Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Մայիս 2012, N 3

ԱՊՐԻԼԻ ԵՎ ՄԱՅԻՍԻ ԽՐՈՆԻԿԱ

Ստորև կդիտարկենք այն հիմնական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել համաշխարհային քաղաքականության մեջ 2012թ. ապրիլին և մայիսին։ Այս երկու ամիսների գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ այդ ընթացքում մի շարք երկրներում տեղի ունեցան նախագահական, խորհրդարանական և տարածաշրջանային ընտրություններ, որոնց արդյունքներն, անշուշտ, նոր էջ են բացել այդ պետությունների պատմության մեջ։ Աշխարհում այլ, իհարկե՝ ոչ պակաս կարևոր և կանխորոշիչ դեր ունեցող իրադարձություններ էլ տեղի ունեցան։

Սկսենք նրանից, որ ապրիլի սկզբին Ստամբուլում, որտեղ պատսպարվել են սիրիական ընդդիմության առաջնորդները, տեղի ունեցավ այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» հերթական հանդիպումը, որը մի շարք փորձագետներ բնութագրեցին ոչ այլ կերպ, քան «սխոդկա»։ Այս կոնֆերանսից հետո «սիրիական ազգային խորհրդի» առաջնորդ Բուրհան Գալյունը հայտարարեց, թե Բաշար Ասադի ռեժիմը «կորցրել է օրինականությունը», և այժմ միջազգային հանրության առջև կանգնած է «օգնել սիրիացի ժողովրդին որքան հնարավոր է շուտ նրանից ազատվելու» խնդիրը։ Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ նա ընդգծեց, որ Ստամբուլում հանգրվանած ընդդիմադիր խմբավորումը «բոլոր սիրիացիների օրինական ներկայացուցիչ» և բանակցային գործընթացում «գլխավոր գործընկեր» ճանաչելը նշանակում է, որ «Ասադի կառավարման վերջը եկել է»։ Նա նշեց նաև, որ համաժողովի մասնակիցների հավանությունն այն հարցում, որ ընդդիմությունն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, բացում է այսպես կոչված «սիրիական ազատ բանակին» ավելի արդյունավետ աջակցելու ճանապարհը։ Մի խոսքով՝ «Սիրիայի բարեկամները», որոնցից գլխավորներն են ԱՄՆ-ը, Թուրքիան և եվրոպական մի շարք տերություններ ու արաբական երկրներ, երբեմնի այս կայուն և համեմատաբար բարեկեցիկ երկրում մասշտաբային արյունահեղության ազդանշանը տվեցին։ Այս վտանգի մասին նախազգուշացնում էր նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Սիրիայի բարեկամների» հանդիպման արդյունքում ընդունված որոշումները մեկնաբանելով՝ նա հայտարարեց, որ Արևմուտքն ինքն է խոչընդոտում հրադադարի հայտարարմանը Սիրիայում, և տեղի ընդդիմությանը «մինչև ատամները զինելու» նրա մտադրությունը կհանգեցնի «սպանդի» երկար տարիների համար։ Բայց, չնայած այսքան հզոր արտաքին աջակցությանը («Սիրիայի բարեկամները» չեն սահմանափակվում միայն հռետորաբանությամբ, այլև արդիական զենք են մատակարարում ապստամբներին), սիրիական «դեմոկրատներին» ոչ մի կերպ չի հաջողվում իշխանազրկել Բաշար Ասադի ռեժիմը։

Մյուս կողմից՝ սիրիական ճգնաժամի կարգավորման գործում ներգրավված կողմերի մեջ կային երկրներ, որոնք ավելի կառուցողական էին տրամադրված։ Նրանց աջակցությամբ մի կերպ հաջողվում էր իրավիճակը փրկել քաղաքացիական պատերազմի անդունդը գլորվելուց, և այս ֆոնին ապրիլի 4-ին Սիրիայում սկսեց իրականացվել խաղաղ կարգավորման պլանը, որը մշակվել էր ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի կողմից։

Ապրիլի 6-ին աշխարհի քարտեզին նոր պետություն «հայտնվեց»՝ տուարեգների պետությունը Մալիի հյուսիսում, որի ստեղծման մասին հայտարարեց ապստամբների «Հանուն Ազավադի ազատագրության ժողովրդական շարժումը»։ Հիշեցնենք, որ 2012թ. մարտի վերջին, երբ Մալիի հյուսիսն անցավ ապստամբների վերահսկողության տակ, երկրի մայրաքաղաք Բամակոյում հեղաշրջում տեղի ունեցավ. զինվորական խունտան պաշտոնանկ արեց երկրի նախագահին։ Զինվորականներն իշխանության զավթումը բացատրեցին նրանով, որ պետության ղեկավարն ի վիճակի չէր ճնշել տուարեգների ապստամբությունը։ Արևմուտքի երկրները և Մալիի աֆրիկյան հարևանները, սպառնալով ամեն տեսակ պատժամիջոցներով, պահանջեցին իշխանությունը հանձնել քաղաքացիական կառավարությանը, և խունտան համաձայնեց փոխզիջումային տարբերակին։ Երկրի ժամանակավոր ղեկավար նշանակվեց խորհրդարանի խոսնակը՝ նախկին նախագահի զինակիցը։ Բայց կենտրոնական իշխանության փաստացի բացակայությունը ձեռնտու եղավ ապստամբներին, որոնք մայիսի վերջին միավորվեցին «Անսար-ադ-Դին» խմբավորման իսլամիստների հետ և այդ կերպ ուժեղացրին վերահսկողությունը Մալիի հյուսիսային տարածքների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակն աֆրիկյան այս երկրում առայժմ օդից կախված վիճակում է։

Ապրիլի կեսերին Նորվեգիայում սկսվեց «նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկի դատավարությունը։ Դատարանում իր ելույթի ժամանակ ահաբեկիչը հայտարարեց, որ իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «ամենահնարամիտ ու տեսարժան քաղաքական հարձակումը» Եվրոպայում։ «Ես փորձեցի պաշտպանել եվրոպացիներին և նորվեգացիներին ու կանխել միգրանտների հոսքով ու քաղաքական բազմամշակութայնությամբ հրահրված քաղաքացիական պատերազմը»,- ընդգծել է ահաբեկիչը։ Այս աղմկալի դատավարությունը, ինչպես այն բնորոշել են եվրոպական լրատվամիջոցները, պետք է ավարտվի հուլիսի 22-ին, երբ դատարանը կհրապարակի Բրեյվիկի դատավճիռը։ Հենց այդ օրն էլ մեկ տարի առաջ Օսլոյի կենտրոնում, կառավարական շենքերի համալիրի մոտ, որտեղ գտնվում է երկրի վարչապետի նստավայրը, հզոր պայթյուն որոտաց։ Ահաբեկչական այս գործողության զոհ դարձավ ութ մարդ։ Մի քանի ժամ անց Բրեյվիկը հրաձգություն բացեց մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում. իշխող Նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում սպանվեց 69 մարդ։

Մեղադրյալն ինքը հայտարարել է, թե չի պատրաստվում բողոքարկել մեղադրական դատավճիռը, եթե իրեն մեղսունակ համարեն և բանտ ուղարկեն՝ պատիժը կրելու։ Ողջ դատաքննության ընթացքում Բրեյվիկը քանիցս հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունները կատարել է սթափ բանականությամբ։ Բայց մասնագետներն այդպես էլ մինչև հիմա չեն կարողանում կարծիք կազմել Բրեյվիկի մեղսունակության վերաբերյալ։ Առաջին բուժզննումն իրականացնող հոգեբույժները Բրեյվիկին պարանոիդալ շիզոֆրենիկ են անվանել, այն դեպքում, երբ կրկնակի փորձաքննության արդյունքներով, որ անցկացրել են արդեն այլ բժիշկներ, Բրեյվիկը առողջ և գործունակ է համարվել։ Եթե «հրաձիգին» մեղսունակ համարեն, ուրեմն բանտ կնստեցնեն (նրան 21 տարվա ազատազրկում է սպառնում)։ Եթե ոչ, ուրեմն նրան կուղարկեն հարկադիր բուժման, հնարավոր է՝ մինչև կյանքի վերջը։

Իսկ այժմ կանգ առնենք գլխավոր իրադարձություններից մեկի վրա, որը կարևոր նշանակություն է ունեցել ինչպես Եվրոպայի, այնպես էլ համաշխարհային քաղաքականության համար ընդհանրապես։ Խոսքը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների մասին է։ Եվ այսպես, ապրիլի 22-ին տեղի ունեցավ քվեարկության առաջին փուլը, որին մասնակցեց 10 թեկնածու, բայց նախագահական մրցավազքի հիմնական ֆավորիտներն էին համարվում գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը։ Ապրիլյան այդ կիրակի օրը ֆրանսիացիներն ընտրատեղամասեր եկան և կատարեցին իրենց ընտրությունը, իսկ ապրիլի 23-ի վաղ առավոտյան Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակեց առաջին փուլի արդյունքները, որում մեկուկես տոկոսի գերազանցությամբ հաղթել էր Օլանդը։ Բայց քանի որ հավակնորդներից և ոչ մեկն առաջին փուլում հաղթանակի համար չէր կարողացել հավաքել ձայների բավական քանակություն, Ֆրանսիայում սկսեցին պատրաստվել քվեարկության երկրորդ փուլին։ Ֆրանսիացիները պետք է ընտրություն կատարեին երկու առաջնորդների՝ Օլանդի և Սարկոզիի միջև։ Մենք չենք կարող չանդրադառնալ նախագահական ընտրությունների առաջին փուլի գլխավոր «անակնկալին»։ Այն մատուցեց ուլտրաաջ Ազգային ճակատի առաջնորդ Մարին լը Պենը։ Պոլիտկոռեկտությունը լքում է եվրոպացիներին։ «Հին» ու «նոր» Եվրոպաների բնակչության ավելի ու ավելի մեծ մասն է աջակցում ծայրահեղ աջ հոսանքի քաղաքական գործիչներին։ Փորձագետներն այսպես են բնորոշել այն արդյունքները, որոնց ընտրություններում հասել է լը Պենը՝ գրավելով երրորդ տեղը քվեարկության առաջին փուլում։ Նրանց կարծիքով, որի հետ դժվար է չհամաձայնել, մարգինալ համարվող ուլտրաաջերը վերածվել են քաղաքական ուժի, որը չի վախենում շոշափել եվրոպացիների համար խիստ ակտուալ հիմնախնդիրները։ Դա, առաջին հերթին, ներգաղթյալների հարցն է, որոնք հրաժարվում են ինտեգրվել եվրոպական հասարակությանը և փորձում են եվրոպական քաղաքները վերածել «փոքր Պակիստանների» կամ «փոքր Ալժիրների»։

Բայց վերադառնանք Ֆրանսիայի նախագահի ընտրություններին։ Մայիսի 6-ին երկրում տեղի ունեցավ քվեարկության երկրորդ փուլը, որտեղ հաղթանակ տարավ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը։ Նրա՝ Ելիսեյան պալատ գալով Հինգերորդ հանրարպետության պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ Եթե նախագահի պաշտոնին գտնվելու առաջտին օրերին Օլանդը որևէ ընկալելի հայտարարություն չարեց իր ներքին քաղաքականության վերաբերյալ, ապա արտաքին քաղաքական հարաբերությունների ոլորտում նա արդեն կոնկրետ գիծ է նշել, որը հնարավորություն է տալիս ենթադրություններ անել, թե ինչպես է իրեն պահելու պաշտոնական Փարիզը համաշխարհային ասպարեզում առաջիկա հինգ տարիներին։ Առաջին բանը, որ արեց Ֆրանսիայի նոր նախագահը, այն էր, որ կոտրեց Եվրամիությունում միասնության անսասանության մասին կարծրատիպը։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում նրա պահվածքը ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովում, որը կայացել է մայիսի վերջին Բրյուսելում։ Նախ՝ Օլանդը, ի հեճուկս ստեղծված ավանդույթի, գագաթաժողովի սկսվելուց առաջ չհանդիպեց Գերմանիայի կանցլերի հետ։ Դա որոշ վերլուծաբանների առիթ տվեց խոսելու ԵՄ-ում նկատվող պառակտման մասին։ Դե, իսկ բարձր մակարդակի հանդիպման բուն ընթացքում Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավոր ընդդիմախոսի դերում Եվրոպայի տնտեսության փրկության հարցի վերաբերյալ։ Գագաթաժողովին «կռվախնձոր» հանդիսացավ եվրապարտատոմսերի ներդրման խնդիրը։ «Անհրաժեշտ է անմիջապես գործի անցնել՝ աճի վերականգնման նպատակով, և եվրապարտատոմսերն այդ բանավեճի մասն են»,- հայտարարեց Ֆրանսիայի նախագահը։ «Եվրաբոնդերը չեն նպաստում աճին»,- իր հերթին հայտարարեց ԳԴՀ կանցլերը։ Կողմերին փորձեց հաշտեցնել ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը, որը, բացելով ոչ պաշտոնական հանդիպումը, հայտարարեց, որ նախնական բանավեճերի ընթացքում միության բոլոր երկրները «փոխզիջման գալու ամուր մտադրություն են ցուցաբերել» (մեր կարծիքով՝ միանգամայն անհիմն հայտարարություն, հատկապես եվրոպական լոկոմոտիվների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի արմատապես հակադիր դիրքորոշումների ֆոնին)։ «Փոխզիջման» մշակման համար եվրոպացի առաջնորդները մի ամիս ունեն. ներկա գագաթաժողովում նախատեսվում էր ոչ թե որևէ գործնական որոշում ընդունել, այլ պարզել միության երկրների դիրքորոշումները և նրանց մերձեցման ուղիները հունիսի 28-29-ին նախատեսված ԵՄ պլանային գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում։ Հակիրճ այսպիսին է Ֆրանսիայի նոր նախագահի եվրոպական քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական այլ վեկտորներին, ապա ամենաակտուալ խնդիրների մասով Օլանդն արդեն նշել է իր հստակ դիրքորոշումը։ Մասնավորապես, Աֆղանստանի վերաբերյալ նա ՆԱՏՕ Չիկագոյի գագաթաժողովի մասնակիցներին հայտարարել է, որ Ֆրանսիան իր զինվորական համակազմը (մեծությամբ հինգերորդը ISAF-ում) նշված ժամկետից շուտ դուրս կբերի իշամեղվի այդ բնից («Ազգային գաղափարի» բնորոշումն է)։ Այնուհետև Օլանդն անսպասելի այցով մեկնեց Աֆղանստան և ֆրանսիացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ բացատրեց իր որոշումը։ Ֆրանսիայի նախագահի խոսքերով՝ «ահաբեկչության դեմ պայքարի և թալիբներին քշելու առաքելությունը մոտ է ավարտին»։ Նա դա անվանեց «սուվերեն որոշում» և ավելացրեց, որ զորքերի դուրսբերման գործընթացը տեղի կունենա «մեր դաշնակիցների, հատկապես նախագահ Օբամայի հետ լիակատար համագործակցությամբ, որը հասկանում է որոշման պատճառները»։

Ինչ վերաբերում է սիրիական ճգնաժամին, ապա այդ մասին Օլանդը խոսել է դեռ մինչև նախագահ ընտրվելը։ Նախագահի թեկնածու եղած ժամանակ նա տեղեկացրել էր, որ հաղթանակի դեպքում կաջակցի ռազմական գործողությանը Սիրիայում։ Օլանդն ընդգծել է, որ Ֆրանսիան կմասնակցի նման ինտերվենցիային, եթե ռազմական օպերացիան անցկացվի ՄԱԿ մանդատի շրջանակում։

Այժմ ներկայացնենք Ֆրանսիայի նոր նախագահի դիրքորոշումը Հայաստանի, ավելի կոնկրետ՝ Հայաստան-Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների եռանկյունու մասով։ Չնայած ընտրություններում տարած հաղթանակի առիթով Օլանդին ուղղված շնորհավորական ուղերձում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը «նրբորեն» ակնարկել էր «Թուրքիայի համար զգայուն հարցերի» մասին, Հինգերորդ հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է խորհրդարան մտցնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ։

Այժմ անցնենք Գերմանիա, որտեղ բավական անհաջող իրավիճակ էր ստեղծվել կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած իշխող աջ կենտրոնական կոալիցիայի համար։

Կոալիցիան խոշոր պարտություն է կրել տարածաշրջանային ընտրություններում։ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) և «Ազատ դեմոկրատները» զրկվել են Շլեզվիգ-Հոլշթեյնի խորհրդարանը վերահսկելուց։ Այնուհետև ՔԴՄ-ն ջախջախիչ պարտություն է կրել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային երկրամասի տարածաշրջանային խորհրդարանի ընտրություններում։ Մերկելի կուսակցության անհաջողությունն այս շրջանում կարևոր նշանակություն ունի, քանի որ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիան երկրի ամենաբնակեցված շրջանն է, և այստեղի քվեարկության արդյունքներով են քաղաքագետները «ճշտում ժամերը» ողջ Գերմանիայում։ Ընտրություններում հաղթանակ տարավ ընդդիմությունը՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Կանաչները», որոնք միասին հավաքեցին ընտրողների ձայների ավելի քան 50%-ը։ Մեկնաբանելով ընտրարշավի արդյունքները՝ ԳՍԴԿ գլխավոր քարտուղար Անդրեա Նալեսը հայտարարեց, որ իրենք ջախջախիչ հարված են հասցրել Մերկելին ու նրա նախարարներին։ ԳՍԴԿ քարտուղարի խոսքերով՝  քվեարկության արդյունքը նշանակում է, որ Գերմանիայի կառավարության հաջորդ ղեկավարը հաստատ սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչն է լինելու։ Բունդեստագի համազգային ընտրությունները Գերմանիայում տեղի կունենան 2013թ.։

Շարունակելով ընտրությունների թեման Եվրոպայում՝ դիտարկենք իրավիճակը Հունաստանում, որը վերջին ժամանակներս գլխացավանքի հիմնական պատճառն է դարձել միասնական (առայժմ) Եվրոպայի համար։ Եվ այսպես, մայիսի 6-ին այստեղ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքներին սրտատրոփ սպասում էր ողջ ԵՄ-ը։ Քվեարկության արդյունքում ոչ մի կուսակցություն չկարողացավ բավականաչափ թվով ձայներ հավաքել ինքնուրույն կառավարություն կազմելու համար, և քաղաքական ուժերի առաջնորդները ստիպված եղան բանակցություններ սկսել կոալիցիա ձևավորելու շուրջ։ Բայց մայիսի կեսերին հասկանալի դարձավ, որ քաղաքական և տնտեսական ճգնաժամը Հունաստանում և նրա հետ միասին նաև ողջ Եվրոպայում միայն խորանում է։ Մայիսի 15-ին աջ պահպանողականների առաջնորդ Պանոս Կամենոսը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած կուսակցությունները սպառել են կոալիցիոն կառավարություն ստեղծելու բոլոր հնարավորությունները։ Հույն քաղաքական գործիչների բանակցություններում գայթաքար հանդիսացավ միջազգային ֆինանսական օժանդակությունը, որի ընդունումը ենթադրում է կոշտ խնայողության միջոցառումներ, ինչն անընդունելի է հույների մեծամասնության համար, որոնք վարժվել են ճոխ ապրելուն։

Հունաստանին նոր ընտրություններ են սպասվում, որոնք տեղի կունենան հունիսի 10-17-ի ընթացքում։ Մինչև հերթական քվեարկության արդյունքների հրապարակումը երկրում կգործի ժամանակավոր կառավարությունը, որը կզբաղվի երկրի ամենօրյա կյանքի կազմակերպմամբ։

Հանրային կարծիքի հարցումներով՝ նոր ընտրություններում հաղթանակի առավել մեծ շանսեր ունի ձախ արմատական «Սիրիզա» կոալիցիան, որը նույնպես դեմ է կոշտ բյուջետային խնայողության միջոցառումներին։ Եթե այն իսկապես հաղթի և կատարի խոստումները, Հունաստանը ստիպված կլինի դեֆոլտ հայտարարել, դուրս գալ եվրոյի գոտուց և վերադառնալ դրախմիին։ Դա զգալի հարված կհասցնի եվրոպական ողջ ֆինանսական համակարգի կայունությանը։

Եվ ահա այս ֆոնին մայիսի վերջին ի հայտ եկավ խիստ հետաքրքիր տեղեկատվություն, որն ավելի շատ նման էր Անկարայի կողմից իրավիճակը տնտղելուն։ Ինչպես տեղեկացնում էր թուրքական մամուլը, եթե եվրոյի գոտուց դուրս գալու Հունաստանի որոշումն իրականություն դառնա, Թուրքիան կկարողանա զբաղեցնել նրա տեղը քայքայվող արժութային միությունում։ Սրա կողմնակիցները պնդում են, որ դրա համար խիստ պատկառելի հիմքեր կան. Եվրոպան աճի կարիք է զգում, այլ ոչ թե «խնայողության անհրաժեշտության» մասին (քարը նետվում է կանցլեր Անգելա Մերկելի կողմը) տևտոնական դատողությունների։ Թուրքիայի տնտեսության աճի տեմպերը բավական պատկառելի են և մոտ են չինականին՝ տարեկան 8,5%։ Թուրքիայի բնակչության միջին տարիքը 28-ն է, բնակչության թիվը՝ 80 մլն, այսինքն՝ այնքան, որքան Գերմանիայում։ Քաղաքականապես Թուրքիան «մուսուլմանական գերտերություն» է համարվում, տնտեսապես՝ Ասիայի աճի շարժիչներից մեկը։

Մայիսի 24-ին Սերբիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի հաղթող դարձավ ներկայում Հաագայի բանտում նստած Արմատական կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելի նախկին զինակից, այժմ՝ Սերբիայի առաջադեմ կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը։ Սերբ շատ փորձագետներ քվեարկության արդյունքներն անսպասելի են համարում և լուրջ բարդություններ են կանխատեսում երկրի ներքաղաքական կյանքում։ Որոշ վերլուծաբաններ էլ նրա հաղթանակն անգամ «ընտրական երկրաշարժ» են անվանել։ Ընդհուպ մինչև քվեարկության օրը հանրային կարծիքի հարցումները և քաղաքագետները կանխատեսում էին վերջին ութ տարիներին Սերբիան կառավարող արևմտամետ նախագահ Բորիս Թադիչի հաղթանակը։ Բայց նրանք բոլորն էլ խորապես սխալվում էին, քանի որ մոռացել էին հարցնել շարքային սերբերին. իսկ դո՞ւք ինչ եք մտածում, սիրելի քաղաքացիներ։ Մինչև այսօր արևմտյան թերթերը և լիբերալ շրջանակները փութաջան հավաստիացնում էին իրենց ընթերցողներին և հասարակությանը, որ սերբերն ամեն գնով ուզում են Եվրամիություն մտնել, իսկ Թադիչը դարձել էր ժողովրդական առաջնորդ, քանի որ «մեծ» հաջողության էր հասել՝ մարտին Սերբիան հայտարարվել էր ԵՄ անդամության թեկնածու։ Եվ Սերբիայի եվրաինտեգրման այդ մունետիկներից ոչ մեկն արդեն շատ տարիներ հարց չի տվել. իսկ ինչպե՞ս ժողովուրդը կընկալի այն նվաստացումները, որոնց ենթարկվել է նրանց կողմից, ովքեր եղանակ են ստեղծում Արևմուտքում։ Մարսե՞լ ենք արդյոք սերբերը ՆԱՏՕ ռազմական գործողությունն անցյալ դարի 90-ականներին, Սերբիայից Կոսովոն անջատելն արդեն 21-րդ հարյուրամյակի սկզբին, սերբ քաղաքական գործիչների հետապնդումները «մարդկության դեմ հանցագործության» համար, սերբերին բալկանյան մուսուլմանների դահիճների վերածելու համար։ Կարծում ենք՝ պատասխանը քվեարկության արդյունքներն էին։ Փաստորեն, սերբերը քվեարկել են ոչ այնքան նախկին նացիոնալիստ Նիկոլիչի օգտին, որքան Թադիչի դեմ։

Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, ինչպես և առաջ, շարունակում է մնալ Իրանն իր միջուկային ծրագրով։ Նշենք, որ իրավիճակի ոչ մի նոր կամ առանձնակի զարգացում իրանական խնդրի շուրջ ապրիլ-մայիսին տեղի չի ունեցել. Արևմուտքը շարունակում էր պնդել, որ խստացվեն տնտեսական պատժամիջոցները, Իսրայելը պարբերաբար հայտարարում էր Իրանի միջուկային օբյեկտների վերացման անհրաժեշտության մասին, Ռուսաստանն էլ պնդում էր, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը հիմնախնդրի լուծման բանալին չեն։ Մայիսին միջազգային միջնորդների «վեցնյակը»՝ հանձինս Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի, մայիսի 23-24-ին Բաղդադում բանակցություններ է վարել Իրանի ներկայացուցիչների հետ՝ փորձելով գոնե ինչ-որ փոխզիջում գտնել։ Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մանը մինչև հանդիպումն սկսվելը հայտարարում էր, թե «վեցնյակն» Իրանի համար մի քանի նոր առաջարկություն է պատրաստել, որոնցով իսլամական հանրապետությանը կոչ է արվում ուրանի հարստացումը կանգնեցնել 20%-ի վրա։ Արդեն բուն բանակցությունների ընթացքում Իրանը հակաառաջարկ արեց, որը բաղկացած էր հինգ կետից։ Ինչպես տեղեկացրել է իրանական պատվիրակության աղբյուրը, «մեր առաջարկությունները հենվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, ինչպես նաև փուլային մոտեցման և փոխադարձության սկզբունքների վրա, որոնք մշակվել են Ստամբուլում տեղի ունեցած նախորդ քննարկումների ժամանակ»։ Բաղդադի հանդիպման ավարտից հետո Իրանի Mehr գործակալությունը տեղեկացրեց, որ կողմերն առաջարկություններ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի լուծման վերաբերյալ, սակայն այդպես էլ միասնական կարծիքի չեն եկել, քանի որ և՛ ԻԻՀ, և՛  «վեցնյակի» ներկայացուցիչները հրաժարվել են ընդունել միմյանց առաջարկությունները։ Իրանական պատվիրակության աղբյուրներն, իրենց հերթին, Ռոյթըր գործակալությանը տեղեկացրել են բանակցություններում տիրող «ծանր մթնոլորտի» մասին և արդյունքներ չլինելու պատասխանատվությունը գցել են ԱՄՆ դիվանագիտության որդեգրած դիրքորոշման վրա։ Բայց չնայած բաղդադյան բանակցությունների նման վատատեսական արդյունքներին, Ռուսաստանը հանդես եկավ Իրանի հետ միջնորդների «վեցնյակի» հերթական հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, այս անգամ՝ Մոսկվայում։ «Բաղդադում Իրանի ներկայացուցիչների հետ «վեցնյակի» բանակցությունների ռաունդը թույլ տվեց պայմանավորվել բանակցային գործընթացի զարգացման մասին։ Հաջորդ ռաունդը տեղի կունենա Մոսկվայում, այս տարվա հունիսին։ Մեր ընդհանուր համոզմունքն այն է, որ անհրաժեշտ է ամենամանրակրկիտ ձևով պատրաստվել այս կարևոր միջոցառմանը»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ մամլո ասուլիսում։

Մայիսի կեսին կտրուկ սրվեցին Թեհրանի և Բաքվի հարաբերությունները, և դիվանագիտական դիմակայության պատճառներից մեկը դարձավ քաղաքականությունից հեռու մի միջոցառում։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը պատրաստվում էր «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացմանը։ Եվ ահա այդ միջոցառման նախօրեին տեղեկատվություն հայտնվեց, որ «Եվրատեսիլին» զուգահեռ Բաքվում անցկացվելու է նաև գեյ-շքերթ, ինչը խիստ քննադատություն առաջ բերեց Իրանի մի շարք քաղաքական գործիչների ու հոգևորականության ներկայացուցիչների կողմից։ Ըստ նրանց՝ գեյ-շքերթի անցկացումն Ադրբեջանում հասարակական նորմերի խախտում է և սպառնում է վատթարացնել երկու երկրների հարաբերությունները։ Սրա հետ միաժամանակ Թավրիզում (Արևելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն) Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի մի քանի գործողություն տեղի ունեցավ, ի պատասխան որոնց Բաքվում նույնպես հանրահավաքներ տեղի ունեցան, որոնց մասնակիցները Թեհրանից պահանջում էին դադարեցնել «հակաադրբեջանական քաղաքականությունը»։ Մի խոսքով՝ բանն այնտեղ հասավ, որ Իրանը հետ կանչեց Բաքվի իր դեսպանին խորհրդակցության համար, իսկ որպես դիվանագիտական սկանդալի պատճառ նշվեց ԻԻՀ հոգևոր առաջնորդի հասցեին հնչած վիրավորանքը Բաքվում Իրանի դեսպանության առջև կայացող բողոքի ակցիայի ժամանակ։ Հետո ավելի հետաքրքիր է։ Մի քանի օր հետո Ադրբեջանի դեսպանը կանչվում է ԻԻՀ ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնում։ Այսպիսին էր իրավիճակը մեր տարածաշրջանում։

Վերադառնանք «Եվրատեսիլին» և նշենք, որ այս մրցույթում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը։ Ռուսական «Բուրանովյան տատիկներն իրենց «Party for everybody» երգով երկրորդն էին։ Երրորդ տեղում էր սերբ Ժելկո Յոքսիմովիչը։ Առաջատար հնգյակում էին ադրբեջանցի երգչուհի Սաբինա Բաբաևան և ալբանացի Ռոնա Նիշլիուն։

Քանի որ շեղվեցինք քաղաքականությունից, խոսենք սպորտային աշխարհի մայիսյան կարևոր իրադարձության մասին։ Մայիսի 20-ին Մյունխենում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի դրամատիկ (ֆուտբոլային փորձագետների գնահատականներով) եզրափակիչը Լոնդոնի «Չելսիի» և Մյունխենի «Բավարիայի» միջև։ Լոնդոնյան ակումբն առաջ անցավ գերմանացիներից՝ պատմության մեջ առաջին անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, տասնմեկմետրանոց հարվածներով։ Հանդիպման նման ավարտը ստիպեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Զեպ Բլատերին մտածել հետխաղային տասնմեկմետրանոցներից հրաժարվելու մասին, որով որոշվում է փլեյ-օֆի հաղթողը ոչ ոքիի դեպքում։ Ըստ Բլատերի՝ տասնմեկմետրանոցների շարքը սպանում է ֆուտբոլի՝ որպես թիմային խաղի, ոգին։ Կազմակերպության նախագահի խոսքերով՝ խաղի ելքը չպետք է որոշվի ֆուտբոլիստի և դարպասապահի դիմակայությամբ։ Նա տեղեկացրեց, որ խնդրել է ՖԻՖԱ ֆուտբոլի գրավչության զարգացման կոմիտեի ղեկավար Ֆրանց Բեկենբաուերին այլընտրանք որոնել հետխաղային տասնմեկմետրանոցների փոխարեն։ ՖԻՖԱ ղեկավարը նշել է, որ հնարավոր նորամուծությունները կկատարվեն մինչև 2014թ. աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի Բրազիլիայում։

Շարունակելով ֆուտբոլի թեման՝ նշենք, որ մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը հանել է Եվրո-2012-ի ուկրաինական մասի հանդեպ հայտարարված քաղաքական բոյկոտը։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։ «Եվրահանձնաժողովը և ԵՄ Խորհուրդը երբեք չեն օգտագործում բոյկոտ բառը»,- ընդգծել է նա Եվրախորհրդարանում դեբատների ավարտվելուց հետո, որոնց ընթացքում քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև հանրապետության նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի քրեական հետապնդումը։ Ըստ Ֆյուլեի՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն և նրա մի շարք գործընկերներ որոշել էին սեփական ցանկությամբ հրաժարվել Ուկրաինա մեկնել Եվրո-2012-ի ժամանակ։ Եվրահանձնակատարն ընդգծեց նաև, որ առաջնությունը պետք է ասոցիացվի սպորտի հետ, այլ ոչ թե քաղաքականության։

Մայիսի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովը՝ նվիրված Համագործակցության 20-ամյակին։ Հանդիպմանը մասնակցեցին ԱՊՀ բոլոր մասնակից պետությունների ղեկավարները, այդ թվում և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Գագաթաժողովի արդյունքներով ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ, այդ թվում և նախագահական ու խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդների դերի բարձրացման մասին։ Գագաթաժողովն ընդունեց Ռուսաստանի նոր նախագահ Վլադիմիր Պուտինը, որը պաշտոնն ստանձնել էր մայիսի 7-ին։ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունն անցավ ընդդիմության զանգվածային բողոքների ֆոնին, որոնք ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով և ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններով (մենք հատուկ նրանց առաջնորդներ չենք անվանում, քանի որ ոչ Ուդալցովը, ոչ Նավալնին ու նրանց մյուս գործընկերներն առաջնորդներ չեն, անգամ ռուսական հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածը նրանց առաջնորդներ չի համարում)։ Մի քանի օրվա ընթացքում բողոքի տրամադրությունները մարեցին, Վլադիմիր Պուտինը ձեռնամուխ եղավ պարտականությունների կատարմանը, վարչապետ նշանակեց Դմիտրի Մեդվեդևին, որն իր հերթին ձևավորեց մեկ երրորդով թարմացված կառավարություն։ Իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես ասում են, այսքանով իրարից բաժանվեցին։

Վերը հպանցիկ հիշատակեցինք Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ գագաթաժողովի մասին, բայց քանի որ այդ հանդիպման ժամանակ հնչեցին հայտարարություններ հեռուն գնացող հետևանքներով, ապա անհրաժեշտ է ավելի մանրամասն կանգ առնել դրանց վրա։ Սկսենք, թերևս, գագաթաժողովի մասնակիցների ընդունած ամենագլխավոր որոշումից։ ՆԱՏՕ անդամ երկրները պայմանավորվեցին Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի առաջին փուլի գործարկման մասին։ Ինչպես պարզաբանում են ՆԱՏՕ ներկայացուցիչները, ՀՀՊ առաջին փուլի գործարկումը նշանակում է, որ  Թուրքիայում բազավորված ամերիկյան ռազմանավը՝ զինված ռադարով ու հակահրթիռներով, կհանձնվի Գերմանիայում ՆԱՏՕ ռազմակայանի հրամանատարության ենթակայությանը։ Նախատեսվում է ՀՀՊ համակարգը տեղակայել չորս փուլով և ավարտել այդ գործընթացը 2018թ.։ Համակարգի տարրերը կտեղակայվեն մի քանի երկրների տարածքներում, մասնավորապես՝ Լեհաստանում, Ռումինիայում, Չեխիայում, Թուրքիայում, Նիդեռլանդներում և Իսպանիայում։

Այս ֆոնին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը չբացառեց, որ մոտ ապագայում Ռուսաստանը ստիպված կլինի զինված ուժ կիրառել ՆԱՏՕ-ի դեմ։ Ինչպես նշել են երկրի զինվորական ղեկավարության ներկայացուցիչները, այն դեպքում, եթե Ռուսաստանի և ՆԱՏՕ հարաբերությունները սրվեն, չի բացառվում, որ ռուսական կողմը զգուշացնող հարված հասցնի Եվրոպայում ՀՀՊ տարրերին։ ՌԴ գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովը տեղեկացրեց, որ եվրոպական ՀՀՊ ենթակառուցվածքի ոչնչացման համար Ռուսաստանը կարող է օգտագործել նախապես Կալինինգրադի մարզում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համալիրները։ Բացի այդ, ինչպես տեղեկացրել է Մակարովը, Ռուսաստանը սկսել է սպառազինությունների նոր տեսակի մշակումը, որը թույլ կտա շարքից դուրս բերել հակառակորդի ՀՀՊ տարրերը՝ առանց դրանք ֆիզիկապես ոչնչացնելու։ Ավելին, այդ օրերին ռուսաստանցի զինվորականները հաջող փորձարկեցին միջմայրցամաքային բալիստիկ նոր հրթիռները, որոնք ի զորու են հաղթահարելու ՀՀՊ հեռանկարային համակարգերը։ Մասնագետների կարծիքով՝ դրա ստեղծումն արժանի պատասխան կլինի ամերիկացիների կողմից հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի ծավալմանը։ «Սառը պատերազմի» հայտանիշ համարվող «սպառազինությունների մրցավազք» արտահայտությունը, ինչպես երևում է, կրկին թերթերի առաջին էջ է վերադառնում։

Չիկագոյի ՆԱՏՕ-ական գագաթաժողովի մեկ այլ կարևոր պահ կարելի է անվանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ անդամ պետությունների հաջորդ հանդիպմանը պետք է քննարկվի ռազմական դաշինքի ընդլայնման հարցը։ Քլինթոնն այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ անդամության ձգտող Բոսնիայի, Վրաստանի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ղեկավարների հետ հանդիպումից առաջ։ Գալիք գագաթաժողովի անցկացման տեղն ու ժամանակը դեռ նշված չեն։

Նշենք Չիկագոյի գագաթաժողովի ևս մեկ կարևոր պահ, որն անմիջականորեն առնչվում է Հայաստանին։ Բանն այն է, որ այդ հանդիպմանը հանրապետությունը ներկայացված էր ԱԳՆ ղեկավարի մակարդակով, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր մասնակցել ՆԱՏՕ գագաթաժողովին, քանի որ համաձայն չէր տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցի վերաբերյալ դաշինքի հռչակագրի նախագծին։ Ինչպես ավելի ուշ պարզաբանեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Չիկագոյում ՆԱՏՕ գագաթաժողովի հռչակագրի նախագծում ներառված են մակերեսային ձևակերպումներ Հարավային Կովկասի և Մոլդովայի հակամարտությունների լուծման հարցի վերաբերյալ, որոնք, չնայած որոշակի փոփոխություններին Լիսաբոնի հռչակագրի համեմատ, հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեն»։ «Այդ ձևակերպումը չի համապատասխանում վերջին տարիներին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններին և որոշումներին։ Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, այլև սպառնալ տարածաշրջանի փխրուն իրավիճակին, հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացման և նրա ղեկավարության ռազմաշունչ հռետորաբանության աննախադեպ աճի ֆոնին»,- հայտարարել է Նալբանդյանը։ Նա ընդգծել է, որ այս մտահոգությունը հաշվի առնելով՝ նախագահ Սարգսյանը որոշում է ընդունել չմասնակցել ՆԱՏՕ գագաթաժողովին։

Մայիսն ավարտվեց Սիրիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով։ Համեմատական անդորրից հետո, որը հաստատվել էր Քոֆի Անանի «սիրիական պլանի» շրջանակներում, մայիսի 25-ի երեկոյան Հուլա քաղաքը (ընդդիմության հենակետերից մեկը) ենթարկվեց ականանետային հրետակոծման, ինչից հետո քաղաքի վրա հարձակվեցին մարդկանց ավազակախմբեր՝ զինված սառը զենքով և հրազենով։ Դրան հաջորդած կոտորածի արդյունքում սպանվեց ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Քաղաքի բնակիչները կատարվածի պատասխանատվությունը դրեցին ալավի գրոհայինների վրա, որոնք հանդես են գալիս Սիրիայի կառավարության կողմում։ Երկրի ղեկավարությունն իր հերթին զանգվածային սպանությունների համար մեղադրեց «Ալ-Քաիդային» և զինված ապստամբներին։ Թե իրականում ինչ էր տեղի ունեցել սիրիական այդ քաղաքում՝ ոչ ոք ասել չի կարող։ Բայց այդ ամենը սադրանք է հիշեցնում, որի նպատակն է խափանել մազից կախված հրադադարը կառավարական բանակի և զինված ընդդիմության միջև և էլ ավելի թուլացնել նախագահ Բաշար Ասադի դիրքերը, որի գլխի համար արաբական որոշ երկրներում արդեն հսկայական պարգևներ են նշանակվում։ Սադրանքի վարկածի օգտին է խոսում նաև այն փաստը, թե ինչպես են լուսաբանվել Հուլայի դեպքերն արևմտյան որոշ և Ասադին բացահայտորեն ատող արաբական ԶԼՄ-ները։ Իրավիճակը մատուցվում էր որպես խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ կառավարական զորքերի կողմից։ Բայց, ինչպես ասում են, ստի ոտքերը կարճ են։ Օրինակ, բրիտանական The Daily Telegraph թերթը մերկացրել է BBC News կայքի կողմից կատարված կեղծումները սիրիական դեպքերի առնչությամբ. կայքն օգտագործել էր 2003թ. իրաքյան լուսանկարներ Հուլայի ավելի քան 100 խաղաղ բնակիչների սպանության մասին լուրը լուսաբանելու համար։ Կեղծումների նման մեթոդը՝ հասարակության «ուղեղների լվացման» նպատակով, Արևմուտքում նորություն չէ։

Մայիսի վերջի կարևոր իրադարձություններից էին նաև Եգիպտոսի նախագահի առաջին ազատ ընտրությունները։ Քվեարկությունն անցկացվել է մայիսի 23-24-ին, ընտրողների մասնակցությունը կազմել է 45,6%։ Ինչպես հաղորդել են նախագահական ընտրությունների բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչները, ձայների առավել մեծ քանակություն ստացել է «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին՝ 24,8%։ Երկրորդ տեղում անկախ թեկնածուն էր՝ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարության վերջին ղեկավար Ահմեդ Շաֆիկը՝ 23,9%։ Քանի որ հավակնորդներից ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 50% ձայն չէր հավաքել, երկրում պետք է անցկացվի քվեարկության երկրորդ փուլ, որտեղ կմրցակցեն առաջին փուլի երկու առաջատարները։ Եգիպտոսի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել հունիսի 16-17-ին։

Եվս երկու ամիս համաշխարհային քաղաքականության մեջ պատմություն դարձան, բայց, ինչպես նշեցինք սկզբում, դրանք կանխորոշիչ դեր ունեն և համաշխարհային ասպարեզում կարող են մեկնակետ հանդիսանալ միանգամայն նոր իրավիճակի զարգացման համար։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am