Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Մայիս 2012, N 3

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՄԵՐ ՆՈՐՕՐՅԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՊՍԱԿՆ ԷՐ

20 տարի առաջ ազատագրվեց հայոց մշակույթի ու գիտության հնամենի օրրան Շուշին

Ասքանազ Աբրահամյան

1992թ. մայիսի 9-ի վաղ առավոտյան հայ աշխարհազորայիններն ու նորաստեղծ բանակի կազմավորումները մտան Շուշի։ Այդ պահին քաղաքի վրա մանր անձրև էր տեղում՝ կարծես մաքրելու համար օտարի անհաճո շունչը քաղաքից։ Մայիսի 8-ի կեսօրից հետո ադրբեջանցիներն արդեն սկսել էին լքել քաղաքը, մայիսի 9-ի առավոտյան Շուշիում մնացել էին միայն նկուղներում թաքնված հատուկենտ ադրբեջանցիք: Մինչև Շուշիի ազատագրումը, 1992-ի հունվարին տեղի էին ունեցել Քարինտակի ինքնապաշտպանությունը, Խոջալուի ազատագրումը, մի շարք այլ հաջող գործողություններ, սակայն Շուշին ռազմաբազա դարձրած ադրբեջանցիները շարունակում էին Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի հրետակոծումը։ 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

Շուշիի ազատագրումն օրախնդիր էր դարձել: Գործողությունը ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, Աֆղանստանում իրեն փառքով պսակած Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը): Գործողության պայմանական անվանումն էր «Հարսանիք լեռներում»։

- Ինչո՞ւ «Հարսանիք լեռներում»,- հարցնում եմ սիրված գեներալին:

- Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից Շուշին իր բարձր դիրքի շնորհիվ դարձել էր Ստեփանակերտն ու շրջակա հայկական գյուղերը հրետակոծելու, դրանք անընդհատ հարվածների տակ պահելու ռազմավարական լավագույն հենակետը հակառակորդի համար,- ասում է գեներալն ու շարունակում,- համակերպվել ստեղծված իրավիճակի հետ՝ նշանակում էր ստույգ կործանման դատապարտել ոչ միայն Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը, այլև Արցախն ամբողջությամբ: Միանգամայն ճշմարիտ էր Դրոն՝ Դրաստամատ Կանայանը, ասելով. «Ով տիրում է Շուշիին, տիրում է ողջ Արցախին»։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի պաշտպանության կոմիտեն որոշում ընդունեց լռեցնել Շուշիի կրակակետերը: Իսկ առանց քաղաքը գրավելու դա անհնար էր կամ հնարավոր՝ Ղազանչեցոց հնամենի եկեղեցին, քաղաքի մյուս հայկական ճարտարապետական հնագույն հուշարձանները հիմնահատակ ավերելու թանկ գնով, քանի որ ադրբեջանցիները հեռագնա խորամանկությամբ հիմնական կրակակետերը տեղադրել էին հուշարձանների ներսում կամ դրանց հարակից տարածքներում: Միակ ճիշտ լուծումը քաղաքը գրոհով վերցնելն էր: Եվ ահա, ազատագրման գործողության մշակման աշխատանքային պահերից մեկի ժամանակ շտաբ մտավ Վազգեն Սարգսյանն ու հարցրեց. «Տղերք, ի՞նչ բանի եք»: Զեկուցեցի, որ Շուշիի ազատագրման պլանի վրա ենք աշխատում: «Տղերք, վախենամ գլուխ չհանենք,- մտահոգ ասաց Վազգենը,- մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել…»:

- Որ հաղթենք, կամուսնանա՞ս,- կեսլուրջ, կեսկատակ հարցրեցի Վազգենին: «Հա, կամուսնանամ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,- վստահ պատասխանեց սպարապետը»: Քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա է, հաղթելու հեռանկարին էլ ոչ մեկս չէինք կասկածում, որոշվեց գործողությունն այդպես էլ կոչել՝ «Հարսանիք լեռներում»:

Վազգենի հարսանիքը, ցավոք, Շուշիում չկայացավ, բայց քաղաքի ազատագրումը հակառակորդից՝ կրկնակի պակաս մարդուժով, զենք-զինամթերքով, փոքրաթիվ զոհերով, կոտրեց Ադրբեջանի ողնաշարը, հայերիս մեջ ամրապնդեց նույնիսկ անհավատալի դժվարին պայմաններում հաղթելու կամքը, մեր զինվորն ու սպան վերջնականապես ձերբազատվեցին պապերից տխուր հիշատակ մնացած պարտվողի, մատաղացու գառի վտանգավոր ու կործանարար բարդույթից, իսկ վերջին 70 տարում հայաթափված քաղաքը վերստին իր գիրկն ընդունեց Շուշիի իսկական տերերին, նորից ղողանջեցին Ղազանչեցոց եկեղեցու զանգերը, կյանքը մտավ իր բնականոն հունի մեջ, բացվեց Արցախը Հայաստանին միացնող ցամաքային ճանապարհը։ Ի դեպ, Շուշիի ազատագրման գործողության պլանը հաստատել է Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը,- եզրափակեց լեգենդար զորահրամանատարը։

Մայիսի 8-ի կեսօրից հետո ադրբեջանցիներն արդեն սկսել էին լքել քաղաքը, իսկ մայիսի 9-ի առավոտյան քաղաքում ադրբեջանցի չկար, մնացել էին միայն բանից անտեղյակ, նկուղներում թաքնված հատուկենտ ադրբեջանցիք: Մինչև Շուշիի ազատագրումըՙ 1992-ի հունվարին տեղի էին ունեցել Քարինտակի ինքնապաշտպանությունը, Խոջալուի ազատագրումը, մի շարք այլ հաջող գործողություններ, սակայն Շուշին ռազմաբազա դարձրած ադրբեջանցիք շարունակում էին Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի հրետակոծումը, այդ պահին Շուշիի ազատագրումը հրամայական խնդիր էր: Հարձակման ճակատային գիծը 25 կմ էր: Ազատագրման գործողությունում կար 4 հիմնական օպերատիվ ուղղություն՝ Հյուսիսային (հրամանատար՝ Վալերի Չիթչյան), Շոշի (հրամ.՝ Արկադի Կարապետյան), Հարավային (հրամ.՝ Սամվել Բաբայան) և Քյոսալարի (հրամ.՝ Սեյրան Օհանյան)։ Ստեղծվել էր նաև գլխավոր ռեզերվ՝ Յուրա Հովհաննիսյանի («26–ի Յուրա») հրամանատարությամբ: Վերոհիշյալ 4 ուղղություններից առաջին երկուսը նպատակաուղղված էին Շուշիի դեմ, իսկ մյուս երկուսը պետք է ջախջախեին քաղաքից հարավ և հյուսիս–արևմուտք տեղավորված հակառակորդի ուժերը։ Ռեզերվը պետք է օգնության հասներ նեղության մեջ հայտնված ուժերին։ Ադրբեջանական կողմը շատ ավելի լավ էր զինված ու մեր զինվորներից ավելի ստվարաթիվ էր։ Մերոնց զինուժը ինքնապաշտպանական ուժերի 1500 մարտիկներն էին, ադրբեջանցիները, ըստ մեր հետախուզության տվյալների, ավելի քան 2 հազար զինվոր ու սպա ունեին: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցավ 57, ադրբեջանցիք` 250-ից ավելի զոհ, 700-ից ավելի վիրավոր: Ռազմական գործողության ելքը կանխորոշվեց արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Կեսօրին մոտ հարձակման անցան հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծեցին հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվեց, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս ունեին կործանել ամբողջ քաղաքը, հայկական պատմական հուշարձանները, ինչը նրանց չհաջողվեց:

Երեկոյան կողմ հիմնականում ավարտվեց Շուշիի «մաքրման» գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր:

Շուշիի փառապանծ հաղթանակին հետևեցին Լաչինի միջանցքի բացումը, Արցախի անվտանգության գոտու ստեղծումը։ Շուշին դարձավ պատվար` հայկական զինուժի հետագա հաջողությունների համար: Շուշիի ազատագրումից հետո, ըստ հայ զորահրամանատարների, ադրբեջանցիները խուճապային տրամադրություններով համակվեցին, իսկ հայ զինվորը հասկացավ իր բազկի ուժն ու ռազմական հնարամտության սահմանը։ ԼՂ շատ բնակավայրերի ազատագրումը հենց Շուշիի արդյունք է:

- Շուշին կոտրեց ադրբեջանցիների ողնաշարը,- շարունակեց խոսքը Կոմանդոսը։- Դրանից հետո ադրբեջանցիների գործողությունները մահացու վիրավոր գազանի անկանոն վարք էին հիշեցնում։ Պատահական չէ, որ արդեն 1994-ի գարնանը նրանք միջնորդներին աղաչանք-պաղատանքով խնդրում էին օգնել, միջնորդել հրադադար հաստատելու։ Չմոռանամ ասել, որ բանակցություններին որպես լիիրավ կողմ մասնակցում էր նաև Արցախի ներկայացուցիչը։ Ասել է թե՝ արդեն 1994թ. Ադրբեջանն ընդունում էր ԼՂՀ առանձին սուբյեկտ լինելը, էլ ինչո՞ւ են այսօր հոխորտում, չեն ճանաչում իրենց դեմ որպես հաղթող կողմ բանակցությունների նստած Լեռնային Ղարաբաղը։

- Հիշո՞ւմ եք այդ օրը,- հարցնում եմ գեներալին, որը բազմանշանակ ժպտալով պատասխանեց,- մի՞թե այդպիսի օրերը մոռացվում են։ 18 տարի առաջ այդ օրը մենք ստիպեցինք մեր դեմ սուր բարձրացրած, մեզ ոչնչացնել ցանկացող հակառակորդին ծնկի գալ։ Տեսնելով, որ մենք անպարտելի ենք ու իրենց անխելք «չարաճճիությունները» կարող են ավարտվել Բաքվում, նրանք ընկել էին Ելցինի, Նազարբաևի, ԱՊՀ մյուս պետությունների ղեկավարների ոտքերը՝ որպես հրադադարի միջնորդներ հանդես գալու։ 1994թ. այդ օրը մենք համաձայնեցինք դադարեցնել մարտական գործողությունները։

- Դուք ճի՞շտ եք համարում այդ համաձայնությունը,- հարցնում եմ։

- Որպես զինվորական՝ ես իրավունք չունեի, այսօր էլ իրավունք չունեմ քննարկելու երկրի բարձրագույն ղեկավարության քաղաքական որոշումները, բայց որպես մարդ, քաղաքացի՝ գործի կեսից հետ քաշվելը համարում եմ սխալ, որովհետև, նախ, մենք չէինք նախահարձակը, ադրբեջանցիներն իրենք էին սկսել պատերազմը։ Սկզբում մենք ոչ պատրաստ էինք պատերազմելու, ոչ էլ դրա ցանկությունն ունեինք։ Սկսե՞լ էին, թող պատրաստ լինեին ճաշակելու նաև պատերազմի դառը պտուղները։ Ինչի՞ վրա էին հույսները դրել, ռուսական բանակի՞, իրենց ունեցած մարդուժի՞, զենք-զինամթերքի՞։ Բայց չէ՞ որ պատերազմների պատմությունը սովորեցնում է, որ մի բան է սեփական հողը պաշտպանելը, մեկ այլ բան՝ ուրիշի ունեցածը խլել փորձելը։ Այդ ո՞ր զավթիչն է երկարատև հաջողություն ունեցել, որ իրենք էլ ունենային։ Ինձ մնար, ես պատերազմը կշարունակեի բուն Ադրբեջանի հողում, որից հետո կքաշվեի այն սահմանները, որ մենք աներկբա հնարավորություն ունեինք պահելու։ Իսկ որ 1994թ. մենք դա կարող էինք, անկասկած է, քանի որ կրած պարտությունները լիովին կազմալուծել, բարոյալքել էին ադրբեջանական այդպես էլ չկայացած բանակը, իսկ Արցախի բանակն օր օրի ավելի էր հզորանում, ղարաբաղցիներն էլ, ինչպես միշտ, պատրաստ էին շարունակել հաղթական կռիվները։ Բացի այդ, եթե մենք շարունակեինք մեր ազատագրական պայքարը, Ադրբեջանում ինքնորոշման հարց կբարձրացնեին այս երկրի բնակչության մեծամասնությունը կազմող ազգային փոքրամասնությունները՝ թալիշներ, լեզգիներ, ուդիներ, քրդեր... Մի խոսքով՝ Ադրբեջանը ներսից կքայքայվեր, կդադարեր պետություն լինելուց և այսօր չէր հոխորտա։

- Արկադի Իվանովիչ, հայտնի է որ պատերազմի ոչ միայն սկզբում, այլև ողջ ընթացքում ղարաբաղցիներն ադրբեջանցիներին զիջում էին թե՛ կռվողների թվակազմով և թե՛ զենքի ու զինամթերքի քանակով։ Ի՞նչ հրաշքով մենք հաղթեցինք,- հարցնում եմ գեներալին։

- Духом, духом,- ռուսերեն պատասխանում է գեներալն ու ավելացնում,- հիշո՞ւմ ես՝ ինչ էիք ասում կռվողներդ իրար՝ «մեկին չորսը, ով մեռնի, դավաճան է»։ Այո, մեր մեկ զինվորը կռվում էր թշնամու չորսի դեմ ու հաղթում։ Հաղթում էինք, որովհետև մեր տունուտեղն էինք պահում, մեր հողը։ Թուրքերը, չնայած իրենց երկրի իշխանությունների ու պատմաբանների մոգոնած ծիծաղելի հեքիաթներին, թե՝ իրենք այստեղ բնիկներ են, Ղարաբաղն իրենցն է, ներքուստ, ազատագրված տարածքներում ամենուր սփռված հայկական ճարտարապետական հուշարձանները տեսնելով՝ ավելի ու ավելի են համոզվում, հասկանում, որ կռվում են ուրիշի հողը զավթելու համար։ Իրականում նրանք տրամադրված չեն կռվելու, կռիվն այդ երկրի ոչ լեգիտիմ իշխանություններին է պետք, նրանք խաղում են իրենց ժողովրդի զգացմունքների հետ, իսկ զինվորը, եթե տատանվեց, ստիպմունքով գնաց կռվի, կլինի այնպես, ինչպես եղավ ադրբեջանցիների հետ...

- Ուզում եք ասել՝ ճի՞շտ էր նրանց վերլուծաբան Էլմար Հուսեյնովը, որ ասում էր՝ քոչվորը չի կարող հող պաշտպանել։

- Միանգամայն, դրա համար էլ Ադրբեջանում եզակի ճշմարտախոս այդ տղան իր երկրի ծայրահեղ ազգայնականների զոհը դարձավ։

- Այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն 3-4 անգամ գերազանցում է մերը, 2012-ին Ադրբեջանը պաշտպանությանը և անվտանգությանը տրամադրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։ Նրանք սկսել են զենք-զինամթերք արտադրել, նույնիսկ պատրաստվում են անօդաչու ինքնաթիռներ ու «Ուրագան» տիպի ուղղաթիռներ թողարկել և սեփական կարիքները բավարարելուց բացի՝ նաև վաճառել։ Չե՞ք գտնում, որ վաղը, մյուս օրը նրանք ռևանշի կդիմեն ու մեզ կկանգնեցնեն փաստի առաջ,- հարցնում եմ։

- Բոլորովին,- կտրուկ պատասխանում է գեներալը,- Ադրբեջանն այդպես էլ բանակ չունեցավ, իրենք էլ դա լավ գիտեն։ Շատ փողը դեռ բանակ չէ, մանավանդ հայտնի է, թե այդ փողերն ինչպես են ծախսվում։ Նրանց գեներալները փաստացի էժան, բայց թղթի վրա թանկ ձևակերպումներով գնեցին ու իրենց մոտ տեղափոխեցին ուկրաինական բանակի կողմից չօգտագործվող ողջ «տեխնիկան»։ Բերեմ միայն մեկ օրինակ՝ լրիվ նոր «ՄԻԳ» կործանիչները Ռուսաստանը վաճառում է 33 միլիոն դոլարով, իսկ մեր հարևան «խելոքները» տասնյակ տարիներ շահագործված, դուրս գրման ենթակա նույն ինքնաթիռներն ուկրաինացիներից գնել էին 29 միլիոնով ու ձեռքը կրակն ընկել։ Այս էլ որերորդն իր թռիչքն ավարտեց օդում պայթելով կամ Կասպից ծովը գահավիժելով։ Պատահական չէ, որ զինտեխնիկայի գնումների վրա ձեռքեր տաքացնողներին հայտնաբերել ու վնասազերծել փորձող նրանց օդուժի գլխավոր հրամանատար գեներալը գնդակահարվեց իր տան մոտ։ Բացի այդ, թե՛ հայր և թե՛ որդի Ալիևների հոխորտանքները միայն բլեֆ են, սեփական ժողովրդի աչքերին թոզ փչելու միջոց։ Ադրբեջանցիները հասկանում են, որ պատերազմի վերսկսումը կավարտվի Բաքվում։ Ինչ մնում է ինձ, ես դրանում կասկած չունեմ...

- Այդուհանդերձ, գոնե ինչ-որ չափով, ասենք՝ ֆինանսապես, պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը պատերազմի,- հարցնում եմ գեներալին։

- Ադրբեջանն իր պետականությունը կառուցում է նավթի վրա, և նավթի ներկայիս գները դրական են ազդում հիմնական տնտեսական ցուցանիշների վրա: Նման իրավիճակում Իլհամ Ալիևը հազիվ թե արմատական փոփոխության գնա՝ մանավանդ որ նավթադոլարների առյուծի բաժինն իր ու իր կլանի գրպանն են մտնում։:

- Ի՞նչ կարող է կորցնել Ադրբեջանը պատերազմ վերսկսելու դեպքում:

- Նախ` իր ներդրումային գրավչությունը նավթային հատվածում, այլ կերպ ասած` պետական շինարարության միակ կայուն հիմքը: Չպետք է մոռանալ, որ աշխարհի 8 երկիր ներկայացնող 13 ազդեցիկ միջազգային ընկերությունների հետ «Դարի պայմանագիրը» Բաքուն ստորագրեց միայն 1994-ի սեպտեմբերին, այսինքն` ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: Պատերազմական պայմաններում ընկերություններից ոչ մեկն, իհարկե, չէր գնա նման ռիսկային քայլի:

Այդ նախագծի ամենակարևոր մասնակիցները, ինչպիսիք են, օրինակ` բրիտանական «Բրիթիշ փեթրոլիումը», ամերիկյան «Չևրոնը», «Դևոն էներջին» և «Ամերադա Հեսը», ճապոնական «Ինպեքս քորփ» և «Իտոչու Օյլ», նորվեգական «Սթեթօյլ» ընկերությունները և այլն, ռազմական գործողությունների վերսկսման առաջին հակառակորդներն են: Այդ տեսանկյունից նավթային «Դարի պայմանագիրը» երկկողմանի սուր է. մի կողմից՝ այն իրապես հարստացնում է Ադրբեջանը, մյուս կողմից` սահմանափակում նրա ինքնիշխանությունը և զրկում նրան պատերազմ սկսելու հնարավորությունից:

Բացի այն բանից, որ նոր պատերազմը նվազագույնի է հասցնում երկրի ներդրումային գրավչության մակարդակը, այն փաստորեն կարող է ոչնչացնել գրեթե ողջ խողովակաշարերի համակարգը, որն իրավամբ համարվում է Ադրբեջանի պետական օրգանիզմի գլխավոր արյունատար անոթը։ Բանն այն է, որ Ադրբեջանի էներգակիրների գրեթե ողջ փոխադրումն իրականացվում է 4 խողովակաշարով, որոնցից երեքն ընկած են ռազմաճակատի գծից հաշված կիլոմետրերի վրա, ընդ որում՝ թե՛ ԼՂՀ և թե՛ ՀՀ հարավային սահմաններին: Դա 2006-ի հուլիսին բացված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է, 1999-ից գործող Բաքու-Սուփսա նավթամուղը և 2007-ի մարտին պաշտոնապես բացված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը (հարավկովկասյան խողովակաշար): Հայկական թնդանոթները ներկայումս նշանակետի տակ են պահում հենց այդ կոմունիկացիաները, և, պատերազմ սկսելու դեպքում, նրանց առաջին գործը կլինի Ադրբեջանի համար այդ կենսական կարևորության ենթակառուցվածքի ոչնչացումը, որը կբերի Ադրբեջանի փաստացի կործանմանը։

- Արկադի Իվանովիչ,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր ամբիոններից բազմիցս ասել և շարունակում է կրկնել, որ Ղարաբաղը երբեք անկախ չի լինելու:

- Խոսել նա շատ է սիրում։ Հատկապես, երբ մեկնում է Եվրոպա: Ավելին՝ նրանց ավագ եղբայր թուրքերն էլ են դա կրկնում։ Դե, նրանց ախորժակը ժամանակին լիուլի բավարարվել է, պարզապես մոռացել են, որ հիմա 1915 թվականը չէ... Այդ խոսակցությունները հիմնականում ներքին սպառման, երկրի տիրոջ կերպարը պահպանելու համար են: Նման արտահայտությունները կարելի է համարել լոկ ինքնահաստատման նպատակով տեղեկատվական խաղեր: Ոչ ավելին: Ասում են՝ «ցանկանալը վնաս չէ»: Լոռեցիները մի սիրուն անեկդոտ ունեն. չոբանի մեկը հեռավոր դաշտում ընկնում է մի խոր փոս։ Շատ է չարչարվում, չի կարողանում դուրս գալ, հետո վճռականորեն ասում է. «Մի անգամ էլ փորձեմ, թե որ չստացվեց դուրս գալ, գնամ տնից աստիճան բերեմ»: Ասել է թե՝ պատերազմն սկսել էիք՝ կռվեիք, հաղթեիք, ո՞վ էր խանգարում։ Կարելի է թափահարել բռունցքները, թող երկար ու ուժգին թափահարեն, անմիտ ու անիմաստ պահանջներ ներկայացնեն ոչ միայն մեզ, այլև աշխարհի գրեթե բոլոր միջազգային կազմակերպություններին միջնորդ դարձնելով, հզոր պետություններին խնդրել-աղաչելով։ Հետո՞։ Եթե մեր երկու ոչ բարեկամ հարևանները փոքր-ինչ ավելի վստահ լինեին, որ կարող են իրականացնել իրենց արկածախնդրությունը, վաղուց արդեն հերթական պատերազմը սանձազերծած կլինեին: Հնարավոր է՝ նրանց ներուժը, դրամական միջոցները միշտ էլ ավելի մեծ են եղել և՛ անձնակազմի, և՛ տեխնիկայի, և՛ սպառազինության առումով ևս: Այդպես է եղել նաև 1918թ. մայիսին Սարդարապատի դաշտում, 1992-94թթ. մարտական գործողությունների ժամանակ: Իսկ Ադրբեջանը շրջափակվա՞ծ էր Հայաստանի պես: Իսկ նավթ այն ժամանակ մի՞թե չունեին: Կամ ԽՍՀՄ փլուզումից հետո այնտեղ քի՞չ սպառազինություն էր մնացել: Սակայն այն ժամանակ Ադրբեջանը իր նպատակներին չկարողացավ հասնել: Չի կարողանա և հիմա՝ 20 տարի անց: Մենք համոզված ենք, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դրանում վստահ է ամեն մի հայ, սթափ մտածող, քիչ թե շատ խելք ու հեռատեսություն ունեցող յուրաքանչյուր ոք,- մայիսյան փառապանծ հաղթանակների առթիվ շնորհավորելով ողջ հայ ժողովրդին՝ եզրափակում է խոսքը Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Հրաժեշտից առաջ թերթում եմ հերոսական այն օրերին գեներալի գրած օրագիրը։ Ահա պատառիկներ դրանից (թարգմանություն ռուսերենից).

1. «Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ:

2. Մեր խնդիրը՝

ա. ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,

բ. ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),

գ. հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից:

3. Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով: Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնտեղ: Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.

ա. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար` Ա.Կարապետյան,

բ. «26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ.Չիթչյան,

գ. Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Ս.Բաբայան,

դ. Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Ս.Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յու.Հովհաննիսյան:

Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին»: 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am