Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Մայիս 2012, N 3

ՍՊԱՍԵԼՈՎ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆԸ

Ստեփան Թոփչյան, գրականագետ, հրապարակախոս (ԱՄՆ)

«Այժմ քո տեսեալ զիս անձամբս փոքրիկ, ոչ առեր զչափ մեծութեան իմոյ, զի ցայժմ ես քեզ առիւծ էի և արդ աղուէս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկայ էի. մի ոտնս ի միոյ լերին կայր և միւս ոտնս իմ ի միոյ լերին կայր, յորժամ յաջ ոտնս յենուի, զաջ լեառն ընդ գետին տանէի, յորժամ ի ձախ ոտնն յենուի, զձախ լեառն ընդ գետին տանէի։ Ապա հարցաներ թագաւորն Պարսից Շապուհ և ասէ. Աղէ՝ տուր ինձ գիտել, ո՞վ են լերինքն այնոքիկ, զորս դուն ընդ ունջ տանէիր։ Եւ ասէ Վասակ. Լերինքն երկուք մի դու էիր և մի թագավորն Յունաց»։

Փաւստոս Բուզանդ, ՈԵ, 54։

Երեք տարի անց, հիշելով 2008-ի օգոստոսի դեպքերը, երբ հարավօսական կոնֆլիկտը Վրաստանի նախագահ Սահակաշվիլին փորձեց լուծել զենքի ուժով, Վաֆա Գուլուզադեն գանգատվեց, թե փոխանակսպառնալու Հայաստանին, ազատելու Ադրբեջանի ԼՂ սահմաններից հեռու գտնվող, օկուպացված տարածքները, Մեդվեդևը սպառնում է Ադրբեջանին օգոստոսյան դեպքերի կրկնությամբ։ Որ տարածքն է որից հեռու՝ թողնենք Գուլուզադեի աշխարհագրական երևակայությանը։ Մոսկվային «կարգի հրավիրելու» ուրիշ միջոց չգտնելով՝ նա սպառնաց ՆԱՏՕ-ին միանալու Ադրբեջանի ձգտումով, «մոռանալով», որ իր նախագահ Իլհամ Ալիևը, խուսափելով առկա վտանգներից, չմիանալու պահանջ է դրել։ Չգիտե՞ր, որ հարևանների հետ տարածքային խնդիրներ ունեցող երկրներին արգելված է միանալ ՆԱՏՕ-ին, թե՞ կարիք ուներ վրդովված «հոգին» հանգստացնել փուչ սպառնալիքով՝ կարևոր չէ։

Մեզ համար կարևորն ու տարօրինակն այն է, որ ՀՀ Աժ առաջիկա ընտրություններից առաջ արևմտամետ որոշ անձինք ու կուսակցություններ ակտիվորեն սկսեցին բարձրացնել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վերանայելու, ՆԱՏՕ-ին միանալու խնդիրը։ Իհարկե, վերանայել-չվերանայելուց անկախ՝ խնդիրը փուչ է, ուստի հարկ չէր լինի անդրադառնալ դրան, եթե... Եթե անհրաժեշտ չլիներ պարզել, թե ինչ նպատակ են հետապնդում «միանալու» այդ փուչ երազով ապրողները։ Մի՞թե հանուն միացման, հանուն արևմտյան, եվրոպական «արժեքների», Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին զոհաբերելու նպատակ։ Զոհաբերել՝ վերացնելով տարածքային խնդիրը հարևանների հետ, ՆԱՏՕ-ին, Արևմուտքին միանալու, նրա թևի տակ անհոգ, ուրախ, հարուստ, հպարտ ապրելու համար։ (Ի՞նչ նկատի ունեն «արժեքներ» ասելով՝ տվյալ դեպքում երկրորդական է։ Առանց աքսիոլոգիային գոնե մասնակի-մակերեսային ծանոթության անիմաստ է խոսել այդ նյութից, արևմտյան, արևելյան, թե հյուսիսատլանտյան «տեսակների» ինչ-որ «արժեքներից»)։

 

1

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմունքով. «Ռուսաստանը պետք է կամ ընդունի Հայաստանի ինքնիշխանության փաստը և նրա հետ վարի իսկական գործընկերություն միջազգային, պետական ու ժողովրդավարական առումներով, կամ էլ պետք է Հայաստանին ազատ թողնի և դիմավորի նոր օր»։ Այս պահանջը նա հիմնավորում է յուրատեսակ աստվածաշնչային-ուտոպիական պատկերացումով. «Եթե միջազգային օրենքը, ինքնորոշումը, ապագաղութացումը և տարրական ազատությունը պետք է ճշմարիտ, ոչ թե հռետորական կարևորություն ունենան արդի աշխարհի կյանքում ու զարգացման մեջ, ապա աշխարհը պետք է կառավարվի հավասարապես երաշխավորված իրավունքներով... Ո՞վ կլինի առաջինը, որ ցույց կտա, որ այսօրվա համամոլորակային գործերում օրենքի ու իրավունքների արժեքն ավելին է, քան մեկ դոլարը» (ՌԱՀՀԿ կենտրոնի լրատու, Ե., հունվար, 2012)։ Ո՞ր միամիտը, այն էլ քաղաքականության ոլորտում գործող, չգիտի, որ «երաշխավորված իրավունքներ», ո՜ւր մնաց «հավասարապես», չեն եղել, չկան, և հազիվ թե լինեն, որ օրենքն ուժեղինն է և գերին է շահերի, մինչև իսկ դրության տերերի քմահաճույքի, առավել ևս, երբ այդ «ո՞վ կլինի առաջինն» էլ չի գտնվել և մինչև Քրիստոսի հայտնությունը չի գտնվելու։ Ուրեմն, ո՞ւմ հետ է առևտուրը՝ անգո ստվերների՞։ Երբ ամերիկացի զինվորները միզում էին իրենց սպանած մարդկանց դիակների վրա, ո՞ր օրենքի ու արժեքի մասին էին մտածում։ Ինչո՞ւ մտածեին. ուժը կա՝ խելք, խիղճ, բարոյական արժեք-մարժեք հարկավոր չեն։ Անօգուտ է, վտանգավոր,   վնասակար   առասպելական   դրախտի իսկզբանե կործանված պատրանքներով ապրելը։ Այն էլ այժմ, երբ գնալով խորանում են հակասությունները, սրվում հակամարտություններն աշխարհում։ Այն էլ Հայաստանի նման աշխարհաքաղաքական բարդ ու ծանր կացությունում գտնվող փոքր երկրի համար, որտեղ անվերջանալի արտագաղթի հետևանքով հազիվ 2 միլիոն մարդ է մնացել։ Խնդիրն այն չէ, որ խելքը գլխին որևէ հայ, իհարկե, կցանկանար, հայրենիքը տեսնել ըստ ամենայնի ինքնիշխան, աշխարհի արյունոտ կրկեսամարտում ի զորու՝ իր ուժերով պաշտպանելու ապրելու իր իրավունքը։ Բայց Հայաստանը Ռուսաստանից «ազատելու» գաղափարի երդվյալ կողմնակիցներն իսկ դա անհնարին են համարում, մինչև այն չփոխարինվի ՆԱՏՕ-ով։ Այսինքն՝ քանի որ առանց արտաքին ուժի պաշտպանության անհնար է գոյատևել, ապա կամ Ռուսաստանը, կամ ՆԱՏՕ-ն, իսկ իրականում՝ կամ Ռուսաստանը, կամ ՆԱՏՕ-ական Թուրքիան։ 1828-ից հետո պատմությունը թշվառ Հայաստանին առայժմ այլ ընտրանք չի առաջարկել։ Եվրոպային հասնելու ճանապարհներն անցնում են կամ Թուրքիայով, կամ Ռուսաստանով։

Աշխարհի շուկայից փշրանք փախցնող անտեր մուրացկան մանուկի «կարգավիճակում» գտնվող ամեն մեկն էլ ինքնիշխան տաքուկ անկյուն կերազի։ Օգո՞ւտն ինչ։

Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Բրյուսելում 2011թ. նոյեմբերին ՆԱՏՕ սեմինարում դատապարտեց Հայաստանին Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթների խախտման համար («Գոլոս Արմենիի», 24 նոյեմբեր)։ Այն դեպքում, երբ ամեն չափ ու դրույթ խախտած Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանինը գերազանցում է մոտ 10 անգամ։ Ադրբեջանին այսպես ստորաբար պաշտպանող անձը պնդում է, որ ՀԱՊԿ-ից ազատագրվելն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելն է Հայաստանի անվտանգության կարևորագույն երաշխիքր։ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի՞ խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը հարցից շեղվելով՝ նա պատասխանում է. «Հայաստանում թե ընդդիմադիր, թե իշխանություն ունեցող քաղաքական ուժերը չեն ազատվել ավտորիտարիզմից, և դա է հիմնական խոչընդոտն ու սպառնալիքը... անդամագրումը ՆԱՏՕ-ին ավելի կմեծացնի անվտանգությունը, երկխոսություն կսերմանի և կնպաստի մեր զարգացմանը։ Բայց քանի դեռ Ռուսաստանն ինքը ժողովրդավարական արժեքային համակարգում չի գտնվում, չի կարող լինել երաշխավորը, նա մշտապես լինելու է սպառնալիքը թեժ պահողի դերում՝ ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից» («Լրագիր», 16 հունվար)։ Բնավ պարտադիր չէ ինչ-որ մարդու իրավունքների ինչ-որ պաշտպան լինել նման անհեթեթություն դուրս տալու համար։ Նախ՝ «երկխոսություն սերմանելու» մասին. հենց Արևմուտքի թելադրանքով չէ՞ր Սերժ Սարգսյանի նախաձեռնած ֆուտբոլային երկխոսություն-դիվանագիտությունը, որից դժգոհ է նույնիսկ թուրքերի հետ հարաբերությունները «կարգավորելու» ջերմ ջատագով ԼՏՊ-ն։ Առհասարակ, որևէ «երկխոսությամբ» ի՞նչ «անվտանգություն» կարելի է կորզել թուրքադրբեջանցիներից։ Նրանք մեր «իմաստունների» նման ոչ միայն երբեք ապուշ չեն կտրել արևմտյան «արժեհամակարգից», այլև ի բնե իրենց վայրագ պատմական ծավալապաշտական մտայնությամբ, որևէ «երկխոսություն» ավարտել ու ավարտելու են տարածքային պահանջներով. կտա՞ս՝ տուր, չե՞ս տա՝ արյունով կվերցնեն։ ՀԱՊԿ-ից «ազատագրված» Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավար երկիրը դառնա թե ոչ, Ադրբեջանը չի՞ հարձակվի Հայաստանի վրա և թուրքական բանակի բարձր հրամանատարությունը մեկ-երկու ժամ հետո նստած չի՞ լինի Երևանի կառավարական շենքում՝ թելադրելու հայ-թուրքական վերջին պայմանագրի եղեռնական կետերը։ Ո՞վ ո՞ւմ կարող է համոզել, որ թուրքադրբեջանցի գայլը ոչխար է։ Եվ ո՞ւմ կարելի է նման բան համոզել, եթե ոչ անհուսորեն խելազուրկ ոչխարին։ Ո՞վ է համոզել, որ Արևմուտքի համար Հայաստանն ավելի կարևոր է, քան Թուրքիան իր ներկա նեոօսմանական դերածավալումով։ ՆԱՏՕ-ն ինչպես ժամանակին Կիպրոսը պաշտպանեց թուրքական ներխուժումից, այնպես էլ Հայաստանն է պաշտպանելու։ Նույնիսկ, մինչև որոշի, պաշտպանելու բան չի մնա։

Իրանի վրա հավանական իսրայելա-ամերիկյան հարձակո՞ւմը մեր ՆԱՏՕ-ապաշտներին դրդեց հենց հիմա, խմբովի կտրականապես պահանջել Հայաստանից հանել ռուսական ռազմաբազաները։ Ո՞ւմ են ծառայում, ո՞ւմ խոստումներին ու հրահանգներին անսացին՝ դրանց փոխարեն փաստորեն պահանջելով ՆԱՏՕ զորամիավորումներ տեղադրել՝ Հայաստան-Արցախ սահմանից Իրանի վրա հարձակվելու, այն տրոհելով թուլացնելու, առաջին հերթին   պատմական Ադրբեջանը կովկասյան շինծու «Ադրբեջանին» միացնելով ալիևյան Մեծ Ադրբեջան ստեղծելու համար։ Ինչո՞ւ։ Հայաստանի բազմաթիվ անհեթեթ ու լուսանցքային կուսակցություններից այսպես կոչված Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը ՀՀՇ-ից ծաղկած Ազատ դեմոկրատներ կուսակցության համագումարում բարձրաձայնեց իր ռուսատյաց բաղձանքը. «Անհամբեր սպասում ենք այն ազդեցիկ քաղաքական ուժի ծննդին, որն առանց ռեալ-պոլիտիկի աճուկների հետևում թաքնվելու, առանց ծեքծեքումների կհայտարարի, որ մեր պետականության կայացման խոչընդոտը ռուսական իմպերիալիզմն է, որ մեր պետականության կայացման առաջին քայլը ռուսական գաղութատիրությունից ազատագրումն է, որ մեր անվտանգության ու զարգացման խոչընդոտը ՀԱՊԿ-ի պես փտած ու տոտալ ժանդարմի գործառույթներ ունեցող կառույցն է, որ մեր քաղաքական մշակույթի անկատարությունը ԱՊՀ կոչված անախրոնիզմն է, որ մեր պետության անվտանգության հուսալի երաշխիքը մեզ իսկապես հարազատ Արևմտյան քաղաքակրթությունն է իր անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ով («Լրագիր», 16 մարտ)։ Համատեղ ուժերով հարձակման անցած ՆԱՏՕ-ապաշտների խումբը նկատելի թիվ է կազմում։ «Լրագրի» թղթակիցն այս ելույթը համարեց «իսկապես հեղափոխական՝ այդ բառի լավագույն իմաստով»։ Թե որն է «լավագույն հեղափոխականը»՝ ինքը գիտի, բայց որ դրանից արյան հոտ է գալիս՝ անհնար է թաքցնել։ Բացելով բուն նպատակը՝ թղթակիցը շարունակում է. «խոսելով օլիգարխացման, մոնոպոլացման» և այլ հայտնի արատների մասին՝ բոլորը հրաշալի հասկանում են,  որ մեր դժբախտությունների արմատը հենց Ռուսաստանից վասալական կախման մեջ է։ Սակայն ոչ մի կուսակցություն չի համարձակվել իրերն անվանել իրենց անունով։ Առաջինը «Ժառանգություն» կուսակցությունն էր, որի համագումարում հայտարարվեց, որ չարժեր երկարաձգել ռուսական բազաների տեղակայման ժամկետը Հայաստանում։ ժառանգությունը նաև հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ («Լրագիր», 17 մարտ)։

Եթե Հայաստանում իշխում է քրեաօլիգարխիկ խավը, մեղավորը Ռուսաստա՞նն է, թե՞ սեփական օրենսդիր-գործադիր-դատական արատավոր համակարգը։ Եթե Հայաստանը վասալական կամ այլատեսակ կախման մեջ է, մեղավորը Ռուսաստա՞նն է, թե՞ իրենք իրենց կախման մեջ դրածները՝ իշխանությունը նվաճած «հիմնադիր» ազգակործան ՀՀՇ-ից մինչև ներկա ՀՀԿ։ Ռուսաստանը չլիներ, մի ուրիշից էր կախվելու, ուրիշն էլ չլիներ՝ ուզած-չուզած կախվելու էր Թուրքիայից՝ խեղդվելով ու ճոճվելով օդում, քանզի թուրքերը նաև կախելու հմուտ վարպետներ են։

Այն, որ «ազդեցիկ ուժի» ծննդին սպասող, դրանով իսկ իր և համախոհ մյուսների անկարողությունն ընդունող, Մ.Հայրապետյանի լուսանցքային կուսակցության «պահպանածը» ընդամենը ԼՏՊ-ն է, հաստատված է 10-րդ արտահերթ համագումարի բանաձևում. «Պահպանողական կուսակցությունը 2012թ. ՀՀ Աժ ընտրություններում կրկին պաշտպանում է ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ անկախ նրա հրապարակելիք նախընտրական ծրագրի բովանդակությունից» («Լրագիր», 19 մարտ)։ Այսինքն՝ «հիմնադիրը» ինչ էլ ասի՝ ճիշտ է։ Չհամաձայնի ռուսական ռազմակայանները հանելուն՝ հայրապետյանները, հակառակ իրենց համոզմունքի, ընդունելու են։ Պահանջի հանել և պար բռնել հայ- թուրքական ողջ սահմանի երկայնքով (լեռնաշուրջպարի հայտնի օրինակով)՝ կպարեն։ Ուրեմն, ոչ թե «պահպանողական», այլ հարմարվողական-կռապաշտական ևս մի տեսակ, որի տարատեսակների արդեն զզվեցնող գերարտադրություն կա ողջ հայության մեջ։

 

2

Արևմտյան քեռիները պատրաստ չե՞ն Հայաստանը ՆԱՏՕ գիրկն ընդունել։ Դրա վկայությունը չէ՞, որ Արևմուտքից եկած գրեթե բոլոր պաշտոնական խմբերն ու ներկայացուցիչները անպայման հանդիպում են ԼՏՊ-ին ու նրա արբանյակներին՝ քննելով թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության այնպիսի խնդիրներ, որոնք դուրս են վերջիններիս գործառույթներից։ Հանդիպումների հերթը հասավ նույնիսկ վերջերս հազիվհազ ստեղծված ազատ դեմոկրատներին (իսկ ովքե՞ր են «անազատ» դեմոկրատները)։

Առանց այդ էլ ծանր ու բարդ կացությունը սոսկ պղտորելու ունակ, բայց ազգօգուտ որևէ գործ կատարելու անկարող այս վայ-արևմտամետները, «ազդեցիկ ուժի» ծննդին սպասելով, սնապարծորեն իրենց էլ են ազդեցիկ քաղաքական գործիչներ կարծում։ Այլ առիթով նշել եմ, ստիպված եմ կրկնել. քաղաքական գործիչ ավելի հաճախ նշանակում է հավի նման դիմացը շաղ տված կուտից այն կողմ չտեսնող։ Սևը սպիտակից չտարբերող։ Քաղաքական գործիչն էլ մարդ է, ուստի իր կուտն իր համար ավելի կարևոր է, քան միլիոնների կյանքը։ Չեմ հեգնում։ Եթե տեսնում են, տարբերում են, ժողովրդի կյանքը որևէ նշանակություն ունի նրանց համար, ինչպե՞ս է, որ դաս չեն առնում կողքի երկիր Վրաստանի օրինակից։ Եռանդագին ՆԱՏՕ-ին ձգտող, Ռուսաստանի հանդեպ ագրեսիվ ատելությամբ լի այդ երկրի ղեկավարության՝      Արևմուտքին նվիրվածության վարձը Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստը չէ՞ր։ Եթե  դրանով վերջանան կորուստները...  1926- 2002թթ. նախկին Բորչալուի գավառի տարածքում ադրբեջանցիները 63.100-ից հասել են 224.606-ի՝ ավելանալով 161.506-ով։ Մայրաքաղաք Թիֆլիսն ադրբեջանական օղակի մեջ է. «Մեր արձագանքը չենք ուզում ծանրաբեռնել Ջավախքի, Աջարիայի, Թիֆլիսի և այլ շրջանների ժամառժամ թուրքացման, Թուրքիան և Ադրբեջանն իրար միացնող կոմունիկացիոն հանգույցների՝ Վրաստանի համար կործանարար հետևանքների մասին՝ հուսալով, որ պարոն Շևարդնաձեն մյուս անգամ կվերախմբագրի իր հայտարարությունները և կխոսի իրական վտանգի մասին...    «Բյուզանդաոճ»    քաղաքականությունն, ի վերջո, հանգեցնելու է նրան, Կ.Պոլիս-Ստամբուլի օրինակով, որ մի գեղեցիկ օր Թիֆլիսը կվերանվանվի Իսմայիլքենդի կամ Քեշիշխանայի» (տե՛ս Վահե Սարգսյանի հոդվածը, «Լրագիր», 12 դեկտեմբեր, 2011)։ էդ.Շևարդնաձեն ադրբեջանցիներից ոչ պակաս, գուցեև ավելի, վտանգավոր  է  համարում  վրացահայերին։  Մեր որոշ հայրենակիցներ հիացած են այդ երկրի հաջողություններով՝ չտեսնելով  իշխանությունների ոտնձգություններն ամեն հայկականի հանդեպ. արգելված է մինչև անգամ հայատառ մամուլ և գրականություն անցկացնել հայ-վրացական սահմանից։ Աներևակայելի իրողություն։

Իրանին ռազմական հարված հասցնելու վտանգի աճման վկայություններից է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ընդդիմադիր Լևան Փիրվելիի բացահայտումը։ Վրաստանը պատրաստվում է Իրանի դեմ պատերազմին՝ ընդունելով ամերիկյան հակաօդային «Փեթրիոտ» համալիրներ, որոնք կպաշտպանեն ամերիկյան ռազմաբազաները Վրաստանում։ Արագորեն վերանորոգվում են ճանապարհները, կամուրջները, օդանավակայանները, կառուցվում են նորերը։ «Ըստ որում, Վրաստանի բոլոր օդանավակայանները պատկանում են թուրքերին», այսինքն՝ արդեն ՆԱՏՕ-ական են։ Ամերիկյան ծրագրով կառուցվում են մեծաքանակ փոքր զինվորական հոսպիտալներ։ Պատերազմը սկսվելու դեպքում, նշում է Փիրվելին, Ռուսաստանը չի կարող լքել դաշնակից Հայաստանին, ռազմական միջանցք կպահանջի Վրաստանի տարածքով։ Վրաստանը կհրաժարվի, Ռուսաստանը ստիպված ուժով կբացի այդ միջանցքը։ Սահակաշվիլին դա նկատի առնելով՝ էվակուացիա է նախապատրաստում... մայիսի 26-ին նա բացելու է խորհրդարանի նոր շենքը Քութայիսում։ Խորհրդարանը Թիֆլիսից տեղափոխելը շահավետ չէ տնտեսապես և անհասկանալի է քաղաքականապես։ Հարավային Օսիայում տեղակայված ռուսական զորքերն ընդամենը մի ժամվա ընթացքով են հեռու Թիֆլիսից, և ոչ մի արգելք նրանց ճանապարհին չկա։ Դեպքերի նման զարգացման դեպքում, ստիպված թողնելով Վրաստանի  արևելյան կեսը, Սահակաշվիլին կառավարությունը կտեղափոխի արևմուտք՝ հուսալով ամրանալ այնտեղ, որտեղ էլ ստեղծվում է ողջ ենթակառուցվածքը։ Հիմա լայնացվում են թունելները զորքերի արագ տեղաշարժի համար («Վրեմյա», Լ. Ա. 23-29 մարտ)։

Հիմա մեր հավկուրները եթե ցանկանում են «ռեալ-պոլիտիկի» փոխարեն թաքնվել ՆԱՏՕ «աճուկների հետևում», վարձը նախևառաջ հատուցելու են Արցախով, որից հետո միայն ազատդեմոկրատ-պահպանողաբար պիտի վայելեն «հարազատ» Արևմտյան քաղաքակրթության պտուղները։ Սիրո և նվիրվածության անճոռնի խոստովանություն ամեն տեսակ պոլիտիկ-մոլիտիկի անտեսումով, առանց պարզելու, արևմտյան քաղաքակրթության ինչի՞ն են պետք իրենք, ՆԱՏՕ աճուկներին հաճելի՞ են, թե՞ տհաճ։

Եկեք ընդունենք, թե ռուսական իմպերիալիզմ, գաղութատիրությունը, փտած ու տոտալ ժանդարմ ՀԱՊԿ-ը, անախրոնիզմ ԱՊՀ-ն և այլն, մեր անվտանգության ու զարգացման խոչընդոտ են և փրկությունը ռուսական բազաներից շուտափույթ ազատվելն է։ Անհեթեթություն է, բայց ընդունենք նույնիսկ, որ Հայաստանին վնասաբեր են ՀԱՊԿ ձրիաբար տրամադրած Ս-300 համակարգերը, ինքնաթիռները, հրթիռները, զենք ու զինամթերքը։ Կպատասխանե՞ն, թե այդ «վնասների» փոխարեն ի՞նչ «օգուտներ» են սպասվում ՆԱՏՕ-ից։ Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Մալուֆը մի հարցազրույցում ասել է. Սիրիայում ռեժիմի տապալումը մեծ   սպառնալիք   է   Ռուսաստանի   համար,   որը   սկսել   է   ավելի   շատ զինվորականներ տեղակայել և արդիականացնել Հայաստանի բազան՝ Մերձավոր Արևելքում հնարավոր ճգնաժամի կանխազգացումով, որը կարող է ընդգրկել Սիրիայից մինչև Իրան։ Եթե սիրիական ընդդիմությունը չհանդարտվի, Ռուսաստանը կդիմի հենց Սիրիայում իր ռեսուրսներին։ Ցայսօր հասկանալի չէ՝ ով է զինում սիրիական ընդդիմությունը (News.am, ապրիլ 8։ Իմիջիայլոց, Զբիգնև Բժեզինսկին գտնում է, որ սիրիական ընդդիմությանը լավապես զինելու դեպքում իսկ չի հաջողվի տապալել Բաշար Ասադի վարչակարգը)։ Հիմա ի՞նչ, հանուն արևմտյան «արժեհամակարգի» Հայաստանը թույլ չտա՞ ուժեղացնել և արդիականացնել ռուսական «վնասաբեր» բազաները։

Քանի որ Հայաստանի սահմանին կուտակված են ՆԱՏՕ երկրորդ խոշոր թուրքական բանակի միավորներ, ապա ջատագովները, միանալուց առաջ գոնե փորձեն ՆԱՏՕ թուրքական «աճուկների հետևից» պարզել, թե սովորական թուրքը ՆԱՏՕ-ական թուրքից ինչո՞վ է տարբերվում։ Այն թուրքից, որը բեմում իսկական փամփուշտով կրակում, վիրավորում է հայի «ստորացուցիչ» դերը ստիպմամբ ստանձնած թուրք բանվոր Մուրադ Ալփսալազին։ Տարբեր քաղաքներում կազմակերպվող ամենամյա թատերականացված ներկայացումներից առայժմ այս վերջինը թուրքերին «ցեղասպանած» հայերից «հողերի ազատագրման 94-ամյակի» առիթով, Վանի Արճեշ քաղաքում, պատահաբար չավարտվեց թուրք բանվորի սպանությամբ։ Փորձեք զինված թուրքին թատրոնից բերել իրականություն և պատկերացնել՝ ինչով կավարտվի նրա հանդիպումը հայի հետ։ Եվ այդ հանցածին թուրքի հանցածին «ադրբեջանցի» եղբոր ղեկավար, արյունածարավ Իլհամը ի՞նչ նպատակով հայերին ֆաշիստ հայտարարեց Եվրանեսթի (տաքուկ բույնի) պատգամավորների հանդիսավոր ներկայությամբ, եթե ոչ «ֆաշիստների» վերջնական բնաջնջման պանթուրքական ծրագիրն արադարացնելու։

 

3

ՆԱՏՕ-ն չէ՞ր, որ «Մարդասիրական հարձակումով» (այսպես էր կոչվում գործողությունը) ավերեց Սերբիան, կոտորեց խաղաղ բնակչությանը, ռմբակոծեց մանկապարտեզ ու հիվանդանոց, մինչև իսկ չինական դեսպանատունը, բազում քաղաքացիական օբյեկտներ։ Ի՞նչ նպատակով սերբական քրիստոնեական սրբարանների օրրան Կոսովոն (Սերբիայի էջմիածինը) անջատեց մայր երկրից՝ Եվրոպայի որովայնի տակ ստեղծելով իսլամական Մեծ Ալբանիա։ ՆԱՏՕ-ն չէ՞ր, որ «Իրաքյան ազատություն» գործողությամբ, մասնակիցներից միայն ամերիկյան բանակի 4500 զինվորների զոհաբերությամբ, 32.000-ի հաշմանդամությամբ, առնվազն 162.000 (մինչև 2011-ի դեկտեմբեր) խաղաղ իրաքցիների կոտորածով երկիրը գցեց անվերջանալի, արյունալի քաղաքացիական պատերազմի, աղետալի քաոսի մեջ։ Նույն գեհենն է նաև Աֆղանստանում, որ ՆԱՏՕ զինվորների հեռանալուց հետո ավելի է բորբոքվելու։ ՆԱՏՕ-ն չէ՞ր, որ ապստամբած ուժերին օգնելու համար ռմբակոծելով Լիբիան՝ նորից խլեց բազում խաղաղ բնակիչների կյանքեր։ Մուամար Քադաֆիի իշխանության դեմ պայքարող այդ ուժերը ՄԱԿ փորձագիտական հանձնաժողովի զեկուցագրում այժմ մեղադրվում են զինվորական ծանր հանցագործությունների, մարդու իրավունքների բիրտ խախտումների համար։ ՆԱՏՕ-ն փաստորեն նպաստեց դրանց։ Լիբիայի ժողովուրդը երկար ժամանակ կհիշի իր ապահով ու բարեկեցիկ կյանքը Քադաֆիի ժամանակներում՝ այնպես էլ չհամոզվելով, թե ռմբակոծումներով իրեն պարտադրված «մարդու իրավունքները», «դեմոկրատիան», «ազատությունը» և այլ արևմտյան «արժեքներ» իրո՞ք գերադասելի են նախկին դիկտատուրայից։ ՆԱՏՕ երկրներն այս պատերազմների վրա ծախսեցին տրիլիոնավոր դոլարներ՝ խթանելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ծանրացնելով նաև սեփական ժողովուրդների կյանքը։

Երրորդ աշխարհի երկրների, դրանց թվում և Հայաստանի քաղաքացիները մի՞թե չեն տեսնում, որ ՆԱՏՕ նպատակը բնավ էլ իրենց ապահովության, կենսամակարդակի բարձրացումը չէ և չի կարող լինել։ Ինչպես երևում է, շատերը չեն հասկանում, որ վերջապես, գոյություն ունի Արևմուտք-Արևելք, այսպես ասած՝ «երկու քաղաքակրթությունների» խորացող հակամարտություն, որը վճռվում է առայժմ ուժեղ կողմի միակողմանի որոշումներով ու ռազմական հարձակումներով, բազմահազար անմեղ մանուկ ու ծերերի, կին ու տղամարդկանց անպատիժ սպանդով։ Հակամարտություն, որը գնալով սրվում է հատկապես արմատական իսլամի ուժեղացմանը   զուգընթաց։ Արմատականություն, որի մի թևը չի խնայում նույնիսկ մյուս թևի հավատակիցներին։ ՆԱՏՕ-ն ստիպված է հարձակվել ու ռմբակոծել արևմտյան քաղաքակրթությունը պահպանելու, Եվրոպան Եվրաբիայի չվերածելու, գոնե, անխուսափելի այդ պրոցեսը դանդաղեցնելու համար։ Երևույթ, որ ծավալվում է օրեօր Արևելքից Արևմուտք ներգաղթող իսլամ զանգվածների անվերջանալի հոսքով, իսլամ ծնունդների անզուսպ աճով՝ մի կողմից, և մյուս կողմից՝ էթնիկ եվրոպացիների ծնունդների կործանարար կրճատումով, մահերի աննախընթաց գերակշռությամբ։ Ուստի, ՆԱՏՕ խնդիրն օրինաչափորեն հակառակորդ կողմին հնարավորինս թուլացնելն է ամեն գնով, «Նպատակն արդարացնում է միջոցը» կայուն սկզբունքով, իսկ թե ուր կմնան համընդհանուր մարդասիրական սկզբունքները՝ երկրորդական է։

Ռազմական, քաղաքական վերլուծաբանները նշում են, որ 2012-ը կարող է ազդանշանել զանգվածային նոր պատերազմ, որում կներգրավվեն զարգացած ու Երրորդ աշխարհի, հատկապես արմատական-իսլամիստական երկրները։ Ինչպես հայտնի է, այն կսկսվի իսրայելա-ամերիկյան զինուժի հարձակումով Իրանի վրա։ Հայաստանը (ենթադրենք), ՆԱՏՕ կողմն անցնելով, կելնի առայժմ միակ հուսալի սահմանակից, բնական դաշնակից Իրանի դեմ՝ կամա-ակամա վերածվելով Ադրբեջանի «ֆաշիստ» դաշնակցի։ Եթե այս հեռանկարը դուր է գալիս հայ ՆԱՏՕ-ապաշտներին, ես ասելիք չունեմ։ Բայց մի առաջարկ ունեմ. ռուսական ռազմաբազաները հանելուց հետո բարի լինեն զենք կրելու ունակ իրենց հարազատների հետ գնալ հայ-թուրքական սահմանը պաշտպանելու։ Ըստ որում, անկախ սեռ ու տարիքից։ Այժմ շատերը դեմ են, որ աղջիկները ծառայեն Հայոց բանակում, բայց ռուսական զորքերի հեռացումից հետո ստիպված տատիկներին ու պապիկներին էլ են զորակոչելու, թեկուզ մի կերպ ինքնապաշտպանվելու համար։ Ստիպված կլինեն, որովհետև ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չի կարող ինքն իր թուրքական մասի դեմ կանգնել՝ ապահովելու Հայաստանի բնակչության անվտանգությունը։ Որովհետև ծով էլ չունենք, որովհետև, նորից հիշենք՝ «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Հայոց լեռները»։

Հայաստանը որոշակի ծրագրեր է իրականացնում նաև ՆԱՏՕ-ի հետ, բայց դա արևմտամետներին չի բավարարում։ Հաջողվո՞ւմ է առավելագույն չափով դրանք ծառայեցնել Հայոց բանակի արդիականացմանը, միջազգային փորձի ներդրմանը։ Դա է խնդիրը։ Իսկ այն, որ Վրաստանում ՆԱՏՕ-ն արմատական ծրագիր է իրականացնում, բարեփոխումներն ինտենսիվ են, բայց Հայաստանում, ինչպես դժգոհում է, օրինակ, Սաքունցր, տեմպերը շատ դանդաղ են, պայմանավորված է մեկի և մյուսի հակադիր կողմնորոշումներով։

Սերգեյ Մարկեդոնովի մեկնաբանությամբ, թեև Կրեմլը խանդով է վերաբերվում, սակայն «...զարգացնելով իր ինտեգրացիոն նախագծերը ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանը թույլ չի տալիս Բաքվին Հյուսիսատլանտյան դաշինքում գրավել բացառիկ դիրքեր։ Երևանի նպատակն այսպիսին է. Բրյուսելը չպետք է ընտրի «ՆԱՏՕ-ական Ադրբեջանի և «հակաՆԱՏՕ-ական Հայաստանի միջև։ Եվ դրա համար Հարավային Կովկասում երկու մրցակիցներն այսօր միմյանց «հրելով» գնում են ՆԱՏՕ ծրագրերն իրականացնելու... Նախկին ԽՍՀՄ հանրապետություններ-անկախ պետությունների արտաքին քաղաքական ձգտումները հաճախ ընտրություն չեն Արևմուտքի և ՌԴ-ի միջև։ Դրանք ձգտումներ են ուժային տարբեր կենտրոնների հետ շփումների շնորհիվ շահը բազմապատկելու ուղղությամբ՝ կողմնորոշվելով առաջին հերթին դեպի սեփական ազգային շահը, նույնիսկ ազգային եսասիրությունը» («Լրագիր», 13 մարտ)։

Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Անդրկովկասյան հանրապետությունները աշխարհաքաղաքական իրենց դիրքով ու բնույթով, ավելի կամ պակաս չափով կիսամիջնադարյան, եվրասիական երկրներ են։ Ինչքան էլ Հայաստանի ՆԱՏՕ-ապաշտները ճգնեն եվրոպացի ձևանալ, իրենք իրենցից, իրենց ասիականությունից չեն փախչի։ Հայաստանի դարավոր պատմությամբ ապացուցված է, որ անհնար է միակողմանի արտաքին քաղաքականությամբ գոյատևել Արևմուտք-Արևելք հզոր բևեռների միջև։ Հայաստանի համար աղետալի են եղել այն շրջանները, երբ բացառվել է բևեռների միջև կողմնորոշման հնարավորությունը։ 363-ին Սասանյան Պարսկաստանը և Հռոմեական կայսրությունը դաշնագիր կնքեցին, որով վերջինս Պարսկաստանին զիջեց մի քանի տարածքներ. «Բացի այդ, նաև ծանր և ուխտադրուժ մի հավելում արվեց, որ այս կնքված համաձայնությունից հետո այլևս օգնություն չտրվի մեր մշտական ու հավատարիմ բարեկամ Արշակին Պարսից դեմ»,– գրել է պատմագիր Ամիանոս Մարկելինոսը։ Այդ, նրա խոսքով՝ «ամոթալի   դաշնագրի» կնքումից շատ չանցած՝ Շապուհ Բ-ն խաբեությամբ ձերբակալեց Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին, ապա հարձակվեց ու ավերեց Հայաստանը։ Պատմական նմանաբնույթ իրադրության հետևանք էին 1918-ին Բրեստ-Լիտովսկի, թուրքերի հետ բոլշևիկների 1921-ին կնքած Մոսկվայի և Կարսի չարաղետ պայմանագրերը։ Բրեստի հաշտության պայմանագիրն «այն կետով, որով պոկվում էին Բաթումը, Կարսը և Արդահանը, այդ վայրերի վրացի և հայ ազգաբնակչությանը մատնում ֆիզիկական ոչնչացման», Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության բանաձևով բնորոշվեց որպես «ամոթիչ մաքրվող բիծ» հեղափոխական Ռուսաստանի համար (Հրանտ Ավետիսյան, «Հայկական հարցը 1918 թվականին», Ե., 1997, էջ 105)։ ՌԴ նախագահության թեկնածու, օլիգարխ Մ.Պրոխորովը Վ.ժիրինովսկու հետ բանավեճի ժամանակ, հակադրվելով նրան, Ռուսաստանի բարեկամ համարեց Արևմուտքը, թշնամի՝ Իրանը։ Նմաններին հաջողվի իշխանություն նվաճել՝ ձեռքի հետ կջնջեն հայ-ռուս դաշնակցային հարաբերությունները՝ կողմնորոշվելով դեպի Իրանի թշնամի Ադրբեջանն ու առայժմ «թաքնված» թշնամի Թուրքիան։ Հիմա ինքնե՞րս ենք ուզում նման վիճակում դնել Հայաստանը՝ կնքել մի նոր ամոթալիպայմանագիր, որը սպասվելիք պատերազմում կկործանի երկիրը։ Արևմուտքի ռազմական դաշնակիցն այժմ Թուրքիան է և բնավ ոչ Հայաստանը։ Իրադրությունը չի փոխվել։ Այժմ էլ միակն ու փոքրիշատե վստահելին բազմակողմ արտաքին քաղաքականությունն է, բնականաբար, կողմերից նախընտրելիի հետ ավելի ամուր կապերով։ Ծով, ուստիև Արևմուտքի հետ անմիջական կապ հաստատելու հնարավորություն ունեցող Վրաստանի կառավարությունը միակողմանի իր կողմնորոշումով դեպի Արևմուտք և ՆԱՏՕ, երկիրը մատնեց անխուսափելի կորուստների, իսկ Իրանի դեմ հարձակումով սպասվող զանգվածային պատերազմի դեպքում ծանր հարվածի տակ կդնի նաև երկրի արևելյան կեսը՝ Թիֆլիս մայրաքաղաքով։ ՆԱՏՕ-ական կողմնորոշումով միայն ՀԱՊԿ-ից չես անջատվի, այլ «երկու քաղաքակրթությունների» պայքարում կամա-ակամա «միանալով» թուրքական աշխարհին, առաջին հերթին կանջատվես հարևան պարսկական և արաբական աշխարհից, հակաթուրք Չինաստանից, որի հետ ռազմական համագործակցությունն ամրապնդելու համար վերջերս այնտեղ էր մեկնել ՀՀ ՊՆ հատուկ պատվիրակությունը...

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am