սպանված, 250 վիրավոր ու շուրջ 300 անհայտ կորած: Բաքվի իշխանությունները, լավ գիտակցելով հանդերձ, որ ողբերգությունը ձեռնտու էր ԱԺՃ-ին, համաշխարհային հանրության առաջ մեղադրեցին հայերին: Ադրբեջանական քարոզչամեքենան գործի անցավ. «Քաղաքի գրոհը սկսվել է երկժամյա հրետանային նախապատրաստությամբ, որն իրականացվում էր տանկերից, զրահատեխնիկայից և «Ալազան» տիպի կայանքներից: Խոջալուն շրջափակված էր երեք կողմերից, և մարդիկ փորձում էին փրկվել Ասկերանի ուղղությամբ: Բայց շուտով հասկանալի դարձավ, որ դա եղել է ծուղակ: Նախիջևանիկ գյուղի մերձակայքում հայկական կազմավորումները կրակ են բացել անզեն մարդկանց վրա…

Արդյունքում սպանվել է 613, վիրավորվել 487 մարդ…»: «Բակինսկի ռաբոչին» (28.02.1992) գրել է. «…Ականատեսների խոսքերով` փետրվարի 26-ը իրենցից շատերի համար դարձել է կյանքի վերջին օրը… Կանայք, երեխաներն ու ծերերը փրկության ապաստան գտնելու համար շտապել են Աղդամ: Բայց ճանապարհին` Նախիջևանիկ գյուղի մոտ, նրանց կրկին դիմավորել են գնդակները: Եվ այստեղ զոհվել են մարդիկ, նրանց մարմինները մնացել են ևս մի ողբերգության վայրում… Աղդամի հիվանդանոցը լի է վիրավորներով. այստեղ միայն խոջալվեցիների թիվը մոտ 120 է»: Փաստորեն, «Բակինսկի ռաբոչին» էլ է վկայում, որ իրենց հայրենակիցները սպանվել են հայկական դիրքերից շատ հեռու տարածքում, բնականաբար, ադրբեջանցիների կրակոցներից… Մարտի առաջին շաբաթում ադրբեջանական ու թուրքական ԶԼՄ-ի, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնյաների փոխանցմամբ՝ արևմտյան պարբերականներում տվյալներ հայտնվեցին հազարավոր սպանվածների մասին: Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ռասիմ Աղաևը, վկայակոչելով Խոջալուի քաղաքապետ Մամեդովին, հաղորդել է հազարավոր զոհերի, մի քանի հազար վիրավորների, 1500 անհայտ կորածների մասին ։ Մարտի 2-ին «Հանուն Ադրբեջանում դեմոկրատական բարեփոխումների և մարդու իրավունքների» շարժումը Մոսկվայում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին է հանձնել «Աշխարհի ժողովուրդներին» դիմումը, որտեղ ասվում է. «1992-ի փետրվարի 26-ի լույս գիշերը հայկական ազգային բանակը ԱՊՀ 366-րդ գնդի մասնակցությամբ երկրի երեսից սրբել է Խոջալու քաղաքը: Այդ գիշեր սպանվել է 1324 ադրբեջանցի» ։ Ամերիկացի Թ.Գոլտցը իր գրքում որպես զոհվածների թվի պաշտոնական տվյալ է նշել 478-ը... «Մեմորիալի» դիտորդները, հիմնվելով փախստականների պատմածների վրա, գրել են, որ կրակահերթերի տակ հայտնված խոջալվեցիները ցրվել են: Մի մասը կարողացել է հասնել Աղդամ, մի մասն էլ` հիմնականում կանայք ու երեխաներ, սարերով թափառելու արդյունքում ցրտահարվել է, Աղդամ հասածների վկայությամբ` որոշներն էլ գերվել են Նախիջևանիկ ու Փրջամալ (Վարդաձոր) գյուղերի մոտ: Հետագայում հայերի կողմից ադրբեջանցիներին հանձնված փախստականները պատմել են, թե իրենք` կանայք, երեխաներն ու տղամարդիկ, պահվել են որպես «փոխանակման հումք» (իրականում փոխանակվել են միայն գերված ազերի զինյալները, մյուսները բաց են թողնվել առանց նախապայմանի): Նույն խոջալվեցիները պատմել են, թե որոշ գերիներ էլ գնդակահարվել են: Դիտորդները գրել են նաև, որ հայերը կրակել են նաև երկրորդ ուղիով (Խոջալուի հյուսիսային ծայրամասից դեպի հյուսիս-արևելք` Ասկերանը թողնելով աջ) հեռացողների վրա: Բայց ստացվում է, որ վերջիններս Նախիջևանիկի ուղղությամբ գնացողների պես թողել են հայերի տրամադրած «միջանցքն» ու շարժվել այլ ճանապարհով` մթության մեջ ակամա դուրս գալով հայկական պահակակետերի դեմ: Մեջբերենք «Մեմորիալի» զեկույցից մի հատված. «4 օրվա ընթացքում Աղդամ է տեղափոխվել մոտ 200 մարմին... Փորձագետների եզրակացությունից հետևում է, որ 151-ի մահվան պատճառ են եղել հրազենային վերքերը, 20-ինը` բեկորային վնասվածքները, 10-ինը` բութ առարկայով հարվածները...»։ Մեկ այլ տեղ դիտորդները գրել են, որ ԼՂՀ անանուն պետական պաշտոնյաներն իրենց հայտնել են, որ Աղդամ են հանձնել Խոջալուում ու Նախիջևանիկի մոտ զոհված զինվորական ու քաղաքացիական անձանց 120-130 դիակ, որոնցից 96-ը թաղվել են Աղդամում, մյուսների մարմինները տարել են հարազատները: Բաքվի «Օրդու» թերթը 1992-ի մայիսին գրել է, թե 479 սպանվածների անունները ճշտված են, իսկ 200-ի անձը դեռևս չի հաջողվել հաստատել: Որպես սպանվածների իրական թիվ ՊՆ մամլո քարտուղար Լեյլա Յունուսովան նշել է 700-ը: Շուտով այս թիվը դարձել է 688 զոհ և 400 անհայտ կորած: Թ. Գոլտցը նշում է, որ միջազգային Կարմիր խաչի աղդամյան բաժանմունքից հենց այսքան սանիտարական պարկ են խնդրել:

Միանգամայն հասկանալի է, որ ադրբեջանցիները հակասական ու առավել ուռճացրած թվեր են ներկայացրել նաև միջազգային ատյաններին: Մարդասիրական կազմակերպություններին ուղղված դիմումներում խոսվում է 3000-3500 զոհերի մասին: 1993-ի նոյեմբերի 30-ին նախկին վարչապետ, այդ ժամանակ արդեն ԱԳ նախարար Հ.Հասանովը ԵԱՀԽ (այժմ` ԵԱՀԿ) արտգործնախարարների նիստում հայտարարել է «ավելի քան 800» զոհերի մասին: 1992-ի նոյեմբերի 12-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորական քննչական հանձնաժողովը հայտարարեց, որ «ողբերգության ժամանակ Խոջալուում եղել է շուրջ 4000 բնակիչ: Հանձնաժողովի տվյալներով` այդ իրադարձությունների ընթացքում զոհվել է 450, վիրավորվել 400 հոգի, անհետ կորել են մոտ 80-ը, իսկ 20-ը գերի են ընկել»: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության կողմից Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին 2002թ. ապրիլի 23-ին ուղղված նամակում ներկայացված են հետևյալ թվերը. զոհեր (այդ թվում` ցրտահարությունից մահացածներ)` 613, որոնցից` 63 երեխա, 106 կին, 70 տարեց մարդ, 8 ընտանիք ոչնչացվել են ամբողջովին, 25 երեխա դարձել է երկկողմանի որբ, 130-ը` միակողմանի, 487 վիրավոր, որից` 76 երեխա, 1275 գերի, 150 անհայտ կորած: Այս վերջին տվյալներն այսօր լայնորեն տարածվում են ադրբեջանական քարոզչության կողմից:

Ադրբեջանական պոչավոր ստերի գլուխգործոցն է այն, որ Բաքվում խոջալվեցիների զանգվածային սպանությունների մասին լուրերը սկսել էին շրջանառվել փետրվարի 25-ի երեկոյան` հայերի գրոհից դեռ ժամեր առաջ: Ուրեմն` ինչ-որ մեկը խիստ շահագրգռված էր բոթը վայրկյան առաջ ժողովրդին հասցնելու և մայրաքաղաքում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու, իշխանությունն օր առաջ զավթելու համար:

Մի բան պարզ է. Խոջալուի անմեղ նահատակները, որոնց մահվան համար ցավում է ինչպես աշխարհի ողջ մարդկությունը, այնպես էլ հայ ժողովուրդը, Ադրբեջանի իշխանություններ-ընդդիմություն կատաղի աթոռակռվի զոհերն են, հայերը` քավության նոխազ, որոնց այսօր վերագրում են Թուրքիայի ու եղբայրակից Ադրբեջանի բոլոր անհաջողությունները։ Նույն էթնոսն է, նույն ձեռագիրը։

Այնուհանդերձ, առողջ տրամաբանությունը, աշխարհի ճշմարտախոս լրագրողներն ու անշահախնդիր դիտորդները, մանրակրկիտ ուսումնասիրելով տեղի ունեցածն ու զրուցելով ականատեսների հետ, վերլուծելով նրանց ասածները, համոզված են և փաստում են, որ ադրբեջանական ու թուրքական ստահոդ պնդումներն ինչ-ինչ նպատակների են միտված, և որ նրանց հավատում են միայն որոշակի շահեր հետապնդողներն ու թուրքամետ հայատյացները։


1«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994» հանրագիտարան:
2Կ.Ստոլյարով, «Անկում. Լեռնային Ղարաբաղից մինչև Բելովեժյան թավուտ»:
3ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթ, համար 8, 2008:
4«Նեզավիսիմայա գազետա», 18.06.1992:
5«Սովերշեննո սեկրետնո», համար 8, 1994:
6Հ.Դեմոյան, Լ.Մելիք-Շահնազարյան, «Խոջալուի գործը. հատուկ թղթապանակ»:
7T. Goltz, Azerbaijan Diary:
8Կ.Ստոլյարով, նշվ. աշխ.:
9Կ.Ստոլյարով, նշվ. աշխ.
10Յու. Ռոմանով, «Ես նկարահանում եմ պատերազմը…», www.library.cjes.ru:
11Է.Ախունդովա, «Խոջալու: Ցեղասպանության խրոնիկան»:
12«The Times», 03.03.1992:
13«The New York Times», 03.03.1992:
14«Իզվեստիա», 14.03.1992:
15«Նեզավիսիմայա գազետա», 27.02.1992:
16«The Times», 02.03.1992, «New York Times», 03.03.1992, «Boston Globe», 02.03.1992:
17«Նեզավիսիմայա գազետա», 29.02.1992:
18Նեզավիսիմայա գազետա», 04.03.1992:
19«Նեզավիսիմայա գազետա», 18.06.1992:
20Նույն տեղում:
21«The Independent», 12.06.1992:
22T.Goltz, Azerbaijan Diary:
23«Իզվեստիա», 14.11.1992:
24Կ.Ստոլյարով, «Անկում. Լեռնային Ղարաբաղից մինչև Բելովեժյան թավուտ»:

 

Հոդվածը պատրաստելիս օգտվել ենք «Հետք» ինտերնետային կայքից, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը- Ա.Ա.:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am