Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հուլիս 2012, N 4

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՆԻՍԻ, ՀՈՒԼԻՍԻ ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային քաղաքականության ևս երկու ամիս պատմություն դարձան։ Մեր հիշողության մեջ ինչո՞վ տպավորվեցին հունիսն ու հուլիսը, ի՞նչ իրադարձություններ ցնցեցին աշխարհը, ի՞նչ միտումներ նկատվեցին այդ ընթացքում։

Եվ այսպես, սկսենք ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հարավկովկասյան տարածաշրջանային այցելությունից։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն իր շրջագայությունն սկսեց Երևանից։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ մամլո ասուլիսում Քլինթոնը հայտարարեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային կարգավորումն անթույլատրելի է։ «ԱՄՆ-ը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այդ հիմնախնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, այն կարող է կարգավորվել միայն բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է պետքարտուղարը։ Նա մեկնաբանել է նաև Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունները, որը պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտությունում։ Քլինթոնը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը չի կարելի կապել այդ հակամարտության լուծման հետ։

«Արձանագրությունների ստորագրման ժամանակ (դիվանագիտական հարաբերությունների հաստատման և զարգացման մասին) ոչ մի նախապայման չկար»,- ասել է Քլինթոնը մամուլի ասուլիսում։

Պետքարտուղարը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ. նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանին տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում։

Հիլարի Քլինթոնի այցի նախօրեին Ադրբեջանը ցուցադրեց իր «պատրաստակամությունը» ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. հունիսի 4-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը՝ փորձելով առաջ շարժվել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի մերձակա հայկական հենակետերի ուղղությամբ։

Ձեռնարկված պատասխան քայլերի արդյունքում և հայ զինծառայողների ցուցաբերած արիության շնորհիվ հակառակորդի դիվերսիան կասեցվեց։ Ադրբեջանական կողմը, կորուստներ կրելով, հարկադրված եղավ նահանջել։ Ադրբեջանական զինված դիվերսիայի հետևանքով զոհվեց Հայաստանի զինված ուժերի երեք զինծառայող, ևս վեցը վիրավորվեց։

Քլինթոնը Երևանից ուղևորվեց Վրաստան, որտեղ հայտարարեց, որ ԱՄՆ-ը պլանավորում է շարունակել համագործակցությունը Թբիլիսիի հետ պաշտպանության ոլորտում։ Նրա խոսքերով՝ Վրաստանը մոտ ժամանակներս «կբարձրացնի իր պաշտպանունակությունը և կդառնա ուժեղ միջազգային գործընկեր»։ Վրաստանում Քլինթոնի հնչեցրած հայտարարությունները սուր արձագանք գտան Մոսկվայում։ Ինչպես նշեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, այդ «նոր, պատասխանատու մոտեցումից հեռու հայտարարությունը, ըստ էության, հավելյալ խրախուսում է վրացական ղեկավարությանը՝ նոր զինված հակամարտություններ սանձազերծել Կովկասում»։

Լուկաշևիչն ընդգծել է, որ ԱՄՆ նման հայտարարությունները տպավորություն են ստեղծում, թե Ռուսաստանի անհանգստությունը և Մոսկվայի դիրքորոշումը 2008թ. օգոստոսի վրաց-հարավօսական հակամարտության առումով նախկինի պես անտեսվում են Վաշինգտոնի վարչակազմի կողմից։

Հունիսի 2-ին Կահիրեի քրեական դատարանը վերջակետ դրեց Եգիպտոսի նորագույն պատմության ամենադրամատիկ դատավարություններից մեկին՝ ցմահ բանտարկության դատապարտելով երկրի նախկին նախագահ, 84-ամյա Հոսնի Մուբարաքին։ Մուբարաքը հրաժարական տվեց անցած տարվա փետրվարի 11-ին՝ չդադարող ժողովրդական հուզումների, ոստիկանության հետ ցուցարարների բախումների և անվտանգության համակարգի փլուզման ֆոնին։ Այդ իրադարձությունների զոհ դարձավ ավելի քան 800 մարդ, մոտ երկու հազար տուժողներ եղան։ Պետության նախկին ղեկավարը մեղավոր ճանաչվեց 2011թ. հունվարի ժողովրդական ապստամբության օրերին խաղաղ ցուցարարների մահվան մեջ և դատապարտվեց ցմահ բանտարկության։ Այդ նույն օրը Մուբարաքին միջազգային բուժկենտրոնից տեղափոխեցին բանտային հոսպիտալ։ Բանտ տեղափոխվելուն պես նախկին նախագահի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, ինչից հետո նրան սրտի նոպայով տեղավորեցին վերակենդանացման բաժնում։

Դատավճռի հրապարակումից հետո եգիպտական հասարակությունը բաժանվեց երկու մասի. ոմանք դատավճիռը չափից ավելի մեղմ համարեցին և պահանջեցին, որ Մուբարաքը մահապատժի ենթարկվի, մյուսներն, ընդհակառակը, վճիռը շատ խիստ համարեցին և պահանջում էին, որ գործը վերանայվի։

Շարունակելով եգիպտական թեման՝ նշենք, որ հունիսի 16-ին և 17-ին այդ երկրում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու՝ իսլամական «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին և նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը։ Հունիսի 24-ին նախագահական ընտրությունների բարձրագույն հանձնաժողովը հայտարարեց, որ Մուրսին հաղթել է Հոսնի Մուբարաքից հետո Եգիպտոսի առաջին նախագահական ընտրություններում։ Եգիպտոսի սահմանադրական հռչակագրի (ժամանակավոր սահմանադրության) համաձայն, որն ընդունվել էր զինվորականների կողմից 2011թ. ժողովրդական ապստամբությունից հետո, նախագահը Եգիպտոսում ընտրվում է չորսամյա ժամկետով։ Նա իրավունք ունի երկու անգամ ընտրվելու բարձրագույն պետական պաշտոնին։

Իսկ այժմ դիտարկենք ևս մեկ հունիսյան իրադարձություն, որը քիչ էր մնում Սիրիայում լայնամասշտաբ պատերազմի առիթ դառնար։ Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի տարածքում, Միջերկրական ծովի վրա թուրքական հետախուզական ինքնաթիռ է խփվել։ Այս միջադեպից հետո իրավիճակը տարածաշրջանում պայթյունալի էր, համենայնդեպս՝ այդ մասին էր վկայում թուրքական իշխանությունների պահվածքը, որոնք իրենց թոկից փախած շան պես էին պահում։ Սկզբում Անկարան պահանջեց ՆԱՏՕ խորհուրդ գումարել՝ քննարկելու համար Սիրիայի ՀՕՊ ուժերի կողմից խփված թուրքական հետախուզական ինքնաթիռի հետ կապված իրավիճակը։ Թուրքերը հույս ունեին, որ կկիրառվի Հյուսիսատլանտյան դաշինքի մասին պայմանագրի հոդվածներից մեկը, որը մարտական գործողությունների հնարավորություն է տալիս ցանկացած երկրի դեմ, որը հանդգնել է վնաս հասցնել ՆԱՏՕ անդամներից մեկին։ Բայց, բարեբախտաբար, դաշինքի անդամների մեծամասնությունը պրագմատիկ և առողջ դիրքորոշում ցուցաբերեց, անտեսեց թուրքական վարչապետ Էրդողանի կատաղի սրտանցումը՝ սահմանափակվելով միայն Բաշար Ասադի ռեժիմը քննադատող հայտարարությամբ։ Իսկ Սիրիայի իշխանություններն այս իրավիճակում անթերի գրագետ դիրքորոշում որդեգրեցին. Դամասկոսը պաշտոնապես ներողություն խնդրեց Թուրքիայից և մասնակցեց խփված ինքնաթիռի զոհված երկու օդաչուների մարմինների որոնումներին։

Նրանց, ովքեր ուշադիր հետևում էին իրադարձությունների զարգացմանը Սիրիայում, այս ամբողջ պատմությունն անհավանական է թվում։ Ինչո՞ւ նման լուրջ միջադեպը չպայթեցրեց վառոդի տակառը, որն այդքան ջանադրաբար Սիրիայի տակ էին գլորել նրա թշնամիները։ Սիրիայի և Արևմուտքի զարգացող դիմակայության տրամաբանությունն իրադարձությունների զարգացման միայն մի տարբերակ էր թելադրում՝ անհապաղ զինված պատասխան ՆԱՏՕ-ի կողմից։ Չէ՞ որ թվում էր, թե ինտերվենցիայի համար ավելի լավ առիթ չես էլ պատկերացնի։

Բայց ժամանակի ընթացքում իրավիճակն աստիճանաբար կարգավորվում էր, թուրքական կողմի մոլեգնությունը՝ մարում, ռազմատենչ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը չի պատրաստվում հարձակվել Սիրիայի վրա խփված ինքնաթիռի պատճառով։ Իսկ արդեն հուլիսի կեսին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, Միջերկրական ծովում կործանված մարտական ինքնաթիռի մնացորդները հետազոտելուց հետո պաշտոնապես հերքեց իր իսկ հայտարարությունն այն մասին, թե կործանիչը խփվել է Սիրիայի զենիթային հրթիռների կողմից։ Մի խոսքով՝ միջադեպը Սիրիա ներխուժելու առիթ չդարձավ, բայց իրավիճակն այդ երկրում օրեցօր շիկանում էր, ինչի մասին կպատմենք ստորև։

Իսկ առայժմ ուղևորվենք պարտքային ճգնաժամից տքնող Եվրոպա։ Այն բանից հետո, երբ հունական կուսակցությունները չկարողացան պայմանավորվել 2012թ. մայիսի ընտրությունների արդյունքներով կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ, հունիսի 17-ին Հունաստանում կրկնակի քվեարկություն անցկացվեց։ Այդ ընտրություններում հաղթանակ տարավ աջ կենտրոնական «Նոր դեմոկրատիա» (ՆԴ) կուսակցությունը։ Այն ստացավ ընտրողների ձայների 29,7%-ը։ Նրան հետևեց ձախ արմատական ՍԻՐԻԶԱ կոալիցիան, որին աջակցեց ընտրողների 26,9%-ը։ ՆԴ-ն կունենա 129 պատգամավոր, իսկ ՍԻՐԻԶԱ-ն՝ ընդամենը 71։ Դա բացատրվում է հունական ընտրական օրենքի տարօրինակությամբ, ըստ որի՝ առաջին տեղն զբաղեցրած կուսակցությունը 50 պատգամավորական տեղ «բոնուս» է ստանում։ Նրան է պատկանում նաև նոր կառավարություն ձևավորելու իրավունքը, ինչով էլ ընտրություններից անմիջապես հետո զբաղվեց կոնսերվատորների առաջնորդ՝ եվրոպամետ քաղաքական գործիչ Անտոնիս Սամարասը։

Սակայն հարաբերական քաղաքական անդորրը Հունաստանում չլուծեց այդ երկրի հրատապ խնդիրները, որոնք, իրենց հերթին, կարող են դառնալ եվրոգոտու անկման կատալիզատորը։ Հունիսի վերջին Citigroup բանկը եվրոգոտուց մոտ ժամանակներս Հունաստանի դուրս գալու շանսերը գնահատեց 90%։ Վարկային կազմակերպության վերլուծաբանները թարմացրին իրենց նախկին կանխատեսումը, երբ դրա հավանականությունը դիտարկվում էր 50-75%-ի սահմաններում։

Հունաստանը ստիպված է շտապ կրճատել իր ծախսերը 11,5 մլրդ եվրոյով, որպեսզի վերաբացվի արտաքին վարկային աջակցության 31 միլիարդանոց տրանշը և երկիրը խուսափի դեֆոլտից։ Եթե վարկային աջակցությունը դադարեցվի, Հունաստանը ստիպված կլինի սեփական արժույթ տպագրել՝ ներքին պարտքերը վճարելու և արտաքին պարտքի գծով դեֆոլտ հայտարարելու համար։ Եվրոգոտուց հնարավոր դուրս գալը, մի շարք տնտեսագետների կարծիքով, կարող է ԵՄ-ում լուրջ տնտեսական կաթված և անգամ համաշխարհային ռեցեսիա առաջացնել։

Դե, իսկ այժմ շեղվենք քաղաքականությունից և անցնենք հունիսի գլխավոր մարզական իրադարձությանը՝ Եվրոպայի 2012թ. առաջնությանը, որն անցկացվեց Լեհաստանում և Ուկրաինայում, և որն ավարտվեց եզրափակիչում Իսպանիայի հավաքականի փայլուն հաղթանակով ու միանգամից մի քանի նվաճումներով, որոնց արժանացավ «կարմիր ֆուրիան»։ Առաջին անգամ պատմության մեջ իսպանացիները հաղթեցին Եվրոպայի երկու առաջնությունում և երեք խոշոր մրցաշարերում, որոնցում փլեյ-օֆում (իսկ դրանք 10-ն էին) ոչ մի գնդակ բաց չթողեցին։ 4։0 հաշիվն ամենախոշորն էր Եվրոպայի առաջնությունների եզրափակիչների պատմության մեջ։

Հուլիսի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և Կիև ժամանած բարձրաստիճան այլ հյուրերի հետ «Օլիմպիական» մարզադաշտում ներկա էր «Եվրո-2012» առաջնության փակման արարողությանը և դիտեց առաջնության եզրափակիչ խաղը։ Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Քննարկվեցին հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հաշվի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ընդունելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկեցին նաև ԵԱՀԿ շրջանակում համագործակցության հարցերն ու գերակայություններն Ուկրաինայի նախագահության ընթացքում։

Վերադառնանք ֆուտբոլին և նշենք, որ եվրոպական առաջնությունը հիշարժան էր նաև Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթով և ռուս ու լեհ ֆուտբոլասերների հետ կապված սկանդալով։ Ռուսաստանի հավաքականը չմտավ քառորդ եզրափակիչ Հունաստանի թիմին պարտվելու պատճառով (0։1), որը վերջակետ դրեց Ադվոկաատի ջոկատի՝ առանց պարտության անընդմեջ 16 խաղերին։ Արդյունքում՝ ռուսական թիմը գրավեց երրորդ տեղը չորս միավորով, նույնքան էլ հավաքել էին հույները, որոնք մտան քառորդ եզրափակիչ՝ ի հաշիվ անձնական հանդիպման։ Այնինչ մինչև մրցաշարի մեկնարկը Ռուսաստանն ու Լեհաստանը, որը եզրափակեց աղյուսակը, А խմբի ֆավորիտներն էին համարվում։

Ռուսների մեծամասնությունը ռուս ֆուտբոլիստների անհաջողության մեջ մեղադրում է արդեն նախկին մարզիչ, հոլանդացի Դիկ Ադվոկաատին, որն իր սաների ելույթների ավարտից հետո անմիջապես հեռացավ հավաքականից։ Ի դեպ, գրեթե բոլոր ֆուտբոլային փորձագետները նշում էին, որ տարեկան յոթ միլիոն եվրո ստացող Ադվոկաատն ամենաբարձր վարձատրվող մասնագետն էր Եվրոպայի առաջնությունում։ Ադվոկաատի հեռանալուց հետո Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը դարձավ իտալացի Ֆաբիո Կապելոն։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ անկարգությունների պատճառով, որոնք տեղի ունեցան Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ մրցախաղերի օրերին, Լեհաստանում ձերբակալվեցին Ռուսաստանի քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ ոստիկանության ձեռքում հայտնվեցին ավելի քան հարյուր ռուսաստանցիներ։ Նրանց մեծ մասն ազատ արձակվեց, մի քանի մարդ պայմանական ժամկետներ ստացան և տուգանքներ վճարեցին։ Ազատ արձակվելուց հետո արդեն ռուս ֆուտբոլասերները հայտարարեցին, որ ծեծկռտուքը Վարշավայում հրահրել են լեհ խուլիգանները։ Ռուսներին սկանդալի սադրելու մասին հայտարարեց նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Հունիսի վերջին Ուզբեկստանն անակնկալ մատուցեց և հերթական անգամ որոշեց դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Ռուսական մամուլը, մեկնաբանելով այս որոշման պատճառները, նշել է Տաշքենդի անհամաձայնությունը Մոսկվայի՝ աֆղանական ուղղությամբ վարվող քաղաքականությանը, ինչպես նաև նախագահ Իսլամ Քարիմովի զգուշավոր դիրքորոշումը ՀԱՊԿ մասնակից երկրների սերտ ռազմաքաղաքական ինտեգրման հանդեպ։ Ուզբեկստանը 1999թ. արդեն դուրս եկել էր ՀԱՊԿ-ից՝ հրաժարվելով երկարացնել պայմանագիրը, բայց 2006թ. օգոստոսին կրկին վերականգնեց անդամությունը կազմակերպությանը։ Փորձագետների գնահատականներով՝ «Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մշտապես տարուբերվում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև»։ Քաղաքական փորձաքննության միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն կարծում է, որ Քարիմովի համար նման վարքագիծը ռիսկային է։ «Ուզբեկստանի խնդիրն այն է, որ անհասկանալի է, թե ում օգտին է կատարելու ընտրությունը։ Ի՞նչ է, ԱՄՆ-ը նրան անվտանգության երաշխիքներ է՞ տալու։ Ի՞նչ է, ՆԱՏՕ՞ են նրան ընդունելու։ Այսինքն՝ ես կարծում եմ, Քարիմովի համար նման վարքագիծը ռիսկային է»,- հայտարարել է Մինչենկոն։

Տարածաշրջանի երկրներն, իրենց հերթին, ՀԱՊԿ-ից Ուզբեկստանի դուրս գալու մեջ սպառնալիք են տեսնում։ Տաջիկստանի պաշտպանության, անվտանգության և իրավակարգի գծով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Ամիրկուլա Ազիմովի խոսքերով՝ ՀԱՊԿ անդամությունը նպաստում է բոլոր մասնակից երկրների, հատկապես Կենտրոնական Ասիայի, հավաքական անվտանգությանը։ «Արդեն սարերի հետևում չէ ISAF զորքերի դուրսբերումը, ինչից հետո Աֆղանստանում կմնա իշամեղվի բույնը, որն, առաջին հերթին, կսպառնա Կենտրոնական Ասիային»,- ասել է նա։

Ռուսաստանի  զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ին Ուզբեկստանի անդամության դադարեցման մեջ բացասական պահերն ավելին են, քան դրականները, բայց կազմակերպությունն առանց Ուզբեկստանի էլ կշարունակի գոյություն ունենալ և ամրապնդել իր ռազմական բաղադրիչը։ Արժե նշել, որ շատ փորձագետներ միաժամանակ կանխատեսում են, որ Ուզբեկստանը կվերադառնա կազմակերպություն։

Այսպիսին էր հունիսը։ Իրադարձությունների առումով պակաս հագեցած չէր նաև հուլիսը։ Ընդ որում՝ այդ իրադարձությունների մի մասը, մասնավորապես՝ Սիրիայի շուրջ և ընդհանրապես տարածաշրջանում իրավիճակի զարգացումը, իսկապես դրամատիկական էին։

Հուլիսի 1-ին Եվրամիության նախագահությունն առաջիկա վեց ամիսներին Դանիայից անցավ Կիպրոսին։ Այդ պետության քաղաքական ղեկավարությունը, որը ԵՄ անդամ է դարձել 2004թ., ԵՄ-ում իր նախագահության գլխավոր գերակայություն հայտարարեց «Ավելի լավ Եվրոպայի համար» կարգախոսը։ Կիպրոսյան իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով՝ այդ ասելով առաջին հերթին նկատի են առնվում ԵՄ-ում տնտեսական աճի պայմանների ստեղծումը, սոցիալական արդարության և զբաղվածության ապահովումը։ Կիպրոսը ԵՄ-ում նախագահում է առաջին անգամ, և երկրի իշխանությունները հույս ունեն, որ դա թույլ կտա կղզու համար ապահովել ԵՄ «հուսալի և պատասխանատու» անդամի իմիջ։

Եվ ահա այստեղ կրկին ասպարեզ է ելնում տարածաշրջանի գլխավոր սադրիչը. Թուրքիան՝ որպես Եվրամիություն մտնելու թեկնածու երկիր, հայտարարեց, թե ԵՄ-ում Նիկոսիայի նախագահության շրջանում բոյկոտելու է Կիպրոսի (որի ինքնիշխանությունը չի ընդունում և 1974-ից զավթել է կղզու հյուսիսային հատվածը) հովանու ներքո անցկացվող բոլոր միջոցառումները։ Սակայն այնտեղ ինքնահռչակված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը ճանաչված չէ թե՛ Եվրամիության, թե՛ համաշխարհային հանրության կողմից։

Չնայած Անկարայի նման ոչկառուցողական և վիրավորված կեցվածքին՝ Բրյուսելում Կիպրոսի դեսպանն իր կողմից հայտարարել է, թե Նիկոսիան, այնուամենայնիվ, մտադիր է աջակցել ԵՄ-ին Թուրքիայի մերձեցմանը, իսկ կիպրական հիմնախնդիրը կիպրական նախագահության ծրագրի մաս չի կազմի։

Այդ նույն օրը Վրաստանի կառավարությունում կադրային փոփոխություններ կատարվեցին։ Երկրի կառավարության ղեկավար դարձավ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին։ Իսկ հուլիսի 4-ին խորհրդարանը վստահություն հայտնեց նոր կառավարությանն ու չորս տարվա համար հաշվարկված կառավարական ծրագրին՝ «Ավելի մեծ օգուտ ժողովրդին» անունով։ Արժե նշել, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կառավարության կադրային տեղափոխությունների մասին հայտարարել էր երկրի կայանալիք խորհրդարանական ընտրություններից մոտ չորս ամիս առաջ։ Այնինչ, ընդդիմադիր տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները տարբեր կերպ, հիմնականում՝ բացասաբար գնահատեցին Սաակաշվիլու նախաձեռնությունը և դրական որևէ բան չեն ակնկալում դրանից։ Մասնավորապես, լեյբորիստները կարծում են, որ կառավարությունում կատարված փոփոխությունները Միխայիլ Սաակաշվիլու և ընդդիմադիր հոսանքի ակտիվ քաղաքական գործիչ դարձած օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու համատեղ որոշումն են եղել։ Ավելին, լեյբորիստները վստահ են, որ հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո Սաակաշվիլու և Իվանիշվիլու կուսակցությունները կոալիցիոն կառավարություն կստեղծեն։

Մեր մյուս հարևանը՝ Իրանը, այս օրերին իր հանդեպ չարակամորեն տրամադրվածներին ցուցադրեց իր ռազմական հզորությունը։ Հուլիսի սկզբին ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումները «Մեծ մարգարե-7» պայմանական անունը կրող մասշտաբային զորավարժությունների ընթացքում հրթիռներ (այդ թվում և բալիստիկ) արձակեցին։ Իրանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ պայմանական թիրախների վրա արձակվեցին տարբեր տեսակի ու հեռահարության տասնյակ հրթիռներ, մասնավորապես՝ բալիստիկ «Շահաբ-1», «Շահաբ-2» և «Շահաբ-3»։ Ինչպես նշում են տարածաշրջանի գծով փորձագետները, «Շահաբ-3» հրթիռների գործողության հեռավորությունը՝ մոտ 2000 կմ, Իրանին թույլ է տալիս հրթիռային զենքի այս տեսակն օգտագործել Իսրայելին ու մերձավորարևելյան երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ ԶՈւ ռազմակայաններին հարվածելու համար։

Հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի կառավարությունն աշնանը պատրաստվում է նոր օրինագիծ մտցնել Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ նախատեսելու մասին։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչը նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ զրույցից հետո։ Այս հայտարարությունն անակնկալ չէր. պատգամավորները և սոցիալիստ սենատորները քվեարկել էին նման օրենքի օգտին, երբ այն առաջարկել էր դեռ Նիկոլա Սարկոզին, իսկ Օլանդը խոստացել էր վերադառնալ այս հարցին իր նախագահական քարոզարշավի ժամանակ։ Հունվարի վերջին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծ օրենքով ընդունված ցեղասպանությունների, այդ թվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատժի մասին։ Փաստաթուղթը ցեղասպանության ժխտման համար նախատեսում է մեկ տարվա բանտարկություն և տուգանք 45 հազար եվրոյի չափով։

Սակայն մեկ ամիս անց Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այդ օրենքը ոչսահմանադրական համարեց, քանի որ այն «ոտնահարում է խոսքի և հաղորդակցության ազատության իրավունքը»։

Նույն օրը Հարավային Սուդանը տոնեց անկախության ձեռքբերման մեկամյակը։

Հարավային Սուդանի Հանրապետությունն (ՀՍՀ) աշխարհի քաղաքական քարտեզին հայտնվեց մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ նրա բնակիչները հանրաքվեում կողմ արտահայտվեցին, որ Հարավն առանձնանա Սուդանից. մայրաքաղաքը՝ Խարթում։

Հանրաքվեի անցկացումը նախատեսված էր 2005թ. խաղաղության համապարփակ համաձայնագրով Սուդանի կառավարության և Հարավի ապստամբների միջև։ Խաղաղության համաձայնագիրը վերջ դրեց Աֆրիկայի պատմության մեջ ամենաերկար քաղաքացիական պատերազմին, որը 1955-ից շարունակվում էր Հյուսիսի ու Հարավի միջև։ Հարավցիները, որոնց մեծամասնությունը քրիստոնեություն է դավանում և ավանդական աֆրիկյան դավանանքներ, ձգտում էր անկախություն ձեռք բերել Հյուսիսից, որը գերազանցապես բնակեցված էր մուսուլմաններով։

Հուլիսն աֆրիկյան աշխարհամասում հիշարժան էր նաև Մալիում տեղի ունեցած դրամատիկական իրադարձություններով, որտեղ արմատական իսլամիստները մեթոդաբար ոչնչացնում էին պաշտամունքային ճարտարապետության օբյեկտները։ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակ մտցված հուշարձանների ոչնչացումը ծայրահեղականները բացատրում են «կռապաշտության դեմ պայքարով», ինչն իսլամում ամենամեծ մեղքերից մեկն է համարվում։

Հուլիսին Ռումինիայի խորհրդարանը նախաձեռնեց Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուին պաշտոնանկ անելու ընթացակարգը։ Երկրի օրենսդրության համապատասխան՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնից հեռացվել սահմանադրության կոպիտ խախտման դեպքում։ Պատգամավորների որոշմանը հավանություն տվեց երկրի սահմանադրական դատարանը և պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց սենատի խոսնակ Կրին Անտոնեսկուին։ Մայիսի սկզբից Ռումինիայի աջ կենտրոնամետ նախագահն ստիպված էր աշխատել ձախ կենտրոնամետ կառավարության հետ՝ այն բանից հետո, երբ խորհրդարանն անվստահություն հայտնեց աջ կենտրոնամետ վարչապետ Միխայ Ունգուրյանուի կառավարությանը։ Հիմա երկրում պետք է իրականացվի համազգային հանրաքվե նախագահին իմփիչմենթ հայտարարելու վերաբերյալ։

Հուլիսն անհաջող էր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար։ Անհաջող՝ հուլիսի 10-ին հրապարակված հանրային կարծիքի հարցման արդյունքների առումով։ Եվ այսպես, ինչպես վկայում են վաշինգտոնյան Hill թերթի անցկացրած հարցախույզի տվյալները, ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Օբամայի օրոք երկիրն ավելի վատն է դարձել։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 56%-ը կարծում է, որ իրավիճակը երկրում Օբամայի նախագահության տարիներին վատթարացել է, և միայն 35%-ն է կարծում, թե պետության ղեկավարին հաջողվել է դրական փոփոխություններ կատարել։ Հատկանշական է, որ Օբամայի քաղաքականության հանդեպ բացասական վերաբերմունքն ի հայտ է եկել ոչ միայն հանրապետականների, այլ նաև դեմոկրատների շրջանում. Դեմոկրատական կուսակցության յուրաքանչյուր հինգերորդ կողմնակիցը դժգոհ է Սպիտակ տան ղեկավարի գործողություններից։ Բայց չէ՞ որ ԱՄՆ նախագահի ընտրությունները սարերի հետևում չեն...

Մինչ աշխարհում գլոբալ խնդիրներ էին լուծվում, Խորհրդային Միության որոշ հանրապետություններ, մոռանալով ներքին հրատապ հարցերի մասին, պայքարում էին խորհրդային անցյալի դեմ։ Հուլիսի 12-ին Մոլդովայի խորհրդարանը փոփոխություններ մտցրեց քաղաքական կուսակցությունների մասին օրենքում, որոնց համաձայն՝ այսուհետ երկրում արգելվում է, որ քաղաքական կուսակցություններն օգտագործեն տոտալիտար քաղաքական ռեժիմների ատրիբուտիկան, առաջին հերթին՝ մուրճն ու մանգաղը։ Բացի այդ, խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորներն այդ նույն նիստի ժամանակ որոշում ընդունեցին «Մոլդովայի Հանրապետությունում տոտալիտար կոմունիստական ռեժիմի պատմական և քաղաքական-իրավական գնահատականի մասին», որով դատապարտեցին այդ ռեժիմը «մարդկության դեմ գործած հանցագործության» համար, ինչպես նաև այն բոլոր անձնաց գործողությունները, որոնք մասնակցել են այդ հանցագործությունների կատարմանը»։

Կոմունիստների կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինը սա գնահատեց որպես «կոմունիստներին ընտրական դաշտից բացառելու փորձ»։

Դե, իսկ այժմ մի կողմ թողնենք քաղաքականությունը և խոսենք հուլիս-օգոստոսի ամենագլխավոր իրադարձության՝ Լոնդոնի Ամառային օլիմպիադայի մասին։ Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը ողջ աշխարհը հետևում էր մարզական մրցամարտերին։ Օլիմպիադայի արդյունքներով՝ մեդալների հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց ԱՄՆ հավաքականը՝ 46 ոսկե, 29 արծաթե և 29 բրոնզե մեդալ։ Երկրորդը չինացի մարզիկներն էին, որոնք իրենց երկրին բերեցին 38 ոսկե, 27 արծաթե և 23 բրոնզե մեդալ։ Առաջատարների եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան։ Ռուսաստանն առաջատարների եռյակում չէր և հայտնվեց չորրորդ տեղում։ Օլիմպիադայում բավական անհաջող հանդես եկան հայ մարզիկները։ Մեր հավաքականի գանձանակում ընդամենը երեք մեդալ հայտնվեց, այս անգամ ևս մենք ոսկի չնվաճեցինք։ Արժե նշել, որ Պեկինում Հայաստանը նվաճել էր 6 բրոնզե մեդալ, և եթե ներկայիս արդյունքները համեմատելու լինենք Պեկինի օլիմպիադայի արդյունքների հետ, ապա ակնհայտ է, որ օլիմպիական նվաճումների առումով մենք հետ ենք գլորվում։

Մեր մարզիկների ելույթներին Լոնդոնում հետևում էր նաև Հայաստանի նախագահը։ Օգոստոսի 2-ին Սերժ Սարգսյանը մեկնեց կարճատև հանգստի, որի մի մասն անցկացրեց արտասահմանում։ Այդ ընթացքում պետության ղեկավարն ընդհատեց արձակուրդը և աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման առիթով՝ ընդգծելով, որ ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 32%-ով։ Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Ռուսաստանը վստահաբար զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների մեջ։ Երկու երկրների ղեկավարներն անդրադարձան նաև Հայաստանի համար բավական ցավոտ թեմայի՝ Հաայաստան մատակարարվող ռուսական գազի գնին։ Հայաստանի նախագահի խոսքերով՝ իրենք Վլադիմիր Պուտինի հետ միասին «փոխըմբռնում են ձեռք բերել գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ»։ «Այն պետք է ելնի գազի իրական շուկայական գնից, բազմապատկած (կամ բաժանած՝ ինչպես կցանկանաք) Հայաստանին` նրա տնտեսության արդյունավետության պահպանմանը և տարածաշրջանում գործող սակագներին համադրելի բնական գազով ապահովելու անհրաժեշտությամբ: Վլադիմիր Պուտինը հաստատեց, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ուժեղ, մրցունակ, զարգացած լինելով: Դա իսկական դաշնակցային մոտեցում է: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին՝ մեր օրակարգի բոլոր առանցքային հարցերի շուրջ միանշանակ մոտեցման համար»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Փորձագետների գնահատականով՝ այս հավաստիացումներով Հայաստանի նախագահը չեղյալացրել է Հայաստանի լիբերալ և արևմտամետ շրջանակների այն մեղադրանքները Ռուսաստանի հասցեին, թե մատակարարվող գազի գնի մանիպուլացման միջոցով ռուսական կողմը ճնշում է գործադրում մեր երկրի ղեկավարության վրա։ Մասնավորապես, ինչպես նշում է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, ԱԺ Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արտաշես Գեղամյանը, այն փաստը, որ Ռուսաստանի նախագահը «միանշանակ դիրքորոշում» ունի հայ-ռուսական օրակարգի առանցքային բոլոր հարցերի վերաբերյալ, հիրավի, թանկ արժե, իսկ հիշատակումն առ այն, որ Վլադիմիր Պուտինը «հետաքրքրված է Հայաստանի ուժեղ, մրցունակ, զարգացած լինելով», Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր, ավելի բարձր մակարդակի։ Չէ՞ որ, ըստ էության, դա հայտարարություն է այն մասին, որ Ռուսաստանը հանդես է գալիս նաև որպես Հայաստանի տնտեսական անվտանգության երաշխավոր։

Անդրադառնանք համաշխարհային քաղաքականության ամենացավոտ թեմաներից մեկին՝ Սիրիայի հակամարտությանը։ Կառավարական զորքերի և «դեմոկրատների» ու «հանուն ազատության մարտիկների» հանդերձանք հագած գրոհայինների միջև ընթացող մարտերը շարունակվում էին այդ երկրում։ Կրակի բոցերի մեջ էին հայտնվել Դամասկոսը, Հալեպը և այլ քաղաքներ։ Իսկ Արևմուտքն այդ ընթացքում փորձում էր Սիրիա ներխուժելու ուղիներ գտնել՝ շրջանցելով ՄԱԿ ԱԽ-ն։ Օգոստոսի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սպառնաց ռազմական ինտերվենցիայով, եթե Բաշար Ասադի ռեժիմը հանկարծ հանդգնի քիմիական զենք կիրառել։ Ամերիկյան քաղաքականության հետագծին հետևող Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նույնպես առավելագույն ճնշում գործադրեցին՝ սպառնալով զենքով ու տարատեսակ ռազմական միջոցներով։ Այսպես, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանը միջազգային հանրությանը կոչ արեց քննարկել Սիրիայում այնպիսի գոտու ստեղծման հնարավորությունը, որն արգելված կլինի կառավարական մարտական ավիացիայի թռիչքների համար։ Տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել նման գոտու ստեղծմանը։ Նա դրա հետ մեկտեղ, սակայն, ընդգծել է, որ թռիչքների արգելումը Սիրիայի ողջ տարածքի վրա հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելուն, դրա համար էլ կպահանջի ստեղծել կոալիցիա այն երկրներից, որոնց ղեկավարությունը դրա համար անհրաժեշտ կամք կդրսևորի։ Փորձագետների կարծիքով, Արևմուտքի և Դամասկոսի դիվանագիտական դիմակայության փուլը մոտենում է ավարտին։ Թե ինչ կլինի դրանից հետո՝ դժվար չէ գուշակել...

Հատկանշական է, որ այս կոշտ հայտարարություններն արվել են «օպերատիվ պլանավորման» թուրք-ամերիկյան խմբի առաջին նիստի ավարտից անմիջապես հետո, կառույց, որն ստեղծվել է Բաշար Ասադի արագ և համեմատաբար անվտանգ տապալման ուղիների քննարկման համար։ Այս խմբի նիստը կայացել էր օգոստոսի 23-ին Անկարայում։

Օգոստոսի վերջին Արևմուտքի քննադատության կրակի տակ հայտնվեց Ռուսաստանը Pussy Riot փանկ-խմբի աղջիկների դատավճռի պատճառով։ Մոսկվայի Խամովնիկիի դատարանը նրանց մեղավոր ճանաչեց խուլիգանության մեջ և դատապարտեց երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ 2012թ. փետրվարի 21-ին Pussy Riot փանկ-խումբն իբր «փանկ-աղոթք» էր կազմակերպել Մոսկվայի Հիսուս Փրկչի տաճարում՝ «Աստվածամայր, քշի՛ր Պուտինին» երգով։

Pussy Riot-ի խուլիգանուհիների դատավճիռը, ինչպես և պետք էր սպասել, դժգոհության ալիք առաջ բերեց արևմտյան աշխարհում։ Եվրոպական կառավարությունների ղեկավարների մակարդակով հայտարարություններ հնչեցին այն մասին, թե դատավճիռն «անհամաչափ դաժան» էր։

Բայց արժե նշել, որ նման արարքներն Արևմուտքում պակաս դաժան չեն պատժվում, ինչն իր հատուկ հայտարարության մեջ նշել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Լուկաշևիչը։ Հասարակությունը նույնպես, եկեղեցու հետ միասին, խուլիգանական նման արարքներին ամենևին էլ ըմբռնումով չի մոտենում։ Բայց այս մասին արևմտյան լիբերալները նախընտրում են չխոսել՝ նկատելով միայն ուրիշի աչքի փուշը։ Որպես ապացույց բերենք այդ օրերին Գերմանիայում տեղի ունեցած դեպքը։ Կաթոլիկ եկեղեցին մեղադրանք էր ներկայացրել այն ակտիվիստներին, որոնք Քյոլնի տաճարում կիրակնօրյա ժամերգության ժամանակ բողոքի ակցիա էին կազմակերպել ի աջակցություն Pussy Riot-ի։ Երկու տղամարդ և մեկ աղջիկ կարող են պատասխանատվության ենթարկվել հանրային անդորրը և կրոնական ծեսի ազատ անցկացումը խափանելու համար։ Վերջինը ենթադրում է երեք տարվա բանտարկություն կամ տուգանք։ Այսպիսով, եթե ակտիվիստները մեղավոր ճանաչվեն, կարող են բանտում հայտնվել մի ժամկետով, որը կգերազանցի Pussy Riot-ի աղջիկների բանտարկության ժամկետը։ «Քյոլնի տաճարի անդորրը խախտվել է. մենք չենք կարող ընդունել և չենք ընդունելու դա։ Ցույցերի իրավունքը չի կարող ավելի բարձր լինել ծխականների դավանանքի և կրոնական զգացմունքների ազատությունից»,- հայտարարել է տաճարի վանահայր Ռոբերտ Քլյայնը։

Արևմուտքի կիրառած երկակի ստանդարտների ու կողմնակալ քննադատության մասին է վկայում նաև Ջուլիան Ասանժի գործը, որին բրիտանական իշխանություններն օգոստոսի վերջին տառացիորեն փակեցին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ WikiLeaks կայքի հիմնադիրը, որին հետապնդում են ամերիկացիները, խնդրել և քաղաքական ապաստան է ստացել Էկվադորում, սակայն չի կարողացել հեռանալ Լոնդոնից, քանի որ նրան սպառնում է դատավարություն Շվեդիայում «բռնաբարության գործով»։ Ասանժը չի կասկածում, որ եթե ձերբակալվի բրիտանական իշխանությունների կողմից, ապա անպայման կհայտնվի շվեդական արդարադատության ձեռքերում։ Այնուհետև Շվեդիայի իշխանությունները նրան կհանձնեն ամերիկացիներին, որոնք էլ «լրտեսության» համար կդատեն (հնարավոր է և մահապատժի ենթարկեն) մեկին, ով ինտերնետում մեջտեղ է հանել պետդեպարտամենտի կեղտոտ սպիտակեղենը։ Իսկ ամենագլխավորն այս պատմության մեջ այն է, որ ոչ ոք Եվրոպայում ծպտուն անգամ չի հանի, թե ամերիկացիներն անմարդկային են վարվել Ջուլիան Ասանժի հանդեպ, խախտել են դեմոկրատիայի սկզբունքները և այլն, և այլն։

Խոսենք նաև ամառվա վերջին ամսվա ընթացքում կատարված այլ իրադարձությունների մասին։ Օգոստոսի 24-ին նորվեգական դատարանը 10-շաբաթյա դատավարությունից հետո Անդերս Բրեյվիքին մեղսունակ ճանաչեց և առավելագույն պատիժ սահմանեց՝ 21 տարվա ազատազրկում։ 33-ամյա Բրեյվիքը պնդում էր, որ իր գործողությունները պայմանավորված են եղել իր արմատական ու հակամուսուլմանական հայացքներով, և դեմ էր, որ իրեն հոգեկան հիվանդ համարեն։ Անցած տարվա հուլիսի 22-ին Բրեյվիքը պայթեցում էր իրականացրել Նորվեգիայի մայրաքաղաքի կառավարական թաղամասում, իսկ հետո կրակ բացել Նորվեգիայի Աշխատանքային կուսակցության երիտասարդական ճամբարում, Ութոյա կղզում, ինչի հետևանքով զոհվել էր 77 մարդ։

Հետաքրքիր է, որ «Իլա» բանտում, որտեղ պատիժն է կրելու Բրեյվիքը, նրա համար անմիջապես երեք բանտախուց են առանձնացրել. ննջարան, ֆիզիկական վարժությունների սենյակ և աշխատասենյակ։ Բանտախցերի ողջ կահույքը ձուլված է հատակին, որպեսզի Բրեյվիքը չկարողանա այն օգտագործել որպես զենք։ Բրեյվիքի համար ինտերնետը հասանելի չի լինի, բայց նա կկարողանա օգտվել «Վիքիպեդիայի» օֆլայն ռեժիմից։ Բրեյվիքին բանտում պահելու համար Նորվեգիայի կառավարությունն արդեն 12,5 մլն կրոն (մոտ 2 մլն եվրո) է ծախսել։ Յուրաքանչյուր հաջորդ տարի, ինչպես սպասվում է, առանձնապես վտանգավոր ահաբեկչին պահելու համար կծախսվի մոտ 5 մլն կրոն (700 հազար եվրո)։

Օգոստոսի 26-ին տխուր լուր ստացվեց ԱՄՆ-ից՝ վախճանվեց աստղագնաց Նիլ Արմսթրոնգը, որը 1969թ. դարձավ Լուսնի վրա իջած առաջին մարդն աշխարհում։ Օգոստոսի սկզբին բժիշկները վիրահատել էին 82-ամյա Արմսթրոնգի արյունատար երակները՝ խցանումները նվազեցնելու նպատակով։ Լեգենդար աստղագնացի ընտանիքը տեղեկացրել է, որ նա մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Արմսթրոնգը «բոլոր ժամանակների ամերիկյան մեծագույն հերոսներից մեկն էր»։

Նիլ Արմսթրոնգը «Ապոլոն-11»  տիեզերանավի անձնակազմի հրամանատարն էր։ 1969 հուլիսի 20-ին նա իր գործընկերոջ՝ Էդվին Օլդրինի հետ ոտք դրեց Լուսնի վրա։ Արմսթրոնգը դարձավ առաջին մարդն աշխարհում, ով ոտք դրեց Երկրի բնական արբանյակի մակերեսի վրա։ Նա այդ իրադարձությունն անվանեց «փոքրիկ քայլ մարդու, բայց հսկայական թռիչք ողջ մարդկության համար»։

Եվ մեր տեսության վերջում  խոսենք օգոստոսյան վերջին օրերին կատարված գլխավոր իրադարձությունների մասին։ Օգոստոսի 30-ին Միթ Ռոմնին պաշտոնապես դարձավ ԱՄՆ նախագահի թեկնածուն Հանրապետական կուսակցությունից. նա կատարեց նախընտրական կուսակցական համագումարի վերջին «ծիսակատարությունը»՝ ընդունեց գործող նախագահ Բարաք Օբամային մարտահրավեր նետելու պատվիրակների առաջարկը։

Հանգուցային ելույթով հանդես գալով օգոստոսի 27-ին սկսված համագումարի վերջին օրը՝ հանրապետական թեկնածուն, մասնավորապես, կշտամբեց իր մրցակից Օբամային, իր կարծիքով՝ Ռուսաստանի հանդեպ չափից ավելի փափուկ դիրքորոշման համար և խոստացավ, որ իր ընտրվելու դեպքում անհամեմատ ավելի կոշտ դիրքորոշում կդրսևորի։ «Իմ օրոք մեր դաշնակիցները կտեսնեն մեծ լոյալություն, իսկ (Վլադիմիր) Պուտինը կտեսնի ավելի պակաս ճկունություն մեր կողմից ու մեծ կարծրություն»,- ասել է Ռոմնին։

Օգոստոսի 31-ին ցնցող տեղեկություն ստացվեց Հունգարիայից. հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովին հանձնել են Բաքվին։ Հակահայկական քարոզչությամբ սնված այս հրեշն անհապաղ արժանացել է Ապշերոնի խան Իլհամ Ալիևի ներմանը։

Հայաստանում հունգարական իշխանությունների գործողությունները վրդովմունք և զայրույթ են առաջացրել։ Մեկնաբանելով մարդասպանին ներելու Ալիևի որոշումը՝ Երևանում ընդգծել են, որ այդ քայլը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացնում և խրախուսում են ֆաշիստական և հակահայկական քաղաքականություն։

Հայկական կողմը հույս է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից մարդասպանին ներում շնորհելը կարժանանա միջազգային հանրության դատապարտմանը։

Նույն օրը երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել էր Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին գաղտնի հանձնելու փաստը: Սերժ Սարգսյանը նաև արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը նախագահը պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը: «Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չե՛մ կարող: Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի՛ կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու», – հայտարարել էր ՀՀ նախագահը:

Այսպիսին էր համաշխարհային քաղաքականությունն ամռանը։ Առջևում աշունն է, և, հաշվի առնելով այսօրվա իրողությունները, կարելի է վստահաբար ասել, որ գալիք երեք ամիսները պակաս «թեժ» չեն լինելու գլոբալ իրադարձությունների առումով։ 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am