Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Գիտություն և կրթություն

Գիտություն և կրթություն
Մարտ 2012, N 2

ՍԻՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ, ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԵՎ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Արմեն Մխիթարյան, պատմաբան

Ինչպես հայտնի է, անցյալ դարի 30-ական թվականներին ավստրիացի տրամաբան և մաթեմատիկոս Կուրտ Գյոդելը իր «ոչ լրիվության մասին» թեորեմում մաթեմատիկորեն ապացուցել է, որ էմպիրիկ փաստերը համակարգող և ընդհանրացնող օրենքները կամ հիպոթեզները հնարավոր է բացատրել միայն որևէ համադրույթի, դեդուկցիոն համակարգի կամ պարադիգմի օգնությամբ, որոնք ունեն բացատրական և տրամաբանական մեծ ներուժ: Պարադիգմը կամ դեդուկցիոն համակարգը, որպես կանոն, դիտվում կամ համարվում է էքսպլանանս այն դեպքում և որպես այդպիսին մնում անսասան այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում է բավարար չափով բացատրել այս կամ այն երևույթը կամ փաստը, իսկ, երբ գիտնականների կողմից հայտնաբերվում կամ բացահայտվում են միանգամայն նոր իրողություններ ու անոմալիաներ, որոնք հնարավոր չէ բացատրել գերիշխող պարադիգմի տեսանկյունից, ապա, բնականաբար, նոր պարադիգմալ տեղաշարժի և նոր տեսությունների առաջացման անհրաժեշտություն է առաջանում: Այս առումով, մեր հայացքի առջև ծավալվող գիտական հեղափոխության դարաշրջանը, ակներևաբար, առաջադրում է այնպիսի հիմնախնդիրներ և ձևակերպում այնպիսի հարցեր, որոնց պարզ սպառիչ և հիմնավոր պատասխանները հնարավոր չէ գտնել նյուտոնյան գծային պարադիգմի շրջանակներում, ինչը, անտարակույս, սասանում է այդ պարադիգմի «գերիշխանության» դիրքերը և նոր պարադիգմալ տեղաշարժի անհրաժեշտություն առաջացնում: Այդ տեղաշարժի նշանները և հայտանիշներն արդեն իսկ նկատելի են այսօր և ցույց են տալիս, որ տիրապետող պարադիգմի բարձր կարգավիճակին այսօր հավակնում է հենց սիներգետիկան` դիսսիպատիվ բարդ համակարգերի ինքնակազմակերպման տեսությունը, որը բազմաթիվ ձեռքբերումներով արդեն ապացուցել է իր ընդունակությունը կուտակված բազում հիմնախնդիրներին լուծումներ առաջարկելու, հետազոտվող երևույթների կառուցվածքները, դրանք առաջացնող պատճառներն ու ներքին մեխանիզմները բացահայտելու, ինչպես նաև մարդու, հասարակության և բնության էվոլյուցիայի, զարգացման բնույթը ճիշտ գնահատելու գործում:

Շտուտգարտի համալսարանի պրոֆեսոր Հ.Հակենը, որ համարվում է ինքնակարգավորվող բարդ համակարգերի տեսության հեղինակներից և հիմնադիրներից մեկը, իր «Կարո՞ղ ենք արդյոք կիրառել սիներգետիկան մարդու մասին գիտությունների մեջ» հոդվածում, սիներգետիկայի հայտնության հետ կապված գրում է հետևյալը. «Մոտ քսան տարի առաջ ես հարց դրեցի. գոյություն ունե՞ն արդյոք ինքնակարգավորման ընդհանրական օրենքներ, և առաջարկեցի այս հարցն ուսումնասիրել և քննարկել նոր համադրույթի ներսում, ինչը ես անվանեցի սիներգետիկա: Վերջինս ունի հունական ծագում և նշանակում է գիտություն համագործակցության և կոոպերացիայի մասին: Հարցը, թե նրանում գոյություն ունեն ընդհանուր օրենքներ և սկզբունքներ, թվում էր փոքր-ինչ զարմանալի և անգամ արտասովոր, քանի որ ենթադրվում էր, որ համակարգի մասերը կարող են լինել տարաբնույթ, սկսած, ասենք` հեղուկի մոլեկուլներից մինչև մարդկային անհատները»: Վերադառնալով խնդրո առարկա թեմային` սիներգետիկայի նախապատմությանը, Հակենը հետագայում, իր հարցազրույցներից մեկում ավելի է մանրամասնում այն. «Ես ընտրեցի սիներգետիկա բառը, քանզի գիտական շատ տեսություններ ամրացված են հունական տերմիններով: Փնտրեցի այնպիսին, որը կարտահայտեր իմաստը համատեղ գործունեության ու էներգիայի փոխակերպման, ինչպես նաև այն, թե ինչպես են ինքնակազմակերպվում համակարգերը, քանզի ենթադրվում էր, որ նրանք ձգտում են ստեղծել նոր կառուցվածքներ ու համակարգային նոր բնութագրումներ: Ես նպատակադրվեցի շրջանառության մեջ դնել գիտական նոր ուղղություն, որը կզբաղվեր վերոհիշյալ խնդիրների ուսումնասիրությամբ, և արդեն այն ժամանակ նկատեցի, որ գոյություն ունի ապշեցուցիչ նմանություն միանգամայն տարբեր երևույթների, օրինակ` լազերային ճառագայթների և սոցիալական գործընթացների կամ էվոլյուցիայի միջև, ինչն այսբերգի երևացող մասն էր միայն: Այն ժամանակ ես արդեն չէի կասկածում, որ սիներգետիկան կարող է ազդեցություն ունենալ բազմաթիվ գիտական ուղղությունների վրա, այդ թվում` հոգեբանության և փիլիսոփայության վրա»: Եվ իրավ. իր ծննդյան պահից առ այսօր անցել է ընդամենը մի քանի տասնամյակ, բայց այդ համեմատաբար ոչ երկար ժամանակահատվածում սիներգետիկան կարողացել է աննախընթաց քայլերով ու անկասելի հաղթարշավով մուտք գործել գիտության գրեթե բոլոր ոլորտները և իր հաստատուն ու արդար ներկայությունն ունենալ այդտեղ, էական հանգամանք, որ ցույց է տալիս նրա թե՛ եզակի կենսունակությունը, թե՛ հուսալիությունը և թե՛ բարձր արդյունավետությունը: Այդ հաջողության գաղտնիքը, անտարակույս, այն է, որ առաջնահերթ հաշվի առնելով նոր իրողություններն ու փաստերը և օգտագործելով մի շարք գիտաճյուղերի, մասնավորապես՝ հավանականության տեսության, բոգդանովյան տեկտոլոգիայի և կիբեռնետիկայի նվաճումները, սիներգետիկան կարողացավ առաջարկել օբյեկտիվ իրականության ընկալման և աշխարհայեցողության ավելի ճկուն և դինամիկ մոտեցումներ և ձևավորել աշխարհի գիտական, կրոնական և փիլիսոփայական պատկերների դրական համամիսանությունն ու աշխարհի խճանկարային, բազմաշերտ պատկերը: Ճգնելով ոչ գծային մտածողության «կախարդական փայտիկով» բանալ աշխարհապատկերն այդ ծածկող, «աչք շոյող ոսկե վարագույրը», մեր առջև իսկույն հառնում է Արարչագործության թագն ու պսակը հանդիսացող ինչպես աջակողմյան և վերընթաց զարգացման, ծավալման` գալարաձև, պարուրաձև, ոլորուն պարանասանդուղք հիշեցնող, տեղ-տեղ միացող, բիֆուրկացիոն կետեր կազմող, հիերարխիկ աստիճաններ ունեցող նպատակառացիոնալ և հարաբերականորեն ռացիոնալ ուղիների, այնպես էլ վայրընթաց և ձախակողմյան զարգացման, նույնպես գալարաձև, պարուրաձև, սակայն իռացիոնալ և քայքայիչ` Մինոտավրոս տանող ճանապարհների ողջ համալիրն իր ինքնատիպ տեսքով ու խաչաձև կառուցվածքով: Վերջինիս առանցքը կազմում է «ունիվերսալ կոնվերգենցիայի հոգևոր ու տրանսցենդենտ բևեռը» (Թեյար դը Շարդեն), կամ էլ, ինչպես կասեր ճանաչված գիտնական Հովհաննես Դավթյանը, «գեոնային լուսապսակը», որը, սիներգետիկական ըմբռնման համատեքստում կոչված է կանոնավորելու, կարգավորելու բաբախող աշխարհի կենսագործունեության ռիթմը, ինչպես նաև նորոգելու տիեզերքի բոլոր թևերի միջև գոյություն ունեցող Էնտրոպիա-նեգէնտրոպիա դինամիկ հավասարակշռության վիճակը, որ միշտ, անընդհատ ու անդադար խախտվում է բոլոր բիֆուրկացիոն կետերում տեղի ունեցող ֆլուկտուացիաների շնորհիվ, երբ համակարգային պարամետրերը, նախնական պայմանների փոքր փոփոխությունները, հասնելով մակրոսկոպիկ մակարդակի ու կրիտիկական նշանակության, համակարգը վերջին հաշվով կանգնեցնում են նոր իրողությունների և որակական նոր հատկությունների ձեռքբերման անհրաժեշտության առաջ: Այդ ֆլուկտուացիաներն ուղեկցվում են գրավիտացիոն, էլեկտրամագնիսական և իներցիալ ալիքներով, որոնք յուրաքանչյուր համակարգի, օրգանական և անօրգանական ցանկացած տարրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասցնում են գեոնային լուսապսակին, որտեղ էլ ստացված տեղեկատվության ողջ բազայի հաշվառմամբ ճշգրտվում և որոշարկվում են համակարգային զարգացման հետագա բոլոր գործընթացները, ուղղություններն ու հեռանկարները: Ըստ որում, որոշելով այդ գործընթացներն ու ուղղությունները, բարձրագույն աստվածային իրականությունը ելնում է այն էական հանգամանքից, թե յուրաքանչյուր համակարգ կամ համակարգային տարր, զարգացման կոնկրետ հանգրվանում, գործունեության որոշակի շառավիղներով և ռեսուրսներով հանդերձ, որքանով է կարողացել կամ հաջողել արձագանքել արտաքին աշխարհից առաքված գրգիռներին և հաղթահարել անկայունության, քաոսի, ճգնաժամերի, անհավասարակշռության հետևանքները, այլ կերպ ասած՝ որքանով է կարողացել ապահովել զարգացման և առաջընթացի բոլոր պահանջները և ձևավորել կայուն համահարաբերակցություն իր և շրջապատող աշխարհի միջև: Սիներգետիկական պատկերացումները թույլ են տալիս մեզ միանշանակ պնդել, որ անկայունության միջոցով զարգացումը և նրա ապագա ճյուղավորումները խորապես բնորոշ են համակարգային բոլոր տիպերին ու տեսակներին, այն է` բաց, կիսաբաց, փակ և մեկուսացված համակարգերին, որոնցից յուրաքանչյուրի զարգացման ընթացքը ոչ միատեսակ ուղիով, ինչպես նաև որակական և կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` համակարգի անցումը զարգացման մի ճանապարհից մյուսը, որն այլ կերպ կոչվում է համակարգային շարժունություն, կարգավորվում են համաձայն ինքնակազմակերպման այն ընդհանրական կանոնների և սկզբունքների, որոնք, սահմանված լինելով տրանսցենդենտալ ապերցեպցիայով, գործում են շիննյութի բոլոր հնարավոր մակարդակներում` տիեզերքից սկսած, վերջացրած վիրուսի ամենափոքր մասնիկով:

Այս առումով, շիննյութի ամենակազմակերպված, ամենաբարձր մակարդակն են ներկայացնում և վերընթաց զարգացման ռացիոնալ ուղեգծին «հարում» բաց համակարգերը, որոնց կեսունակության չափանիշն առաջին հերթին նրանց ակտիվությունն ու շարժունակությունն է և միանգամայն բավարար ներուժը` համարժեք կերպով արձագանքելու շրջապատող աշխարհի գրգիռներին, չեզոքացնելու հնարավոր անկայունության հետևանքները և բացասական հակադարձ կապերի հիմքի վրա վերականգնելու դինամիկ հավասարակշռությունը կամ հոմեոստազային վիճակը համակարգի ներսում: Բաց համակարգերի գործունեության առանձնահատկություների մասին են վկայում, օրինակ, կենսաբանական և սոցիալական կենսունակ օրգանիզմներում տեղի ունեցող հետևյալ անկայուն դրսևորումները և վերջիններիս հաղթահարման ուղիները: Այսպես. արյան մեջ որևէ հորմոնի խտության նվազման դեպքում անմիջապես ակտիվանում է համապատասխան խթանող հորմոնի ձերբազատումը մակուղեղի առաջնային բլթից (թիերոտրոպ, ֆոլիկուլոխթանիչ, գոնադոտրոպ): Վերջիններս խթանում են համապատասխան գեղձերի ֆունկցիան, որը բերում է արյան մեջ այդ գեղձերում արտադրվող հորմոնների քանակի մեծացմանը, իսկ սա իր հերթին բացասական հակադարձ կապերի շնորհիվ առաջ է բերում խթանող հորմոնի արտադրության ընկճում:

Սոցիալական առողջ համակարգերին ևս խորթ չէ անկայունության միջոցով զարգացումը, որ կրում է միայն տևափոխական բնույթ և ուղղված է համակարգային որոշ տարրերի թարմացմանը, կատարելագործմանը և նորի ներդրմանը: Ներհամակարգային այդպիսի փոփոխություններին է միտված, մասնավորապես, սոցիալական ուղղագիծ շարժունությունը, երբ կառավարող դասակարգը նորանում է ոչ միայն թվապես, այլև, ինչը շատ ավելի կարևոր է որակապես` ստորին դասակարգերից իր շարքերը համալրելու ճանապարհով: Նրանք իրենց հետ բերում են անհրաժեշտ եռանդ և «մնացորդների» համամասնություն: Կառավարող դասակարգը վերականգնվում է նաև իր ամենից ավելի քայքայված անդամներին կորցնելով (Վ. Պարետո): Համակարգային մյուս տիպը, որին վիճակված է անցնել զարգացման հարաբերականորեն ռացիոնալ ճանապարհ, կիսաբաց օբյեկտների դասը կամ խումբն է, որի հիմնական բնութագրական չափանիշը ներքին ռեսուրսների և հնարավորությունների սակավությամբ պայմանավորված ֆունկցիավորման, էներգափոխանակության և նյութափոխանակության ցածր մակարդակն է շրջապատող աշխարհի հետ, արտաքին և ներքին պայմանների ներգործությամբ առաջ եկող պարամետրերի փոփոխության անհամարժեք ընկալումը, ինչպես նաև էնտրոպիայի և անկայունության լիարժեք կառավարման անկարողությունը: Այս միտումները կիսաբաց համակարգերում ստեղծում են «պրկված նյարդերի» իրավիճակ, որը կողմնակի միջամտության և օգնության անհրաժեշտությունն է մատնանշում և պարտադրանքի արտաքին լծակների դերը շեշտադրում: Խոսքը վերաբերում է կրկնակի փոխադարձ կարգավորման կամ դրական հակադարձ կապի մեխանիզմներին, որոնք «օպերատիվորեն» արձագանքելով կիսաբաց համակարգերի յուրաքանչյուր պարամետրի փոփոխությանը՝ աշխատում են այդ համակարգերի զարգացումը խթանելու, դրանք զարգացման նոր ցիկլերի մեջ ներառելու և նույն համակարգերի ներքին հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ, բայց այդ ամենը տեղի է ունենում ոչ թե կտրուկ և ցավագին հարընթացներով, այլ համակարգային հիմնարար բարեշրջումների ճանապարհով ու արագ ներգործող, «անաբոլիկ» միջոցառումներով:

Կիսաբաց օբյեկտների դասին պատկանող հասարակական համակարգերի համար որպես բարեփոխող, կայունացնող և կարգավորող գործոն հանդես է գալիս սոցիալական ուղղաձիգ արագընթաց շարժունությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ վերոհիշյալ համակարգերի վերին և ստորին ստրատների միջև, կառավարող-կառավարվող սեգմենտում նոր վարքի և հարաբերությունների կազմակերպում, միանգամայն նոր դրվածք և նախկին կարգավիճակի հիմնիվեր փոփոխություն, որն իրականացվում է հիմնականում ստորին ստրատների առավել տաղանդավոր ներկայացուցիչների կողմից կառավարող հին դասակարգին ամբողջությամբ դուրս մղելու և իշխանությունն անարյուն նվաճելու ճանապարհով: Կիսաբաց համակարգերի մեջ ընդգրկված կենսաբանական օրգանիզմների կարգավորիչ մասերի գործունեության ակտիվացումը, ներքին հավասարակշռության, ինչպես նաև կենսամատչելիության, կենսապիտանիության (Bioavalability) վերականգնումը ևս հնարավոր չէ պատկերացնել առանց արտաքին միջամտության, մասնավորապես, դեղորայքային կիրառման, որը, ինչպես հայտնի է, որոշակիորեն փոխհատուցում է օրգանիզմի դիմադրողական, իմունային պաշարամիջոցների սակավությունը և հանդիսանում է օրգանիզմում ֆարմակոլոգիական էֆեկտների դրսևորման կարևոր օղակներից մեկը:

Ի տարբերություն բաց և կիսաբաց համակարգերի, որոնք ներկայացնում են տիեզերաշենքի «ընտրյալ» հատվածը, իրերի միանգամայն այլ վիճակ, դրվածք և կացություն է վերապահված փակ համակարգերին, որոնց փոխգործակցությունը շրջապատող միջավայրի հետ սահմանափակվում է միայն էներգափոխանակությամբ, ինչը, սակայն, հնարավոր չէ ասել նյութափոխանակության առնչությամբ, որի բացակայությունը, ինչպես նաև փակ համակարգերին բնորոշ բացասական այլ պարամետրերի գոյությունը կանխորոշում են նրանց դիրքը վայրընթաց զարգացման իռացիոնալ տիրույթում և տիեզերական սանդուղքի ստորին աստիճանին: Փակ համակարգերին բնութագրական է նաև էնտրոպիայի հուժկու աճը, որ, սակայն, չի բացառում այդ համակարգերում ինքնակարգավորման գործընթացների առկայությունը, բայց այդ ամենի համար, ինչպես ցույց են տալիս զարգացումները, անհարժեշտ է արտաքին այնպիսի հզոր էներգիա, ուժ կամ միջամտություն, որը հնարավոր դարձներ արմատական` կառուցվածքային և ֆունկցիոնալ տեղաշարժերը վերոհիշյալ համակարգերում, ինչպես նաև դրական զարգացման ու աճի կարելիություն ընձեռեր նրանց: Այսպես. փակ համակարգերի կենսաբանական կաղապարները, որոնք սովորաբար հանդես են գալիս խրոնիկական մեկ կամ մի քանի սուր, վարակիչ և ծանր հիվանդություններով ախտահարված օրգանիզմների տեսքով, փրկության այլ տարբերակ, օգնության այլ ձև չեն կարող ունենալ, բացի անհետաձգելի վիրահատական միջամտությունից, որն, ինչ խոսք, այլընտրանք չունեցող միակ խելամիտ անհրաժեշտությունն է կենսաբանական այդպիսի օրգանիզմներում թե՛ բուժական զորավոր էֆեկտի ստացման, թե՛ կարևորագույն նշանակության տարբեր կենսընթացների կարգավորման: Նույնը վերաբերում է նաև սոցիալական փակ համակարգերին բնորոշ հեղափոխական զարգացումներին, որոնք, լինելով միակ շարժիչ ուժն այդ համակարգերի արմատական վերակառուցման ու միանգամայն նոր տարրերի ձևավորման, որպես կանոն, ենթադրում են քաղաքացիական անհնազանդության կամ ապստամբության ճանապարհով պետական իշխանության և ղեկավարության բնույթի փոփոխություն, հների վերահսկողության մենաշնորհի ու ուժի վերացում, հասարակության ստորին խավերի կամ ստրատների առավել տաղանդավոր և եռանդուն ներկայացուցիչների կողմից իշխանության գրավում և նմանատիպ այլ գործողություններ:

Փորձելով ընդհանուր գծերով ներկայացնել փակ համակարգերի գործունեության որոշ կողմերն ու երանգները՝ միաժամանակ պետք է նշել, որ ցանկացած փակ համակարգում չէ, որ տեղի են ունենում ինքնակարգավորման հարընթացներ, կան այնպիսիները, որոնք ձգտում են դեպի վայրընթաց զարգացման քայքայիչ ուղի և, ի վերջո, հայտնվելով այնտեղ, լրացնում մեկուսացված համակարգերի շարքը: Վերջիններս, մնացյալ համակարգերի համեմատ, առանձնանում և բնութագրվում են նրանով, որ ներկայացնելով տիեզերքի ամենաթույլ օղակն ու ամենացածր մակարդակը, չունեն հետդարձի ճանապարհ և վերակենդանանալու, փրկության որևէ հնարավորություն, ինչը նախ և առաջ բացատրվում է մեկուսացված համակարգերի և շրջապատող աշխարհի միջև նյութա- և ջերմափոխանակության իսպառ բացակայությամբ, ինչպես նաև էնտրոպիայի չկարգավորվող աճով, որը հանգեցնում է այդ համակարգերի վերջնական քայքայմանն ու լիակատար կազմալուծմանը:

Այսպիսով, ի մի բերելով բաց, կիսաբաց, փակ և մեկուսացված համակարգերի մասին վերոհիշյալ դիտարկումներն ու գնահատականները, հստակորեն և հաստատուն կերպով կարող ենք արձանագրել, որ յուրաքանչյուր համակարգ, ունենալով իր շարժման ոչ միատեսակ, ինքնօրինակ ուղին, այս կամ այն չափով ենթակա է ոչ գծային և հավանական իրադարձությունների` պատահականությունների ու անկայունության ներգործությանը, այսինքն` այնպիսի իրադարձությունների, որոնք համաձայն սիներգետիկայի, համարվում են բոլոր համակարգերի կենսունակության հիմնական չափորոշիչներն ու համակարգային փոփոխությունների շարժիչ ուժերը: Սիներգետիկ և համակարգային պատկերացումները թույլ են տալիս նաև գնահատել ժամանակակից մարդկության զարգացման տենդենցները, աշխարհաքաղաքական ներկա իրողություններն ու գլոբալացման հարընթացները, նոր աշխարհակարգի հաստատման ամերիկյան ձեռնարկումները և, ամենակարևորը, հայության տեղը, դերը, էական նպատակադրումներն ու խնդիրներն այդ զարգացումների համաշարում:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից մարդկությունը բարդ հիերարխիկ համակարգ է, որի կատարին, այն է` բացարձակ անվտանգության տիրույթում, գտնվում է Արևմուտքը և առաջին հերթին ԱՄՆ-ը` համաշխարհային դրամատիրական տնտեսության առաջատարն ու միաբևեռ ուժային կենտրոնը, իսկ մնացյալ երկրները` կախված ժողովրդավարության մակարդակից, տնտեսական զարգացման ցուցանիշներից, պետականության հիմքերի կայունությունից ու ամրությունից, համապատասխանաբար զբաղեցնում են հիերարխիայի մյուս աստիճանները` հարաբերական անվտանգության և պատերազմի գոտիները: Վերջին տասնամյակին Արևմուտքը ԱՄՆ գլխավորությամբ էլ ավելի նշանակալի հաջողությունների է հասել և վիթխարի ցատկ արձանագրել իր զարգացման մեջ, մասնավորապես գիտատեխնիկական առաջընթացի առումով, ինչն այնքան է խորացրել տնտեսական զարգացման անհամաչափությունն ու բացը մյուս աշխարհաշրջանների հետ, որ այն թե՛ այսօր, թե՛ տեսանելի ապագայում որևէ զորավոր այլընտրանքային ուժի հայտնության տեղ չի թողնում, այնպիսի ուժի, որն իր կշռով ու հեղինակությամբ համեմատվեր գերզարգացած Արևմուտքի, մանավանդ` ԱՄՆ-ի` որպես հզոր գերտերության հետ: Իսկ այսօր մենք ականատես ենք լինում աշխարհաքաղաքական այն իրավիճակին, երբ ԱՄՆ-ը, ելնելով գերտերության իր կարգավիճակից և այդ կարգավիճակից բխող «անհրաժեշտ հզորության ռազմական կարողությունից, խիստ տպավորիչ քաղաքական ապտակ տալու հնարավորությունից, տնտեսական խթաններից և իրական գաղափարախոսական հնարավորությունից» (Զ.Բժեզինսկի), ոչ առանց հաջողության լուրջ քայլեր է ձեռնարկում իր հովանու ներքո գտնվող տրանսազգային կորպորացիաների և էլիտար ակումբների միջոցով ողջ աշխարհում հաստատելու «մարդկային համագործակցության ընդլայնված կարգ» (Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկ), որը ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր աշխարհակարգի ամերիկյան տարբերակը` խարսխված նեոպահպանողական գաղափարախոսական դրույթների և վարքի վերացական շուկայական-առևտրային կաննոների վրա:

«Նոր աշխարհակարգը ընդունելու համար,- պնդում է Նոբելյան մրցանակի դափնեկիր, տնտեսագետ Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկը,- այն չիմացող ժողովուրդները պիտի դիմեն որոշ զոհաբերությունների, մասնավորապես հրաժարվեն որոշ բնազդներից, տեղային ավանդույթներից ու սովորույթներից… Մեծամասնությունը կկատարի իր ընտրությունը հօգուտ շուկայական տնտեսության, և ավելի վատ նրանց համար, ովքեր չեն ցանկանա ընդունել այդ կարգը. նրանք կբնաջնջվեն որպես ժամանակակից կյանքին հարմարվելու անընդունակ արարածներ կամ էլ թշվառ գոյություն քարշ կտան»: Այս ամենը խոսում է այն մասին, որ նոր աշխարհակարգում ազատ շուկայի ամերիկյան տարբերակի արմատավորման ձգտումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժի քաղաքականության գաղափարական քողարկում, այնպիսի քաղաքականության, որը կառուցվում է համաձայն սիներգետիկայի կանոնների և ուղղված է արտաքին ռեսուրսների հաշվին սեփական տրանսազգային կորպորացիաների հարստացմանը կամ, այլ կերպ ասած, ռեսուրսային անհրաժեշտ աղբյուրների ապահովմանն ի հաշիվ արտաքին, ոչ արևմտյան միջավայրի: Մեր հայացքի առջև ձևավորվում է հստակ ու պարզորոշ սիներգետիկ պատկեր ի դեմս ԱՄՆ-ի և նվազ զարգացած երկրների միջև տեղի ունեցող անհամարժեք նյութա- և էներգափոխանակության, որոնց շրջանակներում նվազ զարգացած երկրները հանդես են գալիս որպես դեպի Արևմուտք էժան հումքի, այն է` բնական պաշարների ու մտավոր ռեսուրսների հիմնական մատակարարներ, իսկ Արևմուտքը նշված երկրների համար ծառայում է որպես թանկարժեք ապրանքների և ծառայությունների մատուցման հիմնական աղբյուր:

Աշխարհաքաղաքական այս իրողությունները կամա թե ակամա հստակորեն ձևավորում և առաջադրում են մի շարք հարցեր, որոնց հստակ և սպառիչ պատասխաններից են կախված շատ ժողովուրդների, այդ թվում հայության պատմական բախտն ու ապագան: Առաջնային և հիմնական հարցը հետևյալն է` հնարավոր և հավանակա՞ն է արդյոք սիներգետիկական մոտեցման շրջանակներում մարդկության այլ հատվածների, այլ քաղաքակրթությունների, այլ երկրների տնտեսական, մշակութային, քաղաքական լիարժեք առաջընթացն ու զարգացումը, սեփական դիմագծի, արժանապատվության և ինքնուրույնության պահպանումը, ինչպես նաև ռեսուրսային համաչափ փոխգործակցությունը միմյանց միջև` առանց անձնատուր լինելու համապարփակեցման կամ գլոբալացման միտումներին, առանց կուլ գնալու աշխարհաքաղաքական մոլորություններին և ամերիկանացման հզոր հոսանքներին: Հարցն, ակներևաբար, պարունակում է դրական պատասխան, և այս առումով մեզ լավատեսության հիմք են տալիս և զորավոր հույսեր ներշնչում ինչպես սոցիալական համաձայնության ժողովրդավարական պետությունների` Բելգիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, այնպես էլ Հեռավորարևելյան Ասիայի տնտեսական վիշապների զարգացման փորձն ու անցած ճանապարհը, որոնք, ակներևաբար կրելով ինքնարտահայտման արժեքների անջնջելի դրոշմը՝ ապշեցնում և հիացնում են պետական, հասարակական և տնտեսական կյանքի յուրօրինակ կազմակերպման բարձր արդյունավետությամբ ու ներհասարակական փոխհամաձայնության ու կոնսենսուսի հաստատման հաջողված փորձով: Պետք է նկատել, որ տարբեր աշխարհաշրջաններում գտնվող և տարբեր քաղաքակրթությունների պատկանող այս երկրների վերաբերմունքն ազատ շուկայի աշխարհաքաղաքացիական վեկտորների, գլոբալացման սկզբունքների, լիբերալ ժողովրդավարության ամերիկյան տարբերակի հանդեպ թեպետ տարբեր է, այնուամենայնիվ, այն չի հասնում գաղափարախոսական ծայրահեղության կամ էլ առճակատման, հակառակը, ձևավորվում և իրականացվում է ազգային այնպիսի արժեհամակարգի դիրքերից, որն ապահովում է առաջին հերթին ազգային ինքնության, ազգային շահերի պահպանումն ինքնակատարելագործման, ինքնադրսևորման լավագույն հնարավորություններով հանդերձ և թույլ է տալիս կենսապահովության, ինքնակազմակերպման հարցերում լինել ոչ պակաս առաջադիմական ու արդիական, որքան մեզ հայտնի գերզարգացած պետությունները: Ինչպես նշում է քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանը. «Առաջադիմության գործոնները, մասամբ հաղթահարելով մշակութային ընդհանրությունների ներփակությունը, դրա հետ մեկտեղ նրանց օգնում են վերստեղծելու սեփական ավանդական ընտրախավեր, նպաստում են դրանց ներկայացուցիչների ինքնագիտակցության զարգացմանը որպես հենց «սեփական» մշակութային ավանդույթին պատկանողների»: Այս իրողությունը հաստատվում է հատկապես սոցիալական համաձայնության ժողովրդավարական պետությունների օրինակով, այնպիսի պետությունների, որոնց բնորոշ է բնակչության ուղղահայաց բաժանումը կամ հատվածավորումը էթնիկական, կրոնական, մասնագիտական, տնտեսական, քաղաքական և աշխարհայացքային միավորների և հավասարակշռության հաստատումը այդ միավորներին բնորոշ ենթամշակույթների միջև: Ըստ որում, հասարակությունը կամ բնակչությունը, լինի Բելգիայում, Ավստրիայում, Նիդեռլանդներում, թե Շվեյցարիայում, ուղղահայաց հատվածների կամ միավորների բաժանված է այն հիմունքներով և այնպես, որ փոխգործակցությունը նշված միավորների կամ հատվածների միջև կայանում է ոչ թե ուղղակիորեն, այլ ընտրախավերի միջոցով, այնպիսի ընտրախավերի, որոնց թե՛ լեգիտիմությունը, թե՛ անառարկելի հեղինակությունը որևէ կասկած չեն հարուցում իրենց հանրություններում: Օրինակ, Շվեյցարիայում միմյանց հետ խաղաղ գոյակցում և քաղաքական համատեղ որոշումներ են կայացնում սոսկ 60 կազմակերպություն և 27 մարդ, Նիդեռլանդներում` 5 կրոնական-քաղաքական դաշինք` 1 սոցիալիստական, 1 կաթոլիկական և 2 բողոքական, իսկ Բելգիայում հասարակական պատկերը մի փոքր այլ է, քանզի գոյություն ունի թույլ արտահայտված հակամարտություն ֆլամանդական և ֆրանսախոս համայնքների միջև` վերջինիս մշակութային գերազանցության պատճառով: Համենայնդեպս, նշված եվրոպական պետություններն իրենց զարգացման, առաջընթացի և բուռն վերելքի համար պարտական են հենց սոցիալական համաձայնության ժողովրդավարությանը, որը պետության կյանքում, եթե աբստրահվենք սիներգետիկ պատկերացումներից, խաղացել և խաղում է այն նույն դերը, ինչ բացասական հակադարձ կապի մեխանիզմները բաց համակարգերի պարագայում: Ավելին, ժողովրդավարության հիշյալ տարբերակը ցույց է տվել նաև հասարակության բնականոն կազմակերպման, ներազգային համերաշխություն հաստատելու իր բացառիկ ներուժը սուր քաղաքական հանգամանքների, հատկապես արտաքին վտանգի պայմաններում, ինչը վկայում է այն մասին, որ սոցիալական համաձայնության ժողովրդավարությունն ի զորու է կատարել անգամ դրական հակադարձ կապի մեխանիզմներին բնորոշ կրկնակի փոխադարձ կարգավորման գործառույթ կամ ֆունկցիա:

Այսպես. 1943 թվականին, Վերմախտի զինված ուժերի շրջափակման պայմաններում, Շվեյցարիան ձեռնամուխ եղավ սոցիալական համաձայնության ժողովրդավարության իրականացմանը, որն էլ եղավ նրա անվտանգության և անկախության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը: Իսկ Բելգիան, Ավստրիան և Հոլանդիան համաձայնության կաղապարը հարկադրված եղան ընդունել և իրականացնել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ անմիջականորեն զգացին խելահեղ պատերազմի շունչն ու պատճառած հետևանքների ծանրությունը: Նոր աշխարհակարգի եվրաամերիկյան կաղապարին զարգացման լուրջ այլընտրանք են առաջարկում նաև Հեռավորարևելյան Ասիայի զարգացած պետությունները` Թայվանը, Ինդոնեզիան, Սինգապուրը, Ճապոնիան և Չինաստանը, որոնց պետական ողջ քաղաքականության ուղեգիծը, ինչպես հայտնի է, միտված է իրենց ինքնատիպության պահպանմանը և քաղաքակրթական հիմքերի ամրապնդմանը նյութական ու մշակութային առաջադիմության հզորությամբ: Այս խորապատկերի վրա մի առանձին, շլացուցիչ փայլով, բազմաթիվ հաջողությունների առատությամբ աչքի է զարնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մարգարիտը` Թայվանը, երկիր, որն իր զարգացմանն ու առաջընթացին խանգարող բազում անբարենպաստ գործոնների, առարկայական դժվարությունների և բացասական իրողությունների պայմաններում անգամ (սահմանափակ բնական պաշարամիջոցներ, ոչ մեծ՝ 36.000 քառ. կմ տարածք, չափազանց խիտ, 20 միլիոնից ավելի բնակչություն, հզոր հակառակորդի՝ Չինաստանի հետ սառը հակամարտություն և այլն) բարեհաջող և գերազանց հանձնելով պետությունաշինության, բարոյական սկզբունքների վրա խարսխված և համընդհանուր իրավական շրջանակներով շրջապատված սոցիալական պետության կառուցման դժվարին քննությունը՝ կարողացավ ձեռք բերել տնտեսական հուժկու վերելքի, ապահով բարգավաճման և հզորացման հաստատուն երաշխիքներ, ինչպես նաև իր անվտանգությանն ուղղված ներքին ու արտաքին մարտահրավերների արդյունավետ չեզոքացման, ռազմավարական կայունության և պետականության հիմքերի պահպանման իրական հնարավորություններ: Իսկ ինչ վերաբերում է Թայվանի աշխարհաշրջանային ամենաուժեղ և ամենազորեղ մրցակցին` Չինաստանին, ապա ո՞վ էր պատկերացնում, որ վերջինս 1978 թվից սկսած հաջողությամբ ձևավորելով տնտեսաքաղաքական զարգացման իր տիպն ու յուրօրինակ ազգային կաղապարը` կաղապար, որի ժողովրդավարական տարրերից մեկը պետք է համարել ընտանեկան լավագույն ավանդույթներով ու որակներով ստեղծված տնտեսական կամավոր ընկերակցությունների և փոքր ֆիրմաների գոյությունը, ընդամենը 15 տարի անց՝ 1993 թվականին, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի դասակարգման, համախառն ազգային արդյունքի ցուցանիշներով կգրավի երրորդ տեղն աշխարհում: «Միագումար հզորությամբ, ինչպես նշում է քաղաքագետ Ա.Վարդանյանը, նա գրավել է առաջատար տեղերից մեկն աշխարհի երկրների շրջանում և իր աշխարհաքաղաքական պարագծերով հետևողականորեն վերածվում է համապարփակ ուժի կենտրոնի զսպման ու աշխարհաքաղաքական հաշվեկշռի գործոնի»: Չինաստանի նորագույն շրջանի պատմության ուշադիր, քննասույզ և խորքային վերլուծությունը բերում է այն հետևությանն ու համոզմունքին, որ չինական զարգացման մոդելը վստահաբար պատմության քննություն չէր բռնի, եթե չունենար կենսունակ պետական գաղափարախոսություն, վերջինս իր հերթին գոյություն չէր ունենա, եթե չլիներ կոնֆուցիական էթիկայի և ազատականության ոգու խաղաղ գոյակցությունն ու ներդաշն միությունը, իսկ միությունն այդ հաստատապես իրականություն չէր դառնա առանց արժեքների խոր և համակողմանի վերագնահատման, արժեքային ճիշտ կողմնորոշման: Չինական պետության ինքնակառավարման արդյունավետ կաղապարը, որի հիմքերը դրվել են դեռևս անցյալ դարի 20-ական թվականներին Սուն Յաթսենի «Ազգային վերակառուցման ծրագրի» և «ժողովրդի երեք կարևոր սկզբունքների» (ազգայնականություն, ժողովրդավարություն և կենսականություն) հայտնությամբ և բյուրեղացել ու ամբողջական տեսքի բերվել Մաո Ցզեդունի հեղինակած զանգվածների հետ կապի գաղափարի իրականացման հետևողական փորձերով ու պետական կառուցվածքի ապակենտրոն հիմունքների ձևավորման սյաոպինյան միջոցառումներով, ըստ էության ոչ թե դրսից պարտադրված ազատականացման կամ ժողովրդավարացման իմպերատիվ պահանջ էր, այլ ներքին, առարկայական իրականությամբ թելադրված և պետական մակարդակով կայացված զարգացման ճիշտ ընտրություն, որտեղ էլ պետք է փնտրել ոչ ֆենոմենոլոգիական բացատրությունը չինական հրաշք կոչվող ուշագրավ երևույթի:

Այսօր շատ ու շատ երկրների համար պետականաշինության ուղենիշ և օրինակ է ծառայում նաև Սինգապուրը` Մալակկա թերակղզու հարավում գտնվող և կղզիների համախումբ ներկայացնող պետություն, որն առաջնորդվելով տնտեսական զարգացման մեջ արդյունաբերական, մտավոր և մարդկային կապիտալի ներգրավման ճշմարիտ ռազմավարությամբ և այդ ռազմավարության իրականացման գործում հանդես բերելով «ցանկալի, պատշաճ ընկալելի և ընդունելի վարքագիծ» (Բ.Սկիներ), կարճ ժամանակահատվածում` 1965 թվից առ այսօր, կարողացավ դառնալ Հեռավորարևելյան Ասիայի ամենազարգացած պետություններից և աշխարհատնտեսական ոսկե շղթայի օղակներից մեկը:

Մի՞թե այս պետություններն իրենց անցած փառավոր ուղիով չեն կարող ոգեշնչման աղբյուր և համակարգաստեղծ գործունեության ուղեցույց լինել հայերիս համար և լիովին համոզել մեզ այն ճշմարտության մեջ, որ վերագտնելով ազգային ինքնակառավարման մեր ընդունակությունն ու Բագրատունյաց աշխարհաշեն ոգին, ինչպես նաև մեր կեցության ամբողջականությունը խարսխելով իմացական, զգայական- հուզական և բարոյական արժեքների դրական համամիասնության վրա, արդարապես կարող ենք հավակնել բարձր, զարգացած և ժամանակակից քաղաքակրթության և մեր արժանավոր տեղը զբաղեցնել զարգացած ժողովուրդների ընտանիքում: Իսկ ընդհանուր առմամբ այս ամենին հնարավոր է հասնել առաջին հերթին մշակութային և ոգու հեղափոխության շնորհիվ` այնպիսի, որը մեզ կվերադարձներ պատմական անբարենպաստ ընթացքում կորսված ազգահատուկ մեր արժանիքները, ազգային բնավորության կարևորագույն գծերը` արդարամտությունը, ինքնասիրությունը, հպարտությունը, կամքը և կամքից բխող` գիտակցված ինքնասահմանափակման, արիության, աշխատասիրության հատկությունները և այլն: Այն, որ ժողովուրդների պատմական ճակատագիրը որոշվում է նրանց հոգեկան առանձնահատկություններով և բնավորության գծերով, ապացուցվել և հիմնավորվել է դեռևս 20-րդ դարասկզբին ժողովուրդների հոգեբանության փայլուն գիտակ, ֆրանսիացի Գուստավ Լեբոնի կողմից, որն այդ մասին մասնավորապես գրում է. «Բնավորության ազդեցությունն ամենահզոր գործոնն է ժողովուրդների կյանքում, բնավորության վրա են հենվում հասարակությունները, կրոնները և կայսրությունները, բնավորությունն է որոշում ժողովուրդների ճակատագիրը, յուրաքանչյուր քաղաքակրթության զարգացման ընթացքը հիմնականում բխում է բնավորությունից..., ժողովրդի հոգեկան կերտվածքից է բխում նրա հասկացությունն աշխարհի և կյանքի մասին, հետևաբար` վարքագիծը և վերջապես` պատմությունը»: Բազմաթիվ պատմական փաստերի վերլուծության հիման վրա Լեբոնին հաջողվել է նաև ապացուցել, որ «ժողովուրդները կործանվում են իրենց բնավորությունների որակի փչացմանը համաչափ... Ժողովուրդների կործանման հիմնական գործոնը միշտ եղել է նրանց հոգեկան կերտվածքի փոփոությունը, որը բխել է նրանց բնավորության որակի ցածրացումից»:

Այս առումով հայոց պատմությունը ոչ քիչ «հաճելի» անակնկալներ է մատուցել մեզ, մանավանդ էթնիկական, կրոնական և մշակութային առումներով հայերից տարբերվող ժողովուրդների դարավոր տիրապետության տեսքով, այնպիսի տիրապետության, որն իր տիրական դրոշմն ու հետքը, իր կործանարար ազդեցությունն է ունեցել հայ ժողովրդի հոգեկերտվածքի վրա` հարուցելով և առաջ բերելով թերարժեքության բարդույթ անվանյալ պատմական չարիքն իր անմիաբանության, պարտվողականության, ճակատագրապաշտության «քաղցկեղային» շորշոփներով ու ճյուղավորումներով, որոնցից, տարաբախտաբար, չենք կարողանում ազատագրվել մինչև այժմ: Իսկ սա արդեն խոսում է ազգային-հասարակական անառողջ օրգանիզմի և փակ համակարգի մասին, որի անհրաժեշտ և լիակատար ապաքինման համար կա միայն մեկ ճանապարհ` ՄՏՔԻ ԵՎ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am