Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Մայիս 2012, N 3

ԳԱՌՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Ստեփան Թոփչյան, գրականագետ, հրապարակախոս (ԱՄՆ)

1828-ին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալիս Հայաստանի Հանրապետության ներկա տարածքում ապրում էր 161.7 հազար մարդ։ Ստեղծված համեմատաբար ապահով պայմաններում կազմակերպվեց հայերի ներգաղթը Պարսկաստանից և Արևմտահայաստանից։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, խաղաղ ժամանակաշրջանում, բնակչության թիվը 1913-ին հասավ 1.01 միլիոնի։ 1918-ին բնակչության ընդհանուր թիվը, բնական աճի հաշվառմամբ, գումարած թուրքական հարձակումներով Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Անդրկովկասի տարբեր շրջաններից հալածված 301.6 հազար գաղթականները, հասնելու էր 1.403.7 հազարի։ Մինչդեռ 1914-1920-ին հայերի ցեղասպանության ահռելի կորուստներին հավելվեցին 1918-1920-ին թուրքական բանակի և բաշիբոզուկների կազմակերպած նոր ջարդերի, սովի, համաճարակների, հիմնականում դեպի Ռուսաստան արտագաղթի կորուստները։ Բնակչության թիվը նվազելով հասավ 720 հազարի։ Միայն 1920-ի հայ-թուրքական պատերազմում թուրքերը ՀՀ գրաված շրջաններում կոտորեցին 198 հազար մարդ։ 1926-ին Հայաստանի բնակչության թիվը հասավ 881 հազարի, 1940-ին՝ 1.320.3 հազարի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աճը խիստ նվազեց պատերազմում կորուստների, ամուսնությունների, ծնունդների կրճատման պատճառով։ 1946-49-ին սփյուռքից Հայաստան ներգաղթեցին 90 հազար հայեր։ 1959-1979-ին, 20 տարում, ՀՀ բնակչությունը 1.763.1 հազարից հասավ 3.030.7 հազարի (վերանկախության 20 տարում կատարվեց ճիշտ հակառակը)։ 1987-ին արդեն բնակչությունը 3.411.9 հազար էր։ Արդյունաբերական արագ զարգացմանը զուգընթաց, քաղաքային բնակչությունը 1913-ի 10,4 տոկոսից աճեց-հասավ 68,5 տոկոսի, գյուղական բնակչությունը 89,6 տոկոսից իջավ 31,5 տոկոսի։ ՀՀՇ-ականների հայտնվելուց և իշխանությունը նվաճելուց հետո արտադրական ողջ կարողությունները թալանվեցին և հիմնիվեր ոչնչացվեցին։ Ժողովուրդը հայտնվեց կործանման մղձավանջում։

 

1

Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվեց կովկասյան ռազմաճակատի քայքայումը։ Ռուս զինվորները, էշելոն առ էշելոն, բռնեցին տունդարձի ճամփան։ Թաթարները (1918-ից՝ արհեստածին «ադրբեջանցիներ») սկսեցին նրանց որսը. «Ելիզավետպոլի և Թիֆլիսի միջև կանգնեցնում էին գնացքները, հափշտակում զինվորների զենքերը, հագուստը, սապոգները և հաճախ սպանում էին։ Թաթարների ոհմակները ղեկավարում էին թուրքական փորձված սպաներ... Շամխոր կայարանի մոտ թաթարները հարձակվեցին զինվորների 14 զորամիավորման վրա, այրեցին վագոնները, կողոպտեցին ամբողջ զինամթերքը և վիթխարի ջարդ կազմակերպեցին... Իրենց այդ հանցագործությունները նրանք բացատրում էին «բոլշևիկների» դեմ պայքարով... Միաժամանակ, թաթարները նախաձեռնեցին ռուսական բնակավայրերի ծրագրված ոչնչացումը» (Գր. Չալխուշյան, Կարմիր գիրք, 1919, էջ 136, ռուսերեն)։

Վերոբերյալ պատմաշրջանում հայ ազգաբնակչության խաղաղ տարիների աճն ընդհատվել և կրճատվել է թուրք-ադրբեջանական հարձակումներով և կոտորածներով։ Այսպես, օրինակ, 1918-ի սեպտեմբերի 15-ից թուրք-ադրբեջանական բանակը տեղական թաթարական ոճրագործ խմբերի հետ ընդամենը երեք օրվա ընթացքում Բաքվում և նահանգում խոշտանգեց և սպանեց 50 հազար հայ։ Մինչ այդ, օգոստոսին Բաքու մտած անգլիական զորամիավորումը գնդապետ Ստոքսի, ընդհանուր հրամանատար, գեներալ Դենստերվիլի, ապա և գեներալ Թոմսոնի գլխավորությամբ ոչ միայն չօգնեց դաշնակից հայկական զորամասերին, այլև մեծապես վնասեց. «Բաքվում գտնված ժամանակ Դենստերվիլը կոչով դիմել է մուսուլմաններին՝ նշելով անգլիացիների         ավանդական հովանավորությունը        մուսուլման ազգաբնակչությանը և նվիրվածությունը վերջինիս» (Հրանտ Ավետիսյան, Հայկական հարցը 1918 թվականին, Ե., 1997, էջ 311)։ Դաշնակից Հայաստանի և հայերի հանդեպ անգլիական քաղաքականության էությունը բնորոշել է անգլիական հետախուզության սպա Մակդոնալդը. «Իզուր են հայերը կարծում, թե մենք նրանց համար ենք եկել, չէ՞ որ թաթարների վրա շատ փող ենք ծախսել և ոչինչ չենք ստացել» (նույն տեղում, էջ 312)։ Սեպտեմբերի 14-ին, կռվի ամենակատաղի ժամանակ, առավոտյան ժամը 6-ից, անգլիական զինվորները խումբ-խումբ հեռացան՝ հայ զինվորներին թողնելով մենակ ընդհանուր թշնամու դեմ։ Հեռանում էին և փախչում կազմակերպված, Ստոքսի գաղտնի հրամանով։ Ժամը 10-ին բոլոր անգլիացիները նավի վրա էին. «Նրանք իրենց հետ տարան մեծ հարստություն, զինապաշարի մի մասը, արհեստանոցներ, 600 հազար փամփուշտ, թնդանոթային արկեր, գեներալ Բագրատունու խոսքերով՝ «ռուսական պետության գույքը» (նույն տեղում, էջ 316-17)։

Իսկ Արցախում, երկրամասը բռնությամբ Ադրբեջանին ենթարկելու նպատակով, անգլիացիները խրախուսեցին թուրք-ադրբեջանական ոճրագործությունների ծավալումը։ 1918-ի նոյեմբերի 15-ին, երբ զորավար Անդրանիկն իր ընտիր կամավորական բանակով ուղղվեց դեպի Շուշի, ճանապարհին նրան հանձնվեց Ադրբեջանում անգլիական առաքելության ղեկավար, գեներալ Թոմսոնի հեռագիրը. «Եթե դուք չլսեք և առաջ շարժվեք, ձեր այդ քայլը վատ կանդրադառնա հայկական հարցի վրա, որով այժմ զբաղված է Փարիզի կոնգրեսը...»։Նույնիսկ սպառնաց. «Եթե որևէ մեկը չկատարի իմ այս հրամանը, կհամարվի Մեծ Բրիտանիայի թշնամին, գործ կունենա մեզ հետ» (Բագրատ Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարը, Ե., 1994, գիրք Ա, էջ 39, 38)։ Անդրանիկը ենթարկվեց Թոմսոնին՝ ճակատագրական սխալ գործելով։ Մինչդեռ, եթե իր զորքով մտներ Արցախ, ինչպես ցույց տվեց համանման գործողությունը Զանգեզուրում, հակառակ կողմին մեկընդմիշտ կզրկեր երկրամասի վրա որևէ հավակնությունից. «Այս պատճառով էլ Արցախ-Ղարաբաղի համար սկսվեց փորձանքներով ու ողբերգական իրադարձություններով լեցուն մի պատմություն, որի վերջին փրկության էջը կարծես անհնար պիտի լինի գրել» (նույն տեղում, էջ 35)։ Անդրանիկի նահանջից հետո անգլիացիների հովանավորությամբ Շուշիի գեներալ-նահանգապետ դարձած Խոսրով-բեկ Սուլթանովը կազմակերպեց Սյունիքին հարող տարածքի հայկական գյուղերի ջարդը, ապա այնտեղ ադրբեջանցիներ լցնելով՝ անջատեց Արցախից։ Հունիսի 4-ին Շուշիի ադրբեջանական թաղից հարձակվելով հայկական թաղի վրա՝ տանջամահ արեցին 17 հայ արհեստավորի։ Այդ գործողություններին մասնակցեցին նաև անգլիական միսիայի հնդիկ մուսուլման զինվորները։ Անգլիացի սպա Մաք-Մոզընի պահանջով նրան ներկայացան Արցախի Ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանը, ռազմական գործերի ղեկավար Հարություն Թումյանը և Աստվածատուր Ավետիսյանը։ Հուլիսի 5-ին անգլիական սպաների և հնդիկ զինվորների ուղեկցությամբ նրանք վտարվեցին Արցախից, իսկ կեսօրին Սուլթանովի զորքերն ու շուրջ 2 հազար քուրդ ավազակներ սրի քաշեցին Ղայբալիշենի 700 բնակչի. «Վկաները պատմում են, որ անգլիական միսիայի ներկայացուցիչները Շուշվա բերդից անտարբեր դիտում էին օրը ցերեկով իրականացվող ոճիրը։ Իսկ նրանց զորքը հսկում էր քաղաքից ելնող ճանապարհի վրա, որպեսզի Շուշվա հայ զինվորությունն օգնության չգնա յուրայիններին։ Հաջորդ օրերին էլ ջարդարար խուժանը Խանքենդում կուտակված ադրբեջանական զորամասերի հետ նույն սպանդն է սարքել նաև Ջամիլու, Փահլուլ, Կրկժան և Դաշուշեն գյուղերի հայության վրա» (նույն տեղում, էջ 58-59)։

Հայաստանի հանդեպ ահա այսպես էին կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները մշուշոտ Ալբիոնի քաջարի զավակները՝ թրքամուսուլման աշխարհի հետ իրենց մեծ շահերին զոհաբերելով թուրքական ցեղասպանության դժոխքով անցած հայ ժողովրդին։

Այսօր, արտաքին կողմնորոշման խնդիրները լուծելիս չպետք է մոռանալ անցյալի դաժան փորձը։ Անդրադառնալով Բաքվի ջարդերին՝ Գր. Չալխուշյանն ընդգծում է. մենք հիշում ենք դա ընթերցողին համոզելու, որ թուրք-թաթարական ռեժիմի տակ ոչ մի քրիստոնյա չի կարող և չպետք է շարունակի մնալ։ Դարերով և հետագայում ևս Սումգայիթում սկսված, ողջ Ադրբեջանով տարածված հայերի ցեղասպանությամբ վերստին հաստատված այս դաժան իրողությունը, դժբախտաբար, առ այսօր դաս չեղավ մեր հայրենակիցներին։ Թեև Ադրբեջանից հայությունը արյուն տալով հիմնավորապես հեռացավ, անկախությունից հետո Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր (Էրդողանի հավաստումով՝ շուրջ 70 հազար) արտագաղթեցին Թուրքիա՝ որևէ աշխատանք գտնելու, օրվա հաց վաստակելու հույսով։ Բանը հասավ այնտեղ, որ հայ կանայք չեն խուսափում կրոնափոխ լինելով ամուսնանալ թուրքերի և քրդերի հետ, իսկ նրանցից հազարավորները (մոտավոր ճշգրիտ թիվը դժվար է որոշել) Թուրքիայում և Մերձավոր Արևելքի երկրներում զբաղվում են պոռնկությամբ՝ վաստակած դրամի որոշ մասը հաճախ ուղարկելով Հայաստանում մնացած հարազատներին։

Ողբալի այս իրավիճակն էլ Եվրամիությունում Թուրքիայի ավագ բանագնաց Էգեմեն Բաղըշին առիթ տվեց դեկտեմբերի 1-ին լպիրշորեն պատասխանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա «վաղ թե ուշ Թուրքիայի ղեկավարը պիտի այցելի Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշարձանը, խոնարհվի նրա առջև և ճանաչի Հայկական ցեղասպանությունը» հայտարարության առիթով։ Այսպես հայտարարելը «չափը չճանաչել» է, «Հայաստանի նախագահի հասակից վեր է»։ «Աշխարհի վրա չկա մի ուժ, որ ծնկի բերի թուրք ժողովրդին»,- ասաց Բաղըշը՝ շարունակելով.- «Դու քո ժողովուրդը անոթի ու թշվառ վիճակի ես մատնել, քո ժողովուրդը 4 միլիոնից 2 միլիոնի է իջել, քո ժողովրդի զավակները հիմա դեպի աշխարհի չորս կողմն են փախչում, նույնիսկ Թուրքիա են եկել, մեր զավակներին են նայում, մեր հիվանդները խնամում, թուրք ժողովուրդը այս կերպ իր լայնախոհությունն է ցույց տալիս։ Թուրք ժողովուրդը շատ լավ գիտի ծնկի բերել անգիտակից հայտարարություններով հանդես եկողներին» («Ասպարեզ», Լ. Ա., 13 դեկտեմբեր, 2011)։

Բաղըշի նշած 2 միլիոնը հեռու չէ իրականությունից։

 

2

Եթե 1828-ից մինչև Հայաստանի Հանրապետության վերանկախացմանը նախորդող պատմաշրջանում արտագաղթը հայրենիքից պայմանավորված էր հիմնականում հայերի կոտորածներով, ապա վերանկախացումից հետո լայնածավալ արտագաղթը արդյունք է գլխավորապես սեփական իշխանությունների գործունեության։ Դեռևս 1992-ին, անձամբ լիուլի կրելով սեփական ժողովրդի դեմ ՀՀՇ-ական իշխանությունների վարած հակամարդկային-հակազգային քաղաքականության հետևանքները, փորձեցի ներկայացնել իրավիճակի էությունը. «Հայաստանը համարվում էր թանգարան բաց երկնքի տակ և վերածվում է համակենտրոնացման ճամբարի բաց երկնքի տակ։ Մեր հարազատ պետությունը, հարկավ, իր քաղաքացիներին թեկուզ ձրի սպանելու ծրագիր չունի։ Սակայն, ասացեք խնդրեմ, ի՞նչ ծրագիր ունի և ինչպե՞ս է իրականացնում։ Ի՞նչ է անում մեր իրավունքները պաշտպանելու, ապահով ու բարեկեցիկ կյանք ստեղծելու համար։ Միայն բառեր, ճառեր և ուրիշ ոչինչ։ Իսկ ոչինչը ոչ այլ ինչ է, քան ինքնոչնչացման ծրագիր։ Եթե մի բան էլ անում է, մեծամասամբ հակառակ արդյունք է տալիս։ Օրինակ, հողը հանձնեցին գյուղացուն, բայց կատարվեց հակառակը, ինչպես հեգնանքով ասում են՝ գյուղացուն հանձնեցին հողին... Ասում են նաև, եթե, օրինակ, մեր ղեկավարները օտարերկրյա թշնամական պետության գաղտնի գործակալներ լինեին, էլ ի՞նչ պիտի անեին երկրի բնակչության դեմ։ Չբացահայտվելու համար ուզած-չուզած ինչ-որ դրական, գործնական քայլեր պետք է անեին ու թերևս այսպես արագորեն չկործանեին» («Վարուժան», Ե., 1992, դեկտեմբեր)։ Ապա և. «1986-ին Հայաստանում ծնվել է 81 հազար երեխա, 1991-ին՝ մոտ 78 հազար, 1992-ին, չճշտված թվերով, 67 հազար։ 1986-ին ամեն հազար բնակչին համապատասխան ծնվել է 24 երեխա, 1992-ին՝ 18,3։ Աննախադեպ արտագաղթ է սկսվել, ըստ էության՝ ով հնարավորություն ունի, հեռանում է հանրապետությունից։ Այսպես ապրել այլևս հնարավոր չէ, այլևս չի կարելի։ Նորածինների թիվը կնվազի, ու արտագաղթը կմեծանա կենսապայմանների վատացմանը զուգահեռ։ Ո՞վ կարող է պարզել. եթե արտագաղթը, 14 հազար չծնվածները ցեղասպանություն չէ, ապա ի՞նչ է։ Ո՞վ է տալու սրա պատասխանը. հանրապետության նախագահն ու նրա վարչախո՞ւմբը, ընդդիմությունն ու քաղաքական ուժե՞րը, թե՞ ժողովուրդը, որը բան ու գործը թողած՝ զբաղված է ինքնահեռացումով ու ինքնավերացումով» («Երկիր», Ե., 24 մարտ, 1993)։ Առկա փաստերի հիման վրա արված այս եզրահանգումը կանխատեսումն էր նաև այն ահավոր հեռանկարի, որի ականատեսն ենք այսօր։ Անկախության անցած երկար ու դաժան տարիների ընթացքում մարդիկ հետզհետե համոզվեցին, որ առանց թուրք-ադրբեջանցու մասնակցության սկսվել և շարունակվում է աննախադեպ ցեղասպանություն։ ԻՆՔՆԱՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ։

Այս իրողությունն իշխանությունները ոչ միայն չեն տեսնում, այլև ՀՀՇ-ական շրջանից երբ ասում էին՝ կգնան-դրամ կուղարկեն, կօգնեն երկրում մնացածներին, առ այսօր նույնիսկ դրական երևույթ են համարում։ «168 ժամ» թերթին տված հայտնի հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Աարգսյանը բացահայտորեն շեշտեց.

«Հարց- Այդ նույն կրիտիկական դժգոհ զանգվածի մի մասն էլ պահանջելու փոխարեն այսօր հույսը կտրած արտագաղթում է։ Նույնիսկ վիճակագրական տվյալներով արտագաղթողների ծավալները վտանգավոր սահմանի են հասնում։

Պ.- Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի։ Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում, պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում։ Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը չի նվազում։ Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին։ Հավատացեք ինձ, որ ոչ մի իշխանություն չունի այնպիսի ցանկություն, թե այնպես աշխատի, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը»։

Հմուտ ֆինանսիստի հիանալի թվաբանություն. ծավալվող արտագաղթի պայմաններում ինչպե՞ս է մի զանգվածի նույնը մնալով մյուսն ավելանում։ Բայց բացառիկ գյուտը «կրիտիկական զանգվածից» գլուխն ազատելու եղանակն է։ Երկրից դուրս մղել բնակչության ահռելի մեծամասնությունը կազմող այդ զանգվածը՝ նրա կյանքն ապահովելու և բարելավելու փոխարեն։ Ամեն մի կանոնավոր կառավարության հիմնական այդ խնդիրը Հայաստանում գործում է հակառակ ծայրից՝ չապահովել և չբարելավել ժողովրդի կյանքը, սեփական, բացառապես իշխանա-օլիգարխիկ 1 տոկոսանոց խավի գերշահույթներն ապահովելու համար։

Վերջին տարիներին մեկնող-չվերադարձողների թիվն անընդհատ աճել է։ Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանից բոլոր տրանսպորտային միջոցներով մեկնածները ժամանածներից ավելի էին 17.500-ով։ Անցյալ տարի բացասական սալդոն 12.000 էր, 2010-ին՝ 9090, 2009-ին՝ 7900։ («7 օր», 28 մարտ)։ 2008-ի հունվար-փետրվարին
դրամափոխանցումներն աճել-հասել են 210,3 միլիոն դոլարի։ 2009-2010-ին կրճատվել են 169,3 մլն և 158,2 մլն դոլար։ 2011-ին, արտագաղթողների թվի մեծացմանը զուգահեռ, վերստին աճել-հասել են 195,3 դոլարի։ Իսկ այս տարվա նույն երկու ամսում գերազանցել են անգամ 2008-ի հունվար-փետրվարի գումարը՝ ավելի քան 229 միլիոն դոլար, որից շուրջ 159 միլիոնը (մոտ 70 տոկոսը)՝ Ռուսաստանից։ Արտագաղթի աճը, այսպիսով, նպաստում է դրամափոխանցումների աճին, որոնք, շրջանառվելով հիմնականում առևտրական կապիտալի ձևով, մեծամեծ շահույթներ են բերում իշխանա-օլիգարխիկ խավին։ Հայաստանի հարստահարվող «կրիտիկական զանգվածի» թե՛
«հեղափոխականությունը» կոտրելու, թե՛ արտերկրից նրա ուղարկած հսկայական գումարները շահագործելու նպատակով երկրից նրան դուրս մղելով՝ կառավարությունը հաջողությամբ շարունակում է ինքնավերարտադրությունը՝ չպատկերացնելով (կամ չուզենալո՞վ պատկերացնել), որ ի վերջո հայտնվելու է փակուղում և ինքնավերարտադրությունն ավարտվելու է ինքնասպանությամբ։

Ապրիլի 18-ին էջմիածնում, ընտրազանգվածի առաջ իր վրայից թափ տալով «անցյալի փոշին», ԼՏՊ-ն սրտաճմլիկ ելույթ ունեցավ. «1998-ից մինչև այսօր 1 միլիոն հայ լքել է իր հայրենիքը... ժողովրդին դրել են այնպիսի պայմանների մեջ, աղքատացրել, խեղճացրել, խեղդել են մանր ու միջին բիզնեսները, գյուղացուն հողազուրկ դարձրել, նրա հողը, տունը գրավի տակ դրել, նրան անճար թողել, և ստիպված մարդիկ հեռանում են Հայաստանից»։ Այս իշխանությունների ամենամեծ հանցանքը Հայաստանը դատարկելն է, «սա թուրքի գործ է»։ Երկրորդ հանցանքը. «Ղարաբաղի բնակչությունն այնքան է նվազել, որ ես կասկածում եմ, որ այդ բնակչությունն ի վիճակի կլինի պաշտպանել իր հողը» (հակառակ ԼՏՊ-ի՝ Արցախի Հանրապետության բնակչությունը վերջին յոթ տարիներին, թեկուզ դանդաղ, բնական և վերաբնակեցման աճով ավելացել-հասել է 145 հազարի)։ Շեշտելով, թե իր ղեկավարած ժամանակ ազգային բանակը 78 հազար էր, իսկ հիմա բանակն ունի 50 հազար զինվոր, նա ավելորդ համարեց խոսել Ղարաբաղը և ոչ մի թիզ հող չզիջելու իշխանությունների հայտարարությունների մասին։ 1921-ից՝ Մյասնիկյանի ղեկավարության տարիներից, ոչ մի իշխանություն իր ժողովրդին չի գնդակոծել, նրա վրա զենք չի բարձրացրել, մինչդեռ այս իշխանությունները 2008թ. մարտի 1-ին 10 մարդ սպանեցին («Հետք», 18 ապրիլ)։ Իսկ Եղեգնաձորում երաշխավորեց նաև. «Անելու ենք այնպես, որ չվախենաք ոստիկանությունից, հակառակը՝ ոստիկանի մեջ պաշտպան պիտի տեսնեք»։

Ցավալի է, որ, ժամանակից շուտ ՀՀ առաջին նախագահը սկսեց տառապել զառամախտով՝ կորցնելով հիշողությունը։ Եթե չի տառապում, ինչպե՞ս է մոռացել, որ իր իշխանության սկզբից իսկ ժողովուրդը միանգամից հայտնվեց անօրինակ աղքատության, անճարության, անապահովության մեջ։ Եվ իրենից հետո ինչ այլանդակություն որ արել են, այս կամ այն ձևով շարունակել են իր կազմակերպած հանցագործությունը։ ԼՏՊ-ն վրիպել է նաև Հայոց բանակի թվաբանությունն անելիս. հանրապետության բնակչությունն այն ժամանակ անհամեմատ ավելի էր (3,65 միլիոն), քան հիմա (մեր հաշվարկով՝ ոչ ավելի, քան 2 միլիոն), երբ բանակն ունի 50 հազար զինվոր։

Որ ՀՀ բոլոր ղեկավարները դեմագոգիայի վարպետներ են՝ հայտնի է բոլորին, բայց ԼՏՊ-ն այդ գործում բացառիկ տաղանդ է։ Թե՛ կեղծ խոստումներով մարդկանց ուղեղն արդուկելու, թե՛ իր հանցանքները մոռանալու և ուրիշներին հիմնավորապես մեղադրելու վարպետաց վարպետ։ Այսպես՝ մարտի 1-ի սպանություններում ՀԱԿ-ը և առաջնորդը մեղքի սեփական բաժին ունեն։ Խռովությունների գլխավոր կազմակերպիչը ԼՏՊ-ն էր։ Նրա «հեղափոխական» կոչերը՝ «Ժողովուրդ, մենք պետք է բարիկադներ կառուցենք, զինվենք ինչով կարող ենք, փայտ վերցրեք, նստարանները բերեք» և այլն, այսբերգի միայն վերին մասն էին։ Մարտի 1-ին նստելով տանը՝ պատասխանատվության զգացումի բացարձակ բացակայությամբ, նա «արդարացավ», որ եթե գնար ցուցարարներին միանալու, իրեն կսպանեին։ Իսկ եթե «կսպանեին», ապա գերադասելի է՝ ուրիշներին։ Մյուս նշանավոր սադրիչը առաջամարտիկ Նիկոլն էր՝ քաղաքացիական կամ պարտիզանական կռիվներ սկսելու իր սպառնանքներով։

Գուցե ապացուցելու համար, որ մարտի 1-ը եզակի սպանդ էր, գուցեև զառամախտի պատճառով ԼՏՊ-ն պնդեց, թե սկսած 1921-ից ոչ մի իշխանություն ժողովրդի վրա զենք չի բարձրացրել։ Իսկ ստալինյան դահճային տարիներին, մասնավորաբար 1937-ին գնդակահարված 38-ամյա Ակսել Բակունցին կամ բանտային տառապանքներից մահկանացուն կնքած 40-ամյա Եղիշե Չարենցին և բազմաթիվ ուրիշ նշանավոր դեմքերի ու անմեղ քաղաքացիների խոշտանգումներն ու գնդակահարություններն իրագործողը Մարսի իշխանությո՞ւնն էր։ Ասենք, թե միջնադարի մասնագետը կարող էր և խառնել ժամանակները։ Բայց գոնե իր իշխանության տարիներին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կազմակերպած աղմկալից սպանությունները հիշեր։ Թե՞ Մարիուս Յուզբաշյանը, Համբարձում Ղանդիլյանը, Համբարձում Գալստյանը և այլ անձինք ժողովուրդ չէին, կամ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը և նրա «պանծալի» նախորդ, ՆԳ ժողկոմիսար Մուղդուսին իշխանություն չէին։ Իմիջիայլոց, Համբարձում Գալստյանը 1994-ի հունիսի 30-ին հավաստեց, որ միայն Երևանում ՆԳՆ աշխատակիցները սպանել են շուրջ 30 հոգի (մարտի 1-ի զոհերից 3 անգամ ավելի)։ Նույնը հաստատեց Աշոտ Մանուչարյանր 1994-ի հուլիսի 15-ի հանրահավաքում՝ շեշտելով, որ հանրապետության նախագահն է հրահանգել սպանել Մ.Յուզբաշյանին, Հ.Ղանդիլյանին, Վ.Գրիգորյանին (այսմ ահափորձը՝անհաջող Լավ, ԼՏՊ-ն տարիներ անց չի հիշում, թե երբ, ում, ինչ հրահանգներ է տվել, հիմա էլ պատրաստ է այնպես անել, որ ժողովուրդը ոստիկանից չվախենա, այսինքն՝ իշխանություն վերանվաճի՝ չի հրահանգի սպանել նույնիսկ «անախորժ» մարդկանց։ Հասկանալի է՝ ինչու չի հիշում։ Բայց նրա և ՀՀՇ «սխրանքները» ինչո՞ւ են ջնջվել նաև լևոնական զանգվածի հիշողությունից։

Մի հարցում՝ արտագաղթը «թուրքի գործ», այսինքն՝ ցեղասպանություն համարելիս, ԼՏՊ-ն ավելի քան իրավացի է, բայց ոչ արդարադատ, քանզի դատափետում է միայն իրենից հետո կատարվածը։ Մինչդեռ այդ «թուրքի գործի» համար պատասխանատու են ՀՀ երեք նախագահներն էլ՝ իրենց խմբերով, յուրաքանչյուրն՝ իր, ԼՏՊ-ն՝ առավելագույն չափով։ Անկախությունից հետո երկրում առաջացած բոլոր բացասական երևույթների համար ԼՏՊ-ՀՀՇ-ՀԱԿ-ականները մեղադրում են բացառապես Քոչարյան-Սարգսյան զույգին։ Օրինակ, մեծ աղմուկ բարձրացնելով, անդադար շահարկելով մարտի 1-ի իրենց իսկ սադրած խառնակ իրավիճակում 10 հոգու սպանությունը՝ ՀՀՇ-ական պետական մակարդակով կազմակերպված անհամեմատ ավելի շատ սպանությունները մատնում են քար լռության։ Բնորոշ է, որ նրանց ամենաեռանդուն ու անհաշտ զինակից Նիկոլ Փաշինյանն իր քննադատական ողջ կրակը թափում է նույն զույգի գլխին՝ յուր անձեռնմխելի ԼՏՊ-ին ներկայացնելով սրբի լուսապսակով։ Ապրիլի 29-ին Նոյեմբերյանում Նիկոլը հայտարարեց. դո՛ւ, Սերժ Սարգսյան, նայելու ես ճաղապատ պատուհանից, ես դա ձեզ խոսք եմ տալիս, Ռոբերտ Քոչարյանն էլ կողքի ճաղերից է նայելու բովանդակ Հայաստանին։ Խոստումն ի կատար ածելուց հետո ԼՏՊ-ն, անկասկած, նրանց ու ճաղերի հետևում մյուս հայտնվածներին նայելու է նախագահական գահի բարձրությունից։ Բայց հավատա՞լ նման մեկին, ով պատրաստ է պատժել երկրորդին և երրորդին, իսկ հիմնադիր առաջինին ճգնում է վերադարձնել անսահմանափակ իշխանությունը։ Մինչդեռ հենց առաջինն է բոլոր բացասական ցուցանիշներով լիիրավ գրավել առաջին տեղը։

 

3

1987-ին Հայաստանի բնակչությունը 3.411.9 հազար էր։ 1988-92-ին Ադրբեջանից Հայաստան եկան ավելի քան 400.000 փախստական, հեռացան 160.000-ից ավելի ադրբեջանցի։ Արդ, ԼՏՊ-ՀՀՇ իշխանության սկզբին Հայաստանի բնակչությունը հասավ 3.65 միլիոնի, որից 150.000 փախստականներ, այնուհետև չդիմանալով ծանր պայմաններին, լքեցին նաև Հայաստանը։

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 1992-95-ին Հայաստանից հեռացել է ավելի քան կես միլիոն մարդ։ Զինադադարից հետո՝ 1995-ից մինչև 2001-ը, հեռացել է ավելի քան 350.000 մարդ՝ «փողոցում սոված չմնալու համար»։ Արդեն խաղաղ պայմաններում երկիրը լքում էին միջին հաշվով տարին 90 հազար մարդ։ 2002-2005-ին արտագաղթը կրճատվեց, սկզբում՝ տարեկան 55-60 հազար մարդ, 2005-ին՝ 10-15 հազար։ 2005-2007-ի բացառիկ տարիներին փոքրաքանակ ներգաղթ սկսվեց. մեկնող-եկողների տարբերությունը 10-15 հազար էր՝ հօգուտ եկողների (news.am, հուլիս 21, 2011)։

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նշում է, որ 1990-ականներին հեռացել է բնակչության մեկ երրորդը՝ 1 միլիոնից ավելի մարդ («Լրագիր», 26 մարտ)։ 1988-2000թթ.. ըստ պետպլանի տնտեսագիտության ինստիտուտի աշխատանքի ռեսուրսների բաժնի պետ Սուրեն Կարապետյանի, օդային տրանսպորտով Հայաստանից մեկնածների և եկածների բացասական մնացորդը կազմում է 650-700 հազար մարդ։ Ցամաքային տրանսպորտով մեկնածների թիվը առնվազն դրա կեսից ավելին պետք է լիներ։ Ստացվում է մոտ 1 միլիոն 100-200 հազար մարդ։ ՀՀ առաջին Գերագույն խորհրդի պատգամավոր Աղասի Արշակյանը, 1996-ին նշելով, որ պետական աղբյուրներում հաշվի չեն առնված փախստականներին, ազգային փոքրամասնություններին (ոչ ադրբեջանցի) և այլ խմբերի վերաբերող տվյալներ, հաստատեց, որ երկրից հեռացել է մոտ 1 միլիոն մարդ։ Ըստ ակադեմիկոս Վ.Խոջաբեկյանի՝ նույն տարիներին արտագաղթել է 1 միլիոնից ավելի մարդ։ Այսպիսով, մինչև 1998թ. փետրվարի իր հրաժարականը, ԼՏՊ-ն «հիշի», թե ոչ, 1 միլիոն 100-200 հազար մարդ լքել է երկիրը։ Ուստի, այդ ժամանակ արդեն Հայաստանի բնակչությունը 2.5 միլիոնից նկատելիորեն ավելի չէր կարող լինել։ Բնական է, որ հետագա առնվազն 2-3 տարիներին, ինչպիսի իշխանություն էլ գար, նախընթաց իրավիճակի շարունակվող իներցիայով արտագաղթը, թեկուզ կրճատվելով, շարունակվելու էր։ Նախորդ տարիներին ակտիվ, այլ երկրներում ադապտացվելու ունակ բնակչության հիմնական մասն արդեն հեռացել էր, ուստի հաջորդ տարիներին արդեն արտագաղթը հազիվ թե հասներ 1 միլիոնի, ինչպես այժմ պնդում է ԼՏՊ-ն՝ թերևս փորձելով մի կերպ սքողել իր նախագահության շրջանի արտագաղթի հսկայական ծավալը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2011-ի դեկտեմբերի 4-ին նշեց. մենք ունենք ծերացող հասարակություն, որի պատճառներից մեկը ծնելիության ցուցանիշի նվազումն է, վերջին 20 տարում Հայաստանը լքել է 1 միլիոն 200 հազար մարդ («Լրագիր», 2 ապրիլ)։ Սա անհամեմատ փոքր թիվ է, իհարկե, ավելի հարմար ներկա իշխանությունների շահերին, հատկապես ընտրությունների ժամանակ, երբ եղածից անհամեմատ մեծ թիվ ցույց տալով՝ հավելուրդ «ձայներն» օգտագործվում են կեղծիքներով իշխանությունների վերարտադրության համար։ Այսպես, ըստ ՀՀ ոստիկանության առաջին հրապարակման, ս.թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների ցուցակներում ընդգրկված էին 2.485.844 մարդ։ 2008-ի նախագահական ընտրությունների համեմատ թիվն աճել էր 165.469-ով։ Ընտրատեղամասերի թիվը՝ 54-ով։ Ըստ պաշտոնական վիճակագրության (2011, հոկտեմբեր)՝ Հայաստանի բնակչությունը 2.871.509 մարդ է, որ ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը (նույնիսկ 1991-ի հանրաքվեին բնակչության 3,65 միլիոնից մասնակցել է 2.163.967 մարդ)։ «Հայկական ժամանակ» թերթը հայտնեց, որ ընտրողներին ուղարկվել է 1.900.000 ծանուցագիր, 750.000-ը հետ է եկել, քանի որ հասցեատերերը չեն բնակվում Հայաստանում։ Ստացվում է, որ ընտրողների իրական թիվը 1.150.000 է։ Մեկ ընտրատեղամասանի համայնքներ օրենքով ծանուցագրեր չեն ուղարկվում, որով էլ պատճառաբանվում է ավելի քան 585.000 ծանուցագրի պակասությունը վերոնշյալ թվից։ Բայց որևէ պատճառաբանություն չի կարող սքողել ծանր իրողությունը։

 

4

Ինչպես տեսանք, ԼՏՊ-ի հրաժարականից հետո երկրում բնակչության թիվը չէր կարող էականորեն գերազանցել 2.5 միլիոնը։ Դրանից հանած հետագայում տարին նվազագույնը միջին հաշվով 25 հազար արտագաղթողների միագումարը (մոտ 10 տարում, քանի որ 2005- 2007-ին փոքրաքանակ ներգաղթ կար), կստանանք 2 միլիոն 250 հազար։ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հաստատում է այդ թիվը. 2001-2007-ին Հայաստանը լքել է 150 հազար մարդ, իսկ 2008-ից հատուկ խորացված ուսումնասիրություն միգրացիոն հոսքերի մասով չի եղել, արտագաղթի ծավալները՝ նախորդ տարիների նման տարեկան 25 հազար մարդ, մնացել են անփոփոխ («7 օր», 8 ապրիլ)։ Բայց չշտապենք։

Նույն միգրացիոն պետծառայության պաշտոնական կայքով 2008-ին Հայաստանից մեկնել է 23,1 հազար մարդ, 2009-ին՝ 29 հազար, 2010-ին՝ 29,9 հազար։ Ընդհանուրը՝ 77.891 մարդ։ («Հայացք», 2 օգոստոս, 2011)։ 2011-ի 11 ամիսներին մոտ 66 հազար մարդ ավելի է մեկնել, քան ժամանել է։ Որոշ հաշվարկներով էլ 2011-ին Հայաստանից վերջնականապես արտագաղթել է 45 հազ. քաղաքացի («Առավոտ», 26 ապրիլ)։ 2012-ի հունվար-մարտին, այսինքն՝ ընդամենը երեք ամսում օդային տրանսպորտով մեկնած-ժամանածների բացասական տարբերությունը 28,6 հազար մարդ է (7or.am, 3 ապրիլ)։ Միգրացիոն ծառայության և նրա պետի բերած թվերն իրար չեն համապատասխանում, ուստի վստահել տարին միջին հաշվով 25 հազարին՝ չի կարելի։ Այսինքն՝ 2 միլիոն 250 հազարն էլ հավաստի չէ. 2012-ի առաջին չորս ամսում՝ ցամաքային տրանսպորտով մեկնածները չհաշված, 50.031 (Երևանի «Զվարթնոցից» մեկնել է 238.406, ժամանել 192.109, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից մեկնել է 11.548, ժամանել 7814 ուղևոր)։ Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում 42.010 հազար մարդ չի վերադարձել «Զվարթնոց» օդանավակայան («Լրագիր», 12 մայիս)։ Ուր վերջին 10-12 տարիների «միջինացված» 25 հազարը, ուր՝ այս թվերը։ Կարող ենք իրավամբ եզրակացնել, որ հանրապետությունում առկա բնակչությունը 2 միլիոնից ավելի չէ, գործող իշխանությունների շահերն ստիպել են տարին «միջինացված» 25 հազարն ընդունել աղետալի իրավիճակը մի կերպ «շտկելու» նպատակով։ Մեր մոտավոր հաշվարկով՝ 1.650.000 բնակչության արտագաղթը ՀՀ անկախությունից հետո իշխանությունների կազմակերպած «սպիտակ» (ոչ առանց կարմիր բծերի) ցեղասպանության գլխավոր վկայությունն է։ Դժբախտաբար, 1.650.000-ը վերջին սահմանագիծը չէ։ Հանրապետությունում շրջում է հեռացման-վերացման ուրվականը։ Մարդիկ պատրաստ են առաջին իսկ հարմար առիթով զանգվածաբար հեռանալ, փրկել իրենց ու իրենց զավակներին։ Անցյալ տարվա հուլիսին բնապահպան Կարինե Դանիելյանը փաստեց. մեր վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրի բնակչության 40-45 տոկոսն իր ապագան Հայաստանի հետ չի կապում, տարածված վատատեսական տրամադրությունների պատճառով շատերը լքում են երկիրը։ Նույն վատատեսական տրամադրություններից էլ շատացել են ինքնասպանությունների դեպքերը։ Մենք չենք հասցնում մեզ վերարտադրել։ Իշխող Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը դատարկ հնչյուն է այս ահռելի իրավիճակի մթնոլորտում։

Արտագաղթի պատճառների, արտասահման բնակության մեկնած Հայաստանի քաղաքացիների բարդ ու հաճախ ծանր կացության բնորոշ մի պատկեր է տրված Արաքս Սաֆարյանի (Բրյուսել) հոդվածում։ 2011-ին Հայաստանից 691 հայ է ներգաղթել Բելգիա, այնտեղ ապրելու իրավունք ստացել է միայն մեկը։ Նույն տարում արտաքսվել են 203-ը, շատերն ընտանիքներով գտնվում են արտաքսման բանտերում, որտեղ կարող է հայտնվել անօրինական մեծամասնությունը երկրից կամավոր չհեռանալու դեպքում։ Այդուհանդերձ, ոչ ոք Հայաստան վերադառնալու ցանկություն չունի։ Ժամանակավոր կացարանի իրավունք ստացած, հինգ տարի Բելգիայում բնակված, այժմ երկիրը լքելու հրամանի տակ գտնվող մի ընտանիք համոզված է, որ մեղավորը Հայաստանի կառավարությունն է. հրամանում գրված է, թե «ձեր երկրում ոչ մի խնդիր չկա, բժշկական ծառայություններն անվճար են... հստակ մատնանշվում է նաև բժշկի ազգանունը»։ Առանց երկկողմ համաձայնության բելգիական կառավարությունը չէր կարող յուրաքանչյուրի մասին այդքան մանրամասն տեղեկություններ ապահովել։ Բելգիան օրինական գաղթականներին անվճար բժշկական ծառայություն է մատուցում, հոգում կրթական, աշխատանքի տեղավորման խնդիրները։ Իսկ Հայաստանում եթե անգամ որևէ ժամանակավոր աշխատանք էր հաջողվում գտնել, ամիսներով աշխատեցնում և չէին վճարում, բժշկի գնալը մեծ գումարների հետ էր կապված. «Հայաստանն ապրելու տեղ չէ։ Տուն-տեղ վաճառել ենք, ոչինչ չունենք։ Ո՞ւր վերադառնանք։ Այստեղ անգամ չնչին աշխատանքով ավելի լավ ենք ապրում, քան Հայաստանում։ Գիտեմ, որ երեխաս սոված չի լուսացնում։ Հայաստանում ո՞վ է մեր մասին մտածում, ո՞ւմ պետքն ա՝ սովա՞ծ ես, թե՞ կուշտ։ Եթե երեխադ հիվանդ է և փող չունես դեղ առնելու, ի՞նչ անես, ամեն վայրկյան քեզ ոտնահարված ես զգում։ Իսկ մեր իշխանությունները գալիս են Բելգիա և հայտարարում, թե մեր երկրում ամեն ինչ նորմալ է... Ամեն անգամ իրենց այցից հետո հայերին սկսում են դեպորտ անել։ Հերիք էղավ, էլի, մեղք ենք, ինչքա՞ն տանջվենք, հոգնել ենք էս քաշքշուկներից։ Փողոցից հաց կհավաքեմ, բայց երբեք Հայաստան չեմ վերադառնա» («Ազգ», 24 մարտ)։ Ի՞նչ ասես, երբ այս վիճակն անգամ գերադասելի է համարվում հայրենիքում ծվարելուց, որտեղ հասարակ ժողովուրդը դատապարտված է անապահովության, իրավազրկության, կիսաքաղց գոյության, անվերջանալի տառապանքների, դանդաղ մահվան։

Հայ ժողովրդի փրկության միջոցը ԼՏՊ-ն, բնականաբար, քոչարյանա-սերժական չարագործ ավազակախմբից ազատվելն է համարում։ ՀՀ Աժ ընտրություններից հետո, մայիսի 8-ին Ազատության հրապարակում նա դա հիմնավորեց՝ կրկնելով իրեն. «Հայաստանի իշխող վարչախումբը մնալու է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների ու անկիրթների նույն խաժամուժը, իսկ միջազգային հանրությունը, հակառակ իր հավաստիացումներին, ինչպես նախկինում, այսուհետև ևս ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները շարունակելու է ստորադասել տարածաշրջանային կայունության և անվտանգության աշխարհաքաղաքական նկատառումներին։ Եվ Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր վարչախմբին աշխարհը աջակցելու, փայփայելու ու գուրգուրելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրանից չի կորզել նախ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ձևավորումը, իսկ ապա Լեռնային Դարաբաղի ձեռք բերած փաստացի անկախությունն ու ազատագրված տարածքները» (news.am, 8 մայիս)։ Թե՛ ԼՏՊ-ի, թե՛ կողմնակիցների նմանատիպ քննադատություններին բնավ չեն արձագանքում գործող իշխանությունները, ասես հարկ չկա ապացուցելու, որ իրենք խաժամուժ չեն։ Ասես իրենց չի էլ վերաբերում։ Լռությունը համաձայնության նշա՞ն է։ Անգամ երբ քաջամարտիկ Նիկոլը խոստանում է նրանց նստեցնել ճաղերի հետևո՞ւմ։ Համոզված են, որ չի՞ հաջողվի։ Ինչևէ, երևում է, որ ԼՏՊ-ն խորապես հիասթափված է այն «միջազգային հանրությունից», որի անունից 1997-ի հոկտեմբերին, իր անմոռանալի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում սպառնում էր սեփական քաղաքացիներին. «Փոխզիջման մերժումը և մաքսիմալիզմը... Ղարաբաղի իսպառ կործանման և Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է... Հայաստանն ու Ղարաբաղը այսօր ուժեղ են, քան երբևէ, բայց հակամարտության դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են... միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Դարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Արևմուտքի նավթային շահերին»։Այժմ, երբ անցել է ավելի քան 14 տարի և իր կանխատեսած վերահաս արմագեդոնի նշույլն իսկ չկա, խորոզացել է ԼՂ «փաստացի անկախությունով» և... փոխելով իր հին երգը՝ «պաշտպան» կանգնել ազատագրված տարածքներին։ Կարծես 1997-ին ինքը չէր կրակ ու բոց թափում «դմբո» ընդդիմացողների գլխին, «...որ Արցախի համար մենք արյուն ենք թափել, որ գրավված տարածքները վերադարձնելով վտանգվում է Արցախի գոյությունը, որ հանուն Արցախի հայ ժողովուրդը նորից պատրաստ է արյուն թափելու, որ մենք թքած ունենք համաշխարհային կարծիքի վրա, որ մենք ծնկի կբերենք և՛ Ադրբեջանը, և՛միջազգային հանրությունը, որ մենք ազգովի կդառնանք ֆիդայի»։Հայտնի չէ՝ ում տհաճ արարքի պատճառով ԼՏՊ-ն վախեցնում էր բոլոր նրանց, ովքեր միանգամայն իրավացիորեն դեմ էին «գրավված» տարածքներ վերադարձնելուն. «Երբ մենք թքենք աշխարհի երեսին, նա մեզ ինչո՞վ կպատասխանի»։ Եվ փարիսեցիաբար մոռացած այս անարգ դեմագոգիան՝ այժմ «գրավվածը» փոխատեղելով «ազատագրվածով», հայ-թուրքական արձանագրություններում      պատմաբանների հանձնաժողովից զատ անընդունելի ոչինչ չգտնելով՝ թատերական պաթետիզմով խոստանում է պայքարել մինչև վերջ, հանուն օրինականության հաղթանակի. «Ոչ ահաբեկումները, ոչ բռնությունները, ոչ էլ քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը մեզ չեն կոտրելու» (news.am, 8 մայիս)։ Ո՞ր օրինականության։ Իր ՀՀՇ-ական նույն «օրինակությա՞ն», որ անկախության սկզբից այլափոխություններով շարունակվում է առ այսօր` հյուծելով ու հայրենիքից դուրս մղելով ժողովրդին։ Բուն նպատակն ի՞նչ է՝ նախագահի գահին նորից բազմե՞լը։

Անխնա հարստահարված, զոմբիացած զանգվածը մոլորվել է երեք նախագահների արանքում։ Ուրիշ արժանավոր անձ ողջ հայ ժողովրդի մեջ չկա ու չի էլ կարող լինել. ԼՏՊ-Քոչարյան, հետագայում և Սարգսյան փոխատեղվելու են մինչև հաջորդ համաշխարհային ջրհեղեղը։ Երկրորդ Նոյը հազիվ թե կենդանիների փոխարեն բացարձակապես անպետք ինչ-որ նախագահներ վերցնի տապան։ Նախագահներ, որոնք չարաբաստիկ ճակատագրի խաղով մոռացել են, որ իրենք էլ մյուսների նման մահկանացու են և իրավունք չունեն թույլ տալ ամեն տեսակ անօրինություն, որ իշխանություն են նվաճել լոկ պատմության իդիոտիկ ընթացքով։

Նախընտրական քարոզարշավով հերթական շրջանն այցելած ԼՏՊ-ՀԱԿ-ականներին դիմավորելիս գառ էին մորթել։ Այս գեշ սովորությունը հայկական ավատատիրական գործելակերպի ու մտայնության կրողներն ընդօրինակել են խանական Ադրբեջանից, որտեղ ալիևների ոտքերի տակ բազում գառների արյուն է թափվել։ Ցարդ ո՞ւմ են ընտրել և դեռ ո՞ւմ են ընտրելու Հայաստանի մոլորված զանգվածները։ Գառները հիշողություն չունեն։ Հովվի շվիի ելևէջներով խաբված՝ ընտրելու են մսագործին։

Գառներն ընտրում են լռությունը...

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am