Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Մայիս 2008, N 2

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Մովսես Խորենացի

 

Թարգմանությունը և ծանոթագրությունները` Ստ. Մալխասյանի

 

 

ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ

 

ՈՂԲ` ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՑԵՂԻՑ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ

 

Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:

Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ, բեմիդ բարեզարդությունից անշքացած, քաջ հովվից և հովվակցից զրկված: Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս1  և ոչ էլ փարախի մեջ ժողովված` գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:

Երանի~ առաջին և երկրորդ փոփոխություններին2. որովհետև եղավ մի ժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացվեցին, բայց դու, հարսդ, համբերեցիր, ուղղախոհությամբ պահելով ամուսնությունդ, ինչպես մեկը մեզանից առաջ իմաստնաբար ասաց3: Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր. թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ստամբակ որդիներն իրենց ծնողին անարգեցին, միանգամայն և խորթերը արժանապես օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր. ակնկալելով քո (փեսայի) դարձին, դու հովվակցի ձեռքով, մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տագերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով: Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս` այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ:

Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել և շուրջը հրեշտակների խմբեր տեսնել: Բայց դու՞ ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից: Որովհետև այնպես չէ (մեր վիճակը), ինչ որ հնումը (իսրայելցոց) ժողովուրդն ուներ, այլ մեր թշվառությունն ավելի է4: Որովհետև Մովսեսը վերացվում է, բայց Հեսուն չի հաջորդում, որ առաջնորդե դեպի Ավետյաց երկիրը: Ռոբովամն իր ժողովրդից մերժվեց, բայց նրան փոխարինեց Նաբատի որդին, և աստծու մարդուն ոչ թե առյուծը ոչնչացրեց, այլ հասուն տարիքը: Եղիան համբարձավ, բայց Եղիսեն չմնաց կրկնակի հոգով` Հեուին օծելու, այլ դեռ Ազայելն էլ հրավիրվեց Իսրայելին կոտորելու: Սեդեկիան գերի տարվեց, բայց չկա Զորաբաբել, որ տերությունը նորոգե: Անտիոքոսը բռնադատում է թողնել հայրենի կրոնը, բայց Մադաթիան չի դիմադրում. պատերազմը մեզ շուրջանակի պաշարել է, բայց Մակաբեն չի փրկում: Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք. արհավիրք հեթանոսների կողմից և կռիվներ հերձվածողների կողմից5, և չկա այն խորհրդականը, որ խրատեր և պատերազմի պատրաստեր:

Ավա~ղ այս զրկանքներին, ավա~ղ այս թշվառ պատմության: Ինչպե՞ս դիմանամ այս ցավերին, ինչպե՞ս ամրապնդեմ միտքս ու լեզուս և հայրերիս (իմ պարտքս) հատուցանեմ այս խոսքով, (իմ) ծնունդի և սնունդի փոխարեն: Որովհետև նրանք ինձ ծնան և սնուցին իրենց տված ուսումով և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու6: Եվ մինչ նրանք. սպասում էին մեր դարձին, որ փառավորվեն իմ ամենիմաստ արվեստով և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ-շտապ դիմելով, հույս ունեինք հարսանիքներում պարել խիզախ և արագ շարժումներով և առագաստի երգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով. նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին ձայնն և օրհնությունը:

Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում: Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը չարերի համար. ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ արբանյակներ էր գրավում. ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը. կորա~վ ժողովուրդը, ծածկվե~ց նավահանգիստը, լքե~ց օգնականը. լռե~ց խրախուսիչ ձայնը:

Ո՞վ այսուհետև պիտի հարգե մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտե` մասամբ իր որդուցս հաղթվելով: Ո՞վ պետք է զսպե առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված` շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հարերից մեկը7. ամեն բանի նրանք հավասարապես դժվարանում են և իրենց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ (մարդկանց): Ո՞վ պետք է նրանց պապանձեցնե սաստելով և մեզ սփոփե գովելով և չափ դնե խոսքի լռության:

Երբ մտածում եմ այս բաների մասին, իմ մեջ հառաչանք և արտասուք են ծագում, ինձ թելադրում են տխրալից և սգավոր խոսք ասել: Եվ չգիտեմ, ի՞նչպես հորինեմ իմ ողբը և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն գցվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որի գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կենցաղօգուտ պսակը. արդյոք իմ հո՞րն ու քահանայապետին, այն վսեմ միտքը, լի կատարյալ խոհականությամբ, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած` ուղղություն էր տալիս (ընթացքին) և սանձահարում էր օտարոտի (մտքեր հայտնող) լեզուները, թե ինձ, նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս. արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս. արդյոք մեր աշխարհին արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվածները:

Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա` ցավակցելով մեր ողբին կամ արձանների վրա փորագրելու: Զարթի՞ր, Երեմիա, զարթի՞ր և ողբա8  մարգարեանալով հանդերձ ինչ թշվառություններ, որ կրեցինք և դեռ պիտի կրենք. գուշակի՞ր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիան իսրայելցիների համար:

Ուսուցիչները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:

Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:

Վիճակավորները` հպարտ, դատեր սիրող9, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:

Աշակերտները` սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած` աստվածաբան են:

Ժողովրդականները` ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող10:

Զիվորականները` անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ11, ավազակների բնութենակից:

Իշխանները` ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:

Դատավորները` տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած:

Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել և տարրերը փոխել են իրենց բնությունը. գարունը երաշտ, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև: Քամիները` բուքեր բերող, խորշակի փոխված, ցավեր տարածող. ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ. եղանակը դաժան, եղյամ բերող. ջրերի անօգուտ ավելանալը և չափից դուրս պակասելը. երկրի պտղաբերությունը նվազած, անասունների աճելությունը պակասած, այլև երկրաշարժներ և սասանումներ: Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքին, թե ամբարիշտներին խաղաղություն չկա12:

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ13: Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքի ակնկալություն:

Որից փրկե Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան: Նրան փառք բոլոր ստեղծվածներից, ամեն:

 

 

 

1.  Տե՜ս Սաղմ. ԻԲ, 1-2:

2.  Առաջին և երկրորդ փոփոխում ասելով պատմահայրն ակնարկում է ս. Սահակի երկու անգամ գահընկեց լինելու վրա, առաջին անգամ խաչեղբոր հետ միասին, երկրորդ անգամ` նախարարների միաբան խորհրդով (III. ԿԳ), որոնց կոչում է ստամբակ որդիք, որոնք իրենց ծնողին անարգեցին, բայց որոնք, իբրև խորթ որդիք, արժանապես անար·եցին նաև օտար հորը (= Սուրմակին) և եկվոր խորթ հորը (= Բրքիշոյին), (III. ԿԴ):

3.  Հեղինակն այստեղ նկատի ունի Գր. Նազիանզացուն, որի զանազան ճառերից մանր-մունր ասացվածքներ առել հյուսել է այս ողբի մեջ (ԸՐՎ. ԸՐՔ. II, 140-143):

4.  Այստեղ Խորենացին մի շարք անցքեր իսրայելացիների պատմությունից համեմատում է հայոց անցքերի հետ, ցույց տալու համար, թե մեր վիճակն ավելի վատթար է եղել, քան նրանցը: Այսպես` իսրայելացիների մոտ Մովսեսը վախճանվում է, բայց նրան հաջորդում է Հեսուն, իսկ մեր մեջ Մովսես (= Սահակ) վախճանվում է, բայց հաջորդ չի ունենում: Իսրայելացիների մոտ Ռոբովամին ժողովուրդը մերժում է, բայց նրա փոխարեն թա·ավորեցնում է Հերոբովամին, Նաբատի որդուն (Գ. Թա·. ԺԲ, 16-21), իսկ մեզ մոտ Արտաշիրին մերժում են, բայց նրա փոխարեն ոչ ոքի չեն թա·ավորեցնում:- Աստծու մարդու մասին, որին առյուծը սպանեց, տե՜ս Գ. Թագ. ԺԳ. 1, 23-24: (Այս համեմատությունը առյուծից սպանվածի և ծերությունից մեռածի մեջ` մեզ անհասկանալի է):- Իսրայելացիների մոտ Եղիային փոխանորդեց կրկնակի զորությամբ Եղիսեն, որ Հեսուին օծեց (Գ. Թա·. Բ. 11-13, Թ. 1-14, ԺԲ. 17-18), իսկ մեր մեջ Սահակին ոչ ոք չհաջորդեց նրա նման և ոչ ոքի չօծեց: Իսրայելացիների մոտ Սեդեկիան գերի տարվեց (Գ. Թա·. Ի. 5-7), բայց առաջ եկավ Զորաբաբելը, որ նորոգեց տաճարը (Եզր. Դ. 47-58), իսկ Արտաշիրը հաջորդ չունեցավ` աշխարհը բարեկարգելու: Իսրայելացիների մոտ` Մադաթիա քահանան և նրա որդին Հուդա Մակաբեն դիմադրում են Անտիոքոսին և պաշտպանում իրենց կրոնը (Ա. և Բ. Մակ.), իսկ մեր մեջ այսպիսի դիմադրություն և եկեղեցու պաշտպանություն տեղի չունեցան:

5. «Ներսը կռիվներ հերձվածողներից», և սրա հետ Ողբի սկզբում խոսքերը` «խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը», ցույց են տալիս, թե հինգերորդ դարի երկրորդ կեսում Հայաստանում կրոնական բուռն պայքար էր մղվում, որ կարող էր լինել միմիայն քաղկեդոնականության շուրջը: Այս մասին տե՜ս մեր «Խորենացու առեղծվածի շուրջը» աշխատությունը, հավելված Գ և այս գրքի ներածությունը:

6.  Այս պարբերության մեջ փոփոխակի գործ են ածված եզակի և հոգնակի ձևը` «մեր դարձին», «մենք էլ», «հույս ունեինք» և «իմ արվեստով», «ողբեր եմ ասում», «չհասա տեսնելու»: Այս երևույթը մի բանասեր (Ակինյանը) համարել է անհետևողություն և լեզվի պակասություն: Բայց այդպես չէ: Խորենացին այստեղ հոգնակի ձևն է գործածում, երբ խոսում է իր և ընկերների մասին, որոնց հետ գնացել էր Ալեքսանդրիա և վերադարձել էր, իսկ եզակի ձև է գործածում, երբ խոսում է միայն իր մասին:

7.  «Ինչպես ասաց հայրերից մեկը» - այս հայրը նույն Գրիգոր Նազիանզացին է, որի մի ճառից Խորենացին առնում է հաջորդ խոսքերը, մինչև «որևէ արվեստից զուրկ մարդկանց»: (ԸՐՎ. ԸՐՔ. II, 142):

8.  Ակնարկություն Երեմիայի ողբի վրա, որտեղ նա նկարագրում է իսրայելացիների կրած թշվառությունները Երուսաղեմի ավերածից և ժողովրդի գերությունից հետո: Իսկ տգետ հովիվների երևան գալը գուշակել է Զաքարիա մարգարեն (ԺԱ. 16):

9.  Վիճակավորներ – թեմերի առաջնորդներ:

10.  Անհասկանալի է «փախչող ի ժառանգութենէ»: Էմինը և նրա հետևողությամբ Ստեփանեն թարգմանել են «ճցՋՊՈþքՌռրÿ ՊցւՏՉվՏչՏ ջՉՈվՌÿ» - եկեղեցական կոչումից փախչող», որ հավանական չէ:

11.  «Յուզարկուք», երկու ձեռագիր` «խուզարկուք»: Մենք ենթադրաբար թարգմանեցինք «յելուզակ»:

12.  Տե՜ս Ես. ԾԷ. 21:

13.  Ողբի այս վերջին մասը կարդացողը չպետք է գրվածքը բառացի ընդունի, իբրև թե հայ ժողովրդի բոլոր դասակարգերը ապականված են եղել ամեն տեսակ մոլորություններով և Հայոց աշխարհը լցված է եղել ամենակերպ տարերային աղետներով և հասարակական չարիքներով: Պատմահոր պատմության ոչ մի էջը չի արդարացնում այս ողբալի պատկերը, որ այստեղ նկարագրված է: Սա իսկապես արտահայտություն է նրա վշտահար հոգու և հոռետես տրամադրության: Ողբի գրության ընթացքում, երբ հեղինակն այնպես սուր կերպով զգացել է հայ ժողովրդի անիշխանությունը և անկախությունից զրկվելը, մեծ, անփոխարինելի ուսուցիչների կորուստը և իր կրած անձնական զրկանքները, նա համակվել է խոր, անսփոփ վշտով, ընկել է հուսահատության մեջ, և այս զգացմունքների ազդեցության տակ խտացրել է իրական պակասություններն ու չարիքները, մասնավորն ընդհանրացնելով, պատահականին տարերային բնույթ տալով: Նկարագրված բացասական երևույթները ոչ այնքան իրականության պատկերն են, որքան անկեղծ հայրենասեր հեղինակի վշտահար հոգու:

 

 

 

 

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am