Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հուշեր

Հուշեր
Մարտ 2012, N 2

ԱԶՆԻՎ ԱՊՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՀԱՏԸ

Հովհաննես Պապիկյան, հրապարակախոս, ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար

2006-ի մայիսյան օրերին, երբ նշվում էր մայիսի 28-ի փառավոր տարելիցը, ժողովրդին ուղղված վարչապետական ուղերձում Անդրանիկ Մարգարյանն այսպիսի միտք էր արտահայտել. «Այսօր  մեր  հայրենիքի մի հատվածի վրա  կառուցում ենք  մեր անկախ պետականությունը…»: Ո՞րն էր այդ տողերը բերող զգացումը` ապուպապոտ արմատների կա՞նչը, կորուսյալ երկրում պապերի ոտնահետքերը մամուռներից մաքրված գտնելու տեսլակա՞նը, տոհմիկ մշեցի նախնիների (ովքեր Գևորգ Չաուշի ջոկատի կազմում ազատագրական պայքար են մղել) հանդեպ պարտքի զգացողությո՞ւնը, թե՞ այն ներքին հավատը, որ ուժ էր առնում Մայիս 28-ի խորհրդով, Սարդարապատի` ամուր հենարան ապահովելու նախաքայլով ու Շուշիի փառահեղ հաղթանակով:

Վառ տեսիլքների ու պապենական հողի կանչի ապրումն ուներ շարունակ, ու այդ ապրումը, որ ձևակերպվում է որպես «ազգի ինքնությունը, ազգային դիմագիծը պահպանելը», կարողանում էր փոխանցել շրջապատի մարդկանց, մանավանդ երիտասարդներին, ում տրված է «անկախ երկրի այսօրվա կայացման խնդիրների լուծման գործուն մասնակցությունն ու վաղվա վայելքը»: Վաղվա վայելքն իր երազած հրաշալի երկիրն էր` անկախացած «մեր պատմական հայրենիքի մի տարածքի վրա»: Այս պահվածքը ձևավորվել էր խորհրդային տարիների ֆանտաստիկայի ժանր թվացող ազատական գաղափարների տեր մի խումբ երիտասարդների հետ այլախոհ կեցվածքից, որոնց մեջ էր ինքը… Այլախոհ պիտակով ձերբակալվեց: Ինչ էլ ձևակերպե՜լ էին. «Գործով կատարված քննությամբ հաստատվել է, որ մեղադրյալ Մարգարյանը, տրամադրված լինելով հակասովետականորեն, …հանդիսացել է «Ազգային միացյալ կուսակցություն կոչվող գաղտնի հակասովետական կազմակերպության անդամ և սովետական իշխանությունը քայքայելու նպատակով տարել է հակասովետական ագիտացիա և պրոպագանդա` ուղղված Հայաստանը ՍՍՀՄ-ից անջատելուն և այսպես կոչվող «անկախ հայկական պետություն» ստեղծելուն…»: Ու` կալանք, աքսոր:

…Ազնիվ ապրումների անհատի, քաղաքական և պետական խոշոր գործչի երկարամյա պաշտոնավարման շրջանը նորանկախ երկրի մնայուն էջերից մեկը դարձավ: Նրա ջանադիր վերաբերմունքը մշտապես ձևավորվել է ներքին «ես»-ի հաղթանակով` հանուն ընդհանուրի, հանուն մեծ գաղափարների իրականացման։ Մարգարյանը ներքին մի դաշնություն էր կնքել իր ապրած օրերի, իր ժամանակի, իր միջավայրի և իր շրջապատի մարդկանց հետ: Նա այդ մարդկանց տանում էր բարության, բարոյականության ճանապարհով, նա ինքը գիտեր ու հորդորում էր ուրիշներին, որ բարոյական մնալն առանձնակի ջանքեր չի պահանջում, ընդամենը պետք է հետևել մի պարզ ճշմարտության` «Բարոյականության գլխավոր պայմանը բարոյական դառնալու ցանկությունն է»:

Գուցե պատմությանը քաջատեղյակ լինելու արդյունք էր, որ Մարգարյանը հաճախ պիտի հիշեր պատմահայր Խորենացու նախատինքը. «Կամենում եմ նաև առանց մեղադրական հիշատակի չթողնել մեր հին նախնիների անիմաստասեր բարքերը»: Խորենացին նկատի ուներ ղեկավար նախնյաց, իսկ Մարգարյանը մեր օրերի ղեկավարն էր, և նրա համար ցանկալի չէր լինի այդ նախատինքից բաժին ունենալ: Այս հավատքով, այս պահվածքով նա մնաց Երրորդ Հանրապետության ամենաերկարակյաց վարչապետը (2000-2007թթ.):

Մարդկային փոխարաբերություններում նա երբևէ չեղավ անհասանելի պաշտոնյա և պաշտոնական իր պարտականությունների մեջ շարունակեց մարդու, քաղաքացու հանդեպ պահպանել պարզ ու շիտակ կեցվածք: Աշխատանքից դուրս շենքի իր բակի զրուցարանում նրա ներկայությունը հարևանների համար մտերիմ մարդու հետ զրուցելու հաճելի առիթներ էին` նարդի խաղալուց սկսած մինչև որևէ խնդրի շուրջ թունդ բանավեճերը: Այդ զրույցներում նրանք հավասար էին` դա դրկիցների, միմյանց հետ բարեկամական հարաբերություններ ունեցողների խոսք ու զրույց էր, և որևէ մեկն այդ մտերմությունից, այսպես ասած, երես չէր առնում, չէր փորձում օգտվել ու անձնական ինչ-ինչ հարցեր առաջ քաշել:

2007-ի մարտի 25-ին Անդրանիկ Մարգարյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Այդ օրը հազար մարդ եկավ Պանթեոն: Հազար մարդ ծաղիկներով նրան այցի եկավ ու խունկ ծխեց: Հազար հայացք նայեց նրան: Ամեն հայացքի մեջ մի ափսոսանք, մի չասված խոսք, զսպված հառաչ, և ունայնության դաշտի վրա ամեն ասելիք ներքին մենախոսություն դարձավ: Երկնային ճանապարհներին թևածող իր հոգին անսահմանության ու լույսի միջով իջել-եկել էր, որ ընդունի բոլորի գալուստը: Եվ հոգին այդ` կարոտներով ու սիրով լեցուն, թափառում էր այցի եկողների, լուռ կանգնածների դեմքերի վրայով, ու նրա հարցերը, նրա հորդորները շոյանքի նման հպվում էին վերջիններիս ունկերին` «Խաղաղ մնացեք ու հաշտ եղեք միմյանց հետ, գումարվեք` ազնիվ մղումների համար, գումարվեք` այս երկիրը երկիր պահելու համար: Ձեր միջի հաշտությունը պահեք այս երկրի համար, ինչպես սերն եք պահում ձեր սրտում…»:

Անդրանիկ Մարգարյանի հաշտության հորդորը լուսավոր մի կետ մնաց նրա կենսագրության մեջ, որ նրա բնույթի բնորոշիչը դարձավ` նրան գնահատելիս, նրանից օրինակ վերցնելիս, նրա կերպարը մատնացույց անելիս, ի վերջո, նաև նրանից դասեր առնելիս: Նա ամբողջ կյանքում որոնեց այդ հաշտությունը ոչ իր, այլ իր երկրի համար: Հաճախ Նժդեհի գրած հեքիաթի միջից բարձրաձայնում էր մեծ զորավարի ու մտածողի մտորումները «մի կաթիլ անկեղծ արցո՜ւնք, աննենգ մի ժպիտ» փնտրելու ճանապարհին. «Ուզեցի, որ էն լեռան ճակտին քանդակեն իմ երկխօսք տապանագիրը` «Փնտրեց-չ’գտաւ»: Անդրանիկ Մարգարյանն ինքը գտե՞լ էր, արդյոք, Նժդեհի որոնածը: Ո՞վ գիտե: Գուցե այն մեծադիր գծանկարի մեջ կար այդ հարցականի պատասխանը: Հիշո՞ւմ եք, իրեն հրաժեշտ տալու օրը օպերայի շենքի վրա էր այդ նկարը. ինքը կիսաշրջված նստած, հայացքը` հետ, դեպի մարդիկ, որ գալիս էին իրեն ճանապարհելու դեպի երկնային անհայտ ուղիներ: Ի՞նչ էր ասում խորիմաստ, մի քիչ թախծոտ, մի քիչ հարցականոտ այդ հայացքը: Գուցե նաև հայրենակարոտ կուտակումնե՞ր կային այդ հայացքում` մշուշոտ հիշողություններ Տարոնից, ուր մի անգամ այցելել էր, ու «էն Էրգրի» պատկերն այլևս անթեղ մնում էր իր հուշերի ծալքերում` համարյա Չարենցի մտորումի հանգույն. «Հազա՜ր-հազա՜ր տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ, որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո… Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է` չե՞ս ճանաչում… Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում - կորչում է օրերում»: Մարգարյանի նկարի այդ հետդարձ-հայացքում ամեն, ամեն ինչ կար, բացի, բարեբախտաբար, այն հարցականից, թե` «Եկողներ կա՞ն, արդյոք, իմ հրաժեշտին, մարդիկ հիշո՞ւմ են ինձ»:

Կային, շատ կային, ու մարդիկ էլ հիշում էին: Հիշում էին ու կսկիծ ապրում նրա շուտ հեռացումից: Մի տեսակ տագնապում էին նաև, որովհետև շատ էին սովորել նրա հաշտ ու հաշտեցնող բնույթին: Գուցե նաև կիսատ թողածի ափսոսա՞նք կար նրա հայացքում: Կիսատ թողած, որը նաև մեր բոլորի կիսատը մնաց: Այդպես է կյանքում` անհատականությունների կիսատ թողածը բոլորիս կիսատն է մնում: Ամեն ինչից վեր, ամեն ինչից զատ՝ նա Ոգու հերկ էր սկսել, որն ի՜նչ ծաղկունքներ էր խոստանում: Նիրհից արթնանում էին թատրոնները` նրա աջակցությամբ: Ցուցահանդեսներ էին բացվում, գրքեր տպագրվում` նրա մեկենասությամբ: Ամենադժվարն, այո, Ոգու՛ հերկն էր, և ինքն այդ դժվարությունը տանում էր իր նախ անձնականի, ապա և պետության միջոցներով` կամաց-կամաց օրինաչափ դարձնելով պետական հոգածության անհրաժեշտությունը մշակույթին, գրականությանն ու արվեստին: Նա առանձնակի սեր ու բարեհաճ վերաբերմունք ուներ մշակույթի բնագավառի գործիչների հանդեպ, և վերջիններս իրենց հերթին խորին ակնածանքով էին վերաբերվում Մարգարյանին: Մի պահ վերհիշենք, թե անկախության ձեքբերման հետ ինչ մեծ դժվարություններ ծառացան մանավանդ արվեստի ու մշակույթի առջև` նորանկախ երկիրը հնարավորություն չուներ իրականացնելու արվեստի նոր գործերի ստեղծման ու մշակութային ձեռնարկումների պետական հովանավորչություն: Առաջին հարվածը բաժին հասավ արվեստագետներին, մշակույթի գործիչներին: Եվ ահա այս վերջինների համար Մարգարյանը դարձավ նեցուկ ու համախոհ, աջակից ու պարզապես ընկեր: Այդպես էր մաեստրո Օհան Դուրյանի պարագայում, երբ Մարգարյանի աջակցությամբ կինոֆիլմ նկարահանվեց աշխարհահռչակ դիրիժորի մասին: Այդպես էր դրամատիկական թատրոնի պարագայում, երբ դժվարին տարիներին այդ թատրոնը չկորցրեց իր հանդիսատեսին` մեծ մասամբ Մարգարյանի հոգածության շնորհիվ: Այդպես էր Վահան Տերյանի, Հովհաննես Շիրազի ծննդյան 120 և 90-ամյակներին նվիրված «Շաբաթագիրք-օրացույց»-ների հրատարակություններին աջակցելու առումով: Նույնն էր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության հետ կապված խրթին հարցի լուծման պատմությունը: Նմանօրինակ դեպքերի մասին ձեզ կարող են պատմել հարյուրավոր ազատամարտիկներ ու նրանց ընտանիքի անդամներ, դպրոցների ուսուցիչներ, ովքեր եղել են Անդրանիկ Մարգարյանի մշտական հոգածության հասցեատերերը: Անմիտ բան կլինի այս շարքի թվարկումը` դա ստվարածավալ մի գրքի նյութ է:

Երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառը հորդորում էր. «Մարդ անհատի գերագույն զարդը, գերագույն պարծանքը բարոյական գիտակցության հրամայականն է, որով իր հոգուց արմատախիլ պետք է անի անցյալից մնացած արատները, եսակենտրոն մղումները…»: Անդրանիկ Մարգարյանի ապրած օրերի մեջ պահպանվեց այդ հրամայականը: Պահպանվեց ու փոխանցվեց: Անդրանիկ Մարգարյանն ուներ և՛ այդ պահվածքը, և՛ պահվածք թելադրելու իրավունքը: Ի վերջո, երբ անհատի գործելակերպի, հայացքների ու դիրքորոշման հիմքում ազգային ոգու հենքն է, նա այլևս կամովին կրում է մեծ պատասխանատվության ծանր, բայց և տանելի բեռը:

Անդրանիկ Մարգարյանն իր կենսակերպով պահպանեց մեր միջի դաշնությունը, հարգանքն ու բարեհաճ վերաբերմունքը մեկս մյուսի հանդեպ, և գործնական ու զուտ մարդկային հարաբերություններում նրա «դեղատոմս-ոսկե միջինը» ընդունելի ուղեցույցի դեր կատարեց ու… շատ ենք ուզում, որ հետայսու էլ կատարի:  


Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am