Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Հուլիս 2012, N 4

ԻՍԿ ՍՏԱԼԻՆԸ ՔԹԻ ՏԱԿ ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ԺՊՏՈՒՄ ԷՐ...

Կամ ինչպես երկու հայ կապավորներ Յալթայի կոնֆերանսի ժամանակ ապահովեցին ինչպես կոնֆերանսի մասնակիցների, այնպես էլ քաղաքի բնակիչների անվտան

Ասքանազ Աբրահամյան

Այն մասին, որ 1945թ. փետրվարի 4–11-ը Ղրիմի Յալթա ամառանոցային քաղաքում կայացած երեք մեծ տերությունների՝ ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի առաջին դեմքերի հանդիպումն ու կոնֆերանսն անվտանգ անցկացնելու գործում փոքր չէ հայերի ներդրումը, իմացա բոլորովին վերջերս, երբ, ծանոթանալով գործարար Վահագն Սահակյանի հետ, հյուրընկալվեցի նրա քեռու՝ Սարիբեկ Հովհաննիսյանի համեստ օջախում։ Մինչ այդ մենք զրուցում էինք արդեն երջանկահիշատակ, Թեհրանի կոնֆերանսում իրենց անունը փառքով պսակած հայորդիների՝ ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի, Թեհրանում ԽՍՀՄ ռեզիդենտուրայի ղեկավար, գեներալ-մայոր Իվան Աղայանցի մասին։ Որոշեցինք զանգահարել Գևորգ Վարդանյանի այրուն՝ աննկուն հետախույզ Գոհար Վարդանյանին, որի հետ ժամանակին հարցազրույց էի արել, ու մեր զորակցությունը հայտնել արիասիրտ այդ հայրենասեր կնոջը, ու այդ ժամանակ Վահագնը ասաց, որ իր քեռին ու նրա ընկերն էլ լուրջ ներդրում ունեն Յալթայի երկինքը խաղաղ պահելու, կոնֆերանսի մասնակիցների կյանքը փրկելու հարցում։ Իմ առաջարկը՝ հանդիպել նորերս գաղտնազերծված քեռու հետ, Վահագնը չմերժեց, ու րոպեներ անց մենք Սարիբեկ Հովհաննիսյանի օջախում էինք։

Ճակատագրի դառը բերումով, երբ Հովհաննիսյանն առողջ էր, իրավունք չուներ իր անցյալի մասին որևէ բան ասել, հրամայված էր լռել, իսկ երբ երկու տարի առաջ հայտնի կազմակերպությունից եկան ու իննսունի շեմին գտնվող ծերունուն ասացին, որ ինքը գաղտնազերծված է ու կարող է ազատ խոսել, արդեն խոսելու ունակությունը կորցրել էր... Ընտանիքի անդամները տեղյակ են նրա կյանքի մինչպատերազմյան և հետպատերազմյան հատվածին, պատերազմի տարիների իր գործունեության մասին Սարիբեկը լռել ու բազմանշանակ ժպտացել է միայն։ Պահպանված փաստաթղթերի, լուսանկարների մասին խոսք լինել չի կարող։ Նրա ողջ ծառայությունը կրում էր «Խիստ գաղտնի» պայմանանիշը (гриф) և ոչ մի փաստաթուղթ, լուսանկար չի ստեղծվել ու պահվել:  Եվ ես, ապավինելով  ՌԴ և ՀՀ անվտանգության ծառայությունների գաղտնազերծված արխիվներին, հարցուփորձերով, Հովհաննիսյանի դժվարությամբ արտաբերած «հա» ու «չէ»–ով աշխատում եմ վերարտադրել զարմանահրաշ այս մարդու կյանքի հետաքրքիր պատմությունը։

Ծնվել է 1923 թվականի հունիսի 22–ին, Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում, սովորել դպրոցում, գերվել նկարչությամբ։ Այսօր էլ նրա համեստ բնակարանի միակ «կահկարասին» իր նկարներն են։ Դպրոցն ավարտելուց հետո եկել է Երևան՝ նկարչական ուսումնարան ընդունվելու, սակայն պատերազմը խառնել է բոլոր ծրագրերը։ Վերադարձել է գյուղ, մտել զագսի վարիչի մոտ, խնդրել մեկ տարով «մեծացնել» իրեն, որպեսզի բանակ մեկնի։ Չեն մերժել, դիմում է գրել ու կամավոր ռազմաճակատ մեկնել։ Կռվել է Կուբանում, Ղրիմում։ Քանի որ կատարելապես տիրապետում էր Մորզեի այբուբենին, անգլիական արտադրության շարժական ռադիոկայան են տվել, նշանակել ռադիստ ու զգուշացրել՝ կամ կյանքդ, կամ ռադիոկայանը։ Մի անգամ Կուբանում, ռմբակոծության ժամանակ մարմնով պաշտպանել է ռադիոկայանը, կոնտուզիա ստացել ու... հայտնվել համակենտրոնացման ճամբարում։ Այստեղ հանդիպել է Նորայր Թոռլաքյան անուն–ազգանունով սոչեցի հայի, որը նույնպես ռադիստ էր։ (Երկար պրպտումներից հետո ինձ հաջողվեց պարզել, որ Նորայրը Հայոց մեծ եղեռնի կազմակերպիչներին պատժելու կոչված «Նեմեսիս» հայտնի գործողության հերոս, 1921թ. հուլիսի 21-ին Կոստանդնուպոլսում  Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար, Բաքվի հայերի դահիճ Բիհբութ Ջիվանշիր խանին շանսատակ արած ու Անգլիայի ռազմական դատարանի կողմից արդարացված Միսաք Թոռլաքյանի հորեղբորորդին էր։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Միսաքը համագործակցում էր Դրաստամատ Կանայանի հետ, և, հավանաբար, նրա խնդրանքով էլ վերջինս համակենտրոնացման ճամբարից հանել է Հովհաննիսյանին ու Թոռլաքյանին)։

Գերեվարվելով՝ երկու ընկեր պայմանավորվում են լռել ռադիստ լինելու մասին, քանի որ ֆաշիստները ռադիստներին  ևս հրեաների ու կոմունիստների նման առաջնահերթ էին գնդակահարում։ Սակայն, շատ չանցած, Թոռլաքյանին հարցաքննության ժամանակ ինչ–որ սպա համոզում է խոստովանել ռադիստ լինելը և կյանքը փրկելու համար համագործակցել գերմանացիների հետ։ Սարիբեկն ու Նորայրը սարսափով սպասում են իրենց վերջին։ Գերմանացի սպայի հագուստով միջահասակ սևահեր մի տղամարդ մտնում է ճամբար ու երկու ընկերների ազգանուններն ընթերցելով դուրս հրավիրում Հովհաննիսյանին ու Թոռլաքյանին։ Նրանք հրաժեշտ են տալիս ընկերներին, մտովի «մնաք բարով» ասում հարազատներին ու գնում դեպի անհայտություն։ Հանկարծ սպան բացում է բակում սպասող շքեղ մեքենայի դուռն ու հրավիրում տղաներին նստել, ինքն էլ նստում է վարորդի կողքին։ Հետո նա սկսում է հայերեն խոսել, հարցնում է ով որտեղից է, ու երբ իմանում է Սարիբեկի դդմաշենցի լինելը, չի թաքցնում ուրախությունն ու հարցնում է. «Իսկ դուք ճանաչո՞ւմ եք դդմաշենցի Սերոբին»։ Սարիբեկն ասում է, որ Սերոբն իր հորաքրոջ ամուսինն է։ Սա լսելով՝ անծանոթ սպան տեղից վեր է թռչում, փաթաթվում Սարիբեկին ու ասում. «Սերոբն իմ Աստվածն է, նա շուրջ երկու հարյուր հոգանոց իմ ջոկատը մեկ ամսից ավելի հյուրընկալել է իր և իր հարազատների տանը, կերակրել, պահել, ուրեմն դուք իմ հարազատներն եք, ձեր անվտանգության համար, ինչպես նաև մեր ժողովրդի ապագայի համար կանեք այն, ինչ կասեմ»։ Այնուհետև սպան տղաներին համոզում է իրենց մասնագիտությամբ ծառայել Գերմանիային, իր կարծիքով՝ նաև Հայաստանին։ Մի պահ տղաներն ընդդիմանում են, հետո Թոռլաքյանն աչքունքով հասկացնում է, որ համաձայնեն։ Հաջորդ օրն ստանում են համազգեստ, նոր, առավել կատարյալ ռադիոկայան ու անցնում գործի։

Անցյալ դարի քառասունական թվականների ինքնաթիռների թռիչքի կարևոր նախապայմանը եղանակի տեսությունն էր. դեռևս չկար «կույր թռիչք» հասկացությունը։ Առանց եղանակի ճշգրիտ տեսության ոչ մի ինքնաթիռ օդ չէր բարձրանում։ Յալթայի կոնֆերանսն սկսվելուց առաջ գերմանացիներն ակտիվորեն պատրաստվում էին իրագործել Թեհրանում չհաջողած գործողությունը՝ մի հարվածով վերացնել Ստալինին, Չերչիլին ու Ռուզվելտին։ Պատահական չէ, որ գերմանացիների կողմից գրավված խորհրդային մերձսևծովյա տարածքներում տեղակայվել էին մինչև ատամները զինված միավորումներ, հետախույզներ, ռազմական տեխնիկա, հարյուրավոր ռմբակոծիչներ։ Վերջիններիս թռիչքն ապահովելու համար, ինչպես ասվեց, պետք էր եղանակի ճշգրիտ տեսություն, որի ապահովումը դրված էր Հովհաննիսյանի ու Թոռլաքյանի վրա։ Եվ ահա, ողջ 1944 թվականի ընթացքում, 1945 թվականի առաջին օրերից սկսած՝ գերմանական հատուկենտ ինքնաթիռներ հայտնվեցին Ղրիմի երկնքում, իսկ փետրվարի 4–11–ը, երբ Յալթայում աշխատում էր երեք պետությունների համաժողովը, երկինքը լիովին խաղաղ էր, քանզի «եղանակը թռիչքային չէր»։ Իսկ Իոսիֆ Ստալինը, որին զեկուցել էին մեր հետախույզների կազմակերպած գործողությունների մասին, քթի տակ բազմանշանակ ժպտում էր, թափանցիկ ակնարկներով հասկացնում Ֆրանկլին Ռուզվելտին ու Ուինսթոն Չերչիլին, որ արևոտ այդ եղանակին գերմանական ինքնաթիռների չթռչելը մերձսևծովյան օդանավակայաններից, սովետական անվտանգության աչալուրջ ծառայությունների ձեռքի գործն է։ Մինչև գերմանացիները գլխի կընկնեին, թե ինչ էր պատահել եղանակի հետ, խորհրդային զորքերն ազատագրեցին Ղրիմն ու «գերմանացի» ռադիստները հայտնվեցին հայրենի հողում։

Հայտնի է, թե Խորհրդային Միությունում ինչպես էին վարվում գերի ընկած զինվորների, մանավանդ հատուկ ծառայությունների գործակալների հետ։ Նրանք, լավագույն դեպքում, մնացած կյանքն անցկացնում էին սիբիրյան ճամբարներում։ Եզակի դեպքերում, մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում էին միայն մարդիկ արդարացվում։ Այդ դեպքերից էր նաև մեր երկու հերոսների արդարացումը։ Մեջբերենք հայատյաց Լ.Բերիայի՝ արդեն հրապարակման ենթակա 1945թ. հունվարի 26–ի խիստ գաղտնի նամակը Ստալինին, որն էլ դարձավ երկու հայորդիներին ներում շնորհելու կարևորագույն հիմնավորում–փաստաթուղթը՝ իմ ազատ թարգմանությամբ.

«Սիմֆերոպոլ քաղաքի ազատագրումից հետո 1944թ. ապրիլի 13–ին 4–րդ Ուկրաինական ռազմաճակատի «Սմերշ» վարչություն մեղայականով ներկայացան գերմանական հետախուզության երկու գործակալ–ռադիստներ.

1. Հովհաննիսյան Սարիբեկ Կարապետի, 1922թ., Երևան քաղաքի բնակիչ, հայ, ՀամԼԿԵՄ նախկին անդամ, 89–րդ դիվիզիայի հրետանային գնդի նախկին կապավոր։ 1943 թվականին Կուբանում գերեվարվել է գերմանացիների կողմից, պահվել Սիմֆերոպոլի ռազմագերիների ճամբարում։ 1943 թվականին հավաքագրվել է գերմանական հետախուզության կողմից, ռադիստ–գործակալի հատուկ դասընթացներ անցել հետախուզության դպրոցում։

2. Թոռլաքյան Նորայր Գարեգինի, 1917թ., Սոչիի քաղաքացի, հայ, ՀամԼԿԵՄ նախկին անդամ, 442–րդ հրաձգային գնդի նախկին կարմիրբանակային։ 1941 թվականի հոկտեմբերին գերի է ընկել, պահվել Ջանկոյ քաղաքի ռազմագերիների ճամբարում, հավաքագրվել է գերմանական հետախուզության կողմից, ռադիստ–գործակալի հատուկ դասընթացներ անցել հետախուզության դպրոցում։

Հովհաննիսյանն ու Թոռլաքյանը պատմեցին, որ Սիմֆերոպոլը թողնելուց հետո գերմանացիները նրանց թողել են այստեղ՝ Կարմիր բանակի թիկունքում աշխատելու համար։ Նրանց վկայությամբ, իրենց հետ թողնվել են նաև 4 հայ... Հանձնարարությունները կատարելու համար խումբը համալրվել է դյուրատար կարճալիք 4 ռադիոկայաններով, 240000 սովետական ռուբլով, սննդամթերքով, անձնական զենքով և կեղծ փաստաթղթերով։ Թշնամուն ապատեղեկատվություն տալու, հետախուզության ռադիոալիքները որսալու և մերոնց տրամադրելու նպատակով մեր հետախույզներն «աշխատել» են Հովհաննիսյանի ու Թոռլաքյանի հետ և սկսել «ռադիոխաղեր» կազմակերպել թշնամու հետ։ Սկզբում ռադիոխաղի մեջ ներգրավվել է Հովհաննիսյանի, իսկ 1944–ի հուլիսից՝ Թոռլաքյանի ռադիոկայանը։ Կապավորներ Հովհաննիսյանն ու Թոռլաքյանը ազատության մեջ են գտնվում 4–րդ Ուկրաինական ռազմաճակատի «Սմերշ» օպերատիվ աշխատողների և Մերձսևծովյան առանձին բանակի հատուկ նշանակության աշխատակիցների շուրջօրյա հսկողության տակ, ռադիոսարքերից չեն օգտվում և կապի բոլոր սեանսներն ընթանում են մեր ռադիոմասնագետների հսկողության տակ, որով բացառվում է նշված անձանց եթեր դուրս գալը։ Այս ընթացքում թշնամուն երկու ռադիոկայանների կողմից հաղորդվել է 40 ապատեղեկատվական ռադիոգրամմա։ Ռադիոգրամմայի տեքստերը հաստատվել են Կարմիր բանակի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ–գնդապետ ընկ. Կուզնեցովի կողմից։ Միաժամանակ գերմանական հետախուզության առջև դրվեց Թոռլաքյանի մտացածին կապը իբրև սարերում թաքնվող ութ հոգանոց բանդայի խմբի հետ, որոնց վնասազերծելու համար պահանջվեցին լրացուցիչ ուժեր։ Նոր գործակալներ ուղարկելուն գերմանացիները համաձայնեցին, բայց, նկատի ունենալով հեռավորությունը, 1944 թվականի հոկտեմբերի 15–ին առաջարկեցին խմբին տեղափոխվել Ուկրաինա, ինչի համար խմբից համապատասխան փաստաթղթերով ու պայմանանշանով կապավոր պահանջեցին տեղափոխումն իրականացնելու համար։ 1944 թվականի դեկտեմբերի 23–ին պայմանավորված վայրում հակառակորդը պարաշյուտով իջեցրեց գերմանական հետախուզության գործակալ Խակիմ Գալիևիչ Շակիրզյանովին՝ 1908թ. ծնված, թաթար, հանձնարարելով նրան կապվել խմբի հետ և հանձնել 527180 ռուբլի, զանազան կեղծ փաստաթղթեր, զինվորական մասերի կնիքներ ու շտամպներ, համազգեստ, ռադիոկայանների ակումուլյատորներ։ Ձերբակալված Շակիրզյանովը պատմեց, որ գերմանական հետախուզության կողմից հրամայված է ռադիստների հետ վերախմբավորվել Պրիպյատ գետի շրջանում։ 1945թ. հունվարի 21–ին հերթական սեանսի ժամանակ թշնամին հաղորդեց հետևյալ ռադիոգրամմաները.

1. «Պատասխանեք, կարո՞ղ է ձեզանից որևէ մեկը ճեղքել Ուկրաինական 2–րդ կամ 3–րդ ռազմաճակատների գիծն ու հասնել մեզ։ Ի՞նչ նորություն կա Ղրիմում»։

2. «Ամեն օր մեզ հաղորդեք եղանակի տեսություն՝ ջերմաստիճանը, քամու արագությունն ու ուղղությունը, ամպամածությունը՝ քառորդ, կես, երեք քառորդ, լրիվ ձևաչափերով, արևը, ձյունը, ամպամածությունը և այլն։ Ողջույն»։

Նկատի ունենալով այն, որ հակառակորդը խմբին հանձնարարել է տեղափոխվել Պրիպյատ գետի շրջան, Ղրիմի եղանակի մասին հարցումն ուշադրության արժանի է։ Անհրաժեշտ է նշել, որ եղանակի մասին այսպիսի տվյալներ հակառակորդը պահանջում է նաև ռադիոխաղի մեջ ներգրավված այլ ռադիոկայաններից։ Այնուամենայնիվ, ստուգման համար, թե արդյոք հակառակորդն այս պահին հատուկ ուշադրություն չի դարձնում Ղրիմին, անհրաժեշտ եմ գտնում, որպեսզի «Սմերշ» գլխավոր վարչությունը կապի հերթական սեանսում գերմանացիներին ուղարկի հետևյալ ռադիոգրամման.

«Ձեզ մոտ գալիս է Աստադուրյանը՝ մեր թաթարի հետ։ Ասացեք ինչպե՞ս ճիշտ հասնել Ձեզ։ Բացի այդ, շտապ հաղորդեք ինչպես Ձեզ հասնեն մյուսները»։

Եթե հակառակորդը, իրոք, հատուկ ուշադրություն է դարձնում Ղրիմի վրա, ապա խմբին կհանձնարարի մնալ տեղում ու կոնկրետ հանձնարարություն կտա, ինչը հնարավորություն կընձեռի պարզել գերմանացիների նպատակներն ու գործողությունների ծրագիրը։

Հետագա իրադարձությունների մասին կզեկուցվի Ձեզ։

           ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Լ.Բերիա (ստորագրություն, կնիք)։

 

Ընդարձակ մեջբերման համար հայցելով ընթերցողի ներողամտությունը՝ ասեմ, որ դա ինքնանպատակ չէր։ Ուրիշ այլ հավաստի փաստաթուղթ այս պատմության մասին, հասկանալի պատճառներով, չի պահպանվել։ Բացի այդ, քանի մեծանում է հեռավորությունը պատերազմից, ի հայտ են գալիս բազմաթիվ «Լեյտենանտ Շմիդտի զավակներ»՝ իրենց «հզոր» ուսերին տանելով ողջ պատերազմը։ Իրական հերոսները միշտ էլ ստվերում են մնում՝ մանավանդ հատուկ ծառայությունների գործակալները, որոնք քիչ են խոսում՝ ի տարբերություն ոչինչ չարած շատախոսների։ Հասկանալի է, որ մեր հերոսին էլ խորհրդային հատուկ ծառայությունները չէին հավատա, եթե բազմակողմանի ստուգման չենթարկեին, հազար անգամ չգցեին–բռնեին, լիովին ու անվերապահորեն չհամոզվեին, որ նա ու իր ընկերը ընդմիշտ, թե՛ այստեղ և թե՛ գերության մեջ անմնացորդ ծառայել են իրենց մեծ հայրենիքին։ Իսկ թե ով էր գերմանական համակենտրոնացման ճամբարից իրենց փրկողը, Հովհաննիսյանն իմացել է տարիներ անց՝ «գերմանացի» սպային հար և նման մի նկարի տակ կարդալով Դրաստամատ Կանայանի (Դրո) անունը: Հետո տարեց համագյուղացիները պատմել են, որ, իրոք, 1921 թվականի փետրվարին Դրոն իր ջոկատով շուրջ մեկ ամիս հյուրընկալվել է Դդմաշենում։ Հասկանալի է, որ այդ մասին Նորայր Թոռլաքյանն իմացել է, բայց գաղտնապահությունն այնքան էր կարևորվում, որ մտերիմ ընկերոջը նույնիսկ չեն վստահել...

 

Սարիբեկ Հովհաննիսյանն այսօր իր կյանքի մայրամուտն է ապրում մոռացության մեջ։ Նրան՝ 2–րդ խմբի հաշմանդամին, համապատասխան բուժում չեն տրամադրում՝ պատճառաբանելով, թե ծեր է։ Իսկ հունիսի 22–ին իննսունը բոլորած հայրենասեր հայորդու առողջ դեմքը հուշում է, որ նա դեռ ապրելու ներուժ ունի, կապրի, եթե հոգին խաղաղ լինի, ըստ արժանվույն գնահատվի իր վաստակը։ Նա ոչինչ չի ուզում, չի բողոքում, պահանջատեր չէ, ապրում է աշխարհից գոհ ու շնորհակալ՝ նույն լռությամբ ու համեստությամբ։ Ժամանակն է, որ այսպիսի մարդկանց մասին իմանան մեր հայրենակիցները։ Նրանք արդեն խոսելու ու պատմելու իրավունք ունեն, չնայած նրանց կատարածն արդեն մարդկության սեփականությունն է...

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am